Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ը. ԹԵՄԵՐԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

  должностях и учреждениях по церковному управлению въ древ. церкви. профес. Павла. 1857 г. СПБ. Обозрение древних форм поместнаго церковнаго управления. 1858 г. Прав. Собес. )

 

Հին եկեղեցու հասարակական՝ թեմական կառավարութեան ձեւը կարելի է բաժանել երեք շրջանի. առաջին շրջանում եպիսկոպոսները չունէին որոշ անձնաւորութիւններ իրանց մօտ՝ նշանակուած առանձին պաշտօնների համար, այլ միայն քահանան էր եւ սարկաւագը, որոնք եպիսկոպոսի հետ ընտանեկան կերպով կառավարում էին իրանց փոքրիկ հօտը, հներում թեմերը շատ փոքր էին, ոչ միայն մեծ, այլ եւ փոքր քաղաքները, աւանները կազմում էին առանձին թեմեր իրանց եպիսկոպոսներով: Գրիգոր Աստուածաբանը նշանակուեց եպիսկոպոս Սասիմի վրայ, այնպիսի մի տեղի, ուր ոչ միայն շատ քիչ մարդ կար, այլ եւ կենսական անհրաժեշտ պիտոյքներ չէր ճարւում ապրելու համար, բայց եւ այնպէս այդպիսի տեղերը համարւում էին թեմեր: Թէ մետրոպոլիտները եւ թէ գլխաւոր եպիսկոպոսները իրաւունք ունէին իրանց շրջանը բաժանելու այնքան թեմերի, որոնք իրանք կկամենային: Սոզոմենոսի ասելով 19) Փոքր Ասիայում երկու թեմի տարածութեան վրայ գտնւում էին 400 եպիսկոպոս: Կիպրիանոսի ժամանակ Կարթագենի շրջանը ունէր 300 եպիսկոպոս: Բարսեղ Մեծը, երբ տեսաւ, որ իւր թեմի մի մասը անցաւ ուրիշ մետրոպոլիտի, ինքն էլ մնացած մասում շատացրեց թեմերի թիւը՝ եպիսկոպոսներ ձեռնադրելով փոքրիկ տեղերում: Փոքրիկ թեմերի թիւը բազմացնելու պատճառներից մէկն էր աղանդաւորների շատանալը, որոնց դէմ մաքառելու համար աւելի յարմար էր համարւում եպիսկոպոսներ շատացնել, որ փոքրիկ հօտերը մոլութիւններից զեղծ պահելուն նպաստէին: Բացի այդ՝ քանի որ տարէցտարի շատանում էր քրիստոնեաների թիւը, հարկ էր զգացւում նոր եպիսկոպոս-հովիւներ նշանակել, եւ մանաւանդ եթէ եպիսկոպոսանիստ թեմական քաղաքը հեռու էր գտնւում, դժուար էր լինում հեռու անկիւններում առաջացած գժտութիւնները խաղաղացնել, այն ինչ այդպիսի անկիւններում նշանակուած եպիսկոպոսները հեշտութեամբ էին անդորրացնում իրանց հօտը: Այդ պատճառով էլ թեմերի սահմանները խիստ եւ որոշ կերպով չէին բաժանուած միմեանցից, մի եպիսկոպոս, մի քանի մօտիկ գիւղերի քահանաներով եւ սարկաւագներով կազմում էին մի ծուխ, մի թեմ գիրք, 74, 78): Այնպէս որ, եթէ համեմատելու լինենք այժմեայ թեմերի հետ, մի քանի տասնեակ նախկին թեմեր իրանց առաջնորդներով պիտի մտնէին այժմեանի շրջանը: Սահմանների անորոշութիւնը եւ եպիսկոպոսների շատութիւնը միշտ վէճերի տեղիք էր տալիս, չորրորդ դարու վերջին թեմական կառավարութիւնները որոշ կանոններով եւ կարգերով բաժանուեցին միմեանցից եւ առանձին սահմաններով ջոկուեցին: Թեմի կառավարութիւնը կեդրոնանում էր եպիսկոպոսի անձնաւորութեան մէջ, որը ըստ իւր կարգի վարում էր իւր շրջանի եկեղեցիների հսկողութիւնը եւ գործերը մի քանի օժանդակ խորհուրդների միջոցով. այն է՝ 1) եպիսկոպոսական խորհրդի, որին մասնակցում էին քահանաներ, սարկաւագներ եւ տեղական ծերունիներ, 2) քահանայական խորհրդի եւ 3) սարկաւագների: Թէ ի՞նչպէս էին այդ խորհուրդները մասնակցում եկեղեցու կառավարութեան գործին, ո՞ր չափով, ի՞նչ ձայնով, անորոշ է, միայն Կիպրիանոսը եւ Տերտուղիանոսը վկայում են, որ դրանք միասին հոգում էին եկեղեցու կարիքները եւ խնամում այրիներին, որբերին: Անտիոքի 24, 25 կանոնները գիրք, 155-156) իրաւունք են տալիս քահանաներին եւ սարկաւագներին իմանալ, թէ ի՞նչպէս է կառավարում  եպիսկոպոսը  եկեղեցական  կալուածները Կառավարութեան մէջ գլխաւոր դերը խաղում էր եպիսկոպոսը, նա ժողովի էր կանչում խորհուրդի անդամներին, խնդիրներ եւ հարցեր էր առաջարկում եւ ձայների մեծամասնութեամբ վճիռ կայացնում, թէեւ ուժեղ եպիսկոպոսը միշտ իւր ասածն էր անել տալիս, քանի որ միակ պատասխանատուն ինքն էր համարւում: Եպիսկոպոսական խորհուրդը ըստ վկայութեան Տերտուղիանոսի, նախօրօք քննում էր այն ընծայացուի վարք ու բարքը եւ ձեռնադրելու արժանիքը, որը ժողովրդի վկայութեամբ առաջարկւում էր քահանայութեան:

Ափրիկայի եկեղեցում եւ ինչպէս Հայաստանում խորհուրդի մասնակցութիւնը եկեղեցու գործերում աւելի ուժեղ էր եւ ընդհանրացած, քան միւս եկեղեցիներում: Կիպրիանոսը ասում է, որ առանց քահանայական խորհուրդի ոչ մի պաշտօնեայ չընտրուի, նոյնը պահանջում էր եւ Բարսեղ Մեծը. քահանայական խորհուրդը շատ անգամ խառնւում էր թեմական գործերում. Հռոմի Կոռնելիոս եպիսկոպոսը Մաքսիմոս Շնականի եւ նրա կողմնակիցների

գործի քննութիւնը յանձնեց քահանայական խորհրդին: Արիոսի դէմ վճիռ կայացնելիս Աղեքսանդրիայի եպիսկոպոսը (Աղեքսանդր) օգտուեց քահանաների խորհրդից եւ նրանց ձեռքով արած քննութիւնից: Կարթագենի ժողովը (42 կանոն) որոշեց չթոյլ տալ եպիսկոպոսներին «ծախել եկեղեցական հողերը առանց ժողովի կամ իւր քահանաների գիտութեան»: Եպիսկոպոսի բացակայութեան ժամանակ՝ եկեղեցու իրերը եւ գոյքը կառավարում էր քահանայական խորհուրդը, առանց վաճառելու իրաւունքի (Անկ. 15, Ա գիրք, 138): Առաջի տարում քահանաները սարկաւագների նման բաժանում էին աղքատներին եւ կարօտեալներին հանդերձեղէն եւ ուտեստ: Հսկում էին քրիստոնեաների վարքի ու բարքի վրայ եւ ամէն միջոց գործ էին դնում ուղղութեան բերել նրանց:

 

Սարկաւագների   պարտաւորութիւնները   եկեղեցու    կառավարութեան մէջ էին. 1) հսկել ներքին կարգապահութեան, կանոնաւորութեան, եւ լռութիւն պահպանելուն վրայ եկեղեցում, 2) նրանք հսկում էին կղերի վրայ, նրանց արածների մասին տեղեկութիւն հաղորդում եպիսկոպոսին եւ քահանայ ընտրելուց վկայութիւն տալիս նրանց վարքի եւ բարքի մասին, 3) եպիսկոպոսի կարգադրութեամբ բաժանում էին որբերին, այրիներին, աղքատներին, կոյսերին ուտեստ եւ հանդերձեղէն, 4) նրանք միջնորդ էին եպիսկոպոսի եւ ժողովրդի մէջ, զանազան պատուէրներ տալով եւ գործեր կատարելով:

Այնպէս որ, եկեղեցու կառավարութեան մէջ մեծ դեր էին կատարում նրանք, եպիսկոպոսի գլխաւոր օգնականներն էին եւ գործակիցները. մանաւանդ աւագ սարկաւագ կոչումով եղածները նշանակւում էին ընդհանուր կառավարիչներ եւ սարկաւագների վրայ հսկողներ: Սարկաւագապետի պաշտօնը փոխադրեց հայոց մէջ Ներսէս Մեծը, որը եկեղեցիների ընդհանուր կառավարութիւնը յանձնեց Խադին:

 

Եկեղեցու կառավարութեան Բ եւ Գ շրջանները սկսուեցին պատրիարքութիւնները հաստատուելուց եւ գլխաւոր եպիսկոպոսների աթոռների իրաւունքները բարձրացնելուց յետոյ, երբ պաշտօնները բաժանուեցին, իւրաքանչիւր պաշտօնակատարի յանձնուեցին առանձին գործեր, առաջացան բարեգործական, ուսումնական զանազան հիմնարկութիւններ` տարբեր կազմութեամբ եւ կառավարութեամբ: Քանի՞ թեմ կար Հայաստանում նախալուսաւորչեան շրջանում, անորոշ է, յայտնի չէ, աւանդութիւնը միայն ասում է, որ եպիսկոպոսական գլխաւոր աթոռը Եդեսիայումն էր, երկրորդ աթոռը` Արտազում, երրորդ աթոռը` Գողթնեաց աշխարհում, Սիւնիքում, ըստ Օրբելեանի` 150 թուին Սիւնիքում շինուեց Ստեփաննոս Նախավկայի անուամբ Թանահատի վանքը, ըստ Մովսէս Կաղանկատուացու՝ Եղիշէ առաքեալից սկսած Աղուանից եպիսկոպոսական աթոռը կար. Լուսաւորիչ ձեռնադրեց, ըստ Ագաթանգեղոսի, 400-ից աւելի եպիսկոպոսներ քաղաքների,

գաւառների վրայ, յիշում է մեծ նահանգների՝ նախարարութիւնների առաջնորդական եպիսկոպոսների անունները, Եղիշէն էլ յիշում է պարսից պատասխանը գրող գլխաւոր առաջնորդների անունները, որոնցից երեւում է, որ ամէն մի գլխաւոր նախարարութիւն ունեցել է մի թեմակալ առաջնորդ, իբրեւ համապատիւ նախարարին կամ նահանգի իշխանին. բացի գլխաւոր առաջնորդից, նրա թեմում եղել են վանքերում, երկրորդական քաղաքներում, մեծ աւաններում եպիսկոպոսներ, որոնք երբեմն իբրեւ գործակատարներ՝ կոչւում էին քորեպիսկոպոսներ: Եղիշէն յիշում է հետեւեալ առաջնորդներին. 1) Տարոնի եպիսկոպոս, 2) Մանազկերտի եպիսկոպոս, 3) Բագրեւանդի, 4) Բզնունեաց, 5) Տայոց, 6) Բասենոյ, 7) Տուրուբերանի, 8) Մարդաստանի, 9) Մարդաղւոյ, 10) Սիւնեաց, 11) Արծրունեաց, 12) Մոկաց, 13) Ռշտունեաց, 14) Վանանդայ, 15) Ամատունեաց, 16) Անձեւացեաց, 17) Ապահունեաց, 18) Արարատայ եպիսկոպոս-առաջնորդ, որ նոյն ինքն կաթուղիկոսն էր եւ Եղիշէի ժամանակ Յովսէփ քահանան էր՝ ընտրուած կաթուղիկոս, ժողով հրաւիրողը: Այս յիշատակութիւնը այն գլխաւոր նշանակութիւնն ունի, որ Եղիշէն պատմելով պատմական մեծ եղելութիւնը պարսից թագաւորին գրելիք պատասխանի մասին, հաղորդում է, որ կաթուղիկոսը կանչեց բոլոր մեծ իշխաններին եւ գլխաւոր եպիսկոպոսներին ժողովի, որպէսզի նրանք ցրուելուց յետոյ իրանց գաւառները՝ իբրեւ աշխարհական եւ հոգեւոր մեծեր կարգադրութիւններ անեն քրիստոնէութիւնը ամուր պահելու եւ պարսիկներին դիմադրելու համար: Այստեղ չեն յիշուած Վրաց եւ Աղուանից կաթուղիկոսները, որոնք բացակայ էին այն պատճառով, որ իրանք էլ նոյն ժամանակ իրանց երկրի հոգսն էին քաշում: Այս մեծ առաջնորդութիւնները անշուշտ ունէին իրանց ձեռքի տակ բազմաթիւ եպիսկոպոսներ, որոնք երկրորդական նշանակութիւն ունէին եկեղեցու կառավարչութեան մէջ: Օրբելեանի պատմելով՝ կաթուղիկոսի կոնդակի մասին, որով յանձնում է Սիւնեաց առաջնորդին Սիւնիքի 12 գաւառները, նզովք է դնում այն եպիսկոպոսների վրայ, որոնք գաւառներում աթոռներ հաստատելով` կհակառակին առաջնորդին. դրանցից մէկը նստում էր Մաքենոցաց վանքում` Գեղարքունիքում, երկրորդը՝ Վայոց ձորում, երրորդը՝ Երնջակում, չորրորդը՝ Գողթնիքում եւ այլն եւ  այլն «Հաստատեցաք զՎայոց  ձոր զԳեղարքունի զՓորակն, զՀամբանդ, զՋուղայ, զԵրնջակ» եւ ապա նզովք է դնում, որ ոչ մի եպիսկոպոս չյափշտակի այդ աթոռները առաջնորդի ձեռքից: Ուրեմն միմիայն Սիւնեաց առաջնորդութեան մէջ 6 երկրորդական եպիսկոպոսական աթոռ է եղել 13-րդ դարում, նոյն համեմատութեամբ էլ եղել են միւս նահանգներում: Ուխտանէսը յիշում է 30 առաջնորդական աթոռների անուններ, յիշում է նաեւ 370 այլ աթոռակալներ Լուսաւորչից հաստատուած եւ ձեռնադրուած, ընդ ամենայն 400 եպիսկոպոսներ (100 երես): Այժմ 5 թեմ գտնւում է Ռուսահայաստանում, մօտ 60 թեմ` Տաճկահայաստանում, 2 թեմ` ՊարսկաՀնդկաստանում, 2 թեմ` Եւրոպա եւ Ամերիկայում: Ռուսահայաստանի թեմերն են. Երեւանի (Արարատեան կաթուղիկոսական), Տփխիսի, Բեսարաբիայի, Աստրախանի, Շամախու եւ Շուշու: Տաճկահայաստանի թեմերն են. Պօլսոյ (պատրիարքական քաղաք), Ադրիանապօլսոյ, Թեքիրտաղի, Նիկոմեդիայի, Պրուսայի, Պալքէսիր-Պանտրմայի, Պիլէճիկի, Քեօթահեայի, Զմիւռնիայի, Էնկիւրիի, Կեսարիայի, Սեբաստիայի, Թոգաթի, Ամասիայի, Շապին-Գարահիսարի, Ճանիկի, Տրապիզոնի, Կարինի, Երզնկայի, Բաբերտի, Քղիի, Քիմախի, Պայազիտի, Վանի, Լիմ-Կտուցի, Բաղէշի, Մուշի, Սղերտի, Տիարպէքիրի, Բալու-Արղնիի, Խարբերդի, Ակնի, Արաբկիրի, Չարսանճագի (Չմշկածագ), Ուրֆա (Եդեսիա), Պաղտատի, Եգիպտոսի, Պուլկարիայի, Ռումանիայի: Մասնաւոր թեմեր. Արմաշի, Գասդեմունիք, Պիլէկէսի, Կինճի, Աղբակի, Սելանիկի, Կրետէի: Երուսաղէմ` 5 թեմով. Շամի, Եաֆայի, Պէյրութի, Կիպրոսի: Կիլիկիա` 13 թեմով. Սսի, Ատանայի, Հաճընի, Հալէպի, Այնթափի, Անթաքիայի, Մարաշի, Զէյթունի, Մալաթիայի, Եօզղատի, Կիւրինի, Դիվրիկի, Տարենտէ: Աղթամար եւ Խիզանի թեմ: Եւրոպայի թեմ (Փարիզ, Մարսէյլ, Մանչեստր, Սուչավա): Ամերիկայի թեմ (Ուսթր Նիւ-Եօրք, Պոսթոն, Լօրէնս, Չիկագօ, Ֆրեզի): Պարսկա-Հնդկաստանի թեմ (Ասպահան, Թեհրան, Համադան, Մատրաս, Պոմբէյ, Պատաւիա): Ատրպատականի թեմ (Դավրէժ, Սալմաստ):

 

Թէ ի՞նչպէս էին կառավարւում թեմերը, կեդրոնացումն ուժե՞ղ էր ար դեօք, թէ՞ արտակեդրոնացումն էր աւելի տարածուած: Մինչեւ Բագրատունեաց անկումն, այն է` տասնեւմեկերորդ դարու կէսերը, երբ կաթուղիկոսական գահը ընդհանրապէս Հայաստանի կեդրոնումն էր, գուցէ թէ հնար լինի ասելու, որ կեդրոնացումն աւելի էր, այսինքն թեմերի կառավարութեան մէջ առաջնորդները զանազան հարցերի վերաբերմամբ դիմում կլինէին կաթուղիկոսին, բայց յետոյ, հէնց տասներորդ դարից սկսած, այլազգիների հրոսակների աւերումները, զանազան նահանգական թագաւորութիւնների առաջանալը` Սիւնեաց, Աղուանից, Կիւրիկէի, Կարսի, Արծրունեաց, պատճառ դարձան մի կողմից` կաթուղիկոսական գահը աստանդական դարձնելու, միւս կողմից` առաջնորդական աթոռների իրաւունքները բարձրացնելու. պարզ է, որ Սիւնեաց կամ Արծրունեաց առաջնորդը, յինուած իրենց թագաւորի վրայ, պիտի անսահման տէր լինէր իւր եկեղեցիներին եւ առանց կաթուղիկոսին դիմելու ամէն կարգադրութիւն անէր իւր թեմում: Կաթուղիկոսական գահը Կիլիկիայ փոխադրուելուց յետոյ այդ կապը առաջնորդների հետ դարձաւ անուանական, որքան մեծ սիրով էին ընդունում Կիլիկիայում թէ թագաւորը եւ թէ կաթուղիկոսը արեւելեան աշխարհից եկած ընտրեալ առաջնորդացուներին, որոնք գալիս էին եպիսկոպոսական ձեռնադրութիւն ստանալու եւ մեռոն տանելու: Ստեփաննոս Օրբելեանը հիացմունքով է պատմում իւր Կիլիկիա գնալը այդ նպատակով: Պարզ է` այսպիսի հանգամանքներում առաջնորդները լիակատար տէրեր պիտի լինէին իրանց թեմերում: Շնորհալին «Գիր շրջաբերականի» մէջ ասում է` հաւատալով ձեր վկայութեան, ձեռնադրեցի ձեզ առաջնորդ ընտրած քահանային գիրք, 408 երես): Եւ ուրիշ ի՞նչ կարող էր անել կաթուղիկոսը այնքան հեռու տեղից

ճանապարհների հաղորդակցութեան ամենավատ  ժամանակ երբ Հայաստանը քարուքանդ էր լինում արիւնարբուներից. նա մինչեւ իսկ եթէ չհաւատար էլ ընտրեալ անձի ձեռքին գտնուած համախօսական թերթին, պիտի ակամայ ձեռնադրէր եպիսկոպոս նրան եւ յետ ուղարկեր, ուրիշ ի՞նչ միջոցով կարող էր ստուգել ընծայեալի ընտրական թերթի հաւաստիութիւնը: Թեմերի անկախ կառավարութիւնը արմատացաւ հայոց մէջ, եւ մինչեւ անգամ երբ 1441-ին գահը փոխադրուեց Էջմիածին, էլի թեմերը շարունակեցին իրանց կիսանկախութիւնը: Առաջնորդները անկախ ձեռնադրում էին քահանաներ իրանց թեմերի եկեղեցիների համար, եւ շատ անգամ առանց որ եւ է սկզբունքի հետեւելով, ի շնորհս իշխանի, մեծի, մամոնայի լցնելով գիւղերը եւ քաղաքները (տե՛ս Ամ. հայոց կաթուղ. Երիցեանի). մինչեւ ռուսահայոց 1836-ի Պօլօժէնիան բոլոր քահանաների ձեռնադրութիւնը առաջնորդին էր պատկանում առանց կաթուղիկոսի միջնորդութեան եւ տեղեկութեան: 2) Հաս չհաս չափահաս անչափահաս  պսակների  տէրն  ու  հրամանատուն առաջնորդն էր, ոչ միայն առաջնորդը, այլ մինչեւ իսկ գիւղի քահանան գիւղի իշխանի հետ միասին առանց առաջնորդի կամքը հարցնելու (տե՛ս նոյն` Երիցեանի գիրքը). իսկ թէ այդ դէպքերում որքան մեծ դեր էր խաղում կամայականութիւնը եւ իշխանական ոյժը, այդ պարզ երեւում է հէնց Բագրատունեաց ժամանակից, երբ թագաւորը, մոռանալով ամէն ինչ պսակուեց քրոջ աղջկայ հետ եւ մնաց անպատիժ ու աննզովք կաթուղիկոսի կողմից: 3) Ամուսնանալու ծխական դէպքերի թոյլատրողն էր առաջնորդը, առանց դիմելու կաթուղիկոսին. Շնորհալին ասում է` արեւելեան եպիսկոպոսներից ոմանք, մամոնայից կուրացած, անխտրաբար ամուսիններին բաժանում են, եւ պատուիրում է, բաժանել միմիայն պոռնկութեան եւ հայրերից թոյլատրուած պատճառների հիման վրայ գիրք, 408 երես): Իսկ թէ իշխանները, մելիքները ինչպիսի ապօրինութիւններ էին անում ամուսնալուծութեան վերաբերմամբ առանց մինչեւ իսկ առաջնորդին դիմելու, այդ մասին անթիւ զրոյցներ են պտտում մինչեւ այժմ Սիւնիքում, Ղարաբաղում: 1836-ից մինչեւ այժմ ահագին տարեշրջան է անցկացել, բայց եւ այնպէս սիւնեցի գիւղացին միշտ այսպիսի դէպքերում կդիմի ո՛չ թէ առաջնորդին, այլ փոխանորդին վերջնական լուծում խնդրելու, պահանջելով պսակը իսկոյն լուծել, իսկոյն կնոջ դուրս անել, բանտարկել, չհասական հրաման տալ եւ այլն, եւ այլն: 4) Թեմի բոլոր եկեղեցական գոյքի կառավարիչն ու կարգադրողն եղել է առաջնորդը: Նա է ժողովել բոլոր կալուածքների արդիւնքը, պտուղները, հասոյթները` անկախ կաթուղիկոսից: Մայր Աթոռին, այսինքն կաթուղիկոսին, հասնում էին միւռոնի գնալու, եպիսկոպոսական ձեռնադրութիւն ստանալու եւ այլ դիպուածով գնալու ժամանակ աջահամբոյրներ, ընծաներ, միւռոն եփելու ժամանակ միշտ բոլոր գիւղերը յանուն Մայր Աթոռի ժողովում էին մատաղներ, դրամներ եւ պատգամաւորներով հասցնում Էջմիածին. բացի այդ Էջմիածնի նուիրակները շրջելիս ընդունում էին ամենայն առատութեամբ թէ դրամ, թէ նիւթեղէն եւ թէ անասուններ: Առաջնորդները լիակատար տէր լինելով գոյքերին, կառավարելով ըստ իրանց կամքի, չէին կարող կամայականութիւնից եւ քմահաճոյքից հեռու մնալ, եւ զանցառութեան տալ իշխաններին, մեծերին, որոնք ամէն կերպ կարող էին վնասել առաջնորդին, հանելով, ուրիշը նշանակել տալով նրա փոխարէն, կամ պահանջելով արդիւնքի մի մասը յօգուտ իրանց, գործը՝ այսինքն եպիսկոպոսի արած շահասիրական քայլերը մոռացութեան տալու համար: Մանաւանդ խաների ժամանակ, ամէն մի խան՝ վանք մտնելիս, առաջնորդին այցելելիս, պիտի անպայման մեծ պարգեւներ ստանար, ձիեր խաս կտորներ եւ  այլն եւ այլն, այլապէս առաջնորդը կենթարկուէր պատուհասի. մնում էր առաջնորդներին արդիւնքները դիզել եւ չգործ ածել իրանց բուն նպատակի համար, այլ կողմնակի անձանց բաշխել: Թեմերի կառավարութեան այս ձեւը վերացաւ ռուսահայոց մէջ 1836-ից յետոյ, տաճկահայոց մէջ` 1860-ից յետոյ: