Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՆՈՐԻՆ ԳՐԻԳՈՐԻ
       Գարունն է բացուեր վարդն ի բաղչային,
       Քաղցր եղանակէ բլբուլն ու ղումրին,
       Սիրով են վառեալ ի կարմիր թըփին,
       Կանանչ ու կարմիր տերեւ կու հագնին։
       Գինով եմ գինով, գիշերն երազով,
       Գինով եմ գինով, ցերեկն արեւով։
       Համասփիւռ ծաղիկ անթառամելի,
       Դու …………………… բըժիշկ ամենի.
       Միշտ կանանչ կենաս քան զնշդարենի,
       Ըզմեզ քո տեսոյդ արա արժանի։
       Գինով եմ գինով։
       Քաղցրահամ ճաշակ բերկրեալ զուարճալի.
       ………………………………… ծառ արմաւենի.
       Շողեղէն պատկեր քան ըզթերթ վարդի,
       Շրթանցդ համբուրի արա՛ արժանի։
       Գինով եմ գինով։
       Քըրքում եւ զըմուռս նարդոս ցանկալի,
       Դու կարմիր խնծոր ի մէջ տերեւի,
       Կանանչ բուրաստան ծաղեալ շուշանի,
       Դու մուշկ ու ամբէր բուրումն ամենի։
       Գինով եմ գինով։
       Ծառ նարընջենի, ծաղիկ ծովային,
       Դու սալվի չինար, տունկ պալասանի,
       Ծաղկեալ բուրաստան հոտդ ըզմայլելի,
       Դու վարդ մանուշակ, ծով ես ծիրանի։
       Գինով եմ գինով։
       Զօհալ, Մուշթարի, աստղ առաւօտին,
       Զօհրա լուսաբեր ղամբար եւ լուսին,
       Պայծառ արեգակն յերկնից կամարին,
       Թուխ ամպի նման ցօղ ես անձրեւին։
       Գինով եմ գինով։
       Գեղեցիկ պատկեր եւ տիպ հրաշալի,
       Լուսազարդ գեղով նըման հրեշտակի.
       Բերանդ է խորան, պռկունքդ խնկալի,
       Ատամունքըդ դրունք շարոց մարգարտի։
       Գինով եմ գինով։
       Ի յամէն դիմաց բըղխեցար բարի,
       Եւ քեզ հովանի նըշան սուրբ Խաչի.
       Պահապան լինի աջն Հայրենի,
       Եւ փըրկէ ըզքեզ ի չար վըտանգի։