Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա
273. [ԱՆԴՐԷ ՄԱՆԴԷԼՇՏԱՄԻՆ]

Թարգմանութիւն

[Կ. Պոլիս], 15/28 դեկտեմբերի, 1913

 

Բացարձակապէս արժանահաւատ մի աղբիւրից ես տեղեկացայ, որ երկուշաբթի օրը Դուռը ջանալու է անդրադառնալ Խորհրդականի նշանակման հարցում Տէրութիւնների յանձնարարականին: Նա յոյս ունի ձգձգումներով յոգնեցնել ռուսական դիւանագիտութեանը եւ ժամանակ շահել: Մեծ վեզիրը հիմնւում է այն բանի վրայ, թէ հինգշաբթի օրը արած իր առաջարկութիւնը անմիջապէս չի մերժուել եւ յոյս ունի, որ պարոն Դեսպանին դարձեալ կարող է ներքաշել այդ խնդրի քննարկման մէջ:

Նա հետեւում է մի գործելակերպի, որի համաձայն իր իսկ անունից առաջարկներ է անում, բայց երբ գալիս է պահը` թաքնւում է նախարարների խորհրդի ետեւում:

Տէրութիւնների յանձնարարականով եվրոպացի Խորհրդականի նշանակումը շատ դժուարութեամբ եւ մեծ զիջումների գնով ընդունուած կէտ է: Խորհրդականի փոխարինումը Գլխաւոր տեսուչով, նրա մանդատը տասը տարուայ ժամկէտի հասցնելը կազմում են այդ ձեռքբերման արժէքը: Ուստի դա ոչ մի վիճաբանութեան առարկայ չի կարող լինել: Բայց եւ այնպէս անցած հինգշաբթի օրուայ առաջարկը բացառապէս դրա վրայ է հիմնւում: Այդ առաջարկով փորձ է արւում նորից վիճաբանութիւն սկսել վերջնականապէս որոշուած մի հարցի շուրջ:

Հայերը բաժանում են պարոն Դեսպանի կարծիքը, թէ կարգաւորումների ճանապարհին իրենք շատ հեռու չեն կարող գնալ: Միւս կողմից՝ նրանք հարց են տալիս իրենց, թէ արդեօք չի՞ եկել Մեծ վեզիրին հասկացնելու պահը, թէ Կայսերական դեսպանատունը արձանագրում է, որ Օսմանեան կառավարութիւնը աւելի շուտ գերադասում է մերժել բարենորոգումների ամեն փորձ, քան զիջումների միջոցով հետեւել մի վճռի, որն անվերջ ձգձգւում է: Ես համոզուած եմ, որ վճռական դիրքորոշումը Դռան վրայ մեծ տպաւորութիւն կը գործի:

Իմ պարտքը համարեցի պարոն Դեսպանի բարեհաճ ուշադրութեանն արժանացնել այս նկատառումները, որոնք արտացոլում են նաեւ մեր ղեկավար շրջանների տրամադրութիւնները:

. ԶՕՀՐԱՊ]