Վկայաբանութիւն սրբոյն Յիզիտբուզտեայ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Արեւելեան վկաների լուսեղէն փաղանգը համալրող սրբերից մէկն է Յիզդբուզիդը: Ազգաւ պարսիկ, Մախոժ անունով այս այրը ծնուել է մօտաւորապէս 525 թ. Իրանի Բեշապուհ կամ Բերշապուհ գաւառի Քունարաստան գիւղում՝ մոգի ընտանիքում: 549 թ. ականատես է եղել պարսիկ քրիստոնեայ Գրիգոր Մանաճիհր ռաժիկի նահատակութեան, ինչն, ըստ երեւոյթին, շրջադարձային դեր է ունեցել նրա հետագայ կեանքում:

Մախոժին վիճակուել է այցելել « յաշխարհն Սիւնեաց, պարապելով յունկնդրութիւն գրոց սրբոց » « սակաւ ամիսս », հաւանաբար իր գիտութեամբ հռչակուած Պետրոս Սիւնեցու մօտ: Այնուհետեւ գնացել է Դուին: Այստեղ, Խոսրով Պերոզ անունով մոգի ապարանքում, ծագած հրդեհի ժամանակ տեսնելով քրիստոնեայ քահանայի խաչի զօրութիւնը ` դարձի է եկել, բացէ ի բաց յայտարարել է իր քրիստոնեայ լինելը: Մոգերի պահանջով Նիխորական անունով պարսիկ մարզպանը նրան բանտ է նետել, մահուան սպառնալիքով պահանջել է վերադառնալ մոգութեան: Այս նոյն սպառնական պահանջը նրան ներկայացուել է Նիխորականին փոխարինած Նախապետ Քնարիկի կողմից եւս: Սակայն նրա բոլոր սպառնալիքներն ի դերեւ են ելել: Երեք տարի բանտում մնալով ` Մախոժը հաւատակիցների կողմից վերանուանուել է Յիզդբուզիդ, որ ստուգաբանւում է « Աստուածատուր » կամ « Աստուած ապրեցոյց »: Դուին ժամանած Խոսրով Անուշիրուան արքայի ներկայացուցիչները, գործը քննելով, ներում են շնորհել Յիզդբուզիդի երկու ընկերներին ` Ներսէս Ռաժիկին եւ Սահակին, որոնք մանկուց քրիստոնեայ էին, բայց հաւատափոխ անելու զուր ջանքերից յետոյ մահապատժի վճիռ են կայացրել Յիզդբուզիդի հանդէպ: Սրբին յղուած նամակում Պետրոս Սիւնեցին իր զօրակցութիւնն է յայտնել նրան եւ յորդորել արժանապատւութեամբ դիմաւորել մահը: Խոսրով արքայի 33- րդ տարում, սահմի 2- ին, այսինքն ` 553 թ. նոյեմբերի 9- ին, կիրակի օրը, 28 տարեկան հասակում Յիզդբուզիդը խաչուել է Դուինում: Համաձայն վկայաբանութեան համառօտ տարբերակի ` « Յայնժամ դիմեաց հայրապետն քահանայիւք եւ ժողովրդովք եւ բարձեալք զպատուական մարմինն սրբոյն ` տարան ի մեծ եկեղեցին Դունայ եւ եդին ի տապանի սաղմոսիւք եւ աւրհնութեամբ եւ զխաչն մասունք արարեալ բաշխեցին ամենայն հաւատացելոց»:

Հայ իրականութեան մէջ Յիզդբուզիդի մասին տեղեկութիւններ են հաղորդւում  Փիլոն Տիրակացու Ժամանակագրութեան, Յովհաննէս Դրասխանակերտցու Պատմութեան, Դաւիթ Դւնեցու Վկայաբանութեան մէջ: Ճառընտիրներում, Ճաշոց ծիսամատեանում պահպանուել են նրա վկայաբանութեան ընդարձակ, իսկ Յայսմաւուրքներում ` համառօտ տարբերակները: Ընդարձակ տարբերակը մեզ յայտնի է նաեւ հայերէնից կատարուած վրացերէն թարգմանութեամբ: Յունական Յայսմաւուրքում զետեղուած է ' K b o z h ¢ t h V - ի փոքրիկ պատմութիւնը: Յիզդբուզիդ Պարսեցի նահատակի վերաբերեալ տեղեկութիւններ են բերուած նաեւ ասորերէն պատառիկներից մէկում:

Ըստ Ն. Մառի ` Վկայաբանութեան հայկական բնագիրը ստեղծուած է ամենաուշը Է դարում, իսկ համաձայն Ի. Աբուլաձէի ` Ը դարի առաջին քառորդի վերջում: Մինչդեռ, ըստ Ա. Յակոբեանի դիտարկման ( հիմնուած « գայր անտի յաշխարհն Սիւնեաց, պարապելով յունկնդրութիւն գրոց սրբոց եւ լեալ անդ սակաւ ամիսս, հասանէ ի Հայս » բառերի վրայ ), վկայաբանութիւնը շարադրուել է 570-660 թթ., « երբ դեռ Սիւնիքը Հայքից անջատ էր»:

Վկայաբանութեան հայկական բնագիրը հրատարակւում է ըստ Վենետիկի Մխիթարեան հրատարակութեան։

Յակոբ Քէոսէեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Լիակատար վարք եւ վկայաբանութիւնք սրբոց, Հատընտիրք քաղեալք ի ճառընտրաց, հատոր Բ, Վենետիկ - Ս. Ղազար, 1874, էջ 124-130 ։

2. Ալեքսան Յակոբեան, Ծիծեռնավանքի եկեղեցու անուանումը, ՀԱ, 2000, էջ 135-196 ։

3. P. Peeters, Une l é gende Syriaque de S. Iazdbozid: - "Analecta Bollandiana", t. XLIX, fasc. I-II, Bruxelles, 1931.