Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԼԱ
ՍՏԵՓԱՆՈՍ ՍԻՒՆԵՑՈՒ ՄԱՍԻՆ. ԿԵԱՆՔՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԸ ԵՒ ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՏՄՒՈՒՄ Է ՆՐԱ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Սրտիս գործարանի բուռն բաղձանքը դրդումէ միտքս` իմ այս շարադրանքի մէջ հոմերական քերթողութեամբ ստեղծագործել, յօրինել ելեւէջուն գեղեցիկ տողեր, հիւսել ախորժալուր գովեստներ`բոլորի սիրելիի ներբողումը յօժարակամ լսողների ականջներում թնդացնելու համար: Նկատի ունեմ բոլոր էակներից անհամեմատելիին, իմաստունին եւ սերովբէներից սպասարկուած Աստծոյ մարդուն` Ստեփանոս իմաստասէրին եւ անյաղթ հռետորին` Սիւնեաց մետրոպոլիտին, որի փառայեղ առաքինութիւնը, սիրելի կեանքի աւարտը, նրա վախճանից յետոյ եղած սարսափելի պատուհասը այսպէս իմացանք եւ ձեզ համար համառօտակի կշարադրենք:

Ստեփանոսը սիւնն էր երկնքի եւ խարիսխըհաւատքի, սուրբ եկեղեցու անխախտելի վէմն ու անվախ պաշտպանը, մարդն էր երկնային եւ հրեշտակը երկրային, յաւիտեան մեռածը եւ միշտ կենդանին, հրեշտակներին հիացնողը եւ քերովբէներին զարմացնողը, որի գովութիւնների փունջը իմ տհաս ու թերավարժ միտքը խօսքերով չպիտի աղաւաղի, այլ միայն զրոյցներին պիտի ապաւինի: Սա Հայաստանի մեծ մայրաքաղաք Դուինի աւագ քահանայի որդի էր: Դաստիարակւում եւ ուսմամբ զարգանում էր հայոց կաթողիկոսարանում: Լրիւ հասունանալուց յետոյ այդ ջահը չէր կամենում թաքնուել մարմնաւոր ծածկոցի տակ, այլ հրաժարուելով բազմամարդ քաղաքից, գնում է մեծահամբաւ եւ հիասքանչ հանդիսարանը` հրեշտակերամ սուրբ կրօնատունը` Մաքենոցաց աստուածաբնակ առաքինարանը, աստուածակիր եւ սերովբէատիպ հայրերի հայր Սողոմոնի մօտ, որը մեծ ուխտի կառավարիչն էր եւ այն ժամանակ փայլում էր մեծ ճգնութիւններով ու սաստիկ խստակեցութեամբ: Այնտեղ Ստեփանոսը կազմեց տէրունական տօների լուսաբանիչը եւ նահատակների յիշատակարանը` «Տօնական»-ը, հայոց հարիւր յիսուն թուականին: Այն ժամանակ նա անձնատուր եղաւ մեծամեծ տքնութիւնների ու մշտաջան առաքինական գործերի անասելի զբաղմունքի: Եւ որոշ տարիներ անց, երբ ներքուստ գործնականապէս բաւարարուեց, այլեւս պատշաճ չհամարեց անգիտութեան խաւարի տակ մնալ, այլ ձգտում էր հասնել աստուածային իմաստնական գիտութեան եւ կրթութեան, քանի որ նպատակայարմար չէր երկրագործութեան ակօսը միակողմանի լծով քաշել, այլ լծուել երկուսին, այսինքն` տեսականին եւ գործնականին, որպէսզի ամբողջը պատշաճաւոր լինէր: Դրա համար դուրս գալով այն մենաստանից` շտապով դիմում է դէպի գիտութիւնների աղբիւրը` Սիւնեաց վարդապետարանը, որը Հայաստանի բոլոր գիտունների գլխաւոր տեղն էր, որտեղ գտնուող դպրոցները ծաղկածէին: Չէ՞ որ ինչպէս աթէնական դպրոցներն էին հռոմէականների ու յունականների մէջ փարթամացած եւ գիտութիւնների մայր հռչակուած իսպանացիների աշխարհում` լատինական ու յունական դպրութեամբ, այսպէս էլ սրանք` Թորգոմեան տանը` մեր Հայոց աշխարհում:

Այս Ստեփանոսը, գնալով Սիւնեաց երանելիեպիսկոպոս Մովսէսի մօտ, աշակերտում է նրան. ըստ ունեցած շնորհի` արագօրէն հմտանում է աստուածային գիտութիւններին, մեծ ճոխութեամբ զարգանում ու հասնում տեսական շնորհի գագաթին` լցուելով անհամեմատելի հանճարով: Եպիսկոպոսից իրաւունք ստացաւ` մնաց րաբունարանի ամբիոնում եւ վարժարանում սովորողներին մեկնաբանում էր Աստուածաշունչը: Ապա երբ մօտենում է երանելի Մովսէսի վախճանը, նա սրան է յանձնարարում աթոռի հոգաբարձութիւնը: Եւ նրանից յետոյ Ստեփանոսը գալիս է Դուին, կաթողիկոսի մօտ ու Սիւնիքի եպիսկոպոսութեան աթոռի համար ձեռնադրել է տալիս Անանիային, իսկ ինքը մնում է կաթողիկոսարանում ու երբէք չի դադարում Հին ու Նոր կտակարանների գրքերը մեկնելուց: Ապա նա դաւանութեան վերաբերեալ հակաճառութիւն ունեցաւ մի երկաբնակ իշխանի հետ. դա Հայաստանի ասպետ Սմբատ Բագրատունին էր: Իսկ քանի որ իշխանը հմուտ չէր փիլիսոփայական արտաքին գիտութեանը, նրա մտքերին հաւանութիւն չտուեց, այ լանարգեց նրան` տգէտ անուանելով, եւ կամենում էր հալածել: Այնուհետեւ Ստեփանոսը, քաղաքից գաղտնի դուրս գալով, ծպտուելով, փախաւ-գնաց Կոստանդնուպոլիս կայսերական քաղաքը եւ բնակուեց մի մենարանում, ճշմարտադաւան մի միայնակեացի մօտ, որը հմուտ էր արտաքին գիտութիւններին: Եւ այնտեղ սովորելով յոյն եւ հռոմէացի ժողովուրդների գիրը` գիշեր ու ցերեկ վարժւում էր նրանց գրականութեան եւ գիտութիւնների մէջ` ըստ փիլիսոփայական ոճի: Ասպետ Սմբատը, այդ մասին լսելով, տեղեկացնում է Լեւոն կայսերը, թէ` մի հերետիկոս մարդ, որ անարգում է քո թագաւորութիւնը եւ հայհոյում քո սուրբ հաւատը, մեզանից հալածուելով բնակւում է այդտեղ, այսինչ անունով մենակեացի մօտ: Այդ մարդու անունը Ստեփանոս է:

Կայսրն այդ լսելով սաստիկ զայրացաւ եւհրամայեց նրան բերել պալատ, որը եւ կատարեցին: Իսկ մենակեացը նրան սովորեցրել էր ասել իր մասին, թէ հասարակ ծագումով ու օտար մարդ է եւ մուրալու համար է այստեղ եկել:   Ուստի երբ կայսրը հարցնում է, նանոյնն է պատասխանում: Դրանից կայսեր բարկութիւնն իջնում է, եւ նա հրամայում է [Ստեփանոսին] բաց թողնել: Դրանից յետոյ նա, համարձակութեամբ բնակուելով քաղաքում, գնում էր սուրբ Սոֆիայի տաճարը եւ գրադարանից պէտքական գրքեր էր խնդրում ու շարունակ կարդում էր: Գնաց նաեւ Աթէնք ու այնտեղ հմտացաւ բոլոր գիտութիւններին, ապա վերադարձաւ նոյն քաղաքը: Ծանօթանալով Դաւիթ անունով պալատականմի մեծ պաշտօնեայի` թագաւորական սեղանապետի հետ` նրա օժանդակութեամբ թարգմանում է սուրբ Դիոնիսիոսի գեղեցիկ գիրքը եւ ինքն էլ կատարում է շատ դժուարին ու խրթին խօսքերի մեկնաբանութիւնը`բառ առ բառ. թարգմանում է նաեւ Գրիգոր Նիւսացու քաղցրաբան գիրքը` [մարդու] բնութեան եւ կազմութեան մասին: Ծանօթանում է նաեւ Գերմանոս պատրիարքի հետ եւ տէրունական տօներին յաճախում էր եկեղեցի, կանգնում պատարագի ժամին, որտեղ էլ մի օր հարկադրեցին հաղորդուել օրէնքով, բայց չհամաձայնեց` պատճառաբանելով, որ առանց իր պատրիարքի հրամանի իրաւունք չունի: Պատրիարքը դրանից դժկամելով նրան շատ հարց ու փորձ արեց դաւանութեան վերաբերեալ. զգալով նրա անյաղթահարելի իմաստութիւնը` հիացաւ եւ հաւատքի մասին Հայաստանին ուղղուած թուղթ գրեց, որի սկիզբն է. «Քրիստոսն է մեր խաղաղութիւնը»: Այն կնքելով իր մատանիով` յանձնեց Ստեփանոսին` տանելու Հայաստան: Նրա գիտելիքների համբաւը հասաւ կայսեր ականջը, եւ կայսրը կանչեց նրան ու հարցրեց դաւանանքի մասին, իսկ նա համարձակութեամբ ասաց. «Ո'վ բարերար արքայ, հրամայի'ր բացել գրքերի պահարանները, որ ես այնտեղ գտնեմ այն գիրքը, որը ցոյց է տալիս ճշմարիտ դաւանանքը»: Եւ թագաւորն իսկոյն հրամայեց բացել: Ստեփանոսն այնտեղ գտաւ սուրբ հայրերի ոսկետուփ մի մատեան` գրուած ճշմարիտ դաւանանքի մասին, եւյանձնեց թագաւորին, որը նա շատ հաւանեց, ուրախացաւեւ ասաց. «Դուք` հայերդ, ա՞յս հաւատքն ունէք», պատասխանեց` այո': Կայսրն ասաց. «Գնա' Հռոմ եւ այնտեղ զննի'ր մեծ եկեղեցու պահարանները. եթէ գտնես սրանման ուրիշ երեք, ապա ամբողջ աշխարհն այդ դաւանանքին կդարձնեմ»: Ստեփանոսը խիստ ուրախացաւայս բանի վրայ` համարելով աստուածային մի տեսութիւն: Գնաց Հռոմ, այնտեղ գտաւ ուրիշ երեքմատեան` բովանդակութեամբ յար եւ նման առաջինին: Դրանցից մէկը Կիւրեղի Պարապումներից ու Գանձերից էր, միւսը` Աթանաս Աղեքսանդրացու, երրորդը` սուրբ Եպիփանոսի գրուածքներից: Վերցնելով աստուածային գանձերը` ծանօթացաւ հոգով. քանի որ կայսեր պայմանը չէր իրագործուելու, այլեւս [նրա մօտ] չվերադարձաւ, այլ Հռոմից դուրս գալով նաւով անցաւ ովկիանոսատիպ աշխարհատարծ ծովի լայնածիր գոգի անհուն տարածութիւնները` հասաւ Դուին, տեսաւ մեր երկիրը արաբներից աւերուած ու քարուքանդ արուած: Հայոց իշխաններն էլ վերացուած էին, որոնցից ութ հարիւր հոգու այրել էին Նախիջեւանում. մնացել էին միայն մնացորդներ: Հայոց կաթողիկոսը երանելի Յովհան Օձնեցին էր, որը երկիրը մաքրել էր Եզրի աղանդից, ինքն էլ վախճանուել էր: Նրա տեղը նստել էր Դաւիթը, նա', որը Արամոնքում հաստատեց կաթողիկոսական աթոռը: Ստեփանոսը նրան մատուցեց գրքերն ու Գերմանոսի թուղթը: Դրանից կաթողիկոսը խիստ ոգեւորուեց ուլցուեց մեծ խնդութեամբ եւ չափազանց շատ պատուեց ուփառաբանեց սուրբ Ստեփանոսին: Հրամայեց նրան գրելիր բերած թղթի պատասխանը, որը եւ նա գրեց շատզարմանալի խօսքերով. բառ առ բառ վերլուծեց թուղթը` պախարակելով նրա խակ ու տգէտ բովանդակութիւնը: Դա այս տեսքն ունի. «Քրիստոսը խաղաղութիւն բերելովե:

Այն ժամանակ վախճանուել էր Սիւնեաց Յովհան եպիսկոպոսը, իսկ Սիւնիքի իշխան էր Բաբկէնը, ինչպէս եւ Քուրդը, որոնք եկան Դաւիթ կաթողիկոսի մօտ` նրանից խնդրելու մեծ իմաստասէր երանելի Ստեփանոսին, որը Ամենասուրբ Հոգու ձեռքին հրեղէն սուր էր: Եւ կաթողիկոսը նրան ձեռնադրում է [եպիսկոպոս եւ նշանակում] Սիւնեաց մետրոպոլիտութեան աթոռում ու մեծ երախտիքի համար առաւել չափով պատւում է, դարձնում է եպիսկոպոսների գլխաւոր, իսկ Սիւնեաց աթոռը` բոլոր աթոռների գլուխ: Ոմանք ասում են, թէ Սիւնեաց եպիսկոպոսութիւնը Հայաստանի եպիսկոպոսների եօթերորդ կարգում էր, այժմ երրորդ կարգում դասեցին: Մի' հաւատայ, որովհետեւ Սիւնիքի եպիսկոպոսութիւնից վեր էր միայն Աղուանքինը` արքեպիսկոպոսութեան պատճառով: Իսկ Սիւնիքինը մետրոպոլիտութեան պատճառով բարձր էր Հայաստանի բոլոր եպիսկոպոսութիւններից, որովհետեւ ուրիշ ոչ ոք չունէր մետրոպոլիտութեան պատիւը: Որքան պատրիարքն է բարձր արքեպիսկոպոսից, արքեպիսկոպոսը` մետրոպոլիտից, այնքան էլ մետրոպոլիտը` եպիսկոպոսից, որովհետեւ նա է ձեռնադրում եպիսկոպոսին:

Եւ ահա Ստեփանոսը ստանալով մետրոպոլիտութիւնը` գնում է իր վիճակը, աստուածային օրէնքներով խրատում ու սովորեցնու մէր. որպէս սուր կտրում էր ախտահարուածութիւնները, որպէս իմաստուն բժիշկ բուժում էր վիրաւորներին, որպէս ընտիր աղ համ էր տալիս անհամութիւններին, որպէս արեգակ պայծառ լուսաւորում էր խաւարեալներին, տհասներին Քրիստոսի միջոցով կաթով սնում էր որպէս ծնող, կատարեալներին կատարեալ կերակուր էր մատուցում որպէս հաւատարիմ տնտես: Մէկնում է բազմաթիւ գրքեր` Արարածքը, Յոբը, Եզեկիէլը եւ ուրիշ շատերը: Նրա նշանաւոր գրուածքները ուրիշ մեկնիչների գործերի մէջ փայլում են պայծառ ջահի նման: Գրեց նաեւ բազմաթիւ ճառեր. ութ եղանակները բաժանեց, կարգեց, շարեց Յարութեան օրհնութիւնները, երգեց եւ քաղցրալուր կցուրդներ. յարմարեցրեց «Յինանց»-ի տաղաչափութիւնը եօթ եղանակներով` յոյժ խորհրդաւոր, ինչպէս եւ պասերինը, որ երգւում են աղ ու հացի վրայ. պարզաբանեց նաեւ գիշերային արարողութեան իմաստը:

Սա մի քոյր ունէր, որը մանկութիւնից ընդունել էր կոյսի վարքը, առանձնացել էր Գառնուձորի մի քարայրում եւ կեանքն անցկացնում էրանտանելի ճգնակեցութեամբ. նրա անունը Սահակդուխտ էր: Նա շատ հմուտ էր երաժշտութեան արուեստին, որը եւ սովորեցնում էր շատերին` վարագոյրի տակ նստած, նաեւ ստեղծեց բազմաթիւքաղցր եղանակ կցուրդներ ու մեղեդիներ, որոնցից մէկը` [նուիրուած] սուրբ Մարիամին, որն իր անունով յօրինեց: Նա մեռաւ ու այնտեղ էլ թաղուած է գերեզմանում, որից շատ բժշկութիւններ են լինում: Իսկ երանելի Ստեփանոսը եպիսկոպոսութեան պաշտօնում մնաց մէկ տարի, որը ոմանք ութ տարի են ասում: Նա ամառը շրջում էր իր իշխանութեան ընդարձակ վիճակի տասներկու գաւառներում եւ քարոզում ճշմարիտ գաղափարները: Հոգեւոր ծառայութեան անհրաժեշտութեամբ եղաւ նաեւ Եղեգեաց ձորի բարեբեր գաւառում, Մոզ աւանում, որտեղ բնակւում էր մի անբարոյական կին` համակուած յիմար ախտով: Եպիսկոպոսը նրան մինչ այդ երեք անգամ զգուշացրելէր ըստ Տիրոջ հրամանի, բայց նա չէր զղջացել: Այդ պատճառով այս անգամ սուրբը սաստիկ զայրանում էեւ մեծ պատժի վճիռ կայացնում: Սաստիկ շոգի պատճառով ինքը դուրս է գալիս գիւղից ու գնում Աւագ ակն կոչուած քաղցրահամ աղբիւրի ակունքում զովանալու: Կարգադրում է իր վրանը խփել, ինքն էլհանգստանալու մահիճը դնում է մի ուռենու վրայ: Եւ առանձին ելնելով ու երկար ժամանակ աղօթելով` ննջում է այնտեղ: Իսկ անպատկառ կինը, ցանկութեան կատաղի բոցից դրդուած, հետը վերցնում է իր սիրեկանին, գալիս է սպանելու սրբին, որ իրենքհամարձակ գործեն: Մօտենալով ծառին` սիրեկանին բարձրացնում է վեր, սուրը տալիս ձեռքը, որ սրբին սպանի: Մարդը բարձրանալով տեսնում է, որ սուրբըքնած է, եւ շունչը բոցի նման վեր է ցոլանում ու ճախր առնելով` կրկին իջնում է. մի հրեշտակ էլ, կանգնած նրա գլխավերեւում, թեւերով հով էր անում: Այդ տեսնելով` մարդը կարկամում է, թուլանում. նրա մարմնի ամբողջ կազմուածքը ցնցւում է. նա մեծ սոսկումով դողում է: Եւ այնքան է ուշքի գալիս, որ մի կերպ իջնում է ծառից ու պատմում կնոջը: Կինը նրան կրկին յորդորում է, պոռնկական քաղցր-մեղցր խօսքերով դրդում եւ քաջալերում է ու նորից ուղարկում: Եւ նա առաջինից աւելի հրաշափառ տեսարան է տեսնում ու դարձեալ սաստկապէս թուլանում, անզգայ մարմնով մեռելի նման ընկնում է ծառից: Ապա կինը, մարդուն տեսնելով խիստ պատուհասի մէջ ընկած, զղջալու փոխարէն առաւել եւս չարանում է եւ, սրուած սատանայից, վերցնում մերկացած սուրը ու բարձրանում ծառը, սուրը խփելով սրբի փորին` անբիծ արիւնը թափում է փայտէ մահճի վրայ, ինչպէս իր Տիրոջ արիւնը մահուան փայտեղէն սարքի վրայ` Աստուածային օրէնքների նկատմամբ [տածուած] սաստիկ նախանձի պատճառով: [Սա յիշեցնում է] Յեղիասին ու Յովհաննէսին, որոնցից մէկը քառասուն օր փախստական եղաւ Աքաաբի Յեզաբէլ կնոջից, իսկ միւսը գլխատուեց Հերովդիադի դստեր կողմից: Ապա առաւօտեան սպասաւորներն իմանալով` շատ լաց ու կոծով վերցնում են սրբի մարմինը, տանում Սիօն կոչուած լեռան վրայի մենաստանը, որն այն ժամանակ ճգնաւոր մարդկանցով ծաղկում էր Եգիպտոսի Սինայից ու Սկիւթայից աւելի: Արկազան գիւղի բնակիչները, դէպքի մասին իմանալով, իրենց տանուտէրի հետ ընդառաջ են գալիս եւ սպասաւորներին համոզում [հանգուցեալին] ամփոփել այն սենեակում, որը կառուցուել էր քաջ զօրավար սուրբ Քրիստափորի անունով: Եւ տանում ու դնում են այն սենեակում: Իսկ Աստծոյ երանեալ Նու ճգնաւորը, որը շատ տարիներ բնակւում էր Սիօն սուրբ լեռան վրայ եւ ամբողջ վարքով հրեշտակացել էր, երազում տեսնում է, որ այն առաւօտեան երկինքը բացուել էր ու հրեշտակների բազմութիւնը խմբերով դուրս էր գալիս սուրբ Ստեփանոսի առաջ եւ փարուելով նրա մաքուր ու արիւնաներկ ոգուն` բարձրաձայն գոչում էին. «Բարի եւ հաւատարիմ ծառայ, ե'կ, մտի'ր քո Տիրոջ ուրախութեան մէջ»: Եւ այսպէս մեծամեծ գովեստներով տարան, հասցրին Աստծոյ ահեղ աթոռին, որի վրայ մարմնականտեսքով նստում էր Քրիստոսը` Աստծոյ Որդին:

Ապա սուրբը երկրպագելով մօտեցաւԱստծուն ու նրան ցոյց տուեց սպիտակ նափորտով փաթաթուած արեամբ լի իր գոգը եւ ասաց. «Քոնն են վրէժխնդրութիւնը եւ արդարադատութիւնը»: Եւ առաքեալներն ու հայրապետները նրան այնպէս համբուրելով տարան եւ դրեցին իրենց կայանը` մինչեւ հատուցման օրը: Սուրբ Նուն, այդ [երազը] տեսնելով ու հասկանալով, որ վնաս լինելու], հաւաքեց մենակեացների բազմութիւնը եւ լեռնից դիմեց սրբի մօտ ու մեծ ողբով եւ լաց ու կոծի աղաղակներով պատմեց երազի եւ գաւառի նկատմամբ Աստծոյ բարկութեան գալու մասին: Նա խնդրեց զգոյշ լինել եւ աղօթքներով հնարաւոր դարձնել Աստծոյ հաշտութիւնը: Այնուհետեւ յանկարծակի վրայ հասաւ Տիրոջ պատուհասը: Թանձր խաւարը քառասուն օր պատեց ամբողջգաւառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդիւն եղաւ: Ահեղ տատանումներով ցնցւում էր գետինը` խորքերից մինչեւ մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալւում էին, քարաժայռերը` հիմքից խախտւում, տներն ու ապարանքները դառնում էինբնակիչների գերեզմանները: Աղբիւրները խափանւում էին, գետերը` կորչում: Բոլոր տեղերը սասանմամբ երերում էին: Անդունդներից եւ օդի միջից լսւում էին մարդկային լեզուի ձայներ. «Վա~յ ձոր, վա~յ ձոր»: Տասը հազար մարդ ողջ-ողջ թաղուեցին գետնի տակ: [Մարդիկ] այդ թուի մէջ հաշուել էին, ում ճանաչում էին, իսկ անծանօթների հաշիւը ոչ ոք չգիտէր: Կատարուածի պատճառով գաւառն էլ կոչուեց Վայոց ձոր:

Իսկ պատուհասի քառասուն օրից յետոյ վերեւից դադարեց Աստծոյ բարկութիւնը, եւ գաւառի մնացած բնակիչները հաւաքուելով` հրաւիրեցին կաթողիկոսին ու վանականների ժողով գումարեցին. շատ օրեր եկեղեցական գիշերային արարողութիւն կատարեցին եւ սուրբ Ստեփանոսի աճիւնը փոխադրեցին միաբանաբնակ Թանահատից վանքը, որի միաբաններն անդադար սպասաւորութիւն էին կատարում`փափուկ կերակուրներից զերծ. այդ պատճառով էլ կոչուեցին թանահատներ: [Գերեզմանի] վրայ մի փոքրիկ մատուռ շինեցին, որտեղ հետագայում` եօթ հարիւրքսանութ թուականին, տեղի բնակիչները կառուցեցին գմբէթայարկ եկեղեցի` գեղեցիկ կառուցուածքով, եւ սրբի տապանը դրեցին նրա հիմքի մէջ:

Սուրբ Ստեփանոսի վախճանը հայոց թուականութեան հարիւր ութսունչորսի հրոտից ամսի տասնհինգին, այսինքն` յուլիսի 21-ին էր, սրբուհի Մարգարիտի եւ դիւահար Սիմէոնի յիշատակի օրը: Իսկ տիրասպան կինը աւելի ուշ սգաւոր դարձաւ, մերկանումեւ քարեր վերցրած` ծեծում էր կուրծքը: Այնքան խփեց, որ արեան առուակ էր հոսում: Մեծ ողբով, դառն աղաղակով ճչում էր ու դատապարտում իր չարագործութիւնները: Եւ գալով վանքի դիմաց, դէպի արեւմուտք` ձորակի այն կողմում հողը փորելով`մինչեւ ստինքները թաղուեց. ամառ ու ձմեռ տօթակէզ եւ ցրտահար լինելով` վայում ու ողբում էր գիշեր-ցերեկ, խոստովանում իր մեղքերը: Այդպիսով շարժում էհայրապետի գութը, որը Տիրոջից ներում է խնդրում նրա համար: Մի օր էլ պատարագի ժամին սրբի տապանից լսւում է ահեղ գոչիւն. «Թող ներուեն քո մեղքերը, ո'վ կին|: Եւ դա լսելով` բոլորը մեծ մարդասիրութեան ու անյիշաչար բարերարութեան համար փառք էին տալիս եւ գոհունակութիւն յայտնում Աստծուն: Իսկ կինը թէեւ ներում ստացաւ, բայց տեղից դուրս չեկաւ, այլ, մնալով այնտեղ, վախճանուեց եւ թաղուեց իր ապաշխարութեան փոսի մէջ. ու վանքի դիմաց այդպէս էլ մնում է: Ուստի եւ այնպիսի մեծ մարդասիրութեան համար բոլոր էակներից անհատնում ու անվերջ փա~ռք եւ գոհունակութիւն Աստծուն` այժմ եւ յաւիտենապէս, ամէ'ն: