Արտազի հայկական իշխանութիւնը…

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՐՏԱԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԾՈՐԾՈՐԻ ԴՊՐՈՑԸ

Պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Արտազ գաւառը, որ հնում կոչուել է Շաւառշաւան գաւառ, իսկ միջնադարում՝ Մակու կամ Առաքելոց երկիր, կարեւոր դեր է կատարել հայոց տնտեսական, քաղաքական եւ եկեղեցական պատմութեան մէջ։ Հնագոյն ժամանակներից ի վեր արդ շրջանով է անցել Փոքր Ասիան Հայաստանի, Ատրպատականի եւ Իրանի հետ շաղկապող մայրուղին. Արշակ Բ արքան այստեղ է կառուցել Արշակաւան քաղաքը՝ փորձելով այն դարձնել թագաւորական իշխանութեան յենարանը՝ կենտրոնախոյս ուժերի դէմ մղած իր պայքարում. այստեղ է գտնւում Աւարայրի դաշտն ու Տղմուտ գետը՝ տեղանուններ, որ յաւէտ կենդանի են հայ ժողովրդի յիշողութեան մէջ՝ շաղկապուած լինելով 451 թ. Պարսից գերազանց ուժերի դէմ հայրենիքի ազատութեան համար մաքառած հերոսների փառքին։ Նոյն այս բնաշխարի հետ են աղերսւում նաեւ Հայ եկեղեցու առաքելական սկզբնաւորութեան մասին հիւսուած հնաբոյր աւանդութիւնները եւ այլն։

Չնայած վերոյիշեալ հանգամանքներին, Արտազի պատմութիւնը յատուկ ուսումնասիրութեան նիւթ չի դարձել, առաջին հերթին պատմական սկզբնաղբիւրների աղքատիկ լինելու հետեւանքով։

XIII դ. կէսերին ճոխացուած ու գունազարդուած վկայաբանական երկերի մէջ Արտազի մասին առկայ տուեալներից կարելի է հետեւեցնել, որ այդ գաւառը մեր թուականութեան առաջին դարերին պատկանել է Արշակունիներին՝ մաս կազմելով արքունի տան՝ Ոստանի։ Մի այլ վարկածով այն եղել է Ամատունեաց նախարարների բնօրրանը [1] ։ Թերեւս ի նպաստ այս կարծիքի Թովմաս Արծրունի պատմիչը վկայում է, որ XI դ. վերջերին Ամատունեաց տան եպիսկոպոս Գրիգորը իր աթոռը փոխադրել է Արտազգաւառի այն վայրը, ուր Թադէոս առաքեալի գերեզմանն է նշուել. «Նստէր ի հանգստի սրբոյն Թադէոսի առաքելոյ յԱրդոզական գաւառի» [2] ։

Այլ տեղեկութիւններ չկան, ուստի սկզբնաղբիւրները հնարաւորութիւն չեն ընձեռում հետեւելու Հայոց հնամենի այս բնաշխարհի կապակցուած պատմութեանը. ի՞նչ անցուդարձեր են տեղի ունեցել այստեղ, ո՞վ է իշխել, ու՞ ենթարկուել եւ այլն։

Այսպէս, մինչեւ 1247 թ., երբ Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսի (1221-1267) յատուկ կոնդակով Թադէոս առաքեալի անուամբ սրբագործուած այս վայրը դառնում է Հայոց եկեղեցու նորաստեղծ մի թեմի կենտրոն, Առաքելոց աթոռի առաջնորդութիւնը ժառանգած գերդաստանի հոգեւոր եւ աշխարհիկ գործիչներին յաջողւում է Արտազի շրջանը դարձնել իրենց տիրոյթը. այսպիսով, դարաւոր ընդմիջումից յետոյ այստեղ վերահաստատւում է հայկական իշխանութիւնը, որ գոյատեւում է շուրջ մէկուկէս հարիւրամեակ (մինչեւ 1426 թ. զգալի դեր կատարելով օտար լծի տակ կեղեքուող ժողովրդի քաղաքական ու մշակութային կեանքում։

Մեր այս յօդուածում փորձելում ենք համախմբել մեզ մատչելի ցաքուցրիւ տուեալները, որոնք նպաստում են մոնղոլական տիրապետութեան ծանր տարիներին ստեղծուած հայկական այս իշխանութեան պատմութիւնն ուսումնասիրելու գործին։ Մեր նպատակի իրագործման ճանապարհին հաղթահարելու են դժուարութիւններ՝ կապուած ինչպէս անհրաժեշտ նիւթի պակասի, այնպէս էլ ժամանակաշրջանի քաղաքական պայմաններին առնչուող մի շարք հարցերի ոչ բաւարար մշակուած լինելու հետ։ Ըստ այդմ՝ հարկադրուած ենք եղել ուրեմն բուն նիւթից զգալի շեղումներ կատարել, քննարկուող ժամանակաշրջանի պատմութեան կնճռոտ հարցերը լուսաբանելու նպատակով։

Շարադրանքը բաժանել ենք երկու մասի՝ առաջինը նուիրելով Արտազի հայկական իշխանութեան պատմութեանը, երկրորդը՝ նրա մշակութային կենտրոն Ծործորի վանքին։



[1]            Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, СПб., 1908, էջ 304, 321

[2]            « Թովմայի  վարդապետի  Արծրունւոյ Պատմութիւնն տանն Արծրունեաց», Ս. Պետերբուրգ, 1887, էջ 259