Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թուրք բանակը դէպի Կովկաս է առաջանում

Ապրիլ 13-ի Սէյմի նիստը փոթորկալից էր:

Վարչապետ Գեգեչկորին զեկուցում է Տրապիզոնի բանակցութիւնների եւ թուրքերի կարծր կեցուածքի մասին եւ ոգեւորութեամբ յայտարարում, թէ Անդրկովկասի կառավարութիւնը պատրաստ է մերժել թուրքերի դրած պայմանները եւ մինչեւ վերջ կռուել՝ պաշտպանելու համար անդրկովկասի ամբողջութիւնը: Նոյնպիսի ռազմաշունչ մի ճառ է խօսում սոցիալ-դեմոկրատ Ծերեթելին: Ապա խօսք է առնում Դաշնակցութեան ներկայացուցիչներից Մարտիրոս Յարութիւնեանը: Նա յայտնում է հայ ժողովրդի վճռականութիւնը՝ տեղի չտալու եւ պայքարելու ու եզրակացնում, թէ «մեզ համար զէնքից բացի ուրիշ փրկութիւն գոյութիւն չունի»: [1] Մահմեդականները պարզօրէն դիտել են տալիս, որ թուրքերի դէմ պատերազմ յայտարարելու պարագային իրենք նախատեսում են Անդրկովկասի ներքին միութեան քայքայում ու խախտում: Վերջապէս, երկար ճառերից ու վիճաբանութիւնից յետոյ, որոշւում է չընդունել Թուրքիայի պայմանները եւ պատուիրակութեանը յետ կանչել: Սա նշանակում էր պատերազմ յայտարարել թուրքերին: Ուրեմն, որպէս գործնական քայլ անխուսափելի պատերազմը վարելու համար, ընտրւում է յատուկ մարմին, կազմի մէջ են մտնում զինուորական նախարար Գեգեչկորին, ելեւմտական նախարար Կարճիկեանը եւ ներքին գործոց նախարար Ռամիշվիլին: Սէյմը կոչ է անում ժողովրդին օգնել կառավարութեան՝ դէմ դնելու թուրքերի յառաջխաղացքին. յայտարարում է բոլորին, թէ կանգնած լինելով երկու ընտրանքի առջեւ՝ պիտի դրական պատասխան տայ երկու հարցումներից մէկին՝ «խայտառակ հաշտութիւն ու ստրկութի՞ւն, թէ՞ պատերազմ»: [2] Այս կոչը, սակայն, ինչպէս երեւում է մեծ ազդեցութիւն կամ արձագանք չի ունեցել Կովկասի բնակչութեան մէջ. միայն Թիֆլիսում ծուարած արեւմտահայ գաղթականութիւնը այն ընդունեց իբրեւ ահազանգ: Թրքական բանակի հաւանական յառաջխաղացումից սարսափած՝ արեւմտահայերը դարձեալ գաղթականութեան ճամբան բռնած, այս անգամ դէպի հիւսիսային Կովկաս էին փախչում:

Սէյմի որոշումը անակնկալ էր: Եւ յուսախաբութեան ու անելի մատնուած պատուիրակութիւնը ճամբայ է ընկնում Բաթումի վրայով Թիֆլիս՝ յուսալով, որ հաշտութեան բանակցութիւնները շուտով կվերսկսեն: Դրանք, ճիշտ է, պիտի վերսկսէին, բայց ինչպէս Ալեքսանդր Խատիսեանն է վկայում, այս անգամ Անդրկովկասը պիտի աղաչէր Բրեստ-Լիտովսկի գծած սահմաններից այն կողմ պահելու Թուրքերին, իսկ նրանք պիտի բացարձակապէս մերժէին այդ «ապարդիւն եւ անիմաստ» վիճաբանութիւնները: Անդրկովկասը մէկ անգամ եւս ուշացած էր: [3]

Մոսկուայի կառավարութեան հակազդեցութիւնը, ի տես իր իսկ ստորագրած դաշնագրի հետեւանքով հայ ժողովրդի կրած տառապանքին եւ թրքական զօրքերի պատճառած աւերին ու արիւնին, դիւանագիտական հարցապնդումներից այն կողմ չանցաւ: Ապրիլ 13-ին, Թիֆլիսի գերմանական հիւպատոսին յղած մի հեռագրով Չիչերինն ու Կարախանը դիմում էին Գերմանիային՝ ազդեցութիւն բանացնել Թուրքիոյ վրայ, որ դադարեցնի հայ ժողովրդի դէմ սկսած նոր կոտորածը: Նրանք յիշեցնում էին, թէ Ռուսաստանը կովկասեան ճակատների վրայ զինական բացարձակ առաւելութիւն ունենալով հանդերձ, Գերմանիոյ պնդումով, Կարսը, Արդահանը եւ Բաթումը զիջել է թուրքերին: [4] Պարզ է, որ Ռուսաստանը գործնական միջոցառումների չդիմեց թուրքերի առաջխաղացքը եւ հայերի ջարդը կասեցնելու. այդ պարտականութիւնը նետեց Գերմանիոյ ուսերին, որը չկարողացաւ կամ յարմար չնկատեց կատարել: Յետագայում եւս, երբ թրքական բանակը այս անգամ Բաքու մտաւ, եւ նորից ծայր առան նոր կոտորածներ, դարձեալ Չիչերինը բողոք ներկայացրեց: Խորհրդային Ռուսաստանի համար Բաքուն Կովկասի բազկերակն էր եւ թրքական բանակի մուտքը այնտեղ անընդունելի էր: 1918-ի Սեպտեմբեր 20-ին օսմանեան արտաքին գործոց նախարարութեան յղած մի երկար բողոքագրով Չիչերինը դատապարտում էր Բաքուի մէջ օսմանեան բանակի եւ տեղի թաթար բնակչութեան կողմից քաղաքի ոչ-մահմեդական բնակչութեան ջարդը ու յիշելով Կարսի, Արդահանի եւ Բաթումի անմեղ բնակչութեան կոտորածները, օսմանեան քաղաքականութիւնը անընդունելի էր համարում: Վրդովմունքի պատճառն այն էր, որ այս անգամ այլեւս արդէն խորհրդային շահերն էին վտանգուած: [5]

Բրեստ-Լիտովսկի դաշնագրին հետեւող թրքական ջարդերին վերջ տալու համար Հայոց Ազգային Խորհուրդը նոյնպէս դիմում է Գերմանիոյ միջամտութեան: Ստոկհոլմից իր ներկայացուցչի՝ Նիկողայոս Ադոնցի միջոցով, հեռագիր է ուղղում Բեռլին արտաքին գործոց նախարարութեան: Հեռագրում խնդրւում է գերմանական կառավարութիւնից՝ միջամտել եւ թոյլ չտալ, որ «Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ծառայէ ժողովուրդի մը հակառակ իր կամքին գերութեան ենթարկուելու»: [6] Յետագայ իրադարձութիւններից դատելով՝ կարելի է ասել, որ այս դիմումը նոյնպէս անարձագանք մնաց:

Թրքահայաստանի ռազմաճակատների անյաջողութիւնները, Էրզրումի անկումն ու յետագայ պարտութիւնները հայութեանը խուճապի էին մատնել: Տեղի էին ունենում դասալքութեան եւ փախուստի դէպքեր. յոգնած հայ զինուորը արդէն խոյս էր տալիս կռուի դաշտից: Դրութիւնը փրկելու եւ ժողովրդի ոգին բարձրացնելու նպատակով Ազգային Խորհուրդը Թիֆլիսից ռազմաճակատ մեկնեց: Խորհրդի անդամները՝ Ահարոնեան, Մամիկոնեան, Բէկզադեան, Աղբալեան, այցելում էին զօրքին ու ժողովրդին Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, փորձում էին քաջալերել ու սփոփել նրանց: Բայց թուրքերը առաջանում էին:

Արդէն ընկել էր Սարիղամիշը, երբ Հ. Յ. Դաշնակցութեան Արեւելեան Բիւրոյի նախաձեռնութեամբ, Ապրիլ 20-21-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցաւ համահայկական խորհրդաժողովը: Մասնակցում էր հայ քաղաքական, կուսակցական, ռազմական եւ հասարակական ղեկավարութիւնը: Ներկաների շարքում էին զօր. Նազարբէկեանը իր սպայակոյտով, զօր. Սիլիկեանը, Ահարոնեանը, Դրոն, Պապաջանեանը, Վրացեանը, Ռուբէնը: Համագումարի ընթացքում Քաջազնունին զեկուցում է իրավիճակի մասին եւ փորձում համոզել, որ ամենատրամաբանական ճամբան թուրքերի պայմաններն ընդունելն է: Ընդհանուր կարծիքը, սակայն, այն էր, որ պիտի մերժել թուրքերին եւ պատերազմը շարունակել:

Այնուամենայնիւ, դէպքերը արդէն ուրիշ ընթացք էին ստացել Թիֆլիսում: Անդրկովկասի իշխանութեան թաթար նախարարները վերջնագիր էին ներկայացրել Սէյմին. պահանջել էին ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը եւ թուրքերի հետ հաշտութիւն կնքել, այլապէս, նրանք սպառնում էին հեռանալ Սէյմից: Ժողովրդային մակարդակի վրայ, ինչպէս Գեգեչկորին եւ Ծերեթելին էին նախատեսել, Անդրկովկասի թաթարները, թիկունքից խանգարումներ, խլրտումներ ու դաւաճանութիւններ կատարելով, ձախողում էին ռազմական գործողութիւնները Թուրքիոյ դէմ: Աւելին, նրանք հայ անզէն բնակչութեան վրայ յարձակումներ էին կատարում, թալանում, ջարդում, գնացքների երթեւեկն էին խանգարում: Այդպիսով, արգելւում էր հայ զօրամասերի փոխադրութիւնը ռազմաճակատ եւ տակաւին անտանելի էր դառնում պարէնի պակասը Երեւանում: [7]

Թրքական անհանգստութիւնների այս յորձանքը արդէն Մարտի սկզբին Երեւան էր հասել, եւ եթե չլինէր Արամի ու Անդրկովկասի Կոմիսարիատի կողմից նշանակուած հայկական զօրքերի կոմիսար Դրոյի շրջահայեաց քաղաքականութիւնը, Երեւանն էլ կուլ կը գնար հայ-թրքական կռիւներին: Փաստօրէն Երեւանի նահանգը կտրուած էր Թիֆլիսից. Սէյմը ուժ ու հնարաւորութիւն չունէր օգնութիւն հասցնելու՝ ո՛չ զինուորական եւ ո՛չ էլ պարենաւորման: Այս իրավիճակի մէջ էր, որ ժողովուրդը միակամ կերպով Արամին ընտրելով՝ նրան յանձնեց ամբողջ իշխանութիւնը: Արամը եւ նրա հետ աշխատող մարմինը կարողացան որոշ կարգ ու կանոն ստեղծել: Այս իւրայատուկ իշխանութիւնը գործի վրայ մնաց Հայաստանի հանրապետութեան հռչակումից յետոյ էլ, մինչեւ Թիֆլիսի Ազգային Խորհրդի ժամանումը Երեւան: [8]

 



[1] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 99:

[2] Կոչի բովանդակութիւնը տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 100-101:

[3] «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 156:

[4] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 144, էջ 211-212: Նաեւ՝ Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Դ., թղթածրար թիւ 1406, փաստաթուղթ թիւ 170:

[5] Հ. Հ. Կ. Պ. Պ. Ա. ֆոնտ 200, ցուցակ 1, գործ 80, էջ 60-62:

[6] Ադոնցի հեռագրի հայերէն թարգմանութիւնը՝ արխիւային նիւթ, Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Դ., թղթածրար թիւ 1406, փաստաթուղթ թիւ 169:

[7] Սէյմի Մարտ 4-5-ի նիստին Խ. Կարճիկեանի արտասանած ճառը լաւագոյնս ներկայացնում է հայ-թրքական յարաբերութիւնների լարուածութիւնը ու տալիս պատկերը ազգամիջեան ընդհանրումների: Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 132-135:

[8] Երեւանի նահանգը կառավարող մարմնի անդամներն էին, Արամը՝ նախագահ եւ զինուորական գործերի վարիչ, Սահակ Թորոսեան՝ ներքին գործերի վարիչ, Յովհաննէս Մելիքեան՝ ելեւմտական գործերի վարիչ, Արշաւիր Աստուածատուրեան՝ ինքնապաշտպանութեան վարիչ: Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 136: