Հայկական միջնադարեան ժողովրդական երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒՆՋ

 

111. ՏԱՂ ՎԱՍՆ ԾԻԾԱՂԵԼՈՅ

Գայլն ու արջն ու աղուեսուկն են բարըշեր,

Հօրեղբայր ու քուերորդիք էին եղեր,

Զաղուեսուկըն միակեց էին օրհներ.

Սո՜ւտ միակեց, սո՜ւտ աղօթարար, սո՜ւտ:

 

Աղուեսուկն փողոցն իջեր, չուլ մ՚ էր ճարեր,

Զայն ծակեր, վիզն անցուցեր, գաւզան առեր,

Երկաթէ քարքաշ հագեր, զքարն էր ծակեր.

Սո՜ւտ միակեց, սո՜ւտ աղօթարար, սո՜ւտ:

 

Աղուեսն` զգայլն յարջուն ի քով էր ուղարկեր,

Թէ. Վասն քո զայս ճգնութիւնս յանձս եմ առեր,

Դու` ինձ բաժին չե՛ս ուղարկեր, կոճս է տեռեր,

Կո՛ճս է տեռեր, ծունկս է տեռեր, ծունկս:

 

Առաւօտուն, երբ լուսացեր, յորս են ելեր,

Մին մաքի եւ մին թօխլի եւ գառ մ՚ են ճարեր,

Հոգեւոր բաժանարար զգայլն են դրեր.

Ծո՜ւռ դատաւոր, ծո՜ւռ բաժանարար, ծո՜ւռ:

 

Գայլն` զգառն արջուն բաժին էր նա հաներ,

Զթօխլին` խեղճ միակեցին ապըսպրեր.

Մաքին` ի՛նձ, ասէ, ես շատ ժուռ եմ եկեր:

Ծո՜ւռ դատաւոր, ծո՜ւռ բաժանարար, ծո՜ւռ:

 

Արջն զչանչուլն էր վերուցեր, գայլուն զարկեր,

Հանց զարկեր, որ երկու աչքն ի դուրս վազեր.

Մեծ եմ ե՛ս ի ձեր միջիդ, զգա՞ռն էր տուեր:

Ծո՜ւռ դատաւոր, ծո՜ւռ բաժանարար, ծո՜ւռ:

 

Աղուեսուկն, որ զայն տեսեր` խի՛ստ վախեցեր,

Զպանիրն յակնատ տեսեր ՚ւ արջուն ասեր.

Գեղեցիկ մեծ հօրեղբայր, վանք մ՚ եմ շիներ,

Տեղն է վանի՜ց տեղ ՚ւ աղօթելո՜ւ տեղ:

 

Արջն զչանչուլն էր տարեր, զպանիրն առեր,

Ականատն վիզն էր անկեր, յիրար եկեր.

Աղուեսո՛ւկ, եղբօրորդի, յէ՞ր չես օգներ,

Տեղս չէ՛ վանից տեղ ՚ւ աղօթելու տեղ:

 

Աղուեսուկն, որ զայն տեսեր` ուրախացեր,

Արջուն պաշտօն էր արարեր, հոգուն կանգներ.

Գայլուն խեղճն, որ դուն արիր, զքեզ է բռներ.

Տեղն է վանի՜ց տեղ ՚ւ աղօթելո՜ւ տեղ:

 

Դատաստա՜ն, ամ ես խիստ քե՛զ եմ հաւաներ,

Ով այլոց վատ կամեցեր` շուտ է կորեր,

Որպէս արջն ի յականա՛տն է չորացեր.

Տեղն է վանի՜ց տեղ ՚ւ աղօթելո՜ւ տեղ:

 

112. [ՏԱՂ ԾԻԾԱՂԱԿԱՆ` Ի ՎԵՐԱՅ ԱՐՋԻՆ, ԳԱՅԼԻՆ ԵՒ ԱՂՈՒԵՍԻՆ]

Արջն ու գայլն ու աղուեսուկնն են բարըշեր,

Հօրեղպայր եւ քըւերորդիք էին դարձել,

Զաղուեսուկն միակեց էին օրհնել.

Սո՜ւտ միակէց, սո՜ւտ աղօթարար, սո՜ւտ:

 

Աղուեսուկն փողոցն իջեր, ջուլ մի ճարեր,

Զայն ծակել, վիզն անցուցեր, գաւազան առեր,

Զքարքաշանն ի հետ առեր, քարն էր մտեր.

Սո՜ւտ միակէց, սո՜ւտ աղօթարար, սո՜ւտ:

 

Աղուեսուկն` գալուն` յառջուն խնդիր ղրկեր,

Թէ. Զճգնութիւնս վասն ձեզ համար յանձս եմ առեր,

Դուք ինձի որս ու բաժին չէք ուղարկեր.

Կո՜ճս է տեռել, կո՜ճս, ծո՜ւնկս է մաշել, ծո՜ւնկս:

 

Վաղվնէն, որ լուսացաւ, որս են ելեր,

Մին թօխլի, մին մաքի, գառ մ՚ են ճարեր.

Հոգէոր բաժանարար զգայլն են դրեր.

Ծո՜ւռ դատաւոր, ծո՜ւռ բաժանարար, ծո՜ւռ:

 

Գայլ` զգառն յառջուն բաժին էր նա հաներ,

Եւ զթօխլին խեղճ միակէցուն էր դրեր,

Եւ մաքին իւրնն բաժին էր նա հանել.

Շա՜տ եմ վազել, շա՜տ, հետեւ որսուն, շա՜տ:

 

Առջն զչանչն էր քաշել, գայլուն զարկեր,

Հանց զարկեր, որ երկու աչն ի դուրս վազել.

Մեծն եմ ե՛ս ի ձեր միջին, զգա՞ռն էք տըւել,

Շա՜տ եմ վազել, շա՜տ, հետեւ որսուն, շա՜տ:

 

Աղուեսուկն, երբ զայն տեսել, խիստ վախեցել,

Զպանիրն ի յականատն տեսել, յառջուն ասել.

Հօրեխպա՛յր, ես` քեզ ծառա, վանք մ՚ եմ տեսել.

Տեղն է վանի՜ց տեղն, աղօթելո՜ւ տեղ:

 

Առջն զչանչիլն էր տարածել, զպանիրն առել,

Եւ ականաթն ի վիզ անկել իւր ստածեր.

Ա՛ռջ եղբայր, դուն դժվար տեղ ես կպել.

Տեղն է վանա՜նց տեղ, աղօթելո՜ւ տեղ:

 

Այդ քեզ վանք, որ աղօթի միտքդ ես դրել,

Շատոց արիւն մենք ենք հեղել, պարտ է քաշել.

Ժամանակ շատ է անցել, չենք աղօթել.

Տեղն` վանա՜նց տեղն, աղօթելո՜ւ տեղն:

 

Աղուեսուկն զձեռն ի յերկինքն էր տարածել,

Վասն առջոն հոգոց համար պաշտում արեր.

Գայլու խիղճն, որ դուն արեր, քե՛զ է բռներ,

Խե՜ղճն է բռներ զքեզ, խե՜ղճն` գայլուն` զքեզ:

 

113. [ՏԱՂ ԾԻԾԱՂԱԿԱՆ` Ի ՎԵՐԱՅ ԱՐՋԻՆ, ԳԱՅԼԻՆ ԵՒ ԱՂՈՒԵՍԻՆ]

Արջն ու գայլն ու աղւեսուկն են բարիշեր,

Հօրեղբայր եւ քուերորդիք էին դարձեր,

Զաղւեսուկն միակեց էին օրհնել.

Սո՜ւտ միակեց, սո՜ւտ. ծո՜յլ միակեց, ծո՜յլ:

 

Աղւեսուկն զգաւզան առեր, գեղն էր գնացել,

Աղւեսուկն ջուլ մ՚ այլ ճարել, վրէն քաշել,

Աղւեսուկն քարն էր մտեր, աղօթք արել,

Ծո՜ւնկն էր տեռեր. սո՜ւտ միակեց, սո՜ւտ:

 

Վաղւընէն, երբ լուսացել` յորս են ելեր,

Մին մաքի եւ մին թօխլի, գառ մ՚ ին ճարել.

Հոգեւոր բաժանարար` զգայլն են դրել.

Ծո՜ւռ դատաւոր, ծո՜ւռ բաժանարար, ծո՜ւռ:

 

Գայլն` զգառն առջին բաժին էր նայ հաներ,

Զմաքին` իւրեանց բաժին. շատ էր վազեր,

Ըզթօխլին միակեցին էին տուել.

Ծո՜ւռ միակեցին, ծո՜ւռ բաժանարար, ծո՜ւռ:

 

Առջն ասաց, թէ. Մեծն ե՛ս եմ ի ձեր միջիդ`

Գա՞ռ մ՚ եք տուեր եք. հա՛ւ հետ եք բերել, ի՞նչ եք արել:

Աղւեսն ասաց. Գա՛յլն է առել, քեզ չէ՞ տուել:

Ծո՜ւռ միակեց, ծո՜ւռ բաժանարար, ծո՜ւռ:

 

Առջն զբազուկն ի վեր քաշեց,

Գայլու գլխուն վերայ զարկեց.

Զերկու աչքն ի յերեսէն ի վայր կախեց.

Ծո՜ւռ միակեց, ծո՜ւռ բաժանարար, ծո՜ւռ:

 

Աղւեսուկն զայն էր տեսեր, խիստ վախեցել,

Գեղն էր գնացեր, ականատ մի լարած տեսել,

Դարձեալ եկել, խաբար բերել, առջուն ասել.

Տեղ մ՚ եմ տեսել, տեղն է վանի՜ց տեղ, աղօթելո՜յ տեղ:

 

Հօրեղբա՛յր, տեղ մ՚ եմ տեսել վանք շինելոյ,

Շատ ժամարարք եւ սպասաւորք ժողովելոյ,

Եւ վարդապետք` աշակերտօք` դաս ասելոյ.

Տեղն է վանի՜ց տեղ, աղօթելո՜յ տեղ:

 

Աղւեսուկն զառջն էր առեր, գեղն էր գնացեր,

Առջն ըզցանած պանիր տեսել, խիստ խնդացեր,

Զձեռն էր տարեր, զպանիրն առեր, ուրախացեր.

Տեղն է վանի՜ց տեղ, աղօթելո՜յ տեղ:

 

Պահ մի կացեր, առչն էր անցեր, զոտքն էր մեկներ,

Ակնատն ի վիզն նա էլ ընգեր, յիրար ածեր,

Յետ եր վազեր, շատ էր շարժել, չէ՛ր ազատել.

Տեղն է վանի՜ց տեղ, աղօթելո՜յ տեղ:

 

Աղւեսն ելեր, զայն մեծ առջի պաշտօն արեր,

Զերկու ձեռքն ի վեր` յերկինքն տարածեր.

Շա՜տ մի արիւնք ենք մեք արեր,

Պա՛րտ է քաւելոյ,

Ջուապի՛ տալոյ:

 

114. ՏԱՂ ՎԱՍՆ ԱԳՌԱՒԻ

Մեր մեղքն է արեր զագռաւն բազայ,

Զկտուցն է սրեր պողպատ ու նոքտայ,

Ի բարձր է թռեր, կու կանչէ. Ղա՜յ, ղա՜յ, ղա՜յ,

Որտեղ որ հաւ կայ:

 

Որտեղ գոյնզգոյն հաւու փետուր կայ`

Ագռաւն է ժողւեր ու հագեր կապայ,

Թեւերն է շարեր, կու կանչէ. Ղա՜յ, ղա՜յ, ղա՜յ,

Որտեղ որ հաւ կայ:

 

Ագռաւն է հագեր աթլաս ու քիմխայ,

Ի մէջքն է կապեր ոսկի հայասայ,

Վերան է քաշեր կանաչ ղատիֆայ,

Ի բարձր է թռեր, կու կանչէ. Ղա՜յ, ղա՜յ, ղա՜յ.

 

Ագռաւն է արեր զանձեղն փարւանայ,

Ի բարձր է թռեր, կու կանչէ. Ղա՜յ, ղա՜յ, ղա՜յ.

Թէ. Ե՛ս եմ ձեզ պարոն ու ծանր ամիրայ:

Ի բարձր է թռեր, կու կանչէ. Ղա՜յ, ղա՜յ, ղա՜յ:

 

Արծիւն զայն լսեց, անկաւ ի ղուսայ,

Ի յօդիցն ի վայր քան զչարխի նետ գայ,

Գայ, բռնէ զագռաւն ու կու տայ ճազայ.

Վա՜յ, վա՜յ, վա՜յ ագռաւուն վերայ:

 

Ագռաւն է հպարտ մարդ, որ ի մէճլիս գայ,

Թէպէտ եւ լինի նա ծանր ամիրայ,

Տան վերայ գլխուն, որ լա՜յ, լա՜յ, լա՜յ,

Փոշիման երթայ ու վայ անձին տայ:

 

115. [ՏԱՂ ՎԱՍՆ ԱԳՌԱՒԻ]

Մեր մեղքն է էրել ակռաւնըն բազայ,

Կտուցն է սրել զինչ պողպատ նուղտայ,

Բարձրանայ, թռչի, կու կանչէ. Ղա՜յ, ղա՜յ,

Ահա ղա՜յ ու ղա՜յ, որտեղ որ հաւք կայ:

 

Որտեղ գոյնզգոյն հաւու թէպուր կայ`

Ակռաւն է ժողվել ու հաքել կապայ,

Ի թեւն է կապել, կու կանչէ. Ղա՜յ, ղա՜յ,

Ահա ղա՜յ ու ղա՜յ, որտեղ որ հաւք կայ:

 

Ակռաւն է հաքել աթլաս ու քիմխայ,

Ի մէջքն է կապել ոսկի հայասայ,

Ի վրէն առել կանանչ ղատիֆայ,

Բարձրանայ, թռչի, կու կանչէ. Ղա՜յ, ղա՜յ:

 

Ակռաւն է ղրկեր անձեղ թառանայ

Ի մօտ ի արծիւն եւ ի մօտ բազայ.

Ե՛ս եմ ձեր պարոն եւ ծանդր ամիրայ:

Բարձրանայ, թռչի, կու կանչէ. Ղա՜յ, ղա՜յ:

 

Արծիւն զայն լսեց ու արար ղուսայ,

Ի յօթիցն ի վայր քանց չարխի նետ գայ,

Գայ, բռնէ զակռաւն ու կուտայ ջազայ.

Ահա վա՜յ, հազար վա՜յ ակռաւին վերայ:

 

գու գայր,

Յերկնից սլանայր արծիւն ու գու գայր,

Էտ ամէն հաւունք, խոնարհիք հաւսար:

 

Հանց թռչի ակռաւն բազայի նման,

Ժուռ գու գայ աշխարհս, յերկիրս ամենայն.

Երբ գիշեր լինիր` մորին կու կենայր,

Ամէն առաւօտ` դռվին շուռ գու գայր:

 

116. ՏԱՂ ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ Ի ՎԵՐԱՅ ԱՂՈՒԵՍԻՆ

Աղուեսն կու գայր ի լեռնէն ի վայր

Եւ գայր, իջնուր երդիքն ի վայր,

Ինձ մեծ—մեծ հաւ պիտի ու գեր:

Սիրո՜ւն աղուես, ագին` ծաղիկ:

 

Աղուես նստեր քարին անխօս.

Ուսայ, եղայ մարմնովս պիրոս.

Ինձ կու պիտի կարմիր խորօս:

Սիրո՜ւն աղւես, ագին` ծաղիկ:

 

Աղուեսն հագեր լուրջ ու դեղին,

Ի շուրջ կու գայ բոլոր գեղին,

Աչք է դրեր մամկայ եղին.

Սիրո՜ւն աղւես, ագին` ծաղիկ:

 

Աղուես նստեր վերայ դեզին,

Զագին կըռեր վերայ վըզին,

Աչք է դրեր մամկայ ընկզին.

Սիրո՜ւն աղուես, ագին` ծաղիկ:

 

Աղուեսն հագեր քուրքով մուշտակ.

Ուսայ, եղայ մարմնով հրեշտակ,

Ինձ կու պիտի ժամու շուշտակ:

Սիրո՜ւն աղուես, ագին` ծաղիկ:

 

Աղուեսն ասաց վարդապատին.

Զքեզ տի հանեմ վերայ փայտին,

Անցուցանեմ այն դին գետին:

Սիրո՜ւն աղուես, ագին` ծաղիկ:

 

Ով աղուեսուկ, փոքրիկ գազան,

Ոտերըն կարճ ու խիստ վազան,

Շըներն ամէն քեզ չի հասան,

Սիրո՜ւն աղուես, ագին` ծաղիկ:

 

117. ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԿՆԻ ԵՒ ԵՐԿՐԻ

Երկինքն ու գետինքն եղբարք,

Աճափ ո՞ր քան զո՞րն աւելի.

Զերկնից բարձրութիւնն ասեմ,

Նայ գետնին պտուղն աւելի:

 

Երկինքն գետնին ասաց.

Բա՛ն ունիմ քան զքեզ աւելի.

Զպայծառագուն աստղունքն`

Ամէնն ի՛մ կողէն կու լինի:

 

Գետինն երկնուցն ասաց.

Աստուծոյ մուննաթն աւելի,

Վեցհազարագուն ծաղկունքն`

Ամէնն ի՛մ կողէն կու լինին:

 

Երկինքն գետնին ասաց.

Բա՛ն ունիմ քան զքեզ աւելի.

Իմ ցօղն ի քենէ կտրեմ,

Քո ծաղկունքն որո՞վ զարդարի:

 

Գետինն երկնուցն ասաց.

Աստուծոյ մուննաթն աւելի.

Դու ցօղն ի ծովէն կառնուս,

Ծովուն ակն յիսնէ՛ կու լինի.

Զիմ ակն որ ի յիս քաշեմ,

Նայ քո ցօղն ուստի՞ց կու լինի:

 

Երկինքն գետնին ասաց.

Բա՛ն ունիմ քան զքեզ աւելի.

Պարզիմ, բարկ արեւ դիպիմ,

Քո ծաղկունքն ամէնն խըշըրի:

 

Գետինն երկնուցն ասաց.

Աստուծոյ մուննաթն աւելի.

Ջուրն ի յանդնդոց հանեմ,

Որ ծաղկունքս ամէն զարդարի:

 

Երկինքն գետնին ասաց.

Բա՛ն ունիմ քան զքեզ աւելի.

Կայծակ ու կարկուտ անեմ,

Քո ծաղկունքն ամէնն խափանի:

 

Գետինն երկնուցն ասաց.

Աստուծոյ մուննաթն աւելի.

Անչափ ձոր ՚ւ առու ունիմ,

Քո կարկուտն ի մէջն լցուի:

 

Կարկուտն հեղեղ կապի,

Ի ծովերդ ի վայր վտարի,

Դառնամ ա՛մպ կրկին կու տամ,

Որ ծաղկունքն ամէն քամալի:

 

Երկինքն գետնին ասաց.

Բան ունիմ քան զքեզ աւելի.

Ուր աղէկ կտրիճ մ՚ որ կայ,

Գայ, ի քո ներքեւ զնտանի:

 

Գետինն երկնուցն ասաց.

Աստուծոյ մուննաթն աւելի.

Աստուած իր տուած հոգին

Թէ կառնէ, նայ ի՞նչ տի լինի.

 

Թէ մարմինն ի յիս չառնեմ`

Նայ աշխարհ հոտուն անցանի,

Հրեշտակք ի հոտուն փախչին,

Երկինքն ու գետինք տատանի:

 

Երկինքն գետնին ասաց.

Բան ունիմ քան զքեզ աւելի.

Ինն դաս հրեշտակքն որ կան`

Ամէնն իմ կողէն կու լինի:

 

Գետինն երկնուցն ասաց.

Աստուծոյ մուննաթն աւելի.

Սուրբ առաքեալք, մարգարէք`

Ամէնն իմ կողէն կու լինի:

 

Երկինքն գետնին ասաց.

Բա՛ն ունիմ քան զքեզ աւելի.

Եօթն տակ երկինքն եմ ես,

Որ արեւ, լուսին կու լինի.

 

Արեւ ու լուսին ՚ւ աստղունք`

Ամէնն ի՛մ կողէն կու լինի.

Ստեղծօղ արարիչն Աստուած

Աթոռով վրաս կու բազմի:

 

Գետինն երկնուցն ասաց.

Աստուծոյ մուննաթն աւելի.

Եօթն տակ երկինքն ասեմ,

Ան ամէնն ի վա՛յր տի թափի.

 

Արեւ ու լուսին ՚ւ աստղունքն,

Որ երթան ի հետ խաւարի,

Եւ քո արարիչն Աստուած

Աթոռով յաշխարհս տի իջնի.

Դատաստան գետի՛ն տի լինի:

 

Ապա ցածացաւ երկինքն

Ու գլուխ եդիր ի գետնի.

Բան մ՚ երկու գանգատ արի,

Զան ի քո սիրտն մի՛ տանիր.

 

Դու հիմն ես եկեղեցւոյ,

Գերեզման սուրբ վարդապետի.

Դու խունկ ես բուրվառ ի լի,

Օրէնք քո վերայ հաստատի:

 

Մանկո՛ւնք, դուք աճափ արէք,

Այդ աճափդ է զարմանալի:

Դուք այլ ցածացէ՛ք, մանկտի՛ք,

Ու գլուխ դրէք ի գետնի.

Քան զերկինքն ի՞նչ բարձր կայ,

Որ գլուխ եդիր ի գետնի,

Այսօր վրան կու քայլենք,

Վաղն մտնունք ներքեւ գետնի:

 

118. ՏԱՂ ԵՒ ՊԱՐԾԱՆՔ ԵՐԿՆԻՑ ԵՒ ԳԵՏՆԻՑ

Երկինք եւ գետինք եղբարք,

Տեսնունք, թէ ո՞րն է աւելի.

Յերկնից աստղերն շատ է,

Եւ գետնի պըտուղն աւելի:

 

Երկինքն ընդ գետինն ասաց.

Ես քեզի համալ մի արի.

Որտեղ կըտրիճ մարդ մեռնի,

Գայ ի քոյ ներքեւդ արգիլի:

 

Գետինն ընդ երկինքն ասաց.

Այդ բանիդ միննէթ մի չունիմ,

Հոգին ալվի դու կառնուս,

Մարմինն ես չառնում` կու հօտի:

 

Երկինքն ընդ գետինն ասաց.

Ես քեզի համալ մի արի.

Տարի մի անձրեւ չի տամ`

Քոյ կանանչն ամէն չորանայ:

 

Գետինն ընդ երկինքն ասաց.

Այդ բանիդ մուննէթ մի չունիմ.

Ծովն այլ սըրտէս կու բըխայ,

Գետ, զաղբիւր` ի մէջ լեռներուս:

 

Երկինքն ընդ գետինն ասաց.

Ես աթոռ եմ աստուածութեան,

Հրեշտակք եւ հրեշտակապետք,

Սէրօբէք եւ ընդ Քերօբէք:

 

Գետինն ընդ երկինքն ասաց.

Իմ Տէրն ինձ խոնարհեցաւ,

Ես նորա կարօտ էի,

Եկաւ իմ սիրտս թաղեցաւ:

 

Գետինն ընդ երկինքն ասաց.

Մեղա՜յ քեզ, եղբա՛յր իմ, մեղա՜յ,

Ես քեզ խօրաթայ արի,

Դու ես մեծ քան զիս գովելի:

 

119. ՏԱՂ Ի ՅԱՇԸՂ ՏԱԼԻՊ Է ԱՍԱՑԵԱԼ ԶԵՐԿՆՈՒՑ ՈՒ ԳԵՏՆՈՒՑ ԳՈՎԱՍԱՆՔ

Երկինք ու գետինք եղբարք են,

Մէկն քան զմէկն բան ունէ աւելի.

Թէ զերկնից բարձրութիւնն ասեմ,

Նա գետնի տընկերն աւելի.

Թէ զերկնից աստղունքն ասեմ,

Նա գետնի ծաղկունքն աւելի.

Թէ զինն դաս հրեշտակքն ասեմ,

Նա գետնի սուրբերն աւելի:

Թէ դառնամ զերկինք գովամ,

Նա գետնի խաթըր կու մնայ.

Թէ դառնամ գետինն գովամ,

Ստեղծողի խաթըր չի մնար:

 

Երկինք գետնին ասաց.

Բա՛ն ունեմ քանց քեզ աւելի.

Զիմ ցօղըն, որ յիսնէ կտրեմ,

Քո ծաղկունքն որպէ՞ս կու լինի:

 

Գետին երկնուցն ասաց.

Ստեղծողի մուննաթն աւելի.

Քո ամպերտ, որ իմ ծոցս ջուր կու խմէ,

Զիմ ակն, որ յիս քաշեմ,

Քո անձրեւն ուստի՞ կու լինի:

 

Երկինք գետնին ի ասաց.

Բա՛ն ունեմ քանց քեզ աւելի.

Հանեմ, բարկ արեւ ծագեմ,

Քո ծաղկունքն ամէն հըրշըվի:

 

Գետինն երկնուցն ասաց.

Ստեղծողի մունաթն աւելի.

Յանդնդոց աղբիւր հանեմ,

Իմ ծաղկունքն ամէն կջըրվի:

 

Երկինք գետնին ասաց.

Բա՛ն ունեմ քանց քեզ աւելի.

Ամպեմ ու կարկուտ թափեմ,

Քո ծաղկունքդ ամէն վայր թափի.

Որոտամ, կայծակ թափեմ,

Քո ծաղկունքըն ամէն հըրշըվի.

Գոռամ, վեր քեզի ձիւն թափեմ,

Որ ծաղկունքդ ամէն ծածկուի:

 

Գետին երկնուցն ասաց.

Ստեղծողի մունաթն աւելի.

Անչանք սար ու ձոր ունեմ,

Գայ կարկուտն` ի ներսըն տիզվի.

Անչանք բարձր քար ունեմ.

Գայ կայծակն` ի ներսըն թափի.

Հանեմ յանդնդոցն շոգիլք,

Սառնաման ձըներըդ հալի,

Հալի ու գետեր լըցվի,

Այլվի ի ծով երթայ, դադարի:

Բուսնի առաջ ծանծաղիկն,

Նախաստեղծ Ադամ նըմանի.

Բուսնի պալասան ծաղիկն,

Որ միւռոն յիւրմէն կելանի.

Բուսնի անթառամ ծաղիկն,

Որ ի Մարիամ կոյսն նմանի.

Բուսնի նունուֆար ծաղիկն,

Կուսածին Յիսուսն նմանի.

Բուսնի համասփիւռ ծաղիկն,

Եօթն տակ երկինք նըմանի.

Բուսնի բրաբիոն ծաղիկն,

Չորս կերպեան աթոռ նմանի.

Բուսնի էնքինար ծաղիկն,

Գաբրիէլ հրեշտակն նմանի.

Բուսնի ռէհան ծաղիկն,

Որ ի խաչափայտն նմանի.

Հազար ու մէկ գոյն ծաղկունք`

Ամէն ի հողէ՛ս կու լինին:

 

Երկինքն գետնին ասաց.

Բա՛ն ունեմ քանց քեզ աւելի.

Եօթն տակ երկինք եմ ես,

Լոյսն, արեւն յիսնէ կելանի.

Ինն դաս հրեշտակք` յերկինս,

Հանապազ ի յիս փառաբանի

Ըստեղծողն ամէնի:

 

Գետին երկնուցն ասաց.

Ստեղծողի մունաթն աւելի.

Առաքեալք ու մարգարէք,

Հայրապետք յիսնէ կելանի:

 

Երկինք գետնին ասաց.

Բա՛ն ունեմ քանց քեզ աւելի.

Ես լո՛յս իմ ու լո՛յս կու մնամ,

Ու խաւարըն զքեզ կու տիրի.

Յոր որ աղվոր մանուկ մի կայ,

Գայ ի քո ծոցըդ կու պառկի.

Լոյս հոգին ի յիս կառնեմ,

Քէշ մարմին ի քեզ զընտանի:

 

Գետին երկնուցն ասաց.

Ա՜յ յիմար, քանց քեզ չլինի,

Աստուած իւր ստեղծած հոգին

Թէ առնու, քէշ ի՞նչ կու լինի:

Գէշ մարմին թէ զիս չառնիմ`

Նա հոտէն աշխարհ կանցանի,

Հրեշտակ ի յերկնից փախնի,

Ու Աստուծոյ աթոռըն շարժի:

Եօթն տակ երկինք որ կայ`

Այդ ամէն ի վայր կու թափի,

Ինն դաս հրեշտակք որ կայ`

Այդ ամէն գետին կիջանի.

Աստուած, աթոռովն իւրով,

Խոնարհի ի վերայ երկրի,

Առաքեալք եւ մարգարէք,

Հրեշտակ ու դատաստան

Ի յի՛ս տի լինի.

Ի կալն Ուռնայու, ասին,

Գայ` դատի օրն կիրակի:

 

Աստուած ողորմի ասեն

Քո փիրին` աշըղ Տալիբին.

Երկինք ու գետին գովաց

Շաբաթ օր ի լոյս կիրակին:

Եկայք, հայր մեղայ ասենք,

Ի վերայ մեր ճամաղաթին.

Երկնուց ու գետնուց օրհնիթք

Գայ, իջնու ի մէջ մեր սեղանին:

 

Եկա՛յք, ցածրանա՛նք, ա՜յ մարդիք,

Ու գլուխս դնենք ի գետնին,

Քանց երկինք այլ ի՞նչ բարձր,

Որ գլուխ եդիր ի գետնին,

Այսօր ի վերայ քայլիմք,

Վաղն ի ծոց այս հողին մըտանիմք:

 

120. ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀՈԳՈՅ ԸՆԴ ՄԱՐՄՆՈՅ

Հոգին եւ մարմին եղբայր,

Շուրջ կու գան աշխարհս հետ իրրաց.

Դատել են շատ խազինայ,

Մեղք ու վարձք կշեռն է դրած:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Միաբան լինեմք հետ իրրաց.

Ծունր ածեմք, աղօթք անեմք,

Թողութիւն խնդրեմք մեր մեղաց:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Դեռ մանուկ եմք հետ մանկանց,

Նստեմք, ուտեմք ու խմեմք,

Մին—զմին սրտով եմք սիրած,

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Դու արթուն կացիր աչքաբաց,

Գընա՛, մուտ եկեղեցին,

Ծունր ածիր եւ քո մեղքն լաց:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Աշխատել պիտինք շոր ու հաց.

Նստեմք, ուտեմք ու խմեմք,

Շոր հագնեմք, շուրջ գամք զարդարած

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Քեզ խրատ մի տամ ի խելաց.

Հաց մի՛ ինքդ առ ու կեր,

Հաց մի՛ տուր խնդրող աղքատաց:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Ամարաթ շինեմք բոլորած,

Ապա` հետ աղքատ մարդոյն

Լի սրտով ուտեմք աղ ու հաց:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Դու անգէտ ու խիստ յիմարած,

Թէ ապրես հարիւր տարի`

Զինչ առաջ` մեռա՛ծ ես, մեռա՛ծ:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Դեռ թիւըն իմ չէ՛ լցուցած.

Թէ ապրիմ, հարիւր տարի,

Հարիւր էլ՛ խնդիրք եմ արած:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Հանդիպիս դու յանկարծակաց,

Ցաւից քորոտվի՛ս, ընկնի՛ս,

Աղաչես դու հրեշտակաց:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Թէ նման ես դու հրեշտակաց`

Պիտի ի՛մ կամաւ լինիս,

Ամանաթ քեզ` ինձ է տված:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Ամանաթդ պահէ ի ձեռաց,

Այլւի յետ տալ պիտիս դուն`

Պարզ—յիստակ, որպէս էր տված:

 

Մի պահիր պըղնձի նման`

Ժանգոտած փողոց մի գցած.

Պահի՛ր դու ոսկու նման,

Ծալւէծալ բողչէն փաթաթած:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Դեռ խորհուրդն իմ չէ՛ կատարած,

Ունիմ շատ դուստր, որդի`

Նշանած, դեռ չե՛մ պսակած.

Ունիմ շատ ոսկի, արծաթ`

Խազինի դուռն չէ՛ բացած:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Քան զքեզ մեծ թագաւորաց`

Դուստր, որդի, ոսկի, արծաթ,

Խազինէքն` անտէր մնացած:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Գին տված, փողով եմ գնած.

Ունիմ շատ քոշք, սարայ`

Արծաթով, ոսկով է ծէփած:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Սուղ տված` սալամ ես առած.

Ունիս շատ քոշք ու սարայ,

Ի՞նչ անեմ, մեղքով ես շինած:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Քրտնքով, ջաֆով եմ դատած.

Ունիմ շինելու սարայ,

Որ` կիսատ, դեռ չէ՛ թամամած:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Դու իշխան ես փառաւորած.

Մեղօք զիս այնպէս արեր`

Զինչ փտեալ պղինձ ժանգոտած:

 

Գնա՛, մէկ կարմունջ շինէ,

Դու մազէ կարմունջն ես անցած.

Գնա՛, մէկ դարպաս շինէ,

Որ կենաս մէջն յաւիտեանց:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Շատ ապրանք ունեմք աշխատած.

Արի՛, իմ տխմա՛ր հոգի,

Ի՞նչ գիտես, թ՚ ընչով եմ դատած:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Սուղ տված, սալամ ես առած.

Ու՞ր է հայրն Ղարունին,

Շատ ապրանք ձեռնէն գնացած:

 

Կամ թառայ թագաւորին,

Որ կուռքն չաստուած էր արած.

Կամ ու՞ր է պարոն Շատատին,

Իւր համար դրախտ էր շինած:

 

Արի՛, իմ տխմա՛ր մարմին,

Բե՛ր, տեսնունք, ո՛ւմ է մնացած.

Չի՛ մնաց Աբրահամու,

Որ Սահակ մատաղ էր կտրած:

 

Չի՛ մնաց Իսրայէլ[ին],

Ի Մովսէս Աստուած էր խօսած.

Չի մնաց որդոյն Դաւթի,

Սողոմոն տճար էր շինած:

 

Չի՛ մնաց Ասկանդար Զուլղարին.

Որ աշխարհս զաւթ էր արած.

Կռապաշտ, աստուածապաշտ

Եւ մեծամեծ թագաւորաց:

 

Մեռաւ, փոշիման գնաց

Է՛ն մարդն, որ մեղք էր ցանած.

Թէ չե՛ս հաւատար ինձի`

Գնայ մօտ կարդացողաց:

 

Պահիկ մի մտիկ արայ,

Տե՛ս թէ ի՞նչ կայ մէջն գրած.

Գրել ա մէջ աւետարանին`

Քրիստոսի բանքն է օրինած:

 

Մի՛ երթար` հարամ ուտէր,

Քանի կայ հալալն դրած.

Մի՛ երթար` ընկեր զրկէր,

Զընկերին զրկօղն է զրկած:

 

Մի՛ երթար բանբաս առնէր

Դրկցիդ` հետ օտար մարդկանց.

Մի՛ երթար մարդու ղամզէր`

Մեծուանց մօտն աւանած:

 

Կլինիս Յուդայի նման,

Կայենի ընկերն անիծած.

Արի՛, իմ տխմա՛ր մարմին,

Դու լսէ, թէ ի՛նչ եմ ասած:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Զինչ ասիր` մտացս գնաց.

Թէ՛ մէկ, թէ՛ հազար ասես,

Կու թվի իսկի՛ չեմ լսած:

 

Դեռ պիտի ուտեմք, խմեմք`

Զինչ ապրանք ունեմք աշխատած.

Դեռ պիտի սաֆայ անեմք,

Դեռ կամքն իմ չէ՛ կատարած:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Թէ ապրիս մինչեւ յաւիտեանց`

Ախըրըն պիտի մեռանիս,

Աստուծոյ կամքն է կատարած:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Ես զքեզ փոքրուստ եմ պահած.

Պահեր եմ մէջ ղաֆասիս,

Սնուցած ու չեմ թռուցած:

 

Հիմիկս` ճնճղկի նման

Դուս թռած, ծառին ես նստած,

Չե՛ս գալ քո բնին վերայ,

Աւերած, ղաֆասդ է քանդած:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Կու թվեմք` եղբա՛յր—բաժանած.

Էդ քո անիհուն մալէն

Բեր տեսնեմ` ինձ ի՛նչ ես տված:

 

Չունիմ դեկան մի ձեռաց

Խէր արած, վարձու բաժանած,

Չունիմ մին ճաշուց պաշար,

Կամ սոված մշակ սնուցած:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Բէբաֆա եղբայր ես կանգնած.

Թողեր ես ինձի ու կերթաս,

Կու թվի օ՛ր մի չես տեսած:

 

Պահիկ մի մտիկ արայ,

Համբուրեմ ես քեզ կարօտած.

Մինչեւ որ «Հաւատամն» ասեն.

Քահանէն կարգն է կատարած:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Ես քէ՛ն եմ, հետ քեզ` խռովա՛ծ.

Թողեր եմ, դատա՛րկ կերթամ,

Անպաշար, ճանփէս մոլորած:

 

Երթամ ես ղարիպ աշխարհ,

Երբ չունիմ ես տուն մի շինած.

Դէմ առնում օտար դռան,

Զի՞նչ խնդրեմ, ոչինչ չեմ տված:

 

Մարմինն ի հոգոյն ասաց.

Փոշիման եմ ես ի մեղաց,

Թաղվեր եմ ի խոր զնդան.

Ախտիեարս` ձեռնէս գնացած:

 

Գնա՛, իմ աղքա՛տ հոգի,

Ես թաղած ու դու` մոլորած.

Մինչեւ Տէրն դատաստան նստի,

Նա լինի զմեզ ողորմած:

 

Հոգին ի մարմնոյն ասաց.

Վա՜յ ինձ, վա՜յ մեղաւորաց.

Տէրն ի դատաստան նստի,

Ի՞նչ ասեմ, կալած եմ, կապուած.

Վա՜յ ինձ, վա՜յ մեղաւորաց.

Արդարոց` դրախտն է շինած,

Մեղաւորաց` դժոխք տանջանաց:

 

Բուդաղ Օղլի Ղազի Խան,

Դու նստիր ու քո մեղքն լաց.

Քանի՜ քեզ պէս սուտ մարդիկք

Երեկ աշխարհս ու գնաց:

 

Մէկ բերան «Հայր մեղայ» ասէք,

Տէր Աստուած, դրախտին դուռն բաց.

Ասողաց եւ լսողաց,

Գրողաց եւ ականջ դրողաց,

Աստուած լինի ողորմած:

 

121. ՏԱՂ ՊԻՏԱՆԻ ԵՒ ՀՈԳԷՇԱՀ

Յամէն առաւօտ եւ լոյս

Պիւլպիւլն է նստէր յայգոյս,

Քաղցրիկ ձայնէ վերայ վարդոյս.

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Յայս իմ նորատունկ այգոյս:

 

Մարդիք Ադամայ զարմոյս,

Ականջ դրէք իմ խրատոյս.

Դէմքն է ծաղկեր իմ այգոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Յայս իմ նորատունկ այգոյս:

 

Քա՛ր եմ բերեր գետերոյս,

Փո՛ւշ եմ բերեր սարերոյս,

Ցա՛նկ եմ շիներ այս այգոյս,

Ինչպէ՞ս ելնեմ յայս այգոյս,

Յայս իմ նորատունկ այգոյս:

 

Չե՛մ ելներ ես յայս այգոյս,

Յայս իմ նորատունկ այգոյս,

Յայս ուրախարար տեղոյս

Եւ այս նորաշէն տներոյս:

 

Պրքա՛յ եմ շիներ այգոյս,

Յերկնից ցօղն` ի մէջ պրքոյս,

Քաղցր եւ բարեհամ ջրոյս,

Բոլորն է ծաղկունք եւ բոյս.

Դեռ չե՛մ տեսեր կեանք եւ լոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս».

Ինչպէ՞ս ելնեմ ես այգոյս,

Այս իմ նորաշէն տներոյս:

 

Տո՛ւնկ եմ տնկեր այս այգոյս,

Սպիտակ ու կարմիր վարդոյս,

Կանաչ բարունակ որթոյս,

Ողորմ եմ նստեր յայգոյս.

Դեռ չե՛մ կերեր յայս պտղոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս».

Ինչպէ՞ս ելնեմ ես այգոյս,

Այս իմ նորաշէն տներոյս:

 

Մէջն է ծաղկեր այս այգոյս,

Կարմիր ու սպիտակ վարդոյս.

Դեռ հոտ չե՛մ առեր վարդոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորաշէն տներոյս:

 

Չե՛մ ելներ ես յայս այգոյս,

Յայս իմ նորատունկ այգոյս,

Յայս ուրախարար տեղոյս

Եւ այս նորաշէն տներոյս:

 

Հնձա՛ն եմ շիներ այգոյս,

Կարա՛ս եմ լցեր գինոյս,

Դեռ չե՛մ խմեր յայս գինոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս».

Ինչպէ՞ս ելնեմ յայս այգոյս,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Քաղեմ փունջ մի վարդ յայգոյս,

Դնեմ մէջ կարսի գինոյս,

Ուրախանամ յայս հոտոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս».

Այս իմ նորաշէն տներոյս:

 

Ղումրին է նստեր յայգոյս,

Գարուն է հասեր ծաղկոյս,

Պտուկն է բացւեր վարդոյս,

Պիտէր տեսնեմ կեանք եւ լոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Վարդն է խռով պիւլպիւլոյս,

Ձայնս է կտրեր ի յանձնոյս,

Հոգիս ելեր է մարմնոյս,

Աւա՜ղ ասացէք գերոյս.

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Եկին խնդիր այս վարդոյս.

Հրեշտակն է կանգներ հոգոյս,

Յահէն կապեցաւ լեզուս,

Եհան զհոգիս ի մարմնոյս.

Տարան ի յեզեր հողոյս,

Դըրին զիս ի մէջ գըբոյս,

Ահա՛, որ ելայ յայգոյս,

Այս իմ նորաշէն տներոյս:

 

Ծաղկունքն վերացան այգոյս,

Վարդն թափաւ իմ այգոյս,

Ցանկն քակեցաւ այգոյս,

Այս իմ նորատունկ այգոյս,

Այս իմ քաղցրահամ պտղոյս:

 

Չե՛մ ելներ ես յայս այգոյս,

Այս իմ նորաշէն տներոյս:

 

122. [ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ԿԵՆԱՑ ԵՒ ՄԱՀՈՒ]

Յամէն առաւօտ եւ լոյս

Պլպուլն է նստեր յայգոյս,

Քաղցրիկ ձայնէր վրայ վարդոյս.

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»:

 

Մարդիք Ադամայ զարմոյս,

Ականջ դըրէք իմ խրատոյս.

Դէմքն է ծաղկեր իմ այգոյս,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Քա՛ր եմ բերեր գետերոյս,

Փո՛ւշ եմ բերեր սարերոյս,

Ցանկ եմ շիներ այս այգոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»:

 

Չե՛մ ելներ ես յայս այգոյս,

Այս իմ նորատունկ այգոյս,

Այս ուրախարար տեղոյս,

Եւ այս նորաշէն տներոյս:

 

Պրքա՛յ եմ շիներ այգոյս,

Երկնից ցօղն ի մէջ պրքոյս,

Քաղցր եւ բարեհամ ջըրոյս,

Բոլորն է ծաղկունք եւ բոյս:

 

Դեռ չեմ տեսեր կեանք եւ լոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»:

Ինչպէ՞ս ելնեմ ես յայգոյս,

Յայս իմ նորաշէն տներոյս:

 

Տունկ եմ տնկեր այս այգոյս`

Սպիտակ ու կարմիր վարդոյս,

Կանաչ բարունակ որթոյս,

Ողորմ եմ նստեր այգոյս:

 

Դեռ չեմ կերեր յայս պտղոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»:

Ինչպէ՞ս ելնեմ ես յայգոյս,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Մէջն է ծաղկեր այս այգոյս,

Կարմիր ՚ւ իսպիտակ վարդոյս,

Դեռ հոտ չե՛մ առեր վարդոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»:

 

Հընձան եմ շիներ այգոյս,

Կարա՛ս եմ լըցեր գինոյս,

Դառ չե՛մ խըմեր, յայս գինոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»:

 

Քաղեմ փունջ վարդի յայգոյս,

Դընեմ մէջ կարսի գինոյս,

՚Ւ ուրախանամ յայս հոտոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»:

 

Գարուն է հասեր ծաղկոյս,

Պըպլուկն է բացուեր վարդոյս,

Պիտէ՛ր տեսնի կեանք եւ լոյս,

Հայի՜ֆ իմ կարճ արեւոյս:

 

Վարդն է խըռով պլպուլոյս,

Ձայնս է կըտրեր ի յանձնոյս,

Հոգիս ելեր է մարմնոյս,

Աւա՜ղ ասացէք գերոյս:

 

Հրեշտակն է կանգներ հոգոյս,

Յահէն կապեցաւ լեզուս,

Եհան զհոգիս ի մարմնոյս,

Ափսո՜ս կանանչ արեւոյս:

 

Տարան ի յեզեր հողոյս,

Դրին զիս ի մէջ գըբոյս,

Ահա, որ ելայ յայգոյս,

Աւա՜ղ իմ կարճ արեւոյս:

 

Ծաղկունքն վերացան յայգոյս,

Վարդըն թափեցաւ յայգոյս,

Ցանկըն քակեցաւ այգոյս,

Ահա, որ ելայ յայգոյս:

 

123. ԱՒԱ՜Ղ ԻՄ ԿԱՐՃ ԱՐԵՒՈՒՍ

Յամէն առաւօտ եւ լոյս`

Պիւլպիւլն էր նստեր այգոյս,

Քաղցրիկ երգէ գոյնըզգոյնս,

Եկին, թ՚. «Արի՛, ե՛լ յայգոյս»:

 

Մարդիկ Ադամայ զարմոյս,

Զիմ գանգատըս լսեցէք դուք.

Ինչպէ՞ս ելնեմ այս այգոյս,

Աւա՜ղ իմ կարճ արեւուս:

 

Քա՛ր եմ բերեր սարերուս,

Ջո՛ւր եմ բերեր ձորերուս,

Պա՛տն եմ բոլորէր այգոյս,

Կասեն, թ՚. «Արի՛, ե՛լ յայգոյս»:

 

Դեռ չե՛մ տեսեր կեանք եւ լոյս,

Դեռ չե՛մ կերեր ի պտղոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս».

Աւա՜ղ իմ կարճ արեւուս:

 

Տունկ եմ տնկեր այս այգոյս,

Կարմիր ՚ւ իսպիտակ վարդոյս,

Դեռ չեմ հոտ առեր ծաղկոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»:

 

Հնձան եմ շիներ այգոյս,

Կարասն եմ լըցրեր գինոյս,

Դեռ չե՛մ խըմեր ի գինոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»:

 

Ղումրին երգէր այս այգոյս,

Գարուն է հասեր այգոյս,

Ոստն արձակեալ տերեւոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»:

 

Եկին խընդիր այս այգոյս,

Ահէն կապեցաւ լեզուս,

Առին զհոգիս ի մարմնոյս,

Հանեցին զիս յիմ այգոյս.

Աւա՜ղ իմ կարճ արեւուս:

 

Վարդն խռովէր պիւլպիւլոյս,

Ձայնըն կըտրէր ականջոյս,

Հոգիս ելաւ ի մարմնոյս,

Աւա՜ղ ասացէք գերոյս:

 

Տարան զիս յեզեր հողոյս,

Դըրին ի մէջ գոբոյս,

Վարդըս թոռմեցաւ այգոյս,

Պիւլպիւլն վերացաւ հոգոյս,

Աւա՜ղ իմ կարճ արեւուս:

 

124. ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԱՇԷՆ ՏՈՒՆ ԵՒ ԱՅԳԻ ՈՒՆԵՑՈՂԻ ԵՒ ԼԱԼՈՒ

Յամէն առաւօտ եւ լոյս`

Գաբրիէլն ասէ հոգոյս.

«Արի՛, ե՛լ ի յայս այգոյս»,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Քա՛ր եմ բերեր սարերոյս,

Փո՛ւշ եմ կրեր ձորերոյս,

Պա՛տ եմ բոլորեր այգոյս,

Դեռ չե՛մ կերեր ի պտղոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

 

Ինչպէ՞ս ելնեմ ի յայգոյս,

Գէմ չար փուշ կայ պատերոյս.

Ջո՛ւր եմ բերեր լեռներոյս,

Աղբիւր եմ շիներ այգոյս,

Դեռ չե՛մ խմեր ի ջրոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորաշէն տներոյս:

 

Ո՛ւռ եմ տնկեր այս այգոյս,

Զտա՛կն եմ ջրեր այս տնկոյս,

Դեռ չե՛մ կերեր ի պտղոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Հնձան եմ շիներ այգոյս,

Կարաս եմ թաղեր գինոյս,

Դեռ չե՛մ խմեր ի գինոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորաշէն տներոյս:

 

Տուն եմ շիներ մէջ այգոյս,

Ոսկով նաշխած չարտըխնոյս,

Դեռ չե՛մ վայլեր շենքերոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորաշէն տներոյս:

 

Վա՛րդ եմ տնկեր այս այգոյս,

Կարմիր ՚ւ սպիտակ վարդոյս,

Դեռ չե՛մ զհոտն առեր վարդոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Ծաղիկ եմ տնկեր այգոյս,

Կանաչ ու դեղին ծաղկոյս,

Դեռ չե՛մ զհոտն առեր ծաղկոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորաշէն տներոյս:

 

Գաբրիէլն եկաւ հոգոյս,

Յահէն կապեցաւ լեզուս,

Խաւրաւ աչերս ի լալոյս,

Աւա՜ղ իմ կարճ արեւոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

 

Առին զհոգիս ի մարմնոյս,

Հանեցին զիս յիմ այգոյս,

Մա՛հ է, որ ելնեմ այգոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորաշէն տներոյս:

 

Ուռն կանաչ է այգոյս,

Որթն բացւեալ է տնկոյս,

Խաղողն հա՛ս է այգոյս,

Ծառեր—տունկն շատ` այգոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

 

Պլպուլն կանչէ այգոյս`

Առաւօտէն մինչ ի լոյս,

Ցօղն իջանէ ի յայգոյս`

Յամէն առաւօտ եւ լոյս:

 

125. ՏԱՂ Ի ՎԵՐԱ ԷԳԷՏ ԷՐ ՆՆՋԵՑԵԼՈՑ

Յամէն առաւօտ եւ լոյս

Գաբրիէլն ասէր հոգոյս.

«Արի՛, ե՛լ ի յայս այգոյս»,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Քա՛ր եմ կրեր ձորերոյս,

Փո՛ւշ եմ բերեր սարերոյս,

Պա՛տ եմ բոլորեր այգոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Ինչպէ՞ս ելնեմ ի յայգոյս:

 

Ջո՛ւր եմ բերեր լեռներոյս,

Աղբի՛ւր եմ շիներ այգոյս,

Դեռ չեմ խմեր պաղ ջրոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Ինչպէ՞ս ելնեմ ի յայգոյս:

 

Ինձ չէ՛ պարտ ելնել այգոյս,

Գէմ չար փուշ կայ պատերուս.

Չե՛մ կարեր ելնել այգոյս,

Այս իմ գեղեցիկ այգոյս:

 

Նո՛ւռ եմ տնկեր այս այգոյս,

Զտակն եմ ջրեր այս տնկոյս,

Դեռ չե՛մ կերեր այս պտղոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Ինչպէ՞ս ելնեմ ի յայգոյս:

 

Հնձան եմ շիներ այգոյս,

Կարա՛ս եմ թաղեր գինոյս,

Դեռ չե՛մ խմեր ի գինոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Ինչպէ՞ս ելնեմ ի յայգոյս:

 

Վա՛րդ եմ տնկեր այս այգոյս,

Կարմիր ՚ւ սպիտակ վարդոյս,

Դեռ չե՛մ հոտն առեր վարդոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Ինչպէ՞ս ելնեմ ի յայգոյս:

 

Ծաղիկ եմ ցաներ այգոյս,

Կանաչ ու դեղին ծաղկոյս,

Դեռ չեմ հոտն առեր ծաղկոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

 

Գաբրիէլն եկաւ հոգոյս,

Ահէն կապեցաւ լեզուս,

խաւրաւ աչերս ի լուսոյս,

Աւա՜ղ իմ կարճ արեւոյս:

 

Առին զհոգիս ի մարմնոյս,

Հանեցին զիս յիմ այգոյս,

Մա՛հ է, որ ելնեմ այգոյս,

Այս իմ նորաշէն այգոյս:

 

Ուռն կանաչ է այգոյս,

Որթն բացուեալ է տնկոյս:

Խաղողն հասեալ է այգոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Ինչպէ՞ս ելնեմ ի յայգոյս:

 

Պուլպուլն կանչէ այգոյս`

Առաւօտէն մինչ ի լոյս,

Ցօղն իջանէ ի յայգոյս`

Ամէն առաւօտ եւ լոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Ինչպէ՞ս ելնեմ ի յայգոյս:

 

126. ՏԱՂ ՀՈԳԷՎԱՐԻ

Ամէն առաւօտ ու լուս`

Բլբուլն ասէ. «Ե՛լ այգոյս»,

Այս իմ նորաշէն այգոյս:

 

Քա՛ր եմ բերեր լեռներոյս,

Փո՛ւշ եմ կրեր ձորերոյս,

Պա՛տ եմ բոլորել այգոյս,

Այս իմ նորաշէն այգոյս:

 

Ջո՛ւր եմ բերեր ձորերոյս,

Ցուրտ եւ յորդաբուխ վտակոյս,

Դեռ չե՛մ խմեր ի ջրոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորայշէն այգոյս:

 

Տո՛ւնկ եմ տընկեր այս այգոյս,

Տակն եմ ջրեր որթերոյս,

Դեռ չե՛մ քաղեր ի պտղոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

 

Վա՛րդ եմ տընկեր այս այգոյս,

Կարմիր եւ սպիտակ վարդոյս,

Դեռ չե՛մ քաղեր ի վարդոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

 

Հնձա՛ն եմ շիներ այգոյս,

Կարա՛ս եմ թաղեր գինոյս,

Դեռ չե՛մ խըմեր ի գինոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

 

Հրեշտակն եկեալ իմ հոգոյս,

Ահէն կապեցաւ լեզուս,

Չե՛մ կարեր ելներ այգոյս,

Այս իմ նորայշէն այգոյս,

Այս իմ նորայտունկ [այգոյս]:

 

Հոգիս ելաւ ի մարմնոյս

Մարմինս դարձաւ ի հոգոյս,

Հանեն զիս իմ այս այգոյս,

Այս իմ գեղեցիկ այգոյս,

Այս իմ նորայշէն այգոյս:

 

Բըրքա՛յ եմ շիներ այգոյս,

Յերկնից ցօղն` ի մէջ բրքոյս,

Բոլորն է ծաղկունք եւ բոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

 

Տո՛ւնկ եմ տնկեր այս այգոյս,

Կանանչ բարունակ հողոյս,

Դեռ չե՛մ կերեր ի պտղոյս,

Ողորմ եմ նստեր այգոյս,

Այս իմ նորայտունկ այգոյս:

 

Վարդն է խռով բլբլոյս,

Ձայնս է կտրեր ի յանձնոյս,

Աւա՜ղ ասացէք գերոյս,

Այս իմ նորայշէն այգոյս:

 

Պըտուկն է բացւեր վարդոյս,

Գարուն է հասեր այգոյս,

Պիտի տեսնում կեանք եւ լոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Մէջն է ծաղկեր այս այգոյս,

Կարմիր ու սպիտակ վարդոյս,

Դեռ չե՛մ քաղեր ի վարդոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

 

Քաղեմ փունջ վարդի այգոյս,

Դնեմ մէջ կարասներոյս,

Ուրախանամ այս հոտոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

 

Եկին խնդիր այս վարդոյս,

Հրեշտակ կանգներ դէմ հոգոյս,

Ահէն կապեցաւ լեզուս,

Եհան հոգիս ի մարմնոյս,

Այս իմ նորաշէն այգոյս:

 

Տարան ի յեզր հողոյս,

Դրին զիս ի մէջ գբոյս,

Ահայ, որ ելնեմ այգոյս,

Այս իմ նորաշէն այգոյս,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

127. ՏԱՂ ԹՇՈՒԱՌՈՒԹԵԱՆ ՄԱՐԴԿԱՆ

Ամէն առաւօտ եւ լոյս

Գաբրիէլն եկեր հոգոյս.

«Արի՛, ե՛լ ի յայս այգոյս»:

Այս իմ նորաշէն այգոյս

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Քա՛ր եմ բերեր լեռներոյս,

Պա՛տ եմ բոլորեր այգոյս,

Դեռ չե՛մ կերեր ի պտղոյս,

Կասեն, թ՚. «Արե՛ն, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Փո՛ւշ եմ բերեր ձորերոյս,

Զմուտն եմ փակեր պատերոյս,

Գէմ չար փուշ կա այս տեղոյս,

Կասեն, թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Ինձ չէ՛ պարտ ելնել այգոյս,

Ամուր ՚ւ անտառի այգոյս.

Չե՛մ կարեր ելնել այգոյս,

Կասեն, թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Ջո՛ւր եմ բերեր ձորերոյս,

Ցուրտ եւ բարեհամ աղբիւրս,

Դեռ չե՛մ խմեր ի ջրոյս,

Կասեն, թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Ո՛ւռ եմ տընկեր այս այգոյս,

Բարունակն հասեր որթոյս,

Խաղող ունի սայ կուզ-կուզ,

Կասեն, թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Սեւ եւ սպիտակ ողկոյզ,

Կարմիր եւ դեղին գոյնս-գոյնս,

Դեռ չե՛մ կերեր ի պտղոյս,

Կասեն, թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Աւա՜խ իմ կարճ արեւուս:

 

Հնծա՛ն եմ շիներ այգոյս,

Կարա՛ս եմ թաղեր խորոյս,

Դեռ չե՛մ խմեր ի գինոյս,

Կասեն, թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Տո՛ւնկ եմ տնկեր` նոր պատրոյս,

Նո՛ւռ ու նըշենի, ընկոյզ,

Դեռ չե՛մ կերեր ի պտղոյս,

Կասեն, թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Ծա՛ռ եմ տընկեր ու շատ տունկս,

Նարինճ ու թուրինճ ՚ւ այլ գոյնս,

Միրգ չե՛մ տարեր ի շրթունս,

Կասեն, թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Վա՛րդ եմ տնկեր այս այգոյս,

Կարմիր սպիտակ ՚ւ այլ գոյնս,

Դեռ չե՛մ հոտ առեր վարդոյս,

Կասեն, «Թարկէ՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Ծաղիկ եմ ցաներ այգոյս,

Ռէհան, մանուշակ, սմպուլս,

Դեռ չե՛մ քաղեր ի ծաղկոյս,

Կասեն, թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Բերէ՛ք ինձ մրգաց այգոյս,

Վարդ եւ այլ գուն ծաղկոյս,

Առնում, հոտոտեմ անուշ,

Այս իմ նորաշէն այգոյս,

Կասեն թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Պիւլպիւլն կանչէ այգոյս`

Յառաւօտէ մինչ ի լոյս,

Ֆիղան կանէ մէջ այգոյս,

Կասեն թ՚. «Արի՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Գաբրիէլն եկեր հոգոյս,

Ահէն կապեցաւ լեզուս,

Խաւար աչերս ի լուսոյս,

Կասեն, թ՚. «Արա՛, ե՛լ այգոյս»:

     Այս իմ նորատունկ այգոյս

     Ո՞նց ելանեմ ես ի դուրս:

 

Փըլաւ նորաշէնքն այգոյս,

Ցամքեցաւ բարեհամ աղբիւրս,

Չորցաւ զինչ տունկ կայ եւ բոյս,

Ծաղիկն թոռմեցաւ մարմնոյս:

Առին զհոգիս ի մարմնոյս,

Հանեցին զիս իմ այգոյս,

Մա՛հն է, որ կելնեմ այգոյս:

     Աւա՜խ իմ կարճ արեւուս:

 

128. ՏԱՂ ԳԵՂԵՑԻԿ Ի ՎԵՐԱՅ ԱՅԳՈՅ, ՀՈԳՈՅ ԵՒ ՄԱՐՄՆՈՅ

Ամէն առաւօտ եւ լոյս

Պլպուլն ասէր. «Ե՛լ յայգուս».

Չե՛մ ելներ ես յայս այգոյս,

Յայս իմ նորատունկ այգոյս:

 

Քա՛ր եմ բերեմ գետերոյս,

Փո՛ւշ եմ բերեմ սարերոյս,

Ցա՛նկ եմ շիներ այս այգոյս,

Ինչպէ՞ս ելնեմ ես յայս այգոյս,

Յայս իմ նորատունկ այգոյս:

 

Տո՛ւն եմ շիներ յայս այգոյս,

Տո՛ւնկ եմ տնկեր յայս այգոյս,

Դեռ չե՛մ կերեր յայս պտղոյս,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Մէջն է ծաղկեր այս այգոյս,

Կարմիր ՚ւ սպիտակ վարդոյս,

Դեռ հոտ չեմ առեր վարդոյս,

Այս իմ նորատունկ տնկոյս.

Ինչպէ՞ս ելնեմ ես յայս այգոյս,

Յայս իմ նորատունկ յայգուս:

 

Հնձա՛ն եմ փորեր այգոյս

Կարա՛ս եմ լցեր գինոյս,

Դեռ չե՛մ խմեր յայս գինոյս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս».

Ինչպէ՞ս ելնեմ ես յայս այգոյս,

Այս իմ նորատունկ յայգոյս:

 

Հրեշտակն եկ խնդիրն հոգոյս,

Յահէն կապեցաւ լեզուս,

Կասեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս».

Ինչպէ՞ս ելնեմ ես յայս այգոյս,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Տանին ի յեզեր հողոյս,

Դնեն զիս ի մէջ հողոյս,

Ծաղկունքն վերանան յայգոյս,

Այս իմ նորատունկ այգոյս.

Ահա, որ ելայ ես յայգոյս,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

129. ՄԷԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻ ՆՈՐ ԱՅԳԻ ՏՆԿԵՐ Է, ԵՒ ԴԱՌ
ԱՅԳԻՆ ՊՏՈՒՂ ՏՈՒԵԼ ՉԷ, ՆԱ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՕՐԸՆ ՄԱՀՈՒՆ
ՀԱՍԵՐ Է. ՆԱ Ի ՀՈԳԵՎԱՐԻՆ ԶԱՅՍ ՈՂԲՍ ԱՍԵԼ Է

Յամէն առաւօտ եւ լոյս

Պլպուլն էր նստեր յայգոյս,

Քաղցրիկ ձայնէր այս վարդոյս.

«Արի՛, ե՛կ, ե՛լ յայս այգոյս»:

 

Յամէն առաւօտ եւ լոյս

Գաբրիէլն ասեր հոգւոյս.

«Արի՛, ե՛կ, ե՛լ այս այգոյս»,

Այս իմ նորատունկ այգոյս:

 

Ինձ չէ՛ պարտ ելնել յայգոյս,

Գէմ չար փուշ կայ պատերուս.

Չե՛մ կարեր ելնել այս այգոյս,

Այս իմ գեղեցիկ այգոյս:

 

Քա՛ր եմ կըրեր ձորերուս,

Փո՛ւշ եմ բերեր սարերուս,,

Պա՛տ եմ բոլորեր այգոյս,

Կասեն, «Արի՛, ե՛լ այս այգոյս»:

 

Ո՛ւռ եմ տընկեր այս այգոյս,

Զտակն եմ ջըրեր այս տընկոյս,

Դեռ չե՛մ կերեր յայս պըտղոյս,

Կասեն, «Արի՛, ե՛լ յայս այգոյս»:

 

Հնձան եմ շիներ այգոյս,

Կարաս եմ թաղեր գինոյս,

Դեռ չե՛մ խըմեր ի գինոյս,

Կասեն, «Արի՛, ե՛լ յայս այգոյս»:

 

Ըզմուտն եմ փակեր այգոյս,

Դեռ չե՛մ բացեր ըզփակ դուռս,

Այս իմ յամրակազմ այգոյս,

Կասեն. «Արի՛, ե՛լ յայս այգոյս»:

 

Ջո՛ւր եմ բերեր ձորերոյս,

Զցուրտ եւ բարեհամ աղբիւրս,

Դեռ չե՛մ խըմեր ի ջըրոյս,

Կասեն. «Արի՛, ե՛լ յայս այգոյս»:

 

Պրքա՛յ եմ շիներ յայգոյս,

Երկնից ցօղն ի մէջ պրքոյս,

Բոլորն է ծաղկունք եւ լոյս,

Կասեն. «Արի՛, ե՛լ յայս այգոյս»:

 

Վա՛րդ եմ տընկեր այս այգոյս,

Կարմիր ՚ւ ըսպիտակ վարդոյս,

Դեռ չե՛մ հոտ առեր վարդոյս,

Կասեն. «Արի՛, ե՛լ յայս այգոյս»:

 

Ծաղի՛կ եմ ցաներ այս այգոյս,

Կանաչ ու դեղին ծաղկոյս,

Դեռ չեմ քաղեր ի ծաղկոյս

Կասեն. «Արի՛, ե՛լ յայս այգոյս»:

 

Տո՛ւնկ եմ տընկեր պատերուս,

Նուռ եւ նըշենի ՚ւ ընկուզ,

Դեռ չե՛մ կերեր ի պտղոյս,

Կասեն. «Արի՛, ե՛լ յայս այգոյս»:

 

Ղումրին է նըստէր յայգոյս,

Եղանակէ հաւերոյս,

Գարուն է հասեր այգոյս,

Կասեն. «Արի՛, ե՛լ յայս այգոյս»:

 

Բերէք ինձ մըրգաց այգոյս,

Վարդ եւ գոյնըզգոյն ծաղկունս,

Առնում, հոտոտիմ անուշս.

Այլ չե՛մ ելներ ի յայգոյս:

 

Պլպուլըն գոչէր յայգոյս`

Առաւօտէ մինչեւ ի լոյս,

Ցօղն իջանէր ի յամպոյս,

Կասեն. «Արի՛, ե՛լ յայգոյս»:

 

Գաբրիէլն եկաւ հոգւոյս,

Յահէն կապեցաւ լեզուս,

Խաւարեցաւ աչացըս լոյս,

Հայի՜ֆ իմ կարճ արեւուս:

 

Ո՛ւռն է կանաչ այս այգոյս,

Խաղո՛ղն է հասեր այգոյս,

Կասեն. «Արի՛, ե՛լ յայգոյս»,

Այս իմ նորաշէն այգոյս:

 

Առին զհոգիս ի մարմնոյս,

Հանին զիս ի յիմ այգոյս,

Ժա՛մ է, որ ելնեմ յայգոյս,

Այս իմ գեղեցիկ այգոյս:

 

Փըլաւ նորաշէն այգիս,

Չորացաւ զինչ կայր տունկ եւ բոյս,

Թարշամեցաւ գեղ մարմնոյս,

Կասեն. «Արի՛, ե՛լ յայգոյս»:

 

Հանին զիս ի յիմ այգոյս,

Պլպուլըն կանչէր այգոյս,

Ցօղն իջանէր ի յամպոյս`

Յամէն առաւօտ եւ լոյս:

 

130. [ՅԱՄԷՆ ԱՌԱՒՕՏ ԵՒ ԼՈՅՍ]

Քաղեմ փունջ վարդի յայգոյս,

Դնեմ մէջ կարսի գինոյս,

Ուրախանամ յայս հոտոյս,

Կա[սեն, թ՚. «Արե՛կ, ե՛լ յայգոյս»]:

 

Եկին խնդիր այս վարդոյս,

Քաղեն դէմ իմ աչւերոյս.

Հանի՛ն զհոգիս ի մարմնոյս,

Ահայ, որ ելայ յայգոյս:

 

Հրեշտակն եկեալ է հոգոյս,

Զհոգիս կու առնէ մարմնոյս,

Այս իմ զազրահոտ մարմնոյս,

Ոչ ոք չողորմիլ գերոյս:

 

Յայս իմ նորատունկ այգոյս,

Յայս իմ քաղցրահամ պտղոյս.

Չե՛մ ելներ ես յայս այգոյս,

Յայս իմ նորաշէն տներոյս:

 

Տարան ի յեզր ի հողոյս,

Վարթըն թափաւ իմ այգոյս,

Դրին զիս ի մէջ հողոյս,

Ծաղկունքն վերացան յայգոյս: