Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

Բ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

 

Եկեղեցիների եւ վանքերի սկզբնաւորութեան հետ զուգընթացաբար ընթացել  է  աղքատների տնանկների այրեաց  եւ  սրբոց  խնամատարութիւնը. առաքելոց ժամանակից հանգանակած նուէրներից բաժին էին հանում կարօտեալներին, այդ հոգատարութիւնը Ա դարում յանձնւում էր ընտրեալ անձանց, որոնք սարկաւագ էին կոչւում: Եկեղեցին կազմակերպութիւն ստանալուց յետոյ, կանոնաւորութիւն ստացաւ եւ այդ բարեգործական ճիւղի կառավարութիւնը: Մեր մէջ այդ հիմնարկութիւնները բազմացան, կանոնաւորուեցին, նիւթականապէս ապահովուեցին Ներսէս Մեծի ժամանակ: Խորենացին Գ. Ի. գլխում այսպէս է գրում Ներսէսի համար. «Ի Բիւզանդեայ դարձեալ ի Կեսարեայ, եւ եկեալ ի Հայս, զամենայն կարգս ուղղութեանց հարցն իւրոց նորոգեաց, այլ եւս առաւել եւս, քանզի զբարեկարգութիւնն, զոր ետես ի յունաց աշխարհին, մանաւանդ ի թագաւորեալ քաղաքին ի սմա նկարգարէ»: «Յայտ արարեալ զպատէհ պատէհ տեղիսն զատուցանել՝ շինել աղքատանոցս, եւ ի ժողովել զախտաժէտս եւ զօրկունս եւ զմարմնակարս եւ զամենայն ցաւոտս, եւ նոցուն կարգեցին օրկանոցս եւ դարմանոց եւ ռոճիկս, եւ պատանս աղքատաց... եւ սոյն կամ եղեւ ամենայն սուրբ ժողովոյն, զի այնպիսիքն միայն նստեալ լիցին յիւրաքանչիւր կայեանս, եւ մի ելանել ի մուրոյն տառապանս... զդարմանսն եւ զպիտոյսն վճարեսցին ամենեքեան» (Բիւզանդ, 46 երես): Բոլոր գիւղերում, ըստ Բիւզանդի, շինեց հիւանդանոցներ, օտարանոցներ, օտարատուններ. անկելանոցներում ժողովուեցին կոյրեր, կաղեր, մարմնահարներ, խուլեր, համրներ, կարօտեալներ (Բիւզ. 65, 194 երես): Ներսէս այդ հիմնարկութիւնները բաժանեց գիւղերի, քաղաքների վրայ, որոնց պարտաւորութիւններն էին` հասերով, տուրքերով, նուէրներով ապահովեցնել այդ հիմնարկութիւնների տնտեսական կացութիւնը. գիւղացիք տալիս էին հաց, շոր, խմիչք, մատաղներից բաժին եւ այլն, իսկ հոգեւոր իշխանութիւնը պատիժների մէջ մտցրեց` «տալ յօգուտ այդ հիմնարկութիւնների որոշ գումար իբրեւ պատիժ» (տե՛ս Շահապիվանի ժողովի կանոնները, Ա գիրք, 224-240): Դրանց բոլորի հսկողութիւնը յանձնեց Ներսէս 4-5 հոգու, Խադին, Շաղիտային, Եպիփանին, Եփրեմին եւ Գինդին (Խոր. Բ, Ի): Ներսէս այդ կարգերը բերաւ Պօլսից, Յունաց աշխարհից: Յունաց կայսրները Կոստանդիանոսից սկսած նուիրում էին այդպիսի հաստատութիւններին կալուածներ, դրամներ, բարձրաստիճան անձինք հետեւում էին կայսրների օրինակին: Թէոդոսի կինը` Եւդոկիան, իւր հաշուով աղքատանոց շինեց, ուր 400 ծերունիներ էին պատսպարւում: Թէոդոս եւ իւր քոյր Պուլխերիան բազմաթիւ հիմնարկութիւններ հաստատեցին Պօլսում: Աչքի էր ընկնում Յուստինիանոսի կառուցած մեծ շինութիւնը անկար ծերունիների համար, առանձին եկեղեցիով: Բարսեղ՝ Մեծ զարկ տուաւ այդ հիմնարկութիւնների բազմանալուն, իւր ամբողջ եկամուտը եւ ունեցուածքը տալիս էր այդ հաստատութիւնների պահպանման: Ոսկեբերանը ամենամեծ պարտականութիւնը հոգեւորականների վերաբերմամբ՝ համարում էր այդպիսի հիմնարկութիւնների համար աշխատելը եւ դրանց խնամելը:

 

Ներսէսից յետոյ շարունակուեց այդ հաստատութիւնների գոյութիւնը մինչեւ Արշակունեաց անկումը, Շահապիվանի ժողովի կանոններից երեւում է, որ պատժապարտներին ուղարկում էին ուրկանոցները մէկից մինչեւ տասն տարի աղալու այդ անկար մարդկանց համար ալիւր, ձաւար պատրաստելով: Վարդանանց պատերազմից  յետոյ արաբացւոց  արշաւանքների ժամանակ, երբ երկիրը ալէկոծ դրութեան մէջ էր, շատ դժուար էր այդպիսի հաստատութիւնները պահպանել վանքերից դուրս. վանքերը շարունակեցին լինել մինչեւ այսօր օտարանոց, հիւրանոց, աղքատներին օգնող, ծերերին սննդող եւ խնամող: Դրանց մնացորդներից է Պօլսոյ Ս. Փրկչեան հիւանդանոցը մի քանի մասերով, որոնք են. 1) հիւանդանոց, 2) ծերանոց, 3)

անկելանոց, 4) որբանոց, 5) ուսանողների հարկ, 6) մոմատուն, տարեկան 1800-ի չափ հիւանդների խնամատարութեամբ: