Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դ. ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

 

Ինչ իրաւունքներ որ ունէին Ե, Զ դարերից սկսած պատրիարքները, նոյն իրաւունքները արդէն յատկացրել էին Դ դարու սկզբից հայոց կաթուղիկոսներին Լուսաւորչից սկսած: Հայոց եկեղեցու վարչական ձեւը շատ նման էր Եգիպտոսի եկեղեցու կառավարութեան, դեռ շատ առաջ պատրիարքութեան հաստատութիւնից, Աղեքսանդրիայի արքեպիսկոպոսը ունէր պատրիարքական իրաւունք, նա միակ ձեռնադրում էր առանց եպիսկոպոսների մասնակցութեան թէ մետրոպոլիտ, թէ եպիսկոպոս, այն ինչ նոյն ժամանակում մետրոպոլիտ ձեռնադրում էին մի քանի եպիսկոպոսներ, նրանք ինքեանք դատում եւ մինչեւ իսկ ձեռնադրում էին եպիսկոպոսներ եւ պատժում (260-ին` Դիոնեսիոսը եւ 304-ին` Պետրոսը). համարեա նոյն ձեւով եկեղեցու կառավարութիւն մտաւ 300 թուից եւ հայոց մէջ: Հէնց սկզբից հայոց կաթուղիկոսը ոչ միայն ձեռնադրում էր եպիսկոպոսներ առաջնորդութեան համար, այլ եւ վրաց եւ Աղուանից կաթուղիկոսներին, նոյն իսկ Լուսաւորիչ իւր ժառանգին հայոց կաթուղիկոս ձեռնադրեց: Թէ ի՞նչպէս էր լինում կաթուղիկոսի ընտրութիւնը եւ ձեռնադրութիւնը` փորձենք տեսնել:

 

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ

 

Առաջին կաթուղիկոսի՝ այն է Գրիգոր Լուսաւորչի թէ ընտրութեան եւ թէ ձեռնադրութեան համար ունենք լիուլի տեղեկութիւն՝ Ագաթանգեղոսի պատմութեան մէջ յիշուած: Լուսաւորչին հոգեւոր պետ ընտրելու համար Տրդատ հրամայեց բոլոր դասակարգի անձանց կանչել ժողովի. «Իսկ թագաւորն Տրդատիոս հանդերձ միաբանութեամբ կնաւ իւրով Աշխէն տիկնաւ, եւ քերբ Խոսրովի դխտով, հրաման ետ ի ժողով կոչել միաբանութեամբ ամենայն զօրաց իւրոց: Եւ վաղվաղակի հաստնէին ի ժամադիրն ի կողմաց ըստ հրամանին՝ յԱյրարատ գաւառ ի Վաղարշապատ քաղաքն: Քանզի եւ թագաւորն չու արարեալ անդր հասանէր: Եւ կուտեցան զօրքն ամենայն եւ մեծամեծք եւ կուսակալք, գաւառակալք, պատուաւորք, պատուականք, զօրավարք, պետք եւ իշխանք, նախարարք եւ ազատք, դատաւորք եւ զօրագլուխք, հասեալ կային առաջի թագաւորին... Եկայք, ասէ (թագաւորն) ճեպեսցուք՝ զայս զառաջնորդ կենաց մերոց տուեալ մեզ յԱստուծոյ զԳրիգոր՝ հովիւ կացուցանել» (Ագաթ., ՃԺԱ): Թէ ինչո՞ւ Գրիգորին ուղարկեցին Կեսարիա եւ ո՛չ ուրիշ տեղ. օրինակ` Եդեսիա, թէեւ Արտազում էլ ըստ աւանդութեան եպիսկոպոս կար, բայց իսկապէս կա՞ր, թէ՞ ոչ, յայտնի չէ, բայց Եդեսիան յայտնի աթոռ էր, մեծ դպրոց ունէր, հայ պատանիներ շատ էին ուղարկւում այնտեղ սովորելու, մինչեւ իսկ Փարպեցին այդ մասին յիշում է, պատճառն այն էր` առաջին, որ Գրիգորը ընտանիքով ապրում էր Կեսարիայում, 2) կրթութիւնը ստացել էր այնտեղ եւ 3) գուցէ թէ իբրեւ Կեսարիայի ծխական-ժառանգաւոր իրաւունք չունենար ուրիշ թեմակալից ձեռնադրութիւն ստանալ, մանաւանդ որ Կեսարիայի թեմը՝ որ կոչւում էր նոյնպէս Պոնտոսի թեմ, Նէոկեսարիայի արքեպիսկոպոսութիւն, իբրեւ յունական աթոռ մեծ անուն ունենար, քան Եդեսիայինը: Գրիգոր գնում է հասնում Կեսարիա եւ ձեռնադրւում է եպիսկոպոս-կաթուղիկոս հայոց. այն ժամանակ օծման կարգը դեռ եւս մտած չէր երեւում, ինչպէս երեւում է պատմագրի խօսքից. «Եւ եղեալ ժողով բազում եպիսկոպոսաց ի քաղաքն Կեսարացւոց՝ զի ձեռնադրեսցեն զսուրբն  Գրիգորիս... սրբով Աւետարանաւն եդին ի  վերայ զձեռս ժողովք եպիսկոպոսացն սրբոց եւ գլխաւորն Ղեւոնդիոս, զի նա առցէ իշխանութիւն յերկինս եւ յերկրի, առեալ զփականս արքայութեան երկնից»: Ձեռնադրութեան գլխի մէջ էլ ասուեցաւ, որ եպիսկոպոսի, քահանայի նախնական ձեռնադրութիւնը լինում էր մի այլ Աւետարանով, աղօթքով եւ ձեռքը գլխին դնելով: Նշանաւոր է Ղեւոնդիոսի տուած թուղթը, որի մէջ Գրիգորի եպիսկոպոսութիւնը համարում է «նորոգեալ քահանայապետութիւն ձերոյդ նահանգիդ», այս ձեւով «եւ հաստատեալ կացցէ վկայութիւն ի մէջ երկուց կողմանցս, զի պարգեւաբաշխութիւն նորոգեալ քահանայապետութեանդ ձերոյդ նահանգիդ, առ ի մէնջ կացցէ անշարժ՝ յեկեղեցոց Կեսարու»... որ նշանակում է, թէ արդէն Թադէոսով եւ Բարդուղիմէոսով Հայաստանը քահանայապետութիւն է ստացել, իսկ այժմ Կեսարիայի ձեռնադրութեամբ նորոգւում է այդ քահանայապետութիւնը (տե՛ս «Նախալուսաւորչեան եկեղեցի» գլուխը): Տրդատի հաստատած ձեւը, համազգային կաթուղիկոսական ընտրութիւնը շարունակուեց նրանից յետոյ էլ. Բիւզանդ, պատմելով Տիրանի ժամանակ Յուսիկի ընտրութեան մասին, ասում է. «Յայնժամ խորհուրդ արարեալ թագաւորին եւ իշխանացն, եւ համօրէն իսկ աշխարհին, թէ զո՞ արժանի այնմ իմիք գտանիցին». Շահակի ընտրութեան ժամանակ. «Ապա յայնմ ժամանակի միաբան խորհեցան աշխարհօրէն խորհուրդ եթէ ում պարտ իցէ զհայրապետութեանն զկաթուղիկոսութիւնն ունել»: Ներսէս Մեծի ընտրութիւնը այսպէս է նկարագրում Բիւզանդ, (57 երես). «Ապա ի մի ժողով կուտեցան առ արքայն Արշակ մեծամեծ նահապետք ազգաց ազգաց, տոհմաց տոհմաց, գնդից եւ դրօշուց տեարք, ամենայն սատրապք, նախարարք եւ ազատք, պետք եւ իշխանք, զօրավարք եւ սահմանապահք, ի մի հաւանութիւն միաբանական խորհուրդք, զի եկեսցեն տեսցեն թէ ո՞ւմ արժան իցէ նստել յաթոռ հայրապետութեան»: Եւ ընդհակառակն Արշակ երբ բարկացած հրամայեց բոլոր եպիսկոպոսներին ժողով կազմել Չոնակին կաթուղիկոս ձեռնադրելու, ոչ ոք չեկաւ, բացի երկու ստրուկ եպիսկոպոսից: Ե դարում ընտրութիւնը լինում էր նոյն կարգաւ. Սեբէոս ասում է Աբրահամ Ռշտունեաց եպիսկոպոսի ընտրութեան եւ ձեռնադրութեան մասին. Սմբատ մարզպան «փութացաւ խնդրել յարքայէն հրաման եւ հասեալ հրաման յերկիր իւր, առնէ խնդիր վասն աթոռոյն մեծի, զի կարգեսցեն ի վերայ նորա տեսուչ խնամող եկեղեցւոյն եւ առաջնորդ փրկութեան իւրոյ, եւ նստուցին զԱբրահամ զՌշտունեաց եպիսկոպոսն յաթոռ հայրապետութեան». Ուխտանէս 60 երեսում ընտրութեան համար այսպէս է գրում. «Գրէ Սմբատ վրկան մարզպան հրովարտակ հանդերձ իշխանօք աշխարհին եւ նախարարօք Հայոց՝ գալ ժողովել... ի Դուին. իսկ իբրեւ եկին ժողովեցան առհասարակ ամենեքեան՝ եպիսկոպոսք եւ վանաց երիցունք եւ գեղջ քահանայք եւ իշխանք եւ շինականք... »: Վարազտիրոց մարզպանը «իբրեւ եկն ի հայս... խորհուրդ առնէր ընդ ամենեցուն տեսանել զոմն արժանաւոր: Յայնժամ առաջադրութեամբ Թէոդոսի Ռշտունեաց տեառն, ընտրեցին զորն անապատական՝ որուն անունն էր Քրիստափօր» (Սեբէոս, 64, 65 երես): 9-րդ դարում ընտրութեան ձեւի համար գրում է Յովհաննէս պատմաբանը Մաշտոցի կաթուղիկոսութեան վերաբերմամբ այսպէս. «Ընդ որ հաճեալ հաւանեալ թագաւորն եւ գահամեծար իշխանքն եւ պատուական արք աղարտք ընդ գեղեցկայարմար խորհրդական գնացս նորա՝ կացուցին զնա յաթոռ Ս. Լուսաւորչին Գրիգորի» (Յով., 100 երես):

 

Ստեփաննոս Օրբելեան, պատմելով Վահան Սիւնեաց եպիսկոպոսի կաթուղիկոսական ձեռնադրութիւնը տասներորդ դարու վերջին (968 թ. ), ասում է. «Ապա ամենայն ժողովն ընտրեալ զՎահան վասն առաւել սրբութեանն եւ իմաստութեանն՝ դնեն ձեռն ի վերայ բազմութիւն եպիսկոպոսաց եւ օծանին զնա կաթուղիկոս հայոց» (211 երես):

 

Կաթուղիկոսական ընտրութեան այդ ձեւը յարատեւեց մինչեւ այժմ եւ մտաւ ռուսաց, տաճկաց պետական օրէնքների մէջ 1836-ի եւ 1861-ի սահմանադրութեանց մէջ (տե՛ս Ա գիրք, 472, 507-509, 530-531 երես):

 

Արդեօ՞ք կաթուղիկոսական առանձին ձեռնադրութիւն բացի եպիսկոպոսականից կա՞ր առաջուց հէնց Լուսաւորչից սկսած, թէ յետոյ մտաւ այդ սովորութիւնը, նոյնպէս եւ օծումն սկզբից կա՞ր, թէ՞ յետոյ սկսուեց գործածութեան մէջ մտնել:

 

Լուսաւորչի ժամանակ եպիսկոպոսական ձեռնադրութիւն էր միմիայն, ձեռնադրուած  եպիսկոպոսը   կաթուղիկոս-եպիսկոպոսապետ   ընտրուելիս չէր ձեռնադրւում երրորդ անգամ, այլ ստանում էր այն բոլոր իրաւունքները եւ արտօնութիւնները, որոնք յատկացւում էին այդ բարձր աստիճանին: Ագաթանգեղոսը ՃԻԴ գլխում ասում է, որ Տրդատ իշխաններով խնդրեցին Լուսաւորչից ձեռնադրել որդուն իւր փոխարէն կաթուղիկոս. «զՌստակէս, զոր ձեռնադրեաց յեպիսկոպոսութիւն փոխանակ իւր... եւ յետ նորա կալաւ զտեղի հայրենեացն, անդէն նստաւ յաթոռ կաթուղիկոսութեանն Հայոց»: Մինչեւ եօթներորդ դարու սկիզբը այդ դրութիւնը թէ շարունակուել է, թէ չէ, տեղեկութիւն չունենք, միայն Սեբէոս, որ Է դարու պատմիչ է, Ռշտունեաց Աբրահամ եպիսկոպոսի ընտրութեան մասին ասում է` 607-615 թուականներում, որ Ռշտունեաց Աբրահամ եպիսկոպոսին ընտրեցին կաթուղիկոս, բայց ձեռնադրութիւն կաթուղիկոսական ձեռնադրութեամբ, թէ ոչ, անորոշ է. Սմբատ մարզպան «փութացաւ խնդրել յարքայէն հրաման եւ հասեալ հրաման յերկիր իւր, առնէ խնդիր վասն աթոռոյն մեծի, զի կարգեսցեն ի վերայ նորա տեսուչ խնամակալ եկեղեցւոյն եւ առաջնորդ փրկութեան իւրոյ: ... Եւ նստուցին  զԱբրահամ զՌշտունեաց  եպիսկոպոս   յաթոռ   հայրապետութեան» (102 երես): Նոյն Սեբէոս Ներսէս Շինողի ընտրութեան համար ասում է. «Մինչեւ եհաս յեպիսկոպոսութիւն աշխարհին, եւ անտի կոչեցաւ յաթոռ կաթուղիկոսութեան»: Իսկ Ուխտանէս, որ Ժ դարու պատմիչ է, պատմում է Աբրահամի ընտրութիւնը եւ պարզ ասում է, որ եպիսկոպոսները ձեռնադրեցին Ռշտունեաց Աբրահամ եպիսկոպոսին հայոց կաթուղիկոս. «Եւ ձեռնադրեցին զկնի սրբոյ Զատկին յաւուր կիւրակէի՝ յելս ամսոյն նաւասարդի... Եւ Մանասէ եպիսկոպոս, եւ Քրիստափօր եպիսկոպոս, այլ եպիսկոպոսօք  հանդերձ  ձեռնադրեցին  զԱբրահամ  մեծաւ  թախանձանօք եւ  բազում աղաչանօք... » (60 երես):

Մովսէս Կաղանկատուացին՝ Է. դարու պատմիչը, նոյնպէս վկայում է, որ Աբրահամ եպիսկոպոսը ձեռնադրուեց կաթուղիկոս. «Եբարձ նզովիւք զժողովն Քաղկեդոնի եւ ապա ձեռնադրեցաւ» (213 երես): Որովհետեւ Աբրահամ եպիսկոպոսը կաթուղիկոսութիւն արաւ 607-615 թուականներին, ուստի եւ մենք ուշադրութիւն պիտի ընծայենք նոյն դարու պատմիչներ Սեբէոսին եւ Մովսէսին, քան յետնորդ դարերի պատմիչներին: Ժամանակակից պատմիչներից Սեբէոսը անորոշ է խօսում ձեռնադրութեան մասին, իսկ Մովսէսը որոշ ասում է, որ եպիսկոպոսին ձեռնադրեցին կաթուղիկոս. իսկ Ուխտանէսը պատմում է մինչեւ անգամ, որ շատ եպիսկոպոսներ ձեռնադրեցին միասին Աբրահամին կաթուղիկոս: Այժմ ի՞նչ եզրակացութեան գանք, ընդունե՞նք, որ եօթներորդ դարու սկզբին արդէն հայոց մէջ մտած էր երրորդ ձեռնադրութիւն, այն է` կաթուղիկոսական, թէ՞ ո՛չ. այս հարցը աւելի կանոնական գուցէ համարուի, քան իրաւաբանական եւ այդ հիմամբ ո՛չ շատ ուշադրութեան արժանի, քանի որ եպիսկոպոսը կաթուղիկոս դառնալուց յետոյ, լինէր նորից ձեռնադրուած, կամ չձեռնադրուած, ինչպէս Լուսաւորչից սկսած շատերը, միեւնոյն իրաւունքներն էին վայելում իբրեւ կաթուղիկոս երկրի մէջ, բայց որովհետեւ Ե, Զ դարերում սկսուեց վէճ պատրիարքական իրաւունքների եւ 9 դասակարգութեան վերաբերմամբ, մեծ իրաւունքներ յատկացնելով աւագ աթոռներին եւ ստորադրուած դրութիւն ստեղծելով միւս աթոռների համար, ինչպէս եւ հայոց, հայոց նուիրապետները անկախ եկեղեցի հրատարակելով հայոցը, սկիզբը համարելով ո՛չ Լուսաւորիչ միայն, այլ եւ Թադէոս, եւ Բարդուղիմէոս, եւ 9 դասակարգը մտցնելով Հայոց եկեղեցու մէջ, կաթուղիկոսին համարելով համապատիւ «տիեզերական» Պօլսոյ պատրիարքին, երկրորդ դասը համարելով վրաց եւ Աղուանից կաթուղիկոսներին իբրեւ արքեպիսկոպոսներ եւ այլն, եւ այլն. մնացած դասերն էլ լրացնելով, կամեցան մրցել ընդհանուր եկեղեցու մէջ առաջացած նոր նուիրապետական աստիճանի հետ, այն է` պատրիարքութեան, եւ մտցրին այդ նպատակաւ ըստ Հին Ուխտի քահանայապետական ձեռնադրութեան՝ նոր կաթուղիկոսական ձեռնադրութիւն լիակատար իրաւունքներով: Եւ Աբրահամի ձեռնադրութիւնը ժամանակակից է այդ վէճերին, ուստի եւ դժուար չէ պնդել, որ Մովսէսի վկայութիւնը, նոյնպէս եւ Ուխտանէսինը հաւաստի է, եւ կաթուղիկոսական ձեռնադրութիւնը մտած պիտի լինի եթէ ոչ 600 թուից առաջ, գոնէ այդ ժամանակներում:

Արդէօք ձեռնադրութեան հետ կաթուղիկոսական օծումը կա՞ր, թէ՞ այդ օծումը յետոյ մտաւ սովորութեան մէջ:

Օծման սովորութիւնը կար ոչ միայն հրէաների, այլ եւ կռապաշտ ազգերի մէջ: Եգիպտոսի փարաւոնների գլխին թագ դնելիս քրմապետները իւղ (պսպռ) էին ածում գլխին: Պարսից թագաւորները կարդում էին տաճարում եւ սուրբ ջրով լուացւում: Հրէից մէջ յայտնի է Դաւթի օծումը (Սաղմոս): Քրիստոնէութիւնը մտնելուց յետոյ Լեւոն Մեծը 457-ին պսակուեց թագով. Անաստասը 491-ին պսակուեց թագաւոր պատրիարքի ձեռքով: Օծման կարգի սկիզբը անյայտ է եւ անորոշ. ենթադրւում է, որ Յուստինոս Մեծը հրատ. -ում՝ Թէոդորոս Մեծ Խմբ. ) օծուեց 518-ին. Յովհաննէս պատրիարքը գրում է Որմիզդէս (Հորմիսդաս) պապին, որ նա իջեցրեց շնորհաց եղջիւրը Յուստինիանոսի գլխին, որ Աստծոյ ողորմութիւնը իջնի նրա վրայ. Ժ դարում այդ մասին վկայութիւններ կային: («հՑՐՈվվՌՍ», 1883 չ., 184 եր. ):

Արդեօ՞ք կայսերական օծման հետ միասին մտաւ ձեռնադրութեան մէջ օծման կարգը, կամ թէ առաջ, կամ յետոյ կա՞ր արդեօք այդ սովորութիւնը: Այդ խնդիրը անորոշ է, մենք ունենք հատու կտոր տեղեկութիւններ այդ մասին: Ստեփանոս Օրբելեանը պատմում է Վահան կաթուղիկոսի ձեռնադրութիւնը եւ յիշում է, որ օծեցին նրան կաթուղիկոս (968 թուից 969 թիւը). «Եւ թագաւորն Աշոտ՝ որդի Սմբատայ, առնէ ժողով եպիսկոպոսաց եւ հարց սրբոց ի թագաւորանիստն զՇրակավան, կոչէ եւ զՎահան ի Սիւնեաց եւ հրամայէ ընտրել զմի ոք յեպիսկոպոսացն եւ կացուցանել յաթոռ հայրապետութեան Հայոց: Ապա ամենայն ժողովոյն ընտրեալ զՎահան վասն առաւել սրբութեանն եւ իմաստութեանն՝ դնեն ձեռն ի վերայ բազմութիւն եպիսկոպոսացն եւ օծանեն զնա կաթուղիկոս հայոց» (211 երես): Յովհաննէս պատմաբանը (899-931) պատմում է Բագրատունեաց առաջին թագաւորի օծումն Գէորգ կաթուղիկոսի ձեռամբ 858 թուականներին. «Կոչեցաւ ապա եւ անդ մեծ հայրապետն Գէորգ եւ զհոգեւոր օրհնութեանցն գովութիւնս աստուածայինս ի վերայ կատարեալ փոխանակ օծման սրուակի իւղոյն՝ պսակեն զնա թագաւոր ի վերայ Ասքանազեան ազգին»:

Ալիշան՝ Շնորհալու վրայ խօսելով ասում է, որ ձեռնադրութեան ժամանակ օծումը մտցնելու կարգը արաւ Շնորհալին կամ իւր եղբայրը. «Շնորհալւոյ ինքներին կամ իր եղբօր հաւանութեամբ ըրած գլխաւոր նորութիւնն էր ձեռնադրութեանց մէջ միւռոնիւ օծումն ալ մտցնել ... եւ թուի թէ դեռ չէր տարածուած նոր սովորութիւնն, կամ չէր լսուած ի լատինաց» (452 երես): Նոյն գրքի 184 երեսում ասում է, որ Մխիթար կաթուղիկոսը 1343-ին Պապի անունով գրած նամակում յիշում է, որ իրանից 200 տարի առաջ «հայք ընդունեցան ի լատինաց ձեռնադրութեան նոր կարգը, եւ ուրիշ մա՛լ աւելի որոշակի, թէ եպիսկոպոսի եւ քահանայի օծումը, զոր Հայք չունէին՝ յունաց պէս, ընդունեցին ի լատինաց Ներսիսի Կլայեցւոց ատեն»:

Ըստ Ալիշանի` ձեռնադրութեամբ օծումն սկսուել է հայոց մէջ Շնորհալու ժամանակից, այն է` 1166-1173 թուականներին, կամ ըստ նոյն անձի վկայութեան, ինչպէս երեւում է իբր թէ Մխիթար կաթուղիկոսի նամակից, 1143 թուին. եթէ հաւատանք Օրբելեանին, Վահան կաթուղիկոսը օծուեց 968 թուին, որ ասել է թէ` օծման կարգը արդէն կար Ալիշանի ենթադրածից 200 տարի առաջ Հայոց եկեղեցու մէջ, իսկ եթէ մի քիչ ազատ ենթադրութիւն անենք, պիտի ասենք, որ հայոց կաթուղիկոսների օծումն սկսուել է Բագրատունեաց թագաւորների օծման հետ միասին, քանի որ թագաւոր եւ կաթուղիկոս համարւում էին համապատիւ եւ օծման արարողութիւնը` հետեւումն Հին Ուխտի քահանայապետի եւ Դաւթի օծումներին, առաջի թագաւորական օծումն եղաւ հայոց մէջ 885 թուին` ըստ օրինակի յունաց կայսերաց, որին եւ հետեւեց հայոց կաթուղիկոսների օծումը:

 

ԿԱԹՈՒՂԻԿՈՍԱԿԱՆ ՊԱՐՏՔ ԵՒ ԻՐԱՒՈՒՆՔ

 

Լուսաւորչից սկսած կաթուղիկոսական գահը մեծ պատուի եւ յարգանքի մէջ էր մինչեւ ս. Սահակ, յետոյ թէեւ իւր դիրքը պահում էր եւ մեծ նշանակութիւն ունէր, բայց չէր կարող ուժի, ազդեցութեան եւ եկեղեցական նշանակութեան կողմից հաւասարուել նախկին շրջանին: Առաջին՝ նրա համար, որ կաթուղիկոսական իշխանութիւնը շարունակութիւն էր քրմապետութեան, որը մեծ նշանակութիւն ունէր կռապաշտական շրջանում, քրմապետները ընտրւում էին թագաւորական ցեղից, Վահեվահեան տոհմից եւ թագաւորի հետ համապատիւ էին: Երկրորդ՝ Լուսաւորչի տոհմը իբրեւ պարթեւական ցեղ, ազգակից էին հայոց թագաւորական տան եւ մինչեւ իսկ խնամութիւն էին անում թագաւորական տան հետ. «Ետ արքայորդին Տիրան զդուստր իւր կնութիւն Յուսկանն որդւոյ Վրթանիսի» (Բիւզ., 10 երես): Այս երկու պայմանները Սահակից յետոյ չկային, Հայաստանի բնիկ թագաւորութիւնը վերջացաւ եւ աստանդական կաթուղիկոսական գահը իւր մեծ ոյժը գործադրելու միջոցներ չունէր: Նախկին շրջանում, Տրդատի օրերից սկսած, կաթուղիկոսացու անձանց ուղարկում էին Կեսարիա ամենամեծ փառքով, ուղեկցութեամբ բոլոր մեծ իշխանների, արքունական ոսկիապատ կառքում նստած. «Եւ հանէին զԳրիգոր յոսկիապատ կառսն արքունեկան՝ սպիտակաձիգ ջորոյն» (Ագաթ., ՃԺԳ), «զի նստուսցեն զերանելին Յուսիկ յարքունական կառսն» (Բիւզ., 26): Կաթուղիկոսները յետ դառնալիս Կեսարիայից, թագաւորները բոլոր նախարարների հետ գնում էին ընդ առաջ. «Ապա իբրեւ լուաւ ինքն արքայն, ընդ առաջ ելանէր նմա ի դաշտն յայն կոյս գետոյն Տափերն կամրջի, ամենայն բանակօքն բազմութեամբք... » (Բիւզ., 26): Այս շրջանի համարեա բոլոր կաթուղիկոսները բառի բուն նշանակութեամբ Քրիստոսի փոխանորդներ էին, անվախ եւ աներկիւղ քարոզիչ, պաշտպան ընտանեկան սրբութեան, խիստ յանդիմանիչ թագաւորի եւ նախարարաց անառակ կեանքի, լկտի վարմանց եւ մինչեւ իսկ անառակ թագաւորին արգելող եկեղեցի մտնելու: «Զի թէպէտ աւուրբք մանուկ էր (Յուսիկ), այլ զաւագութիւն ծերութեան խրատուն յինքեան ցուցանէր, զհայրենի գործ խրատուականն զառաւելութիւն քաջութեան կատարէր», իսկ երբ խիստ յանդիմանութիւններ ստանալուց յետոյ՝ Տիրան թագաւորը շարունակեց անառակ կեանքը, Յուսիկ կաթուղիկոսը եկեղեցու դուռը կտրեց եւ չթողեց թագաւորին ներս մտնել. «Չես արժանի, հի՞մ գաս, մի՛ գար ի ներքս» (Բիւզ., 28):

 

Կաթուղիկոսները սկզբից հէնց ձեռք բերեցին հետեւեալ իրաւունքները.

 

Ա. Աշխարհի մէջ երկրորդ անձն համարուել թագաւորից յետոյ, իսկ եկեղեցու մէջ եւ եկեղեցական նուիրապետութեան մէջ` առաջին անձնաւորութիւն: Նա միայն իրաւունք ունէր, ըստ Բիւզանդի, թագաւորի հացը օրհնել. «Զի որ լիցին հայրապետք հայոց, նա դրանն արքունի իշխեսցէ զհացն օրհնել» (19 երես): Նրանք էին արքունիքում թէ թագաւորին, թէ թագուհուն ճանապարհի բերում եւ նախատում անառակ կեանք վարելում. Վրթանէսը թագուհուն նախատեց պոռնկութեան համար, «վասն զի յանդիմանէր զնա (զթագուհին) սուրբն (Վրթանէս) վասն գաղտնի շնութեան եւ կծծութեան բարոյից պոռնկութեան» (Բիւզ., 7): Ներսէս Մեծը միշտ կշտամբում էր Արշակին եւ թոյլ չէր տալիս եկեղեցի մտնել. «Այլ սուրբն Ներսէս եպիսկոպոսապետն Հայոց հանապազօր ընդդիմացեալ թագաւորին պապայ, կշտամբէր եւ յանդիմանէր մեծաւ վկայութեամբ յանդիմանութեամբ, եւ վասն չարեաց նորա բազմաց ոչ համարձակէր նմա զսեամս եկեղեցւոյն կոխել, եւ ո՛չ մտանել նմա ի ներքս» (Բիւզ., 180): Իսկ երբ Արշակ ծաղրում եւ ծիծաղում էր Ներսէսի խրատների եւ յանդիմանութիւնների համար, վերջինս անիծեց թագաւորին, նզովեց նրա արած գործերը եւ դուրս եկաւ ապարանքից. «Աւերեսցին գործք ձեռաց քոց եւ մի՛ շինեսցեն» (Բիւզ., 95): Թէ որքան մեծ էր կաթուղիկոսների յանդիմանական վերաբերմունքը դէպի վատ թագաւորի արարքը, մինչեւ իսկ երբ կաթուղիկոսը տեսնում էր հակաքրիստոնէական վարմունքը թագաւորի կողմից եւ չէր խօսում, համարում էին ստրուկներից ստրուկ այդպիսի կաթուղիկոսին. «Այլ փոխանակ Ներսէսի կացուցին զՉունակոմն անուն... եւ էր ստրուկ ի ստրկաց արքունի» (Բիւզ. 105): Կաթուղիկոսները այդքան խիստ լինելով հանդերձ, ընդունում էին, որ թագաւորն է առաջին անձը պետութեան մէջ, որ նա ամէն բան կարող է անել, ուստի եւ պէտք է ամէն լաւ բանի օրինակ լինի ժողովրդին. Ներսէս թագաւորին ասում է. «Այլ քեզ, ո՛վ թագաւոր, արժան էր իբրեւ զայր թագաւոր, յայտնի հրաման տալ եւ սպանանել, զի ո՞վ էր որ արգելոյր զքեզ, կամ ո՞վ էր որ պահէր զձեռն քո ի գործոյն, զոր ինչ կամէիր գործել» (Բիւզ., 183):

 

Բ. Կաթուղիկոսները իբրեւ գլուխ եկեղեցու իրաւունք ունէին տօներ սահմանելու, սրբերի յիշատակը տարեկան որոշ օր կատարելու հրաման տալու, մարտիրոսների եւ նահատակների յիշատակը տօնախմբելու կարգադրութիւն անելու, ի հարկէ խորհրդակցութեամբ եւ հանրական համաձայնութեամբ:

Լուսաւորիչ սահմանում է Յովհաննու Մկրտչի տօնը. «Եւ հրամայեաց կատարել անդ ամյամէ ի տեղւոյն. ժողովել ամենեցուն ի յիշատակ սրբոցն, որ օր եւթն էր սահմի ամսոյ, զի խնդրութեամբ ժողովեալ, զօր տօնին խմբեսցեն» (Ագ., ՃԺԵ): «Եւ զյիշատակ վկայիցն բերելոց ժամադրեաց տօն մեծ հռչակել... Նաւասարդ աւուր: Զի ժողովեալ ի յիշատակ մեծի երանելւոյն Յովհաննու, եւ սուրբ վկային Աստուծոյ Աթանագինի, յայնմ սուրբ խմբեսցի եւ ի նմին յաւանի» (Ագ., ՃԺԹ): Վրթանէս կաթուղիկոսը առաջինն եղաւ, որ պատերազմի դաշտում ազգի համար մեռածներին եկեղեցական նահատակներ համարելով` տօն սահմանեց. «Եւ ետ օրէնս ընդ աշխարհ մեծ քահանայապետն Վրթանէս, զնոցա առնել զյիշատակ ամյամէ, եւ որք փոխանակ աշխարհին փրկութեան մեռանիցին ի նմանութիւն նոցա, եդ կանոն՝ յիշել զնոսա առ սուրբ սեղանն Աստուծոյ ի ժամ պատարագին... զի սոքա. ի նմանութիւն Յուդայի եւ Մարաթեայ Մակաբէի անկան ի ճակատ պատերազմի (Բիւզ., 23):

 

Գ. Հայոց թագաւորներին օծելու իրաւունքը պատկանում էր միմիայն հայոց կաթուղիկոսներին. Բագրատունեաց առաջին թագաւորին օծելու համար հրաւիրուեց Գէորգ կաթուղիկոս, որը օծեց նաեւ նրա ժառանգ Սմբատին. «Կոչեցաւ ապա եւ անդ մեծ հայրապետն Գէորգ եւ զհոգեւոր օրհնութեանցն գովութիւնս աստուածայինս ի վերայ կատարեալ փոխանակ օծման սրուակի իւղոյն՝ պսակեն զնա թագաւոր ի վերայ Ասքանազեան ազգին» (Յով. կաթ., 78 երես): Երկրորդական, այսպէս ասած, նահանգական թագաւորներին օծում էր տեղական առաջնորդը` եպիսկոպոսներով միասին. Սիւնեաց թագաւոր Վասակին օծեց Սիւնեաց առաջնորդ Գրիգոր եպիսկոպոսը. «Եւ Պայազատէ զտէրութիւն նորա մանուկ որդին իւր Վասակ, որ եւ սա մեծահանդէս ժողովով եւ ազատակոյտ բազմութեամբ օծանի թագաւոր Սիւնեաց եւ Բաղաց ձեռամբ տեառն Գրիգորի՝ Սիւնեաց եպիսկոպոսի» (Օրբ., ԺԵ գլ. ):

 

Դ. Կաթուղիկոսին է յատկացրած Լուսաւորչից սկսած եպիսկոպոս ձեռնադրելու, մեռոն եփելու իրաւունքը հայոց եկեղեցիների գործածութեան համար (տե՛ս Ա գիրք, 289, 299, 339, 364, 474, 481-184 երես):

 

Ե. Ազգային եկեղեցական ժողովներ հրաւիրել եւ ցրուելու իրաւունքը պատկանում է կաթուղիկոսին, այդ ժողովներում նախագահութիւն է անում կաթուղիկոսը՝ մինչեւ իսկ եթէ թագաւորը ներկայ էլ գտնուելու լինի ժողովում: Մարմնաւոր իշխանութիւնը օգնում է եւ կարգը պահպանում: Առանց կաթուղիկոսի ժողով կարող է լինել միմիայն երկու դէպքում, առաջին՝ երբ կաթուղիկոսը մեռած է՝ նոր ընտրութիւն է լինում, երկրորդ՝ երբ կաթուղիկոսին ազգային ժողովը դատի է ենթարկում հակաեկեղեցական գործունեութիւնների պատճառով, այս երկու դէպքումն էլ նախագահութիւն է անում աւագագոյն եպիսկոպոսը, նախորդ դարերում Աղուանից կաթուղիկոսը, հրաւիրում էր եպիսկոպոսական եւ իշխանական խառն ժողովները (տե՛ս Ա գիրք, 220, 224, 250, 257, 273, 285, 298, 305, 306, 307, 308, 309, 312, 322, 323 երես):

 

Զ. Կաթուղիկոսի նախագահութեամբ եւ հրաւէրով եղած ազգային ժողովը վաւերական է այն դէպքում, երբ մասնակցում են ժողովիս բոլոր հայոց նահանգների հոգեւորական եւ աշխարհական պատգամաւորները, հակառակ դէպքում, երբ ժողովին մասնակցում են միմիայն հայոց թեմերի մի մասն, այդպիսի ժողովը անվաւեր է, Հայոց եկեղեցին մերժում է այդպիսի ժողովը, եթէ գտնում է ժողովի վճիռները հակառակ հայոց դաւանութեան, եկեղեցու կարգերին եւ ժողովրդի կամքին (տե՛ս Ա գիրք, 312, 322 երես):

 

Է. Կաթուղիկոսն է Հայոց եկեղեցու գերագոյն դատաւորը, վերջնական վճիռ կայացնողը՝ առանց բողոքման ենթարկուելու, նզովելու եպիսկոպոսներ, իշխաններ, նոյն իսկ հայոց թագաւորներին, երբ վճիռները եղել են ազգային ժողովով, կամ մասնաւոր դատերը՝ եպիսկոպոսների քննութեամբ եւ համաձայնութեամբ (տե՛ս Ա գիրք, 306, 307, 308, 309, 312, 322 երես):

 

Ը. Կաթուղիկոսն է օրէնսդրական մարմնի միակ գլուխը, որը կարող է կանոններ հրատարակել մարմնի հետ եկեղեցու բոլոր վարչական կազմի վերաբերեալ, բացատրել մութ կէտեր. դաւանաբանական ո՛չ մի փոփոխութիւն անել չի կարող առանց ազգային ժողովի. հրատարակուած կանոնները պիտի լինեն ընդհանուր ազգի կամքին եւ սովորութիւններին ո՛չ հակառակ (տե՛ս Ա գիրք, 312, 322 երես):

 

Թ. Կաթուղիկոսի անունը միակն է, որ ընդհանուր եկեղեցում յիշատակութեան իրաւունքն է վայելում: Բացի կաթուղիկոսի անունից յիշւում է եւ տեղական առաջնորդի անունը, տեղական եկեղեցիներում:

 

Ժ. Կաթուղիկոսը ենթարկւում է ամէն բանում, ամէն խնդրում միմիայն օրինաւոր  Ազգային-եկեղեցական  ժողովի  իրաւասութեան վճռին  եւ  կարգադրութեան (տե՛ս Ա գիրք, 307, 309 երես):

 

ԺԱ. Կաթուղիկոսական պաշտօնը յարատեւ է՝ ցմահ, եւ ոչ մի քմահաճոյքի պատճառով հեռացնել, կամ հեռանալ ինքը` գահակալը չէ կարող, բացի մարմնական եւ մտաւոր անզօրութեան եւ ճգնութեան դէպքում, այն էլ միշտ ընդհանուր ազգի ցանկութեամբ: Պատմութեան մէջ ունենք երկու դէպք՝ Եփրեմ կաթուղիկոսի հրաժարականը յոյժ զառամելիութեան, տեսութեան պակասութեան պատճառով (տե՛ս Ամենայն հայոց կաթ. Երիցեանի, 602-610) եւ Լուսաւորչի ճգնութիւնը: Լուսաւորչի կաթուղիկոսութիւնը եղաւ 301-325 թ. եւ Եփրեմինը` 1809-1831 թուականներին: Ներսէս Ե Եփրեմի հրաժարման հակառակ էր` գտնելով այդ հակառակ Հայոց եկեղեցու ոգուն. «Գտանի պատրիարգացեալ ըստ կանոնաց Հայոց օծութեամբ եւ ոչ սոսկ կոչմամբ, եւ չունի զիրաւունս առանձնական ոչ բնաւ զկանոնս ազգային վասն հրաժարեցուց անելոյ զանձն իւր առաջ քան զվախճան կեանց իւրոց առանց երեւի վնասուց պատրիարգական աթոռոյս եւ մեծագոյն գայթակցութեանց եւ շփոթութեանց ամենայն ազգին Հայոց» (Ամենայն հայոց կաթ., Երից., 218 երես):

 

ԺԲ. Հայոց կաթուղիկոսին է յատկացրած «Ամենայն հայոց» տիտղոսը, Աղթամարի եւ Սսի կաթուղիկոսները իբրեւ թեմակալ առաջնորդների շրջան ունեցողներ՝ կոչւում են «տանն Կիլիկիոյ եւ Աղթամարայ» կաթուղիկոսներ: «Ամենայն Հայոց» տիտղոսը առաջին անգամ պատահում ենք Խաչիկ կաթուղիկոսի կոնդակում, տասներորդ դարու վերջերում (տե՛ս «Արարատ», 1867 թ. ), որ առաջացած պիտի լինի կաթուղիկոսական աթոռի բաժանման ժամանակից` 967-ից յետոյ:

 

ԺԳ. Կաթուղիկոսը վայելում է այն բոլոր արտօնութիւնները եւ արտաքին շուքն ու պատիւը, որը վայել է իւր բարձր կոչման. շաթիրներ, գաւազանակիր, պահնորդ խումբ ունենալ, արքայական կառքով շրջել «յոսկիապատ կառսն արքունական» եւ այլն, եւ այլն:

 

ԺԴ. Ամենայն հայոց կաթուղիկոսին է պատկանում շնորհման եւ ներման իրաւունքը «ոչ յօրինակ այլոց» (диспензация) Հայոց եկեղեցու մէջ, պսակի աստիճաններում բացառիկ դէպքերում, ցմահ կարգալոյծ եղած քահանաների ներման խնդիրներում եւ առ հասարակ վարչական-դատական դէպքերում պատիժը թեթեւացնելու գործերում:

 

Թէ Ի՞նչ նշանակութիւն եւ իրաւունքներ ունի Ամենայն հայոց կաթուղիկոսը, եւ ի՞նչ կարծիք ունէր Գէորգ Դ այդ կարեւոր խնդրի մասին, երեւում է նրա` ներքին գործոց նախարարին պաշտօնական գրած թղթից` 1870 թուի յունիսի 20-ին, համարաւ 5, Ամսդերդամի եկեղեցական գոյքի` Էջմիածնին պատկանալու հարցի նկատմամբ:

 

Խօսելով քրիստոնէութեան եւ կաթուղիկոսութեան սկզբնաւորութեան մասին, պատմելով Տրդատի ջանքերը հայոց եկեղեցիները եւ վանքերը ապահովեցնելու  նկատմամբ  դրամով  եւ  կալուածներով ասում  է «Ճանաչէ զկալուածական եւ զեկեղեցական կառավարչական իրաւունս նորին, ճանաչէ ներկայացուցիչ կատարող եւ պաշտպան իրաւանցս այսոցիկ զկաթուղիկոսն իբրեւ զբարձր հոգեւոր իշխանութիւն. աներկբայելի իմն է զի այս ամենայն յոյժ օրինաւոր է հաստատել թագաւորական հրովարտակօք եւ հրամանագրովք»: Բոլոր աշխարհի ծայրերում գտնուած վանքերը, եկեղեցիները կաթուղիկոսի ձեռքի տակին, կաթուղիկոսները «զամենայն եկեղեցական գործս կառավարէին, ժողովս կազմէին, եկեղեցական կանոնս հաստատէին, եթէ պատժողական եւ եթէ կառավարչականս որոշէին զիրաւասական յարաբերութիւնս եկեղեցւոյն առ քաղաքական եւ գլխապարտական օրինադրութիւնս, օծմամբ իւրեանց հաստատէին զընտրութիւն թագաւորաց, նոցա եւ եթէ յատկացեալ էր եւ է զիրաւունս ձեռնադրելոյ զբարձրաստիճան հոգեւորականս եւ զեպիսկոպոսունս, եւ օրհնելոյ զսրբալոյս միւռօն, որք են ծայրագոյն իշխանութիւն ի Հայաստանեայց եկեղեցւոյ: Ռուսաստան, Պարսկաստան, Տաճկաստան եւ այլն ամենայն տէրութիւնք, յորս այժմ բնակեալ են Հայք, ճանաչեն զլիակատար իրաւունս աթոռոյն Էջմիածնի եւ կաթուղիկոսաց, սակս կառավարելոյ զկարեւոր գործս բովանդակ ազգին հայոց նշանակելոյ զվիճակաւոր առաջնորդս, տալոյ զվճիռ շինութեան նորոյ եկեղեցեաց եւ վանօրէից, յորս զգալի է կարեւորութիւն նոցին եւ դարձեալ խափանելոյ զեկեղեցիս եւ վանօրայս, յորս ոչ գոյ ծուխ կամ միաբանութիւն, վաճառել զշինուածս եկեղեցեացն այնոցիկ եւ վանօրէից, նոյնպէս եւ զանշարժ կալուածս նոցին կամ նշանակել խնամակալս ի վերայ նորա»:

 

«Ի վերոյ գրելոյ անտի յայտնապէս երեւի զի. ա) մի է օրինաւոր գլուխ առաքելական եւ Քրիստոսահիմն եկեղեցւոյ Հայաստանեայց, եւ կոչի կաթուղիկոս եւ է միանգամայն յաջորդ առաքելոցն սրբազանից Թադէոսի եւ Բարդուղիմէոսի եւ Գրիգորի Լուսաւորչի», իսկ աթոռը հաստատուած է Էջմիածնում Գ դարից սկսեալ:

 

բ) Ի տեսչութիւն Հայաստանեայց եկեղեցւոյ բովանդակին գլխաւորապէս քառակերպ կառավարութիւնք, այս է` պատրիարքական կամ միտրոպոլտական արքեպիսկոպոսական եպիսկոպոսական  եւ  տերունի»:

 

1) «Պատրիարքական թեմն ըստ ամենայնի հնազանդ է կաթուղիկոսական կարգադրութեանց», կաթուղիկոսն է առաջնորդներ նշանակում, «իսկ ընտրութիւնը նոցին յորպիսի իշխանութիւնս, որպէս եւ այլ ամենայն արքեպիսկոպոսաց եւ թեմակալաց պատկանին երբեմն կամաց եւ հաճութեանց ժողովրդեանն ենթարկելոյ ընդ իշխանութեամբ նոցին, իսկ հաստատութիւն ենթարկեալ է իրաւասութեան ս. կաթուղիկոսին Էջմիածնի»: Պատրիարքը «իբրեւ լիազօր փոխանորդ կաթուղիկոսի Ս. Էջմիածնի եւ ներկայացուցիչ համայն հայոց Տաճկաստանի ի Պօլիս առ Բարձրագոյն դրան Օսմանեան կառավարութեան, ունի ստացեալ իրաւունս հաստատուել զառաջնորդ» քաղաքաց որ ի Տաճկաստան»:

 

2) Արքեպիսկոպոսականն է՝ երեք գաւառների կառավարութեան շրջանը:

 

3) Եպիսկոպոսականն է՝ քաղաքի կառավարութիւնն իւր գաւառներով:

 

4) Տերունի՝ այն վիճակներն ու քաղաքներն են, որոնք պատկանում են կաթուղիկոսի անընդմիջական կառավարութեան, որոնք են՝ Ռուսաստանում՝  Երեւան, Աստրախան Ղզլար  եւ  այլն Տաճկաստանում` Եւդոկիա, Զմիւռնիա եւ այլն. Պարսկաստանում՝ Դաւրէժ, Իսպահան. Հնդկաստանում՝ Մադրաս. Հոլանդիայում՝ Ամսդերդամ, որոնք կառավարում են կաթուղիկոսների փոխանորդների ձեռքով: