Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՀԻՆ ՕՐԵՐ ԵՆ…
      
       Հին օրեր են, բայց յստակ
       Կը յիշեմ դեռ ամէն բան,
       Աշունով լի էր ճամբան,
       Ու մութ էր մեծ ծառին տակ.
      
       Մինչեւ այդ օր, դողալով,
       «Կը սիրե՛մ քեզ»ը մթին
       Ըսած չէինք տակաւին,
       Դեռ կ՚ապրէինք աղօթքով.
      
       Բայց մու՜թ էր մեծ ծառին տակ…
       Ալ քիչ-քիչ պէտք էր հոսեր
       Մռայլ ակէն՝ յստակ սէր.
       Ա՜հ, գիշեր մ՚էր անյատակ…
      
       Ու հոսեցա՛ւ վերջապէս…
       «Կը սիրեմ քեզ»ը մթին՝
       Իր շրթները հծծեցին,
       Աղօթքի մը հեւքին պէս…
      
       Ճիշտ նոյն պահուն, իմ հոգին
       -Յուշերըս հօս տկա՛ր են-
       Սիրոյ մէկ մութ կատարեն
       Կ՚արտասուէր լուռ, անձկագին…
      
       Մեռա՜ծ օրեր, բայց յստակ
       Կը յիշեմ դեռ ամէն բան.
       Աշունով լի էր ճամբան,
       Ու մութ էր, մու՛թ, ծառին տակ…