Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԳԻՆՈՎԻ ԵՐԱԶ
      
       Այս գիշեր նորէն երազըս տեսայ.
       Խոշոր ժայռին տակ, շունչ-շունչի նստած,
       Խենթ-խենթ բառերով կը պատմէի, ցած,
       Թէ իրմէ հեռու ի՛նչ կեանք ապրեցայ.
      
       «Երբեմն, պառկած, սաղմոս կարդացի...
       Բայց յաճախ ալ, քո՛յր, մոռնալու համար
       Դեզ-դեզ կուտակուած վիշտերս անհամար՝
       Իրիկունները գինետուն գացի...
      
       «Ահ, դուն գինովի աչքերս չե՛ս տեսեր,
       Հոգիս, հաւատա, աստղով կը լենայ,
       Երբ կ՚երթամ պառկիլ բաց դաշտին վրայ,
       Հեգնելու համար երազներն ու սէր…
      
       «Ահ, դուն գինովի դեմքըս չե՛ս տեսած,
       Տժգոյն, անիմաստ, անյոյս ու վայրագ,
       Երբ կ՚երթամ պառկիլ, երգով մ՚անառակ,
       Լոյսէ անկողինս լուսինէն փռուած…
      
       «Ահ, դուն գինովի հոգիս տեսած չե՛ս,
       Շենշող ու տրտում, ժպտուն ու լալկան.
       Արցունքէն մռայլ ի՜նչ ծիծաղներ կան…
       -Գինովը կ՚ատեմ, - չըսե՛ս, քոյր, չըսե՛ս.
      
       «Գինովը սիրէ, անոր սիրտը, քո՛յր,
       Գեհեն մ՚է ցաւի որ անվերջ կ՚այրի.
       Գինովը Լքեա՛լն է, յոյսէն այրի,
       Անոր կուրծքը հուր, ճակատն է մաքուր…»
      
       Այսպես կ՚ըսէի ու դեռ շատ բաներ.
       Երբ իրեն դարձայ՝ հոն չեր, զարմացայ.
       Աչքերըս բացի, բաց դաշտին վրայ
       Քնացեր էի, լուսինը կ՚իջներ…