Դրուագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԶԱՔԱՐԻԱ ՍԱՐԿԱՎԱԳ ՔԱՆԱՔԵՌՑԻ

 

XVII դարի հայ պատմագիրներից էր քանաքեռցի Ղապոյենց (Գաբո) Զաքարիա սարկավագը, որը հաճախ հորջորջվում է նաեւ Զաքարիա Քանաքեռցի։ Իր իսկ վկայությամբ ծնվել է 1627 թ․։ 1687 թ․60 տարեկան է եղել [1], մահացել է 1699 թ․։ Պատանեկության հասակում սովորել է ոսկերչության արհեստը, 1637թ․ իր եղբոր՝ Խաչատուրի հետ «գնացաք ի գիւղն Միափոր (Ղազախի գավառում)․ եւ ի տան Մելիք Աթային կալաք խանութ, եւ գործէաք արուեստ ոսկերչութեան» [2] ։ Սակայն այդ արհեստով  նա երկար չի զբաղվում, - տարեկան հասակում թողնում է այն, գնում է Հովհաննավանք, ուր եւ անց է կացնում իր ամբողջ կյանքը՝ 50 տարի։ Հովհաննավանքում նա աշակերտել է Զաքարիա եւ Հովհաննես վարդապետներին։ Իր ժամանակի կրթված հոգեւորականներից է եղել, շատ ճանապարհորդություններ կատարել, եղել է Ղազվինում, Սպահանում, Թավրիզում, Զմյուռնիայում, Պոլսում եւ այլուր։ Աշխարհատեսություննել նրան, անկասկած, շատ բան է սովորեցրել [3] ։ Մ․ Աբեղյանը ճիշտ է նկատում, որ չնայած այդ բոլորին, Զաքարիան կատարյալ պարզամիտ է, մի լեռան հովվի, մի ուղտապանի չափ։ Խիստ նեղ հայացքով, գրեթե ամեն բանի, որ լսել է, հավատացել է [4] ։

Զաքարիան մանկության հասակում տեսել ու զգացել է պարսիկների բիրտ ու վայրագ իշխանությունը։ Իր ապրած օրերին դաժան իրողությունը դրոշմվել է նրա հիշողության մեջ եւ իր արտացոլումը գտել նրա գրած պատմական երկում։ Այսպես, նա պատմում է, թե ինչպես են իր հորը տանջամահ արել։ Գրում է, որ խանի հարկահանը Քանաքեռում ցուցակագրել է հարկատուներին եւ որոշել, թե ով պիտի հարկ տա եւ ովպիտի հարկից ազատվի։ Զաքարիան կաղ էր ծնվել եւ պետք է որ հարկից ազատվեր։ Հայրը շալակել է նրան, իսկ մյուս որդուն, Խաչատուրին առաջը գցած, անցել է հարկահանի առջեւով․ «Եւ իբրեւ ետես զմեղ փոքր եւ կաղ՝ թիւր ոտամբ, բարկացաւ՝ եւ ասէ, զառողջ որդիսն քո պահեալ ես, եւ զանդամալոյծքդ բերեալ ես․ եւ հրամայեցավ արկանել յերկիր իվերայ երեսացն․եւ բերեալ ջուր թափեցին ի վերայ անձինն, յոտաց մինչեւ ցգլուխն՝ ջրողող արարին․ եւ նստոյց այր մի ի վերայ գլխոյն եւ այր մի ի վերայ ոտիցն․ եւ հրամայեաց չորից զինուորաց՝ երկու կողմամբ հարկանել, եւ այնքան հարին, մինչեւ զի մորթն ր մարմնոյն ի բաց ոստեաւ, եւ ինքն անշնչացավ․ եւ համարեցին զնա մեռեալ, եւ ապա քարշեալ գնա թաղեցին ի մէջ փայինի» [5] ։

1687 թվին իր վաթսունամյա հասակում, նա ժամանակի Հովհաննավանքի առաջնորդ «Ի Սարգիս վարդապետէ խոհեմայ եւ բանասիրէ» հանձնարարություն է ստացել գրելու «Կոնդակ սուրբ ուխտին Յովաննու Վանից» այլ խոսքով Հովհաննավանքի պատմությունը, որ եւ նույն թվականին ավարտել է։ Այս կապակցությամբ նա գրում է․ «Յամենայն օր դեգերեի՝ թէ ը՜նդէր ոչ գոյ հաստատուն կոնդակ վանացս, որ ամենայն արձանք որմոցն գրեալ լինի ի նմա, եւ վարանէի միշտ առ այն» [6] ։ Զաքարիան գրում է, որ ինքը միշտ մտածել է այդ անել, բայց ձեռնամուխ չի եղել, որովհետեւ իր առաջին ուսուցիչները՝ Զաքարիա եւ Հովհաննես վարդապետները նրան մարմնավոր գործերով են զբաղեցրել եւ միայն բանասեր Սարգիս վարդապետն է գիտակցել դրա անհրաժեշտությունը ու հանձնարարել գրելու։

Եվ Զաքարիան գրել է Հովհաննավանքի կոնդակը, «Թէ ի պատմագրաց, թէ ի յիշատակարանաց, թէ յարձանաց, եւ թէ ի լրոյ իմաստուն արանց եւ ի գիտուն ծերոց, նշանակեցից զամենայնն ստուգութեամբ․ զի որք զկնի մեր գայցեն՝ընթեռնելով ի միտ առնուն» [7] ։

Ընդհանրապես նկատենք, որ չնայած իր պարզամտությանն ու պատմության մասին ունեցած խիստ նեղ հայացքին, Զաքարիան պատմություն գրելուն մեծ կարեւորություն է տալիս։ Կոնդակի Ա գլխի վերջում բերում է Մովսես մարգարեի հետեւյալ միտքը․ «Հարցջիր հարց քոց, եւ պատմեսցի քեզ ի ծերոց, եւ ուսցիս զամենայն՝ որպէս եւ կամիս» [8] ։

Կոնդակն էլ սկսում է այսպես․ «Ցուցմունք ժամանկաց եւ պատմութիւնք նոցին գրեալ եղեւ յառաջնոց պատմագրաց․ որք ի ժամանակս եւ ի դարս գրեցին՝ որպէս գիտացին՝ ըստ իւրեանց իմաստութեանն՝ զերից ժամանակաց, այսինքն՝ զանցեալն ընթեռնելով, զներկայն գրելով, եւ զապագայիցն յուշ առնելով՝ յայտ արարին։ Ոմանք յաճախաբանութեամբ, ոմանք Համառօտելով․ ոմանք յառաջագիրք, եւ ոմանք ժամանակագիրք՝ որպէս  եւ պատմութիւնն իւրեանց ցուցանէ ըստ ոճին իւրեանց։ Ոմանք փիլիսոփայական ճարտասանութեամբ, եւ ոմանք Աստուածաշունչ գիտութեամբ։ Ոմանք լի իմաստութեամբ, եւ ոմանք աշխարհօրէն։ Եւ որով իւք եւ է՝ մեզ ծանուցին զանցեալն․ զի եւ մեք ներկայումս ուսանելով՝ ապագայիցդ ծանուսցուք» [9] ։ Ավելին, նա ընթերցողներին էլ է խորհուրդ տալիս պատմություն գրել․ «Այլ եւ զոր ինչ եւ դուք գիտէք, դուք եւս գրեցեք՝ եւ զիմն եւս ընկալարուք զսեաւն, եւ շարադրեցէք ըստ գեղեցկագունիցն կարգի» [10] ։

Կոնդակում Զաքարիան նախ շատ համառոտ գրում է, թե ընդհանրապես Հայաստանում երբ են շատ վանքեր շինվել եւ թե հատկապես երբ է կառուցվել Հովհաննավանքը, որի հնությունը նա հասցնում է մինչ Գրիգոր Լուսավորիչը։ Այնուհետեւ, համեմատաբար մանրամասն, խոսում է այդ վանքի թեմի եւ վիճակի մասին եւ թե երբ է այն նորոգվել ու ծաղկել։

Կոնդակի կապակցությամբ Մ․ Աբեղյանը նկատում է․ «բացի մատենագիրներից ու գրքերի հիշատակարաններից՝ օգտվում է եւ արձանագրություններից, նա ընդօրինակում է պատերի վրա եղած արձանագրությունները եւ մանրամասն ճշտություն մտցնում յուր Կոնդակի մեջ, որով Զաքարիան հանդիսանում է մեր հնագրական արձանագրական թանկագին հիշատակարանները ժողովների նախահայրը։ Մի բան, որ շատ կարեւոր է» [11] ։ Դա, իհարկե անժխտելի է, սակայն դժվար թէ կարելի լինի Զաքարիային այդ բնագավառի նախահայր համարելը, քանի որ իր ժամանակին մասամբ Մ․ Խորենացին եւ շատ ավելի ուշ Ստ․ Օրբելյանը, առավել մեծ չափերով ընդօրինակել են վիմական արձանագրությունները եւ օգտագործել իբրեւ պատմական սկզբնաղբյուրներ։

Այնուհետեւ Կոնդակում Զաքարիան, ժամանակագրական կարգով, հիշատակում է Հովհաննավանքի առաջնորդների անունները, որքան որ կարողացել է ձեռք բերել, նշելով նաեւ իր աղբյուրները։ Հատկապես մանրամասն խոսում է իր ժամանակի երեք նշանավոր առաջնորդների՝ Զաքարիա, Հովհաննես եւ Սարգիս վանահայրերի գործունեության մասին։ Վերջում տեղեկություն է տալիս Մողնու վանքի կառուցման մասին, վերջին գլխում էլ տալիսե է իր նախորդների պատմությունը։

Զաքարիա Կոնդակն իր պարունակած հարուստ նյութերով Հովհաննավանքի տնտեսական կյանքի պատմությունն է։ Մանրամասն թվարկված են վանքապատկան կալվածքները եւ եկամտաբեր օբյեկտները։ Միաժամանակ հանգամանորեն նկարագրված է վանքի ներքին եւ արտաքին տեսքը, որը արժեքավոր է եւ հայ ճարտարապետության պատմության համար [12] ։

Թերեւս ճիշտ լինի Մ․ Աբեղյանի այն ենթադրությունը, որ Զաքարիայի այս Կոնդակը հավանություն է գտել եւ նրան մի քանի բանասերներ խորհուրդ են տվել պատմությունը գրելու, որին ինքնել դեմ չի եղել։ Այս կապակցությամբ նրա մոտ կարդում ենք․ «Ի սպառել ժամակիս եւ ի վերջին դարուս՝ ի նուաստանալ ազգիս Հայոց, եւ ի զօրանալ ազգին Պարսից, յորում նեղիմք եւ տառապիմք ազգի ազգի կեղեքմամբ եւ պէս պէս աւարմամբ, ի թուիս մերում․․․ (1699)․․․ եղեւ աւարտումն պատմութեանս․․․ որ այժմ ասի Յօհաննուվանք․․․ աշխատութեամբ իմում բազմավէր եւ փինատ Զաքէոսի Քանաքեռցւոյ՝ որ ի ծառայութենէ նոյն վանացն Յօվհաննու, ի խնդրոյ ոմանց բանասիրաց՝ եւ մերում յօժարութեամբ։ Արդ որպէս առաջագոյն ծանուցաք, թէ զոր ինչ լուաք ի համբաւոյ՝ զայն գրեցաք, թ՛է սուտն եւ թ՛է ճշմարիտն, եւ թ՛է զովութիւն լիցի եւ թ՛է սուտ պարսաւանք՝ նոցա լինի․ եւ մեզ զհրամայեալսն արարք եւ դուք որպէս եւ կամիք՝ այնպես արարեք» [13] ։

Շահ Աբբասի կապակցությամբ էլ ասում է․ «Զսորա ամենայն գործ գրեալ է Առաքել պատմագիրն՝անպակաս զամենայն։ Ո՛վ  ոք կամիցի գիտել զստոյգն, ընթեռնուցու զայն, եւ ի նմանէ ուսցի։ Այլ ես զոր ինչ լուեալ եմ վասն այս Շահ-Աբասիս, թ՛է սուտ եւ թ՛է առասպել, եւ թ՛է ճըշմարիտ եւ յիրաւ, զամենն գրեմ, թէ պարսաւանք եւ նախատինք լինի(ն), եւ թ՛է գոհութիւնք եւ գովութիւնք լիցի(ն), նոցա լիցի՝ որոց պատմեցին մեզ։ Քանզի նոքա՝ որք ականատեսք էին, զստոյքն պատմեցին։ Իսկ նոքա՝ որք ականջալուրք էին, վեր ի վերոյ ասացին, սակայն մեք զոր լուաք, զնոյն պատմեսցուք՝ թ՛է սուտն եւ թ՛է իրաւն» [14] ։

Ահա պատմության մասին մեր  այս հեղինակի հայացքը։ Այդ բոլորը նա պատմություն է համարում եւ անհրաժեշտ գտնում գրի առնել՝ հաջորդ սերունդներին թողնելու համար։

Ի տարբերություն Առաքել Դավրիժեցու, որի «Պատմությունից» եւ առատորեն օգտվել է եւ որի մասին գրում է, թե «Որպէս եւ բազում անգամ հարցեալ եմք յԱռաքել վարդապետէն, եւ ուսեալ եմ ի նմանէ․․․» [15], Զաքարիան քննադատական վերաբերմունք չունի դեպի իր նյութը եւ այդ, ինչպես տեսանք, ինքն էլ չի ժխտում, հենց սկզբից նյութի ընտրության հարցում պատասխանատվությունն իրենից հեռացնում է, թողնելով այն ընթերցողի հայեցողությանը։

Միանգամայն իրավացի է Մ․ Աբեղյանը, որ Զաքարիայի «Պատմությունն» իսկապես պատմություն չէ, սուտ ու ճշմարիտ, առասպել ու իրողությունն վայրիվերո, խառնիխուռն ժողովված են մի տեղ՝ առանց որոշ դասավորության, առանց որեւէ կարգի։ Ժամանակագրական ճշտություն, իհարկե, պահանջել կարելի չէ մի պարզամիտ մարդուց, որ պարզ սուտը ճշմարտից ջոկել չի կարողանում եւ առօրյա չնչին, մանր ու մունր դեպքերը իբրեւ կարեւոր պատմական եղելություն՝ արձանագրում է» [16] ։

Հատորի սկզբում էջուկեսի վրա տված է «Պատմութիւն եւ կարգ թագավւորացն Պարսից», մեկ էջի վրա «Թագաւորք Հայոց» եւ մոտ մեկ էջի վրա էլ Սասանյան Արտաշիրի թագավորելու մասին։

Երկրորդ հատորը սկսվում է Մուրադ սուլթանի կողմից Երեւանի գրավումով, ապա պարսիկների կողմից նրա վերագրումով եւ ավարտում է մի քանի նահատակությունների նկարագրությամբ։ Այն ընդգրկում է 1635-1699 թթ․ ժամակաշրջանի իրադարձությունները։

Առաջին հատորի 40-րդ գլխից սկսած Զաքարիան նկարագրել է այն իրադարձությունները, որոնց ժամակակիցն ու ականատեսն է եղել։ Այդ մասին նա գրում է․ «Այն ինչ՝ զոր գրեցաք ի սկզբանէ պատմութեանս մինչեւ ցաստ, զամենայն ի համբաւոյ եւ ի լրոյ՝ եւ ի պատմութիւնէ զրոց եւ ի յիշատակարանաց էր։ Այսուհետեւ ականատես եմ եւ ականջալուր մերձակայ իրանց․ վասնորոյ գրեմ զամենայն անվրէպ» [17] ։

Իրեն պատմողների նյութը շարադրելուց հետո, որպես կանոն, տալիս է նրանց անունները, «այս պատմեց Մարկոս Ջուղայեցի վարդապետը» [18], «Լսել ենք Զաքարիա վարդապետից» [19] «պատմեց Հովհան Կարնեցի զարդապետը» [20], «Հոռոմ Հովհան սարկավագը» [21] եւ այլն, որոնք իրենց պատմածներին ականատես են եղել։ Մի քանի պատմություններ էլ իբր  իրեն պատմել են նկարագրվող դեպքերի գործող անձերը՝ վիշապից փախչողը, դեւ կին ունեղուղը, նահատակված ընկերը, պատերազմի մասնակիցը եւ այլն։

Երրորդ հատորը կազմում է Կոնդակը, որի մասին վերեւում արդեն ասվել է։

Մ․ Աբեղյանը եւ Լեոն միանգամայն  ճիշտ նշում են, որ Զաքարիայի «Պատմության» առաջին երկու հատորները իրենց պարունակած նյութի արժեքով հավասարաչափ չեն։ Առաջին մասի նյութերը, որոնք հիմնականում վերցված են հիշատակարաններից ու Դավրիժեցուց կամ ականատեսների պատմածներից, իբրեւ պատմական երկ արժեք չունեն, որովհետեւ զուտ ժողովրդական զրույցներից ու երգերից է բերված, որոնց հիմքը, սակայն, պատմական է։ Նրանք իրավամբ գտնում են, որ այդ հատորը իսկապես  մի ժողովրդական բանաստեղծության ժողովածու պետք է համարել եւ ոչ պատմություն, որով եւ «Զաքարիան, այս միամիտ մարդը, անգիտակցորեն, իր պարզամտության պատճառով, հանդիսացել է հայոց ֆոլկլորի-ժովորդագիտության առաջին հավաքողը Խորենացուց հետո, բայց եւ Խորենացուց ավելի հարուստ ու հարազատ կերպով, քանի որ նա, հավատացած լինելով թե պատմություն է տալիս, մեզ ժողովրդական անգիր բանահյուսության օրինակներ է տալիս եւ կամ բովանդակությունը, առանց փոփոխելու եւ հետաքրքիր մանրամասնություններով, որով նա հանդիսանում է իբրեւ ժողովրդական գրող, որի գրվածքի մեջ մնում են ժովովրդական պարզությունը, կոպիտ, բայց թարմ կյանքը» [22] ։

Շարունակելով իր միտքը Մ․ Աբեղյանը ընդգծում է, որ եթե այդ զրույցները պատմություն չեն, ապա նրանց հիմքը պատմական է եւ նրանց մեջ շատ գեղեցիկ երեւում է ժամանակակից կյանքը, բնավորություններ եւ դեմքեր ու կենցաղական գծեր։ Դրանք ցույց են տալիս, թե ինչով էր զբաղվում իր ժամանակի հայ եւ պարսիկ մարդու միտքը, հայ ժողովրդի մտավոր կյանքն ու աշխարհայեցողությունը, բարքերը, նիստն ու կացը, սովորությունները, սնոտիապաշտությունները, հավատալիքը, եւ ցույց են տալիս ավելի պարզ, քան մեր որեւէ ուրիշ պատմական կարեվոր երկի մեջ [23] ։

«Մեր գրականության մեջ, - գրում է Լեոն- դա մի շատ ինքնատիպ դեմք է, առաջինն իր տեսակի մեջ, տաղանդավոր մի շինական, աշխույժ, հետաքրքրվող եւ հետաքրքրող, պարզամիտ եւ հավատացող՝ երեխայի չափ, ժողովրդական պատմվածքների սիրահար եւ ամբողջովին ժողովրդական գրողի հոգեբանությամբ լցված։ Շատ է սիրում իր Քանաքեռը եւ հաճախակի պատմություններ է տալիս նրա կյանքից։ Մի խոսքով, Զաքարիա Ղապոյենցը կարող է ամենայն հարազատությամբ համարվել XIX դարի մեծ Քանաքեռցու՝ Խաչատուր Աբովյանի գրական նախահայրը» [24] ։

Լեոն այսուհետեւ նշում է, որ «Իր անպաճույճ, վայրիվերո «Պատմագրության» մեջ Զաքարիան հավաքել է բազմաթիվ փաստեր ժողովրդական կյանքից, մի բան, որ մենք չենք գտնում մեր համարյա ամբողջ հին գրականության մեջ։ Այստեղ ավելի եւս պայծառ գծերով, քան երբեւիցէ առաջներում, երեւան է գալիս Արարատյան երկրի գյուղը (գլխավորապես Քանաքեռը), եւ մենք տեսնում ենք շատ առօրյա երեւույթներ, որոնք թեեւ չունեն պատմական նշանակություն, բայց մեծ հետաքրքրություն են ներկայացնում իբրեւ ժողովրդական նիստ ու կացի, հավատալիքների, կրած ճնշումների ու կեղեքումների պատկերներ։ Հեղինակը մեզ մտցնում է ժողովրդի կյանքի մեջ ահա ինչն է ամենագնահատելին» [25] ։

Կենցաղային զանազան, հաճախ երկրորդական թվացող, մանրուքների պատկերման շնորհիվ Զաքարիայի պատմվածքները բացառիկ արժեք են ստանում նաեւ որպես ազգագրական նյութ [26] ։

Զաքարիայի Պատմության առաջին եւ երկրորդ հատորների նյութերի մեծագույն մասը կազմում են պարսից շահերի՝ - շահ Իսմայիլի, շահ Թահմազի, շահ Աբբասի եւ շահ Սեֆիի մասին ժողովրդի մեջ տարածված ցրույցներն ու երգերը։ Մեծ տեղ է տրված առանձնապես շահ Աբբասին վերաբերվող զրույցներին, որոնց հիմքի վրա Զաքարիան բերել է բազմաթիվ ավանդություններ ու առասպելներ, իրադարձություններ ինչպես լսել կամ տեսել է եւ իրեն կարեւոր է թվացել՝ երկրաշարժ, արեգակի խավարում, սով, մարախ, երկնային օդերեւույթներ, առասպելազարդ պատմություններ։

Մ․ Աբեղյանը այս առնչությամբ նկատում է․ «Այսպիսի պարզամիտ մարդը բնականորեն ոչ միայն ինչ որ Շահաբասի պատմության, այլ եւ ուրիշ շատ առասպելներ ու սնոտիապաշտություններ եւ այնպիսի նկարագիրներ, որոնք պատմության հետ բնավ կապ չունեն» [27] ։

Շահ Աբբասի կապակցությամբ, Լեոն ճիշտ նկատում է, որ Ասիական այս ահարկու բռնավորի արարքները, ինչպես երեւում է, ժողովրդին խոսակցության առատ նյութեր են տվել, կազմելով շատ այնպիսի պատմվածքներ, որոնց մեջ Հայաստանի ավերողը բավական համակրելի գծեր է ընդունել [28], եւ Զաքարիա պատմագիրն էլ հավատացել է դրանց ու գրի առել թերեւս եւ իր կողմից էլ որոշ չափով ծաղկեցրել։

«Սովորութիւն էր Շահ-Աբասին՝ որ երբեմն երբեմն՝ յայլակերպս եղեալ շրջեր։ Լինէր՝ զի երբեմն երիվարաւ եւ փայեկաւ գնայր՝ ուր եւ կամէր, երբեմն միայն, երբեմն ի կերպ փօրեզկի՝ որ է չարչի։ Եւ այսպէս շրջէր ի մէջ մեծամեծաց եւ ռամկաց։ Հարցանէր եւ տեղեկանայր յամենայնէ՝ ի Շահէն եւ յերկրէն, ի հարկաց եւ յամենայն իրաց» [29] ։ Եվ Զաքարիան տալիս է շահ Աբբասի այդպիսի այլակերպյալ-կերպարանափոխյալ այցելությունների մի քանի նկարագրությունները։

Գուլփիքան գյուղաքաղաքում շահը հորդ անձրեւից պատսպարվելու նպատակով մտնում է մի տուն, դիմում է տանտիրոջը՝ ասելով «Վասն սիրոյ Շահին ընկալ զիս, զի պաղեցայ ի ցրտոյ»։ Տանտերը պատասխանում է «Որովհեեւ զՇահն յիշեցէր, էջ ի ձիոյդ» եւ շատ լավ ընդունում է, հյուրասիրում, ուտում եւ խմում են ու մինչեւ կես գիշեր «Խոսէին յաշխարհէ եւ ի Շահէն։ Իսկ այրն միշտ բարւօք զոհանայր ի Շահէն։ Հետո տանտերը բերել է տալիս «մահիճս ազնիւս՝ Շահին եւ փայեկին»։ Առավոտյան շահի հարցին, թե որքան պետք է վճարեմ ընդունելության եւ հյուրասիրության համար, տանտերը ասում է․ «Աստուած մի արասցէ, զոր Շահի անունն յիշօղն եւ վասն Աստուծոյ եկեալ հիւրն՝ պատառ մի հաց կերիցէ, զգինս նորա առից, եւ կորուսից զվարձս իմ, եւ այսպէս արձակեաց զնա» [30] ։

Շահը տանտիրոջ ծառայից իմանում է, որ նա անունը Ալլահվերդի է։ Իր բանակատեղը հասնելուց հետո, հրամայում է իր մոտ բերել այդ Ալլահվերդուն, նրան բերում են, վերջինս ճանաչում է իր հյուրին։ Շահը նրան մեծ պարգեւների է արժանացնում եւ նշանակում է Շիրազ քաղաքի խան։ Զաքարիան այս բոլորը գրելուց հետո ավելացնում․ «Այս այն Ալլահվերտին է՝ զոր Առաքել պատմագիր յիշէ ի պատերազմին Արծկոյ եւ Վանայ, որ է ստոյք այսպես, որպէս եւ գրեցաք։ Զայս լուաք մեք Մուրատ խան անուն յառնե միոջէ։ Այլեւ սակաւ ինչ ի մօրէ իմմէ» [31] ։ Եվ բացատրում է, որ շահ Աբբասի բռնագաղթի ժամանակ իր մորն ու նրա ծնողներին նույնպես քշած են եղել ու բնակեցրած այդ  Գուլփիքան գյուղաքաղաքում եւ մայրն այդ մասին այնտեղ է լսել, «որ եւ զպատմութիւնս զայս արար մայրն իմ» [32] ։ Շատ հավանական է, որ այս հեքիաթը իմացել է եւ Դավրիժեցին, սակայն չի հավատացել ու գրի չի առել։ Վերջինիս մոտ այդ Ալլահվերդի խանը շահ Աբբասի սիրած զորավարներից է, ակտիվ մասնակցություն է ունենում նրա մղած պատերազմական գործողություններին օսմանցիների դեմ եւ շահը, հաշվի առնելով նրա ծառայությունները, կատարում է նրա խնդրանքը՝ գաղթեցրած հայերից 500 տուն ուղարկում է Շիրազ այնտեղ բնակեցնելու համար։

Շահը մանրավաճառի դերում Լնճան գյուղում գնում է ոմն Դավիթ երեցի տունը, որտ գրիչ էր եւ հայսմավաուրք էր գրում։ Նա մանրավաճառից գնում է փոքրիկ գրչահատ։ Այնուհետեւ երկար զրուցում են իրար հետ։ Շահի հարցին, թե շահից գո՞հ եք, նա պատասխանում է․ « դեռ ոչ լաւն գիտեմք Շահի, ոչ վատն, այլ զի թագաւոր է, ոչ է արժան վատ ասել նմա » [33] ։ Շահի հարցին թե ի՞նչ գիրք է, որ գրում էր, Դավիթը պատասխանում է, որ այն նահատակների մասին է, եւ կարդում է Հակոբ նահատակի մասին ու ասում, որ այն կատարվել է Հազկերտ թագավորի օրոք։

Արքունիք վերադառնալուց հետո, մի օր իր մոտ է կանչում արքունիքի մեծամեծներին, ասում, թե իբր երազ է տեսել եւ պատմում է այն, ինչ լսել էր Դավիթ երեցից Հակովբ նահատակի մասին, սակայն Հազկերտի տեղը իբր իր հրամանով է այդ նահատակությունը կատարվել․   «յորժամ կատարեցաւ հրամանն իմ, ապա լոյս յերկնից սաստիկ եւ ահեղ էջ ի վերայ (Հակոբի- Լ․ Բ), այնքան՝ որ զլոյս արեգականն արգելաւ։ Արդ ես ասեմ ձեզ․ գրեցէք ի գիրս ձեր կանոնս՝ եւ նզովիւք փակեցէք, զի թե քրիստոնեայք տաճկանան, եւ յետոյ դառնան ի հաւատս իւրեանց, մի՛ արդելուք կամ՝ չարչարէք, այլ թոյլ տուք նոցա կալ ի հաւատս իւրեանց․ մի գուցէ սպանանէք զնոսա, եւ իջանէ լոյս ի նոսա, եւ տեսցեն զայս Մահմետականք եւ երկմտեսցին ի հաւատոց իւրեանց․ եւ լիցի պակասութիւն մեծ ազգի մերոյ․ այլ յորժամ գան առ ձեզ, տուք նոցա գիր պաշտել զհաւատն իւրեանց եւ լինին մուրթատ (ուրացող), եւ տան հարկս ձեզ։ Եւ կատարի հրամանս այս մինչեւ ցայսօր։ Զի թէ ոք պատճառանօք իւիք տաճկացեալ իցէ, երթեալ առնուն նոմոս (հրովարտակ) արքունի, եւ եկեալ պաշտեն համարձակ զհաւատս իւրեանք եւ ի տաճկաց ոչ ոք ասէ ինչ» [34] ։ Եվ որպեսզի իր ասածին հավատա ընթերցողը, ավելացնում է․ « Իսկ մեք գնացաք ի Ղազուին քաղաք․․․ սակս վանից գործոյ։ Եւ վասն Փարպեցի տաճկաց առաք նոմոս ի Շահ-Սուլէյմանէն՝ Ե(5) արանց․ եւ ահա կան քրիստոսական հաւատով․․․» [35] ։

Շահ Աբբասի մասին այս հեքիաթ-զրույցը մի պահ հիշեցնում է Եղիշեի մոտ Հազկերտի եւ հազարապետ Դենշապուհի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը իրենց գլխավոր մոգպետներից մեկի քրիստոնեություն ընդունելու կապակցությամբ։

Առաքել Դավրիժեցուց գիտենք, որ Պարսկաստան քշված հայերի մի մասն իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար հարկադրված հավատափոխ էր եղել։ Շահ Աբբասը ոչ բոլոր հայերի հավատի նկատմամբ էր հանդուրժողական քաղաքականություն վարել, այլ միայն հայ առեւտրավաշխառուական կապիտալի եւ հոգեւոր վերնախավերի նկատմամբ՝ ելնելով Պարսկաստանի շահերից, այդ մասին Դավրիժեցու «Պատմության» առնչությամբ հանգամանորեն խոսվել է, այստեղ կրկրնելու անհրաժեշտություն չկա։ Հավատափոխության պրոցեսը, երեւում է, գաղթականության մեջ հետագայում ավելի ու ավելի է խորացել։ Զաքարիան ասում է, որ ինքը միջնորդել է միայն Փարպի գյուղից հինգ դավանափոխ եղածների մասին։ Շահ Սուլեյմանի տիրապետության շրջանում քրիստոնյաների բռնի հավատափոխությունը ոչ միայն խիստ սահմանափակվել էր, այլեւ հանցանք չէր համարվում, եթե ուրացողը նորից իր հավատին էր անցնում, միայն թե հարկը վճարեր պետությանը։

Սակայն Զաքարիայի բերած այս զրույցը, թերեւս վկայում է այն մասին, որ հայ գաղթականության ստորին խավերի մարդկանց մեջ, որոնք հավատափոխ էին եղել, մտավախություն է տիրել եւ նրանք միջնորդների կարիք են ունեցել։ Ահա այդ մտավախությունը փոխելու ցրելու նպատակով է, որ Զաքարիան բերել է այդ զրույցը, ցույց տալու համար, որ իբր դավանանքի ազատությունը, նորից իրենց դավանանքը պաշտելու իրավունք տվել է ոչ այլ ոք, քան շահ Աբբասը, ուստի բոլոր հայերը, որոնք ժամանակին հարկադրված հավատուրաց են եղել, կարող են եւ պետք է վարեդառնան իրենց կրոնին։ Ահա հոգեւորական պատմագրի նպատակը։

Պատմագրի այդ նպատակին է ծառայում նաեւ հայ Գյոզալ անունով կնոջ մասին բերված հեքիաթ-զրույցը։ Բռնագաղթի ժամանակ Աստապատ գյուղից քշված եւ Սպահանում բնակության հաստատածների թվում է եղել եւ այդ գեղեցիկ արտաքինով կինը, որին Սպահունում շահ Աբբասը տեսել, հրապուրվել էր ու երկար ժամանակ պահել իր մոտ․ «Բայց ոչ երկմտեցաւ  ի հաւատոյն (Գյոզալը Լ․Բ․), եւ ոչ Շահն ասաց ինչ վասն հաւատոյն եւ կայը նա այնպէս ի հաւատս քրիստոնէության» [36] ։ Ավելին, իբր հետագայում շահը նրան տալիս է ազատության գիր․ «Ես Շահ-Աբբաս ետու գիր ազատութեան Գօզալ անուն կնոջ․ զի ուր եւ իցէ՝ պաշտեսցէ զհաւատն քրիստոնէից․ եւ մի ոք լիցի հակառակ դմա վասն հաւատոյն․ զի դա քրիստոնեայ է» [37] ։

Որոշակի նպատակ է հետապնդել Զաքարիան նաեւ բերելով ոմն հովիվ Աթայի մասին զրույցը։ Այստեղ էլ շահ Աբբասը մանրավաճառի դերում Միափոր գյուղում այցելում է մի տուն, ուր տանտիրուհին նստած գուլպա գործելիս է եղել, հինգ տարեկան աղջիկն էլ մոտը նստած։ Տեսնելով մանրավաճառին, կինը հարցնում է, թե ուլունքներ ունի թե ոչ, վերջինս պատասխանում է, որ ունի եւ նրա առաջն է դնում իր արկղը․ կնոջ հարցին, թե որքան արժե ուլունքները, հետեւում է պատասխանը՝ որքան որ վճարես՝ այնքան է։ Սուտ վաճառականը ուտելիք է ուզում ուլունքի արժեքի դիմաց։ Կինն ասում է․ «Մի՜թե հաց տամք մարդոյ՝ եւ գին առնումք եւ լինիմք վարձավաճառ» [38] ։ Այնուհետեւ երկար զրուցում են, շահը բազում հարցեր է տալիս, ապա իմանում է, որ կնոջ ամուսինը հովիվ է, անունն է Աթա։ Շահը կնոջը ապարանջան է նվիրում, երեխային ուլունքներ ու հեռանում է։ Դրանից հետո հրաման է արձակում ամբողջ երկրով մեկ․ «Եւ առաքեաց երկիրն ահարկու, թէ՝ ով ոք ի Պարսից ազգէ բռնութեամբ ինչ առնու ի ռամկաց, զգլուխն հատանեմ․ այլ զոր ինչ առցեն, տացեն զգինն, քանզի, - ավելացնում է Զաքարիան, - գանգատեալ էր կինն» [39] ։

Պատմագրի ապրած օրերում պարսիկների կողմից ռամիկների ունեցվածքի ապորինի հափշտակումները բավական տարածված են եղել եւ Զաքարիան անհրաժեշտ է համարել այց զրույցն իր «Պատմության» մեջ բերել, որպեսզի ցույց տա, որ իբր ռամիկներին կողոպտելն արգելել է ոչ այլ ոք, եթե ոչ շահ Աբբասը եւ ժամանակակիցներն ու գալիք սերունդները պետք է որ այդ լավ իմանան։

Արդ, ինչով կարելի է բացատրել Զաքարիայի կողմից իր «Պատմության»  մեջ շահ Աբբասի մասին եղած ցրույցներին այդքան զգալի տեղ հատկացնելը եւ պատմության առջեւ մեղանչելը։ Նա շահ Աբբասի ռազմաքաղաքական գործունեության մասին գրեթե չի գրում, եթե չհաշվենք մի քանի ակնարկները՝ սկզբնական շրջանում նրա նվաճումների եւ հայերի բռնագաղթի մասին, այլ ընթերցողին հղում է այդ բոլորի մասին կարդալ Դավրիժեցու «Պատմությունը», իսկ ինքը մեծ հաճույքով ու մանրամասնություններով պատմում է այդ հեքիաթ-զրույցները, որոնք բոլորն էլ կապված են հասարակ մարդկանց հետ, կենցաղային բնույթ ունեն, սակայն կենսական, ժողովրդին հուզող հարցեր են շոշափում՝ դավանանքի ազատություն, ապաշխարհության իրավունքի ձեռք բերում, ռամիկների ունեցվածքի հափշտակումների արգելում եւ այլն։

Զաքարիայի կողմից պարսիկ պաշտոնեության ներկայացուցիչների դրական բնութագրումներն, սակայն, շատ քիչ են եւ նա ցույց է տալիս, որ նրանց բարեգործությունները պատահական բնույթ են կրել, ժողովուրդը գտնվել է ծանր ու անտանելի վիճակում։

Այս իմաստով չի կարելի համաձայնվել Առաքել Առաքելյանի հետեւյալ եզրակացության հետ, որ իբր «Զաքարիան պարսկական ժողովուրդի եւ պարսիկ ղեկավարների նկատմամբ բացասական վերաբերմունք չունի, նա կրոնական մոլեռանդությամբ կուրացած, կրքոտ ատելություն չի դրսեւորում պարսիկների նկատմամբ, ինչպես նրա նախորդ կամ ժամանակակից մի շարք գրողներ»։ Առաքելյանը, սակայն միաժամանկ նկատում է, թե «ընդհակառակն, աշխատության մեջ ընթերցողը կարող հանդիպել շատ դեմքերի ու դեպքերի, որոնք հաստատում են միանգամայն հակառակը» [40] ։ Եթե այդ այդպես է, ապա էլ ուր մնաց բացասական վերաբերմունք չցուցաբերելը։

Այդ բանի վառ ապացույցն է հենց Զաքարիա Քանաքեռցու ամբողջ երկը եւ հատկապես ստորեւ բերվող նրա վկայությունները։

Նա գրում է, թե Խոսրով խանից հետո Երեւանի խան նշանակված Մահմադ-կուլի խանը գոռոզ էր, ինքնահավան եւ ագահ, «Վասնորոյ եւ քայքայեաց զամենայն ուղղութիւնս՝ զոր եկեալ էր Խոսրով խանն։ Վասնզի ծանրացոյց զհարկն, եւ հաստատեաց զմաքսն ճանապարհաց, եւ զոր ինչ վաճառիւր ծանրագնի թէ ցորեան եւ թէ այլ ինչ։ Այլ եւ յամենայն ամի առաքէր քննիչս արտորէից գրել, եւ զհնգորդն ամ յամէ յաւելուին։ Նոյնպէս զթուողս խաշանց, զչափօղս այգեաց, եւ զգլխագիրս, եւ այսպէս ի ներքոյ հարկի եդ զամենայն, եւ զոր ինչ Խոսրովն թեթեւացուցեալ էր, սա ծանրացոյց եւ մեծագին արար։ Եւ եղեւ թշնամի եւ հակառակ ազգիս մեջ» [41] ։

Զաքարիան, ատելությամբ է խոսում թուլամորթ, ագահ վատնող շահերի ու խաների մասին։

Այսպես շահ Իսմայիլին հաջորդած շահ Խուդաբանտի մասին ասում է, որ նա անարի եւ անփույթ էր պատերազմներում, սրա ժամանակ օսմանցիները գրավել էին Երեւանը, Գանձակը, Թավրիզը, Շամախին եւ այլ վայրեր։ «Եւ վասն անարի լինելոյ նորա՝ գովիչք Պարսից ասացին նմա երգ արհամարհանաց․ եւ ի մէջ երգոյն ասացին, քակեցիր զԹաւրէզ, եւ աղբեցիր ի Մարանդ։ Նաեւ առասպելս յոդեցին ասյպէս․ թէ անէին, թագաւոր այս ինչ քաղաք առին Օսմանցիք, եւ դու զի՜ կաս նստեալ։ Իսկ նա սաստէր նոցա ասելով, լուռ լերուք, զի հարսանիս են կատուաց եւ ինքն զարդարէր զկատուսն՝ դիպակ հանդերձիւ, եւ կանխէր զանգակ ի պարանոցէ կատուացն, եւ հրամայէր փողս հնչել․ եւ ինքն ծափս հարկանէր եւ խնդայր»։ Զաքարիան ավելացնում է․ «Զայս առասպելեցին վասն տկար եւ անարի գոլոյն, որ նշանակէ թէ՝ որպէս կատու ի տուն բնակի, եւ ոչ ելանէ արտաքս, նոյնպէս եւ սա որպէս կատու անկեալ էր ի տան, ոչ ունէր փոյթ վասն աշխարհին» [42] ։

Երեւանի Սաֆի-կուլի խանի մասին պատմագիրը ասում է․ «Սա եկեալ նստաւ յԵրեւան, եւ սկսաւ նորաբոյս չարիս գործել․․․ Եհան հրաման թէ յաւուր անձրեւ քրիստոնեայք արտաքս մի ելցեն ի տանց, զի հոտ գարշ ելանէ ի նոցանէ, եւ զտաճիկսն ապականէ» [43] ։ Հրաման է տվել, որ առանց իր թույլտվության չթաղեն մեռած մեծամեծների եւ օտարականների՝ լինեն քրիստոնյա, թէ պարսիկ։ «Այլ եւ բազմացան աւազակք ի ճանապարհի, եւ գողք ի շէնս, վասն այս պատճառի ո՛չ ոք կարէր գնալ ի ճանապարհ, զի կողոպտէին․․․ եւ այսպէս կայր երկիրս ամենայն ի մէջ բազում տառապանոց» [44], ընդգծում է Զաքարիան։ Այնուհետեւ գրում է, որ չտանելով այդ բոլորը, պարսիկները՝ քաղաքի ստորին պաշտոնյաները, որոնք իրենց անվանել են «գարափաչա», Ֆաթալի բեկի գլխավորությամբ հավաքվել են, խորհուրդ են արել, որոշել են նրան հեռացնելու համար դիմել շահին, նրան տնային կալանքի են ենթարկել։ Անձրեւ օրերին քրիստոնյաներին տներից դուրս գալն արգելելը շեշտելով, գրել են․ «Մեք ահա դրացի եմք քրիստոնէից եւ խառն ի խուռն կամք ընդ նոսա․ առեւտուր ի միասին լինի, եւ շահս բազումս ունիմք ի նոցանէ, եւ սա կամի զրկել զմեզ ի շահից մերոց․․․ Հարկս կամի առնուլ ի մեռելոց» [45] ։

Պատմագրի այս վկայությունը ցույց է տալիս, որ նման խաներից դժգոհ են եղել ոչ միայն հայերն ու այլ հպատակները, այլեւ պարսիկները։

Այս դավադրության մասին վկայում է նաեւ Զաքարիա Ագուլեցին իր «Օրագրության» մեջ [46] ։

Զաքարիա Քանաքեռցին զայրույրթով գրում է, թե ամն Մուրթուզակուլի խան, որ նշանակվել էր Երեւանի խանի տեղապահ եւ մեծ հույսեր ուներ մնալ այնտեղ, դառնալ խան, եւ դրա համար շատ կաշառքներ էր ուղարկել արքունիքի մեծամեծներին, սակայն երբ համոզվել էր, որ իր հույսերը չի իրականացվելու, «կամեցաւ հնարիւք իմն կողոպտել զերկիրն»։ Արգելել է գինու վաճառքը, կնքել է տվել բոլոր կարասները, իսկ լեռանյին գավառներում, ուր գինի երբեք չի եղել, կնքել են մածնի եւ թանի պտուկները եւ միայն մեծ կաշառք ստանալուց հետո իր հրամանը փոխել է [47] ։

Ցասումով է խոսում Զաքարիան նաեւ Երեւանի մի այլ խանի՝ Ֆարզալիի մասին։ Նա էր «այր ագահ եւ ռիշտ, կողոպտող եւ գերփոխ, եւ կաշառօղ, անիրաւ ի դատաստանի, եւ կաշառօք թիւրէր զդատաստանն․ յորժամ ոք գանգատէր յումեքէ, առանց քննութեան առնոյր տուգանս, որք մի փողոյ տեղիք էին, նա Ի (20) փող առնոյր, այսպէս իմա զամենայն։ Բազմացան եւ գողք ի շէնս եւ աւազակք ի ճանապարհս եւ յանդաստանս։ Քանզի աւազակք համարձակ մտանէին ի փարախս խաշանց, եւ քշեալ, տանէին, եւ գողք մտանէին ի գոմս, եւ զանասունս հանեալ տանէին աներկիւղ։ Եւ թէ ըմբռնէին զգողսն՝ եւ տանէին առ իշխանն, եւ նա առնոյր տուգանս եւ արձակէր առանց պատժոց, եւ նոքա գնային, եւ դարձեալ առնէին գողութիւն։ Եւ էր տագնապ մեծ յաշխարհին Արարատեան» [48] ։

Պատմագիրն ատելությամբ է գրում նաեւ Երեւանի՝ ծագումով լեզգի Սաֆի խանի մասին, որը հանդգնել էր Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին բանդարկել։ Այդ խանը կաթողիկոսից պահանջել էր իրեն տալ Էջմիածնի լիճն ու այգին, բայց մերժում էր ստացել․ զայրացել էր եւ որոշել վրեժխնդիր լինել։ Կաթողիկոսին արգելել է գնալ Սպահան, ներկայանալ շահին։ Կաթողիկոսը նրան չի լսել, մեկնել է։ Խանն իմանալով նրա գնալու մասին անմիջապես զինվորներ է ուղարկել, որոնք եւ Աստապատից բռնությամբ ետ են վերադարձրել կաթողիկոսին Երեւան, ուր խանը նրան կալանքի տակ է առել։ Զաքարիան գրում է, որ Ջուղայեցու Սպահան գնալու շարժառիթներից մեկն էլ կաթողիկոսարանի պարտքերը մարելու խնդիրն էլ եղել։ Խանը նրան ասել էր, որ տեղի վաճառականներից գումար վերցնի, վճարի պարտքերը, սակայն կաթողիկոսը չէր համաձայնվել՝ պատճառաբանելով, որ հետո նա իվիճակի չի լինի այդ գումարը վերադարձնել նրանց։

Կաթողիկոսին կալանավորելուց հետո, խանը «ժողովեաց զամենայն փարթամ եւ մեծատուն մարդիկ, եւ էառ ի նոցանէ ՌՅ Թուման դրամ, եւ պատճառ եդ՝ թէ աթոռին պարտն տամք, եւ յետոյ ձեզ հատուսցեն Էջմիածնի նստօղքն։ Եւ պատրեաց զամենեսեան եւ ինքն լափեաց, եւ ոչ ետ նմա փող մի» [49] ։ Զաքարիան գոհունակությամբ գրում է, որ Ջուղայեցուն, սակայն հաջողվել է փախչել Երեւանից, գնալ Պոլիս, այնտեղից էլ՝ Սպահան, ներկայանալ շահին, պատմել նրան Սաֆի խանի վարքագծի մասին։

Զաքարիա Քանաքեռցին պակաս ատելությամբ չի խոսում եւ ժողովրդին կեղեքող, գռփող, կաշառակեր հայ իշխանավորների մասին։ Գեղարքունիքի Ծմակ գավառի գավառապետի ոմն Մելիք Փարսադանի մասին գրում է․ «էր կարի ագահ եւ յափշտակող, հպարտ եւ գոռոզ։ Եւ Երէցն Մխիթար խրատէր զնա, զի ի բաց կացցէ յայնմ անիրաւ գործոյն՝ եւ մի կեղեքել եւ զրկել զռամիկան։ Իսկ Մելիքն Փարսադան փոխանակ զղջանալոյն եւ դառնալոյն ի չար գործոյն՝ յաւել եւս ատել զպատուական երէցն» [50] ։

*   *   *

   Զաքարիա պատմագիրն արժեքավոր տեղեկություններ է հայտնում շահ Աբբասի կողմից իրականացված մեծ բռնագաղթի՝ Հայաստանին պատճառած հետեւանքների մասին եւ դրանով լրացնում է Առաքել Դավրիժեցուն եւ հնարավորություն է տալիս մեզ ավելի շատ բան իմանալու այդ հետեւանքների մասին։ Նախ նա թվարկում է այն վայրերը, որտեղից գաղթեցրել են հայերին եւ բնակեցրել են նրանց։ Նա գրում է․ «Վասնորոյ մեք կարեւոր համարեցաք շարադրել աստէն, զինչ երկիր որ աւերեաց, որք են այսոքիկ յանունէ յետ եւ թէ առաջ, եւ դու ի միտ առ սկսեալ ի կողմանցն Նախիջեւանոյ՝ զԵղեգաձոր, զԳեղամ, զԼօռի, զՀամզաչիման, զՆիգ, զՇարապխանոյ (Շապին-Գարաքար), զՇիրակ, զԶարիշտ, եւ զգեղորայսն Կարուց, եւ զձորն Կաղզուանայ, զԱլաշկերտ, զՄակու, զԱղբակ, զՍալամաստ, զԽոյ, զՈրմի, եւ զկողմն Թաւրիզու, զդաշտն Արարատու, զԵրեւան քաղաք, զԿոտէս գաւառ, զԾաղկնուձոր, զԳառնուձոր, զՈւրնաձոր, եւ որ զգաւառն Կարնոյ եւ զԲասենոյ՝ զԽնուս, եւ զՄանազկերտ, զԱրծկէ, զԱրճեշ, զԲերկրի, եւ զամենայն գաւառս Վանայ, եւ այլ ամենայն տեղիս գերեաց եւ աւերեաց, այրեաց եւ հրդեհեաց զամենայն բնակութիւնսն, զի մի մնասցէ մի շէն․․․ յայս տեղւոջեն՝ զորս բնակեցոյց․ Արտաւիլ, Ահար, Ապահր, Ղազուին, Համատան, Շիրազ, Գուլփէքան, Քրման, Ասպահան, Խունսար, Սիլախօռ, Փարիա, Փուավարի, Գէնտուման, Լնճան, Ալինճան, Խոյիկան, Շխչաբան, եւ այլ գաւառսն Պարսից․․․ եւ առաջ քան զոսա՝ երկիրն Կախեթու եւ Քարթլայ եւս քշեալ տարաւ ի ֆահրապատ, եւ յԱշրափ, ի Քուշան։ Եւ այսպէս բնակեցոյց զնոսա յաշխարհն Րաղա (Իրաղայ) [51]:

Պատմագիրը ցավով հաղորդում է նաեւ․ «Մնաց երկիրն Արարատեան ամայի եւ անմարդաբնակ։ Վասնորոյ գազանք բազմացան յաշխարհիս, եւ կաղաղ առեալ ի գիւղս եւ ի տունս բնակէին, եւ որջս արարեալ ծնանէին ձագս։ Եւ էին գազանքն՝ ինձ, արջ բորենի, գայլ, աղուէս, կուզ, ոզնի եւ այլ ասպիսիք՝ մեծամեծք եւ մանունք, եւ ո՛չ գոյր մարդ՝ որ հալածէր զնոսա, եւ նոքա համարձակ եւ աներկիւղ կային եւ շրջէին։ Իսկ գայլք առաւել համարձակեցան քան զայլ գազանսն։ Քանզի մարդիկք՝ որք մնացեալք էին, ծերք եւ պառաւք, եւ տկարք, որք ոչ կարացին գնալ ընդ բանակս, մնացին աստէն, գային գայլքն՝ պատառէին զնոսա եւ լափէին, եւ զանկարսն ուտելով՝ սովորեցան՝ եւ զառողջսն եւս ուտէին, եթէ պատահէին, վասնորոյ անուանեցան Մարդագայլ։ Եւ մեք կարեւոր համարեցաք գրել սակաւուք զվնաս նոցա» [52] ։ Այնուհետեւ բերում է գայլերի հարձակման եւ մարդկանց հոշոտելու մի քանի փաստեր։

*  *  *

Զաքարիա Քանաքեռցու Պատմության առաջին հատորի 29-րդ գլուխն իր պարունակած նյութով բացառիկ արժեք է ներկայացնում 1606-1620 թթ․ Արցախի լեռնային շրջաններում տարածված գյուղացիական շարժման պատմության ուսումնասիրման համար։ Քանաքեռցու հաղորդած տեղեկությունները պարզ պատկերացում են տալիս այդ շարժման գաղափարախոսության եւ ընթացքի, նրա մեջ ընդգրկված սոցիալական եւ էթնիկական տարբեր շերտերի մասին [53] ։ Շարժումը, ըստ Զաքարիայի, գլխավորել է Մեխլու անունով մի ուտիացի սարկավագ։ Սարկավագի աստիճան նա ստացել է Գանձասարի վանքում Աղվանքի Հովհաննես կաթողիկոսի կողմից [54] ։

Ինչպես Կիրակոս Գանձակեցին անզուսպ ատելությամբ է գրել Դավիթ Ծարեցու ու նրա գլխավորած սոցիալական շարժման մասին, է՜լ ավելի մեծ ցասումով ու վարկաբեկիչ ձեւով է ներկայացրել Զաքարիա Քանաքեռցին Մեխլուին ու նրա գլխավորած շարժումը։

Ըստ Զաքարիայի, Մեխլուն Նեռի կարապետն է, որ երեւացել է իրենց հայտնելու Նեռի գալստյան մասին, նա «էր ճարտար ի լրբութիւնս եւ ի խօսս անզգամս եւ անպատշաճս»։ Վանքերի պետքերի համար կաթողիկոսը նրան ուղարկել է գավառները․ «Իսկ նա գնացեալ ձեւացոյս զինքն վարդապետ, եւ քարոզէր թիւր եւ անուղիղ հայհոյանս եւ չարաբանութիւնս։

Եւ լցոյց զերկիրն ամենայն խաբէութեամբ եւ պատիր բանիւք», - գրում է Զաքարիան։

Իրողությունը սակայն այն էր, որ Մեխլուն համայնքների սեփականություն էր հռչակում վանքապատկան գյուղերի հողերը, մերկացնում ձրիակեր վանականների ընչամոլությունն ու զեխ կյանքը, քարոզում էր գույքերի հավասարություն «քրձազգյան եւ խարազանազգեստ» վանականություն [55] ։

Մեխլուի քարոզները խիստ անհանգստացրել էին հոգեւոր ու աշխարիկ տերերին եւ ընդհակառակը, համակրանք գտել վանական հողերը մշակող գյուղացիների մոտ։ Ավելին, ստորեւ կտեսնենք, որ Քանաքեռցին վկայում է նաեւ, որ շարժմանը հարել են «տգէտք երիցունք, եւ փարթամ մեծազգի մարդիկք»։ Կաթողիկոսն իմանում է նրա «պատիր բանիւք»-ի մասին, կանչում է Գանձասար եւ կարգալույծ անում նրան ու ստիպում «որպէս անուսումն Մուղտեսի» ծառայել միաբաններին։ Մեխլուի արտաքինի նկարագրության մեջ անգամ Զաքարիան դրսեւորել է իր թշնամանքն ու ատելությունը նրա նկատմամբ։ Նա ասում է, թե Մեխլուն կաթողիկոսից խնդրել է մորուքն ու մազերը խուզել, քանի որ կարգալույծ է արվել, կաթողիկոսը կշտամբել է նրան․ «բաւական է քեզ գարշութիւն երեսաց քոց՝ ամօթ քեզ», եւ պատմագիրն անմիջապես վրա է բերում. «Քանզի էր տեսլեամբն դժնեայ, խաժակն եւ խոր երկայնաքիթ եւ սուր, ծակծակերես եւ պեպենոտ, շեկագոյն եւ պակասամօրուս, մեծատամն եւ նոսր, կարճահասակ եւ սրագլուխ, լի ամենայն աղտեղութեամբ, եւ արագախօս եւ ճարտարալեզու, փոյթ ի բամբասանս, եւ արագ ի չարութիւնս։ Եւ վասն այսքան աղտեղի կերպարանացս՝ ծիծաղէին զնա տեսանօղքն, եւ այպն առնէին» [56] ։ Մեխլուն գաղտնի հեռացել է վանքից, գնացել Գանձակ, միրուքն ու մազերը խուզել, հետո ներկայացել է ոմն Դավութ խանի եւ իբր ասել․ թե «քարոզեցի զՄահմէտ ճշմարիտ մարգարէ գոլ, յայսմ պատճառէ այսպէս խայտառակ արար զիս կաթուղիկոսն եւ էառ զկարգն իմ» [57] ։ Սա Քանաքեռցու կողմից զրպարտանք է Մեխլուի հասցեին։ Խանը բարկացել է կաթողիկոսի վրա, կանչել է իր մոտ, մեծ տուգանք վերցրել նրանից ու ստիպել վերականգնել Մեխլուի իրավունքները եւ թույլ տալ շարունակելու նրան իր քարոզը։ Կաթողիկոսը խանի ահից կատարել է պահանջվածը։ Զաքարիան շարունակում է․ « եւ ելեալ քարոզէր զարտուղի։ Եւ եղեւ թշնամի աբեղայից․ եւ ուր տեսանէր աբեղայ, մերկացուցանէր, եւ բրածեծ առնէր: Եւ ասէր ցժողովուրդն, ո՛վ ոք աբեղայի տայ ինչ, ինքն ի ղժողքն իջանէ: Քանզի ո՛չ է արժանի աբեղայն առնել պատարագ, վասնզի շնացողք են եւ պիղծ: Այլ երիցուն արժան է առնել պատարագ, զի սուրբ ամուսնաւ կայ. եւ այլ այսպիսի խաբեբայ բանիւ պատրեաց զաշխարհն Աղուանից: Եւ եկեալ յարեցան ի նա մարդիկ աւելի քան զՇ. եւ ոչ միայն գռեհիկ աշխարհականք եւ ռամիկք, այլեւ տգէտք երիցունք, փարթամ եւ մեծազգի մարդիկք» [58]:

Պատմագիրն ասում է, թե Մեխլուն իր հարյուրավոր համախոհներից ընտրել է 12 «Թոփուզավորներ» որոնք մահակներով կամ լախտերով զինված, կատարում էին նրա հրամանները՝ ծեծում էին վանքերի հաշվին հղփացած աբեղաներին, կալանավորում նրանց, ուրիշներից՝ կեղծավորելով, ոչինչ չէր վերցնում, այլ ամեն ինչ ստանում էր այդ 12 հոգու միջոցով եւ բաժանում 500 մարդկանց միջեւ ու ասում. «Քրիստոսի աշակերտացն չէ պիտոյ ստանալ ոսկի կամ արծաթ, եւ կամ զգենուլ հանդերձս ազնիւս, այլ մազ եւ շալ պիտոյ է նոցա զգենուլ» [59]: Շքեղազգեստ աբեղաներից տարբերվելու համար նա կրել է երկու մեխով ամրացած այծի մազից հյուսված փալաս: Մուսուլմանական որոշ աղանդապետերի պես Մեխլուն եւս հանդես է եկել քողարկված դեմքով, շուռ տված վեղարով ծածկել է երեսը, իբր թե իրեն արժանի չհամարելով նայելու երկնքին [60]: Աշ. Հովհաննիսյանը նկատում է, որ որոշ կողմերով Մեխլուի շարժման մեջ կարելի է տեսնել պավլիկյան եւ թոնդրակյան կամ Առաջավոր եւ Միջին Ասիայում տարածված աղանդների հեռավոր արձագանքները, որ Մեխլուի քարոզների մեջ խաչաձեւում էին քրիստոնեական եւ մուսուլմանական աղանդների հայացքները [61]: Դրա համար էլ Զաքարիան ասում է՝ պարսիկները նրան  Մեխլու բաբա անունն են տվել, իսկ հայերը՝ Մեխլու վարդապետ [62]:

Աղվանից կաթողիկոսի եւ հոգեւորականության պահանջով Մեխլուն իր համախոհներով հեռացվել է Գանձակի բեկլարբեկության սահմաններից: Նա Գեղարքունիքի վրայով եկել է կոտայք եւ ապա Երեւան: Այստեղ նույնպես հաջողություն է ունեցել հայ եւ այլազգի գյուղացիների մեջ: Մինչեւ իսկ Քանաքեռի տնարգել աղջիկներն էին ենթարկվել նրա խոսքերի «բժժանքին» եւ իրենց երեսները քսել նրա հանդերձանքի փեշերին [63]: Ավելին, Զաքարիան ստիպված խոստովանում է թե Երեւանից նրան հեռանալուց հետո «տգէտ ռամիկքն Քանաքեռոյ՝ յորժամ լուան զգալուստ նորա, գրոհ տուեալ ելին ընդ առաջ նորա… Եւ բազում ողջագուրելով ընդունէին զնա [64]:

Քանաքեռցի մի պառավ կնոջ հորթն էլ բռնությամբ վերցրել են ու մատաղ արել Մեխլուի համար [65]: Գնալով աճել էր Մեխլուի հետեւորդների թիվը, եւ նրա քարոզները սպառնալից էին դառել պորտաբույծ սեւագլուխների համար: Զաքարիան վկայում է, որ «տգետ քանաքեռցիները» նրան տարել են եկեղեցի «եւ ի չբաւել տեղոյն, ելեալ նստաւ ի վերայ սեղանին (Մեխլուն- Լ. Բ. ) եւ զոտսն կախեալ ի վայր՝ եւ ղօղանջէր դէպ յաբեղայսն՝ եւ ասէր, ո՛վ ոք՝ որ սպանանէ աբեղայ մի, այլ ո՛չ գոյ հարցումն մեղաց նորա, այլ երթայ յարքայութիւնն Աստուծոյ» [66]:

Այնուհետեւ գրում է, թե Մեխլուն վկայություններ էր բերում ինչ որ «ժողովածուից», որի հիման վրա վատաբանում էր վանականներին եւ հավաստիացնում, թե սեւագլուխներին սպանողներն արժանանալու են արքայության:

Մեխլուն, երբ իր հետեւորդների հոծ բազմությամբ մտել է Երեւան, Ամիրգունա խանը նրան հարցրել է, թե այդ բազմությամբ պատրաստվել ես պատերազմի՞ գնալ, Մեխլուն պատասխանել է. «ո՛չ ուրեք գնամ, այլ զի ես քարոզեմ զճշմարտութիւն, վասնայնորիկ շրջին դոքա ընդ իս» [67]: Պատմագիրն այնուհետեւ հայտնում է, որ նրան հեռացրել են քաղաքից: Քանաքեռից է՛լ Ավետիս կաթողիկոսն ու խանի զինվորները Մեխլուին քշել են եւ նա գնացել է Էրզրում, ուր կեղացի Պողոս վարդապետը, որին մինչ այդ Էջմիածնից հայտնել էին նրա ով լինելու մասին, բռնել է նրան, վերցրել է վեղարն ու փիլոնը, եւ որովհետեւ Մեխլուն ասել էր, թե գնալու է Երուսաղեմ, Պողոս վարդապետը Երուսաղեմ գնացող ուխտավորներին պատվիրել էր նրան իրենց հետ չտանել: «Եւ նա, - վերջացնում է իր խոսքը Զաքարիան, - այնպէս կերեաւ եւ բարձաւ ի միջոյ՝ ընկալեալ զյաիւիտենական կորուստն» [68]:

Գր. Դարանաղցու կապակցությամբ ասվել է, որ նրա վկայությամբ Մեխլուի քարոզներն արձագանք են գտել նաեւ Նոր Ջուղայի բնակչության մեջ:

 

* * *

Զաքարիա Քանաքեռցին էլ Դավրիժեցու նման, հիացմունքով է գրում հայ եկեղեցու վերանորոգիչներ Մովսես եւ Փիլիպպոս կաթողիկոսների ու նրանց հետեւորդների մասին: Մովսեսը նրա համար երկրորդ Լուսավորիչն է: Միաժամանակ անհուն ատելությամբ է արտահայտվում երեւանցի Օնոփրիոս վարդապետի մասին [69], որն ուսումնառությունը ստացել է Էջմիածնում, աբեղայի աստիճան ձեռք բերելուց հետո ուղարկվել է Սեւանի անապատը որպես առաջնորդ, հետո վերադարձել է Էջմիածին, եղել է կաթողիկոսի տեղակալը, հետո գնացել է Տիգրանակերտ իբրեւ նվիրակ: «Իսկ նա այնուհետեւ յանտեաց զչարութիւոնն իւր ըստ գրեցելոյն, անհնար է օձի թողուլ  զթոյնն, եւ Եթովպացւոց՝ զթխպութիւնն, եւ կարճի՝ զխայթոցն: Ըստ նոյն սարասի ունէր եւ սա մթերեալ զչարութիւնն ի սրտի իւրում, եւ ժայթքեաց ի գարշ սրտէ իւրոյ զպիղծ մաղձիւր: Եւ առեալ թուղթ բազում եւ կցեաց ընդ իրեար, եւ գրեաց առ սուրբ Աթոռն Էջմիածին, եւ առ կաթողիկոսն Յակոբ, եւ առ միաբանք Աթոռոյն՝ եւ առ ամենայն վանորայս՝ եւ առ առաջնորդս նոցա՝ բազում հայհոյանս, եւ զխօսս անարգս, բարբանջմունս եւ ղօղանջումն սուտ եւ զուր, վայրապար Հաչմունս արպէս շուն կատաղեալ ընտ Տեառն իւրոյ» [70]:

Սակայն Զաքարիան չի ասում, թե նա ինչ է գրել, բավարարվում է նշելով, թե «Եթե զչարութիւն սորա զամենայն պատմեմք, բազում են, եւ լսողքն գայթակղին, եւ մեք ժ-նէն զմինն գրեմք համառօտ» [71]:

Զաքարիան հաստատում է Դավրիժեցու այն վկայությունը, որ թուրքական եւ պարսկական արքունիքներն ու բարձրաստիճան պաշտոնեությունը հայոց եկեղեցին դիտել են իբրեւ իրենց եկամտի աղբյուր: Նա գրում է, որ մի վեզիր սուլթանին ասել է, «Բ գլխաւոր տեղի աղօթից գոյ հայոց, մինն ի քում իշխանութեան է , որ կոչի Երուսաղէմ… եւ յամենայն ամի գան ուխտ անդ ի կողմանցն Պարսից բազումք եւ անթիւք եւ տան մաքսս բազում ի ճանապարհին եւ Երուսաղէմի անթիտան դրամս, եւ յաւելու ի գանձ արքունի: Այլեւ յԳ ամին միանգամ առաքեն յԵրուսաղէմայ յերկիրն Պարսից՝ եւ ժողովեն զբազում ոսկի եւ արծաթ եւ զդիպակ հանդերձս, եւ բերեն յԵրուսաղէմ, եւ նա է օգուտ ազգի մերում: Իսկ ի մերս կողմանէ ոչ գնան բազումք յԷջմիածին. եւ քե գնան եւս, ոչ տան նոցա այնքան որ իւրեանց կերածն եւ ըմպածն վճարէ: Եւ նոքա եւս առաքին յԳ ամին միանգամ Նուիրակ ի մերս կողմ, բայց ոչ տան որպէս նոքա տան, այլ սակաւ, մեր ժ տունն՝ նոցա մի տանն չափ ոչ տան, եւ զայն եւս Եղիազարն կամի չտալ: Եւ զայս ծանուցանեն Շահին, եւ նա պնդապահս տայ առնել աշխարհին իւրոյ չգնալ յԵրուսաղէմ, եւ զնուիրակն եւս արգելուն, եւ այն պակասութիւն մեծ լինի թագաւորութեան մերում, նա թէ եւ խռովութիւն եւս անկանի ի մէջ Բ ուց թագաւորոյթեանց» [72]:

Քանաքեռցին այնուհետեւ գրում է, թե Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Թուրքիայից վերադառնալուց հետո, գնացել է Սպահան շահի մոտ, Երեւանցի Սաֆի կուլի խանից բողոքելու եւ իր կաթողիկոսության հրովարտակը ստանալու համար: Ասում է. «Նախ պատրաստեաց յիսուն ոսկին՝ որ սահմանեալ էր առաջին կաթողիկոսացն տալ Շահին վասն իւր ռաղամին» [73] (հրովարտակին): Ուրեմն, որպես կանոն, կաթողիկոսները այդ հրովարտակը ստանալու համար, պարտադիր կարգով, 50 ոսկի են տվել շահին, որը փոքր գումար չի կազմել այն ժամանակ: Կաթողիկոսն իր բողոքագրում գրել էր. «Ի բնէ ամենայն ազգ Հայոց՝ ուր եւ իցէ՝ թէ յաշխարհին Օսմանցւոց, թէ ի Ֆռանգաց, թէ Հնդկաց, թէ Մոսկովաց, եւ ուր եւ գտանի յազգէն հայոց, ամենեքեան հնազանդին Էջմիածնի՝ որ է ի ներքոյ տէրութեան քում. եւ ըստ օրինաց մերոց հարկս տան բնակչաց Էջմիածնին, եւ նոքա զարքունական հարկն տան: Եւ ի մերում ժամանակի յաշխարհին Օսմանցւոց բարձին զայն՝ եւ ոչ կամէին տալ. եւ թագաւորական հրամանաւ հատին զայն: Եւ մեք յուսացաք ի Շխ-Սաֆու օճախն, եւ գնացաք առ խոնթկարն բազում պարտօք եւ չարչարանօք, թագաւորի խաթիշարֆովն, եւ հազիւ կարացաք դարձուցանել առ ի ներքոյ տէրութեան քում» [74]:

* * *

Զաքարիա Քանաքեռցու «Պատմությունը» բացառիկ կարեւորություն է ներկայացնում Հայաստանի եւ հարեւան երկրների սոցիալ-տնտեսական  կյանքի ուսումնասիրության համար: Մեր պատմագիրների մեջ, Ղազար Փարպեցուց հետո, Զաքարիան առաջինն է, որ հիացմունքով գովում է Արարատյան երկիրը: «Արդարեւ, - գրում է նա, - բարելի է երկիրն Արարատեան՝ ծառովք եւ տնկովք պտղովք եւ սերմանեօք, ծաղկովք եւ բուսովք, լերամբք  եւ դաշտիւք, գետովք եւ աղբերօք, այգեստանեօք եւ բուրաստանօք, թռչնովք եւ չորքոտանեօք, էրէիւք եւ որսովք, եւ ամենայն բարութեամբ լի եւ առատ» [75]:

Մեր եւ ոչ մի պատմագիր այնքան մանրամասներով չի տվել հայ գյուղի կյանքն ու կենցաղը, նրանց վիճակը, ինչպես Զաքարիա Քանաքեռցին, հատկապես իր ծննդավայրի կյանքը: Ժողովրդական մեր այս պատմագրի գործող անձերի մեծագույն մասը շարքային, հասարակ մարդիկ են, հիմնականում գյուղացիներ: Միանգամայն ճիշտ է նշում

Մ. Դարբինյան-Մելիքյանը, որ ինչի մասին էլ որ Զաքարիան խոսում է, լինի դա պատերազմների կամ շահերի եւ նշանավոր մարդկանց, նահատակությունների կամ վիշապների ու դեւերի մասին, բոլոր դեպքերում ընթերցողի առաջ հանդես է գալիս հասարակ մարդն իր վերաբերմունքով՝ հանդեպ պարսկական պաշտոնեությունը, գյուղական իշխանությունները, եկեղեցին եւ իրեն հավասարներին [76]:

  Պատմագրի ուշադրության կենտրոնում ռամիկն է՝ անկախ ազգային պատկանելիության, իր ապրումներով ու հոգսերով եւ նա ցավով է նկարագրում այդ ռամիկի՝ ծանր վիճակը եւ, ինչպես վերեւում տեսանք, նա առիթ բաց չի թողնում անարգանքի սյունին գամել ու նրան կեղեքողներին, լինի նա օտար նվաճող, թե հայ իշխանավոր: Մի Մխիթար եպիսկոպոսի բերանով նա գավառապետ Մելիք Փարսադանից ու նրա նմաններից պահանջում է «մի կեղեքել եւ զրկել զռամիկսն»:

Զաքարիան արժեքավոր տեղեկություններ է հաղորդում գյուղական համայնքի ներքին կյանքի, տանուտերերի ընտրության կարգի, համայնքին հաշվետու լինելու նրանց պարտականության մասին:

Քանաքեռում մի ոմն Ամիրջան անունով հպարտ ու գոռոզ մարդ է եղել: Գյուղացիները նրա հպարտությունը սանձելու նպատակով, որոշել են նրան տանուտեր դարձնել Ոմն Մկրտիչ անունով ճարտար ու գրագետ մարդու էլ նոտար են նշանակել նրա մոտ, «զի զոր ինչ առեւտուր լիցի վասն գեղջն՝ ձեռամբ Մկրտչին եղիցի, եւ գրեսցէ զամենայն, զի մի ինչ կորիցէ ընդ վայր» [77]:

Նրանք երկուսով երեք տարի միասին համերաշխ աշխատել են: Մի անգամ գյուղի մեծամեծերը հավաքվել են ու խոսել իրենց հուզող հարցերի մասին: Նոտար Մկրտիչն էլ է մի բան ասել գյուղի օգտի մասին. տանուտերը զայրացել է նրա վրա՝ ասելով. «Քեզ ո՜ ետ հրաման խօսել ի հրապարակի» [78] ու հայհոյել է նրան: Մի քանի օր հետո մարդ է ուղսրկել, Մկրտիչից պահանջել է նրա գրառումները, վերջինս հրաժարվել է տալ թղթերը եւ ասել է. « Ես նորա հրամանաւն ոչ եմ գրեալ, այլ հրամանաւ աւագաց գեղջս» [79]: Դրանից հետո գյուղի ավագները հավաքվել են, տանուտերին կանչել հաշվետվություն տալու իր գործունեության մասին: Մինչ նրա խոսելը Մկրտիչը կարդացել է առեւտրի իր գրառումները. « զամենայն՝ զոր ինչ տուեալ էին ի ձեռն տանուտեառն՝ մինչ ձու մի՝ զոր գրեալ էր. եւ կուտեցին ի վերայ նորա Գ ամաց հարկն ՅԽ Թուման», հետո պահանջել են, որ նա հաշվետու լինի դրա համար. Տանուտերը զայրացել է, հայհոյել նրանց բոլորին. «Դուք զի՞նչ շուն իցէք՝ որ ես ձերով բանիւ համարս տայցեմ» [80], որ ինքը հաշվետվություն կտա միայն խանի ոստիկանի ներկայությամբ: Գյուղի ավագները Մկրտիչին ուղարկել են խանի մոտ, որին նա անձամբ ճանաչել է պարսկերեն իմանալու առնչությամբ, խանը լսել է Մկրտչին ու նրա հետ ուղարկել Գուլ-Նազար անունով մի ոստիկանի: Տանուտերը բացատրություններ է տվել ծախսած գումարների մասին, բայց չի կարողացել ասել, թե 60 թումանը ինչ է արել: Ոստիկանի հրամանով նրան գլխիվայր կախել են ու ծեծել, պահանջել այդ գումարը, բարեկամները աղաչել են գյուղացիներին՝ գոնե մի մասը զիջել, նրանք համաձայնվել են եւ 30 թումանը զիջել: Տանուտերը հուսալքված ասել է. չորս տղա եւ մի գեղեցիկ դուստր ունեմ, թող խանը նրանց վերցնի ու ինձ ազատի: Խանը չի համաձայնվել ու պատվիրել է 30 թումանը գանձել նրանից: Ավելի ուժեղ են ծեծել ու տանջել տանուտերին, բայց, ասում է Զաքարիան, այդ ժամանակ ուժեղ կարկուտ է տեղացե, բոլորը փախել են, տանուտերը մնացել է կախված, միայն որոշ ժամանակ անցնելուց  հետո մի կին նկատել է նրան, եկել կապանքները արձակել ու ստիպել, որ նա փախչի: Զաքարիան գրում է, թե նա գնացել է մինչեւ Աղստեֆ դրանով ազատվել տանջանքից [81]:

Պատմագիրը Գողթան գավառի Շոռոթ գյուղի (Քանաքեռցու մոտ՝ Շաղկերտ ) տանուտեր «անզգամ» Մալխասի մասին էլ է զայրույթով դրում: Գյուղացիները նրանից պահանջել են հաշվետվություն, նա խաբել է նրանց՝ թե երեք օրից հետո կտա, եւ ինքը գնացել է Նախիջեւանի խանի մոտ, խնդրել է նրան իր աղջկան նրա որդու համար կնության վերցնել ու իրեն ազատել գյուղացիների ձեռքից: Խանը սիրով համաձայնվել է ու գրել Շոռոթի գյուղացիներին. «ես առի զհամար դորա, եւ ինձ եհաս զամենայն. եւ դուք չունիք հրաման խոսել ընդ դմա» [82]: Զաքարիան դրանով ցույց է տալիս, թե նման մարդիկ համագյուղացիների հաշվեհարդարից ազատվելու համար ինչպես ստոր միջոցների են դիմել եւ ինչ ողբերգական հետեւանքներ է ունեցել այդ վաճառքը: Այդ մասին նա պատմում է «Նահատակութիւն կատարեալ կուսին» խորագրի տակ: Մալխասի դստերը՝ Թամամին բռնությամբ տարել են Երեւան խանի որդու հետ, ամուսնացնելու որն այնտեղ տեղապահ էր: Թամամը որոշում է փախչել, մտածելով. «Բարուռք իմով կամաւ եւ Քրիստոսի հաւատովն մեռանել, քան ուրացութեամբ մնալով կենդանի» [83], եւ մի գիշեր իրեն ձորն է գցել, բայց կենդանի է մնացել ու գնացել Եղվարդ գյուղը, մտել մի քրիստոնյայի տուն, խնդրել քահանա կանչել հաղորդվելու համար, քանի որ համոզված է եղել, որ իրեն բռնելու եւ սպանելու:

Կույսը քահանային պատմել է իր գլխին եկածը: Գյուղի տերը, որը պարսիկ էր, լսելով այդ մասին ասել է ՝ բաց թողեք ուր ուզում է թող գնա, «Իսկ ոմն պիղծ՝ Սահակ անուն, որ էր տանուտէր գեղջին Եղավարդայ» [84], ասել է թե ինքը վախենում է խանից, մի գուցե նրա պատճառով իրեն վնաս հասնի, գնացել պատմել է խանին, նա հրամայել է սպանել Թամամին: Երկու պարսիկ այդ Սահակի հետ գնացել են կապկպել աղջկան, տարել գյուղից դուրս, ուր եւ Սահակը խեղդել է նրան [85]:

Տալով վերը նշված երեք տանուտերերի բացասական նկարագրերը, Զաքարիան նրանց հակադրուն է գյուղացիների հոգսերով ապրող, նույն Եղվարդի հաջորդ տսնուտերերից՝ Ավագին. «այր ճարտար եւ ատենախօս, եւ պնդերես, եւ առաջի մեծամեծաց յարգոյ եւ պնդսսիրտ: Եւ գեղականքն առանց հրամանաց նորա ոչ առնէին ինչ» [86]: Այնուհետեւ գրում է, թե գյուղը ջրի պակասություն է ունեցել, գյուղից հյուսիս ընկած ձորում ջուր են գտել եւ շատ չարչարանքներով ու մեծ ծախսերով առու են փորել ու ջուրը Ղարայօրան գյուղի անդաստաններով բերել խառնել են իրենց ջրին: Դրանից հետո Ղարայօրան գյուղի տերը, որը ազգությամբ ղաջար էր, փակել է տվել առուն, զրկել եղվարդցիներին օգտվելու այդ ջրից եւ ինքը տնկել է նոր այգի ու պարտեզ եւ այդ ջրով «արար բուրաստան »: Եղվարդցիների աղաչանքներն ապարդյուն են անցել, նա ամեն անգամ հայհոյել, ծեծել է նրանց ու ետ ուղարկել: Վերջիններս ստիպված դիմել են Երեւանի խանին, նրա հրամանն էլ գյուղատերը արհամարհել է, չի կատարել, այլեւ հայհոյել է խանին ու եղվարդցիներին: Խանը իմանալով այդ մասին, կարգադրել է եղվարդցիներին՝ գնալ սպանել նրան ու նրա համախոհներին, բռնագրավել ունեցվածքը: Զաքարիան նկարագրում է, թե ինչպես վերջիններս «ելին ամբոխիւ ամենեքեան զուռնայով եւ դահուլով՝ ծափօք եւ պարուք, խաղալով եւ խնդալով ամենայն արուք մինչեւ կանայք եւս երգելով» [87], գնացել են այդ հրամանը կատարելու: Երբ մոտեցել են նրա գյուղին, Ավագը զգուշացրել  է եղվարդցիներին բավարարվել միայն ծեծով, արյուն չթափել: Ղարայօրանցիք տեսնելով մոտեցող բազմությանը, իմաց են տվել իրենց գյուղատիրոջը՝ Հապուշ-Ղասիմին, իսկ «անիծեալը», գրում է Զաքարիան, կարծել է, թե նորից գալիս են իրեն աղաչելու ջրի համար: Եղվարդցիները բռնել են նրան, գետին գլորել ու լավ ջարդ տվել: Նա ընկել է Ավագի ոտքերը, համբուրել, աղերսել, ասել, որ ինքն Ավագի շունն է: Ավագը գթացել է նրան, ընկել է նրա վրա, չի թողել ծեծելը շարունակել, փրկել է նրա կյանքը: Ի հատուցումն դրան այդ գյուղատերը որոշ ժամանակ հետո գիշերով սպանել է փրկարարին ու փախել: Զաքարիան ընդգծում է, որ « Աւագ նահատակեալ վասն ժողովրդեան» [88]:

Թե ինչպես է Զաքարիա պատմագիրն ասել գյուղացիների շահերը ոտնահարող մաւդկանց՝ վերեւում մի քանի օրինակներ բերվեցին, այստեղ բերենք նրա՝ նշված Հապուշ-Ղասիմ գյուղատիրոջ նկարագիրը: «Լիրբ եւ անզգամ, հայհոյիչ եւ պղծաբերան, յանդուգն եւ անհնազանդ, չարագործ եւ շնացող, ինքնահաւան եւ գոռոզ, ամենեւին կամարար՝ եւ ծառայ՝ եւ հաճոյական սիրելի սատանայի»։ [89]

Բերելով եղվարդցիների ջրի այս պատմությունը, Զաքարիան ցույց է տալիս այն ժամանակ ջրօգտագործման բնագավառում  տիրող կամայականությունները եւ գյողացիների պայքարը դրանց դեմ:

* * *

Զաքարիա Քանաքեռցին այն բացառիկ պատմագիրներից է, որ տվել է հայ կնոջ խիզախության, հերոսության մասին արժեքավոր տեղեկություններ:

Մի քուրդ անընդհատ հետապնդել է Շնորհավոր անունով այրի մի կնոջ: Մի օր նա դրսում բռնել է եւ ցանկացել համբուրել այդ կնոջը, կինը համառ դիմադրություն է ցույց տվել, այդ ժամանակ վրա է հասել կնոջ եղբայրը եւ սպանել քրդին ու հեռացել: Երբ եկել են եղբորը բռնելու, Շնորհավորն ասել է. քրդին ես եմ սպանել ու նահատակվել է [90]:

Վերեւում տեսանք, թե ինչպես եղվարդցի կանայք տղամարդկանց հետ միասին հարձակվել են պարսիկ գյուղատիրոջ վրա ու ծեծել:

* * *

Զաքարիան էլ իր նախորդների նման, բոլոր սարսափների ու չարիքների, լինի դա մարախ, թե սով, թե երկրաշարժ, թե ավերում, պատճառը համարում է աստծու հանդեպ մարդկանց գործած մեղքերը:

Նկարագրելով 1681 թ. Զմյուռնիայի ( Իզմիր ) սովը, պատմագիրը դառնությամբ նշում է. «բազում քրիստոնեայք զուստերս եւ զդստերս իւրեանց սակաւ գնոյ վաճառէին տաճկաց առ ի կեցուցանել զինքեանս. եւ բազումք զմանուկս իւրեանց տարեալ արկանէին առ դրունս տաճկաց՝ եւ փախչէին, եւ տաճկինք առեալ զնոսա տանէին առ ինքեանս՝ եւ առնէին ղնոսա տաճիկ: Բարձաւ սէրս գութ բարեկամաց, ողորմութիւնք եւ տուրքեւառք եւ խնամք վերացան, բարեկամք եւ սիրելիք օտարացան ի միմեանց» [91]: Ի դեպ Զաքարիան գրում է, որ այդ ժամանակ նա եղել է այդ քաղաքում [92]:

Նկարագրելով Երեւանի 1679 թ. Ահավոր երկրաշարժը նա գրում է. «Զի թէպէտ յամենայն տեղիս ոչ կարացի իմանալ զմեռեալսն, այլ ի հայրենի գիւղն իմ Քանաքեռ Քուեցին զմեռեալսն ՌՄԻԸ (1228) ոչ մնաց շուն, ոչ կատու եւ ոչ հաւ» [93]:

* * *

Զաքարիա Քանաքեռցին որոշ կարեւոր տեղեկություններ է հաղորդում վրացիների՝ պարսիկների դեմ մղած պատերազմների մասին: Եթե Դավրիժեցին Տփխիսի իշխան Մովրավին (Գեորգի Սահակաձեին) ներկայացրել է իբրեւ դավաճանի, որն առաջնորդել է շահ Աբաս Ա-ի բանակները ու նպաստել Վրաստանի գրավմանը պարսիկների կողմից, ապա Զաքարիան տալիս է այդ Մովրավի հետագա գործողությունների մասին, երբ նա կարդացել էր նրա իրեն սպանելու շահ Աբասի տված հրամանը եւ դարձել էր նրա ոխերիմ թշնամին ու քիչ չարիքներ չէր պատճառել պարսկական զորքին [94]: Այնուհետեւ նկարգրված են Քարթլիի եւ Կախեթի գահակալների ու իշխանների ներքին պայքարը, նրանց եւ պարսկական շահերի փոխհարաբերությունները [95], ի վերջո Քարթլիի Գեորգի թագավորի ապստամբությունը շահ Հուսեյնի դեմ [96]:

* * *

Զաքարիա Քանաքեռցու «Պատմության» երկրորդ հատորի ԿԳ(63) գլուխը, որը կրում է «Պատմութիւն պարոն Այվազին եւ տան նորա» խորագիրը, իր պարունակած նյութով նույնպես որոշակի արժեք է ներկայացնում: Միջնադարի հայ պատմագիրներից եւ ոչ մեկը այնպես, մանրամասնություններով չեն տվել հայ նահապետական ընտանիքի կյանքի նիստ ու կացի, սովորությունների ու ավանդությունների մասին, ինչպես գրել է Զաքարիան: Այստեղ նա, հիրավի, բացառություն է կազմում: Այդ գլխում նա մեծ բավականությամբ նկարագրում է Կարբի գյուղաքաղաքի մեծատուն ու փարթամ վաճառական խոջա Այվազի, 30 հոգուց բաղկացած, իսկական նահապետական ընտանիքի ապրելակերպը ամենայն մանրամասնություններով: Պատմագիրը գրում է, որ Այվազի պապը, հայրը եւ հորեղբայրները մեծ առեւտուր էին ծավալել Թուքիայի քաղաքներում եւ մեծ հարստություն էին կուտակել, որի մի մասը ներդրել էին գյւողատնտեսության մեջ եւ շատ բարեգործություններ էին կատարել առանձնապես եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ: Այվազն էլ նրանց ուղիով է գնացել: « Այս պարոն Այվազ, - գրում է Զաքարիան, - եղեւ հետեւող բարի գործոց առաւել քան զհայր իւր: Նախ սկսաւ տունն իւր կարգաւորել. Զի արար զամենայն ընտանիս իւր միաբան, միակամ, միախորհուրդ, միասիրտ, որպէս թէ շունչ եւ մի հոգի: Ո՛չ ոք ասէր վասն իւր աւագ գոլ, կամ մեծ, կամ առաջին, ամենայն արուքն կային հրամանաւ պարոն Այվազին. եւ կանայքն կային հրամանւ բարեպաշտօն եւ աստուածապաշտ մօր նորա Մարիամու՝ հլու հրատակ, հնազանդութեամբ եւ խոնարհութեամբ եւ ամենայն բարեձեւությամբ: Զկնի նորա շինուածոց եւ ընչից հետեւեցաւ. եւ բազմացույց զինչսն, եւ զարարս, զանասունս եւ զխաշինս, զձիս եւ  զկիսաէշս, եւ տնկեաց զայգիս եւ զբուրաստանս, զինեաց եւ ծով մի մեծ ի տեղին՝ որ կոչի Կարբւոյ-դաշտ… սիրող էր նա վանականաց եւ անապատաւորաց, եւ զամենայն պիտոյս նոցա կատարէր՝ թ՛է հոգեւորն եւ թ՛է մարմնաւորն, վասնզի յեղբարց իւրոց մի մի առաքէր ի վաճառականութիւն, ոմն՝ յաշխարհն Պարսից, ոմն՝Յունաց՝ ի գնել եւ վաճառել եւ շահունց տայր ի պետս եկեղեցեանց… էր աղքատասէր եւ ողորմասիրտ, եւ վասն համեստութեան ամենայն որ սիրէր զնա եւ զխօսս նորա ամենայն ոք ընդունէր. Զի ա՛յոն այո էր, եւ ո՛չն՝ ոչ» [97]: Այնուհետեւ Զաքարիան նշում է, որ Այվազը շատ մոտ է եղել Նահապետ կաթողիկոսի հետ, Կարբիում մեծ ու շքեղ եկեղեցի է կառուցել ու պարսպապատել, խողովակներով Որդկան գյուղից ջուր է բերել մինչեւ այդ եկեղեցու դուռը, որպեսզի գյուղը ձմեռ ժամանակ ջրի պակասություն չզգա եւ այլն [98]:

Պետք է նկատենք, որ Զաքարիա պատմագիրն էլ Դավրիժեցու նման, բարձր է գնահատել հայ խոշոր առեւտրավաշխառուական կապիտալի ներկայացուցիչների գործունեությունը, կոնկրետ ցույց է տվել նրանց խաղացած դերը հայ հասարակական ու հոգեւոր կյանքում: Գրեթե բոլոր դեպքերում կաթողիկոսները, եպիսկոպոսները, անգամ գյուղական համայնքների ներկայացուցիչները պարսկական ու թուրքական արքունիքներում իրենց հաւցերը լուծել են այդ խոջաների միջնորդությամբ ու օժանդակությամբ:

* * *

Ասվել է, որ Զաքարիա Քանաքեռցու «Պատմությունը» պարունակում է շատ առասպելներ ու առասպելական զրույց- հեքիաթներ եւ նահատակությունների նկարագրություններ: Նրանցում հանդիպում ենք վիշապների, դեւերի, օձերի, նահատակաների վրա երկնքից լույս իջնելու եւ այլ հրաշապատում երեւույթների, որոնք ճանաչողական ու պատմագիտական եւ ոչ մի արժեք չունեն, բայց իբրեւ ժողովրդական բանահյուսություն ներկայացնում են:

       Զաքարիայի «Պատմությունը» պարունակում է նաեւ ժատ փաստական սխալներ: Հայտնի է, ար ակ_կոյունլուների տիրապետությանը Պարսկաստանում վերջ է տրվել 1502 թ. եւ որ Սեֆյան դինաստիայի հիմնադիրը եղել է շահ Իսմայիլը: Ըստ Զաքարիայի, սակայն, ստացվել է այնպես, որ իբր Սեֆյան հարստության հիմնադիրը կարա-կոյունլու Ջհանշահն է:

«Ջհան-Շահ թագաւորեալ՝ յորդւոց որդի մինչեւ ցմերս ժամանակ» [99]:

Քիչ թյուրիմացությունների առիթ չեն տվել Զաքարյան իշխանական տանը նրա կողմից քրդական ծագում վերագրելը եւ շատ ուրիշ մեծ ու փոքր փաստական սխալները:

Այդ բոլորով հանդերձ. Զաքարիա Քանաքեռցու «Պատմությունն» իր պարունակած հարուստ նյութերով ու մատուցման ձեւերով, պատկերավոր լեզվով, գեղջական անմիջականությամբ ու պարզությամբ իր պատվավոր տեղն է գրավում հայ պատմագրության մեջ: Այն հիրավի պատմագրի ու նրա ապրած օրերի կենդանի հուշարձանն է: Իրավացի է Ա. Առաքելյանը, որ նկատում է, թե « Զաքարիայի այս գիրքն արժեքավոր գրական մի կոթող է XVII դարի հայ գրական անուշք անդաստանում» [100]:

 



[1]            Զաքարեայ Սարկաւագի պատմագրութիւն, Վաղարշապատ, 1870, Հ. Գ., էջ Այսուհետեւ՝ Զաքարիա։

[2]            Նույն տեղում, Հ․ Ա․, էջ 26։

[3]            Լեո, Հայոց պատմություն, Հ․ Գ․, Երեւան, 1946, էջ 365։

[4]            Մ․ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք երկրորդ, Երեւան, 1946, էջ 454։

[5]            Զաքարիա, Հ․ Ա․, էջ 66։

[6]            Նույն տեղում, Հ․ Գ․, էջ

[7]            Նույն տեղում։

[8]            Նույն տեղում։

[9]            Նույն տեղում, էջ

[10]          Նույն տեղում, Հ․ Ա․, էջ 45։

[11]          Մ․ Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ 455։

[12]          Տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, Հ․ IV, Երեւան, 1972, էջ 497։

[13]          Զաքարիա, Հ․ Բ․, էջ 142-143

[14]          Նույն տեղում, Հ․ Ա․, էջ 14-15

[15]          Նույն տեղում, Հ․ Գ․, էջ 26։

[16]          Մ․ Աբեղյան․ Նշվ․ աշխ․, էջ 455։

[17]          Զաքարիա, Հ․ Ա․, 68-69։

[18]          Նույն տեղում, էջ 56։

[19]          Նույն տեղում, էջ 59։

[20]          Նույն տեղում, Հ․ Բ․, էջ 29։

[21]          Նույն տեղում, էջ 116։

[22]          Մ․ Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ 454։

[23]          Նույն տեղում, էջ 456-457։

[24]          Լեո, նշվ․ աշխ․, էջ 365։

[25]          Նույն տեղում, էջ 365-366

[26]          Տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, Հ․ IV, էջ 497։

[27]          Մ․ Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ 457։ Այդ էջի ծանոթության մեջ Մ․ Աբեղյանը նշում է Զաքարիայի Պատմության մեջ զետեղված այդպիսի՝ պատմության հետ կապ չունեցող նյութերի խորագրերը։ Մենք այստեղ անհրաժեշտ չհամարեցինք դրանք թվարկելու։

[28]          Լեո, նշվ․ աշխ․, էջ 336։

[29]          Զաքարիա, Հ․ Ա․ էջ 15, 20։

[30]          Նույն տեղում, էջ 16։

[31]          Նույն տեղում, էջ 18։

[32]          Նույն տեղում։

[33]          Նույն տեղում, էջ 20։

[34]          Նույն տեղում, էջ 20-22։

[35]          Նույն տեղում, էջ 22։

[36]          Նույն տեղում, էջ 34։

[37]          Նույն տեղում, էջ 35։

[38]          Նույն տեղում, էջ 24։

[39]          Նույն տեղում, էջ 25։

[40]          Ա․ Առաքելյան, Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն, Հ․ 2, Երեւան, 1964, էջ

[41]          Զաքարիա, Հ․Բ․, էջ 44-45։

[42]          Նույն տեղում, Հ․ Ա․, էջ 13-14։

[43]          Նույն տեղում, Հ․ Բ․, էջ 89։

[44]          Նույն տեղում։

[45]          Նույն տեղում, էջ 90։

[46]          Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երեւան, 1938, էջ 135։

[47]          Զաքարիա, Հ․ Բ․, էջ 134։

[48]          Նույն տեղում, էջ 135։

[49]          Նույն տեղում, էջ 78։

[50]          Նույն տեղում, Հ․ Ա․, էջ 82։

[51]          Նույն տեղում, էջ 19-20։

[52]          Նույն տեղում, էջ 57։

[53]          Տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, Հ․ IV, էջ 497։

[54]          Զաքարիա, Հ․ Ա․, էջ 47։

[55]          Տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, Հ․ IV էջ 117։

[56]          Զաքարիա, Հ․ Ա․, էջ 48։

[57]          Նույն տեղում։

[58]          Նույն տեղում, էջ 48-49։

[59]          Նույն տեղում, էջ 49։

[60]          Տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, Հ․ IV, էջ 117-118։

[61]          Նույն տեղում, էջ 117։

[62]          Զաքարիա, Հ․ Ա․, էջ 49։

[63]          Նույն տեղում, էջ 51։

[64]          Նույն տեղում։

[65]          Նույն տեղում, էջ 52։

[66]          Նույն տեղում։

[67]          Նույն տեղում, էջ 50։

[68]          Նույն տեղում, էջ 53։

[69]          Արագախոսության պատճառով նա կրել է «Կարկուտ» մականունը։

[70]          Զաքարիա, Հ․ Բ․, էջ 67։

[71]          Նույն տեղում, էջ 66։ Օնոփրիոսի կապակցությամբ, Աշ․ Հովհաննիսյանը գրում է․ «Նորերս հրապարակվեցին մի շարք նամակներ, որոնք առատ լույս են սփռում Հակոբ Ջուղայեցու դէմ Էջմիածնի վանական, միաբանության ներսում գլուխ բարձրացած այս խլրտումների վրա» տե՛ս Աշ․ Հովհաննիսյան, Դրվագներ․․․, Հ․ 2, էջ 153-154։

[72]          Զաքարիա, Հ․ Բ․, էջ 75-76։

[73]          Նույն տեղում, էջ 80։

[74]          Նույն տեղում, էջ 81։

[75]          Նույն տեղում, էջ 59։

[76]          Տե՛ս Закарий Канакерци, Хроника, перевод с армянского, предисловие и комментарии М. О. Дарбинян-Меликян, М., 1969, предисловие, с. 17.

[77]          Զաքարիա, Հ․ Բ․, էջ 1-2։

[78]          Նույն տեղում, էջ

[79]          Նույն տեղում, էջ

[80]          Նույն տեղում․ էջ

[81]          Նույն տեղում, էջ 3-4։

[82]          Նույն տեղում, էջ 128։

[83]          Նույն տեղում, էջ 129։

[84]          Նույն տեղում, էջ 130։

[85]          Նույն տեղում։

[86]          Նույն տեղում, էջ 116։

[87]          Նույն տեղում, էջ 118։

[88]          Նույն տեղում․ էջ 120։

[89]          Նույն տեղում, էջ 117։

[90]          Նույն տեղում, էջ 125-126։

[91]          Նույն տեղում, էջ 112։

[92]          Նույն տեղում, էջ 111։

[93]          Նույն տեղում, էջ 105։

[94]          Նույն տեղում, Հ․ Ա․, էջ 26-30։

[95]          Նույն տեղում, Հ․ Բ․, էջ 94-98։

[96]          Նույն տեղում, էջ 98-102։

[97]          Նույն տեղում, էջ 132-133։

[98]          Նույն տեղում, էջ 133։

[99]          Նույն տեղում, Հ․ Ա․ էջ

[100]        Ա․ Առաքելյան, նշվ․ աշխ․, էջ 568։