I. Յոհաննու Քահանայի ժամանակագրութիւն II Բ տարբերակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

|246ա| ԹՃ [1451] թվին Օսմանի որդին Մուրատ բէկն մեռաւ եւ նս[տ]աւ ի աթոռն իւր որդին, սուլթան Մահամատն փոխանակ հօրն:

Ի ՋԱ [1452] թվին սուլթան Մահամատն ի Պօղօզ բերդն զուգեց:

Ի թվին ՋԲ [1453]-ին Սու[լ]թան Մահամատն էառ զՍտամբօլ. բազում զօրօք ծօվով եւ ցամաքով գնաց, յուլիս ամսուն զՍինօպ էառ եւ օգոստոսի ամսուն զՏրապիզոն էառ:

Թվին ՋԺԱ [1462]-ին սեպտեմբերի ամսուն էառ Միտիլլին իւր երկրօվն:

Թվին ՋԺԷ [1468]-ին այս սուլդան Մահամադ գնաց ի Ղաման բազում զօրօք, զերկիրն ամէն էառ եւ զմարդն սուրկուն եբեր զՍտամբօլ:

Թվին ՋԻ [1471]-ին խունդքարն գնաց բազում զօրօք ծովով զԵղրպօղ էառ:

Թվին ՋԻԴ [1475] Ահմատ փաշան, որ ասեն անունն Կէտուկ, աւել անունն է, գնաց զԷՃ [700] ղատրղով ի վերա[յ] ի ծովն եւ զԿաֆայն էառ իւր երկրօվն Պալըխլիովն: Եւ այսպէս օրըստօրէ յառաջ եկեալ աստուծոյ կամեցողութեամբն աշխարհս յամէն տիրեցին, արեւանման մլքեցան ազգն տաճկաց եւ թագաւորեցին մի ընդ միոյ. եւ քրիստոնա[յ] ազգն եղեւ հարկատու եւ եղան ցիր ու ցան, որպէս ասէ Երեմիայ մարգարէն ի վերայ Երուսաղէմի` իշխանք աշխարհիս եղեն հարկատու:

[հրատարակութիւնը տես Մանր ժամանակագրութիւններ XIII-XVIII դդ., հատոր I, կազմեց Վ. Յակոբեան, Երեւան, 1951, էջ 27]