Գրիգոր Զոհրապը հրապարակագիր եւ գեղագէտ

Հեղինակ

Բաժին

Թեմա

«Անբարոյական գրականություն»

«Ժամանակէ մը ի վեր մեր լրագրութեանց էջերը կը լեցուին ֆրանսական արդի մատենագրութեան դէմ մղուած ծիծաղելի պայքարի մը փորձերով» , 101), - այսպես է սկսում Զոհրապն իր հոդվածը՝ ի պաշտպանություն Եվրոպայից հայ գրականություն ներթափանցած մի նոր գրական ուղղության, որը վերարտադրում եւ պատկերում էր կյանքի երեւույթներն ու մարդկային խառնվածքներն առավելագույնս ճշգրտությամբ, բարոյական նորմերի արգելքով թաքցված ու ծածկված ամենյան մանրամասնություններով, ինչպես որ կան:

19-րդ դարի վերջին երեք տասնամյակում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում որպես գրական ուղղություն հաստատվեց բնապաշտությունը (նատուրալիզմը, լատիներեն natura - բնություն բառից), որը ծագել եւ ձեւավորվել է Ֆրանսիայում՝ դասական արտահայտություն ստանալով ինչպես գրականության, այնպես էլ՝ տեսության մեջ:

«Բնապաշտությունը որպես դպրոց ձեւավորվեց միայն Է. Զոլայի մուտքով գրականություն: Հենվելով Օ. դը Բալզակի, Ֆլոբերի, Գոնկուր եղբայրների գրական փորձի վրա՝ Զոլան մշակում է բնապաշտական վեպի ու թատրոնի տեսությունը, որը հետեւողականորեն ձգտում է իրագործել գեղարվեստական ստեղծագործության մեջ:

Բնապաշտության հիմնադիրը գրել է. «Ես չեմ ցանկանում Բալզակի նման որոշել, թե ինչպիսին պետք է լինի մարդկային կյանքի կառուցվածքը, լինել քաղաքագետ, փիլիսոփա, բարոյախոս. Իմ պատկերած տեսարանը մի կտոր իրականություն է, այնպես, ինչպես որ կա, պարզ վերլուծություն» [1]:

Բնապաշտության գեղագիտության ձեւավորման գործում շատ մեծ դեր են խաղացել բնական գիտությունների նվաճումները, որոնք գրողներին ներշնչել են վստահություն ճանաչողության գիտական մեթոդների նկատմամբ եւ համոզմունք, որ միայն գիտությունը կարող է պաշտպանել գրականությունը «ռոմանտիկական մոլորություններից», օգնել նրան իրագործելու հիմնական նպատակը, այն է՝ ժամանակակից կյանքն ուսումնասիրել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակի դրսեւորումներով, արտացոլել ստեղծագործություններում, որոնց գեղարվեստական արժեքը պետք է որոշվի ճանաչողական ակտի ամբողջականությամբ:

Բնապաշտները ենթադրում էին, որ գրականությունը, նմանվելով գիտությանը, վերջինիցս պետք է փոխառի նաեւ մեթոդը: Հետեւաբար՝ նրանք ձգտում էին գեղարվեստական ստեղծագործություն ներմուծել ճանաչողության գիտական մեթոդը, գրականությունը դարձնել «փորձարարական»:

Գ. Ֆլոբերի խոսքերը՝ «Ես ենթադրում եմ, որ մեծ արվեստը պետք է լինի գիտական եւ անդեմ», բնապաշտներն ընդունեցին որպես գլխավոր ստեղծագործական հիմնադրույթ [2]:

Բնապաշտների համոզմանբ՝ գրական ստեղծագործությունը պետք է առաջացնի գիտական եւ ճանաչողական հետաքրքրություն, իսկ գրողը պետք է հրաժարվի բարոյախոսությունից՝ սահմանափակվելով փաստերի անկիրք նկարագրությամբ ու վերլուծությամբ:

Այս պահանջը, անշուշտ, հասարակական անտարբերության, հասարակությունից դեպի դրական փաստերի եւ չեզոք ճշմարտությունների աշխարհ հեռանալու դրսեւորում չէ: Ընդհակառակը, նրանք ենթադրում էին, որ իրենց ստեղծագործության նյութն ինքնին արտահայտիչ է ու դաստիարակչական:

Մերժելով մտացածինը, հորինվածը՝ բնապաշտները ձգտում էին իրականության ճշգրիտ վավերագրմանը եւ գրական ստեղծագործության մեջ առկա փաստերի գիտական հիմնավորմանը:

Այս առումով Զոհրապը շատ որոշակիորեն է արտահայտվել. «Մեր համոզումն այն է որ ամեն գաղափար պէտք է արտայայտուի ու մտիկ ըլլուի իր ապացոյցներուն ու բացատրութիւններուն հետ, առանց քէնի, առանց նախապաշարումի» , 181):

Գրականությունը գիտության մի մասը համարելով ՝ Զոհրապն այն կարծիքին է, որ «գիտութիւնը պետք է սիրել իր վերացական ու կոյս գեղեցկութեանը համար եւ ոչ թէ գձուձ ու գռեհիկ շահադիտութեամբ» , 76):

Բնապաշտներն իրենց առջեւ խնդիր էին դնում ուսումնասիրել հասարակությունն այնպիսի լիարժեքությամբ, ինչպես բնագետն ուսումնասիրում է բնությունը:

Գրականության նշանակությունը, ենթադրում էին բնապաշտները, հետազոտությունն ու ցուցադրումն է այն օրինաչափությունների, որոնց ենթակա է մարդկային կյանքը: Եվ քանի որ մարդն ամենից առաջ կենսաբանական մարմին է, ապա ամենից առաջ հարկավոր է հետազոտել նրա գոյության կենսաբանական օրենքները: Նման նախապատվությունը կենսագործվում էր ի վնաս կերպարների սոցիալական հիմնավորումների [3]:

Գրական նոր ուղղությունը հակառակորդներ ունեցավ հենց իր ծննդավայրում՝ Ֆրանսիայում: Բնապաշտ հեղինակների առանձին նկարագրությունները շատերն էին համարում հանդուգն, անպատկառ, անամոթ:

Միեւնույն ժամանակ որոշ տեսաբաններ փորձում էին վերլուծել, իմաստավորել ու համակարգել թե՛ բնապաշտությունը, թե՛ իրապաշտությունը, ինչպես նաեւ՝ պարզել այդ երկու ուղղությունների շփման կետերն ու տարբերությունները:

Ինչպես հայտնի է, խոշորագույն բնապաշտ գրողների (Գոնկուր եղբայրներ, Զոլա, Մոպասան) ստեղծագործություններին սկզբնական շրջանում բնորոշ էին այնպիսի գծեր եւ միտումներ, որոնք մոտեցնում էին նրանց 19-րդ դարի Արեւմտյան Եվրոպայի բարձր իրապաշտությանն ու նախեւառաջ՝ Բալզակի, Ֆլոբերի ստեղծագործությանը [4]: Անշուտ, այդ տեսաբաններից առաջինը Զոլան էր, որն իր տեսական առաջադրումներն իրականացնում էր գրական ստեղծագործության մեջ:

19-րդ դարի վերջերին Ա. Դավիդ-Սովաժոն «Իրապաշտությունը եւ բնապաշտությունը գրականության մեջ ու արվեստում» ուսումնասիրության մեջ գրում է. «Իրապաշտությունը տեսականացվել եւ համակարգվել է մեր օրերում:

Մեր օրերում էլ նա փորձում է առաջ շարժվել, եթե ոչ իր ստեղծագործական ուժով, ապա իր դրսեւորումների կտրուկությամբ: «Իրապաշտություն» արտահայտությունը նոր է, գոնե այն իմաստով, որով գործածվում է վերջին տարիներին: Այդ արտահայտությունը պարզ չէ: «… Հասարակության մեծ մասը . օգտվում է «իրապաշտություն» տերմինից որպես վիրավորական անվանում, որպեսզի պախարակի որոշ մարդկանց, որոնք ողջ կյանքում քչփորում են իրականության մրուրը եւ այնտեղ փնտրում բավականություն իրենց զազրելի նկարագրությունների ու նկարների համար» [5]:

Տեսաբանը, փորձելով ներկայացնել իրապաշտության ու բնապաշտության սահուն սահմանագիծը, վկայակոչում է Է. Զոլայի միտքը. «Հարցնում են, թե ինչու ինձ չի բավարարում «իրապաշտություն» բառը, որը գործածության մեջ էր 30 տարի առաջ: Ես այդպես եմ վարվել միայն այն պատճառով, որ այն ժամանակվա իրապաշտությունը նեղացնում էր գեղարվեստական-գրական աշխարհահայացքը: Ինձ թվում էր, որ «բնապաշտություն» բառը, ընդհակառակը, ընդլայնում է զննման ոլորտը» [6]:

Այսպես՝ Ֆրանսիայում գրական նոր ուղղությունների գեղարվեստական կիրառմանը զուգընթաց զարգանում էին տեսական հիմնավորումներ, վերլուծություններ, որոնք միանշանակ չէին, եւ, ինչպես ցանկացած նորի պարագայում է, առկա էին թյուրըմբռնումները, ոչ ճիշտ մոտեցումները, մերժողական կեցվածքն ու անհանդուրժողականությունը: Եվ, բնականաբար, բոլոր այն երկրներում, որտեղ ներթափանցեցին գրական նորարարությունները, եղան համանման արձագանքներ:

Ժամանակի ֆրանսիական գրականությունը հակառակորդներ ուներ ոչ միայն հարազատ երկրում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Զոլայի մահվան կապակցությամբ 1902 թվականին Զոհրապը գրում է. «Հայերը չեն ճանչնար զինքը (Զոլային՝ Մ. Գ. ) Մէկ քանի հոգի՝ այս մեծ մատենագրին անբարոյական հեղինակի համբաւ շինեցին մեր մէջ եւ մեր հասարակութիւնը անկէ զգուշացնելու ելան» , 413):

Արեւմտահայ իրականության մեջ ոչ միայն ֆրանսիացի, այլեւ հայ հեղինակների գրական նոր ուղղության ստեղծագործությունները շատերը որակեցին անբարոյական:

Զոհրապը գրում է, «. Անբարոյականութեան դէմ կռուելու պատրուակով զինուեցան անոնք որոնք դատապարտուած են կռնակնին դարձուցած մնալու յառաջադիմութեան. անբարոյականութիւն որ, ասոնց խօսքին նայելով, հոլանի ծիծ մը կամ մերկ սրունք մը ցուցնելով կը վրդովէր իրենց ի բնէ խարխուլ պարկեշտութիւնը» , 413-414):

Զոհրապը նաեւ վկայում է, որ «հայերուն մէջ իբրեւ մերկապարանոց բաներ գրող» իրեն է բաժին ընկնում այդ մեղադրանքներին ենթարկվելու պատիվը. «Եւ այսպէսով պզտիկ խնամութիւն մը ձեւացած է միշտ իմ խոնարհ անձիս եւ մեծ գրագէտին մէջ որուն սուգը կը պահէ այսօր

Ֆրանսան՝ ամբողջ լուսաւորեալ Եւրոպային հետ միասին» , 414):

Այդ «խնամությունը» նկատել են գրողի ժամանակակիցները: Սակայն ինքը՝ Զոհրապը, կարծում է, որ իր ու Զոլայի միջեւ կա մեծ անջրպետ՝ «արժանիքի տեսակէտով», եւ իրենց միակ ընդհանուր հատկանիշը ամեն տեղ սուտն ու կեղծիքը խորտակելու փափագն է:

Զոհրապը պաշտպանում է գրական այն դպրոցը, որն առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով. «Ճշմարտութիւնը՝ ուրեմն ամեն բանէ առաջ. մանաւանդ թէ ամեն բանէ վեր, ահա գրականութեան արդի բանաձեւը որ Զօլայինն է» , 202):

Այդ դպրոցը բնապաշտ դպրոցն էր, որը Զոհրապն ընդունում էր առանց վերապահումի:

Իրեն հատուկ պատկերավորությամբ նա փորձում է բնութագրել նոր՝ բնապաշտ դպրոցն արդեն հին՝ ռոմանտիկ դպրոցի համեմատությամբ: Զոհրապը ներկայացնում է այն պատճառները, որոնք ստիպում են Վ. Հյուգոյին («ռոմանթիք գրականութեան անմատչելի կատարը») եւ Զոլային («բնապաշտ դպրոցին գլուխը») հեռանալ հայրենի Ֆրանսիայից: Հյուգոյին չէին կարողացել տալ խոստացված նախարարական պաշտոնը, եւ «քինախնդիր բանաստեղծը օտար հողի մը վրայ կ՚երթար իր մաղձը, որ նորէն է՛ն մաքուր ու նուիրական անուններով պիտի մկրտէր, թափելու իր Chatimentsներուն [7] մէջ»: Զոլան «իր հանգիստը, իր մեծ դիրքը, զինքը շրջապատող բոլոր համակրութիւնները առանց վարանելու ձգելու կը յօժարի, յանիրաւի դատապարտուած Հրէայի մը անմեղութիւնը պաշտպանելու համար»:

Զոհրապը վստահեցնում է. «Ռոմանթիք եւ բնապաշտ դպրոցներուն բոլոր տարբերութիւնը այս երկու եզրերուն բաղդատութեանը մէջն է» , 415):

Զոհրապը բնապաշտությունը համարում էր իրապաշտության զարգացման մի նոր աստիճան կամ ավելի բարձր դրսեւորում: Մինչդեռ նրա ժամանակակիցներից շատերը, ինչպես նաեւ հետագա տասնամյակների հայ գրականագիտությունը «բնապաշտությունը» գործածում էին բացասական նշանակությամբ. խուսափելով արվեստագետներին բնապաշտ անվանել՝ նրանց ներկայացնում էին որպես իրապաշտներ:

Այս իրողությունը փորձում է բացատրել Ստեփան Թոփչյանը. «Գեղարվեստական ուղղությունների ծագման, զարգացման ու անկման շղթայում ոչ մի ուղղություն այնպիսի օրգանական կապեր չունի մյուսի հետ, ինչպես դասական ռեալիզմն ու նատուրալիզմը: Երկրորդը ծագում է առաջինից, տարբերակվում, չմտնելով այնպիսի սուր բախման մեջ, ինչպես, ասենք, կլասիցիզմը եւ ռոմանտիզմը, ռոմանտիզմը եւ ռեալիզմը» [8]:

Գրականագետը պնդում է, որ «նատուրալիզմը դասական ռեալիզմի ուղղությունից ծնված եւ ինքնորոշված ուղղություն է ժամանակային իր սահմաններում, իր սկզբունքներով, ստեղծագործական յուրահատկություններով ու իր բերած նորություններով» [9]:

Բնապաշտությունը (անվանումն ընդգծում է բնությանը, իրականությանն առավել մոտ լինելու հանգամանքը), հետեւողականորեն կիրառելով «կյանքն ինչպես որ է» սկզբունքը, հավաստեց, որ մարդկային կյանքն իր բոլոր կողմերով ու անգամ չնչին մանրամասնություններով (որոնք կարող են շատ ավելին ասել տվյալ անհատի, երեւույթի մասին) պետք է արժանանա ստեղծագործողի անկողմնակալ, անվրդով վերաբերմունքին:

Կյանքն ինչպես որ է՝ իրականության ճշմարտացի արտացոլման սկզբունքը գրականության մեջ հաստատեց իրապաշտությունը:

Սակայն սկզբնական շրջանում իրապաշտ գրողների ստեղծագործություններում առկա էին երեւակայությունն ու վերաստեղծումը:

Մինչդեռ ավելի ուշ շրջանում, որ Զոլան անվանեց նատուրալիզմ, «կյանքն ինչպես որ է» սկզբունքն ամրապնդվեց ու կիրառվեց որպես իրականության բացարձակ ճշմարտացի արտացոլում՝ առանց հեղինակի միջամտությունների: Բնապաշտ արվեստագետները դիտում էին մարդուն ու հասարակությունը դրապաշտ բնագիտության դիրքերից:

Անշուշտ, բնագիտության գեղագիտական սկզբունքները պայմանավորված էին ժամանակի բնական գիտությունների զարգացմամբ: Եվ մարդկային արարքները բացատրվում էին ոչ թե հասարակական օրինաչափություններով ու միջավայրի յուրահատկությամբ, այլ անհատի բնախոսության մեջ գործող աննկատելի, անզգայելի լծակներով, որոնք, գործառականացվելով, երբեմն ունենում են պատահական կամ աննշան թվացող հանգամանքերի պատճառաբանություն:

«Բնապաշտների գեղագիտական հավատամքի հաստատման տեսանկյունից կյանքն իր ամենաբազմազան դրսեւորումներով գեղարվեստորեն արտացոլվելու իրավունք ունի: Ինչպես բժիշկը չի մերժում հիվանդին այն պատճառաբանությամբ, թե նրա հիվանդությունը տհաճ է, այնպես էլ գրողն իրավունք չունի հրաժարվել կյանքի քիչ հրապուրիչ կողմերը նկարագրելուց: Գրողի համար չկան իրերի, երեւույթների անպատշաճ, անբարոյական նկարագրություններ, անպետք սյուժեներ, անարժան կամ նվաստ թեմաներ» [10]: Հետեւաբար՝ գեղարվեստական գրականությունը չի կարող բարոյական կամ անբարոյական համարվել:

«Գրականութիւնը իր նպատակովը միայն կրնայ բարոյական կամ անբարոյական հռչակուիլ. նկարագրութիւնները՝ արուեստական խնդիրներ են որոնք չեն կրնար երբեք անբարոյականութեան համար իբրեւ փաստ յառաջ բերուիլ» , 103), - գրում է Զոհրապը:

Ըստ գրողի՝ գրականությունն այն ժամանակ միայն կարող է անբարոյական համարվել, երբ «առաջադրած նպատակն ըլլայ ընթերցողները ցանկութեամբ ու տարփանօք վարակել»:

Այդ ժամանակաշրջանում Ֆրանսիայում շրջանառվում էին տպագիր միավորներ, որոնք ոչ մի կապ չունեին գեղարվեստի հետ, եւ որոնց վերաբերյալ Զոհրապը գրում է. «Կը լսենք որ Եւրոպիոյ մէջ կան գրավաճառներ, առեւտրական ձեռներէց ոգիէն մղեալ, որ յատուկ գիրքեր գրել կուտան, կը տպեն ու կը ցրուեն գաղտագողի, անասնական նկարագրութիւններով եւ միայն նկարագրութիւններով լեցուն, որոնք անուն չունին, հեղինակ չունին, հրապարակային գոյութիւն չունին, այլ կը սողոսկին ձեռքէ ձեռք եւ կանգ կ՚առնուն սովորաբար յանուն բարոյականի պոռացող մարդոց դարակներուն մէջ. ատոնք են ահա լպիրշ գրութիւնները» , 106):

Իսկ ժամանակի ֆրանսիական գրականությունը Զոհրապը համարում է հոյակապ ու աննման արվեստի մարմնացում, եւ Բալզակը, Ֆլոբերը, Գոնկուրը, Բոդլերը, Դոդեն, Բուրժեն անբարոյական գրագետներ չեն, այլ մեծանուն մատենագիրներ, որոնցով Ֆրանսիան հավետ կպարծենա: Նա պաշտպանում է բնապաշտ հեղինակներին ու նրանց ստեղծագործությունները «ձրի զրպարտութիւններից»:

Արեւմտահայ իրականության մեջ բնապաշտ դպրոցի վերաբերյալ մամուլում եղան բազմաթիվ եւ տարաբնույթ արձագանքներ:

Երվանդ Օտյանը գրում է. «…. Դեռ կան շատեր, նոյն իսկ գրողներուն մէջ, որոնք հաշտ աչքով չեն նայիր գրական այս նոր ուղղութեան (բնապաշտությանը՝ Մ. Գ. ), որոնք կանխակալ կարծիքներու կը ծառայեն՝ անբարոյական, լկտի, անիմաստ հռչակելով այս նոր ուղղութիւնը եւ կարդացողը, որ ընդհանրապէս գրուածքին արտաքին կերպարանքը կը տեսնէ, առանց հոգին հասկնալու, իրաւունք կուտայ երբեմն այդ գայթակղած բարոյասէրներուն» [11]:

Հոդվածագիրը ներկայացնում է բնապաշտ դպրոցի նկարագիրը. «Բնապաշտ վէպը լոկ քննութիւն մըն է բնութեան, մարդերու եւ իրերու վրայ: Իր նպատակը հանճարեղ առասպել մը հնարել եւ ապա այս ու այն կանոններուն համեմատ զայն ընդլայնել չէ: . Բնութիւնը բաւ է եւ պէտք է ընդունիլ զանի ինչպէս որ է, առանց բարեփոխելու կամ յապաւելու: «… Փոխանակ դիպուած մը երեւակայելու, «… պարզապէս կ՚առնեն մեր շուրջը ապրող մարդու մը կամ խումբ մը մարդերու կեանքը եւ կ՚արձանագրեն հաւատարմօրէն» [12]:

Երվանդ Օտյանը համամիտ է Զոլայի հետ, թե բնապաշտ դպրոցի հետեւորդների ստեղծագործությունները համարվում են անբարոյական, քանի որ նրանցում ո՛չ խաբեբան է ատապարտվում, ո՛չ պատվելին՝ գովաբանվում: Մինչդեռ բնապաշտները հավաստում են, որ ճշմարտությունից դուրս բարոյականություն չկա, եթե անգամ այդ ճշմարտությունը երբեմն վհատեցուցիչ լինի: Գրականությանը վերագրվող «անբարոյական» մեղադրանքի դեմ հանդես է եկել «Հայրենիք» օրաթերթը: «Անբարոյական գրականութիւն» անստորագիր հոդվածի հեղինակը բացատրում է, «…. Բարոյականութիւն ըսելով կ՚ըմբռնուի չը գործածել սիրահարական շատ տաք բացատրութիւններ: Սակայն այս խստապահանջութեան մէջ մենք աւելի կեղծաւորութիւն կը տեսնենք, քան բարի նախանձախնդրութիւն մը բարոյականի պահպանման մասին» [13]: Հոդվածագիրը եւս այն կարծիքին է, որ «բարոյականութիւնը բացատրութիւն մը աւելի կամ նուազ բաց ըլլալուն մէջ չէ, բարոյականութիւնը գրութեան մը հոգւոյն մէջն է»: Նա իր համոզմունքը բացատրում է ավելի բարձր հայեցակետով՝ պաշտպանելով այն իրողությունը, որ հանուն ճշմարտության գրողը պարտավոր է կյանքի երեւույթները նկարագրել առանց կեղծելու, առանց «տղայական բացատրութիւնների». «Կեանքի խթանը, մեծ վարիչը սէրն է. եւ երբ զայս կ՚ըսենք կարծենք թէ մեծ նորութիւն մը յայտնած չենք ըլլար. ինչպես նաեւ մեծ նորութիւն մը յայտնած չենք ըլլար, երբ ըսենք թէ զիրար սիրողները միշտ չեն կարող այնպէս մնալ իրարու հետ ինչպէս կը մնան Լամարթինի [14] Ռափայէլն ու Ժիւլին: Արդ՝…. կեանքի երեւոյթները նկարագրող ու բացատրող գրագէտն ի՞նչպէս կրնայ բան մը մեկնել, կեանքի երեւոյթ մը պարզել առանց բացատրելու մորթի ազդեցութիւնը մեր կեանքի վրայ» [15]:

Ընդգծված արտահայտությունը որքան պարզ, նույնքան էլ արժեքավոր է, քանի որ պարզեցված ձեւակերպումն է ժամանակի փիլիսոփայական նոր համակարգերի իմացաբանական հիմքի, որի բովանդակությունը մարդուն որպես կենսաբանական միավոր ընդունելն է, մարդու հոգեբանության շարժիչ ուժերը, խթանիչներն ու ազդակները կենսաբանական պատճառաբանվածությամբ մեկնաբանելը:

Գրական նոր ուղղության հիմնադիրները նախորդ՝ բարոյաբանական եւ գաղափարամետ գրականության փոխարեն առաջարկում էին մի գրականություն, որի նպատակը ոչ թե հեղինակի անհատական բարոյական ըմբռնումներն են (ոչ այնքան իրական, որքան ցանկալի) ու գեղարվեստական քարոզը, այլ «կյանքն ինչպես որ է» սկզբունքի ճշգրիտ կիրառումը, կյանքի երեւույթների, մարդու բնավորության ու գործողությունների, դրանց բնական դրդապատճառների ամենահավաստի եւ իրական պատկերումը:

Գրական նոր սերնդի արվեստագետներն իրենց գեղագիտական սկզբունքները հիմնում էին դրական գիտությունների եւ դրապաշտ փիլիսոփայության փորձառության վրա:

«Դրապաշտ փիլիսոփաներ Կոնտի եւ Սպենսերի շատ դիտարկումներ Զոհրապի ուսումնառության շրջանակներում զուգորդվում էին Ռուսսոյի մարդաբանական հայացքներին եւ Շոպենհաուերի կամապաշտ փիլիսոփայությանը: Ավելին, Զոհրապը կարդացել էր նաեւ Մարքսի «Կապիտալը» կամ, ինչպես ինքն է անվանել՝ «Դրամագլուխը»» [16], - վկայում է Արամ Ալեքսանյանը:

«Եթե լուսավորական արվեստում կամ «գաղափարական» գրականության շերտերում քաղաքակրթության, ներառյալ՝ նաեւ դրական գիտությունների նվաճումները հասարակությանը փոխանցելու ճիգը հասարակական առաջադիմություն պայմանավորելու նպատակադրում ուներ, ապա 80-ականների, հատկապես Զոհրապի գրականության մեջ կյանքի, անհատի հոգեւոր աշխարհի հետազոտության խնդիրը, համադրվելով կարեկցանքի փիլիսոփայությանը, հիմնականում ստանում է գոյափիլիսոփայական բնույթ: «…Մտածողության նոր աստիճանը իրականության եւ հասարակական մտքի տարբերակման պրոցեսի արդյունք էր, որի հետեւանքով բարոյաբանությունը, հրապարակախոսությունը եւ գեղագիտությունը արանջատվում են, եւ վերջինս ստանում է հարաբերականորեն ինքնավար կեցություն» [17], - գրում է գրականագետը:

Հետեւաբար՝ «կյանքն ինչպես որ է» սկզբունքն առաջադրվում է մարդկային էությունն ու հոգեբանությունը կամապաշտական փիլիսոփայության դիրքերից ճանաչելու եւ վերարտադրելու նշանակությամբ: Շոպենհաուերի կամքի փիլիսոփայության հայեցողությամբ՝ կենսաբանական տարերքն ուղղորդիչն է մարդկային համոզմունքների եւ բարոյական նորմերի: Եվ մարդկային հոգեբանությունը պայմանավորված է ոչ թե բարոյական ըմբռնումով, համոզմունքներով, սկզբունքներով, այլ կամք առ կյանք մղվածությամբ, բնազդներով ու կրքերով, որոնք բարոյական նորմերի շրջանակներում չեն տեղավորվում:

Ուստի՝ այս իրողության պատկերումը գրականության մեջ չի կարող որակվել «բարոյական» կամ «անբարոյական» բնութագրիչներով: Ըստ Շոպենհաուերի՝ առաքինությունները բխում են ոչ թե խոհից, այլ կամքից ու ճանաչողության աստիճանից, եւ կամքը ենթակա չէ բարոյախոսության:

Սակայն դեռ երկար ժամանակ բարոյական նորմերի անխախտելիության պաշտպանները չէին ընդունելու բնապաշտ դպրոցի արվեստը, որի բովանդակությունը նույնացնում էին

«բաց», «սոսկումի ու զզվանքի աշխարհի» նկարագրությունների հետ:

Մինչդեռ, ինչպես գրում է Հ. Ավագյանը, «Իր նորավէպերուն մէջ անպայմանօրէն բարոյական մը դնելու գաղափարին վրայ երբ եւ իցէ միտք յօգնացուցած չէ Զօհրապ. ու ատիկա ամենէն գայթակղալից արատը նկատուած է մեր կարգ մը մաքրակրօն գրողներէն՝ որոնք «հրէշ-պիտակներու սերունդ» անունով որակեցին Զօհրապն ու իր հետեւորդները: «… Զօհրապի ըմբռնած անբարոյականութիւնը մարմնական զեղծումների մէջ չի կայանար երբէք: Ընկերական կարգերու ամէն կեղծիքներուն դէմ անտարբեր հանդիսացող բարոյախօսները աւելի անբարոյիկ են քան այն՝ որ կնոջ մերկ ուսին կամ հոլանի բումբերուն մէջ կը գտնէ հաճոյքը» [18]:

Ինչպես հայտնի է, 19-րդ դարի 80-ական թվականների գրական շարժումը, որն անվանվեց իրապաշտական, միասեռ չէր: Տարբեր էին նոր սերնդի գրողների պատկերացումները գրականության խնդիրների, ճշմարտության մասին համոզմունքների շուրջ:

Նրանցից շատերի ըմբռնմամբ՝ անհատը շարունակում էր մնալ սոցիալական ու բարոյական միավոր, իսկ ոմանց, այդ թվում՝ նախեւառաջ Զոհրապի ըմբռնմամբ՝ կենսաբանական: [19]

Զոհրապն՝ իբրեւ կամապաշտության հետեւորդ, մարդու վարքագծի պատճառակիրները դիտում է բնախոսական (ֆիզիոլոգիական) կազմակերպվածության ոլորտում եւ ոչ թե գաղափարների աշխարհում:



[1]      Краткая литературная энциклопедия (այսուհետեւ՝ КЛЭ), т. 5, М., 1968, стр. 130.

[2]      Տե՛ս КЛЭ, նշված հատորը, стр. 131.

[3]      Տե՛ս КЛЭ, նշված հատորը, стр. 131.

[4]      Տե՛ս КЛЭ, նշված հատորը, стр. 131.

[5]      А. Давид-Соважо, Реализм и натурализм в литературе и искусстве, М., 1891, стр. 1.

[6]      Նույն տեղում, էջ

[7]      Նկատի ունի Վ. Հյուգոյի՝ 1853-ին լույս տեսած «Պատիժներ» քաղաքական բանաստեղծությունների ժողովածուն:

[8]      Հայկական ռեալիզմի տեսության եւ պատմության հարցեր, Ե., 1987, էջ 291-292:

[9]      Նույն տեղում։

[10] КЛЭ, նշված հատորը, стр. 132.

[11] «Մասիս», հանդէս, Կ. Պոլիս, 1893, թիվ 4003, էջ 483:

[12] «Մասիս», 1893, թիվ 4003, էջ 484:

[13] «Հայրենիք», Կ. Պոլիս, 1891, թիվ 32:

[14]    Ալֆոնս դե Լամարթին (1790-1869) - ֆրանսիական քնարերգության ռոմանտիկական բարենորոգման հիմնադիրներից:

[15]    «Հայրենիք», 1891, թիվ 32:

[16]    Ա. Ալեքսանյան, նշված գիրքը, էջ 80:

[17]    Նույն տեղում, էջ 81:

[18]    «Փիւնիկ», հանդէս, Կ. Պոլիս, 1918 թիվ 11, էջ 641-642։

[19]    Տե՛ս Ա. Ալեքսանյան, նշված գիրքը, էջ 93: