Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Իթթիհատականները եւ բոլշեւիկ-քեմալական կապը

Քեմալական Թուրքիան կարեւոր ձեռնարկումների մէջ էր մտել Խ. Ռուսաստանի հետ բարենպաստ յարաբերութիւններ մշակելու համար: Րիչըրդ Յովհաննիսեանը գրում է, որ խորհրդային բանակի սպայ Սեմեոն Բուդեոննին գաղտնի տեսակցութիւն էր ունեցել Մուստաֆա Քեմալի հետ, 1919 Մայիս 25-ից Յունիս 12-ին, Քեմալի Հաւզա եղած ժամանակ: Այս տեսակցութեան ընթացքում Բուդեոննին հաւաստիացրել էր Քեմալին, որ Մոսկուան Թուրքիային թիկունք կը կանգնի եւ կարգիլի թրքական հողի վրայ քրդական, հայկական եւ պոնտական պետութիւնների ստեղծումը։ Յատկապէս հայերը, - ասել էր Բուդեոննին, - գլխացաւանք են եւ մանաւանդ նրանց հնչակներն ու դաշնակցականները արկածախնդիր մարդիկ են, որ կարող են ծառայել ամէն մի բարձրացող ուժի: [1] Նոյն ծիրի մէջ 1919-ի աշնանը վրաց բոլշեւիկ Շալուա Էլիաւան էր Պոլիս ուղարկուել: Նա հանդիպումներ էր ունեցել նախկին իթթիհատականների հետ եւ նրանց հետ համագործակցութեան ծրագրեր էր մշակել: Հետաքրքիր է, որ ծրագիրը ներկայացուել էր Մուստաֆա Քեմալին, որը մերժել էր այն, քանի որ այնտեղ Թուրքիայի Ազգային Շարժումը նկատի չէր առնուած եւ առանձին չէր յիշուած:

Քեմալական Թուրքիոյ եւ բոլշեւիկեան Ռուսաստանի համագործակցութիւնը իրականացնելու գործում մեծ դեր էին ստանձնել նաեւ Իթթիհատի այն պետերը, որոնք Մուդրոսի զինադադարից յետոյ (1918, Հոկտեմբեր 30) Բեռլին էին ապաստանել: 1919-ի վերջերին Թալէաթը մի նամակով Բեռլինից տեղեկացնում էր Անգարա, թէ բոլշեւիկների հետ Բեռլինում ունեցած տեսակցութեան ընթացքում, նրանցից խոստում է առել օգնելու Անատոլուի ազգային շարժման. այդ բերումով էլ ինքը Էնվէր եւ Ջեմալ փաշաներին եւ Ազմի բէյին Ռուսաստան է ուղարկել գործը հետապնդելու: [2] Այդ օրերին Բաքու էր գտնւում նաեւ նախկին իթթիհատական դոքտ. Ֆուատ Սաբիթը, որ Խորհրդային Ռուսաստանի եւ Ազգային Թուրքիայի յարաբերութիւնների մէջ կարեւոր դեր էր ստանձնել:

Հետաքրքրութիւնը փոխադարձ էր: Բոլշեւիկեան Ռուսաստանը հին ու թրծուած թուրք դիւանագէտների կարիքն ունէր՝ Թուրքիոյ նոր տէրերի հետ լեզու գտնելու համար: Իսկ ռուս-թրքական ապագայ համագործակցութեան ծրագրի մէջ կարեւոր գործօն էր Հայաստանը եւ նրա սահմանները: 1920-ի Յունիսին, Ջեմալը նամակով Մոսկուայից յայտնում է Մուստաֆա Քեմալին՝ Հայկական Հարցի շուրջ բոլշեւիկների մտահոգութիւնների մասին: Յայտնում է նաեւ, որ Մոսկուան յատուկ դեսպան պիտի ուղարկի երկու պետութիւններին հետաքրքրող հարցերի մասին տեղի վրայ խօսելու համար: [3]

Իթթիհատականները պատրաստել էին ապագայ համագործակցութեան ենթահողը, բայց նրանց միջնորդութիւնը եւ Մոսկուայում ծաւալած գործունէութիւնը այդքան էլ անշահախնդիր գետնի վրայ չէր կատարւում: Իրադրութիւնները ճշգրիտ ըմբռնելու համար պիտի նկատի ունենալ, որ Էնվերը եւ իր հետեւորդները տակաւին Թուրքիոյ իշխանութեան վերադառնալու յոյսեր էին փայփայում, եւ այս տեսակէտից Քեմալը մրցակից էր համարւում: Քեմալականները անտարակոյս ըմբռնում էին դա, եւ նրանց զգուշաւոր վերաբերմունքը դէպի իթթիհատականները այդտեղից էր բխում: Մոսկուան օգտագործում էր երկուսին էլ: Այս իրողութիւնը արտացոլում է 1921-ի Նոյեմբերին Արտաշէս Բաբալեանի՝ Թաւրիզում Ատրպատականի դաշնակցական մարմիններին տուած տեղեկութիւնների մէջ: Այստեղ Բաբալեանը ի մէջ այլ հարցերի դիտել է տալիս, թէ «քեմալականներն ու էնվերականները առանձին-առանձին են դաշնակցել մեծամասնականների հետ, եւ, թէեւ երկուսի նպատակն էլ նոյնն է, սակայն ունին եւ իրենց ուրոյն «կուսակցական» շահերն ու ձգտումները»: [4] Ապա նա օրինակ է բերում Էնվերի կազմակերպած «Կարմիր Դիւիզիա»ն, որ բաղկացած էր Ռուսաստանում գերի մնացած ասկեարներից եւ թաթարներից, որպէսզի յարմար առիթի, երբ սրուեն յարաբերութիւնները քեմալականների հետ, այդ «դիւիզիա»ն օգտագործուի Թուրքիոյ իշխանութիւնը քեմալականներից խլելու համար: Մուստաֆա Քեմալը գիտակցում էր այս բոլորը, բայց նաեւ չէր հրաժարւում իթթիհատականների համագործակցութիւնից՝ յամենայնդէպս, նախընտրելով նրանց կենտրոնից հեռու գործուղել:

1920-ի Մայիսին Քեմալը Մոսկուա է ճամբում իր պատուիրակներին Բեքիր Սամիի գլխաւորութեամբ: Հայաստանի կառավարութեան յարուցած արգելքների պատճառով, պատուիրակութիւնը մեծ դժուարութեամբ եւ երկարատեւ ճամբորդութիւնից յետոյ է Մոսկուա հասնում: Պաշտօնական բանակցութիւնների բացումը կատարւում է Յուլիս 24-ին: Նախքան այդ, երբ Մոսկուայի եւ Անգարայի միջեւ հաղորդակցութիւնը բաւական մեծ դժուարութիւնների հետ էր կապուած, Մոսկուա էր եկել Բաքւում գործիչ դարձած Խալիլ փաշան եւ անպաշտօն բանակցութիւններ էր տանում: Խալիլը Էնվէրի հօրեղբայրն էր, որ յաջողել էր ձերբակալութիւնից խոյս տալ եւ Անատոլուի խորքերը ապաստանել: Նա յետագայում միացել էր Քեմալի Ազգային Շարժումին եւ աշխատանք էր տանում Բաքւում՝ բոլշեւիկ-քեմալական համագործակցութեան ճամբան հարթելու: [5] Մոսկուա գնալով՝ Խալիլն էլ իր հերթին Չիչերինին եւ Կարախանին Մուստաֆա Քեմալի անունից խոստանում էր պայքարել Դաշնակիցների դէմ եւ Ազգայնական Շարժումը տարածել ամբողջ Թուրքիայում, եւ դրա համար նա հայցում էր Խ. Ռուսաստանի օժանդակութիւնը՝ զէնք, զինամթերք եւ դրամ քեմալական զօրքերի համար: [6] Ահա այս անձնաւորութիւնն էր, որ Մոսկուայից, Թուրքիային խոստացուած ոսկուց մի մեծ բաժին (500 կիլոգրամ) առած, ընկերակցում էր Լեգրանին դէպի Կովկաս նրա առաքելութեան մէջ: Խալիլ փաշան պատեհ առիթի էր սպասում Բաքուից Անգարա մեկնելու եւ իր արժէքաւոր բեռը, նուէր ոսկին ու զինամթերքը Քեմալին յանձնելու, իսկ այդ առիթը պիտի ստեղծէր Կարմիր Բանակը՝ Գորիս-Նախիջեւան ճամբան բացելով:

Դիւանագիտական եւ ռազմական դասաւորումները կատարւում էին ի վնաս Հայաստանի եւ ի շահ թուրք-ռուսական ապագայ գործողութիւնների: Այդուհանդերձ, անհամբեր էին թուրքերը: Մուսաֆա Քեմալը ցանկանում էր օր առաջ յարձակուել Հայաստանի վրայ, իսկ Մոսկուայի մօտեցումը աւելի զգուշաւոր էր: Շանթի պատուիրակութիւնը Մոսկուա էր գտնւում, եւ Չիչերինը խոստացել էր ճանաչել Հայաստանի անկախութիւնը, միջնորդել՝ նրա եւ Թուրքիայի անհամաձայնութիւնները հարթելու եւ սահմանային շրջաններում խաղաղութիւն հաստատելու համար: Անգարայում այն տպաւորութիւնն էր տիրում, որ Մոսկուան զգայուն է հայկական հարցի նկատմամբ: Ի հարկէ, առերեւոյթ ակնյայտ այս զգայնութեան պատճառն այն էր, որ բոլշեւիկեան Ռուսաստանը խուսափում էր Դաշնակիցներին իր դէմ լարելուց: Մոսկուայում կար այն կարծիքը, թէ Դաշնակիցները հայկական հարցը նպաստաւոր կերպով լուծելու համար պատրաստ են միջամտելու: Ամէն պարագայի, Քեմալն էլ փորձում էր քաղաքագիտօրէն մօտենալ հարցին: Դրա միջոցներից մէկը հայերին եւ Հայաստանի կառավարութեան, մանաւանդ՝ դաշնակ կառավարութեան քրիստոնեայ աշխարհի մօտ վարկաբեկելն էր։ Այս քաղաքագիտական խաղը, սակայն, չէր խանգարում Անգարայի իշխանութեան՝ իր աճապարանքի մէջ յուշագիր ներկայացնելու Հայաստանի կառավարութեան եւ պահանջելու հայկական զօրքերը յետ քաշել մինչեւ Բրեստ-Լիտովսկի սահմանները, հակառակ պարագայում յարձակում սպառնալով:

Հայաստանի սահմանում կուտակուած թրքական բանակի հրամանատար Քեազիմ Կարաբեքիրը անհամբերութեամբ սպասում էր յարձակման հրամանին, որ ուշանում էր. փոխարէնը Անգարայի ազգային կառավարութեան սպայակոյտի պետ գնդ. Իսմէթը Օգոստոս 1, 1920 թուակիր նամակով ազդարարում էր նրան ինքնագլուխ գործողութիւնների չդիմել ու յայտնում էր, թէ «Խալիլ փաշան, որ գտնւում է թուրք-ազրբէյջանցի-ռուս ուժերի հրամանատարական կազմում, մեզ հանգստացնում է Մոսկուայից՝ հաւաստիացնելով, որ Հայաստանը մեր սահմանների վրայ յարձակուելու դէպքում սպառնական ուժի կը հանդիպի իր թիկունքում»: [7] Ուրեմն, թուրքերը պէտք չէր աճապարանօք որեւէ քայլի դիմէին:

Հայաստանին ներկայացուած յուշագիրը նոյնիսկ անհանգստացնում է Չիչերինին: Այդ բերումով, 1920, Օգոստոս 4-ի հանդիպման ընթացքում Կարախանը Բեքիր Սամիին փոխանցում է Չիչերինի դժգոհութիւնը եւ նշում, թէ Հայաստանի հետ խնդիրը մի պատրուակ գտնելով իրենք կը կարգադրեն: Հենց այս հանդիպման ընթացքում է, որ ձեւակերպւում է Ազրբէյջանի մէջ պահուած անգլիացի գերիների եւ Մալթայի մէջ բանտարկուած թուրքերի փոխանակման հարցը: Մալթայի բանտարկեալները, դրանց մէջ նաեւ հայկական ջարդերի պատասխանատուներ, հայազգի Կարախանի միջնորդութեամբ պիտի ազատուէին՝ Մուստաֆա Քեմալի Ազգային Շարժումը զօրացնելու եւ Հայաստանի վրայ յարձակումը դիւրացնելու գործին լծուելու համար: [8]

 


[1] The Republic of Armenia, vol. I, էջ 444:

[2] «Հայաստան եւ Հայ Դատը» էջ 244-245: Հատուածը քաղուած է Ալի Ֆուատի «Միլլի Մուճատելէ Հաթրաթը» («Յուշեր Ազգային Շարժումէն») գրքից, էջ 42:

[3] Տես՝ նոյն տեղում, էջ 245:

[4] Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Ե., թղթածրար թիւ 121 բ., փաստաթուղթ թիւ 6:

[5] Խալիլի պատուիրակութեան մասին տես՝ The Republic of Armenia, vol. II, էջ 213:

[6] Մանրամասները տես՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 248-249:

[7] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 463:

[8] Այս տեսակցութեան մասին, տես՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 251-252: