Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
4.
       Կայ ու չկայ‚ մէկ թագաւոր կայ։ Իրեք լաճ ունի։ Էդ թագաւորն ի կը հիւընդնայ, ինչքանդար հէքիմ կայ, թուղթ իրիշկող կայ, կը ժողվեն, չեն կանայ ճար մ՚անե։ Ինոնցից մէկը շատ իմաստուն կ՚ըլնի, կ՚ասի.
       -Թէ որ մեր թագաւորն ապրի, մէկ բանով կ՚ապրի։
       Կ՚ասեն.
       -Էն ի՞նչ ի։
       Կ՚ասի.
       -Հնդստանու աշխարհ մէկ խաս բաղչայ կայ, ինոր մէջ անմահութեան խնծորի ծառ մը կայ, թէ որ էն խնծորից բիրեն‚ հատ մը ուտի, կը ժրի, կ՚ըլնի մօրէ մէկ։
       Խօսք մէկ կ՚անեն, կ՚երթան թագաւորին կ՚ասեն։ Թագաւորն ի, կ՚ասի.
       -Ես լսեր եմ‚ որ դէւեր կուգան էն խնծորներ կը տանեն, հողածին չի կ՚անայ ձեռ բիրե։
       Թագաւորի ճոչ լաճ կ՚ելնի‚ կ՚ասի.
       -Թագաւորն ապրած կենայ, ես կ՚երթամ բիրեմ։
       Կ՚երթայ, կ՚երթայ, կը հասնի էն ծառի տակ։ էն գիշեր, որ էդա խնծորներ կը հասնեն‚ թագաւորի լաճու քունը կը տանի։ Դէւն ի կուգայ խնծորներ կը ժողվի, կը տանի։ Տղէն ի փոր փոշման ետ կը դառնայ։
       Էն մէկէլ տարին միջնեկ լաճ կ՚երթայ։ Ինոր էլ քուն կը տանի, դափ դատարկ կը դառնայ ետ։
       Պզտիկ լաճ կ՚ելնի‚ կ՚ասի.
       -Թագաւոր ապրած կենայ, ես կ՚երթամ, կը բիրեմ։
       -Թօ՜, - կ՚ասեն, - ճոչ աղբէրներդ ի՞նչ արին, որ դու ի՛նչ պիտի անես։
       Շատ իրես կը դնի, կը ճըյլընկայ, չում թագաւոր կ՚ասի.
       -Դէ՛ գնա։
       Պզտիկ լաճն ի, կ՚էլնի նետ ւանեղ կ՚առնի, կ՚երթայ։ Կը հասնի խնծորի ծառի տակ։ Էն գիշեր, որ խնծորներ կը հասնեն‚ չախուով ուր մատը կը ճղի, մէջը աղ կը լցի. ցաւի մռմուռից քունը կը խրտնի։ Կը տիսնայ, որ դէւ կուգայ, պիտի ելնի ծառը։ Կը քաշի ուր նետ ւանեղը, նետ մը կը զարնի դէւի ոտաց ձկան, կը ծակի, դէւ կը փախնի պօռալով։ Տղէն ի կ՚ելնի խնծորներ կը ժողվի, բիրի հօր։ Թագաւոր կ՚ուտի, կ՚առողջանայ։
       Կը դառնայ էդ պստիկ լաճը, աղաչանք կ՚ինի ուր հօր, կ՚ասի.
       -Իզին տու, երթամ իմ տուշմընից քէն առնեմ։
       Կ՚ելնեն երկու աղբէրներն էլ ինոր հետ կ՚երթան։ Ծառի տըկէն դէւու արուն չըռչըռալով գնացեր ի։ Կը բռնեն էն արուն ու կ՚երթան։ Կ՚երթան, կ՚երթան, կը հասնեն մէկ գազան անհաւատ խորի մը, կը տիսնան, որ դէւը մտեր ի դան։
       Դաշ ճոչ աղբէր կ՚ասի.
       -Ձիկ կախէք, ես կ՚էջնեմ, ինոր հետ ջանք կ՚անեմ։
       Չում խորի կէսը կը կախեն, կը բօռայ.
       -Եամա՜ն, ես մրկայ, ձիկ քաշէք դուս։
       Էնի կը հանեն։
       Միջնեկ աղբէր կը կախուի։ Էն էլ չուր կէս կը կախեն, կը բօռայ.
       -Եամա՜ն, ես մրկայ, ձիկ քաշէք։
       Կը քաշեն։
       Դօր կուգայ պստիկ աղբօր։ Կ՚ասի.
       -Աղբէրներ, քանի ես կանչեմ՝ վառուա՜յ, մրկա՜յ, դուք ձիկ իջուցէք։
       Կ՚իջուցեն, քանի՛ կը բօռայ, ինոնք կ՚իջուցեն։
       Կ՚էջնի, կ՚էջնի, կը տիսնայ ի՞նչ, մէկ աժդահար դէւ մը պառկե, ուր գլօխ դրե մէկ հուրնի հրեղէն աղջկան մը ծնկան վէրէն, քնե, աղջիկ քըրկահ կը բանի, գօ ինոր առջեւն էլ ոսկի մուկ, ոսկի կատու մը մէջ ոսկի դաշտին կը խաղան։
       Աղջկան աչք կ՚առնի տղէն‚ կ՚ասի.
       -Հո՛ղածին, օձն ուր պորտով, հաւքն ուր թեւով չէր կարցե իկե ըստեղ, դու ի՞նչխ էկար։
       Տղէն ի կ՚ասի.
       -Քո սէր ձիկ իբե։
       Աղջիկ կ՚ասի.
       -Քո գլխու սադաղէն ըլնի, կտրիճ, էլի քաշուի ըստուց, թէ որ դէւ զարթնի, քո ճոչ կտոր ականջդ կը մնայ։
       Տղէն կ՚ասի.
       -Ձէն տու, թող ելնի։ Ես իկեր եմ ինոր հետ կռիւ անել։
       Աղջիկ կ՚ասի.
       -Քառսուն օր կը քնի էնի, ութն օր ի, որ աչքեր խփեց, երեսունուերկու օր կայ‚ չուր զարթնի։ Թէ որ սաբր չես անե, էդա գութնի խոփ կրակցու, զարկ դէւի ոտաց վէրէն, դէւ կ՚ագհի։
       Տղէն գութնի խոփ կը կրակցու, կը զարնի վէր դէւու ոտաց։ Դէւ ոտքեր իրար կուտայ, աչքեր ճմռթկելով կ՚էլնի, կ՚ասի.
       -Օ՜ֆ, լուեր ոտքս կծեցին։
       Աղջիկ կ՚ասի.
       -Ի՞նչ սեւ լուն ի, էլի տե, կտրիճմ՚ իկէ, հետ քե կռիւ պիտի անի։
       Դէւ կ՚իրիշկի տղին, կ՚ասի.
       -Օ՜, ի՞նչ անուշ ակռաժաժիկմ՚ ի։
       Տղէն կ՚ասի.
       -Էլի՛ տիսնանք, Աստուած ձի՞կ կուտայ‚ թէ քե։
       Կ՚առնեն ուրենց նետ ւանեղ, կ՚ելնեն կռիւ։
       Դէnւ կ՚ասի տղին.
       -Դաշ դու զա՜ր։
       Տղէն կ՚ասի.
       -Չէ՛, դաշ դու զար։
       Դէւ կը զանի նետ, տղէն կը տափի, նետ կ՚ընցնի։ Տղէն ի, ուր նետ կը զանի, դէւու կող կը ծակի, կը շռջի գետին։ Նետի կէսն էլ կը մտնի հողի մէջ, ըսկուն կ՚ելնի, որ դու կ՚ասես բիբռեր են դէւի լէշը գետին։ Կը հասնի տղէն դէւի վիզը կը կտրի, ակնջները կը պրծուցի, կը թալի ուր ջոբը։
       Էնի կը թողնի դան, մէկ քիչ կ՚առաջանայ։ Կը տիսնայ‚ որ ի՞նչ, գօ՛ մէկ դէւ մը մէկ հուրնի հրեղէն աղջկան մը ծնկան վէրէն ուր գազան գլօխ դրէ, կը քնի։ Աղջիկ քըրկահ կը բանի, ու ոսկի կուզ, ոսկի ագլօր մէջ ոսկի մաղին կը խաղան։
       Աղջկան աչք կ՚առնի տղին, կ՚ասի.
       -Հո՛ղածին, օձն ուր պորտով, հաւքն ուր թեւով չէր կարցե իկե ըստեղ, դու ի՞նչխ էկար։
       Տղէն կ՚ասի.
       -Քո սէր ձիկ իբե։
       Աղջիկ կ՚ասի.
       -Քո արեւու սադաղէն ըլնի, փախի, քանի դէւ չզարթէ, որ էլաւ‚ քո ճոչ կտոր ականջդ կը մնայ։
       Տղէն կ՚ասի.
       -Ձէն տու, թող էլնի։ Ես իկեր եմ, որ ինոր հետ կռիւ անեմ։
       Աղջիկ կ՚ասի.
       -Որ ըսկուն ի, դէ էդա խաչերկաթ կրակցու զա՛ր վէր ոտաց, դէւ կ՚ագհի։
       Տղէն խաչերկաթ կը կրակցուցի, կը զանի վէր դէւի ոտաց։ Դէւ ոտքեր իրար կուտայ, կ՚էլնի նստի, կ՚ասի.
       -Օ՜ֆ, լուեր կծիցին։
       Աղջիկ կ՚ասի.
       -Ի՞նչ սեւ լուեր, էլի՛, տե, էս կտրիճն իկե, հետ քե կռիւ պիտի անի։
       Դէւ խոլռկտալով մը կ՚իրիշկի դեհ տղէն, կ՚ասի.
       -Օ՜, ուր ոտնով ձիկ քաբաբցու ի իկե։
       Տղէnն կ՚ասի.
       -Էլի տիսնանք, Աստուած եա ձիկ կուտայ, եա քե։
       Վալա՛հ, տղէն ի, էս էլ կը բիբռի գետին‚ վիզ կը կտրի, ականջները կը պրծուցի, թալի ուր ջոբը։
       Էն էլ կը թողնի էն տեղ, կ՚առաջանայ, տիսնայ որ, հա՛ մէկ անհաւատ դէւ մը՝ գլօխ դրէ հուրնի հրեղէն աղջկան մը գոգ, քնե։ Էդ աղջիկ արեգական պէս կը փէլքկտայ։ Աղջիկ քըրկահ կը բանի, ու մէկ ոսկի թազի շուն, մէկ ոսկի սեւ աղուէս՝ մէջ ոսկի սինիին կը խաղան։
       Աղջկան աչք կը դէպնի տղին, կ՚ասի.
       -Հո՛ղածին‚ օձն ուր պորտով, հաւքն ուր թեւով չէր կարցե իկե ըստեղ, դու ի՞նչխ էկար։
       Տղէն կ՚ասի.
       -Հրեղէ՛ն, քո սէր ձիկ իբե։
       Աղջիկ կ՚ասի.
       -Քո կանանչ արեւն ափսոս ի, փախի ըստուց, թէ որ դէւն զարթաւ, քո ճոչ կտոր ականջդ կը թողնի։
       Տղէն կ՚ասի.
       -Ձէն տու, թող էլնի, ես ինոր հետ կռիւ անելու իկեր եմ։
       Աղջիկ կ՚ասի.
       -Որ ըսկուն ի, դէ՛ էդա ջաղցի ցից կրակցու, զա՛ր վէր դէւի ոտաց, կ՚արթննայ։
       Տղէն ջաղցի երկթէ ցից կը կրակցուցի, կը զանի վէր դէւու ոտաց։ Դէւ ոտն իրար կուտայ ու կ՚ասի.
       -Է՜, լուեր ոտքս կծիցին։
       Աղջիկ կ՚ասի.
       -Ի՞նչ սեւ լու ի, էլի՛ տե, կտրիճմ՚ իկե, հետ քե կռիւ պիտի անի։
       Դէւ աչքեր մաժելով կ՚իրիշկի դեհ տղէն, կ՚ասի.
       -Օ՜, էս անփիտուր կաքաւ, ուրն ուր ինկէ ակնատ։
       Տղէն կ՚ասի.
       -Ելի, տիսնանք, Աստուած եա քե կուտայ, եա ձիկ։
       Կը զանեն‚ կը զարնուեն։ Գօջայ տղէն ի նետովմ՚ էլ էս դէւուն կը շուլուլի գետին‚ վիզը կը կտրի, ակընջները կ՚առնի, կը դնի ուր ջոբը ու կը դառնայ աղջիկներաց մօտ, իրեքն էլ կը բիրի մէկ տեղ։
       Աղջիկները կ՚առնեն թագաւորի տղէն կը պտըտցուցեն յըմէն տեղեր։ Անդար հազար արծաթ, ոսկի, ակներ ջաւահիրներ, սիլահներ, հալաւներ, ինչ որ կան, յըմէնիցն էլ բայ կ՚առնի, զատ զատ իրեք ձեռք կը կապի։ Մէնակ կէծակէ թուր ուր մօտ կը պահի, մէկ էլ դըլըսմի մատնիկ մը կուտայ ինոր պստիկ աղջիկ։ Կը մտնեն դէւերաց ախոռներ‚ կը տիսնայ որ զատ զատ իրեք հրեղէն ձի կայ կապուած՝ մէկը սեւ, մէկը կարմիր, մէկը սիպտակ։ Ինոնցից մէկ մէկ մազ կը քաշի, ուր քօլօզի մէջ կը պահի։ Կ՚երթան խորի բերանը, աղբէրներաց կը կանչի։ Երկու ճոչ աղջիկ ու երկու ձեռք զինաթ կը կապի, կ՚ասի.
       -Քաշէք, առէք, աղբէրներ։ Էս աղջիկներաց ճոչը՝ ճոչիդ, միջնեկ՝ միջնեկիդ‚ ջըհէզներն էլ մէկտեղ ի։
       Պստիկ աղջկան ջըհէզն էլ քաշել կուտայ։ Աղջիկ կը դառնայ տղին կ՚ասի.
       -Առաջ դու էլի։
       -Չէ, - կ՚ասի տղէն, - առաջ դու պիտի ելնես։
       Աղջիկ կ՚ասի.
       -Ձիկ որ տիսնան, քե չեն հանե‚ կը մնաս խորի մէջ, խեղճ ես։
       -Ի՜նչ, - կ՚ասի տղէն - չէ՞ ինոնք իմ աղբէրներն են։
       -Է՛, - կ՚ասի աղջիկ, - դու գիտես։ Ամա՝ թէ որ մնացիր, ուրբաթ գիշեր իրեք գօչ կուգան ըստեղ, մէկը սեւ, մէկը կարմիր, մէկը սիպտակ։ Քե թա՛լ վէր սեւ քօչին, սեւ քօչը կը թալի վէր կարմիր քօչին, կարմիր քօչ կը թալի վէր սիպտակ քօչին, սիպտակ քօչ կը թալի լոս աշխարհ։ Մէկէլ իմ տուած մատնիկին դըլըսմ կայ. ինչ խորհուրդ որ անես, ինչ որ սիրտդ ուզի, կ՚առնես։ Ձիու մազերն էլ որ կրակին տաս, ձիեր դոր որ ուզես, կուգան քե կը գնտնեն։ Դէ մնա՛ս բարով։
       Աղբէրներ պստիկ աղջիկ որ կը հանեն, հէյրան կը մնան իդոր տեսքին ու խօրօտկութնին։ Կը դառնան կ՚ասեն մէյմէկու.
       -Իշտէ, իշտէ, իշտէ, խօրօտն ուր պահեց, էն մէկէլներ իտու մե։
       Սրտներ նեխածութնով կը լցուի։ Խեղճ պստիկ աղբէր կը թողնեն մէջ խորին, ուրենք կ՚առնեն աղջիկներ ու զինաթներ կ՚երթան։
       Ուրբաթ գիշեր իրեք քօչ էկան տղի մօտ։ Տղէն ուր սրտի ցաւից վռազ վռազ զինք կը թալի վէր սիպտակ քօչին, սիպտակ կը թալի վէր կարմրին, կարմիր կը թալի վէր սեւուն, սեւն ի կը թալի մութ մութ աշխարհ։ Տղէն ափլփելով դուռ մը կը գտնի, դուռ կը տփի, պառաւ մը կուգայ բանալու, կ՚ասի.
       -Ո՞վ ի։
       Տղէն կ՚ասի.
       -Անխէր, անմէր որբուկ տղէ մ՚եմ, մամի՛կ։
       Պառաւ դուռ կը բանայ, տղէն ներս կ՚առնի, կ՚ասի.
       -Ես էլ զաւակ չունեմ, դու ձիկ լաճ, ես քե մէր, մէյտեղ ապրենք, հացն Աստծուն ի։
       Ու կ՚ըլնեն մէր ու տղայ։
       Քիչ մը կը մնան, տղէն կ՚ասի.
       -Մարէ՛, շատ ծարաւ եմ, պուտ մը ջուր։
       Պառաւ կ՚ասի.
       -Հոգիս էլնի, ջուր չկայ։ Մէյ կտոր սաբր արա, չուր ջուր առնենք։
       Տղէն կը հարցուցի.
       -Մամիկ, էդ ի՞նչ խօսք ի։
       Պառաւ կ՚ասի.
       -Մեռնեմ քե, մեր աշխարհ մէկ աղբիւր կայ, էն էլ վիշապ մը բերան տուե դէմ, կայնե։ Աստծու օր մէկ ազաբ աղջիկ պիտի տանեն վիշապն ուտի, որ ջուր թողնի գալ, էն գահ ըմէն մարդ կ՚երթայ‚ ջուր կ՚առնի։ Վիշապ աղջիկն ուտելու ետքը, էլմը կ՚երթայ, աղբրի բերան կը բռնի։ Էս օր դօր թագաւորի աղջկան ի։ Հանգօ ձէնձէնոց կու գայ, ես կ՚ասեմ աղջիկ կը տանեն վիշապին։
       Տղէն կ՚իրիշկի‚ որ, ըղորդ, լուսնըկի պէս աղջիկ մը առեր են կը տանեն։ Ինքն էլ կ՚երթայ։ Կը տանեն աղջիկ, կը թողնեն վէր աղբրի ական մէնակ, ու ըմէն մարդ կ՚երթայ ուր տեղ։
       Տղէն կէծակէ թուր հետն ի առե, կ՚երթայ, աղջկան մօտ, կ՚ասի.
       -Աղջիկ, թող գլօխս դնեմ քո գոգ քնեմ։ Դու մի՛ վախենայ, եբ վիշապ կուգայ, ձիկ ձէն տու, ես քե կ՚ազատեմ։
       Կը քնի։
       Վիշապն ի բերանը բաց, պոչը ոլորելով, ֆըշֆըշալով կուգայ դեհ աղջիկ։ Աղջկան կեռիկ կը փակուի, կը բռնուի ու կուլայ։ Արտսունք տաք տաք կը թափի վէր տղի իրիսին, տղէն կ՚արթննայ, վեր կը թռնի, կը տիսնայ որ ի՞նչ, աղջիկ չում ծնկներ վիշապ կուլ տուեր ի։
       Համա՛ն ուր կէծակէ թուրը կը քաշի, կը դնի աղջկան գոգը։ Քանի որ վիշապը աղջկան կուլ կուտայ, թուրն էլ վիշապի բերան կը կտրի։ Աղջիկ ոտնէն չում գլօխ կը մտնի վիշապի փոր, տըղի թուրն էլ վիշապին կ՚անի երկու տապակ։ Աղջիկ կ՚էլնի դուս ողջ-ողջ, վիշապ կը հատնի։ Տղէն կ՚ասի աղջկան.
       -Դէ՛ էլի, գնա տուն։
       Աղջիկն ի ձեռ կը զարնի վիշապի էրունի մէջ ու կը ծիփի տըղի քամակին, որ էն նշանով ճանչնայ տղին։
       Աղջիկ կ՚երթայ ուր հօր տուն‚ տղէն էլ կ՚երթայ պառւու մօտ։
       Ըմէն մարդ բօլ բօլ ջուր կը կրեն։ Աղջիկ ուր հօր կը պատմի էն կտրճի պատմութեն։ Տղէն էլ պառւուն կը հարցուցի.
       -Մամի՛կ, ձեր աշխարհն ինչի՞ մութն ի։
       Պառաւ կ՚ասի.
       -Որդի, մէկ արծիւ մը յըմէն տարի ձագ կը հանի։ Վիշապ մը կայ, կուգայ ինոր ձագեր կ՚ուտի։ Արծիւն էլ ուր սրտի մռմուռից արեւու լոս կտրեր ի մեր վէրէն։
       Տղէն իզին կ՚առնի պառւուց, կ՚երթայ։ Կը տիսնայ‚ որ հա՛ վալայ, արծիւ ուր բոն դրե քարի մը վէրէն։ Տղէն էլ կը պառկի էն քարի տակ։ Վիշապն ի կ՚էլնի ֆըշֆըշալով կ՚երթայ դեհ ձագեր։ Տղէն ուր կէծակէ թուրը կը թալի, վիշապին կտոր կտոր կ՚անի, ինոր մսեր կուտայ արծւու ձագերաց։ Ձագեր կը ճըվճըվան, միս կ՚ուտեն, արծիւ ուր ձագերաց ձէնը կ՚առնի, կը հասնի։ Էն գիտի, թէ էն տղէն ի ուր ձագերը զա՛յ անողը։ Կը հասնի որ զարնի, ձագեր կը բօռան.
       -Եամա՛ն, ի՞նչ կ՚անես, թէ որ էդ տղէն չըլնէր‚ վիշապ մե կ՚ուտէր։ Էդա մարդ վիշապին սպանեց։
       Կը դառնայ արծիւ էն տղին կ՚ասի.
       -Էս աղէկութեն որ դու արիր, ուզի տիսնամ ի՞նչ կ՚ուզես ձիյնից։
       Տղէն կ՚ասի.
       -Ա՛խ, ձիկ հանես իմ լոս աշխարհ։
       Արծիւ կ՚ասի.
       -Շատ զօռն ի ուզածդ, ամա՛ քանի որ իմ ձագերաց ազատիցիր, ես էլ քո ուզած կ՚անեմ։ Գնա՛, քառսուն տիկ գինի, քառսուն ոչխրի դմակ բե, արե։
       Էն օր, էս օր, որ թագաւորի աղջիկ ազատուե‚ ու վիշապն սպանուե, թագաւոր դալալ կանչել տուե, թէ՝ Ո՞վ ի իմ աղջկան ազատող։ Թող գայ, իմ աղջիկ ինոր կուտամ, ու ինչ որ ուր բերան բռնի, ուզածը կուտամ ինոր։
       Հազար հազար կ՚երթան, կ՚ասեն.
       -Ես եմ սպանե վիշապին‚ ես եմ ազատե քո աղջկան։
       Աղջիկ կ՚ասի.
       -Չէ՛, իսոնցից մէկն էլ չի՛։
       Էլ մարդ չմնայ քաղաք։ Թագաւոր կը հարցուցի.
       -Էլ մարդ չմնա՞ց։
       -Թագաւորն ապրած կենայ, - կ՚ասեն, - մէկ աղքատ պառւու մը տուն ղարիբ տղէ մը կայ, էն ի մնացե։
       -Գնացէք, բիրէք, - կ՚ասի թագաւոր։
       Կը բիրեն, ու աղջիկ կ՚ասի.
       -Գօսկօ՛ էսա ի։
       Ուր զարկած էրնի նշանն էլ նշանց կուտայ։
       Թագաւոր կ՚ասի էն տղին.
       -Ուզի՛, կտրիճ‚ քո ազատած աղջիկ քե հալալ ըլնի, ուզի տիսնանք ուրիշ ի՞նչ կ՚ուզես։
       Տղէն կ՚ասի.
       -Թագաւոր ապրած կենայ, քո աղջիկ Աստուած ուր գըսմաթին բաշխի, քո դօլվաթն էլ Աստուած քե բարի վայելում տայ։ Իմ ուզածն էն ի, որ ձիկ քառսուն տիկ գինի տաս, քառսուն հատ գօչու դմակ, որ արծիւ ձիկ հանի լոս աշխարհ։
       Էն գահն ինե տըղի ուզած կուտայ թագաւոր։ Տղէն ի կ՚առնի իդոնք‚ կ՚երթայ մօտ արծիւ։
       Արծիւ կ՚ասի.
       -Դէ բիրածներդ բարձի իմ թեւերացս վէրէն, դու էլ նստի վզիս վէրէն։ Եբ բու կ՚անեմ‚ գինի տուր, եբ կու կ՚անեմ‚ դմակ մը տուր։
       Տղէն կուգայ պառւու ձեռ կը պագի‚ օհնիթքը կ՚առնի, կ՚երթայ։
       Արծիւն ի՝ կ՚առնի վէր ուր թեւքերաց, կը բանձրանայ։ Քանի բու կ՚անի‚ տիկ մը գինի կուտայ, քանի կու կ՚անի‚ մէկ դմակ կուտայ տղէն։ Կը բանձրանա՜յ, կը բանձրանա՜յ չում կ՚ելնեն լոս աշխարհ, կ՚երթան տղի հօր երկիրը։ Իտին դրին արծիւ կ՚անի կու. տղէն ուր ուրախութնից կը վռազնայ, մէկ դմակ ի մնացե, կը փրթնի, կ՚ինի։ Ուր թուր կը թալի‚ ուր մէկ ոտաց կակուղ կուշտը կը կտրի, կուտայ արծւուն։ Արծիւ համից կ՚իմնայ, որ իսանի միս ի, լեզուի տակ կը պահի։
       Կը հասնեն։ Արծիւ տղին կը դնի գետին, կ՚ասի.
       -Դէ՛ էլի, քէլի, գնա, տիսնամ։
       -Չէ՛, - կ՚ասի տղէն, - դու գնա, ես կ՚երթամ, ոտքերս կըռմերի։
       Արծիւ շատ զօր կ՚անի տղին, տղէն կ՚ելնի, չկանայ քէլե։ Արծիւ ուր լեզուի տակից կը հանի պահած միս, կը կպուցի տըղի կուշտ, ուր թքով ու լեզւով կը եռցուցի, ճամհու կը դնի դեհ քաղաք, ինքն էլ կը թռնի կ՚երթայ, ուր ձագերաց կը հասնի։
       Տղէն կ՚էլնի դրէ դրէ կ՚երթայ, հովիւ մը ռաստ կուգայ։ Ոչխրի փոր մը կ՚ուզի հովւուց, կ՚ընցուցի ուր գլօխ, կ՚ըլնի քաչլիկի պէս։ Կ՚երթայ քաղաք, կը տիսնայ‚ որ թագաւորի լաճեր հարսնիս կ՚անեն, էն օրն էլ ուր նշանլին կը փսակեն վէր թագաւորուն։ Տղի սիրտ կը գալրի, ամա ինչ կանայ անե։
       Կ՚երթայ շուկէն‚ ոսկրչի մօտ, կ՚ասի.
       -Ձիկ չե՞ս առնե մօտ քե աշկերտ։
       Ոսկրիչ կ՚իրիշկի՜, կ՚իրիշկի՜, կ՚ասի.
       - Դէ՛ արե, քաչլիկ։
       Էն օր թագաւորի մարդեր բեռ մը ոսկի, արծաթ կը բիրեն էդ ոսկրչուն, կ՚ասեն.
       -Մէկ ոսկի մուկ, մէկ ոսկի կատու պիտի շինես, որ ոսկի դաշտի մէջ վազեն։
       Ոսկրիչ կ՚ասի.
       -Ես կը շինեմ, ամա՛ հոգի չեմ կանայ տայ, որ վազվըռտեն։
       -Չենք գիտէ, - կ՚ասեն, - թագաւորի ամրն ի, նոր նշանլին ըսկուն կ՚ուզի, ասեր ի. «Չում շինել չիտաս, քե չեմ առնե»։
       Ու կը թողնեն կ՚երթան։
       Ոսկրիչ սեւ սուգ կը կապի, չգիտէ ի՛նչ անի, շինի՝ չկանայ, չշինի՝ գլօխ կ՚երթայ։
       Քաչլիկ կը վերցու կ՚ասի.
       -Ուսթա՛, ի՞նչ կը մէզես, ինչի՞ ես շիւարե։
       Էն էլ կ՚ասի.
       -Ըսկընայ, ըսկընայ։
       -Դու դարդ մ՚անե, - կ՚ասի քաչլիկ, - գնա ձիկ երկու նուկի պնդուկ ա՛ռ, չորս նուկի գոզ, ես գիշերս կը շինեմ։
       Ուսթէն կ՚ասի.
       -Ա՛խ իմկնի շունշանորդի քաչլիկ, իմ դարդ հէրիք չի, դու էլ տընազ կ՚անես։
       -Չէ, վալահա՛յ, - կ՚ասի քաչլիկ, - դու գնա՛ գոզ, պնդուկ բե, առաւտուն արե, քո ուզածն առ։
       Ոսկրիչն ի‚ կ՚երթայ քաչլկէ ուզած կը բիրի։ Գիշեր քո՞ւն կայ, քանի՛ կուգայ ականջ կ՚անի, կը տիսնայ‚ որ քաչլիկ գոզ ու պնդուկ կը կոտրտի, կ՚ուտի։
       Աղօթրան կը բացուի չբացուե, քաչլիկ ուր ծոցի մատնիկ կը հանի, կրակին նշանց կուտայ, կ՚ասի.
       -Ես քեզնից կ՚ուզեմ, դու՝ Աստծուց, տիսածս ոսկի մուկ, ոսկի կատուն՝ մէջ ոսկի դաշտին գան ըստայ։
       Էն գահն ինե երկու սեւ արաբ ուզած բաները կը բիրեն, կը դնեն առջեւ, կ՚երթան։
       Ուսթէն ներս կը մտնի, սիրտ կը թըփթըփայ։ Քաչլիկ նշանց կուտայ, կ՚ասի.
       -Գօսկօ՛, ուսթա, շինիցի, առ, տար։
       Ուսթէն ուրախութնից ոտքեր գետին չառնե։ Կ՚ելնի, կ՚առնի, կ՚երթայ։ Թագաւոր շատ բաշխիշ կուտայ, կ՚ասի.
       -Կանուխ դուն էլ արե՛ հարսնիս։
       Ուրախ ուրախ կը դառնայ ոսկրիչ։ Քաչլիկ աղաչանք կ՚անի, կ՚ասի.
       -Ուսթա, ուսթա, ձիկ էլ տար հետ քե հարսնիս։
       Ուսթէն կ՚ասի.
       -Տղա՛յ, կ՚ինես ձիերաց ոտաց տակ, գլօխդ կտոր կտոր կ՚ըլնի, տեղդ կաց։
       Մէկէլ օր ոսկրիչ կ՚երթայ հարսնիս։ Քաչլիկն ի, սեւ ձիու մազ կուտայ կրակ, առջի դէւու սեւ ձին, սեւ սիլահները, սեւ հալաւ վէրէն կուգայ, հազըր կը կայնի։ Քաչլիկ կ՚էլնի հալաւ կը փոխի, սիլահներ կը կապի, սեւ ձին կը հէծնի, կը դառնայ հրեղէն, կ՚երթայ թագաւորի մէյդան։ Թագաւորի վազիրներ ու լաճեր զըմէն ալթ կ՚անի, կուգայ ուր ուսթին էլ թիւից կը բռնի, կ՚անթոլկի մէկ դեհ, կը դառնայ շոտ մը ուր տեղ էլմ՚ էն քաչլիկ կ՚ըլնի, կը նստի անմեղ։
       Իրիկուն ուսթէն կուգայ։ Քաչլիկ աղաչանք կ՚ինի, ուսթէն էլ տեսածներ կը պատմի, կ՚ասի.
       -Ոչ բարով երթի, մէկ սեւ ձիաւոր մը՝ սատանայ էր, հրեշտակ էր, ինկաւ մէյդնի մէջ. կէծէլ կրակ էր, փոթորիկ էր, զըմէնին էլ ալթ արաց, իզարկ ձիկ ձիկ էլ ձիուց գլորեց ու կուրսուաւ։
       Քաչլիկ գլօխ տանելով, բիրելով «ձը՛ ձը՛ ձը՛ ձը՛» արաց ու զարմացաւ, դու կ՚ասես՝ ըսկի բանից խաբար չի։
       Իսոնք թող մնան ըստայ, մենք երթանք մօտ աղջիկ։
       Էդ աղջիկ որ տեսաւ ոսկի մուկ, ոսկի կատուն՝ մէջ ոսկի դաշտին շինուած, ասաց. «Վալլա՛հ, իմ նշանլին էլեր ի լոս աշխարհ»։ Էսադրիս թագաւորին ասաց.
       -Մէկ ոսկի կուզ, ոսկի ագլօր՝ մէջ ոսկի մաղին խաղան, չում շինել չի տաս, քե չեմ առնե։
       Կը կանչեն էն ոսկրիչ։ Ոսկրիչ քաչլիկ քամկով խօսք կուտայ, գոզ ու պնդուկ կ՚առնի, քաչլիկ մատնիկ կրակին նշանց կուտայ, էն գահն ինէ ոսկի կուզ, ոսկի ագլօր՝ մէջ ոսկի մաղին՝ երկու արաբ կ՚առնեն, կը բիրեն կը դնեն տըղի առջեւ։ Առաւտուն ուսթէն կը տանի թագաւորին։ Թագաւոր էլմ՚ ոսկրչին կը կանչի հարսնիս, էլմ՚ քաչլիկ աղաչանք կ՚ինի, ուսթէն չը տանե։
       Քաչլիկն ի, կարմիր ձիու մազ կուտայ կրակ, մէկէլ դէւուն կարմիր ձին, կարմիր սիլահները, կարմիր հալաւ վէրէն կուգայ‚ հազըր կը կայնի։ Քաչլիկ հալաւ կը փոխի, սիլահները կը կապի, ձին կը հեծնի, կ՚երթայ թագաւորի մէյդան, զըմէն ալթ կանի, էլմ՚ կուգայ կը զանի ուսթին, ձիուց կը դըմըշկլի ցածր ու կը դառնայ ուր տեղը, կը փոխուի, գուզ կ՚անի, կը նստի։
       Իրիկուն ուսթէն կուգայ‚ կը պատմի։ Քաչլիկ կը զարմանայ։
       Է՜‚ աղջիկն ի, կը հասկնայ, որ ուր նշանլին իկեր ի, թէ չէ՝ ուրիշ մարդու բերնից չինկե էն բաներ շինել։
       Մէկէլ օր թագաւորին կ՚ասի.
       -Ես կ՚ուզեմ ոսկի աղուէս, ոսկի թազի, մէջ ոսկի սինուն վազեն, թէ որ շինել չիտաս, քե չեմ առնե։
       Թագաւորի մարդեր կ՚էլնեն կ՚երթան մօտ էն ոսկրիչ։ Քաչլիկ աչքով կ՚անի ուսթին, ուսթէն խօսք կուտայ շինելու։ Կ՚երթայ գոզ ու պնդուկ կ՚առնի, կը բիրի քաչլկէն։ Քաչլիկ գիշեր չում լոս կ՚ուտի, աղօթրնին կը հանի մատնիկ, նշանց կուտայ կրակին, էն գահն ինե՝ ոսկի աղուէս, ոսկի թազին, մէջ ոսկի սինուն՝ երկու սեւ արաբներ կը բիրեն քաչլկէ առջեւ։ Ուսթէն կուգայ, կ՚առնի, կը տանի թագաւորին, էն օր էլ հարսնիս կ՚անեն։
       Քաչլիկն ի սիպտակ ձիու մազ կուտայ կրակ։ Էն մէկէլ դէւու սիպտակ ձին, սիպտակ սիլահները, սիպտակ հալաւ վէրէն‚ կուգայ, հազըր կը կայնի։ Քաչլիկ հալւըները կը հագնի, սիլահները կը կապի, կէծել թուրը կ՚առնի ձեռը, սիպտակ ձիու քամակ կը թռնի, կ՚երթայ‚ կ՚իյնի մէջ հարսնւորներաց։ Ամբերաց հետ կը խաղայ, կ՚էլնի, կ՚իջնի‚ կը զարնի թագաւորին, ուր երկու աղբէրն էլ կը սպանի, ուր նշանլին կ՚առնի, կը փսակուի, կ՚ըլնի թագաւոր, կը հասնի ուր սրտի մուրատին։ Աստուած ձե հասուցի ձեր սրտի մուրատին։