Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա
ԱՅՍ ԳՐՔԻ ՆԱԽԱԲԱՆԸ ԵՒ [ՅՕՐԻՆՄԱՆ] ՀԻՄՆԱՒՈՐՈՒՄԸ` ԱՌԱՆՁՆԱԲԱՐ

Բոլոր գոյացութիւնների սկիզբն Աստուած է, բոլոր բարիքների սկիզբը` սէրը, բոլոր շնորհների սկիզբը` խոհականութիւնը:

Աստուած է բոլոր գոյացութիւնների սկիզբը, որովհետեւ բոլոր տեսանելի եւ անտեսանելի արարածները նրանից սկզբնաւորուեցին` իրենց համապատասխան ձեւերով, կերպերով ու որակներով:

Սէրն է բարիքների սկիզբը, որովհետեւ նրանից են ծնւում տարբեր տեսակի բոլոր բարութիւնները` Աստծոյ, հրեշտակների եւ մարդկանց մէջ: Աստծոյ մէջ, որովհետեւ նա սիրուց մղուելով գոյացրեց այս բոլոր գոյացութիւնները, նոյնպէս եւ սիրուց դրդուած, իր պատկերի համար Որդուն չխնայեց Հայրն, Որդին չխնայեց իր անձը, Հոգին չխնայեց միշտ բաշխուել մարդկանց: - Հրեշտակների մէջ, որովհետեւ խոնարհ կամքով, անխզելի սիրով միշտ յարած են Աստծուն եւ շարունակ հոգ են տանում մարդկանց համար` համագոյակից ու ծառայակից լինելով մեզ: - Մարդկանց մէջ, որովհետեւ [սրանք] սիրուց յղանալով առաջ են բերում հոգեկան ու մարմնական բոլոր բարիքները. հոգեկանը այնքան է, որ արքայութեան համար [մարդիկ] իրենց մահուան են մատնում եւ զանազան տանջանքներիու սաստիկ ճգնութիւնների [ենթարկւում] երկար ժամանակով. իսկ մարմնականը, այսինքն` աշխարհիկը այնքան է, որ խելացնորւում էլ են եւ անկարելի բաների ձեռք զարկում:

Խոհականութիւնն է շնորհների սկիզբը, որովհետեւ մարդկանց մէջ եղող բոլոր շնորհները`հոգեկան եւ մարմնական, [լինեն] խօսքով թէ գործով, նախապէս մտածւում են խոհականութեամբ: Բազում մտածումներից եւ լաւի ու վատթարի, օգտակարի եւ անօգուտի զանազանումից յետոյ են առաջանում միտքն ու բանական խօսքը եւ կամ կատարեալ արուեստը` ընտիր ծնող խոհականութեան գեղեցիկ ծնունդները:

Եւ այսպիսով Աստուած ստեղծել է մարդուն` ամէն ինչով նման իրեն, ու նրա մէջ դրել այս երեք բաները` արարչութիւնը, սէրը եւ խոհականութիւնը, այսինքն` բանականութիւնը, որոնցով [մարդը] կարողանում է ըստ ամենայնի նմանուել Աստծուն: [Դրել է] արարչութիւնը, որով [մարդը] արարչակից է լինում ստեղծողին. - սէրը, որով միշտ տենչում է ցանկալիին եւ շարունակ ձգտում է հասնել ու վայելել այն. - խոհականութիւնը, որով տարբերւում է անբանականներից եւ կարողանում է խորհել ու զանազանել պիտանին ու անպէտքը, վնասակարն ուօգտակարը, ուսմամբ եւ ջանասիրութեամբ հասնել կատարեալ հասունութեան: Ահա թէ ինչպէ'ս է արարչակից լինում. ուսուցիչները ուսմամբ տհասներին կատարեալ այր են դարձում, քահանաները` ախտածիններին` անախտ, մարդկանց` աստուած: Իսկ արհեստաւորները անմշակ բաներից յարմար ու պիտանի առարկաներ են ստեղծում. ինչպէս` հիւսները` ծառերից սեղան ու աթոռ, կարողները` մորթիներից կօշիկ ու մուշտակ, դարբինները` քարերից երկաթ [են հանում] եւ երկաթից սուսեր ու այլ գործիքներ [պատրաստում]: Ահա սրանցով մարդիկ նմանւում են Աստծուն եւ արարչակից կոչւում:

Եւ այս պատճառով մարդը չի կարողանում իր մարմնի տարողութեան մէջ այս երեք շնորհները թաքցնել ու անգործածական պահել, այլ միշտ եռում-փոթորկւում է ոստոստելով եւ ջանում է այդ ամէնը գործածութեան մէջ դնել, որովհետեւ անընդհատ դէպի վեր է պահում ձգտումը եւ սաստիկ փափագը` իր նմանների հանդէպ: Եւ սիրուց յղացած մարդը այս ձեւով է գործում թէ' բարին, թէ' չարը: Սաղմն ընդունելով իր մտքի արգանդում` միշտ մտածում է բանականութեամբ անհրաժեշտ միջոցներ գտնել, ջանում է ծնել ու գլուխ բերել բաղձալին եւ ապա առաջ բերելով կատարում է սիրով յղացածն ու բանականութեամբ յարմարեցրածը: Այդպիսով լինում է այդ բանի արարիչը: Ես էլ` մարդկանցից մէկը, բոլորից վատթարագոյնը եւ եկեղեցու ծնունդների մէջ վերջինը, լի անկարգութեամբ, ամէն տեսակի պիտանի ու մնայուն գործերում ծոյլ, զրկուած լոյսից, ապականուած շնորհներից, չկարողացայ դիմանալ մեր էութեան մէջեղող աստուածատուր պարգեւներից, այլ վաղուց եւերկար ժամանակ սիրուց սաղմ ստացած լինելով`ալեկոծւում էի սաստիկ բաղձանքով, խորհում, մտատանջւում, փնտրում էի մի փոքր բան իբրեւ լումայ նուիրաբերել մեր փառայեղ ու աստուածաբնակ Սիւնիքի սուրբ եկեղեցիներին, այն է` ըստ իմ կարողութեան` շարադրումով մատնացոյց անել Սիւնիքի նախարարութեան յաջորդական սերնդափոխութիւնը, բարձր իշխանութեան մեծ նահապետութիւնը եւ այստեղի վսեմ ու աստուածամեծար հայրապետական աթոռի գահակալութիւնը: Եւ այս [արեցի]   ո'չ պատահականօրէն, այլ Հոգու ներգործութեամբ, որովհետեւ վերջին ժամանակներս, այս վատթարացած օրերում տեսանք ամբողջովին վերացած եւ բոլորովին ջնջուած իշխանութեան այս գեղեցիկ ու մեծափառ աթոռների յիշատակը. աշխարհիկը բնաւ վերջացած ու մոռացութեան տրուած, հոգեւորն էլ` նրանից ոչ պակաս, վերջանալունմօտ:

Բազում չարչարանքներով որոնելով`չգտանք սրանց յիշատակը նախնիների կողմից գրի առնուած եւ թողնուած հետագայ սերունդներին որպէս գովելի յուշարձան: Թէ գրի չէր առնուել եւ կամ թէ բազմաթիւ աւերումներից ու աւազակային յարձակումներից կորել էր` չգիտեմ: Դրա համար էլ մենք չկամեցանք անուշադրութեան արժանացնել, անգիտութեան խաւարի տակ թողնել ու կորստի մատնել մեր այս իշխանութիւնների որպիսութիւնը եւ իշխանների ու հայրապետների հոգեւոր ու աշխարհիկ գործերին վերաբերող պիտանի եւ գովելի զանազան զրոյցներ. եւ սա երկու պատճառով. մէկը` որ [առանց յիշատակման] չկորչի նախնիների քաջագործութիւնը, միւսն էլ` որ բնաւ չջնջուեն ու հետագայ սերունդների համար անգիտութեան չմատնուեն նախնիների յիշատակնու մեր եկեղեցիների ժառանգութիւնը. նաեւ չշփոթուի այս իշխանութեան սահմանը, չխանգարուի ու խախտուի եւ պառակտուի զանազան բարբաջանքներով, ինչպէս որեղաւ շատ անգամ. եւ որպէսզի ճանաչեն Սիւնեաց իշխանների ու հայրապետների աստիճանն ու դիրքը եւնրանց ամբողջ կարգ ու կանոնը, սովորութիւնները, որ [երկիրը] չոտնահարուի ու կողոպտուի յափշտակիչներիցեւ դիւաբախ մարդկանցից: Բայց թէպէտ սա ինձ համար ցանկալի է, սակայն անփորձ ուղեղիս սաստիկ երկիւղով ահաբեկուած իմ միտքը ինձ շեղում է այս ձեռնարկումներից: Դրա համար սատար, նեցուկ ուօգնական ընդունելով նախնի սուրբ հայրապետների եւձեր իսկ` ընթերցողներիդ աղօթքները, նաեւ մեր մեծ ու առաքելական եկեղեցու եւ աստուածագումար սրբերի շնորհները` մտքիս գարշապարը կկապեմ անկասկածելի յոյսին ու անկեղծ սիրուն եւ ուժ ստացած Աստծուց, որը բանով ստեղծեց այս բոլոր գոյացութիւնները, խօսքիս ընթացքը կուղղեմ չտրորուած այս ճանապարհի անյայտ շաւիղների վրայ: Հին եւ նոր զրոյցների ամփոփումով սկսելով այս ընդարձակ պատմութեան շարադրումը` նրա աւարտն ու հանգրուանը ապաւինում եմ հմուտ եւ անխոտոր նաւապետին: Եւայսպէս, ո'վ եղբայրներ, շատ տարիներ ի վեր փափագելով իմ այս խնդրի իրագործմանը, որի պատճառը նախապէս յայտնեցի, միշտ բաղձանքիս տապից հարկադրուած` շատ հետախուզումներ ու քննութիւններ կատարեցի հեռուու մօտ աշխարհներում, վանքերում ու դիւաններում, ինչպէս նաեւ հին պատմութիւններին տեղեակ ու գիտուն [մարդկանց] մօտ, իրազեկ եղայ, բայց չգտայ յատկապէս այս աշխարհի համար յիշատակագրուած պատմութիւններ եւ կամ իրողութիւնների տեղեկութիւններ:

Ապա ուսումնասիրելով հայոց բոլոր պատմագիրներին` ինչ որ գտանք, հաւաքեցինք նրանցից ամենայն ճշտութեամբ, մի փոքր էլ Սիւնեաց եպիսկոպոս Պետրոսի ճառերից` Սիւնեաց տէր Բաբիկի մասին, այլեւ նիւթեր Հայաստանի թագաւորների ուՍիւնիքի իշխանների գրութիւններից եւ հայոց կաթողիկոսներից ու Սիւնեաց եպիսկոպոսներից` վաղ ժամանակներից մնացած քարանձաւի ամուր տեղերում, Տաթեւի հայրապետանոցիս սուրբ միաբանութիւնում, եկեղեցիների արձանագրութիւններից ու գրքերի յիշատակարաններից: Այս ու այնտեղ գտնելով իշխանների եւ եպիսկոպոսների, զանազան գործերի ու անցքերի, կառուցումների ու աւերումների օրերի թիւը եւ ժամանակների թուականը, ինչպէս նաեւ սուրբ աթոռիս կարգին, սովորութիւններին ու դիրքին, սուրբ եկեղեցիներին առատօրէն տրուած պարգեւներին վերաբերող սակաւ տեղեկութիւններ` ինչ որ մերկողմից հնարաւոր ու կարելի էր` հաւաքելով եւ թանաքով [շարադրելով] տեղադրեցինք միամփոփագրքում: Եւ յանուն ստուգութեան առաւել չափով տառապեցինք` [պատմութիւնս] սկսելով առաջին նահապետ Սիսակից մինչեւ նահապետների վերացումը եւ Սիւնեաց առաջին եպիսկոպոս Գրիգորից մինչեւ մեր թշուառ ժամանակը: Եւ սա դու ընդունիր սիրով ու գրածներիս հաւատայ ամենայն ողջամտութեամբ. շնորհակալ եղիր Հոգուց եւ մեզ անմեղադրելի թող: