Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԱՆԲԱԽՏ ԾԱՂԻԿ
      
       Հոգիս իր մէջ ծաղիկ մ՚ունէր,
       Ծաղիկ մ՚այնպէ՛ս նուրբ, տրտմալի,
       Որ յամրօրէն, լուռ, կը հալի՝
       Եթէ չիջնեն ոսկի շիթեր…
      
       Ո՛չ մէկ հոգի կրցաւ անոր
       Տալ այդ հեղուկն աստուածային,
       Կոյսեր եկան որ լոկ նային
       Ու գինովնան այդ բոյրէն նոր…
      
       Միայն մէ՛կ հատն այդ կոյսերէն,
       Որ լոկ թախիծ ունէր ու ցաւ,
       Սրտիս վրայ երկար լացաւ,
       Միայն մէկ հատն այդ կոյսերէն…
      
       Ոսկի շիթերն իր աչքերուն
       Ինչո՞ւ սակայն մոլորեցան
       Ու չգտան հոգւոյս ճամբան.
       Ահ, չէ՜ր ծաղիկն այնքան հեռուն…
      
       Հոգւոյս ծաղիկն այդ տրտմալի՝
       Մենութեան մէջ լուռ կը հալի…