Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍԻՐՈՅ Ի ՎԵՆՆԱ ԵՒ Ի ՓԱՐԻԶ
       Գլուխ գրոյն գրեալ՝ Ողջո՛յն քեզ, Վեննա,
       Ի Փարիզ ծառայէդ, որ միշտ ծառայ կայ.
       Գերի եմ քեզ, թէ միտք քո զկեանսս իմանայ,
       Թէ եղկելի Փարէզ ի՞նչ հալի կայ։
       Տե՛ս թէ՝ անդադարս ո՞րպէս դադարի,
       Սէրդ արար զիս խեւ, եղեալ եմ վայրենի,
       Երբոր անցնիս ի միտս, ջիգարըս այրի,
       Եւ ժամերս առանց քեզ են հազար տարի։
       Է՜ իմ քաղցրիկ Վեննա, իմ արեւ եւ լոյս,
       Մտեր ես մէջ սըրտիս, չես իգար ի դուրս,
       Վասըն քեզի միայն կամ ես տարակոյս,
       Ա՛յ իմ չինարի ծառ, գարնան կանանչ բոյս։
       Վեննա՛ երբ ասեմ եւ զանունըդ տամ,
       Խելագարեմ ի ժամն …… դառնամ,
       Ուշկս ՚յինէն երթայ‚ մեռեալ ես մնամ,
       Վկայն իմ է յերկինս, որ ես հաւատամ։
       Երբոր մտօքս անցնիս, սիրտս առնու գալար,
       Աղիքս մորմոքի, մահու քրտինք գայր,
       Բազում անգամ կամիմ զկենացըս վըճար,
       Գամ, քեզ մօտենամ, զի այլ չունիմ ճար։
       Ահա ես միշտ ասեմ թէ՝ կեանքս ի՛նչ լինի,
       Որ Փարէզ իւր աչօք Վեննա տեսանի,
       Թող յայնժամու բաժին աշխարհ անցանի,
       Կամ առաջի ոտացդ անկեալ մեռանի։
       Թէ զհոգս զամենայն ածեմ ես գըրով,
       Գիտեմ ոչ աւարտի նա հազար տարւով,
       Այլ զքեզ ողջունեմ ես հազար բարով,
       Բարեւս քեզ գայցէ ծովով, ցամաքով։
       Յորժամ զայս թուղթըն կարդայ Վեննա,
       Արտասուք յաչացն խիստ յորդորանայ,
       Բազում կսկծի նա, ջուրն արիւն դառնայ,
       Ժամ մի խելքն յիւրմէն երթայ, եւ ժամ մի այլ գայ։
       Երկուս ի ծառայիցըն պատրաստ կային,
       Զջուր ի յերեսին հանապազ ցանեն։
       Ի նորա դառնութեանց ամենըն լային,
       ՅԱստուած յուսալով՝ նըմա սիրտ տային։
       Տեսնու Վեննա խաթուն‚ որ բանն աւերի‚
       Զի յերթեւգալոյն խելքն ոչ դադարի,
       Եւ Իսաբէլ ընդ գործս Վեննայու այրի,
       Եւ միշտ աղաղակէր զի գործն վճարի։
       Խորհին նոքա յիրեարս, արտաքս ոչ երթան,
       Այլ յայնմիկ լուսանցքին զրոյց միմեանց տան։
       Խորհուրդ Իսաբելայ էր սա դուրընկան,
       Երբէք ի լուսանցքէն նոքա չհեռանան։
       Քաղցրիկ միշտ զրուցեն յոյժ փափագանօք,
       Ժամ ժամ վարանեն խելօք եւ մտօք։
       Ասէ Վեննա նըմա՝ Է՛‚ Փարէզ խելօք,
       Խորհուրդ մի դու խորհեա, զի զերծինք հնարօք։
       Պատասխանի ետ Փարէզ՝ Է՛‚ լուս իմ Վեննա‚
       Որպէ՛ս որ դուն գիտես, այնպիսի արա՛‚
       Զի սէր քո ոչ թողեր ինձ խելք ի վերայ,
       Զիս անգէտ ծառայ մի քեզ համարեա։
       Ասէ Վեննա նըմա՝ Փարէ՛զ, իմ հոգիս,
       Վաղիւըն յայս ժամուս եկն առ իս քո գերիս,
       Եւ ես խորհուրդ առնեմ ի յայս գիշերիս,
       Միթէ բարի ճանապարհ գտանե՞մք այս բանիս։
       Փարէզ տայ ողջոյն ի վերայ ու երթայ,
       Վաղիւն դիպող ժամն դառնայ անդ եւ գաղտիկ սըղայ,
       Փարէզի գալն Վեննա յիմանայ փութայ,
       Ի լուսամուտին սիրով բարեւ տայ։
       Ասէ՝ Հոգիս Փարէզ, այսպէս խորհեցայ,
       Քան զայս բարի ոչ է որչափ ոք ջանայ,
       Դարձիր ի յայս ժամուս ըզհայրդ աղաչեա,
       Երթեալ խնդրեսցէ, զի հայր իմ զիս քեզ տայ։
       Փարէզ ասէ նըմա՝ Քաղցրիկ իմ Վեննա,
       Ո՞րպէս թէ այդ բանիդ սիրտըս հաւատայ‚
       Բայց կատարեմ զխօսքըդ յիմ գլխուն վերայ,
       Զի եմ տրուպ ծառայ ես‚ իսկ դու՝ իմ արքայ։
       Ապա միւս բան եւս խօսի քո գերիս,
       Եթէ թոյլ ինձ տաս, եւ մտօք կամիս։
       Ասէ Վեննայ՝ Խօսեա՛ց իմ սիրտս եւ հոգիս,
       Միթէ բարի ճարակ մի մեզ խընայե՞ս։
       Փարէզ ասէ զայս՝ Վեննա, իմ աչաց լուս,
       Երթ դու ամուսնացիր, զո՛ր իշխան առնուս,
       Եւ զիս իբրեւ ծառայ դու ընդ քեզ տանիս,
       Որ զհողաթափդ պահեմ ի վերայ գլխոյս։
       Ասէ Վեննա նըմա՝ Թէ զայս ոչ առնեմք,
       Երթ զասացեալս արա, որ զայն տեսանեմք,
       Թէ նովաւ ոչ լինի, այլ բանս հնարեմք,
       Մի՞թէ երեսպարզ ըզգործս վճարեմք։
       Փարէզ դառնայ ի յետ բազում խորհրդով,
       Կացեալ ի հանդէպ հօրն բազում ամօթով,
       Ասէ հայրըն՝ Խօսեա, ա՛յ որդեակ իմ, սիրով,
       Զոր ինչ յինէն խնդրես, կատարեմ փութով։
       Պատասխանէ Փարէզ՝ Հա՛յր իմ, ամաչեմ,
       Որ բանս պատկառելիս ընդ քեզ խօսեալ չեմ,
       Հապա այս անգամս ըզքեզ աղաչեմ։
       Խնդրեակ լեր Վեննայու միթէ ես առցեմ։
       Յակոբ հայեաց ի Փարէզ, նա դառըն ելաց,
       Գիտաց հայրըն նորա, մանուկն է այրած,
       Հեծեալ նա ակամայ առ Դուլֆին գնաց,
       Եհար զծունկն ի գետնին, առաջի եկաց։
       Ասէ իշխանն նըմա՝ Թէ բարի եկիր,
       Ասա՛‚ թէ այժմ յինէն զի՞նչ կամիս խընդիր,
       Կատարեմ քեզ այսօր զոր ի միտ ունիր,
       Զի դու ես բարերար միայն յիմ երկիր։
       Խօսի Յակոբ ահիւ եւ պատկառանօք,
       Եւ թողութիւն խնդրէ ի նմանէ աղօթիւք,
       Ասէ՝ զՎեննա տացես որդւոյս օրինօք,
       Ոչ եկեալ զքեզ ժըտեմ, այլ քոյին կամօք։
       Երբոր լուաւ իշխանն, խելքըն վերացաւ,
       Եւ դառնութեամբ մահու ի նա հայեցաւ,
       Կատաղեալ բարկութեամբ սպանանել կամեցաւ,
       Բազմաց աղաչանացըն պատկառեցաւ։