Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

5) ՆԱԽԿԻՆ ԴԱՐԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

(Практика церк. суда на всел. и помест. Пр. Обоз. 1871)

 

Կանոնների մէջ չկան կարգադրութիւններ դատավարութեան ձեւի, եղանակի վերաբերմամբ, այդ թողած է տեղական պայմանների եւ հանգամանքների հետ ծանօթ անձանց կարգապահութեան:

 

Կեանքը ի նկատի ունենալով սովորութիւնը եւ տիրող պետական դատական ձեւը, մտցրեց եւ հոգեւոր դատավարութեան մէջ ընդունուած կարգերը` համաձայն եկեղեցական կանոնների: Տիեզերական եւ տեղական ժողովներ եղել են Հռոմէական կայսրութեան շրջանում եւ տիրող օրէնքների հովանաւորութեան ներքոյ, ուստի եւ դատավարական ձեւերն էլ ակամայից պիտի ենթարկուէին հռոմէական աշխարհական դատարանական ընդունուած եւ սովորական կարգ կանոնին:

 

Հռոմում քաղաքացիական օրէնքներով դատավարութիւնը լինում էր դռնբաց, հասարակութեան առաջ. կամաց-կամաց սկսուեց դատը վարուել փակ հիմնարկութիւններում, իսկ քաղաքի պատուաւոր անձինք իրաւունք ունէին ունկնդիրների դահլիճում առաջի տեղերում նստել եւ լսել դատը: Սկզբում դատը լինում էր բերանացի, թէ մեղադրողը, թէ մեղադրեալը գանգատւում եւ պաշտպանւում էին բերանացի, եւ գործը վերջանում էր հեշտութեամբ Երբ  մտաւ  իրաւաբան-փաստաբանների  արձանագրական  ձեւը, այն ժամանակ բերանացի դատավարութիւնը տեղի տուաւ գրաւորի: Արձանագրում էին գանգատաւորի, պատասխանատուի, վկաների, պաշտպանների վկայութիւնները եւ ասածները արագ կերպով եւ կազմում առանձին գործեր, որպէսզի հարցը եւ վճիռը բարձրադաս ատեան գնալու դէպքում, հնար լինէր արձանագրութիւնների հիման վրայ հարցը վճռելու: 5 օրից յետոյ, երբ արձանագրութիւն կազմած, խնդիրը բազմակողմանի կերպով քննուած վերջացած էր լինում, դատաւորը վճիռը կարդում էր ամբիոնից: Յուստինիանոսի  ժամանակ  աւելի  կանոնաւորուեց գանգատաւորը  գանգատւում էր բերանացի կամ գրաւոր, բերանացին գրւում էր եւ ստորագրւում բողոքողի կողմից, անգրագիտութեան դէպքում երրորդ անձի ձեռքով գանգատաւորի խնդիրքով, կցելով հետեւեալը, որ գանգատաւորը պարտաւոր է ապացուցանել միւս կողմի մեղաւորութիւնը եւ դատը մինչեւ վերջը շարունակել, հակառակ դէպքում կենթարկուի պատասխանատուի վրայ բարդած յանցանքի պատժին: Նշանակուած օրը եթէ չգար գանգատաւորը եւ երրորդ կոչին նոյնպէս չներկայանար ատենին, անունը ջնջւում էր եւ գործը վերջանում. դատաւորը եթէ հարկաւոր էր համարում, իրաւունք ունէր առանց մեղադրողի գործը շարունակել քննական ձեւով. եթէ պատասխանատու կողմը առանց յարգելի պատճառով չէր գալիս, գործը մնում էր, միայն պատժւում էր անհնազանդ գտնուելուն համար: Երկու կողմի ներկայ լինելուց յետոյ, գանգատաւորը անում էր իւր գանգատը միւս կողմի վրայ եւ նրա յանցանքը աշխատում ապացուցանել, պատասխանատուն «մեղադրուած է» յայտարարուելուց յետոյ դատաւորի կողմից, զրկւում էր քաղաքացիական իրաւական գործողութիւններ կատարելու իրաւունքից եւ անընդունակ համարւում որոշ պաշտօններ վարելու մէջ:

 

Երկու կողմը իրաւունք ունէին վիճաբանական ձեւով իրանց արդարացնել, փաստաբանների միջոցով դատ վարել, վկաների հարց ու փորձին լինել ներկայ եւ պարզել խնդիրը. եպիսկոպոսների վկայութիւնը գրաւոր էր ուղարկւում դատարան, վկաների ծախսը վճարում էին կողմերը: Արձանագրութիւնները կազմելուց, ամփոփելուց յետոյ, խորհրդակցութեամբ վճիռ էր կայացնւում, որի դէմ բողոքելու համար տրւում էր տասն օր ժամանակ, եւ պատժի կատարումն ուշանում էր մինչեւ բողոքի վախճանը: Ահա այս դատավարական ձեւը մտաւ տիեզերական ժողովների նիստերի մէջ, մեղադրական եւ պաշտպանողական եղանակը նոյնութեամբ եւ նմանողութեամբ գործադրուեց եկեղեցական դատերի ընթացքում կայսրութեան սահմաններում: Եկեղեցական մեծ դատավարութեան օրինակը տեսնում ենք 448-ին` Եւտիքէսի դէմ յարուցուած Եւսեբէոս եպիսկոպոսի մեղադրութեամբ Պօլսում, տեղի պատրիարք Փլաւիանի նախագահութեամբ եւ բազմաթիւ ժողովականների խորհրդակցութեամբ: Եւսեբէոսը ներկայացրեց գրաւոր մեղադրանք ժողովին, խնդրելով կարդալ եւ արձանագրութեան մէջ մտցնել: Ժողովը մեղադրական կէտերը հաղորդեց Եւտիքէսին կարդացող քահանայի եւ փաստաբանի միջոցաւ եւ հրաւիրեց ժողով իրան արդարացնելու: Մի քանի օրից յետոյ կազմուած Բ նիստում մեղադրողը ժողովի ուշադրութիւնը դարձրեց Նեստորի դատի ժամանակ վարած եղանակի վրայ եւ պահանջեց կարդալ Կիւրեղի երկու թղթերը դաւանութեան մասին, որոնք կարդացուեցին եւ իբրեւ դաւանաբանական հիմք Քրիստոսի մի բնութեան մասին ընդունուեցին, եւ պահանջուեց քննել Եւտիքէսի քարոզածները Կիւրեղի այդ թղթերի հիման վրայ: Գ նիստում պատգամաւորները յայտնեցին, որ մեղադրական գիրը Եւտիքէսի երեսին կարդալուց յետոյ, ստացան պատասխան, որ ինքը վանքից դուրս գալ չէ կարող տուած ուխտին համաձայն, եւ երկրորդ, որ Եւսեբէոսը նրան թշնամի է, մեղադրանքը թշնամանք է իւր դէմ: Երկրորդ անգամ 2 քահանայի միջոցով կանչուելուն Եւտիքէսը էլի բացասական պատասխան տուեց Երրորդ անգամ ուղարկուած  երկու  քահանան եւ մէկ սարկաւագը զգուշացրին Եւտիքէսին, որ չգալու պատճառով իբրեւ անհնազանդ հոգեւորական` ենթարկւում է խիստ պատժի, եւ նրան մի օր ժամանակ տուին ներկայանալու: Յաջորդ անգամ գնացողները լուր բերին, որ Եւտիքէսը հիւանդ է եւ խոստանում է ստորագրել Նիկիայի եւ Եփեսոսի ժողովների վճիռները եւ Կիւրեղի ասածները: Եւսեբէոսը պատասխանեց, որ ինքը մեղադրում է նրան ոչ ապագայի, այլ անցեալ քարոզութիւնների համար, որոնց մէջ եւ մեղադրում է եւ պատրաստ է ապացուցանել, քանի որ ինքը եթէ չկարողացաւ ապացուցանել, օրէնքով պիտի զրկուի եպիսկոպոսութիւնից եւ գուցէ ենթարկուի աքսորանքի: Փլաւիանը հիւանդութիւնը յարգելի պատճառ համարելով` նիստը ուշացրեց եւս մի շաբաթ: Նշանակուած ժամին ժողովը սկսեց իւր նիստը Փլաւիանի նախագահութեամբ. Եւտիքէսը եկաւ զինուորներով, վարդապետներով եւ կայսերական կօմիսարի հետ: Կօմիսարը ժողովի թոյլտւութեամբ կարդաց կայսեր հրամանը, որի մէջ ասուած էր, թէ Փլօրէնցը հաւատի մէջ ամուր եւ հաստատ մարդ է, եւ որովհետեւ խնդիրը վերաբերում է ոչ միայն Եւտիքէսին, այլ եւ հաւատին, ուստի եւ պատուիրում է Փլօրէնցին թոյլ տալ ժողովին ներկայ լինել: Ժողովը համաձայնեց եւ Փլօրէնցը ներկայ եղաւ: Ժողովը քննեց, մեղադրեց Եւտիքէսին, զրկեց քահանայութիւնից ու վարդապետութիւնից եւ յայտնեց բոլոր եկեղեցիներին: Եւտիքէսը բողոքեց վճռի դէմ: Երկրորդ ընդհանուր մեծ ժողովը 128 եպիսկոպոսի մասնակցութեամբ եւ Դիոսկորոս Աղէքսանդրիայի եպիսկոպոսի նախագահութեամբ գումարուեց 449 թուին, 2 կայսերական կօմիսարների հսկողութեամբ, խռովարարներին արտաքսելու եւ կալանաւորելու արտօնութեամբ եւ պայմանով, որ հին դատաւորներից ոչ ոք չմասնակցի վճռահատութեան: Փլաւիանը պահանջեց, որ Եւսեբէոսը իբրեւ մեղադրող կանչուի ժողով. կայսերական կօմիսարները յայտնեցին, որ այս ժողովի կարգաւորութիւնը որոշել է կայսրը, որ այստեղ պիտի դատուեն նախկին դատաւորները իրանց կայացրած վճռի համար: Դիոսկորոսը համաձայնեց, եւ Եւսեբէոսը չկանչուեց: Վերջը Դիոսկորոսին մեղադրեցին այս սխալի համար, որ նա կայսեր հրամանը կատարելով, մոռացութեան տուաւ կանոնական պատուէրները, որ նա անշուշտ պիտի հրաժարուէր նախագահութիւնից եւ թոյլ չտար, որ կայսեր պատգամաւորները խառնուէին եկեղեցական դատավարական գործին: Ժողովը քննեց խնդիրը, արդարացրեց Եւտիքէսին եւ ընդհակառակը` մեղադրեց փոխադարձաբար Փլաւիանին եւ Եւսեբէոսին, որոնք երկու բնութիւն էին ուզում խոստովանել տալ Եւտիքէսին` հակառակ Նիկիոյ եւ Եփեսոսի ժողովի որոշման հանգանակի փոփոխութեան վերաբերութեամբ (տե՛ս Ա գիրք, 254-257): Փլաւիանը բողոք ներկայացրեց Պապի լեգատների ձեռքով նոր ժողով գումարելու համար, որը եւ գումարուեց 451 թուին, Քաղկեդոնում: Պապի լեգատները ժողովում ներկայացան իբրեւ «բոլոր եկեղեցիների գլուխ» Պապի պատգամաւորներին, Դիոսկորոսին հեռացրին ժողովից, որ նա առանց Պապի ժողով է արել, մեղադրեցին Դիոսկորոսին, որ նա Փլաւիանի արած ժողովի վճիռը իւր վարդապետ Եւտիքէսի դատապարտութեան վերաբերեալ փոխել է, որ Հռոմի Պապին բանադրել է եւ երեք անգամ ժողով կանչուելուն չի եկել, արհամարհել է, այդ հիմամբ զրկեցին նրան եպիսկոպոսութիւնից: Նոյն ժողովում եղան եւ այլ դատեր: Այս ձեւով էլ համարեա լինում էին եւ եղան ապագայ բոլոր եկեղեցական դատերը, որոնք ամէն բանով ընդօրինակութիւն էին աշխարհական  դատարանների: