Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ե. ՊՍԱԿԻ ՄԱՍԻՆ

  . վ. Բաստամեան, «Փորձ», 1880 եւ 1881, Обзоръ постановлений о браке въ пр. цер. Пр. Соб. 1858, 1859 50 глава Корш. книги какъ практический и исторический источник рус. бр. пр. А Павлова)

 

Պսակը եկեղեցու խորհուրդներից մէկն է, որ կատարւում է քահանայի օրհնութեամբ եւ եկեղեցու սրբագործմամբ, որի միջոցով երկու ամուսիններ օրինաւոր կերպով կապուելով միմեանց հետ, մտնում են որոշ իրաւունքների եւ սահմանների մէջ: Այդ երկու անձինք միանում են միմեանց հետ իբրեւ մի մարմին եւ գաղափարական կերպով պատկերացնում են Քրիստոսի միանալը իւր եկեղեցու հետ: Պօղոս առաքեալը Եփեսացոց թղթում գրում է. «Զի ոչ ոք երբէք ատեաց զանձն իւր, այլ սնուցանէ եւ դարմանէ զնա, որպէս եւ Քրիստոս զեկեղեցի: Զի անդամը եմք մարմնոյ նորա, եւ ի մարմնոյ նորա եւ յոսկերաց նորա: Վասն այսորիկ թողցէ այր զհայր իւր եւ զմայր իւր, եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ. եւ եղիցին երկոքին ի մարմին մի: Խորհուրդս այս մեծ է, բայց ես ասեմ ի Քրիստոս եւ յեկեղեցի: Այլ եւ դուք նոյնպէս մի ըստ միոջէ, զի իւրաքանչիւր ոք զիւր կին այնպէս սիրեսցէ իբրեւ զիւր անձն, եւ կին երկնչիցէ յառնէ իւրմէ» (գլ. Ե):

Այդ խորհրդի նշանակութիւնը եւ ազդեցութիւնը այնքան մեծ է համարում Պօղոս առաքեալը, որ իրաւունք է տալիս քրիստոնեայ ամուսնուն պսակուել, կամ իբրեւ ամուսիններ ապրել հեթանոս անձի հետ` ենթադրելով, որ այդ խորհուրդը իւր շնորհքով հեթանոս ամուսնուն քրիստոնեայ կդարձնի, կամ թէ չդարձնի էլ, նրա զօրութեամբ անհաւատը սրբացած կլինի Կորնթ. Է 14): Առաքեալների աշակերտ ս. Իգնատիոսը (Աստուածակիր, +115 թ. ) քրիստոնեաներին տալիս է այսպիսի խրատ. «Պսակուողներին հարկաւոր է ամուսնանալ եպիսկոպոսի գիտութեամբ, որպէս զի պսակը լինի Տիրոջով եւ ո՛չ ըստ ցանկութեամբ»: Առաքեալների յաջորդների ցանկութիւնն էր պսակների նշանակութիւնը, ազդեցութիւնը ուժեղացնել անառակութեան եւ ամուսնալուծութեան դէմ կռուելու համար. հաւատացեալներից շատերը, ըստ հին սովորութեան, շարունակում էին ամուսնանալ առանց եկեղեցու գիտութեան եւ օրհնութեան: Գ դարու հայրերից մէկը` Տերտուղիանոս, մի քահանայի ասում է. «Մեր մէջ ծածուկ պսակները վտանգի են ենթարկւում դատուելու շնութեան եւ անառակութեան հետ հաւասար»: Սրա վկայութեամբ պսակը կատարւում էր այսպէս, ընդհանուր ժամերգութեան ժամանակ, երբ պատարագ անում վերջացնում էին, հաղորդւում էին բոլորը, ի միջի նոցա եւ պսակուողները եւ բոլորի ներկայութեամբ հանդիսաւոր կերպով ընդունում էին քահանայի օրհնութիւնը եւ համարւում էին ամուսնութեան մէջ մտած: Բայց ընդհանուր սովորութիւն էր դարձած կանչել քահանային տուն եւ պսակը օրհնել տալ ձեռքը ձեռքի հետ միացնելով ի նշան ամուսնական կապի: Ի հարկէ քահանան պիտի ուշ դարձնէր, որ չհասական արգելք չլինէր, որը այն ժամանակ կայանում էր դեռ եւս մովսիսական ամուսնական կանոնների պահպանման մէջ եւ երբ այդպիսի արգելք տեսնէր, պիտի չօրհնէր: Մովսէսի օրէնքներում չհասութիւնը սահմանափակւում է երեք աստիճանի մէջ, չորրորդ աստիճանը կարող է պսակուել: Պօլսոյ 381 թուի մասնաւոր ժողովում Աղէքսանդրիայի արքեպիսկոպոս Տիմոթէոսին հարցնում են. «Եթէ կղերից մէկը կանչուի մէկի տուն պսակը օրհնելու համար եւ այնտեղից լսի, որ անկանոն է, կամ չհաս է, պիտի՞ նա պսակը կատարի, թէ ոչ»: Նա պատասխանեց` ի հարկէ չպիտի օրհնի պսակը, պիտի թողնի դուրս գայ: Նոյնը հաստատում է Ոսկեբերանը, որը խօսելով աղմուկով գիներբութեամբ արած պսակների վրայ, խրատում է, որ պսակը եւ հարսանիքը հանդարտութեամբ կատարեն, «որ առաջուց քահանաներին կանչեն եւ նրանց աղօթքով ու օրհնութեամբ հաստատեն ամուսնական համաձայնութիւնը»: Եկեղեցական հայրերի ջանքերը պսակը անշուշտ միայն եկեղեցական օրհնութեամբ կատարելու գլուխ եկաւ իններորդ դարում, կայսերական հրամանի ուժով, մինչեւ 9-րդ դար եկեղեցական պսակի հետ ընդունւում էր եւ քաղաքացիական պսակը: 893-ին Լեւոն Իմաստասէր կայսրի 89 նովելլայով հրամայուեց ընդունելի համարել այն ամուսնութիւնները, որոնք եղել են եկեղեցական օրհնութեամբ եւ պսակով: Իսկ ստրուկները իրաւունք չունէին պսակուել, այդ կանոնը վերացաւ միայն 1095 թուին Ալէքսի Կոմնենոս կայսեր ժամանակ, որը հրամայեց եկեղեցական պսակով թոյլ տալ նրանց ամուսնանալ: Մինչեւ այս թուականները կային պսակներ, որոնք եկեղեցական չէին, բայց ընդունւում էին իբրեւ օրինական-քաղաքացիական պսակի մտքով, ինչպէս էր օրինակ եւ հեթանոսների պսակը, եթէ մարդ ու կին միասին քրիստոնեայ էին դառնում, նրանց նորից չէին պսակում, կամ եթէ ամբողջ ընտանիքը քրիստոնեայ էր դառնում, նրանց ընտանեկան կապը համարւում էր օրինական եւ նորից չէր ենթարկւում օրհնութեան` ըստ Պօղոս առաքեալի պատուէրի: Այս մտքով էլ մի քանի գրողներ մինչեւ իններորդ դար, կեղծ Դիոնէսիոս Արիսպագացին, Յովհան Դամասկացին, Թէոդորոս Ստուդիտէսը պսակը միւս  խորհուրդների  հետ չէին դնում: Պսակի օրհնութեամբ չէին ամուսնանում նոյնպէս երկակները (երկրորդ անգամ պսակուողները), որոնց օրհնութիւնը լինում էր ուռենիով կամ խաչն ու պսակը ուսերի վրայ դնելովը:

 

Հայոց մէջ Դ դարուց արդէն վկայութիւն ունինք, որ եկեղեցական պսակը ընդհանրացած եւ օրէնքի ոյժ ստացած էր. Փաւստոս խօսելով Ներսէս Մեծի արած կարգադրութիւնների եւ ի միջի այլոց պսակների վրայ, ասում է. «Ոչ ոք չէր համարձակւում նրա (ահից) հանել կամ թողնել իւր կինը բոլոր հայոց աշխարհում, որին (կնոջ) մի անգամ քօղով կամ հարսանիքի պսակի օրհնութեամբ առել էր, եւ ոչ էլ համարձակուել պսակուել ուրիշի հետ», բայց երբ Արշակ թագաւորը Արշակաւանի պատճառով այդ կարգերը վերացրեց, այն ժամանակ մարդիկ, «թողնում էին իրանց կանանց. մարդ կար, որ տասն կնիկ էր առնում, բոլորը փչանալով ապականուեցին» (18 երես): Ե դարում, Շահապիվանի ժողովի կանոններին նայելով, արդէն խիստ կարգ կանոն էր սահմանուած ոչ միայն պսակի մասին, այլ եւ պսակից առաջ յարաբերութիւն չունենալու վերաբերմամբ, տուգանադրամով, ծեծով պատժւում էր պսակից առաջ յարաբերութիւն ունեցողը եւ ենթարկւում էր ոչ կոյսերի պսակին, այլ  երկակների  պսակին  (երկրորդ  անգամ  պսակուողների)  գիրք, 233 երես): Իսկ չհաս պսակ անող եպիսկոպոսը նոյն կանոններով մինչեւ անգամ ենթարկւում էր կարգալուծութեան եւ տուգանադրամոց գիրք, 235):