Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ՄՈՒՍԱՅԻՑ ՄՈՒՍԱՅԻՆ.

 

Մուսա՛, գողտրիկ, շարժի՛ր անոյշ,

Հա՜ր եօթնաղի քնարը,

Հնչէ՛, ինչպէս հնչում էիր

Ապողոնի ձեռումը։

 

Հայր Աստուածը երբ բարկացած

Նորան քըշեց շանթահար,

Դու Պառնասի աստուածները

ցած բերեցիր Հովուաց պար։

 

Մի՛ մոռանար, ինպէս անոյշ

Տիրմոսերեայ դու ձեռին

Անապատում դու հնչեցիր,

Երբ յուսահատն առանձին

 

Մահ էր խընդրում ճարակըտուր,

Սփոփեցիր դու նորան։

Ծառ ու անտառ, լերին, գազանք

Քու ձայնով թունդ թըմրեցան։

 

Դու հնչեցիր Պառնասումը,

Երբ Արմազդ յաղթական

Տիտաններին երկնքիցը

Քշեց անդունդ անսահման։

 

Չեմ մոռացել եւ Հոմերը,

Որ քեզ առած իւր ձեռին

Երգեց Յունաց հերոսները

Ու քանդուիլն Եղիոնին։

 

Բա՛ւ է, որքան Արարատը

Մնաց զրկուած քո ձայնից.

Յնշի՛ր, քանի՛ դէպի Պառնաս

Իռիս հասաւ նորանից։

 

Խնդրեց Մուսայիդ քընարը,

Խնդրեց Մուսայց պարը,

Հիւր ընդունել իւր ծողում,

Ուր սառուցնե միշտ ճնշում…

 

Շարժի՛ր Մուսա՛, Արարատի

Որդւոյ ձեռի քընարը,

Քեզ կ՚օրհնէ միշտ անմոռաց

Արարատի ծընունդը։

 

Եթէ կորուց թագն ու սուրը,

Գանձ, գաւազան, Աթոռը,

Թո՛ղ սփոփէ անոյշ ձայնդ

Նորա վիշտն ու սեւ օրը։

 

Միթէ՞ անխիղճ ես դու այնքան

Կամ կեղծաւոր, երկերես,

Որ ողջ աշխարհ սփոփելով,

Թողուս Հայաստանն անտես։

 

Հայաստանի եթէ նախնի

Ծնունդները քեզ մեղան,

Ի՞նչ է մեղքը այժմեանների,

Որ քեզանից զուրկ մընան։

 

Հնչի՛ր, Մուսա, եռանդով հա՛ր

Աստուածային քո քնար.

Թո՛ղ մի խնդա մայրն Հայաստան,

Թո՛ղ մի լսէ նա քո ձայն։

 

Թո՛ղ սրբէ նա արտասուքը

Բազմադարեան երեսից,

Սատուռնոսի անխիղճ գործը

Թո՛ղ հեռացնէ իւր մտքից

 

Գոնէ տեղիք տուր ասելու՝

«Երջանիկ եմ, իմ զաւակք,

«Մուսաները ինձ սիրում են

«Իմ կարօտի փոխանակ»

 

Հնչեց ահա քնար քաղցրախօս,

Շարժեց երկինք ու գետին,

Արարատից դէպ Արագած

Բիւր արձագանգ խաղացին։

 

  - Զո՛ւր ես խնդրում, - ասաց Մուսան, -

Որ բնակիմ Արարատ.

Նորա որդիք իմ քընարիս

Թշնամի են միշտ անհաշտ։

 

Ամեն մինը դանակ ձեռին

Աշխատում է անհանգիս

Իմ քընարի թելը կտրել.

Ես փախչում եմ նոցանից։

 

Արարատը սառուցապատ

Զըրկըւած է կանաչից

Սոխակները հալածուած են

Ագռաւների սեւ գնդից։

 

Ես անխիղճ չեմ, ոչ երկերես,

Կըտամ բաժին ամենքին.

Միայն քնարս հնչեն նոքա

Իւրեանց հոգուն առանձին։

 

Արարատի շուրջ բոլորած

Թո՛ղ ագռաւներ թրթռան.

Անուշ սոխակների փոխան

Թո՛ղ բուերը միշտ վայ տան։

 

- Անարժան է իմ քնարին,

Դեռ Հայաստանն, լսի՛ր ինձ,

Նորան չի լինիլ խընայել,

Քանի փախչում է լուսից։

 

Լսեցէ՛ք ինձ, Արարատի

Որդիք, որոնց հիւր եկայ,

Միայն ձեր մէջ դուք հնչեցէք

Իմ քընարը եօթնաղեայ։