Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՆՈՐԻՆ ԳՐԻԳՈՐԻ ԱՍԱՑԱԾ
       Դու դրախտ Եդեմայ տնկեալ յանեղէն,
       Ի յելս արեւու տեղի լուսեղէն,
       Ծառովք եւ ծաղկովք, պըտղովք շողեղէն,
       Զոր շրջապահեալ պահէ սերովբէն։
       Որպէս զՆախաստեղծըն գեղեցիկ ես,
       Տիպ եւ գաղափար Տեառն Աստուծոյ ես,
       Պատկերով պատուեալ քան զՄիքայէլ ես.
       Ի հողեղինացըս հըրեղէն ես։
       Թափանցիկ լուսով ակըն արեւու,
       Լիալիր լուսին մեղմով գընաս դու.
       Աստղ վառ ի վառ ցօղ առաւօտու,
       Եւ աւետաբեր հողմըն հարաւոյ։
       Լեառըն Արարատ, Կարմեղ եւ Սինայ,
       Թափօր եւ Հերմօն նըման Բեթէլայ,
       Ո՛վ ի քեզ դիմէ, շատ փարթամանայ։
       ………………………………………………
       Վըտակ Եդեմայ եւ գետ Յորդանան.
       Սելովմայ աղբիւր, եւ ջուր ես յուզման,
       Անկեալ եմ հիւանդ, մերձ առ քո դըրան,
       Սպասեմ հանապազ ես առողջութեան։
       Փայլուն մարգարիտ ի մէջ սատափին,
       Ահագնատեսիլ յատակըն ծովին,
       Որ գաս ի ցամաք ձեռամբ լողորդին,
       Աղութ ու զըմրութ գոհար մեծագին։
       Վերնոց վեհագոյն‚ եւ աշխարհի զարդ,
       Ուշիմ եւ խոհեմ օրինակ ի մարդ։
       Նոճի, մրտենի, սանդալի եւ սաթ,
       Նունուփար ծաղիկ, փըթըթեալ զըւարթ։
       Յարեայ, շրջեցայ ի մէջ գիշերոյս,
       Խընդրեցի գըտայ իմ աչացըն լոյս,
       Եկ, իմ գեղեցիկ քրքում եւ նարդոս,
       Ոչ թողից ըզքեզ, մուտ ի տուն գինւոյս։
       Կիպասայ կարմիր եւ մաքուր արծաթ,
       Վարսիւք վայելուչ որպէս զթուխ սաթ,
       Ով որ տեսանէ, դառնայ ……………….
       Անդուռ, անվանդակ, եւ առնէ ֆըրեաթ։
       Երբ ի կան ածես զաչերդ ի կամկար,
       Սըրտեր խոցոտես, համարով հազար։
       ………………………………………………
       Նարընջի ծաղիկ, կալասի տերեւ,
       Դու վարսաւորեալ արմաւինաձեւ,
       Փայլ ըզփայլի տաս, սիրամարգի թեւ,
       Խընդութեան տեղիք, աչաց լոյսըս՝ քեւ։
       Հոտ քո բուրեսցէ վարդ ու շուշանի,
       Մանուշակ եւ մուշկ, հովիտ ծաղկալի,
       Նարկիզ, նօնօփար, սըմբուլ, կընդըրկի,
       Ամենայն քըմաց ես ախորժելի։
       Դու սքանչելագործ զեդ զօրաւոր խաչ,
       Ահաւոր տեսլեամբ քան ըզկարի քաջ,
       Ելանես, գընաս‚ եւ լինիս յառաջ,
       Կամ խօսիր ընդ իս, կամ նըստիր ի յաջս։