Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԻԶ
ՀԱՅԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԵԼՈՒ, ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԻ ԱԹՈՌԱԿԱԼԵԼՈՒ, ԴՈՒԻՆԻ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ, ԵԿԵՂԵՑՈՒ ԻՆԸ ԴԱՍԵՐԻ ԵՒ ՎՐԱՑԻՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ` ՇԱՏ ՈՒ ՊԻՏԱՆԻ ԶՐՈՅՑՆԵՐ, ՈՐ ՀԱՒԱՔԵՑԻՆՔ ՀԻՆ ԹՂԹԵՐԻՑ ԵՒ ՈՒԽՏԱՆԷՍԻ ԳՐՔԻՑ. ԱՅԼԵՒ ԱՂՈՒԱՆՔԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹԵԱՆ, ՍԻՒՆԻՔԻ ՄԵՏՐՈՊՕԼԻՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ, ԵՒ ԹԷ ԻՆՉԻ' ՀԱՄԱՐ ՍԻՒՆԻՔԻՆ ԽԱՉ ՏՐՈՒԵՑ

 

Արքայից արքայ Խոսրովի, ինքնակալ կայսր Յուստինիանոսի տարիներին, Վրկան աշխարհի մարզպան կոչուած Սմբատ Բագրատունու իշխանութեան, Վրթանէս Քերթողի` հայոց [կաթողիկոսական] աթոռի տեղապահութեան եւ Սիւնիքի Սահակ իշխանի տիրապետութեան ժամանակ Սմբատի հրամանով ուՀայաստանի այլ իշխանների կամքով հայոց եպիսկոպոսները հաւաքուեցին Դուինում: Հրաւիրուեցին եւ Բիւզանդիայի բաժնում հակառակութեամբ եղողները` Բասէնի եպիսկոպոսՄանասէի գլխաւորութեամբ, ինչպէս նաեւ Սիւնիքի Քրիստափոր [եպիսկոպոսը]: Նրանք միասնութեան ուխտ դրեցին: Սմբատը` Վրկանի մարզպանը, նրանցից պահանջեց կազմուած ուխտագիրը, վերցրեց, կնքեց մատանիով ու դրեց սուրբ եկեղեցում: Այնուհետեւ վերին ներգործումով ու աւետարանական կարգով ընտրելով Ռշտունեաց եպիսկոպոս Աբրահամին` դարձրին հայոց կաթողիկոս: Այն ժամանակ Բիւզանդիայի բռնակալ թագաւորների ձեռքով բորբոքւում էր Քաղկեդոնի չարահնար աղանդը եւ որպէս քաղցկեղ ուզում էր ճարակել մեր Հայոց աշխարհն ու ճշմարտադաւան ասորիներին` առաւել եւս, երբ թագաւորում էր Մօրիկը: Եւ Բիւզանդիայի պատուիրակներն ու կոչնակները երբէք չէին դադարում գնալ-գալուց. բազմիցս հրաման էին տալիս ժողով գումարելու. եւ մէկ անգամ Կոստանդնուպոլսում, երեք անգամ` Թէոդուպոլսում գումարեցին, ու դէմ-յանդիման խիստ քննութիւններ էին լինում: Իսկ այն ժամանակ Հայաստանում նորոգ ու շէն դպրոցներ գոյութիւն ունէին, կային յունարեն լեզուին եւ դպրութեանը խիստ հմուտ ու տեղեակ մարդիկ: Եւ բիւզանդացիներն ինչպէս հարցնում էին, առաւելաբար պատասխան էին ստանում: Այդ կապակցութեամբ ոմանք զրպարտում են սուրբ հայր Յովհան Մայրագոմեցուն, թե, [իբր], նա ասաց, որ հայերը դաւանանքի խնդրում պարտուեցին, իսկ դա բնաւ չի եղելու չի էլ լինի, այլ, [ընդհակառակն], մեզ իսկութիւնը ցոյց է տալիս Սողոմոնը` Մաքենոցաց սուրբ միաբանութեան հայրերի հայրն ու առաջնորդը, որը եւ հարցրեց հայոց կաթողիկոսից սրա պատճառը, եւ նա գրաւոր աւանդեց այսպէս, թէ` «Յովհանը վկայեց, որ հայերը դաւանանքի հարցում անպարտելի մնացին, իսկ միւս խնդրում խիստ պարտուած գտնուեցին ու լռեցին, քանի որ բիւզանդացիներն ասացին, թէ Աստուած սուրբ եկեղեցին կարգաւորեց ինը դասերով` ըստերկնայինների եւ ըստ չորս աւետարանիչների մեծախորհուրդ դիտման` երկրի վրայ սահմանեց միայն չորս աթոռ ու պատրիարքութիւնները, որոնց վրայ հանգչում է նոյն ինքը` Բանն Աստուած` յաւերժական Թագաւորը. եւ ամբողջ աշխարհով հնազանդւում ենք այս աթոռներին: Իսկ սրանցից ներքեւ դասաւորուած են եկեղեցու ութ դասերը: Արդ` ո՞րն է ձեր աթոռը եւպատրիարքը, որին էլ ստորադասուած լինիարքեպիսկոպոսը եւ այլն: Կա'մ ձերը ցոյց տուէք, կա'մ երբ չունէք, ենթարկուեցէ'ք այս չորս աթոռներից մէկին, այլապէս կատարեալ հերձուածող եք եւ աստուածային բոլոր շնորհներով թերի»:

Ահա այս հարցում հայերը խիստ պարտուած գտնուեցին: Եւ թէպէտ առաջներում սահմանուած կարգերը նրանք յիշատակում էին, [բայց յոյները չէին ընդունում], որովհետեւ մինչ այդ նրանց համար անյայտ ու գաղտնի էին մնացել, նոյնիսկ վերացել ու աթոռակալների կողմից անուշադրութեան մատնուել: Եւայնուհետեւ հայերը դարձեալ խորհրդակցեցին, եպիսկոպոսներով, իշխաններով, աւագ տանուտէրերովմտածեցին ելք գտնել տարակուսանքների համար: Եւամբողջ երկրում հրաման արձակելով` մեծաշխարհաժողով գումարեցին Պարսկաստանի Ապրվեզ Խոսրովի ու Բիւզանդիայի Մօրիկի թագաւորութեան ժամանակ: Նրանց հետ էին նաեւ ժողովի գահերէց, գահագլուխ Դաւիթը` Սիւնեաց եպիսկոպոսը, եւ Մանասէն` Բասէնի [եպիսկոպոսը], քանի որ իր եպիսկոպոսութեան տասը տարուց յետոյ Քրիստափորը վախճանուել էր, իսկ նրա տեղը նստել էր տէր-Դաւիթը` ձեռնադրուած Աբրահամ կաթողիկոսից:

Սրանք նախ հաստատեցին երեք սուրբ ժողովների ճշմարիտ դաւանութիւնը, միաձայննզովեցին Քաղկեդոնի եւ Լեւոնի աղանդները: Բոլորն էլ ստորագրեցին հաւատոյ թուղթը եւ կնքեցին տէր-Աբրահամի, այլեւ եպիսկոպոսների ու իշխաններիմատանիներով: Եւ համարձակութիւն ստացան հետեւեալ պատճառով. երբ Յուստինիանոսը թագաւորում է, հաւաքում է մեծամեծ աթոռակալներին, սուրբ հայրերին, թոյլտւութիւն է վերցնում ու նրանց հետ միասին Յովհաննէս աւետարանիչի աթոռը փոխադրում էԵփեսոսից Կոստանդնուպոլիս, Մատթէոս աւետարանիչինը` Անտիոքից Երուսաղէմ, եւ բուն աթոռը մնում է իր տեղում: Եւ ահա սրանից համարձակութիւն ստանալով` այնուհետեւ բոլոր յանդուգնները, յաւակնողները գոռոզացան եւ, որտեղ առաքեալ էրվախճանուած, բոլորի աթոռները ինքնագլուխ դարձրին ու պատրիարք հռչակուեցին: Մերոնք էլսրանից ընդօրինակելով` Աբրահամ կաթողիկոսին հռչակեցին հայոց պատրիարք, Աղուանքի կաթողիկոսին`արքեպիսկոպոս, Վրաստանի կաթողիկոսին` մետրոպոլիտ: Իսկ Սիւնիքը, որ Պետրոսի հրամանով մի ժամանակ անջատուել էր հակառակ աթոռներից, այժմ նորից միացաւ: Ապա վրացիները, մեծամտանալով աղուանցիների նկատմամբ, չէին կամենում կարգով նրանցից ցած դասուել, այլ իրենց նրանցից առաջադաւան էինհամարում: Վրաց առաջնորդն էր Կիւրիոնը, որը ծածուկ կերպով շաղախուած էր Նեստորի աղանդով ու չէր կամենում դա յայտնի դարձնել, այլ սպասում էր [յարմար ժամանակի ու առիթի: Իր հետ էլ մի խուժաստանցի եպիսկոպոս ունէր, որին ինքն էր ձեռնադրել: Այս Կիւրիոնը եղել էր Վաղարշապատի սուրբ կաթողիկէի փակակալ, սարկաւագութեան ժամանակ գնացել էր Կողոնիա, բնակուելով մի երկաբնակ քահանայի մօտ` վարակուել էր այդ աղանդով:

Այնուհետեւ, երբ վրացիները հայոց կաթողիկոս Մովսէսից իրենց համար առաջնորդ խնդրեցին, նա ձեռնադրեց Նեռի կարապետ Կիւրիոնին ուտուեց նրանց: Երբ աղուանքցիները իմացան վրացիների վարմունքի մասին, իրենք էլ մատնացոյց արեցին Եղիշէ անունով մի առաքեալի, որը, նախապէս, առաջ եպիսկոպոս ձեռնադրուած լինելով, եկել էր Աղուանք, եկեղեցի շինել` Հայաստանից վաղ: Մի առ ժամանակ նրանք էլ Հայաստանից երես դարձրին: Վրացիները բաժանուեցին`պատրուակ բերելով, թէ երբ Կիւրիոնը Աբրահամից արքեպիսկոպոսութեան [աստիճան] խնդրեց, սա նրան սաստեց: Եւ թէպէտ Պետրոս եպիսկոպոսի միջոցով [Աբրահամը] շատ անգամ խոստացաւ Կիւրիոնին տալ իրխնդրածը, բայց նա չհաշտուեց ու յետոյ էլ բանադրուեց Աբրահամի կողմից: Կիւրիոնը, կնկուղն ու փիլոնը վերադարձնելով Պետրոսին, ասաց. «Ձերը ձեզ լինի»: Իսկ յետոյ վախենալով գաղտնի կերպով նրա ետեւից [մարդիկ] ուղարկեց ու Պետրոսին երկու սարկաւագների հետ սպանել տուեց Կանգարաց լեռան վրայ: Բայց Կիւրիոնի աղանդի մասին յայտնեց Մովսէսը`եպիսկոպոսը Ցուրտաւի, այսինքն` Գաչեանքի, որի թեմն այժմ ենթարկւում է Հաղպատին:

Իսկ մինչ այս այսպէս էր լինում, մետրոպոլիտութիւնը յանձնեցին Մարդպետական եպիսկոպոս Թէոդորոսին: Ապա սա էլ գոռոզանալով ուզում էր [միւս] եպիսկոպոսներին էլ իրեն ենթարկել: Հայերը դրանից երկիւղ կրելով ասացին. «Գուցէ եւուրիշ տեսակ պառակտում լինի»: Եւ նրանից վերցրին այդ [աստիճանը]: Սիւնեաց տէրերին տեսնելով որպէս անսասան ճշմարտադաւաններ, ամբողջ Հայաստանում երեւելի ու առաջին հայրերից նոյն պատուով կոչուած`պատշած համարեցին միասնական ժողովով նրանց յանձնել մետրոպոլիտութիւնը, դարձնել կաթողիկոսին սեղանակից ու աթոռակից, աթոռով ու բարձով միասին բազմող: Ապա Դաւթին նշանակում են Սիւնիքի մետրոպոլիտ, նրան տալիս են խաչանշանը` միշտ առջեւում կրելու, եւ [արտօնում են] իր եկեղեցիներում, սուրբ սեղանի վրայ քարոզել ոչ թէ հայոց կաթողիկոսի, այլ միայն իր անունով: Եւ գրագրութիւնների ժամանակ Սիւնիքի մետրոպոլիտները կաթողիկոսին չէին նշում «եպիսկոպոսապետ» կամ ուրիշ անուանումով, այլ «աստուածապատիւ եւ հոգեւորտէր» էին գրում, իսկ կաթողիկոսը` «գործակցից», բացի [միայն այն դէպքից, որ եղաւ] Երիցավանքում` Եղիա կաթողիկոսի անհմուտ վարուեցողութեան պատճառով, երբ նա գնում էր աղուանքցիներին հնազանդեցնելու. սրանք չգրեցին «ծառայից», նրանք էլ` «հոգեւոր տէր»:

Ահա բիւզանդացիների նախանձի պատճառով, որ ջանում էին փոքրացնել Թադեւոսի համայնքը, մարել սուրբ Գրիգորի աթոռը, այսպէս սահմանեցին ու տեղաբաշխեցին եկեղեցու ինը դասերը. Հայաստանի համար` պատրիարք, Աղուանքի համար`արքեպիսկոպոս, Սիւնիքի համար` մետրոպոլիտ: ԲայցՅովհաննէս պատմագիրը յիշատակում է, որ Մելիտինէնու Սեբաստիան եւս մետրոպոլիտներ են ունեցել: Միւս աշխարհները թողեցին նախկին սովորութեամբ, որ աղմուկ չբարձրանար: Այլեւ պահանջեցին սիւնեցիներից` ուրիշ աւելի բանի չձգտել, այսինքն` իրենց ենթակայ եպիսկոպոս ունենալ եւ ձեռնադրել, այլ միայն գահաւորակով ու խաչով պատուեցին եւ կոչեցին պատրիարքի նախաթոռ, որը պռոտոֆրոնտէսն է, եւ անուանեցին մետրոպոլիտ: Այսպիսով նրանց կրկին անգամ շնորհուեցին այս պատիւն ու նշանը, առաջին անգամ Աղուանքի Եսվաղէն թագաւորից, երկրորդ անգամ` հայոց ժողովից, տէր-Աբրահամից:

Եւ արդ` ո'վ ընթերցասէր, քեզ համառօտ կերպով ցոյց տուեցի միայն այս ամփոփումը: Իսկ եթէ կամենում ես իմանալ հիմնաւորապէս ու ընդարձակ, կարդա' Ուխտանէսի գիրքը, «Աղուանքի պատմութիւն»-ը, տեղեկացի'ր «Գիրք թղթոց»-ից, ինչպէս եւ տէր-Մաշտոցի [թղթից], որ գրալ է հայոց կաթողիկոս Գէորգի պահանջով: Եւ շատ ընթերցումներից յետոյ նկատեցիայլեւայլ գրուածքներ ու բազում ջանքերով գտայ ստոյգն ու զետեղեցի այստեղ: Դրա համար էլ նրանց շարադրանքի նկարագրութիւնը չտուեցի, այլ պատմածի բուն էութիւնը ամբողջականօրէն վերցնելով` ուղիղ յաջորդականութեամբ շարադրեցի այստեղ: Եւ դու ամենայն ողջախոհութեամբ ընդունիր ու մի' կասկածիր: