Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԲ]  ՄՇՈՒ ՍՈՒԼԹԱՆ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ

Եւ իբրեւ տեսաք զխուպայքն Մշու սուլթան սուրբ Կարապետու՝ անկաք ի վերայ երեսաց մերոց եւ բազում խնդութեամբ լցեալ գոհացաք զԱստուծոյ, որ արժանի արար զմեզ տեսոյն սուրբ Կարապետին. փա՜ռք Աստուծոյ։ Զոր էր մեծ եւ փառաւոր վիմաշէն կամարակապ մեծ եկեղեցի երկու գմպէթով. եւ վերեւն արճիճ որպէս մէջիդնուն վ[ե]րայ. եւ մտեալ ի ներս տեսաք լայնանիստ բակն պարսպով, բազում խցերով եւ օթեւանօք։ Կայր վարդապետ մի ընտիր եւ աստուածահաճոյ՝ Պօղոս անուն, չորս եպիսկոպոս, ԺԵ հաբեղայ, տնտեսք, սարկաւագք։ Եւ մշակքն ամէն քուրդ [1] էին եւ հայերէն ջրի պէս կու խօսէին. եւ ոչ թէ վանքն միայն, այլ եւ ամենայն Մշու օվան եւ գաւառն հայնակ զրուցեն Քուրդերն [2] եւ սուրբ Կարապետի անունն կ՚երդնուն։

Փոքր բան տարաք [3], ժամ առնելով տվաք եւ աղաչեցաք որ մուծին զմեզ ուր տապանն է։ Եւ եկեղեցոյ մէջն սիւնքն գեղեցիկ մարմէրէ. եւ կայ աջ կողմն մատուռ մի եւ գերեզման սուրբ Կարապետին. եւ միւսն Աթանագինէ եպիսկոպոսի. զոր երկրպագեալ աղօթեցաք, մեղաց թողութիւն խնդրեցաք մեզ եւ մեր ծնօղաց եւ մեր երախտաւորաց։ Մեք հասաք մեր մուրատին. Աստուած զամէնքն հասցնէ իւրեանց մուրատին։ Եւ տվին մեզ ճուհար հողուն, որ ի սուրբ գերեզմանէն կ՚ելնէ։

Եւ վարդապետն կոչեաց զմեզ ի ճաշ. զի էր երկիւղած եւ աստուածասէր, քաղցր եւ համեղախօս. կերաք կերակուր վանաց եւ արբաք ջուր։ Սկսաւ խօսել վարդապետն եւ ասել. «Ի՞նչ առնեմ, որդեակ [4], նոր եմ շինել եւ նորոգել վանքս. զի յոյժ աւեր եւ ամայի [5] էր. զի ամէն տարի խզըլպաշն կ՚այրէ, կ՚աւիրէ. ահա երկու տարի է որ խաղաղ եմք»։ Ունէին Ժ գօմէշ, Ճ ոչխար, ԺԵ եզն։ Անտի գնացաք մեծ տնտեստունն, տեսաք մեծ թօնտիր մի, որ եզ մի կու մէկնէր. եւ ասին թէ «որչափ աղբ եւ փոշի լինի աստ եւ թօնիրս՝ մեք բնաւ չեմք աւիլել [6]. վաղվնէ կ՚ելնեմք աւելած [7] գտանեմք»։ Եւ ասին  թէ կաղ դեւ մի կայ, որ սուրբ Կարապետն անդ թողել է սպասաւոր վանաց։

Եւ ի ձախ կողմն մատուռ մի այլ տեսաք. եւ ասին. Կին մի իշխանի շինել է զայս. կամէր մտանել ի ներս եւ չթողուին, զի կնոջ հրաման չկար. եւ նա բռնութեամբ եմուտ ի ներս եւ ել սուրբ գերեզմանէն զօրութիւն, զի որպէս այր մի զրեհաւոր եհար գեղարդեամբ եւ սպան զնա. եւ թաղեցաւ աստ։ Եւ ի դուրս ելեալ յարեւելից կողմն ընդդէմ [8] դռան էր ղուպա մի փոքրիկ որպէս աշտարակ, զոր Յարութիւն կոչեն. եւ մտեալ ի ներս՝ տեսաք սեղան. եւ երկրպագեալ ելաք անտի։ Եւ ասին թէ ղուպիս ներքեւն դեւք են արգիլած. եւ մեք եդեալ ունկն [9] ի գետնի՝ այլ եւ այլ ձայնս լսեցաք ահարկու։ Եւ հուպ նմին Իննակեան աղբերն մերձ միմեանց, ազնիւ եւ գեղեցիկ ջուրք։ Եւ էր գուռ մի մեծ քան զայլսն, ուր ասին թէ Լուսաւորիչն մկրտութիւն է արել. եւ իբրեւ ըմպէաք՝ չկարցաք իրեք կում առնուլ ի սաստիկ սառնութենէն։ Եւ այլ առաջ տեսաք հազար եւ աւելի թօնիրս եւ օճախ վասն ուխտաւորաց, որ անդ խորու եւ պիրեան կ՚եփեն, զի ամենայն տիեզերաց գան առ նա ի հեռու եւ օտար աշխարհաց՝ Ուռումէլու եւ Լէհաց ԲՌ։ԳՌ հոգի կու լինի. եւ ուխտն է Վարդավառին օրն։

Եւ եկեղեցոյ ետոյքն տեսաք մեծամեծ վիմաց խաչեր կանգնեցուցած եւ ազգի ազգի արվեստ եւ կապք ի վ[ե]րայ հանած։ Եւ սակաւ մի այլ վայր էր վանք մի այլ, Ջորէհանգիստ կոչեն, բայց աւեր է. եւ ասին թէ ջորիքն որ բարձեալ էին զսուրբ մարմինն՝ անդ կանկ առին եւ ոչ կարացին շարժիլ ի տեղոյն. եւ իբրեւ տարակուսեցան՝ եկն հրեշտակ Տեառն եւ ասէ. Աստ հաճեցաւ Տէր բնակիլ սրբոց. զայն տեղն եկեղեցի շինած էր։

Եւ յաջ կողմն անցեալ եկեղեցուն՝ տեսաք զԱռջուն գերեզմանն, բայց երկու կտոր եղած էր. եւ ասին. Ով քարիս վ[ե]րայ պառկի, մէջքն չի ցաւի։ Բայց վասն գող Քրդոց [10] ՝ բարձր պարիսպ քաշած էր։

Եւ սուրբ Կարապետն մէջ մէշի է եւ լեռնային եւ յոյժ գեղեցիկ տեղ. եւ ի ճանապարհին սաֆի անթառամ ծաղիկ է եւ եապանի սմպօլ եւ այլ հոտով ծաղկնի։ Իսկ մորին ամէնն եէմիշ է՝ խնծոր, տանծ եւ սալօռ [11], ընկուզն շատ։ Եւ ազգ մի պտուղ կու լինի՝ կարմիր սպիտակ գունով, փոքրիկ եւ կլոր [12] քան զկերաս՝ մէյխօշ համ ունի, ալօճ կոչեն։ Եւ զընկզից [13] ծառի ճղերն առջքն կոտրել էին վ[ե]րայ ելանելով, զի բազումք կան յանտառնին եւ յուժ սիրեն զընկուզն։

Եւ սուրբ Կարապետու կ՚երեւէր լեռն [14] Վանայ եւ Բաղէշ եւ միւս կողմն Եփրատ գետ եւ Մուշ քաղաքն օվայովն [15]. եւ կայ օվան իրեք անվանի սքանչելագործ մեծ վանքեր. եւ են հուպ եւ մերձ միմիանց իբրեւ կասկարայք [16]. մինն Մատնէվանք, ուր կայ Պետրոս առաքելոյն մատն եւ այլ բազում նշխարք, զոր եբեր Սասնցի տանուտէրն ի Հռոմայ եւ շինեաց ի վ[ե]րայ եկեղեցին եւ կոչեաց Մատնէվանք։ Երկրորդն՝ Սուրբ Աղբեր, ուր կայ շիշով պատվական արիւնն Քրիստոսի, որ ի կողէն [17] ։ Եւ սուրբ Առաքեալն ստորոտ լերինն, ուր կան Բեւեռքն Քրիստոսի, որ բեւեռեցաւ, այլ եւ Գեղարդն եւ այլ մասն։ Եւ այլ ի վայր են խորու մօրիք եւ լերինք, որ են Սասունք։

Եւ իրեք օր կացի անդ, հասի ամենայն փափագանացս։ Եւ էր անդ Տէր Մարտիրոս անուն եպիսկոպոս մի եւ վարպետ, յոյժ քաղցրեղանակ. զի յորժամ հանէր զձայնն՝ համեղ նման Մամասայ, ոչ թէ միայն մարդիկ [18] զմայլէին, այլ եւ թռչունք ժողովէին մերձ առ նա։ Զսայ յոյժ [19] աղաչէին մնալ յԱմիթ. եւ նա ոչ կամէր, զի ոչ խնդրէր զփառս ի մարդկանէ, այլ առ ի Աստուծոյ։



[1]            քուրթ

[2]            քուրթերն

[3]            պանտարաք

[4]            որդեակք

[5]            յամայի

[6]            յաւիլել

[7]            յաւիլած

[8]            ընդէմ

[9]            յունկն

[10]          քրթոց

[11]          սառւլ ւ ի վրայ օ

[12]          կլօր

[13]          զնկզից

[14]          լէռն

[15]          յօվայովն

[16]          կասկայրաք

[17]          ի կողին

[18]          մարդիք

[19]          ոյժ