Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմութեան հարցերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

* * *

Նադիր շահի մահից հետո Իրանում սկսվեցին ներքին երկպառակություններ, գահակալական կռիվներ, որոնք ծանր անդրադարձ ունեցան երկրի բնակչության համար։ Արեւելյան Հայաստանում ստեղծված տագնապալի վիճակի մասին նյութեր է հաղորդում դեռեւս Մ. Չամչյանը [1] ։ Այս ժամանակաշրջանի Հայաստանի քաղաքական պատմության շատ հարցեր իրենց մանրամասն արտացոլումն են գտել նաեւ Մ. դե Պեյսոնելի գրած հատուկ պատմագիտական աշխատության մեջ [2] ։

Դեռեւս իր իշխանության ժամանակ Նադիր շահը իրանական գահին մատուցած ծառայության համար Թեյմուրազին «…նշանակեց Թավրիզի, Երեւանի, Գյանջեի եւ ամբողջ Մեդիայի (իմա՝ Ադրբեջանի— Մ. Զ. ) փոխարքա» [3] ։ Ճիշտ է, հետագայում Իրանի բռնակալը մի երկու անգամ ձգտել է հռչակավոր Հերակլ 2-րդի հորը զրկել այդ իշխանությունից, սակայն հանգամանքների թելադրանքով նրան թողել էր իր պաշտոնում [4] ։

Նադիր շահի մահից Իրանում ստեղծված քաղաքական վիճակն այսպես է ներկայացնում դե Պեյսոնելը. «Նադիր շահի մահից հետո անցնող յուրաքանչյուր տարի, գրել է նա, որեւէ կարեւոր իրադարձությամբ էր նշված։ 1750 թ. իրադարձությունները պակաս ուշադրության արժանի չեն, քան նախորդները։

Պարսկաստանը փոխեց իր դիմագիծը եւ սկսեց անդամահատվել։ Թագավորության ներսում խաները հռչակեցին իրենց նահանգների անկախությունը, Վրաստանի իշխաններ Թեյմուրազն ու Հերակլը զավթեցին Երեւանի ու Նախիջեւանի նահանգները եւ շարժվեցին մինչեւ Թավրիզ ու իրենց կողմը գրավեցին աֆղաններին սրանք, որոնց մասին ես խոսելու եմ, Նադիր շահի թիկնապահ զորքերի մնացորդներից են, որոնք այս իշխանի մահից հետո չհանդգնելով այլեւս վերադառնալ իրենց հայրենիքը, անցնելով այն երկրամասերը, որտեղ իրենց վատ կարող էին ընդունել, ստիպված եղան Երեւանի ու Նախիջեւանի նահանգներում ապրելու՝ ավազակաբարո փնտրելով հաստատվել որեւէ տեղ» [5] ։

Շուտով Իրանում գլուխ են բարձրացնում բախտիարները։ «Այս խռովարարները իրենց առաջնորդ նշանակեցին ութսունամյա Ալի Մերդան խան կոչված մի ծերունի զորավարի, որը հանդես եկավ իբր սեֆյան ծագում ունեցող եւ գահի վրա ամենաօրինական իրավունք ունեցող ոմն Իսմայիլ իշխանի օգտին» [6] ։ Այս հանգամանքն ավելի է բորբոքում ներքին գահակալական կռիվներն Իրանում։

Բուն Արեւելյան Հայաստանում աֆղաններն ապստամբում են Թեյմուրազի դեմ ու նորից շարունակում իրենց ավազակային ելույթները։ «Նրանք շուտով ձանձրացան Վրաստանի իշխանին ենթարկվելու եւ հնազանդվելու մասին տված խոստումից, վտարեցին Թեյմուրազի կողմից նշանակված զորավարին եւ իրենց համար առաջնորդ ընտրեցին Կասում խանին։ Նրանց սանձարձակությանը չափ ու սահման չկար եւ նրանք նորից սկսեցին ասպատակել երկիրը [7] ։

Իսկ Իրանում բախտիարները «…ոչ մի խոչընդոտի չհանդիպելով շարունակեցին իրենց արշավանքը մինչեւ Սպահան։ Ալի Մերդան խանը զավթեց մայրաքաղաքը եւ գահին բազմեցրեց իր հովանավորյալ Իսմայիլին։ Իր դիրքերն ամրապնդելու համար դրամի անհրաժեշտությունը շուտով նոր արքային ստիպեց Սպահանի բնակչության նկատմամբ կիրառել ամեն տեսակի բռնություններ։ Նա գանձեց արտակարգ հարկեր, նրանց հարստությունները հափշտակելու նպատակով սպանել տվեց բազմաթիվ մեծահարուստ վաճառականների, որոնց թվում նշանավոր հայ միլիոնատեր Շահրիմանյան եղբայրներից մեկին։ Այս ընտանիքը դեռեւս Նադիր շահի ժամանակ իր վրա կրել էր ամեն տեսակի հալածանքներ» [8] ։ Այս նույն դեպքերի մասին Մ. Չամչյանի մոտ կարդում ենք հետեւյալը. «Եւ արձակեաց ըստ ամենայն տեղիս տէրութեան իւրոյ մանաւանդ ի Հայաստան (խոսքը նորընծա թագավորի մասին է— Մ. Զ. ) այս խստաբարոյս, ժողովել հարկս վասն ծախսուց պատերազմի, եւ մինչդեռ հանդերձեալ էին հարկահանէ ելանել ի Դաւրիժայ, ազդ արար նոցա Հեյտար, որ յանհնարինս թշնամացեալ էր ընդ հայս, եւ ասէ, զի՞ է՝ զի երթայք ժողովել տուրս ի քաղաքաց Հայաստանա. ոչ ահա երեւելի իշխանք հայոց ի քաղաքի աստ են, զորս կալայք եւ տարայք ընդ ձեզ, եւ ի ձեռն սոցա մարթասջիք գտանել եւ առնուլ՝ զոր խնդրէքդ» [9] ։

Արեւելյան Հայաստանի տարածքում աֆղանների բարձրացրած ապստամբության լուրն առնելով «1751 թ. սկզբներին Թեյմուրազ եւ Հերակլ իշխանները իրենց բանակը շարժեցին նրանց դեմ՝ փորձելով նորից ենթարկել իրենց։ Հայերը միացան վրաց զորագնդերին։ Այս բանակը կազմող բոլոր զինվորներն իրենց հագուստի ու դրոշակների վրա կրում էին խաչի նշանը։ Այս յուրահատուկ խաչակիրները շարժվեցին աֆղանների վրա եւ նրանց հանդիպելով Օդուար (հավանաբար Օրդուբադ՝ Մ. Զ. ) Քաղաքի մոտ՝ պարտության մատնեցին եւ նրանց մի զգալի մասին սրի անցկացրեցին» [10] ։

Վրաց-հայկական բանակի համատեղ այս ռազմական գործողության հետեւանքով «թուրքերը գնալով ավելի ու ավելի սկսեցին անհանգստանալ ու կասկածել, որ խաչակիրները գործակցում են մոսկով ցիների հետ Բարձրագույն դուռը ենթադրում էր, որ մոսկովցիներն ուզում են օգտվել Պարսկաստանի խառնակ վիճակից եւ իրենց ազդեցությունը տարածել այս թագավորության վրա» [11] ։ Սակայն թուրքերը չեն հանդգնում գործը հասցնել ռուսների հետ ռազմական ընդհարումների։

Աֆղանների դեմ տարած հաղթանակից հետո Հերակլը «շարժվեց մինչեւ Թավրիզ ու գրավեց այն։ Նա այս առաջին հաջողություններով չբավարարվեց։ Նա շարժվեց լեզգիների, Գյանջեի ու Ուրմիայի խաների դեմ, որոնք աֆղաններին ցույց էին տվել օգնություն եւ հովանավորություն։ Նա նրանց դեմ տարավ կատարյալ հաղթանակ

Հերակլը չավարտեց իր ռազմական արշավանքն այնպիսի հաջողությամբ, ինչպես որ սկսել էր։ Աֆղանները դաշինք կնքելով լեզգիների հետ հարձակվեցին Նախիջեւանի նահանգի վրա։ Ոչինչ չի կարող հավասարվել այն գազանություններին, որ նրանք այստեղ արեցին։

Այս երկրամասի բնակիչներն այս առթիվ կրեցին այն բոլոր սարսափները, որ ընդունակ է կատարելու պատերազմի մտրակը։ Այո անսանձ գնդերը սկսեցին պահանջել չորս հազար թուման կամ մեր փողով ութսուն հազար էքյու ռազմատուգանք եւ վեց հազար բեռ հացահատիկ։ Նախորդ պատերազմներից ուժասպառ եղած բնակչությունն անկարող լինելով բավարարել այդքան մեծ պահանջը, դարձավ այս բռնակալների ընչաքաղցության ու բարբարոսության զոհը։ Հայրերը ստիպված եղան իրենց հալածողների ագահությունը բավարարելու համար իրենց զավակներին վաճառելու՝ համարյա ձրի։ Իրենց անասնական կրքերին հագուրդ տալուց հետո, այս կատաղիները կանանց ստինքները եւ մարմնի բոլոր մասերը այրվող շամփուրով դաղում էին ու ստիպում խոստովանել, թե որեւէ մի անկյունում դրամ չեն թաքցրել եւ երբ այլեւս ոչ մի խոսք չէին կարողանում պոկել, ավարտում էին իրենց ոճիրը նրանց խեղդելով։ Նրանք կրակի տվեցին բոլոր գյուղերը, իրենց գազանությունը հասցրին մինչեւ բերքի ոչնչացումն ու ամբողջ շրջակայքի թալանն ու կողոպուտը» [12] ։

Առանձնապես, ըստ ֆրանսիացի հեղինակի, տուժում է Նախիջեւանի հայ կաթոլիկ համայնքը։ «Այս նահանգում գտնվող բազմաթիվ կաթոլիկական գյուղերն ամբողջովին ամայեցվեցին», գրում է նա։ «Տներն այրվեցին, վանքերը կողոպտվեցին։ Ջահուկի դոմինիկյանների եւ նահանգի (հայ համայնքի) հոգեւոր առաջնորդ հայր Հովսեփ Վարտիկն իր եկեղեցու ու հոգետան բոլոր բյուրեղամանները, զարդարանքներն ու արծաթեղենը տալուց հետո ձերբակալվեց աֆղանների կողմից եւ երկար ժամանակ նետվեց բանտի նեղ խցիկը. կրակի սպառնալիքով նրան չարչարեցին հույսով, որ եւս որոշ բան կարելի է կողոպտել։ Սարսափելի տանջանքների ազդեցության տակ, նա ստիպված եղավ խոստանալ, թե կգրի (Հռոմ), որ իրեն փրկագին ուղարկեն։ Չգիտեմ թե ինչ տեղի ունեցավ այժմ այդ հոգեւորականի հետ» [13] ։

«Աֆղանները, այնուհետեւ կարդում ենք նույն հեղինակի մոտ, իրենց ասպատակությունը տարածեցին մինչեւ Ագուլիս։ Վրացիները նրանց համառ դիմադրություն ցույց տվին, բայց չկարողացան խանգարել նրանց մուտքը քաղաք, որը հրի ու սրի մատնեցին։ Այնտեղ երկու հազար (հայ) քրիստոնյաներ կոտորվեցին եւ հազար հինգ հարյուր հոգի գերեվարվեցին։ Մինչեւ Երեւան ընկած ճանապարհը նրանք ամայացրին։ Այդ նույն ժամանակ նրանց դաշնակից լեզգիները Շիրվանի շրջակայքում պարտության էին մատնում վրացիներին։ Հերակլն այս անգութ մրրիկի առաջ ստիպված եղավ նահանջել դեպի իր մ այրաքաղաքը» [14] ։ Այս դեպքերը տեղի ունեցավ 1751 թ. վերջերին։ Հերակլի նպատակն էր համալրել իր նոսրացած բանակը եւ հակահարձակման անցնել թշնամու դեմ։

Վրացական զորքի նահանջից հետո «…աֆղաններն օրըստօրե դառնում էին ավելի ու ավելի անտանելի։ Դրանց զորավար Ազատը զավթել էր Ուրումի ամրոցը …1752 թ. հունվարին նա տեր դարձավ Թավրիզին։ Հավաստում են, որ նախորդ Արսլան խանի օրինակով նա իրեն հորջորջեց Ադրբեջանի թագավոր։ Իրենց տիրապետության տակ ընկած բոլոր երկրամասերում այս ավազակները կատարում էին բռնություններ։ Ինչպես ամենուր, այնպես էլ Թավրիզում (բնակչության համար) դարձան զզվելի»։ Նրանց տիրապետությունը տապալելու նպատակով «…Ղարաբաղի, Գյանջեյի եւ Շամախու խաները դաշինք կնքեցին Թեյմուրազի հետ» [15], որի նպատակն էր «շարժվել դեպի Թավրիզ, ամբողջովին ոչնչացնել աֆղաններին եւ այնտեղից ուղղություն վերցնել դեպի մայրաքաղաք ու վերջ տալ կայսրությանը խորտակող դժբախտություններին» [16] ։

«Այս դաշինքը, այնուհետեւ գրում է դե Պեյսոնելը, անկասկած կունենար խոստացված հաջողությունը, եթե մասնակից խաները վարվեին նույնպիսի եռանդով ու նվիրվածությամբ, ինչպես դա անում էր Թեյմուրազը», սակայն «խաները հեռու լինելով իրենց իսկ կազմած ծրագիրը կյանքում իրականացնելուց՝ դավաճանեցին Թեյմուրազին եւ նույնիսկ սկսեցին խոչընդոտել նրա գործունեությունը» [17] ։

Իմանալով խաների դավաճանության մասին, Թեյմուրազը «չի հրաժարվում իր ծրագրից» եւ որոշում է մինչ Թավրիզ արշավելը գրավել Գանձակը [18] ։ Վրաց իշխանազունը բանակում է Գանձակի մոտակայքում, «Սակայն, քանի որ Հերակլը դանդաղկոտություն էր ցուցաբերել, աֆղանների դաշնակիցներ լեզգիների զորավարին հնարավորություն էր տվել տասներկու հազարանոց բանակով նույնպես մոտենալ այս վայրին։ Հավանաբար նա այստեղ էր հրավիրվել Գյանջեյի խանի կողմից, որը դաշնակցության գլխավոր հեղինակներից մեկը լինելով հանդերձ, դավաճանել էր Թեյմուրազին» [19] ։

Գանձակի մոտ թշնամի կողմերը հանդիպում են միմյանց։ Ճակատամարտն ավարտվում է վրաց զորքի պարտությամբ։ Տալով երեքից չորս հազար մարդու կորուստ, Հերակլը շտապ նահանջում է դեպի Թբիլիսի։ «Լեզգիներն այլեւս չհանդիպելով որեւէ խոչընդոտի, մտնում են Գյանջե եւ իրենց բարբարոսությամբ հասնում ու գերազանցում են իրենց դաշնակից աֆղաններին։ Այս քաղաքի քրիստոնյաները (իմա՝ հայերը Մ. Զ. ) իրենց վրա կրեցին այն նույն գազանությունները, ինչ աֆղանները նախորդ տարի կատարել էին Նախիջեւանի նահանգում։ Այս տարաբախտների կոտորածը զարհուրելի էր, մեծ թվով մարդիկ ստրկության մատնվեցին» [20] ։

«Հերակլի նահանջը ժամանակ ու ազատություն տվեց լեզգիներին՝ շարունակելու իրենց ասպատակությունները եւ նույնիսկ մուտք գործելու Վրաստան։ Նրանք ոչ մի խոչընդոտի չհանդիպեցին։ նրանցից ոմանք անցան երկրով մեկ, ամայացրին իրենց ճանապարհին գտնվող գյուղերը եւ հասան մինչեւ Ախալցխա ու (թուրք) փաշայից պահանջեցին իրենց ստրուկներին վաճառել Մեծ Տիրակալի տիրույթներում։ Փաշան չուզեց համաձայնվել եւ պատասխանեց, որ Բարձրագույն դուռը հատուկ հրահանգով արգելել է այն։ Նրանք մեկնեցին այս մերժումից խիստ վիրավորված եւ վերադարձին ավարի ու ավերի ենթարկեցին թուրքական տիրապետության տակ գտնվող ավաններն ու գյուղերը եւ որոշեցին ստրուկներին տանել Դաղստան՝ իրենց հայրենիքը» [21] ։

Այս անգամ եւս Հերակլը կարողանում է համալրել իր բանակը եւ 1752 թ. օգոստոսին անցնել թշնամու դեմ հարձակման։ Վճռական ռազմական գործողությունները տեղի են ունենում Բորչալուի շրջակայքում [22] ։ Չնայած թշնամու թվական բացահայտ գերակշռությանը, ճակատամարտը, որին անձամբ մասնակցում էր Հերակլը, ավարտվեց վրացական բանակի փայլուն հաղթանակով [23] ։

Լեզգիների դեմ տարած այս հաղթանակը վճռորոշ ազդեցություն ունեցավ նաեւ վրաց-աֆղանական հարաբերությունների վրա։ «Լեզգիների պարտությունը այն աստիճան թուլացրեց առանց այն էլ մի մեծ խումբ դաշնակից ավազակների հեռանալուց հետո նվազած աֆղաններին, որ նրանք նպատակահարմար գտան հաշտություն խնդրել Հերակլից։ Նրանց առաջնորդ Ազատը որոշեց ենթարկվել եւ ընդունել այս իշխանի համար բոլոր ցանկալի պայմանները։ Հերակլը հավանությամբ ունկնդրեց առաջարկները եւ նրան խաղաղություն շնորհեց այն պայմանով, որ աֆղանները այսուհետեւ այլեւս չեն անցնելու Արաքսը, ոչ էլ ասպատակելու են Երեւանի նահանգը» [24] ։

Շուտով Երեւանի խանը եւս ճանաչեց Հերակլի սուվերեն իրավունքներն իր նկատմամբ, պարտավորվելով վրաց թագավորին վճարել տարեկան եկամտի 1/5-րդ մասը կազմող մի հարկ * ։ Երբ Երեւանի խանը հրաժարվում էր վճարել (օրինակ 1765, 1769 եւ 1779 թթ. ) Հերակլն արշավում էր դեպի Երեւան։ Փաստորեն, երբ վրաց հաղթական զորքերը գրավում էին Երեւանի խանության տարածքը, Հերակլը բոլոր դեպքերում խուսափում էր այդ երկրամասը պահել իր գերիշխանության ներքո, բավարարվելով միայն հարկերով։ Նույն ձեւով նա վարվում էր նաեւ Գանձակի խանի նկատմամբ։

Վրաց թագավորության ուժեղացումը չափազանց ձեռնտու էր հայ ժողովրդական զանգվածներին, որոնք, հանձինս Հերակլի ու նրան հովանավորող հզոր Ռուսաստանի տեսնում էին իրենց բնական փրկարարներին։ Առավել եւս, որ Հերակլի թագավորությունը, ըստ էության, վրաց-հայկական պետություն էր։ Եվրոպայի համարյա բոլոր ճանապարհորդները միաբերան վկայում են, որ Թբիլիսին ավելի շուտ հայկական քաղաքի տպավորություն էր թողնում։

* * *

1768 թ. պատերազմ ծագեց Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, որը նոր հույսեր առաջացրեց թուրքերի կողմից ստրկացված քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում եւ հայերի մոտ։ Պատերազմի ծագման գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Ռուսաստանը համառորեն ձգտում էր Սեւ ծովում ազատ նավարկության իրավունք ստանալ, որին ընդդիմանում էին թուրքերն ու նրանց թիկունքում կանգնած եվրոպական պետությունները։ Թուրքերի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրման հարցում ոչ պակաս դեր էր կատարում ռուսների կողմից թրքահպատակ քրիստոնյա ժողովուրդների հովանավորումը։ 1765-1766 թթ. Վրաստանում, բռնկված ապստամբությունների ժամանակ վրացիներն անվերջ դիմում էին Ռուսաստանի օգնությանը։ Վրաստանում բռնկված ապստամբությունները, գրում է Յոզ, Համմերը, «…հանդիսացան Բարձրագույն դռան ու Ռուսաստանի միջեւ պատերազմի ծագման գլխավոր պատճառներից մեկը» [25] ։

Թուրքերի դեմ ապստամբությունները հիմնականում ծավալվել էին Իմերեթիայում՝ աչուքբաշիների երկրում։ Ապստամբության գլխավոր պատճառը թուրքերի կողմից Իմերեթիայից գանձվող տարեկան հարկի չափի խիստ ավելացումն էր։ Մայրաքաղաքից ստացած հրահանգների համաձայն Ախալցխայի փաշաներն ասպատակում էին վրաց հողը՝ արյուն ու ավեր սփռելով շրջապատում [26] ։ 1768 թ. Իմերեթիայի թագավոր Սոլոմոնը հատուկ պատվիրակություն ուղարկեց Եկատերինա 2-րդի մոտ՝ կայսրուհուց խնդրելով «իրենց ազատել այլադավան օսմանցիներից եւ տարածել Ձեր ամենազոր ձեռքը մեր երկրի ու մեր ժողովրդի վրա։ Դեռեւս 1762 թ. նույնպիսի խնդրով Եկատերինա 2-րդին դիմել էին չեռնոգորցիները։ Հույները իրենց հերթին կայսրուհուն հավաստիացնում էին, որ պատերազմի դեպքում սուլթանի դեմ 50 հազարանոց բանակ կհանեն։

Ստեղծված իրավիճակից ձգտում էին օգտվել նաեւ հայերը։ Ռուս-թուրքական պատերազմը եւ Կովկասում ռազմաճակատ բացելու հեռանկարը ոգեշնչում էին Ռուսաստանում ապրող հայրենասեր հայերին, որոնք վաղուց ի վեր երազում էին ռուսական զենքի օգնությամբ իրենց հայրենիքը փրկված տեսնել։ 1768 թ. պատերազմի ընթացքում նրանք ռուսական արտաքին գործերի կոլեգիային ներկայացրին մի ծրագիր, որով նախատեսվում էր հայկական մարզերի ազատագրումը եւ Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական պետության ստեղծումը [27] ։

Չնայած եվրոպական պետությունների գործադրած բոլոր մեքենայություններին, այդ պատերազմում Ռուսաստանը հաղթող դուրս եկավ։ Պատերազմի ժամանակ ոչ միայն Ռուսաստանի ավանդական հակառակորդներ Անգլիան եւ Ֆրանսիան, այլեւ Ավստրիան հանդես եկան թուրքերի թիկունքում։ Վերջինս նույնիսկ 1771 թ. Կ. Պոլսում թուրքերի հետ կնքեց գաղտնի համաձայնագիր, համաձայն որի ավստրիացիները պարտավորվում էին անել ամեն ինչ Ռուսաստանի տարածքային նվաճումները ի չիք դարձնելու համար։ Դրա փոխարեն Թուրքիան, բացի դրամական մեծ գումարից, Ավստրիային էր հանձնելու Վալախիայի եւ Տրանսիլվանիայի մի մասը [28] ։ Սակայն այդ բոլորը չունեցան եւ ոչ մի արդյունք։ Ռուսական սվինը եւ պատերազմի ընթացքում բալկանյան քրիստոնյա ժողովուրդների բարձրացրած ապստամբությունները Թուրքիային ստիպեցին Ռուսաստանից հաշտություն խնդրել։

Որ Բալկանյան ժողովուրդների համակրանքը պատերազմի ընթացքում ռուսների կողմն էր, վկայում է XVIII դարի թուրք պատմագիր Վասըֆը։ Մոլդավիայի իշխան Լիգորն անցել էր թշնամու կողմը եւ ձերբակալվել ու գլխատվել էր։ «Մոլդավիայի հույն բոյարներն ամբողջությամբ նվիրված էին Ռուսաստանին», «Մեծ վեզիրը հրամաններ էր արձակում Մոլդավիայի նոր իշխանին՝ խստագույնս պատժել այն հպատակներին, որոնք համակրում են ռուսներին»։ 1770 թ. ձմռանը Մոլդավիայում եւ Վալախիայում «հազիվ սկսել էին մարտերը, երբ տեղում գտնվող (քրիստոնյա) հպատակներն ապստամբեցին թուրքերի դեմ ու սպանեցին խազնեդարին (ֆինանսական կառավարիչին) եւ մուսուլման այլ պետական գործիչների», «Գալացի իշխանը ռուսների առաջ բաց էր արել Վալախիայի դռները» [29] եւ այլն։ Վասըֆի տարեգրությունը լի է այսպիսի վկայություններով։

Հետաքրքիր է նշել, որ այդ նույն պատմագիրը ռուսներից թուրքերի պարտությունը բացատրում է աստուծո զայրույթով, քանի որ նրանք պատերազմի ընթացքում ամենուր գործադրել էին բռնություններ, սպանություններ եւ զբաղվել թալանով ու կողոպուտով։ «Դա մի պատիժ էր, գրում է նա, որ նախախնամությունը վերապահել էր իսլամական զորքերին այն խժդժությունների ու ավազակությունների համար, որ նրանք կատարել էին իրենց անցած բոլոր նահանգներում» [30] ։ Մի այլ տեղ նույն պատմագրի մոտ կարդում ենք. «Այն ավազակությունները, որ նրանք (թուրքերը— Մ. Զ. ) կատարել էին ամենուր՝ ամեն տեսակի խժդժություններ ու այլ հանցագործություններ, իր վրա էր սեւեռել բարձրյալն Աստուծո զայրույթը, որն ուզեց նրանց գլխին պայթեցնել իր պատիժն ու ընտրեց անհավատներին, որպես գործիք [31] ։

Թուրքերի դեմ անվերջ ապստամբությունների մեջ էր Վրաստանը, որի նկարագրությանն այդքան ընդարձակ էջեր է նվիրել նույն ինքը՝ Վասըֆը։

1774 թ. հուլիսի 21-ին՝ 1711 թ. Պրուտյան հաշտության պայմանագրի ստորագրման 63-րդ տարեդարձի օրը (այդ քայլով ռուսական դիվանագիտությունն ուզում էր վրեժ լուծել թուրքերից Պետրոս 1-ինի կրած պարտության համար), ստորագրվեց Քյուչյուկ Կայնարջիի պայմանագիրը, բաղկացած 28 հոդվածներից։ Համաձայն այդ պայմանագրի, Թուրքիան պարտավորվում էր չորսուկես միլիոն ռուբլի ռազմատուգանք վճարել Ռուսաստանին։ Վերջապես՝ Ռուսաստանը իրավունք էր ձեռք բերում իր առեւտրական նավերի համար ազատ երթեւեկություն ունենալ Թուրքիայի առափնյա ջրերում եւ անցնել նեղուցներով։ Պայմանագիրը Ռուսաստանի հպատակներին տալիս էր այն նույն կապիտուլյացիոն իրավունքները, ինչպիսիք ունեին Անգլիայի եւ Ֆրանսիայի հպատակները։ Պայմանագրի ամենակարեւոր կետերից մեկն այն էր, որ Ռուսաստանն իրավունք էր ձեռք բերում հյուպատոսություններ բացել Օսմանյան կայսրության ցանկացած քաղաքում (սրա հիման վրա առաջին անգամ լինելով Արեւմտյան Հայաստանի մի քանի կենտրոններում բացվեցին ռուսական հյուպատոսարաններ)։ 7-րդ եւ 16-րդ հոդվածներով Թուրքիան պարտավորվում էր ներում շնորհել բոլոր քրիստոնյա հպատակներին, որոնք պատերազմի ժամանակ կամ համագործակցել եւ կամ համակրել էին ռուսներին։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նախկինում կնքված բոլոր դիվանագիտական պայմանագրերը, բացառությամբ 1700 թ. կնքվածի, չեղյալ էին համարվում։ Հետ այսու, Քյուչյուք Կայնարջիի պայմանագիրը հիմք էր ծառայելու երկու պետությունների ապագա ամեն տեսակի հարաբերությունների համար եւ այլն [32] ։

Յուզեֆ Համմերը հետեւյալ գնահատականն է տալիս Քյուչյուք Կայնարջիի պայմանագրին։ «Եթե Կարլովիցի պայմանագիրը վերջ էր տվել բացառապես նվաճողներ հանդիսացող թուրքերի ասպատակություններին, ապա Կայնարջիի պայմանագիրը հռչակելով (Ղրրմի) թաթարների անկախությունը ու սահմանային ամրոցներ հանդիսացող Օչակովի եւ Կիլբուրունի, Կերչի եւ Ենիկալեյի հանձնումը Ռուսաստանին, Օսմանյան կայսրությանը թողեց այս հզոր պետության ողորմածությանը։ Այս հաշտությունը, կրկնում ենք, պատճառ հանդիսացավ Թուրքիայի գլխին պայթած բազմաթիվ աղետների ու սկիզբն այս կայսրության ապագա կործանման, համենայն դեպս Եվրոպայում» [33] ։

Հիրավի, Քյուչյուք Կայնարջիի հաշտության պայմանագիրը շրջադարձային կետ հանդիսացավ ռուս-թուրքական հարաբերությունների մեջ։ 1768-1774 թթ. ռուս-թուրքական պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանն ընդունակ է միայնակ Թուրքիային հասցնել մահացու հարվածներ, եւ որ Ռուսաստանը միակ երկիրն է, որի վրա իրենց երկրի ազատագրման խնդրում կարող են հույս դնել Թուրքիայի կողմից ստրկացված քրիստոնյա ժողովուրդները, որոնց թվում հայերը։ Այս տեսակետից ուշագրավ է այն զեկուցագիրը, որ Կ. Պոլսի ավստրիական դեսպանն ուղարկել էր իր կառավարությանը. «Ամենաուշագրավն այս պարագաներում այն է, որ Արեւելքի կայսրության անձեռնմխելիությունն այլեւս կախված չի լինելու մյուս պետությունների բարի ցանկությունից, այլ միայն եւ միայն Ռուսաստանի կամքից» [34] ։

Պատերազմի տարիներին արեւմտահայ գավառներն առավել, քան առաջ էր, տուժում են լեվենդ ավազակախմբերի ասպատակություններից, Հարավային Հայաստանում քրդերի մեջ հաճախակի ծագած միջավատական ընդհարումներից, քուրդ ավատատերերի հակակառավարական ելույթներից։ «ՈՄԻ (1771) ոչ եղեւ խաղաղութիւն յամենայն տեղիս, կարդում ենք Հակոբ Տիվրիկեցու մոտ, վասն պատերազմի թագաւորաց, զի հրաման թագաւորին սաստիկ էր ոլորտս տիեզերաց։ Եւ բազում զօրք կայր ի վերայ երկրի եւ լէվէնտ թշնամի հակառակ մեր քաղաքին եւ զապիթն ժողովեալ զամենայն գունդս գնացին պատերազմեցան ի դուրս քաղաքէն, բերեալ սակաւ գլուխ եւ մարդ, զմարդսն կախեալ, եւ այլազգիքն որ ոչ երթային սեֆեր (իմա պատերազմ Մ. Զ. ), վասն լեվենտնուն համար եւ թշնամիքն օր ըստ օրէ շատանային» [35] ։ Այսպիսի իրավիճակ գոյություն ուներ ոչ միայն Դեվրիկի շրջակայքում, այլեւ արեւմտահայ բոլոր գավառներում։

Սուլթան Աբդուլ Համիդ 1-ինի ժամանակ Արեւմտյան Հայաստանի հարավային քրդաբնակ դարձած շրջաններում բռնկվեց մի մեծ ապստամբություն, որը ղեկավարում էր իրեն «Մահդի» (Մեսիա, առաքյալ— Մ. Զ. ) հորջորջած նախկինում իտալացի կաթոլիկ մի կրոնավոր։ Նա իր առաջ նպատակ էր դրել զավթել ամբողջ Փոքր Ասիան [36] ։ 1785 թ. նա քրդական զորքերի գլուխ անցած գրավում է Արեւմտյան Հայաստանի մի մասը, ներառյալ Կարինը (Էրզրումը)։ Ընդունելով Մանսուր («Հաղթական») անունը, նա արշավանք է ձեռնարկում Սեբաստիայի, Թոխատի եւ Զմյուռնիայի վրա։ Կառավարությանը մեծ դժվարությամբ հաջողվում է ճնշել ապստամբությունը [37] ։

* * *

Նադիր շահի մահից հետո Իրանում ծայր առած գահակալական կռիվները շարունակվեցին ընդհուպ մինչեւ XVIII դարի 70-ական թվականների կեսերը։ Տարբեր խմբավորումների միջեւ տեղի ունեցած ռազմական ընդհարումներից չարաչար տուժում էր արեւելահայ հատվածը եւ, մասնավորապես, ջուղահայությունը։ Հաճախ իրենց ռազմական կարիքներն ապահովելու համար Իրանի բռնակալները դիմում էին ջուղահայերի բացահայտ կողոպտմանը։ Դեռեւս 1753 թ. մեզ ծանոթ Ալի Մերդեն խանը «Հարկս ծանունս ի վերայ ջուղայեցւոց, եւ տառապեցոյց զնոսա յոյժ, նախ էառ զնոցանէ զերիս հազար թումանս, եւ ապա յաւէլ պահանջել այլ ինչ բազում, եւ մատնեաց զբազումս ի նոցանէ ի գանս եւ ի տանջանս սաստիկ» [38] ։

Ալի Մերդեն խանի հետ հաշվեհարդար է տեսնում քրդական զենդ ցեղին պատկանող Քերիմ խանը, որը նպատակ ունենալով վերականգնել Իրանի երբեմնի մեծ ծավալի արտաքին առեւտուրը, հովանավորում է ջուղահայերին, որոնք եւս մի անգամ չարաչար տուժել էին աֆղանների առաջնորդ Ազատ խանի ավազակներից։ «Իսկ Ազատ խան յետ վանելոյ զՔերիմ խան՝ եւ յետ տիրելոյ բազում տեղեաց՝ գնաց յԱսպահան եւ կացեալ անդ աւուրս ինչ՝ ձեռն էարկ չարչարել զջուղայեցիս՝ առնուլ ի նոցանէ գանձս, եւ զի ոչ եգիտ ինչ առ նոսա, կողոպտեաց զեկեղեցիս ջուղայու, եւ ապա ձեռն էարկ վերստին ի մեծամեծս եւ յաղքատս, եւ մատնեաց զնոսա ի գանս եւ ի տանջանս տալ տուրս ծանունս եւ անտանելիս, եւ սնանկացոյց զամէնսին» [39], կարդում ենք Մ. Ջամչյանի մոտ։ Շուտով Ազատ խանը պարտություն է կրում, փախչում օսմանցիների երկիրը, սակայն Բաղեշում ձերբակալվում է Հերակլ թագավորի կողմից, որը եւ նրան հանձնում է Քերիմ խանին [40] ։

Այսպիսով Իրանում երկարատեւ եւ գահակալական կռիվներին ժամանակավորապես վերջ է տրվում եւ Քերիմը Իրանի տիրակալ է հռչակվում ու ստանում վեքիլ, այսինքն փոխարքա անունը։

Նկատի ունենալով Իրանի արտաքին առեւտրի ծավալման համար Բասրա նավահանգստի մեծ նշանակությունը, 1776 թ. Զենդ Քերիմը պատերազմ է հայտարարում Թուրքիային ու զավթում Բասրան։ Այդ նույն թվականի մարտին իրանական տիրակալի 40 հազարանոց բանակն ասպատակում է Արեւմտյան Հայաստանի գավառները [41] ։

1778 թ., երբ դեռ շարունակվում էր պատերազմն Իրանի եւ Թուրքիայի միջեւ, Քերիմ խանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվում է հատուկ համաձայնություն։ Քերիմ խանը պարտավորվում էր ռուս-թուրքական պատերազմի դեպքում օգնել Ռուսաստանին։ Իրանա-ռուսական այս ծրագիրը, սակայն, չիրագործվեց։ Զենդ Քերիմ ի մահից հետո Իրանի ղեկավար շրջանները 1779 թ. Բասրան հանձնեցին Թուրքիային եւ նրա հետ հաշտության պայմանագիր կնքեցին։

* * *

Ինչպես ասվեց, 1768-1774 թթ. պատերազմի ժամանակ Ռուսաստանը հուժկու հարված հասցրեց Թուրքիային։ Թե ինչպես ընկալեցին թուրք ղեկավար շրջանները այս պարտությունը եւ թե ինչպիսի արձագանքներ ունեցավ ռուսական զենքի այդ հաջողությունը Եվրոպայում, երեւում է երկար տարիներ Թուրքիայում ապրած Ջեյմս Պորտերի «Դատողություններ Օսմանյան պետության ներկա ճգնաժամային վիճակի մասին» արժեքավոր աշխատությունից [42] ։ «Ով կարող էր պատկերացնել, որ քրիստոնեության համար այդքան սարսափելի եւ այդքան ճակատագրական օսմանյան պետությունն այնքան հեշտությամբ ու այդքան կարճ ժամանակամիջոցում կանգնած կլինի անդունդի եզրին, որին ականատես է լինում զարմացած Եվրոպան» [43], գրում է անգլիացի հեղինակը։ Պատմության մեջ եւ ոչ մի ժամանակ Թուրքիան այս աստիճան ստորացված ու նրանց մոլեռանդությունը այդքան վիրավոր ված չէր, շարունակում էր նա։ Չնայած այդ բոլորին, հետպատերազմյան տարիներին Թուրքիայի ռեակցիոն ղեկավար շրջանները համոզված էին, որ իրենց կրած պարտությունը ժամանակավոր է, եւ որ «իրենք ընտրյալ ժողովուրդ են, որ բարձրյալն Աստուծո հրամանով այդ բարեպաշտ ու սուրբ ազգին վերապահված է նվաճել ամբողջ աշխարհը, եւ որ իրենց պետության հարատեւությունն ու ապահովությունը երբեք էլ պարտական չի եղել անհավատների (գյավուրների) օգնական բազուկներին, հետեւաբար անհնարին է, որ նա կործանվի, եթե նույնիսկ Եվրոպայի բոլոր արքաներն ու արքայիկները (այսպիսի արհամարհանքով են նրանք անվանում քրիստոնյա պետություններին) միացյալ ուժերով ու միահամուռ հանդես գային իրենց դեմ» [44] ։

Նրանք համոզված էին նաեւ, որ օսմանյան պետությունը երբեք չի կործանվի, «քանզի, ինչպես արեւին ժամանակավորապես ամպերը կարող են մթագնել եւ որ այդ ամպերի ցրվելուց հետո արեւը կլինի ավելի վառ, քան երբեք» [45], այնպես էլ Օսմանյան կայսրությունը շուտով վրեժ է լուծելու Ռուսաստանից։

Չնայած անգլիացի հեղինակը Ռուսաստանի նկատմամբ տածում է անբարյացակամություն, այսուհանդերձ, ստիպված է ընդունել, որ «Օսմանյան կայսրությունն իր գոյության համար պարտական է մի քանի քրիստոնյա պետությունների» [46], եւ նախ եւ առաջ, անշուշտ, Անգլիային ու Ֆրանսիային։ Եվ այդ էր պատճառը, որ Թուրքիան պատերազմից հետո չէր ցանկանում իրականացնել Քյուչյուք Կայնարջիի պայմանագրից բխող կետերը, նամանավանդ հաշտվել Ղրիմի կորստի գաղափարի հետ։ Միայն միջազգային անբարենպաստ պայմանները (Անգլիան եւ Ֆրանսիան իրար դեմ պատերազմում էին Հյուսիսային Ամերիկայում, Իրանը պատերազմ էր հայտարարել Թուրքիային՝ Բասրան նվաճելու համար եւ այլն), ստիպեցին թուրքերին 1779 թ. մարտի 21-ին Ռուսաստանի հետ կնքել այսպես կոչված Այնալը Կավակի կոնվենցիան եւ հանձն առնելու անհապաղ կյանքում իրականացնելու Քյուչյուք-Կայնարջիի պայմանագրից բխող բոլոր կետերը։ Ավելին, 1783 թ. թուրքական կառավարությունը Կ. Պոլսում ռուսական դեսպան Դ. Բուլգակովի հետ ստորագրեց առեւտրական մի համաձայնագիր՝ Ռուսաստանին տրամադրելով նորանոր առեւտրական արտոնություններ [47] ։

1783 թ. հուլիսի 24- ին Հյուսիսային Կովկասի Գեորգիեւսկ ամրոցում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կնքվեց համաձայնագիր դաշինքի ու հովանավորության մասին։ «Գեորգիեւյան տրակտատը, գրում է Գ. Ա. Գալոյանը, հանդիսացավ կարեւոր իրադարձություն ոչ միայն վրաց, այլեւ Անդրկովկասի մյուս ժողովուրդների կյանքում։ Այդ իմաստուն արարքով Հերակլ 1-ինը սկզբնավորեց Ռուսաստանի հովանավորության ամուր հիմքը եւ դրանով իսկ ապահովեց Վրաստանի անվտանգությունը Թուրքիայից եւ Պարսկաստանից» [48] ։

Պատմական այս ակտը մեծ ոգեւորություն առաջացրեց հայ հասարակության բոլոր խավերի մոտ։ Մասնավորապես Ղարաբաղի հայ մելիքները եռանդուն բանակցությունների մեջ մտան ռուսական արքունիքի ներկայացուցիչների հետ՝ ռուսական բանակի դեպի Ղարաբաղ եւ Երեւան ծրագրվող արշավանքի ժամանակ համատեղ գործողություններ ծավալելու մասին [49] ։

Երեւանի խանության հայությունը 1779-1782 թվականների ընթացքում ծանր, մղձավանջային օրեր էր ապրել։ 1779 թ, սեպտեմբերին Երեւանի Հյուսեյն-Ալի խանի կողմից տարեկան հարկը չվճարելու պատճառով Հերակլը արշավանք էր կազմակերպել դեպի Երեւան։ Վրացական զորքերի հետ քաշվելուց հետո Երեւանի խանը հայ բնակչության անխտիր բոլոր ներկայացուցիչների նկատմամբ վարել էր դաժան հալածական քաղաքականություն։ Հետեւաբար, ռուսական բանակի ծրագրվող արշավանքի մասին լուրը Երեւանի հայության կողմից ընդունվեց մեծ ցնծությամբ։ Այդ մասին գեներալ Գ. Ա. Պոտյոմկինը Եկատերինա 2-րդին հղած զեկուցագրում հայտնում է հետեւյալը. «Երեւանից ժամանած հավատարմատարը հայտնում է, որ հայերը սպասում են ռուսական զորքերին եւ որ նրանք պատրաստ են միանալու նրանց։ Հայոց կաթողիկոսը (Ղուկասը) եւ երեւելի մելիքներն իրենց նամակում ռուսական զորքերին խոստանում են ամեն տեսակի պարենամթերք» [50] ։ 1784 թ. գարնանը պարսկական արշավանքի նախապատրաստությունը լայն ծավալ ընդունեց, սակայն հենց այս նույն ժամանակ Իրանում տեղի ունեցան դեպքեր, որը ռուսական արտաքին քաղաքականությանը ստիպեց շտկումներ մտցնել պարսկական արշավանքի ծրագրերի մեջ։

Զենդ Քերիմի մահից հետո Իրանում նորից ծայր առած գահակալական կռիվներն ուժեղացրին Ալի Մուրադ խանի դիրքերը, որը գրավելով Սպահանը, տեր դարձավ Իրանի մեծագույն մասին։ Իրեն շահ հայտարարելով, Ալի Մուրադ խանը համոզված էր, որ իր քաղաքական դիրքերն Իրանում կարող են ամրապնդվել միայն Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելով։ Այդ բարեկամությունը կարող էր Իրանին պաշտպանել Թուրքիայի ոտնձգություններից, որը Անդրկովկասի ու Ադրբեջանի թյուրքախոս խաներին բացահայտորեն պաշտպանում էր Իրանի դեմ եւ ձգտում էր անդամահատել երկիրը։ Ալի-Մուրադ խանը Ռուսաստանի հետ մոտիկանալու նպատակով առաջարկում էր Ռուսաստանին հանձնել ոչ միայն Պետրոս 1-ինի ժամանակ գրավված Մերձկասպյան առափնյա շրջանները՝ Դերբենդը, Բաքուն, Գիլանի, Մազանդարանի ու Աստրաբադի նահանգները, այլեւ Կարադաղի, Ղարաբաղի, Նախիջեւանի եւ Երեւանի խանությունները։

Ռուսական կողմի համար խիստ շահավետ էր առանց ռազմական գործողություններ ծավալելու տիրանալ Անդրկովկասին եւ Մերձկասպյան նահանգներին։ Մյուս կողմից, Իրանը դադարելով թշնամի երկիր լինելուց, դառնալու էր Թուրքիայի դեմ Ռուսաստանի դաշնակիցը։ Ուստի, որոշվեց պարսկական արշավանքը հետաձգել մինչեւ Ալի-Մուրադ խանի հետ բանակցությունների ավարտը։

Բանակցությունների ժամանակ առաջ էր քաշվում հետեւյալ ծրագիրը. Իմերեթիան եւ Արեւմտյան Վրաստանի մյուս իշխանությունները պետք է անցնեին ռուսական հովանավորության ներքո։ Ախալցխայի մարզը պետք է հանձնվեր Հերակլին, «իսկ թուրքական Հայաստանը պիտի միացվեր իր կորպուսին, այսինքն՝ հայկական պետականությանը, որը պիտի կազմվեր պարսկական նախկին նահանգներից։ Հետեւաբար, վերջին հաշվով նախատեսված էր ստեղծել ընդարձակ հայկական պետականություն, որը պիտի ընդգրկեր հին հայկական բոլոր հողերը» [51] ։

Ռուս-իրանական այս բանակցությունների լուրն անհանգստացրեց Անգլիային ու Ֆրանսիային, որոնք սկսեցին դավեր լարել Ռուսաստանի դեմ։ Քյուչյուք-Կայնարջիի պայմանագիրը, ավստրո-ռուսական դաշինքի կնքումը, Ղրիմի միացումը Ռուսաստանին, ռուսական կողմի ծրագրերը Անդրկովկասում մեծ հարված էին հասցնում Ֆրանսիայի փաստական դաշնակից Թուրքիային։ Այդ հանգամանքը վտանգի տակ էին դնում Ֆրանսիայի առեւտուրը ոչ միայն Թուրքիայում, այլեւ Իրանում։ Անդրկովկասի խանությունների միացումը Ռուսաստանին եւ Իրանի ռուսական ազդեցության ոլորտի տակ ընկնելը հակասում էին Ֆրանսիայի ոչ միայն առեւտրական, այլեւ քաղաքական շահերին։ Ուստի Ֆրանսիան 1784 թ. մարտին կոմս Ֆերրիեր Սովբեֆի գլխավորությամբ Իրան ուղարկեց հատուկ քաղաքական պատվիրակություն, որը հետագայում հրատարակեց իր երկու հատորանոց հուշամատյանը։ Դրանում նա կանգ է առնում իր ժամանման նախօրեին Իրանում ստեղծված քաղաքական վիճակի վրա։ Նրա ասելով Ալի-Մուրադ խանը բանակցություններ սկսելով Ռուսաստանի հետ, խիստ թշնամաբար էր տրամադրված Թուրքիայի նկատմամբ։ «Ես Պարսկաստանում էի գտնվում այն ժամանակ, գրում է նա, երբ Եկատերինա 2-րդը բանակցություններ էր վարում Վրաստանի սահմանակից պարսիկ իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք ստացան արժեքավոր նվերներ։ Ռուսաստանի մի պատվիրակ այս ժամանակ եկավ Սպահան՝ բանակցություններ վարելու իր տիրակալի ծրագրերին համամիտ Ալի-Մուրադ խանի հետ։ Զենքի ուժով Պարսկաստանի մեծ մասին տիրացած ու մնացած մասի կողմից հարգված այս իշխանը որոշեց առանց վարանելու անհանգստացնել թուրքերին։ Հին պատրվակներով նա սպառնաց Բաղդադին եւ Շիրազի խանին ու հրամայեց հարձակվել Բասրայի վրա» [52] ։

Ֆերրիեր-Սովբեֆի առաքելությունն ուղղված էր, ինչպես ասվեց, Ռուսաստանի դեմ։ Դա ակնհայտ է դառնում Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստր Վերժենին ուղարկված զեկուցագրից, որից պարզվում է, որ նա Իրանի ղեկավար շրջաններին զգուշացրել է «…խուսափել Ռուսաստանի եւ Գերմանիայի հետ բանակցություններից եւ հակադրվել նրանց փառասիրական նկրտումներին» [53] ։ Իր զեկուցագրի վերջում Ֆերրիեր-Սովբեֆը խնդրում է արտգործմինիստրությունից իրեն ուղարկել դրամական միջոցներ ու դրանց միջոցով իր կողմը գրավել Ալի-Մուրադ խանին։

Այդ բոլորն ունենում է իր հետեւանքը։ Եթե հավատալու լինենք ֆրանսիացի հեղինակին, ապա շուտով «Ալի-Մուրադ խանը գտնելով, որ նպատակահարմար չէ դաշնակցել ռուսների հետ ի վնաս թուրքերի, ազատ արձակեց իրեն Մեծ Տիրակալի (սուլթանի) նամակը բերած (թուրք) պատվիրակին։ Հարուստ նվերներով նա նրան ճամփու դրեց, մոռացնել տալու համար իր կրած տհաճությունը եւ Նորին Մեծությանն իր նոր ծրագրերի մասին պատասխանեց աներկմտորեն» [54] ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Իրանի տիրակալի վարած բանակցություններին, ապա համաձայն ֆրանսիացի հեղինակի, Ալի-Մուրադ խանը «Պետերբուրգ ուղարկեց երկու խաների, որպես պատասխան կայսրուհու նախաձեռնության, սակայն գաղտնի հրահանգներով նա հրաժարվեց անխոհեմաբար (Ռուսաստանին) տված իր խոստումներից քիչ մտահոգվելով այն հովանավորությունից, որ վերջերս ձեռք էր բերել Հերակլ իշխանը, նա դիմեց սովորական միջոցների՝ նրանից գանձելու երեք տարվա տուրքը, որ նա չէր վերցրել երեք տարի ի վեր, նրան ուղարկելով խլաթ» [55] ։

Մյուս կողմից, «Դերբենդի կառավարիչ Բաբա-ֆաթհ-Ալի խանը Ալի Մուրադ խանից հրաման ստացավ խզել ռուսների հետ ամեն տեսակի կապերը»։ Այս բոլորը հիմք են տալիս ասելու, որ ռուս- իրանական բանակցություններն ի վերջո ձախողվեցին։

Շուտով Ալի-Մուրադ խանը մահանում է. Եվ դա այն ժամանակ, երբ Իրանում գործերը նրա համար վատ ընթացք էին ստացել։ Նրա որդու գլխավորած բանակը ծանր պարտություն է կրում Աղա Մուհամմեդ խանից։ Նրա մահից հետո իշխանությունն իր ձեռքը վերցրած որդին եւս մի անգամ պարտություն է կրում Աստրաբադի ներքինի կառավարիչ Աղա Մուհամմեդ խանից, որը վաղուց որդեգրել էր հակառուսական քաղաքականություն։ Շուտով Վրաստանը զոհ է դառնում այս դաժան բռնակալի արշավանքին։ Եվ այսպես, XVIII դարի 80-ական թվակաների արեւելահայ ղեկավար շրջանների փայփայած երազանքները եւս մի անգամ չեն գտնում իրենց տրամաբանական վախճանը։

* * *

Գեորգիեւյան դաշնագրի կնքումը եւ ռուսական զորքերի մուտքը Վրաստան Թուրքիան դիտում էր որպես սպառնալիք իր փոքրասիական արեւելյան նահանգներին։ Ուստի նա արեց ամեն ինչ, որպեսզի Անդրկովկասում իսլամի դրոշի ներքո, իրանական խաների գլխավորությամբ ստեղծվի հակառուսական եւ հակավրացական դաշինք։ Այս առումով եռանդուն գործունեություն ծավալեց Չլդըրի կառավարիչ Սուլեյման փաշան, որին կառավարության կողմից հրաման տրվեց «լինել աչալուրջ եւ կրոնամոլությամբ, քաջությամբ ու խիզախությամբ հայտնի Դաղստանի ժողովուրդներին ամեն կերպ սիրաշահել, նրանց առաջնորդներին հանձնել մայրաքաղաքից ուղարկված նվերներն ու կայսերական շնորհագրերը նրանց կոչ անելով ջիհադի (սրբազան պատերազմի)» [56] ընդդեմ Ռուսաստանի։

Այնալի Կավակի կոնվենցիայի ստորագրումից հետո սուլթանական պալատում Ռուսաստանի հանդեպ ատելությունը գնալով ավելի ու ավելի էր աճում։ Ռազմատենչ հակառուսական հոսանքը գլխավորում էր մեծ վեզիր Կոջա Յուսուֆ փաշան։ Անգլիան եւ Ֆրանսիան ամեն կերպ հովանավորում ու ոգեշնչում էին պատերազմի հրձիգներին։ «Ֆրանսիան, գրում է Ֆերբիեր-Սովբեֆը, —Լեվանտում իր առեւտրի շահերի եւ հավասարակշռությունը պահպանելու համար ընդդիմանում էր Ռուսաստանի հզորացմանը եւ նկատի ունենալով այն աղետալի հետեւանքները (անշուշտ Ֆրանսիայի համար— Մ. Զ. ), որ կարող էր պատճառել թուրքերի տգիտությունը, ուղարկեց (ռազմական) ինժեներներ՝ Սեւ ծովում պաշտպանական ամրոցներ կառուցելը սովորեցնելու համար» [57] ։ Կ. Պոլիս ուղարկվեցին նաեւ մաթեմատիկայի ու ֆիզիկայի մասնագետներ [58] ։ Սակայն պալատի ռեակցիոն ներկայացուցիչների մի մասը հակադրվում էր դրան, ասելով, որ իրենք ոչինչ չունեն սովորելու գյավուրներից (անհավատներից) [59] ։

Թուրքական ղեկավար շրջաններն առանձնապես ծանր ընկալեցին Ղրիմի վերջնական կորուստը։ Արդեն 1785 թ., ինչպես գրում է Ֆերբիեր-Սովբեֆը, Թուրքիայի մայրաքաղաքում մթնոլորտն այն աստիճան շիկացած էր, որ օրավուր սպասվում էր պատերազմի ծագումը [60] ։ Իսկ եթե Թուրքիան մի երկու տարի հետաձգեց ընդհարումը ռուսների հետ, ապա դա կատարվեց այն պատճառով, որ նրա երկու եվրոպական դաշնակից-հովանավորողները, ինչպես ասվեց, գտնվում էին Հյուսիսային Ամերիկայում պատերազմի մեջ։ «Երկար ժամանակից ի վեր Բարձրագույն դուռն ամբողջովին վստահում էր Ֆրանսիայի դեսպաններին։ Բոլոր պարագաներում եւ կարեւոր որոշումներ ընդունելիս նա Կ. Պոլսում ոչինչ չէր անում առանց նրանց մասնակցության» [61] ։ Սակայն, եթե հավատալու լինենք ֆրանսիացի դիվանագետին, ապա այս անգամ Թուրքիան Ռուսաստանին պատերազմ է հայտարարել առանց նախօրոք իր դիրքը Ֆրանսիայի հետ համաձայնեցնելու [62] ։ Հազիվ թե դա այդպես եղած լիներ։

Այդ պատերազմում Թուրքիան եւս մեկ անգամ պարտություն կրեց։ Եվ, անշուշտ, դա նկատի ունի Ֆերբիեր-Սովբեֆը, երբ գրում է, թե «թուրքերին դատապարտում են այն բանի համար, որ նա փոթորկին անիծելու փոխարեն դա իր վրա ուղղեց» [63] ։

Գլխավոր խնդիր համարելով Ղրիմի վերանվաճումը, թուրքերն իրենց հիմնական ուժերը կենտրոնացրին այստեղ եւ միաժամանակ Չլդըրի կառավարիչ Սուլեյման փաշային հրաման արձակվեց Անդրկովկասի իրենց դաշնակիցների հետ համատեղ «ջիհադ» սկսել Վրաստանի եւ Ռուսաստանի դեմ։ Սակայն բոլոր ճակատներում էլ Թուրքիան կրում էր պարտություն պարտության հետեւից։ Գեներալ Ա. Մ. Սուվորովը Ֆոկշանում եւ, հատկապես, Ռիմնիկ գետի ափին, թուրքերին ծանր հարվածներ հասցրեց։ Մոլդավիայում, Վալախիայում եւ Կովկասում տարած հաղթանակներով ռուսական զորքերն իրենց առաջ բաց արեցին Ռումելիի եւ Փոքր Ասիայի ճանապարհները, մի հանգամանք, որը Թուրքիայի համար հղի էր ռազմական եւ քաղաքական ծանր հետեւանքներով։ 1789 թ. ֆրանսիական հեղափոխությունը որոշակի ուղղումներ մտցրեց դեպի Ռուսաստանը եվրոպական մի շարք պետությունների տածած քաղաքականության մեջ։ Այսպես, Լոնդոնի եւ Բեռլինի կաբինետները հակում ցուցաբերեցին վերջ տալու ռուս-թուրքական պատերազմին՝ զիջումներ անելով Ռուսաստանին։

1792 թ. հունվարի 10-ին Յասում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն օսմանյան պետությունը ճանաչում էր 1774 թ, Քյուչյուք-Կայնարջիի պայմանագրի բոլոր կետերը։ Կովկասում ռուսական պետության սահմանները հասնում էին մինչեւ Կուբան գետը։ Թուրքիան հանձն էր առնում հետայսու չմիջամտել Վրաստանի ներքին գործերին։ Բոլոր պայմանները ստեղծվել էին հզոր Ռուսաստանին Վրաստանի միացման համար։ Հերթը Հայաստանինն էր։

1787-1797 թթ. ռուս-թուրքական պատերազմը եւս ծանր անդրադարձավ արեւմտահայ հատվածի համար։ Մեծ վեզիր Կոջա Յուսուֆ փաշան ռազմական կւսրիքներն ապահովելու համար ոչ միայն սուլթանական հատուկ հրամանով ամբողջ երկրին ստիպեց զարդեղենը, ոսկին ու արծաթը հավաքել, այլեւ համաձայն Պողոս Կաղզվանցու տարեգրության, որպես աննախադեպ երեւույթ, մայրաքաղաքի հայերից եւ հույներից ռազմական ծառայության համար մարդիկ հավաքագրել, քրիստոնյա ու հրեա հպատակներին ենթարկել ծանր հարկատվության. «Արդ՝ յաւուրս թագաւորութեան սուլթան Համիդի եւ ի թուականութեան հայոց ՌՄԼՉ (1787) յարեաւ պատերազմն Օսմանցւոց ընդ երկուց տէրութեանցն՝ Մօսկովու եւ Նեմցեի (Ավստրիայի), յորում ժամանակի էր Եպարքոսն Եուսուֆ փաշայն, որ էր այր նախանձախնդիր դէնի իւրեանց, եւ ըստ մեծի մասին՝ պատճառ պատերազմին, որ ոչ սակաւ բանիւք յորդորեալ զթագաւորն գրգռեաց յայս գործ մեծ, եւ եբարձ զդեսպանն ռուսաց եւ արգել ի կալանս ի յեօթն կլայն ըստ նախնի սովորութեան իւրեանց։ Ի վերագրեալ թուականին յօգոստոսի Ե (5)-ին, եւ թէպետ սկսաւ պատերազմն յորմէ ի տրտմութիւն մեծ պաշարեցաւ բոլոր աշխարհ Օսմանցւոց, այլ եւ ինքն Եուսուֆ փաշայն անկաւ ի տագնապ տարակուսութեան, յաղագս սակաւութեան զօրաց ուստի եւ հնարս եգիտ այսպէս՝ նախ՝ առաքեալ կոչեաց զմեծամեծս հայոց, եւ խնդրեաց ի նոցանէ զհազար այր հզօր ի պատերազմի, յորում յոյժ բազում պաղատելով՝ հազիւ կարացին իջուցանել ի հինգ հարիւրն» [64] ։

* * *

Ինչպես նշվեց, Ալի-Մուրադ խանի մահից հետո Իրանում սկսված նոր գահակալական կռիվների հետեւանքով իշխանությունը զավթում են կաջարները, որոնք ձգտում են իրենց տիրապետությունը նորից հաստատել Անդրկովկասում։ 1795 եւ 1797 թթ. իրականացրած երկու արշավանքների հետեւանքով Աղա Մուհամմեդ խանին (1743-1797 թթ. ) հաջողվում է իրեն ենթարկել Արեւելյան Անդրկովկասի մի մասը, ներառյալ նաեւ Երեւանի խանությունը։

Իրանական նոր տիրակալի այդ արշավանքներն ավերիչ հետեւանքներ ունեցան Անդրկովկասի ժողովուրդների եւ, մասնավորապես, հայերի համար։ 1795 թ. արշավանքի նախօրեին Երեւանից, Նախիջեւանից ու Ղարաբաղից բնակչության հոծ զանգվածներ լքում են իրենց բնակավայրերն ու փախուստ տալիս դեպի Վրաստան։

1795 թ. հունիսի վերջերին՝ 50 հազարանոց բանակով Աղա Մուհամմեդ խանը ներխուժում է Անդրկովկաս։ նա իր եղբայրներ Ալի Կուլի եւ Ջաֆեր խաներին ուղարկում է պաշարելու Երեւանը, իսկ ինքն ուղղություն է. վերցնում դեպի Շուշի։ Իրանական զորքերն ասպատակում են Արարատյան երկիրը եւ այնտեղ կատարում մեծ ավերածություններ։ Այդ մասին Վարդան Օձնեցու մոտ կարդում ենք հետեւյալը. «Իսկ Ալի ղուլի խան սարդար, յետ բազում անգամ յորդորելոյ զխանն Երեւանայ գալ ի հնազանդութիւն շահին եւ ընդդիմանալոյ նորա, զայրացեալ յոյժ, պատերազմեցաւ ընդ բերդականացն Երեւանայ յաւուրս ինչ եւ անդէն սփռեալ զզօրս իւր յԱրարատ գաւառ ասպատակեաց զամենայն երկիրն Գառնոյ առ Հրազդան գետով քանդեալ աւերեաց զշինուածս յանց եւ հուր աբկեալ այրեաց զամենայն արմտիս երկրիս նոցա, զոր յանժամ հնձեալ դիզեալ էին» [65] ։

Շահը– մեծ ավերածություններ է գործում նաեւ Ղարաբաղում։ Մեկ ամսից ավել Շուշին համառ դիմադրում է Աղա Մուհամմեդ խանին։ Չկարողանալով գրավել բերդը, Իրանի տիրակալը կարգադրում է ավերել շրջակայքը։ 1795 թ. օգոստոսի վերջերին Երեւանն ընկնում է թշնամու ձեռքը։

Ալի Կուլի խանի զորքերը Երեւանը գրավելուց հետո մեկնում են Գանձակ, միանում Աղա Մուհամմեդ խանի բանակին ու համատեղ արշավանք կազմակերպում դեպի Վրաստան եւ նույն թվականի սեպտեմբերի 12-ին գրավում են Թբիլիսին։ Բնակչության մի մասին սրի են անցկացնում, իսկ մյուս մասին՝ գերեվարում։ Ըստ ավանդության զոհվածների մեջ էր նաեւ մեծ Սայաթ-նովան։

Աղա Մուհամմեդ խանի այս արշավանքից հետո Արեւելյան Հայաստանը փաստորեն դուրս եկավ վրաց պետության ազդեցությունից եւ կրկին դարձավ իրանական պետության սահմանամերձ խանություններից մեկը։

1795 թ. դեկտեմբերին ռուսական երկու հազարանոց մի ջոկատ ժամանում է Թբիլիսի՝ Վրաստանը Աղա Մուհամմեդ խանի նոր ասպատակություններից պաշտպանելու նպատակով։ 1796 թ, ռուսական զորքերը համալրումներ ստանալով՝ Իրանի դեմ Անդրկովկասում ծավալում են ռազմական գործողություններ եւ ունենում որոշ հաջողություննեք։ 1796 թ. նոյեմբերի 6-ին, սակայն, Եկատերինա 2-րդը մահանում է եւ նոր կայսր Պավել 1-ինը, որը իր ուշադրությունը սեւեռել էր եվրոպական գործերին, ցանկություն չի հայտնում շարունակելու «Պարսկական արշավանքը»։

Անդրկովկասից ռուսական զորքերի հեռանալը երկրամասում ծանր իրավիճակ ստեղծեց։ Օգտվելով ռուսական զորքերի հեռանալուց, 1797 թ. գարնանը Աղա Մուհամմեդ խանը նոր արշավանք ձեռնարկեց դեպի Անդրկովկաս։ Անցնելով Արաքս գետը, այս անգամ էլ նա նորից շարժվեց դեպի Շուշի։ Գրավելով քաղաքը, իրանական զորքերը մեծ ավերածություններ են գործում Ղարաբաղում։ Սակայն շուտով շահը սպանվում է եւ իրանական զորքն անկանոն նահանջում է դեպի Իրան, ուր սկսվել էր գահակալական նոր պայքար։ Ժամանակակից եվրոպացի հեղինակներից մեկը՝ Ա. Դյուպրեն, հետեւյալ ձեւով է ներկայացնում քաղաքական այդ անցուդարձերը, «1797 թ. ուզուրպատորը Թեհրանում նորից իր դրոշի ներքո հավաքեց բանակը՝ երկրորդ անգամ Թիֆլիս արշավելու եւ Դերբենդում ու Բաքվում հաստատված ռուսներին վտարելու համար։ Շուշիի բնակիչները նրա բանակի մոտենալուն պես փախան դեպի լեռները։ Աղա Մուհամմեդը ճամբարելով (Շուշու) բերդի մոտակայքում, հրամաններ էր արձակում իր ծրագիրն ի կատար ածելու նպատակով։ Սակայն մի օր, երբ նա գտնվում էր իր վրանում, դաշունահարվեց իր ամենավստահելի ծառաների կողմից» [66] ։

Շահի սպանությունից հետո Արեւելյան Հայաստանում եւ, մասնավորապես, Արարատյան երկրում ստեղծվում է հեղհեղուկ վիճակ։ Տարբեր հոսանքներ ներկայացնող խաները հավակնում են տիրել Երեւանի խանությանը։ Ներքին այդ կռիվներից հայ բնակչությունը մեծապես տուժում է։ Հրին ու սրին շուտով հաջորդում է ժանտախտը։

Իրանում շահ է հռչակվում Ֆաթհ-Ալի շահը (1797-1834), որը նույնպես փորձեր է կատարում իրեն ենթարկել ողջ Անդրկովկասը։ Ստեղծված ծանր կացության պայմաններում Վրաստանն ապավինեց ռուսական զենքին։ 1801 թ. Ալեքսանդր 1-ինի հատուկ հրովարտակով Վրաստանը վերջնականապես միավորվեց Ռուսաստանի հետ, որը եւ գտավ դարերով երազած իր անդորրը։ Հերթը Արեւելյան Հայաստանինն էր։

* * *

XVIII դարի վերջին Օսմանյան կայսրությունը, ըստ ամենայնի, շարունակում էր գոյություն ունենալ միայն ձեւականորեն։ Արաբական երկրները փաստորեն դարձել էին անկախ։ Արաբիայում հաստատված վահհաբիները բացահայտ թշնամական դիրք էին գրավել թուրք ղեկավար շրջանների նկատմամբ։ Բալկաններում եւ Փոքր Ասիայում առանձին թուրք ֆեոդալներ ոչ միայն հռչակել էին իրենց անկախությունը, այլեւ սեփական դրամ էին հատում։ Փոքր Ասիայի ու Հայաստանի մի մասը ընկել էր Չապանօղլուների, Թայարօղլուների, Կոզանօղլուների եւ այլ ֆեոդալների գերիշխանության ներքո։ Ի վերջո Քրդստանում եւ քուրդ ֆեոդալների ազդեցության ներքո գտնվող Արեւմտյան Հայաստանի մի շարք շրջաններում առաջացել էին քրդական դերեբեյություններ, ուր իշխում էր քուրդ բեգերի սանձարձակ կամայականությունը։ Կառավարական զորքերի հետ ընդհարումները դարձել էին սովորական երեւույթ: Ապստամբներն ավերում ու ոչնչացնում էին ամեն ինչ։ XIX դարի սկզբներին Հայաստանով անցած Ամեդե Ժոբերն որպես ականատես գրում է այն մասին, որ Տրապիզոնից մինչեւ Էրզրում գտնվող ճանապարհը հրկիզված էր. «մեր ճանապարհին, կարդում ենք նրա մոտ, բոլոր կամուրջները քանդված, գյուղերը կողոպտված ու հրկիզված էին ապստամբների կողմից» [67] ։

Առանձնապես ծանր վիճակ էր ստեղծվել քրդաբնակ շրջաններում։ Այդ նույն Ա. Ժոբերի վկայությամբ, Եփրատի հովտի հայ գյուղացիների ունեցվածքը «ենթակա է քրդերի ասպատակություններին։ Գյուղացիներն իզուր ցանում են մի փոքր հացահատիկ։ Նրանք կողոպտվում են (քրդերի կողմից) դեռեւս չհասունացած։ Նա (հայ գյուղացին— Մ. Զ. ) ստիպված է թողնել իր արտը, փախչել իր կնոջ, երեխաների ու անասունների հետ» [68] ։

Աղբյուրների վկայությամբ հայ գյուղացու վիճակը գիշատիչ փաշաների կրնկի ներքո անտանելի էր։ Եթե հավատալու լինենք Ջոն Մակդոնալդ Կիննեյրին, ապա XVIII դարի վերջին հայ գյուղացիները փորձել են ապաստան գտնել նույնիսկ ապստամբ ֆեոդալների մոտ։ «Մենք նկատեցինք նաեւ, գրում է եվրոպացի հեղինակը, որ Չապնօղլուների եւ այլ անկախության հասած փաշաների տիրապետության տակ ընկած շրջաններն ավելի լավ են բնակեցված, քան Թուրքական կայսրության այլ շրջանները։ Գյուղատնտեսության այդ շրջանները ծաղկուն են, քանզի նրանք (ապստամբ ֆեոդալները Մ. Զ. ) հասկացել են, որ գյուղացիների հովանավորումն ու քաջալերումը բխում է իրենց իսկ սեփական շահերից» [69] ։

Հավանաբար, այդ է պատճառը, որ տեղ-տեղ, օրինակ, Բայազետի նահանգում հայ գյուղացիները փաշաների ոճրագործությունների դեմ ըմբոստացել են ու դարձել կիսանկախ։ «Դա առաջին անգամն էր, որ մենք Հայաստանում հանդիպում էինք քրիստոնյաների, որոնք վճռել էին որոշ դիմադրություն ցույց տալ թուրքերին։ Ուստի Հայաստանի այս մասերում կառավարության իշխանությունը համարյա զերոյի է հավասար։ Գյուղացիները զինված են եւ քրդերի դեմ հաճախակի մղվող մարտերում կոփված, չեն վախենում ո´չ սպառնալիքներից, ո´չ շոյանքներից, եւ ոչ էլ մահից» [70] ։

XVIII դարի վերջերին Բայազետով անցած Ֆերրիեր-Սովբեֆը վկայում է, որ նկատի ունենալով Բայազետի հայության մարտական ոգին, տեղի փաշան նրանց ներգրավում էր զինվորական ծառայության [71] ։ Սա, անշուշտ, բացառիկ երեւույթ էր կայսրության մեջ։ Արեւմտյան Հայաստանի մյուս մասերում վիճակն ավելի քան տխուր էր։ Եվ Ֆերրիեր-Սովբեֆը բացականչում էր, «Հայաստանի հին փառքից ոչինչ չէր մնացել եւ իրենց երկրում թշվառության գիրկը նետված կամ հայրենիքից հեռացած հայերը այլեւս ոչինչ չունեն տեսնելու իրենց նախնիների մեծությունից» [72] ։



[1]            Մ. Չամչյան, հ. Գ, էջ 842-855։

[2]            M. Peysonnel. Essai sur les troubles actuels de Perse et de Géorgie p. 79.

[3]            Նույն տեղում, էջ 80-81։

[4]            Նույն տեղում։

[5]            Նույն տեղում, էջ 120։

[6]            Նույն տեղում, էջ 121։

[7]            Նույն տեղում, էջ 122։

[8]            Նույն տեղում։

[9]            Մ. Չամչյան, հ. Գ, էջ 842։

[10]          M. Peysonnel, էջ 124։

[11]          Նույն տեղում, էջ 125-126։

[12]          Նույն տեղում, էջ 128։

[13]          Նույն տեղում, էջ 129։

[14]          Նույն տեղում, էջ 131։

[15]          Նույն տեղում, էջ 134։

[16]          Նույն տեղում, էջ 135։

[17]          Նույն տեղում, էջ 136։

[18]          Նույն տեղում էջ 137։

[19]          Նույն տեղում, էջ 138։

[20]          Նույն տեղում, էջ 139։

[21]          Նույն տեղում, էջ 143-144։

[22]          Նույն տեղում։

[23]          Նույն տեղում, էջ 145-147։

[24]          Նույն տեղում, էջ 149-150։

*             Գանձակի խանի հարկի հետ միասին, անգլիական աղբյուրների համաձայն, այդ հարկը տարեկան կազմում էր 7000 ֆունտ ստերլինգ (տե՛ս Merroir of a map of the countries comprehended between the Black sea and Caspian With an account of the Caucasian Nations and vocabularies of their languages", London, 1788, p. 50):

[25]          J. Hammer, XVI, էջ 108.

[26]          Նույն տեղում, էջ 108-112։

[27]          А. Р. Иоаннисян, Россия и армянское освободительное движение в 80-х годах XVIII столетия; Ереван, 1947, Էջ 266։

[28]          Dmitri Boukharov. La Russie et la Turquie depuis le commencement de leurs relations politiques jusqu'a nos jours, Amsterdam, 1877, էջ 19։

[29]          Précis historique de la guerre des Turcs contre les Russes par Vassif-effendi", Traduit par P. A. Caussin de Perceval, Paris, 1820, Էջ 28-29, 31-35, 66-68 եւ այլն։

[30]          Նույն տեղում, էջ 59։

[31]          Նույն տեղում, էջ 109։

[32]          Այս մասին տե՛ս A. Shopoff. Les réformes et la protection des Chrétiens en Turquie (1673-1904), Paris, 1904, էջ 3-11:

[33]          J. Hammer, XVI, էջ 399-400:

[34]          Dmitri Boukharov, էջ 37։

[35]          «Մանր ժամանակագրություններ», հ. 2, էջ 450։

[36]          Jonquiére, Histoire de l'empire ottoman, t. 1, Paris, 1914, էջ 317-318։

[37]          Նույն տեղում։

[38]          Մ. Չամչյան, հ, Գ, էջ 856։

[39]          Նույն տեղում, էջ 857։

[40]          Նույն տեղում, էջ 858-859։

[41]          Մ. Կ. Զուլալյան, Արեւմտյան Հայաստանը XVI-XVIII դդ., էջ 126։

[42]          (James Porter). Réfléxions sur l'état critique actuel de la puissance ottomane":

[43]          Նույն տեղում, էջ

[44]          Նույն տեղում, էջ

[45]          Նույն տեղում, էշ

[46]          Նույն տեղում, էջ 10։

[47]          Նույն տեղում, էջ 37։

[48]          Г. А. Галоян, Россия и народы Закавказья, Ереван, 1976, էջ 103։

[49]          Այդ մասին մանրամասն տե´ս А. Р. Иоаннисян, Россия и армяское освободительное движение .. էջ 81-117:

[50]          Նույն տեղում, էջ 130-131։

[51]          А. Р. Иоаннисян, էջ 130-131:

[52]          Mémoires historiques, politiques et géographiques des voyages du comte de Ferrieres-Sauvebeuf, falts en Turquie, en Perse et en Arabie, depuis 1782, usqu'en 1789, Paris, t. I, p. 202 (Այսուհետեւ՝ Ferriéres-Sauvebeuf).

[53]          Նույն տեղում, էջ 133։

[54]          Նույն տեղում, էջ 203։

[55]          Նույն տեղում, էջ 204։

[56]          ,, Tarih-i Cevdet", II, էջ 149։

[57]          „Mémoires…" I, էջ 44։

[58]          Նույն տեղում, էջ 45։

[59]          Նույն տեղում, էջ 46։

[60]          Նույն տեղում, էջ 51։

[61]          Նույն տեղում, էջ 63։

[62]          Նույն տեղում, էջ 57։

[63]          Նույն տեղում, էջ 62։

[64]          «Դիւան Հայոց պատմութեան», հ. Ժ, էջ 331—334։

[65]          Մատ., ձեռ. 4331, էջ 85ա-85բ։

[66]          A. Dupré. Voyage en Perse, II, էջ 335-336։

[67]          A. Jaubert, Voyage en Arménie, էջ

[68]          Նույն տեղում, էջ 20։

[69]          John Macdonald Kinneir, էջ 91։

[70]          A. Jaubert, էջ 109։

[71]          Mémoires…" II, էջ 217։

[72]          Նույն տեղում։