Երեւանի պատմութիւնը (1500-1800 թթ.)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

XV դարի վերջերին եւ XVI դարի սկզբներին Մերձավոր Արեւելքի քաղաքական ասպարեզում սկսում են կարեւոր դեր խաղալ նոր կազմավորված սեֆեւյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան։ Սեֆեւյան պետության հիմնադիր Շահ-Իսմայիլ I-ը (1502-1524) ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ XVI դարի սկզբներին տեր է դառնում մի հսկայական երկրի։ Նրա հիմնած աշխարհակալ պետության մեջ մտան Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը, Վրաստանը եւ Հայաստանը։ Այդ նույն ժամանակներում հզորանում էր նաեւ սուլթանական Թուրքիան, որը XVI դարի վերջերին արեւելքում իր սահմանը հասցրեց Եփրատ գետը՝ Հայաստանի արեւմտյան սահմանագիծը։ Սկսած այդ ժամանակներից Հայաստանը մոտ 225 տարի դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմը, պատերազմներ, որոնք հիմնականում մղվում էին Հայաստանք եւ նրա հարեւան շրջանները գրավելու համար։ Փոփոխակի հաջողություններով եւ երկար կամ կարճ ընդհատումներով մղված այդ պատերազմների կիզակետերից մեկը Երեւան քաղաքն էր, Արեւելյան Հայաստանի ամենանշանավոր կենտրոնն ու բերդաքաղաքը։ Մոտ երկուս ու մեկ քառորդ դար տեւած թուրք-պարսկական պատերազմների ընթացքում Երեւանը բազմաթիվ անգամ ենթարկվել է պաշարման, ավերվել ու անցել է ձեռքից-ձեռք։ Երեւանի համար առանձնապես կատարյալ արհավիրք են եղել սուլթան Սելիմի (1514 թ. ), սուլթան Սուլեյմանի (1584 թ. ), սուլթան Մուրադ Գ-ի (1579-1583 թթ. ), սուլթան Մուրադ Դ-ի (1635), սուլթան Ահմեղի, Շահ-Աբաս I-ի (1604) եւ մյուս շահերի արշավանքները։ Այդ արշավանքների ընթացքում Երեւանը մի շարք անգամ վերածվել է ավերակների կույտի, նրա բնակչության հսկայական զանգվածները ոչնչացել կամ հարկադրված են եղել թողնել իրենց հայրենի քաղաքը եւ դիմել փախուստի՝ թշնամուց համեմատաբար զերծ մնացած վայրերում ապաստան գտնելու համար։

Սկսած XVI դարի սկզբներից մինչեւ ընդհուպ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը Երեւանի քաղաքական պատմությունը (որը լայն առումով գրեթե լիովին համընկնում է ամբողջ Արեւելյան Հայաստանի քաղաքական պատմության հետ, ավերում, սով, կոտորած բերող թուրք-պարսկական պատերազմների մի մռայլ ժամանակագրություն է։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում սուլթաններն ու շահերը մշտապես պայքարում էին Երեւանը գրավելու համար, եւ այդ պայքարի ընթացքում թուրքերն ու պարսիկները բազմիցս պաշարել եւ իրար ձեռքից խլել են Երեւանը։ Պատմագիրները, գրիչները, ժամանակագիրներն ու ճանապարհորդները բազմաթիվ հիշատակություններ ունեն մեր ժողովրդի պատմության այդ ամենամռայլ ժամանակաշրջանի մասին եւ սրտի կսկիծով են նկարագրում թուրք-պարսկական պատերազմների կատարած ավերումներն ու գերեվարումները։

Թուրք-պարսկական երկարատեւ պատերազմներն ավարտվում են 1639 թվականի հաշտության պայմանագրով, որը կնքվել էր 30 տարով։ Պայմանագրի համաձայն երկու պետությունների սահմանը Հայաստանում անցնում էր Ախուրյան (Արեւմտյան Արփաչայ) գետով եւ Հայկական Պար ու Կոտուր-Զագրոշյան լեռնաշղթաների ջրբաժան բարձրություններով։ Թեպետեւ հաշտության պայմանագիրը կնքված էր 30 տարով, բայց երկու պետությունների միջեւ ընդհանուր առմամբ ավելի քան 80 տարի խաղաղություն էր տիրում։ Ըստ դրա, Երեւան քաղաքն ու Երեւանի խանությունն ամբողջությամբ մտնում էին պարսից բաժնի մեջ։ Ավերում բերող երկարատեւ պատերազմներին հաջորդած 1639 թվականի պայմանագրի նշանակությունը շատ բարձր է գնահատված մեր պատմագիրների կողմից։ Դրա մասին առանձնապես մեծ գովեստով է խոսում Հակոբ Կարնեցին։ Նշելով, որ ըստ պայմանի շահը 3 կամ 4 տարին մեկ անգամ սուլթանի համար պետք է Կ. Պոլիս ուղարկեր զանազան նվերներ՝ հայրենասեր ժամանակագիրը հաշտության դաշինքը համարում է աստվածային նախախնամություն հատկապես հայերի համար, որոնք ռազմական արշավանքներին ենթակա երկրամասերում՝ թե՛ Թուրքիայի եւ թե՛ Պարսկաստանի կողմում կազմում էին ճնշող մեծամասնություն։

Թուրքական ու պարսկական բանակներն ազգային տեսակետից միատարր չէին։ Թուրքերից եւ պարսիկներից բացի, դրանց բանակում ծառայում էին նաեւ քրդեր, եգիպտացիներ, արաբներ եւ այլք։ Միատարը չէր նաեւ Երեւանի խանական զորքը։ Պարզվում է, որ Երեւանի խանի զորքը սովորական սպառազինությունից բացի, զինված էր նաեւ հրացաններով։ Հրացանաձիգները կոչվում էին «թվանքչի»–ներ, եւ դրանք կարող էին լինել հայեր, որոնք ժամանակավոր էին եւ խանի հրամանով ծառայության էին կանչվում միայն այս կամ այն ռազմական գործողությանր մասնակցելու համար։

XVIII դարի առաջին քառորդի վերջերին սկսվում է թուրք-պարսկական պատերազմների մի նոր շրջան։ Պատերազմն սկսվում է 1722 թվականին, Թուրքիայի կողմից։ Այս պատերազմում օսմանյան Թուրքիայի նվաճողական բանակների դեմ կռվում էին հիմնականում Անդրկովկասի հայ, վրացի եւ ադրբեջանական ազատագրական ուժերը, որոնք զինված պայքարի էին ելել թուրք-պարսկական լուծը թոթափելու համար։ Այդ ընդհանուր պայքարին ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Երեւանի ու նրա շրջակայքի գյուղերի բնակչությունը։

Երեւանի, Սյունիքի ու Ղարաբաղի ազատագրական շարժումները ճնշելուց եւ պարսիկներին պարտության մատնելուց հետո, XVIII դարի 20-ական թվականի վերջերին թուրքերը գրավել էին ամբողջ Անդրկովկասը եւ պարսիկներին հարկադրել հաշտություն կնքել՝ երկու պետությունների միջեւ սահման համարելով Արաքս գետը։ Սակայն 30-ական թվականներին դրությունը փոխվում է հօգուտ պարսիկների։ Թահմազ-Ղուլի խանին (Նադիր-շահ) հաջողվում է ճնշել երկրում ծագած ապստամբությունը եւ թուրքերի դեմ կռիվները վերսկսել Անդրկովկասում։ Այստեղ նրան ամենուրեք ուղեկցում էին հաղթանակները։ Թահմազ-Ղուլի խանը կարողանում է կարճ ժամանակամիջոցում գրավել Թիֆլիսը, Գանձակը, Շիրվանը։ Նա ջարդում է Դաղստանից Անդրկովկաս ներխուժած Դավուդ-բեկի հրոսակներին եւ ետ շպրտում Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ։ Նրան հաջողվում է դիվանագիտական ճանապարհով ետ ստանալ ռուսների կողքից գրավված Դերբենդն ու Բաքուն՝ թուրքերի դեմ դաշնակցած կռվելու պայմանով։

Թահմազ-Ղուլի խանի վերջնական հաղթանակը թուրքերի դեմ կապված է Երեւանի գրավման հետ։ 1735 թվականի հուլիսի 8-ին Եղվարդի սարահարթում թուրքական մեծաթիվ բանակի դեմ Թահմազ-Ղուլի խանը տանում է փայլուն հաղթանակ եւ նրան մատնում փախուստի։ Ամառային շոգից ազատվելու համար, իր զորքերով որոշ ժամանակ հովասուն լեռներում մնալուց հետո Թահմազ-Ղուլի խանը արշավում է դեպի արեւմուտք եւ պաշարում Կարսի բերդը։ Նեղն ընկած թուրքերը Էրզրումից հատուկ պատվիրակություն են ուղարկում Կարս, որը կարճատեւ բանակցություններից հետո համաձայնության է գալիս խանի հետ՝ Երեւանը նրան հանձնելու, Կարսի պաշարումը վերացնելու եւ պարսկական զորքի հետագա հարձակումը դադարեցնելու պայմանով։

1735 թվականի սեպտեմբերի 22-ին պարսիկների կողմից Երեւանի գրավումն ու դրա հետ կապված անցքերը նկարագրել են Աբրահամ Կրետացին, Հակոբ Շամախեցին եւ ուրիշ հեղինակներ։ Իրանից հետո Երեւանը, ընդհուպ մինչեւ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը մնաց պարսիկների տիրապետության տակ։ 1735 թվականի դեպքերով ավարտվում են նաեւ թուրք-պարսկական պատերազմները։

Թուրք-պարսկական պատերաւլմների ժամանակ հայերն ընդհանրապես ձգտել են չեզոքություն պահպանել, որովհետեւ դրանք մասնակցելը վնասակար էր իրենց համար։ Սակայն նրանք քաջ գիտակցում էին, որ յուրաքանչյուր նոր հարձակում ու ասպատակություն միայն նոր ավերում էր բերում մեր երկրին։ Իսկ այդպիսի պայմաններում նրանք չէին կարող անտարբեր մնալ արհավիրք բերող պատերազմների նկատմամբ, անկախ նրանից, թե այդ պատերազմն սկսել էր Թուրքիան, թե Պարսկաստանը։ Նայած ուժերին եւ հանգամանքներին, մեր ժողովուրդը միշտ էլ պայքարել է արտաքին նվաճողների դեմ։ Այդ պայքարը մերթ արտահայտվել է դիվանագիտությամբ, մերթ անբավականությամբ ու դժգոհությամբ, մերթ համեմատաբար փոքր թվով անհատների գործունեությամբ, մերթ ժամանակավորապես մեկ թշնամու հետ միասին մյուս, ավելի գիշատիչ թշնամու դեմ մաքառելով, մերթ էլ ազատագրական պատերազմով։ Այդ ընդհանուր ազատագրական պայքարի բաղկացուցիչ մասն է կազմել նաեւ Երեւանի բնակչության մղած պայքարն արտաքին նվաճողների դեմ։ Ավելին, անկախ նրանից, թե ազատագրական պայքարի կենտրոնը որտեղ է գտնվում՝ Էջմիածնում, Սյունիքում, Մադրասում, թե Պետերբուրգում կամ Թիֆլիսում, միեւնույն է, ամբողջ երկրի ազատագրության հանգուցակետը համարվել է Երեւանը, Արեւելյան Հայաստանի հիմնական կենտրոնը, «մայրաքաղաքը», ինչպես մեր հեղինակներն են այն կոչում, թեպետեւ Երեւանն այդ ժամանակներում սոսկ խանության կենտրոն էր եւ Հայաստանը չուներ իր պետականությունը։

Երեւանամ սակայն ազատագրական բացահայտ շարժումներն սկսվում են XVIII դարի առաջին քառորդից եւ շարունակվում մինչեւ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը, որից հետո Հայաստանի այդ մասում ազատագրական շարժումը՝ մանավանդ XIX դարի վերջերից ռուսական պրոլետարիատի հեղափոխական պայքարի ազդեցության տակ ընդունում է ավելի լայն բովանդակություն եւ վերջիվերջո պսակվում հաղթանակով՝ Արեւելյան Հայաստանում սովետական կարգերի Հաստատմամբ։

Երեւանի ու նրա շրջակայքի գյուղերի բնակիչներն օսմանյան զավթիչների դեմ ազատագրական պայքարի են դուրս եկել 1724 թվականին, 1722 թվականին սկսված թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։ Հայ ազատագրական շարժումը XVII դարի վերջերին եւ XVIII դարի սկզբներին թեւակոխել է մի նոր ժամանակաշրջան։ Մինչ այդ, եթե Հայաստանի ազատագրությունը, ներքին ուժերից բացի, կապում էին արեւմտաեվրոպական պետությունների օգնության հետ, ապա այդ ժամանակ ստեղծված նոր պայմանները հայ առաջավոր ներկայացուցիչներին թելադրում էին արտաքին օգնության հարցում վերանայել իրենց նախկին կողմնորոշումը եւ արեւմտաեվրոպական պետությունների փոխարեն երկրի ազատագրության համար դիմել Ռուսաստանին։ Այդ նոր կողմնորոշման պիոները Իսրայել Օրին էր, որն իր բազմամյա ու անխոնջ գործունեության շնորհիվ եկել էր այն համոզման, որ միակ ուժը, որին կարելի է այդ հարցով դիմել, Ռուսաստանն է։ Իրոք որ XVII դարի վերջերին եւ XVIII դարի սկզբներին Ռուսաստանը շահագրգռված էր Անդրկովկասում ամրանալու հարցով, նա ոտք էր դրել այնտեղ եւ խոշոր դեր էր խաղում վերջինիս արտաքին քաղաքական կյանքում։ Այդ միանգամայն ռեալ պայմաններից ելնելով մեր ժողովրդի ազատագրության համար նրա առաջավոր ներկայացուցիչները՝ Իսրայել Օրին ու նրան փոխարինած Մինաս վարդապետը, Պետրոս դի Սարդիս Գիլանենցը, եկեղեցական գործիչներ, մելիքներ ու այլ կարգի ներկայացուցիչներ ամենատարբեր միջոցներով դիմում էին Ռուսաստանին եւ խնդրում նրանից օգնությունը, խոստանալով իրենք իրենց հերթին կատարել հնարավոր ամեն ինչ ռուսական զորքի հաղթանակի համար։ 1722 թվականին սկսվում է Պետրոս I-ի պարսկական արշավանքը եւ ռուսական զօրքերը մեկը մյուսի ետեւից գրավում են Դերբենդը, Բաքուն ու Ռեշտը։ 1722 թվականին աֆղանները գրավել էին Պարսկաստանի Սպահան մայրաքաղաքը եւ երկրում բռնկվել էին քաղաքական երկպառակություններ։ Պարսկաստանն առայժմ ոչ մի հնարավորություն չուներ ռուսական զորքերին էական դիմադրություն ցույց տալու։ Անդրկովկասի ազատագրական շարժման չորս հիմնական կենտրոններում՝ Քարթլիում, Ղարաբաղի Մեծ ու Փոքր սղնախներում եւ Սյունիքում (Ղափան) մեծ եռուզեռ էր սկսված։ Բոլորը հավատացած էին, որ Պետրոս I-ի զորքերը մերձկասպյան շրջանները գրավելուց հետո գալու են իրենց օգնության։ Սակայն ոգեւորությունը վաղ էր։ Առայժմ Ռուսաստանի քաղաքական պայմանները չէին նպաստում Անդրկովկասի գրավմանը։ Այդպես էլ չիրականացավ Պետրոս I-ի խոստացած օգնությունը։ Ազատագրական շարժման ուժերը մենակ մնացին Պարսկաստանի դեմ։ Սակայն թշնամին եւ տիրողը միայն Պարսկաստանը չէր։ Ռուսական զորքերի շարժման լուրն առնելով Անդրկովկաս ներխուժեցին թուրքերը, որոնց թիկունքում կանգնած էին եվրոպական մի քանի պետություններ։ Այժմ արդեն չորս օջախներում կենտրոնացած ազատագրական ջոկատները մեն-մենակ պետք է կռվեին նաեւ թուրքական մեծաթիվ բանակի դեմ։ Թուրքիան պատերազմի պատրաստվելով նպատակ ուներ գրավել Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող ամբողջ Անդրկովկասը եւ արյան մեջ խեղդել հայերի, վրացիների ու ադրբեջանցիների ազատագրական շարժումները։

Այդպիսի պայմաններում Անդրկովկասի ժողովուրդների ազատագրական շարժումը վերաճեց ազատագրական արյունահեղ պատերազմի, որն ուղղված էր Թուրքիայի ու Պարսկաստանի դեմ։ Իսկ այդ ազատագրական պատերազմի գագաթնակետը Դավիթ-Բեկի եւ նրա հաջորդ Մխիթար սպարապետի Մեծ Ղափանի՝ մոտավորապես ութ տարի տեւած (1722-1730 թթ. ) հերոսական կռիվներն էին։

Անդրկովկասում ծավալված ազատագրական պատերազմների փայլուն օղակներից մեկը Երեւանի 1724 թվականի հերոսական պաշպանությունն էր թուրքական զավթիչներից։

1722 թվականին Թուրքիայի հարձակման հետեւանքով մեր երկիրը նորից վերածվեց թուրքական հրոսակների ավազակային պատերազմների ոլորտի։ Բայց այս անգամ մեր ժողովուրդն անտարբեր չէր այդ պատերազմների նկատմամբ, այլ զենքը ձեռքին դուրս եկավ իր հայրենիքն ազատագրելու եւ թուրք-պարսկական դարավոր լուծը թոթափելու։ Այդ արյունահեղ մարտերում իր բաժինն ուներ նաեւ Երեւանի ու նրա շրջակայքի բնակչությունը։ 1724 թվականի սկզբին Էրզրումում գումարվում է մի բանակ Երեւանի վրա արշավելու համար։ Նույն թվականի մարտին 75 հազարից բաղկացած այդ բանակը Քյոփրուլու-Աբդուլա փաշայի հրամանատարությամբ արդեն գտնվում էր Ախուրյան գետի ափին։ Երեւանի խանության բազմաթիվ գյուղերն ավերելուց եւ մոտ 20 հազար երկսեռ բնակիչներ գերի վերցնելուց հետո՝ թուրքական փաշան Յալղուզ Հասանի եւ Ղոչ Ալիի հրամանատարությամբ 1800 հոգուս բաղկացած մի ջոկատ է ուղարկում դեպի Երեւանի կողմերը։ Թուրքական ջոկատն առանց լուրջ դիմադրության հասնում է Եղվարդի դաշտը եւ այստեղ խայտառակ պարտության մատնում Երեւանի Միհրալի խանի 12 հազարանոց բանակին։ Իր զորքի չնչին մնացորդներով մի կերպ ճողոպրած Միհրալի խանը փախչում է Երեւանի բերդը եւ այնտեղ մնում թուրքական ամբողջ հարձակման ընթացքում։ Դրան հակառակ, Կարբի գյուղաքաղաքի բնակիչները հերոսաբար դիմադրում են նշված ջոկատին եւ հարկադրված են լինում հանձնվել միայն թուրքական հիմնական ուժերը գալուց հետո՝ իրենց գյուղաքաղաքն ավերումից զերծ պահելու պայմանով։ Իր գործերը Կարբիում վերջացնելուց եւ այնտեղ մի փոքրիկ ջոկատ թողնելուց հետո՝ Աբղուլա-փաշան հիմնական զորքի գլուխ անցած արշավում է դեպի Երեւան եւ գալիս կանգ է առնում բերդի դիմաց, Հրազդան գետի աջ ափին։ Նա նախ եւ առաջ փորձում է բերդը գրավել առանց մարտի, բանակցությունների միջոցով, բայց այդ նրան չի հաջողվում։ Այն ժամանակ իր մեծաթիվ բանակով պաշարում է քաղաքը եւ սկսում ռազմական գործողությունները։ Իրենց հայրենի քաղաքի պաշտպանության համար ոտքի են կանգնում հայերը։ Պարսիկները նրանց դավաճանելով լքում են ու փախչում բերդ։ Հայերը մեն-մենակ երկու ամիս շարունակ հերոսաբար կռվում են մի քանի անգամ մեծ համալրումներ ստացած օսմանյան բանակի դեմ՝ թույլ չտալով նրան մուտք գործել քաղաք։ Թուրքական բանակը թվով մոտ 8-10 անգամ գերազանցում էր քաղաքի հայ պաշտպաններից եւ զինված էր ժամանակակից զենքերով, իր կազմում ունենալով նաեւ բավական ուժեղ հրետանի։ Քաղաքի հերոս պաշտպաններն իրենց կազմում ունեին միայն մոտ 9. 500 կռվողներ, որոնք հավաքվել էին քաղաքից եւ շրջակա գյուղերից։ Հերոսամարտի հերոս ղեկավարները՝ Հունդի-բեկյան Հովհաննեսը, պարոն Փերիգուլը, պարոն Արզումբեկը, պարոն Թադեւոսը, պարոն Մղունը, Կոնդի հայ բոշաների ղեկավարները՝ Ղազարոս Բաբուրյանը, պարոն Կլդուզը, պարոն Դավիթը եւ մյուսներն իրենց անձնական օրինակով վարակում էին բոլորին, իսկ ս. Սարգիս եկեղեցու վարդապետ Գրիգորն իր հորդորներով խրախուսում էր նրանց եւ համախմբում կռվելու համար պիտանի բոլոր ուժերը։ Ունենալով բարձր դիրք եւ գտնվելով դժվարամատույց տեղանքում՝ հայերը կարողանում էին իրենց չնչին ուժերով մեծ վնասներ հասցնել թշնամու բանակին եւ նրան թույլ չտալ  մտնել քաղաք կամ նույնիսկ անցնել Հրազդան գետի ձախ ափը։ Մարտերը մղվում էին գլխավորապես քաղաքի Ձորագյուղ թաղամասում, բերդի մոտակայքում, բայց պարսկական խանը փակվելով իր աթոռանիստում՝ ոչ մի օգնություն չէր ցույց տալիս քաղաքի պաշտպաններին։ Մի նոր՝ 38 հազարանոց բանակ համալրում ստանալուց հետո միայն թուրքական զորքի գլխավոր հրամանատարը վճռում է գրոհել քաղաքի վրա չորս ջոկատի բաժանված։ 1724 թվականի հունիսի 7-ին, ուրբաթ օրն առավոտյան սկսվում է վերջին ահեղ ճակատամարտը։ Ձ֊եռնամարտի վերածված այդ մարտը տեւում է ամբողջ օրը՝ մինչեւ ուշ երեկո։ Երկու կողմերը տալիս են մեծ զոհեր։ Զոհերի գնով այնուամենայնիվ թուրքերին հաջողվում է կոտրել պաշտպանների դիմադրությունը եւ մտնել քաղաք։ Երեւանի եւ նրա շրջակայքի գյուղերի բնակիչների մղած այդ հերոսամարտերը կազմում են մեր ժողովրդի պատմության ամենափայլուն էջերից։ Դրանց նշանակությունը չի սահմանափակվում միայն քաղաքի մասշտաբով։ Դեպի արեւելք արշավող թուրքական հսկայական բանակին ամիսներ շարունակ Երեւանի տակ գամելու, մի շարք ճակատամարտերում նրան պարտության մատնելու եւ մեծ զոհեր խլելու շնորհիվ քաղաքի հերոս պաշտպանները անուղղակիորեն օգնեցին Ղափանում եւ Ղարաբաղում ծավալված ազատագրական շարժմանը՝ ժամանակ շահելու, ուժերը վերախմբավորելու եւ թշնամուն ավելի պատրաստ դիմավորելու համար։

Բերդում փակվածները կաթողիկոսի միջոցով բանակցություններ են վարում Աբդուլա փաշայի հետ եւ իրենց կյանքը փրկելու պայմանով բերդը հանձնում նրան։ Իսկ վերջինս Երեւանում թողնում է թուրքական կայազոր եւ ինքը գլխավոր ուժերի գլուխ անցած արշավում դեպի արեւելք։

Թուրքական նվաճումների հետեւանքով երկրում եւ Երեւան քաղաքում տիրում էին անտանելի ծանր պայմաններ, որոնք նկարագրված են մեր պատմագիրների ու ժամանակագիրների՝ Աբրահամ Երեւանցու, Հովհաննես դպիրի, Ստեփանոս Շահումյանի եւ մյուսների երկերում։

Թուրք-պարսկական տիրապետության մռայլ ժամանակշրջանում արտաքին վտանգը դամոկլյան սրի նման միշտ կախված էր մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Հարատեւ ամբողջական շրջանների ավերումներով, զանգվածային կոտորածներով ու գերեվարումներով ուղեկցվող նվաճողների միջեւ մղվող այդ պատերազմները միշտ սարսափի մեջ էին պահում ժողովրդին։ Բնական է, որ այդպիսի պայմաններում հասարակության սոցիալական խմորումներն ու տարբեր շերտերի միջեւ եղած պայքարը համեմատաբար թույլ են արտահայտվում։ Ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը առժամանակ հասարակության բոլոր խավերի ուշադրությունը գամում էր արտաքին թշնամիների դեմ, զգալի չափով միավորում էր հասարակության տարբեր դասակարգերի ուժերը՝ արտաքին թշնամուն հակահարված տալու համար։ Սակայն արտաքին քաղաքական պայմաններն ինչպիսին էլ ուզում են լինել, միեւնույն է, դրանք երբեք չեն կարող թեկուզ ժամանակավորապես իսպառ վերացնել հասարակության տարբեր խավերի միջեւ եղած հակասություններն ու դասակարգային պայքարի արտահայտումները։ Արեւելյան Հայաստանի XVI դարի սկզբների պայմանները նպաստավոր էին դրանց համար։ Շահ-Աբաս I-ի կատարած բռնագաղթը եւ երկրի ամայացումը, նրա արշավանքին հաջորդած սոսկալի սովը, թուրքական արշավանքներն ու ջալալիների ասպատակություններն աշխատավոր բնակչությանը հասցրել էին ծայրահեղ աղքատության եւ անապահովության դուռը։ Այդ բոլորով հանդերձ, բավական արտոնյալ վիճակում էր գտնվում հայկական եկեղեցին։ Թե՛ օսմանյան Թուրքիան եւ թե´ Պարսկաստանը Էջմիածնի նկատմամբ ընդհանուր առմամբ մեղմ էին ու նրան տալիս էին ֆեոդալական զանազան արտոնություններ։ Էջմիածինն ու մյուս վանքերը տեր էին դարձել հսկայական կալվածքների եւ շարժական ու անշարժ ունեցվածքի։ Բարձրաստիճան հոգեւորականությունը՝ վանահայրերը, վարդապետները եւ մյուսները անսահմանափակ օգտվում էին դրանց բարիքներից եւ գտնվում էին արտոնյալ վիճակի մեջ։ Ավելի մեծ արտոնություններով էին օժտված մահմեդական հոգեւորականները, որոնք մշտապես հովանավորվում էին պետության կողմից։ Մզկիթներից շատերը հսկայական կալվածքների տեր էին, շահագործող մեծ ապարատներ։

Սեզ հետաքրքրող ժամանակներում սոցիալական շարժումներից համեմատաբար հայտնին Մեխլուի ղեկավարած շարժումն է, որը տարածված էր որոշ գավառներում եւ առնչվել է նաեւ Երեւան քաղաքի ու նրա շրջակա գյուղերի՝ հատկապես Քանաքեռի ու Նորքի հետ։ Մեխլուի անվան հետ կապված այդ շարժումը (որը ոմանք չեն համարում սոցիալական լուրջ շարժում) տեղի է ունեցել Շահ-Աբաս I-ի նշանակած Ամիրգունա խանի ժամանակներում (1604-1625)։ Դրա մասին հիշատակություններ ունեն Զաքարիա Սարկավագը եւ Գրիգոր Դարանաղցին, որոնք լինելով քրիստոնեական եկեղեցու սպասարկուներ, գույների որոշակի խտությամբ են նկարագրել այդ շարժումը եւ նրա ղեկավարին ներկայացրել են մի խումբ «թոփուզավորների» գլուխ անցած բախտախնդիր գուշակ ու կախարդ։ Բայց եւ այնպես հայտնի է դառնում, որ Մեխլուն ուտիացի հայ վարդապետ էր, Գանձակ քաղաքից եւ քարոզում էր մի աղանդ, որն ուղղված էր եկեղեցական հիերարխիայի դեմ։ Նա Ուտիքում, Գեղամա երկրում, Կոտայք գավառում եւ այլ կողմերում ուներ հարյուրավոր կողմնակիցներ, որոնցից 500 հոգի անմիջապես գտնվում էին նրա հետ եւ մասնակցում էին նրա քարոզչական թափառումներին։ Մեխլուի հետեւորդների թվում կային ե՛ւ հայեր, ե՛ւ ադրբեջանցիներ։ Նրա գլխավորած շարժման շատ կողմերն աղբյուրների բացակայության պատճառով դեռեւս չեն լուսաբանված եւ դրա հետեւանքով հայագիտության մեջ դրանց մասին արտահայտվել են իրարամերժ շատ կարծիքներ։

Չնայած իր փայլուն հաղթանակներին եւ վարչական վերափոխություններին, Նադիր-շահին այնուամենայնիվ չհաջողվեց ստեղծել միասնական, կայուն պետություն։ Նրա պետությունը ենթակա էր ֆեոդալական մասնատման եւ հղի կենտրոնախույս ուժերով։ Իրոք որ նրա մահից հետո XVIII դարի երկրորդ կեսում Անդրկովկասի պարսկական տիրապետության մասում եւ Ատրպատականում եղած խանությունների միջեւ տարբեր ժամանակներում ու տարբեր խմբավորմամբ մղվում է երկարատեւ պայքար գերիշխանության եւ ֆեոդալական անկախության համար։ Այդ ժամանակներում խանությունների եւ նրանց ու Պարսկաստանի շահական իշխանության միջեւ մղվող պայքարը հաճախ վեր էր ածվում արյունահեղ կռիվների, որոնց հետեւանքով ավերվում էին երկրի բազմաթիվ շրջաններ ու ոչնչանում, գերավարվում կամ արտագաղթի դիմում բազմահազար բնակիչներ։ Դրանց վրա գումարվում էին նաեւ լեզգիների հաճախակի կրկնվող ավերիչ ասպատակությունները։ Երեւանի խանությունը եւ նրա կենտրոն Երեւան քաղաքն այդ բոլորից բացի, մի քանի անգամ ավերվել է վրացական թագավորների արշավանքների հետեւանքով։ Անդրկովկասը մեծագույն հարված է ստացել XVIII դարի վերջին՝ Աղա-Մամեդ խանի 1795 թվականի արշավանքով։ Այնպես որ XVIII դարի երկրորդ կեսը դարձյալ մռայլ ժամանակաշրջան էր մեր երկրի ու նրա մայրաքաղաքի համար, ներքին արյունահեղ երկպառակությունների եւ պարբերաբար կրկնվող պատերազմների մի ժամանակաշրջան, որի քաղաքական անցքերի կիզակետում էր նաեւ Երեւանը։ Նադիր-շահի մահից հետո կիսանկախ դիրք ձեռք բերած Երեւանի խաները ճիշտ է, ձգտում էին վերականգնել 15 տարի տեւած թուրք-պարսկական պատերազմների հետեւանքները, սակայն խանությունների միջեւ մղվող պատերաղմները եւ լեզգիների արշավանքները ոչ միայն խոչընդոտում էին երկրի տնտեսական առաջադիմությունը, այլեւ սպառնում էին Երեւանի խանության անկախությանը։ Երեւանի խաներն այս վտանգի առաջն առնելու միակ ելքը որոշ ժամանակ համարեցին վրաց թագավորի հետ դաշնակցելը՝ վերջինիս հարկատու դառնալու պայմանով։ Սակայն նպաստավոր պայմաններ ստեղծվելու դեպքում նրանք դադարեցնում էին Վրաստանին հարկ տալը եւ ձգտում էին միանգամայն անկախանալ։ Այդ հողի վրա վրաց Հերակլ թագավորը մի քանի պատիժ արշավանքներ է ձեռնարկել դեպի Երեւան, ավերելով բազմաթիվ շրջաններ եւ գերեվարելով մեծ թվով բնակիչների։ 80-ական թվականի սկզբներին այնուամենայնիվ կանոնավորվում են Երեւանի խաների եւ վրաց թագավորների հարաբերությունները։ Աղա-Մամեդ խանի արշավանքի նախօրյակին Երեւանի խանը փաստորեն փոխադարձ օգնության դաշինք ուներ վրացական թագավորության հետ եւ արտաքին լուրջ հարձակման դեպքում վերջինից ակնկալում էր էական օգնություն։ Սակայն արեւելա-վրացական թագավորությունը ինքն էր կարիք զգում մեծ օգնության՝ ընդդեմ Պարսկաստանում հաստատված Ղաջարյան հարստության ահավոր բռնակալի՝ Աղա-Մամեդ խանի, որն իր ավերիչ արշավանքներով կարողացավ գեթ կարճ ժամանակով վերականգնել Պարսկաստանի երբեմնի կենտրոնաձիգ բռնապետությունը եւ դաժան դատաստան տեսնել անկախության ձգտող վրացական թագավորության ու խանությունների հետ։ Աղա-Մամեդ խանի կողմից Երեւանում նշանակված Ալի-Ղուլին ամենալկտի ու դաժան խաներից էր։ Նրա ընչաքաղցությունը եւ գործադրած բռնությունները ծայրաստիճան գրգռել էին բնակչությանը։ Աղա-Մամեդ խանի սպանությունից հետո (1797 թ. ) շահ դարձած Բաբա-խանը, որը թագադրվել էր Ֆաթ-Ալի շահ անունով, որոշ չափով կանոնավորում է Երեւանի խանության վարչակարգն ու ներքին կյանքը, բայց այդ երկար չի տեւում եւ նորից է բռնկվում խաների միջեւ մղվող պայքարը։

Քաղաքական անկայուն պատմության հետեւանքով XVI-XVIII դարերում բավական անկայուն է եղել նաեւ Երեւան քաղաքի ու համանուն խանության վարչակարգը։ Պատերազմական վիճակի պատճառով հաճախ հարկ է եղել փոփոխության ենթարկել խանության եւ նրա կենտրոնի վարչական ապարատը, ուժեղացնել ու ավելի մարդաշատ դարձնել խանի ռազմական ուժերը, լայնացնել խանի իրավունքները, փոփոխության ենթարկել հարկասիստեմը եւ դրա հետ կապված վերափոխել նաեւ հարկերի նշանակմամբ ու հավաքմամբ զբաղվողների կազմը։ Փոփոխության են ենթարկվել խանության սահմանները, մահալաբաժանումը, խաների՝ մեկը մյուսին հաջորդելու կարգը, շահից, սուլթանից կամ վրաց թագավորից նրանց ունեցած կախվածության աստիճանը եւ այլն, եւ այլն։ Սակայն խանության վարչակարգի կրած փոփոխություններն այդ երեքհարյուրամյա ժամանակաշրջանում արմատական չէին։ Այնպես որ Երեւան քաղաքի ու համանուն խանության ներքին վարչակարգը պարսկական, թուրքական եւ կիսանկախ խաների տիրապետության շրջանում հիմնականում մնացել էր նույնը։

Երեւանի կուսակալությունը (վիլայեթ, խանություն, փաշայություն, բեյլերբեյություն, սարդարություն) ձեւավորվել է XIV դարի վերջերին, կարա-կոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում։ Նրա տերիտորիան տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր մեծություն։ Նրա սահմանները երբեմն ընդարձակվել են, երբեմն էլ՝ կրճատվել, նայած քաղաքական պայմաններին եւ այս կամ այն շահի, սուլթանի վարած վարչական քաղաքականությանը։ Սկզբնական շրջանում, երբ նոր էր ձեւավորվում Երեւանի կուսակալությունը (կամ վիլայեթը, որ օտարները կոչում էին Չուխուր-Սաադ=Սաադի փոս) նրա տերիտորիան բավական փոքր էր։ XIV դարի վերջերին այն իր մեջ ընդգրկում էր Այրարատյան աշխարհի մի փոքր մասը միայն՝ նախկին Երասխաձոր ու Ճակատք գավառները եւ դրանց մերձակա մի քանի շրջանները։ Հետագայում Երեւանի կուսակալության սահմանները բավական ընդարձակվում են։ XVI դարում այն արդեն իր մեջ ընդգրկում էր նախկին Այրարատյան աշխարհի մեծագույն մասը։ Էլ ավելի ընդարձակ էր նրա տերիտորիան XVII դարում, երբ այն ոչ թե սովորական խանություն էր, այլ բեյլերբեյություն, որին ռազմական առումով ենթարկվում էր Անդրկովկասի պարսկական տիրապետությունների մեծագույն մասը։ Այդ ժամանակ նրա բուն տերիտորիայի սահմանները հարավ-արեւելքում ձգվում էին մինչեւ Մակուի մոտերքը, արեւմուտքում նրա սահմանը կազմում էր Ախուրյան գետը, հյուսիսում՝ Փամբակի լեռնաշղթան, արեւելքում՝ Գեղամա (Աղմաղանի) լեռների. հարավային վերջավորությունները, իսկ հարավում՝ Հայկական Պար լեռնաշղթան։ Կիսանկախ խաների տիրապետության շրջանի (XVIII դարի երկրորդ կես) Երեւանի խանության տերիտորիայի մեծության մասին կան ավելի շատ ու ամբողջական տեղեկություններ։ Նշված տերիտորիալից բացի, այդ ժամանակներում մերթ ընդ մերթ նրա մեջ էր մտնում նաեւ Շիրակը (Շորագյալը)։

Խանությունները, որոնց թվում նաեւ Երեւանի խանությունը մասնատված էին մահալների (շրջանների)։ Խանության մահալաբաժանման հիմքում ընկած էին ոռոգման սիստեմները։ Յուրաքանչյուր մահալ ոռոգվում էր այս կամ այն գետով կամ գետակով։ Մահալը վարչա-տերիտորիալ միավոր էր։ Նրա կառավարիչները կոչվում էին մելիքներ, միրբոլուկներ, նայիբներ կամ մին-բաշիներ, որոնք նշանակում էր խանը՝ ժառանգական բեկերից, մելիքներից եւ սուլթաններից։ XVIII դարի առաջին կեսում Երեւանի խանությունը մասնատված էր 9 մահալի, իսկ հետագա մասնատման հետեւանքով նրա մահալների թիվը XIX դարի սկզբներին հասնում է 15-ի։ Դրանք էին՝ Կըրխ-բուլաղ, Զանգիբասար, Գառնիբասար, Վեդիբասար, Շարուր, Սուրմալու, Դարաքենդ-Փարչեն, Սաոթլի, Թալինի, Սեիդլի-Ախսախլի, Սարդարապատ, Կարբիբասար, Ապարան, Դարաչիչակ եւ Գյոկչա։

Երեւանի խանության կենտրոնը Երեւան քաղաքն էր։ Սկզբնական շրջանում Երեւանը վարչական այդպիսի կենտրոն էր դարձել հավանաբար XIV դարի վերջերին կամ XV դարի սկզբներին։ Իբրեւ խանության կենտրոն, Երեւանը վարչական առումով առանձին միավոր էր եւ չէր մտնում որեւէ մահալի մեջ։ Երեւանը միաժամանակ բերդաքաղաք էր։ Նրա բերդը մի քանի դար շարունակ Արեւելքում հռչակված էր որպես անառիկ։ Թուրք–պարսկական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Երեւանի բերդը պարսկական խաների եւ թուրքական փաշաների նստավայրն էր։ Այստեղ էին գտնվում խանի ապրանքները, զինանոցները, զորանոցները, մթերային պահեստները, կային նաեւ մզկիթներ, բաղնիքներ, խանի հարեմը եւ բնակելի բազմաթիվ տներ։ Երեւանի խաներն ու փաշաները Երեւանի բերդը պարբերաբար վերանորոգել, վերակառուցել ու ամրացրել են։ Այդ բերդը XVII դարի 70-ական թվականների դրությամբ բավական մանրամասն նկարագրել է ֆրանսիական վաճառական ու ճանապարհորդ Ժ. Շարդենը, ըստ որի բերդը ձվաձեւ էր, չորս հազար ոտնաչափ արտաքին շրջագծով, ուներ եռաշարք աշտարակավոր պարիսպներ, մինչեւ 800 տուն, բերդապաշտպան հրետանի, բավական մարդաշատ կայազոր, որը բաղկացած էր մշտական վարձու զինվորներից։ Խանը սովորաբար հաստատվում էր (իսկ երբեմն ուղղակի նշանակվում էր) շահի կողմից, բայց դա ըստ էության ձեւականություն էր եւ նա օժտված էր ներքին լայն իրավունքներով ու հարմար պահերին իրեն համարում էր միանգամայն անկախ իշխող։

Երեւանի խաները կիսանկախ դարձան XVIII դարի առաջին կեսի վերջերից՝ Նադիր-շահի մահից հետո։ Խանության տերիտորիայում եղած ժառանգական մանր տիրապետությունների՝ մելիքությունների եւ «ուլկա»-ների իշխանավորները ենթակա էին Երեւանի խանին, որն այդ պատճառով էլ կոչվել է «բեյլերբեյ» (= բեգերի բեգ, իշխանաց իշխան)։ Բեյլերբեյը խանության (կուսակալության) գերագույն կառավարիչն էր եւ զորքերի գլխավոր հրամանատարը։ Նա ուներ լայնատարած կալվածքներ եւ հարկերից ու տուրքերից, կենցաղ դարձած կաշառքից ու «նվիրատվություններից» (փեշքեշներից) ստանում էր հսկայական եկամուտներ։ Խաներն օժտված էին բռնակալական բոլոր իրավունքներով։ Կամայականությունը, դաժանությունը, բռնությունները, թալանը, կաշառքը, ծեծը եւ մարդկանց ֆիզիկապես պատուհասելը խաների համար դարձել էին սովորույթ։ Այս կամ այն խանի «գործունյա» կամ «անբան», «չար» կամ «բարի», «քաջ» կամ «վախկոտ» լինելը եւ բնակչության նկատմամբ նրանց անհատական վերաբերմունքի բնույթը ամենեւին չէրն փոխում պարսից բռնապետության եւ նրա փոքրիկ կրկնօրինակը կազմող Երեւանի խանության դաժան կարգերը, նրա խաների բռնակալական իրավունքները։ Խանի գերագույն իշխանությանն էին ենթակա մյուս բոլոր պաշտոնյաները՝ մահալների կառավարիչները, քալանթարները, պալատական ծառայողները, միրաբները եւ մյուսները։

Եթե քաղաքական առումով մեզ հետաքրքրող ժամանակաշրջանը կարելի է բաժանել երկու ենթաշրջանների (1500-1747 թթ. եւ 1747-1800 թթ. ), ապա սոցիալական-տնտեսական առումով այդ երեք դարերը մի միասնական ժամանակաշրջան են, որ փաստորեն իր մեջ ընդգրկում է նաեւ XIX դարի առաջին տասնամյակները՝ մինչեւ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը։

Երեւանի խանությունը սեֆեւյան Պարսկաստանի կազմում կարեւոր նշանակություն ուներ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով. այն պարսից պետության մեջ համարվում էր ամենաեկամտաբեր կուսակալությունը։ Ժ. Շարդենը այդ պատճառով Երեւանի խանին համարում է «Պարսկաստանի ամենահարուստ եւ ամենաերջանիկ ազնվատոհմ իշխանը», որի տարեկան եկամուտներն ամենահամեստ հաշիվներով կազմում էին 46 հազար թուման կամ ավելի քան 466. 000 արծաթ ռուբլի։ Սակայն ո՛չ ընդարձակ արգավանդ հողատարածությունները եւ ո´չ էլ զանազան եղանակներով խանի ստացած հսկայական եկամուտները չէին կարող չափանիշ լինել երկրի տնտեսական վիճակի համար։ Պարսկական ու թուրքական ֆեոդալական հետամնաց բռնապետությունների ծանր տիրապետության տակ գտնվող երկրները, որոնց թվում եւ Երեւանի խանությունն ու ամբողջ Հայաստանը, տնտեսապես գտնվում էին ամենաանպաստ պայմաններում եւ հնարավորություն չունեին որեւէ չափով բարգավաճելու։ Ֆեոդալական հետամնաց հարաբերությունների; կողոպտիչ հարկային քաղաքականության, կամայականությունների ու կաշառակերության, խաների ու փաշաների ընչաքաղցության, պարբերաբար մղվող թուրք-պարսկական պատերազմների, ֆեոդալական երկպառակությունների հետեւանքով Երեւանի խանությունն ու նրա կենտրոնը բազմիցս ենթարկվել են ավերման եւ զրկվել իրենց բուն բնակիչների զգալի մասից։ Սակայն մեր աշխատասեր ժողովուրդը յուրաքանչյուր պատեհ առիթ, կարճատեւ խաղաղության շրջան, օգտագործում էր իր տնտեսությանը, վերականգնելու, գյուղերն ու քաղաքները վերաշինելու, մշակույթը զարգացնելու։ Երկրի տնտեսական կյանքի համար կարեւոր նշանակություն է ունեցել 1639 թվականի հաշտությամբ ստեղծված համեմատաբար խաղաղ շրջանը, որը տեւել է ավելի քան 80 տարի։ Որոշ խաղաղ տարիներ հաջորդել են նաեւ ուրիշ ժամանակներում՝ 1555, 1612 եւ այլ թվականներին կնքված պայմանագրերին, սակայն դրանք շատ կարճատեւ են եղել եւ շուտով նոր ուժով բռնկվել են պատերազմներն ու կործանել այդ տարիներին ստեղծվածը։ XVIII դարի 20-ական թվականներին նորից բորբոքվեցին թուրք-պարսկական պատերազմները, որոնց հաջորդեցին լեզգիների ավերիչ ասպատակությունները, վրաց Հերակլ թագավորի կրկնակի հարձակումները եւ Աղա-Մամեդ խանի ավերիչ արշավանքները, որոնց հետեւանքով նույնպես երկիրը ենթարկվեց ավերման։ Այնպես որ մերթ ընդ մերթ կարճ ժամանակով հաստատված խաղաղության տարիներին ժողովուրդը հազիվ էր հասցնում վերականգնել երկրի տնտեսական նախկին վիճակը, երբ նորից էին բռնկվում պատերազմները։ Այնուամենայնիվ, առանձին խաների օրոք Երեւանի խանությունն ու Երեւան քաղաքն ապրել են տնտեսական կյանքի որոշ աշխուժացում։ Այդպիսի մասնակի զարգացում է եղել, օրինակ, Ամիրգունա խանի (1604-1625), Խոսրով-խանի, Զալ-խանի եւ մի քանի այլ խաների օրոք։ Երեւանի տնտեսական կյանքում կարեւոր դեր էին խաղում արհեստները, որոնք սակայն պատերազմների ու գերեվարումների հետեւանքով չէին կարող զարգանալ իրենց բնական ընթացքով։

Սկզբնաղբյուրների վկայություններից երեւում է, որ Երեւանում արհեստագործությունը բավական զարգացել էր XVII դարի երկրորդ կեսին եւ հաջորդ դարի սկզբներին։ XVI-XVIII դարերում Երեւանում կային մի քանի տասնյակ արտադրական արհեստներ՝ քարտաշություն, հյուսնություն, ոսկերչություն, պղնձագործություն, արծաթագործություն, դերձակություն, գդակագործություն, բրուտագործություն, ժամագործություն, դրամահատություն, որմնադրություն եւ այլն։ Քաղաքի արհեստավորները գրեթե բացառապես հայերն էին, որոնք իրենց արհեստները միջնադարյան մյուս քաղաքների արհեստավորների նման ժառանգում էին իրենց որդիներին։ Քաղաքի արհեստավորների արտադրած ապրանքները հիմնականում սպառվում էին տեղում, եթե բացառելու լինենք գինին, օղին եւ մի քանի ուրիշ ապրանքներ, որոնք ամբողջությամբ չէին կարող սպառվել տեղում եւ դրանց համար մեծ պահանջարկ կար հարեւան ու հեռավոր շրջաններում։ Արհեստավորները բավական լավ էին տիրապետում իրենց արհեստներին եւ տալիս էին համեմատաբար բարձրորակ արտադրանք։ Միեւնույն արհեստավորը կարող էր տիրապետել մի քանի արհեստների։ Արհեստի ներսում աշխատանքի բաժանումը թույլ էր արտահայտված՝ հումքի նախնական վերամշակումից մինչեւ պատրաստի արտադրանք տալը կարող էր կատարել միեւնույն արհեստավորը։ Արհեստավորներն ըստ զբաղմունքի կազմում էին համքարություններ, որոնք այնքան խոշոր դեր էին խաղում արհեստավորական արտադրության եւ արտադրված ապրանքների վաճառման ասպարեզում։ Սակայն արհեստավորների մի զգալի մասը չէր ընդգրկված համքարություններում։

XVI-XVIII դարերի երեւանի քաղաքային արտադրությունը չէր սահմանափակվում միայն արհեստներով։ Այստեղ գոյություն ունեին շատ տնայնագործական տիպի ձեռնարկություններ՝ ջրաղացներ, դինգեր, կաշեգործական ձեռնարկություններ, ներկատներ եւ այլն։

Արհեստավորները ենթակա էին ծանր հարկադրման։ Հարկերը նշանակելու համար ամեն տարի կատարում էին աշխարհագիր։ Արհեստավորներից ու առեւտրականներից գանձվող ուղղակի եւ անուղղակի հարկերի տեսակները հասնում էին ավելի քան 20-ի։ Այնպես որ, չնայած Երեւանի բնակչությունն ազատված էր բնատուրքային հարկերից, սակայն դրամական տուրքերն այնքան մեծ էին, որ քաղաքացու տուրքերն ընդհանուր առմամբ շատ քիչ էին տարբերվում գյուղական բնակչությունից գանձվող հարկերից ու տուրքերից։ Պետական տուրքերի մեջ նշանակալի տեղ էին գրավում պարհակները։ Քաղաքի բնակչությունը շրջակայքի գյուղերի բնակչության հետ միասին հավասար հարկադիր աշխատանքներ էր կատարում սարդարի համար։

Պետական հարկերով ու պարհակներով չէին սահմանափակվում բնակչության վրա բարդված պարտականությունները։ Բնակչությունից ուղղակի եւ անուղղակի եղանակներով հսկայական միջոցներ էր կլանում նաեւ քրիստոնեական ու մահմեդական հոգեւորականությունը։

Ֆեոդալական Պարսկաստանում եւ նրա կազմի մեջ մտնող Երեւանի խանությունում տիրապետող էր փակ բնատնտեսությունը։ Առեւտրի լայն զարգացման համար չկային համապատասխան սոցիալ-տնտեսական պայմաններ, նրա ծավալմանը խանգարում էին ֆեոդալական մաքսային սիստեմը, ճանապարհների անբարեկարգությունն ու վտանգավորությունը, չափ ու կշիռների անորոշությունն ու բազմազանությունը, բնակչության ցածր գնողունակու֊ թյունր եւ, մանավանդ, պատերազմները։ Երեւանի խաներն իրենց կողոպտիչ հարկային քաղաքականությամբ գյուղացիությանը հասցրել էին ծայր աղքատության։ Գյուղացին շուկա դուրս բերելու համար չուներ ավելցուկ մթերքներ, այն աննշան քանակությամբ մթերքներն էլ որ նա հանում էր վաճառքի, անում էր հարկադրաբար՝ դրամական որոշ հարկեր տալու եւ իր տնտեսության մեջ պակասող իրեր ձեռք բերելու համար։ Մի փոքր այլ էին պայմանները Երեւանում։ Երեւանը տարանցիկ առեւտրի կարեւոր կետ էր։ Նրա վրայով եվրոպական ապրանքները առաքում էին դեպի Արեւելք, իսկ Հնդկաստանից եկողները՝ Արեւմուտք։ Իբրեւ խանության կենտրոն Երեւանում կար մեծ պահանջներ ունեցող սպառողների մի բազմամարդ խումբ, որի մեջ մտնում էին՝ սարդարը, նրա պալատականներն ու սպասարկուները, հարեմը, կայազորը, խաներ, միրզաներ, բեկեր, մելիքներ, տարբեր կարգի հոգեւորականներ ու աստիճանավորներ։ Ինքր՝ սարդարը նույնպես մասնակցել է խոշոր վաճառականների գործարքներին։ Նրա օրինակին հետեւել են մյուս խաները, որոնք իրենց շահերից ելնելով, դրամ են մատակարարել վաճառականներին եւ նրանց վերցրել իրենց հովանավորության տակ։ Մյուս կողմից սարդարը որոշ ապրանքներով կատարվող առեւտուրը համարելով իր մենաշնորհ իրավունքը, դրանով իսկ խանգարել է առեւտրի ազատ զարգացմանը։

Այնուամենայնիվ, Երեւանի առեւտարը կրում էր աշխույժ բնույթ։ Նրա շուկաներում ու խանութներում վաճառվում ու գնվում էին գյուղատնտեսական ապրանքներ, արհեստավորական արտադրանքներ, ինչպես եւ ներմուծված ապրանքներ։ Նրա ներքին առեւտուրը գերազանցապես մանրածախ բնույթ ուներ եւ կենտրոնացած էր հիմնականում գլխավոր շուկա-հրապարակում՝ Ղանթարում։ Առեւտրի կազմակերպման համար առանձնահատուկ նշանակություն էին ձեռք բերել նաեւ երթեւեկ վաճառականներին սպասարկող քարավանատները, որոնք XVIII դարի վերջերին թվով 7 էին եւ ունեին տասնյակներով մանր խանութներ։

Ինչպես երեւում է, Երեւանում գյուղատնտեսական մթերքների գները հարեւան խանությունների եւ շրջանների շուկաների գների համեմատությամբ ցածր են եղել։ Այդ են ապացուցում Զաքարիա Սարկավագի, Զաքարիա Ագուլեցու, Աբրահամ Կրետացու եւ մյուսների վկա յությունները։ Բայց անբերրիությունների, սովի եւ պատերազմների ժամանակ Երեւանի շուկայում ապրանքների գները բարձրացել են անհավատալի չափերով։ Բացի դրանից, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների՝ գարու, ցորենի, կտավի եւ այլ ապրանքների գներն ընդհանրապես անշեղորեն բարձրացել են։ Այսպես, օրինակ, 1740-1820 թվականների ընթացքում գարու գինը բարձրացել է 7, 5 անգամ, ցորենինը՝ մոտ 6 անգամ, մսինը՝ 5 անգամ, կտավինը՝ 4 անգամ եւ այլն։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Երեւանում շրջանառության մեջ էին գտնվում տարբեր երկրների դրամները։ Բայց Երեւանն ուներ նաեւ իր դրամահատարանը՝ զառաբխանան, որը գոյություն ուներ տակավին նախորդ շրջանից։ Դրամ հատելու եւ հատանելիք դրամական միավորների տեսակները ու մետաղի պարունակության չափը սահմանում էր ինքը՝ շահը, ելնելով պետության ընդհանուր ֆինանսական դրությունից եւ երկրում շրջանառության մեջ գտնվող օտարերկրյա դրամների քանակից ու նրանց պարունակությունից։ Երեւանի զառաբխանան տրվում էր կապալով։ Մինչեւ XVII դարի կեսերը կապալառուները պարսիկ վաճառականներից էին, իսկ այնուհետեւ հայ վաճառականներից՝ խոջաներից։

Ըստ նշանակության եւ ծավալի մեզ հետաքրքրող ժամանակներում Երեւանի առեւտրի մեջ առաջին տեղը գրավում էր արտաքին եւ տարանցիկ առեւտուրը։ Դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ կնքված 1639 թվականի հաշտությամբ։ Երեւանի արտաքին առեւտրի համար կարեւոր նշանակություն ունեին Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված պայմանագրերը։ Դրանցից առանձնապես ուշադրության արժանի է 1729 թվականի փետրվարի 13-ին կնքվածը, ըստ որի սովորական մաքսի վճարումով թույլատրվում էր երկու կողմերի քաղաքացիներին ու վաճառականներին ազատ առեւտուր կատարել պայմանադիր կողմերի ցանկացած շրջանում ու քաղաքում։

Երեւանից դուրս էին գալիս դեպի տարբեր երկրներ գնացող մի քանի ճանապարհներ։ Դրանցից քաղաքի համար ամենակարեւորը Թավրիզ-Ջուղա-Երեւան-Էջմիածին-Կարս-Էրզրում ճանապարհն էր, որն Էրզրումից շարունակվելով ավելի արեւմուտք, հասնում էր Միջերկրական ծովի ափերը, իսկ արեւելքում Թավրիզից դիմում էր դեպի Պարսկաստանի խորքերը եւ ապա Հնդկաստան ու Միջին Ասիա։ Այս ճանապարհի միայն Ջուղայից մինչեւ Կարս ընկած հատվածում XVII—XVIII դարերում կառուցված էին 9 կամուրջներ, որոնց թվում էր եւ Ջուղայի հայտնի կամուրջը (Արաքս գետի վրա)։ Մեր պատմագիրների մոտ մի շարք վկայություններ կան այդ կամուրջների եւ նշված ճանապարհի կայանների մասին։ Քարավանային ճանապարհներով հիմնականում երթեւեկում էին ուղտերով ու ձիերով։ Թավրիզից մինչեւ Երեւան բարձած ուղտերով կամ ձիերով հասնում էին 12 օրվա ընթացքում։ Տարանցիկ առեւտրի ապրանքները բնական է, որ մեծ զանգվածներ չունեին եւ դրանք բաղկացած էին բացառապես չփչացող ապրանքներից։ Ճանապարհներն անբարեկարգ էին եւ անապահով. ավազակային բանդաները միշտ ահ ու սարսափի մեջ էին պահում քարավանները։ Երեւանի վաճառականներն առեւտրական գործերով լինում էին Արեւմտյան Եվրոպայի երկրներում, Լեհաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ այլուր։

Առեւտրով զբաղվում էին շատ-շատերը՝ արհեստավորներից ու մանր առեւտրականներից սկսած մինչեւ հարուստ վաճառականներն ու ինքը՝ սարդարը։ Պրոֆեսիոնալ վաճառականությունն ըստ իր կապիտալի մեծության, կատարած առեւտրի ծավալի եւ երկրի կյանքում խաղացած դերի, բաժանվում էր չորս խմբի՝ սովդաքյարների, բինախտարների, բազազների եւ չարչիների։ Սովդաքյարներն ամենահարուստ, բարձր գիրք ունեցող վաճառականներն էին։ Նրանք զբաղվում էին մեծածախ առեւտրով, եւ մաքսից բացի, ազատված էին բոլոր կարգի հարկերից։ Իրենց հարստությամբ եւ իրավունքներով սովդաքյարներից հետո գալիս էին բինախտարները, որոնք նույնպես զբաղվում էին մեծածախ առեւտրով, իսկ բազազներն ու չարչիները զբաղվում էին մանրածախ առեւտրով։ Երեւանում բազազները կազմում էին ամենաուժեղ համքարությունը եւ քաղաքի առեւտրի մեջ արտակարգ մեծ դեր էին խաղում։ Աղբյուրներում սովորաբար բոլոր կարգի խոշոր վաճառականները հիշատակվում են մի ընդհանուր՝ խոջա անվան տակ։ Երեւանում մեզ հետաքրքրող ժամանակներում մեծահարուստ խոջաների համբավ ունեին Զաքարիա Ագուլեցու եղբայր Շմավոնը, որը վերջում սնանկացավ, խոջա Գրիգորը, որը առեւտրական գործերով քսան տարի մնացել էր Լեհաստանամ եւ մեծ կապիտալներ կուտակել, եւ ուրիշներ։

Հայաստանում եւ Ադրբեջանում մեզ հետաքրքրող ժամանակներում գոյություն ունեին հողատիրության հինգ տեսակներ՝ պետական կամ դիվանին պատկանող հողեր, շահի ընտանիքի սեփական հողեր, քրիստոնեական եւ մահմեդական կրոնական հիմնարկներին կտակված հողեր (վակիֆ), մասնատիրական հողեր (մուլք կամ արբաբի) եւ գյուղական համայնքներին պատկանող հողեր։ Անդրկովկասի խանություններում, որոնց թվում նաեւ Երեւանի խանությունում պետական հողերն իրական ում ենթակա էին խանի իրավասությանը։ Երեւան քաղաքում կար երեք կարգի հողատիրություն խանական (սարդարական) կամ պետական, վանքապատկան եւ մասնատիրական։ Երեւան քաղաքում այգիներ, բանջարանոցներ, հողանդակներ, ջրաղացներ, դինգեր, խանութներ ունեին Էջմիածինն եւ այլ վանքեր ու եկեղեցիներ։ Վանքերն ու եկեղեցիներն իրենց կալվածքներն ընդարձակում էին անժառանգ մնացած ունեցվածքներին ու կալվածքներին տեր դառնալով, նվիրատվությամբ եւ դրամով գնելու միջոցով։ Սակայն Երեւանում ամենատարածված հողատիրության ձեւը մասնատիրականն էր. քաղաքի հողերի մեծագույն մասը պատկանում էր մասնավոր անձանց, որոնք սոցիալական ու տնտեսական տեսակետից պատկանում էին հասարակության տարբեր խավերի։ Երեւանի մասնավոր խոշոր հողատերերը ընդարձակ կալվածքներ ունեին նաեւ քաղաքից դուրս՝ Երեւանի խանության գյուղերում։ Ֆեոդալական հողատիրությունր հիմնականում ուներ երկու ձեւ՝ մուքադարություն եւ թիուլդարություն։ Մեծ տարածում էր ստացել հողի առ ու վաճառքը։ Իբր հողատարածության չափի հիմնական միավորներ հիշատակվում են խալվարը, սոմարը, լիտրը, բաթմանը, օրավարը եւ այլն։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Երեւանի ոռոգման ջրանցքներից որոշ ընդհատումներով գործում էին Մամռին, Աբուհայաթը եւ Դալման։ Դրանցից բացի, ոռոգման համար օգտագործում էին քաղաքում եղած ընդգետնյա եւ Գետառի ջրերը։ Պատերազմների եւ 1679 թվականի կործանիչ երկրաշարժի հետեւանքով մի քանի անգամ խափանվել են քաղաքի ջրանցքները, բայց դրանք նորից վերականգնվել են։ Քաղաքի մեծ ջրանցքները համարվում էին խանի սեփականությունը, որը դրա վրա հսկելու համար սահմանել էր հատուկ պաշտոնեություն։

Նախորդ ժամանակների նման XVI-XVIII դարերում Երեւանը դարձյալ այգեգործական մեծ բնակավայր էր։ Այստեղ կային մրգատու եւ խաղողի բազմաթիվ այգիներ, որոնց գրաված տարածությունը հասնում էր ավելի քան 2. 000 հեկտարի։ Բնակիչների մեծ մասն ուներ իր այգիները։ Քաղաքի այգեգործությունն ու խաղողագործությունը զգալի առաջադիմություն են կատարել հատկապես XVII դարի սկզբներին՝ Ամիրգունա-խանի իշխանության տարիներին եւ նույն դարի վերջերին՝ Զալ-խանի օրոք։ Բուն քաղաքից բացի, ընդարձակ այգիներ կային նաեւ նրա շրջակայքի գյուղերում՝ Ձորագյուղում, Նորագյուղում, Նորքում եւ այլուր, որոնք տնտեսապես այնքան ձուլված էին քաղաքի հետ, որ փաստորեն վեր էին ածվել նրա արվարձանների։

Հաճախակի կրկնվող պատերազմներից, ներքին կռիվներից, հարկային ծանր քաղաքականությունից եւ այլ պատճառներից բացի, երկրի ու քաղաքի գյուղատնտեսության ճյուղերի զարգացումը մեծապես խափանում էին նաեւ բնական աղետները՝ մորեխը, երկրաշարժները, կարկուտը, անբերրիությանը, որոնց հետեւանքով պարբերաբար կրկնվում էր մեծ թվով մարդկային կյանքեր խլող սովը։

Մեզ հետաքրքրող ժամանակներում ամբողջ երկրի հետ միասին Երեւանը նույնպես գտնվում էր ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Ինչ խոսք, որ օտարների՝ մոնղոլների, թեմուրյանների, կարա-կոյունլուների, ակ-կոյունլուների, սեֆեւյանների ու թուրքերի երկարատեւ տիրապետությունն իր ազդեցությունն է թողել Հայաստանի ու Ադրբեջանի ֆեոդալական հարաբերությունների վրա։ Սակայն անընդունելի է Ի. Պ. Պետրուշեւսկու այն թեզը, թե իբր օտարի երկարատեւ տիրապետության ընթացքում Ադրբեջանում եւ Արեւելյան Հայաստանում առաջացել էին ֆեոդալական գրեթե նույնատիպ հարաբերություններ։ Փաստերը ցույց են տալիս, որ նշված ժամանակաշրջանում Արեւելյան Հայաստանի ու Ադրբեջանի ֆեոդալական հարաբերություններն իրարից զգալի չափով տարբերվում էին։

Երկրի ֆեոդալական հասարակարգի համապատասխան թե´ գյուղական եւ թե՛ քաղաքային բնակչությունը մասնատված էր տնտեսական ու իրավական տարբեր դիրք ու վիճակ ունեցող խմբերի՝ շահագործողների (խաներ, բեկեր, աղալարներ, մելիքներ, բարձրաստիճան հոգեւորականներ, խոշոր վաճառականներ) եւ շահագործվողների (կախյալ վիճակի մեջ գտնվող գյուղացիներ, արհեստավորներ, մանր առեւտրականներ, վարձու աշխատողներ)։ Իրենց տնտեսական ու իրավական վիճակով իրարից տարբերվում էին ոչ միայն հասարակության այդ մեծ խմբերը՝ շահագործողներն ու շահագործվողները, այլեւ դրանցից յուրաքանչյուրի մեջ մտնող ենթախմբերը՝ արհեստավորները, առեւտրականները, գյուղացիները եւ այլն։ Իր սոցիալ-տնտեսական վիճակով ամենացածր աստիճանի վրա գտնվում էր հասարակության ամենաբազմամարդ դասակարգը՝ գյուղացիությունը, որն իր հերթին նույնպես ենթարկված էր շերտավորման։

Երեւանում եւ Երեւանի խանության մեջ արտոնյալ խավի աստիճանավորության բարձրագույն կետում գտնվում էր սարդարը։ Նրան էին ենթակա հայ, ադրբեջանցի, թուրք եւ պարսիկ մյուս բոլոր մեծամեծները՝ ժառանգական ու անձնական բոլոր ազնվականները, խաները, մելիքները, աղալարները, պարոնները, բեկերը եւ այլք։ Այդ էր եղել պատճառը, որ Երեւանի խանը սարդար (զորագլուխ) տիտղոսից բացի, սովորաբար կոչվում էր նաեւ բեյլերբեյ (բեգերի բեգ)։ Երեւանի խանը մեծ իշխանություն ունենալուց բացի, խանության ամենահարուստ անձնավորությունն էր՝ խոշոր կալվածատեր եւ վաճառական։ Նա տարեկան մոտ կես միլիոն ռուբլոլ եկամուտ էր ստանում խանության ուղղակի եւ անուղղակի հարկերից։

Արտաքին եւ տարանցիկ առեւտրի ծավալման հիմքի վրա, հասարակության դասակարգային տրոհվածության խորացման հետեւանքով մեզ հետաքրքրող ժամանակներում գոյություն ուներ նաեւ վաճառականության եւ պրոֆեսիոնալ խոշոր առեւտրականների խումբը, որը, ճիշտ է, զանգվածորեն չէր մտնում արտոնյալ դասակարգի մեջ, բայց ուներ բավական լայն արտոնություններ։

Պարսկական տիրապետության տակ գտնվող Արեւելյան Հայաստանում եւ Ադրբեջանում XVI-XVIII դարերում հարկատու բնակչությունից գանձվող հարկերի ու տուրքերի եւ զանազան տեսակի հարկադիր աշխատանքների ընդհանուր թիվը հասնում էր 35-ի։ Ընդ որում այդ բոլորը Ի. Պ. Պետրուշեւսկին բաժանում է 5 խմբի՝ հողային ու եկամտահարկերի (11 տեսակ), զորքերը եւ վարչական ապարատի տարբեր օղակները պահպանելու համար սահմանված տուրքերի ու բնահարկերի (14 տեսակ), աստիճանավորներին եւ ֆեոդալներին տրվող զանազան «ընծաների» (3 տեսակ), գլխահարկի եւ ծխահարկի (3 տեսակ) եւ պետության ու ֆեոդալների օգտին կատարվող պարտադիր աշխատանքների ու զինվորական ծառայության (3 տեսակ)։ Դրանց մեծագույն մասը գոյություն ուներ նաեւ Երեւանի խանությունում։

Խանության ֆինանսական աշխատողները պարբերաբար կատարում էին աշխարհագիր՝ հարկերը նշանակելու համար։ նրանք ստուգում ու գրանցում էին հարկադրման ենթակա բոլոր կարգի օբյեկտներն ու մարդկանց՝ տները, այգիները, ցանքերը, անասունները, գլխահարկի ենթակա մարդկանց եւ այլն։ Քանաքեռցի Զաքարիա Սարկավագ պատմագիրը մանրամասնությամբ նկարագրել է պարսկական տիրապետության շրջանի ծանր հարկերի նշանակումն ու գանձումը։ Նրա վկայության համաձայն, պարսկական աշխարհագիրներին ուղեկցում էին բռնությունները, ծեծը, ֆիզիկական խեղումները, ահն ու սարսափը։ Ժողովրդի ցասումից ահաբեկված՝ հարկային վերակացուները երկրում շրշում էին զինվորական ջոկատների ուղեկցությամբ՝ հարկադրելով հնարավոր բոլոր օբյեկտները այգիները, պարտեզները, ցանքերը, անասունները, ձիթհանքերը, ջրաղացները, արհեստները, մարդկանց եւ այլն։ Բռնությունները, կաշառքը եւ անօրինականությունը մեծ չափերի էին հասնում մանավանդ հարկերի հավաքման ժամանակ։ Հարկերը հավաքում էին աստիճանավորները մեծ խմբեր կազմած։ Նրանք հարկերը գանձելու պատրվակի տակ ամիսներ շարունակ կարող էին մնալ միեւնույն գյուղում եւ հարկատուների հաշվին ապրել արեւելյան ճոխությամբ։ Բազմաթիվ հարկերի մեջ իրենց ծանրությամբ ժողովրդի համար առանձնապես անտանելի էին բահրան (պետական՝ եկամտային հարկը), գլխահարկը եւ հավատքի համար հայերից բռնագանձվող «ջիզիա» կամ «ջաղիա» կոչված հարկը։

Թուրք-պարսկական պատերազմների, խաների ու փաշաների միջեւ տեղի ունեցող կռիվների եւ կիսանկախ խաների ժամանակ վրաց Հերակլ թագավորի կրկնակի արշավանքների հետեւանքով Երեւանի բնիկ բնակչության զգալի զանգվածները գերեվարվել ու քշվել են օտար երկրներ՝ Պարսկաստան, Թուրքիա, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստան ու Վրաստան։ Առաջին մեծ գերեվարությունը կատարվել է 1579 թվականին, թուրքական նվաճման հետեւանքով։ Սակայն գերեվարության եւ բռնի տեղահանությունների մեջ ահավոր չափեր է ունեցել Շահ-Աբաս I-ի հրամանով 1604 թվականի ամառը կատարված տեղահանությունը։ Բռնագաղթի ենթարկվեց նաեւ Երեւանի բնակչության զգալի մասը։ Տեղահան արված եւ Պարսկաստանի խորքերը քշված երեւանցիները նախ, բնակեցվում են Սպահանի ծայրամասում, իսկ 50 տարի անց՝ 1655 թվականին Նոր Ջուղայի մոտակայքում, որտեղ նրանք կառուցեցին իրենց Նոր Երեւան թաղամասը։

Հայերին իրենց բուն երկրից ու հայրենի քաղաքներից արտաքսելու քաղաքականությունը շարունակվում էր նաեւ XVIII դարում Նադիր-շահի եւ կիսանկախ խաների տիրապետության ժամանակներում։ Նադիր-շահի հրամանով Երեւանի խանությունից հարյուրավոր հայ ընտանիքներ են քշվել Խորասան։ Այդպիսի բռնագաղթ է եղել նաեւ Հուսեին-Ալի-խանի ժամանակ, ինչպես նաեւ մեծ թվով հայ գերիներ տարվեցին Վրաստան՝ Հերակլ թագավորի արշավանքների ժամանակ։ Բռնագաղթերից բացի, Երեւան քաղաքից գաղթ է եղել նաեւ «կամովին» օտարի տիրապետության ծանր պայմանների հետեւանքով, ինչպես նաեւ վաճառականական ու այլ նպատակներով Երեւանից դուրս են եկել եւ ուրիշ երկրներում բնակվել հարյուրավոր երեւանցիներ։

Զանազան եղանակներով տեղի ունեցած քաղաքի բնակչության արտահոսքի համեմատությամբ ներհոսքն ավելի թույլ է եղել։ Բայց եւ այնպես Հայաստանի ուրիշ շրջաններից ու քաղաքներից մի քանի անգամ զգալի թվով բնակիչներ են եկել ու բնակվել Երեւանում։ Դրանց մի մասը բերվել է Ամիրգունայի եւ Հասան-Ալի խանի՝ դեպի Արեւմտյան Հայաստան կատարված արշավանքների ընթացքում, իսկ մյուս մասն իրենք են կամովին գաղթել ու բնակություն հաստատել Երեւանում։

Մինչեւ 1604 թվականի մեծ բռնագաղթը քաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմում էին հայերը։ Հետագայում դրանց թիվը բավականաչափ նվազում է, բայց եւ այնպես նրանք մյուս ազգությունների նկատմամբ իրենց թվով դարձյալ գրավում էին առաջին տեղը։ Քաղաքի բնակչության մյուս մասը կազմված էր թաթարներից (ադրբեջանցիներ), օսմանական թուրքերից եւ պարսիկներից։ Չնայած փոքրամասնությանը՝ թուրքերն ու պարսիկները որպես իշխողներ ունեին մի շարք արտոնություններ։ Առանձնապես ծանր էին հայերի պայմանները։ Նրանք ամենուրեք ենթակա էին հալածանքների ու բռնությունների։ Տիրողները բոլոր միջոցներով ձգտում էին նրանց հավատափոխ անել եւ ձուլեր Մահմեդական իշխանավորներից բացի, մեծ վտանգ էին սպառնում նաեւ ճիզվիտ քարոզիչները, որոնք օգտվելով մեր ժողովրդի ծանր կացությունից՝ նույնպես ամեն կերպ ձգտում էին վերացնել հայկական եկեղեցու ինքնուրույնությունը եւ այն ենթարկել Հռոմի պապի իշխանությանը՝ կաթոլիկական եկեղեցուն։

Մեզ հետաքրքրող ժամանակների Երեւանի բնակչության ընդհանուր թվի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միայն անառարկելի է, որ XVI-XVIII դարերում Երեւանը չուներ աճելու եւ բազմամարդ քաղաք դառնալու հնարավորություններ։ Ամենայն հավանականությամբ այդ դարերում Երեւանն ուներ 10000-12500 բնակիչ։

Պարսկաստանի, Անդրկովկասի եւ Արեւելյան Հայաստանի մյուս քաղաքների նման Երեւանը եւս չուներ բուժական որեւէ ձեռնարկություն։ Նրա բնակչության առողջապահական պայմանները վատթարագույն էին։ Հայկական բժշկության բավական զարգացած շրջանում՝ XVIII դարում Երեւանում հիշատակվում են միայն երկու ոչ հայտնի բժիշկ՝ Հարութիսը (Հարություն) եւ Թաթուլը, որոնցից վերջինը Երեւանում սկսել է աշխատել 1803 թվականից։ Գործնական բժշկությունը մեծամասամբ գտնվում էր բժշկական տարրական գիտելիքներից զուրկ հեքիմների ձեռքին։ Քաղաքում ամռանը մեծ տարածում ուներ դողերոցքը, պարբերաբար բռնկվում էին մահասփյուռ հիվանդություններ։ Տնտեսական ծանր պայմանները, պատերազմներն ու անբերրիությունները, կոմունալ տարրական պայմանների բացակայությունը, դաժան շոգերը, փոշին, կեղտը, լավորակ ջրի բացակայությունը՝ այդ բոլորը Պարսկաստանի, Անդրկովկասի եւ Առաջավոր Ասիայի մյուս շատ քաղաքների նման Երեւանը դարձնում էին վարակի բույն։ Դրանց վրա գումարվում էին տիրողների գործադրած հալածանքներն ու բռնությունները, որոնք ընդհանուր գծերով նկարագրել է Նաղաշ Հովնաթանն իր «Գովասանութիւն Երեւանայ քաղաքին» երգիծական բանաստեղծության մեջ։

Երեւանին բախտ չէր վիճակված բնականոն ընթացքով զարգանալու։ Այն բազմաթիվ անգամ ավերվել է ու ձեռքից-ձեռք անցել։ Յուրաքանչյուր այդպիսի ավերումից հետո հարկ է եղել ավերակների կույտից քաղաքը նորից վերաշինել ու տեսքի բերել։ Պատերազմներից բացի, Երեւանը շատ էր տուժում նաեւ բնական աղետներից՝ երկրաշարժներից ու Գետառի սելավներից։ 1679 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Երեւանը վեր է ածվել ավերակների կույտի եւ մի քանի տասնյակ տարվա ընթացքում հազիվ են վերացրել դրա հետեւանքները։ Ընդհանուր առմամբ, Երեւանում մեզ հետաքրքրոդ ժամանակներում շինարարական զգալի աշխատանքներ են կատարվել Ամիրգունա-խանի, Զալ-խանի, Խոսրով-խանի, Հուսեին-Ալի խանի եւ մի քանի ուրիշ խաների օրոք։ Սակայն Երեւանը մնում էր որպես ասիական հետամնաց քաղաք, առանց որեւէ հատակագծման, խառնիխուռն կավակերտ տներով, կեղտոտ ու ծուռումուռ փողոցներով մի տգեղ քաղաք, որի ընդհանուր գորշ ֆոնի վրա նշմարելի էին բերդի աշտարակները, եկեղեցիների գմբեթները եւ մզկիթների մինարեները։ Քաղաքը որոշ չափով գեղեցիկ տպավորություն էր թողնում միայն ամռանը, երբ այն թաղվում էր այգիների ու բանջարանոցների կանաչ ծովի մեջ։ Քաղաքը բաժանված էր մի քանի թաղամասերի։ Նրա շրջակայքի գյուղերից մի քանիսը՝ Նորքը, Ձորագյուղը, Նորագյուղը նույնպես աստիճանաբար ձուլվել են քաղաքի հետ՝ կազմելով առանձին թաղամասեր։

Քաղաքի գլխավոր կառավարիչը՝ քաղաքագլուխը, քալանթարն էր, որին ստորագրված էին քաղաքային մյուս բոլոր պաշտոնյաները՝ մելիքները, դարուղան (ոստիկանապետը) եւ մյուսները։ Իրականում քալանթարն ու մելիքները իրենց ձեռքում պահում էին դատավորի ու կառավարիչի իրավունքները, իսկ քաղաքի կառավարման մյուս կարեւոր օղակները գտնվում էին դարուղայի, շուկայապետի (բազարբաշի), կշռապետի (միզանդար) եւ ուրիշ ցածրադիր պաշտոնյաների ձեռքին։ Դարուղան իր իշխանությունն իրագործում էր հարյուրապետների (յուզբաշի) եւ տասնապետների (չաուշ) միջոցով։ Համաքաղաքայինից բացի, կար նաեւ գիշերային պահպանության ոստիկանություն, որի գլուխ կանգնած էր գիշերային ոստիկանության պետը՝ հասաս-բաշին, իսկ շուկան ուներ իր առանձին հասասները։ Ոստիկանական եւ պահպանության այդ բոլոր ծառայողները պահվում էին ժողովրդի հաշվին։ Դրանք փոքրից մինչեւ մեծը կատարում էին անօրինականություններ եւ չարաշահումներ։ Եթե այդ բոլորի փոխարեն քաղաքային ոստիկանությունը գտնվեր իր բարձրության վրա եւ թեկուզ նվազագույն չափով ապահովեր քաղաքի եւ շուկայի խաղաղ առօրյան, բնակիչների կյանքն ու գույքը, դեռ ոչինչ, մի կերպ կարելի էր քաղաքի ներքին կյանքը համարել բնականոն եւ տանելի։ Այնինչ պարսկական տիրապետության շրջանի Երեւանի ներքին կյանքը միանգամայն անապահով էր, հասարակության ապադասակարգային տարրերը, ոստիկանական ծառայողների թողտվությամբ, խուլիգանական բանդաներ կազմած՝ գիշերվա պահին ցրվում էին քաղաքով մեկ եւ մինչեւ լույս ահ ու սարսափի մեջ պահում քաղաքացիներին։

Արեւելյան շատ քաղաքների նման Երեւանը եւս հատուկ զբոսայգիներ չի ունեցել։ Բնակիչները սովորաբար զբոսնել են կամ իրենց հանգիստն անցկացրել եկեղեցիների եւ մզկիթների ստվերախիտ բակերում։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվում էր մեծ հրապարակը՝ մեծ մեյդանը, որը շրջապատված էր ծառերով եւ որը նույնպես որոշ չափով ծառայում էր որպես զբոսավայր։ Իրան կից գտնվում էր քաղաքի շուկան՝ առեւտրի եւ բոլոր տեսակի տնտեսական գործարքների կենտրոնը։

Քաղաքում կային մի շարք բաղնիքներ (համամներ) եւ քարավանատներ, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում։ Բացառություն էր կազմում միայն սարդարի հարեմին պատկանող մարմարապատ բաղնիքը, որը գտնվում էր բերդում։

Հնագույն ժամանակներից ի վեր Երեւանի բնակիչները միշտ անհանգստացել են խմելու լավորակ ջուր ունենալու հարցով։ Քաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար առանձին անհատներ կոնկրետ քայլեր են կատարել նաեւ մեզ հետաքրքրող ժամանակներում։ Երեւանցի խոջա Գրիգորը, որ կրում էր Մոծակ մականունը, 1652-1653 թվականներին Գետառից խմելու ջուր է բերել Կաթողիկե եկեղեցու բակը եւ քաղաքի այդ եկեղեցուն հարող թաղերը։ 1793 թվականին Տեր-Գրիգորյան եղբայրները նույն Գետառից ագուգաներով ջուր են բերում Կոնդի ս. Հովհաննես եկեղեցու բակը եւ այդտեղից բաշխում քաղաքի այդ մասի թաղերի միջեւ։ Սակայն դրանցով, այնուամենայնիվ, արմատապես չէր լուծվում Երեւանի խմելու ջրի հարցը։ Մեծ միջոցներ եւ հսկայական աշխատանք պահանջող այդ հարցը լուծվել է միայն XX դարի սկզբներին։

Երեւանի XVI-XVIII դարերի ճարտարապետական կոթողները սահմանափակվում էին եկեղեցիներով, մզկիթներով, Հրազդանի ու Գետառի կամուրջներով, խանի բերդով ու պալատով եւ հնից իր գոյությունը մինչեւ 1679 թ. երկրաշարժը պահապկած մի աշտարակով, որը նկարագրել է Շարդենը։

Առաջին հայացքից թվում է, թե XVI-XVIII դարերում Երեւանում մշակութային առումով հիշատակության արժանի ոչինչ չպետք է ստեղծվեր։ Անվերջ ու ավերաբեր պատերազմները, պարբերաբար կրկնվող բնական աղետները, ֆեոդալական հետամնաց Թուրքիայի ու Պարսկաստանի ծանր լուծը, խաների ու փաշաների սահման չունեցող կամայականությունները՝ այդ բոլորը խափանում էին նաեւ Երեւանի մշակութային կյանքի զարգացումը։ Այդ դարերում բազմաթիվ անգամ ավերվել են հնից եկող նրա ճարտարապետական կոթողները՝ եկեղեցիները, կամուրջները, ոռոգման առուները, ավարի են ենթարկվել տասնյակներով ձեռագրեր, խափանվել են եկեղեցիներին կից եղած դպրոցները, գերեվարվել կամ ոչնչացել են հազարավոր մարդիկ։ Այնուամենայնիվ, XVI-XVIII դարերում եւս Երեւանում մշակութային կյանքը չէր ընդհատվել։ Նույնիսկ այդպիսի դաժան պայմաններում Երեւանում ստեղծվել են հիշատակության արժանի գործեր եւ գիտության ու մշակույթի տարբեր բնագավառներում հանդես են եկել ականավոր շատ ներկայացուցիչներ։ Երեւանի մշակութային կյանքի վրա իր բարերար ազդեցությունն էր թողնում Էջմիածինը։ Քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը մեծապես նպաստել է XVII դարի 20-ական թվականներին Մովսես Սյունեցու կողմից հիմնված ս. Անանիա անապատի դպրոցը, որն իր բնույթով եւ կարգ ու կանոնով նման էր Սյունիքի հռչակավոր Մեծ Անապատի դպրոցին։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Երեւանի եկեղեցիներին եւ մի քանի մզկիթներին կից գործում էին հոգեւորական դպրոցներ։ Եկեղեցական դպրոցների մեջ ամենահայտնին ս. Անանիա անապատի դպրոցն էր, իսկ մզկիթներին կից եղած դպրոցների մեջ համեմատաբար մշտական ու կանոնավոր գործողը Գյոյ-ջամիի դպրոցն էր։ Ս. Անանիա անապատի սաներից շատերը՝ Մելքիսեթ վարդապետը, Ոսկան Երեւանցին եւ շատ ուրիշներ դարձան այն ժամանակվա հայկական մշակույթի հայտնի գործիչներ։

Երեւանի եւ նրա շրջակայքի գյուղերի եկեղեցիներում XVI-XVIII դարերում կուտակվել էին տասնյակներով ձեռագրեր, դրանցում տարբեր գրիչների կողմից ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց մի մասը հասել է մինչեւ մեր օրերը։ Բացառելով անանուն եւ XIX դարի գրիչներին (որոնց ձեռագրերից շատերը պահպանվում են, բայց մեծ արժեք չեն ներկայացնում) մեզ հետաքրքրող ժամանակների երեւանցի եւ Երեւանում գործունեություն ունեցած, բայց ուրիշ տեղից եկած գրիչների թիվը անցնում է մեկ եւ կես տասնյակից։ Դրանցից էին Հակոբ Երեւանցին (XVI դ. ) Պողոսը, Զաքարիան, Եսայի սարկավագը, Մինաս գրիչը, Մկրտիչը, Ավետիս երեցը եւ ուրիշներ։

Սակայն միայն գրչությամբ չի սահմանափակվում նշված ժամանակաշրջանի Երեւանի գրի ու գրականության արվեստը։ Այդ նույն ժամանակներում է տարիներ շարունակ Երեւանում ապրել ու ստեղծագործել միջնադարյան Հայաստանի մշակույթի մեջ այնքան մեծ դեր խաղացած Հովնաթանյանների հայտնի ընտանիքի նշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Նաղաշ Հովնաթանը, տաղասաց Սաֆարօղլին, այդ նույն ժամանակներում Երեւանում գրվել են գրականության պատմության առումով ուշադրության արժանի չափածո արձանագրություններ եւ հիշատակարաններ, ստեղծվել վկայաբանություններ, զրույցներ եւ այլն։ Մեր պատմագիրների եւ եվրոպական ճանապարհորդների վկայություններից երեւում է, որ XVI-XVIII դարերում Երեւանում պարբերաբար փողոցային ներկայացումներ էին տալիս միմոսներն ու կատակերգակները։ Դրանց ներկայացումները, աշուղների ու լարախաղացների ելույթները մեծ բավականություն են պատճառել բնակիչներին։ Դրանք օպերայի, ասմունքի ու կրկեսի նախասկզբնական ձեւերն են, որոնք մեր քաղաքում հարատեւել են բավական երկար ժամանակ։

Արվեստի ճյուղերի մեջ Երեւանում իր տեղն ուներ նկարչությունը։ Դրա ականավոր ներկայացուցիչը Նաղաշ Հովնաթանյանն է, որը ըստ մասնագետների կարծիքի, իր նկարներով զարդարել է Երեւանի եկեղեցիների՝ Պողոս-Պետրոսի, Կաթողիկեի եւ մյուսների ներքին պատերը։ Անկասկած է, որ այդ ժամանակներում Երեւանում կային նաեւ տեղացի մանրանկարիչներ, որոնք զարդարել են տասնյակների հասնող ընդօրինակված ձեռագրերը։ Դրանցից մեզ հայտնի է երեւանցի Խաչատուր Ծաղկողը, որը նկարազարդել է մեզ հասած ձեռագրերից մեկը։

XVI-XVIII դարերում հայտնի են ծագումով երեւանցի կամ Երեւանում ապրած մի շարք հայտնի գործիչներ՝ պատմագիրներ, գիտնականներ, կաթողիկոսներ, մշակույթի գործիչներ։ Երեւանցի էր Մարգար Զաքարիա Խոճենցը (XVIII դարի երկրորդ կես), որի գրչին պատկանում են մի հեքիաթ-պատմվածք («Վարդ եւ սոխակ» վերնագրով) եւ մի կտակագիր, Ստեփանոս Րաբունին (Պռոշյան տոհմից), որը զոհվել է Երեւանում 1679 թվականի երկրաշարժի ժամանակ, հայ տպագրության գործի ռահվիրա Ոսկան Երեւանցին, տոմարագիտական, քերականական, փիլիսոփայական հարցերի մեծ գիտակ Մելքիսեթ վարդապետը, որը Երեւանում երկար ժամանակ ապրելու պատճառով կոչվել է Երեւանցի, պատմագիր Աբրահամ Երեւանցին, որն այնքան մանրամասնությամբ նկարագրել է 1724 թվականի Երեւանի հերոսական պաշտպանությունը թուրքական զավթիչներից, Սիմեոն Երեւանցի հայտնի կաթողիկոսը, որը հեղինակ է մի շարք աշխատությունների (որոնց թվում է նաեւ «Ջամբռ»-ը), Եփրեմ կաթողիկոսը։ Երեւանում տարիներ շարունակ ապրել ու գործել է Մովսես Սյունեցի մեծ ուսուցչապետը, որը հիմնադիրն է Երեւանի ս. Անանիա անապատի բարձր տիպի դպրոցի եւ հեղինակ ու դասախոս։

1604 թվականի մեծ բռնագաղթով Պարսկաստան քշված երեւանցիներն իրենց նոր բնակավայրում՝ Նոր Երեւան թաղում նույնպես ստեղծում են հիշատակության արժանի մշակութային գործեր, դրանով իսկ նպաստելով հայկական մշակույթի ընդհանուր առաջադիմությանը։