Արտազի հայկական իշխանութիւնը…

Հեղինակ

Բաժին

Թեմա

4. Ծործորի դպրոցը Յովհաննէսից յետոյ

Յովհաննէս Ծործորեցուց յետոյ խամրում է նրա ծաւալած գիտա-մանկավարժական աշխատանքի շնորհիւ համբաւ ձեռք բերած ուսումնական հաստատութիւնը։ Բայց շարունակում է իր գոյութիւնը եւս մի քանի տասնամեակ։ Հաւանաբար դեռեւս Յովհաննօս րաբունապետի կենդանութեան օրօք Ծործորի վանք էր տեղափոխուել ֆրանցիսկեան միաբանութեան անդամ Ֆրա Պոնցիուս կոչուած վարդապետը [1], որ ճանաչուած է որպէս իմաստուն մի մարդ՝ «յոյժ հմուտ հայոց գրոյն»։ «Քաջ րաբունապետի» համբաւ ձեռք բերած եւրոպացի այս քարոզիչը Ծործորի վանքում զբաղուել է գիտա-մանկավարժական աշխատանքով, թարգմանել է մի շարք երկեր՝ օգնական ունենալով Իսրայէլի վարդապետին։

Նրա թարգմանած գործերից մեզ յայտնի են հետեւեալները.

« Մեկնութիւն սրբոյ Աւետարանին, որ ըստ Յովհաննու... արարեալ մեծ վարդապետին Նիկոլայոսի Լիւրացւոյ »։

Նշանաւոր աստուածաբան ու քարոզիչ, ֆրանցիսկեան միաբանութեան անդամ Նիկողյոս Լիւրացին կամ Լիրան (մհ. 1340 թ. ) գրաւել է Ծործորում գործող գրագէտների սեւեռուն ուշադրութիւնը։ Ծագումով հրեայ այս աստուածաբանը գրել է Հին եւ Նոր Կտակարանիբոլոր գրքերի մեկնութիւններ՝ լայնօրէն օգտագործելով հրէական գրականութեան տւեալները։ Նրա գրուածքները մի քանի դար շարունակ կաթոլիկ աշխարհում ճանաչուած էին որպէս անգերազանցելի ձեռնարկներ։ Եւ ահա 1341 թ. մի քանի տարի առաջ, այսինքն հեղինակի կենդանութեան օրօք [2] Զաքարիա եպիսկոպոսի յանձնարարութեամբ եւ Իսրայէլ վարդապետի աջակցութեամբ Ֆրա Պոնցիուսը հայերէն է թարգմանում Լիրայի «Մեկնութիւն սրբոյ Աւետարանին, որ ըստ Յովհաննու» ծաւալուն աշխատութիւնը։

Այս թարգմանութեան ձեռագրերից մեզ յայտնի են երեքը. մէկը մեր Մատենադարանի 6903 ձեռագիրն է, արտագրուած Նորավանքում, Ղուկաս գրչի կողմից 1341 թ. [3], միւս ձեռագիրը Մատենադարան է մուտք գործել վերջերս ու գրանցուել 10539 համարի տակ, իսկ վերջինը՝ Երուսաղէմի 789 ձեռագիրն է, որ չնայած ուշ ժամանակի ընդօրինակութիւն է (1740), բայց արժէքաւոր է ամբողջական ու լրիւ լինելով։ Այս երեք ձեռագրերի մէջ առկայ տուեալների համադրութեամբ ստորեւ տալիս ենք քննարկուող բնագրի խորագիրը, յիշատակարանը եւ միջին մասերում եղած ընծայական պարբերութիւնը, որի մէջ կարեւոր տուեալն կան Զաքարի եպիսկոպոսի եւ նրա ազգակիցների մասին։

Ամբողջական խորագիրն է.

«Մեկնութիւն սրբոյ Աւետարանին որ ըստ Յովհաննու, ի խնդրոյ եւ ի հարկեցուցիչ հրամանէ արհիական գլխոյն եւ մեծ դիտապետին տէր Զաքարիայի՝ սպասաւորի սուրբ առաքելոյն Թադեւոսի, թարգմանեալ է լատին գրոց ի մերս բարբառ, արարեալ մեծ վարդապետին Նիկոլայոսի Լիւրացւոյ, որ ի կարգէ սրբոյն Ֆրանչիսկոսի» [4] ։

Թարգմանութեան մասին պահպանուել են այսպիսի յիշատակագրութիւններ.

ա. «Կատարեցաւ մեկնութիւն, որ ըստ Աւետարանին Յոհանու ի վերայ բնաբանիս ի ձեռն վսեմախոհ վարդապետի Ֆրա Պօնցի եւ քերթելով քաջ հռետորի Իսրայելի. որք ընթեռնուք եւ կամ օրինակէք յիշեցէք յաղօթս»։

բ. «Արդ, թարգմանեցաւ գիրքս այս ի լատին լեզուէ ի հայս հրամանաւ մեծ դիտապետին եւ արհիական գլխոյն, աթոռակալի սուրբ առաքելոյն Թադէոսի արժանաւոր եպիսկոպոսի տէր Զաքարիայի, զոր բազում ըղձիւք եւ սիրայեղձ փափագանօք թարգմանեալ ետ զսա ի նեղ եւ ի դառն ժամանակի, ի լուսաւորութիւն Հայաստանեայցս եկեղեցւոյ եւ խրախութիւն եւ ի վայելումն մանկանց Սիոնի, զոր թարգմանեաց քաջ րաբունապետն Ֆրա Պօնցիուս կոչեցեալ, միջնորդելով վարդապետին Իսրայէլի» [5] ։

Բուն մեկնութիւնը օժտուած է Նախադրութեամբ, որի վերջում թարգմանիչ Ֆրա Պոնցիուսը կամ նրա հայ գործակից Իսրայէլ րաբունին՝ Զաքարիա Ծործորեցու գովքն է հիւսում, նրա անունն ստուգաբանելով «յիշող տեառն» կամ «օգնութիւն տեառն» բառերով։ «Օգնութիւն տեառն, - գրում է նա, - վասն առատամիտ եւ մշտաձիր տրոցն, որ առ աղքատս եւ կարօտեալս, որք են անդամք Քրիստոսի եւ վասն պահապանութեան եւ խնամակալութեան իւրոցն հնազանդելոց». այստեղ մեծարւում է պարոնտէր Զաքարիան, շեշտւում նրա ոչ միայն հոգեւոր, այլեւ աշխարհիկ աւատատէր լինելու հանգամանքը։ Այնուհետեւ ներբողեան յիշեցնող այս հատուածի հեղինակը փորձում է որոշել իր մեկենասի բացառիկ տեղը Հայ եկեղեցու պատմութեան մէջ, նրա գործունէութիւնն անմիջապէս շաղկապելով Թադէոս առաքեալի եւ Գրիգոր Լուսաւորչի հետ։ Լուսաւորիչը՝ Թադէոս առաքեալի «որդիացեալը»՝ «ընդարձակեալ տարածեաց» ճշմարիտ հաւարտը Հայաստանում, - գրում է նա, - իսկ Զաքարիան այդ «ճշմարիտ հաւատի» )այսինքն՝ կաթոլիկ դաւանանքի) պայծառացնողն է նոր ժամանակներում, ուստի որդին է հէնց Գրիգոր Լուսաւորչի [6] ։

Այս փառաբանութիւնները ծլարձակում են պարարտ այն հողի վրայ, որ ներբողեանի հեղինակը հակիրճ բնորոշել է այսպիսի տողերով. «Տէրս Զաքարիա զինքն նուաստ եւ հնազանդ ունի եւ հրամանկատար յաջորդին Պետրոսի» [7] ։

Որոշակի հետաքրքրութիւն է ներկայացնում 10539 ձեռագրի մի մանրանկարը, որի արժէքն աւելի նշանակալից կլինէր, եթէ տուեալներ լինէին պարզելու, որ այն արտագրուած է թարգմանական սոյն բնագրի նախօրինակից։ Այստեղ, Էջմիածնի Մայր տաճարի ֆոնի վրայ, նկարուած է Թադէոս առաքեալը՝ նստած դիրքով. մէկ ձեռքին գաւազան, միւսին՝ Աւետարան. ս. սեղանի մի կողմում Գր. Լուսաւորիչն է, նոյնպէս նստած եւ գաւազան ու Աւետարան բռնած։ Մի վեղարաւոր նրա բոպիկ ոտքն է համբուրում, իսկ գահի ետնամասում կանգնած ենք երեք այլ հոգեւորականներ. սեղանի առջեւ ծնրադիր աղօթում է կաթողիկոսական զգեստաւորում եւ կարմիր վեղար ունեցող մի կղերական, որ հաւանաբար Զաքարիա արքեպիսկոպոսն է, նրա մօտ կանգնած են երկու վեղարաւորներ։ Նկարուած է նաեւ լատինացի մի վարդապետ, որ երկրպագում է արքեպիսկոպոսին (սրա պատկերի վերին մասում գրուած է. «Պատկերս լատինացւոց վարդապետին է, որ արարեալ է գիրքս». ըստ այդմ կարող է Ֆրա Պոնցիուսի նկարը լինել)։ Բացի այդ, զանգակատնից ներքեւ մի խուց է նկարուած, որի մէջ՝ մի վարդապետ, կից ունենալով այսպիսի մակագրութիւն. «վարդապետ մի տեսիի մէջ պատուահանին, նստում է եւ կարդում է» [8] ։

Ֆրա Պոնցիուսի ջանքերով թարգմանուած է նաեւ Լիւրացու մեկնութիւններից մէկ ուրիշը՝ «Մեկնութիւն թղթոյն Պօղոսի, որ առ եբրայեցիսն... Նիկոլայոսի Լիւրացւոյ»։ Այս աշխատութեան ընդարձակ խորագրի վերջում բառացի ասուած է, որ թարգմանութիւնը կատարուել է «ի ձեռն վսեմախոհ վարդապետի Ֆրա Պօնցի, լադին լեզուէ ի հայս» [9] ։

Պոնցիուսի աշխատասիրութեամբ թարգմանուած միւս երկը ֆրանցիսկեանների մեծ գաղափարական Բոնավենտուրայի (1221-1274) գրած սուրբ Ֆրանցիսկոսի վարքն է, «Մեծի կարդինարին եւ անյախթ վարդապետին սուրբ եկեղեցւոյն Հռոմա Բոնավենդուրէ վասն վարուց սրբոյն Ֆրանցիսկոսի» խորագրով։ Դրա յիշատակարանում ըարդում ենք. «Թվ. ՉՁԸ (1339) թարգմանեցա[ւ] ձեռամբ Ապօնցի Ֆրա մնուրի» [10] ։

Բացի մեկնողական երկերից, Ֆրա Պոնցիուսը թարգմանել է նաեւ ծիսական մատեաններ, որոնցից յայտնի է «Գիրք պատարագի» կոչուածը։ 1381 թ. Բոլոնիայում իրականացուել է այս թարգմանութեան մի ընդօրինակութիւն, որի յիշատակարանում կարեւոր տուեալներ կան գրանցուած թարգմանչի մասին. «Որ էր թարքմանած ի լաթին գրոյն ի հայկազան բառս մեր, զօր բացատրեալ էր եւ մեկնեալ Ֆրա Պօնցիոսն՝ ի կարգէն սրբոյն Ֆրանցիսկոսի՝ իմաստուն վարդապետ եւ յոյժ հմուտ հայոց գրոյն» [11] ։

Այսպիսով, Յովհաննէս Ծործորեցու, Ֆրա Պոնցիուսի եւ նրանց գործընկերների ջանքերով Ծործորի բարձրագոյն դպրոցը XIV դ. առաջին յիսնամեակում գիտա-մանկավարժական աշխատանքների կարեւոր միջավայր դարձաւ։ Յատկապէս նշանակալից եղաւ ուսումնա-գիտական այդ հաստատութեան դերը եւրոպական սքոլաստիկայի կարկառուն ներկայացուցիչների՝ Նիկողայոս Լիւրացու, Թովմա Աքուինացու, Բոնավենտուրայի եւ այլ հեղինակների կարեւոր երկերի հայերէն թարգմանութիւններն իրականացնելու մարզում։

Դպրոցի մայրամուտն սկսուեց 1340-ական թուականներից. դոմինիկեան քարոզիչները, որ հաստատուել էին Քռնայում եւ ստեղծել իրենց բարձրագոյն դպրոցը, շուտով կարողանում են իրենց շուրջ համախմբել կաթոլիկութեան հակուած բոլոր հայ գործիչներին, որոնց թւում նաեւ ֆրանցիսկեանների ազդեցութեան տակ գտնուող ծործորացիներին։ Ֆրա Պոնցիուսից յետոյ այդ դպրոցը գրեթէ դադարում է գիտա-մանկավարժական մտքի կենտրոն լինելուց։ Մեծ հաւանականութեամբ Քռնա են տեղափոխւում Ծործորի դպրոցի վարդապետները՝ Իսրայէլ րաբունին եւ ուրիշներ, ինչպէս եւ դպրոցի շուրջ համախմբուած աշակերտների մեծ մասը։ Որոշ ժամանակ Արտազի շրջանի հայ կաթոլիկների մշակութային գործունէութեան կենտրոն է դառնում Մակու գիւղաքաղաքը՝ հայ իշխանների նստոցը՝ Ս. Աստուածածնի անուան իր մենաստանով։ Այստեղ՝ «ի մենաստանիս ի Մակու, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնի» XIV դ. 80-ական թթ. գործում է «իմաստուն հռետոր» կոչուած Կարապետ րաբունապետը, օգնական ունենալով Մատթէոս անունով մի վարդապետի [12] ։ Մէկ տասնամեակյետոյ՝ 1392 թ., նոյն Մակու գիւղաքաղաքում որպէս րաբունապետ յիշատակւում է արդէն վերոյիշեալ Մատթէոսը, իսկ 1406 թ. ՝ Մխիթարիչ րաբունապետը [13] ։ Սրանց մանկավարժական եւ մատենագրական աշխատանքների մասին տեղեկութիւններկ պակասում են։ Յայտնի է, որ նոյն այս տարիներին Մակուի անառիկ բերդում ապահով պահելու համար Սսից բերում են 50 լիտր ձեռագիր մատեաններ, ըստ երեւոյթին դրանց մէջ կային նաեւ միարարական շարժման հետ առնչուող գրքեր ու դիւանական փաստաթղթեր [14] ։

Մակուի հայ կաթոլիկների գիտա-մանկավարժական գործունէութեան մասին առկայ տուեալներն ամբողջացնելու համար անհրաժեշտ է նշել, որ Ծործորի վանքը որպէս վանական հաստատութիւն գոյութիւն է ունեցել ընդհուպ մինչեւ XVII դ. վերջերը։ Այլ առիթով նշել ենք արդէն, որ իրեն Ծործորեցի էր կոչում Գրիգոր անունով կաթոլիկ այն վարդապետը, որ 1670-ական թթ. թարգմանութիւններ է կատարել, տաղեր ու կրօնական երգեր յօրինել։ Ծործորիանուան վերջին այս յիշատակաութեամբ էլաւարտւում են մեր գիտելիքները միջնադարեան Հայաստանի մշակութային այս հաստատութեան մասին։ Վանքի աւերակները այսօր էլ կանգուն են Մակուի շրջանի Բարոն գիւղից հարաւ։

 

 

* * *

Արտազի հայկական իշխանութեան ու նրա մշակութային կենտրոնի պատմութեանը նուիրուած այս ակնարկին վերջակէտ դնելուց առաջ եզրափակիչ խօսքի կարիք է զգացւում։

Հայոց պատմութեան Արշակունեաց եւ մարզպանական ժամանակաշրջաններում կենտրոնական դիրք գրաւող Արտազի գաւառում, երկարատեւ ընդմիջումից յետոյ, XIII դ. կէսերին վերականգնւում է հայկական կիսանկախ իշխանութիւնը։ Արտազի հոգեւոր եւ աշխարհիկ աւատատէրերը, գլխաւորութեամբ Թադէոս առաքեալի նորաստեղծ եկեղեցական թեմի պարոնտէր եպիսկոպոսների, կարողանում են ի շահ իրենց գերդաստանի օգտագործել մոնղոլների եւ Կիլիկեան հայկական թագաւորութեան միջեւ կնքուած դաշնագրով քրիստոնեայ եկեղեցիների նկատմամբ մոնղոլների կողմից խոստացուած բարեացակամ կեցուածքը։ Ընդաշաջելով կիլիկեան հայ արքունիքի եւ կաթողիկոսարանի եւրոպական կողմնորոշմանն ու լատինամէտ քաղաքականութեանը, Արտազի հայ իշխողներները դառնում են հայ ժողովրդի ազատագրական իղձերի իրականացման առումով վնասակար ու անհեռատես այդ քաղաքականութեան կամակատարները Մեծ Հայքում, եւ քայլ առ քայլ զիջումներ կատարելով, ի վերջոյ դաւաճանում են ազգային աւանդութիւններին եւ ընդունում կաթոլիկ եկեղեցու դաւանանքը։

Նրանց մշակութային կենտրոնը դարձած Ծործորի վանքում, Յովհաննէս Ծործորեցի րաբունապետի ու նրա հետեւորդների ջանքերով, դրուած են հայ ունիթորական գրականութեան հիմնաքարերը. լատիներէնից հայերէն են թարգմանւում Նիկողայոս Լիւրացու, Թովմա Աքուինացու, Բոնավենտուրայի եւ այլ հեղինակների մի շարք երկեր, ստեղծւում են ինքնուրոյն աշխատութիւններ՝ ի պատշտպանութիւն Կաթոլիկ եկեղեցու դաւանաբանական սկզբունքների։

Մեծ Հայքի աշխարհիկ ու հոգեւոր տէրերը, միասնական ճակատ ստեղծելով, անհաշտ պայքար են ծաւալում ինչպէս հայ ունիթորների, այնպէս էլ Եւրոպայից Արեւելք առաքուող կաթոլիկ քարոզիչների դէմ՝ ի դէմս ազգային հնամենի աւանդութիւններին կառչած Հայոց եկեղեցու տեսանելով ազատագրական պայքարի դժուարին ճանապարհն ընտրած ժողովրդի համախմբմանը սատարող մի կազմակերպութիւն։

Արտազի հայ տէրերի անհեռատես քաղաքականութեան դէմ ծաւալուած պայքարը, որ գլխաւորում էին Սիւնեաց հոգեւոր ու աշխարհիկ առաջնորդները, տասնամեակներ է տեւում։ Թադէոս առաքեալի մեծ թեմի առաջնորդական պաշտօնը բռնագրաւվում է Արտազի կաթոլիկ տէրերի գերդաստանից. նրանց հոգեւոր իշխանութիւնը սահմանափակւում է միայն Մակուի շրջակայքով, տարածուելովմիայն կաթոլիկ դաւանանք ընդունած հայերի վրայ։ Օտար բռնակալների դէմ մղուած անհաւասար մարտերում ջլատւում է նաեւ Արտազի հայ իշխանների ռազմական ուժը։ Ապաւինելով Մակուի ամրութիւններին, նրանք յաջողութեամբ վանում են շատ զօրեղ թշնամիների ձեռնարկած գրոհների թիւս որոց նաեւ Լանկ-Թամուրի հրոսակներին), բայց ի վերջոյ, կորցնելով իրենց տիրոյթիծայրագաւառները, նրանք ամփոփւում են Բերդադաշտի տարածութեան մէջ, եւ կորցնում իրենց քաղաքական իշխանութեան վերջին պատուար Մակուի բերդը՝ 1326 թ. ։

Արտազի շրջանի կաթոլիկ դարձած հայ բնակչութիւնը կտրուած ազգային աւանդութիւններից եւ հայրենի մշակոյթի հետ ունեցած կապերից, արմատախիլ ծառի նման՝ թօշնում է ու չորանում։ Այդ համայնքի խղճուկ մնացորդները XVII դ. վերջերին մահմեդականութիւն են ընդունում, մի աւելորդ անգամ հաստատելով այն ճշմարտութիւնը, որ «ծառ արմատով է ծառ, տուն հիմամբ է տուն»։



[1]            Ֆրանցիսկեան այս վարդապետի անունը հայերէն ձեռագրերում տառադարձուած ենք գտնում Պօնցիոս, Պօնցիուս, Պօնցի, Ապօնց այլազան ձեւերով։ Հաւանաբար Bonifacius անուան համառօտութիւնն է կամ էլ Boëtius-ի աղճատ ձեւը։ Պոնցիուսն ըստ երեւոյթին, արագոնացի է եղել. այդպէս ենք կարծում՝ հաշուի առնելով այն փաստը, որ «Յովհաննու Աւետարանի մեկնութեան» սրա կատարած թարգմանութեան ձեռագրերից մէկում, որ դարիս սկզբներին խիստ քայքայուած վիճակում պահուելիս է եղել Տաթեւի վանքում, տուեալ է եղել թարգմանչի արագոնացի լինելու մասին ( Օ. Եգանեան, Տաթեւի գրատան ձեռագրերը, «Բանբեր Մատենադարանի», 9, էջ 423)։

[2]            Մատենադարանի 6903 ձեռագիրը ասացինք, որ ընդօրինակուած է 1341 թ., Ղուկաս գրչի կողմից, Նորավանքում։ Այդ փաստից դժուար չէ հետեւեցնել, որ թարգմանութիւնը կատարուել է 1341 թ. առնուազն 2-3 տարի առաջ։ Այդքան, գուցէ եւ աւելի ժամանակ էր հարկաւոր թարգմանութեան օրինակներից մէկը Արտազի ունիթորական միջավայրից դուրս բերելու, Սիւնիք փոխադրելու եւ ընդօրինակելու համար։

[3]            Ձեռագիրը մինչեւ առաջին աշխարհամարտի դժնդակ տարիները պահուելիս է եղել Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում՝ անաղարտ վիճակում, վերջում ունենալով յիշատակարան թարգմանութեան եւ ընդօրինակութեան հանգամանքների մասին։ Սմբատ Տէր-Աւետիսեանը 1904 թ. նկարագրել է ձեռագիրը եւ արտագրել 424ա-424բ էջի վրայ եղած յիշատակարանը։ Ձեռագիրը յետագայում տարուել է Թաւրիզ, զրկուել սկզբի ու վերջի թերթերից եւ այդպէս բզկտուած վիճակով բերուել Մատենադարան։

[4]            Խորագիրը տրւում է ըստ Մատենադարանի 10539 ձեռագրի։

[5]            Ս. Տէր-Աւետիսեան, Ձեռագիրք Նախավկայի վանաց Դարաշամբի Ս. Ստեփանոս, որ ի Գողթն (ցուցակն այժմ պահւում է Մաշտոցի անւ. Մատենադարանի անտիպ ձեռագրացուցակների հաւաքածոյում)։

[6]            Բառացի ասուած է այսպէս. «Զոր եւ զճշմարտութիւն այսմ հաւատոյս որդիացեալն նմա (Թադէոսի առաքելոյն) Լուսաւորիչն սուրբ Գրիգորիոս ընդարձակեալ տարածեաց, ընդ որս եւ զայն հաւատոյ ճշմարտութիւն եւ զամենայն բարեկարգութեան ուղղութիւն ի վերջին դարս եւ յետին ժամանակս տէրս մեր Զաքարիաս երկաջան վաստակօք նորոգեալ պայծառացոյց։ Եւ զի սուրբ Գիրգոր կոչի որդի սուրբ առաքելոյն Թադէոսի՝ վասն հետեւման նորին, նմանապէս եւ տէրս մեր Զաքարիաս առձայնի որդի սրբոյն Գրիգորի» (Երուսաղէմ, ձեռ. 789, էջ 148)։

[7]            Նոյն, էջ 149

[8]            Տե՛ս ՄՄ ձեռ. 10539, էջ 2բ։

[9]            ՄՄ ձեռ. 1412, էջ 2ա-75բ (նոյնն է նաեւ սրանից ընդօրինակուած 1411 ձեռագիրը)։

[10]          ՄՄ ձեռ. 1736, էջ 141g

[11]          M. A. Oudenrijn, նշ. աշխ., էջ 256-257

[12]          Սրանց յանձնարարութեամբ 1383 թ. այստեղ իրեն «սպասաւոր բանի» կոչող Սարգիսը ընդօրինակում է Բարթուղիմէոս Մարաղացու Քարոզգիրքը (տե՛ս ՄՄ ձեռ. №2259, էջ 297բ «ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 545)։

[13]          «ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ», մասն Ա, Երեւան, 1955, էջ 61

[14]          «Հայապատում», Ա, էջ 123