Մի պտոյտ Ճապոնում

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԻ ՊՏՈՅՏ ՔԱՂԱՔՈՒՄ

Առաւօտը շատ վաղ ջինրիկիշաները արդէն խմբւել էին լուսամուտների տակ, ուշադիր մեր դուրս գալուն, եւ հէնց որ երեւացինք դռների մէջ, նրանք ուրախ վազ տւին դէպի մեզ, իրար առաջը կտրելով։

Առանց վարանումի չէր, որ մենք տեղի տւինք նրանց խնդրանքին ու հեծանք թեթեւ կառքերը։

Ջինրիկիշաները իսկոյն հանգստացան. սրբւեց նրանց դէմքից պաղատանքի արտայայտութիւնը, եւ մեզ մի թեթեւ ու խնամածու ժպիտ ձօնելով՝ աշխոյժ լծւեցին ու առաջ վազեցին։

Աջ ու ձախ երեւում ու աչքից կորչում էին չինացի դեր­ձակ­ների ու կօշկակարների աշխատանոցները իրենց ցուցա­նակներով եւ այլ այդ կարգի ուրիշ խանութներ, որոնք ծառայում են եւրոպացիների պէտքերին։ Չինացիք շատ վարժ եւրոպական շորեր են կարում, ճարպիկ կերպով յարմարւելով մեր ճաշակին ու տարազին, որ նրանց համար այնքան խորթ է։

Այդ տեսակէտից առանձին յաջողութիւն ունեն կնոջ հագուստ կարողները, այնպէս որ եւրոպուհիք յօժարութեամբ դրանց են յանձնում իրանց արդուզարդը։

Ուրախ է կեանքը եւրոպական թաղում։

Անթիւ գարեջրատների բաց դռներից դուրս են խուժում հարբած երաժիշտների հնչիւնները, որի չափի տակ զւարթ պարում են գլուխները տաքացած օտարազգի նաւաստիները։

Մենք արագ անցանք կամրջով այն բազմաթիւ ջրանցք­ներից մէկը, որոնք ցանցի պէս կտրտում են քաղաքը, եւ մտանք արդէն զուտ ճապոնական մասը։


ՆԱԳԱՍԱԿԻ ԳԼԽԱՒՈՐ ՓՈՂՈՑ

Մի վայրկեան ամեն բան շուրջդ խաղալիքի տպաւորութիւն է անում, ամեն-ինչ այնքան մանր է ու փոքրադիր։ Փողոցը այնպէս նեղ է, որ եթէ պատահմամբ եւրոպական մի կառք ներս մտնէր, կը խցէր ամբողջ փողոցի շարժումը. էլ ի՛նչ ասել կուզի, որ շուռ տալ բացարձակապէս կարող չէր լինի։ Ինչքան էլ շատ փոքր լինէին մեր կառքերը, նորից ստիպւած էինք իրար ետեւից գնալու, ոտքով գնացողների ճամփան չըփակելու համար։ Սակայն փողոցը ոչ մութ էր թւում, ոչ էլ մռայլ շնորհիւ շէնքերի ցածութեանը։ Տները բոլորն էլ անխտիր երկյարկանի են, կղմինդրէ միօրինակ թեք կտուրներով եւ բամբուկի բարակ պատերով։ Ցածի յարկում զետեղւած է լինում խանութը կամ արհեստանոցը, վերեւում ապրում է տէրը։ Ընդհանուր տպաւորութիւնը մօտաւորապէս նոյնն է, ինչ որ ասիական բազարը Կովկասում։ Այստեղ էլ չկան արտաքին պատեր, այստեղ էլ ապրանքը դարսւած է դուրսը։ Ամեն ինչ բաց է, ամեն ինչ մատչելի ցանկացողի աչքին։ Հիմնական մեծ տարբերութիւնն այն է, որ այստեղ հետք անգամ չկայ ասիական համբաւաւոր անկարգութեան ու կեղտի։

Շուրջդ ամեն բան փայլում է մաքրութիւնից։ Շէնքերը այնպէս սեղմ ու անընդհատ կցւած են իրար, որ մարդ ակամայ սարսափում է, մտածելով, թէ ի՛նչ է լինելու քաղաքը, եթէ յանկարծ հրդեհ ընկնի։ Ի՜նչ ճարակ կայ այստեղ բոցերին։ Կարտոնի նման բարակ տները չոր յարդի պէս մի վայրկեանում կայրւեն։ Բայց իսկապէս հրդեհը այնքան էլ մեծ ու յաճախ չի լինում այստեղ համեմատաբար։ Ճապոնացին կրակի հետ չափազանց զգոյշ է։

Նա երբէք գիշերը չի թողնի նաւթի լամպը վառ, այլ միայն իւղի կանթեղը, որ հեշտ է յանգչում։

Բացի այդ, իր թանկագին իրերը նա միշտ պահում է տան կից մի փոքրիկ քարաշէն մասում։

Իսկ հրդեհի ժամանակ նրանք խմբովին օգնութեան են վազում այրւող տան ներսը. վերջն էլ օգնում են հրկիզեալին, ընդհանուր օժանդակութեամբ նրա համար մի նոր տուն գնելով։

Տները խիստ էժան են եւ ծախւում են պատրաստ. նրանց թեթեւութեան ու կազմի պարզութեան պատճառով հեշտ է եւ տեղափոխելը։

Փողոցը լի է կեանքով։

Փափուկ գետնի վրայով արագ սլանում են ճարպիկ ջիները, քաշելով իրանց փոքրիկ կառքերի մէջ մի կոկետ ճապոնուհու կամ տուրիստների մի ամբողջ շարք։

Անց է կենում մանրավաճառը, կրելով իր ուսին՝ փայտից կախած զամբիւղները, որոնք լիքն են ամեն տեսակ բանջարեղէնով, պտուղով կամ ձկնով։

Փողոցում անասուն գրեթէ չես տեսնի։ Սակաւ, շատ սակաւ է հանդիպում մի ձի կամ եզ, սմբակները յարդով կապած պայտի փոխարէն։ Տիրոջ ցոյց տւած մեծ հոգածութիւնից պարզ երեւում է, որ նրանք մի առօրեայ երեւոյթ չեն ճապոնացու կեանքում։

Ահա մի փոքրիկ աղջիկ անփոյթ կերպով իր լայն գօտու մէջ տանում է փոքրիկ եղբօրը, որը հանգիստ նիրհում է նրա մէջքին. մինչդեռ աղջիկը հետաքրքրութեամբ կանգ է առնում գոյնզգոյն ապակէ գնդակների դէմ, որ ծախու է դրել փողոցում թափառական մանրավաճառը։

Երիտասարդ ճապոնուհիները մանր քայլերով զգոյշ անց են կենում, իրանց բարձր փայտէ կօշիկները շարունակ թխթխկացնելով։ Նրանց մուգ սեւ մազերի գեղեցիկ շինեօնը հիւսւած է կօրալներով. գլխարկ երբէք չկայ. պաշտպանւում են արեւից ու անձրեւից իրանց տարօրինակ ու գեղեցիկ հովանոցներով։ Հագի կիրիմօնը (խալաթ) գրկում է ճապոնուհու ճկուն մէջքը, սահում է ցած ու պինդ փաթաթւում նրա ոտներին։ Չունեն ոչ օղ, ոչ մատանի, ոչ էլ ընդհանրապէս մեր կանանցից այդչափ սիրւած միւս ոսկեղէն զարդերը։

Նրանց գլխավոր հպարտութիւնն է կազմում գեղեցիկ օբին (գօտի), որ լայն շերտով մի քանի անգամ գալարւած է նրա մէջքին եւ մի տեսակ կօրսէտի դեր է կատարում։ Այդ գօտին նրա հոգածութեան մասնաւոր առարկան է միշտ եւ նրա ճաշակի ու շնորհքի սովորական չափը։

Որքան օբիի կտորը գեղեցիկ է, որքան հարուստ է նրա բանւածքը եւ որքան շնորհալի կապւածքը, այնքան աւելի ընտիր է համարւում ճապոնուհու տուալէտը եւ այնքան աւելի է իր ընկերուհիների նախանձը շարժում։

Տղամարդու կիմօնօնը (խալաթ) կնոջինից շատ քիչ է տարբերւում, մանաւանդ անվարժ աչքի համար. նա էլ է կապած գօտիով, միայն շատ աւելի նեղ, որը պարզապէս կրեպ - դը - շինի մի նեղ շերտ է ներկայացնում։

Իսկ նրանց մինչեւ ականջները քաշած եւրոպական գլխարկը, հագի փայտէ ծանր կօշիկների հետ միասին մի հետաքրքիր խառնուրդ է կազմում Եւրոպայի ու Ասիայի։ Անբաժան հովհարը կամ մի հովանոց բռնած ձեռքին՝ նրանք հանգիստ գնում են ու գալիս իրենց բարի ու մտածկոտ դէմքերով։

Մի շատ բնորոշ դէմք էր ներկայացնում եւ ոստիկանը, որ ամբողջապէս եւրոպական սպիտակ զգեստների մէջ, երկար սուրը մէջքին, կանգնել էր այնտեղ իր վսեմ պաշտօնի խորին գիտակցութիւնը երեսին։

Մօտիցս լսւում է յանկարծ զանգակի սուր հնչիւնը։ Մի բարձրահասակ մարդ կանգ է առել փողոցի ճիշտ մէջտեղը եւ թատրոնական վեհափառութեամբ, յենած ձեռքի դրօշակին, որի վրա մի քանի ճապոնական տառեր են գրած, մի անբնական ձայնով ինչ - որ ասում է արագ, շարունակ դիմելով աջ ու ձախ շրջապատողներին, որոնք սակայն մի մեծ հետաքրքրութիւն չէին ցոյց տալիս։


ՄԱՆՐԱՎԱՃԱՌ

Կրկին զանգակ, եւ ձայնողը շարժւում է առաջ, տանելով հետը իր այդ ճարտասանական բացականչութիւնների հանելուկը։

Մի այլ տեղ բարձր պոռում է մի ուրիշը, երեւի յանձնարարելով իր ձեռքը բռնած գիրքը. միւս կողմը մի մարդ անդադար զանգահարում է, անցորդների ուշքը իր ապրանքի վրա դարձնելու համար։

Քիչ հեռուն լսւում է յանկարծ մելամաղձոտ մի սուլոց. եւ երեւոււմ է մի կոյրի կերպարանք, յենած իր գաւազանին, որ զգոյշ առաջ է գալիս շուրջի իրարանցումի միջով։ Դա մի մասսաժիստ է, որ իր սուլոցով իր անցնելն է յայտնում։

Այդ արւեստը Ճապոնում անյիշելի ժամանակներից կոյրերի մենաշնորհն է կազմում։

Տները մասնաւորապէս հետաքրքիր են նրանով, որ դրսի պատ չունենալով անցորդին միջոց են տալիս ճապոնացու նիստն ու կացը կատարելապէս ուսումնասիրելու եւ բաց են անում բնորոշ տեսարանների մի ամբողջ շարք։

Ամեն մի տուն կարծես մի շրջանակ լինի, որի մէջ պարզ ցուցադրւած են նրանց բնակիչների կեանքն ու աշխատանքը։

Ահա այստեղ բոլորովին ճաղատ մի ճապոնացի շրջապատւած թղթէ լապտերների ու հովանոցների մի ամբողջ կոյտով՝ մեծ հոգածութեամբ նկարում է։ Մի անսովոր լրջութիւն կայ նրա դէմքին։ Այն բարեսիրտ ու միամիտ կենտրոնացումը, որով կատարում է նա իր աշխատանքը քեզ ակամայ երեխայ է յիշեցնում։

Կից խանութում մետաքս են ծախում. պատերին կախւած են կտորներ քմահաճ նկարներով։ Գործավար ճապոնուհիները մէկը միւսի ետեւից բաց են անում յաճախորդի առաջ մետաքսի նեղ փաթեթները, մինչ տէրը, չոք նստած իր մանրիկ սեղանի առջեւ, բոլորվին խորասուզւել է հաշիւների մէջ։

Մի քիչ դէնը մոմ են պատրաստում. խանութի մեծ մասը բռնում է կանաչ հեղուկով լիքը տաշտը, որի մէջ թաթախում են անդադար փոքր կլոր փայտեր. չորացնում են, թաթախում նորից. եւ այսպէս մի քանի անգամ, մինչեւ մոմը պատրաստ լինի։


ԼԱՊՏԵՐ ՇԻՆՈՂ

Կողքին մի աշխատանոցում պատանիները իրանց ձեռա­գործի վրա ծռած ասեղնագործում են ոսկեթել քմահաճ նկարներ։

Ոսկերիչի խանութում շինում են գեղեցիկ գօտիներ, փոքրիկ բռոշներ, որոնք սուր են ներկայացնում, եւ այլ մանր զարդեր. սրանց գլխաւոր գնողները տուրիստներն են։ Բայց այնտեղ բնաւ չէք տեսնի թանկագին քարեր, որին ճապոնացին արժէք չի տալիս։ Նրան գրաւողը շինւածքի գեղարւեստական կողմն է։

Յաճախ աչքիդ հանդիպում են սափրիչի խանութներ, ուր յաճախորդները բոլոր ուժով գլուխները յետ ճկած նստած են մի յուսահատ դիրքով, քթները յանձնած սափրիչի բարեհաճ տրամադրութեանը. կամ մի ճապոնուհի, որ զբաղւած է իր տուալետն աւարտելով։

Ապա նորից գալիս են խանութները։

Հովհարներ, ափսէներ, զամբիւղներ, բոլորն էլ, կախւած առաստաղից, ծածանւում են անցորդի քթի տակ։ Նրանց ետեւից նկատւում է մի ամբողջ շարք յարդէ ոտնամաների իրանց թաւշէ գեղեցիկ օղակներովը. կամ մի չաստւած, որ իր ահագին փորովը բազմած է սեղանի գլխին։

Շատ են ժամագործները։ Ժամացոյցը արեւելքում խիստ է յարգւած։ Չինացիք նկարւելու ժամանակ ժամացոյցը դնում են իրանց մօտը սեղանի վրա, երբեմն նոյն իսկ երկուսը, իրանց աւելի փառահեղութիւն տալու համար։

Լուսանկարիչների ցուցանակներն էլ բաւական յաճախ են աչքի ընկնում. մանաւանդ եւրոպական թաղի մօտերը։ Լուսանկարը շատ էժան է. 12 հատ գեղեցիկ գունաւոր տեսարանը արժէ 2 իէն (մօտ 2 ռուբլի)։ 12 փոքր նկար վիզիտ դիրքով այն էլ ամենալաւ լուսանկարչի մօտ արժէ նոյնպէս 2 ռ., իսկ աշխատանքը չափազանց մաքուր է ու սիրուն։

Ուտեստի շուկան նոյնպէս մօտիկ է եւրոպական մասին։ Խանութները շարւած են իրանց տեսակի համեմատ. մի շարք միայն միս են ծախում, վերջը բանջարեղէն, պտուղ, ձուկ եւ այլն։

Միսը դրած է ապակի զանգակների տակ, որ սաստիկ մաքուր են պահում։

Ձկան խանութը ներկայացնում է վրան ծածկած մի բակ, ուր խառն թափած են ձկան կոյտերը քարէ յատակին։ Եւ ինչ երկակենցաղ ասես, որ այդտեղ չը լինի. ահագին քանակութեամբ ժժմակներ, ճիճուներ, խեչափառներ եւ այլն, որին եւրոպացին նայել անգամ չէ կարող։

Առհասարակ ձուկը ճապոնացու գլխաւոր ու նախընտիր կերակուրն է, եւ բրնձից յետոյ առաջին տեղն է բռնում։

Ձուկը ուտում են մեծ մասով հում։ Մեխով տալիս են գլխին, նրա տանջանքին վերջ տալու համար, հանում են փորոտին, կտրատում են, դնում պնակի մէջ եւ հրամցընում։

Այսպէս պատրաստած ձուկը նրանց սիրելի կերակուրն է իբրեւ դեսսերտ։

Միս ուտում են չափազանց քիչ, գերադասում են պտուղն ու բանջարը։ Պտուղներից սովորական են բանան, անանաս, կոկոս եւ երեխի գլխի մեծութեամբ ահագին նարինջներ (պապելմուս), այլ եւ եամամօ, որը մի մեծ ելակի է նման ու մի տեսակ ձիւթի հոտ ունի։

Շատ կան նոյնպէս քաղցրավաճառներ. ճապոնացին սիրում է անուշեղէն. խմորեղէնը լինում է թէ հում, թե եփած։ Նրանց կարկանդակների ու շաքարեղէնների տեսքը այնքան էլ գրաւիչ չէ մեզ համար։ Միայն խիստ համեղ է «կաստերա» ասւած տորտը. այն էլ սպանական ծագում ունի։

Բոլոր տուրիստները, մանաւանդ ռուսները, իրանց պարտք են համարում այցելել Նագասակիի հռչակը կազմող վարպետ Իեզակիի արհեստանոցը, ուր կրեայի պատեանից գեղեցիկ իրեր են պատրաստում։

Իեզակին, որին ամենքը «Ժեներալ Կրեայ» են անւանում սովորաբար, հաստլիկ, կարճլիկ մի մարդ է բարի դէմքով։ Մեզ ընդունեց մեծ սիրով, սեղմեց ձեռքերնիս եւրոպավարի, բարեւեց մեզ մի թոթով ռուսերէնով. եւ իսկոյն հրամայեց թէյ բերեն։

Ճապոնական թէյը հրամցնում են փոքրիկ գաւաթիկ­ներով եւ առանց շաքարի. բայց համեղ կաստերան լիուլի փոխարինում է շաքարի պակասը։

Թէյից յետոյ Իեզակին մեզ առաջնորդեց վերի յարկը, ուր իրերն էին ցուցադրւած։ Փղոսկրի քանդակումը հիանալի է ուղղակի իր նրբութեամբն ու գեղեցկութեամբը։ Ամենից աւելի աչքի ընկնող տեղում զետեղւած էին կրեայի պատեանից շինած ճապոնական ու եւրոպական մի քանի ռազմանաւեր։

Կայմերը իրանց կայաններով, պարանները, ելարանները, մինչեւ անգամ սանդուխի իւրաքանչիւր աստիճանը դուրս էր բերւած զարմանալի ճշտութեամբ ու մաքուր։

Իեազակիի այդ մանրանկար գեղարւեստական փոքրիկ աշխարհից մենք ընկանք ուղղակի ժողովրդական ու եռուն առեւտրի տաճարը, ճապոն - բազարը, որ մեր կարաւանսարային համապատասխանող մի բան է։

Դա մի մեծ կլոր շէնք է, ուր խանութների շարքը ձգւում է ճառագայթի ձեւով դէպի կենտրոնը, ապա կենտրոնից դէպի շրջագիծը, կազմելով մի նեղ անընդհատ անցք, որից չես կարող դուրս գալ, մինչեւ որ այդ ամբողջ լաբիրինտը անց չը կենաս իր բոլոր անկիւններովն ու թեքումներովը, եթե միայն, յուսահատած, կէս ճամփիցդ յետ չը դառնաս։

Ապրանքի տեսակները շատ չեն եւ շարունակ կրկնւում են։ Մասնաւորապէս շատ կան զանազան գոյնի թաւշեայ քսակներ, զարդ հերկալներ, եւ անթիւ անհամար թղթէ հովհարներ ամեն տեսակ ֆանտաստիկ նկարներով ծածկւած։

Պատերից կախւած են ճապոնական տիկնիկներ, աչքերը չռած եւ մոնգոլական տիպիկ դէմքերով։ Մեծ տեղ է բռնում գրքերի խանութը։

Նրանց գրքերն էլ են իրանց տեսակի։ Թուղթը աւելի հաստ է եւ խորտուբորդ, տպել կարելի է միայն մի երեսի վրա, այնպէս որ մեր մի թերթին համապատասխանում է նրանց կրկնատակ ծալած երկու երեսը։ Կազմն էլ տարօրինակ է. թղթերը կարում են մետաքսէ թելով, որ դրսից մի գեղեցիկ հանգոյց է կազմում։

ՄԵՏԱՔՍԻ ԽԱՆՈՒԹ

Ծախողները կին են մեծ մասամբ։ Օտար անցորդներին նրանք կանչում են անգլիերէն կամ ռուսերէն, բաւական յաջող գուշակելով նրանց ի՞նչ ազգից լինելը։

Նագասակիում օտար լեզուներից ամենից աւելի տարածւածը ռուսերէնն է. դրան նպաստում է Կամաւոր ֆլօտի յաճախակի երթեւեկը եւ ռուս ռազմանաւերի այցը։

Բացի դրանից մի ամբողջ ռուսական գաղութ էլ կայ Ինօսա, որ գտնւում է ծոցի միւս կողմը։

Նագասակիի փողոցներով իմ անցնելը ոչ ոքի ուշադրութիւնը չէր գրաւում։ Եւրոպացիներին ընտելացած են արդէն։

Միայն երբ երկար կանգ էի առնում մի որեւէ խանութի առաջ, դիտում էին ինձ ոտից գլուխ՝ զարմանալով երեւի, թէ ի՞նչն էր ինձ այդպէս հետաքրքրողը։

Մի ճապոնուհի նկատելով, որ հայեացքս մի մասնաւոր հետաքրքրութեամբ եմ շեշտում խանութի խորքը, խնդրեց, որ ներս մտնեմ նրա բնակարանը, եթե կը հաճեմ։

Եւ ինչ ասել կ՚ուզի, որ մեծ ուրախութեամբ ընդունեցի նրա առաջարկը, եւ նրա հետ մի նեղ ու փոքր անցքով մտանք ետեւի մասը։ Դա արդէն բնակարանն էր, մի մեծ սենեակ, որ հեշտութեամբ կարելի է մի քանիսի վերածել շարժական թեթեւ պատերի միջոցով։ Յատակը այդտեղ քիչ բարձր է նախասենեակից։ Յետեւելով տեղական քաղաքավարութեանը, հանեցի կօշիկներս սանդուխի գլխին եւ գուլպաներով կոխեցի սենեակի մաքուր խսիրը։

Շուրջը ամեն - ինչ մաքրութիւնից փայլում էր։ Թղթէ պատերին նկարւած էին արագիլներ։ Անկիւնում զետեղւած էր սիրուն երկթեւ ճենապատը եւ մի փոքրիկ թաղար՝ մէջը մանրադիտական մի ծառով։ Սենեակի խորքում պատի մէջ ծալքն էր, ուր ցերեկները անկողիներն են դարսում։ Ճապո­նացին, ինչպէս յայտնի է, կահ - կարասի չի սիրում, ասելով թէ դրանք փոշի հաւաքելուց զատ ուրիշ բանի պէտք չեն։

Անկողինը փռում են գետնին խսիրի վրա. ճաշում են չոք նստած եւ ամեն մէկի առաջ մի մի ցածլիկ փոքրիկ սեղան, կամ յաճախ ուղղակի գետնին։

Սենեակից դուրս գալով, մտանք ցանկով շրջապատած փոքրիկ բագիկը, իր մանրիկ պարտէզիկով, ուր բանդարկւած էր պտուղներով ծանրաբեռնւած մանդարենի մի ծառ, կարծես վանդակի մէջ։

Այդ պարտէզիկի կենդրոնում ցոլցլում էր մի աւելի փոքրիկ լճակիկ, մէջն էլ մանրադիտական մի ժայռիկ, որի վրա հպարտ վեր էր բարձրանում մի մանր - մանր գաճաճ ծառիկ։

Ճապոնացին շատ է սիրում բնութիւնը. գիւղերում նա աշխատում է շինել իր բնակարանը կարկաչուն առւակի ափին, կամ սարի սիրուն լանջին, որտեղից լայն գեղեցիկ տեսարան է բացւում։ Իսկ քաղաքում՝ հեռու այդ բոլորից նա ուզում է բնութեան գոնէ մի նմուշը, մի փոքրիկ կտոր իր մօտը ունենայ։

Ճապոնացու տանը, թէ՛ ներսը, թե՛ բագում, ամեն բանի վրա մի մասնաւոր դրոշմ կայ գոհանակութեան, չափաւորութեան եւ գեղարւեստական պարզութեան։


ՃԱՊՈՆՈՒՀՈՒ ՆՆՋԱՐԱՆԸ