Հրապարակախօսական հատընտիր

Հեղինակ

Բաժին

Թեմա

71. ՑՐՎԱԾ ՈՒԺԵՐՈՎ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱԿՈՒՄՆ

Հայերը ամեն բանում հակում ունեն գործելու անմիաբան կերպով, ցրված ուժերով: Հային հատուկ է իր անձի եւ իր ընդունակությունների մասին անչափ մեծ կարծիք ունենալը: Հայը երբեք չգիտե   հպատակվել, խոնարհվել ուրիշին, ավելի ընդունակին կամ փորձվածին, հայը զուրկ է ամեն տեսակ դիսցիպլինայից: Հայը ոչ մի գործում չգիտե, չէ սիրում երկրորդական, փոքրիշատե ստորադրյալ դեր խաղալ, այլ ամեն մեկը, ինչքան էլ անպատրաստ լինի, կամենում է անմիջապես առաջին դերը խաղալ: Հայը երբեք չի խոստովանվի, թե ուրիշ հայ իրանից ավելի գիտե, ավելի ընդունակ է որեւէ գործ կատարել, այլ հավատացած է, որ եթե ինքը ուզենա միայն, մի օրում կաջողեցնի այն բոլորը, ինչ որ իր նախորդները տարիների տոկուն աշխատանքով հազիվ կարողացան աջողեցնել:

Երբ որ հայերի մեջ գոյություն ունի մի որեւէ հաստատություն կամ ձեռնարկություն, լինի դա դպրոց, լրագիր, ամսագիր, թատրոն, գրադարան, ընթերցարան, ընկերություն եւ այլն, հայը երբեք չի միանա արդեն եղած հիմնարկության կամ ձեռնարկության հետ, այլ անպատճառ կաշխատի նորը հիմնարկել, որպեսզի ինքը գլխավոր դերը խաղա եւ ոչ թե երկրորդական, որ անկասկած պիտի խաղար, եթե   միանար հինի հետ…

Հայի այդ հակումը ցրված ուժերով գործելու, ամեն մի հայ անհատի այդ ձգտումը անպատճառ ուզենալ առաջին դեր խաղալու     ամեն մի գործում՝ առաջ է բերում հայերի մեջ այն անմխիթար երեւույթը, որ հայերը երբեք չեն խմբվում մի որեւէ հաստատության չորս կողմ, այլ ամեն մի անհատ ուզում է անպատճառ ուրիշներից անկախ իր սեփական ձեռնարկությունը սկսել… Այդ երեւույթը նշմարվում է եւ մեր գրական գործունեության մեջ եւ տխրալին այն է, որ քանի գնում է՝    ավելի ու ավելի է նշմարվում եւ ընդհանրանում:

Մի հայ հիմնում է մի լրագիր, անմիջապես մի ուրիշ հայ հիմնում է մի այլ լրագիր: Պետերբուրգում սկսում է երեւալ մի հայոց ամսագիր, անմիջապես Մոսկվայի հայերը ձեռնամուխ են լինում մի հայոց ամսագրի հրատարակության Մոսկվայում, այնուհետեւ Թիֆլիսումն էլ մեկը սկսում է մի ամսագիր հրատարակել, Կ. Պոլսումն էլ եւ այլն… Եվ ցավալին այն է, որ այդ բոլոր ձեռնարկողներից ոչ մեկը    փորձված չէ, պատրաստ չէ պուբլիցիստական գործունեության՝ ոչ իր բնածին ձիրքերով, ոչ էլ այն բազմակողմանի հմտություններով,        որոնք հատկապես անհրաժեշտ են հրապարակախոսական ասպարեզում որեւէ, թեկուզ ամենաաննշան, աջողություն ունենալու համար:

Եվ հետեւանքը ի՞նչ է լինում. այն, որ մեզանում հրապարակական ամեն ասպարեզում սկսողներ շատ կան, բայց գործը շարունակողներ շատ քիչ… Նոր-նոր գործեր շատ են սկսվում մանավանդ գրական ասպարեզում, բայց սկսվածներից շատ քչերն են աջողվում:

Բայց միեւնույն ժամանակ նայեցեք յուրաքանչյուր սկսողի     անձնավստահությանը… Ամեն մեկը այնպես է խոսում, այնքան բաներ է խոստանում, ակնարկելով թե մինչեւ այդ րոպեն ոչ ոք ոչինչ արած չէ, որ ակամա մարդ կարծում է, թե այդ նոր սկսողից պետք է վերջապես հիմք դրվի մի նոր դարագլխի մայրենի գրականության մեջ:

Բայց չէ անցնում մի քանի ամիս կամ մի քանի շաբաթ, եւ մեծ-մեծ խոսքերով, մեծ-մեծ խոստումներով, աննկարագրելի անձնավստահությամբ, անձնագովությամբ սկսած գործը՝ կատարելապես անհետանում է, այլեւս երբեք չերեւալու համար… Իսկ նրա տեղը սունկի պես սկսում են բուսնել նոր-նոր ձեռնարկություններ, նույնչափ անձնավստահությամբ եւ հանդգնությամբ ազգին խոստանալով նոր կյանք, նոր մտքեր, կրթիչ ազդեցություն, վերջապես մի նոր դարա-  գլուխ, բայց նույնչափ մեռելածին, անկենդան լինելով, որչափ նախկինները, որոնք եւ շուտով ուժասպառ լինելով, կարճ ժամանակամիջոցում մեռնում են իրանց բնական մահով:

«Մշակ», 1888, 29 

72. ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՑ ՍՊԱՍԵՆՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարդկային հասարակության կյանքի մեջ երկու սկզբունքներ կան, որոնք կարող են հերթով մինը մյուսի տեղը բռնել, որոնք քանի առաջ է գնում, զարգանում է հասարակությունը, միմյանց մեջ ավելի եւ ավելի մրցում են: Այդ երկու սկզբունքներից առաջինը՝ անձնական գործունեության, երկրորդը՝ հասարակական գործունեության         սկզբունքն է: Կարող ենք եւ ուրիշ անուն տալ այդ սկզբունքներին.      առա-ջին սկզբունքը կանվանեինք անհատական, իսկ երկրորդը՝ ընկերական կամ հավաքական:

Քաղաքակրթական կողմից անզարգացած հասարակությունների մեջ առաջին սկզբունքն է տիրապետում. ամեն բան, ամեն տեսակ գործ, ամեն տեսակ նախաձեռնություն կամ ինիցիատիվ սպասում են առանձին անհատներից եւ ոչ թե հասարակության հավաքական ուժերից: Քանի հասարակությունը ավելի է զարգանում եւ քաղաքակրթվում, այնքան հավաքական, ընկերական պրինցիպը ավելի եւ ավելի է բռնում անհատական ինիցիատիվի տեղը: Առաջին պրինցիպը անբաժան է բարեգործության գաղափարից, երկրորդը հիմնված է հասարակության ինքնագործունեության, ինքնօգնության գաղափարի վրա: Մարդկային զարգացման առաջին ֆազիսի մեջ, երբ հասարակությունը ինքն անգործ է մնում եւ ամեն բան սպասում է անհատների օգնությունից, հասարակական գիտակցությունը, ինքնաճանաչությունը դեռեւս թույլ կերպով է զարգացած: Քանի հասարակությունը ավելի եւ ավելի է զարգանում թե՛ մտավորապես եւ թե՛ բարոյապես, ավելի է քաղաքակրթվում, այնքան իր սեփական ընկերական, հավաքական ուժերի վերաբերմամբ ավելի գիտակցություն է ստանում, ավելի է հույս դնում իր սեփական ուժերի վրա եւ ավելի գիտակցաբար դիմում է ինքնագործունեության, ինքնօգնության պրինցիպին, երկրորդական բան համարելով անհատական կողմից օգնության սպասելը իր անհրաժեշտ պահանջներին:

Բերենք օրինակներ: Սկսենք ընտանիքից. մի ամբողջ ընտանիքի, որ բաղկացած է հորից, մորից, հասակ առած որդկերանցից եւ աղջիկներից՝ ապրում, պահպանվում է միմիայն հոր աշխատանքով: Բացի հորից ընտանիքի մնացած անդամներից ոչ մինը փող չէ աշխատում: Այդ տեսակ ընտանիքը կառավարվում է անհատական սկզբունքով: Բայց այժմ թե՛ Եվրոպայում եւ թե՛ Ամերիկայում ընտանիքը    հետզհետե դառնում է մի կազմակերպված ընկերակցություն, որի բոլոր անդամները մի-մի մասնագիտություն ունեն եւ ամեն մեկը նրանցից աշխատում է, փող է վաստակում եւ վաստակածը տուն է բերում. այդպիսով ընտանիքը պահպանվում է ընկերական սկզբունքով եւ ոչ թե անհատական սկզբունքով:

Մի գործարանի բանվորներ ստանում են իրանց օրական վարձը, որ հազիվ բավականացնում է իրանց եւ իրանց ընտանիքի մարդավայել ապրուստին: Այդ սուղ նյութական միջոցներից ավելին նրանք սպասում են գործարանատիրոջ, կապիտալիստի օգնությու-  նից, նրա բարեգործությունից: Շատ գովելի է, եթե կապիտալիստը իր սեփական միջոցներով հիմնում է իր բանվորների համար բնակա-  րաններ, հիվանդանոց, հաստատում է թոշակի արկղ, նրանց երեխաների համար դպրոց եւ այլն: Բայց այդ բոլորը կախված է գործարանատիրոջ բարի կամքից, այդ բոլորը հիմնվում է բարեգործության, անհատական սկզբունքի վրա, այդ բոլորը պատահական է… Սակայն բանվորների շրջանում փոքր առ փոքր զարգանում է ինքնագործունեության, ինքնաօգնության գիտակցական սկզբունքը: Եվ ահա բանվորների մեջ հասունանում է ընկերակցության գաղափարը. նրանք հասկանում են, որ անհատի բարի կամքից, նրա բարեգործությունից, նրա մարդասիրական զգացմունքից օգնություն սպասելը՝ անհաս-   տատ բան է: Եվ ահա բանվորների ընկերակցությունը հիմնում է իր սեփական խնայողական արկղ, թոշակի արկղ, սպառման, վերջապես եւ արդյունաբերության ընկերություն… Փոքր առ փոքր անհատական սկզբունքի տեղը, որ հիմնված է բարեգործության վրա, բռնում է ընկերական սկզբունքը, որ հիմնված է ինքնօգնության վրա:

Ընկերական սկզբունքի վրա հիմնված են ամեն տեսակ առեւտրական ձեռնարկություններ, ակցիոներական ընկերություններ, արդյունագործական ձեռնարկություններ, բարեգործական հաստատություններ, գիտական ընկերություններ եւ այլն: Ընկերական  սկզբունքի վրա կարող է հիմնված լինել եւ մամուլը, եթե լրագիրը անձնական օրգան չէ, այլ մի կուսակցություն, մի ամբողջ հասարակության գիտակցական օրգան է:

Եթե ավելի հեռու գնանք մեր դատողությունների մեջ, կհամոզվենք, որ համայնական ինքնավարությունը (ինչ անուն կրի նա՝ քաղաքային ինքնավարություն, կամ մունիցիպալիտետ, զեմստվո, նահանգական ինքնավարություն, կամ կանտոն), նմանապես հիմնված է ընկերական սկզբունքի վրա, այդ բառի լայն, ընդարձակ նշանակությամբ: Ավելի էլ լայն, ընդարձակ ընկերական սկզբունքի վրա հիմնված է նույնիսկ պետությունը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ հարկատու ուժերի մի հավաքական գիտակցական ընկերակցություն:

«Մշակի» անցյալ 38-րդ համարի առաջնորդողը մենք վերջացրինք հարցնելով թե անձնական, անհատական բարեգործական սկզբունքի տեղը ի՞նչ սկզբունք կարող է բռնել, եւ այժմ կպատասխանենք, որ անձնական սկզբունքի տեղը կարող է եւ պետք է բռնե ընկերական գիտակցական սկզբունքը, բարեգործական սկզբունքին պետք է հետզհետե փոխարինե ինքնօգնության սկզբունքը:

Մեզ գուցե կառարկեն, թե հայերը պատրաստ չեն ինքնօգնու-թյան սկզբունքն իրագործելու, ուրեմն զուր է քարոզել նրանց այդ սկզբունքի իրագործումը: Բայց մի՞թե չպետք է քարոզել մի արդար սկզբունք, որ իրագործվում է ամեն տեղ, միայն այն պատճառով, որ այս րոպեիս մեզ մոտ հասարակությունը դեռ չէ հասունացել այդ սկզբունքն իրականացնելու:

Թողնենք այն, որ նյութական օգնություն ստանալը անազնիվ միջոցներով հարստացած մարդկանց ձեռքից՝ անբարոյական է, բայց գլխավորապես հասկանանք այն, որ անհատների արած բարեգործությունը մի պատահական, անհաստատ երեւույթ է, այդ տեսակ բարեգործությունը կախված է բարեգործություն անողի բարի կամքից, այնինչ հասարակական ընկերական գործունեությունը մի հաստատ, տեւողական բան է: Բարեգործությունը կախված է ուրիշից, կախված է նրա բարի կամքից, իսկ ինքնօգնությունը կախված է մեզանից:

Աններելի է միեւնույն ժամանակ եւ անգործնական է, երբ որ ամբողջ հասարակությունը ինքը ոչինչ չէ անում, անգործ է մնում եւ սպասում է, որ գուցե հարուստներից մինը կհայտնվի եւ կնվիրե այս կամ այն հասարակաց հաստատության օգտին մի խոշոր գումար: Անձնական բարեգործություն թող լինի. նա միշտ լինում է ամեն երկիրներում եւ միշտ էլ կլինի, ուրեմն լինելու է մեզ մոտ, քանի որ նա լինում է ե՛ւ Շվեյցարիայի ու Ամերիկայի պես ինքնաճանաչության վերին աստիճանին հասած երկիրներում էլ, որոնց մեջ ինքնագործունեության եւ ինքնօգնության սկզբունքը կատարելության է հասցրած, բայց ամեն բան սպասել բարեգործությունից, առանց հաստատպես ձեռնամուխ լինելու ինքնօգնության սկզբունքին՝ դա ե՛ւ աններելի է, ե՛ւ անգործնական:

Մենք ունենք մեր սեփական եկեղեցին, մեր բարեգործական ու մարդասիրական ընկերությունները, մեր թեմական ու ծխական դպրոցները, մեր հրատարակչական ընկերությունը, մեր մամուլը, մեր թատրոնը եւ այլն եւ այդ բոլոր հաստատությունները պահպանելու համար սպասում ենք անձնական բարեգործության սկզբունքից բխած նվիրատվությունների:

Մի՞թե մի միլիոն հոգուց բաղկացած Անդրկովկասյան հայոց ազգաբնակությունը չէ կարող իր այդ բոլոր հաստատությունները ինքն իր սեփական նյութական միջոցներով փառավոր կերպով պահպանել, հիմնվելով ընկեակցական սկզբունքի, ինքնագործունեության եւ ինքնօգնության անհաղթելի եւ գիտակցական սկզբունքի վրա,       առանց ակնկալություն ունենալու միմիայն անձնական բարեգործու-թյունից:

Իսկ եթե, իմիջիայլոց, եւ բարեգործություն կլինի, թող լինի, փույթ չէ: Բայց դրա վրա չպետք է հիմնի հասարակությունը իր բոլոր հույսերը, ինքն անգործ մնալով, իր սեփական ուժերի վրա չվստահանալով եւ ամեն բան սպասելով անհատական օգնությունից: Քանի մարդկային հասարակությունը ավելի է զարգանում, քաղաքակրթվում, նա այնքան ավելի պետք է ամեն տեսակ օգնություն իր սեփական ուժերից սպասի եւ ոչ թե հարուստ անհատներից:

«Մշակ», 1888, 40

73. ՀԱԿՈԲ ՄԵԼԻՔ-ՀԱԿՈԲՅԱՆ (ՐԱՖՖԻ)

Դարձյալ մի մահ…

Ապրիլի 25-ին, հիսուն տարեկանից անց հասակում, վախճանվեցավ Րաֆֆին:

Ծերենցից հետո Րաֆֆի: Հայոց գրական ասպարեզի վրա գործողների շարքից հիները մեկ-մեկ դուրս են գալիս, իսկ նորերը նրանց տեղը չեն բռնում:

Հիսուներորդ թվականները այն թվականներն էին, երբ արեւմտյան եվրոպական գրականության ազդեցության տակ նույն ուժով վերածնվեցավ ռուսաց գրականությունը, իսկ ռուսաց գրականության ներգործության տակ սկսեց վերածնվել եւ ռուսահայոց աշխարհաբար գրականությունը:

Պարսկաստանում ծնված եւ արեւմտյան եվրոպական քաղաքակրթության եւ փիլիսոփայության ավազանի մեջ մկրտված Ստեփանոս Նազարյանցն էր մեր աշխարհաբար գրականության վերածնության կարապետը եւ ժամանակակից հասարակական մտքի ավետողը:

Քառասուներորդ թվականների վերջերում եւ հիսուներորդ թվականների սկզբներում հայտնվեցավ ռուսահայոց գրական բուն ուսումնական ասպարեզում եւ մի այլ պարսկաստանցի հայի տաղանդը, դա հայագետ Մկրտիչ Էմինն էր, որի գրական, լեզվագիտական եւ պատմագրական հետազոտությունները հռչակ ստացան ոչ թե միայն Ռուսաստանում, բայց եւ Եվրոպայումն էլ:

Հայոց մտքի այդ վերածնության շրջանի ներգործության տակ, որի պարագլուխները, մինը հայոց հրապարակախոսության եւ փիլիսոփայության, մյուսը հայոց լեզվագիտության եւ պատմագրության մեջ, երկուսն էլ պարսկաստանցի հայեր էին, սկսեց նույն հիսուներորդ թվականներում բողբոջել եւ մի այլ տաղանդ, նույնպես մի պարսկաստանցի հայ երիտասարդ: Դա էր՝ Հակոբ Մելիք-Հակոբյան, որ ժամանակով հայտնվեցավ Րաֆֆի կեղծ անունով:

Եվ ահա այդ Պարսկաստանը, որտեղ հայերը շատ քիչ թվով են, որտեղ հայությունը հետզհետե մեռնում է, որտեղ առհասարակ մտավոր կյանք չկա, տվեց միաժամանակ երեք հայ գրողներ…

Երբ Մելիք-Հակոբյանի առաջին գրվածը երեւեցավ «Հյուսիսափայլի» մեջ, նա ինքը դեռ երիտասարդ էր:

Պարսկաստանի Սալմաստ գավառում ծնված Րաֆֆին պատանի ժամանակ բերվեցավ Թիֆլիս, որտեղ նա ընդունվեցավ որպես գիմնազիայի աշակերտ:

Թիֆլիսի գիմնազիայում նա իր ուսումը չավարտեց. դա էր նրա ամբողջ ուսումը: Ուրեմն՝ իր ամբողջ ուսումով եւ գիտությամբ նա պարտական էր միմիայն իր անձնակրթությանը, պարտական էր ընթերցանությանը: Ռուսերեն լեզուն նա գիտեր ճիշտ այնչափ, որչափ հարկավոր էր մի գիրք կարդալու եւ կարդացածը հասկանալու համար: Բայց ինչպես երեւում է, նրա սկզբնական մտավոր զարգացման աղբյուրը դարձյալ հայերենն էր եւ այն էլ «Հյուսիսափայլի» ընթերցանությունը: Ես պնդում եմ, որ իր առաջին մտքերով հանգուցյալը պարտական էր Նազարյանցի շկոլային, որովհետեւ նրա առաջին գրվածը, որ լույս տեսավ «Հյուսիսափայլի» մեջ եւ որ նկարագրում էր Աղթամարի վանքը, կարծես ներշնչված էր Նազարյանցի ուղղությամբ եւ ոգով: Այդ գրվածը, որ պարունակում էր իր մեջ մեր հոգեւորականության այժմյան կազմակերպության պակասությունների եւ թերի կողմերի խիստ քննադատությունը, արդեն գուշակել էր տալիս Րաֆֆիի գրական գործունեության ապագա ուղղությունը՝ նկարագրական ձեւի կատարելությունը, հասարակական տենդենցիա եւ խիստ քննադատական ոգի:

1871 թվին ես արդեն թույլտվություն էի ստացել «Մշակը» հրատարակելու եւ կազմակերպում էի խմբագրությունը, աշխատելով իմ չորս կողմը խմբելու ընդունակ, թեեւ գրականության մեջ դեռեւս անհայտ երիտասարդներին: Շաբաթը մի անգամ լինում էին ինձ մոտ խմբագրական երեկոներ: Այն ժամանակ այդ երեկոներին լինում էր  ուրիշների թվում եւ պ. Սենեքերիմ Արծրունին: Մի օր պարոնը հրավիրում է ինձ իր տունը, որտեղ նույնպես գրական երեկո պետք է լիներ: Այդտեղ տան տերը ծանոթացնում է ինձ մի մարդու հետ, որին ինքը    կարճ կերպով անվանում էր Հակոբ: Դա պարսկաստանցի Մելիք-Հակոբյանն էր: Մինչեւ որ ուրիշները բարձր ձայնով խոսում, վիճում էին, պարսկաստանցի երիտասարդը, որ այն ժամանակ իմ կարծիքով 30-35 տարեկան կլիներ, լուռ նստած էր սենյակի մի անկյունում եւ գրեթե ամենեւին չէր մասնակցում ընդհանուր խոսակցությանը: Այդ ժամանակ նա աննշան ռոճիկով հաշվապահ էր մի ինչ-որ հայի խանութում:

Ընդհանուր տպավորությունը, որ առաջին անգամ գործեց ինձ վրա Մելիք-Հակոբյան, այն էր, որ զգալով ուրիշների, ինտելիգենտ, համալսարանական մարդկանց մտավոր գերազանցությունը, նա քաշվում էր մեր հասարակության մեջ որեւէ վիճաբանությունների մեջ մասնակցելուց: Նրա ամբողջ պատկերը, մեր շրջանում իրան հետ քաշված, լուռ պահելու կերպը ցույց էր տալիս, որ նա իրան պատահական հյուր էր համարում համալսարանականների շրջանում: Այդ թուխ, շատ թուխ դեմքով, սեւ միրուքով, սեւ գանգուր մազերով, կապույտ ակնոցների միջից կարմրած, հիվանդոտ հոգնած աչքերով մեզ վրա խորհրդավոր լայն ճակատի տակից նայող մարդը կարծես մեզ ամենիս դիտում էր, մեզ ուսումնասիրում էր, դեռեւս իր ուժերին հավատ չընծայելով իրանից բարձր ուսում ստացածների հետ որեւէ բանակռիվ մտնելու: Պ. Սենեքերիմ Արծրունին ներկայացրեց ինձ Մելիք-Հակոբյանին, ավելացնելով, որ մարդը բազմաթիվ անտիպ գրվածներ ունի եւ կարող է պիտանի լինել նոր ծնվող «Մշակի» խմբագրությանը:

Մելիք-Հակոբյան սկսեց հաճախել եւ իմ խմբագրական ժողովները: Ինչպես ես նրան առաջին անգամ տեսա, նա շարունակեց երկար ժամանակ նույն ձեւով պահել իրան եւ իմ խմբագրական ժողովներում. դիվանի մի անկյունում լուռ նստած, նա մի գլուխ պապիրոսներ էր ծխում, լսում էր ուրիշների խոսակցությունն ու վիճաբանությունները եւ գրեթե երբեք չէր մասնակցում այդ վիճաբանություններին: Մի օր նա բերեց իր անտիպ գրվածերից մեկը, որքան հիշում եմ դա վեպ էր եւ կրում էր «Խըլվըլիկ» վերնագիրը: Ես բացարձակ հայտնեցի միտքս. վեպի նկարագրական տեղերը աննման էին, բայց ամբողջ վեպի հյուսվածքը ես չհավանեցի, ես անհարմար գտա այդ վեպը մի լրագրի, այն էլ շաբաթը մի անգամ հրատարակվող լրագրի մեջ տպագրելու համար:

Այնուհետեւ Մելիք-Հակոբյանը սկսեց ինձ հաճախել խմբագրական ժողովներից դուրս օրերին: Մեր խոսակցությունների ժամանակ ես աշխատում էի բացատրել նրան իմ ուղղությունը, իմ պրոգրամը: Ես 26 տարեկան երիտասարդ էի, ես եվրոպական ուսում էի ստացել, բայց ես չէի ճանաչում Արեւելքը:

- Դուք աշխարհ տեսած մարդ եք, դուք ինքներդ պարսկաս-   տանցի, բուն արեւելքցի եք, պտտել եք եւ թուրքաց Հայաստանում, տվեցեք մեզ տեղեկություններ այդ երկրների մասին, տվեցեք մեզ հում նյութեր, - անդադար ասում էի ես նրան, - թողեցեք երեւակայականը եւ հաղորդեցեք մեզ իրականը այն ինչ որ կա, ինչ որ ինքներդ գիտեք, ինչ որ տեսել եք, նկարագրեցեք կյանքը Պարսկաստանում ինչպես նա կա…

Այդ մասնավոր խոսակցությունների ժամանակ մշակվեցավ «Պարսկաստանի նամակների» պրոգրամը, այդտեղ էլ ծնունդ առավ Րաֆֆի կեղծ անունը, որով Մելիք-Հակոբյանը այնուհետեւ հայտնվեցավ մեր գրական ասպարեզում:

Այն րոպեից սկսած Րաֆֆիի վիճակը կապվեցավ «Մշակի» վիճակի հետ: Նրա անունը, նրա հռչակը, նրա ժողովրդականությունը մեծանում էին, քանի ավելի եւ ավելի էր ընդարձակվում «Մշակի» գործունեությունը: Գրեթե ոչինչ սիստեմական ուսում չունեցող, ինքնա-կրթությամբ զարգացած մարդը՝ մի տեսակ ներքին ազդմամբ, մի տեսակ հոտառությամբ գուշակում էր ժամանակի պահանջը, տպավոր- վում էր ժամանակակից հարցերով եւ արտահայտում էր այդ հարցերը վիպական ձեւերով:

«Մշակի» խմբագրության հետ իր վիճակը կապելուց հետո Րաֆֆիի տաղանդի սահմանները եւ այդ տաղանդի ձեւը հետզհետե    որոշվեցան:

Ինչպես շատ անգամ ասել էի, գեղարվեստական գրվածների երկու ձեւ կա. կան գեղարվեստական գրվածներ, որոնք նկարագրում են այն, ինչ որ կա, ներկայացնում են այն տիպերը, որոնք գոյություն ունեն կյանքի մեջ, բայց կան եւ այնպիսի գեղարվեստական գրված-   ներ, որոնց նպատակն է ներկայացնել այնպիսի տիպեր, որոնք մի հայտնի հասարակության մեջ չկան, բայց որոնք ցանկալի է, թե լինեին այդ հասարակության մեջ:

Այդ վերջին գրվածներին պատկանում էին եւ Րաֆֆիի հեղինակությունների մեծ մասը: Թողնենք նրա մեծ մասամբ անաջող ոտանավորները, նրա «Փունջի» մեջ պարունակվող փոքրիկ վեպերը, բայց վերցնենք նրա այն գրվածները, որոնք հռչակեցին հայերի մեջ Րաֆֆիի անունը, եւ կհամոզվենք, որ նրա ամենալավ գրվածների` «Ջալալէդդին», «Խենթ», «Դավիթ-Բեկ», «Կայծեր» վերնագրով հեղինակությունների մեջ՝ միայն բնության նկարագրությունը, վեպի նկարագրական կողմը, ժողովրդական կյանքի, ժողովրդի կենցաղավարության նկարագիրը վերին աստիճանի ռեալական, իրական են: Գործող տիպերի մի մասը միայն, այն է՝ վատ տիպերի նկարագիրը, թեեւ, գուցե     դիտմամբ, թոքր-ինչ չափազանցրած է, բայց այնուամենայնիվ կատարելապես ռեալական է, իսկ Րաֆֆիի գրվածների գլխավոր նպատակը մի ձգտում է, մի տենդենցիա է՝ ներկայացնել այն կյանքը որ չկա, բայց որ պետք է լիներ (հիշենք այստեղ «Խենթի» մեջ երազը), այն տիպերը, որոնք մեզանում դժբախտապես չկան, բայց որոնց գոյությունը ցանկալի է մեր մեջ:

Բարձր, ազնվացնող հասարակաց իդեալներով աղքատ մեր կյանքի մեջ, անտարակույս, մեծ գին պետք է ունենային եւ ունեցան էլ Րաֆֆիի գրվածներում ներկայացրած իդեալական, ցանկալի անձնավորությունների եւ հասարակաց գործիչների բարոյական պատկերները: Անտարակույս պետք է այդ ազնիվ, անձնվեր, թեեւ երեւակայական տիպերը կրթիչ ներգործություն ունենային եւ ունեցան էլ համակրելի   իդեալների միշտ ծարավ երիտասարդության վրա: Դրանով բացա-տրվում է Րաֆֆիի մեծ ժողովրդականությունը մեր երիտասարդ սերունդի մեջ, որ չէ քննում եւ չէ էլ կարող քննել որքան իրական կերպով է ներկայացրած իդեալը, միայն թե այդ իդեալը ամփոփեր իր մեջ այն բարձր ձգտումները, որոնց մասին երազում են երիտասարդական ոգեւորվող գլուխները:

Րաֆֆին, պետք է խոստովանվեմ, մեծ ծառայություն է մատուցել մեր հասարակությանը, սփռելով այդ հասարակության այլեւայլ խավերում ազնիվ իդեալներ, որոնցով միշտ աղքատ է եղել հայոց գրականությունը, թող որ իդեալները երեւակայական լինեին եւ ոչինչ  իրական հիմք էլ չունենային մեր հողի վրա… Բավական է, որ երեւակայական, չեղած իդեալական տիպերը ստեղծագործվեցան գրքերի  էջերում, այնուհետեւ նույն տիպերը, որոնք անշուշտ կրթիչ ազդե-     ցություն ունեն ընթերցողի վրա, գուցե ժամանակով կիրականանան, հոգի կառնեն, մարմին եւ արյուն կդառնան, կմարմնանան:

Բայց բացի «Մշակի» խմբագրության շրջանից, Րաֆֆիի տաղանդի զարգացման վրա, անկասկած, մեծ ներգործություն ունեցան եւ ժամանակակից անցքերը՝ ռուս-թուրքաց պատերազմը, քրիստոնյաների մահմեդական տիրապետությունից անցյալ թագավորության բերանով հարուցած ազատության խնդիրը եւ այլն: Րաֆֆիի տաղանդը, այդ բնածին, ինքնուրույն, ամեն սիստեմական ուսումից զուրկ տաղանդը, այնքան տպավորվող էր, որ արձագանք էր տալիս բոլոր ժամանակակից այրող, առօրյա հարցերին, նրա բոլոր ստեղծագործած տիպերը, նույնիսկ նրա պատմական վեպերի տիպերը, այդ պատճառով խոնարհվում էին տենդենցիային, ստանում էին նրա գրչի տակ այն երեւակայական, իդեալական կերպարանքը, որ գուցե պատմու-  թյան իրականության մեջ երբեք էլ ունեցած չէին: Ո՛չ «Խենթի» հերոսի պես մի տիպ կա հայերի մեջ, ո՛չ «Դավիթ-բեկի» պես, ոչ «Կայծերի» մեզ ներկայացրած համակրական տիպերի պես, բայց դրանք հարկավոր էին մեզ կրթելու, մեզ ներկայացնելու համար այնպիսի տիպեր, այնպիսի իդեալներ, որոնց ցանկալի էր թե մենք ձգտեինք:

Այդ է պատճառը, որ եթե Րաֆֆիի րոմանների բոլոր տիպերը խիստ, անողորմ քննադատության ենթարկենք, նրա ներկայացրած վատ տիպերը բոլորն էլ իրական, բնական կգտնենք, որովհետեւ նրանք կան, նրանք կենդանի են մեր մեջ, իսկ նրա ստեղծագործած լավ տիպերը հոգեբանական խիստ, անողորմ, անաչառ քննադատության չեն դիմանա, որովհետեւ արվեստական են, իրական կյանքի մեջ գոյություն չունեն եւ ստեղծված լինելով հեղինակի հարուստ երեւակայության մեջ՝ հատկապես հասարակության վրա կրթիչ, դաստիարակիչ ներգործություն ունենալու նպատակով:

Րաֆֆիի ամենանշանավոր գրվածներից երկուսը միայն կատարելապես զուրկ են իդեալական տիպերից եւ կատարելապես ռեալական են, իրանց բոլոր անմխիթար կողմերով՝ սրանք նրա «Ոսկի    աքաղաղ» եւ «Խաչագողի հիշատակարանը» վեպերն են:

Բայց անցավ ռուս-թուրքական պատերազմի ժամանակը, իր բոլոր բարձր իդեալներով, վրա հասավ սովորական կյանքի խաղաղ եւ անգույն ընթացքը, միեւնույն ժամանակ վերջին տարիները Րաֆֆին հեռացավ եւ «Մշակի» խմբագրությունից, որի շրջանում նա անտարակույս առատ սնունդ էր ստանում իր տաղանդը բեղմնավոր անելու համար, եւ վերջին ժամանակ նրա տաղանդը կարծես սկսեց սպառվել, հաստատ հող կորցնել իր ոտների տակ… Հարկավոր էր այդ ժամանակ փոխել գրելու ձեւը, գրելու սիստեման, կյանքի ուրիշ շարք երեւույթների վրա դարձնել նրա ուշադրությունը, հարկավոր էր ներգործել նրա վրա, համոզել նրան՝ այնուհետեւ թողնել իդեալական տենդենցիան եւ դիտել, ուսումնասիրել իրականությունը եւ նկարագրել այդ իրականությունը… Բայց այդպիսի ներգործող շրջանի չհանդիպեց տաղանդավոր հեղինակը եւ ընկավ ծայրահեղության մեջ՝ նա սկսեց զբաղվել այնպիսի գրական ձեւով, որ ամենեւին հատուկ չէր իր տաղանդին, եւ որին, իմ կարծիքով, նա անպատրաստ էր. դա պատմական րոմանն էր, որի մեջ այլեւս առաջվա պես չէր փայլում Րաֆֆիի տաղանդը:

Րաֆֆին ստեղծված էր տենդենցիական գրող լինելու: Երբ որ կյանքը այլեւս տենդենցիայի նյութ չէր տալիս նրան, նա պետք է ռեալիստ, իրական կյանքը դիտող, ուսումնասիրող եւ նկարագրող դառնար: Եվ ուղիղ այդ տեսակ գրական ձեւը մեծ մասամբ աջողվում է գրողների իրանց հասունացած տարիքում, 40-55 տարեկան հասակում:

Այստեղ հարկավոր եմ համարում հիշել, որ բացի վիպական գրվածներից հանգուցյալը ունի բազմաթիվ պուբլիցիստական հոդվածներ, որոնք տպվեցան տարիների ընթացքում «Մշակի» մեջ «Մելիքզադե» ստորագրությամբ: Այնուհետեւ «Փորձ» ամսագրում նա տպում է իր ճանապարհորդությունը, իսկ նրա վերջին պատմական «Սամվել» վերնագրով վեպը նախ տպվում էր «Արձագանքում» եւ      ապա հրատարակվեցավ առանձին գրքով:

Բացի գրական գործունեությունից, Մելիք-Հակոբյանը մի քանի ժամանակ ուսուցչություն էր անում թե՛ Վերին-Ագուլիսի եւ թե՛ Թավրիզի հայոց դպրոցներում:

Վերջին ժամանակները Րաֆֆին ապրում էր Թիֆլիսում իր կնոջ եւ երեխաների հետ: Երկու շաբաթ սրանից առաջ նա հիվանդացավ թոքերի բորբոքումով: Նրան բժշկում էր բժշկապետ Տեր-Գրիգորյանը, որը իր կողմից կանչել էր համախորհրդի բժշկապետ Գասպար-յանցին: Զատկի շաբաթ օրը բժշկապետ Տեր-Գրիգորյանն այնքան կազդուրված գտավ հիվանդին, որը արդեն վեր էր կացել անկողնուց, որ մինչեւ անգամ հայտնեց նրան, թե այլեւս ամեն օր այցելելու չէ նրան, այլ կգա օրումեջ եւ խոստացավ գալ միայն երկուշաբթի օր, միեւնույն ժամանակ պատվիրելով հիվանդին զգույշ լինել ուտելու, խմելու մեջ, զգուշանալ մրսելու կողմից: Բայց դարձյալ բժշկապետը չհամբերելով գնում է հիվանդի մոտ զատիկի առավոտյան, Րաֆֆիին շնորհավորելու, եւ հանկարծ ներկայանում է նրան հետեւյալ տեսարանը. այն մարդը, որ նախընթաց օրը ոտքի վրա էր եւ ինքն էր ջրում իր բնակարանի բալկոնում դարսած ծաղիկները, հանգիստ կերպով խոսելով բժշկի հետ, գրեթե կատարելապես կազդուրված, թեեւ դեռեւս թույլ, այդ մարդը պառկած է անկողնում, ուշքը կորցրած, լեզուն կապ, ջերմի մեջ, չկարողանալով մի խոսք անգամ արտասանել, չկարողանալով աջ ձեռքն ու աջ ոտքը շարժել:

Գիշեր ժամանակ հիվանդը ուղեղի հարված էր ստացել, եւ նրա աջ ձեռքն ու աջ ոտքը անդամալույծ էին եղել: Չնայելով երկու բժիշկների օգնությանը, մի քանի ժամից հետո, նույն ապրիլի 25-ին, Րաֆֆին վախճանվեցավ:

Անմիջապես Թիֆլիսի հայ ինտելիգենցիայի մի խումբ կազմեց մի հանձնաժողով՝ տաղանդավոր հեղինակի թաղման կարգադրու-    թյունը եւ պատրաստությունները տեսնելու համար:

Ասում են, որ պարսկաստանցի հայերը ուզում էին հանձն առնել Րաֆֆիի թաղման ծախսը, բայց հանգուցյալի այրին մերժեց այդ օգնությունը, հայտնելով որ հայ գրողը պետք է թաղվի իր գրական աշխատանքով վաստակած փողով:

Ուրբաթ, ապրիլի 29-ին Թիֆլիսի հայոց հասարակությանը կվիճակվի տխուր պարտավորությունը՝ թաղելու «Խենթի», «Դավիթ-Բեկի» եւ «Կայծերի» հեղինակին:

«Մշակ», 1888, 48

74. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Այն մարդիկ, որոնք բացի ընդհանրապես միջակ ընդունակությունների տեր մարդիկ լինելուց չեն ստացել հիմնավոր սկզբնական ուսում, հիմնավոր եւ բազմակողմանի ընտանեկան կրթություն, որոնք ընդհանուր ինքնուրույն  կրթություն  չեն ստացել, չեն էլ  լրացրել         իրանց մտավոր զարգացումը ինքնակրթությամբ, որոնք մտավոր ընդհանուր հմտություններ չունեն, բավականացուցիչ մտավոր ուսումնական պաշար եւ լեզվագիտություն չունեն, այդ տեսակ մարդիկ ինչքան էլ միջնակարգ եւ բարձրագույն ուսում ստացած լինեն՝ միշտ մնում են անընդունակ ինքնուրույն կերպով մտածելու, անընդունակ իրանց   ուղեղով անկախ կերպով այս կամ այն միտքը արդյունաբերելու: Նրանց մտավոր կարողությունը միշտ մնում է հայտնի շրջանակների մեջ սեղմված, նրանց ուղեղը անկախ կերպով չէ գործում: Այդ տեսակները, ինչքան էլ իրանց հասարակաց դիրքի շնորհիվ ինտելիգենցիային պատկանեին, նրանք երբեք ընդունակ չեն լինում ինքնուրույն կերպով մտածելու, այլ միշտ կրկնում են անգիտակցաբար՝ արդեն   առաջուց հասարակության մեջ շրջող գաղափարները, փոխ են առնում, առանց իրանց հաշիվ տալու, թութակի պես, անգիր արած  ուրիշների մտքերը:

Այդ տեսակ անգիր արած, անգիտակցաբար, չհասկացած եւ նշանակությունը չկշռած մտքերի շարքին պատկանում են այն մտքերը, որ մեր ինտելիգենցիա անվանված ամեն ինքնուրույն մտավոր զարգացումից զուրկ եւ իր սեփական ուղեղով մտածելու անսովոր դասակարգը, տեղի թե անտեղի կրկնում է, երբ խոսք է ընկնում նոր, ժամանակակից աշխարհաբար լեզվի զարգացման եւ մշակության վրա:

Այդ անգիր արած մտքերը գլխավորապես հետեւյալ երեք մտքերն են.

1. Աշխարհաբար լեզուն ծագում է անմիջապես գրաբարից, ուստի առաջինը իր զարգացման ու մշակության մեջ պետք է օգտվի միմիայն գրաբարից:

2. Պարբերական մամուլի լեզուն, քանի որ մամուլի հոդված- ները չափից դուրս շտապով են գրվում, անկարող է մշակելու արդյան, աշխարհաբար լեզուն, այլ ընդհակառակը, աղավաղում է այդ լեզուն:

3. Ժամանակակից հայոց աշխարհաբար լեզվի մեջ չպետք է մտցնել օտար բառեր:

Այդ երեք թեզիսները ջոկ-ջոկ քննենք եւ կաշխատենք ցույց տալ նրանց հիմնովին սխալ լինելը:

 

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԼԵԶՎԻ ԾԱԳՈՒՄԸ

 

Ամեն լեզվի աղբյուրը ժողովուրդն է:

Որեւէ լեզվի ծագումը հասկանալու համար բավական չէ լեզվագետ կամ պատմաբան լինել, հարկավոր է բնագիտական օրենքների վրա էլ հասկացողություն ունենալ: Ազգագրական (էթնոգրաֆիկական) եւ լեզվագիտական երեւույթներն ըմբռնելու համար պետք է նրանց զարգացման քննությունը ենթարկել բնագիտական մեթոդին:

Ինչպես կենդանական եւ բուսական աշխարհի անսպառելի աղբյուրը հողն է, այնպես էլ մարդկային լեզվի գոյության անսպառելի աղբյուրը՝ երկիրը (հայրենիքը) եւ նրա սահմաններում բնակվող ժողովուրդն է:

Ժողովուրդը խոսում է իր մայրենի լեզվով, մեծ մասամբ բազմաթիվ այլեւայլ գավառական բարբառներով: Երբ նույն ժողովրդի մի հայտնի մասի մեջ, որը իր մտավոր կյանքով ավելի բարձր է լինում ռամիկ ամբոխից, ծնվում է պահանջ գրի առնել գաղափարները, ձեւ տալ, ձեւակերպել, գրական կերպարանք տալ իր հոգեւոր ու մտավոր իդեալներին, երբ այդ ժողովրդի մասի  մտավոր հորիզոնը հետզհետե լայնանում, ընդարձակվում է, հոգեւոր կյանքի պահանջները հետզհետե բազմանում, բարդվում են, այն ժամանակ ժողովրդի այդ ընտ-     րյալները, օգտվելով ժողովրդական բարբառներից, կամ ժողովրդական բարբառների մեկից, որը մյուսներից ավելի գեղեցիկ, զորեղ, կատարյալ է լինում, կամ սկսում են զարգացնել նրան գրական լեզվի, նրանով արտահայտելով իրանց գաղափարները գրականության մեջ:

Այդպիսով հին լատինական լեզուն ծագել է հին իտալական ժողովրդական բարբառների մեկից, հին կլասիկական հունական լեզուն գրեթե անտես առնելով մյուս հունական ժողովրդական բարբառները, մշակվել է Աթենքի ժողովրդական ամենագեղեցիկ բարբառից:

Հին գրաբար հայոց լեզուն էլ, որը կրում էր «արքունի լեզու» անունը, հավանորեն մշակվել է օգտվելով հայոց գավառական լեզուների մեկից, որը գավառական լեզուների շարքում ամենաընտիրն էր: Եվ հայտնի է, որ գրաբար լեզվի գոյության հետ զուգընթացաբար գոյություն ունեին եւ հայոց ռամկական բարբառները: Ժամանակով, դարերի ընթացքում, գրական լեզուն հետզհետե կատարելագործվելով եւ կատարելության գագաթնակետին հասնելով, ավելի եւ ավելի սկսում է հեռանալ ժողովրդի ընդհանրության հասկացողությունից, սկսում է հետզհետե ընդհանուր գործածությունից դուրս գալ, եւ մնում է միայն որպես պատմական կլասիկական լեզու, սակայն ժողովրդական բարբառները մնում են կենդանի եւ անխախտ: Եվ ահա նոր կյանք, նոր գաղափարներ արտահայտելու համար, ընդհանրության մատչելի եւ գործածելի նոր լեզու ստեղծելու համար՝ կրկին մշակվում է մի նոր ազգային լեզու, կրկին իր ծնունդն առնելով այն անսպառելի եւ միշտ կենդանի աղբյուրից, ժողովրդից եւ այն էլ շատ անգամ նրա   ամենաընտիր ժողովրդական բարբառների մեկից: Այդպես իտալական լեզուն, որը թեեւ, իհարկե, ընդհանուր լատինական արմատ ունի, մշակվել է գլխավորապես իտալական երկու ժողովրդական բարբառներից՝ Տոսկանայի եւ Սիցիլիայի բարբառներից: Իսկ հայոց այժմյան աշխարհաբար լեզուն իր ծագմամբ եւ գոյությամբ գլխավորապես պարտական է Երեւանի ժողովրդական բարբառին: Երեւանի (Արարատյան) բարբառի առաջին արձանագրողը Խաչատուր Աբովյանն էր: Նրան հետեւեցին ուրիշները:

Բայց սրանք մեր նոր գրական (աշխարհաբար) լեզվի մշակողներ կամ ստեղծողներ չեն կարող համարվել: Աբովյանը եւ նրա վիպական գրական ձեւի հետեւողները միմիայն նույնությամբ եւ հավա-   տարմությամբ արձանագրեցին, եթե այդպես կարելի է ասել լուսա- նկարեցին երեւանյան բարբառը, այդպես ինչպես նա կա, իր թուրքաց ասացվածներով եւ բառերով հանդերձ: Նրանք մեզ տվեցին միմիայն հում նյութ, ծանոթացրին մեզ Արարատյան ժողովրդական բարբառի լեզվական կազմակերպության եւ շինության (կոնստրուկցիայի) հետ, ավելի ոչինչ:

Փոքր առ փոքր երեւանյան բարբառը սկսեց դառնալ մեր նոր գրական լեզու: Այդ բարբառից կազմակերպվեց այն լեզուն, որով մենք գրում, խոսում ենք, որով մենք դաս ենք տալիս մեր դպրոցնե- րում, որով մենք մեր գրքերը եւ լրագիրներն ենք հրատարակում:

Այդ լեզվի հիմնական շինությունը, կոնստրուկցիան կատարելապես տարբերվում է մեր կլասիկական գրաբարից: Իսկ մի լեզու տարբերվում է մյուսից ոչ այնքան բառերով, որքան կոնստրուկցիայով. դա է կազմում մեր լեզվի կերպարանքը, նրա ոգին, նրա առանձնահատկությունը: Խոնարհմունքների եւ հոլովների սակավությունը եւ նրանց տարբերությունը գրաբարից, նախդիրների բացակայությունը կամ նախդրի գոյականի վերջը դրվելը, ածականի հոգնակի ձեւ         չնդունելը գոյականի հոգնակի եղած ժամանակ, ածականի գոյականից առաջ դրվելը եւ այլն, եւ այլն, այդ բոլորը, որի մանրամասնությունների մեջ մտնելը ավելորդ է այստեղ, այդ բոլորը եւ կազմում է լեզվի   շինության այն տարբերությունը, որի պատճառով հնարավոր չէ հաշտության նշույլն անգամ հին գրաբարի եւ նոր աշխարհաբարի մեջ:

Իսկ անգիր արած ֆրազներ անգիտակցաբար կրկնողներն   ասում են մեզ, թե աշխարհաբարը մշակելու համար անհրաժեշտ է գրաբարն իմանալ. հաստատ մնալով այն մոլորության մեջ, թե աշխարհաբարը գրաբարի ծնունդն է: Ինչի՞ համար աշխատենք, որ գրաբարը իր ազդեցությունն ունենա աշխարհաբարի վրա, երեւի որպեսզի աշխարհաբարը մշակելու ժամանակ փոխ առնենք գրաբարից եւ մտցնենք աշխարհաբարի մեջ գրաբարի լեզվական կոնստրուկցիան: Բայց լատիներենի կոնստրուկցիան մտցնել կենդանի իտալերենի մեջ, հին հունարենի կոնստրուկցիան մտցնել կենդանի իտալերենի մեջ, հին հայերենի կոնստրուկցիան մտցնել նոր կենդանի հայերենի մեջ, նշանակում է հին լեզվական, անկենդան, մեռած կոնստրուկցիայով՝ սպանել, անկենդանացնել նոր լեզվի կենդանի լեզվական կոնստրուկցիան:

Կենդանացնել մի մեռած, թեկուզ կատարյալ ձեւեր ունեցող լեզու այժմյան տասնիններորդ դարում ապրող մի կենդանի ժողովրդի մեջ, - ասում է ուսումնական Այտընյան վարդապետը, - նույնքան   անհնարին է, որքան անհնարին է հին դարերը տեղափոխել եւ կենդանացնել այժմյան ժամանակի մեջ:

Միակ բանը, որ կարող ենք եւ պետք է փոխ առնենք գրաբարից, այդ նրա հարուստ բառերի պաշարն է, քանի որ նրա բառերը ընդհանուր հայկական են, եւ այդ բառերի արմատը նույնքան գրաբարին է պատկանում, որքան գավառական լեզուներին եւ նոր գրական լեզվին: Դրանք հայկական լեզվի ընդհանուր սեփականություն են: Բացի սրանից մենք պետք է սովորենք գրաբարը դրա համար, որ օգտվենք նրանից աշխարհաբարը մշակելիս, բարդ բառեր կազմելու ժամանակ, քանի որ գրաբարը այդ կողմից մեզ ուղեցույց կարող է լինել: Մենք ասացինք, որ Աբովյանը եւ նրա հետեւողները մեզ հում նյութ մատակարարեցին երեւանյան ժողովրդական բարբառից, որը ծառայել է որպես հիմք մեր նոր գրական լեզվի կազմակերպության համար: Բայց նոր գրական լեզվի մշակողն ու ստեղծողն եղել է Ստեփանոս Նազարյանց, իր դպրոցով:

Երբ որ մեկը գործ է ածում «լեզու ստեղծել» բառը, այդ չէ նշանակում, որ լեզուն կարելի լինի ստեղծել ոչնչից: Միայն կատարյալ   իդիոտներ կարող են իրանց իբր թե ծանր, իբր թե ուսումնական հոդվածում այնպիսի անտեղի եւ անմիտ հանաք անել, որ՝ լեզու նույնչափ չէ կարելի ստեղծել ոչնչից, ինչպես չէ կարելի աշխարհ գալ առանց հորն ու մորը…

  Նրանք, որոնք անընդունակ են իրանց սեփական գլխով մտածելու, այլ մտածում են միշտ ուրիշի խելքով, պարզ է, որ չեն կարող երեւակայել, որ աշխարհիս երեսին մի որեւէ բան կարելի է ստեղծել, քանի որ իրանք անընդունակ են որեւէ ստեղծագործության, այլ ընդունակ են միայն, «թութակության»:

Բայց պետք է հասկանալ ի՞նչ բան է ստեղծել, ի՞նչ բան է ստեղծագործությունը:

Մենք ասում ենք, օրինակ, Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները, կամ Մոցարտի երաժշտական ստեղծագործությունները, մենք ասում ենք Շեքսպիր, Գոգոլ կամ Մոլիեր եւ այլն, ստեղծել են տիպեր…

Այդ բոլորը չէ նշանակում թե ստեղծագործները ոչնչից են ստեղծում: Երաժշտական պիեսաները ստեղծելու համար հարկավոր է, որ ժողովրդի մեջ գոյություն ունենային ժողովրդական ազգային    եղանակներ, ինչպես որ գրական լեզու ստեղծելու համար հարկավոր է, որ ժողովրդի մեջ գոյություն ունենային ժողովրդական բարբառներ: Հեղինակը ստեղծում է տիպեր, որովհետեւ ինքը կյանքը ներկայացնում է արդեն այդ տիպերը, որոնց հեղինակը պատկերացնում է գեղարվեստական կերպով իր գրվածների մեջ, կամ ստեղծում է այնպիսի տիպեր, որոնց մեջ ամփոփում, մարմնացնում է մարդկային զգացմունքներ, կրքեր, մարդկային բարձր կամ ստոր ձգտումներ, մարդկային իդեալներ…

Ստեղծել մի բան՝ նշանակում է կանոնավորել, ամփոփել, մարմնացնել, նշանակում է ձեւ, կերպարանք տալ, համակարգել, սիստեմայի տակ գցել, օրենքների ենթարկել կենսական կամ բնական եղած երեւույթները:

Ստեղծել մի գրական լեզու՝ նշանակում է կարգի գցել, կանոնավորել, օրենքների ենթարկել ժողովրդական անկանոն, անկարգ, անմշակ, հում, բայց կենդանի բարբառները, հարմարվելով լեզվի մշակության մեջ նույն բարբառների ոգուն եւ առանձնահատկություններին, եւ օգտվելով այդ մշակության գործում արդեն մշակված, հիշյալ լեզվի հետ ազգակից, ուրիշ լեզուների ձեւերից:

Այդպես չստեղծեցի՞ն արդյոք մեր գրաբար լեզուն ժողովրդական հայոց բարբառներից, եւ օգտվելով ավելի կատարյալ հունաց լեզվի ձեւերից, մեր հինգերորդ դարի գրողները: Այդպես չստեղծեցի՞ն արդյոք նոր լատիներենը, գլխավորապես Սիցիլիայի եւ մասամբ Տոսկանայի ժողովրդական բարբառից՝ Դանտեն, Պետրարկան եւ Բոկա- չիոն, որոնցից երկու առաջինները համարվում են իտալական բանաստեղծական լեզվի ստեղծողներ, իսկ վերջինը՝ իտալական պրոզայի ստեղծող: Արդյոք Լութերը չէ՞ր, որ սուրբ գրքի թարգմանությամբ ստեղծեց գերմանական նոր գրական լեզուն:

Այտընյանը համաձայն է Ս. Նազարյանցի հետ, որ լեզու կարելի է ստեղծել: Ազգերի պատմությունը մեզ սովորեցնում է, որ ժո-           ղովրդական բարբառները երկար ժամանակ մնում են անշարժ դրու- թյան մեջ, մինչեւ որ հայտնվում է մի հանճար, որը զարկ տալով ժողովրդական լեզուներին, այդ լեզուներից կամ նրանցից մինից, որ    ավելի կենդանի է եւ ուժեղ է՝ ստեղծում է ազգային գրական նոր լեզուն:

Ոչ մի ազգի, ոչ մի երկրի մեջ նոր աշխարհաբար, գրական լեզուն անմիջապես ծնունդ չի լինում նույն ազգի, նույն երկրի հին գրաբարից, այլ երկուսն էլ իրանց ժամանակի գրական լեզուներն են, որոնց անմիջական ծնողը ժողովրդական բարբառն է եղել:

Ինչպես կենդանական եւ բուսական աշխարհի մայրը հողն է, այնպես էլ գրական լեզվի ծնողները ժողովուրդն ու ժողովրդական կենդանի բարբառներն են: Նույն անսպառելի, միշտ կենդանի մնացող տարրերը, որոնք կենդանի կմնան, քանի որ գոյություն կունենա կենդանի ազգությունը իր հայրենի հողի վրա, նույն տարրերը, ասում ենք, որոնք ծնեցին հին հունարենը, ծնեցրեցին այժմ եւ նոր հունարենը: Այդ անսպառելի աղբյուրը եւ գրական ազգային լեզվի անմիջական ծնողը՝ ինքը ժողովուրդն է:

Գրաբարը ժողովրդական լեզուների ծնունդն է: Բայց այն ժամանակից հետո դարեր անցան, մենք ապրում ենք բոլորովին ուրիշ կյանքով, ունենք բոլորովին ուրիշ կենսական եւ հասարակական պահանջներ, ուրիշ իդեալներ: Մեր նոր կյանքի մեջ մտքեր արտահայտելու համար հարկավոր է մեզ ուրիշ կերպով կազմակերպված լեզու, քանի որ մեր ամբողջ կյանքը, մեր բոլոր ձգտումները, մեր հասկացողությունները, մեր պահանջները ուրիշ կերպ են կազմակերպվել: Մենք չենք կարող մտածել այնպես, ինչպես մտածում էին հինգերորդ դարի հայերը, ուրեմն եթե չենք կարող հետ դառնալ հինգերորդ դարի մտածողության եղանակին, չենք էլ կարող հինգերորդ դարի լեզվով արտահայտել այդ մեր ժամանակակից մտածմունքները:

Ժամանակակից մտածմունքների արտահայտման համար՝ հարկավոր է մեզ ժամանակակից կոնստրուկցիա ունեցող լեզու:

Եվ ահա մեր ժողովրդական բարբառներից ստեղծվում է մի նոր գրական կենդանի հայոց լեզու, որը իր կոնստրուկցիայով համապատասխան է մեր ժամանակակից մտածմունքների եղանակին, եւ նա ստեղծվում է գրաբարից դուրս, նույն հավիտենական, անսպառելի, նախնական ժողովրդական աղբյուրից, ժողովրդական բարբառներից, որից ստեղծվել է եւ գրաբարը:

Մեզանից ամեն մեկը, եթե այսօրվա օրս հայ է, այդ այն պատճառով է, որ սկսած ռամիկ շինականից մինչեւ բարձր ինտելիգենցիային պատկանողը, մեզանից ամեն մեկը հայերեն մտածում ու հայերեն խոսում է, բայց ոչ թե այն պատճառով, որ գրաբար գիտենք: Այսօրվա օրս մեզանում հայերեն մտածելու, հայերեն խոսելու, հայերեն գրելու ու կարդալու, վերջապես հայ լինելու համար՝ անհրաժեշտություն չկա անպատճառ գրաբարն իմանալու:

 

ՄԱՄՈՒԼԸ ՄՇԱԿՈՒՄ Է ԹԵ ԱՂԱՎԱՂՈՒՄ Է ԼԵԶՈՒՆ

 

Երկրորդ թեզիսը, որի դեմ մենք ուզում ենք խոսել, այն միտքն է, որ մեր ինտելիգենցիան նույնպես անգիր է արել, առանց հասկանալու իր ասածները, թե պարբերական մամուլը անընդունակ է մշակել գրական լեզուն, այլ ընդհակառակն աղավաղում է այդ լեզուն, քանի որ լրագրական հոդվածները միշտ շտապով են գրվում, ուրեմն նրանց գրելու ժամանակ անհնարին է գլուխ դնել լեզվի ոճը կոկելու, նրան գեղարվեստական դարձնելու:

Այդ միտքը սխալ է այն պատճառով, որ զանազան ժամանակներում միեւնույն գաղափարը կարող է կամ ճշմարիտ լինել կամ սխալ, հարկավոր է միայն իմանալ իր սեփական խելքով դատել, եւ ոչ թե չհասկացած, չկշռած՝ կրավորական կերպով կրկնել ուրիշներից վերցրած, շրջող, անգիր արած ֆրազներ:

Մի հայտնի չափով, ճշմարտությունը, եթե նա միայն չէ շոշափում հիմնական բարոյական գաղափարներ, երբեք բացարձակ, անփոփոխ չէ լինում, այլ միշտ վերաբերական եւ փոփոխական է: Մարդկության հին քաղաքակրթությունը արիստոկրատական էր: Ամեն բան՝ թե՛ նյութական ապահովությունը եւ թե՛ մտավոր ու հոգեկան կյանքի բարիքը վայելում էին ազգի բարձր դասակարգերը, վայելում էր ազգի փոքրամասնությունը: Իսկ ազգի ստորին դասակարգերը զրկված էին ամեն բանից՝ թե՛ նյութական ապահովությունից, թե՛ հոգեւոր կյանքից, թե՛ իրավունքներից, թե՛ նույնիսկ ուսումից ու գրագիտությունից: Հին քաղաքակրթությունը ներկայացնում էր մեզ հետեւյալ պատկերը՝ մի կողմից ամեն բան վայելող ընտրյալներից բաղկացած, արտոնացած դասակարգը, իսկ մյուս կողմից ամեն բանից զուրկ, տգետ, անգրա-գետ, իրավազուրկ ամբոխը: Չկար միջին դասակարգ, չկար կրթված ամբոխ, չկար ազգերի մեջ զարգացած մեծամասնությունը, չկար կրթված դեմոկրատիա:

Ոչ թե միայն հին Եգիպտոսում, բայց եւ հին ազատ Հունաստանում եւ փառավոր Հռոմում կյանքի ամեն բարիքը վայելում էին մի-միայն արտոնացած դասակարգերը: Հարստություն, շքեղություն, գեղարվեստ, բանաստեղծություն, գրականություն, աստվածապաշտություն, քաղաքացու իրավունքներ, այդ բոլորը արտոնացած դասակարգերի սեփականությունն էր, իսկ միեւնույն ժամանակ ամբոխի մեծամասնությունը փտում էր աղքատության, տգիտության, անգրագիտության, նախապաշարմունքների եւ անասնական դրության մեջ Եգիպտոսում մինչեւ որ պիրամիդներ ու սֆինքսներ էին կառուցվում, ամբոխը, որի ձեռքով եւ արյուն-քրտինքով էին կառուցվում այդ շքեղ արձանները, ինքը փտում էր ստրկության եւ անասնականության մեջ: Ազատ Հունաստանում մինչեւ որ քաղաքացին զբաղվում էր գեղարվեստով, գրականությամբ, հռետորությամբ, թատրոնով, փիլիսոփայությամբ, կառուցանում էր իր աստվածների համար փառավոր տաճարներ, ամբոխը ստրկության մեջ էր մնում: Հռոմում, մինչեւ որ Ցիցերոնը արտասանում էր իր սքանչելի ճառերը, իսկ Վիրգիլիոսը հեղինակում էր իր անմահ գրվածները, ամբոխի մեծամասնությունը ոչ թե միայն չէր կարող հասկանալ նրանց հայտնած մտքերը, բայց եւ չէր կարող հասկանալ նրանց գործածած լեզուն, քանի որ այդ լեզուն ընտ- րյալների լեզուն էր եւ մատչելի չէր մեծամասնությանը, մասսային

Նույնիսկ միջին դարերում եւ մեր ժամանակակից քաղաքակիրթ Եվրոպայում, մինչեւ բողոքականության հայտնվելը Գերմանիայում եւ մեծ հեղափոխության կատարվելը Ֆրանսիայում, ազգերի ամբոխը, մեծամասնությունը՝ մասնակից չէր ազգերի արտոնացած դասակարգերի առավելություններին, մասնակից չէր քաղաքակրթության հոգեւոր, մտավոր եւ իրավական բարիքներին:

Այդ տեսակ դրության մեջ գրականական լեզուն էլ, որը մարդու մտավոր եւ հոգեւոր կյանքի արտահայտիչ ու ամենազորեղ գործիքն է, չէր կարող մատչելի լինել ազգի մեծամասնությանը, այլ նա մնում էր ազգի փոքրամասնության, արտոնացած դասակարգերի սեփականություն: Այդ պատճառով թե՛ հին եւ թե՛ միջին դարերում մշակել լեզու բոլորովին ուրիշ բան էր նշանակում, քան թե նշանակում է այժմ: Մենք ասացինք, որ ճշմարտությունների մեծամասնությունը, բացի ամենահիմնական բարոյական ճշմարտություններից, փոփոխական են համեմատ ժամանակի պահանջման եւ ժամանակի կյանքի կերպարանափոխության: Հին եւ միջին դարերում, քանի որ գրական լեզուն, ինչպես ամեն բան, որոշ արտոնացած դասակարգերի սեփականություն էր, ուրեմն մատչելի էր միմիայն հայտնի դասակարգերին եւ ոչ թե ամբոխի մեծամասնության, այդ գրական լեզուն հարկ չուներ ընդունել թեթեւ, հասարակ, պարզ, ժողովրդի հասկացողությանը մատչելի ձեւեր: Լեզուն այնքան արիստոկրատական էր, որքան արիստոկրատական էր այն դասակարգը, որի համար նա գոյություն ուներ: Հարկ չունենալով ժողովրդացնել միտքը եւ գոյություն ունենալով միմիայն առանձնա-   շնորհումներ վայելող դասակարգերի համար, գրական լեզուն ամեն ջանք էր գործ դնում բարձրաբան, շքեղ, ծաղկած, կոկ, խրթին, սխոլաստիական լինել… Այն ժամանակներում մշակել լեզուն՝ նշանակում էր հարստացնել նրան կոկ ասացվածներով, բարդել նրան ծաղկաոճ դասավորություններով, քանի որ գրողների նպատակն էր միմյանց մեջ մրցել վսեմ ոճերով, միմյանց շլացնել լեզվի ծաղկած, խրթին կոնստրուկցիայով: Նրանց ի՜նչ փույթ թե մասսան, ամբոխը չէր հասկանում եւ չէր կարող հասկանալ նրանց… Նրանք ամբոխի, ժողովրդի համար չէին գրում, այլ գրագետների մի նեղ շրջանի համար:

Քաղաքակիրթ մարդկության վերջին դարերում միայն սկսեց նշմարվել ձգտում դեպի դեմոկրատիզացիա:

Գերմանական բողոքականությունը առաջինն էր, որ Աստծո  խոսքը մատչելի, հասկանալի, ժողովրդական դարձրեց ամբոխի համար, ֆրանսիական հեղափոխությունը հրապարակելով մարդկային իրավունքները, հավասարեցրեց դասակարգերը, փշրեց արտոնություններն ու առանձնաշնորհումները… Տպագրության գյուտը մատչելի դարձրեց ամենքի համար գրագիտությունը, տեղափոխության, երթեւեկության եւ հաղորդակցության հեշտացնելը եւ էժանացնելը շոգենավերի, երկաթուղիների եւ հեռագրական թելի միջոցով՝ մատչելի դարձրեց մեծամասնությանը աշխարհիս չորս կողմ պտտելը, աշխարհիս հետ ծանոթանալը: Ուսման, տեխնիկայի, առեւտրի, արդյունագործության, ժողովրդական գեղարվեստի զարգացումը, ժողովրդի հետզհետե մասնակցությունը պետական կառավարչական գործերում, դպրոցական համադասակարգային լայն սիստեմը, սկսած տարրական դպրոցներից մինչեւ համալսարանները, ժողովրդի պարտադիր ուսումը եւ պարտադիր գրագիտությունը, դավանությունների հավասարությունը, ընդհանուր զինվորագրությունը, որը հավասարեցրեց հասարակական բոլոր դասակարգերը, հասարակական ընտրողական սկզբունքի հետզհետե ընդարձակվելը եւ այլն, եւ այլն, - այդ բոլորը նպաստում էր մարդկային հասարակության դեմոկրատիզացիային, եւ այդ բոլորը ծնեցրեց մի հասարակական գործիչ, մի հասարակական կրթողական ուժ, որը անծանոթ էր՝ հին, միջին եւ նոր դարերին, այլ հարազատ ծնունդ է միմիայն նորագույն, ամենավերջին երկու դարերի… Այդ ուժը՝ պարբերական մամուլն է:

Պարզ է, որ մամուլը լինելով ժողովրդական եւ ժողովրդացնող գրականություն, լինելով մարդկային հասարակության դեմոկրատիզացիայի հետեւանք եւ ավելի էլ դեմոկրատացնելով (ռամկացնելով) միտքը, չէ կարող այդ իր միտքը արտահայտել այն կատարյալ, վսեմաոճ, ծաղկած, խրթին լեզվով, որով գրվում էին թե՛ անցյալ դարերի ամեն ազգերի մատենագիրների հեղինակությունները (որոնք գրվում էին ընտրյալների մի նեղ շրջանի համար եւ ոչ ամբոխի մեծամասնության համար), թե՛ նույնիսկ վերջին դարերի եվրոպացի ոճասերների կամ ոճամոլների գրվածները, որոնց գլխավոր նպատակն էր ծաղկեցնել գեղարվեստական գրականությունը, իրանց ոճը վերջին ծայր կատարելագործության հասցնելով, այլ լինելով կուլտուրական մարդկային հասարակության ահագին մեծամասնության մտքի արտահայտությունը մի կողմից, եւ նրա կրթիչն ու ղեկավարողը մյուս կողմից՝ մամուլը պետք է մշակի այնպիսի գրական նոր լեզու, որը մատչելի է քաղաքակրթական մեծամասնությանը, որը գործածվելի կարող է լինել քաղաքակիրթ մասսայի մեջ… Եվ պարբերական մամուլն է, որ մշակել է մեր ժամանակակից մարդկության մեջ այն ընդհանրացած՝ հասարակ ոճ, պարզ եւ ոչ խճճված պարբերություններ ունեցող լեզուն, որը տիրապետող է դարձել այժմ ամեն տեղ՝ թե՛ դպրոցում ու համալսարանում, թե՛ քաղաքային ինքնավարության ու պառլամենտների ժողովներում, թե՛ դիպլոմատիական հարաբերություններում ու դատարանում, թե՛ առեւտրական հարաբերություններում ու ամենօրյա հասարակաց կյանքում, թե՛ թատրոնում ու եկեղեցական քարոզներում…

Եվ ուրիշ կերպ չէր կարող լինել, քանի որ ժամանակակից մամուլը ամենահզոր եւ ամենագետ է: Նա գիտե եւ պետք է գիտենա ամեն բան, նա խոսում է եւ պետք է խոսի ամեն բանի վրա, ուրեմն նա պետք է մշակի մի բոլորովին նոր, մինչեւ այժմ չեղած եւ անցյալ դարերին անծանոթ, ամեն հատկություններն ունեցող լեզու, զորեղ, ճկուն, հարուստ, կտրուկ եւ համոզիչ, թեեւ պարզ եւ հասկանալի մի լեզու, որը հարմարվի ամեն տեսակ թեմաներին, քանի որ մամուլը պետք է խոսի՝ ե՛ւ քաղաքական անցքերի, ե՛ւ տնտեսական հարցերի, ե՛ւ հասարակական երեւույթների, ե՛ւ ուսումնական խնդիրների, ե՛ւ կրոնական կյանքի վրա… Նա միաժամանակ վճռում է քաղաքական հարցերը, արձանագրում է ժամանակակից խրոնիկան, տալիս է ընթերցողին կարճ, սեղմված հեռագիրներ, դատողություններ է անում ե՛ւ գյուղատնտեսության, ե՛ւ հոգեբանության, ե՛ւ արհեստի, ե՛ւ գեղարվեստի, ե՛ւ զինվորական կյանքի, ե՛ւ մանկավարժության, ե՛ւ առողջապահության ու բժշկականության վրա, պատմում է անեկդոտներ, ծանոթացնում է հեռավոր երկրների հետ, տալիս է ընթերցողին առեւտրական եւ ֆինանսական տեղեկություններ, ծաղրական ֆելիետոններ, թեթեւ վեպեր, րոմաններ ու պատմություններ եւ այլն, եւ այլն…

Եվ մամուլը քանի գնում է, ավելի ու ավելի է ընդարձակում իր հորիզոնը, իր ասպարեզը, իր գործունեության շրջանը, քանի գնում է ավելի եւ ավելի բազմատեսակ նյութեր է ամփոփում իր մեջ, ավելի ու ավելի է դառնում քաղաքակիրթ մարդկության ընդհանրական գրականություն: Արդեն այնպիսի գրողներ, վիպագրողներ, րոմանիստներ,   որոնք իրավամբ պարծենում են իրանց մշակված, ծաղկած, ընտիր ոճով, չեն խորշում զետեղել իրանց ստեղծագործությունները պարբերական մամուլի էջերում:

Մամուլի լեզվի հակառակորդները ասում են. մամուլը, պարբերական մամուլը, նույնիսկ մի որեւէ “Temps”, “Figaro” կամ “Republique Franջaise” չեն կարող իրանց կոշտ, ծանր, անտաշ, կցկտուր լեզվով ժամանակակից գրական լեզվի  մշակողներ համարվել, այլ այդ լեզվի մշակողներ են Ալֆոնս Դոդե, Զոլա, Ֆլոբեր եւ այլ ժամանակակից վիպագրողներ… Բայց այդպես խոսողները մոռանում են, որ ժամանակակից մամուլը այն աստիճան տիրապետում է այժմ մտավոր կյանքի ամեն ասպարեզների վրա, որ սկսել է ամփոփել իր մեջ եւ ժամանակակից ամենաընտիր վիպագրողներին էլ… Եվ Դոդե, Զոլա կամ Ֆլոբեր, նախքան իրանց րոմանները առանձին գրքերով տպագրելու, զետե-   ղում են իրանց գրվածները նույն “Temps”, “Figaro” կամ “Republique Franջaise” լրագիրների գծի տակի էջերում…

Այժմ մեր ժամանակակից հայոց մամուլի վրա խոսելով, պետք է ասենք, որ մեր մամուլը ավելի էլ մեծ, ավելի էլ եզակի եւ բացառական դեր է խաղում ժամանակակից հայոց նոր լեզվի մշակության գործում, քան թե օտար մամուլը իր ազգային լեզվի մշակության վերաբերմամբ, որովհետեւ մեզ մոտ, բացի մամուլից, իսկապես ոչինչ չկա, մեզ մոտ մամուլից դուրս իսկապես ոչինչ ուրիշ գրականություն էլ չկա: Եվ ինչ որ մեզ մոտ աշխարհաբար լեզվով արդյունաբերվում է, բոլորն էլ ամփոփվում է մամուլի մեջ, բոլորը զետեղվում է մեր լրագիրների եւ ամսագիրների մեջ: Հո՛, ճշմարիտ, չէ կարելի ասել, որ մեր մամուլը չէ, որ մշակում է մեր աշխարհաբար լեզուն, այլ նրան մշակում են տարեկան հրատարակվող այդ երկու-երեք ինքնուրույն թե թարգմանական գրքույկները, արձակ թե բանաստեղծական ոճով գրված, որոնք արգասիք են մեծ մասամբ թերուս դեռ աշակերտ, կամ աշակերտությունը նոր ավարտած երիտասարդ գրիչների… Հո՛ շատ լավ գիտենք, թե մամուլից դուրս մեզ մոտ ոչինչ չէ հրատարակվում, բացի տարեկան մի տասը հատ, մեծ մասամբ անգրագետ գրքույկներից:

Իսկ ինչ որ կա, լավ թե վատ, այդ բոլորը անցնում է նախ մեր մամուլի միջոցով, անբաժան է մեր պարբերական մամուլից: Ուրիշ խնդիր է, որ մամուլի օրգաններից մինը ավելի խնամքով է մշակում լեզուն, մյուսը պակաս խնամքով… Բայց դա երկրորդական հարց է…

Ուրեմն լավ թե վատ՝ մեր ժամանակակից, նոր հայերեն աշ-   խարհաբարը մեր պարբերական մամուլն է մշակում, եւ ավելի ոչ ոք:

 

ՕՏԱՐ ԲԱՌԵՐ ԵՎ ՕՏԱՐ ԴԱՐՁՎԱԾՆԵՐ

 

Այն հարցը, թե արդյոք օտար լեզվի բառերը եւ օտար լեզվի    դարձվածները կարո՞ղ են մտնել մի այլ լեզվի մեջ, այդ վերջինի մշակության եւ զարգացման ժամանակ, ինքնըստինքյան այն աստիճան պարզ եւ ապացուցված հարց է, որ իսկապես ավելորդ էլ կլիներ այդ հարցի մասին երկար ու բարակ գրել: Բայց ի՞նչ արած, եթե մեր ինտելիգենցիան այն աստիճան տգետ է ընդհանրապես, որ մարդը ստիպված է շատ անգամ բացատրել նրան ամենատարրական, սկզբնական այբուբենական ճշմարտություններ:

Մենք ասացինք «Մշակի» 66-ի մեջ տպված մեր առաջնորդող հոդվածում, որ գրական լեզուն մշակվելու ժամանակ կարող է փոխ առնել օտար, բայց իր հետ ազգակից, ցեղակից լեզվից թե՛ բառեր եւ թե՛ դարձվածներ: Այդ թեորիան ապացուցվում է եւ գործնական փաստերով: Գրաբար հայոց լեզուն, կրկնում ենք մենք, կատարելապես ձեւվում է իր լեզվական կոնստրուկցիայի վրա: Եթե մեր հինգե- րորդ դարի մատենագիրները հիմնավոր կերպով հունարեն իմացած չլինեին, նրանք երբեք չէին կարող մշակել այս աստիճան գեղեցիկ եւ կատարյալ կերպով մեր կլասիկական գրաբարը: Իսկ եթե հինգերորդ դարի հայերենը օգտվում էր մշակվելու համար իր ժամանակակից հունարենի թե՛ լեզվական ձեւերից ու դարձվածներից եւ թե՛ բառերից, պարզ է որ նոր գրական հայերենը զագացման բնական ճանապարհով կընթանա, եթե գրաբարի շավղին հետեւելով կլրացնի, կճոխացնի իր լեզվական շինվածքը եւ բառերի պաշարը, երբ հարկավոր կլինի արտահայտել մի նոր գաղափար, մի նոր միտք, մի որեւէ դարձվածով, մի բառով, որոնք պակաս են հայերենին:

Հին հայերենը այն աստիճան հավատարմությամբ ձեւված է հունարենի վրա, որ ուսումնական լեզվագետները վկայում են, թե ոչ մի լեզվով չէ կարելի այդքան դյուրությամբ, հավատարմությամբ եւ բառ առ բառ թարգմանել բուն հունարեն բնագիրները՝ որքան եւ գրաբար հայերեն լեզվով:

Հայր Այտընյանն իր նշանավոր «Քննական քերականություն» գրվածի մեջ ասում է, թե ամեն լեզու, մշակվելու ժամանակ, կարող է օգտվել մի այլ, իրան ազգակից լեզվից՝ բառեր փոխ առնելով նրանից:

Նույն Այտընյանն իր վերոհիշյալ գրվածի մեջ ասում է, թե մի լեզվի մեջ օտար լեզվից մտած բառերը, ենթարկվելով նրանց գոյու- թյան համար մաքառման ընդհանուր բնական օրենքին, իրանց գոյության համար այսօր կռվի մեջ կամ հաղթող են հանդիսանում, կամ ջնջվում, անհետանում են այն լեզվից, որի մեջ մտել են:

Եթե այդպես է, ուրեմն մի լեզվի մեջ կարող են մտնել բառեր եւ մի այնպիսի լեզվից, որը թեեւ ոչինչ ազգակցություն չունի մշակվող լեզվի հետ, բայց որով խոսում է կամ խոսում էր այն ազգը կամ ցեղը, որը պատմական հանգամանքների շնորհով միեւնույն հողի վրա խառն կերպով ապրում է կամ ապրում էր առաջին ազգության հետ:

Մենք գիտենք, որ սլավյանները, ուրեմն եւ ռուսները հնդեվրոպական ծագումից են, ուրեմն ոչինչ ազգականություն չունեն մոնգոլական ծագմանը պատկանող ցեղերի հետ, ուրեմն եւ ռուսաց լեզուն  ոչինչ ազգականություն չունի մոնգոլ լեզվի հետ: Սակայն ո՞վ չէ իմանում, որ պատմական հանգամանքների շնորհով, երբ ռուսները դարերի ընթացքում ենթարկված են եղել մոնգոլների լուծին, այդ վերջին ցեղի անթիվ, անհամար բառերը մտան ռուսաց լեզվի մեջ, մարմնացան նրա մեջ, ձուլվեցան նրա հետ եւ կատարյալ քաղաքացիություն ստացան նրա մեջ:

Ո՞վ չէ իմանում, որ հայերը հանգամանքների շնորհով պահպանած լինելով իրանց պատմության ընթացքում սերտ հարաբերու- թյուններ հրեաների, ասորիների եւ արաբների հետ, ուրեմն սեմիտական եւ հայերին ոչ ազգակից ցեղին պատկանող ազգերի հետ, այդ վերջինների լեզվից փոխ առին անթիվ անհամար բառեր:

Ո՞վ չէ իմանում, թե հայերենում ամենագործածական, կարծես թե հայերեն բառերը, ինչպես օրինակ քահանա՝ հրեական բառ է, քաղաք՝ ասորական բառ է, բազար, հիմար՝ արաբական բառեր են եւ այլն, եւ այլն… Եվ սրանք կատարյալ քաղաքացիություն ստացան հայերեն լեզվի մեջ:

Այտընյանը վերեւ հիշված իր իր գրքի մեջ բերում է մի ամբողջ հայոց պարբերություն ընտիր գրաբար լեզվից եւ մատնացույց է անում այն նշանավոր բանի վրա, որ այդ կարծես բուն հայերեն պարբերության մեջ բառերի գրեթե երկու երրորդականը պարսկերեն են

Մեզ կասեն, որ դրանում ոչինչ զարմանալի բան չկա, քանի որ հայերենը ու պարսկերենը քույր լեզուներ են, միեւնույն իրանական ծագումի լեզուներ են, ուրեմն պարսկերեն բառերը հայոց լեզուն ոչ թե փոխ է առել պարսկերենից, այլ դրանք երկու լեզուներին էլ ընդհանուր են եղել, քանի որ երկու լեզուներն էլ միեւնույն ծագումի են պատկանում:

Բայց ի՞նչ կասեն, եթե մենք մատնացույց կանենք մի այնպիսի լեզվի վրա, որը մեզ ներկայացնում է կատարյալ արվեստական կերպով շինված մի լեզվի նմուշ, մի տարօրինակ զանգված միմյանց մեջ ոչինչ ազգականական կապ չունեցող լեզվական տարրերի: Դա ժամանակակից թուրքաց լեզուն է, որը ինքը լինելով տուրանական-մոնգոլական ծագումի, ընդունել է իր մեջ հավասար չափով պարսկերեն (իրանական ծագումի) լեզվի բառեր եւ արաբերեն (սեմիտական ծագումի) լեզվի բառեր: Եվ, այնուամենայնիվ, այդ արվեստական, հակաբնական լեզվական զանգվածը ծնեցրել ու մշակել է՝ ճկուն, դուրեկան, արտահայտիչ, շնորհալի, նույնիսկ սալոնական թուրքերենը, որը ընդունակ է դարձել ե՛ւ խոսակցական, ե՛ւ գրական, ե՛ւ նույնիսկ դիպլոմատիակամ լեզու լինելու:

Առհասարակ մի որեւէ լեզվի բառերի պաշարը պետք է բաժանել երեք տեսակի վրա:

1) Բառեր, որոնք ընդհանուր են թե՛ այդ լեզվին եւ թե՛ իրան համացեղ մյուս լեզուներին, եւ որոնք գոյություն են ունեցել լեզվի մեջ սկզբից եւեթ, ազգի նախնական, նահապետական դրության ժամանակ, սկզբնական մարդկային գաղափարներ կամ իրեր արտահայտող արմատական բառեր, ինչպես՝ ես, դու, մայր, դուստր, ակն եւ այլն: Այդ տեսակ բառեր ընդհանուր են թե՛ սանսկրիտերենին, թե՛ պարսկերենին, թե՛ հայերենին, թե՛ այժմյան եվրոպական լեզուներին:

2) Բառեր, որոնց փոխ է առել ազգը իր լեզվի մեջ իրան ազգակից ուրիշ լեզուներից, երբ ինքն արդեն փոքրիշատե քաղաքակրթվելով, շփվել է իր ազգակից եւ ցեղակից ազգերի հետ, բառերի հետ միասին ընդունելով այդ ազգերից քաղաքակրթությունը ու մշակելով իր լեզուն ազգակից լեզվի ձեւերի ու շինվածքների օգնությամբ: Հարկավոր էր, որ հայերը արդեն բավական քաղաքակրթված լինեին, որ պահանջ ունենային լրացնել իրանց քաղաքակրթությունը, փոխ առնելով իրանց լեզվի մեջ այնպիսի օտար, թեեւ ազգակից հույն լեզվի բառեր, որոնցով արդեն արտահայտվում են ոչ թե նախնական գաղափարներ, այլ քաղաքակրթության հայտնի աստիճանին հասած ազգության գաղափարներ: Եվ ահա հայերի մեջ հոգեւոր, մտավոր, գրականական, տնտեսական, առեւտրական, ուսումնական, քաղաքական կյանքի զարգանալուն պես, հայոց լեզուն ձեւակերպվելով կատարելապես հունաց լեզվի ազդեցության տակ, լցվեցավ անթիվ անհամար հունական եւ մասամբ էլ լատինական բառերով, ինչպես՝ դուռը (թիրոս), զգեստ, ակոս, այգ, նավ, պանդոկ, տոկոս, եկեղեցի, կղեր, կաթողիկե, կաթողիկոս, մարտիրոս, հյուպատոս եւ այլն, եւ այլն…

3) Բառեր, որոնք մտնում են մի ազգի լեզվի մեջ այնպիսի ցեղերից կամ ազգություններից, որոնք թեեւ ոչինչ ազգակցական, ցեղական կապեր չունեն հիշյալ ազգի հետ, բայց որոնց մուտքը լեզվի մեջ պայմանավորվում է այն պատմական հանգամանքով, որ երկու ոչ-ցեղակից ազգերը խառն են ապրել միեւնույն հողի վրա: Այդպես մտել են հայոց լեզվի մեջ անթիվ անհամար բառեր այնպիսի ցեղերից, լեզուներից, որոնք ոչինչ ազգակցություն չունեն հայերի հետ, այն է՝ արաբական, ասորական եւ ավելի ուշ թուրքական բառեր:

Դարեր անցան: Այժմ հայերս, ինչպես ասիական առաջադեմ քրիստոնյա ժողովուրդներից մեկը, կամա-ակամա գտնվում ենք ժամանակակից եվրոպական քաղաքակրթության ազդեցության տակ: Ի՞նչ զարմանալու բան կա, որ այժմ մեր նոր լեզուն էլ մշակվում է թե՛ իր ձեւերի եւ թե՛ օտար բառեր փոխ առնելու կողմից ժամանակակից եվրոպական լեզուների ազդեցության տակ: Պարզ է, որ նույն երեւույթը, որը տեղի է ունեցել հինգերորդ դարում, կրկնվում է եւ այժմ:

Ինչպես մեր հինգերորդ դարի ինտելիգենցիան, շփվելով հունաց քաղաքակրթության հետ եւ ուսում առնելով Աթենքում, փոխ էր առնում հունաց քաղաքակրթության գաղափարների հետ միասին եւ հույն լեզվի ձեւերն ու բառերը, այնպես էլ մեր ժամանակակից լեզվի  ղեկավարներն ու լեզվի մշակողները, սկսած Աբովյանից, Նազարյանցից ու Ռաֆայել Պատկանյանից, որոնք սովորել են Դորպատում, մինչեւ մեր այժմյան այն երիտասարդները, որոնք իրանց ուսումը ստացել են Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում՝ գտնվում են ընդհանուր եվրոպական ժամանակակից քաղաքակրթության ազդեցության տակ:

Ինչպես հինգերորդ դարի հայ ինտելիգենցիան փոխ էր առնում հունաց լեզվի դարձվածներն ու բառերը, այնպես էլ մեր այժմյան ինտելիգենցիան ակամա փոխ է առնում եւ մտցնում է հայոց լեզվի մեջ ընդհանուր եվրոպական լեզվական ձեւերն ու տեխնիկական ընդհանուր գործածելի բառերը:

Մեր հակառակորդները, որոնք իրանք շատ էլ ազնիվ չեն բանակռվի ժամանակ, աշխատում են ցույց տալ իրանց վրդովված եւ վիրավորված, երբ մենք նրանց վերաբերմամբ գործ ենք ածում խիստ, անխնա լեզու: Բայց ասացեք խնդրեմ ինչպես մարդը իրան զսպի բթամիտ չանվանել այնպիսիներին, որոնք շատ բնական են համա- րում, որ հայոց լեզուն լի է այնպիսի հարյուրավոր եւ հազարավոր օտար բառերով, ինչպես՝ այգ, ակոս, բաղդ, եկեղեցի, դրախտ, դուռ, քահանա, սաղմոս, հյուպատոս, նավ, կղեր, կաթողիկոս, քաղաք, պանդոկ, տոկոս, բազար եւ այլն, բայց անասելի, վայրենի աղաղակներ են սկսում արձակել, երբ մի հայոց պարբերության մեջ տեսնում են քաղաքակիրթ աշխարհում այնպիսի ընդհանուր գործածական բառեր, ինչպես՝ անատոմիա, դիպլոմատիա, մինիստր եւ այլն:

Երբ որ մի պարբերության մեջ քսան անգամ գործ ածես «հյուպատոս» կամ «տոկոս», դա ոչինչ, կարելի է, որովհետեւ մենք մոռացել ենք, թե դա հունարեն է, բայց երբ որ հունական հյուպատոսի տեղ գործ կածես լատիներեն ընդհանուր գործածելի «կոնսուլ» կամ հունարեն «տոկոսի» տեղ, լատիներեն «պրոցենտ», դա անկարելի է, դա սրբապղծություն է, դա վայրենություն է, դա լեզվի աղավաղություն է…

Եվ սրանցպեսները ուզում են ուրիշներին լոգիկա, տրամաբանություն սովորեցնել:

Նրանք այնքան տգետ են, որ չգիտեն թե օտար, անհրաժեշտ եւ անփոխարինելի, ընդհանուր գործածական բառերի մի լեզվի մեջ ընդունելը չէ աղավաղում լեզուն, բայց այն է աղավաղում լեզուն, երբ լեզվի մեջ մտցնում են այնպիսի պարբերությունների դասավորու-     թյուններ եւ դարձվածներ, որոնք մեղանչում են ընդհանուր մարդկային լեզվական եւ քերականական լոգիկայի դեմ:

Ինչ կուզեն ասեն այդ խավարամիտները, բայց մենք կկրկնենք Այտընյանի հետ.

«Այսպես հույն, լատին եւ հայ դասական լեզուները մեկտեղ ապրեցան եւ մեկտեղ մեռան, նոր աշխարհի առջեւ հոյակապ հնության մեյմեկ սքանչելի հիշատակարան թողլով իրենց ցանկալի մնացորդները: Բայց եթե այն արկածներուն անմիջապես հաջորդող դարերը նույնը բավական ժամանակ մեզմե ծածուկ պահած են, պատճառն է՝ որ իրենց ժամանակակից կենդանի լեզուները դեռ ինքնագլուխ գործելու չափ ուժ կամ հեղինակություն չունեին: Ասկե է այն երկարատեւ խաբեությունը ՝ որով կրցան արդեն մեռած լեզուները իրենք զիրենք դեռ կենդանի երեւցնել. վասն զի իրենց մահուանեն ետքն ալ դարերով ի գործածության էին մատենագիտության մեջ» (Երես 254 եւ 255):

Բայց այժմ հերիք է արդեն այդ խաբեությունը, մեր լեզուն արդեն կենդանի է, իսկ մեռածին չէ կարելի կենդանացնել: Մեռածի տեղ հանդես է եկել կենդանի լեզուն, իր ընդհանուր մարդկային լոգիկայով, իր ընդհանուր մարդկային շինվածքով եւ մասամբ ընդհանուր մարդկային բառերով:

Եթե ուզում եք ոչ թե նեղ, սահմանափակ, այլ ընդհանուր մարդկային մտավոր, քաղաքակրթական կյանքով ապրել, պետք է հաշտվեք այն մտքի հետ, որ եւ ձեր կենդանի աշխարհաբար ազգային լեզուն էլ մշակվի եվրոպական քաղաքակիրթ, առաջադեմ լեզուների զարգացման համեմատ:

«Մշակ», 1888, 71-73

75. «ՄՇԱԿԸ» ՎՆԱՍԱԿԱՐ Է

 

Այն օրից, երբ «Մշակը» սկսեց հրատարակվել, Ռուսաստանի հայոց ամբողջ մամուլը հետզհետե այն միտքն էր կրկնում, որ «Մշակը» վնասակար է: Ոչ մի օրգան մեզանում հակառակը չասեց, եւ դա շատ հասկանալի է, քանի որ «Մշակին» ժամանակակից ոչ մի օրգան չունեցանք, որ հոգով եւ սրտով չպատկաներ հետադեմ եւ խավարամիտ բանակին:

Ուրեմն ամբողջ հայոց մամուլի վճռով, սկսած 1872 թվից մինչեւ այժմ «Մշակը» վերին աստիճանի վնասակար օրգան հռչակվեց:

Այդ կողմից պետք է խոստովանվել, որ մեր հայոց ամբողջ մամուլը շատ հաջորդաբար է վարվել միշտ եւ շարունակում էլ է հաջորդաբար վարվել: Եվ ճշմարիտ, զարմանալի կլիներ, որ այն մամուլը, որը միշտ պաշտպանել է եւ պաշտպանում է ամեն տեսակ հետադիմություն, խավար, զեղծում եւ կամայականություն, հանկարծ ասեր, որ «Մշակը» օգտավետ է:

Այո՛, չէ կարելի անկեղծ կերպով չխոստովանվել, որ տասնեւվեց տարվա ընթացքում հայոց ամբողջ մամուլի բոլոր եղած եւ այժմ գոյություն ունեցող օրգանների ասածը, թե «Մշակը» վնասակար է, կատարելապես ուղիղ է:

«Մշակը» վնասակար է հետադեմ եւ խավարամիտ մամուլի համար եւ այդ մամուլի այն օրգանները ղեկավարող անձնավորությունների համար, որոնք խմբագրում են հրատարակություններ իրանց անձնական նպատակների համար, ուրեմն համեմատ րոպեական պահանջի՝ պետք է եւ փոփոխեն իրանց ուղղությունը, կարծիքները, սկզբունքներն ու համոզմունքները:

«Մշակը» վնասակար է այն բոլոր հայերի համար, որոնք լուսավորչական լինելով, հալածում են իրանց այլադավան ազգակիցներին:

«Մշակը» վնասակար է այն բոլոր հարստահարողների, վաշխառուների, խարդախ թղթախաղով հարստացածների, կեղծ թղթա-   դրամ շինողների համար, որոնք հարստանալուց հետո, իրանց կարողության փշրանքներ են շպրտում ազգին, որոնք ամեն տեսակ աններելի միջոցներով հարստանալուց հետո, ազգի բարերարներ են հանդիսանում:

«Մշակը» վնասակար է այն բարձրագույն, համալսարանական ուսում ստացածների համար, որոնք դիպլոմը գրպանում, իսկ ուսումնական տիտղոսը ճակատին, ուզում են մեզ ստիպել իրանց անձի     առջեւ երկրպագել, չնայելով որ իրանց մտավոր եւ բարոյական զարգացմամբ ստոր են վերջին ռամիկից:

«Մշակը» վնասակար է տգիտության, նախապաշարմունքի եւ սնոտիապաշտության համար, «Մշակը» վնասակար է հնացած մտքերի եւ հնացած վարդապետությունների համար:

«Մշակը» վնասակար է տգետ բժիշկների եւ դատարկախոս, ճշմարտությունը հեղաշրջող եւ ազատությունը խախտող իրավաբանների համար:

«Մշակը» վնասակար է զեղծումներ գործող, հաշիվ չտվող     երեսփոխանների համար:

«Մշակը» վնասակար է կաշառակեր, գող եւ հափշտակող մարդկանց համար:

«Մշակը» վնասակար է բռնավոր եւ իրանց զավակներին ճնշող ծնողների համար:

«Մշակը» վնասակար է իրանց մայրենի լեզուն արհամարհողների եւ ատողների համար:

«Մշակը» վնասակար է բոլոր անարժան հասարակաց պաշտոնյաների եւ անարժան գործիչների համար:

«Մշակը» վնասակար է առողջ միտքը մոլորեցնող, ճշմարտությունը հեղաշրջող եւ հասարակաց կարծիքը անբարոյականացնող հասարակաց գործիչների, հրապարակախոսների համար:

«Մշակը» վնասակար է անտարբեր, թույլ մարդկանց համար, վնասակար է իրանց անձնական շահերը հասարակաց շահերից բարձր դասող մարդկանց համար:

«Մշակը» վնասակար է հասարակաց գումարները կլանող անձնավորությունների համար, նա վնասակար է գյուղական ժողովուրդը կեղեքող վաշխառուների եւ չարչիների համար, ինչ ազգության եւ պատկանեին նրանք…

«Մշակը» վնասակար է այն մարդկանց համար, որոնք ընդդեմ են եկեղեցու վերանորոգության:

«Մշակը» վնասակար է հին լեզվի պաշտպանների եւ նոր հայոց աշխարհաբարի բազմակողմանի զարգացման հակառակորդների համար:

«Մշակը» վնասակար է այն մեր բոլոր ընկերությունների համար, որոնք ոչինչ չշինելով եւ անդորր քնի մեջ մնալով, շարունակում են կրել ընկերությունների լոկ անունը:

«Մշակը» վնասակար է այն դասակարգերի համար, որոնք աշխատելով կենտրոնացնել իրանց ձեռքում ամեն բան, զրկում են հայ ժողովրդին իր բոլոր իրավունքներից:

«Մշակը» վնասակար է այն բոլոր հնացած հայացքներին,      որոնք արգելք են դնում հայ կնոջը ազատ կերպով զարգանալու եւ իր ինքնուրույն անկախ աշխատանքով մարդավայել հասարակաց դիրք ստանալու:

«Մշակը» վնասակար է բոլոր սուտ ազգասերների, հոսոսների, կույր գործիք էֆենդիների, էժանագին բարերարների եւ ժողովրդի արյունը ծծող աղաների համար:

Վերջապես «Մշակը» վնասակար է բոլոր հին կարգերի, հին ուղղության երկրպագուների համար, վնասակար է նորություն, վերանորոգություն, ճշմարիտ նոր, թարմ եւ առաջադեմ ոգի ատողների համար…

Մեր խոսքը չերկարացնելու համար, վերջացնում ենք մեր     ասածները պարզ եւ անկեղծ խոստովանությամբ, որ մեր հակառակ մամուլի տարիներից ի վեր հայտնած կարծիքները «Մշակի» վերա- բերմամբ՝ շատ ճիշտ եւ ուղիղ են…

Այո, «Մշակը» իր գոյության ամբողջ ընթացքում միշտ վնասակար է եղել, վնասակար է եւ այժմ եւ կլինի էլ միշտ վնասակար, ինչքան ժամանակ էլ գոյություն կունենա:

«Մշակ», 1888, 133

76. ՄԻ ՄԵԾ ՌՈՒՍ ԳՐՈՂԻ ՄԱՀԸ

Ապրիլի 28-ին, ինչպես մեզ հաղորդեց հեռագիրը, Պետերբուրգում վախճանվեց Միքայել Եվգրաֆովիչ Սալտիկովը, որը հայտնի էր ռուս գրականության մեջ Շչեդրին կեղծ անունով:

Հանգուցյալը դեռեւս ծեր մարդ չէր: Նա ծնվեց Տվերի նահանգի Սպասկոյե գյուղում, հունվարի 15-ին 1826 թվին, ուրեմն մեռավ 63 տարեկան հասակում:

Կալվածատիրոջ որդի լինելով, նա սկսեց ուսում առնել իր հոր մի ճորտի ղեկավարությամբ: Ապա Մոսկվայի ազնվականների դպրոցում եւ Ցարսկոսելսկի լիցեյի մեջ իր ուսումն ավարտելով, 1840 թվին Շչեդրինն սկսեց արդեն ոտանավորներ գրել եւ տպագրել իր գրվածները “ըՌոսՌՏՑպՍՈ Պսÿ փՑպվՌÿ” եւ “հՏՉՐպՎպվվՌՍ” ամսագիրներում:

Բայց նա շուտով թողնում է ոտանավորներ գրելը եւ արդեն 1847 եւ 1848 թվերում հանդես է գալիս նոր ձեւի գրվածներով, այն է վիպական գրվածներով: Նրա լույս տեսած երկու վեպիկները՝ “կՐՏՑՌՉՏՐպփՌÿ” եւ “իՈտցՑՈվվՏպ ՊպսՏ”, անմիջապես իրանց վրա հասարակության եւ կառավարության ուշադրությունն են դարձնում: Այդ ժամանակ նրան փոխադրում են Վիատկա նահանգը, որտեղ նա մնում է պետական ծառայության մեջ 7 տարի:

Սակայն Շչեդրինի բուն տաղանդը իր կատարյալ ուժով սկսում է ոչ թե վիպական ձեւի գրվածների մեջ, այլ սատիրայի (երգիծաբանության) մեջ:

Արդեն 1856 թվից սկսած, երբ Շչեդրինը Վիատկայից կրկին վերադառնում է Պետերբուրգ, սկսում են երեւալ նրա երգիծաբանա-     կան գրվածները, որոնք եւ անմահացրին հանգուցյալի անունը ռուս գրականության մեջ: Երեսուն տարի շարունակ Շչեդրինն իր կծու, դիտող գրչով անընդհատաբար արթնացնում էր ռուսաց հասարակաց կարծիքը նրա սովորական թմրությունից, արձագանք էր տալիս բոլոր ընթացիկ հասարակաց խնդիրներին, իր թարմացնող, սթափեցուցիչ զորեղ ձայնը բարձրացնելով ընդհանուր հետադիմության, ռեակցիա-յի հոսանքում…

Այդքան զգայուն լինել դեպի հասարակաց բոլոր ընթացիկ,    առօրյա հարցերը, արձագանք տալ բոլոր այրող հարցերին, հավատարմությամբ պատկերացնել եւ արձանագրել ժամանակակից ռուսաց կյանքը նույն ուժով, նույն թարմությամբ եւ սրամտությամբ այդքան տարիների ընթացքում՝ միեւնույն ժամանակ միշտ թարմ մնալ, միշտ առաջադեմ գաղափարներ դավանել, երբեք չենթարկվել հուսահատության, հիասթափման, միշտ մաքառել հետադիմության, անշարժության, անտարբերության դեմ, երբեք վայր չգցել ձեռքից առաջադիմության դրոշակը, կարողացան վերջին ժամանակները միմիայն երկու հեղինակներ Ռուսաստանում, այն է Տուրգենեւ եւ Շչեդրին:

Շչեդրինի գրվածները, թեեւ երգիծաբանական ձեւ կրելով, կարող են ռուսաց ժամանակակից կյանքի ամենահավատարիմ նկարագիրը համարվել: Ռուսաց ժամանակակից կյանքի այդ տաղանդավոր երգիծաբան արձանագրողը միշտ ինքնուրույն էր, միշտ զգայուն դեպի իր հայրենիքի մեջ կատարվող ամեն երեւույթները, երբեք չէր հարմարվում կուսակցություններին, ժամանակակից ճնշող հոսանքին, եւ միշտ կենդանի բողոք էր ներկայացնում ժամանակակից ամեն տեսակ վատության դեմ:

Շչեդրինը շատ լավ հասկացավ, որ ճորտության ոգին անհնարին էր ոչնչացնել միմիայն օրենսդրական եւ վարչական գրավոր կարգադրություններով, որ այդ ոգին խոր արմատներ էր գցել ռուսաց կյանքի եւ ժողովրդական ոգու մեջ, ներգործելով հասարակության մեծամասնության աշխարհայեցողության վրա: Եվ նա սկսում է հալածել այդ ստրկական զգացմունքը, որը արմատացել էր ընտանիքի մեջ, հալածում է նրան ամբոխի մեջ, որը մնում է խորասուզված անտարբերության եւ անգիտակցական երկյուղի ազդեցության տակ, հալածում է նրան նորագույն հասարակական կազմակերպության մեջ, որտեղ այդ դարեւոր ստրկական ոգին ծնեցրել է նոր ձեւի ճորտություն՝ տնտեսական ճորտություն, հալածում է ճորտական ժամանակներից մնացած այդ անմխիթար եւ վնասակար ոգին՝ ծույլ, անտարբեր, անազնիվ եւ հեշտ միջոցներով փող աշխատելու ձգտում ունեցող հասարակության մեջ, հալածում է նրան զեմստվոյի մեջ, որը հնացած հաստատությունների շավղով է ընթանում, հալածում է նրան ազնվականության մեջ, պաշտոնյաների շրջանում, որոնք արտաքուստ կյանքի նոր ձեւերն ընդունելով, հոգով եւ սրտով շարունակում են դավանել հին գաղափարները…

Ռուս սատիրան, ռուս երգիծաբանական գրական ձեւը Շչեդրինից առաջ երբեք չէր հասած այն վեհ ընդարձակության, երբեք այդքան խոր կերպով չէր թափանցել, չէր մտել ժողովրդի բոլոր խավերը, որպես այդ կարողացել է անել երեսուն տարի շարունակ Շչեդրինի մերկացնող, անխնա մտրակող սատիրան:

Շատերը ռուս նշանավոր գրողներից մի հայտնի հասակում հոգնում են, դադարում են մաքառել, համոզվելով, որ անկարող եղան հաշտեցնել իրանց իդեալները իրականության հետ, եւ կամ իջնում են ասպարեզից դեռ կենդանության ժամանակ, կամ միստիկներ, պեսիմիստներ, սկեպտիկներ են դառնում… Բայց հանգուցյալ Շչեդրինը, ինչպես եւ հանգուցյալ Տուրգենեւը, մինչեւ մահվան րոպեն մնացին թարմ, իրանց իդեալներին հավատարիմ, մնացին գրականության մեջ առաջադիմական թարմ ոգու, երիտասարդական գաղափարների հավատարիմ դրոշակակիրներ:

Շատերը մեղադրում են Շչեդրինին նրա խիստ լեզվի պատճառով, անվանելով նրա ոճը հայհոյական եւ անվայել… Այդ հին երգը     թողնում ենք խավարամիտներին եւ բթամիտներին ազատորեն երգե-   լու… Շչեդրինը, ինչպես ամեն զգայուն գրող, չէր կարող ժամանակակից ապականությունը, ախտերը եւ բթամտությունը չդրոշմել իր գրվածներում իրանց պատշաճ անվանակոչություններով…

Վերջացնում ենք մեր խոսքը հիշատակելով այստեղ հանգուցյալի ամենանշանավոր գրվածների վերնագիրները: Նրա գրվածներից ամենանշանավորները հետեւյալներն են. “թցոպՐվրՍՌպ ՏփպՐՍՌ”, “կՏչՏվÿ ջՈ րփՈրՑՖպՎ”, “ծՈՔ չցոպՐվրՍՌռ ՊպվՖ”, “ՀՈջՉպրպսՏպ ՋՌՑՖպ”, “հՈՑՌՐօ Չ տՐՏջպ”, “ծպՉՌվվօպ ՐՈրրՍՈջօ”, “ծՏՉօռ վՈՐՓՌր”, “կՐՌջվՈՍՌ ՉՐպՎպվՌ”, “ԼրտՏՐփպվվօպ ՊպՑՌ”, “կՌրՖՎՈ Ռջ տՐՏՉՌվՓՌՌ”, “թՏրտՏՊՈ ՁՈՔՍպվՑՓօ”, “ԼրՑՏՐՌÿ ՏՊվՏչՏ չՏՐՏՊՈ”, “ԺվպՉվՌՍ տՐՏՉՌվՓՌՈսՈ”, “կՏՎտՈՊցՐօ и տՏՎտՈՊցՐՔՌ”, “ըսՈչՏվՈՎպՐպվվօպ ՐպփՌ”, “Թ րՐպՊպ ցՎպՐպվվՏրՑՌ Ռ ՈՍՍցՐՈՑվՏրՑՌ”, “ԾՏվՐպտՏ”, “ԿրՍցՊպվՌպ”, “ԽՐցչսօռ չՏՊ”, “կցրՖՎՈ Ս ՑպՑպվՖՍպ”, “իՈ ՐցոպՋՏՎ”, “թՏրտՏՊՈ թՏսՏՉսպՉօ”, “ծՈ ՊՏրցչպ”, “կՏՔպւՏվրՍՌպ ՐՈրրՍՈջօ” Ռ “կՏՔպւՏվրՍՈÿ րՈՑՌՐՈ”.

Այդ բոլոր գրվածների հրաշալի տիպերից շատերը դարձել են ռուս հասարակության մեջ կոչական անուններ

Շչեդրինը բացի սրանից պուբլիցիստ էր եւ մի ժամանակ “ԿՑպփպրՑՉպվվօպ ջՈտՌրՍՌ” ամսագրի խմբագիր էր: Հանգուցյալի երգիծաբանական գրվածներից շատերը թարգմանվել են եւ եվրոպական լեզուներով:

Շչեդրինի մահը մի անուղղելի հարված է ռուս գրականության համար… Գլորվեց իր անհասելի բարձրությունից մի գրականական հսկա…

«Մշակ», 1889, 49

77. ՀԱՅ ԿԻՆԸ

«Մշակի» հրատարակման առաջին տարին, 1872 թվին, խոսելով մեր հին սերնդի մասին, մենք ասում էինք մեր առաջնորդող հոդվածներից մեկում, որ հին սերունդը հա՛մ կրթություն է տալիս նոր սերնդին, հա՛մ էլ զարմանում, վրդովվում է, երբ գիմնազիայում, համալսարանում ուսում ավարտած որդին վերադառնալով իր ընտանիքը, դավանում էր հին սերնդի դավանած գաղափարներից բոլորովին տարբեր գաղափարներ: Հին սերունդը հա՛մ ուսում է տալիս իր զավակներին, հա՛մ էլ պահանջում է, որ ուսում ստացած որդին նույն գաղափարներն ունենար, ինչ որ ունեն իրանք, հին սերնդին պատկանողները: Հին սերունդը, ավելացնում էինք մենք, նման է այն մանուկին, որը գցում է մի գունդ, եւ հետո զարմանում, վրդովվում, լաց է լինում, որ գունդը գլորվում, հեռանում է իրանից, չկարողանալով հասկանալ, որ գնդի գլորվելու, հեռանալու գործողությունը՝ հետեւանք է նույն իսկ իրան, մանուկի ձեռքով գնդին տված զարկի…

Այս րոպեիս իսկ եւ իսկ նույն դիրքն է բռնում ամբողջ հայոց հասարակությունը հայ կնոջ վերաբերմամբ:

Երկուսից մեկը. կամ մենք պետք է շարունակենք հայ կնոջը   վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում են իրանց կանանց մեր երկրի մահմեդականները, որոնք փակում են կնոջը հարեմներում, ոչինչ ուսում, ոչինչ կրթություն չեն տալիս կանանց, պահպանում են նրանց այն դրության մեջ, որի մեջ նրանք գտնվում էին դարերից ի    վեր, կամ եթե ուսում, կրթություն ենք տալիս մեր իգական սեռին,     ուրեմն չպետք է էլ զարմանանք ու վրդովվենք, որ հայ կինը արթնանում, զարգանում է, եւ իր մտավոր ու բարոյական զարգացմամբ, իր ինքնաճանաչությամբ, իր գիտակցությամբ հետզհետե սկսում է փոքր առ փոքր մոտենալ կնոջ համամարդկային տիպին: Կրավորական, տգետ, կամքից զուրկ էակից նա հետզհետե դառնում է ինքնաճանաչ, իր իրավունքներն ու պարտավորությունները ճանաչող անձնավորություն, իրավազուրկ էակից նա հետզհետե դառնում է ինքն իրեն հարգող, ինքնասեր, իր մարդկային արժանավորությունը պաշտպանող, իր մարդկային իրավունքների համար բողոքող՝ ընտանիքի գիտակցական անդամ, հասարակության գիտակցական քաղաքացի…

Եվ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ վերջին երեսուն կամ քսան տարվա ընթացքում հայ կինը ահագին քայլեր է արել իր մտավոր եւ բարոյական զարգացման ասպարեզում, ահագին առաջադիմություն է արել՝ իրավազուրկ արարածի վիճակից ձգտելով դեպի իրավատեր քաղաքացու դրությունը:

Մենք գուցե մի օր կվերադառնանանք այդ հարցին, մի անցավոր հայացք գցելով այն վիճակի վրա, որի մեջ գտնվում էր հայ կինը երեսուն կամ քսան տարի սրանից առաջ, իսկ այժմ փորձենք կարճառոտ կերպով թվել թե ի՞նչ է կատարվել այդ վերջին երեսուն կամ քսան տարվա ընթացքում հայ կնոջ կրթության եւ նրա հասարակական զարգացման գործի օգտին:

Մենք մեր վերջին բանասիրականում ասացինք. «Քսան տարին փոքր ժամանակամիջոց չէ. քսան տարվա մեջ հայ կինը ենթարկվեց հազար ու մի արտաքին ներգործությունների, ընտանեկան կազմակերպության կերպարանափոխության, մարդկային ազատական      ոգու առաջադիմության, քաղաքակրթական ազատարար շունչին»:

Եվ ճշմարիտ, քսան տարվա ընթացքում շատ բան փոխվեց: Քսան տարի առաջ հիմնվեց Թիֆլիսում առաջին հայոց իգական    դպրոցը եւ ապա նույնանման դպրոցներ հիմնվեցան եւ գավառներում, հայ կինը դարձավ ուսուցչուհի, վարժուհի, դպրոցի տեսչուհի, սկսեց պարապել մանկավարժությամբ, ձեռագործ արհեստներով եւ դարձավ դասատու թե՛ ձեռագործ արհեստների եւ թե՛ այլեւայլ առարկաների, հայ կինը մտավ մանկաբարձական դպրոցը, որի ուսման ընթացքն ավարտելով ձեռք բերեց մի նոր եւ անկախ արհեստ, հայ աղջիկը ուղեւորվեց դեպի հեռավոր հյուսիսը, որտեղ հայ օրիորդներից շատերը մտան թե՛ մանկավարժական, թե՛ մանկաբարձական, թե՛ երաժշտական եւ թե՛ բժշկական բարձրագույն դպրոցները, եւ նրանցից մի քանիսներն արդեն վերադարձան իրանց հայրենիքը՝ մինը մանկավարժական, մյուսը երաժշտական բարձրագույն դպրոցի, երրորդը նույնիսկ բժշկապետի դիպլոմը ձեռքին: Հայ կինը սկսեց սովորել օտար լեզուներ եւ սկսեց ծանոթանալ ռուսաց եւ արեւմտյան Եվրոպայի գրականության հետ, սկսեց ըմբռնել այդ գրականության մեջ հայտնված գաղափարները: Դրանով չբավականանալով, հայ կինը, պատռելով նախապաշարմունքի քողը, գնաց Եվրոպա եւ այժմ եվրոպական այն մի քանի համալսարաններում, որտեղ ոսանողների թվում թույլատրված է ընդունել եւ կանանց, այդ համալսարաններից յուրաքանչյուրում՝ Ժնեւում, Ցյուրիխում, Լեյպցիգում կամ Պարիզում, դուք կգտնեք հայ օրիորդներից մի երկու, երեք հոգի, որոնք ուսանում են եվրոպացի ուսանողների հետ միասին՝ բնագիտություն, մանկավարժություն, բժշկականություն… Հայ կինը Թիֆլիսում էլ ու Անդրկովկասյան մյուս գավառական քաղաքներում, ոտնակոխ անելով դարեւոր նախապաշարմունքը՝ բացի ուսուցչություն անելուց եւ դպրոցներ կառավարելուց, սկսեց մասնակցել թատրոնական ներկայացումներին, գրական երեկոներին, կոնցերտներին, ուսուցչական ժողովներին եւ այլն: Դրանով չբավականանալով, հայ կանայք հիմնեցին իրանց սեփական       իգական բարեգործական ընկերությունը՝ հանձն առնելով կազմակերպված ընկերության եւ արհեստավորաց իգական դպրոցի օգնությամբ իրանց անօգնական եւ դեռեւս խավար քույրերի  շրջանում՝ նպաստել բարեգործության եւ կրթության գործի տարածմանը…

Վերջապես այս վերջին քսան տարվա ընթացքում հայ կինը     սկսեց փոքր առ փոքր գրել եւ մասնակցել հայոց գրականությանը, սկսեց աշխատակցել թե՛ հայոց մամուլին եւ թե՛ առանձին գրքույկներով հրատարակել կամ ինքնուրույն, կամ մեծ մասամբ թարգմանական գրվածները:

Այդ բոլոր պերճախոս իրողությունները տեսնելուց հետո, կարելի՞ է արդյոք զարմանալ թե հայ կինը՝ նախկին անխոս, ամեն բանի առջեւ խոնարհվող, ամեն բան տանող, ամեն բան համբերող կրավորական էակից, փոքր առ փոքր դարձել է իր պատիվը ճանաչող, իր     իրավունքների համար գիտակցաբար բողոքող, թե՛ ընտանիքում եւ թե՛ հասարակության մեջ իր պատիվը պաշտպանող, ինքնասեր, ինքնաճանաչ անձնավորություն:

Պարզ է, որ հայ կնոջ վիճակի մեջ քսան տարվա ժամանակամիջոցում այդ կատարված կերպարանափոխությունը նկատելու համար հարկավոր է դիտող, ուսունասիրող լինել, հարկավոր է միայն աչք եւ ականջ ունենալ… Եվ ահա նրանք, որոնք մեզանում դիտելու, ուսումնասիրելու եւ բացի սրանից գրելու, ստեղծագործելու շնորհ    ունեն, անկարող եղան հայ կնոջ այդ աչքի ընկնող կերպարանափոխությունը եւ նրանից ծագող հետեւանքները՝ հայ կնոջ բողոքը, նրա մաքառումը իր մարդկային թեկուզ ամենատարրական իրավունքների համար, նրա կռիվը իր ինքնասիրությունն ու պատիվը պաշտպանելու համար, չնկատել:

Նրանք, որոնք կարողացան նկատել վերջին քսան տարվա միջոցում հայ կնոջ անձնավորության մեջ կատարվող բարոյական հեղափոխությունը, իրենց պարտավորությունն էլ համարեցին փորձել գրական ստեղծագործությունների, րոմանի եւ դրամայի մեջ ներկա-    յացնելու մեզ հայ կնոջ նորագույն տիպը:

«Մշակ», 1890, 17

78. ՄԵՐ ՔՍԱՆԵՎՀԻՆԳ ՏԱՐՎԱ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 6-ին, կիրակի օրը, «Մշակի» խմբագրին Թիֆլիսի հասարակության կողմից տրվեց ճաշկերույթ Թիֆլիսի ամառային կլու- բում, որին պատվեցին իրանց ներկայությամբ տիկիններ եւ օրիորդներ, գավառներից եկած բազմաթիվ հյուրեր, այլեւայլ հաստատությունների եւ հասարակությունների ներկայացուցիչներ, նմանապես տեղական ռուսաց, վրաց եւ մի քանի հայոց պարբերական հրատարակությունների ներկայացուցիչները:

Արտահայտելով մեր խորին շնորհակալությունը հասարակու-թյան ընդունելության եւ հյուրասիրության համար, թող մեզ ներվի, որպես խոստովանք, բացատրել այն ուղղությունը, որին մենք միշտ հետեւել ենք մեր քսանեւհինգ տարվա գրական գործունեության        ընթացքում: Քսանեւհինգ տարի առաջ, երբ մենք սկսեցինք գրել ուրիշ հայոց լրագիրներում մեր հոդվածները, խոստովանում ենք, թույլ էին, անտաշ, անմշակ, բայց նրանց մեջ հայտնած մտքերը նույն մտքերն էին, որ մենք շարունակեցինք ավելի մշակված կերպով հայտնել հետեւյալ տարիներում:

Այն ուղղությունը, որին մենք հետեւել ենք, կարող է որոշվել երկու բառով. ձգտում դեպի անհատականության զգացումը (ՐՈջՉՌՑՌպ ՌվՊՌՉՌՊցՈսՖվՏրՑՌ):

Մարդու անհատական զարգացումը՝ նշանակում է կատարյալ եւ անարգել զարգացում նրա բոլոր բնական, ֆիզիկական, մտավոր եւ բարոյական ընդունակությունների, նրա բոլոր ձիրքերի, բոլոր հակումների, բոլոր մարդկային անձնական առանձնահատկությունների: Դրանով մարդ ավելի պիտանի է դառնում թե՛ իր անձին, թե՛ իր ընտանիքին, թե՛ համայնքին, թե՛ հասարակությանը, թե՛ ազգի պետությանը, որի մասն ենք կազմում, եւ թե՛ վերջապես ամբողջ մարդկությանը:

Պարզ է, որ երբ մարդկային հասարակության կեսը, արական սեռը միայն քաղաքակրթվում, զարգանում է անհատապես, իսկ մյուս կեսը՝ իգական սեռը, արհամարհվում, ընտանիքը, որը բաղկացած է  մարդուց եւ կնոջից, իր գոյության մեջ չէ կարող հասնել կատարյալ անհատական զարգացման: Երբ 1865 թվին սկսեցինք գրել մեր առաջին հոդվածները կանանց կրթության մասին, մեր երկրում դեռեւս չկային իգական դպրոցներ, բացի Թիֆլիսի օրիորդական ինստիտուտից, չկային ոչ իգական գիմնազիաներ, ոչ պրոգիմնազիաներ, ոչ էլ հայոց ծխական իգական դպրոցներ: Հայ կինը անուսում էր մնում: Երբ Պետերբուրգից տեղափոխվեցանք Ցյուրիխ, այնտեղի հանալսարանում գտանք երկու ռուս օրիորդների, որոնք ուսանողների հետ միասին   ուսանում էին: Նույնիսկ առաջադեմ շվեյցարուհիք սարսափով էին նայում այդ երկու համարձակ օրիորդների վրա եւ միայն մի երկու տարուց հետո մի շվեյցարուհի վստահացավ ուսանող գրվել համալսարանում: Այն ժամանակ մենք գրում էինք Թիֆլիսի հայ լրագիրներում կանանց բարձր կրթության անհրաժեշտության մասին: Բայց ո՞վ էր լսում… Որքա՜ն փոխվեցան այժմ ժամանակները. այսօր մենք ստանում ենք հեռագիրներ Ժնեւի եւ Բերնի համալսարաններում ուսանող հայ օրիորդներից:

Ապա անցնելով մասնավորից դեպի ընդհանուրը, ընտանիքի անհատական զարգացումը առաջ է բերում ե՛ւ համայնքի, ե՛ւ հասարակության անհատական զարգացումը, քանի որ համայնքը ընտանիքների գումարումն է, իսկ հասարակությունը՝ համայնքների գումա-   րումն է:

Ավելի էլ ընդարձակելով մեր միտքը, մենք հասնում ենք ազգի անհատական զարգացման գաղափարին: Ազգի անհատական զար- գացման զորավոր գործիչներից մեկը մենք միշտ մեր բոլոր գրվածներում համարել ենք մայրենի լեզուն, որը հատուկ լինելով մարդու բնական ընդունակություններին, ավելի էլ ընդունակ է դարձնում մեզ անհատապես կատարյալ կերպով զարգանալու, ուրեմն ավելի պիտանի է դարձնում մեզ թե՛ ընտանիքին, թե՛ հասարակությանը, թե՛ ազգին, թե՛ ամբողջ երկրին եւ թե՛ պետությանը: Մտածելով ամբողջ ազգի անհատական, բարոյական եւ մտավոր զարգացման մասին, անբնական կլիներ մասնակից չանել այդ ինքնազարգացման աշխատանքին ազգի  բոլոր անդամներին, ինչ դասակարգի կամ կրոնի եւ պատկանեին նրանք. ազգի անհատական բնավորությունը կարող է որոշվել այն ժամանակ, երբ ինքնակրթության գործում կմասնակցեն ազգի բոլոր մասերը, ոչ թե միայն այլեւայլ դասակարգերին եւ դավանություններին պատկանողները, բայց եւ նույն ազգին պատկանող տարաբնակ՝ պարսկաբնակ կամ թուրքաբնակ անդամները:

Ավելի հեռու գնալով եւ ավելի ընդարձակելով մեր միտքը՝ կհասնենք այն եզրակացությանը, որ պետք է ձգտել եւ մեր ամբողջ երկրի թե՛ բարոյական, թե՛ մտավոր եւ թե՛ տնտեսական անհատական զարգացմանը: Այդտեղ արդեն անհրաժեշտություն է զգացվում թե՛ բարոյական, թե՛ մտավոր եւ թե՛ տնտեսական համերաշխություն հաստատել նույն երկրում բնակվող այլեւայլ ցեղերի մեջ, որպեսզի երկիրը, որը ամբողջ պետության մի մասն է կազմում, ընդունի անհատապես զարգացած միավորի ամփոփ մի կերպարանք:

Պարզ է, որ այդ անհատական զարգացման գաղափարին ձգտելով, հրապարակագրողը չէ կարող անտես առնել, որ հասարակական հաստատություններն ու օրենքները, որոնք մեզ, կենդանի մարդկանց համար են ստեղծված, եւ ոչ թե մենք, կենդանի մարդիկս, նրանց համար գոյություն ունենք, պետք է իրանց գոյությամբ, իրանց կազմակերպությամբ նպաստեն մեր անհատական զարգացման       ապահովացնելուն: Եվ եթե նրանք այդ բավականաչափ չեն անում, բնական է պահանջել, որ նրանք անընդհատաբար վերանորոգվեն, հարմարվելով մեր պահանջներին, որպեսզի ավելի լավ ծառայեն մեզ, ավելի նպաստեն մեր անհատական զարգացման գործին, մեր երջանկությանը:

Այդպիսով, կամա-ակամա, խղճմտավոր հրապարակագրողի գործը, տարիների ընթացքում, լինում է հետեւյալը. մինչդեռ մի ձեռքով նա առաջ է տանում շինող ստեղծագործող գործը, մյուս ձեռքով նա ստիպված է առաջ տանել, ինչպես ուզում եք անվանեցեք՝ քանդող, քննադատող, անընդհատ վերանորոգություն պահանջող գործը:

Այդ մեր բոլոր ասածներից մենք եզրակացնում ենք, որ մենք իսկապես իրավունք էլ չենք համարում այսօր վեր կենալ եւ ասել. շնորհակալ ենք ձեր համակրության համար դեպի մեր գաղափարները. դա մեր կողմից կլիներ չափից դուրս մեծամտություն, չափից դուրս ինքնահավանություն, քանի որ մեր գրչով, տարիների ընթաց- քում այդքան թույլ կերպով արտահայտած գաղափարները՝ ոչ մեզ են պատկանում, ոչ էլ հասարակությանը, այլ պատկանում են ամբողջ մարդկությանը: Մենք իրավունք չենք համարում մեզ շնորհակալու-   թյուն հայտնելու հասարակությանը նրա համակրության համար դեպի այն գաղափարները, որոնք ոչ մերն են, ոչ նրանն են, այլ համամարդկային, մշտնջենական, հավիտենական մտքեր են:

Երբ մենք քսանեւհինգ տարի առաջ սկսեցինք գործել, մենք թեեւ անփորձ էինք դեռեւս, բայց կարողության չափ ծառայում էինք այն մտքերին, որոնց ծառայում ենք եւ այժմ: Բայց այն ժամանակ մենք    ավելի երիտասարդ, 20 տարեկան լինելով, ավելի ուժ, ավելի եռանդ ունեինք: Այժմ, իհարկե, այլեւս այն երիտասարդական վառ եռանդը չունենալով, գուցե եւ մեր ձեռքը թուլացել է, որը բռնել է այսքան տարի նույն դրոշակը: Բայց այսօր հասարակության համակրությունը եւ աջողությունը տեսնելով դեպի մեր պաշտպանած մտքերը, մենք համոզ- վում ենք, որ այլեւս մենակ չենք, այլ նոր եւ զորավոր աջակցություն ենք ստանում հասարակությունից, որի հետ միասին մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում եւ խոստանում ենք այսուհետեւ ավելի էլ ամուր կերպով բռնել եւ բարձր պահել այն դրոշակը, որի վրա արձանագրված է՝ մարդու, կնոջ, ընտանիքի, համայնքի, հասարակության, ազգի, ամբողջ երկրի անհատական զարգացումը, որպեսզի ավելի օգտավետ, ավելի պիտանի, ավելի արժանավոր անդամ դառնանք ամբողջ մարդկության:

«Մշակ», 1890, 52

79. ՍԽԱԼ ԿԱՐԾԻՔ

Մոսկվայում հրատարակվող “ԾՏրՍՏՉրՍ. ՉպՊ. լրագիրը նորերումս մի շատ տարօրինակ հոդված է տպել հայերի մասին: Երկար ու բարակ խոսել այդ սխալ եւ անմիտ հոդվածի մասին իսկապես չարժե, միայն այսքան կասենք, որ ռուս լրագրի «Չինգիզ-Խան» կեղծանուն գրողը մեղադրում է Անդրկովկասյան հայերին առանձնական (սեպարատիստ) ձգտումներ ունենալում եւ բացի սրանից հավատացնում է մեզ, որ հայերը ջանում են նույն ուղղությամբ ներգործել եւ վրացիների ու մահմեդականների վրա:

Թիֆլիսի “ծՏՉՏպ ՏոՏջՐպվՌպ” լրագրի աշխատակից պ. Նիկոլաձեն այդ լրագրի 17 փետրվարի համարում, շատ խելացի կերպով է պատասխանում Մոսկվայի լրագրի հոդվածագրին, շատ սրամիտ կերպով մատնացույց անելով եւ գրողի հայտնած մտքերի մեջ պատահող հակասությունների վրա: Եվ իրավ, որ Չինգիզ-Խանը մի կողմից մեղադրում է հայերին սեպարատիստական ձգտումներ ունենալում, իսկ մյուս կողմից ասում է, որ հայերն առհասարակ գործնական, հաշվող, ամեն բանում իրանց շահը որոնող ազգություն են: Եթե այդպես է, նկատում է շատ իրավացի կերպով “ծՏՉ. ՏոՏջՐ. լրագրի հոդվածագիրը, ուրեմն հայերը գործնական, հաշվող, իրանց շահը որոնող ազգություն լինելով, չեն էլ կարող սեպարատիստական միտումներ ունենալ, քանի որ այդ տեսակ միտումներն ամենեւին ձեռնտու եւ շահավետ չեն կարող լինել իրանց համար: Չմոռանանք, ավելացնում է պ. Նիկոլաձեն, որ Կովկասյան եւ Անդրկովկասյան երկրի այն մասերը, որոնք բնակեցրած են հայերով եւ վրացիներով՝ ամեեւին նվաճված չեն եղել Ռուսաստանի կողմից, այլ հայերն ու վրացիք իրանք կանչեցին դեպի իրանց երկիրը, զորեղ պաշտպանություն ունենալու համար մահմեդական տարրի դեմ: Եվ իրավ, Ռուսաստանը մեր երկիրը մուտք գործելու օրից, մեր երկրում իր տիրապետության ամբողջ ընթացքում կռիվ էր մղում միայն թուրք, պարսիկ եւ լեռնաբնակ տարրերի դեմ, եւ երբեք կռիվ չէ մղել այդ երկրի քրիստոնյա տարրերի դեմ, որոնք ռուս առաջին զինվորի երեւալու րոպեից արդեն հանդես եկան, եթե այսպես կարելի է ասել, որպես ռուսաց ուժի դաշնակիցներ: Ուրեմն հարկ էլ չկար նվաճել այն ժողովուրդներին, որոնք իրանք իրանց կամքով կանչեցին ռուսներին:

Տեղական քրիստոնյա տարրերի այդ համակրությունը, այդ հավատարմությունը դեպի ռուսները, նրանց դաշնակից լինելը ռուսների հետ՝ շարունակվեց եւ շարունակվում է Պետրոս Մեծի ժամանակներից սկսած մինչեւ մեր օրերը: Հայը եւ վրացին ընտելացել են նայել ռուսների վրա, որպես մի ուժի վրա, որի պատմական կոչումն է պաշտպան հանդիսանալու քրիստոնյա տարրի, ընդդեմ մահմեդական տիրապետության, եւ այդ պատճառով ոչինչ միջոցներով՝ ուժով թե համոզելով, դագանակով թե խոսքերով անհնարին է ոչնչացնել հայի եւ վրացու գլխում ամենախոր արմատներ գցած այն համոզմունքը, թե Ռուսաստանը չէ կարող չհամակրել քրիստոնյա տարրի ինքնուրույն զարգացմանն ու մահմեդական ազդեցությունից ազատվելուն:

Եվ այդ համոզմունքը, այդ հավատը դավանում է մեր երկրի  ամբողջ քրիստոնյա տարրը, հայ եւ վրացի գյուղացուց սկսած մինչեւ հայ հարուստ դրամատերը եւ վրացի ազնվականը:

Այդ համոզմունքը, որ Ռուսաստանի պատմական կոչումն է    քրիստոնյաներին օգնել, այնքան խոր արմատներ է գցել հայերի ու վրացիների մեջ, որ նույնիսկ այն ժամանակ, 70-ական թվականներում, երբ ռուսաց տարրը օգնության ձեռք էր մեկնում նեղն ընկած հերցեգովինցիներին եւ բոսնիացիներին, մեր երկրի հայերն ու վրացիք անասելի ուրախությամբ եւ հափշտակությամբ, թե՛ բարոյապես եւ թե՛ առատ դրամով՝ օգնում էին այդ քրիստոնյա ազգություններին, չնայելով, որ նրանք ոչ ցեղով ու լեզվով ազգակից չեն իրանց, ոչ էլ հարեւանություն ունեն իրանց հետ, այլ հեռու, շատ հեռու են գտնվում մեր երկրից, մեզանից շատերի, ավելի տգետների, մեր ամբոխի համար՝ ապրում են մի անհայտ աշխարհում… Բայց բավական է, որ նրանք քրիստոնյաներ էին, եւ Ռուսաստանը կամենում էր նրանց օգնել…

«Ի՞նչ իրավունքով», - ասում է “ծՏՉՏպ ՏոՏջՐպվՌպ” լրագրի հոդվածագիրը: Մոսկվայի լրագիրը կասկածում է հայերին, որ նրանք զուրկ են երախտագիտական զգացմունքից դեպի Ռուսաստանը, որ նրանք նույնիսկ ճիշտ հաշիվը եւ գործնական շահերը չըմբռնելով, չեն հասկանում Ռուսաստանի հետ համերաշխ լինելու օգուտը: Չէ՞ որ հայերը փոքրիկ երեխաներ չեն. նրանք հո չեն կարող մոռանալ իրանց հայրենիքի իրական օգուտը եւ նրա դիրքը Ռուսաստանի, Պարսկաս-տանի եւ Թուրքիայի մեջտեղ, եւ մի՞թե նրանք այնքան անմիտ ու անհեռատես են, որ Ռուսաստանի հետ ունեցած իրանց համերաշխությունից հրաժարվելով, նեցուկ կորոնեն մահմեդական աշխարհի մեջ, որը բնականապես թշնամի է իրանց:

Եվ քանի որ հայերի դիրքը երեք վերոհիշյալ պետությունների մեջ չէ փոխվել (եւ հազիվ թե կփոխվի), մինչեւ այդ ժամանակ, շարունակում է Թիֆլիսի ռուս լրագրի հոդվածագիրը, հայերը միշտ կձգտեն, ինչպես եւ միշտ ձգտել են դեպի Ռուսաստանը, թեկուզ Էրզրումի ավերակների վրա հաստատվեր էլ անկախ հայոց թագավորություն:

Վերջացնելով մեր հոդվածը, մենք “ծՏՉՏպ ՏոՏջՐպվՌպ”-ի հոդվածագրի հետ միասին, թույլ կտանք մեզ մի խորհուրդ տալ մայրաքաղաքի ռուս լրագիրներին՝ զգույշ լինել եւ չսերմանել երկպառա-       կություն միեւնույն երկրի այլեւայլ ցեղերի պատկանող քաղաքացիների մեջ, անազնվաբար չսերմանել տիրապետող տարրի սրտում անհիմն կասկածանքներ հպատակ ժողովուրդների հակումների եւ տրամա-    դրության վերաբերմամբ:

«Մշակ», 1891, 20

80. ՃՈՐՏԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Ուղիղ երեսուն տարի է անցել այն ժամանակից, փետրվարի 19-ից, 1861 թվի, երբ Ռուսաստանի մեծ վերանորոգիչը, Ալեքսանդր II հանգուցյալ կայսրը, իր հրատարակած հրովարտակով փշրեց ստրուկների շղթաները Ռուսաստանում եւ դարձրեց նրանց ազատ քաղաքացիներ:

Դարերի ընթացքում ռուս գյուղացիք կալվածատերերի կատարյալ սեփականություն էին համարվում. նրանք ոչ թե միայն ճորտեր, ստրուկներ էին, բայց եւ մի տեսակ իրեր, կամ անբան կենդանիներ, որոնց կարելի էր տավարի պես վաճառել:

Ճորտության ժամանակագրությունը Ռուսաստանում՝ սարսափելի է: Վայրենություն, բարբարոսություն, հանցանք չկա, որ գործած չլինեին ռուս ճորտատերերն իրանց ճորտերի վերաբերմամբ: Այդպիսով, ազգի կեսը, արտոնված, ճորտատեր մասը անսահման կերպով տիրում էր ազգի մյուս կեսի վրա, ստրկացած մասի վրա: Պարզ է, որ այդ տեսակ պայմաններում աներեւակայելի էր ազգի բարոյական, մտավոր եւ տնտեսական կանոնավոր առաջադիմությունն ու զարգացումը, աներեւակայելի էր պետական առողջ եւ քաղաքակրթական լայն կյանքը: Մինչդեռ ստրկատերերը հարստանում, մտավորապես զարգանում էին, ծանոթանում էին եվրոպական գիտության, նրա ժամանակակից կյանքի եւ մտքերի հետ, ազգի մյուս կեսը շարունակում էր կրել իր ստրկական, անտանելի, մարդկային արժանավորությունը ստորացնող, մարդուն գրաստի դրությանը հասցնող ծանր լուծը: Այդպիսով, ազգի մի կեսը զարգանում, լուսավորվում էր կեղծ, շինծու լուսավորությամբ, իսկ մյուս կեսը կատարելապես անդամալույծ եղած, մնում էր անշարժության, բթացրած, գրաստանման դրության մեջ: Ազգի կյանքի զարգանալը, հասակ առնելը կանգ էր առել, ինչպես կանգ է առնում օրգանիզմի զարգացումը, երբ նրա կեսը անդամալույծ է լինում:

Այդ կիսով չափ անդամալույծ եղած հասարակական եւ պետական օրգանիզմին 1861 թվի, փետրվարի 19-ի հրովարտակը հանկարծ կյանք ներշնչեց: Ստրկացած ամբոխը հանկարծ դարձավ ազատ, իր մարդկային եւ քաղաքացիական իրավունքների մեջ միանգամից հավասարվեց իր երեկվա բռնավորների հետ:

Սակայն հայտնի է, որ երկար դարերով ստրկացած, ստրկու-  թյան մեջ սնված ժողովուրդը չէ կարող հրաշքի պես միանգամից, մի   օրում, մի տարում, նույնիսկ երեսուն տարում՝ իր սովորություններով, իր բարք ու վարքով, իր գաղափարներով ու ձգտումներով դառնալ կատարյալ ազատ քաղաքացի: Հարկավոր են դարեր ազատ քաղաքացու պես իր մարդկային պարտավորություններն ու իրավունքները թե՛ ըմբռնելու եւ թե՛ արժանավորապես գործ դնելու համար:

Ճշմարիտ է, երեսուն տարվա կարճ ժամանակամիջոցում, հանգուցյալ կայսրի ազատարար կամքի շնորհիվ մի նոր կյանք ներշնչվեց ռուս ազգի մեջ, մի հզոր զարկ տրվեց ազգի մտավոր, բարոյական եւ պետական կյանքին, կարճ ժամանակում ծաղկեց գրականությունը, կյանք առան եւ բազմացան հասարակական օգտավետ հաստատությունները, հսկայական քայլեր արավ գիտությունը, զարգացավ ժողովրդի մեջ ինքնօգնության գաղափարը, սակայն պահանջել, որ դարերով ստրկացած ժողովուրդը երեսուն տարվա կարճ ժամանակում կատարելապես ազատվի այն զգացմունքից, այն սովորություններից, բարք ու վարքերից, այն գաղափարներից, որոնց մեջ սնված էր եւ որոնց մթնոլորտում դարերով էր ապրում՝ անհնարին է:

Քաղաքացիական կատարյալ արժանավորություններ պահանջել երեկվա ստրուկներից եւ երեկվա ստրկատերերից, չէ կարելի: Ռուս հասարակությունն այս րոպեիս դեռեւս բաղկացած է երեսուն տարի սրանից առաջ իրար թշնամի եղած երկու հզոր ուժերից, որոն-ցից մեկը նոր է կորցրել իր ստրկատիրոջ իրավունքը, իսկ մյուսը նոր է ձեռք բերել իր քաղաքացիական իրավունքները. օրենքը գահի բարձրությունից իր վճռական խոսքն ասել է, նա հավասարացրել է ազգի  երկու մասերը, սահմանափակելով մասերից մինի հակամարդկային իրավունքները, իսկ մյուսի առջեւ մարդավայել կյանքի համար լայն ասպարեզ բանալով, բայց, այնուամենայնիվ, օրենքի խոսքը չէ կարող դյութական զորությամբ երեսուն տարվա կարճ միջոցում բնաջինջ անել դարեւոր ավանդությամբ արմատացած գաղափարներն ու կյանքի եղանակը: Դրա համար հարկավոր է, որ անցնեն սերունդներ:

Ժամանակ է հարկավոր, որ հարթե, հավասարացնե հասարակաց անհարթություններն ու անհավասարությունները, որից եւ կծնվի ազգի ապագա բարօրությունը:

Իսկ ամբողջ ազգի այդ ապագա բարօրության հիմք դնողը եղել է այն մեծ կայսրի հզոր եւ մարդասեր կամքը, որի անունը ոչ թե միայն ռուսաց պատմության, այլեւ ընդհանուր մարդկային պատմության էջերի վրա կարձանագրվի ոսկյա տառերով, որպես համամարդկային ամենամեծ վերանորոգիչներից մինի անունը:

«Մշակ», 1891, 23