Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Կովկասեան ռազմաճակատներում

Դեռ բոլշեւիկեան յեղափոխութիւնից առաջ, յոգնած ու բարոյալքուած զինուորները լքում էին ճակատներն ու տուն վերադառնում: Նմանօրինակ տրամադրութեան մէջ Լենինի «դէպի տուն» գրաւիչ կարգախօսը եւ յաճախակի քննադատութիւնը ռուս զօրքերը Թրքահայաստանում պահելու քաղաքականութեան դէմ յաւելեալ մղում դարձան բանակի համար: Լենինը քննադատում էր Ժամանակաւոր Կառավարութեան՝ որ ռուս բանակը Թրքահայաստանում պահելով՝ իր քաղաքականութեամբ չի տարբերւում ցարական կառավարութիւնից: «Մենք պարտաւոր ենք անիջապէս գոհացնել ուկրաինացիներին ու ֆիններին, ապահովել նրանց եւ Ռուսաստանի բոլոր օտար ցեղերին կատարեալ ազատութիւն, մինչեւ անջատուելու իրաւունք. նոյնը պէտք է գործադրենք Հայաստանի վերաբերմամբ, պարտաւոր ենք զօրքերը հեռացնել Հայաստանից եւ մեր կողմից գրաւուած թրքական հողերից»: [1]

Թրքահայաստանի ճակատը դատարկուել էր ռուս սպաներից ու զինուորներից, իսկ Շահումեանը չէր ուզում հաւատալ, թէ բոլշեւիկեան պրոպագանդայի հետեւանք է կատարուածը: «Նացիոնալիզմը Կովկասում եւ Ռազմաճակատի Մերկացում» յօդուածում նա ռուս զինուորների ցուցաբերած անտարբեր կեցուածքը եւ ռազմաճակատներից նրանց հեռանալը համարում էր որպէս «կովկասեան նացիոնալիզմի ամենացաւալի հետեւանքը»: [2] Նա ռուս զինուորներին կոչ էր անում ռազմաճակատը թափուր չթողնել՝ իրականում ոչ այնքան էլ թրքահայութեան սպառնացող նոր վտանգից մտահոգուած: Ռուս զօրքի այդպէս արագ յետ քաշուելը թշնամու տրամադրութեանն էր թողնում ռազմաճակատներում լքուած «գոյք, ամրութիւններ եւ հանդերձանք», ստեղծւում էր «ծանր դրութիւն Թուրքահայաստանում»: Շահումեանը ակնարկում էր «անիծեալ պատերազմի ժամանակ հայերի կրած հարիւր հազարաւոր զոհերի մասին», բայց փութացնում աւելացնելու, թէ «հաւանօրէն դրանցից պակաս թուով խաղաղ քրդեր ու թուրքեր չեն ոչնչացել ռազմական գործողութիւնից, սովից ու ցրտից»: Նա մտահոգուած էր «հարազատ վայրերից փախած, մի կողմից թուրքերի ու քրդերի, միւս կողմից հայերի» մասին եւ վախենում էր, որ այդ վայրերում «անմեղ բնակչութեան արեան նոր գետեր են հոսելու»: [3]

Կովկասեան ռազմաճակատներից հեռացող զօրքը անտարբերութեամբ լքում էր զէնք ու զինամթերք, որոնց անմիջապէս տէր էին դառնում վրացիներն ու թաթարները: Կարօ Սասունու վկայութեամբ, միայն Կարսի, Ալեքսանդրապոլի (Գիւմրիի) եւ Երեւանի մէջ մնացած փշրանքներն էին ժառանգութիւն մնում հայութեան: [4] Երեւանի Ազգային Խորհրդի անդամ բժ. Յովակիմ Մելիքեանը աւելի ընդարձակ է նկարագրում իրողութիւնը: Նա նշում է, թէ մուսուլմանների ներկայացուցիչները Կովկասի Կոմիսարիատից պահանջել էին զէնքի ու զինամթերքի իրենց բաժինը: Կոմիսարիատի հայ եւ վրացի անդամները մերժել էին, պատճառաբանելով, որ թուրքերը զէնքի պէտք չունեն, քանի որ չեն համաձայնւում մասնակցել Կովկասի պաշտպանութեան: Մերժումին իբրեւ հակազդեցութիւն, Շամխորի կայարանում թուրքերը յարձակւում են անկազմակերպ ռուս զինուորների վրայ, կոտորում նրանց եւ զէնքերը խլում: Այս դեպքից ոգեւորուած՝ Նախիջեւանի եւ Շարուրի թուրքերը եւս յարձակման են դիմում Պարսկաստանից վերադարձող ռուս զօրքերի վրայ, բայց այս անգամ իրենք են ջարդւում: [5]

Ռազմաճակատների այս իրավիճակում, երբ փաստօրէն ռուսական զօրքերից եւ սպայութիւնից պարպուած էր Տրապիզոն-Երզնկա-Տարօն-Վան պատերազմական գիծը, այսինքն՝ Հայաստանի պատնէշը թուրքերի դէմ, Հ. Յ. Դաշնակցութիւնը, Թիֆլիսի Ազգային Խորհրդի հետ համագործակցաբար, ճիգ էր թափում հայոց կամաւորական գնդերով ապահովել Թրքահայաստանի ճակատի պաշտպանութիւնը: Նոյն միջոցին, ինչպէս կովկասեան ռազմաճակատի ընդհանուր սպայակոյտի ենթապետ զօր. Գաբրիէլ Ղորղանեանն է վկայում, նաեւ փորձ էր կատարւում հեռացող ռուսական գնդերից զատել հայ զինուորներին եւ պահել ճակատի վրայ՝ նրանցով ուժեղացնելու հայկական գնդերը: Ղորղանեանը դիտել է տալիս, թէ եթէ չլինէր հայկական գնդերի պաշտպանութիւնը, Երզնկան անմիջապէս պիտի ընկնէր եւ դրա հետ միասին նաեւ՝ ամբողջ Թրքահայաստանը: [6]

1917-ի Դեկտեմբերի սկզբին, Արեւմտահայ Բիւրոյի նախաձեռնութեամբ, Թիֆլիսում տեղի ունեցաւ թրքահայերի քոնֆերանս ՝ ներկայի իրավիճակը քննելու համար: Այդ համագումարում էր, որ Արեւմտահայ Բիւրոն, որը հիմնականում կազմուել էր գաղթականների հարցին վերահասու լինելու համար, քաղաքական դեր ստանձնեց: Որոշուեց պարտադիր զօրակոչով տաճկահայ զօրաբաժին ստեղծել 20, 000 զինուորներից բաղկացած: Անդրանիկը նշանակուեց որպէս հրամանատար: Անդրանիկի զինուորական գործողութիւնները ռազմաճակատի վրայ օրինականացնելու եւ դրանց պաշտօնական բնոյթ տալու համար, բժ. Զաւրեանի միջնորդութեամբ, կովկասեան բանակի ընդհանուր հրամանատարութիւնը, որ բոլշեւիկեան յեղաշրջումից յետոյ էլ դեռեւս ի զօրու էր Կովկասում, Անդրանիկին զօրավարի (գեներալ մայոր) տիտղոս շնորհեց:

Պաշտպանութեան գործի ընդհանուր կազմակերպման եւ վերահսկումի աշխատանքները տանելու համար ընտրուեց 8 հոգուց բաղկացած Արեւմտահայ Ապահովութեան Խորհուրդը, որոնցից չորսը՝ դաշնակցական (Վահան Փափազեան՝ նախագահ, Սեպուհ, Յ. Ամատունի եւ Կարօ Սասունի), երեքը՝ ռամկավար . Յակոբեան, Աւետիս Թերզիբաշեան, Յակոբ Տէր-Զաքարեան) եւ մէկը՝ հնչակեան . Միրզախանեան): Մարմինը պիտի համագործակցէր Աւերիանովի եւ Զաւրիեւի հետ եւ մանաւանդ պիտի օգտուէր նահանգապետութեան նիւթական յատկացումներից: [7] Հսկայական աշխատանք էր ծաւալուած՝ կազմակերպելու եւ ամրապնդելու ճակատները եւ կանոնաւոր զօրաբաժիններով փոխարինելու հայ կամաւորական գնդերին: Ռուս զօրքի հեռանալուց յետոյ, թէեւ թրքական զինուորական գործողութիւնները առժամապէս դադարած էին, Թրքահայաստանում մնացած թուրքերն ու քրդերը յաճախակի յարձակումներով վտանգում էին հայ բնակչութեան ապահովութիւնը: [8]

 


[1] Սիմոն Վրացեան, «Հայաստանը Բոլշեւիկեան Մուրճի եւ Թրքական Սալի Միջեւ» (Բոստոն, Հրատ. Հ. Յ. Դ. Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի, 1941), էջ 10:

[2] Շահումեան, «Երկեր», էջ 34:

[3] Շահումեան, «Երկեր», էջ 37-38:

[4] «Տաճկահայաստանը Ռուսական Տիրապետության Տակ», էջ 145:

[5] Բժ. Յովակիմ Մելիքեան, «Արեան Ճանապարհով», «Հայրենիք» ամսագիր, Գ. տարի, թիւ 2, 1924, էջ 96:

[6] Կովկասեան ռազմաճակատում տիրող կացութեան մանրամասները եւ հայկական զօրագնդի ռազմական գործողութիւնները տես՝ Զօր. Գաբրիէլ Ղորղանեան, «Հայերու Մասնակցութիւնը Համաշխարհային Պատերազմին Կովկասեան Ռազմաճակատին Վրայ», «Հայրենիք» ամսագիր, Ե. տարի, թիւ 12, 1927, էջ 106-123: Յօդուածը շարունակւում է յետագայ մի քանի թուերի մէջ:

[7] «Տաճկահայաստանը Ռուսական Տիրապետութեան Տակ», էջ 147։

[8] Արեւմտահայ Ապահովութեան Խորհուրդի գործունէութեան, Թրքահայաստանի ճակատի կազմակերպման եւ Անդրանիկի բերած նպաստի ու յարուցած դժուարութիւնների մասին, տես՝ «Տաճկահայաստանը Ռուսական Տիրապետութեան Տակ», էջ 147-152: Նաեւ՝ «Հանրապետութիւն», էջ 59-60: