Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

 

ՀԳ
ՆՈՅՆ ՍՏԵՓԱՆՈՍԻ ՍՈՅՆ ԳՐՔԻ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

 

Ամէն ինչի սկիզբն ու աւարտը Աստուած է, որովհետեւ ամէն բան նրանից սկսուելով` նրանով էառաջ տարւում ու նոյնով էլ աւարտւում, ինչպէս որ կարելի է տեսնել կարկինով գծուող շրջագծիբոլորումը, որը որտեղից սկսւում է, նոյն կէտին էլ յանգում է ու միանում` իր մէջ ընդգրկելով բազմաթիւ մասերը: Հէնց այդ ձեւով էլ պէտք է պատկերացնել շնորհը, որը, բխելով յորդառատ, ականակիտ աղբիւրից, անցնում է ամենքի միջով` իւրաքանչիւրին համապատասխան մասնաւոր բաժին տալով: Եւ այդպէս բոլորի մէջ օգուտ ու օգտակարութիւն առաջ բերելով` ինքը նոյն յստակութեամբ միանում է իր բխման ակունքին: Ըստ այդմ էլ` եւ ես` շնորհներով երկնային, բարքով երկրային, ձեւով աստուածային, վարքով եղեռնային, տեսքով կենսատու, ոգով կենսազրկիչ, անուամբ քահանայագլուխ, բանսարկուի գործագլուխ, աստուածային շնորհներից ստանալով` կամեցայ մի փոքր օգտակար գործ կատարել. սկսելով Աստծով` նրանով առաջ տարայ, նոյնով էլ աւարտեցի:

Արդ` գոհունակութի~ւն եւ փա~ռք բոլոր էութիւններիս Արարչին, անասելիին ու անհասանելիին, առատաբաշխ պարգեւիչին, ամենիս խնամատարին. երկնային հրեղէն էակներից ու նիւթեղէն, տարրակազմ կենդանի երկրածիններիցս, բոլոր տեսակի ստեղծականներից` ընդհանրապէս գոյացական արարածներիցս, անսահման բիւրերով, անհասանելի ուանվերջանալի օրհնութի~ւն, պատի~ւ եւ երկրպագութի~ւն նրան, որ կարողութիւն տուեց իմ թերավարժ ու տհասմտքին, ցաւալից, տարտամ, ծովահեղձ հոգուս` տեսնելուայս գործիս աւարտը, հասնելու սկսածիս վերջին` այսդառն օրերում, սովախեղդ ու մահաշունչ ժամանակներում, երբ մահը ցանկալի ու երանելի է, իսկ կեանքը` ատելի ու թշուառ, երբ բոլոր մարդիկ շարունակ գիշերը` ցաւի, ցերեկը ցնորքի մէջ են անցկացնում, նրանք բարի բանի ակնկալութիւն չունեն, այլ օրէցօր [վրայ հասնող] սոսկալի վշտերի ու նեղութիւնների են սպասում: Եւ արդ` կարող ու հզօր Հայր Աստծոյ կամքով, Միածին Որդի Յիսուսի գթութեան շնորհներով եւ նախախնամող ու ազատարար Սուրբ Հոգու ողորմածութեամբ ես` Քրիստոսի նուաստ ու բազմամեղ ծառայ Ստեփանոսս, դարձեալ նոյնի ողորմածութեամբ Սիւնիքի տասներկու գաւառներին կարգուած եպիսկոպոսս, նոյնպէս եւ նոյնի ներող կամքով նստելով այս նահանգի մետրոպոլիտութեան գահին` վերացուած եւ մերժուած տեսայ նախնիների անունն ու յիշատակը, յափշտակուած եւ կորստեան մատնուած` եկեղեցիների տիրոյթները: Եւ վաղուց ի վեր ձգտելով սրանց նորոգմանը` ուզում էինք նաեւ պատմութիւնը շարադրել: Ուստի եւ մեծ ջանք[եր]ով ու շատ չարչարանք[ներ]ով որոնումներ կատարելով` հաւաքեցինք [տեղեկութիւններ] հայոց հին եւ նոր պատմագիրների [երկերից], նաեւ եկեղեցիների արձանագրութիւններից ու այն հնագոյն թղթերից, որոնք պահուած կային Տաթեւի համակենտրոն վանքի ամուր պահեստարաններում: Որոշ նիւթեր էլ վերցրինք ստուգապէս տեղեակ մարդկանց պատմածներից, որոնք հաւաստւում էին անցքերով ու տեղերով: Ամենայն ճշտութեամբ հետամուտ լինելով ստուգութեանը` դէն նետեցինք փուչ զրախօսութիւնները, որ ընթերցողները չձանձրանան: Սեղմ շարադրանքով ու համառօտութեամբ ցոյց տուեցինք առաւել պիտանին ու աւելի պատշաճը: Գրեցինք այս քաղցրախօս պատմութիւնը` նախնիների յիշատակագրութիւնների մէջտեղ բերումով: Սա ընդհանրական բնոյթ չունի, այլ մասնաւորապէս [վերաբերում է] մեր Սիսական աշխարհին եւ կոչւում է «Յիշատակաց մատեան»:

Եւ այս մատեանը թողեցինք որպէս անջնջելի յուշարձան ու գովելի յիշատակ գալիք ժամանակների համար` ի հաստատութիւն Սիւնեաց փառայեղ աթոռիս, ի բարգաւաճումն նրա խնամքին ենթակայ եկեղեցիների: Եւ մեղսալից ձեռքերով վերցնելով` այս մտաւոր պտուղը տարանք, ընծայեցինք Տիրոջ տանը` որպէս տրամադրիչ ընծայ Տաթեւի կաթողիկէ եւ առաքելական եկեղեցուն ու նահանգիս բոլոր աստուածաբնակ տաճարներին: Եւ ահա ծնրադիր խոնարհուած`բազմաղաղակ ձայնով աղաչում-պաղատում ենք, ո'վ երկնային Փեսայի գերապանծ ու լուսաճեմ առագաստ, բոլոր սրբերով խնդրի'ր քո սխրալի Գլխաւորին`ընդունելու իր աստուածային գանձարանի մէջ շրթունքներիս այս պտուղն ու հոգուս ծնունդը` որպէս հաճելի նուէր, եթէ ոչ [հարուստների] թանկարժէք նուէրների հետ, ապա` չքաւորների, որոնք խորանի համար մազ էին մատուցում, նաեւ մի բաժակ սառը ջրի կամ երկու լումայի հետ: Եւ իր եկեղեցին, այս շնորհաւորելով, մեզ հնարաւորութիւն կտայակնկալութիւն ունենալու բարիքների եւ առատօրէնբաշխուող պարգեւ[ներ]ի` եթէ ոչ կատարեալ[ներ]ի, ապա գոնէ փշրանքներին, որոնցով շներն են կերակրւում: Ինձ տրուած քանքարը բնաւ էլ անգործութեան չմատնեցի ու չթաքցրի, այլ, ըստ իմ կարողութեան, մի փոքր դրամաչափ գցեցի դրամափոխիչի սեղանին, ուստի [իմ մասին] թող չլսեմ, թէ` «Չար եւ վատ ծառայ է», այլ երեկոյ չունեցող այն մեծ օրը, երբ խօսքերը վերջանում ու գործերն են թագաւորում, արժանանամ երանաւէտ այն ձայնին, թէ` «Ե'կ, մտի'ր Տիրոջ ուրախութեան մէջ»: Նրան բոլոր գոյացութիւններից` գոհունակութի~ւն ու փա~ռք այժմ եւ յաւիտենաբար. ամէ'ն:

Արդ` նիւթի պատրաստուելուց յետոյ աշխատութիւնը շարադրուեց Արղունի որդի մեծ եւինքնակալ արքայ Ղազան ղանի աշխարհակալութեան ժամանակ, երբ ամէնուրեք տիրում էր նետողաց ազգը, երբ թագաւորում էին Վրաստանի Դաւիթ թագաւորը` Դեմետրէի որդին, եւ Հայաստանի թագաւոր Հեթումը` Լեւոնի որդին, իսկ այս նահանգում իշխում էր Տարսայիճի որդի օրհնեալ ու բարեպաշտ Ելիկումը` իր եղբայրներով, աստուածապատիւ ու հոգեւոր տէր, ինքնիշխան պատրիարք Գրիգորի եւ Աղուանքի կաթողիկոս տէր-Ստեփանոսի տարիներին, քրիստոնէական թուականութեամբ` հազար երկու հարիւր իննսունինը թուականին, իսկ մեր հայոց թուականութեամբ`տասնչորս յոբելեանին եւ քառասունվեց թուին, հարիւրութսունվեց ոլիմպիադին եւ երկրորդ տարում, յիսուն ընդիքտիոնին` պակասած թուով, իսկ ըստ արեգակի քսանութեակ շրջանի մէկ հինգ հարիւրեակի` երկուհարիւր տասնչորս թուականին, Նորավանքի այս վսեմ եւփառաբնակ ուխտում, աստուածաբնակ այս տաճարներիու աստուածակիր սուրբ նշանների հովանաւորութեան ներքոյ: Այդ ժամանակ խորթ եւ դառնադաժան օրեր էինք, երբ գտնւում էին տիեզերակոծ տագնապի մէջ, միշտ խռովայոյզ դիմադրողականութեամբ` աչքներս յառած միայն երկնային խնամատարութեանը: Դրա համար գետնատարած խնդրում եմ սրբազաններիդ դասերին, որ մեզ յիշման արժանացնէք եւ չանտեսէք իմ անէութիւնը, երբ հողացած լինեմ կորդացած գերեզմանում, այլ կհամարէք, որ ձեր աչքի առաջ մուրացկանի նման փեշս վեր բռնած` շառագունած դէմքով ու տանջուած երեսով ձեզանից ողորմութեան փշրանքներ եմ խնդրում, այսինքն` ուզում եմ, որպէսզի մէկ անգամ երկնային զոհաբերութեանն արժանի անէք: Եւ եթէ սրա մէջ ինչ-ինչ սխալմունքներ կամ պակասութիւն[ներ] գտնէք, հիւանդագին մտքով չպախարակէք, որովհետեւ մարդկային էութեանը յատուկ է սայթաքել ու տկարանալ խօսքերի եւ գործերի մէջ, այլ ողջախոհ կամքով ու աստուածավայելուչ սիրով պիտի ներէք` մեզ բաշխելով մեր յանցանքները: Եւ դուք բոլորդ ողորմած Աստծուց մէկի դիմաց բիւրապատիկ ողորմութիւն կգտնէք` երկրորդ կեանքով: Միաժամանակ պատուիրում եմ բոլոր նրանց, ովքեր պիտի հանդիպեն այս գրքին` սրա բովանդակութիւնից ոչինչ չանջատել կամ շարադրանքի կարգը չայլանդակել կամ անամօթաբար թուղթ չպոկել սրանից` նախանձից, նենգութիւնից եւ կամ ուրիշ պատճառով: Իսկ եթէ մէկը լրբաբար յանդգնի [այդպիսի բան անել], ջնջուա'ծ լինի կեանքի գրքից, զրկուա'ծ լինի յաւիտենական կտակից, Յուդայի ու [Քրիստոսին] խաչ բարձրացնողների հետ վարձատրուի, սատանայի ու բոլոր չարագործների հետ դատապարտուի: Եւ ով որ սա ընդօրինակի ու միւս [մասերի] հետ դնի նաեւ այս համառօտ յիշատակարանը, մեզ հետ միասին Աստծոյ արարչական սիրուց ողորմութիւն ստանայ` թէ' մարմնով կենդանի ժամանակ եւ թէ' գերեզմանում ու երեկոյ չունեցող այն մեծ օրը: Փա~ռք Աստծուն բոլոր արարածներից եւ գոհունակութի~ւն երկնաւորների բոլոր բանակներից անվախճան յաւիտենութեան շարունակուող ժամանակներում. ամէ'ն: