Հրապարակախօսական հատընտիր

Հեղինակ

Բաժին

Թեմա

11. ՄԵԶԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր երկիր ունեցել է րոպեներ, երբ մտածող մարդու, աշխատող անձի համար անտանելի էր ապրել իր հայրենակիցների շրջանում: Ամեն երկիր եղած է այն դրության մեջ, որ լուսավորված մարդը տխրությամբ ստիպված էր նայել իր հայրենի հասարակության վրա: Ուրիշ, ավելի լուսավորված երկրում կրթություն ստանալուց հետո, երիտասարդը վերադառնալով իր հայրենիքը, դժվարությամբ կարողանում էր հաշտվել այն մտքի հետ, որ բոլոր ինչ որ ինքն սովորել է, իզուր է համարված իր հայրենակիցների մեջ, անգործադրելի են մնում նրա բոլոր հմտությունները…

Բայց դարձյալ նա մնում էր, չէր փախչում իր հայրենիքից, նա հասկանում էր, որ թեեւ գործ դնելու չէ իր բոլոր ստացած հմտություները, հասնելու չէ անձնական անկախության, ինչպես այդ կարող էր    անել օտար երկրում, այնուամենայնիվ, նրա ներկայությունը հայրենիքի տգետ հասարակության մեջ անհրաժեշտ էր, որովհետեւ առանց կռվի, առանց պատերազմի, առանց զոհաբերության անգամ, անհնարին է առաջադիմությունը…

Անցնենք մեր հայ հասարակությանը:

Երկար ժամանակ հայոց հասարակությունը մնում էր փակված իրա մեջ, պատսպարված արտաքին աշխարհի ներգործութենից իր նախապաշարմունքների եւ հնադարյան, փտած ավանդությունների չինական պատով…

Ամեն տեսակ պակասությունների, ամեն ձեւի անհասարակական երեւույթների կարելի էր պատահել մեր հասարակության մեջ՝ նոր սերունդի մտավոր եւ բարոյական կյանքը ճնշող հին սերունդը, կողոպտող, հարստահարությամբ եւ գողություններով հարստացող քաղաքացիքը… ու՞ր էր փրկությունը Դժվար էր ելք նշմարել այդ ողորմելի, անմխիթար դրութենից…

Բայց փրկությունը նույնիսկ այդ թշվառ երեւույթներից պիտի ծագեր:

Ճնշող, երեխայի ամեն ազատ ձգտում հալածող հին սերունդը սկսեց հանկարծ օտար երկիրներ ուղարկել երիտասարդներին…

Զանազան աններելի միջոցներով հարստացած աղաները, մեռնելով դառնում էին բարերարներ, կտակելով իրանց ունեցածը հօգուտ իրանց հայրենակից նոր սերունդի կրթության…

Ինչպես առաջինները, նույնպես եւ երկրորդները իհարկե չէին մտածում անգամ, որ իրանք այսպիսով դառնում էին կույր գործիքներ պատմական անհրաժեշտության ձեռքում… Չէին հասկանում, որ անգիտակցաբար պատրաստում էին իրանց սեփական ձեռքով այնպիսի ուժեր, որք պիտի ժամանակով հանդիսանային իրանց հայրենիքի մեջ եղած ամեն տգիտության, խավարասիրության, բռնավորության, հիմար անձնապաշտության թշնամիներ, ուրեմն ե՛ւ տգետ, ե՛ւ անգիտակցական ուժերի անհաշտ թշնամիներ…

Մեր երկիրը գտնվում է այս րոպեիս իսկ այն տեսակ դրության մեջ, որի մեջ գտնվում էր մի ժամանակ ամեն ուրիշ, այժմ լուսավորված երկիր: Կար ժամանակ, երբ այժմյան լուսավորված եվրոպական երկիրներում կրթված մարդը հալածանքի առարկա էր դառնում հասարակության կողմից, որ նրա բոլոր կյանքը անցնում էր անմխիթար, առանց որեւէ կարելության ոչ նյութական անկախության հասնելու, կամ գործ դնելու իր մտավոր, գիտնական հմտությունները…

Իսկ այդ տեսակ դրության մեջ գտնվում է այս րոպեիս եւ մեր երկիրը, մեր հայոց հասարակությունը: Եվրոպայում ուսում ստացած երիտասարդը վերադառնալով հայրենիքը, ոչ թե միայն ոչ ոքից օգնություն չէ ստանում կյանքի մեջ առաջ գնալու համար, այլ մինչեւ անգամ արգելքների է պատահում ամեն քայլափոխի վրա: Նույնիսկ նրանք, որք ուղարկել են երիտասարդին ուսում ստանալու, իրանց տգիտության պատճառով, արգելում են նրան առաջ գնալու, գիտու- թյունը գործ դնելու, անկախության հասնելու…

Ոչ հասարակությունը տալիս է պարապմունք նոր ուժերին, ոչ հին սերունդը: Այդ վերջինը, որ ինքն անգիտակցաբար աշխատել է իր փողով կրթություն տալ նոր սերունդին, համարում է նրան այնուամենայնիվ ամբողջ կյանքի համար անընդունակ… չմտածելով, որ ուզեն չուզեն, էլի նոր սերունդը պիտի ժամանակով հիների տեղը բռնի…

Մի՞թե տեսնելով այդ բոլոր անհաջող հանգամանքները, նախագուշակելով այդ բոլոր արգելքները, նոր սերունդը չպիտի ետ գա իր հայրենիքը…

Այո, մենք համոզված ենք, որ եթե մենք ետ չգայինք, վաղուց արդեն անկախ դրություն կունենայինք օտար երկրում, որ մեզ խոր սիրով ընդունել է եւ դարձյալ կընդունե, եթե դիմենք նրան, որ մեզ համար նոր հայրենիք է դարձել, որին մենք պարտական ենք ամենավսեմ գաղափարները, իսկ մեր իսկական հայրենիքը վարվում է մեզ հետ ինչպես անզգա, խորթ մայր… Մենք համոզված ենք, որ այդ երկրում մենք այդ հանգամանքների մեջ ստանալու չենք ո՛չ անկախություն, ո՛չ աշխատանք, ո՛չ օգնություն հասարակության կողմից… որ մեզ սպասում է տանջանք, անդադար կռիվ, բարոյական պատերազմ, անվերջ չարչարանք, որ միակ վարձատրությունը վերջ լինելու է՝ երիտասարդ հասակում մի դագաղի մեջ հավիտենական քուն… բայց այնուամենայնիվ պիտի ետ գանք, որ կռվենք, մինչեւ վերջին շունչը պատերազմենք՝   հնամոլ, ճնշող, անձնապաշտ հասարակության հետ… Եթե ոչ սիրո զգացմունքից շարժված դեպի հայրենակիցները, որք մեզ ոչինչ միջոցներ չտալով անձնական անկախությանը հասնելու, միեւնույն ժամանակ չեն գնահատում մեր բարոյական ձգտումները, այլ գոնե շարժված սիրո զգացմունքից դեպի մարդկությունը, կոսմոպոլիտական զգացմունքից՝ օգնել մարդկության մի անդամին, նրա կորած,    ողորմելի, իր սեփական ինքնահավան տգիտության տակ ճնշված մի թշվառ ազգության, որին պատահմամբ մենք ինքներս էլ պատկանում ենք:

«Մշակ», 1873, 45

 

12. ՄԵՆՔ ՀՐԱՇՔ ՉԵՆՔ ԳՈՐԾԵԼ

 

«Մշակը» իր երկու տարվա ընթացքում, սկսած իր առաջին համարից, միշտ կրկնել է, թե նա չէ կամենում հանձն առնել դաստիարակչի եւ քարոզչի պաշտոնը, թե նա կամենում է միայն հետազոտել իր ազգի հասարակական ժամանակակից երեւույթները: Մենք անդադար կրկնել ենք, թե հրաշքների դարը անցավ եւ այժմյան դարը՝ անընդհատ, տոկուն աշխատանքի դար է:

Նույնիսկ մեր այդ համոզմունքի խոստովանությունը ապացույց է, որ մենք մեր գործունեութենից սպասել չէինք կարող հրաշքների, ոչ երկու, ոչ էլ տաս տարվա ընթացքում, այլ մեր խղճմտանքը հանգիստ կլինի, եթե դարձյալ մի անցավոր հայացք գցելով մեր երկու տարվա գործունեության վրա, մենք կարողանայինք ասել՝ մենք աշխատեցինք… Իսկ աշխատանքը երբեք ապարդյուն անցնել չէ կարող: Վաղ թե ուշ նրա գցած սերմերը կաճեն, նրա հետեւանքը կերեւա…

Ճշմարիտ է, աշխատանքի հետեւանքը շատ անգամ ուշ է բերում շոշափելի պտուղներ, բայց նրա գոյությունը բոլորովին անտես առնելու անկարող է հասարակությունը: Մի անգամ հայտնած միտքը ոչնչացնելը մարդկային հասարակության ուժից վեր է…

Մենք ոչ հրաշք գործել ենք, ոչ դիտավորություն ունեինք հրաշք գործելու, այլ աշխատել ենք:

Այն ամեն երեւույթները, որ մենք երկու տարվա միջոցում քննել ենք, մնում են նույն դրության մեջ, այն ամեն հասարակական պակասությունները, որոց վրա մենք անխնա հարձակվել ենք, մնում են անփոփոխ, այն բոլոր առաջարկությունները, որ մենք արել ենք, դեռ մնում են անգործադրված…

Մենք անդադար քննադատել ենք հին սերունդը, բայց նա մնում է դարձյալ նույն անձնապաշտ, նորություն ատող, առաջադիմության անընդունակ ուժը…

Մենք անխնա հարձակվել ենք երիտասարդության վրա, բայց նա ինչպես երկու տարվա մեջ չէ փոխվել, այնպես էլ երկար դեռ փոխվելու չէ եւ մինչեւ նոր սերունդի հասակ առնելը կմնա նախանձոտ,      որովհետեւ տգետ է, կաշխատե սեւացնել, խայտառակել այն ամենը,    որին հասնել չէ կարող, որովհետեւ ուրիշ միջոց չունի մրցելու իրանից գերազանցող ուժի հետ, ուրիշ զենք չունի իր սեփական գոյության համար կռվելու

Մենք հարձակվել ենք հոգեւորականության դեմ, բայց այդ մեր հարձակմունքներով նրան չենք փոխել, եւ նա մնում է նույն տգետ եւ ինքնահավան հոգեւորականությունը, որ չէ հասկանում, թե իր բոլոր ուժը ժողովուրդն է, ուրեմն փոխանակ ժողովրդի հետ ձեռք ձեռքի գնալու, փոխանակ նրա իրավունքները իրան համար գոյության       ապաստան համարելու, նա հենց որ միջոց ունի, մեղանչում է այդ      իրավունքների դեմ:

Մենք անխնա հարձակվել ենք այն ընտանեկան դաստիարակության դեմ, որ բացի երեխայի մեջ մտքի անկախությունը եւ ինքուրույնությունը ճնշելուց, սերմանում է նորահաս սերունդի մեջ ամենասատիկ ատելություն դեպի ազգի սեփական հատկությունները, դեպի մայրենի լեզուն, եւ, այսպիսով , մեղանչում է ոչ թե միայն ազգության դեմ, բայց, որ ավելի աններելի է, մարդկության դեմ, ընծայելով մարդկությանը անընդունակ նոր սերունդը: Բայց, այնուամենայնիվ, մեր դատողությունները չեն ընդունվել մեր դաստիարակներից որպես ճշմարտություն, եւ մեր մայրերը շարունակում են համառությամբ       իրանց երեխաների թարմ սրտերին շնչել արհամարհանքի զգացմունքը դեպի իրանց ազգությունը:

Մենք ցույց ենք տվել, թե մեր կանանց եւ օրիորդների ազգային բնավորութենից հեռու լինելու պատճառը նրանց ընդհանուր մարդկային կրթության պակասությունն է, բայց այդ մեր խոսքերը չկարողացան որեւէ փոփոխություն առաջացնել նրանց համոզմունքների մեջ…

Անցնենք մեր արած առաջարկություններին:

Մենք առաջարկել ենք ոսումնարանների վերաբերյալ այս կամ այն վերանորոգություն, բայց արդյոք ընդունվեցա՞վ նրանցից գոնե մինը:

Մենք ներկայացրել ենք մեր կարծիքը քաղաքի այս կամ այն տնտեսական մասին վերաբերյալ, բայց այդ առաջարկություններից ո՞ր մինը լսելի եղավ:

Մենք բողոքեցինք այն երեւույթի դեմ, թե մեր հասարակությունը ամեն միջոցներով նպաստում է մեծ արդյունաբերության զարգանալուն, բաց է անում բանկերի օգնությամբ կրեդիտը մեծ կապիտալներին, իսկ փոքր արդյունաբերությանը ու մանր կապիտալներին փակում է բոլոր ճանապարհները դեպի կրեդիտը:

Մենք քանի մի անգամ ցույց տվեցինք այն վնասը, որ առաջանում է գյուղի եւ քաղաքի արդյունաբերության եւ մթերքի փոխանակու- թյան մեջ անկանոն եւ անարդար հարաբերութենից, գյուղի եւ քաղաքի անհավասարակշռութենից, մենք մշակված հոդվածների մի շարքով եւ օրինատու կանոնադրության տպագրությամբ հարուցինք գյուղական փոխատու ընկերությունների միտքը…

Վերջապես այն բոլոր խնդիրներից, որ մենք քննեցինք, ընդունվեցա՞վ գոնե փոքր մասը այն առաջարկություններից, որ մենք արեցինք , իրագործվեցա՞վ գոնե մինը…

Ոչ…

Ուրեմն դուք ոչի՞նչ չարիք, կհարցնե մեզ ընթերցողը:

Բայց մի՞թե այդ կնշանակե, որ մենք պիտի հուսահատվենք… ոչ:

Մենք չէինք կարող սպասել, որ այն, ինչ որ մենք քննադատեցինք, վերանորոգվեր երկու տարվա ընթացքում, կամ այն, ինչ որ մենք առաջարկեցինք, իսկույն ընդունվեր եւ իրագործվեր…

Մենք կրկնում ենք՝ մենք դիտավորություն չունեինք հրաշք գործելու եւ բոլորովին հույս էլ չունեինք ներկա սերունդի վրա ազդելու:

Մեր պարտավորությունն է սերմանել մտքերը, որք եթե մասամբ ընդունվեն գալու սերունդից, մենք մեր նպատակին հասած կլինենք, համոզված լինելով, որ ջուրը ընկնելով կաթիլ առ կաթիլ, փորում է ամենապինդ քարերը:

Մեր գործունեությունը պիտի լինի այդ մտքի անընդհատ, անդադար, տոկուն ներգործությունը, ուր վերջապես, թող ուշ անգամ,    առաջ բերե մտավոր շարժումը…

Իսկ այդ նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է ժամանակ եւ հասարակության օգնություն:

Անընդհատ հայտնվող հասարակական երեւույթները քննելու կամ հետազոտելու համար հարկավոր է նյութ: Երեւույթները հետազոտելու եւ նրանցից ընդհանուր մտքերը դուրս բերելու համար՝ մեզ հարկավոր են նյութեր, փաստեր…

Մենք մենակ ոչինչ չենք կարող անել՝ այդ նյութերը, փաստերը, իրողությունները պիտի հաղորդե մեզ հասարակությունը, իսկ մենք հանձն ենք առնում նրանց մշակելու…

Թող իմանա հասարակությունը, որ մենք երբեք դիտավորու-  թյուն չունեինք եւ այսուհետեւ էլ հրաժարվում ենք հրաշքներ գործելուց: Մեր գործունեությունը էր եւ պետք է լինի՝ հետազոտել իրողու-   թյունները եւ դուրս բերել նրանցից ընդհանուր եզրակացությունները: Մեր     իդեալն է՝ լինել խղճմտանքով աշխատողներ:

Մենք համոզված ենք, որ անցավ այն դարը, երբ մադիկ հավատում էին հրաշքներին: Այժմյան դարը ճիշտ հետազոտության դար է:

Այժմյան դարում որեւէ փոփոխություն դեպի լավը կարելի է սպասել միայն անընդհատ գործունեութենից, հրաշք սպասել կարելի է միայն երկարատեւ եւ տոկուն աշխատանքից:

«Մշակ», 1874, 1

13. ՆՈՐ ԵՎ ՀԻՆ ՍԵՐՈՒՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲԵՄԻ ՎՐԱ

 

Մայիսի 14-ին Թիֆլիսի թատրոնում հայ դերասանական ընկերությունը տվեց «Էլի մեկ զոհ» պ. Գ. Սունդուկյանցի կոմեդիա երեք գործողությամբ:

Այդ պիեսան, թեեւ հինգ տարի սրանից առաջ գրվեցավ, բայց միայն մի անգամ ամբողջությամբ էր տված, իսկ մեծ մասամբ առանձին գործողություններով, մանավանդ որ սկզբում նա հինգ գործողության մեջն էր եւ փոքր-ինչ ծանր էր բեմական արհեստի կողմից:

Պիեսայի միտքն է՝ մեր հասարակության հին եւ նոր սերունդների միմյանց մեջ անհաշտ պատերազմը: Մի կողմից Սարգիս եւ Սալոմե, մյուս կողմից Միքայել եւ Անանի:

Հին սերունդը, ով եւ լիներ նրա ներկայացուցիչը՝ Սարգիս, թե Սալոմե, ունի աչքի առջեւ միայն մի նպատակ, այն է իր անձնական շահը, եւ այդ շահի համար պատրաստ է հարստահարել իր սեփական հարազատ երեխային: Սարգիսը իր անձնական շահերի համար ամենաանազնիվ կերպով հարստահարում է Միքայելին, իսկ Սալոմեն նույն նպատակին ձգտելով, ամենաբռնի կերպով վարվում է իր Անանու հետ…

Նոր սերունդը, որքան հնարավոր է իրան, պատերազմում է հիների անամոթ վարմունքի, անողորմ բարոյական հարստահարության դեմ: Բայց, ինչպես շատերը շատ ճիշտ նկատել են, Սունդուկյանցի թե՛ այս, թե՛ ուրիշ գրվածներում նոր սերունդը անհամեմատ թույլ է, քան թե հինը: Եվ ճշմարիտ է, հինը պինդ կանգնած է իր մի անգամ ընտրած սկզբի վրա՝ ճնշել, բռնադատել, հարստահարել, ոչնչացնել, աչքի առջեւ ունելով միայն իր անձնական օգուտը, վայելչությունը, շահը… Նա հաստատ քայլերով եւ ուղիղ առաջ է գնում իր մի անգամ ընտրած ճանապարհով…

Նորը պատերազմում է, կռվում է, պաշտպանում է իր մարդկային իրավունքները, բայց շատ անգամ իր բոլոր ուժերը լարելուց հետո, թուլանում է, շատ անգամ շեղվում է իր ճանապարհից, անհաջողաբար է վարվում, վերջապես գուցե եւ ընկնում է…

Ուշադրության արժանի է, որ եւ ռուս հասարակության մեջ հին սերունդի տիպերը ավելի դուրս կանգնած, ավելի ինքնուրույն են, քան թե նոր սերունդի անձնավորությունները: Այդ բանը պարզ երեւում է տաղանդավոր Տուրգենեւ ռուս գրողի «Հայրեր եւ որդիներ» (Отцы и дети) րոմանի մեջ:

Եվ այդ շատ հասկանալի է: Ամեն նոր կազմակերպվող հասարակության մեջ այսպես պետք է լինի:

Մի կողմից ճնշել, բռնադատել, հարստահարել ավելի հեշտ է, քան թե մարդու իրավունքները եւ անկախությունը պաշտպանել եւ բացի սորանից հին սերունդի մեջ այդ հատկությունները անցնում են ժառանգապես, հորից որդի, սերունդից սերունդ, եթե կարելի է ասել, անցնում են ավանդաբար:

Հին սերունդը արդեն վարպետ է իր գործի մեջ՝ ճնշել մարդի անհատական զգացմունքները, այնինչ նորը միայն այժմ սկսում է պաշտպանել իր մարդկային իրավունքները:

Վերջացնելով հոդվածը չենք կարող մեր շնորհակալություն չհայտնել պ. Սունդուկյանցին այն բանի համար, որ նա իր պիեսայով, եթե կարելի է ասել, արդարացնում է եւ մեր սեփական աչքում մեր գործունեությունը: Մենք անդադար անխնա պատերազմել ենք հին սերունդի վարմունքի դեմ, այժմ մենք մենակ չենք զգում նեզ՝ մեր գործը տարած ենք համարում: Երբ լրագրությունը եւ բեմը ձեռք ձեռքի տված միեւնույն գաղափարներ կհայտնեն, միեւնույն նպատակին կձգտեն, այն ժամանակ մի հասարակության բարոյական վերանորոգության գործը կարելի է աջողված համարել:

«Մշակ», 1875, 20

14. ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԵԾ ԽՆԴԻՐԸ

Եթե ուշադրությամբ հետեւենք վերջին տարիների մեջ հայ-կովկասյան լրագրության ընթացքին, կհամոզվենք, որ ոչ մի խնդիր այնքան չէր զբաղեցնում մեր լրագրությունը, որքան ուսումնարանների խնդիրը: Թե՛ խմբագրական հոդվածների, թե՛ նամակագրությունների նյութերի մեծ մասը նվիրված էր այդ խնդրին: Այդ մի ապացույց է, որ ուսումնարանի հարցը հայ-կովկասյան ժամանակակից հասարակու- թյան մեջ օրվա հարց է, կարեւոր մի հարց է, հասարակական ամենա-զգալի պահանջ է…

Եվ ճշմարիտ, հայը որքան հնար է իրան, մտածում է այդ հարցի մասին, հոգում է, կարողության չափ, նրա իրագործման մասին:

Որքան անկատար, նահապետական լիներ մեր հայոց թե՛ քաղաքային, թե՛ գյուղական ուսումնարանների մեծ մասի կազմակերպությունը, այնուամենայնիվ, նրանց թիվը արդեն ամենապարզ ապացույց է, որ մեր հասարակությունը, թեեւ անգիտակցական կերպով, հասել է այն հաստատ համոզմունքին, որ առանց ուսումնարանների գոյության, անհնարին է հասարակական կյանքը ժամանակակից հայի համար…

Մենք ասացինք՝ անգիտակցական… այո՛, հայը գիտե, նա հասկացել է, որ առանց ուսումնարանի կարելի չէ ապրել ժամանակակից մի հասարակության, բայց հարցրեք նրան ինչ տեսակ կազմակերպություն ավելի հարմար է իր հիմնվող բազմաթիվ ժողովրդական դպրոցներին, եւ հայը անկարող կլինի դրական պատասխան տալ այդ ձեր առաջարկված հարցին…

Հայը հիմնում է ուսումնարաններ, հավաքում է գումարներ, նվիրում է փողեր նրանց պահպանելու եւ, որքան հնարավոր է, օրինավոր ուսուցիչներին հրավիրելու համար, բայց իսկապես նա գոհ չէ իր այդ ուսումնարանների ընթացքով եւ նոցա տված բարոյական եւ մտավոր արդյունքով…

Ուսումը հարկավոր է, - այդ սկզբնական ճշմարտությունը հասկանալի է հային, բայց երբ տարրական կամ միջնակարգ ժողովրդական դպրոցում ուսումը ստանալուց հետո, երիտասարդը մուտք է գործում հասարակության մեջ, նա ավելի դժբախտ է համարում իրան, քան թե այն անձը, որ բոլորովին զուրկ է մնացել ուսումից… Նա իրան կյանքի մեջ պատահող, իրան շրջապատող արգելքների, կյանքի դժվարությունների դեմ զինվորված չէ տեսնում. ուսումնարանը չէ տվել նրան միջոց կյանքի մեջ առաջ գնալու, պատերազմելու, իր անձը ապահովացնելու, իրան մի ապահով կտոր հաց ճարելու… Ընդհակառակն, նա իրան ավելի դժբախտ է տեսնում, քան թե այն մարդը, որ անուս եւ տգետ է մնացել… Նրա ուղեղը քիչ շատ զարգացավ, նա ստացավ ավելի նուրբ, ավելի բարձր զգացմունքներ, ավելի ազնիվ գաղափարներ, բայց միեւնույն ժամանակ տեսնում է իրան բոլորովին անօգնական, մոլորված իրան շրջապատող հասարակության մեջ,    որովհետեւ ինքն իրան խոստովանում է, որ ոչինչ դրական, գործնական բան չի սովորել, որ կարողանա նրան դրական, գործնական հասարակության մեջ գործ դնել… Եվ այն ժամանակ նա ինքն իրան      ասում է՝ «Ինչի՞ չսովորեցի մի արհեստ, լիներ այն մինչեւ անգամ ամենաստոր արհեստը…»:

Ահա այն խնդիրը, այն մեծ խնդիրը, որ զբաղեցնում է մեզ, որ այժմ մեր հայոց հասարակության մեջ, կարելի է ասել, օրվա խնդիր է դարձել… Ոչ թե միայն ուսում, տարրական եւ միջնակարգ ուսում, կամ բարձրագույն ընդհանուր կրթություն, բայց դրական, գործնական, արվեստագործական ուսում հարկավոր է մեզ:

Ժամանակ է մտածել՝ տարրական եւ միջնակարգ ուսումնարաններին միացնել տարրական եւ մեր հասարակության մեջ գործադրելի արվեստների ավանդելը. ժամանակ է մտածել՝ միացնել բարձրագույն ընդհանուր կրթության հետ եւ մասնագիտական որեւէ մեր հասարակության համար կարեւոր եւ նրա մեջ գործադրելի ճյուղի ուսումնասիրությունը:

«Մշակ», 1876, 12

15. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ տարի է արդեն, որ թե՛ եվրոպական հասարակական կարծիքը, թե՛ ընդհանուր քաղաքականությունը զբաղված են արեւելյան հարցով: Թուրքահպատակ քրիստոնյաների պատերազմը մահմեդականության ճնշող ուժի դեմ՝ քննադատության առարկա է դարձել ամբողջ աշխարհի լրագրության եւ գրականության համար, հոգսերի եւ պարապմունքների առարկա է դարձել կրթված աշխարհի դիպլոմատիայի համար… Քրիստոնյա ազգերի անունները, որք ապստամբված են թուրքաց անտանելի լուծի դեմ, հիշվում են յուրաքանչյուր լրագրում. թուրքահպատակ քրիստոնյա ազգերի անունները, որք այդքան դար ճնշված են մնում մահմեդականության անողորմ եւ քաղաքա-   կրթության թշնամի տարրի տիրապետության տակ, լսվում են ամեն բերաններից, միայն մի ազգի անունը ոչ մի տեղ չենք պատահում՝ ոչ լրագիրներում, ոչ դիպլոմատիական թղթերում, ոչ էլ հասարակական առօրյա խոսակցության մեջ:

Իսկ այդ ազգը, հայերը, փոքր ազգ չեն: Մոտ երեք միլիոն քրիստոնյա ժողովուրդ, թուրքաց տերությանը հպատակ, նույնքան եւ գուցե եւ ավելի թշվառ դրության մեջ է գտնվում, քան թե սլավոնական ազգերը:

Այդ ազգը դարեւոր բարոյական, մտավոր եւ տնտեսական ճնշման պատճառով դարձել է բոլորովին կրավորական, նա չունի այնքան բարոյական զորություն, որ իր ճնշման դեմ բողոք բարձրացնե անգամ… Նա կորցրել է հավատը դեպի իր սեփական ուժերը, նա հաշտվել է այն մտքի հետ, որ ինքն ոչ թե միայն ազգ չէ, այլ որ իր անհատներից յուրաքանչյուրը իրավունք չունի մինչեւ անգամ մարդ անունը կրելու, իրավունք չունի այն հասարակ ընդհանուր մարդկային     իրավունքները վայելելու, որ վայելում է ամեն մի մարդկային էակ…

Թուրքիայի հայերը ճնշված, ստորացրած են, մինչեւ այն աստիճան կրավորական են դարձած, որ իրանց սեփական շրջանից անկարելի է սպասել բռնավորության, հալածանքի, ճնշման դեմ բողոք… Հայը հասել է դարեւոր ստրկության շնորհով անկման այն աստիճանին, որ կորցրել է հավատը դեպի իր սեփական ուժերը, ինքն իրան արհամարհում է ոչ թե միայն որպես մի ամբողջ ազգություն, բայց մինչեւ անգամ որպես մարդ… Հայը որպես մարդ էլ չէ հանդգնում մտածել անգամ, որ յուրաքանչյուր մարդկային էակին հավասար իրավունք ունի պահանջել ընդհանուր մարդկային իրավունքները, կյանքի ապահովության եւ ազատության անբռնաբարելի իրավունքները…

Պետք է մի դրսի հզոր ուժ, դրսի ազդեցություն հայտնվի, որ մարդասիրական գութից շարժված, մեկներ այդ հոգով ընկած, անդադար բռնավորության տակ հուսահատված եւ մաշված ազգությանը իր օգնության ձեռքը…

Հայերը աշխարհիս երեսին քրիստոնյա ամենահին ազգությունն են: Հայերի մեջ Քրիստոսի վարդապետության լույսը սկսել է մուտք գործել դեռ աստվածային վարդապետի կենդանության ժամանակ, եւ այն ժամանակից մինչեւ այժմ Ասիայի մեջ քրիստոնեության այդ կարապետները՝ տասնվեց դար շարունակ կրում են քրիստոնեության, հավիտենական ճշմարտության անունով ամենասարսափելի մարտիրոսական տանջանքները՝ առաջ զրադաշտական, հետո մահմեդական լուծից…  

Քաղաքակրթված աշխարհի համար այդ քրիստոնեական բարոյապես պատերազմող տարրը, քրիստոնեության այդ կարապետները Ասիայում՝ պետք է թանկագին լինեին որպես ավետարանի առաքյալները բարբարոսական աշխարհում…

Մի՞թե Եվրոպան թուրքահպատակ քրիստոնյա խոսքով հասկանում է միայն սլավոնացիներին եւ ուղղափառներին, մի՞թե միեւնույն չէ ընդհանուր մարդկային օգուտների համար ո՛ր ցեղին եւ քրիստոնեական եկեղեցու ո՛ր դավանության է պատկանում ճնշված քրիստոնեական այս կամ այն ազգություն, մանավանդ այնպիսի ազգություն, որի կոչումն էր միշտ եւ պետք է լինի՝ միջնորդ լինել Ասիայում քրիստոնեության, ուրեմն եւ քաղաքակրթության լույսի տարածման…

Եթե այդ կոչումը առաջ անգիտակցական էր, նա ապագայում պետք է գիտակցական դառնա:         

Մանավանդ մի եվրոպական պետության, այն է Ռուսաստանի ձեռքում, որի կոչումն է տարածել Արեւելքում համաշխարհային քաղաքակրթությունը, այդ տոկուն, աշխատասեր, քրիստոնեության գաղափարի իրան զոհած ազգությունը՝ հայերը, կարող էին որպես միջոց ծառայել Փոքր Ասիայում Ռուսաստանի նպատակը իրագործելու համար:

Հայերը կարող էին Ռուսաստանի համար ամենահավատարիմ միջնորդներ լինել, նպաստելով այդ պետության նպատակներին եւ կոչմանը՝ տարածել եւ մտցնել Փոքր Ասիայում ավետարանի եւ եվրոպական կրթության լույսը, ուրեմն եւ ընդհանուր մարդկային քաղաքակրթությունը…

«Մշակ», 1876, 24

16. ԱՅԺՄ ԿԱՄ ԵՐԲԵՔ

Կրոնքը եղել է միշտ նոր կազմակերպվող կիսավայրենի դրութենից քաղաքակրթության ճանապարհը մտնող հասարակությունների համար գլխավոր հասարակական բարոյական հիմք: Եթե կրոնքը ինքն բարոյական, հաստատ, անհատական, զարգացնող հիմքեր չունի, եւ հասարակությունն էլ զուրկ է մնում իր զարգացման ընթացքում զորեղ-բարոյական եւ հաստատ-հասարակական հիմքերից…

Մահմեդականությունը ոչ մի տեղ չէ նպաստել մի ազգություն բարոյապես եւ քաղաքականապես զարգանալու: Այն ամեն ազգերը,   որը մահմեդականություն են ընդունել, քաղաքականապես զորեղ չեն եղել, կամ միայն կարճ ժամանակով քաղաքական ուժ են ստացել եւ շուտով կրկին ընկել են եւ անհետացել, որպես քաղաքական մարմիններ…

Ուրեմն այժմյան պատերազմը, այժմյան կռիվը Թուրքիայի քրիստոնեության՝ մահմեդականության դեմ, ոչ թե միայն ապստամբված քրիստոնյա ազգերի գոյության համար կռիվ է ճնշող մահմեդական լուծի դեմ, բայց այդ պատերազմը ունի լայն, ընդհանուր, համայն-մարդկային նշանակություն՝ դա քաղաքակրթության կռիվ է բարբարոսության դեմ:

Այդ է պատճառը, որ թուրքահպատակ քրիստոնյաների շարժումը պետք է հետաքրքրե ամբողջ կրթված աշխարհը, թուրքահպատակ քրիստոնյաների դրությունը պետք է գրավե ամբողջ Եվրոպայի ուշադրությունը:

Այժմ, երբ ճնշված քրիստոնյաների մեծ մասը զենքը ձեռին պաշտպանում են իրանց մարդկային իրավունքները, անխղճություն կլիներ Եվրոպայի կողմից թողնել Թուրքիային հպատակ քրիստոնյա ազգերից մինը անպաշտպան՝ զոհ լինել մահմեդականության, թույլ տալ կլանվել նրա ոչնչացնող տարրի մեջ… Դա կլիներ ոչ թե միայն անխղճություն, բայց եւ հեռու ասիական երկիրներում քաղաքա-       կրթության լույսի տարածման անհրաժեշտության կողմից, վերջապես գործնական կետից՝ դա անիրավություն կլիներ…

Ցավալի է, երբ տեսնում ենք, որ մի եվրոպական զորեղ պետություն, Անգլիան, ընդունել է եւ պաշտպանում է այդ անխղճության, այդ անիրավության քաղաքականությունը:

Մենք ասացինք մեր անցյալ համարում եւ կրկնում ենք, որ թուրքահպատակ հայերը իրանց թշվառ դրութենից դուրս գալու համար կարող են օգնություն սպասել, եթե ոչ անպատճառ նյութական, գոնե բարոյական՝ միայն մի եվրոպական պետութենից, այն է Ռուսաստանից:

Միայն Ռուսաստանը կարող է հասկանալ որքան օգտավետ է թե՛ ընդհանուր մարդկային քաղաքակրթության կետից, թե՛ իրան ռուսաց պետության օգուտների համար որքան նշանավոր է շահել, գրավել կորած, ընկած, հուսահատված քրիստոնյա տարրը Փոքր Ասիայում: Հայոց ազգը այդ երկրներում Հնդկա-եվրոպական ցեղի միակ ներկայացուցիչ է, ուրեմն եւ միակ ազգն է, որ ընդունակ է Փոքր Ասիայում տոկուն, աշխատասեր, տեւողական տնտեսական զարգացման, բարոյական զարգացման. դա միակ ազգն է, որ այդ երկիրների մեջ կարող է միջնորդ դառնալ եվրոպական քաղաքակրթությունը մտցնելու եւ տարածելու համար…

Հայերին Փոքր Ասիայում, Հայաստանում սպառնում է կատարյալ կորուստ: Եթե Թուրքիան սլավոնական ցեղերի հետ պատերազմից հաղթող դուրս կգա, հայերը կորած են. եթե Թուրքիան հաղթվի եթե ստիպված կլինի թողնել Եվրոպա եւ այդ վայրենի մոնղոլական ցեղը կդիմե դեպի ասիական գավառները, հայերը նույնպես կորած են: Հայերը Հայաստանում հետզհետե անհետանում են եւ կանհետանան թուրքաց բռնավոր տիրապետության տակ՝ մասամբ կյանքի տնտեսական անապահովութենից, հարստահարութենից, վատ կառավարութենից, սովից, հիվանդություններից, մասամբ իրանց մայրենի հողից անդադար գաղթելով, մասամբ վերջապես կլանվելով մահմեդական տարրի մեջ, նորա բռնի ազդեցության տակ անդադար իրանց կրոնքը փոխելով…

Այդ կրիտիկական րոպեում, երբ հայտնվեցավ բացարձակ պատերազմ քրիստոնեության եւ մահմեդականության մեջ, երբ վերջապես քրիստոնյա տարրը կամենում է մահմեդականության հետ իր բոլոր անցած հաշիվները դրստել, հայերի համար դա նույնպես մի վճռողական րոպե պետք է համարվի՝ այժմ, կամ երբեք…

Իսկ ի՞նչ է անում այդ ծանր, վճռողական րոպեում մեր հոգեւորականությունը… ոչինչ… Ինչպես դարերով նա ոչ թե միայն ոչինչ չէ արել, այլ մինչեւ անգամ իր շահերի համար աշխատել է հարստահարել, ճնշել քրիստոնյա ամբոխի կյանքը, այնպես էլ այժմ նա անշարժ նստած՝ անտարբեր նայում է քրիստոնյա տարրի կրած անասելի մարտիրոսություններին: Նրա աչքի տակ դարերով քրիստոնյաները մահմեդականութենից հարստահարվում, բռնադատվում էին, նրանց կանայքն ու աղջիկները բռնաբարվում էին, նրանց ունեցածը հափշտակվում էր, ամբողջ հայ գյուղերը մահմեդականություն էին ընդունում… իսկ մեր հոգեւորականությունը ոչ թե միայն չտարածեց քրիստոնեու-  թյունը, ոչ թե միայն անընդունակ հայտնվեցավ քրիստոնեության        առաքյալ, տարածող լինելու, բայց եւ ունեցածն էլ հետզհետե իր ձեռքից թողեց… Նրա գործունեությունը ուրեմն ոչ թե միայն դրական չէր, բայց եւ բացասական էր:

Այժմ, կամ երբեք մեր հոգեւորականությունը կարող է իր վարմունքով բարձրացնել իրան ժողովրդի աչքում, հասարակական կարծիքի առաջ մաքրել իրանից այսքան դարեր իր վրա կրած պատմական բիծը… Այսքան դարեր ժողովրդի քրտինքով վաստակած եւ վանքերին ընծայած կոպեկները, որ այժմ ահագին գումարներ պետք է դառնային, դիզվելով մեր վանքերի մեջ, ժողովուրդը իրավունքով կարող է գոնե մասամբ ետ պահանջել, գործ դնելով նրան մի մեծ, վսեմ գործի համար՝ քրիստոնյա հայրենակիցների ազատության համար, մահմեդականության ճնշող, բարբարոս, քաղաքակրթությանը թշնամի, ստրկացնող, մարդկային պատիվը ստորացնող լուծից…

Այդպիսով մեր հոգեւորականությունը կմաքրեր իրանից իր վրա եղած այն բոլոր պատմական բիծերը, որք մնում են նրա խղճմտանքի վրա ծանր բեռի պես, նա կմաքրվեր իր անցյալի ընթացքից, իր դեմ արդարացի կերպով ուղղված մեղադրանքներից եւ նախատինքներից…

Սորանից ի՞նչ ավելի վսեմ տեսարան կարող էր լինել՝ Քրիստոսի եկեղեցին ազատում է ստրկության մեջ տանջվող քրիստոնյաներին, բարեպաշտ ազգից եկեղեցուն դարերով ընծայված գումարներով…

Կամ գուցե այդ գումարները այլեւս չկա՞ն վանքերում, նրանք կորա՞ծ են, անհետացա՞ծ են… Գուցե ժողովրդի քրտինքով վաստակած, դարերով հավաքված ահագին գումարները արդեն կերած, վատնած են մեր վանքերից…

  «Մշակ», 1876, 25

17. ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

Մահմեդականությունը եւ տասնիններորդ դարի գաղափարները անհնարին է իրար հետ հաշտեցնել, մահմեդականությունը եւ        անընդհատ առաջադիմությունը չեն կարող ձեռք ձեռքի տված ընթանալ…

Այն գլխավոր սկիզբները, որոնց վրա կայանում է ժամանակակից քաղաքակրթված մարդկային հասարակությունը, չունի մահմեդականությունը: Ժամանակակից հասարակության հիմնական սկիզբները սրանք են, որ եւ կազմում են ժամանակակից պետական կազմակերպության գլխավոր հիմքերը՝ անհատական զարգացում, աշխատանք եւ հավասարություն:

Անհատական զարգացման հիմքը՝ ընտանիքն է, իսկ մահմեդականությունը հերքում է ընտանիքը: Աշխատանքի անհրաժեշտ պայմանը այն ձգտումն է, որ ստիպում է մարդուն անդադար դիմել իր մտավոր, բարոյական եւ նյութական դրության բարելավացնելուն, իսկ մահմեդականությունը ասում է մարդուն՝ իզուր ես աշխատում, իզուր ես ձգտում քո անձի մասին հոգալու եւ քո դրությունը բարելավացնելու, որովհետեւ ինչ որ պատահելու է, արդեն նախասահմանված է աստվածային զորության կամքով… այդ ֆատումի սարսափելի վարդապետությունը սպանում է մարդու մեջ ամեն ձգտում դեպի տոկուն աշխատանքը: Վերջապես հավասարության սկիզբը հակառակ է մահմեդականության, որովհետեւ յուրաքանչյուր մահմեդական պարտավոր է, ղորանի վարդապետությանը հետեւելով, ամեն ուրիշ դավանու-թյուն, ամեն ուրիշ համոզմունք իր դավանութենից, իր համոզմունքից ստոր համարել:

Այդ տեսակ հանգամանքներում անհնարին է մտավոր, բարոյական եւ տնտեսական առաջադիմությունը:

Հայերը Հայաստանում եւ Փոքր Ասիայում ընկած լինելով այդ անշարժ, մոլեռանդ, առաջադիմությանը անընդունակ եւ քաղաքա-  կրթության թշնամի տարրի ազդեցության տակ, բոլորովին առանձնացած եւ շրջապատված են վայրենի, կողոպտիչ, հարստահարող ցեղերով… Թուրքաց տերությունը, որ անընդունակ է բացարձակ եւ պարզ կերպով դիմել ճշմարիտ լուսավորությանը, անընդունակ է եվրոպական քաղաքակրթության լավ կողմերն ընդունել, կարողացավ, որպես Անգլիայի արժանի աշակերտ, ընդունել այդ վերջինից միայն նրա    անարժան կողմերը, նրա նենգավոր եւ խաբեբա քաղաքականությունը: Թուրքաց տերությունը Փոքր Ասիայի հայերի վերաբերությամբ հետեւում է հետեւյալ քաղաքականության եղանակին՝ աշխատել երկպառակություն սերմանել հպատակ ցեղերի մեջ, նրանց միմյանց հետ կռվացնել՝ նոցա փոխադարձ ուժերը թուլացնելու համար: Փոքր       Ասիայի նահանգապետներին տերության կողմից գաղտնի հրաման է տրված բնակեցնել քուրդերին հայերի գյուղերի մոտ, որպեսզի այդ վերջինները հարստահարվեն, ճնշվեն, բռնադատվեն, նրանց կանայք ու աղջիկները բռնաբարվեն բարբարոսներից, նրանց հողերը փոքր առ փոքր անցնեն քուրդերի ձեռքը: Հայը ճնշված է, հայ երկրագործը տնտեսական կողմից էլ հարստահարված է: Քուրդը կողոպտում է,    ավազակություն է անում եւ հարստանում է: Քուրդերի մեջ այժմ կան   ամենահարուստ մարդիկ: Հայը հանգստություն չունե, հայի կալվածները կողոպտում է, ոչնչացնում է քուրդը, եւ դարձյալ քուրդերին պետք է դիմե աղքատացած հայը պարտքով փող առնելու համար, վճարելով ահագին տոկոսներ… Հայի դաշտը փչացած է, հունձքը այրված է, տունը քանդված է, կինն ու աղջիկը անարգված են, եւ ինքը պարտքերի մեջ է ընկած եւ քուրդ բեյի ձեռքում ստրուկ է դարձած, որովհետեւ նրանից գումար է փոխ առած իր տնտեսական, իր երկրագործական պիտույքների համար: Այդ պարտքերից հայ երկրագործին անհնարին է դուրս գալ… Այդ է պատճառը, որ հայը գաղթում է եւ երեւի մի քսան կամ երեսուն տարուց հետո էլ հայ չի մնա Հայաստանում…

Եվ դեռ կան բթամիտ մարդիկ, որք քարոզում են հային համբերություն, հափշտակվում են անիրագործելի ցնորքներով, որ մի անգամ հայը առաջին դեր կխաղա Թուրքիայում, կամ գոնե իրագործված կտեսնեն մի հայոց-թուրքաց պետություն…

Բայց մինչեւ ե՞րբ հայը պետք է համբերե, մինչեւ ե՞րբ պետք է սպասե այդ քաղաքական նոր կազմակերպությանը հասնելու համար… Մինչեւ որ տաճիկը կզարգանա՞, կքաղաքակրթվի՞… բայց մինչեւ այն ժամանակ հայի անունն էլ չի մնա Փոքր Ասիայում:

Երբեք պատմության մեջ տեսած չենք որ մի ազգ, հպատակ լինելով մի օտար, մանավանդ իրանից ստոր զարգացման պետության, առաջ գնար, զարգանար, ապահովեր իրան, իրավունքներ ստանար՝ հլու, ստրկային, անպայման հնազանդությամբ, առանց երբեք իր      իրավունքները պահանջելու…

Մենք ասում ենք՝ տունը քանդվում է, ընկնելու, ավերակ դառնալու, փուլ գալու վրա է, շուտով դուրս եկեք այնտեղից, երկաթը ձեռին քանդեցեք նրա ծռած, սպառնող պատերը, եթե ոչ ամենքդ էլ նրա ավերակների տակ կմնաք, իսկ նրան քանդելու ժամանակ գուցե եւ ձեզանից շատերը կզոհվեն, կսպանվեն գլխին ընկած ագուռների եւ գերանների ծանրության տակ, բայց դարձյալ շատերը եւ ոչ թե ամենքը…

Իսկ մեզ պատասխանում են՝ այդ ցնորք է, լավ է համբերեն քանդվող տան բնակիչները, տունը ինքն իրան նորից կպահպանվի, ծռած պատերը կդրստվեն, անձրեւի, ձյունի եւ հողմի ազդեցության տակ ժամանակով նորից կպնդանա շինությունը…

Հայը շունչ կքաշե Թուրքիայում միայն այն ժամանակ, երբ տաճիկ տարրը եւ թուրքաց տերությունը կլուսավորվեն, բայց մահմեդականությունը սկզբունքով հերքում է լուսավորությունը… Մինչեւ ե՞րբ սպասեն հայերը…

Դեռ պետք է կոտրել նախապաշարմունքը, խոնարհել մահմեդականությունը, ենթարկել նրան ժամանակակից մտքերի ներգործությանը, եւ ապա սպասել լուսավորության տարածումը Թուրքիայում…

Մինչեւ ե՞րբ…

Մի ժամանակ, այո՛, կլինի եւ այս, կլինի որ ընդհանուր մարդկային լուսավորությունը մուտք կգործե եւ վայրենի ցեղերի մեջ, բայց ե՞րբ…

Երբ որ արդեն հայի անունը չի մնա Հայաստանում, երբ հայերի մի մասը գաղթված, իսկ մյուս մասը խառնված կլինի տաճիկների եւ քուրդերի մեջ…

Հայի լեզուն անհետանում է Թուրքիայում, ամբողջ հայ գյուղեր գաղթում են անդադար, մնացողներից շատերը մահմեդականու-թյուն են ընդունում, հայի հողերը անցնում են հետզհետե քուրդերի եւ տաճիկների ձեռքը, հայ երկրագործ դասը պարտքերից խեղդված, գցում է հողը եւ հավաքվում է քաղաքներում կամ գաղթում է օտար երկիրներ, Հայաստանից դուրս, հայ կանայք եւ աղջիկները բռնաբարվում են եւ գերի են տարվում քուրդերի գյուղերը, եւ հայուհուց ծնվում են ոչ թե հայ զավակներ, այլ քուրդ կամ տաճիկ սերունդ…

«Մշակ», 1876, 27

18. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՑԱՆՔԸ

Արդյոք ի՞նչ ուրիշ բանի վրա կարելի է խոսել այս րոպեիս, եթե ոչ արեւելյան հարցի վրա, երբ որ քրիստոնյաների դրությունը Թուրքիայում օրհասականին հասած ծանր հիվանդի նման է, երբ որ մեր ցեղակից եւ կրոնակից եղբայրները ինչ ասես տանջանք, ինչ ասես չարչարանք են կրում բարբարոս ուժի ձեռքում:

Անտարակույս, եթե խիստ իրավաբանական կետից նայելիս լինենք այն երեւույթի վրա, թե մի հպատակ ազգություն ապստամբվում է իր տերության դեմ, թեեւ նա պահանջելիս լիներ ամենաբարձր, ամենաանբռնաբարելի մարդկային իրավունքները, այն իրավունքները, որ վերջին անասունն էլ վայելում է, այնուամենայնիվ, պետական իրավունքի օրենքով, պետության ամբողջությունը եւ հպատակ ազգերի մեջ հնազանդությունը պահպանելու համար, տերությունը իրավունք ունի իր բոլոր ուժը գործ դնել ապստամբությունը զսպելու համար:

Բայց ո՞ր իրավաբանական օրենքը կամ ո՞ր բարոյական պատվերը իրավունք է տալիս այդ տեսակ անհնազանդությունը զսպելու համար գործ դնել ոչ թե պատերազմական բոլոր միջոցները զենքը վերցրած ապստամբ հպատակների դեմ, ոչ թե դատաստանական բոլոր թույլ տված միջոցները անհնազանդ հպատակների դեմ, այլ գործ դնել կրակ, սպանություններ, կենդանի մարդկանց այրելը, կանանց եւ երեխաների կոտորելը, անմեղ կույսերի գազանական բռնաբարելը եւ նրանց անխնա սպանելը, ամեն մարդկային անբռնաբարելի անհատական իրավունք, զգացմունք, պատիվ ոտնակոխ     անելը…

Այդ բավական չէ, ո՞ր պետական կամ բարոյական իրավունքը թույլ է տալիս եթե մի գավառ ապստամբվեցավ, սկսել կոտորել եւ նրա հարեւան գավառի բոլոր բնակիչներին, որոնք չեն ապստամբվել եւ գուցե միտք էլ չունեն ապստամբվել, ինչպես որ արավ Թուրքիան խեղճ Բոլգարիայի հետ, որովհետեւ Բոսնիան եւ Հերցեգովինան ապստամբվեցան, ինչպես որ անում է այժմ Թուրքիան Հայաստանի հետ, որովհետեւ նրա եվրոպական նահանգները անհնազանդության դրոշակը բարձրացրին:

Դա անասելի, վերին աստիճանի անարդար, վրդովելի մի իրողություն է…

Բոլգարիայի մեջ գործած կոտորածները վրդովեցրին մինչեւ անգամ Անգլիայի սառն եւ անտարբեր հասարակական կարծիքը: Բայց այդ վրդովմունքը տեւողական չէ՝ հարկավոր ժամանակ Անգլիան դարձյալ պատրաստ կլինի պատերազմել Թուրքիայի թշնամիների դեմ…

Այժմ կոտորում են Հայաստանում, ո՞վ է վրդովվում… Այն խոսքերը, թե Անգլիան պատրաստ է պահանջել ինքնավարությունը Թեսալիայի, Էփիրոսի եւ Հայաստանի համար, սուտ, դարդակ, կեղծավոր խոսքեր են: Մենք նրանց չենք հավատում…

Անգլիան ներկայացնում է Արեւմտյան Եվրոպայում այդ լուսավորված աշխարհի եսական քաղաքականության տիպը:

Արեւմտյան Եվրոպան, սկսած խաչակիր պատերազմներից, միշտ ծառայեցրել է իր օգուտներին արեւելյան ազգերը: Հայերը եղել են նրանց ծառաները, նրանց ստրուկները արեւելքում: Եվ այժմ, երբ որ հայերը կարոտ են Եվրոպայի օգնությանը, ոչ մի եվրոպական պետություն չի օգնի նրանց: Միակ պետությունը, որի վրա հայերը կարող են հույս դնել, այդ Ռուսաստանն է:

Արեւմտյան Եվրոպան, ընդհակառակն, գուցե եւ կուզենար, որ մենք ամենքս կոտորվենք, որ մեր տեղը իրանց եվրոպական գաղթականությունները բնակեցնեն:

Եվ Թուրքիան այդ բոլորը չէ հասկանում, չէ հասկանում, որ ճնշելով, հալածելով, կոտորելով ամենահավատարիմ նահանգների բնակիչներին, որոնք երբեք ապստամբված չեն, նա մեծ քաղաքական սխալ է անում, նա աններելի քաղաքական եւ բարոյական հանցանք է գործում:

Ճնշելով, հալածելով, կոտորելով հայերի պես մի ընդունակ, աշխատասեր, արդյունաբերող տարր, Թուրքիան ինքն իրանից խլում է ամենալավ ուժերը, ինքն իրան թուլացնում է, անձնասպանություն է գործում:

Թուրքիայի հանցանքն է, որ նա մինչեւ այժմ չէ հասկացել, որ հայերին իրավունքներ տալով, նա կունենար մարդիկ իր պետության մեջ, որոնք կհայտնվեին պետական եւ հասարակական բոլոր ճյուղերի մեջ, նա կունենար երկրագործական զորեղ եւ հարուստ դաս, նա կունենար ծաղկած վաճառականություն եւ արդյունագործություն, նա կունենար գիտնականներ, ժողովրդական վարժապետներ, նա կունենար զորապետներ, իրավաբաններ եւ պետական մարդիկ…

Իսկ այժմ նա ոչինչ չունի, եւ մեծ մասամբ նրա վարչության    ամենաբարձր աստիճանները բռնած ունեն ոչ թե բուն երկրից դուրս եկած ուժերը, այլ զանազան շրջմոլիկ, փախստական անձինք, որոնք իրանց հայրենիքից վիժված լինելով, իրանց բախտն ու ապաստանն են որոնում կիսալուսնի հովանավորության տակ:

  «Մշակ», 1876, 44

19. ՀԱՅՈՑ ԽՆԴԻՐԸ

Այժմ էլ տարակուսել չէ կարելի, թե ինչպես կա սլավոնական խնդիր, ինչպես կա հունական խնդիր, նույնպես դրած է եվրոպական դիպլոմատիայի առջեւ եւ հայոց խնդիրը:

Դեռ չորս-հինգ ամիս սրանից առաջ ոչ ոք չէր խոսում, չէր մտածում հայերի վրա, այժմ արեւելյան մեծ հարցի հոդվածներից մինը եվրոպական քաղաքականության մեջ պետք է լինի եւ հայոց խնդիրը:

Այսուհետեւ հայոց խնդիրը անբաժան պետք է լինի արեւելյան հարցից:

Բայց ինչպես հասան հայերը իրանց ձայնն էլ Եվրոպային լսել տալու համար:

Ապստամբությա՞մբ…

  Ո՛չ:

Ապստամբությունը հայոց ազգի բնավորությանը հակառակ է:

Հայոց ազգը չափից դուրս ստրկացած է, ճնշված է եղել դարերով, որ հանդգնի զենք վերցնել, արյուն թափելով իր իրավունքները պաշտպանել…

Այդ կարող են անել այն ազգերը, որոնք դեռ ունեն ազատու-  թյան զգացմունքի կայծը իրանց սրտերում, բայց ոչ թե հայոց ազգի պես կատարյալ կրավորականությանը հասցրած մի ազգություն:

Հայոց ազգը մի ուրիշ զարմանալի հատկություն ունի, եւ այդ հատկությունը նշմարելի է նրա մեջ իր ամբողջ պատմության ընթացքում: Նա ուզում է խելքով, մտավոր զենքով, ապացույցներով, դատողություններով հաղթել իր թշնամուն: Նորան ճնշում են, նորան ծեծում են, վիրավորում են, բանտարկում են, սպանում են, իսկ նա փիլիսոփայություններ է անում, ապացուցանում է, որ այդ անարդար է, վիճում է իր ճնշողի, իր հալածողի, իր թշնամու հետ…

Հայերը այդ միշտ արել են:

Հինգերորդ դարում Զրադաշտի կրոնի պաշտողները հայերին ճնշում էին, Հայաստանը ավերում էին, ամբողջ քաղաքների, գավառների, գյուղերի բնակիչներին գերության էին տանում, բնակություններին կրակ էին տալիս, կանանց եւ կույսերին անպատվում, տանջում էին, մարդկանց կոտորում, սպանում էին, կամ բանտարկում էին, իսկ հայը իր Եղիշեի կամ Եզնիկի բերանով դատողություն էր անում, ապացուցանում էր իր բռնակալին նորա դավանած կրոնի անհիմն լինելը եւ նրան իր կրոնը՝ քրիստոնեությունը քարոզում: Պարսից արքայի հրամանով բանտարկված հայ քաջ նախարարները իրանց բռնակալներին՝ քրիստոնեություն, արդարություն եւ մարդկային իրավունք էին քարոզում:

Կար մեկ ուրիշ ազգ, հրեաները, որոնք իրանց թշնամիներին աղոթքներով եւ հրաշքներով էին ուզում հաղթել, բայց հայոց ազգի պես մի ազգ, որ սուրը ձեռին կատաղի թշնամու առաջ անզեն կանգնած քարոզեր նրան փիլիսոփայություն, մարդասիրություն, լոկ խոսքով լոգիկական մտախոհությամբ պահանջեր մարդկային իրավունք, արդարություն, հայոց ազգի պես մի ազգ հազիվ թե մի ուրիշը կգտնվի աշխարհիս երեսին:

Որտեղի՞ց է մտել հայի մեջ այդ հատկությունը, որ մենք կանվանենք ապագայի քաղաքականություն, չգիտենք:

Եվ այդ է պատճառը, որ հայը միշտ ճնշված, միշտ հալածված է եղել, որովհետեւ զինավորված մարդու առաջ անզեն կանգնել եւ նրան դատողություն անել, նրան արդարություն բացատրել… զենքի, սրի, հրացանի, թնդանոթի ուժը, պատերազմը՝ լոգիկայով, մտավոր ուժով հաղթել, դեռեւս վաղ է, դեռեւս մարդկությունը մտավոր զարգացման այդ բարձր կետին չէ հասել:

Հայը կանգնում է բարբարոս, կատաղի, մոլեռանդ մահմեդականի առջեւ, ապացուցանում է նրան իր իրավունքը, աղերսներ է տալիս նրան, պահանջում է արդարություն եւ գուցե վերջը սպառնում է նրան, բայց ինչպե՞ս, ինչո՞վ… Սպառնում է, որ եթե չստանա իր պահանջած ամենաանհրաժեշտ մարդկային իրավունքը, այն ժամանակ ստիպված կլինի գաղթել իր հայրենիքից, որ նվաճված է թուրքերից, որ թուրքաց պետության մի մասն է կազմում… Կարծես թե վայրենի թուրքը մտավորապես այնքան զարգացած է, որ կարող է հասկանալ այդ սպառնալիքի բոլոր ուժը, բոլոր նշանակությունը, կարծես թե կարող է հասկանալ, որ ճշմարիտ էլ իրան վնաս է, եթե աշխատասեր, ընդունակ հայոց ազգի պես տարրը գաղթի իր պետութենից…

Եվ այժմ, արեւելյան հարցի մեջ էլ հայը հավատարիմ է մնացել իր պատմական հատկությանը, իր քաղաքական բնավորությանը…

Նա ամբողջ Եվրոպային ուզում է համոզել, որ Թուրքիային   ուզում է հաղթել իր սիրած սովորական միջոցով՝ պարզ հասարակ լոգիկայով, մտավոր ուժով:

Ցանկանում ենք մեր ազգին, որ եթե նրան վիճակված է այդ ճանապարհով ընթանալ, կատարելապես աջողվի նրան այդպիսով ստանալ իր մարդկային իրավունքը, ձեռք բերել արդարությունը:

«Մշակ», 1876, 47

20. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Արեւելյան խնդիրը մի նոր շրջան է մտել: Զինադադարը երկարացրած է մինչեւ մարտի 1-ը: Կոնֆերենցիան շարունակում է իր նիստերը, Թուրքիան հայտնել է սահմանադրական լայն, ընդարձակ իրավունքներ իր հպատակներին, Եվրոպան հույս ունի դեռեւս առանց պատերազմի, առանց արյուն թափելու, խաղաղական ճանապարհով Արեւելյան հարցը վճռելու:

Եթե տեսական կետից նայելիս լինենք Թուրքաց տերութենից իր հպատակներին շնորհված սահմանադրության վրա, պետք է խոստովանենք, որ նրանք բախտավոր կլինեին այդ տեսակ սահմանադրություն ունենալու: Բայց ո՞վ է երաշխավոր, որ այդ սահմանադրու- թյունը ճշմարիտ կիրագործվի եւ չի մնա միայն մի անպետք, անգործադրած եւ անգործադրելի թղթի կտոր…

Մի՞թե հավանական է, մի՞թե հնարավոր է, որ մի երկիր այդպես հանկարծակի կերպով լուսավորվեր, ամենախոր, ամենազզվելի բարբարոսութենից անմիջապես անցներ ամենաազատամիտ երկրների շարքը… Մեր կարծիքով դա անկարելի բան է: Եվ մի՞թե Անգլիան, որ ինքը դարերով, հետզհետե զարգացել է եւ հասել է մինչեւ ազատությունը, մի՞թե ինքը Անգլիան, որ դրդել է Թուրքիային հայտնել այս սահմանադրությունը, ինքը Անգլիան ասում ենք, հավատո՞ւմ է թուրքաց սահմանադրության իրագործման կարելիությանը… Չենք կարծում:

Եվ ինչ ծիծաղելի, ինչ տխուր, անմխիթար երեւույթ՝ մի կողմից տերությունը հայտնում է փառավոր, ընդարձակ սահմանադրություն, իսկ մյուս կողմից հպատակ ազգությունները՝ հույները, հայերը եւ այլն, հավատ չընծայելով այդ օդային խոստումներին, դիմում են աղերսներով թե՛ իրանց տերությանը, թե՛ օտար պետությունների ներկայացուցիչներին, խնդրելով պաշտպանել նրանց թուրքերի հալածանքների եւ ճնշումների դեմ: Ուրեմն այդ սահմանադրական կանոնադրությունը, որ այդքան լայն իրավունքներ է տալիս թուրքահպատակ ազգերին, չի տալիս նրանց առաջին, ամենաանհրաժեշտ իրավունքը՝ անձի ապահովության իրավունքը…

Զարմանալի տեսարան: Թուրքաց սահմանադրությունը հրատարակված է, բայց ոչ Եվրոպան է հավատում Թուրքիայի խոստումներին եւ պահանջում է նրանից ապահովություններ, գարանտիաներ, որ այդ խոստումները լոկ խոսք չմնան, սահմանադրությունը կամ խոստացած արտոնությունները չդառնան անպետք կտոր թուղթ, ոչ էլ իրանք՝ թուրքահպատակ ազգերը հավատում են իրանց տերության խոստումներին…

Եվ մի՞թե Անգլիան ճշմարիտ, անկեղծ կերպով հավատում է Թուրքիայի խոստումներին եւ չգիտե թե այդ սահմանադրությունը, ինչպես Թուրքիայի բոլոր անցած խոստումները՝ խորամանկ, նենգավոր աչքակապություններ են, ավելի ոչինչ:

Դարձյալ Եվրոպան չհավատալով Թուրքիայի խոստումներին, կամ թույլ կտա Արեւելյան հարցը պատերազմով վճռելու, կամ եթե կհամաձայնվի խաղաղ ճանապարհով վճռել հարցը, անպատճառ կպահանջի գարանտիաներ եւ կպաշարի իր զորքերով Թուրքիայի նահանգներից մի քանիսները, մինչեւ որ օսմանյան պետությունը իր խոստումները գոնե մասամբ կիրագործի:

«Մշակ», 1876, 49