Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ ԳԵՂԵՑԻԿ ԳՐԻԳՈՐԻ ԱՂԹԱՄԱՐՑՒՈՅ ԱՍԱՑԵԱԼ
       Ծաղկունք ասեն, հերիք արա,
       Քանի կանչես վարդին վերայ,
       Գահ ու բէ գահ քո ձայնդ կուգայ,
       Ի մեր բաղչիցն ելիր գընա՛։
       Քանի՛ առնէք դուք ինձ ադաբ,
       Սիրտս ի սիրոյ եղեր քաբաբ.
       Ես կու մաշիմ վարդին սաբաբ,
       Իմ հալն առանց իւրն է խարաբ։
       Գամ իջանեմ վարդերուն տակ,
       Կանանչ տերեւն առնեմ ինձ յարկ,
       Իմ սըրտիս մէջըն կայ կըրակ,
       Թըռչնում եւ գամ երագ երագ։
       Ի քեզ նայիմ աչօքս անթարթ,
       Նա փարատի զինչ կայ հասրաթ,
       Գեղեցկութիւն դրախտին եւ զարդ,
       Կարօտ են քեզ ամենայն մարդ։
       Վարդըն կանչէ բըլբուլն երգէ,
       Քաղցըր ձայնիւ եղանակէ,
       Ով որ ըզքո ձայնըն լըսէ,
       Նա հեռանայ, զմեզ երանէ։
       Ո՛վ նենգութեամբ առնէ քեզ նազ,
       Թող իւր աւուրք դառնայ նուազ։
       Թըռչունքն ասին. Ո՛վ բըլբուլէ,
       Քանի՛ կանչես, պահ մի լռէ։
       Ասաց թէ՝ Սէրըն կու նեղէ,
       Վերայ վարդին աշուղ եղէ։
       Սիրտըս չըկայ հետ իւր ընկեր,
       Քանի՛ խոցէք ասէք թէ՝ երթ.
       Հողմըն շարժէ զվարդին թերթեր,
       Նայիմ՝ փոշման դառնամ ի յետ։
       Այլ չի մընաց բընաւ յիս ոյժ,
       Է՞ր հեռանամ, եւս չունիմ ժոյժ.
       Ինձ օր մահու լինի եւ գոյժ,
       Հոտըն վարդին սըրտիս է բոյժ։
       Զօրըն կենամ յերերմանի,
       Քունս է հատեր ի գիշերի,
       Աղաղակեմ արտասուալի,
       Յայգւոյս չերթամ ես յայլ տեղի։
       Ըռանգ վարդին որպէս ըզլալ,
       Տեսաւ բլբուլն եղեւ բէհալ.
       Անմահութեան հոտըն բուրեալ,
       Նա ի սիրոյն եղեւ արբեալ։
       Վարդըն տեսաւ բըլբուլ ուրախ,
       Որ ձայն ածէր ինքըն անմահ,
       Ծիծաղեցաւ վարդըն մէկ պահ,
       Պայծառացաւ տիպն քան ըզջահ։
       Վարդըն կարմիր գունով վառած,
       Նա Շահ բըլբուլըն ձայն էած,
       Հոտէն եղեւ խեւ ու հարբած,
       Վարդի տեսոյն էր կարօտած։
       Բըլբուլն ասաց ես եմ առակ,
       Կ՚առնեն թըռչունքըն զիս կատակ,
       Վարդըն չ՚նայէ յինքըն շիտակ,
       Նա ի յաչացըս ել վըտակ։
       Զօրն ի ճըղին մընամ ի կախ,
       Եւ միշտ պահեմ ըզվարդին ռահ,
       Զով որ տեսնում՝ նա ինձ է մահ,
       Զվարդըն քաղեն տանեն, անշա՜հ։
       Վարդն է զգեցեալ գունով հանդերձ,
       Ուրախանամ երբ լինիմ մերձ.
       Կ՚ասէ. Սիրով դու առ իս դարձ,
       Զահն եւ զերկիւղն ի յինէն բարձ։
       Կ՚ասէ. Մ՚առներ դու հետ ինձ խաղ,
       Ես եմ կարմիր որաղ որաղ,
       Ցօղն ի յամբէն իջնու պաղ պաղ,
       Վերայ վրանին իմոյ խաղաղ։
       Վարդըն կ՚ասէ. Զձայնըդ քաղցր ած,
       Ծաղկանցն ամէն եմ սար ու թաջ,
       Պայծառ գունով լուսաճաճանչ,
       Բըժիշկ ցաւոց եւ սըրտից հաճ։
       Ֆէրեադ կ՚առնէ ինքն յամէն ժամ,
       Զկանանչ փարդէն յետ կու բանամ,
       Ըզքեզ տեսնում ուրախանամ,
       Այլ ի քենէ ոչ հեռանամ։
       Բլբուլն ըզվարդըն կու գովայ,
       Իրիկուընէ ձայնըն կու գայ,
       Ծաղկունքն ամէն են քեզ ծառայ,
       Դու թագաւոր եւ տէր նոցա։
       Բըլբուլ զարթնու կէս գիշերին,
       Վարդըն փըթթի առաւօտին.
       Շողն իջանի վերայ թըփին‚
       Պայծառանայ գեղըն վարդին։
       Շուրջ ու բոլոր իւրեւ են փուշ,
       Հոտըն վարդին բուրէ անոյշ,
       Տեսաւ բլբուլ, եղեւ բէ ուշ,
       Ասաց ի՞նչ ժամ եղեւ քեզ փուշ։
       Եմուտ բլբուլն ՚դիւան վարդուն,
       Թէ գանգատ ունիմ յանգէտ մարդոյն,
       Բեր համբուրեմ ըզտիպըն քո,
       Որ դիւրանայ ցաւըս մարմնոյ։
       Վա՛րդ, բլբուլին արա՛ զրոյց,
       Երբոր գայցէ ինքն ի դըրուց,
       Ուրախութեամբ ըզքեզ սընոյց,
       Զնա որոշեա՛յ ի յայլ հաւուց։
       Վարդն ի բըլբուլն երբ խօսեցաւ,
       Այլ տրտմութեամբ հոգ չունեցաւ,
       Քան թէ խընդաց ուրախացաւ,
       Զի իւր սըրտի սէրըն լըցաւ։
       Եղեւ բըլբուլըն թեւաթափ,
       Թէ ե՞րբ ածեմ ըզվարդն ի յափ,
       Քանի՜ եղաւ կանչեմ անչափ,
       Ի դէմս վարդին հարկանեմ ծափ։
       Ի ձեր սըրտեր դուք սէր չունիք,
       Վասն այն զիմ ձայնըս չընդունիք,
       Վարդըն կ՚ասէ, Մի՛ այլ, հերիք.
       -Բայց ես կանչեմ, ունիմ կարիք։
       Գերի՛ Գրիգոր անյիշելի, (մի՛շտ յիշելի)
       Եւ անպիտան (խիստ պիտանի) Աղթամարցի,
       Սէր աշխարհիս սուր երկսայրի,
       Հոգիս նովաւ վիրաւորի։
       Աստուածատուր Մեծոփեցի,
       Յինէն խընդրեաց, եւ ես գրեցի,
       Ամենքդ ասէք սըրտով ի լի,
       Ինձ եւ նորա՝ Տէր ողորմի։