Հեղինակ

Բաժին

Թեմա
Publicism  

51. ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆ

Դարեւոր քնից զարթնող մի ազգություն իր առաջին եւ գլխավոր փրկությունը նախ եւ առաջ տեսնում է դպրոցների մեջ:

Դպրոցները հարկավոր են, այո, բայց մի՞թե միմիայն դպրոցների մեջ է հասարակության փրկությունը: Իսկ առաջին հարկավորության մթերքի, հացի թանկությունը, իսկ սովը, դրանց առաջը ինչով պետք է առնել… Մի՞թե դպրոցները կարող են բարվոքել ժողովրդի տնտեսական դրությունը:

Բայց հայերը այսպես են կարծում:

Մեր հարուստներից շատերը թե՛ իրանց կյանքի ժամանակ, թե՛ կտակներով մեծ գումարներ են նվիրում դպրոցներին, բայց դեռեւս ոչ ոք երբեք չէ նվիրել մի, թեեւ աննշան գումար, օրինակ մի գյուղական բանկ, գյուղական փոխատու ընկերություն, գյուղական արդյունաբերող ընկերություն հիմնելու համար:

Մեր հայ գյուղացին նույն հատկություններն ունի, ինչ որ քաղաքի հայ բնակիչը: Նա անհոգ, անշարժ, առաջադիմության թշնամի եւ միեւնույն ժամանակ նախանձոտ է:

Հայոց գյուղից մի երկու, երեք վերստ հեռավորությամբ գտնվում է, դիցուք, գերմանացիների կամ մալականների մի գյուղ,    որի մեջ առհասարակ ամբողջ տնտեսության ձեւը հարյուր անգամ բարձր է, քան թե հայերի մոտ: Բայց տարիներով ապրելով գերմանացիների կամ մալականների հարեւանությամբ, հայ գյուղացիները երբեք օրինակ չեն վեր առնում իրանց հարեւանների տնտեսական որեւէ ձեւերից…

Մի որեւէ օտարազգի կապիտալիստ, ինչպես օրինակ Դիլիջանի մեջ հարուստ Բեկման էր արել, գնում է մի կտոր գետին, մաքրում է նրան, անապատից դրախտ է ստեղծում, հիմնելով մի օրինակելի ֆերմա, բայց հայերը բերանները բաց նայում են իրանց աչքերի առջեւ կատարվող երկրագործական եւ տնտեսական հրաշքների վրա եւ, այնուամենայնիվ, չեն վստահանում մտածել անգամ, որ եթե կուզենային, իրանք էլ նույն բանը կարող էին անել:

Իհարկե, յուրաքանչյուր գյուղացի ջոկ վեր առած ոչինչ չէ կարող անել, բայց գյուղական ամբողջ համայնքը, միասին գումարելով իր բոլոր դրամական եւ ֆիզիկական ուժերը, օգուտ քաղելով նույնպես գյուղական կրեդիտից, կարող է գրեթե նույնն անել, ինչ որ մենակ    անում է հարուստ կալվածատերը:

Բայց դժբախտությունն այն է, որ հայ գյուղացին հայի ընդհանուր հատկություններն ունի: Վերցնենք կրկին նույն Դիլիջան գյուղը. նրա հարեւանությամբ տարիներով ապրում են մալականները, որոնք արդեն շատ վաղուց իրանց հողերի մեջ կարտոֆիլ են ցանում: Հայերը նրանցից ոչ օրինակ են առնում, ոչ էլ նախանձում են նրանց, որովհետեւ նրանք օտարներ են: Բայց, երբ որ նույն իսկ Դիլիջանի հայ բնակիչներից մին փորձեց կարտոֆիլ ցանել, նրա համագյուղացիները գիշեր ժամանակ թափվեցան նրա ագարակի վրա, փչացրին նրա մարգերը, հողից հանեցին կարտոֆիլի արմատները եւ ցիր ու ցան    արեցին խեղճի այդ միակ հարստությունը:

Հայ գյուղացին օտարից օրինակ չէ վեր առնում եւ անտարբեր է մնում, իսկ իր ազգակցին, հային, որ հանդգնեցավ մի նոր բան անել՝ սաստիկ նախանձելով աշխատում է ամեն միջոցներով վնասել:

Ուրեմն նախանձը ոչ թե միայն հայ ժողովրդի փչացած մասի, քաղաքի բնակիչների հատկությունն է, բայց նույն հատկությունն ունի եւ նահապետական հայ գյուղացին:

Որտեղի՞ց, ուրեմն, կարելի է սպասել առաջադիմություն մեր գյուղական կյանքի մեջ, երբ դեպի օտարը հայ գյուղացին անտարբեր է, եւ ոչինչ օրինակ չէ վերառնում նրանից, իսկ դեպի իր հայրենակիցը նա նախանձոտ է եւ աշխատում է վնասել նրան:

Հարկավոր է աշխատել մտցնել մեր հայ գյուղերում ամեն տեսակ օգտավետ տնտեսական ընկերակցություններ, որպեսզի նախանձոտ եւ եսական հայ գյուղացին սովորի անձնական հաշիվներն ու շահերը ենթարկել եւ ստորադասել ընդհանրության հաշիվներին եւ շահերին:

Եվ միայն ընդհանուր գյուղական գումարներով եւ ընկերակցություններով հայ գյուղացին կարող կլինի մրցել իր հարեւան այլազգի գյուղացիների եւ հարուստ կալվածատերերի հետ, կկարողանա բարվոքել իր տնտեսական ընկած դրությունը:

Եթե մեր գյուղերը գյուղական արդյունաբերող ընկերություններ ունենային, թանկության կամ սովի պատահած ժամանակ նրանք չէին թույլ տա որ զանազան միջնորդներ, հարստահարողներ եւ չարչիներ ծախեին հացը այդքան թանկ գներով, այլ իրանք կբերեին քաղաքներ կյանքի այդ առաջին հարկավորության մթերքը, ունենալով քաղաքներում իրանց հաստատ մթերանոցները:

Գյուղն է պահում քաղաքը, եւ գյուղացին պետք է քաղաքի հետ անմիջական հարաբերություն ունենա, առանց պարտավորված լինելու իր արդյունքները ծախելու նպատակով դիմել հարստահարող եւ կողոպտող չարչիների միջնորդությանը:

«Մշակ», 1879, 217

52. ՍՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ

I

Թուրքաց Հայաստանի սովատանջների դրությունը: - Որտեղ է ավելի տարածված սովը: - Տեղեկություններ Կ. Պոլսի կենտրոնական մասնաժողովի: - Սովի պատահական պատճառներ. արտակարգ բնական երեւույթներ եւ հացի պաշարի սպառվելը Հայաստանում մինչեւ վերջին պատերազմը եւ պատերազմից հետո: - Հարկեր: - Թափառական ցեղեր եւ ավազակություններ: - Մշտական պատճառներ. հողային հարաբերություններ եւ բեկերից կախված լինելը: - Ճանապարհների բացակայությունը: - Հայերի թվի պակասելը եւ գաղթականությունների պատճառները: - Կայմեի եւ մեթալիքի վերցվելը շրջաբերությունից, հաց բերելու արգելքը եւ այլն: - Կ. Պոլսի եւ Վանի մասնաժողովներ: - Ռուսաստանից եկած օգնությունը:

------

Թուրքաց Հայաստանի մեջ այժմ տիրող սովը մեզ ամենքիս զբաղեցնում է, յուրաքանչյուր հայի մտատանջության առարկա է դարձել այն հարցը, թե ինչպես պետք է օգնություն հասցնել մեր սովատանջ եղբայրներին: Այդ սովի մասին գրվում է թե՛ հայոց, թե՛ ռուս եւ թե՛ եվրոպական լրագիրներում, ամեն տեղ, ուր որ հայեր կան, նվիրատվություններ են հավաքվում հօգուտ սովատանջների, մի քանի հայաբնակ քաղաքներում հիմնվել են օգնության մասնաժողովներ եւ այլն:

Դասախոսությանս նպատակն է կարողությանս չափ ամփոփել այն բոլոր տեղեկությունները, որ ունենք Հայաստանի մեջ այժմ տիրող սովի մասին, նկարագրել սովատանջների դրությունը թուրքաց Հայաստանի մեջ, ցույց տալ թե ինչ պատճառներից է առաջ եկել այդ սարսափելի աղետը եւ վերջապես աչքի անցնել մի քանի ամենանոր պատմական իրողություններ եւ եվրոպական հայտնի գիտնականներից մի քանիսների կարծիքները առհասարակ սովի մասին, նմանապես եւ նրանց առաջարկած միջոցները սովի երեւալուն կամ տարածմանը առաջն առնելու համար:

Ուրիշ կողմից այդ դասախոսութենից գոյացած արդյունքը նվիրվում է Հայաստանի սովատանջների օգտին:

Թուրքաց Հայաստանի մեջ այժմ տիրող սովի մասին մենք մեծ մասամբ մեր տեղեկությունները քաղում ենք Կ. Պոլսի հայոց լրագիրներից, տեղական լրագիրների թղթակցություններից, Կ. Պոլսի հայոց կենտրոնական մասնաժողովի ձեռքով մեզ հաղորդված եւ տպագրված լուրերից եւ հեռագիրներից եւ վերջապես մասնավոր նամակներից:

Սովը տարածված է ամբողջ Հայաստանում եւ անցնում է Փոքր Ասիա: Սովատանջ ժողովուրդը կազմում է մի ահագին շղթա, սառնապատ Էրզրումից սկսած մինչեւ տոթային Բաղդադը, ամփոփում է իր տարածության մեջ ռուսական եւ պարսկական սահմանագլխի գավառները, անցնելով մինչեւ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի ափերը: Սարսափելի նոթության մեջ են Ալաշկերտ, Հին Բայազեդ, Վան, Մուշ, Բիթլիս, Էզրում, Սղերթ , Մուսուլ, Պիլեճիկ, Կեյվե, Նիկոմեդիա եւ այլն:

Կ. Պոլսի մասնաժողովը հրատարակեց մի շարք հեռագիրներ, որ նա ստացել է զանազան գավառներից: Այդ բոլոր հեռագիրները միմյանց նման են, բոլորն էլ սարսափելի գույներով են նկարագրում սովամահ ժողովուրդի տանջանքները: Այդ հեռագիրներից երկուսը կամ երեքը աչքի անցնելով, կծանոթանաք եւ մնացածների տխուր բովանդակության հետ: Օրինակի համար բերում եմ այստեղ երկու-երեք հատ այդ հեռագիրներից:

«Վան, 15/27 մարտի: Ժողովուրդը հազիվ տասն եւ հինգ օրվա համար ցորեն ունի: Տեղական կառավարությունը միայն քաղաքի մեջ տաս եւ երկու հազար սովյալ մարդանց հաց է մատակարարում: Օրական հարյուր տիրհեմ հացը պարտավորեցավ հիսունի իջեցնել: Մեր ձրիաբար կերակրած սովյալների թիվը չորս հազարից ավելի է: Մի քննիչ հանձնաժողով ամբարների տեր կարծեցյալ տները խուզարկեց եւ ոչինչ չգտավ»:

«Էրզրում, 13/29 մարտի: Մեզ հասած մանրամասն տեղեկու-  թյունների համեմատ Ալաշկերտում մի ամսվա մեջ 100 հայեր սովամահ են եղել: Ղարաքիլիսայի եւ Ալաշկերտի կողմերում ավելի քան 3500 հոգի հացի կարոտ են. եթե իր ժամանակին նրանց օգնություն չի հասցնվի, ապագայում մեծ վտանգ է սպառնում»:

«Սղերթ, 17/29 մարտի: Ցորենի վաթսուն հոխայի գինը երեք ոսկի է: Գյուղացիները թափվեցան քաղաքը. քաղցածությունից մեռնելու աստիճանի են հասած: Մահմեդականները հավասարապես թշվառ են: Գթության ենք սպասում»:

«Մուսուլ, 26 մարտի: Աննկարագրելի է սովյալների տեսարանը, որոնք ամեն կողմից դիմում են դեպի քաղաքը եւ հավաքվում են այստեղ: Մինչեւ անգամ գարի չգտնելով, դիակներով են կերակրվում եւ հիվանդությունների են ենթարկվում»:

«Պիլեճիկ, 17/29 մարտի: Սովը գյուղերի մեջ օրից օր սաստկանում է: Գյուղացիները թափվեցան քաղաքը: Արքունի ամբարներից պարտքով ցորեն խնդրեցին հունձքի ժամանակում վճարելու պայմանով, բայց ոչինչ չկարողացան ստանալ: Ձեր շնորհած ոսկին բավական չէ: Արագ եւ հզոր օգնություն է հարկավոր»:

«Կեյվե, 15/27 մարտի: Չորս ամիսների ընթացքում ձմեռվա սաստկութենից եւ պաշարի սակավութենից տանջվելով, միմյանց օգնելով ապրեցանք, բայց այժմ ամենքս էլ հավասարապես քաղցած ենք»:

Եվ բոլոր հեռագիրների բովանդակությունը այդպես տխուր, անմխիթար, հուսահատ է:

Ավելորդ եմ համարում ինձանից մի բառ անգամ ավելացնել այդ տխուր նկարագրություններին:

Այժմ ինքն իրան հարց է առաջարկվում, թե ինչպե՞ս է եղել, որ այնպիսի մի հարուստ եւ բերրի երկիր, ինչպես Հայաստանն է, հասել է այդ հուսահատական դրությանը, ինչպե՞ս է պատահել, որ Հայաստանի ոչ մի գավառում հաց չկա այս տարի եւ մարդիկ սովից մեռնում են:

Երաշտությունը, որ կարող է սով պատճառել, առհասարակ    առաջ է գալիս կամ պատահական պատճառներից, կամ մշտական պատճառներից:

Պատահական պատճառներ ես անվանում եմ բնական անաջող երեւույթները, ինչպես օրինակ չորային եղանակը, անչափ առատ եւ անժամանակ անձրեւները, կարկուտը, մորեխը, դաշտային մուկը եւ այլն, կամ քաղաքական եւ հասարակական տառապանքներ, ինչպես օրինակ պատերազմը:

Անցյալ 1879 տարին շատ դժբախտ տարի էր Հայաստանի համար: Մի գավառում չորային եղանակը այրել էր հունձքը, մյուս գավառում անընդհատ անձրեւները փտեցրել էին ցանքերը, երկրի այլ եւ այլ տեղերում երեւեցան մորեխը, դաշտային մուկը, որոնք ավերեցին դաշտերը: Բացի այդ բոլոր աղետներից 1878 թվի ռուս-թուրքաց պատերազմը արդեն սպառել էր Հայաստանի ցորենի բոլոր պաշարները: Պատերազմը ամեն տեղ եւ ամեն երկրի համար մի տնտեսական աղետ է, բայց մանավանդ, երբ պատերազմը լինում է Թուրքիայի պես մի երկրում: Արդեն պատերազմից առաջ Թուրքիան կրկնակի հարկ էր դրել Հայաստանի ազգաբնակության վրա, բացի սորանից երկու տարվա հարկը կանխիկ էր պահանջում ժողովրդից, իսկ որտեղ ժողովուրդը փողով չէր կարող վճարել, նրանից խլում էին նրա ցորենի ամբողջ պաշարը: Շատ տեղ պաշտոնյաները համ հարկ էին վերցնում, համ ստիպում էին ժողովրդին հանձնել տերությանը հացի կամ ալյուրի բոլոր պահուստները, խոստանալով վճարել գյուղացիներին         իրանց մթերքի համար, բայց իհարկե մեծ մասամբ ժողովուրդը իրան խոստացած դրամը չէր ստանում: Բացի սորանից Հայաստանի տեղական վարչությունը բանեցնում էր գյուղացիներին, ստիպելով նրանց   իրանց հաշվով տեղափոխել բեռները եւ պատերազմին հարկավոր պաշարները իրանց սայլերով, ստիպում էր անվարձ աշխատել ճանապարհների եւ բերդերի կառուցման ժամանակ, ուրեմն բացի կրկնակի հարկը փողով, այն էլ կանխիկ երկու տարվա համար եւ բնական արդյունքներով հարկ վերցնելուց, խլում էր գյուղացու ուժերը դաշտային աշխատանքներից, զբաղեցնելով նրան պատերազմական պատրաստություններով: Վերջապես սկսվեցավ պատերազմը, - դա եվրոպական կանոնավոր պատերազմ չէ կարող համարվել, - մի պատերազմ, որտեղ մեծ դեր է խաղում մոլեռանդությունը, հալածանքը, ոխը եւ ատելությունը: Արդեն պատերազմից առաջ Վան քաղաքի կրակ ընկնելը ցույց է տալիս, թե ինչպես էին վերաբերվում թուրքերը դեպի իրանց հպատակ հայոց ազգությունը: Պատերազմի ժամանակն է՚լ ավելի հայտնվեցավ թուրքերի անգթությունը. մի կողմից նրանք սպառում էին հայի տնտեսական ուժերը, իսկ մյուս կողմից թույլատրում էին չերքեզներին եւ քուրդերին կողոպտել, ոչնչացնել հայերին, այրել հայոց ամբողջ գյուղերը: Բացի սորանից, ինչպես ամեն պատերազմի մեջ, թշնամի բանակները փոխադարձապես ոչնչացնում, այրում էին հացի մթերանոցները եւ նույնիսկ ազգաբնակությունն էլ այդ անում էր: Երբ ռուսաց զորքը մի տեղին մոտենում էր, մահմեդական գյուղերի բնակիչները հետ էին քաշվում եւ հետ քաշվելուց առաջ այրում, ոչնչացնում էին իրանց հացի պահեստները, երբ թուրքաց զորքերը կրկին վերադառնում էին արդեն ռուսներից մի անգամ նվաճած երկիրը, քրիստոնյա ազգաբնակությունը փախչում էր, ցրվում էր ռուսաց կամ պարսից սահմանները եւ փախչելուց առաջ այրում էր հացի բոլոր պահեստների մնացորդները: Այդպիսով ոչնչանում էր Հայաստանի մեջ   եղած հացի ամբողջ պաշարը, միեւնույն ժամանակ պատերազմի պատճառով սպառվեցան ցորենները Ռուսաստանի եւ Պարսկաստանի Թուրքիային սահմանագլուխ գավառներում: Միայն մի կարգից դուրս աջող եւ բերրի տարի կարող էր պատերազմից հետո փրկել Հայաստանը եւ լրացնել նրա բոլոր կորուստները: Բայց դժբախտապես պատերազմից հետո հետեւյալ տարին անաջող եւ երաշտ տարի եղավ:

Մշտական պատճառներ, որոնք տրամադրում են մի երկիր դեպի երաշտությունը եւ սովը, ես անվանում եմ այն հիմնական, արմատական պատճառները, որոնք կապ ունեն մի երկրի տնտեսական եւ պետական սխալ, անկանոն եւ անկատար կազմակերպության հետ:

Հայտնի է, որ Հայաստանը շատ հարուստ եւ բերրի երկիր է, բայց չնայելով, որ նա այդքան հարուստ եւ բերրի է, նա այնքան վատ է կառավարված, եւ Հայաստանի տնտեսական դրությունը այնքան անկատար եւ պակասավոր է, որ եթե երաշտություն եւ սով առաջ բերող պատահական դեպքեր էլ չլինեին, այդ երկիրը միշտ հակված կլիներ դեպի երաշտությունը եւ սովը:

Հայաստանի ամբողջ ազգաբնակությունից միայն հայ տարրն է աշխատասեր եւ արդյունաբերող: Թուրքը ծույլ եւ անհոգ է, քուրդը հափշտակիչ եւ ձրիակեր Է: Բայց պետական հարկերի ամբողջ ծանրությունը հայերն են կրում: Բացի սորանից, թեեւ քրիստոնյաները Թուրքիայում հողի սեփականության իրավունք ունեն, բայց իրապես թե՛ հափշտակության, կամայականության եւ թե՛ թուրք ու քուրդ կալվածատերերից կախված լինելու պատճառով եւ թե՛ այն պատճառով, որ հայը քուրդ եւ թուրք բեյերի պարտական է դարձել, նա կորցրել է գրեթե ամեն տեղ իր հայրենիքում հողի սեփականության իրավունքը եւ այնտեղ է հասել, որ հողերի միայն կապալառու է դարձել: Ուրեմն, արդյունաբերությանը անընդունակ տարրերը հողի սեփականատեր են, իսկ ազգաբնակության աշխատասեր եւ արդյունաբերող մասը, հայերը, զրկված են հողից: Մեծ մասամբ հայերի ձեռքով մշակվող հողերը վարձված հողերն են:

Անցյալ տարի իմ կարդացած դասախոսության մեջ ես նկարագրեցի ինչքան ծանր եւ ինչ բազմատեսակ հարկեր է վճարում հայը թուրքաց պետական գանձարանին եւ թուրք կամ քուրդ բեյերին, որոնցից նա կախված է [1]: Այլեւս չեմ խոսում պաշտոնյաների ձեռքով գործված անկանոնությունների, հափշտակությունների ու կամայականության մասին, չեմ խոսում նրանց կաշառակերության մասին, չեմ խոսում երկրի անապահով դրության մասին կիսավայրենի ցեղերի ավազակությունների կողմից: Այդ բոլորը կործանիչ ներգործություն ունի երկրի կանոնավոր արդյունաբերության վրա: Կասեմ միայն, որ եթե հայերը Թուրքիայում կարողանային էլ սեփական հողեր ունենալ եւ   առատ կերպով հացը արդյունաբերել, դա ապարդյուն ջանք կլիներ: Հայը արդյունաբերում է (ցանում է) այնքան ցորեն, որքան հարկավոր է պետական հարկը վճարելու եւ իր ընտանիքը մի տարի կերակրելու: Եթե նա ավելի արդյունաբերի, այդ ավելին պետք է փտեր պահեստներում, որովհետեւ նա ոչ ծախել կարող է իր հացը մոտակա տեղերում, ոչ էլ տանել վաճառանոցը գավառից գավառ, նահանգից նահանգ, ոչ էլ վաճառահանել երկրից դուրս: Պատճառը շատ պարզ է. ոչ մի տեղ  օրինավոր ճանապարհներ չկան ամբողջ թուրքաց Հայաստանում: Եթե հայ գյուղացին իր ավելորդ արդյունաբերած հացը տանի մի գավառից մյուս գավառը ծախելու, ճանապարհի ծախսը այնքան մեծ կլինի, որ իր հացի պաշարի գինը չի հանի: Եթե տարավ էլ, ծախեց էլ, վերադարձին կկողոպտվի ավազակներից, ինչպես այդ պատահում է այն գաղթական հայ մշակների հետ, որոնք մեզ մոտ Կովկասում աշխատելուց հետո եւ քիչ գումար տարիների ծանր աշխատանքով վաստակելուց հետո, վերադառնալով իրանց հայրենիքը, թուրքաց Հայաստանը, շատ անգամ թուրքաց սահմանը ոտքը կոխելուն պես, կողոպտվում են եւ տարիներով վաստակածը մի րոպեում կորցնում են:

Մենք տեսնում ենք, որ Թուրքիան չէ աշխատում զարգացնել եւ ծաղկեցնել երկրագործությունը Հայաստանում, չէ նպաստում վաճառականության եւ արդյունագործության զարգացմանը, չէ անցկացնում ճանապարհներ իր հպատակ երկրում, համբերում է, որ քրիստոնյա, աշխատասեր, արդյունաբերող գյուղացին իր հողից զրկվի եւ նրա հողը անցնի արդյունաբերությանը անընդունակ մահմեդականի ձեռքը, չէ զսպում ավազակ քուրդերին եւ չերքեզներին, այլ համբերում է, որ նրանք կողոպտեն հայերին, իր վարչական պաշտոնների մեջ, մինչեւ անգամ ամենաստոր պաշտոնների մեջ, գայմագամի կամ մյուդիրի պաշտոնի մեջ երբեք մի հայի չէ նշանակում, չէ սանձահարում պաշտոնյաների կամայականությունը եւ կաշառակերությունը, նոր եւ արդար օրենքներով չէ կարգադրում հողային հարաբերությունները Հայաստանում, ուշադրություն չէ դարձնում ծանր եւ անտանելի հարկերի վրա, եւ այդ բոլորի հետեւանքը այն է լինում, որ հայ ազգաբնակությունը տնտեսական եւ վարչական ճնշման տակ թվով նվազվում է, գյուղացին կամ գաղթում է իր հայրենիքից, կամ թողնում է իր գյուղական կյանքը եւ ապաստանվում է քաղաքներում, որտեղ սկսում է պարապել արհեստներով եւ մանրավաճառությամբ: Այդպիսով հայը, ոչ թե իր սեփական կամքով, այլ հանգամանքների շնորհով, արվեստական ճնշման պատճառով դավաճանում է իր կոչմանը, գյուղական կյանքին, երկրագործական պարապմունքին եւ դառնում է վաճառական, եւ հողը Հայաստանում զրկվում է իր աշխատասեր եւ ընդունակ բնիկ մշակողներից: Եվ վաճառականությամբ պարապողները դեռ ամենաերջանիկն են, իսկ մեծ մասը գյուղացիների գնում են Կ. Պոլիս եւ   ուրիշ քաղաքներ համալություն անելու եւ ամենածանր աշխատանքներն են հանձն առնում:

Մենք այդ բոլորը տեսնում ենք եւ ասում ենք, որ թուրքաց կառավարության այդ տեսակ վարմունքը հայի հետ անհոգության, անհեռատեսության եւ անընդունակության արդյունք են:

Բայց մանավանդ վերջին աղետալի անցքերի, սովի ժամանակ Թուրքիայի հայերի վերաբերությամբ բռնած ընթացքը համոզում է մեզ այդ ճշմարտության մեջ, եւ անաչառ դիտողի համար այդ վարմունքը այնքան կասկածելի է երեւում, որ մտածել է տալիս, թե ինչ որ անում է Թուրքիան, նա այդ անում է ոչ թե անհոգության, անհեռատեսության, կամ անընդունակության պատճառով, այլ հետեւում է առաջուց գծագրված, հեռատես, քաղաքական պլանին՝ սպառել, ոչնչացնել, ջնջել հայոց տարրը Հայաստանի մեջ: Փաստերը հաստատում են այդ կասկածները:

Ահա ապացույցներ:

Երբ որ մի պետության մեջ երաշտություն է լինում եւ սով է հայտնվում, ամեն պետություն, ինչքան էլ անհոգ լիներ, առհասարակ, աշխատում է, իր կարողության չափ, օգնություն հասցնել իր հպատակներին: Իսկ թուրքաց տերությունը, հենց որ սովը հայտնվեց Հայաստանում, իսկույն հրաման հրատարակեց, որով արգելվում էր ցորենի մուտքը թուրքաց երկիրը Ռուսաստանից կամ Պարսկաստանից: Այդ բավական չէ. Կ. Պոլսի մասնաժողովի հեռագիրները վկայում են, որ նույն երկրում, Հայաստանում, կառավարության հրամանով թույլ տրվեցավ հաց բերել սովատանջ վանեցիներին միայն Վանից հեռու գտնված Սվազից, իսկ մոտակա Բիթլիսից արգելվեցավ տեղափոխել ցորենը: Անգլիայի հյուպատոսները վկայում են, որ շատ տեղ հացի կառավարչական պահեստների վերակացուները ծախում էին մեծ գնով պահեստներում ունեցած ցորենի պաշարը զանազան չարչիների եւ հարստահարողների, իսկ տերությանը հայտնում էին, որ սոված ժողովուրդը կոտրեց ամբարները, կողոպտեց այդ հացի պահեստները: Հացը բաժանվում էր հայերին թշնամի քուրդերին, իսկ հայերին գրեթե ոչինչ չէր տրվում, այնինչ քուրդերը անցյալ տարի բավական կողոպտած էին հայ ժողովուրդը եւ խլած էին նրանցից հացի մնացորդը: Այժմ քուրդը կառավարութենից իր ստացած հացը կրկին թանկ գներով հայերի վրա էր ծախում:

Բացի սորանից պետք է ուշադրություն դարձնել եւ մի ֆինանսական կամայական միջոցի վրա, որ թուրքաց կառավարությունը գործ դրեց նույն միջոցներում: Նա առանց այլեւայլության հանկարծ շրջաբերությունից հանեց պետական դրամների տեսակներից մինը, այն է կայմե ասված դրամը, եւ փոքր միջոցից մետո հայտնեց, որ ժողովրդի ձեռքում մնացած մեթալիք ասված դրամն էլ նույնպես չէ ընդունում եւ աղքատացած ժողովրդից սկսեց հարկը պահանջել ոսկով եւ արծաթով:

Հենց որ Բ. Դուռը տեսավ, թե լրագրությունը խոսում է Հայաստանի մեջ տիրող սովի մասին, իսկույն արգելեց Կ. Պոլսում հրատարակվող հայ լրագիրներին խոսել այդ առարկայի վրա, իսկ Անդրկովկասում հրատարակվող հայ լրագիրներին եւ ամսագիրներին արգելեց մուտքը թուրքաց պետության սահմանները: Հետո թուրքաց կառավարությունը խափանեց մի քանի լրագիրներ նույն իսկ Կ. Պոլսում:

Այդ ժամանակ Թիֆլիսում կազմվեցավ հայ կանանց մասնաժողով, որպես բաժին այն ընկերության, որ վերջին պատերազմի ժամանակ ռուսաց կառավարության թույլտվությամբ կազմակերպվեցավ հայ գաղթականներին օգնելու դիտավորությամբ, մեր պարբերական հրատարակությունները սկսեցին փողեր ժողովել հօգուտ Վասպուրականի սովատանջների, Վանի մեջ հիմնվեցավ սովատանջներին խնամող մասնաժողով: Կ. Պոլսի մեջ հաստատվեցավ Հայաստանի սովատանջներին խնամող կենտրոնական մասնաժողով, Ռուսաստանի հայերը 50. 000 ռուբլուց ավելի ուղարկեցին իրանց թուրքաց սովատանջ հայ եղբայրներին: Ես հաշվում եմ 56. 000 ռուբլի, որովհետեւ մինչեւ այժմ «Մշակը» մենակ ուղարկեց 30. 000 ռ., կանանց կոմիտետը Թիֆլիսում՝ 10. 000 ռ., «Փորձի» խմբագրությունը՝ 6. 000 ռ., «Մեղու Հայաստանի» լրագիրը՝ մոտ 4. 000 ռ., ասենք որ մոտավորապես էլ մի 6. 000 ռ. ուղարկվեցավ Ս. Պետերբուրգից եւ Մոսկվայից մի քանի մասնավոր անձանց ձեռքով եւ մեր մի քանի հոգեւոր կոնսիստորիաների միջնորդությամբ:

Եվ ինչպե՞ս վերաբերվեց Բ. Դուռը դեպի այդ նվիրատվությունները. նա սկսեց ամեն միջոցներով արգելել, որ այդ փողերը տեղ հասնեն, հրահանգներ էր տալիս, որ Կ. Պոլսի կենտրոնական մասնաժողովից Վան կամ Հայաստանի այլ տեղեր ուղարկվող հեռագիրները  ուշանան, կամ բոլորովին անհետանան, հրահանգներ էր տալիս իր պաշտոնյաներին, որ հետեւեն, թե որտեղ մասնաժողովը փողեր կբաժանի եւ աշխատեն իսկույն հայ ժողովրդից հարկեր ժողովել (այդ էր պատճառը, որ Կ. Պոլսի մասնաժողովը վախենում էր հաշիվ տալ, թե որտեղ ինչքան փող էր ուղարկում), խոստանում էր սովատանջ ժողովրդին հաց տալ, նրանից փոխարինաբար պահանջելով ապագա հունձքը, բայց չէր կատարում իր խոստումը, ոչ մի տեղ սերմացու չտալով եւ հանգիստ ոգով նայելով ինչպես ժողովուրդը գաղթում էր դեպի Պարսկաստան կամ Ռուսաստան: Վերջապես, երբ Բ. Դուռը տեսավ, թե Կ. Պոլսի հայոց մասնաժողովը, չնայելով բոլոր արվեստական արգելքներին, բավական աջող կերպով գործում է, նա հիմնեց թուրքերից բաղկացած մի մասնաժողով եւ հրամայեց, որ հայոց մասնաժողովը իր բոլոր փողերը հանձնի թուրքաց պաշտոնական մասնաժողովին: Հայոց մասնաժողովը կարողացավ իր գոյությունը միայն նրանով ազատել, որ դրեց իրան եվրոպական եւ ամերիկական դեսպանների հովանավորության տակ: Մասնաժողովը հայտնեց, որ իր ձեռքում    ունեցած փողերի մեծ մասը փոխարինությամբ էր ստացել:

Սրանով ես վերջացնում եմ դասախոսության առաջին մասը, իսկ դասախոսության երկրորդ մասի մեջ ես մի թեթեւ հայացք կգցեմ  երաշտության եւ սովի պատմական մի քանի իրողությունների վրա   եվրոպական երկրներում եւ կհիշեմ թե ինչ ժամանակավոր եւ մշտական միջոցներ է առաջարկում երաշտության եւ սովի երեւալուն դեմ եվրոպական գործնական կյանքը եւ Եվրոպայի հասարակական եւ քաղաքական գիտությունը:

 

II

Ընդհանուր տնտեսական հիմունքներ: - Հացի գնի եւ ազգա-    բնակության բարօրության մեջ եղած հարաբերությունը: - Ուրիշ մթերքներ առաջին հարկավորության: - Ձուկը հյուսիսային Նորվեգիայում: - Վարգենտինի միտքը: - Հացի քանակության եւ պսակների թվի մեջ եղած հարաբերությունը: - Կարտոֆիլի մշակության հետեւանքը Իռլանդիայում: - Վիլիամ Պետտի: - Ժան-Բատիստ Սե ժողովրդի սնունդի մասին: - Սովի պարբերականությունը: - Երկու դպրոցներ. կառավարության միջամտությունը հացի ժողովրդական հայթայթման մեջ եւ   ազատ մրցություն: - Մի քանի տեղեկություններ պատմութենից: - Սովը Ֆրանսիայում եւ Սպանիայում 1817 թվին: - Ադամ Սմիտ, Սե, Բաստիա եւ ուրիշներ: - Նեկեր եւ հացի պահեստների սիստեմը: - Հացը երկրից դուրս բերելու արգելքը: - Անհրաժեշտությունը հացի պահեստների մեզ մոտ: - Միջոցներ թուրքաց Հայաստանի սովատանջներին օգնելու համար: - Հայաստանի մեջ վերանորոգումներ մտցնելու անհրաժեշտությունը: - Ազգային տառապանքը վերականգնեցրեց բարոյական կապը այլեւայլ դավանության հայերի մեջ: - Ռուսաստանի եւ Եվրոպայի համակրությունը դեպի հայերը:

--------

Հայտնի է, որ ցորենի գնի բարձրանալը կամ ընկնելը անմիջական ներգործություն ունի ազգաբնակության բազմանալու կամ թվով նվազելու վրա: Այդ այն պատճառով է, որ հացը մարդկության համար կենսական ամենաանհրաժեշտ պիտույքն է: Մեր բոլոր կենսական պահանջներից կերակուրը այն պահանջն է, որին անմիջապես բավականություն տալը անհնարին է հետաձգել: Երբ որ ազգաբնակությունը աճում է, ամենից առաջ ուտելեղեն նյութերի գներն են բարձրանում:

Առաջին հարկավորության ուտելեղենների գները բարձրանում են կամ երբ որ ազգաբնակության թիվը մեծանում է, կամ երբ որ անաջող եւ երաշտ տարի է լինում: Երբ որ կենսական առաջին պիտույքի մթերքը թանկանում է, այն ժամանակ ամբոխը գործ է դնում իր ամբողջ ունեցածը միմիայն այդ պիտույքը լցուցանելու վրա, զրկվելով երկրորդական պահանջներից, ինչպես շորերից, մաքրությունից, հիվանդության ժամանակ բժշկական օգնության դիմելուց եւ այլն: Երբ որ գլխավոր ուտելեղենի պակասություն է լինում, ամբոխը զրկում է  իրան բոլոր մնացած կենսական պահանջներից:

Բայց ամեն երկրներում ցորենը չէ կազմում կյանքի միակ եւ գլխավոր աղբյուրը. շատ երկրներում ուրիշ ուտելեղեններ կան,        որոնք պակասելով, կամ առատությամբ ավելանալով անմիջապես ազդեցություն ունեն ժողովրդի թվի նվազելու կամ աճելու վրա: Հյուսիսային Նորվեգիայի ծովեզրյա ազգաբնակությունը, որ գլխավորապես ձկներով է կերակրվում, անմիջապես սկսում է թվով նվազել, ինչպես պատմում է Ֆաբրիցիուս (Fabricius), այն տարիներում, երբ անհայտ պատճառներով ձկները հեռանում են Նորվեգիայի ափերից:

Շվեդացի գիտնական Վարգենտին (Wargentin) թվանշաններով ցույց է տալիս, թե որքանով ավելանում կամ պակասում է ծնունդների եւ պսակների թիվը իր հայրենիքում, նայելով թե տարին կենսական առաջին պիտույքի վերաբերությամբ առատ կամ երաշտ է եղել:

Ահա մի քանի թվանշաններ: Երկու աջող տարիներում պսակների թիվը եղել է 46. 000, իսկ երկու անաջող տարիների ընթացքում՝ 38. 000, ուրեմն 8000 պսակներ պակաս քան թե երկու աջող տարիներում: Ծնունդների թիվը երկու աջող տարիներում եղել է 182. 000, իսկ երկու անաջող տարիներում 165. 000, ուրեմն 17. 000 ծնունդ պակաս քան թե երկու աջող տարիներում: Անգլիացի Միլն թվանշաններով ցույց է տալիս, որ հենց որ ցորենի գինը Անգլիայում փոքրիշատե բարձրանում է, մահերի թիվը, զուգընթացաբար ցորենի գնի բարձրանալու հետ շատանում է եւ կրկին պակասում է, երբ ցորենը իր սովորական գինն է ընդունում [2] ։

Բացի ցորենից պետք է հիշել այստեղ եւ գետնախնձորը (կարտոֆիլ), որի մշակությունը տարածվելով ամբողջ Եվրոպայում, նույնպես մեծ ներգործություն ունի ազգաբնակության աճման վրա. եւ այդ երեւույթը գրեթե ամեն տեղ նկատվում է, որտեղ կարտոֆիլը ընդունված է որպես ժողովրդի առաջին հարկավորության կենսական մթերքը: Բայց մանավանդ Իռլանդիայում կարտոֆիլը նշանավոր ներգործություն ունեցավ ժողովրդի թվի աճման վրա: Դեռ 1672 թվին գիտնական Ուիլիամ Պետտի (Wiliam Petti) հաշվում էր Իռլանդիայում 1. 100. 000 բնակիչ: Իսկ 1754 թվին, երբ կարտոֆիլի մշակությունը տարածվեցավ Իռլանդիայում, ազգաբնակության թիվը այդ երկրում բազմացավ մինչեւ 2. 300. 000  հոգի Արդեն 1791 թվին  կատարված ժողովրդագրութենից երեւում է, որ Իռլանդիայի ազգաբնակությունը 5. 900. 000 էր հասել, իսկ 1841 թվին արած ժողովրդագրութենից երեւում է, որ իռլանդացիները արդեն 8. 130. 000 էին թվով: Մի ճանա-  պարհորդ եւ քաղաքատնտես Դյուվերժիե դը Հորան (Duvergier de Hauranne), կարծում է, որ ազգաբնակության այդ քանակութենից ավելի Իռլանդիան անկարող է կերակրել:

Հայտնի է, որ կան երկրներ, որտեղ ապրուստի հիմքը կազմում է միմիայն մի սննդարար նյութ: Ամբողջ Իռլանդիան կերակրվում է միմիայն կարտոֆիլով, Հնդկաստանը՝ միմիայն բրնձով, իսկ հյուսի-  սային Նորվեգիայի ժողովրդի ապրուստի հիմքը ծովային ձկներն են: Պարզ է, որ եթե ժողովրդի ապրուստի միջոցները բազմատեսակ չեն, այլ միակերպ են, երբ որ անաջող տարի է լինում, եւ կերակրի միակ նյութը պակասում է, ժողովուրդը ավելի մեծ զրկանք է զգում, քան թե այն երկրներում, որտեղ սնունդի նյութերը բազմատեսակ են: Երբ որ մի երկիր ցանում է ցորեն, գարի, կարտոֆիլ, երբ որ ժողովուրդը կերակրվում է մասամբ ցորենի հացով, մասամբ գարիի հացով, մասամբ կարտոֆիլով, մասամբ մսով, միջոց ունի գործ ածել ե՛ւ գարեջուր, ե՛ւ գինի, եթե բերքերից մինը անաջող է լինում, կամ բոլո-   րովին պակասում է, ժողովուրդը մասամբ զրկում է իրան, եւ բավա-    կանացնում է իր ապրուստի պահանջը մյուս բերքերով, բայց մահվան դեպքերին չէ ենթարկվում: Իսկ այն ազգաբնակությունը, որի ապ-  րուստի հիմքը միմիայն մի բերք է կազմում, հենց որ այդ բերքը պակասում է կամ մինչեւ անգամ անաջող է լինում, կամ փոքր ինչ թանկանում է, իսկույն սով է ընկնում ժողովրդի մեջ: Երաշտությունը կամ անաջող տարիները գլխավորապես այն երկրներում կորստաբեր հետեւանքներ ունեն, ասում է ֆրանսիացի երեւելի քաղաքատնտես Ժան-Բատիստ Սեն, որոնց մեջ բարք ու վարքը, տիրապետող կրոնը եւ կառավարող օրենքները իրանց ազդեցությամբ հասցրել են ժողո-     վուրդը վերջին աստիճանի պարզության եւ ժուժկալության կերա-      կուրների մեջ: Հենց որ բրինձը պակասում է Հնդկաստանում, կամ կարտոֆիլը Իռլանդիայում, այդ տեսակ երաշտության հետեւանքը անմիջապես լինում է սով եւ մահվան դեպքեր [3] ։   Այնինչ Ֆրանսիայում, Գերմանիայում կամ ուրիշ բարեկարգ երկրում, որտեղ ժողովուրդը կերակրվում է զանազան բերքերով, երբ նրանցից մինը պակասում է, ամբոխը իր ապրուստի պահանջին բավականություն է տալիս ուրիշ բերքով: Օրինակ, տարին երաշտ է եղել ցորենի վերաբերությամբ, ժողովուրդը սկսում է գարիի եւ կարտոֆիլի խառն ալյուրից թխած հաց գործ ածել, եթե գարին թանկ է, ժողովուրդը զրկում է իրան գարեջրից եւ այլն: Այդ տեսակ երկրներում մի բերքի երաշտության ժամանակ ժողովուրդը սահմանափակում է իր ապրուստի պահանջների բավականությունները, բայց սովամահ չէ լինում, որովհետեւ գրեթե երբեք չէ լինում, որ մի երկրի բոլոր բերքերը միաժամանակ փչանային:

Եթե մի կողմից մասնավոր երաշտության դեպքեր հաճախ են պատահում, մյուս կողմից հայտնի է, որ ավելի ընդարձակ երաշ-      տությունը եւ ավելի ընդարձակ տարածության վրա սովի դեպքերը լինում են 10-15 տարվա մեջ մի անգամ: Տեսականապես, ուրեմն, շատ հեշտ է վճռել հարցը: Աչքի առաջ ունենալով, որ սովը կարող է պարբերաբար կրկնվել 10-15 տարվա մեջ մի անգամ, հարկավոր է, որ ժողովրդական տնտեսությունը այնպես կարգադրվի, որ առատ տարիներում հացի ավելորդը խնայվի եւ պահվի, եւ գործ ածվի երաշտ տարիներում: Բայց գործնականապես դա այնքան հեշտ վճռելու խնդիր չէ, որքան թեորիայի մեջ:

Քաղաքատնտեսության մասնագետները բաժանվում են երկու տարբեր եւ միմյանց հակառակ բանակների վրա ժողովրդին հացի     կանոնավոր մատակարարման կարգադրելու վերաբերությամբ: Մի քանիսները կարծում են, որ ժողովրդին կանոնավոր կերպով  առատ եւ երաշտ տարիներում հացը բաժանելու գործը պետք է հանձնվի        ազատ առուտուրին, մյուսները անհրաժեշտ են համարում կառավարության միջամտությունը այդ տնտեսական հոգսերի մեջ: Հավա-նական է, որ երկու կողմերի մտքերն ու դատողությունները իրանց օրինավոր հիմքերն ունեն, նայելով ժամանակներին եւ երկրի տնտեսական, բարոյական եւ կառավարչական կազմակերպությանը:

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակների ֆրանսիացի երեւելի քաղաքատնտեսները եւ պետական մարդիկ, մեծ մասամբ կուսակից էին հովանավորող սիստեմայի ժողովրդին հացը հայթայթելու վերաբերությամբ: Նրանք անհրաժեշտ էին համարում կառավարության միջամտություն՝ հացի գնի հավասարակշռությունը ժողովրդի մեջ պահպանելու գործում: Նրանք պաշտպան էին կառավարչական միջոցների, ինչպես, օրինակ, խիստ օրենքներ ցորենի՝ երկրից դուրս վաճառահանման վերաբերությամբ, հացի կառա-     վարչական շտեմարաններ եւ այլն:

Հավանական է, որ այդ միտքը ժամանակակից էր այն ժամանակ, երբ եվրոպական երկրները դեռեւս շատ հետ էին մնացել տնտեսական, բարոյական եւ վարչական կազմակերպության կողմից, երբ, օրինակի համար, եվրոպական երկրներում չկային օրինավոր հարակցության ուղիներ, ճանապարհներ, եւ երբ որ ժողովուրդը դեռ չէր ըմբռնել ինքնաօգնության սկզբունքի նշույլն անգամ, այլ ամեն բանում կարոտ էր կառավարության խնամակալության: Նույն միտքը գուցե գործնական է  այժմ այնպիսի երկրների համար, որոնք նույն դրության մեջ են գտնվում, ինչ դրության մեջ էր գտնվում Եվրոպան անցյալ դարի վերջում եւ ներկա դարի սկզբներում:

Բավական է Եվրոպայի վերջին ժամանակների կյանքից մի քանի պատմական իրողություններ հիշելու, բավական է, օրինակ, ֆրանսիացի Ժակոբ (Jacob) գիտնականի բերած հետեւյալ իրողությունները հիշելու, դորա մեջ համոզվելու համար:

Դեռեւս 1817 թվին, ուրեմն ներկա դարի սկզբներում, երբ Ֆրանսիայի եւ Սպանիայի մի քանի նահանգներում մեծ սով էր տիրում, ճանապարհները այդ երկու երկրներում այն ժամանակ այն աստիճան անկատար եւ պակասավոր էին (ինչպես գուցե այժմ Թուրքիայում), որ մինչեւ որ Լոթարինգիայի մեջ մարդիկ ճանճերի պես սովից մեռնում էին, նույն Ֆրանսիայի մի այլ նահանգում, Բրետանի մեջ, հացը         առատությամբ կար, բայց այդտեղից Լոթարինգիա հացի հասցնելը քառապատկում էր նրա գինը: Նույն թվին Սպանիայի Անդալուզիա նահանգում ցորենի մի հակի գինը բարձրացավ մինչեւ 5 ֆրանկ, եւ Անդալուզիայի բնակիչները ստիպվեցան իրանց համար հացը Հյուսիսային Ամերիկայի նահանգներից բերել տալ, այնինչ նույնիսկ այդ թանկության ժամանակ նույն Սպանիայի մի ուրիշ նահանգում, Կաստիլիայում, հացի մի հակը արժեր 1 ֆրանկ 50 սանտիմ, բայց ճանապարհների պակասության պատճառով անհնարին էր Կաստի-լիայից հասցնել հացը սովատանջ անդալուզցիներին:

Ընդհակառակը, հովանավորող սիստեմայի եւ կառավարչական միջամտության թշնամիները, ինչպես օրինակ երեւելի անգլիացի       քաղաքատնտես եւ ժամանակակից քաղաքատնտեսության հիմնող Ադամ Սմիտ (Adam Smith), ֆրանսիացիներ Սե, Բաստիա (J. Bastiat), բելգիացի Մոլինարի (Molinari) եւ շատ ուրիշ ամենանոր գրողներ, պնդում են, թե հիմնելով հացի շտեմարաններ, դժվար տարիներում հաց բերել տալով օտար երկրներից, մի խոսքով միջամտելով ժողովրդի հացի կանոնավոր հայթայթման գործի մեջ, կառավարությունը շատ անգամ հասնում է մի նպատակի, որ բոլորովին հակառակ է իր մտադրված նպատակին, այսինքն փոխանակ էժանացնելու թանկացնում է հացը: Նրանք պնդում են, որ ժողովրդին կանոնավոր կերպով հացի մատակարարման գործը պետք է հանձնվի միմիայն ազատ մրցության եւ ազատ առուտուրին եւ մերժում են այս գործի մեջ կառավարության միջամտությունը: Սեն բերում է իր գրքի մեջ հետեւյալ օրինակը: Երբ որ ֆրանսիական մեծ հեղափոխությունից առաջ, 1789 թվին ֆրանսիական ֆինանսների մինիստր Նեկերը տեղեկություններ հավաքելուց հետո համոզվեց, որ Ֆրանսիային երաշտություն է սպառնում, նա բերել տվեց օտար երկրներից մինչեւ 1. 400. 000 չափ ցորեն: Անգլիացի Արթուր Յունգը, որ այդ ժամանակ Ֆրանսիայում ճանապարհորդում էր, վկայում է, որ այդ տարին հունձքը Ֆրանսիայի բոլոր նահանգներում շատ օրինավոր էր: Բայց հենց որ Նեկերը հայտնեց ազգային ժողովին թե այսքան հաց էր պատվիրել օտար երկրներում եւ այդ քանակությունից արդեն 800. 000 չափ ցորեն հասել էր Ֆրանսիա, իսկույն Ֆրանսիայի բոլոր վաճառանոցների վրա հացը փոխանակ գնի մեջ ընկնելու, ընդհակառակը, սաստիկ բարձրացավ: Մի ուրիշ օրինակ, երբ 1811 թվին, Նապոլեոն I պատրաստվում էր պատերազմել Ռուսաստանի դեմ, նա հրամայեց, որ Փարիզում հիմնվի հացի մի մեծ շտեմարան: Եվ անմիջապես ժողովրդին պատեց այնպիսի երկյուղ, որ հացի գինը բարձրացավ: Երբ կայսրը ուզեց կոտրել ցորենի գինը, հրամայելով իր հիմնած շտեմարանից մեծ քանակությամբ դուրս բերել ցորեն վաճառանոցի  վրա, ցորենի գինը փոխանակ ընկնելու դարձյալ բարձրացավ:

Երբ հացը սակավ է լինում, եւ հացի գինը բարձրանում է, կառավարությունները սովորություն ունեն արգելել իրանց հացի վաճառահանելը: Այդ էլ շատ անգամ ցանկացած նպատակին հակառակ հետեւանք է ունենում: Ֆրեդերիկ Բաստիան, ֆրանսիացի քաղաքատնտեսը, պատմում է հետեւյալը:

1847 թվին, երբ հացի գինը բավական բարձրացավ եվրոպական մի քանի երկրներում, ինչպես Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Բելգիայում, բոլոր այդ երկրների կառավարությունները, բացի անգլիական կառավարությունից, արգելեցին իրանց երկրներից հացի վաճառահանելը: Անգլիական պառլամենտը Ջոն-Րոսելի առաջարկությամբ, միակն էր, որ հրատարակեց իր երկրից ցորենի ազատ վաճառահանելու օրենքը: Հետեւանքը ի՞նչ եղավ. Ամերիկայից եկող ցորենով բեռնավորված նավերը, տեղեկանալով, որ Անգլիայից հացի վաճառահանելը ազատ է հայտնված, ապահով կերպով մոտեցան Անգլիայի ափերին, այնինչ նրանք չվստահացան մոտենալ Ֆրանսիայի եւ Բելգիայի եզերքներին, լավ հասկանալով, որ այդ երկրների նավահանգիստները մտնելով, կզրկվեին իրանց ազատությունից, ենթարկվելով այդ երկրների նոր հրատարակած օրենքներին, որովհետեւ նավահանգիստը մտած օրից իրանց բերած հացը կհամարվեր երկրի սեփականություն, ուրեմն էլ չէր կարող վաճառահանված լինել: Այդպիսով, Անգլիայի վաճառանոցը լցվեց հացով, եւ հացը այդ երկրում հանկարծ էժանացավ, այնինչ ուրիշ երկրներում նա հետզհետե թանկանում էր [4]:

Նույնը կարող էր պատահել այս րոպեիս եւ Ռուսաստանի հետ, թեեւ ուրիշ պատճառով, եթե մեր տերությունը արգելեր այժմ իր երկրից ցորեն դուրս բերելը: Եթե տերությունը աչքի առաջ ունելով, որ այժմ անբերրիություն է Ռուսաստանում, արգելե այժմ Ռուսաստանից հաց վաճառահանելը, մեր փողերը արտասահմանում սաստիկ կընկնեին, որովհետեւ արտասահմանում այժմ ունեցած ռուսաց թղթադրամով կարելի չէր լինի ռուսաց ցորենը գնել: Իսկ եթե ռուսաց փողը դարձյալ գնի մեջ ընկներ, արտասահմանից այլեւս չէին բերի    ցորեն Ռուսաստանում ծախելու համար:

Այս բոլոր ընդհանուր դատողություններից հետո ինձ կհարցնեն, թե երկու սիստեմներից ո՞րն է ավելի ընդունելի մեր երկիրների պես երկիրների համար: Եթե ներկա դարի սկզբում Ֆրանսիայում նույն երեւույթներն էին պատահում, ինչ որ պատահում են այժմ մեզանում, այսինքն մի նահանգում սով էր, բայց ճանապարհների     պակասության պատճառով անհնարին էր բերել տալ ցորենը այն նահանգից, որտեղ ցորենի առատություն էր, եւ այն ժամանակ անհրաժեշտ էր յուրաքանչյուր նահանգի համար իր ցորենի պահեստներն ունենալու, այժմ ծիծաղելի կլիներ Ֆրանսիայի պես մի երկրի մեջ, ուր հեռագրական թելեր, ջրանցքներ եւ երկաթուղիներ կապում են միմյանց մեջ երկրի բոլոր կետերը, մտածել անգամ հիմնել հացի       շտեմարաններ: Հենց որ մի տեղ հացի պակասություն է լինում, քաղաքային վարչությունը կամ գյուղական համայնքի վարչությունը անմիջապես հասարակության վճռով նշանակում են իրանց իշխանությանը հանձնված գումարներ՝ ցորենը մի այլ նահանգից բերել տալու համար: Լուսավորված Եվրոպայի քաղաքները եւ գյուղական համայնքները հազար ու մի կրեդիտային հիմնարկություններ ունեն, որոնցից հասարակությունը կարող է օգտվել տնտեսական նեղ դրության ժամանակ:

Այդպես չէ մեզանում: Այն երկիրների մեջ, ինչպես են մեր երկիրները, որտեղ հասարակական ինքնաօգնության սկզբունքը      դեռեւս չէ արմատացել, կառավարության օգնությունը անհրաժեշտ է: Ուրիշ կողմից շատ անգամ հասարակական ինքնաօգնությունը ոչինչ չէ կարող անել այն երկրի մեջ, որտեղ չկան ճանապարհներ: Երեւակայեցեք ձեզ, որ Երեւանի նահանգի այս կամ այն քաղաքում կամ գյուղում քաղաքային վարչության կամ գյուղական համայնքի վարչության գանձարանում փող կա, կամ այդ վարչությունները կարող են նեղ դրության, երաշտության, անհաջող տարվա, սովի       ժամանակ փոխ առնել բավականաչափ գումարներ որեւէ նահանգական, քաղաքային կամ գյուղական կրեդիտային հիմնարկություններից, ի՞նչ օգուտ, երբ ինչքան էլ փող ունենային, Թիֆլիսից կամ այլ տեղից, ուր որ հաց կա, անհնարին է լինում հաց բերել տալ, ճանապարհների եւ տեղափոխման հնարների պակասության պատճառով: Մենք ոչ թե միայն երկաթուղիներ, բայց շատ տեղ օրինավոր շոսե եւ հասարակ ճանապարհներ դեռեւս չունենք, եւ այն ճանապարհները, որ ունենք, շատ անգամ ձմեռ ժամանակ անանցանելի են լինում, ինչպես Դիլիջանի ճանապարհը եւ Կովկասյան սարերի գլխավոր շղթայի, Վլադիկավկազի Ճանապարհը: Ի՞նչ օգուտ, որ Ագուլիսի բնակիչները, կամ Հին Նախիջեւանի հասարակությունը թանկության եւ սովի ժամանակ փող էլ ունեին եւ չնայելով, որ նրանց մոտ ցորենի պուդը 8 մինչեւ 9 ռ. արժեր, իսկ միեւնույն ժամանակ ալյուրի պուդը Թիֆլիսում 2 ռ. 50 կ. արժեր, բայց Թիֆլիսից այնտեղ ալյուր բերելը անհնարին էր վատ ճանապարհների պատճառով եւ տեղափոխման միջոցների բացակայության պատճառով:

Այդպիսով կամա-ակամա մարդը ստիպված է մեզանում առաջարկել սովի առաջն առնելու դեմ այնպիսի միջոցներ, որոնք լուսավորված երկրներում արդեն հնացած եւ անգործնական են համարվում: Կամա-ակամա ստիպված է առաջարկել ցորենի շտեմարաններ հիմնել, կամ կառավարության, կամ քաղաքային վարչությունների, կամ գյուղական հասարակության ձեռքով:

Ասում են նախ, որ հացի շտեմարանների հիմնելը մի որեւէ վարչության ձեռքով այն հետեւանքն ունի, որ ամբոխի մեջ, երկրի     արդյունաբերող դասի մեջ իսկույն երկյուղ է տարածվում: Եթե այս կամ այն վարչական օրգանը հաց է դիզում, ասում է ժողովուրդը, ուրեմն երեւի թանկություն կլինի, եւ ամեն մինը, ով որ հացի քիչ թե շատ պաշար ունի, սկսում է պահել, թաքցնել հացի պաշարը, չդուրս բերել նրան վաճառանոցը, եւ այդպիսով հացը թանկանում է: Բայց այդ երկյուղը կարող է տեղի ունենալ շատ-շատ ամբարների հիմնելու առաջին տարին, իսկ հետո դա սովորական բան կդառնա, ուրեմն այլեւս երկյուղ չի հարուցանի ժողովրդի մեջ:

Երկրորդ. ցույց են տալիս ցորենի շտեմարաններ պահելու անհարմարությունների, վնասների, մեծ ծախսերի եւ վտանգների վրա: Վարչությունը, լինի դա կենտրոնական, նահանգական, գավառական, քաղաքային կամ գյուղական, վաճառական չէ, ուրեմն իր կրած վնասների համար ոչնչով վարձատրված չի լինի եւ կարող է, եթե լավ էլ հսկի իր ամբարների վրա, ամեն րոպե իր դիզած ամբողջ հացը կորցնել կամ հրդեհը, կամ հեղեղը, կամ մուկն ու որդը կարող են ոչնչացնել հացի պահեստը: Անտարակույս մեծ ծախսերի եւ լավ վերահսկողության է կարոտ ցորենի կամ ալյուրի շտեմարանը, բայց նրան օրինավոր պահելու միջոցներից գլխավորրն այն է, որ պետք է միայն մի տարի պահել ցորենի պաշարը եւ նոր հունձքի ժամանակ ամեն անգամ վերանորոգել հացի ամբողջ պաշարը, կրկին մինչեւ հետեւյալ հունձքը պահելով եւ այլն…

Անտարակույս ամբարներն էլ մի ժամանակավոր միջոց են գլխավորապես առանձնացած, ուրիշ երկիրներից կտրված երկիրների համար, բայց ավելորդ են ավելի քաղաքակիրթ երկիրների համար: Գիտնականները հույս ունեն, որ կգա մի ժամանակ, երբ երկրագնդիս բոլոր երկիրները այնքան կլուսավորվեն, որ բոլոր երկիրների մեջ կհաստատվեն սերտ հարաբերություններ արագ եւ հարմար ջրային եւ ցամաքային ճանապարհների միջոցով, ամեն տեղ կզարգանա հասարակական ինքնաօգնությունը, պետական կազմակերպությունը կկատարելագործվի, հարկերը թեթեւացած կլինեն, օրենքները ամեն տեղ ավելի մարդասեր կլինեն, բարօրությունը ամեն տեղ ավելի ու ավելի կտարածվի եւ կընդհանրանա, եւ այն ժամանակ, ինչպես ասում է Ադամ Սմիտը, երկրագնդիս բոլոր երկիրները կկազմեն, եթե այդպես կարելի է ասել, մի պետության գավառներ: Այն ժամանակ ազատ  առուտուրի, արագ եւ հարմար հարաբերությունների միջոցով բոլոր երկիրները միմյանց կօգնեն ոչ թե միայն սովի եւ երաշտության, բայց եւ հացի թանկության ժամանակ: Մանավանդ որ երբեք չէ պատահում, որ հունձքի անհաջողությունը ընդհանուր լիներ ամբողջ երկրագնդիս վրա, այլ երբ մեկ տեղ ցորենի կամ այլ մթերքի պակասություն է լինում, մյուս տեղ առատություն է լինում:

Այժմ կրկին վերադառնանք մեզ հետաքրքրող մասնավոր դեպքին, թուրքաց Հայաստանի մեջ այժմ տիրող սարսափելի սովին:

Անհերքելի ճշմարտություն է, որ մարդկությունը կազմող բոլոր ազգությունները պետք է միմյանց փոխադարձապես օգնեն դժբախտության ժամանակ բուն մարդասիրական կետից: Բայց նրանք պետք է միմյանց օգնեն եւ մի ուրիշ տեսակետից՝ այն է բուն գործնական, եսական տեսակետից, որովհետեւ մի ազգի, մի երկրի դժբախտությունը, հասարակական եւ տնտեսական ցավերը վնաս են բերում եւ բոլոր մյուս ազգերին եւ երկիրներին: Մի երկրի մեջ սովի հայտնվելը, որի հետեւանքը լինում են զանազան վարակիչ հիվանդություններ, վտանգ է սպառնում միշտ եւ մյուս հարեւան երկիրներին:

Մենք պետք է օգնենք թուրքաց Հայաստանին ոչ թե միայն ազգային եւ մարդասիրական կետից, բայց եւ այն գործնական, եսական պատճառով, որ սովից հետո կհայտնվեն այլեւայլ հիվանդություններ, որոնք կարող են տարածվել եւ մեր երկրում, բացի սորանից անթիվ գաղթականներ, սոված եւ մերկ կթափվեն մեր երկիրը, եւ մենք եթե չօգնենք նրանց իրենց հայրենիքում, ստիպված կլինենք պահել եւ կերակրել նրանց մեզ մոտ:

Այդ պատճառով ես առաջարկում եմ հետեւյալ ժամանակավոր միջոցները Ռոսաստանցի հայերին, թուրքաց հայերին օգնելու համար: Պետք է շարունակենք իհարկե նվիրատվություններ հավաքել եւ փողերը թուրքաց հայերին ուղարկել, որպեսզի նրանք իրենց համար հաց առնեն եւ սերմացու պատրաստեն:

Բացի սորանից վերջին պատերազմի ժամանակ կառավարության թույլտվությամբ հիմնված գաղթականներին օգնող մասնաժողովը, որ դեռեւս լուծված չէ, որ շարունակում է իր գոյությունը, պետք է այդ ծանր ճգնաժամի ժամանակ անգործ չմնա, պետք է գործե: Թիֆլիսի կանանց մասնաժողովի հետ միասին այդ մասնաժողովը պետք է շարունակեր գումարներ ժողովել, շորեր հավաքել. այդ դիտավորությունը հեշտ էր իրագործել, եթե ուրիշ տեղերումն էլ հետեւեին Թելավի օրինակին, որտեղից «Մշակին» գրում են, թե հավաքել են շորերը հօգուտ սովատանջների, բայց չգիտեն ու՞մ ուղարկեն: Այդ փողերով եւ շորերով մասնաժողովը պետք է օգներ մեր երկիրը թափած բազմաթիվ հայ, ասորի, եզիդ եւ այլ հայաստանցի մերկ եւ հիվանդ գաղթականներին:

Ուրիշ կողմից Հայաստանում սովի պատճառով մարդիկ հիվանդանում են եւ մեռնում, անթիվ անասուններ սատկելով նրանց լեշերը թափված են դաշտերում եւ գյուղերի փողոցներում եւ վարակում են օդը, որից կարող են ծագել սարսափելի հիվանդություններ: Եվ արդեն հայտնվել են վարակիչ հիվանդություններ Վասպուրականի մեջ, ինչպես գրում են մեր լրագիրները: Պետք է գումար հավաքել, ինչպես առաջարկել են «Մշակի» մեջ Միրիմանյանց եւ Նավասարդյանց բժիշկները, այդ գումարով դեղեր գնել, Հայաստան ուղարկել բժիշկներ եւ գթության քույրեր, կամ գոնե ֆելդշերներ: Պետք է մի կողմից հիմնել հիվանդանոց Վանի մեջ, կամ եղածը բարեկարգել, պետք է ուրիշ կողմից հոգալ օդի մաքրելու եւ երկրի առողջացնելու, ասենիզացիայի մասին: Եթե անցյալ տարի Վետլիանկայի ժանտախտի ժամանակ ռուս կանայք անձնվիրաբար գնացին վարակված տեղերը հիվանդների մասին հոգալու համար, մի՞թե հայուհիներից ոչ մինը չի գտնվի, որ հանձն առնի որպես գթության քույր ճանապարհ ընկնել դեպի Հայաստան: Բայց այդ բոլորի համար գումարներ են հարկավոր: Բժիշկ Նավասարդյանցը, ինչպես հայտնել է «Մշակի» մեջ, պատրաստ է գնալ Վասպուրական թե՛ հիվանդանոցի եւ թե՛ երկրի ասենիզացիայի մասին հոգալու համար, եթե միայն նրան դրամական միջոցներ տրվեին: Եթե գաղթականներին օգնող մասնաժողովը ոչինչ չանի, հանձն չառնի էլ ոչինչ կատարելու, պետք է, իմ կարծիքով, գաղթականներին օգնող ընկերության հիմնադիր անդամները ուրիշ անդամներից բաղկացած մասնաժողով ընտրեն:

Դրանք են ժամանակավոր միջոցները, որ մեզ մատչելի են, եթե բավական գումարներ հավաքենք:

Իսկ Հայաստանի մեջ ապագայում սովի երեւալուն դեմ առաջն առնելը մեզանից կախված չէ: Ավելի բարվոք ապագան կապ ունի     թուրքաց Հայաստանի ընդհանուր բարեկարգության հետ: Իսկ դա կախված է Եվրոպայի կամքից: Հայաստանի թշվառ տնտեսական դրությունն էլ կբարվոքվի այն ժամանակ, երբ կմտցվեն այդ երկրի մեզ խոստացած վերանորոգությունները, երբ Հայաստանը չի թափի իր բոլոր եկամուտները թուրքաց կառավարության կենտրոնական գանձարանը, այլ կստանա ինքնավարություն: Այն ժամանակ վերցվող հարկերի մեծ մասը կգործադրվի երկրի ներքին բարեկարգությունների վրա, կշինվեն ճանապարհներ եւ երկաթուղիներ, կհիմնվեն գործարաններ, վաճառականությունը, արհեստը, արվեստը եւ երկրագործությունը կծաղկեն, ժողովուրդը կհարստանա եւ միջոց կունենա ապրուստի ավելի բազմատեսակ պահանջները լրացնել, ցանելով բացի ցորենից եւ ուրիշ ընդեղեններից, կարտոֆիլ, եւ առհասարակ ավելի լավ կկերակրվի, երկրի հարստությունները կարդյունահանվեն, կմշակվեն: Հայի ունեցածը, նրա պատիվը, նրա աշխատասիրության արդյունքը պաշտպանված կլինեն իր միջից կազմված տեղական միլիցիայով, հարկերը, որոնք ճնշում են ժողովրդի վրա, կթեթեւանան, հայը կունենա իր դատարանները, որոնք կողմնապահ չեն լինի դեպի մահմեդականները: Բայց գլխավորն այն է, որ Հայաստանի ինքնավարության ժամանակ միայն կարելի կլինի հաստատել հողային նոր օրենքներ՝ հողային հարաբերությունների վրա եւ վերադարձնել հային, իր հայրենիքում օտար տարրերի ձեռքով իրանից խլած հողերը:

Թուրքիան արդեն ապացուցել է, որ ընդունակ չէ իր բոլոր նահանգները եւ Հայաստանը կենտրոնից կառավարելու եւ բնական է, որ վաղ թե ուշ Հայաստանի ներքին կառավարությունը պետք է հանձնվի հայերին:

Վերջացնելով ես կասեմ, որ ինչքան էլ սարսափելի ազգային տառապանք լինի սովը, նա այն օգուտը կունենա հայերիս համար, որ ցույց կտա աշխարհին, որ ազգային այդ մեծ ճգնաժամի ժամանակ միմյանց օգնելով հայերս ցույց տվեցինք, որ արժանի ենք որպես մի ամբողջ ազգության Եվրոպայի համակրության: Թուրքաց Հայաս-    տանի մեջ սովը, այդ ազգային տխուր ճգնաժամը, Անդրկովկասումն էլ արձագանք գտավ. նա միացրեց եւ հաշտեցրեց լուսավորչական, կաթոլիկ եւ բողոքական հայերին, ուրիշ կողմից ավելի սերտ եւ անխզելի բարոյական կապեր հաստատեց Ռուսաստանի եւ Թուրքիայի համարյուն եղբայրների մեջ:

Դորա հետեւանքն այն է, որ Թուրքիայի հայերը սկսում են մեծ համակրություն, հարգանք, հովանավորություն եւ պաշտպանություն վայելել Եվրոպայի կողմից: Այստեղ կհիշեմ չորս նշանավոր եւ ուրախալի իրողություններ. մեր Կայսրի ձեռքով արած նվերը հօգուտ սովատանջ հայերի, Կ. Պոլսի եվրոպական դեսպաններից Կ. Պոլսի հայոց մասնաժողովին տված հովանավորությունը եւ Անգլիայից ուղարկվող նվերները ու Անգլիայի մեջ կազմվող միտինգները հօգուտ Թուրքիայի սովատանջների առհասարակ: Վերջապես Անգլիայի       Գլադստոն-Գրենվիլի նոր մինիստրության ձեռքով հայոց դատի         պաշտպանելը:

Այդ բոլոր համակրությունը կարող է գրավական համարվել թուրքաց Հայաստանի ապագա ինքնուրույն կյանքի զարգացման համար:

«Մշակ», 1880, 107-110

53. ԻՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դեռ քսան տարեկան հասակում, ես դեռ հազիվ տիրապետելով մայրենի հայոց լեզվին, ձեռքս գրիչ վերառի եւ սկսեցի աշխատել իմ թույլ գրչովս հայոց լրագրության ասպարեզի մեջ:

Իմ առաջին գրական փորձերից հետո անցան ամբողջ տասն եւ հինգ տարիներ: Այդ առաջին թույլ փորձերս տպվեցան նախ «Մեղու Հայաստանի» լրագրի մեջ, հետո շարունակեցի տպել հոդվածներս «Հայկական Աշխարհում» մինչեւ որ ինքս հիմնեցի իմ սեփական օր-  գան, «Մշակ» լրագիրը:

Ապրելով նախ Ռուսաստանի, այն է Մոսկվայի եւ Ս. Պետերբուրգի, եւ հետո արտասահմանի մտավոր շրջաններում, ես ակամա սկսեցի ուշադրություն դարձնել ինձ շրջապատող երեւույթների վրա: Ռուսը աշխատում է իր ռուս ազգի համար, գրում է, դպրոցում դասատվություն է անում, գրքեր է հրատարակում, համալսարանի մեջ դասախոսություններ է անում ռուս հասարակության համար:

Ես թողեցի Ռուսաստանը տկարությանս պատճառով եւ գնացի արտասահման: Այնտեղ այնպիսի մտավոր կենտրոններում, ինչպես Ցյուրիխ, Ժնեւ, Հայդելբերգ, Վիեննա եւ Փարիզ, որտեղ ես կացել եւ ուսում եմ ստացել, ես ավելի էլ համոզվեցա, թե ամեն ազգությանը   պատկանող անհատը գործում է, կամ պատրաստվում է գործել իր ազգի համար:

Գերմանական համալսարանները լի են, բացի գերմանացիներով եւ այլազգի ուսանողներով, ամերիկացիներով, անգլիացիներով, սերբիացիներով, շվեդացիներով, հույներով, ռումինացիներով, շվեյցարացիներով, ֆրանսիացիներով, չեխերով, բոլգարացիներով… Եվ այդ ազգերին պատկանող յուրաքանչյուր անհատը ուսում էր առնում, գիտություն էր սովորում, որպեսզի ժամանակով պիտանի լինի իր ազգությանը:

Երբ ես խոսում էի այդ այլեւայլ ազգություններին պատկանող ընկերներիս հետ, ես նախանձում էի նրանց, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը խոսում էր իր ազգության, իր հայրենիքի, իր մայրենի լեզվի մասին: Ընկերներիս հետ խոսելով ես երբեք չէի հարցնում, թե ինչ կրոնի է պատկանում նրանցից յուրաքանչյուրը, այլ ինչ ազգու-   թյան է պատկանում նա: Եվ մինչեւ անգամ, բոլգարը, ռումինացին, չեխը, սերբիացին, որոնք անկախ եւ քաղաքական կյանք չունեին, այնուամենայնիվ խոսում էին իրանց հայրենիքի, իրանց ազգության, իրանց մայրենի լեզվի, իրանց դպրոցների, իրանց գրականության ու մամուլի մասին:

Միայն մենք, սակավաթիվ հայերս, նույնը ասել չէինք կարող մեր մասին, որովհետեւ չունեինք դեռ այն ժամանակ ոչ կենդանի մայրենի լեզու, գրեթե չունեինք դպրոցներ, չունեինք նոր գրականություն, չունեինք մամուլ, չունեինք վերջապես ազգության վրա գաղափար, չունեինք ազգային ինքնաճանաչություն:

Եվ ահա ինչ էր երիտասարդ հայի դրությունը, ինչ էր մանավանդ երիտասարդ հայ գրողի դրությունը, որ գրիչը ձեռքին, փորձ էր փորձում ինքն էլ օգտավետ հանդիսանալ իր մայրենի գրականության ու լրագրության ասպարեզում, փորձ էր փորձում ինքն էլ պատրաստվել, հմտություններ ընդունել, ապագայում իր ազգին օգտավետ լինելու համար, եւ միեւնույն ժամանակ իր առջեւ ազգություն չէ տեսնում, այլ տեսնում էր միմիայն մի կրոնական աղանդ:

Ինչպես գործեմ ես իմ ազգությանս համար, ասում էի ես ինքս ինձ, երբ որ պարզ տեսնում եմ, թե մի որոշ ազգությանը չեմ պատկանում, իսկապես ոչի՛նչ ազգություն չունեմ, այլ պատկանում եմ մի-միայն մի կրոնական աղանդի, պատկանում եմ մի ցեղի, որ գուցե մի ժամանակ եղել է մի ազգություն, բայց այժմ այլեւս ազգություն չէ, չունի ազգային ինքնաճանաչություն, այլ միայն մի աղանդ է:

Ես ակամա սկսում էի հիշել իմ մանկության եւ պատանեկության ժամանակ ինձ շրջապատած երեւույթները, սկսում էի հոգեբանորեն քննել եւ զննել թե ինչ բան է հայը:

Ես սկսում էի հիշել, թե երբ որ մարդը հարցնում էր լուսավորված հային, թե նա ո՞վ է, նա շատ անգամ ամաչում էր խոստովանվել, թե հայ է, իսկ եթե պատասխանում էր թե հայ է, իրան այդ անունը տալով չէր հասկանում այդ բառով ազգության գաղափարը, այլ միայն այսինչ եկեղեցուն պատկանելը: Հայը այն պատճառով հայ չէր, որ հայոց ազգության էր պատկանում, այլ այն պատճառով հայ էր, որ հայոց եկեղեցուն էր պատկանում: Ուրեմն նրա մեջ չկար դեռեւս ազ-  գային ինքնաճանաչություն, այլ միայն կրոնական մի աղանդին պատկանելու համոզմունքը: Եվ այդ խոսքը՝ «ես հայ եմ», հայը մեծ մասամբ արտասանում էր մի որեւէ օտար լեզվով, որի այբբենարանը անգամ նրան ծանոթ չէր:

Նույնը, երբ հարցնում էի մի ռամիկ հայի՝ թե դու ո՞վ ես: - «Հայ քրիստոնյա եմ», - լսվում էր պատասխանը:

Պարզ է, որ երբ որ հայ-լուսավորչականը իրան հայ էր համարում միայն այն պատճառով, որ լուսավորչական կրոնին էր պատկանում եւ ոչ թե այն պատճառով, որ հայոց ցեղին, հայոց ազգության էր պատկանում, երբ որ այս կամ այն դիպվածով փոխում էր իր կրոնը, այլեւս նա հայ չէր համարում իրան, որովհետեւ երբ նա փոխում էր կրոնը, թողնում էր լուսավորչական եկեղեցին, նա կտրում էր այն միակ կապը, որ կապում էր նրան ազգության հետ:

Հայը իր ազգությունը ազգության մեջ չէր տեսնում, նրան անհայտ էր ազգային գաղափարը, այլ տեսնում էր իր հայ լինելը միմիայն աղանդի, եկեղեցու մեջ: Պարզ է, որ փոխելով կրոնը, նա կարծում էր, որ փոխում է եւ ազգությունը, կաթոլիկ դառնալով նա այլեւս հայ չէր լինում, այլ նա դառնոմ էր ֆրանկ, բողոքական դառնալով նա դառնում էր նեմեց, մահմեդական դառնալով նա դառնում էր թուրք կամ պարսիկ եւ այլն…

Կաթոլիկ հային չէր կարելի մեղադրել, որ նա իրան ֆրանկ է անվանում, բողոքական հային չէր կարելի մեղադրել, որ նա իրան նեմեց է անվանում, որովհետեւ հայ-լուսավորչական եղած ժամանակ նույն հայը նույնպես իրան հայ չէր համարում հայրենիքով եւ լեզվով, այլ միայն կրոնով հայ: Ուրեմն հայը ազգ չէր, դա մի աղանդ էր: Հային անծանոթ էին հայրենիքի, մայրենի լեզվի, ազգության գաղափարները. պարզ է, ուրեմն, որ կրոնը, իր միակ հատկանիշը փոխելով, նա կարծում էր, որ փոխում է եւ իր ազգությունը, փոխում է եւ իր արյունը, իր ցեղը:

Ես հիշում էի նույնպես, որ հայ լինելու համար բոլորովին ավելորդ էր հայերեն իմանալ, ոչ թե միայն կյանքի մեջ, այլ նույնիսկ եկեղեցու խորհուրդները կատարելու ժամանակ: Հայ քահանան բոլորովին չէր նախատում հային, եթե նա խոստովանքի ժամանակ ռու-   սերեն, վրացերեն, կամ թուրքերեն լեզվով ասում էր, որ հայերեն չգիտե եւ խոստովանվում էր օտար լեզվով:

Թո՛ղ հայրենիքդ, թո՛ղ պատմական հայրենի հողդ, մոռացի՛ր մայրենի լեզուդ, ինչ փույթ, դու դարձյալ հայ ես, եթե հայության նշույլն էլ չպահելով, կերթաս Հնդկաստան, Չինաստան եւ այնտեղ կշարունակես քեզ հայ–լուսավորչական կոչել:

Եվ ահա հայ երիտասարդ գրողը, հափշտակվելով այն օրինակով, որ տեսնում էր իր չորս կողմը, տեսնելով, որ հույնը գործում էր հույն ազգի համար, բոլգարացին իր բոլգար ազգի համար եւ այլն, երբ կամենում էր նույնը անել եւ իր ազգության համար, հանկարծ նկատում էր, թե իր ոտքերի տակ գետին չկա, թե իր առաջ չկա մի մարմին, որ ազգություն կարող է համարվել, այլ ինքն էլ պատկանում է մի հասարակության, որ ուրիշ բան չէ, եթե ոչ մի կրոնական աղանդ:

Կարո՞ղ եք երեւակայել արդյոք այն բարոյական, հոգեկան տանջանքը, որ զգում էր երիտասարդ հայ գրողը, հասնելով այդ անմխիթար եզրակացությանը. «ես ոչ մի ազգության չեմ պատկանում, ես կրոնական մի սեկտայի, մի աղանդի անդամ եմ միայն, ուրիշ ոչինչ, ուրեմն հենց որ իմ ցեղակիցներս այս կամ այն պատճառով կսկսեն մեծ բազմությամբ կրոնափոխ լինել, ազգություն այլեւս չի լինի, որով-հետեւ հիմա էլ չկա, որովհետեւ հիմա էլ հայությունը հիմնվում է ոչ թե տեւողական անփոփոխ հիմունքների՝ հայրենիքի, ցեղի ու մայրենի     լեզվի վրա, այլ մի պրինցիպի վրա, որ ամեն տեղ, մարդկային պատ- մության ամեն ժամանակներում համարվում էր, համարվում է եւ կհամարվի մի փոփոխական, անցողական, անձնական համոզմունքից կախված, եւ ոչ թե ցեղի, ազգության հետ անխզելի կապ ունեցող մի սկզբունք…»:

Եվ ահա երիտասարդ հայ գրողը իր կյանքի, իր գրական ամբողջ գործունեության նպատակը պետք է համարեր իր ամբողջ ջանքերը նվիրել իր ցեղակիցներին հասկացնել աղանդի եւ ազգու-    թյան տարբեր լինելը, նրանց ազգության գաղափարի հասկացնելը, ազգի մեջ ազգային ինքնաճանաչության գաղափարի սերմանելը:

Եվ այդ արեցի ես: Դեռ 1868 թվին «Հայկական աշխարհ» ամսագրի մեջ ես «Գրականություն չկա» հոդվածում ասում էի հետեւյալը.

«Եթե հայերը մտավոր կյանքի պահանջ ունեն, բայց կամենում են, որ այդ պահանջը ուրիշ, որեւէ օտար լեզվի միջոցով կատարվի, եւ ոչ թե իրանց սեփական լեզվի միջոցով, այն ժամանակ հայերը իրանց «ազգ» չեն կարող անվանել: Իսկ եթե ամենեւին հարկավոր չէ հայերի համար մտավոր կյանքը, այն ժամանակ նրանք «հասարակություն» չեն կարող իրանց անվանել»:

«Ուրեմն երկուսից մեկը՝ կամ մենք ազգ չենք, կամ հասարակություն չենք»:

Հոդվածը գրված է եղել դեռ 1867 թվին, իսկ տպվեցավ 1868 թվին: Դեռ այն ժամանակ քննության տակ գցելով հայությունը, ես համոզվեցա, որ գործելու եմ մի ազգի համար, որ իսկապես ազգություն չէ, որովհետեւ նրա քաղաքակրթական, կուլտուրական զարգացմանը նայելով, ես համոզվեցա, որ նա աղանդ է միայն: Ահա ինչի: Դեռ 1867 թվին այդ ազգը գրեթե ոչինչ  մտավոր պահանջներ չուներ, բայց եթե փոքրիշատե մտավոր պահանջներ էլ ուներ, այդ պահանջները նա լրացնում էր մի որեւէ օտար լեզվի միջոցով եւ պետք չուներ մայրենի լեզվի զարգացման մեջ: Հայի համար գլխավորն էր կրոնը, իսկ ազգային գոյության զարգացման գաղափարը մատչելի չէր նրա ուղեղին: Այն ժամանակ հայերը ազգ չէին, այժմս էլ դեռեւս ազգ չեն կարող անվանվել: Նրանք դեռ նոր էին ձգտում «հասարակություն» դառնալու, կամ ավելի լավ է ասել ուրիշ հասարակությունների հետ խառնվելու, որովհետեւ ձգտում էին իրանց բոլոր մտավոր պահանջները օտար լեզվով լրացնելու:

Ինչով կարող է մի ազգ մի ուրիշ ազգից ջոկվել, որպեսզի պահպանի իր անհատական, ազգային գոյությունը: Երկու բանով. կրոնով կամ ազգությամբ: Առաջին միջոցը ջոկվելու տեւողական չէ. կարելի է աղանդ մնալ, բայց կորցնել իր հայրենիքը, իր մայրենի լեզուն, եւ այն ժամանակ ոչինչ չի մնա, որ ջոկի այդ ազգը մի ուրիշ ազգից: Այդ ազգը այն ժամանակ, թեեւ կմնա առանձին աղանդ, բայց ազգի անդամները կդառնան մի այլ ավելի մեծ, ավելի ուժեղ, ավելի զարգացած ազգի անդամներ: Եվ հայը կդառնա այն, ինչ որ դարձել է արդեն շատ երկրներում: Հնդկաստանում հայը գրիգորյան աղանդի անգլիացի է, Ունգարիայում նա գրիգորյան աղանդի ունգարացի է, Լեհաստանում նա գրիգորյան աղանդի լեհացի է… Ահա, որքան վտանգավոր է հիմնել մի ազգի տարբերությունը մի ուրիշ ազգից միմիայն աղանդի զանազանության վրա, առանց ջանալու պահպանել եւ զարգացնել ազգի բուն ազգային առանձնահատկությունները, այսինքն հայրենիքը եւ մայրենի լեզուն:

Միայն այդ երկու վերջին հատկություններն են, որոնք կարող են պատնեշ դառնալ մի ազգի համար մի ուրիշ ազգի մեջ կուլ չգնալու համար: Միմիայն ազգություն դառնալով կարելի է մի ազգի համար ապահովել իր անհատական առանձնագոյությունը, աղանդ մնալով ոչ մի ազգ երբեք իրան ապահոված չէ կարող համարել մի ուրիշ ազգի  մեջ կատարելապես լուծվելուց:

Այդ համոզմունքն էր պատճառը, որ ես իմ ամբողջ կյանքի, իմ գրական ամբողջ գործունեության նպատակը  դրած էի քարոզել հայերին, որ նրանք աղանդի սկզբունքը թողնելով, ազգության սկզբունքը իրացնեին, որ նրանք աղանդից ազգություն դառնային:

Պարզ է, որ այդ տեսակետից նայելով ինձ համար միեւնույն է ինչ կրոնի են պատկանում հայերը, միայն թե նրանք ունենային ազգային ինքնաճանաչություն, առանց այլեւայլ դավանությունների մեջ խտրություն դնելու, աշխատեին զարգացնել իրանց մեջ այն բոլոր գործիչները, որոնք հատկանիշ են մի ազգության, որոնք տարբերություն են դնում ազգերի միմյանց մեջ:

Այնինչ մի աղանդ երբեք գրավական չէ կարող լինել մի ազգության ինքնուրույն գոյության համար:

Դեռ 1867 թվին ես այդ պարզ տեսնում էի, եւ այժմս էլ այդ ճշմարտության մեջ ամեն մի անկողմնապահ, անկեղծ մարդ, որ առանց կրքի եւ մոլեռանդության է խորհում, կարող է համոզվել, որ լուսավորչական հայերի մեծ մասը իսկապես հայ չեն, որովհետեւ վաղուց է արդեն կորցրել են այն բոլոր հատկանիշները, որոնք ջոկում են մի ազգություն մի ուրիշ ազգությունից: Դա լուսավորչական կրոնի մեղավորություն չէ, որովհետեւ ոչ մի եկեղեցու նպատակը չէ ազգու-  թյուն պահպանելու, նրա նպատակն է միայն աղանդ պահպանելու: Ի՜նչ փույթ հոգեւորականությանը, որ հայը այլեւս հայ չի լինի, ինչպես որ մենք այդ տեսնում ենք լուսավորչականների մեծ մասի մեջ, ի՜նչ փույթ հոգեւորականությանը, որ հայը հայերեն լեզուն կմոռանա, կթողնի իր հայրենիքը, ազգությամբ իրան հայ չի համարի, միայն թե նա ամեն տեղ, ուր կգաղթի, տանի իր հետ իր եկեղեցին: Ի՜նչ փույթ քահանային, որ հայը իրան հայ չէ համարում, որ նա խոսում է, աղո-թում է եւ խոստովանվում է օտար լեզվով, ի՜նչ փույթ քահանային, որ ինքն էլ ստիպված է օտար լեզուներով քարոզներ կարդալ եկեղեցում, ի՜նչ փույթ վարդապետին, վանքի վանահորը, որ հայը կորցնի իր ազգությունը, միայն թե աղանդով մնա լուսավորչական, այսինքն չմերժի իր տուրքը եկեղեցուն եւ վանքին, պահպանի նյութականապես եկեղեցու սպասավորներին: Ի՜նչ փույթ հոգեւորականությանը, որ հայը հետզհետե մոռանում է իր մայրենի լեզուն, որ լուսավորչականների  մեծամասնությունը լեզվով այլեւս հայ չէ, իր պատմական հայրենիքից դուրսն է ապրում: Ընդհակառակը, հոգեւորականության շահերին դեմ է, եթե ազգը զարգանա, որպես ազգություն զարգացնի իր կենդանի, աշխարհաբար մայրենի լեզուն: Հոգեւորականությունը երբեք չի թույլ տա, որ հայը տեսնի իր եկեղեցական արարողությունները կենդանի, հասկանալի լեզվով կատարվելիս, որ նա կարդա իր ավետարանը հասկանալի, մայրենի լեզվով…

Հոգեւորականության շահերը պահանջում են, որ ժողովրդի մեջ միշտ տիրե աղանդային ոգին, տիրե մի քրմական լեզու, որ ամբոխին հասկանալի չէ…

Ահա իմ խոստովանությունս, ահա ինչի ես իմ գրական գործունեությանս սկզբից, տասն եւ հինգ տարի է արդեն, որ նպատակս դրած եմ ինձ համար հասկացնել հայոց ազգին, որ նա որպես ազգություն ոչինչ ապագա չի ունենա, քանի որ աղանդական սկզբունքից չի բարձրանա մինչեւ ազգային սկզբունքը: Իմ նպատակս, որպես պուբլիցիստի էր, է եւ կլինի մինչեւ կյանքիս վերջը աշխատել հասկացնել հային ազգային ինքնաճանաչության գաղափարը եւ դուրս բերել նրան նեղ, սահմանափակ եւ ազգակործան աղանդական շրջանակներից:

Հասկանալի է, որ այդպիսի նպատակ ունենալով աչքի առջեւ եւ ինքս դասավորելով ազգության գաղափարը աղանդի գաղափարից բարձր, ես չէի կարող հային հայ չճանաչել, եթե նա այսինչ կամ այնինչ կրոնին չէ պատկանում…

Հնամոլներն ասում են, որ նա է միայն հայը, որ լուսավորչական դավանության է պատկանում. նրանք ուրեմն հայի վրա նայում են աղանդի տեսակետից եւ չեն հասկանում ինչ բան է ազգությունը: Իսկ ես իմ ամբողջ կյանքիս նպատակը դրած եմ հասկացնել հային, որ   ամեն հայ հայ է, ով ճշմարիտ ազգային կյանքով է ապրում: Նրա դավանած կրոնը ինձ համար ոչ թե միայն երկրորդական բան է, բայց ես չեմ էլ կամենում իմանալ, թե նա ինչ կրոնի է պատկանում:

Բայց որ հայը ընդունակ է աղանդի նեղ դիրքից բարձրանալ մինչեւ ազգության անհամեմատ բարձր սկզբունքը, ազգային միության կապ հաստատել ամեն տեսակ դավանություններին պատկանող հայերի մեջ, դրան գրավական կարող է լինել թե՛ հայի հարուստ անցյալը եւ թե՛ նրա ազգային զարգացման ընդունակ ներկան: Հայի բարոյական եւ տնտեսական կապը իր հայրենիքի հետ, իր պատմական հայրենի հողի հետ, իրան շրջապատող ուրիշ ցեղերի վրա իր ունեցած կուլտուրական, քաղաքակրթական ներգործությունը, հայի իր մայրենի    լեզվի պահպանելը, նրա բազմակողմանի մշակելը ու զարգացնելը, - ահա մեր ազգային գոյության հաստատ հիմքի գրավականը:

«Մշակ», 1880, 164

54. ՎԵՐՋ ՉԿԱ

Երբ որ վիճաբանություն անողները անազնիվ կերպով են վիճաբանում, հեղաշրջում են ճշմարտությունը, այն ժամանակ վեճը երբեք վերջ չունի:

Մենք ստիպված ենք դարձյալ մի անգամ պարզ թեզիսներ դնել մեր հարուցած խնդրի մասին կրոնի եւ ազգության տարբերության վերաբերությամբ:

Ոչ մի ազգություն չկա, որ ամբողջությամբ մի դավանության պատկաներ:

Կրոնը էական մասը չէ մի ազգության. դավանությունները կարող են այլեւայլ լինել, բայց ազգությունը այդ այլեւայլ կրոններ դավանողների դարձյալ կարող է մի լինել:

Ազգության էական մասերը դրանք են. մայրենի լեզու, հայրենիք եւ ցեղ:

Առանց հայրենիք, առանց հաստատ հող, որոշ գետին ոտքի  տակ, ոչ մի ազգություն գոյություն ունենալ չէ կարող: Եթե ազգու-     թյունը կորցնում է իր հայրենիքը եւ ցրվում է ամբողջ աշխարհի երեսի վրա, նա այլեւս ազգություն չէ:

Բայց ազգությունը կարող է կորցնել հին հայրենիքը եւ այնքան ուժ ունենալ, որ ստեղծի իր համար մի նոր հայրենիք: Այն ժամանակ նա դարձյալ կարող է շարունակել գոյություն ունենալ որպես ազգու- թյուն, եթե միայն պահպանել  է եւ զարգացնում է իր մայրենի լեզուն:

Ցեղը մինչեւ անգամ կարող է փոխվել, եթե ազգության անդամները խառնվեցան ուրիշ ցեղի հետ:

Կրոնը կարող է փոխվել, այլեւայլ կրոններ մտնել ազգության մեջ, - դարձյալ ազգությունը կմնա, եթե ազգությունը պահպանել է      մայրենի լեզուն:

Ցեղը կարող է փոխվել, ուրիշ ցեղերի հետ խառնվել, - դարձյալ ազգությունը կմնա, եթե մայրենի լեզուն պահպանվի:

Հայրենիքը կարող է փոխվել, նոր հայրենիք ստեղծվել, - դարձյալ ազգությունը կպահպանվի, եթե մայրենի լեզուն պահպանված լինի:

Բայց եթե մայրենի լեզուն կորչի, մայրենի լեզուն անհետանա ազգությունից, անմիջապես ինքն ազգությունն էլ, որպես ազգություն կանհետանա: Կմնան միայն անհատներ, բայց ազգությունը կկորչի:

Եթե մի ազգություն իր կրոնը պահպանեց, բայց կորցրեց հայրենիքը, իսկ կրոնի հետ պահպանեց իր լեզուն, - նա դարձյալ, եթե բավական բազմաթիվ է եւ ցրված չէ, կարող է ստեղծել մի նոր հայրենիք, թեեւ այդ շատ քիչ ազգերին է աջողվել եւ այժմ երկրագնդիս վրա        ազատ տեղեր չկան:

Եթե մի ազգություն պահպանելով կրոնը, պահպանի մայրենի լեզուն, բայց մնա հայրենիքում, - նա պետք է շտապի վերակենդանացնել իր մայրենի լեզուն, որպեսզի կենդանանա որպես ազգություն, եթե ոչ նա մնալով հայրենիքում եւ պահպանելով կրոնն էլ, եթե կորցրեց իր մայրենի լեզուն, կլուծվի մի այլ, հարեւան ազգության մեջ,     ուրեմն կանհետանա որպես ազգություն:

Եթե մի ազգություն հավատարիմ պահպանելով իր կրոնը, կորցրեց իր մայրենի լեզուն եւ հայրենիքը, այլեւս ոչինչ չի փրկի նրան որպես ազգություն: Նա գուցե միշտ մնա որպես առանձին աղանդ, բայց այլեւս երբեք չի կոչվի ազգություն:

Ուրեմն կրոնի, ցեղի, մինչեւ անգամ հայրենիքի փոխվելը չէ փոխում ազգությունը: Միայն լեզվի փոխվելը կատարելապես ոչնչաց-   նում է ազգությունը:

Ազգությունը առանց ընդհանուր հայրենիքի եւ մի մայրենի լեզվի չէ կարող գոյություն ունենալ, բայց ունենալով որոշ սահմաններով հող եւ հայտնի ազգային լեզու, ինչքան էլ բազմաթիվ լինեին այդ ազգության մեջ այլեւայլ դավանություններ, ինչքան էլ խառն լիներ այդ ազգության ցեղը, նա դարձյալ կլինի մի ազգություն:

Հայրենիք անշուշտ պետք է ունենալ: Եթե կորած է հինը, պետք է ստեղծել նորը: Մայրենի լեզուն պետք է ունենալ, որովհետեւ նա է մի ազգություն մյուսից որոշող միակ գործիքը:

Բայց եթե մի ազգության ամբողջ գոյությունը միմիայն կրոնից է կախված, նա կլինի, այո հաստատ աղանդ, բայց երբեք չի լինի      ազգություն:

Այդ պատճառով այն հայը, որ ապրում է հայրենիքում եւ խոսում է հայերեն լեզվով, մեզ համար միեւնույն է նա ինչ կրոնին է պատկանում: Նա դարձյալ հայ է, նա ավելի հայ է, քան թե այն հայը, որ կրոնով հայ է, թեեւ դա հնարավոր բան չէ, բայց ապրում է իր հայրենիքից դուրս եւ չգիտե իր մայրենի լեզուն:

Կաթոլիկ կամ բողոքական հայը, որ գիտե իր մայրենի լեզուն եւ ապրում է իր հայրենիքում, նա ավելի հայ է, քան թե լուսավորչական հայը, որ ապրում է հայրենիքից դուրս եւ չգիտե իր մայրենի լեզուն կամ նույնիսկ ապրում է հայրենիքում եւ չգիտե իր մայրենի լեզուն:

Եվ այդպիսով հայտնվում է, որ լուսավորչականների մեծ մասը, որոնք չգիտեն իրանց մայրենի լեզուն, իսկապես հայ էլ չեն,   րովհետեւ կորցրին այն ֆակտորը, մայրենի լեզուն, որ ջոկում է մի ազգություն մյուսից: Ուրեմն ու՞ր մնաց այն սկզբունքը, թե կրոնն է ազգության նեցուկ, երբ կրոնը ունելով կարելի է կատարելապես կորցնել ազգությունը:

«Մշակ», 1880, 181

55. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏԱԾՄՈՒՆՔՆԵՐ

Եվրոպան անդադար պահանջներ է անում Թուրքիայից, պահանջում է, որ նա այս կամ այն վերանորոգություն մտցնե իր երկրներից մինի մեջ, պաշտպանե իր այս կամ այն հպատակ ազգությունը    հալածանքներից, տա ինքնավարություն իր այս կամ այն նահանգին:

Բայց ինչքան էլ տգետ լինեին թուրք պետական մարդիկ, նրանք շատ լավ են հասկանում, որ այն պահանջները, որ եվրոպական երկրները Թուրքիային են անում, իրանք չեն կատարում իրանց երկրների վերաբերությամբ: Իրանք պահանջում են Թուրքիայից ինքնավարություն կամ ազատություն տալ թուրքահպատակ այս կամ այն ազգին, իսկ իրանք հալածում եւ ճնշում են իրանց հպատակ ազգերին: Խիստ պահանջներ Թուրքիայից անելով, եվրոպական պետությունների խղճմտանքն էլ պետք է ավելի մաքուր լիներ: Թուրքիայի պես մի երկրի վրա բարոյապես ներգործելու համար, հարկավոր կլիներ, որ Եվրոպան ավելի մեծ բարոյական հեղինակություն ունենար թուրքերի աչքում:

Բայց այդ հեղինակությունը Եվրոպան կորցրել է, մանավանդ վերջին տարիները, ոչ թե միայն Բ. Դռան պետական մարդիկների աչքում, բայց մինչեւ անգամ թուրք մամուլի աչքերում: Եվրոպան իրան այնտեղ է հասցրել, որ մի որեւէ «Վակըթ» թուրք մոլեռանդ լրագիրը    իրավունք ունի ծաղրել Եվրոպային:

Երբ Անգլիան այս կամ այն խիստ պահանջներ է անում Թուրքիայից, Կ. Պոլսի թուրք մամուլը պատասխանում է. իսկ դուք ինքներդ ի՞նչ եք անում իռլանդացիների հետ. մի՞թե դուք նրանց ամենաանողորմ կերպով չեք ճնշում:

Երբ որ Գերմանիան խառնվում է օսմանյան պետության ներքին գործերում, այդ տեսակ պատասխան է ստանում թուրքերից՝ իսկ դուք ինքներդ ի՞նչ եք արել էլզասցիների եւ լեհացիների հետ, արդյոք ձեր հրեա հպատակներին էլ այժմ չե՞ք հալածում, արդյոք ձեր Բիսմարկ չէ՞ ձգտում կատարյալ ինքնիշխանություն ձեռք բերելուն:

Երբ Ավստրիան միջամտում է Բալկանյան սլավյանների կամ հույների գործերի մեջ, թուրքերը հարցնում են, իսկ ձեր ներգործած ճնշումը բոսնիացիների եւ հերցեգովինցիների վրա, նրանց մեջ գործած ձեր անիրավությունները մի՞թե մեզ հայտնի չեն:

Ֆրանսիան աքսորում է իր երկրից հոգեւոր միաբանությունները եւ միեւնույն ժամանակ պաշտոնապես հայտնում է Բ. Դռանը, որ իր հեղինակությամբ պաշտպանելու է Արեւելքում նույն եկեղեցական միաբանություններին: Այդ ժամանակ թուրքաց արտաքին գործերի մինիստրությունը հանդգնաբար եւ կատարյալ իրավունքով պատասխանում է Ֆրանսիային պաշտոնապես, թե Թուրքիան ֆրանսիական հանցավորների համար աքսորանքի տեղը չէ:

Ուրեմն լուսավորված Եվրոպան այնտեղ է հասցրել իրան, որ այլեւս ոչինչ բարոյական ներգործություն չունի Թուրքիայի պես մի փտած պետության վրա, եւ սա հանդգնաբար կարող է Եվրոպային պատասխանել. «դուք ինքներդ էլ ճնշում եք ձեր հպատակ ազգու-     թյուններին»:

Ինքը՝ Արեւմուտքը կարոտ է կատարյալ վերանորոգության եւ բարոյական հեղափոխության, որպեսզի կարողանա բարոյապես ներգործել եւ Արեւելքի վրա: Քանի որ Եվրոպան ինքը ճնշող, ազատության հալածող կլինի, նա ոչինչ բարոյական ներգործություն չի ունենա թուրքերի վրա, ոչինչ հեղինակություն չի ունենա թեեւ հետադեմ, բարբարոս եւ անբարոյականացած, բայց այնուամենայնիվ բնածին խելք ու դատողություն ունեցող արեւելցու վրա:

«Մշակ», 1881, 40

56. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒԺ

I

Շատերը կարծում են, որ հայոց խնդիր են լուծում, անելով պատմական կամ քաղաքական դատարկախոսություններ իրանց       առաջնորդող կամ բանասիրական հոդվածներում, միեւնույն ժամանակ արհամարհանքով հարձակվելով հակառակորդի ամեն մի խելացի, դրական մտքի վրա, որ նայում է խնդրի վրա ոչ այնքան դիվանագիտական, որքան քաղաքա-տնտեսական տեսակետից:

Կան եւ այնպիսիններ, որոնք ուրիշ ծայրահեղության մեջ են ընկնում: Նրանց համար չկան ոչ քաղաքական, ոչ տնտեսական       խնդիրներ, բայց հայոց խնդիրը լուծելու համար նրանք միմիայն     փրկության մի ճանապարհ են տեսնում՝ այն է Հայաստանում ուսում տարածելով…

Սրանց արածը մենք այն պատճառով նույնպես ծայրահեղու- թյուն ենք համարում, որ լոկ ուսումը, գրագիտությունը, դպրոցների միջոցով, Հայաստանի հայերի, այն էլ միմիայն լուսավորչական հայերի մեջ, չի ապահովի ամբողջ Հայաստանի համար քաղաքա-տնտեսական ապագան: Հայը կտարածի ուսում միայն հայերի մեջ, կսահմանափակվի ազգային նեղ, չինական պատերի մեջ, քիչ շատ կկրթվի, բայց նույնքան մերկ կմնա երկու կողմից էլ. մի կողմից ուսումը չի տա նրան անձնապաշտպանություն հարեւան բարբարոս ցեղերի դեմ, արյունարբու քուրդը եւ չերքեզը ավելի չեն հարգի գրագետ հային, քան թե անգրագետ հային, նույնքան կսպանեն, կկողոպտեն գրել կարդալ իմացող հային, որքան տգետ հային: Երկրորդ՝ ինչքան էլ ուսում ստանա հայաստանցի հայը, եթե այդ ուսման հետ նա չի միացնի իր նյութական, տնտեսական դրության մասին բարվոքման հոգսը, հայը երբեք չի կարողանա գրավել լոկ ուսումով իրան շրջապատող, իրան թշնամի վայրենի ցեղերին, ուրիշ կողմից տնտեսականի վրա չմտածելով երբեք առաջ չի առնի իր հայրենիքը սպառող գաղթականության:

Այդ է պատճառը, որ մենք խոսելով հայոց խնդրի վրա, ինչքան մեր ուժերը ներում էին, միշտ աշխատել ենք ուշադրություն դարձնել Հայաստանի տնտեսական դրության վրա: Այդ մտքից թելադրված մենք դեռ երկու տարի առաջ մեր դասախոսության գլխավոր նյութը   շինեցինք Հայաստանի տնտեսական դրության քննելը:

Այդ է պատճառը, որ մենք չենք կարող չհամակրել մեր աշխատակից Գրիգոր Նիկողոսյանի նորերումս հարուցված մտքերին թե՛    Կ. Պոլսի «Մասիս» լրագրում եւ թե՛ «Մշակի» մեջ:

Եթե Նիկողոսյանի հայտնած մտքերի մեջ կան ծայրահեղու-   թյուններ, այնուամենայնիվ նրա գաղափարի հիմքը կատարելապես     իրավացի է: Նրա հոդվածները այն տպավորություն են անում, իբր թե նա կատարելապես հերքում է մինչեւ անգամ տարրական ուսման       օգուտը եւ ընդունում է միմիայն տնտեսական աշխատանքի կատարելագործումը, կարեւորություն չտալով մինչեւ անգամ հասարակ գրագիտության, - բայց նրա այդ տեսակ ծայրահեղությունը ներելի է աչքի    առաջ ունելով նրա հայտնած մտքերի գլխավոր նշանակությունը:

Անհերքելի է, որ երկու գլխավոր չարիքները, որոնց ենթարկված է թուրքաց Հայաստանը՝ նախ անընդհատ եւ երկիրը սպառող գաղթականությունն է, որ միշտ արգելք կլինի Հայաստանի տնտեսական բարվոքման. երկրորդ՝ հայերին շրջապատող հայաստանցի մյուս ցեղերի դարեւոր թշնամությունն է դեպի հայերը, մի հանգամանք, որ   եթե չվերանա, երբեք չի թույլ տա որ բոլոր հայաստանցիները իրանց համերաշխ համարեն իրանց բնակված երկրի բոլոր շահերի մեջ, երբեք ուժ չեն կազմի, որի առջեւ ստիպված կլինեն պատկառել թե՛ Թուրքիան, թե՛ նույնիսկ ամբողջ Եվրոպան:

Երբ մի խնդրի ընդհանուր պրոգրամը նախագծված է, երբ նա հիմնված է ուղիղ սկզբունքի վրա, այլեւս անհնարին է մոլորվել մանրամասնությունների մեջ: Ահա, ուրեմն, այն նախագիծը, որով մենք պետք է շարունակենք խոսել ներկա խնդրի վրա եւ մեր հետեւյալ համարներում:

Շատ իրավացի է մեր աշխատակցի այն միտքը, որ Հայաստանը յուրաքանչյուր տասը տարվա մեջ կորցնում է մոտ մի միլիոն ժողովուրդ: Մոտ 200 հազար հայ մշակ ժողովուրդ մշտապես ցրված է       օտարության մեջ. եթե ընդունենք, որ այսպիսով իր մարդուց բաժան-ված հայուհին տասը տարվա մեջ կորցնում է հինգ զավակ, ամբողջ երկիրը տասը տարվա ընթացքում մի միլիոնի չափ ժողովուրդ է կորցնում:

Ինչպես պետք է արած, որ հայ գյուղական ժողովրդի թարմ առողջ, երիտասարդ մասը մնա իր հայրենիքում, դուրս չգա իր մայրենի երկրից, օտարության մեջ իր ուժերը վատնելով վարձկան բեռնակրության վրա եւ այսպիսով զրկելով Հայաստանի հողը մշակող ձեռքից, իսկ հայուհուն որդեծնության պարտավորութենից:

Ի՞նչ է պատճառը, որ մի ժողովուրդ գաղթում է իր հայրենիքից: Գլխավորապես երկու պատճառ կարող են լինել. նախ հայրենիքի մեջ օրինական անապահովությունը, այսինքն որ քաղաքացու անձնավորությունը ապահոված չէ հաստատ օրենքներով կամայականության դեմ, նրա սեփականությունը ապահոված չէ ավազակներից կողոպտվելու դեմ եւ երկրորդ՝ նյութական բավականացուցիչ վաստակի պակասությունը: Այդ երկու պատճառներն էլ կան թուրքաց Հայաստանում, եւ հայերը անդադար գաղթում են իրանց հայրենիքից:

Պետք է, ուրեմն, նախ ապահովել հայի անձնական եւ ընտանեկան գոյությունը օրինական ճանապարհով եւ այդ գործողության հետ զուգընթացաբար բանալ նրա առջեւ նրա հայրենիքում աշխատանքի եւ նյութական վաստակի նոր եւ հաստատ աղբյուրներ, որպեսզի նա կապված մնա իր մայրենի հողի հետ եւ հարկ չունենա գաղթել օտա-րության մեջ:

Բայց ինչպես անել այդ նպատակին հասնելու համար, այդ մենք կքննենք մեր հետեւյալ հոդվածում:

 

II

Անկասկած հայի նյութական դրությունը կապահովվեր, նրա անձնական եւ ընտանեկան պատիվը, նրա սեփականությունը պաշտպանված կլինեին, եթե թուրքաց Հայաստանին տրվեր մի որեւէ ինքնավարություն:

Բայց ինչպե՞ս հասնել այդ նպատակին: Արդյոք թուրքիացի հայը պետք է սպասի այդ շնորհը Թուրքիայից եւ Եվրոպայից, ինչպես երկնքից թափվող մանանայի, թե ինքն էլ մի բան պետք է անի իր այդ ցանկացած ինքնավարությունը իր հայրենիքի համար ձեռք բերելու:

Մինչեւ այժմ հայը իրանից ոչինչ չէր անում իր այդ ցանկացած նպատակին հասնելու համար, այլ ամեն բարիք սպասում էր դիվանագիտական հարաբերություններից: Եվ մինչեւ անգամ այդ դիվանագիտական ճանապարհում նա շատ թույլ եւ անպատրաստ գտնվեցավ:

Քրդերը կողոպտում էին հային, - նա ուրիշ ազգերի պես ինքն իր անձը չէր պաշտպանում, բայց աղերսագրեր էր ներկայացնում: Թուրք պաշտոնյան ճնշում, հարստահարում էր հային, խլում էր նրանից նրա կալվածները, նրա սեփականությունը, - հայը գրավոր բողոքներ էր տալիս Բ. Դռանը: Թուրք, մահմեդական ազգաբնակությունը թշնամաբար էր վերաբերվում դեպի հայ տարրը, - հայը գանգատվում էր Եվրոպային: Հայից հարցնում էին՝ արդյոք մեծ է ազգությանդ թիվը հայրենիքումդ, - հայը դրդված կրոնական մոլեռանդությունից, մի աննշան թիվ էր ցույց տալիս, որի մեջ հիշված էին միմիայն հայ-լուսավորչականները եւ մոռացված էին հայ-կաթոլիկները, հայ-բողոքականները, հայ- հունադավանները, հայ-մահմեդականները, հայախոս եզիդիներն ու ասորիները, հայախոս քրդերի մի քանի ցեղերը…

Հայը ներկայացավ եւ Բեռլինի ավագաժողովը եւ այդտեղ էլ ցույց տվեց իր նեղհայաց եւ դիվանագիտական գործին անպատրաստ լինելը: Նա խոսեց հայի, լուսավորչական հայի կողմից միայն,          ուղարկեց միմիայն հայ աբեղաներին իր դատը պաշտպանելու համար եւ անընդունակ եղավ առհասարակ հայաստանցու անունով խոսելու, չկարողացավ պահանջել Հայաստանի, որպես մի ամբողջ նահանգի համար ինքնավարական իրավունքներ: Նա նախ պետք է համերաշխության կապերը հաստատեր Հայաստանի բոլոր ազգաբնակությունների մեջ, առանց ցեղի եւ կրոնի խտրության, եւ այնպես ներկայանար Բեռլինի կոնգրեսը: Նա այդ էլ չարավ:

Ուրեմն դիվանագիտական ճանապարհով գործելու, ինքնավարություն պահանջելու համար, դարձյալ պետք է կատարվեր մի     ահագին պատրաստական աշխատանք:

Նախ եւ առաջ հայերը պետք է ոչ թե միայն ընտելանային բոլոր այլակրոն հայերին հայ համարել, բայց եւ հայաստանցի համարել Հայաստանում բնակվող բոլոր ցեղերին, իրանց նյութական, տնտեսական եւ հասարակական շահերը նրանց հետ համերաշխ համարելով:

Ի՞նչ են այն ընդհանուր շահերը, այն համերաշխության կապերը, որոնք կարող են զարգանալով, կապել հայաստանցի բոլոր ազգերին հայերի հետ: Անտարակույս լուսավորչական կրոնը եւ ոչ մի կրոն չի կարող այն ցեմենտը լինել, որ բոլոր հայաստանցիներին ձուլեր մի ազգային զանգվածի մեջ: Ինչքան էլ հայ-լուսավորչականը իր կրոնը գերազանց համարեր աշխարհիս բոլոր մյուս կրոններից, նա բռնի կերպով չէ կարող ստիպել, որ բողոքականը, կաթոլիկը, հունադավանը, մահմեդականը այդ կրոնն ընդունեին: Պետք է որոնել ուրիշ,       ամենքի համար ընդհանուր շահ ներկայացնող կետ, մի չեզոք գետին, որի վրա բոլոր հայաստանցիներն էլ միանալով՝ կարող էին համե-   րաշխ ոգով գործել ընդհանուր հայրենիքի բարվոքման գործի համար:

Այդ կետը մի քանիսն էր. ընդունում են ուսումը: Մենք դրա դեմ ոչինչ չունենք, թեկուզ այդ ուսումն էլ լիներ հայերեն լեզվով. այդ       ուսումից չէին խորշի, թեեւ նա հայերեն լեզվով մատակարարվեր, հայ-լուսավորչականի հետ միասին ե՛ւ հայ-բողոքականը, ե՛ւ հայ-կաթոլիկը, ե՛ւ հայ-հունադավանը, ե՛ւ հայախոս մահմեդականների բազմությունը: Ուրեմն, ուսման համար կոնտիգենտ արդեն պատրաստ էր եւ բավական բազմաթիվ էր: Բայց հարցը դրանումն է, թե ի՞նչ ուսում: Նախ եւ առաջ մենք ուսում, լուսավորության տարածումն բառով չենք ընդու-նում միմիայն դպրոցներ, այլ լուսավորության գործիչներից ոչ պակաս զորեղներն են՝ լսարանները, գրականությունը, մամուլը եւ մինչեւ անգամ թատրոնը: Բայց երբ ուսում, լուսավորություն բառով ընդունվում է միմիայն դպրոց, տարրական ուսումնարան, որտեղ ուսուցանում են կարդալ, գրել, կրոն, հաշիվ եւ քերականություն, պարզ է, որ այդ տեսակ ուսում անկարող էր գրավել Հայաստանի այլադավան եւ այլացեղ ազգերին: Այդ բավական չէ. նա չէր կարող գրավել եւ նույնիսկ հայ-լուսավորչականների մեծամասնությունը: Մարդկությունը այնպես է ստեղծված, որ նրա մեջ իդեալական կողմը առհասարակ շատ քիչ է զարգացած եւ շատ ուշ է զարգանում. մարդիկ մեծ մասամբ մեծ թե փոքր գործեր են անում, դեպի լավը, կամ դեպի վատն են ընթանում, դրդված լինելով դրական, նյութական շահերից, կենսական պահանջներից:

Ասացեք խնդրեմ, ի՞նչ շահ, ի՞նչ գրավիչ ուժ կարող էր ներկայացնել այլակրոն եւ այլացեղ հայաստանցու համար մի հայոց դպրոց, որի դրական հետեւանքը, գործնական արդյունքը նա չէ տեսնում, որ սովորեցնում է միմիայն գրագիտություն, առանց սովորեցնելու մի որեւէ արհեստ, որ կարող էր գործ դրված լինել կյանքի մեջ:

Մենք չենք հերքում ուսման, գրագիտության օգուտը եւ անհրաժեշտությունը, մենք այն ծայրահեղությանը չենք հասնի, որ քարոզեինք թե թող հայը անգրագետ, տգետ լինի, միայն թե արհեստով պարապի: Ոչ. բայց մենք լոկ տարրական ուսումը անբավականացուցիչ ենք համարում, եթե նույն դպրոցներում, կամ այդ դպրոցներին կից այլ դպրոցներում, միացած չլինի ուսումը արհեստի կամ երկրագործու-  թյան ուսման հետ: Մենք ավելին կասենք. ուսումնարանը ինչքան էլ արվեստագործական խիստ ուղղություն ունենա, այն օգուտը չէ կարող տալ թե՛ հային եւ թե՛ հայաստանցի մյուս ազգերին, մոտեցնելով նրանց եւ միացնելով նրանց ընդհանուր շահերը, որքան արվեստանոցներ, ֆաբրիկաներ, արվեստագործական ընկերություններ:

Մի արվեստանոց, որ նորերումս հիմնվեցավ Վանում մի մասնավոր մարդու ձեռքով, գուցե բուն անձնական շահերի նպատակով, որի մեջ պատրաստվում են բրդյա կերպասներ, եւ որտեղ միատեղ բանում են մոտ 200 բանվորներ խառն հայերից, թուրքերից եւ ասորիներից, կարճ ժամանակում ավելի կանի Հայաստանի այլեւայլ ցեղերից բաղկացած այդ խմբի մարդկանց միմյանց մոտեցնելու, քան թե Հայաստանի բոլոր տարրական դպրոցները, մանավանդ եթե այդ տեսակ արհեստանոցից օգուտ քաղեինք եւ նրա բանվորներին աշխատանքից ազատ ժամանակ թեթեւ դասախոսություններ անեինք այլեւայլ առար-կաներից, կամ գոնե գրագիտությունը սովորեցնեինք, ինչպես կի-րակյա դպրոցներում:

Եվ պարզ խոսենք. մի կողմ թողած Հայաստանի այլացեղ եւ այլակրոն ազգերին, բայց նույնիսկ հայերի դրության մեջ գլխավոր չարիքը վերացնելու համար, այն է՝ գաղթականության սարսափելի հոսանքն արգելելու համար, արդյոք անզոր չհանդիսացա՞ն ուսումը ծավալող այն բոլոր դպրոցները, որոնք միմիայն գրագիտություն են սովորեցնում հային:

Ուր մնաց թե այդ գրագիտության դպրոցներով կարողանա-  յինք հասարակական համերաշխության կայծ գցել հայաստանցի բոլոր ցեղերի մեջ, երբ որ մեզ հայտնի է, որ ոչ թե միայն այլացեղ ազգերը չեն գրավվում հայոց այդ դպրոցներով, բայց եւ այն ժամանակ, երբ որ նրանց մեջ գտնվում են պատահմամբ ցանկացողներ իրանց զավակներին հայոց ուսումնարաններին հանձնելու, այդ վերջինները չեն ընդունում նրանց, նպատակ ունելով միմիայն հայերի մեջ ուսում տարածելու:

Հետեւյալ հոդվածում կխոսենք Կ. Պոլսի եւ Հայաստանի փոխադարձ հարաբերությունների վրա:

 

III

 

Մեր անցյալ հոդվածները կարդալով, ընթերցողը մեզ կարող է ասել. «Ի՞նչ է մեզ երաշխավոր, որ ձեր հայացքները սխալ չեն, որ դուք Հայաստանի դեպքերի վրա խոսելով չեք սխալվում»:

Գուցե այդ նկատողությունը արդար է, բայց այն ժամանակ կարող ենք հաստատ ասել, որ Կ. Պոլսի հայերը, Հայաստանից ավելի էլ հեռու լինելով քան թե մենք, մեզանից ավելի է՛լ անջատված լինելով իրենց հայրենիքից, մեզանից է՛լ ավելի քիչ գիտեն, թե ի՞նչ է Հայաս-  տանի անհրաժեշտ պահանջը:

Ճշմարիտ է, մեր ինտելիգենցիայի մեծ մասը թուրքաց Հայաստանը չէ տեսել, բայց այստեղ, Անդրկովկասում, ռուսաց Հայաս- տանում եւ Վրաստանում, մենք մեր աչքերի առաջ ունենք հայ գյուղացիներ, հայ արհեստավորներ, ծանոթ ենք հայ վաճառականության, հայոց ժողովրդական թե՛ քաղաքային եւ թե՛ գյուղական դպրոցների   հետ, հայոց հասարակական կյանքի հետ, վերջապես ապրում ենք բավական խիտ բնակվող հայ տարրի մեջ, ճանաչում ենք նրա բարք ու վարքերը, նրա կյանքի պայմաններն ու պահանջները եւ համեմատությամբ դատելով՝ կարող ենք եզրափակել, թե ի՞նչ է հայի դրությունը, նրա պահանջը թուրքաց Հայաստանում: Մեր մամուլն էլ Ռուսահայաստանի ամեն անկյուններից մեզ ծանոթացնում է հայ տարրի     կյանքի հետ, ուսումնասիրելով գլխավորապես Երեւանի նահանգի հայ տարրը, որտեղ հայերը ավելի խիտ են բնակվում, քան թե թուրքաց Հայաստանում:

Այդ բոլոր աջող հանգամանքներից զուրկ է Կ. Պոլսի հայ ինտելիգենցիան: Թուրքաց մայրաքաղաքը Բյուզանդիայի հողի վրա գտնվելով եւ կտրված լինելով ահագին տարածությամբ Հայաստանից, Կ. Պոլսի հայ ինտելիգենցիան երբեք իր կյանքումն էլ չէ տեսել մի հայ գյուղ, երբեք չէ տեսել մի հայ գյուղացուն արորը ձեռին, այլ տեսել է նրան միայն որպես Կ. Պոլսի փողոցների բեռնակիր՝ փալանը մեջքին: Կ. Պոլսի հայ մամուլը մինչեւ վերջին ժամանակները զուրկ էր Հայաս-տանից ստացվող հայ տարրի տնտեսական կամ հասարակական կյանքը նկարագրող թղթակցություններից, պոլսեցին ճանաչում էր Հայաստանը միմիայն բանաստեղծական, իրականությունից զուրկ նկարագրությունների միջոցով…

  Եվ ահա Հայաստանից կատարելապես անջատված, նրան բոլորովին օտար Կ. Պոլսի մեջ հիմնվում են ընկերություններ, որոնք հանձն են առնում առաջնորդել Հայաստանի բարոյական եւ մտավոր բարվոքման գործը, եւ որոնց անդամներից ոչ մինը երբեք Հայաստանում չէ եղել, ոչ մինը հայաստանցի չէ:

Կ. Պոլսից հրահանգներ կազմել Հայաստանի ուսման եւ Հայաստանի հասարակական բարվոքման համար, անհնարին է: Թող    Կ. Պոլսի ինտելիգենցիան, եթե կամենում է գործել Հայաստանի համար, վերադառնա Հայաստան, նախ ուսումնասիրե այդ երկիրը, նրա անհրաժեշտ պետքերը եւ ապա այդ պետքերին համեմատ հրա-       հանգներ կազմի եւ սկսի գործել:

Կ. Պոլսի ազգային ժողովը իր մեջ չէ պարունակում Հայաստանի շահերը ներկայացնող տարրեր, Կ. Պոլսի ազգային գրականու-     թյունը մինչեւ վերջին ժամանակները հարստանում էր Ալեքսանդր Դյումայի եւ Վիկտոր Հյուգոյի վեպերի թարգմանություններով, մենք չտեսանք թուրքաց մայրաքաղաքի տպարաններից դուրս եկած ոչ մի հայոց գիրք, որ ուսումնասիրած լիներ Հայաստանի վիճակագրությունը, նրա ազգագրությունը, որ ներկայացներ մեզ հայրենիքի քաղաքատնտեսական նկարագիրը, ոչ մի ինքնուրույն վեպ, ռոման ազգային ժամանակակից հասարակական կյանքից չստեղծագործեց պոլսեցի հայի հանճարը… Միակ ազգային գրականական ստեղծվածները՝ այն փտած, անիմաստ, անշնորհ պատմական ռոմաններն ու թատրոնական գրվածներն են, որոնց այնքան առատությամբ ընծայում է մեզ իրական հողից դուրս, րոմանտիկական ոգով կրթված պոլսեցին…

Նախ պետք է ուսումնասիրել մի երկիր եւ ապա նրա վրա ներգործել կրթողական կերպով եւ նրանից օգուտ քաղել: Պարզ է, որ     ուսումնասիրած չլինելով Հայաստանը, պոլսեցի հայը չէր կարող ոչ ներգործել իր երեւակայության մեջ միայն կյանք ունեցող հայրենիքի վրա, չէր էլ կարող ուրիշ կողմից շահվել այդ հայրենիքից: Երբ եք տեսել, որ Կ. Պոլսում կազմվեր մի ընկերություն Հայաստանը գիտնականապես ուսումնասիրելու համար, կամ օգտվելու համար երկրի բնական բերքերից, Հայաստանի բնական բերքերը վաճառահանելու եւ նրա արդյունաբերության ավելի լայն զարգացմանը նպաստելու…

Երկուսից մեկը. թող Կ. Պոլսի հայերը կամ խոստովանեն, որ չեն ճանաչում Հայաստանը, չեն կարող իրանց հայրենիքին ոչինչ       օգուտ տալ, ուրեմն կատարելապես հրաժարվեն Հայաստանի վրա ներգործություն ունենալու եւ նրան առաջնորդելու դիտավորությունից, կամ, եթե անկեղծ կերպով կամենում են ծառայել իրանց ազգին, թող վերադառնան Հայաստան:

Բայց ինչ ճանապարհով պետք է կատարվի այդ վերադարձը դեպի հայրենիքը, այդ մենք կբացատրենք մեր հետեւյալ հոդվածում:

 

IV

 

Մեր վերջին հոդվածում մենք խոստացանք բացատրել, թե ինչպես պետք է կատարվի Կ. Պոլսի վերադարձը Դեպի Հայաստան Իհարկե այժմյան դարում մի ազգաբնակության վերադարձը դեպի իր հայրենիքը չէ կարող կատարվել այնպես, ինչպես կատարվեցավ հրեաների կտակարանական վերադարձը Եգիպտոսից դեպի              Պաղեստին:

Բայց եւ այժմյան դարում կատարվում են ահագին գաղթականություններ, միայն նրանց շարժառիթը լինում է ոչ այնքան բարոյական մի բարձր գաղափար, որքան տնտեսական շահ: Դորան ապա-ցույց կարող է լինել գերմանացիների գաղթականությունը դեպի Ամերիկա, որի շարժառիթը լինում է այն անաջող տնտեսական դրությու- նը, որի մեջ նրանք գտնվում են իրանց հայրենիքում, այն ծանր հարկերը, որ նրանք անկարող են վճարել իրանց կառավարությանը: Ամերիկայում նրանց առաջարկում են շահավետ պայմաններ, հայթայթում են նրանց ճանապարհի ծախսը, եւ նրանք համաձայնվում են գաղթել:

Բայց անտարակույս, բացի նյութական շահից, պետք է լինի, գոնե ժողովրդի առաջնորդների մեջ եւ մի այլ, մի բարոյական գաղափար, մի բարոյական դրդիչ, որ միացած լինելով նյութական շահի    հետ կարող է աջողեցնել գաղթականությունը:

Մենք կբաժանենք Կ. Պոլսի բոլոր հայ բնակիչներին գլխավորապես չորս որոշ դասակարգերի վրա:

Առաջինը՝ այն աղքատ, բայց լուսավորված դասակարգն է, որ ապրում է իր աշխատանքով եւ որ ազգային առաջադիմության ասպարեզում գործում է անձնվիրությամբ: Սրանք են ուսուցիչներ, քահանաներ, խմբագիրներ, բժիշկներ, տեխնիկներ եւ այլն: Սրանք ոչնչով կապված չեն Կ. Պոլսի հետ, չունեն ոչ կալվածներ, ոչ ֆինանսական գործեր, ոչ նյութական շահեր, որոնք կարող լինեին կապել նրանց թուրքաց մայրաքաղաքի հետ: Սրանցից կարելի է սպասել, բարոյապես պահանջել, որ թողնելով Կ. Պոլիսը, նրանք ուղեւորվեին դեպի Հայաստան, ժողովրդի մեջ գործելու համար: Սրանց մոտ եթե կա ազգասիրություն, բարոյական զգացմունքի մի կայծ անգամ, նրանք անմիջապես պետք է թողնեն Կ. Պոլիս եւ նվիրեն իրանց անձը հայրենիքի ծառայությանը: Եթե ոչ, մենք իրավունք ունենք նրանց ասելու. «դուք, որ միայն ձեր անձն ունեք, ավելի ոչինչ, դուք որ անդադար քննադատում եք ե՛ւ ձեր մամուլի ուղղությունը, ե՛ւ ձեր ազգային դպրոցները, ե՛ւ ձեր ազգի անտարբերությունը, դուք ինքներդ ի՞նչ եք մնում Կ. Պոլ-    սում, փոխանակ նվիրելու ձեր անձը, ձեր բարոյական ու մտավոր կարողությունը ձեր ազգի ծառայությանը նրա մայրենի հողի վրա»:

Երկրորդ դասակարգը այն աղքատ ամբոխն է, որ չէ պատկանում ինտելիգենցիային եւ որ բաղկացած է բեռնակիր մշակներից, բանվորներից եւ արհեստավորներից: Նրանցից, այդ տգետ ամբոխից, չէ կարելի պահանջել, որ բարձր իդեալական գաղափարից, ազգասիրության զգացմունքից դրդված, նրանք ամեն բան թողնեն եւ առանց նյութական շահ, կամ գոնե ապահովություն աչքի առաջ ունենալու, վերադառնան իրանց հայրենիքը: Սրանք սպասում են նյութական օգնության: Նրանց վերադարձը կարող է կատարվել, եթե նրանք ունենան առաջնորդներ, որոնք կազմելով մի ընկերություն, հավաքելով եւ նվիրելով գումարներ, այդ միջոցները գործ կդնեն հայ երկրագործ եւ արհեստավոր դասակարգին պատկանողներին Կ. Պոլսից ընկե-       րության ծախսով Հայաստան ուղարկելու: Դրա համար հարկավոր է Կ. Պոլսի հարուստների եւ ինտելիգենցիայի գործակցությունը: Եթե կարելի է հիմնել ընկերություն սովյալներին օգնելու, կամ Հայաստանում ուսում տարածելու, ինչի՞ չէր կարելի հիմնել մի ընկերություն, որ նպատակ ունենար դրամական նպաստներ տալ Հայաստան վերադառնալ ցանկացող երկրագործներին, բանվորներին եւ արհեստավորներին, մինչեւ անգամ նրանց համար հողեր գնելու հայրենիքում:

Երրորդ դասակարգը նույն իսկ այն հարուստներն են, որոնց մասին իսկույն խոսեցինք, որոնք կապված են Կ. Պոլսի հետ կամ        իրանց կալվածներով կամ պաշտոնական պետական ծառայությամբ կամ Եվրոպայի հետ առեւտրական հարաբերություններով, որոնք        իրանք չեն կարող վերադառնալ Հայաստան, քանի որ իդեալական գաղափար եւ անձնվիրություն դժվար է սպասել հարուստներից, այլ այդ զգացմունքները ավելի կարելի է պահանջել աղքատներից, այդ տեսակներից գոնե այնքան ազգասիրություն պահանջենք, որ նրանք նվիրեն հայրենիքի բարվոքման գործին իրանց նյութական հարստության մի աննշան մասը: Նրանց վերադարձը դեպի հայրենիքը թող անձնապես չկատարվի, բայց այդ վերադարձը նրանում կկայանա, որ նրանք իրանց նյութական միջոցներով կպահպանեն այն ընկերությունը, որ նպատակ կունենա նպաստել Կ. Պոլսի հայերի գաղթականությանը կամ ավելի լավ է ասել վերադարձին դեպի հայրենիքը:

Չորրորդ դասակարգը նույն իսկ այն հարուստ դասակարգն է, որ միմիայն առուտուրով եւ ֆինանսական գործերով է պարապում: Սրանց նյութական շահը մինչեւ անգամ պահանջում է ծաղկեցնել Հայաստանի առուտուրը, արդյունագործությունը, խաշնարածությունը, երկրագործությունը: Սրանք կամ անձամբ, կամ իրանց ագենտների    միջոցով կարող են հիմնել Հայաստանում գործարաններ, արհեստանոցներ, գնել հողեր, արդյունաբերել բամբակ, ծխախոտ, վաճառահանել բուրդ, մրգեր եւ այլ հազար ու մի բերքեր… Ահա մի օրինակ. Մուշն արդյունաբերում է ընտիր ծխախոտ, բայց արդյունաբերում է փոքր քանակությամբ, քանի որ գիտե թե մշտական եւ հաստատ առնող չկա: Երեւակայեցեք, որ Կ. Պոլսում կազմվել է մի ընկերություն, որ կապվելով Մուշի հետ, հաստատ պայման է կապում, որ յուրաքանչյուր տարի ծխախոտի մի հայտնի քանակություն կգնի: Պարզ է, որ գյուղացին, կսկսի արդյունաբերել բերքի ավելորդը, հաստատ գիտենալով, որ այսուհետեւ առնող ունի: Այսպիսով, հայ երկրագործը պարապմունք գտնելով, տեղի վրա կմնա եւ այլեւս չի գաղթի, Կ. Պոլսի հայ հարուստն էլ համ հայրենիքին օգուտ կտա, համ էլ ինքն կշահվի:

Թող հարուստի վերադարձը ոչ թե անձնական լինի, այլ իր հարստության, իր փողերի միջոցով. մենք դրանով գոհ կլինենք, ժողովրդի դրությունը կբարվոքի, եւ ինքն էլ կշահվի: Ինչ որ մենք ասե- ցինք ծխախոտի արդյունաբերության վրա, կարող էինք վերաբերել Հայաստանի ամեն տեսակ արդյունաբերություններին, ամեն տեսակ բերքերին, որոնցով այդքան հարուստ է հայի հայրենիքը:

Պետք է կազմել Կ. Պոլսի մեջ մի ընկերություն, որ կկրի, օրինակի համար, «Հայաստան գաղթելու նպաստող ընկերություն» անունը եւ որի պաշտոնը կլինի դիցուք ուղարկել Հայաստան ուսուցիչներին, հիմնել իր գումարներով տպարաններ Վանի կամ Էրզրումի մեջ, ուղարկել իր ծախսով երիտասարդներին, որոնք գավառական թերթի խմբագիրներ կարողանան լինել… Գավառական թերթը ավելի մոտ լինելով ժողովրդի կյանքին, կմշակի տեղական հարցեր, եւ այդ թերթերի միջոցով հարուցված խնդիրներից օգուտ կքաղե Կ. Պոլսի լրագրությունը, որ կտրված լինելով իր մայրենի երկրից, կատարելապես զուրկ է Հայաստանը ճանաչելուց: Ընկերությունը կարող է նպաստներ տալ Կ. Պոլսի բեռնակիրներին, որպեսզի նրանք վերադառնան Հայաստան երկրագործությամբ պարապելու համար, կարող է նպաստներ տալ արհեստավորներին: Պետք է կազմվեն Հայաստանի այլեւայլ տեղերում ընկերության բաժիններ, որոնք կնպաստեն երկրագործությանը, կգնեն հողեր եւ ձեռնտու պայմաններով կծախեն երկրագործ դասին, եւ այնուհետեւ կշահվեն երկրագործության արդյունքներից, կհիմնեն արհեստանոցներ եւ կբանեցնեն այդ արհեստանոցներում անխտիր հայաստանցի ազգաբնակության այլեւայլ ցեղերի ներկայացուցիչներին: Վերջը իրանք էլ մեծ շահ կունենան այդ արդյունաբերությունից եւ միեւնույն ժամանակ կպահեն հայ մշակ ուժերը մայրենի հողի վրա, այդպիսով արգելք կդնեն անընդհատ գաղթականությանը Հայաստանից:

Մենք կրկնում ենք. եթե պոլսեցիները կարողացան կազմել Հայաստանում ուսում տարածող ընկերություններ, որոնցից ոչինչ նյութական շահ չկա, եւ որոնց շարժառիթը եղել է բուն բարոյական, ինչի՞ չեն կարող արդյունագործական ընկերություններ կազմել,         որոնք եթե օրինավոր կերպով առաջ տարվեն, ահագին շահ էլ կտան ընկերությունների բաժանորդներին:

Բարձր իդեալներ քարոզել, շատ անգամ ապարդյուն է լինում: Բայց ազգասիրությունը, բարոյական գաղափարները՝ միացած նյութական շահի հետ, դժվար իրագործելի չեն: Լուսավորությունը միացած տնտեսական ուժի հետ՝ հրաշքներ կարող է գործել:

Հետեւյալ հոդվածով մենք կփակենք մեր այդ հոդվածների       շարքը, ընդհանուր դատողություններ ներկայացնելով ընթերցողին, մեր եւ մեր աշխատակցի հարուցած խնդրի հետեւանքների մասին:

 

V

 

Ներկա հոդվածով մենք վերջացնում ենք մեր հոդվածների      շարքը, որոնց գրելը առիթ տվեց մեզ մեր աշխատակից Գրիգոր Նիկողոսյանի հարուցած խնդիրը: Մենք կրկնում ենք՝ մեր աշխատակցի մտքերում կարող են լինել ծայրահեղություններ, մեր մտքերի մեջ կարող են լինել պակասություններ, բայց նույնիսկ հարցը այն աստիճան նշանավոր է, որ մենք նրա իրագործելը համարում ենք միակ ճանապարհը թուրքաց Հայաստանի ապագա բարօրությանը հասնելու համար:

Մեզ գուցե կհարցնեն. դուք ցանկանում եք, ուրեմն, որ ձեր    առաջարկությունները անմիջապես իրագործվեն: Դրան մենք կպատասխանենք, որ ազգերի մեջ այդ տեսակ մեծ հեղափոխությունները մի տարվա ընթացքում չեն կատարվում, այլ փոքր առ փոքր: Դարերով Կ. Պոլիսը կտրված է մնացել Հայաստանից, անտարբեր է եղել դեպի Հայաստանի ամենաանհրաժեշտ, կենսական պետքերը, ուրեմն ինչպե՞ս կարող ենք հուսալ մեր քարոզածը իսկույն իրագործված տեսնել… Ցանկալի է, իհարկե, որ մեր բոլոր ասածներից մի բան ամենից շուտ կատարվի, այն է, որ Կ. Պոլսի ինտելիգենցիային պատկանող այն հայ երիտասարդությունը, որ ոչինչ կապերով կապված չէ թուրքաց մայրաքաղաքի հետ, հասկանա, որ ազգի պակասությունների դեմ գանգատվելով, մամուլի, դպրոցների, ազգային հիմնարկությանց թերությունների, ժողովրդի անշարժ եւ անտարբեր ոգու դեմ բողոքելով, հայի իր հայրենիքից անդադար գաղթելը պախարակելով, բայց միեւնույն ժամանակ Կ. Պոլսում, օտար հողի վրա նստելով, բան չի դառնա… Դժգոհ եք, բողոքում եք, քննադատում եք, գնացեք ինքներդ Հայաստան, որի ամբոխին պակաս են առաջնորդներ եւ այնտեղ գործեցեք:

Իսկ մեր հարուցած խնդրի մյուս կողմերը, հայրենիքի տնտեսական դրության բարվոքելը, երկրի արդյունաբերության բարձրաց- նելը, արհեստանոցների հիմնելը, ընկերության հաստատելը եւ Հայաստանի հետ նրա անմիջական հարաբերություններ ունենալը, - այդ բոլորը կարող է կատարվել փոքր առ փոքր, քայլ առ քայլ եւ ոչ թե հանկարծակի: Եթե առաջին տարվա ընթացքում ուղարկվեն Հայաս-տան մի երկու ուսուցիչ, մի երկու բժիշկ, հիմնվի մի արհեստանոց, հետեւյալ տարին հիմնվի մի այլ արհեստանոց եւ մի տպարան, երրորդ տարին գնվի, դիցուք, մի կտոր գետին, որի վրա թեեւ փոքր դիրքով, մշակվի խելացի կերպով երկրի մի որեւէ բերք, չորրորդ տարի մի գավառի մեջ հիմնվի գյուղացիների խնայողության մի ընկերություն կամ փոխատու գանձարան, որ կազատի գյուղացիներին գուցե նույն իսկ հայ վաշխառուներից փողերը մեծ տոկոսով փոխ առնելու անհրաժեշտութենից, եւ գործը հետզհետե եւ քայլ առ քայլ գնա այդ ճանապարհով, յուրաքանչյուր տարին մի բան ավելացնելով արդեն եղածի վրա, մենք մեր առաջարկության գործը աջողված կհամարենք: Աչքի առաջ ունելով, որ Կ. Պոլիսը դարերով ոչինչ չէ արել Հայաստանի համար, բացի ազգային երգեր հեղինակելուց, այժմ յուրաքանչյուր տարի գոնե մի քայլ անելով մեր ցույց տված ծրագրի իրագործման ճանապարհի վրա, ժամանակով գործը կաջողվի:

Ուրիշ կողմից մեզ կարող են նկատել, թե ապարդյուն է հիմնել արհեստագործական կամ երկրագործական դպրոցներ, հիմնել արհեստանոցներ, գործարաններ կամ ֆերմաներ, քանի որ երկրի մեջ նահապետական կերպով եւ փոքր քանակությամբ էլ պատրաստվող արդյունքները ելք չեն գտնում, չեն վաճառահանվում, ի՞նչ օգուտ,    ուրեմն, բարելավել արդյունաբերության տեսակը եւ ձեւը ու շատացնել նրա քանակությունը: Այդ նկատողությունը ուղիղ է եւ այդ պատճառով հիմնելով արհեստագործական կամ երկրագործական դպրոցներ, կազմելով գյուղացիների արդյունաբերող ընկերություններ եւ հաստատելով արհեստանոցներ, պետք է զուգընթացաբար այդ բոլոր ձեռնարկությունների հետ մտածել եւ վաճառահանության ընկերություններ հիմնելու մասին, որպեսզի կատարելագործված եւ ավելի մեծ քանակությամբ պատրաստվող արդյունքը ելք, առնողներ գտնի, թե՛ երկրի մեջ եւ թե՛ երկրից դուրս:

Այդտեղ ավելորդ չենք համարում կրկնել, որ երկրի տնտեսական բարվոքման գործը առաջ տանելու համար պետք է կապիտալիստների ընկերակցությունը, հասարակական ուժերի համերաշխ գործակցություն եւ ոչ թե մի անհատի ինիցիատիվը, որի գործողությունների վրա անկարելի է վերահսկել: Մի մասնավոր մարդու եռանդը շատ գովելի է, բայց կարող է եւ ապարդյուն լինել. մի մարդ, որ ոչ հոգեւոր իշխանության, ոչ հասարակության մեջ հիմնված մի ընկերության, ոչ ազգային ժողովի հավատարմատար է, անընդհատ հավաքում է ահագին գումարներ, դիցուք մի երկրագործական դպրոց հիմնելու համար… Այդ մարդը գործում է կատարելապես անկոնտրոլ կերպով. նա կարող է եւ շատ լավ մարդ լինել, նրա գործը կարող է աջողվել, բայց նա կարող է լինել եւ մի բախտախնդիր, ուրեմն նրա հանգանակած գումարները կարող են զուր կորչել:

Մեր հոդվածները կարդալուց հետո, մեզ կարող են նկատել եւ հետեւյալը: «Ձեր հայտնած մտքերի տեսական կողմի հետ մենք համաձայն ենք, բայց հազիվ թե ձեր առաջարկությունները կարող են իրագործվել թուրքաց Հայաստանում, քանի որ այդ երկրում չկա ոչ օրենքի կողմից ապահովություն կամայականության դեմ, ոչ էլ, եթե  այդպես կարելի է ասել, պոլիցիական ապահովություն՝ ավազակների եւ կողոպտությունների դեմ: Այդ տեսակ անաջող դիրք ունեցող երկրի մեջ մի բան սկսելու համար մեծ զոհաբերություններ են հարկավոր»:

Իհարկե, կպատասխանենք մենք, մեծ զոհաբերություններ են հարկավոր: Ժողովրդի մեջ գործ կատարելը, շատ կողմերից անապահով երկրի մեջ գործելը, հանդիպելով անթիվ արգելքների, խոչընդոտների, գուցե սկզբից կատարյալ անաջողությունների, ավելի դժվար է, իհարկե, քան  թե Բերայի կամ Գալատայի մի հարմար սենյակում նըստելով փափուկ բազկաթոռների վրա գանգատվել ազգի թշվառությունների դեմ, գրել բանաստեղծություններ, թարգմանել ֆրանսիականից գրքեր եւ հորինել ընկերությունների ծրագրեր այն երկրի եւ ժողովրդի համար, որին չեք ճանաչում…

Եթե ճշմարիտ գործել եք ուզում, պետք է առաջուց իմանաք, որ գործը առանց զոհաբերությունների չի լինի:

Մի բան էլ չպետք է մոռանաք. դուք գանգատվում եք տերու-  թյան պաշտոնյաների կամայականության եւ հարստահարության դեմ, ավազակների կողոպտությունների դեմ, բայց թողնում եք տգետ եւ անպաշտպան ամբոխը առանց մտավոր առաջնորդների: Կ. Պոլսում հավաքվել է ամբողջ ինտելիգենցիան եւ զարմանում է, որ տգետ ու անպաշտպան հայաստանցի ժողովուրդը կողոպտվում է, հարստահարվում է առանց իր մեջ առաջնորդներ ունենալու…

Այդ ցավալի երեւույթը նշմարվում է եւ մեզ մոտ, Անդրկովկասում: Մի հասարակ հայ գյուղացի կարողացել է բարձրագույն ուսում ստանալ, ուսումնասիրել իրավաբանությունը կամ բժշկությունը, կամ մի այլ առարկա: Այդ գյուղացին այնպիսի մեծ կարծիք ունի իր մասին, միեւնույն ժամանակ այնքան քիչ համերաշխության զգացմունք ունի դեպի իր համագյուղացիները, որ լայեղ չէ անում գյուղը վերադառնալ. իրավաբան գյուղացին պետք է անպատճառ նահանգական դատարանի կամ դատաստանական պալատի մեջ երդվյալ հավատարմատար լինի, բժիշկ գյուղացին պետք է անպատճառ մայրաքաղաքի բարձր դասակարգի բժիշկ դառնա: Բարձրագույն ուսում ստացած հայ գյուղացին ոչ այնքան համեստություն, ոչ էլ այնքան ազգասիրություն   ունի, որ բժիշկ կամ իրավաբան դառնալուց հետո նվիրի իր ուժերը իր գյուղի ծառայությանը, մինը տանուտեր ընտրվի իր գյուղում, մյուսը   բժշկի իր համագյուղացիներին: Գյուղի լավ ուժերը գնում կորչում են քաղաքներում, իսկ գյուղը, գավառը մնում են առանց մտավոր առաջնորդների: Բարձրագույն ուսում ստացած գյուղացին կարող էր սովորեցնել իր համագյուղացիներին տնտեսության եւ կենցաղավարության ավելի խելացի միջոցներ, առաջնորդել նրանց: Ավազակներ են անհանգստացնում գյուղը, նա կսովորեցնի գյուղացիներին ինչպես պաշտպանվեն ավազակների դեմ: Տերության պաշտոնյայի հետ հարաբերությունների  մեջ ժողովուրդը պետք ունի հմուտ իրավաբանի, բարձրագույն ուսում առածը կարող է նրան օգնել այդ գործի մեջ: Եթե մի պաշտոնյա որեւէ կամայականություն գործի, նա իրան զսպված կտեսնի հանդիպելով գյուղացիների մեջ մի հմուտ իրավաբան տանուտերի եւ ավելի հարգանքով կվարվի գյուղացիների հետ  եւ այլն…

Թուրքաց Հայաստանի վերաբերությամբ մեր բոլոր ասածներից վերջը մեզ կարող են պատասխանել. այդ բոլորը լավ է, բայց առաջ Հայաստանը թող ստանա խոստացած ինքնավարություն, հետո ձեր բոլոր առաջարկությունները կկատարվեն:

Այդ իհարկե շատ լավ կլիներ, բայց նույն իսկ ինքնավարու-   թյունը ստանալու համար պետք է պատրաստվել, ինքնավարությունը պետք է պահանջել եւ ոչ թե սպասել որպես շնորհ Թուրքիայի կամ    Եվրոպայի կողմից: Եթե հայերը չպատրաստվեն, այլ միայն սպասեն, գուցե երբեք ոչինչ չեն ստանա:

Մենք մեր առաջին հոդվածում ասացինք, որ թուրքաց Հայաստանում տիրում են երկու գլխավոր չարիքներ. ամենալավ ուժերի անդադար գաղթականությունը Հայաստանից եւ հայաստանցի բոլոր ցեղերի միմյանց մեջ երկպառակություններն ու թշնամությունը:

Այդ երկու չարիքների առաջն առնելու համար մի միջոց կա միայն՝ լուսավորությունը միացած երկրի տնտեսական հաստատ զարգացման հետ: Տնտեսապես զարգացնելով երկիրը՝ սպառող գաղթականությանը վերջ կդրվի, ուրիշ կողմից Հայաստանը միայն այն ժամանակ կկարողանա իր համար պահանջել ինքնավարություն, երբ հայաստանցի բոլոր ցեղերի միմյանց մեջ ունեցած երկպառակություններին վերջ կդրվի եւ կհաստատվի կատարյալ համերաշխություն: Իսկ համերաշխությունը մի երկրի միմյանց մեջ թշնամի ցեղերի կարող է կատարվել միմիայն տնտեսական զարգացման հողի վրա Ոչինչ չէ կապում այն աստիճան մի երկրի բոլոր այլակրոն եւ այլացեղ ազգերին, որքան ընդհանուր հասարակական եւ տնտեսական շահերը:

Երբ որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչը, ինչ կրոնի կամ ցեղի եւ պատկաներ նա, զգա իրան հայաստանցի, այն րոպեից Հայաստանի փրկության գործը կատարված կլինի, եւ Հայաստանը ինքը, առանց դրսի օգնության, ձեռք կբերի իր ցանկացած ինքնավարու-    թյունը:

«Մշակ», 1881, 81-83, 85-86

57. ՈՒ՞Ր Է ԱՅՆ ՁԱՅՆԸ

Շատ տեղերից ստանում ենք նամակներ, որոնց մեջ մեզ առաջարկում են հետեւյալ հարցը. «Արդյոք ե՞րբ կհայտնե «Մշակի» խմբագրությունը իր առաջնորդող հոդվածով մի վճռական խոսք այն տարաձայնությունների, անհամաձայնությունների, երկպառակու-     թյան, կռիվների ու հարձակմունքների մասին, որոնք տեղի են ունենում Կ. Պոլսի Միացյալ ընկերության առիթով, ե՞րբ պետք է «Մշակը» ասի իր վերջին խոսքը, որպեսզի մենք էլ իմանանք, ինչպես վերաբերվենք դեպի հիշյալ ընկերությունը»:

Խոստովանում ենք, ոչ մի լրագիր հայերի մեջ չէ եղել, որ «Մշակի» պես այդքան բարձր պահած լիներ հասարակական ամեն երեւույթների անխնա քննադատության, անողորմ անձնաքննության դրոշակը, բայց ուրիշ կողմից թող ամեն մտածող հայ, որի համար մեր լրագրի կարդալը տասը տարվա ընթացքում փոքրիշատե սովորություն է դարձել, ձեռքը սրտի վրա դնի եւ խոստովանվի՝ «Մշակը» չէ՞ր արդյոք, որ շատ դիպվածներում, ընդդեմ դարեւոր նախապաշարումների, մենակ, անվախ հանդես էր գալիս՝ միություն եւ սեր քարոզելով: Մենք չէ՞ինք, որ մեր ցրված, միմյանց հակառակ երիտասարդ ուժերին համոզում էինք միանալ, մեր միմյանցից անջատված ընկերություններին քարոզում էինք մի մարմնի մեջ ձուլվել. մենք չէ՞ինք, որ միշտ, երբ ծնվում էր մի նոր ընկերություն Թիֆլիսում, թե Կ. Պոլսում, ասում էինք՝ միացեք հնի, եղածի հետ, փոխանակ նորը հիմնելու. մենք չէ՞ինք որ միշտ, երբ մի հարուստ կտակում էր իր կարողությունը, կամ նվիրում էր մի գումար մի նոր դպրոց հիմնելու համար, կրկնում էինք, որ հարկավոր չէ բազմացնել հիմնարկությունները, այլ պետք է ուժ տալ եղածներին, եթե ոչ նորն էլ թույլ կլինի, հինն էլ. մենք չէ՞ինք որ խորհուրդ էինք տալիս մեր բարձր ուսում ստացածներին, փոխանակ իրանց դասակարգից դուրս գալու եւ քաղաքներում զետեղվելու, վերադառնալ իրանց գյուղը եւ լինել լուսավորված գյուղացիներ, միանալ կրկին այն ամբոխի հետ, որից դուրս են եկել, որոնց զավակներն են նրանք, գործել ժողովրդի համար, որին պատկանում են. մենք չէ՞ինք, որ անդադար հիշեցնում էինք, թե մեծ վտանգ է սպառնում հայությանը, եթե հայը թողնի իր հայրենի հողը, անդադար գաղթի իր հայրենիքից, ուրեմն քարոզում էինք միություն մարդու՝ հողի հետ, մենք չէ՞ինք վերջապես, որ աղաչում էինք հային միանալ իր այլակրոն հայի հետ, լինի նա կաթոլիկ, բողոքական, թե մահմեդական, ազգության գաղափարի մեջ, մոռանալով դարեւոր կրոնական ապարդյուն թշնամությունները…

Կան, ուրեմն, մեր հասարակության մեջ երեւույթներ, որոնց վերաբերությամբ մենք անխնա քննադատող էինք եւ միշտ կլինենք, կա, ուրիշ կողմից հասարակական երեւույթների մի ամբողջ շարք, որտեղ կողմ դնելով անխնա, խիստ քննադատություն, մաղձոտ կրիտիկա, պետք է բարձրացնել միության դրոշակը:

Մեր ամբողջ հայոց հասարակությունը մենք կբաժանենք երեք որոշ բաժինների վրա:

  Առաջինը, եւ դա կազմում է մեզանում ահագին մեծամասնու- թյուն, բաղկացած է եսական, անտարբեր, իրանց համար ապրող, շատ անգամ մայրենի լեզու չիմացող, ազգի, հասարակության վրա չմտածող, միմիայն իրանց փորի, իրանց անձնական կյանքի վրա հոգ տանող անձինքներից: Սրանց մեջ կա ե՛ւ անգրագետ երկրագործ, ե՛ւ անփույթ արհեստավոր, ե՛ւ տգետ վաճառական, ե՛ւ իր ծուխի մասին անհոգ հոգեւորական, ե՛ւ ունեւոր ընտանիքի տեր, հարուստ կապիտալիստ, ե՛ւ անտարբեր պաշտոնյա… Սրանց դեմ, որպես անշարժ, հասարակության առաջադիմության համար ապարդյուն ուժի դեմ, մեղք չէ գործածել խիստ, անողորմ, անխնա քննադատություն, նրանց իրանց անտարբերութենից, ապարդյուն գոյութենից, անշարժութենից սթափեցնելու համար:

Հասարակության երկրորդ մասը, որ բախտավորապես ավելի փոքրաթիվ է, ոչ թե միայն ապարդյուն է, բայց եւ վնասակար. սրանք հարստահարողներ են, հափշտակիչներ են, վաշխառուներ են. սրանց թվում ամեն դասակարգի եւ կոչման մարդիկ կարող են լինել: Սրանց ոչ թե միայն պետք է քննադատել, այլ նրանց վրա պետք է հարձակվել, նրանց խայտառակել:

Կա վերջապես մեր հասարակության մեջ մի երրորդ բաժին, որ կազմված է գործողներից: Նրանք ունեն, այո, մեծ պակասություններ, գործում են մեծ սխալներ, շատ անգամ չգիտեն զսպել իրանց կրքերը, գուցե պատահում է, որ գործում են եւ աններելի զեղծումներ, բայց, այնուամենայնիվ, դրանք մեր միակ գործիչներն են, մեր միակ առաջադեմ կուսակցություն են, հասարակության այն մասը, որի վրա է հայության ամբողջ հույսը: Դրանք մտքի զինվորներ են՝ մեր այլեւայլ ընկերությունների ղեկավարները, մեր դպրոցների վարժապետներն ու վարժուհիները, մեր գրողներն ու խմբագիրները, մեր թարգմանիչները, մեր քարոզիչները, մեր դերասանները: Մի խոսքով այն բոլոր մարդիկ, որոնք ապրում են մտավոր կյանքով, որոնց կոչումն է գիտակցաբար թե անգիտակցաբար, այսպես թե այնպես միտք, լույս տարածել ազգի մեջ:

Խոստովանեցեք, որ սրանց վրա, որքան էլ նրանք խոշոր պակասություններ ունենային, վերին աստիճանի անարդար կլիներ հարձակվել նույն անխնա ձեւով, նույն չափով, որով հարձակվում ենք անտարբերների վրա, բայց մանավանդ հափշտակիչների կամ ազգը     քանդողների վրա:

Չմոռանանք, որ նախ մտավոր գործողությունները շատ քիչ են թվով առհասարակ ամեն հասարակության մեջ, բայց մանավանդ մեզանում, եւ երկրորդ, որ ամեն բանի համար իր ժամանակը կա…

Լինում է խաղաղ ժամանակ, երբ կատարվում է պատրաստական աշխատանք: Այդ ժամանակ քննադատեցեք ամեն բան, հարձակվեցեք ամեն տգեղ երեւույթի վրա, մինչեւ անգամ ավելի անխնա  խստությամբ մտավոր գործիչների վրա, հետեւելով այն սկզբունքին, թե ում ավելի տված է, նրանից ավելի էլ կպահանջվի:

Բայց կան րոպեներ ազգերի կյանքի մեջ, երբ հարկավոր է ոչ թե կրիտիկա, հարձակմունք, կամ մեղադրանք, այն էլ հասարակու-   թյան մեջ միակ գործող ուժերի դեմ, այլ հարկավոր է միություն եւ սեր, հարկավոր է մոռանալ բոլոր թշնամությունները եւ ձեռք ձեռքի տված ընթանալ ընդհանուր գործի աջողության համար: Այդ տեսակ ժամանակ, մի ազգի, մի հասարակության ճգնաժամի, նրա լինելու կամ չլինելու րոպեներում, վեր կենալ, աջ ու ձախ հարձակմունք եւ մեղադրանք թափել՝ կնշանակե ջլատել ընդհանուրի ուժերը, վնասել ամբողջ գործին, երկպառակություն սերմանել, մեռցնել, փոխանակ կենդանացնելու:

Կան րոպեներ, երբ ուշ է քննադատել, իսկ կատարելապես անտեղի եւ անտակտ է հարձակվել եւ մեղադրել: Պետք է օգուտ քաղել այն ուժերից, որոնք կան, լավ են նրանք, թե վատ:

Հիմա թուրքաց հայերի համար այդ տեսակ ճգնաժամ է: Հիմա, երբ վճռվում է հայոց խնդիրը, երբ այդպես էլ թուրք կառավարությունը աշխատում է երկպառակություն ծագեցնել կաթոլիկ եւ լուսավորչական հայերի մեջ, երբ նույնիսկ լուսավորչական հայերի մեջ գցում է երկպառակության սերմը, թշնամացնելով Ներսես պատրիարքին Կիլիկիայի կաթողիկոսի հետ, երբ աշխատում է հայաստանցի բնիկ երկրագործ տարրը ճնշել քրդերի ձեռքվ, - հիմա ժամանակը չէ հայ առաջադեմ, միակ գործող կուսակցությունների եւ անհատների մեջ հին հաշիվներ տեսնել, նոր թշնամություններ հարուցանել, մեղադրանք եւ հարձակմունք թափել միմյանց գլխին: Հիմա մեր բոլոր գործողները, մեր բոլոր մտավոր զինվորները պետք է միմյանց աջակցեն, միմյանց հասկանան, միմյանց օգնեն, միմյանց մեջ ձեռք ձեռքի տված ընթանան, միմյանց ներեն փոխադարձ պակասությունները, միմյանց ձայնակցեն, մոռանալով հինը, զգուշանալով նոր երկպառակություններ ծնեցնելուց:

Այժմ հայերիս համար հարկավոր է մի զորեղ, հեղինակավոր հովվի, առաջնորդի որոտալից, բայց քաղցր ձայնը, որ ահագին բարձրության ազգային մի ամբիոնից, դիմելով բոլոր հայ կուսակցություններին, դավանություններին, դասակարգերին, ընկերություններին, բոլոր մտավոր զինվորներին, բոլոր անհատներին՝ արտասաներ սիրո եւ միության այդ հաշտեցնող, Աստվածային խոսքերը՝ «խաղաղություն ամենքին»:

Բայց ու՞ր է այդ ձայնը:

«Մշակ», 1881, 162

58. ՀԱՅՈՑ ԽՆԴԻՐ

Եվրոպացիները, որոնք այդքան մեծ նշանակություն են տալիս ընդհանուր մարդկային քաղաքակրթությանը, մի՞թե կամենում են, որ Եվրոպան միայն վայելի այդ քաղաքակրթության բարիք, նա միայն  ունենա կուլտուրայի արտոնությունը, իսկ Ասիան երբեք չքաղաքակրթվի եւ մնա միշտ Եվրոպայից կախված, եվրոպացիների ստրուկ, ասիացիները մնան միշտ եվրոպացիների պարտական ծառաներ…

Այդպես է երեւում: Եթե եվրոպացիները ճշմարիտ անկեղծ պաշտպաններ լինեին ընդհանուր մարդկային քաղաքակրթության տարածման, նրանք պետք է ուրախ լինեին, որ Ասիայի խորքում գտնվեցավ հայերի պես մի ազգություն, որ իր ցեղով, իր ընդունակություններով, իր հակումներով կարող է ասիական այլ ցեղերի մեջ ներկայացուցիչ լինել եվրոպական լուսավորության, Եվրոպայի եւ Ասիայի մեջ միջնորդ լինել ընդհանուր մարդկային քաղաքակրթության:

Նույնիսկ այդ տեսակետից Եվրոպան, եթե ճշմարիտ անկեղծ բարեկամ լիներ քաղաքակրթության, պետք է շտապեր թուրքաց Հայաստանին ինքնավարություն տալ, չնայելով որ հայերը, իրանց հայրենիքում շատ են թե քիչ են թվով, համեմատելով երկրի մահմեդական ազգաբնակության հետ: Հայերը Ասիայի եվրոպացիներն են, եւ եթե    Եվրոպան միմիայն իր նեղ, առեւտրական շահերը աչքի առջեւ չունենար, բայց հասկանար լայն, ընդարձակ, ընդհանուր մարդկային շահերը, նա պետք է շտապեր ազատել իր ցեղակից հայերին մոնղոլների, քաղաքակրթության այդ թշնամի ցեղի, անտանելի բռնութենից:

Թուրքերը աշխատում են ջնջել աշխարհիս երեսից աշխատող, քաղաքակրթության ընդունակ հայ տարրը: Դրանից ում կհասնի        վնաս. ոչ թե միայն հայերին, բայց եւ ընդհանուր մարդկային քաղաքակրթության գործին: Մի՞թե Եվրոպան այս ճշմարտությունը չէ հասկանում: Իսկ ի՞նչ օգուտ կուլտուրայի գործին, եթե ամբողջ Ասիայում կտիրե մոնղոլական ցեղերի կամ մահմեդականության ազդեցությունը, որ երդվյալ թշնամի է լուսավորությանը:

Մի՞թե Եվրոպային վնաս է, եթե Ասիան լուսավորված լինի: Ընդհակառակը, եթե եվրոպացիները իրանց եւ ընդհանուր մարդկու-  թյան շահերը հասկանային, պետք է վաղուց հասկանային, որ Ասիան քաղաքակրթվելով, Եվրոպան էլ դրանից անպատճառ կշահվի, թե՛ նյութապես եւ թե՛ բարոյապես: Իսկ այդ նպատակին հասնելու համար պետք է բարձրացնել Ասիայում եվրոպական լուսավորությունը իրացնելու ընդունակ տարրերը: Եվ այդ տեսակ հազվագյուտ տարրերից մինը ասիական երկրներում՝ հայոց ազգությունն է:

Բայց այն անարդարությանը, որով վարվում են եվրոպացիները հայերի հետ, մասամբ նպաստած են եւ իրանք հայերը: Նրանք       իրանց բոլոր ձգտումների մեջ, իրանց եւ հարաբերությունների մեջ հայաստանցի մյուս ցեղերի հետ, չիմացան ամբողջ երկրի, հայրենիքի բոլոր ազգությունների շահերը միմյանց մեջ կապել: Հայաստանի      թուրք երկրագործը նույնքան ճնշված է կառավարության պաշտոնյաների կամայականությամբ, նույնքան հարստահարված է, որքան նույն երկրի հայ երկրագործը: Հայերը չիմացան գրավել Հայաստանի մահմեդական ազգաբնակության համակրությունը իրանց հայրենիքի վերանորոգության գործի համար, չհասկացան, որ Բեռլինի ավագաժողովում նրանք պետք է խոսեին ոչ թե միայն հայերի, այն էլ միայն հայ-լուսավորչականների կողմից, այլ բոլոր հայաստանցիների անունով, ինչ ցեղին ու կրոնին եւ պատկանեին նրանք՝ քրիստոնյա թե մահմեդական: Նրանք պետք է խնդրեին ինքնավարություն Հայաստանի համար եւ ոչ թե հայերի համար միայն:

Հայերը չիմացան էլ ուսում, լուսավորություն տարածել հայաստանցի թուրք խաղաղ ազգաբնակության մեջ, չկարողացան քաղաքակրթող ազդեցություն ունենալ վայրենի քուրդ ցեղերի վրա: Գոնե  ինչ որ անցյալներում չարեցին, այժմ սկսեին անել այլեւայլ, լավ կազմակերպված ընկերությունների միջոցով: Թող տնտեսական միությունը հոգա ոչ թե միայն հայ, բայց եւ մահմեդական ազգաբնակության մասին, այդպիսով բոլոր հայաստանցիների տնտեսական շահերը միմյանց մեջ կապելով: Թող հայոց դպրոցները տարածեն լույս ոչ թե միայն հայերի մեջ, այլ ընդունեն իրանց սաների թվում եւ իրանց մահմեդական եղբայրներին:

Այն ժամանակ Եվրոպան կտեսնի, թե հայը Հայաստանում ճշմարիտ քաղաքակրթիչ դեր է կատարում, թե հայը բարոյապես եւ նյութապես ճշմարիտ տեր է Հայաստանում:

Այդպիսով հայոց խնդիրը ինքն իրան կվճռվի:

«Մշակ», 1881, 202

59. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

Որքան ժամանակ է արդեն, որ մեր երիտասարդությունը համալսարաններում ուսում է ստանում եւ վերադառնում է հայրենիքը: Այդ երիտասարդների մեծ մասը իրանք գյուղացիների որդիներ են, բայց միշտ աշխատում են, ուսում ավարտելուց հետո, զետեղվել մեծ քաղաքներում, գլխավորապես Թիֆլիսում, բայց իրանց արժանավորու-թենից ստոր են համարում վերադառնալ այն գյուղը, որտեղ ծնված են, գործել այն շրջանի մեջ, որին իրանք պատկանում են:

Իսկ եթե նրանցից մի քանիս պատահմամբ վերադառնում են գյուղը եւ հանգամանքների  շնորհով ստիպված են ապրել գյուղերում, նրանք սկսում են արհամարհանքով վերաբերվել դեպի հայ գյուղա-ցին, դեպի նրա կյանքը, նրա բարք ու վարքը, կարծես թե իրանք նույն շրջանին չեն պատկանում, իրանք նույն շրջանից չեն դուրս եկել…

Մի հայ գյուղացու, աղքատ արհեստավորի, փոքր վաճառականի որդին, համալսարանական ուսում ստանալուց հետո, վերա- դառնալով հայոց գյուղը, իրան կատարելապես օտարացած է զգում հայ գյուղացու կյանքից, արհամարհանքով եւ զզվանքով է նայում գյուղացիների վրա, իրան արիստոկրատ, բարձր իդեալների տեր մարդ է համարում: Համալսարանական ուսումը, փոխանակ նրա մեջ զարգացնելու դիտողության ընդունակությունը, իր թշվառ եւ տգետ հայրենակիցներին իր կարողության չափ օգնելու ցանկությունը, խորթացնում է նրան այն շրջանից, որին ինքն է պատկանում իր ծագումով: Մեր համալսարանականը ընդունակ չէ նկատել գյուղացու պահանջները, դիտել նրա կյանքի իդեալները, հոգեբանապես քննել հայ գյուղացու կյանքի նուրբ կողմերը. նրա աչքին ընկնում է միմիայն գյուղացու տգիտությունը, նրա կոպտությունը, նրա կեղտը: Եվ ահա մեր համալսարանականը զզվանքով հետ է դարձնում իր երեսը շինական աշխատասեր հայից եւ փոխանակ դիտելու, ուսումնասիրելու նրան եւ աշխատելու օգնել նրան, սկսում է համեմատել գյուղի կյանքը մայրաքաղաքի կյանքի հետ, հիշում է համալսարանը, դասախոսությունները, թատրոնը, իտալական օպերան, ամսագիրները, լրագիրներում կարդացած Գամբետտայի ճառերը եւ այլն:

Գոնե մեր համալսարանականները հետեւեին ռուս համալսարականների օրինակին, որոնք ցրվելով գյուղերում, դիտում են ժողովրդի կյանքը, ուսումնասիրում են նրան եւ ներկայացնում են ռուս ժամանակակից գրականությանը գեղեցիկ վեպեր եւ պատկերներ ժողովրդական կյանքից, որոնց մեջ նուրբ կերպով քննված է թշվառ, աղքատ, տգետ ժողովրդի կյանքի հոգեբանական կողմը… Այդ տեսակ վեպիկներով լի են այժմ ռուս ամսագիրները, մանավանդ “ԿՑպփպրՑՉպվվօպ ջՈտՌրՍՌ” ամսագիրը:

Եվ ինչքա՜ն գործ կա մի համալսարանական մարդու համար գյուղերում: Նա կարող է ազդել ժողովրդի վրա, ծնեցնելով նրա մեջ ցանկությունը դպրոց հիմնելու, ճանապարհ ցույց տալով նրան իրագործելու այդ ձեռնարկությունը, կարող է առաջնորդել նրան այլեւայլ ընկերակցություններ հաստատելու մեջ, ինչպես օրինակ արդյունաբերող ընկերակցություններ, կամ այժմ, երբ գյուղացիները պետք է հողերը ետ գնեն կալվածատերերից, նա կարող է իր խորհուրդներով օգնել գյուղացիներին կազմել այնպիսի ընկերակցություններ, որոնց օգնությամբ ընդհանուր ուժերով հետ կգնեին կալվածատերերից համայնքի հողեր եւ հետո կբաժանեին իրանց մեջ հողերի կտորները եւ այլն:

Բայց այն երեւույթը, որ մեր համալսարանականները, մեր բարձր ուսում ստացածները փախչում են գյուղերից, կամ եթե հանգամանքի շնորհով ստիպված են լինում գյուղում, ժողովրդի մեջ ապրել, արհամարհանքով են վերաբերվում դեպի հայ ժողովուրդը, ամենալավ ապացույց է, որ իրանք անգիտակցական կերպով զգում են թե անընդունակ են, անպատրաստ են ժողովրդին օգնելու, նրան իր կյանքի բարվոքման գործի մեջ առաջնորդելու, անընդունակ են մինչեւ անգամ դիտելու, ուսումնասիրելու հայ գյուղացու կյանքը:

Կենտրոնանալով մայրաքաղաքում, Թիֆլիսում, նրանք այդպիսով պարզ խոստովանում են իրանց թուլության, անընդունա-          կության մեջ ժողովրդի, ամբոխի համար գործելու: Իսկ այստեղ, նույն բարձր ուսում ստացած գյուղացիները աշխատում են ամեն բան, ազգային եւ հասարակական կյանքի ամեն ճյուղերը իրանց ձեռքը գցել եւ ամեն բանի մեջ առաջին դերը խաղալ…

Եվ ահա նույն մարդիկ, նույն համալսարանական գյուղացիները, որոնք անընդունակ հայտնվեցան գյուղացուն հասկանալ, դիտել եւ ուսումնասիրել նրա կյանքը, ըմբռնել նրա առօրյա պահանջները, օգնել նրան, նույն մարդիկ, ասում ենք, կամենում են քաղաքային կյանքի ամեն ասպարեզներում առաջին դերը խաղալ եւ առաջնորդել մեզ:

Բայց հարցնում ենք. այն մարդը, որ իր շրջանում ոչինչ չէ կարող անել, ի՞նչ կարող է գործել մի այլ, իրանից բարձր շրջանի մեջ:

Այդ է պատճառը, որ մեզանում ոչինչ առաջ չէ գնում: Գյուղացին, որ պատահմամբ բարձրագույն ուսում է ստացել, այլեւս անընդունակ է դառնում իր գյուղում գործելու, արհամարհանքով է վերաբերվում դեպի իր համագյուղացիները, իսկ քաղաքում նա ամեն տեսակ ներելի եւ աններելի միջոցներով առաջին դեր է խաղում հասարակական եւ ազգային ամեն տեսակ ասպարեզներում:

«Մշակ», 1881,   232

60. «ՄՇԱԿԻ» ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Դարձյալ մի քանի օր եւ կլինի հունվարի 1-ը 1882 թվի: Դարձյալ մի քանի օր եւ «Մշակը» կհասնի իր գոյության տասը տարվա տարեդարձին:

Ուղիղ տասը տարի սրանից առաջ, հունվարի 1-ին 1872 թվին հրատարակվեցավ «Մշակի» առաջին համարը: Առաջին համարի հրատարակման րոպեին մենք ընդամենը ունեինք 50 բաժանորդ:

Տեսնելով, որ գործը անհնարին կլինի առաջ տանել, մենք ստիպվեցանք շատերին նամակներով դիմել, որ օգնեն մեզ թերթը տարածելու, եւ այն ժամանակ գրեթե ամեն կողմից ստացանք պատասխան, թե հայոց լրագրության անունը այն աստիճան կոտրված է, որ հայերը այլեւս չեն հավատում, որ մի հայոց թերթ կարող է մի օրինավոր բան լինել: Լրագրի բաժանորդական թերթերը, որ մենք ուղարկած էինք այլեւայլ քաղաքներ, մեծ մասամբ մեզ արհամարհանքով վերադարձնում էին:

Թիֆլիսում ապրող հայ համալսարանականները, բոլորն էլ հարգված եւ քաղաքում դիրք ունեցող մարդիկ, դիմում էին մեզ հետեւյալ հարցերով. «Ասացեք, խնդրեմ, ու՞մ համար եք կամենում      հրատարակել հայոց մի թերթ, մի՞թե կան մարդիկ, որոնք հայերեն գիտենան, կամ պահանջ ունենան հայերեն կարդալ: Համալսարանականները պետք չունեն ձեր լրագրի մեջ, քանի որ ձեզանից ի՞նչ պետք է սովորեն այն մարդիկ, որոնք իրանք մտավորապես զարգացած են, իսկ ամբոխը հայերեն չգիտե: Վերջապես հայ բարձր ուսում ստացածը մի բան կարդալու համար պետք չունի հայերեն լեզվով հոդվածներ կարդալու, նա այլեւայլ լեզուներ գիտենալով, կարող է եւ օտար լեզվով կարդալ»:

Կային եւ այնպիսի խելոք հայ համալսարանականներ, որոնք ուղղակի մեր երեսին ասում էին, թե հայոց կամ վրաց, մի խոսքով տեղական լեզվով լրագիր հրատարակելը կատարյալ հիմարություն է: Կային եւ այնպիսիները, որոնք մեզ մարգարեանում էին, թե շատ շատ մի վեց ամիս կարող ենք լրագիր հրատարակել, իսկ հետո, այլեւս ինքնուրույն հոդվածների պաշար չունելով, ստիպված կլինենք լցնել լրագրի էջերը թարգմանություններով. այդպիսով լրագիրը, ասում էին խելոք համալսարանականները, կկորցնի իր հետաքրքրությունը մի քանի ամսից, գուցե մի քանի շաբաթից հետո եւ ինքն իրան կոչնչանա:

Բայց չնայելով այդ բոլոր մարգարեություններին, արգելքներին, արհամարհանքին, թշնամությանը, նախանձին, ծաղրածությանը, անտարբերությանը, մեր լրագիրը, որ հունվարի 1-ին ուներ միայն 50 բաժանորդ, նույն 1872 թվի վերջը ունեցավ արդեն մոտ 500 բաժանորդ: Եվ փոխանակ մի քանի ամիս գոյություն ունենալու, ահա տասը տարի է, որ գոյություն ունի:

Վեց տարուց հետո ամենօրյա դառնալով «Մշակը» հանկարծ ստացավ 900, հետո 1000 բաժանորդ, եւ այժմ ամեն տարի մեր բաժանորդների թիվը մի քանի հարյուրով ավելանում է:

Այլեւս քանի տարի է, որ մենք ոչ ոքի չենք դիմում, ոչ ոքից չենք խնդրում գրվել մեր լրագրին, եւ նա ինքն իր հաստատ ոտների վրա կանգնած, դարձել է հայոց հասարակության համար մի անհրաժեշտ, կենսական պահանջ:

Բայց արդյոք համալսարանականների թշնամական տրամադրությունը դեպի մեր թերթը փոխվեց մեր գործունեության տասը  տարվա ընթացքում: Ոչ, նա նույնն է մնացել. բարձր ուսում ստացածներից մեր այժմյան 1300 բաժանորդների թվում հազիվ մի 25 հոգի կգտնեք: Իսկ մեր բաժանորդների մեծամասնությունը կազմում է ժողովուրդը, ժողովրդի  գրագետ մասը, ազգի  միջին  դասակարգը. ուսուցիչներ,   ուսանողներ, աշակերտներ, քահանաներ, վարժուհիներ, փոքրիկ պաշտոնյաներ, միջին դասակարգի կանայք եւ օրիորդներ, մանր վաճառականներ, գյուղական տանուտերեր, արհեստավորներ: Բացի սորանից մեր բաժանորդների թվում կան ե՛ւ հայ-լուսավորչականներ, ե՛ւ հայ-կաթոլիկներ, ե՛ւ հայ-բողոքականներ:

Մեզ պահպանում է, ուրեմն, հայ ժողովրդի միջին գրագետ դասակարգը, եւ հետզհետե «Մշակը» սկսում է ավելի եւ ավելի բաժանորդներ եւ կարդացողներ ստանալ եւ ժողովրդի ստորին դասակարգի մեջ՝ արհեստավորների, բանվորների, գյուղացիների եւ մինչեւ անգամ քաղաքի մշակների մեջ:

Ծիծաղելի կլիներ, իհարկե, համեմատել «Մշակի» դրությունը մի որեւէ ռուս կամ օտարազգի լրագրի հետ, որոնք շատ անգամ ունեն քսան հազար, քառասուն հազար, հիսուն հազար, հարյուր հազար բաժանորդներ: Բայց համեմատելով «Մշակ» լրագրի դրությունը մեր եղած եւ այժմ գոյություն ունեցող հայոց մյուս պարբերական հրատարակությունների հետ, մենք կարող ենք վստահությամբ նայել մեր թերթի գոյության ապագայի վրա:

«Մշակի» տասը տարվա տարեդարձը մենք կարող ենք տոնել այն հաստատ համոզմունքով, որ մեր թերթը այլեւս չի անհետանա, որ նա կազմել է իր տասը տարվա ծանր աշխատանքով մի հաստատ հիմք իր գոյության համար, որ նա երբեք ոչ ոքից օգնություն խնդրած չլինելով, այժմս էլ ոչ ոքի օգնության կարոտ չէ, քանի որ նրա կողմն է հայոց ժողովրդի ամբողջ գրագետ մասի, միջին դասակարգի համակրությունը:

Մեր թերթի տասը տարվա տարեդարձին հասած մենք կարող ենք բարձրաձայն ասել հայ հասարակությանը. տասը տարվա ընթացքում մենք միմյանց հասկացանք եւ, քանի կերթա, մեր խոսքը մեր միջին դասակարգից ավելի եւ ավելի խորը կերպով կթափանցի ամբոխի մեծամասնության մեջ, եւ մենք ու ժողովուրդը, քանի կերթա, միմյանց ավելի եւ ավելի կհասկանանք:

Բարձր շրջանների, համալսարանականների, հարստացած բուրժուաների, հայութենից օտարացածների, հայությունը արհամարհողների, մայրենի լեզուն ատողների, միմիայն իրանց շահի հետեւից ընկնողների, ժողովուրդը մոլորեցնողների եւ նրան հարստահարողների հետ մենք գործ չունենք: Մեր ուղղությունը, մեր գործու-  նեության եղանակը եւ գործելու շրջանը արդեն նախագծվեցավ մեր լրագրի գոյության տասը տարվա ընթացքում, մենք գործ ունենք հայոց ազգի միջին դասակարգի հետ, որ հենվում է ռուսահայերի մի միլիոն ամբոխի վրա, որի շրջանում, առանց կրոնի խտրության, հետզհետե կաճեն մեր բաժանորդները, մեր կուսակիցները:

«Մշակի» ժողովրդի մեջ տարածվելը շինծու, արհեստական բան չէ, այլ ընթանում է իր բնական կանոնավոր ճանապարհով: Հայ ամբոխը, որից դուրս են գալիս «Մշակին» համակրողները, սկսել է արդեն հասկանալ եւ, քանի կերթա, մանավանդ եթե նպաստեն մեզ    աջող հանգամանքները, ավելի եւ ավելի կհասկանա, որ մենք խոսում ենք նրա համար, գործում ենք նրա համար, ապրում ենք նրա համար:

«Մշակը» իր գոյության տասը տարվա տարեդարձին հասած, կարծում ենք, որ արդեն կատարյալ իրավունք ունի իրան անվանել ազգային եւ ժողովրդական թերթ:

«Մշակ», 1881, 241



[1]            Տե՛ս «Մշակ», N 72, 73, 74 եւ 75, 1879։

[2]            M. Milne, "Life annuities".

[3]            Jean Baptiste Say, "Cours complet d'Economie Politique".

[4]            Frederic Bastiat, "Le Libre - Echange".