Ջաւախք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲՆԱԿԻՉՆԵՐ

ՀԱՅԵՐ.

Ախալքալաքի գաւառի Հայերը գլխաւորապէս գաղթականներ են Էրզրումի վիլայէթից, որ եկած են 1830 թուին Էրզրումի առաջնորդ Կարապետ եպիսկոպոսի առաջնորդութեամբ։ Գաղթած շտ ծերունիներից լսելով եւ գրաւոր աղբիւրներից քաղելով՝ ես արդէն պատրաստել եմ այս գաղթականութեան մանրամասն պատմութիւնը, որ աւելի եւս մշակելու յուսով առ այժմ յետաձգում եմ հրատարակել։

Բացի Կարնոյ գաղթականներից , կան եւ Արտահանի գաւառի գաղթականներ, որոնք բնակում են Խորենեա եւ Փոկա գիւղերում, իսկ Դիլիֆցիները Խնուսից են։ Շատ հետաքրքիր է սրանց գաւառաբարբառի կրած փոփոխութիւնը Կարնոյ գաւառաբարբառի ազդեցութեան տակ, ուստի եւ ես առաջ կը բերեմ մի քանի երգեր եւ հեքիաթներ սրանց բարբառով իմ «Ջաւախքի բուրմունքում»։

Ժողովրդի վարք ու բարքին եւ հաւատին վերաբերեալ նիւթերս ինքս հաւաքել եմ գլխաւորապէս Կարնոյ գաղթականներից։

ՀԱՅ   ԿԱԹՈԼԻԿՆԵՐ

Ջաւախքում բնակւող հայախօս հայ կաթոլիկները բնակում են հետեւել գիւղերում.

 

Ալաստան

706 ար.

627 իգ.

183 տուն.

Վարգաւ

52,,

61,,

10,,

Վարեւան

196,,

169,,

40,,

Տուրցխ

233,,

225,

41,,

Խիզաբաւրա

673,,

601,,

137,,

Թորիա

185,,

160  ,,

46,,

Ուճմանա

181,,

164

40,,

Էշտիա 

799,,

720,,

196,,

Ընդամէնը՝ 8 գիւղ

3025 ար.

2727 իգ.

699 տուն,

 

Երկու սեռից՝ 5752 հոգի։

Ալաստանի բնակիչները  մինչեւ վերջին ժամանակներս գնում էին Կ. Պոլիս աշխատելու, եւ այս պատճառով գաւառիս միւս գիւղացիներից  աւելի զարգացած եւ կրթուած են։ Տները փայլում է վերին աստիճանի մաքրութեամբ։

Վարեւանցիք Էրզրումի Թուանճ գիւղից են։ Սրանք թէ հանդերձներով եւ թէ նիստ ու կացով չեն տարբերւում Վաչիանցի Հայ լուսաւորչականներից, որոնց հայրենակից են։

Վարգաւցիք եւ Խզաբաւրացիք բնիկներ են։ Սրանք վաղուց մոռացած են իրենց մայրենի լեզուն եւ խօսում են վրացերէն։ Եւ թէպէտ ընդունած են վրաց սովորութիւններ, բայց եւ այնպէս՝ ընտանեկան կեանքը հայկական է։

Թորիայի, Ուճմանայի եւ Էշտիայի բնակիչները Խնուսի Քիլուայ գիւղից են, խօսում են Մշու բարբառով, տղամարդկանց հանդերձը նման է Կարնոյ գաղթականներին, միայն ընդհանրապէս հագնում են «նախշուն գուլբա», որով ե՛ւ, լուսաւորչականների ասութեամբ, ճանաչւում են։ Կանանց մեծ մասը հագնում է Արտահանցիների եւ Դիլիֆցիների նման՝ դէյրա։

Բացի կրօնական ծօսերից ու սովորութիւններից, ընտանեկան կեանքը, սովորութիւնները բոլորը նման են հայ լուսաւորչականներին։

Սրանց մէջ գրագիտութիւնը սաստիկ քիչ է տարածուած։ Ընդհանրապէս սրանք կրօնամոլ են, սիրում են կրօնական հարցերով զբաղուիլ, իրենց ուղղափառ կամ կաթոլիկ են կոչում եւ երբէք չեն ուզում լսել՝ թէ ազգով հայ են։ Սրանք յաճախ վիճում են լուսաւորչականների հետ կրօնական հարցերի մասին։ Թէ կաթոլիկ եւ թէ լուսաւորչական հայերը միմեանց հետ աւելի վատ են վարւում, քան թէ շրջապատող միւս ազգութիւնների, որ վրացոց կամ թուրքերի հետ։

Այս գաւառի բոլոր կաթոլիկները ունին մի գործակալ քահանայ, որ նշանակւում է Ախալցխայի կաթոլիկաց հոգեւոր կառավարութիւնից։

ՏԱՃԿԱԽՕՍ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՅԵՐ.

Ախալքալաքի գաւառի Բաւրա, Խուլգումա, Կարտիկամ եւ մասամբ Տուրս գիւղերի բնակիչները տաճկախօս կաթոլիկ հայ են։ Սրանք 1829-ին գաղթած են Արտահանի գաւառի Գէօլա հասարակութեան Վէլ գիւղից։

Ինչպէս ծերունիները պատմում են, իրենց նախնիքը լուսաւորչական հայեր են եղած եւ զանազան ժամանակներում այլեւայլ տեղերից եկած բնակած են այս գիւղը։ Անցեալ դարում Արտահանի բէկը արգիլած է Վէլ եւ շրջակայ հայախօս գիւղերին հայերէն խօսել եւ ամէն մի անգամ խօսելիս 50 բաղդադ տուգանք է առած։

Այս ժամանակները մի կապոցին (Capucin) քահանայ, որ միանգամայն պարապում էր բժշկութեամբ, գալիս Արտահանի բէկին բժշկում է։ Երբ բէկը լաւի է դառնում, կապուցին ուզում է հեռանալ, պատճառելով թէ իւր պաշտօնն է կաթոլիկ հաւատք քարոզել։ Իսկ բէկը որպէս զի քահանային իրենից շատ չհեռացնէ՝ ուղարկում է մօտակայ Վէլ գիւղը՝ քարոզելու։ Վելցիք, որ քահանայ չէին ունեցել քանի այնտեղ գաղթել էին, կամաց կամաց ընդունում են կաթոլիկութիւնը։

Գաղթական ծերունիների ասելով՝ դարուս սկզբում այդ գիւղում բնակում էին 26 տուն կաթոլիկ հայեր, եւ միայն երեք տուն վրացիք։ Սկզբում այս երեք տունը կազմում էր Ժիժոգելի գերդաստանը։ Այս երեք տուն վրացիք յունադաւան էին, եւ ունէին իրենց փոքրիկ եկեղեցին։ Կաթոլիկ հայերն վրացիներին ստիպում էին իրենց կաթոլիկ կրօնն ընդունելու եւ երբէք միմեանց աղջիկ չէին տալիս առնում, մինչդեռ Լուսաւորչական հայերի հետ միշտ խնամութիւն էին անում։ Կրօնական վիճաբանութիւններ անպակաս էին իրենց մէջ։

Շատերը պատմում են, թէ Նաքալաքի գիւղից Սապոգելա անուն մի վրացի՝ շատ խնդրել է Վէլի Կարապետ քէհի (քեայեայի, գիւղի տանուտիրոջ) աղջկայ՝ Հեղինէի ձեռքը, եւ երբ մերժուել է, ընծաներով հաճեցրել է Արտահանի բէկին՝ բռնութեամբ խլել աղջիկն եւ տալ իրեն։ Սրա դէմ յուզուել եւ բողոքել են Վէլ գիւղի բոլոր կաթոլիկ հայերը, եւ միայն այն ժամանակ են հանգստացել՝ երբ բէկը ստորագրութիւն է առել Սապոգելայից՝ որ չստիպէ Հեղինէին յունադաւանութիւն ընդունելու։ Սակայ հակառակ իւր խոստման սաստիկ ստիպում է կնոջը՝ Հեղինէին՝ որ ընդունի յունադաւանութիւն եւ երբ սա հաստատ է մնում, կապում է ձեռքն ու ոտքը, վերան մածուն քսում, դնում շների առաջ, որ լիզեն, ս. Մեռոնը հանեն, որպէս զի յետոյ օրթոդոքս մկրտէ։ Այս որ լսում են Վէլի հայ կաթոլիկը, բողոքում են Արտահանի Ալի-բէկին։ Բէկը 100 ղուռուշ տուգանք է առնում, Սապոգելենց Պէպրէի որդի Յովսէփին բանտարկում եւ խստիւ պատուիրում է նրան ազատ թողնել կնոջը՝ իւր կրօնը դաւանելու։ Այնուհետեւ կրօնամոլ վրացին ազատ է թողնում  Հեղինէին եւ սա մինչեւ ի մահ մնում է կաթոլիկ։

1887 թուին այս կինը, որ 1829 թուին՝ Կարնոյ գաղթականութեան ժամանակ՝ գաղթել էր Ծալկայի գաւառի Րեխա գիւղը, զգալով մահուան մերձենալը՝ ստիպում է իւր վրացի որդւոց՝ որ տանին  իրեն գաւառի Տուրս գիւղը, ուր եւ մեռնում ու թաղւում է հայ կաթոլիկ ձէսով։ Այս գիւղերի բոլոր կաթոլիկները յաճախ յիշում են Վարդան  անուն Վելցի հայրենակից մի նահատակ, որ քրիստոնէութեան վերայ վկայել է մարտիրոսական  մահուամբ։ Այս ժողովուրդը բացի որ հայ տիպ է կրում, այլ  եւ իւր աշխատասիրութեամբ ու տոկունութեամբ նրանից չէ տարբերւում։ Սրանց ընտանեկան կեանքը, սովորութիւնները բոլորովին հայկական են։ Հարսանեաց ժամանակ 12 ղուռուշ, ի խորհուրդ 12 առաքելոց, տալիս են աղջկայ մօրը, ինչպէս միւս գիւղացիները։ Թաղման ժամանակ տալիս են «փէտատի հացը» որ է գերեզման փորելու մասնակցութեան  ուտելիք։

Ընտանեկան բառերից շատերը դեռ հայկական են։ Օրինակ՝ հօքս (հորքոյր) սանամէր, սանիկ, խնամի, փեսայ։ Ճակատ, Անթեղ, խաչերկաթ, ակիշ, թարթակիչ, մուխքաշ, ծափ, կճուճ։ Կրծկալ, կապան (փորքաշ) խոտկուռ, թեւլաթ, Գոմ, ախոռ, մարագ, բնկալ, կոնտ, կապ, կրկուլ, թառ, փակ։ Մատակ, սըփահ, Հարսը, քոթան, խոփ, ձեւիչ, մաճ, մաճկալ, սամի։ Խաշիլ, մախոխապուր, լակ։□ Դարձեալ՝ բարեւ, Աստըծու բարին- բարիրիկուն, գովացեալ Յիսուս։ Կենդանութեն, սաղըլլիք։- Եկեղեցական բոլոր սպասների անուններն եւս հայկական են։ Մարդկանց անուններն եւս մեծ մասով հայկական են՝ օրինակ՝ Ոսկէհատ (80 տարեկան մի կին է) Մարգարիտ, Սիրին, (Սրբուհի) Հոռոմ, (Հռիփսիմէ) Եղիսաբէթ, Շուշան, Վարթուն (86 տարեկան մի կին), Սարգիս, Պապիկ, Գրիգոր, Ներսէս (91 տարեկան ծերունի) Վարդան։

Հայկական ժողովրդական աղօթքներից սրանք գիտեն «Աստուածածին դուն կուս էս», «Լուսացաւ՝ լուսն ի բարին») եւ այլն, Հին սերունդը իրեն ուղղափառ էր անուանում, իսկ նոր սերունդը՝ շնորհիւ ուսուցիչների եւ քահանաների իրեն «հայ կաթոլիկ» է անուանում եւ աշխատում է սովորել մայրենի լեզուն։

1886 թուի աշխարհագրի ժամանակ՝ նախկին գաւառապետ Սմբաթով վրացի իշխանը եկել էր այս գիւղերը եւ աշխատել էր սրանց «վրացի» գրել տալ, սակայն միայն մի տուն՝ վախից՝ վրացի էր գրուել միւսներն ասել  էին թէ հայ են։ Ուստի կարծում եմ, որ բոլորովին անհիմն է՝ ոմանց եւ Զագուրսկիի իւր «Поездка в Ахалцхский уезд» աշխատութեան մէջ սրանց «վրացի» կոչելը։

ՀԱՅ ԲՈՇԱՆԵՐ

Ախալքալաքում բնակում են 17 տուն, 21 արական 19 իգական սեռի հայ բոշաներ։

Սրանց մասին ես կը յիշեմ միայն մի քանի աւանդութիւններ, որ իրենք պատմեցին ինձ իրենց ծագման մասին. իսկ սրանց կեանքի մանրամասն  ուսումնասիրութիւնը եւ արդէն պատրաստ  Հայերէնից-բոշէրէն բառարանը կը մնան դարձեալ մշակուելու։

Բոշաներն իրենց ծագման մասին կարողանում են պատմել միայն հետեւեալ աւանդութիւնները։

Շատ վաղ ժամանակներում ապրում էր մի վարդապետ, որի երեք սարկաւագները կաշառուելով թշնամիներից՝ մի կին են բերում, անում նրա խուցը։ Երբ թշնամիները գալիս բռնում են վարդապետին կնոջ հետ, սա հասկանում է սարկաւագների խարդաւանքը  եւ անիծում նրանց՝ ասելով.

«Սեւ երեսներ, գնացէք էլ մարդոց մէջ չերեւաք»։

Իսկոյն սրանց երեսների կէսը սեւանում է, առնում են մի մի պարկ եւ գաւազան ու գնում, անվերջ գնում։ Ճանապարհին սրանց հանդիպում են ձի, կով, ոչխար եւ այլն, սակայն սրանցից եւ ոչ մինը չի մնում սրանց մոտ, միայն էշը, հաւատարմութիւն է ցոյց տալիս, եւ չի հեռանում տիրոջից։ Սրանք վերցնում են էշը եւ գնում հասնում են մի անտառ, ճիւղեր կատարում, քթոց, բաթաթ, մազ, շինում, բայց որովհետեւ իրենց երեսի կէսը սեւացած էր եւ չէին կարող մարդկանց մէջ մտնել, ուստի տալիս են իրենց կանանց տանել ծախելու։ Այսպէս շարունակւում է սրանց կեանքը, ամուսինները տանը նստած շինու են մաղ, բաթաթ, սեալա, քթոց եւ փոկ, իսկ կանայք ման ածում քաղաքն ու գիւղեր ու վաճառում։

Բ.

Մի զառամեալ կին բոշա եւս պատմում էր՝ թէ շատ վաղ ժամանակներում Կիլիսկեդնոս անունով մի մարդ չկարողանակով իւր գերդաստանին ապրուստ հայթհայթել, յուսահատուել եւ գնացել մտել եւ թոնիրը, որ քաղցածութիւնից մեռնի։

Կինը եկել հանել է նրան թոնրից եւ յուսադրել՝ ասելով.

Կերթամ մորամ
Բերեմ պահեմ.
Հաւի դոշով.
Ճրփուր լոշով.
  Ել, ել, մատաղ
  Ըլլիմ քեզի.
  Ել ատ թոնրէն,
Մէմ դուս արի։

Ուստի եւ նրանց մէջ սովորութիւն է դարձել՝ երբ պըսակից յետոյ եկեղեցուց հարս ու փեսան տուն են վերադառնում, փեսան մտնում է թոնիր, իսկ հարսը պարում է թնդրափում, վերոյիշեալ խօսքերն երգելով , մինչեւ որ փեսան դուրս գայ թոնրից։

Գ.

Առաքեալներից մին ճաշի ժամանակ տալիս է Յիսուս Քրիստոսին մի կտոր հաց, որի վրայ Տէրը կեղտեր նկատելով բարկանում եւ մի փունջ մազ իւր գլխից պոկելով տալիս է հաց տուողին։ Աշակերտը զարմացած նայում է տիրոջը։ Այս ժամանակ Յիսուս խաչակնքում է մաղը եւ աշակերտը իսկոյն սովորում ու սկսում է գործել մաղ։ Եւ ահա այդ աշակերտը համարւում է մաղագործների նախահայրը։

Դ.

Բոշաները իրենց լեզուով իրենք իրենց կոչում են լոմ. սակայն ոչ միայն բացատրութիւն չեն կարողանում տալ։ Միւս ազգաբանակութիւններին նրանք յայտնի են բոշա անունով։ Այս անուան ծագման մասին իրենք բոշաները պատմում են հետեւեալ բառախաղը.

Մի  մեծ հրաւէրքի գնացել են բոլոր ազգութիւնները, երբ սրանք տեղաւորուել պրծել են, նոր եկել են լոմերը, սակայն տեղ չէ եղել եւ սրանց պատասխանել են թէ պօշ ա, պօշ ա (իզուր է, իզուր է) գնացէ՜ք։ Այստեղից ել, իբր յառաջացել է պոշա-իզուր - անունը։

Ե.

Իսկ առ այժմս բոշաների մասին մի ամփոփ գաղափար տալու համար ասենք, որ սրանք եւս պատկանում են հնդկա-արիական ցեղին, որ ցրուած հին եւ մասամբ նոր աշխարհի գրեթէ բոլոր անկիւնները, ապրում է անկրօն, անհայրենիք եւ անօրէնք։ Ամբողջ աշխարհում մի կտոր հող չունենալով՝ այս ցեղն ամէի տեղ իրեն հայրենիք է համարում։ Անտարբեր քաղաքների հարստութեան եւ նրանց բնակիչների փարթամութեան եւ կեանքի յարմարութիւններին, նա միայն մի բան է խնդրում թոյլ տալ իրեն ազատ ապրելու բնութեան գրկում [1] ։

Սրանք երեւացել են Հայաստանում հաւանականօրէն Է կամ Ը դարում [2] եւ հեզհետէ ընդունել հայերէն լեզուն, կրօնը եւ սովորութիւնները։

Բոշաները միջահասակ են, մարմնի մասերը կանոնաւոր, միայն յաճախ պատահում է կանանց ստինքների ոչ սովորակն մեծութիւն։ Սրանց մէջ շատ քիչ կան մեծ փորաւորներ, կզաւորներ եւ այլն։

Մորթին, ըստ Կոլոչի [3], աւելի կամ պակաս մթնագոյն է, մազերն ու աչքերը ագռաւի սեւութեան, երեսն երկարաւոյն է, ճակատը նեղ, քիթը փոքր ինչ առաջ ընկած է երբէք տափակ, աչքերի եւ կոպերի մէջ տեղի տարածութիւնը նեղ ունեն սպիտակ ատամներ։

Բոշայի բնաւորութեան յատկանիշ կողմերն են՝ աներեսութիւնը (անվերջ եւ անդադրում խնդրել), անհոգութիւնը, երբէք նա չի հոգում ապագայի  մասին, նա ապրում է օրից որ եւ սաստիկ եսասիրութիւնը. նա ոչ մի զոհաբերութեան ընդունակ չէ. մինչեւ անգամ նա իւր հիւանդ ընոջը ոչ միայն չի խնամում, այլ եւ ուղարկում է հօրանց տուն, ուր եթէ մեռնի, հայրն  է հոգալում թաղման ծախսերը, իսկ եթէ առողջանալ, նորից կը վերադառնայ  ամուսնու մոտ։ Կառավարչութիւն, օրէնքներ, կանոներ, սկզբունք, պատուի զգացմունք, անտանելի են նրանց համար, ասում է Կոլոչին. անսահման  անկախութեան զգացումը ներշնչում է նրանց մէջ բնութիւնը, որին այնքան մոտ ապրում են նրանք։ Նրանց համար ամբողջ երկիրը հայրենիք է, միայն թէ իրենք իրենց ազատ զգան։ Ամէն կլիմայ նրանց համար յարմար է. «Ուր լաւ՝ անդ հայրենիք», ահա թէ ում համար է ասուած» (Կոլոչի)։

Ախալքալաքի գաւառի բոշաները կիսա-նստակեաց են։ Ժամանակ առ ժամանակ սրանք խմբերով գաղթում են շըրջակայ Ախալցխայի, Աղէքսանդրապօլի, Արդահանի, Թիֆլիսի գաւառները մի առ ժամանակ մնալու, իրենց մազերը ծախելու եւ ողորմութիւն խնդրելու նպատակով։ Շատ հետաքրքիր տեսարան է ներկայացնում դրանց չուն. - Փառաւորապէս բազմած իշու վրայ՝ կին բոշան բուրթ է մանում կամ գուլպայ գործում, իշու գաւագին նստած է մի երեխայ, իսկ կողքից բակեղաթի «աչքերից դուրս են նայում մի կամ երկու մանկիկ, որոնց հաւասարակշռելու համար կախուած են մազեր։ Սրա ետեւից ամուսինը երկար մահակը ձեռին առաջ է քշում էշը։ Մի ուրիշ կին էլ մէջքին կապած իւր մանկիկը եւ մի քանի մազ, ձեռին երկար մահակը կամաց առաջ է շարժվում։ Շատ անգամ պատահում է, որ այս չուի ժամանակ կանայք որդի են ծնում առանց մի որեւէ դժուարութեան, որին պատահող առուակի մէջ լողացնելում յետոյ կապում են իրենց մէջքին եւ շարունակում ճանապարհը ։

Բոշաները նստակեաց կեանք չենք սիրում, երկրագործութեամբ բոլորովին չեն պարապում։ Սրանց «Իմանաս սալի (սայլի) զռզռոց, չիմանաս  իշու զռզռոց» անէծքն արդէն ցոյց է տալիս, թէ որքան արհամարհում են երկրագործութիւնը։

Այր-բոշաները գլխաւորապէս պարապում են մաղագործութեամբ, որի համար եւ հայերը նրանց կոչում են մաղագործ։ Բացի  սրանից մի քանիսն էլ պարապում են պայտառութեամբ, հասարակ դարբնութեամբ եւ մանաւանդ աշղութեամբ։

Մի բոշա օրական կարող է շինել 6-8 մաղ, որոնցից միջին թուով կարող է վաստակել 60-80 կոպէկ։ Բայց որովհետեւ  այնքան շատ չի ծախւում, ուստի եւ սրանք մեծ մասամբ անգործ են մնում եւ իրենց ժամանակն անց են կացնում առաւելապէս գինետներում, որպէս օղու սիրահարներ եւ կամ ձմեռը՝ օդաներում, որպէս աշղների եւ հեքեաթ ասողների ունկնդիրներ։ Անհամեմատ  ծանր է կին բոշայի աշխատանքը  մինչդեռ ամուսինը տանն է մնում, կին բոշան ամբողջ օրը եւ շատ անգամ ամբողջ շաբաթներով եւ ամիսներով շրջում է  քաղաքում եւ շրջակայ գիւղերը մազերը ծախելու եւ ողորմութիւն խնդրելու։ Նորահարս բոշաները հինգ տարի շարունակ մնում են տանը եւ խնամում տան երեխաներին, կերակուր պատրաստում, կար անում եւ այլն, իսկ միւսները միշտ երկ երկու ման են գալիս գիւղ ու քաղաք։ Բոշա կանայք ձգում են մէջքերին մի մի կաշէ պարկ, ստացած նուէրներն մէջը դնելու, վերան ամրացնում են մի քանի սալա, (տափարակ կողով) ձախ թեւերից կախում մի քանի մաղ, որոնցից մի քանիսը երբեմն էլ ուղղակի գլուխներն են անցկացնում, գուլբէն կամ թեշիկը խրում են գօտու մէջ եւ առնելով հաստ եւ երկար մահակն՝ այս ու այն տունը մտնում։ Փողոցներում երեխաները վազում կզմթում են նրանց, որպէսզի իրենց դանակները սրանան, իսկ որիկաները հազարու մի անվայել  խօսքեր են ուղղում նրանց։ Բոշան իւր երկար մահակով «հասցնում է» երեխաներին եւ սուր պատասխաններ տալիս սրիկաներին։ Պէտք է ասել, որ սրանք շատ սրախօս են եւ սարսափելի  հայհոյել գիտեն։ Մտնելով մի տուն, սրանք առաջարկում են մի դնել, եւ անմիջապէս սկսում են գովել իրենց մաղն ու սալէն, կիւն ու ասեղը, որից յետոյ աննկատելի կերպով անցնում են գովելու տանտիկնոջ սիրունիկ աչերն ու բարութիւնը, նրա վերին աստիճանի ողորմածասիրութիւնը։ Մի բան ծախեն թէ չծախեն սկսում են խնդրել մի կտոր հաց, որն ստանալուց յետոյ, մի կոտր պանիր են աղերսում աւելացնել, սրանցից էլ յետոյ մի հին շոր, որովհետեւ  երեխաները մերկ են եւ այս շարունակ մինչեւ վերջնականապէս մի բանում մերժեն նրանց։ Ամբողջ օրը դուրսն անցկացնելով, եւ շներից ազատ տեղերում գուլբայ գործերով կամ բուրթ մտնելով՝ բոշան վերադառնում է տուն եւ ամբողջ վաստակը տալիս ծոյլ ամուսնուն, որը շատ անգամ գործածում է այն իւր ծխախոտի եւ կամ օղիի համար։

Բոշա կինը սաստիկ ստախօս, շատախօս, խաբեբայ եւ փոքր ինչ գող է, սակայն եւ այնպէս՝ նա սաստիկ բարոյական է։

Ախալքալաքի  բոշաները կազմում են մի փոքրիկ համայնք, որ ենթարկւում են իրենց աթոռակալին։ Սա ընտրւում է բոշաներից եւ հաստատում Ախալքալաքի գործակալ քահանայից, «պահպանիչով»։ Սա մեծ հեղինակութիւն եւ յարգանք է վայելում բոշաներից եւ սրա միջոցով են նրանք վերջացնում իրենց ներքին գործերը, խռովութիւնները եւ այս է պատճառը, որ նրանք երբէք չեն գանգատւում դատարաններում կամ հոգեւոր  ատեաններում։

Ախալքալաքի բոշաները բոլորովին զուրկ են ուսումից. նրանցից դեռ ոչ ոք կարդալ գրել չգիտէ, դպրոցներում եւս ոչ մի բոշայ երեխայ չի ուսանում։

Մտաւոր սնանկութեան հետ՝ բոշաները կրօնական սնանկութիւն եւս ունին։ Սրանք թէեւ լուսաւորչական են եւ բաւական ջերմեռանդութեամբ յաճախում են եկեղեցի, սակայն քրիստոնէութիւնից շատ քիչ բան է յայտնի նրանց։

Բոշաների բնակարանները բոլորովին նման են Հայ գիւղացիների բնակարաններին։ Հանդերձները եւս ոչնչով չեն տարբերւում։

Այստեղի բոշաները խոսում են հայերէն, տեղական բարբառով, սակայն մի առանձին արտասանութիւն ունին։ Ընտանեկան լեզուն եւս այդ միեւնոյնն  է, միայն երբեմն, երբ հայերից գաղտնի մի բան են ուզում միմեանց յայտնել, խօսում են իրենց, բոշերէն լեզուով։ Այս լեզուն պատկանում է Հնդկա-Եւրոպական գերդաստանին եւ հետզհետէ մոռացուելով՝ այժմ սաստիկ աղքատ է։ Ենթարկուելով Հայոց լեզուի ազդեցութեան, նա արդէն կորցրել  է իւր հոլովման եւ խոնարման ձեւերը եւ ընդունել հայկականը։ Բոշերէն երգերը այժմ սաստիկ սակաւաթիւ են եւ մենք հազիւ կարողացանք իրենց բոշաներից լսել հետեւեալ երկուսը որ առաջ ենք բերում այդ լեզուի մասին մի գաղափար տալու նպատակով։

ԲՈՇԵՐԷՆ  ԵՐԳԵՐ.

Ա.

Աւէ հոսել, կըմրուկ, խաթէ ակմ՚ ա նէտ պարիս պաւիս,
Արի մօտս երդումն կեր, մէկ էլ չը ընկնիս ոտքս,
Աթիս կու քվեմ մերաւիթ դռոդի կու խլաւիթ
Ձեռքս կը ձգեմ քեզ պատռի կը լեղիդ.
Լուի կայէն, չտար կայէն, յաթմը կայէն, ակ կայէն.
Երկու անգամ (ժմնկ) չորս անգ. հինգ անգամ՚ մի անգամ.
Սւէր վեսէր էք դուգայիս, զէ կու մանկէք տիրաւէս,
Եկեր նստեր էր մօտս ին կ՚ուզէր ինձնից.
Խամէլ կամաւտիք փանեցէք, սիսաւէս ջէ խլաւէս.
Լաւ բաներ ասացէք, գլխէս գնայ խելքս.
Լուի կայէն, չտար կայէն, յաթմը կայէն, ակ կայէն։
Երկու անգամ, չորս անգամ, հինգ անգամ, մի անգամ.
Հանէս օղլին պագրեց լոմ էմ պուչաւեցէք ալարիս
Յովհաննիսի որդին ասաց բոշայ եմ՞ հարցրէք անունս
Կամ մը ջանես լակվէն աւէ, ածաւէս լէ դմարաւիս
Բան մը գիտես առաջ արի, ձեռքիցս առ սազս
Լուի կայէն, չտար կայէն, յաթմը կայէն, ակ կայէն.
Երկու անգամ, չորս անգամ, հինգ անգամ, մէկ անգամ

Բ.

Աւէ իննաւ հոսել, վէսէ դուգայիս,
Արի տղայ այստեղ նիստ մօտս.
Բիեմ մանուս աւէ նէտ լես արլարիս.
Ծախենում եմ մարդ գայ, չը տաս անունս.
Ես բուհու կամ ղանեմ նէտ ֆենաս թալիս,
Ես շատ բան գիտեմ չը լինիս ընկերս,
Հեվիս լորեցիր իսա՝ մանուս էս մանուս.
Թէ որ գտար մարդ ես մարդ.
Աւեմ վեսեմ հոտել կէ ղարէս պաշտաս
Գամ նստեմ այդտեղ ինչ ունիս հետս,
Սամլիկարեմ ճահրին բանթեմկու դաստաստս
Շինեմ մաղը կապեմ տասը-տասը
Ճլաւ կարէ կուչեմ նէտ կաւես պաշտաս,
Շուտ արա կերթամ չես գայ հետս,
Հեվիս լորեցիր իսա՝ մանուս էս մանուս.
Թէ որ գտար մարդ ես մարդ.
Ըւստա Վանոն պագրեց տիրաւէն թաճլիս,
Ծարպետ Վանոն ասաց իրանից թաճլիս, (երգ)
Կամ նա ջանես իսա մա պեսիր մաճլիս,
Բան չը գիտես եթէ որ մի մտնիր կաճառ,
Ճուճոտվիմ կու պալտատ սընանես կու զիս.
Կը կռուիմ՞ հետդ կը ճանաչես զիս,.
Հեվիս լորեցիր իսա՝ մանուս ես մանուս։
Թէ որ գտար՝ մարդ ես մարդ։



[1]            Патканов, Цыгане

[2]            Վանցեան, Պատմական ակնարկ Բօշաների անցեալից. «Մուրճ», 1894 N 7 եւ

[3]            «Մուրճ», 1890 N 9