Պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ապա յորժամ եհաս ժամանակն գնալոյն մեր ի Մուղան, կրկին գնացի Երեւան վասն հարկաւոր իրաց ինչ: Հանդիպեցայ խանին որոյ անունն էր Մէհմէտղուլի եւ էր բնիկ ի գաւառէ Գողթան՝ Մուսայբէկէնց ազգէ: Որ էր պապն ուրացեալ ի ժամանակս մեծի Շահ Ապասին: Եւ այս Մէհմետղուլի, խանս, թոռ գոլով նորա, եհաս խանութեան: Զի որպէս լսեմ, Բ (2) եւ Գ (3) խան է մնացե[ա]լ ի շահ Թահմազի եդեալ խաներիցն: Եւ զայլս վերջացուցեալ է մեծազօր Խանն: Որոց մնացելոցեն՝ մինն է այս, զոր ասեմս: Վասն որոյ մեծարեաց զիս ի պատիւ ճաշ առնել ի միասին:

Եւ յորժամ ճաշեցինք եւ գոհացանք, մինչ նա ղալիօն քաշէր եւ ես չայ խմէյի, ասի. «Խանում շինտի նէչաղ գէթմաղ օլուր Մուղան չօլինայ քի թատարիք գօրալում»: Ասաց. «Խալիֆայ պիրղաչ գունդան սօրայ գէթմակ օլուր»: Վասն որոյ ասի, թէ «Որովհետեւ այդպէս է, ես քանի մի օր յառաջ գնամ կամաց կամաց զի տկար եմ եւ չեմ դիմանար: Աստապատ, Ագուլիս մի քանի օր նստիմ մինչեւ որ գաս եւ ի միասին գնամք ի Մուղան: Եւ ինքն եւս հաճեցաւ ընդ այս եւ ասաց. «Բարի է այդպէս արա: Բայց զթօշակդ, թէ մարդկանց, թէ անասնոցդ շատ առ, զի այնտեղն ոչ գտանի»:

Վասն որոյ փութով դարձայ ի վանքն եւ սկսայ հոգալ զճանապարհի պատրաստութիւնն: Եւ տարայ ընդ իս Ժ (10) ուղտ, Ժ (10) ջորի եւ ԺԶ (16) ձի: Իսկ ի միաբանից՝ ճանապարհի աթոռակալ Ղալայջիզատայ Ստեփաննոս վարդապետն, գաւազանակիր Բարսեղ վերդապետն, իմլայխօռ Հնձուց վանից, Եղիայ վարդապետն՝ քրտաստանցին, մէհմանտար Տաթեւու Մկրտիչ վարդապետն, ետաքչի սպահանցի Խաչատուր վարդապետն, ժամասաց ամպարտար Սարգիս վարդապետն եւ զլուսաւորիչ անապատին հայր Սարգիս վարդապետն Կեսարացի, Բ (2) սարկաւագ՝ զՂուկասն եւ զԽաչատուրն եւ զգրագիր Յովհաննէսն Գամրիսեցի, այլ եւ Գ (3) շաթիր՝ զՄկրտումն, զՊօղոսն եւ զՄաղաքիէն, Գ (3) սարվան յղտաց, Գ (3) մէհտար ձիոց եւ Գ (3) ջորէպան, այլեւ ի Ագուլեաց զաւագերէց Տէր Թուման, քեւխայ աշչիպաշչի: Ընդամենն՝ ԻԵ (25) հոգի:

Եւ դեկտեմբերի ամսոյն Գ (3) չուեցի ի սուրբ Էջմիածնայ: Նորագաւթով, Խոր Վիրապով, Շարուրով անցեալ գնացի ի Ե (5) օրն Աստապատ ի դեկտեմբերի Ը (8) սուրբ Յակոբայ պահոց երկուշաբթին: Եւ մնացի Բ (2) գիշեր: Եւ ապա ելայ ի վանքն, մնալով անդ եւս Բ (2) գիշեր: Եւ անտի Երինջակու սուրբ Կարապետու վանքն՝ գիշեր մի, եւ ի Ցղնայ՝ գիշեր մի: Եւ դեկտեմբերի ԺԱ (11) հասայ Ագուլիս: Եւ մնացի անդ Գ (3) օր: Եկն եւ Մէհմէտղուլի խանն: Եւ դեկտեմբերի ԺԴ (14) չուեցաք ի յԱգուլեաց: Ի նոյն օրն անցանելով զԵրասխ եւ Ղարատաղով ճանապարհորդեցանք մինչ ի Մուղան: Եւ հասանք ծննդեան պահոց շաբաթ օրն ի Մուղան, մերձ ի տեղին այն, ուր խառնի Երասխն ընդ Կուռ գետոյն: Դեկտեմբերի Գ (3) ելանք ի սուրբ Էջմիածնայ եւ յունվարի Գ (3) հասանք ի Մուղան՝ բանակետղն Պարսից: