Արտազի հայկական իշխանութիւնը…

Հեղինակ

Բաժին

Թեմա

2. Զաքարիա եպիսկոպոս Ծործորեցի՝ մեկենաս ու մատենագիր

Ամէն մի բարձրաստիճան եկեղեցական պաշտօնեայ, մանաւանդ տասնամեակներ աթոռակալած եւ գաղափարական թեժ պայքար մղած մէկը, իր կեանքի ընթացքում պարտաւորուած է լինում պաշտօնական բազմաթիւ ու բազմատեսակ գրութիւններ առաքել իր ժամանակի հոգեւոր եւ աշխարհիկ տէրերին, վերադաս եւ ստորադաս պաշտօնեաների ու այլ անձանց։ Այդպիսի գրութիւնների հեղինակները, սովորաբար, տեղ չեն գրաւում մատենագրութեան պատմութեան մէջ։ Այլ է Առաքելոց թեմի նշանաւոր առաջնորդ Զաքարիա եպիսկոպոսի պարագան։ Նրա նամակներից մէկը՝ հասցէագրուած Յովհան-Օրբգլին, որ տպագրուած է գրեթէ ամբողջութեամբ [1], հեղինակի ճարտար ընդդիմախօս լինելու մասին առատ վկայութիւններ է պարունակում. նա ոչ միայն պաշտպանում է իր որդեգրած դիրքը դաւանաբանական պայքարում, այլեւ հակայարձակման անցնում, մեղադրելով Սիւնեաց մետրոպոլտին անհնազանդութեան եւ մեծամտութեան մէջ։ Ժողովրդական բառ ու բանով եւ երգիծանքի հնարանքներով Զաքարիան համեմում է իր գրութեան տարբեր մասերը, ներկայանալով ընթերցողին որպէս բնածին տաղանդով օժտուած մի առնձնաւորութիւն։ Ըստ տեղեկութիւնների նա շարադրել է եւ այլ նամակներ՝ ուղղուած կաթողիկոսին ու այլ գործիչների։

Ծործորի վանքի հիմնադիրը, վերոյիշեալ նամակներից բացի, հեղինակել է նաեւ այլ երկեր, որոնցից կարեւորները կամ դեռեւս չեն յայտնաբերուել, կամ էլ տեղեն գրաւելու հայ մատենագրութեան աւաղելի կորուստների ցանկում։

Մ. Չամչեանն իսկ գիտէր, որ Զաքարիան գրել է ինչ-որ պատմութիւն՝ «Ի վերայ կարգի վարդապետացն Հայոց» եւ այլ երկեր։

Հաւանաբար նոյն այս «Պատմութիւնն» ի նկատի ունէր լեհահայ գործիչ Վարդան Հունանեանը 1703 թ. յետոյ եւդոկեցիներին յղած իր մի նամակում, Եզր կաթողիկոսի հրաւիրած ժողովի մասին խօսելիս։ Նա մերժում է այն կարծիքը, թէ Մաթուսաղան գիտնականագոյնն է եղել այդ ժողովի 195 մասնակիցներից. նրանց մէջ եղել են Արտազի արքեպիսկոպոս Տիրատուրի, Հաղբատի արքեպիսկոպոս Վահանի նման նշանաւոր մարդիկ։ Որպէս աղբիր այդ վկայութիւնների Հունանեանը ձեռագրի լուսանցքիվրայ նշել է. «Զաքարիայ Ծործորեցի, Յաղագս ժողովոց, գլ. Թ» [2] ։ Այս նոյն աղբիւրի մասին հպանցիկ տեղեկութիւն ունի նաեւ լեհահայ այլ գործիչ՝ Ստեփանոս Ռոշկան [3] ։

Զաքարիա Ծործորեցու պատմական ինչ-որ գրուածքի հեղինակ լինելու մասին լուր է ունեցել նաեւ Յովհաննէս Շահխաթունեանցը. 1847 թ. ապրիլի 25-ին Ներսէս Աշտարակեցուն յղած իր մի գրութեան մէջ նա խնդրում է Աստրախան ուղարկող Մատթէոս եպիսկոպոսին յանձնարարել նաեւ հետեւեալը. «Ի գնալ նորա անդ հասու լիցի գրատան եկեղեցւոյն սուրբ Աստուածածնի անդ յԱստրախան, եւ զամենայն առեալ ի տումար ըստ ամբողջութեան մատենիցն եւ ըստ հատուածոց հեղինակութեանց պարունակելոց ի նոսին, յորս, որպէս լսիմս, գտանի եւ պատմութիւն ի Զաքարիայէ Ծործորեցւոյ, որ անգիւտ է ամենեւին ցարդ» [4] ։

Զաքարիայի պատմագրական գործունէութեան մասին այս տուեալները տարբերւում են միմեանցից. ըստ Չամչեանի նրա գրուածքը եղել է«Ի վերայ կարգի վարդապետացն Հայոց», ըստ Հունանեանի նա գրել է. «Յաղագս ժողովոց» խորագրով մի աշխատութիւն, իսկ Շահխաթունեանցի տուեալներով՝ ուղղակի «Պատմութիւն»։ Հակուած ենք կարծելու, որ տարբեր անուանումներով յիշատակուածը՝ միեւնոյն պատմագրական երկն է, որի մէջ ամենայն հաւանականութեամբ, մանրամասն տեղեկութիւններ են եղել յետկապէս հայոց եկեղեցական ժողովների մասին։ Այդ գրուածքն առ այսօր չի յայտնաբերուած, բայց որոնումները պէտք է շարունակել. բացառուած չէ, որ աշխարհով մէկ սփռուած հայերէն ձեռագրերից որեւէ մէկում, գուցէ առանց հեղինակի անուան յիշատակութեան, թաքնուած է Զաքարիա Ծործորեցու գրչի այդ արգասիքը՝ նոր տուեալներ պարունակելով. Հայոց եկեղեցու պատմութեանը եւ Արտազի հայկական իշխանութեանն առնչուող անցուդարձերի մասին։

Զաքարիայի պատմագրական աշխատանքների հետ աղերսւում են նաեւ Արտազի եւ Կապադովկիայի աթոռների առաքելական ծագման ու յաջորդականութեան մասին հիւսուած ցանկերը։ Արտազի թեմի առաքելական սկզբնաւորութեան մասին վաղ միջնադարում կեանքի կոչուած հնաբոյր աւանդութիւնների վերարծարծումն ու գունազարդումը նոր շուք էր տալու եւ հեղինակութիւն բերելու Մակուի հայ տէրերի գերդաստանին։ Դրանով է բացատրւում այն հանգամանքը, որ Ս. Թադէի վանքի վերաշինումից անմիջապէս յետոյ Զաքարիա պարոնտէրը շրջանառութեան մէջ է դնում «Յիշատակագրութիւնք եպիսկոպոսաց առաքելական վիճակիս Արտազու» կոչուած մի գրութիւն, որի անսքող նպատակն է անընդմէջ յաջորդականութեան կարծեցեալ շղթայով յարաբերութեան մէջ մտնել Գրիգոր Լուսաւորչի եւ Քրիստոսի աշակերտ Թադէոսի առաքեալի հետ։

Զաքարիա եպիսկոպոսը իր այս յօրինուածքին պատմական ստոյգ գրութեան տեսք տալու մտահոգութեամբ յայտնում է, որ ձեռքի տակ ունեցել է հայոց ՂԸ (այսինքն՝ մեր թուարկութեան 650) թուականին Մաղարթա վանքի սպասաւոր ոմն Յովհաննէսի գրած մի յիշատակարան։ Ուշադիր քննութիւնը բերում է այն համոզման, որ ցանկի մէջ թուարկուած անուններն ըստ մեծի մասի յօրինուած են նոր ժամանակներում՝ Զաքարիայի գործակցութեամբ։ Ուշագրաւ են այն տողերը, որ Զաքարիայի հաւաստումով պատկանում են, իբր, Մաղրթա վանքի վերոյիշեալ վանականին. «Բայց ի սոցանէ չկարացաք գտանել, - ասէ հաւաքողն յիշատակագրութեանս, - թէ ոյք եւ զո ոք կարգեալ եղեւ տեսուչ այսմ վիճակիս յաղագս կործանման եւ աւերման քաղաքիս եւ վանացս ի ձեռս բռնաւորաց եւ շարժից»։

Դժուար չէ այս տողերը շաղկապել XIII դ. վերջերին մոնղոլ զօրավար Նովրուզի կատարած խժդժութիւնների եւ 1319 թ. մեծ երկրաշարժի թարմ յիշատակների հետ, քննարկուող գրուածքի յօրինման պատիւը շնորհելով Զաքարիա Ծործորեցուն։ Ըստ այդմ՝ նրան պետք է վերագրուել նաեւ «Յաջորդութիւն սուրբ առաքելոյն Թադէոսի ի Կեսարիայ Կապադովկացոց վիճակի» կոչուած ցանկի վերախմբագրման աշխատանքը։ Այս ցանկը եւս, նախորդի նման, կեանքի է կոչուել Թադէոս առաքեալի վիճակի հեղինակութիւնը ժամանակակիցների աչքում բարձրացնելու նպատակով։ Կեսարիայի եպիսկոպոսական հինաւուրց աթոռը վաղուց ի վեր գոյութիւն չունէր. Արտազի հայ եպիսկոպոսը, իրեն հռչակելով Թադէոս առաքեալի յաջորդ, այս ցանկի թելադրութեամբ փորձում էր պճնուել նաեւ Կապադովկիայի հին եկեղեցու վեհապետների՝ Ղեւոնդի, Բարսեղ Կեսարացու եւ միւս նշանաւոր գործիչների փառաւոր անուններով [5] ։

Զաքարիա եպիսկոպոսն ունեցել է նաեւ այլ գրուածքներ, մասնաւորապէս ինչ-որ կանոնադրութիւն, որի մասին ակնարկներ կան Յովհան Օրբելի մեզ ծանօթ մեղադրական թղթի մէջ։ Սիւնեաց մետրոպոլիտն այստեղ նախատում է Արտազի եպիսկոպոսին Հայոց եկեղեցու աւանդութիւններն արհամարհելու, Կաթոլիկ եկեղեցուն դաւանաբանական զիջումներ կատարելու մէջ՝ վկայակոչելով վերջինիս գրած կանոնները։ Պարզւում է նաեւ, որ Ծործորեցու այդ կանոններն ըստ էութեան եղել են եկեղեցական արարողութիւնների ու ծէսերի փոփխման մասին հրահանգներ, որոնք ընդառաջ են Կաթոլիկ եկեղեցու պահանջներին [6] ։

Մեծ է Զաքարիա եպիսկոպոսի դերը որպէս մեկենաս. նրա նախաձեռնութեամբ եւ օժանդակութեամբ գրուել ու թարգմանուել են աստուածաբանական երկեր եւ մեկնութիւններ (դրանց մասին խօսք կլինի ստորեւ), ընդօրինակուել են արժէքաւոր ձեռագրեր եւ այլն [7] ։



[1]            Մ. Չամչեանց, Պատմութիւն Հայոց, Գ, էջ 306-308

[2]            Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, մասն Ա, էջ 115. Հ. Տաշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, 1895, էջ 114 (մեզ հետաքրքրող վկայութիւնը գրանցուած է Վիեննայի մատենադարանի 12 ձեռագրի 52ա էջի վրայ)։

[3]            Հ. Տաշեան, նոյն, էջ 681

[4]            Ա. Սեդրակեան, Յովհաննէս եպիսկոպոս Շահխաթունեանցի կենսագրութիւնը, Ս. Պետերբուրգ, 1898, էջ 174-175

[5]            Այս ցանկերն առաջին անգամ հրապարկուել են «Արարատ» ամսագրի մէջ (1868, էջ 102-104), ապա արտատպուել բազմիցս (տե՛ս, օրինակ, «Հանդէս ամսօրեայ», 1941, էջ 44, «Սամուէլ Անեցու ժամանակագրութեան յաւելուած», էջ 279-281 եւ այլն)։ Վ. Հացունին իր «Կարեւոր խնդիրներ Հայ եկեղեցւոյ պատմութենէն» մեր կողմից վկայակոչուածաշխատութեան մէջ, վերլուծելով վերոյիշեալ տուեալները, յանգել է ընդունելի այն եզրակացութեան, որ «Ծործորեցւոյն ցուցակին «ի հին զրուցատրութենէ» եւ «գործակցութեամբ հոգւոյն» հաւաքուած անուանք՝ կրնային նպաստել իւր աթոռին փառաց, երբ ոչ եւ Հայ եկեղեցւոյ պատմութեան» (էջ 102)։ Ցաւալի է, սակայն, որ աղբիւրների գիտական քննութիւն կատարելու անհրաժեշտութեան մասին գեղեցիկ դատողութիւններ կատարող բանասէրը դառնում է ծայրայեղ դիւրահաւատ, երբ խօսքը վերաբերում է Կաթոլիկ եկեղեցու առաքելական սկզբնաւորութեան մասին գոյութիւն ունեցող աւանդութիւններին։

[6]            Մէջ ենք բերում Յովհան Օրբելի նամակի համապատասխան հատուածը. «Չգիտացաք թէ ինչ պատճառաւ դու ի մէնջ բաժանեցար. թէ զհոգեւոր տիրոջ հրամանքն պատճառես, նա ի քեզնէ ջուր միայն խնդրեց ի խորհուրդն առնուլ եւ ի դեկտեմբերի ԻԵ (25) զծնունդն առնել. դու զպահոց լուծումն յո՞ւստ ուսար, եւ զառաքելական կանոնաց ջրումն կամ հեթանոսաբար զանխտիր շաղղակերութիւնդ... եւ ի հաւատոյն ուրացութիւն յո՞ր Քրիստոսէ ուսար, կամ զեկեղեցիս Հայաստանեայց ուրանալ եւ յոլով նախատանօք նախատել, կամ զտարոյն բոլոր պահքն ի Ծ (50) օր բերեալ, որպէս քո գրեալ կանոնս էր, կա զամուսնութիւն աշխարհի քահանայի՝ բառնալ, եւ զոչ արժանիսն քահանայագործութեան ի գործ սուրբ խորհրդոյն ածել, դու զքո խորհրդովդ զքեզ ի միջոյ քո եղբարցս եւ ի քո գլխոյն եւ յամենայն եկեղեցւոյ որոշեցեր՝ ուրիշ առանձին կանոնադրութեամբք» («Ճռաքաղ», 1860 էջ 55, ձեռ. 8245, էջ 183)։

[7]            Ներսէս Տարօնացի վարդապետը 1332 թ. գրածիր յիշատակարանում յայտնում է, որ իր պատուէրով ընդօրինակուող Աստուածաշնչի գրութեան համար ծախսուել է 1350 դրամ, որից 500-ը իրեն անփոխադարձ տուել է Զաքարիա եպիսկոպոսը. «Եւ ես, - գրում է նա, - յայնժամ յարեայ անտի եւ գնացի ի սուրբ առաքեալն Թադէոս՝ առ տէր Զաքարէ արքեպիսկոպոս, եւ նա ետ ինձ Շ (500) դր[ամ]» («ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 246)։