I ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ
/17/ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ

Հայրական տուն: Խալֆայական դպրոց։ Քաղքենի միջավայրի մտավոր առօրյան: «Մեռելահարցուկ»–ի կենսագրական ատաղձը: Գաբրիել Պատկանյան եւ նրա վարժատունը: Անդրանիկ ընթերցանություն: Գրական առաջին քայլափոխ։

Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. հոկտեմբերի 26-ին (ն. տ. նոյեմբերի 7-ին) {Ամսաթիվը հաղորդում է Նալբանդյանն ինքը (տե՛ս Մ. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու (հետագայում նշված Ե. Լ. Ժ.), IV., եր. 23): Ծննդականում նշված է նոյեմբերի 2: Բայց, ըստ երեւույթին, նոյեմբերի 2-ը նրա ծննդյան օրը չէ, այլ մկրտության:}, Նոր-Նախիջեւան քաղաքի հետընկած թաղամասերից մեկում, պայտառ Ղազարի ընտանիքում: Ընտանիքը բազմանդամ էր, խորդուբորդություններով պառակտված: Նորածինը տան տասներորդ զավակն էր, Հոր չորրորդ ամուսնության պարգեւը: Պապենական հասկացությամբ քրիստոնյա հայ մարդկանց չորրորդ ամուսնությունը համարվում էր չարաղետ երեւույթ, երկնքի պատուհասին արժանի: Ներսես Աշտարակեցուն ուղղված մի թղթում՝ հետագայում Հարություն աղա Խալիբը, Նալբանդյանի կատաղի հակառակորդը, գրում էր, թե «յիշեալ պատանի Միքաէլն ծնեալ գոլով ի չորրորդ ամուսնութենէ, որպես ծնունդ նորա, ապօրինի, նոյնպէս եւ գործք եւ ընթացք նորա անկարգ եւ չար ճանապարհաւ» {Եր. Շահազիզ, Դիվան Մ. Նալբանդյանի, Երեւան, 1932, եր. 357:}: Հետաքրքրական է, որ պայքարի այդ ժանգոտ զենքը բանեցնում էին ոչ միայն աղա Խալիբը կամ եվրոպական կրթությամբ զրահված Այվազովսկին,- այլեւ Նալբանդյանի եղբայրներից երկուսը՝ Խալիբ-Այվազովսկի խմբակցությանը հարած Գրիգորն ու Լուսեղենը: Գժտվելով հակաԽալիբյան Սերոբե եւ Միքայել եղբայրների հետ՝ ուստա Ղազարի մահից Հետո, նրա անդրանիկ որդիները եւս օգտագործելու էին Մուխալի «ապօրինի» ծնունդի տեսությունը՝ հոր ժառանգությանը մենակ տիրա/18/նալու համար {Տե՛ս «Լումա», 1904, V, եր. 74, ծան.:}: Այս փաստերը լիազորում են մեզ ասելու, թե պապենական մլած հասկացությունների հետ Նալբանդյանն օբյեկտիվորեն գտնվում էր կոնֆլիկտի մեջ, եթե ոչ իր ծնված իսկ վայրկյանից, գեթ իր ծննդյան հանգամանքներով:
Նալբանդյանի ընտանիքը պատկանում էր քաղաքի տոհմային արհեստավորների շարքին: Դարբնությունը կամ պայծառությունը ժառանգական զբաղմունք էր այդ ընտանիքում: Պայտառության արհեստով զբաղվել էին նախապես ուստա Ղազարի նախնիները: Պապենական արհեստի անունով է հենց, որ նրա զավակները կազմում էին իրենց ազգանունը՝ «Տեմիրճյան» կամ «Դարբինյան»: Հոր անունով կամ ազգանունով Միքայելը նախապես կոչվում էր Խազարյան կամ Դարբինյան {1845 թ. Գաբրիել Պատկանյանը նվիրում է նրան Շնորհալու չափական երկերի էին մի օրինակը՝ մակագրված «Ի տէր Գաբրիէլի Պատկանովէ առ Միքաէլ Խազարեան ի հիշատակ. 1845, նոյ: 28-ի Նախիջեւան»: Նույն էջի վրա պահվել է ստացողի կնիքը, ուր կարդացվում է «Դարբինյան» ազգանունը (տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 8451):}: ՀետագայումՂրիմումապագա հրապարակախոսը գրվում էր Նալբանդյան:
Նալբանդյանի հեռավոր նախնիները, ինչպես պատմում են, եղել են Պրիմի խանի ձիերի երամապետներ: Նոր-նախիջեւանցիները պատմում են, թե դրանցից ոմանք, Թաշչի-օղլիներ կոչված, ժառանգաբար վարել են խանական պայտառապետի պաշտոն, որով մեծ դիրք են գրաված եղել եւ վարել բարեկեցիկ կյանք:
Բոլոր պարագաներում ապագա հրապարակախոսի անմիջական նախորդները նրա մանկության օրերին չեն ունեցել Թաշչի-օղլիների մեծ բարեկեցությունը: Այն մարդը, որին վիճակվելու էր դարբնել հայ հասարակ մարդկանց հասարակական-քաղաքական գիտակցությունը, ծնվել էր հասարակ դարբնի ընտանիքում: Հետագայում Ռ. Պատկանյանն ինքնագոհությամբ եւ ոչ առանց սնապարծ չարամտության կարծես ուզում էր նշած լինել իր եւ Նալբանդյանի ներհակության սոցիալական խոր արմատները, երբ ասում էր. «Նալբանդյանցը հասարակ, գռեհիկ ընտանիքից էր, իսկ մեր ընտանիքը Նախիջեւանի ինտելիգենտ ընտանիքներից էր. իմ մեծ հայրը վարժապետ էր, հայրս՝ ե՛ւ վարժապետ, ե՛ւ քահանա» {«Տարազ», 1901, N 28:}:
Այն հարկը, որի տակ աշխարհ եկավ Նալբանդյանը, գտնվում էր քաղաքի անշուք ծայրամասում՝ ներկայիս Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարական ռայոնի 31-րդ գծի վրա, ուր ապրում էր քաղքենիության վարի, պլեբեյական, արհեստավորական խավը: Փայտաշեն, միհարկանի այդ /19/ տունը, որ, ինչպես վկայում էին հին քաղաքացիները, մի ժամանակ կրել 39-րդ համարը, ներկայիս քանդված է եւ փողոցի հետ հավասարեցված:
Կյանքի վերջում ծերունի Ղազարը, թողած հին արհեստը, «բազարի տեղում» զբաղվում էր մանր առեւտրով: Ծերունու օրինակին հետեւեցին չափահաս որդիները՝ նվաճելով հետզհետե բարեկեցիկ կենցաղ: Սրա նշաններից մեկն էր, որ լքելով հայրական հին պարզ տնակը՝ նրանք բնակություն հաստատեցին 26-րդ գծի վրա, իրենց կառուցած եւ մինչեւ հիմա իսկ կանգուն երկհարկանի քարաշեն տանը: Նալբանդյանի եղբայրներից մեկը, որ դեղորայքի — «ատտարանոցի» — խանութ ուներ Նախիջեւանում, կենտրոնական Ռուսաստանի հետ հաստատած առեւտրական կապերի շնորհիվ հարստացած, բնակարանի հետ միաժամանակ հարկ համարեց նորոգել նաեւ իր անունն ու ազգանունը՝ Սերոբե Նալբանդյանը դարձնելով Սերաֆիմ Կուզնեցով:
Ստ. Նազարյանցը բնութագրում է Նալբանդյանի հորը իբրեւ «բարեպաշտ ու աստծու երկյուղով լցված» քրիստոնյա մարդու, որը անցուցել է յուր կյանքը անստգտանելի անարատությամբ, արժանի փոխարեն ստանալով յուր հասարակության անկեղծ հարգությունը» {«Հյուսիսափայլ», 1864, եր. 645:}: Առաքինի ու բարեսդաշտ մեկն էր նաեւ Նալբանդյանի մայրը՝ Մարիաննա Չերչեգյանը, որը կապված էր Մուխալին նահապետական ծնողի սիրով ու խնամածությամբ:
Ձեռք բերելով անկարոտ ապրուստ եւ իբրեւ ի բնե «հասկացող մարդ», ուստա Ղազարը հոգատար գտնվեց կրտսեր զավակի կրթության նկատմամբ: Մուխալի վտիտ, բայց աշխույժ ու ժիր մարմնի մեջ խլրտում էին արագ միտք ու սուր հիշողություն: Նրա համարձակ բնավորության զարգացման համար նպաստավոր էին նույնիսկ ընտանեկան պայմանները: Բազմանդամ ու աղմկահույզ այդ միկրոկոսմոսը նախնական այն անոթն էր, ուր շաղախվեց նրա եռուն եւ ներգործուն նկարագրի թթխմորը:
Յոթ-ութ տարեկան հասակում ծնողները Մուխալին տալիս են իրենց թաղի ս. Թորոս եկեղեցու տիրացու Փափազ օղլու Օգսենտ-Եղիշեի խալֆայական դպրոցը: «Դեռ փոքր երեխա լինելով,— գրում էր Նալբանդյանի մասին նրա ընկեր Հ. Բերբերյանը,— Նալբանդյանցը ջոկվում էր յուր եղբայրների եւ քույրերի մեջ թե՛ իր խելացի դատողություններով եւ թե՛ սրախոսությամբ: Նա շատ ընդունակ էր եւ աշխատասեր՝ թե՛ փոքր, թե՛ մեծ բաների մեջ, գիտության թե արվեստի մեջ: Նոր խաղեր հնարել, խաղալիքներ շինել, «գրել կարդալ» սովորելահա ինչ բանում էին անցնում նրա մանկական օրերը» {«Նոր-դար», 1891, 36 138:}: Դասակիցները պատմում էին, թե ինչպես նա /20/ կարողանում էր մեկ անգամ կարդացած հատվածը անգիր ասել: «Երբ յոթնամյա տիո մեջ տրվեցավ ուսման,— գրում էր հետագայում Նալբանդյանի մասին նրա դասընկեր Ավետիք Խազեզյանը,— մեկ ամսվա միջոցում ավարտելով այբբենարանը, հեգերենը եւ Սաղմոսը, վարժ կարդում էր՝ հավասար մեկ կամ երկու տարի վարժված աշակերտաց» {«Մեղու Հայաստանի», 1866, եր. 146:}: Խալֆան մեկն էր այն տիրացուներից, որոնց պատկերը հետագայում գծագրվեց Կոմս Էմմանուելի «Հիշատակարան»-ում: Դրանք, պատմում է Կոմսը, երեւում էին մի գյուղում կամ մի գոմի մեջ, ահագին գավազանը ձեռքին՝ մոնթերի ոսկերքը ջարդելու համար: Մոնթերի սովորածը ժամագիրք ու շարական սերտելուց դենը չէր անցնում սովորաբար: Իրական կյանքն ու բնությունը եւ մարդը ուսման շրջանից դուրս էին մնում՝ այդտեղ: Մեծ բան էր, եթե դպրոց ավարտողները կարողանային կարդալ ու հասկանալ «Պղնձե քաղաքի» կամ «Յոթն իմաստասիրաց» բարոյախոսական պատմությունները:
Յուրացնելով վարժ կարդալ-գրելու արվեստը, ուշիմ մանուկը գրեթե սպառեց խալֆայի իմաստության սուղ պաշարը: «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկայում Նալբանդյանը պատմում է մի միջադեպ, որ տեղի էր ունեցել, ըստ երեւույթին, հենց տիրացու Օգսենտի դպրոցում: Օրերից մեկում Մուխալը բացատրություն է խնդրում «վարպետից» Արագածի կանթեղի մասին: Վերջինս բացատրում էր, թե Լուսավորչի հրամանով Արագածի (ույսը ցրում է գիշերվա մութը՝ սրբին Նարեկ քաղելու հնար տալու համար: «Ո՞ւմ էր հրամայում Լուսավորիչը»,— հարցնում է Մուխալը: Ուսուցողին հանկարծակիի է բերում մոնթի հանդուգն հարցասիրությունը: «Ճիպոտը եղավ պատասխանը,— պատմում է դառնությամբ Նալբանդյանը,— այնպես որ ցավիցը մղկտալով վարպետին էլ, կանթեղն էլ մտքումս շուլալեցի»: Դեպքը վկայում է եթե ոչ պատժվողի չար սրամտության, գեթ նրա աշխույժ մտքի մասին: Խստաբար «վարպետը» զգում էր կարծես, թե ում էր սաստում բարակ ճիպոտը, ասես առիթ տալով մանուկ Մուխալին նախազգալու դաժան այն հակամարտը, որ սկսվում էր արթնացող իր մտքի եւ տիրող շրջադրության միջեւ:
Նալբանդյանի մանկության տարիներին Նոր-Նախիջեւանի կյանքը չէր ելնում տաղտուկ առօրյայի շրջանակից: Տիրում էր միջնադարյան տրադիցիաների հեղձուկ մթնոլորտը: Կուլտուրական գերիշխող շահախնդրություններն ունեին այն տեսքը, որ հետագայում Նալբանդյան-հրապարակախոսը բնորոշում էր «ասիական անշարժություն», «ասիական հոգու վայրենի եւ բարբարոս ազդեցություն» բառերով: Տգիտության եւ սնահավատության այն դարն էր այդ, երբ ասպարեզին իշխում էին Լու/21/սավորչի ձեռին Նարեկ նշմարող օգնենտները: Խալֆան մարդ տաշող վարպետ էր եւ իբրեւ այդպիսին՝ Դեւկալիոն դյուցազնի աշակերտ, այն տարբերությամբ միայն, որ հույն վարպետը քարը մարդ էր դարձնում, մինչդեռ նրա հայ պաշտոնակիցը կարծես կամենում էր քար դարձնել մարդուն:
Նալբանդյանի պատմելով՝ «Ուրբաթագիրք»-ն ու «Ախտարք»-ը հարգի էին քաղաքում, որպես բուժական ու գուշակողական արվեստի ոսկեհանք: լայն ընթերցանության նյութ էր մատակարարում նաեւ օրացույցը, որպես եղանակներ գուշակելու կամ արյուն թողնելու համար չար ու բարի օրեր որոշելու բանալի: Պակաս տարածված չէր «Էփիմերտե» երազագիրքը, որզես աշխարհի պատահարները, լուսնի եւ արեգակի խավարման հետեւանքները կամ արագիլի երթը գուշակող իմաստությունների մատյան: «Ասիական պղտոր տեսություններից» քիչ թե շատ ազատագրված հատուկենտ մտավորականների հետ հաջողությամբ մրցում էին բերբերն ու գրբացը, տերտերն ու տիրացուն: Այս կարգի «բանիմացներին» ուներ մասամբ Նալբանդյանը աչքի առաջ, երբ հետագայում գրում էր, թե «ստության խավարատեսիլ զինվորքը», հենված տգիտության եւ խաբեբայության արծաթե սվինին, նետաձիգ ու քարաձիգ էին լինում լուսավորության ու գիտության առաքյալների դեմ: Հաղթությունը մնում էր տակավին բավարար մըտության եւ նանրահավատության բաժին, «որովհետեւ,— բացատրում էր նա,— ստությունը, խաբեբայությունը արծաթ ունի, նա կաշառքը ձեռքին նստած է պատրաստ, նա կարող է դրանով հաճոյանալ մարդերին եւ մի անցավոր փառք ճարել» {Ե. Լ. Ժ., I, եր. 350 եւ հետ., 356 եւ հետ.:}:
Այս տողերը մերկացնում են տիրող մտայնության դասակարգային աստառը: Դժվար չէ կռահել, որ այդ պահին լուսավոր ու ազատ մտքերի դեմ ընդվզող գռեհկամիտ աղաները, խաբեբա առեւտրականները, տգետ տերտերները եւ խալֆաներն ու գրբացները կազմում էին սոցիալական այն տարրերը, որոնց վրա կարող էին հենել ոսկեպարկի կամ հոգեւոր գավազանի զորության հետ մտերիմ կապեր որոնող քաղաքի վարչականդատական ու ոստիկանական օրգանների պետերը:
Նալբանդյանի «Մեռելահարցուկ»-ում — ուր որոշ ընդհանրացումներ կան Մուխալի հիշողություններիցգտնում ենք հետաքրքրական նյութեր, որոնք լրացնում են իշխող կացության մտավոր պատկերը: Վեպի հերոսներից մեկը՝ Շաքարյանցը, տարիների ընթացքում պարապում էր կախարդաբանությամբ, իրեն առաջնորդ ունենալով «Ուրբաթագիրք»-ը կամ «Վեցհազարյակ»-ը: Մորթած սեւ հավի, սեւ կատվի, սեւ կոթով դանակի եւ կախարդական այլ հնարներով նա բանեցնում էր վհուկության ար/22/հեստը, հավատացած աներեւույթ ոգիների գործակցությանը: Մի ուրիշը սատանայական փորձանքներից վահանափակում էր իր անձը այլեւայլ դիվահալած աղոթքներով եւ ծեսերով: Վեպի պերսոնաժներից մի քանիսը զբաղվում են աստղագիտությամբ ու ալքիմիայով: Նկարագրված քաղաքում մարդիկ քայլում են պապենական անթացուպով: Չկա մատենադարան, թատրոն կամ ժողովարան: Հանրային շահագրգռությունը դառնում է եկեղեցու, նրա արարողությունների, նրա «բարեզարդության» ու վարչության շուրջը: Առավոտ-երեկո մարդիկ ժամ էին հաճախում, տարին մի քանի անգամ պատարագ ու մատաղ անում, պահում պաս ու ծոմ: Իբրեւ ջերմեռանդ հավատացյալ, լուսավորչականը պատրաստ էր ջարդել լութերական համարվածի քիթն ու պռունգը: Ուսումն ու գիտությունը անհարգի էին ու կասկածելի: Տիրող հայացքն արտահայտող Մանթուխյանն այն համոզմունքին է, թե դպրոց կառուցելու փոխարեն, լավ է եկեղեցի շինել, սրբապատկերներն արծաթապատել, անպակաս անել քառասնիցը: Կասկածելի ու խելագար է համարում նա եւ ամբողջ սրտով ատում մանավանդ լուսավորություն քարոզող Կոմս Էմմանուելին: «Ո՞ր դպրոցի աշակերտը տեսար, որ ազգը սիրեր ու նրա օգուտը պահեր,— հարցնում է նա:— Ամենայն ոք, որ փոքր ի շատե ուսումն է ստանում՝ մոռանում է յուր ազգը, յուր հավատն ու օրենքը, ոչ պահք է իմանում, ոչ մատաղ, ոչ քավություն, ոչ թողություն»: Վարժատուն ասած բանդ, համոզված էին շատերը, հավատի նեցուկ չէ. դպրոցն ուսուցանում է լեզուներ եւ արտաքին գիտություններ, բայց միջոց չէ՝ հոգու փրկության, այլ, մանավանդ, պատճառ նրա կորստյան: Այս հայացքի շնորհիվ է հենց, որ քաղաքի վարժատները հանձնվում էին տերտերի՝ կամ տիրացվի խնամքին, քանի որ միայն նրանք կարող են վստահություն ներշնչել կրոնական անաղարտության մասին: Ալքիմիայով տարված Մանթուխյանի համար «ազգը եկեղեցին է, հոգեւորքն են». աշխարհական մահկանացուները մասնավոր մարդիկ են եւ իրենց հոգեփրկության մասին մտածելուց զատ, չունին այլ պարտականություն: Ազգի մասին ունենալիք հոգսը եկեղեցու եւ կղերի բաժինն է բացառապես:
Այնուամենայնիվ, Նոր-Նախիջեւանում սկսում էին վառվել նաեւ կրթության եւ կուլտուրայի օջախներ: Խալֆայական կամ տերտերական սովորական վարժատներից ուսուցման դրվածքն անհամեմատ ավելի լավ էր գավառական դպրոցում — խոնախում,— որ բացվել էր Նոր-Նախիջեւանոմ 1837 թվականին: Այդտեղ սովորում էին գլխավորապես հարուստների զավակները, դասավանդում էին Մոսկվայից հրավիրված լազարյանավարտներ Թեոդորոս Խադամյանը եւ Սարգիս Տիգրանյանը:
Խադամյանը հայտնի է «Մուզայք Արարատյան»-ում տպված իր ոտանավորներով եւ Երեւանի գրավումից հետո գրած իր «Խնդա այսօր /23/ Հայաստան»-ով, որ Նալբանդյանի պատանության ժամանակ հայրենասիրական տարածված երգ էր: Բացի այդ, 1829 թ. նա լույս էր ընծայել «Պատասխանիք» վերնագրով մի աշխատություն՝ ուղղված անհայտ մի հեղինակի դեմ, որը «Մոսկովսկի Տելեգրաֆ»-ի էջերում քննադատել էր Սալլանթյանի քերականությունը: Նալբանդյանը հետագայում «գիտնականի» անուն էր տալիս նրան:
Սարգիս Տիգրանյանը սովորել էր Լազարյան ճեմարանում եւ Մոսկվայի համալսարանում: Նա Բելինսկու եւ Լերմոնտովի համալսարանական ընթացակիցներից էր եւ առավելապես հայտնի՝ Ռասինի «Գողոթիա»-ի գրաբար իր թարգմանությանը կցված տրակտատով, ուր ակադեմիական ոճով արծարծում էր «ողբերգականի» արիստոտելյան տեսությունը: ՆորՆախիջեւանում նա հայտնի դարձավ «Հեյ, մեյդի բացեք մեյդան» իր երգով: Երեւանի Գրականության թանգարանում պահվող իր անտիպ «Հիշատակարան»-ում Գաբրիել Պատկանյանը գրում էր. «Այս Տիգրանյան Սարգիս էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի՝ Սալլանթյան Միքայել արքեպիսկոպոսի լավագույն աշակերտներից մեկը: Երբ Մոսկվայից եկավ … սկսավ Տեր Գաբրիելի, եկեղեցականաց եւ եկեղեցվո իսկ դեմ ի գործ դնել անսանձ լեզու, որ ազատամտություն էր կոչվում: Եվ արդարեւ Նախիջեւանցոց մեջ առաջին խանգարմանց սերմն ձգեց …»:
Քաղաքի կուլտուրական ընդհանուր մակարդակը բարձրացնելու տեսակետից Խադամյանն ու Տիգրանյանը նշանավոր դեր կատարեցին մանավանդ իրենց կազմակերպած ներկայացումներով: «Քաղաքական վարժարանի մեջ,— վերհիշում էր հետագայում Նալբանդյանը,— պ. Խատամյանցը եւ պ. Տիգրանյանցը քանի անգամ պատճառ տվեցին հայերին մի բան տեսանելու կամ լսելու թատրոնական բեմից մայրենի լեզվով» {Ե. Լ. Ժ., 1, եր. 391:}:
Նալբանդյանը երկար չմնաց Օգսենտ-Եղիշեի դպրոցում: Տեսնեյով «վարպետի» անճարակությունը, հայրը ղրկում է տղային գիտունի եւ բանաստեղծի տարածուն համբավ վայելած Պատկանյան տեր Գաբրիելի մասնավոր վարժատունը: Այդտեղ Նալբանդյանը սովորեց մոտ ութ տարի՝ 1837 թվականից մինչեւ 1845 թվականի վերջերը {Հմմ. Գաբր. ք. Պատկանյան, Պատմություն Նոր-Նախիջեւանի, Նոր-Նախիջեւան, 1917 թ., եր. 102:}:
Պատկանյանի մասնավոր դպրոցը սպասարկում էր քաղաքի ունեւորներին: Սովորողների ծնողները պարտավորվում էին վճարել ուսուցչին տարեկան մեկ ոսկի, սակայն աչքի առաջ ունենալով Մուխալի բացառիկ ընդունակությունները, 1838 թվականից սկսած յոթ տարի շարունակ տ եր Գաբրիելը ձրիաբար էր սովորեցնում Մուխալին: Տեր Գաբրիելի /24/ դպրոցը գտնվում էր նրա սեփական տանը: Դպրոցը չուներ հատուկ կարգ ու սարք. ո՛չ դասարանների բաժանում, ո՛չ դասացուցակ, ո՛չ գրասեղան ու գրատախտակ եւ ո՛չ իսկ հարմար դասագրքեր: Ամեն ինչ կատարվում էր ընտանեբար. ուսուցիչը վերաբերվում էր աշակերտներին պարզ ու մտերմաբար {Օգտվում ենք հանգուցյալ Ա. Զամինյանի թղթերում պահված տեղեկություններից:}:
Նույն այդ դպրոցում Նալբանդյանի աշակերտակից եղան Գր. Սալթիկյանը, Ավետիք Խազեզյանը եւ Մկրտիչ Խռղիյանը:
«Հայրս, Գաբրիել Պատկանյանը,— գրում էր իր հոր մասին բանաստեղծ որդին, Ռափայել Պատկանյանը,— յուր ժամանակումը եւ յուր քաղաքի մեջ համարվում էր երեւելի քարոզիչ, հայկաբան եւ պատմագետ: Այս որ ասում եմ՝ օրես 45-50 տարվա բան է. իսկ գիտցողը գիտե, թե 50 տարի առաջ ինչ վիճակի մեջ էր հայկական մտավոր զարգացումը: Ի պատիվ հորս այսքան միայն կասեմ, որ նա Նոր-Նախիջեւանի համար ամբողջ 30 տարի մի տեսակ բարոյական արեգակ էր, որ յուր շուրջը սփռում էր լույս եւ ճշմարտություն: Այն ընդհանուր հարգանքը եւ զարմանքը, որ շրջապատում էր հորս՝ կարծես թե պիտի դարձներ նորան անձնապաստան, ինքնահավան, եսամոլ: Բայց իրոք այդպես չեղավ: հայրս մնաց համեստ եւ, որ գլխավորն է, նա չկուրացավ եւ չկուրացուց յուր չորս կողմ եղողներին. նա միշտ ասում էր, որ նա լոկ աշակերտ է հարց Մխիթարյանց, Միքայել Սալլանթյանին եւ այդ միջոցներին նոր ծագող աստղինՄկրտիչ Էմինին» {Ռ. Պատկանյան, Երկասիրություններ, Ռոստով Դ/վ, 1904, եր. 4:}:
Խոսելով որ արժանիքների մասին, Պատկանյան-որդին մասամբ չարաշահում էր հիպերբոլիկ համեմատությունների արվեստը: Այնուամենայնիվ, Պատկանյան քահանան բացառիկ գիտության ու ձիրքի տեր մարդ էր իրոք: Ն.-նախիջեւանցիները նրան համարում էին «քաջարթուն է: Ճարտար մարդ»: Սակայն անցյալ դարի 40—50-ական թվականներին նա հանդիսանում էր ոչ միայն Նախիջեւանի, այլեւ ամբողջ հայ մտավորականության աչքի ընկնող, բազմասեղյակ ու խոհուն ներկայացուցիչներից մեկը: Այդ մասին են վկայում նրա թողած տպագիր եւ մանավանդ նրա անտիպ երկերը, որոնց մենք առիթ պիտի ունենանք անդրադառնալու այդ կապակցությամբ: Նրա երկերն ու գործունեությունը ցույց են տալիս միաժամանակ, որ աշակերտելով հին տիպի գիտուններին, որոշ խնդիրներում նա, այնուամենայնիվ, կարողացավ որդեգրել ու կենսագործել նոր, պրոգրեսիվ հասկացություններ:
Նալբանդյանն անշուշտ իր վարժապետին նկատի ուներ, երբ Կոմս Էմմանուելի «Հիշատակարան»-ում ակնարկում էր լույսի եւ ճշմարտության /25/ համար հայրենի քաղաքում նահատակված մտավորականների մասին, կամ, երբ նշում էր այն «ուսումնական ազգայինի» մասին, որը քսան տարի առաջ (այսինքն՝ 30—40-ական թվականներին, Ա. Հ.) գտնվում էր այդ քաղաքում «դաստիարակական պաշտոնով», եւ կրելով դժնդակ պայմանների հարվածներ՝ ապրեց «վհատական եւ ողբալի դրություն» {Ե. է. Ժ., I, եր. 419:}: Այդ ժամանակաշրջանն ուներ աչքի առաջ Կոմս Էմմանուելը, երբ գրում էր. «Ո՜հ, ահա երեսուն նոր տարին անցուցել եմ ես, նոցանից մինչեւ քսանը նույնպես ուրախացուցել են ինձ, ինչպես այժմ շատ մարդերի, բայց այս վերջին տասն նոր տարիքը ի՞նչ բաների վկա են եղել իմ հետ միասին, ի՞նչ ողբալի եւ արտասվելի գործերի ականատես, որ գործվել էին մեր խնայելի ազգի մեջ» {Նույն տեղը, եր. 385:}: Քսանամյա այն ժամանակաշրջանը, որի մասին ակնարկում է այստեղ Կոմսը, մանկության եւ պատանեկության այն տարիներն էին, որոնց մասին ավելի ուշ Նալբանդյանը հայտնի իր ոտանավորներից մեկում գրում էր
Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու,
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու
Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան
Ձեզանից հետո եկավ գիտություն,
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն:
Բանաստեղծն անկեղծ էր անշուշտ: Գրելով այս տողերը, նա վերհիշում էր այն, ինչ վերապրել էր եւ զգացել ուսումնառության առաջին իր տարիներին: Իմացության այն ժամանակամիջոցը, երբ վառ հարցասիրությամբ նա զննել սկսեց աշխարհ երեւույթները, Նալբանդյանի պատանեկության ժամանակներն էին, այն շրջանը, երբ նա աշակերտում էր Գ. Պատկանյանին: Ուշագրավ է, որ Նալբանդյանի դասընկեր Ռափուշը՝ Պատկանյան վարժապետի բանաստեղծ որդին, գրեթե նույն զգացումներով էր վերհիշում մանկության եւ պատանեկության ապրումների իր ոսկե շղթան: «Բախտը ամեն մարդու ճակատագրած չէ,— գրում էր նա,— բայց ամեն մարդու վիճակված է եղել մանկություն եւ պատանեկություն: Երանի մեր այդ տարիքին, որը հիշատակը միշտ քամում է մեր աչքերեն - սփոփիարար արտասունք» {Մ. Էմին, Երկասիրություններ, եր. 2003:}:
/26/ Նախապես Գաբրիել Պատկանյանը սովորել էր իր հոր՝ Պոլսից եկած Սերովբե վարժապետի դպրոցում, մտավորապես մարզվել Ալամդարյանի եւ Սալլանթյանի հետ: Հետագայում ինքնուսությամբ այնքան էր զարգացել ու հասունացել, որ հմտություն էր ձեռք բերել «բարձր կրթության համար աշակերտների միտքը մշակելու եւ նախապատրաստելու արվեստի մեջ» {Եր. Շահազիզ, Տեր-Գաբրիել Պատկանյանց, Թիֆլիզ, 1910, եր. 36:}: Տեսանք, հիրավի, որ Պատկանյանի դպրոցում անցկացկած տարիներից է սկսում մտավոր իր ծննդաբանությունը ինքը՝ Նալբանդյանը: Վարժապետը նշմարեց աշակերտի ունակությունները, սուր եւ աշխույժ նրա միտքը եւ ջանք չխնայեց նրա կրթության համար: Հին եւ նոր կտակարանների գիտությունից զատ, նա ներշնչեց պատանուն սեր դեպի մայրենի լեզուն, գրականությունն ու պատմությունը: Հին հայ լեզվին, պլատմությանն ու մատենագրությանը իրազեկ վարժապետի ղեկավարությամբ՝ պատանին յուրացրեց գրաբարը եւ թափանցեց ազգային պատմության ու գրականության ընդերքը: Ինչպես գրում էր հետագայում Պատկանյանը, աշակերտներին ջանացել է սովորեցնել ոչ միայն քերականություն եւ ճարտասանություն, այլեւ ներշնչել հայրենասիրություն ու ազգասիրություն: Զուր չէ, որ խալիբականները գանգատվում էին, թե հոգեշահ Սաղմոսի, Ժամագրքի եւ Շարականի տեղ տեր Գաբրիելը աշակերտներին հեթանոսական սուտ աստվածների պատմություններ է անում, այսինքն՝ անցնում նրանց հետ դիցաբանություն, կամ որ հակառակ Աստվածաշնչի ասում՝ թե հողագունդն է պտտվում արեւի շուրջը, եւ ոչ թե արեւը հողագնդի {Գրականության թանգարան, Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 577:}:
Ժամանակակիցներից մեկը՝ Հ. Պապաuինյանը, իր հիշողությունների մեջ գրում է.
«Երեխա էի (1845 –50 թվականներին): Իմ մեծ հայրը, պազիրկանպաշի Պետրոս աղա Պապաuինը այն ժամանակ 78-80 տարեկան էր եւ աչքերը տկար էին: Մեր զալին մեջ կար գրքի տոլապ մեջը լիքը հայոց գրքերով. շատերը գիտեին, որ Պետրոս աղան հայոց գրքեր շատ ուներ: Ես պարտեզը կխաղայի: Փողոցի դռնեն բակը մտավ մի տարեց մարդ, Հետն ալ պատանի: Ես դադարեցա խաղես եւ տեսա, որ եկողներն էին ուստայի Ղազարը եւ նրա Միքայել որդին, որ ինձմեն մի քանի տարի մեծ էր: Մեծ հայրս նստած էր պալքոնին մեջը: Ղազարը մտավ ներս իր որդուն հետ, ես ալ հետաքրքիր ըլլալով՝ մտա նրանց հետ պայքոնը:
Բարով, Պետրոս աղա,— ասաց Ղազարը:
Ղազար, դո՞ւն իս,— պատասխանեց մեծ հայրս,— բարով եկար, նիստ, ի՞նչ կա, ի՞նչ պետք ունիս,— հարցրեց մեծ հայրս:
/27/ — Աղա, այս ալ լակոտս է, ձեռդ թող համբուրե։
Միքայելը մոտեցավ մեծ հորս, ձեռքը պաչեց:
Աղա, լակոտս լսել է, որ դուն շատ հայնակ գրքեր ունիս, ինձի սելմիշ արավ այդ մասին, ես ալ ըշտե ինչ անիմ, բերի քեզի, մեմը թող նայե տոլապի գրքերը, թող սեիր անե:
Լավ, գնա, պալաս, զալը նայե,— ասաց մեծ հայրս Միքայելին,— նայե շատ չքրքրիս, սրայով դիր գրքերը:
Հետո Ղազարը մնաց մեծ հորս մոտ խոսելու, եւ ես Միքայելին ետեվեն զալը մտա ու նայեցա, ի՞նչ կանե: Նա քրքրեց, ամենը նայեցավ, եւ մեկ հատ գիրք, որ Խորենացիին գիրքն էր, առավ ձեռքը եւ դուրս ելավ:
Մեծ հայրս տեսավ ու ասաց Ղազարին.
Մանչիդ շատ խրթին գիրք ընտրել է, կհասկանա՞ ինչ գրաբարը. է՛յ, թող տանե,— եւ դառնալով Միքայելին՝ ասաց.
— Նայե՛, տղաս, չպատրիս, չկորցունում այդ գիրքը, մեր հայերիս պատմությունն է, թանկնոց, անգին գիրք է: Գնա, շատ ապրիս, տղաս, կարդա ու հասկցիր,— ասաց ու ճամփեց պատանի Միքայելին …» {«Լույս», 1913, N 17:}:
Կասկած չկա, որ պատանի Նալբանդյանի դեպի Խորենացին ի հայտ բերած հարցասիրությունը ծայր էր առել պատմահոր գլուխ-գործոցին լավատեղյակ Պատկանյանի ներշնչմամբ:
«Մեռելահարցուկ»-ում հիշատակվում է «կարդացող» եւ «աստվածաբան» Սիմեոն վարժապետը: «Ի՛նչ գլուխ ուներ, ի՛նչ ուզում ուներ, կարճ խոսելով փիլիսոփա մարդ էր»,— թեթեւ իրոնիայով գրում է նրա մասին «Մեռելահարցուկ»-ի հեղինակը: «Ինչպես գեղեցիկ մեկնում էր «Ժողովածուն», ապա եկեղեցի եւ կաթողիկոս բառերի մեկնությունը, չկարծեմ, որ եպիսկոպոսները եւս այնպես իմանան, աստված լուսավորեսցե քո հոգին, Սիմեոն վարժապետ, եթե դու լինեիր, եթե քո գրյանքն ինձ ժառանգություն չմնային, ով գիտե, ով կարող է երաշխավոր լինել, գուցե ես եւս Շաքարյանցի նման գլուխս տայի դիվական պարապմունքի»: Այս անվան տակ չի՞ ակնարկված արդյոք վերը նշված Պետրոս աղան կամ քաղաքի հին գրասերներից որեւէ ուրիշը: Հազիվ թե դյուրին լինի պատասխան տալ այս հարցին:
Չպիտի կարծել, թե Պատկանյանի վարժատանը Նալբանդյանը սովորեց եւ սիրեց միայն հայրենի գիտություններ: Հմուտ գրաբարագետ Պատկանյան վարժապետը քաջ տիրապետում էր ռուսերենին եւ գերմանական գրքերի միջոցով ծանոթ էր նաեւ օտար գրականությանը: «Դասական» կրթության հարուստ իր շտեմարանից նա առատ բաժին էր անում ժրագլուխ սաներին:
/28/ Ընթերցանության ի՞նչ նյութեր էին հատկապես, որոնց ազդեցության տակ կարող էր զարգանալ աշակերտի միտքը: 9—10 տարեկան Նալբանդյանի կարդացած առաջին գրքերից մեկը Ս. Բժշկյանի գրչով արեւմըտահայ աշխարհաբարով թարգմանված «Ռոբինզոն Կրուզո»-ն էր {Ե. Լ. Ժ., II, եր. 232:}: Հետզհետե նա ծանոթանում է հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կլասիկներին: «Ես անչափ շնորհակալ եմ հորես,— գրում էր Մուխալին հասակամերձ եւ տեր Գաբրիելին աշակերտած Ռափուշը,— որ իմ մեջ ներշնչեց հեղինակության առջեւ երկրպագություն անելու զգացմունքըՄանկությանս եւ պատանեկությանս միջոցին իբրեւ անսխալական էակների խոսք՝ կարդացել եմ Եղիշեն, Խորենացին, Փավստոսը, Ղազար Փարպեցին, Լերմոնտովը, Տուրգենեւը, Գոգոլը, Ժան-Ժակ Ռուսոն, Բեռնարդին դը ՍենՓիեռը, Մոլիեռը, Շեքսպիրը, Շիլլերը եւ այլն, եւ այլն, հավատացել եմ նոցա զգացմանց սրբությանը եւ իմաստասիրել եմ նոցա ասացվածքի ձեւը» {Մ. Էմին, Երկասիրություններ, եր. 202 եւ հետ.:}:
Պատկանյանի դպրոցում Նալբանդյանը սովորեց եւ յուրացրեց ռուսաց լեզուն եւ պատանի հասակից սիրով կարդում էր ռուս հեղինակներին: Ինքը՝ Պատկանյանը, որ, ինչպես վկայում են նրա ձեռագրերը, ծանոթ էր եվրոպական մի շարք լեզուների եւ մանավանդ կատարելապես տիրապետում էր ռուսերենին, պիտի ենթադրել՝ անձնապես ղեկավարում է՝ խրախուսում էր աշակերտների ընթերցասիրությունը: Իր «Յաղագս հայկական դպրութեան ճառ»-ում Նալբանդյանը կանգ է առնում այն երեւույթի վրա, որ ռուսերեն լեզվով կարդացող հայ ընթերցողն ուրախությամբ է կլանում ռուս կլասիկների՝ Ժուկովսկու, Պուշկինի, Լերմոնտովի եւ Գոգոլի գրվածքները, ոչ միայն հափշտակվելով նրանց լեզվի գեղեցկությամբ, այլեւ նրանց մտքերի գրավչությամբ: Պետք է ենթադրել, որ Նալբանդյանը գրում էր այդ մասին՝ վերհիշելով այն խոր տպավորությունը, որ արել էին ռուս կլասիկները իր վրա տակավին պատանեկության տարիներին: Պատահական չէ, որ նրա թարգմանած անդրանիկ ոտանավորների մեջ գտնում ենք կտորներ Պուշկինից եւ Լերմոնտովից: Նամակներից մեկում խոսելով Պուշկինի սեմինարիստների մասին՝ Նալբանդյանը նկատի ուներ «Եվգենի Օնեգին»-ի տողերը՝
Не дай мне бог сойтись на бале
Иль при разъезде на крыльце
С семинаристом в желтой шали
Иль с академиком в чепце!
Նորերս մատնանշվեց Լերմոնտովի «Taмбовская казначейша»-ի օգ/29/տագործումը սխալաբար Նալբանդյանին վերագրված «Կայպակ»-ում {ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1954, 4։ 6-7, եր. 108:}: Այնուամենայնիվ հիշատակենք Նալբանդյանի թղթերի մեջ հայտնված «Խելքից պատուհաս»-ի գրչագիր օրինակը, որ ժամանակին ձեռք էր բերել նա, եւ պահվում է Հիմա Երեւանի թանգարանում: Բանտի մի նամակում նա հիշում էր Ռեպետիլովի խոսքերը, որ նշան է, թե որքան խորն էր տպավորվել նրա գիտակցության մեջ Գրիբոյեդովի հանճարեղ կոմեդիան: Պատահական չէ դարձյալ, որ Գոգոլի «Մեռյալ անձինք»-ը «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայում հիշատակվում էր որպես ռեալիստական արձակի դասական նմուշ ու չափանիշ:
Ինչ վերաբերում է եվրոպական հին ու նոր կլասիկներին, ենթադրել պետք է, որ Պատկանյանի աշակերտները ծանոթանում էին դրանց մեծ մասամբ մխիթարյան թարգմանությունների միջոցով: Նալբանդյանի հետագա բազմաթիվ գրությունները մխիթարյանների մասին ցույց են տալիս նրա հիմնավոր ծանոթությունը Վենետիկի հրատարակություններին: Բացի այդ, եվրոպական կլասիկները կարող էին մատչելի դառնալ նրան սկզբնապես նաեւ ռուսերենի միջոցով: Բոլոր պարագաներում Հոմերոսն ու Դանթեն, Միլտոնն ու Շեքսպիրը, Շիլլերն ու Գյոթեն, Բերանժեն ու Հայնեն նվիրական անուններ էին նրա համար: Այդ անունները հայ դիպում են մեզ մեծ մասամբ արդեն նրա անդրանիկ գործերի մեջ: Հայտնի է, մասնավորապես, որ Գ. Պատկանյանը առաջինն էր մեզանում, որ ձեռնարկել էր «Համլետ»-ի հայացմանը: Ինչպես դեռ առիթ պիտի ունենանք նշելու, «Համլետ»-ը խոր հետքեր է թողել նաեւ Նալբանդյանի գրվածքներ րում եւ պիտի կարծել, որ այդ երկի մասին նա առաջին անգամ լսած պիտի լիներ հենց վարժապետի բերանից: Առաջին անգամ Գ. Պատկանյանից նա կարող էր լսած լինել նաեւ եվրոպական նշանավոր այլ գրողների մասին: Պատկանյանի ձեռագիր քաղվածքներում հետագայում հանդիպում ենք Վոլտերի եւ Ռուսսոյի, Գիզոյի եւ Ռընանի անուններին: Հայերի մեջ հավանորեն առաջինն էր նա, որ ի մոտո ծանոթացել էր անտրոպոլոգիային եւ տարվել գանգաչափությունից արվող եզրակացություններով: Նա ձեռնարկել էր նույնիսկ թարգմանելու Բոկլի «Անգլիական քաղաքակրթության պատմությունը», եւ Բյուխների «Ուժը եւ նյութը»:
Լեզվա-բանասիրական եւ պատմական լայն իրազեկությունից զատ, Պ ատկանյան քահանան ժամանակի աչքի ընկնող գրական գործիչներից էր: Չափածո նրա գործերը մասամբ գրված են գրաբար, կրում են իրենց վրա կլասիցիզմի եւ ռոմանտիզմի ազդեցության կնիքը, ունեն ինքնատիպ, կորովի ոճ եւ զուրկ չեն պատկերավորությունից ու նվագայնությունից: Նրա /30/ արձակ գործերն ունեն գերազանցորեն պատմագրական բովանդակություն կամ հանդիսանում են ազգային-քաղաքական ընդարձակ խորհըրդածություններ, գրված մեծ մասով աշխարհաբար: Արդեն իսկ 1850-51 թվականներին նրա խմբագրած «Արարատ»-ը զետեղում էր ոչ միայն հին, այլեւ նոր, գրական լեզվով կազմված նյութեր, ըստ որում նախապատվություն էր տրվում վերջին տեսակի գրվածքներին: «Արարատ»-ի ցենզորը Աշտարակեցի կաթողիկոսն էր, եւ Պատկանյանը տրտնջում էր, որ վերջինս իր բծախնդրությամբ «թմրեցուցիչ շնչով կքարշէր զոհն ի կուլ որկորոյն»: Խմբագիրը հարկադրված էր ենթարկել իր «ազատ լրագիրը» կաթողիկոսի քմայքներին, «մինչ ինքն քաջ գիտէր, թէ լրագիրն պիտի լինէր հանդիսարան հասարակաց կարծեաց, ոչ ասպարէզ կամաց այնպիսի դիւցազին, որ մի տան պատուհանի ձեւն փոխելոյ աղագաւ, ոչ մի տուն, այլ մի քաղաք բովանդակ պատրաստ էր տապալել» {Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 312 եւ հետ»:}: Այնուամենայնիվ, կարճօրյա այս պարբերականը դրական մի գործ էր, որի համար պահանջվում էր ոչ միայն գրական նախապատրաստություն, այլեւ նոր կազմավորվող ազգային մտքի որոշ սիստեմ եւ ուղղություն: Պատկանյան խմբագիրը ոչ միայն ասպարեզ տվեց աշխարհաբարին, այլեւ ուրույն արգումենտներ ձեւակերպեց նոր լեզվի օգտին, նշելով նրա ծագման աղբյուրն ու զարգացման ուղին եւ գծելով նրա իրավասության կոնկրետ սահմանները:
Ավելի ուշ, 1854–1856 թվականներին, Ռոստովի բանտում իր «Անուշավան», «Արամերգ», «Հայկերգ» ազգային վիպասանությունները Գ. Պատկանյանը ձգտում է գրել այնպես, որ դրանց լեզուն լինի որքան կարելի է «պարզ աշխարհաբար, ավելի ռամկաց հասկանալի, որ լինի անգրագիտաց կերակուր» եւ ապա՝ որ դրանք լինին «որքան հնար է ուժեղ եւ պարզ բառերով դյուրըմբռնելի, քան թե բանաստեղծական զարդերով սեթեւեթած»: Իրենց բովանդակությամբ այդ երկերը պիտի հարմարեին «ազգի վիճակին» եւ իրա՝ հեղինակի վիճակին: Մասնավորապես, «Արամերգ»-ի մեջ հեղինակը կամենում էր անդրադառնալ նախիջեւանցոց կյանքի մի քանի բացասական երեւույթներին: Հեղինակը որոշեց գրել այդ վիպասանությունը «նույն ռամկական, ամենեցուն դյուրամատույց ոճով, բանաստեղծական թռիչքներից յուր մտաց բներն ազատ պահելով, միայն նախիջեւանցոց բարքն նկարագրել եւ կողմնական միջավեպերով յուր գաղափարները վարագուրել»: Նա «կամենում էր յուր միտքն պարզ հայտնել (ընթերցողաց)» {Նույն տեղը, եր. 463 եւ հետ., 479 եւ հետ»:}: Ինչպես պարզվեց վերջերս, Գ. Պատկանյանի աշխարհաբարագիր գրվածքների շարքին պիտի դասվի նաեւ ռեալիստական շնչով /31/ գրված «Կայպակ» պատմական պոեմը: Այն հանգամանքը, որ տասնյակ տարիների ընթացքում այդ երկը կարող էր դրվատվել որպես Նալբանդյանի գրչին պատկանող մեծարժեք մի ստեղծագործություն, եթե, մի կողմից, պիտի դիտվի որպես տխուր վկայական մեր բանասիրության վիճակի մասին, մյուս կողմից՝ կարող է համարվել ակամա խոստովանություն դրա բուն հեղինակի գրական ձիրքի, ինչպես նաեւ նրա եւ Նալբանդյանի միջեւ եղած գրական ինչ-որ մերձավորության օգտին
Թե ինչ բնույթ ունեին իդեական այն ներշնչումները, որ ստանում էր իր ուսուցչից Նալբանդյանը, ցույց են տալիս վերջինիս անդրանիկ այն ոտանավորները, որ 1851 թվականին ուսուցիչ-խմբագիրը լույս ընծայեց «Արարատ»-ի էջերում: Բնորոշ է, որ այդ ոտանավորների տակ հեղինակը կցում է իր ստորագրությանը՝ «յաշակերտութենէ տեառն Գաբրիէլի Պատկանեանց» բառերը: Ոտանավորներից մեկը՝ «Ժամանակ» վերնագրով եւ մյուսը՝ երեք աստղանիշ գլխարկով ունեին ընդհանուր փիլիսոփայական եւ հայրենասիրական բովանդակություն, գրված էին խրթին գրաբարով եւ կրում էին իրենց վրա կլասիկական պոեզիայի ազդեցության դրոշմը: Երրորդ եւ չորրորդ ոտանավորները՝ «Յիմարաց՝ ուսման վրա ունեցած կարծիքը» եւ «Հերքումն յիմարական կարծեաց, զոր անմիտք ունին ի վերայ ուսման» վերնագրերով, իդեապես շաղկապված են միմյանց: «Յիմարաց կարծիքը» կանխում է «Մեռելահարցուկ»-ում նկարագրված մռայլ այն իրականությունը, որ իշխում էր հեղինակի հայրենի քաղաքում: Ուսման եւ գիտության մասին ոտանավորի հիմարն ունի գրեթե նույն հայացքը, որ տարիներ անց արտահայտելու էր Մանթուխյանը «Մեռելահարցուկ»-ի էջերում. լավ է զբաղվել առեւտրով առանց այբուբենի կտոր ունենալու փորում, քան զբաղվել շահազուրկ գիտությամբ կամ՝ ուսումնառությամբ.
Ученье – бот чума,
Ученность — вот причина.

Նալբանդյանի «հիմարը» կրկնում էր ֆամուսովյան այս իմաստասիրությունը.

Դու ե՞րբ տեսար խելոք գիտեմ, որ հորերուս ատեթով,
Աստված պաշտեր, ժամը երթար, պաս պահեր հավատքով:
Արի՛, բա՛ց թող այդ ուսումը, դու որ այժմ են չես հավան
Եկեղեցվո կանոնքներուն, վաղն կըլլաս փրոդեստան.
Ո՛չ պաս գիտնաս եւ ո՛չ ուտիք, ո՛չ հավատքով աղոթել,
Ոչ մեղքդ լալ ջերմ արցունքով, ո՛չ աստուծո տուն մտնել,
Ճեպըդ նայե թե որ լիք է ոսկի արծաթ փողերով՝
Փիլիսոփա գիտնականեն դու միշտ վե՛ր ես՝ իմ խելքով:
Զերե փողով ամեն բանը կը լըմըննա աշխարհիս,
/32/Բայց ուսումով, գիրք կարդալով չի կըշտանալ փորերնիս:
Ներկա դարում ուսումնականք ի՛նչ մեծ գիտեն, ի՞նչ իշխան,
Ազատ աստված մեզ ստեղծեց, կասեն կելլեն ման կուգան.
Բայց որ երթանք մենք խանութը, բարեւ կուտանք ամենուն,
Եթե աղա՝ իշխան՝ անձինք՝ մեզիմեն պատիվ կառուն,
Փող շատ ըլլա՝ ուտենք, հագնենք, գինին խմենք ու պառկենք:

Հիմարի միտքը նույնն էր, որի մասին հարցնում էր երգիծանքով -Թաղիադյանի ծույլը.
Առ ի՞նչ պիտին քո ուսմունք,
Քո ցավագին սկզբունք
Այն ինչ ոսկի եւ արծաթ,
Զմարդ առնին միայն մարդ:
Ծույլ աշակերտ»)
«Հերքումը», առարկելով հիմարին, ուսման մեջ է տեսնում բարիքի աղբյուրը: Ուսումն է, որ լուսավորում է հոգու մթությունն ու դարմանում մտքի՝ տկարությունը: Ժանգահար` նյութը անկարող է ապահովագրել մարդուն նրա ախտերից: Անգամ ոսկին չի կարող պտղաբերել ոչինչ՝ առանց ուսման լույսի:
Նալբանդյանի մեր ձեռքը հասած գրական անդրանիկ այս փորձերը կյանքից կտրված գրական մտահղացումներ չէին: Մուխալի դասընկերները վկայում էին, որ երգիծելու ունակությունը երեւում էր նրա մեջ տակավին դպրոցում. ընկերներից մի երկուսի հետ նա ծածկագրեր էր հորինում դասակիցների մանկական ինչ-ինչ թուլությունները ծաղրելու համար:
Հետագայում Գ. Պատկանյանը գրում էր. «Նոր-Նախիջեւան քաղաքի բնակիչքը օրըստօրե ուսման վերա այլ եւ այլ ձախողակ կարծիքներ ստանալով՝ իրանց մեջեն առաջացուցին երեք տեսակ կուսակցություններ, որոնց առաջինը, այն է՝ քաղաքացյաց մեծագույն մասը ուսումն համարում էր (ոմանց ուսյալ կարծած ամեհի անձանց վնասապարտության պատճառով) իսպառ վնասակար: Երկրորդ կամ միջին մասը ուսումն առնուլ լավ էր համարում, քան անուսումն մնալը (թեեւ ուսումն մեկ վնասաբեր բան էլ որ լինի) վասն որո եւ անխտիր կամենում էր, որ՝ ուսումն ինչպես մեկ անհրաժեշտ չարիք, մտնի ժողովրդյան մեջ: Իսկ երրորդ կամ նվազ մասը համարում էր թե՝ կարելի է այնպիսի ուսումն տալ, որ իսպառ ազատ մնա այն ոչ թե ուսման, այլ ուսելուց թյուր ուղղությամբ եւ թյուր ըմբռնությամբ վնասաբեր կարծած ազդեցութենեն, եւ ժողովրդին հանե մտաց կուրութենեն: Երկու առաջինքը 1830-1850 թ.թ. ավելի զորացան, բայց երրորդն էլ իսպառ բնաջինջ չեղավ: Մինչեւ 1860 թվականը /33/ առաջին երկու կուսակցություններու թագավորության ժամանակն էր, որ Նոր-Նախիջեւանաբնակ հայոց ազգի հառաջադիմության այնպես խոչընդակություն արին, որ նորա փթթումն գոնե հարյուր հիսուն տարի հետ նահանջեցՀասավ վաթսուներորդ թվականը. երրորդ նվազ մասը գլուխը վեր բարձրացրեց, եւ այնուհետեւ սկսավ Նոր-Նախիջեւանի համար նոր դարագլուխ …» {Վերջը կիմանաք, Հայոց ազգի ուսումնատվությունը, ուսումնարանները եւ ուսու» ցիչները, Ս. Պետերբուրգ, 1865, եր. 77 եւ հետ»:}:
Աղաների եւ ժողովրդի, հարուստների եւ աղքատների, խավարի եւ է լույսի հակադրություններից ծագող հարցերը պիտի որ շատ կանուխ հուղած լինեին պատանի Նալբանդյանի միտքը: Տակավին մանուկ, դիտելով խալիբականների եւ հակառակորդների անդուլ հակամարտը, նա պիտի հարցրած լիներ ինքն իրեն՝ ինչի՞ համար է այս, ո՞ւմ մեղքով, ինչո՞վ պիտի վերջանան այս կռիվները: Ռեալիստական շտրիխներով հագեցած երգիծանքը հայտաբերում է նրա հասարակական կանխահաս տարերքն ու նրա մտքի սոցիալական խայթը: Պատանի բանաստեղծը Պատկանյանի բնութագրած ուսումնատյացների, իշխանավոր աղաների ու տգետ փողատերերի հակառակորդն է եւ բնութագրում է սրանց մգլած մտայնությունն ու խավարամոլ կարծիքը, հակադրվում ուսման, լուսավորության մասին ունեցած սրանց հայացքներին: Նա նշավակում է մեծատունների շահատակությունները, խարանում վաճառականների առեւտրական խաբեբայությունները, նրանց մարդահաճությունը մեծատունների եւ իշխանավորների առաջ, նրանց որկրամոլ կենցաղը, նեղմիտ նյութապաշտությունն ու ծիսապաշտ կրոնամոլությունը: Մատնանշելով փողատերերի կապը կղերի եւ եկեղեցու հետ, նա մերկացնում է տիրապետող մտայնության սոցիալական արմատները եւ դառնում դեպի ժողովրդական այն մասսաները, որոնց շահերը դեմընթաց էին հարստահարող խավարասերներին:
Դժվար չէ սկսնակ հեղինակի մեջ նշմարել դպրոցի եւ հասարակական շրջադրության հարուցած տրամադրությունների շորշոփը: Բայց ակներեւ է, որ պատանի բանաստեղծի մեջ երեւան է գալիս նաեւ ռուս եւ օտար առաջավոր գրականության ազդեցությունը: Կանտեմիր, Կռիլով, Գրիբոյեդով, Գոգոլ, Մոլիեռ, Հայնե եւ Բերանժե — առանց այս ու նման հեղինակների տված նախօրինակների նրա՝ գրչի տակ դժվար կարող էին կենդանանալ «Յիմարաց կարծիք»-ի մեջ ուրվագծված ազգային տարտյուֆների, ամուսովների եւ սոբակեւիչների դիմաստվերները: Պատանի հեղինակը պարզում է կորյունի թաթը: Նրա տողերի մեջ դրված է արդեն ապագա հրապարակախոսի սոցիալական թթխմորը, նրա մեջ սկսում է արդեն /34/ խլրտալ երիտասարդ Նալբանդյանի քննախույզ միտքն ու մարտնչող ոգին:
Ե՞րբ են գրվել Նալբանդյանի անդրանիկ ոտանավորները: Գ. Պատկանյանի ձեռագիր «Հիշատակարան»-ի ասելով՝ «Արարատ»-ում հպված չորս ոտանավորներից մեկը գրվել է 1845 թվականին: Քանի որ «Յիմարաց կարծիք»-ն ու «Հերքում»-ն ըստ նյութի եւ իդեապես շաղկապված են սերտորեն եւ գրված են մի շնչով, պիտի կարծել, որ Պատկանյանի տեղեկանքը չի կարող վերաբերել այս ոտանավորներին: Հավանորեն 1845 թվականին գրված ոտանավորը «Արարատ»-ում լույս տեսած չափածո գործերից մեկն է, որոնք, ի դեպ, գրված են խրթին գրաբարով եւ դրոշմված վարժապետի ազդեցության կնիքով: Հավանական է ընդունել նաեւ, որ մյուս երկու ոտանավորները գրվել էին 1845 թվականից ոչ շատ ուշ։ երեւի 1846 թվականին, երբ դեռ պատանի հեղինակը անմիջապես ենթակա էր Պատկանյանի ցուցմունքին ու խրախուսանքին: Պարզ ու հստակ ռամկերենով հեղինակը շարադրում էր միայն «հիմարի» կարծիքը, որի իմաստուն «հերքումը», ընդհակառակը, հնարավոր էր համարում գրել միայն գիտունին վայել գրաբարով: Այս նշանակում է, թե «Յիմարաց կարծիք»-ն ու «Հերքում»-ը գրվել էին «Արարատ»-ի հրատարակության տարիներից ավելի առաջ, երբ Պատկանյանի ու իր աշակերտների համար տակավին անառարկելի ճշմարտություն չէր նոր գրական լեզվի իրավասությունը:

/35/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
ԲԱԽՈՒՄ ՌՈՒՏԻՆԱՅԻ ՀԵՏ
Տիրացու Մուխալը հոգեւոր կառավարության գրագիր։ Հասարակական ասպարեզ: Գ. Պատկանյանը որպես քաղքենի դժգոհությունների թարգման: Գյուղացիների եւ քաղաքատերերի բախումները: Ներսես Աշտարակեցի: Եկեղեցական վեքիլների ռեժիմը։ Նալբանդյանի ընդհարումը Եկենյանի հետ: Կեղծված նամակների պատմությունը։ Հոգեւոր եւ աշ,սարհիկ դպրոցական սիստեմների բախումը։ Գ. Պատկանյան եւ Խ. Աբովյան: Պատկանյանի դիրքավորումը Աշտարակեցու ընդհանուր քաղաքականության դեմ։ Պատկանյանի կալանքը։ Նալբանդյանը վերսկսված պայքարի ղեկավար: Մտրակի, գավազանի եւ ոսկեպարկի դաշինքը նրա դեմ։
Հինն ու նորը գրկախառնված էին տեր Գաբրիելի վարժական, ինչպես եւ իր՝ վարժապետի գրական-հասարակական գործունեության մեջ: Տեսանք պրոգրեսիվ այն ազդեցությունը, որ ունեցան Նալբանդյանի վրա Պատկանյանը, ու դրա հետ մեկտեղ նաեւ ռուս եւ օտար հեղինակների ընթերցումը, նրա ընդհանուր զարգացման, լեզվական ու գրական-պատմական գիտելիքների յուրացման, ինչպես նաեւ նրա գրական ունակությունների մշակման վրա: Դրա հետ միաժամանակ նա վարժապետից ներշընչումներ էր ստանում ազգային եկեղեցու եւ նրա դավանանքի պաշտպանության համար: Հատկանշական է, որ պատանի Մուսալը շարադրություն գրեց «Քրիստոսի մարդեղության» մասին: Պատկանյանը ոչ միայն ներշնչել, այլեւ շտկել էր աստվածաբանական նրա այդ թոթովանքը {Ե. Շահազիզ, Տեր-Գաբրիել Պատկանյանց, եր. 140:}: Առանց վարժապետի հորդորի չէր նաեւ, որ պատանի Մուխալը տիրացվության պաշտոն էր կատարում եկեղեցում եւ որոշել էր ընդունել հոգեւոր կոչում: Այս նշանակում է, որ Պատկանյանի աշակերտը մտադրվել էր շարունակել ուսումը, նվիրվել ոչ միայն եկեղեցուն, այլ, ուսուցչի օրինակով, նաեւ գիտությանն ու լուսավորությանը, որչափ հայ կյանքում հիմնականում դեռ եկեղեցուն էր վերապահված լուսավորության ու գիտության հոգսը: Տիրացվությունն ու փոխասացությունը ժամանակի ուսումնառու/36/թյան անխուսափելի ուղեկիցներն էին: Դպրոցական ուսումն ամենից առաջ համարվում էր եկեղեցու համար կադրեր ստեղծելու միջոց: Տիրացու Մուխալը առհարկի տուրք էր վճարում դարերի ընթացքում իշխած այդ իրադրությանը: Հաճախելով իրենց թաղի եկեղեցին, Մուխալը նրա սպասավորության համար ցույց էր տալիս նույնիսկ հատուկ ունակություններ: Ուներ նուրբ լսողություն, երաժշտական ճաշակ, բերանացի գիտեր շարականի երգերն ու եղանակները, խրոխտ ու բամբ ձայնով սիրում էր առաջ ընկնել ուրիշներից, փակելով անհաջողակ մրցակիցների ձայնը {Ե. Շահազիզ, Մ. Ղ. Նալբանդյանց, Մոսկվա, 1897, եր. 16:}: Ժամանակակիցներից մեկի վկայությամբ, թեպետեւ ձայնն էլ լավ չէր, բայց երգում էր «ոգեւորված» {«Անահիտ», 1930, եր. 99:}:
Ժամանակի իշխող մտայնության տեսանկյունից դատելով, այս ամենը կարող էր դիտվել որպես խոստումնալից պատանու «փայլուն ապագայի» նախանշաններ: Այնուամենայնիվ, Նոր-Նախիջեւանի կոնկրետ իրադրության մեջ Պատկանյանից ստացած ներշնչումները միշտ չէ, որ հանգավորվում էին տիրող մտայնության հետ: Պատկանյանը սոսկ հայ եկեղեցու պաշտոնյա չէր եւ ոչ էլ միայն գիտուն կամ մանկավարժ: Նա միաժամանակ նաեւ ազգային-քաղաքական ուրույն հայացքների ու ձգտումների ներկայացուցիչ էր, հասարակական որոշ հոսանքի պարագլուխ: Չպիտի անգիտանանք, որ Պատկանյանն էր հենց այն մարդը, որ ներարկեց իր աշակերտին խոր ատելություն ոչ միայն դեպի ազգային եկեղեցու, այլեւ ժողովրդական շահերը ոտնահարող հիմնարկներն ու իշխանավորները: Սկզբնապես նա էր հենց բորբոքել եկեղեցական գումարների շուրջ առաջացած այն պայքարը, որ այնքան փոշի պիտի բարձրացներ Նոր-Նախիջեւանի համայնական կյանքի հրապարակում:
Նալբանդյանն աշակերտում էր Պատկանյանին այն տարիներին, երբ վերջինս սուր հակամարտության մեջ էր քաղաքի աղայական դասի հետ: Պայքարի առիթը Նոր-Նախիջեւանի եկեղեցական հոգաբարձության պատկանած գույքերի ու դրամների կառավարման խնդիրն էր:
Դեռեւս 1829 թվականին Ներսես Աշտարակեցին, իբրեւ Նոր-Նախիջեւանի եւ Բեսարաբիայի վիճակավոր, հանձնարարել էր Պատկանյանին, այն ժամանակ տակավին սարկավագ, պահանջել Նոր-Նախիջեւանի հոգեւոր կասավարության նախանդամ Գաբրիել Գաբրիելյանից քաղաքի եկեղեցական գումարների հաշիվը: Քաղաքի մեծավորները առանց դիմադրության չէ, որ հաշիվ էին ներկայացնում եկեղեցական գումարների եւ եկեղեցական գույքերի կառավարման մասին: Այս հողի վրա կռիվներ ու բախումներ էին լինում Նոր-Նախիջեւանում դեռ Հովսեփ Արղությանի, Եփ/37/րեմի եւ Գառնակերյանի առաջնորդության տարիներին: Պայքարը սրվեց մանավանդ Ներսեսի օրոք, ուղղվելով անմիջորեն նրա հավատարմատար Պատկանյանի դեմ, վերջինիս դեմ հուզելով Գաբրիելյան քահանաչի եւ հատկապես սրա մերձավոր բարեկամ աղա Խալիբի թշնամանքը: Պատկանյանի դեմ Խալիբը ոտքի հանեց քաղաքի աղաներին, հեռացնելով նրան ուսուցչական այն պաշտոնից, որ վարում էր 1827 թվականից ի վեր, հրավիրված լինելով Աստրախանից:
Վրդովված Խալիբի վարմունքից, 1832 թ. Ներսեսը քահանա ձեռնադրեց Պատկանյանին Նոր-Նախիջեւանի մայր եկեղեցու վրա՝ տալով նրան միաժամանակ գործակալի ու հոգեւոր վարչության քարտուղարի պաշտոն: Այս հանգամանքն ավելի հուզեց Պատկանյանի դեմ այն աղաների թշնամանքը, որոնց Ներսեսը իր մի գրության մեջ «Խալիբի սրիկայք» անունն էր տվել {Տե՛ս Ե. Շահազիզ, Տեր-Գաբրիել Պատկանյանց, եր. 56:}: 1833 թ. ընտրվելով քաղաքագլուխ, Խալիբը գործ դրեց իր ուժն ու ազդեցությունը՝ գրգռելու Պատկանյանի դեմ, մի կողմից, եկեղեցիների պարտապաններին եւ մյուս կողմից՝ վիճակավոր առաջնորդ Ներսեսին: Նախանձելի չէր Պատկանյանի վիճակը հակամարտ ուժերի՝ Ներսեսի եւ աղաների արանքում: «Պատկանյանցը,— գրում՝ է նրա կենսագրողը, — դարձել էր մի միջնաթումբ, որին երկու կողմից էլ բախվում էին մրրկահույզ ծովի կատաղած ալիքները. նա եղել էր մի քավության նոխազ, որի գլխին երկու կողմից էլ թափվում էին հարվածները» {Նույն տեղը, եր. 52:}: Պերճաբան Պատկանյանը եկեղեցու բեմից ազգասիրություն էր քարոզում կրոնասիրության միջոցով եւ կրոնասիրություն՝ ազգասիրության միջոցով: Նա չէր սահմանափակվում վերացական խոհերով: Եկեղեցու բեմից նա լսելի էր անում իշխանավորներին քաղքենիների տրտունջներն ու բողոքները
Իր քահանայագործության ընթացքում Պատկանյանը սերտորեն կապված էր ոչ միայն Նոր-Նախիջեւանի, այլեւ Մակարիայի կամ Խարկովի հայ առեւտրականների հետ: Տոնավաճառատեղիների հայ վաճառականները նախապատվություն էին տալիս նրան եւ մեծապես շահում, քանի որ, ինչպես ասում էին, իր խելքով ու քաջ ռուսախոսությամբ նա «օտարների առաջ պատիվ է բերում իրենց» {Օգտվում ենք Ա. Զամինյանի թղթերում պահված նշումներից:}։
Հենվելով ազգային գործերին նպաստող վաճառականության վրա, Պատկանյանը սուր լեզու էր բանեցնում քաղաքի «իշխանների» դեմ (որոնց նա մի տեղ «իշի խանք» անունն էր տալիս) եւ նրանց գործիք դարձած գիշատիչ կղերի՝ եկեղեցու փարախը մտած «հովվազգեստ գայլերի» հասցեին: Հակառակորդների կողմից ազգի «միաբանությունը» /38/ խախտելու մեջ մեղադրված՝ հետագայում նա գրում էր. «Ուր ազգ կա, այստեղ միաբանությունը եւ անմիաբանությունը անդադար պիտի մեջերը վեր երեւին, որ իմացվի թե ազգը կյանք ունի, մեռած չէ, սորա զարգացումն սառած մնացած չէ. երբեմն առաջ է գնում, երբեմն կանգ է առնում՝ ըստ բերմանց հանգամանաց» {«Հյուսիս» (պարբերաթերթ), 1863, եր. 104:}: Դիմադրելով ազդեցիկ աղաներին, մանվածապատ իր ոճով նա քննադատական դիտողություններ էր ուղղում նույնիսկ անմիջական իր պետին՝ Ներսեսին: Ներսեսը համարում էր Պատկանյանին անհնազանդ, ամետի եւ անողոք: Հրահանգում էր նրան չափ դնել իր գրություններին, զգուշանալ այլաբանական ակնարկություններից, խուսափել բառակույտերից, կատարել իր հրամանները եւ ոչ թե խորհուրդներ տալ իրեն: Շարունակ հանդիմանում էր նրան ինքնագլուփ քայլերի, կռվաբանության ու չարաբանության համար: Եթե չզսպի լեզուն եւ չփոխի գրելաձեւը, այլեւս թող որ չմեղադրի իրեն: Անգամ Պատկանյանի հարազատ եղբայրը՝ տեր Պետրոսն է մատնանշում նրա «անհաշտ ու խռովարար» բնավորությունը, «օձախայթ» ու «թունավոր» այն լեզուն, որով նա շանթահարում ու շփոթեցնում էր «խաղաղասեր հասարակությունը»: Եկեղեցու բեմը դարձնելով խռովահույզ քարոզների ամբիոն, Պատկանյանն ինքն իսկ ասում է, թե փորձում էր իր «որոտումներով» մերկացնել հակառակորդների գարշելի կերպարանքը, սաստել նրանց:
Թե ընդսմին սկզբունքային ի՞նչ դիրքերից էր մեկնում Պատկանյանը, կարելի է եզրակացնել թեկուզ այն մտքերից, որ փոքր-ինչ ուշ արծարծում էր նա իր խմբագրած «Արարատ» պարբերաթերթի էջերում: Առաջիններից մեկն էր Պատկանյանը, որ անդրադառնում էր հայ կյանքին «ազգի» տեսանկյունից: «Թե ճշմարիտն ասենք, — գրում էր նա,— հայոց ազգը պատմություն եւս չի ունեցած: Այդ պատմությունը ինչ որ ունի՝ ազգի պատմություն չէ, այլ միայն նահապետաց, իշխանաց, թագավորաց պատմություն է, եւ նրանով իմանում ենք, որ այսինչ ժամանաեւ հայոց ազգն ունեցել է այսինչ անունով թագավոր. այլ նույն ժամանակումն ազգն ի՞նչ է արել, ի՞նչ տեղե է եղած՝ հայտնի չէ: Թեպետ եւ շատ ազգերու պատմությունն եւս այսպես է»: «Ազգ» ասելով՝ Պատկանյանը հասկանում էր նախ եւ առաջ նրա վաճառականությունը: Ռուա զենքի օգնությամբ եւ իր աշխատասիրության շնորհիվ, ասում էր նա, հայ վաճառականությունը ստացավ հանգստություն եւ տեր դարձավ հարստության: «Հայոց ազգի մեջ հարուստը շատ է, քան թե աղքատը, եւ աղքատը միշտ տարաբախտիկ վիճակի պատահմանց տույժն կամ վնասն է քաշում» {«Արարատ», 1851, N 19:}:
/39/ «Այն քաղաքը, — գրում էր Պատկանյանը հետագայում,— դեռ հարուստ չէ կարող ասվել, եթե յուր մեջ ունի միայն քսան-երեսուն հոգի հարյուր հազարի տեր, իսկ մյուսները աղքատ են. ամեն աղքատ գյուղի մեջ կգտնվին մեկ քանի հարուստ, որոց միմյանց հետ հարաբերությունը ի՞նչպես է. կամ աղքատներու աղքատությունն է պատճառ հարուստներու հարստանալուն, կամ հարուստներ ու հարստությունն է պատճառ աղքատներու աղքատ մնալուն: Քաղաքը հարուստ կասվի այն ժամանակ, երբոր մեջը հարյուր հազար ունեցող թեեւ տասն հատ լինի, բայց հիսուն հազար ունեցող հիսուն հատ գտնվի, քսան եւ հինգ հազար ունեցող հաթյուր հատ գտնվի, տասն հազար ունեցող երկու հարյուր հատ: Հարյուր Հազար ունեցողները միայն բանի սկզբնավորություն կանեին, մյուսները՝ օգնություն, եւ գործը առաջ կերթար» {Վերջը կիմանաք, Հայոց ազգի ուսումնատվությունը, ուսումնարանները եւ ուսուցիչները:}:
Հետեւելով Գ. Պատկանյանի մղած պայքարի ընթացքին, դժվար չէ համոզվել, որ հետագայում գրի առնված նրա տողերի մեջ մեծ չափով արտահայտվում էին այն հայացքները, որոնց պաշտպանության համար նա ասպարեզ էր մտել Ն.-Նախիջեւանում տակավին անցյալ դարի 30—40-ական թվականներին:
«Մեկ քաղաքի բնակիչ հայերը որովհետեւ կարող են լինել համ արիստոկրատ, համ վաճառական, համ արհեստավոր, կարե՞ն մեկ դասակարգության տակ մտնել. սոցա ազգությունը, լեզուն, կենցաղավարությունը մի եւ նո՞ւյն են, թե զանազան գույներ ունին, զանազան կերպեր ունին, զանազան նպատակներ ունին եւ զանազան կետեր» {«Հյուսիս» (պարբերաթերթ), 1863, եր. 106 եւ հետ»:}:
Հետագայում իր իսկ դրած այս հարցին Պատկանյանը բացասական պատասխան է տալիս: Պայքարելով կղերա-աղայական պարիստոկրատիայի» դեմ՝ նա աշխատում էր ընդարձակել ազգային վաճառականության դերը, մարտական պայքարի ասպարեզ քաշելով քաղքենի արհեստավորությունն ու «աղքատ փոքրամասնությունը»:
Թվում է, թե Պատկանյանի որոտընդոստ քարոզների մեջ էր մշակվել հստակ ու պարզառակավոր ու պատկերավոր, հեգնող ու մտրակող հրապարակախոսական հետագա նրա խորհրդածությունների լեզուն: Այսպես, երգիծելով հայերի «անմիաբանությունը» նշավակողներին եւ այդ կապակցությամբ բերելով աղվեսի եւ օձի առակը, դրանցից մեկում նա գրում էր.
«Աղվեսը եւ օձը եղբայրական եւ գնում էին ընկերացած: Աղվեսը տեսավ, որ օձը անդադար գալար-գալար է գալիս, սկսավ թաթով գլխին ու գլխին տալ օձին, մինչեւ օձը շնչասպառ եղավ ու ուղղվեցավ. այն ժա/40/մանակ աղվեսը ասաց. ահա այսպես ուղիղ եղբայր էի ուզում տեսնել քեզ»:
Ազգին «միաբանություն» քարոզողները, հարում է Պատկանյանը, միայն այն ժամանակ պիտի միաբան համարեին հայերին, երբ սրանք կենդանության բոլոր նշաններից զրկված՝ ազգի տիրողների կույր ու հլու գործիք կդառնային: Սակայն քանի դեռ կենդանի է հայ ժողովուրդը, այդ քարոզները կմնան «ձայն բարբառո հանապատի, եւ խուլը ամեն անգամ կհաղթի շատախոսին». ժողովուրդը շատ լավ է հասկանում, որ քարոզված միաբանությունը չի կարող լինել ավելի հաստատ մի բան, քան գայլերի եւ ոչխարների «միաբանությունը» {Գ. Պատկանյան, Միաբա՞ն են հայք, 1863, ՍԲՊ. տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Պատկանյանի արխիվ, թղթապ. N 136, վավ. N 27:}:
Այս խորհրդածություններով Պատկանյանն անշուշտ ընդհանրացնում էր իր գլխավորած վաղեմի պայքարի փորձը:
Անշուշտ միայն եկեղեցական գումարների ու հոգեւոր վարչության խնդիրների շուրջը չէ, որ Պատկանյանի խոսքով կամ գրչով արտահայտվում էր քաղքենի օպոզիցիայի տրտունջը: Խալիբի քաղաքագլխության ժամանակ քաղքենի հարստահարությունը սաստկացել էր ոչ միայն եկեղեցական յուրացումների, այլեւ քաղաքային տուրքերի բազմաբարդման ճանապարհով: Այլեւայլ առիթներով ու պատրվակներով գանձվող դրամ - ները ծախսվում էին Խալիբի ցանկությամբ, առանց հաշվի ու հսկողության: Հետագայում լիբերալ Հայրապետյանի խմբակցությունը, վարչական-տնտեսական հաշվետվությունից զատ, ինքնիշխան քաղաքագլխից պահանջում էր նաեւ քաղաքապատկան այն հողամասը, որի վրա շինվածք էր կառուցել ու սեփականել վաղեմիության իրավունքով {Ե. Լ. Ժ., II, եր. 268, ծան.:}: 40-ական թվականներին խոշոր դեր կատարեց Պատկանյանը մանավանդ քաղաքացիների գլխահարկը վերացնելու գործում: Քաղաքաբնակ աղաներն իրենց վրա էին առնում այլ քաղաքացիների տուրքերը, որոնք կհամաձայնեին բնակություն հաստատել նրանց կալվածներում եւ մշակել նրանց հողերը: Պատկանյանը ծառացավ քաղաքային մասսաները ճորտության անուրի տակ դնելու այս փորձերի դեմ: Նա ջանք թափեց վերացնել գլխահարկն առհասարակ եւ դրանով կտրել չքավորների ճորտացման ճանապարհը {Տե՛ս Ե. Շահազիզ, Մ. Ղ. Նալբանդյանց, եր. 71 եւ հետ.:}: Մեր ձեռքը հասած իր երկերի մեջ եւս նա քննադատում էր Խալիբի եւ մյուսների ոչ միայն եկեղեցական, այլեւ քաղաքային-վարչական գործունեությունը {Հմմ., օրինակ, Գ. Բ. Պատկանյան, Պատմություն Նոր-Նախիջեւանի, եր. 96 եւ հետ., 108 եւ հետ.:}: Հարկավ, դրանով պիտի պոռթկար աղաների/41/ եւ նրանց ձեռք մեկնած կղերի ու իշխանավորների զայրույթը: Զրպարտություններ, չարախոսություններ, մեղադրանք՝ մի կողմից, հանդիմանություններ, եկեղեցական-վարչական պատիժներ՝ պաշտոնազրկում, կարգազրկում եւ անգամ կալանք՝ մյուս կողմից, այս եղավ ի վերջո ըմբոստ քահանայի անձնական վաստակը: Քաղքենիների հետամնացության ու անկազմակերպության եւ ցարական սաստկացած ռեակցիայի հանգամանքներում, Խալիբին ի վերջո հաջողվեց նրա չեզոքացումը {ЦГИАЛ, фонд дух, дел. Дело N 3191, 1858, лист 144–51։}:
1845 թ. Ներսես Աշտարակեցին՝ ընտրված ու հաստատված ամեն նայն հայոց կաթողիկոս, ժամանեց Նոր-Նախիջեւան: Ինչպես պատմում է «Ճառ առ ազգս հայոց» իր ազդարարության մեջ Խալիբը, կաթողիկոսը պատվիրած է եղել իրեն մինչեւ նոր վիճակավորի ժամանումը հսկել թե՛ հոգեւոր կառավարության եւ թե՛ Նախիջեւանի երեցփոխների ելից ու մտից հաշիվները {«Մասյաց Աղավնի», 1862, եր. 200:}: Պատկանյանի կողմից Խալիբին ցույց տրված ընդդիմությունը Ներսեսը համարեց անհնազանդություն իր կարգադրություններին եւ ժամանումի հաջորդ օրն իսկ Զենգին Կարապետի տանը դատաստանի ատյան բացեց Պատկանյանի գործերը քննելու համար: Քահանան քշվեց Թբիլիսի, ուր նրա վրա անմիջական հսկողություն պիտի ունենար ինքը՝ կաթողիկոսը {Հմմ. Գ. f. Պատկանյան, Պատմություն Նոր-Նախիջեւանի, եր. 112:}: Իր հիշողությունների մեջ Ստ. Սամվելյանը՝ Ներսեսի սպասավորը, գրում է, թե Նախիջեւանում այս պահին աղմուկ կար, շատ գանգատավոր էին Գաբր. Պատկանյան քահանայից, եւ կաթողիկոսը, կամենալով վերջ տալ դժգոհություններին, հրամայում է Թբիլիսի տեղափոխել Պատկանյանին {«Բազմավեպ», 1904, եր. 405:}: Սամվելյանը չի տալիս աղմկողների ու գանգատավորների անունները, բայց կասկած չի կարող լինել, որ խոսքը տեղացի աղաների եւ ամենից առաջ Խալիբի մասին է:
Սակայն կաթողիկոսը չսահմանափակվեց միայն Պատկանյանին Թբիլիսի փոխադրելու կարգադրությամբ: | Հեռացնելով Պատկանյանին, պիտի գոցվեր նաեւ նրա վարժատունը ու ցաքուցրիվ լինեին նրա աշակերտները: Կաթողիկոսի հրամանով՝ նորընծա տերտերների ու մի շարք տիրացուների հետ նրա աշակերտները սլիտի հաճախեին քերականագետի համբավ վայելած Մկրտիչ Եկենյանի ընծայարանը: Ընծայարանի դասերը պարտադիր էին քաղաքի տիրացուների համար, քանի որ, ինչպես գրում էր Ներսեսը, «առանց վկայականի նորա (իմա՝ Եկենյանի, Ա. Հ.) վասն ընթերցանութեան եւ վասն վարուց ու /41/ բարուց արժանավորութեանցս չկարասցին մտանել ի կարգ հոգեւորականութեան» {Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Ներսեսի գրությանց պատճենների մատյանը, եր. 272 եւ հետ»:}:
Այս անցքերի կապակցությամբ քաղաքում ստեղծվեցին տրամադրություններ եւ առաջացան բախումներ, որոնք ընդարձակ ծավալ ընդունեցին հաջորդ տարիների ընթացքում: Դեպքերն անդրադարձան մանավանդ Նալբանդյանի ճակատագրին: Նրա կյանքի ճանապարհին ցցվեց վիթխարի մի խոչընդոտ՝ Ներսես Աշտարակեցին:
Չի կարելի ուրանալ խոշոր այս եկեղեցականի վաղեմի ծառայությունները: Իր ձեռքն առած ազգի ղեկը՝ Ներսեսն այն մարդն էր, որ շարունակել էր 18-րդ դարի հայ երեւելի գործիչների՝ դեպի Ռուսաստան կողմնորոշված Օրիի եւ Դավիթ բեկի, Լազարեւի եւ Արղությանի, քաղաքական ուղեգիծը: Բնորոշ է, որ երբ 1823 թվականին անգլիական կառավարության ագենտ Վուլֆը խնդրեց Ներսեսի աջակցությունը հայերի հետ «մտավոր» կապեր ստեղծելու համար, վերջինս կտրականապես մերժեց նրա խնդիրը: Տնտեսական-շինարարական, տպագրական եւ դպրոցական իր ջանքերի ուղղությամբ նա շարունակում էր դարձյալ այն գործունեությունը, որի հիմքը նույն 18-րդ դարում դրել էին Սիմեոն Երեւանցին ու Արղությանը:
Դավիթ-Դանիելյան կռիվների ժամանակներից ի վեր եւ մինչեւ Սարդարաբադի ու Երեւանի գրավումը Ներսեսը մասնակցություն ունեցավ Անդրկովկասը Ռուսաստանին միացնելու ուղղությամբ ծավալված ձեռնարկություններին, նպաստելով հատկապես ռուսական բանակի պարենավորմանը, հայ կամավորական խմբերի ու գաղթականական գործի կազմակերպմանը եւ նորագրավ վայրերի կառավարմանը: Նշավակելով հայ դասալիքներին, նա գրում էր, որ եթե հայերը չունենան իրենց զինվորությունը, չեն կարող ստանալ նաեւ զինվորական կամ ազգային արտոնություն {ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. Je 167, վավ. N: 56:}: Նա համոզված էր, թե հայերի ազատությունը պիտի ձեռք բերվի ռուս կառավարության շնորհիվ եւ այդ ակնկալությամբ ջանք չէր խնայում նորանվաճ երկրում զսպելու ցարական վարչության դեմ հայերի մեջ խմորվող տրտունջներն ու բողոքները: Հաջորդած դեպքերը ցույց տվին, սակայն, որ ցարիզմի հաշիվների մեջ բնավ չէր մտնում Ներսեսի եւ յուրայինների ունեցած դասային եւ ազգային ակնկալությունների իրագործումը:
Անչափելի է այն եռանդը, որ սպառեց Ներսեսը իր որդեգրած ճանապարհով քայլելու համար: Սակայն նրան վարձահատույց լինելու փոխարեն, Երեւանի գրավումից հետո, Պասկեւիչի սադրանքով, ցարական /43/ կառավարությունը 15-ամյա պատվավոր աքսորի դատապարտեց հայկական պահանջների ձայնատար նկատված Ներսեսին:
Բլուդովին գրած իր բացատրականի մեջ Ներսեսը վերագրում էր Պասկեւիչի եւ իր տարաձայնությունը պարսիկների հետ կնքված հաշտության պայմանագրի այն կետին, որով որոշվում էր «Հայկական մարզի» սահմանների հարցը: Ներսեսը գտնում էր, որ Հայկական մարզի պաշտպանության համար անհրաժեշտ է մտցնել նրա սահմանների մեջ Մակուի շրջանը {ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 156, վավ. N 88:}: Պասկեւիչը եւ Պետերբուրգի նրա բարեկամները դրա մեջ տեսնում էին «հայկական սեպարատիզմի» նշաններ:
Հետագայում կաթողիկոս հաստատելով Ներսեսին, ցարիզմը կամենում էր շահագործել նրա հեղինակությունը թյուրքահայերի համակրանքը գրավելու նպատակով եւ միաժամանակ հայ եկեղեցու վարչության մասին 1836 թ. հրատարակված «Պոլոժենիյե»-ի միջոցով սահմանափակել նրա իրավունքները: Այնուամենայնիվ, որչափ հաշվի առնելով «Պոլոժենիյե»-ի մասին հայերի կողմից եղած բողոքները, կառավարությունը ստիպված էր հայտարարել, թե եկեղեցական այդ կանոնադրությունը ենթակա է վերաքննության եւ որչափ մինչեւ նոր կանոնադրության հաստատումը հնի գործադրությունը թողնված էր կաթողիկոսի «վերահայեցությանը», Ներսեսն ըստ ամենայնի զանց էր առնում «Պոլոժենիյե»-ի գործադրությունը եւ ձգձգում նոր նախագծի մշակումը: Նա չէր լրացնում «Պոլոժենիյե»-ի հիման վրա սահմանված Սինոդի կազմը, սլատրվակելով, թե չունի «արժանավոր թեկնածուներ», կամ ամլության էր մատնում Սինոդի գործունեությունը, չհաստատելով նրա արձանագրությունները: Ներքին գործոց մինիստր Լանսկոյը «բացատրություն» էր պահանջել կաթողիկոսից նրա մի կարգադրության առթիվ, որի մասին գանգատվել էին մինիստրությանը: Լի իր իրավունքների եւ արժանապատվության գիտակցությամբ, Ներսեսը հրաժարվեց ներկայացնել պահանջված բացատրությունը»: «Դուք, ողորմած Տէր,— գրում էր նա Լանսկոյին,— վերաբերէք առ իս որպէս առ ուղղակի եւ անընդմիջական ստորադրեցեալ Ձեզ աստիճանաւոր, քանզի ի հետեւումն այնինչ գանգատանաց աճիք գրել առ իս այսպէս՝ «հասուցանել ինձ բացատրութիւն», այլ կարծես, թէ ես եմ որպիսի եւ իցէ գիւղաքաղաքապետ … Նախարարն կարէ եւ պարտ է պահանջիլ ի կաթողիկոսէն ոչ բացատրութիւն (объяснение), այլ միմիայն ծանոթութիւն, քանզի եւ գլխոց օծելոց կբացատրութիւն կարէ պահանջել, որպէս ինձ թուի, միմիայն թագաւորն եւ անուանանշան նորին հրաման» {ՀՍՍՌ Մատենադարան, ձեռագիր N 2946, թերթ 125 բ:}: Կաթողիկոսը բողոքում էր Լանսկոյի /44/ միջամտության դեմ, որչափ մինիստրը Նախիջեւանի եկեղեցական գումարների խնդրում գրավել էր որոշ դիրք, առանց նախապես հարցնելու իր եւ Սինոդի կարծիքը:
Իրեն շրջապատող ընդարձակ ամայության մեջ կարճ իր հասակով Ներսեսը վեր էր ցցվում որպես բարձր թումբ: Սակայն բարձր այդ թումբն ուներ նաեւ իր ստվերները, որոնք նկատելի էին դառնում մանավանդ հետագայում: Երեւանի գրավումը համընկնում էր Աշտարակեցու վերելման գագաթին, բայց եւ միաժամանակ հանդիսանում նրա վայրէջքի սկզբնակետը: Դրանից հետո է հենց, որ ցայտուն կերպով դրսեւորվեց Ներսեսի քաղաքականության կղերա-ֆեոդալական նեղմտությունն ու սահմանափակությունը: Ներսեսը շահագործեց իր իշխանությունն ու ազդեցությունը՝ ամրացնելու ազգի պարանոցին վանքի եւ եկեղեցու իշխանության լուծը: Նա դիմադրում էր եկեղեցու ինքնավարության սկզբունքին, ձգտում հավերժացնել նրա հովանու տակ ժողովրդի կախումը կղերական ու աղայական դասից: Պատահական չէր Ներսեսի եւ Խալիբի, Ներսեսի եւ Վորոնցովի բարեկամությունը: Անձամբ հարուստ ճորտատեր՝ իր մահից հետո կաթողիկոսն ընդարձակ կալվածներ թողեց ազգականներին: Նա մոտ էր վաշխառուական եւ առեւտրական կապիտալի հայ մագնատներին, հասկանում էր նոր սաղմնավորվող կապիտալիստական արդյունաբերության կարեւորությունը եւ յուրովի ընդառաջում դրան: Որոնելով ու գտնելով ցարական վարչության օժանդակությունը, եկեղեցու եւ ազգի բուն նեցուկը նա տեսնում էր կղերի եւ առեւտրա-վաշխառուական բուրժուազիայի դաշինքի մեջ:
19-րդ դարի հայ գործիչների մեջ դժվար է նշել երկրորդ մի մարդու, որ վարած լիներ այնքան ընդարձակ գրագրություն եւ թողած ավելի խոշոր էպիստոլար ժառանգություն, քան Ներսեսը: Շատ լավ են բնորոշում նրան Նալբանդյանի տողերն այն մասին, թե «նորա ձեռքը պարապած չէ զանազան վիճակային գործերի մասին յուրահատուկ ձեռքով կոնդակներ գրելուց այս ու այն գործակալին» {Ե. Լ. Ժ., II, եր. 131:}, կամ վկայությունն այն մասին, թե «ինչ կոնդակ որ կաթողիկոսը քսան անգամ գրելով ու ճեղքելով վերջապես գրում էր, նույն կոնդակը Մանդինյան Տեր-Ստեփանը (կաթողիկոսի գրագիրը) մատյան է անցուցանում» {Նույն տեղը, I, եր. 306:}: Հիրավի, կաթողիկոսությունից զատ, Ներսեսը փաuտապես կատարում էր նաեւ կաթողիկոսական դիվանապետի պաշտոն:
Կասկածամիտ ու հաչաղկոտ, ինքնահաճ ու բծախնդիր՝ ամեն մի գործ Ներսեսը կատարում էր ջղագար ձեռքով: Նրա կոնդակներն ու /45/ թղթերը հայրապետական հեզաբարո ցուցումներ չէին, այլ մտրակի անողոք ու ցասումնալից հարվածներ՝ տրված վիճակավորներին ու սինոդականներին, հոգաբարձուներին եւ երեսփոխաններին:
Անվերջ իր գրություններով Ներսեսն անկարող պիտի լիներ ընդգրկել ընթացիկ բոլոր գործերը կամ պատասխանել բոլոր թղթերին: Սինոդականները տրտնջում էին, թե նրա գրասեղանն ու գրասենյակի բոլոր լուսամուտներն ու անկյունները բռնված էին նամակների, օրագրությունների եւ արձանագրությունների կույտերով: Այս առթիվ Ներսեսը գանգատվում էր, թե Էջմիածնի աղքատությունը միջոց չի տալիս իրեն կանոնավոր գրասենյակ կազմակերպելու:
Ներսեսի վարչական ռեժիմը երեւան բերեց հիմնական իր առանձնահատկությունները մանավանդ վեքիլական սիստեմի միջոցով: Դեռեւս 18-րդ դարում է, որ Էջմիածնի կաթողիկոսները հարուստ առեւտրականների միջից վեքիլներ էին նշանակում տեղերում, տալով նրանց ֆինանսական լիազորություններ: Վեքիլները գանձում եւ շահեցնում էին Էջմիածնական հասքն ու տուրքը: Նրանց միջոցով կատարվում էին նաեւ բանկային օպերացիաներ. հայ առեւտրականներն Էջմիածնում անում էին մուծումներ, բանկային հիմունքով ետ ստանում համապատասխան գումարներ այն վայրերում, ուր լիազորներ ուներ կաթողիկոսը: Ներսեսի ժամանակ նման ֆունկցիաներին ավելանում են մանավանդ վեքիլների վարչական իրավունքները:
Իր կաթողիկոսության առաջին իսկ քայլափոխերին Ներսեսը ընդարձակեց կապալառուների ու լիազորների (այսպես կոչված «հոգեւոր գործերի վերատեսուչների» կամ «աթոռի գործակալների») ցանցը, որի միջոցով թեմական առաջնորդների հոգեւոր ապարատից անկախ նա ջանում էր թափանցել վարչական գործերի ծակոտիները, կենտրոնացնելով իր ձեռքում եկեղեցական հասույթները: Եկեղեցական կապալառուներն ու գործակալները կաթողիկոսի վեքիլներն էին եւ հաշվետու նրան:
Իր գրությունների մեջ Ներսեսը մատնանշում էր, թե ստիպված է դիմել վեքիլների օժանդակության, որչափ նախորդ կաթողիկոսի օրոք թեմական առաջնորդները յուրացնում էին «աթոռահաս» եկամուտները կամ անհաշիվ ծախսում տեղական պետքերի համար: Այս պատճառաբանությունը կարող էր միայն բացատրել վեքիլական սիստեմի ընդարձակման շարժառիթը, արդարացնել այն չէր կարող ոչ մի կերպ, որչափ եկեղեցական հարստահարիչներից ոչ պակաս աղայական դասին պատկանող վեքիլները եւս իրենց լիազորությունները դարձնում էին եկեղեցու հասույթները գռփելու եւ յուրացնելու միջոց: Կաթողիկոսի անունից նրանք տեղերում հրամայում էին եւ տնօրինում եկեղեցական վարչական գործերը, առանց հաշվի առնելու վիճակավոր առաջնորդի «Պոլո/46/Ժենիյե»-ով սահմանված իրավասությունները: Այսպես, Ախալքալաքում վիճակի գյուղերից քահանաները գալիս էին լսելու «հաճի աղայի»՝ կաթողիկոսի փոխանորդի հրամանները: Ժամանակամերձ Գեղամյանը գրում է. «Տեսել եմ քահանաներ, որոնք «հաճի աղայի» առաջ ծունկ չոքած, գլխաբաց եւ արտասվալից աչքերով՝ գութ եւ ողորմություն էին խնդրում նրանից: Եվ այդ ամենը ոչ թե ծածուկ, այլ հրապարակավ, եկեղեցում, եկեոլեցու գավթում, փողոցներում եւ քաղաքի դաշտերումն էին տեղի ունենում: Ոչ պակաս բարբարոսական էր «Հաճի աղայի» վարմունքը եւ այն աշխարհականների հետ, որոնք այս եւ այն հոգեւոր գործի համար նրան էին դիմումԱմուսնալուծության գործերը քննելիս՝ մեղավոր կողմին, դիցուք կնոջը, յուր մարդու շալակն էր տալիս եւ մարդու ազգականներին հրամայում էր կնոջը ռոզգի տալով մինչեւ գեղ տանել: Պետք էր տեսնել, թե ինչ վայնասուն, ինչ աղաղակ եւ ինչ տմարդի սրախոսություններ եւ զրախոսություններ էին տեղի ունենում, երբ մանկամարդ կինը յուր տակ եղող մարդու գլուխն էր կծոտում, մարդը՝ յուր բեռան (կնոջ) ձեռքերը խածոտում, իսկ նրա ազգականները կնոջ ետքից խփում էին եւ խփում անդադար» {«Լումա», 1902, N 1, եր. 126 եւ հետ., Հ. Գեղամյանի «Մանկական հիշողություններ»-ը:}:
Ներսեսի վեքիլներից էին Սիմեոն աղա Սաճումյանը՝ Երեւանում, Սիրական աղա 9-որոյանը՝ Ալեքսանդրապոլում, Բարսեղ աղա Արծրունին՝ Նոր Բայազետում, Գալուստ աղա Շերմազանյանը՝ Տաթեւում, Սար. գիս աղա Վարշամյանը՝ Ղազախ-Շամշադինում, Դ. Թամամշով եւ Դ. Խերեդինով մոքալաքները՝ Թբիլիսիում, Հարություն աղա Խալիբը՝ Նոր-Նախիջեւանում, Թորոս աղա Տեովլեթյանը՝ Ղրիմում, Աստվածատուր աղա Ավետիքյանը՝ Բեսարաբիայում եւ այլն: Կաթողիկոսի անունից այս ու նման աղաները հսկում էին վիճակավորների եւ նրա ստորադրյալների գործունեությանը: Այսպես, «Հյուսիսափայլ»-ին Շամախուց հղված մի թղթակցությունից իմանում ենք, որ Ներսեսի ժամանակ Լալայով, Ներսեuով, Կաճկաճով եւ նման ուրիշ «իշխաններ» աստծո պատիժ էին Շամախու առաջնորդների համար: Պիտի ասել, հարկավ, որ վիճակավորների ու նրանց պաշտոնյաների գործունեությունից առավել Ներսեսին եւ նրա հավատարմատարներին զբաղեցնում էին նրանց արարքները:
Բնական է, որ եկեղեցական վարչության մեջ ծավալված առեւտրավաշխառուական այս սիստեմն առիթ տար բողոքի ու դիմադրության: Դժգոհ էին ոչ միայն նոր ծայր առնող կապիտալիստական հարաբեիությունների շնորհիվ աշխուժացած լիբերալ եւ դեմոկրատ տարրերը, այլեւ եկեղեցական վարչության կղերա-ֆեոդալական հնավանդ, գերազանցորեն շահագործության նատուրալ սիստեմի կուսակիցները: Ներ/47/սեսի վերջին տիպի հակառակորդներից էր, օրինակ, Ախալցխայի Կարապետ արքեպիսկոպոսը: Նման տիպի եկեղեցականներից էր նաեւ նրան թշնամացած Վեհապետյան Գեւորգ արքեպիսկոպոսը, որը Հակոբ Կարենյանի գործակցությամբ դանոսներ էր հղում այն մասին, թե իբր կաթողիկոսը ժխտում է տիրամոր կուսությունն ու Հիսուսի հրաշագործությունները, տրտնջացել է թագավորի դեմ, կապված է պարսից դեսպանի հետ եւ այլն {ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 2946, թերթ 82բ եւ հետ., 85բ եւ հետ»:}: Իր դեմ մղված պայքարը խլացնելու համար իր հերթին Ներսեսը հայաշատ վայրերում ստեղծել էր լրտեսների ցանց, որսում էր ու պատուհասում բողոքավորներին: Ինչպես գրում էր Գ. Պատկանյանը, Ներսեսի ազգական մի եպիսկոպոս՝ Նիկողայոս Շահազիզյան, Ալեքսանդրապոլից Թբիլիսի էր բերել 20-30 «ազգասեր երիտասարդներ», որոնց պաշտոնը պիտի լիներ քաղաքում լրտեսություն անել կաթողիկոսի համարՀիշատակարան», եր. 241:}: Հոգեւոր ոստիկանություն էր այս, որի հետաքրքրական մի գործակալի՝ Օզի-Գելդի տիրացու Մկրտչի պորտրեն տվել է Ալ. Երիցյանը:
«Տիրացու Մկրտիչը Երեւանի կողմերից էր,— պատմում է վերջինս: — Երկար հասակով, խիտ մորուքով, կատվի աչքերով եւ ցրտատար՝ հիվանդ գետնախնձորի նման անճոռնի մավիացած քթովմի շատ անդուրեկան պատկեր: Քաչալ գլխին ծածկած ուներ վաղուցվա քահանայական մորթե տափակ մի գդակ, որի տակից մի հյուսած երկար ծամ էր իջնում կռնակի վրա: Հագնում էր նա ֆարաջայի նման, բայց ավելի կարճ զգեստ, որի տակից երեւում էր մավի շիլայի արխալուղը՝ տաճկական հին ձեւի լայն գոտիով կապված: Զգեստի տակից երեւում էին նորա սեւ սրունքները՝ կարճ մավի շիլայի վարտիկիցը դուրս ցատկված: Ոտքերին հագնում՝ էր միշտ մի ծանր ու անթիվ նալների ու մեխերի կտորներով կարկատված քողեր, որոնց տրոփ-տրոփալը հեռվից իմաց էր անում Օզի-Գելդու մոտենալը: Միմիայն վեհարանում ներկայանալու ժամանակ նա գործ էր ածում գուլպա, ապա թե ոչ քոշերը հագնում էր բոբիկ ոտքերի վրա: Գզգզված մորուքով, անճոռնի քթով, հարբեցողությունից լրջացած պատկերով, կեղտոտ եւ կիսապատռուն շորերով, ձեռքին հովվական մի կոսիտ, երկար գավազանահա Օզի-Գելդու պատկերը, որ մի շատ հետաքրքրական նյութ էր նկարչի համար, որից օգուտ քաղեց հանգուցյալ Ներսիսյան նկարիչը, բայց որի հաջող նկարի այժմ ուր լինելը մեզ հայտնի չէ» {«Արձագանք», 1892, N 77:}:
Իրապես Օղի-Գելդին եկեղեցական կոչում չուներ: Տիրացու էին անվանում միայն նրան շոյած լինելու համար: Նրա անունը սարսափ էր` /48/ ազդում քահանաներին եւ անգամ բարձրաստիճան եկեղեցականներին: Ներսեսի կաթողիկոսության ժամանակ սրանց գլխին ե՛ւ քննիչ, ե՛ւ մատնիչ, եւ դահիճ էր նա: Կաթողիկոսի հանձնարարությամբ քննում էր նրանց արարքը, լրտեսում նրանց վարք ու բարքը: Նրան էր հանձնարարվում հաճախ տերտերների փիլոնազրկումը կամ ապաշխարության համար նրանց վանք ուղեկցելու գործը: Տիրացուն անօրինակ արագաշարժ սուրհանդակ էր: Սունկի պես բսնում էր միշտ եւ ամենուրեք ու հեռագրի շտապողականությամբ տեղ հասցնում վեհարանին շահագրգռող լուրը կամ կարգադրությունը: Դրա համար էլ հենց նրան կոչում էին «Օզի-Գելդի», այսինքն՝ ինքնեկ, անակնկալ եւ ինքնակոչ հյուր:
Ուր չէր հասնում հայրապետական սաստիչ գավազանը, օգնության էր գալիս Աշտարակեցու վաղեմի բարեկամի՝ փոխարքա Վորոնցովի ահեղ խարազանը: Փոխարքայի եւ կաթողիկոսի բարեկամության միջոցով լիակատար էր եկեղեցու եւ ոստիկանական դաշինքը Ներսեսի օրոք: «Արքայական տունը հիշատակելու ժամանակ,— գրում էր սրա մասին Ե. Շահազիզը,— հրամայում է կայսր բառի տեղ «իմպերատոր» գործ ծածել, եւ ամեն մի խոսակցության սկիզբն ընտրում է բնաբան առաքյալի խոսքը՝ «Հնազանդ լերուք ամենայն մարդկեղէն ստեղծուածս վասն Տեառն, եթէ թագաւորի՝ իբրեւ առաւել ունէք»» {Ե. Շահազիզ, Տեր-Գաբրիել Պատկանյանց, եր. 84:}: Կասկածամիտ ու խանդոտ Ներսեսը չէր սիրում մանավանդ «ուսումնականներին», այն մարդկանց, որոնք ունեին նրա համեմատությամբ մտավոր գերազանցություն կամ կարող էին միաժամանակ պաշտպանել նրա դեմ իրենց արժանապատվությունը: Հանդիպելով ընդդիմության՝ նա ջանք չէր խնայում քմայքի ու իշխանության աղորիքով փոշիացնել ըմբոստներին: Հոգեւոր տիրոջից «սրդողած»՝ փախուստով գլուխ պրծեցրին Կարապետ Շահնազարյանն ու Աբել Մխիթարյանը. նրանից տուժեցին Ալամդարյանն ու Սալլանթյանը, Թաղիադյանն ու Աբովյանը, Շանշյանն ու Գաբրիել Պատկանյանը: Հալածանքի ենթարկվեց նաեւ վերջինիս հանդուգն աշակերտը՝ Նալբանդյանը {Պահվել է 1848 թ. Դավիթ Խերեդինյանին գրած Ներսեսի մի նամակի սեւագրությունը, ուր ինքը՝ Ներսեսն իսկ անդրադառնում է իր հարուցած հալածանքների մասին եղած մեղադրանքին, առանց որեւէ չափով հերքելու այն: Ներսեսը մեջբերումներ է անում Թբիլիսիից ստացած իր մի գրությունից, որի մեջ իր դեմ հայտնված են եղել տրտունջներ, թե «գիտունքն ամենեքեանք անպատուած են ի քեն, որպէս հայր Սալլանդեան, բազմալեզու բազմագէտն Ստեփաննոս Նազարեանց, չնաշխարհիկ եւ անզուգական Մսուր Գուշարեան (Մսերյան), բազմահմուտ տէր Գաբրիէլ Պատկանեան, Յակոբ վարչապետ Կարենեան, Առաքել վարժապետ Արարատեան եւ այլք բազումքՏես Թաղիադեանն Մեսրովբ որպես հանդիսանայ ի Կալկաթայ, Նազարեանն ի Ղազան, Աբել վարդապետն (Էջմիածին, Խաչատուր քահանայն (Ղալաբեկեան?) եւ Գրիգոր սարգաւագն (Տէր Ավագեան) յԱրցախ, Յակոբ Կարենեան ի Թիֆլիզ …»: Անհայտ նամակագիրը մեղադրել է Ներսեսին նաեւ այն բանում, որ նա դառնացրած է եղել Դավիթ եւ Հովհաննես կաթողիկոսների, Սերոբե եւ Զաքարիա (Գուկասպյան) եպիսկոպոսների, Թովմա Ղորղանովի, Դավիթ խան Շահնազարյանի, Ջրպետյանի, Ալամդարյանի եւ այլոց հիշատակը: Այստեղ թվարկված անձանց կողքին նամակագիրը հիշատակել է նաեւ Ներսեսի պաշտած կամ նրա առաջ քաշած մարդկանց անունները: «Փոխանակ կայսերն երկար կեանք խնդրելու,— գրված է եղել Ներսեսին ուղղված նամակում,— դու կնիազ Վորոնցովն ի բերան առիր՝ «հայր է, հայր է, անօրինակ հայր է (ասելով), ողորմելի ամբոխին զմիտն որսացիր»: «Պատուեալք անձինք քո են, որք երեւելի են ի չարագործութեանն որպիսիք են իզմիրցի Մարկոսն, ալեքսանդրապոլսեցի Մարտիրոս Վեքիլովն, Սենատ Վառլամովն, տէր Բաղդասարն, Սարգիս Վարշամովն, օձալեզու իմաստիկ Սահառունին, հինավուրց սրբազան Մինասն» (ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 8916, թթ. 39 եւ 40): Հետաքրքրական այս նամակից եւս կարելի է հանգել այն եզրակացության, թե Ներսեսին մեղադրում՝ էին այն բանում, որ նա հալածում էր գիտության կամ նկարագրի տեր մարդկանց, իրեն շրջապատելով իր կամքին հլու գաճաճներով:}:
/49/ Նալբանդյանի դեմ սկսված հալածանքը ծայր առավ Եկենյանի հանդեպ նրա ի հայտ բերած ըմբոստությունից: Պատանու վերաբերմունքը դեպի նոր ուսուցիչը ակներեւ էր թեկուզ հենց այն փաստից, որ երբ 1846 թ. հունվարին Պատկանյանը հեռացավ Նախիջեւանից, Նալբանդյանը մինչեւ Թբիլիսի ուղեկցեց նրան {Գ. ք. Պատկանյան, Պատմություն Նոր-Նախիջեւանի, Նոր-Նախիջեւան, 1917, եր. 112:}:
Նոր-Նախիջեւանում պահվել է աղոտ հիշողություն այն մասին, թե վերադառնալով Թբիլիսիից՝ Նալբանդյանը փորձ արեց ուղեւորվել Մոսկվա՝ Լազարյան ճեմարան մտնելու համար, բայց մերժում ստացավ ճեմարանից՝ մեծահասակ լինելու պատճառով: Այնուամենայնիվ, նրան շարունակեց զբաղեցնել կանոնավոր ուսում ստանալու միտքը:
է Հայաստանի Պետական Մատենադարանի արխիվում հանդիպում ենք Եկենյանի մի գրությանը՝ ուղղված Ներսեսին 1851 թ. մարտի 9-ին. նամակից տեղեկանում ենք, որ 1847-48 թ.թ. Եկենյանի մոտ ուղարկված են եղել սովորելու 5 նորընծա եւ 18 տիրացու: Նորընծաներից ոչ մեկը չէր հաճախել դպրոց: Տիրացուներից ոմանք հաճախում էին կանոնավոր, մյուսները՝ երբեմն, իսկ երկուսը՝ որոնց թվում նաեւ Նալբանդյանը, ինչպես գրում է Եկենյանը, «չերեւեցան երբեք»: Նալբանդյանին Եկենյանը բնորոշում է «ընդունակ», «չարաբարո եւ ստամբակ» բառերով: մ Պատմում են, որ Նալբանդյանը հրաժարվեց նրա դասերից, ասելով, թե ոչինչ չունի սովորելու նոր դասատվից եւ ինքը վաղուց արդեն գիտե նրա ավանդածը: Համարձակ լեզու բանեցնելու համար Եկենյան վարժապետը «տարօրինակ ծեքաբանությամբ» պահանջ դրեց Նոր-Նախիջեւանի հոգեւոր կառավարչության առաջ՝ ընծայարանի աշակերտների շարքից հանել Նալբանդյանին {Ե. Լ. Ժ., IV, եր. 2:}:
/50/ Խալիբը չվարանեց այս ամենի մասին գրել Ներսեսին: Վերջինս կարգադրեց կա՛մ հնազանդության բերել հեստող տիրացուին, կա՛մ առաջարկել, որ նա հրաժարվի հոգեւոր կոչումից: Դրված լինելով այս երկընտրանքի առաջ, Նալբանդյանը որոշեց` հաճախել Եկենյանի քերականության, աշխարհագրության եւ պատմության դասերը: Սակայն դուրս եկավ, որ աշակերտը մի քանի անգամ ավելի լավ գիտեր այդ առարկաները, քան նրա վարժապետը: Կաթողիկոսը կարգադրում է հրապարակական մրցություն նշանակել աշակերտի եւ վարժապետի միջեւ: Դատավոր էին նշանակված քաղաքի տերտերներից երկուսը, «մրցությանը» ներկա լինելու համար հրավիրվում են քաղաքի «ուսումնականները»՝ Դ. Օդաբաշյանը, Թ. Խադամյանը, Ավագյան եղբայրները, Ս. Տիգրանյանը, Լազարյան ճեմարանի ուսանողներ եւ ուրիշներ: Քննասրահում դրված էր երկու գրատախտակ, որոնց վրա պիտի գրվեին առաջարկված «գաղափարի» (թեմայի) չափածո պատասխանները: Պատասխաններից մեկում Եկենյանը կարողացավ գրել միայն երկու տող: Նալբանդյանը` դրա դիմաց գրի առավ մեկն այն ոտանավորներից, որ հետո տպվեց Պատկանյանի «Արարատ»-ում: Նալբանդյանի գերազանցությունը ակներեւ էր: Սակայն մի այլ դեպքում նա թույլ տվեց իրեն չարաճճի մի կատակ, որի հետեւանքով տանուլ տվեց մրցությունը. «կաթողիկոս» անվան տեղ գրեց՝ «կնաթողիկոս», որի համար հուզեց իր դեմ Ներսեսի անդառնալի թշնամանքը {Տե՛ս Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 382 եւ հետ. եւ Մ. Տեր-Գրիգորյանի կազմած կենսագրությունը, որ կցված է «Ղազար Փարպեցու թղթի» թարգմանությանը, ՍՊԲ, 1868, եր. VII:}: Դժվար է, հարկավ, այս պատմության մեջ միմյանցից տրոհել փաստն ու առասպելը:
Ներսեսի զայրույթն ուներ նաեւ մի ուրիշ պատճառ: Նրան հանձնեցին երկու նամակ, որպես թե գրված Նալբանդյանի ձեռքով՝ 1846 թ. փետրվար եւ մարտ ամիսներին: Նամակագիրը պախարակում էր նոր-նախիջեւանցի աղաներին, անգամ քննադատում կաթողիկոսին: Նամակներից՝ շքեկում նա հայտնում էր իր մի «բարեկամին»՝ տիրացու Սարգիս Պապովին, թե ի հայտ բերելով կաթողիկոսի նշանակած «քերականագետ» Եկենյանի տգիտությունն ու կաթոլիկ ոգին, դադարել է հաճախել նրա դպրոցը: Նամակագիրը ծաղրում էր նրանց, ովքեր տխմար ու լատինադավան այդ մարդուն են վստահել իրենց զավակների կրթությունը: Մի այլ նամակում նա չարամտորեն հարցնում էր Պապովից համաքաղաքացիներից մեկի մասին, որ պարտատերերի երեսից փախել էր Էջմիածին ու պատսպարվել կաթողիկոսի լայն փեշերի տակ: Նամակագիրը չի թաքցնում, որ Պատկանյանի հեռանալուց հետո մնացել է «որբ ի բարեկամաց» /51/ է եւ որ ինքը, Պատկանյանի տնկած մի տունկ, չի կարող հանդուրժել Հռոմի անպտուղ ծառը՝ Եկենյանին: Նամակներն ընկնում են Նախիջեվանի հոգեւոր կառավարության անդամների ձեռքը եւ նրանց միջոցով հասնում Ներսեսին: Վերջինս առաջարկում է Խալիբին հատուկ դեպուտատի ներկայությամբ հարցաքննել դրա հեղինակին եւ պատժել նրա հանդգնությունը:
Նալբանդյանի մասին գրողներից ոչ մեկը չի կասկածել մինչեւ հիմա, թե նա էր իրոք նամակի հեղինակը:
Սակայն նամակների մասին կատարված քննության ուսումնասիրությունը համոզում է, որ կաթողիկոսի զայրույթը հուզած թղթերի հեղինակը Նալբանդյանը չէր իսկապես, այլ Պատկանյանի խմբակցության հակառակորդներից մեկը, հավանորեն՝ Նալբանդյանին ամբաստանող Պապովը: Գործի մեջ պահված նամակի բնագիրը չի մատնում Նալբանդյանի ձեռքը: Նախիջեւանի հայոց հոգեւոր կառավարությանն ուղղած իր գրության մեջ՝ թվարկված 1850 թ. մարտի 8-ին, Նալբանդյանն իրավացիորեն հայտնում էր, որ իրեն վերագրված նամակները կրում են «դպիր Միքայել Ուստայան» ստորագրությունը, մինչդեռ ինքը երբեք չի գործածել այդպիսի ազգանուն: Հայտնում է, որ ինքը ո՛չ ծանոթություն եւ ո՛չ իսկ նամակագրություն է ունեցել Պապովի հետ: Խնդրում է քննություն բանալ ստուգելու, թե ումի՞ց է ստացել վերջինս այդ գրությունները եւ ի՞նչ հիմունքով ենթադրել, թե Նալբանդյանն է դրանց հեղինակը: Հարցադրումներից նեղը լծված Պասլովը հրաժարվեց պնդել, թե իրոք Նալբանդյանն է եղել Ուստայան ստորագրված նամակների գրողը եւ խոստովանեց, որ նրա հետ բնավ նամակագրություն չի ունեցել ինքը {Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 151, վավ. N 68, եր. 5: (Հմմ. նաեւ «Սովետական գրականություն», 1941, N 4, էջ 89 եւ հետ. եւ «Գրական նյութերի ժողովածու, Երեւան, 1941, 1, եր.197:)}: Այս խոստովանությունը չի զարմացնի մեզ, եթե աչքի առաջ ունենանք Պապովի դիմապատկերը: Տակավին 1842 թ. Գաբրիել Պատկանյանի պահանջով նա արձակվել էր հոգեւոր կառավարության մեջ ունեցած պաշտոնից՝ իբրեւ մի անձնավորություն, որն իր բանսարկություններով կռիվ ու խռովություն էր սերմանում ինչպես եկեղեցականների, այնպես եւ աշխարէականների մեջ:
Բայց եթե կեղծ այս գրությունները չէին հեղինակված Նալբանդյանի ձեռքով, նրանք, այնուամենայնիվ, արձագանքում էին այն պայքարին, որ արծարծվել էր Պատկանյանի շուրջը եւ սրա Թբիլիսի քշ վելուց հետո կենտրոնացել էր Նալբանդյանի դեմ: Կեղծիքը կատարել էին անշուշտ Պատկանյանի հակառակորդները՝ Ներսեսի զայրույթը սրելու նպատա/52/կով: Նրանք լիովին հասան իրենց նպատակին, միաժամանակ քավության նոխազ դարձնելով Պատկանյանի աշակերտ Նալբանդյանին:
Նալբանդյանի մերձավոր բարեկամները նրա դեմ ձեռնարկված մետապնդումները կապում էին ոչ թե խալիբականների հերյուրած պարսավագրերի, այլ եկեղեցական գումարների հետ: Հետագայում Հովհ. Բերբերյանը գրում էր. «Նալբանդյանցի նշանակությունը օրըստօրե մեծանալով՝ սկսեց ծակել նրա հակառակորդների աչքերը: Սրանք օգուտ քաղելով Նալբանդյանցի եկեղեցական փողերի առթիվ ասած խոսքերից, որ ուղղված էին փողերը պարտկող քաղաքացիների դեմ, գրգռեցին վերջիններին եւ ընդհանուր ուժերով սկսեցին մատնություններ գրել անսանձ քարտուղարի մասին եւ ուղարկել կաթողիկոսին: Հայտնի է, որ այս մատնությունների մեջ վերջին դերը չեն խաղացել հոգեւորականները եւ այն ժամանակվա քաղաքագլխի կողմնակիցները» {«Նոր-դար», 1891,: 158. տե՛ս նաեւ Մ. Տեր-Գրիգորյան, Մ. Նալբանդյանի Համառոտ կենսագրությունը, եր. X:}:
Բախումը Ներսեսի եւ Պատկանյանի միջեւ արդյունք էր մասամբ դըպրոցական աշխարհիկ եւ հոգեւոր սիստեմների հակամարտության: Ժամանակին ինքը՝ Ներսեսը նշանակալից քայլեր էր արել դպրոցական հին, վանական-խալֆայական ցանցի կողքին ստեղծելու կրթության նոր մի օջախ, որ զգալապես համակերպվելու էր երկրում ամրակայվող ապրանքատիրական հարաբերություններին եւ սրանց հետ կապված ազգային-եկեղեցական պահանջներին: Հետաքրքրական է, օրինակ, որ կոնդակներից մեկում Ներսեսը կարգադրում էր «զփալախայն եւ զքարոզն դնել ի վառարանս եւ ազդել միայն աշակերտների «հոգու վրա» {«Արարատ», 1904, եր. 406:}: Ներսիսյան դպրոցի գործունեությունը աչքի ընկնող երեւույթ էր այդ տեսակետից: Սակայն թե՛ այդ դպրոցը եւ թե՛ դրան հաջորդած մյուս սեմինարիաները, տուրք տալով նոր իրադրությանը, ոչ միայն գործում էին եկեղեցական պիտակի տակ, այլեւ հիմնականում ստորադրված էին կղերի գաղափարական եւ վարչական Տեգեմոնիային: Հիմնադրի ռեգլամենտացիայի եւ վեքիլական ռեժիմի պայմաններում այդ դպրոցը դարձել էր «մի կատարյալ ավազականոց, մի հակակրթության տեղի» {Ղ. Աղայան, Երկեր, III, Երեւան, 1940, եր. 204:}: «Ներսես կաթողիկոսի միակ ցանկությունն էր,— գրում էր Ղ. Աղայանը,— որ իր ուսումնարանը փայլի, եւ նա փայլում էր մերթ պոչավոր աստղի լույսով եւ մերթլուսատիտիկի: Երբ փայլում էր պոչավոր աստղը, աներեւույթ անձինք երեւելի ձեռքերով կտրում էին նրա պոչը, եւ այնուհետեւ փայլում էր լուսատիտիկը» {Նույն տեղը, II, եր. 71:}:
/53/ Եթե ժամանակին Ներսեսն էր հենց վառել փայլուն այն «աստղը» որին ինքը կոնդակներից մեկում «համալսարան» անունն էր տալիս {Տե՛ս «Արարատ», 1904, եր. 404:}, ապա հետագայում նա էր հենց «աներեւույթ» այն անձերից մեկը, որ «երեւելի ձեռքերով» կտրում էր նրա պոչը: Ժամանակակիցները տրտնջում էին, թե խափանելով իր անվան դպրոցը, նա մտադիր է դրա փոխարեն կառուցել «ի մեջ մոծակաց Էջմիածնի» հազար մանկանց ուսումնարան, հարելով, թե հազար մանկանց մայրավանք լինելու փոխարեն նա զբաղված է հազար մանկանց մայրաքում եւ հազար գործոց մաքրագյոլ լինելու Էջմիածնում {ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 144, վավ. 15։}: Այդ մի մեղադրանք էր, որի վերսիան կարելի է գտնել նաեւ Աբովյանի վերջին գրություններից մեկում: Հետագայում Նալբանդյանը ծաղրում էր այդ դպրոցը եւ ստվերի տակ դնում նրա ծագումը, համարելով այդ հիմնարկը մի «խրտվիլակ, պտուղ արտասվաց Եփրեմ կաթողիկոսի ի Հաղպատ» եւ անարժան օրինավոր կերպով եւ իրավունքով» կրելու իր վրա դպրոց անունը» {Ե. Լ. Ժ., 1, եր. 244:}: Սեմինարիաների սիստեմը կցորդված էր կղերի պրոֆեսիոնալ պետքերին ծառայող ժառանգավորաց դպրոցներին եւ հոգեվոր ընծայարաններին: Վերջին տեսակի հիմնարկ էր նաեւ Եկենյանի վարժոցը: Միջնադարյան այս տիպի հիմնարկների դեմ էր հենց, որ նույն այս պահին պայքարում էր Երեւանի արքունական գավառային դպրոցի վերատեսուչ Աբովյանը: Այս տեսակետից որոշ նմանություն կար Աբովյանի եւ Պատկանյանի դիրքավորման միջեւ: Դորպատում սովորելիս Աբովյանը մտերմական նամակ գրեց Պատկանյան եղբայրներին {Տե՛ս «Դիվան Խաչատուր Աբովյանի», Երեւան, 1940, եր. 31 եւ հետ.:}: Հետագայում մի հայտնի չափով Պատկանյանը մոտենում էր գրական լեզվի եւ դպրոցական սիստեմի մասին ծագած հարցերում Աբովյանի դիրքերին: Սինոդին ուղղած իր մի թղթում Ներսեսը հաղորդում է, որ ՆորՆախիջեւանի գավառային ուսումնարանի վերատեսուչը դիմած է եղել բաղաքի հոգեւոր կառավարությանը, արգելել Եկենյանի գործունեությունը: Հայտնում է միաժամանակ, որ ինքը կարողացել է հանգստացնել վերատեսչին ներքին եւ լուսավորության մինիստրների միջամտությունից հետո միայն {ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Ներսեսի 1852 թ. մայիսի 3-ի գրությունը:}: Վերատեսչի դիրքը հիշեցնում է մեզ Երեւանի նրա պաշտոնակցի՝ Խ. Աբովյանի ընթացքը: Ինչ վերաբերում է Պատկանյանին, նրա կռիվն ու հայացքները Օգսենտի եւ Եկենյանի տիպի պատվելիների ու խալֆաների դեմ, Աբովյանի դպրոցական գործունեության պես, «նշան էր ժամանակաց»: «Սենեակք լայնանիստ, ուսմունք բարձրաբերձ, այլ բարեկարգութիւն ի նմին եւ ոչինչ». այս խոսքերով էր արտահայտվում Պատ/54/կանյանը Նոր-Նախիջեւանում Խռմաճյան աղաների կառուցած վարժարանի մասին, որի հիմնադիրներին փառաբանում էին ռեակցիոն կղերի ղեկավարները՝ Ս. Ջալալյանը եւ նմանները {Ե. Լ. Ժ., I, եր. 419:}:
Պատկանյանի եւ նրա խմբակցության մանկավարժական հայացքները ընդառաջում էին ըստ էության «եվրոպաբար» լուսավորված «քաղաքացի հասարակության»: Հետագայում նախագծերով քաղաքացիների կրթության ծրագիրը՝ Պատկանյանը ասում էր, որ ուսման առարկաները պիտի կարողանան աշակերտներին միայն այն շրջանի մեջ երեւելի հանդիսացնել, որո մեջ պիտի նոքա իրանց կյանքն անցուցանեն, այսինքն վաճառականության, եւ ընդհանրապես՝ քաղաքացի հասարակության» {Վերջը կիմանաք, նույն տեղը, եր. 99:}: Մեկնելով դասատվության մասին արծարծած իր սկզբունքից՝ Պատկանյանն սկսում էր ընդառաջել այն հայացքներին, որ արծարծել եւ կենսագործել էր նախապես Աբովյանը: Քննադատելով Պողոս Ղարաբաղցու, Ջրպետյանի եւ անգամ Ալամդարյանի սխոլաստիկ, բազմառարկայական եւ անգործնական դասատվության սիստեմները, Պատկանյանը հակադրում էր դրանց ու դըրվատում Աբովյանի մանկավարժությունը: «Նա աշակերտին այն էր ասում,— գրում էր Պատկանյանը վերջինիս մասին,— ինչ որ նրա մանկական միտքը կարողանում էր ըմբռնել, նա յուր ուսումնատվությունն էր հարմարեցնում աշակերտներուն եւ ոչ թե աշակերտներուն էր հպատակեցնում վարժարանական կարգին եւ պրոգրամմային. նա աշակերտից այն չէր պահանջում, ինչ որ դեռ նորա մտքի մեջ սերմանած, տնկած եւ արմատացած չէ: Եվ լավն ու նախընտիրն էլ այս էր: Բնական կարգին պիտի մետեւիլ: սանդուղքի վրա պիտի առաջին ստորին աստիճանեն ոտք դնել։ ծառը լսռաջ պիտի հողի մեջ հաստատուն արմատ ունենա. շինվածքի հիմը պիտի լավ դրվի: Աշակերտաց մտաց կարողությունը պիտի լավ ճանաչվի, եւ նորա համեմատ ուսումն ավանդի: Որքան ցանկալի բան է ոսկին, նա էլ այնքան կմտնի քսակի մեջ, որքան որ նրա պարունակությունը կներե, քան զայն ավելի չի կարող տանել. գինու անոթը յուր չափով գինի կառնու եւ ոչ ավելի» {Նույն տեղը, եր. 54:}:
Այստեղ հնի ու նորի պայքարը դուրս էր գալիս նաեւ եկեղեցականդպրոցական խնդիրների նեղ շրջանից: Միշտ ավելի ու ավելի էր սրվում՝ ու դրսեւորվում հակամարտի հասարակական-քաղաքական աստառը: Որպես ցարիզմի քաղաքականության անհամակիր մարդ, իր խոսքով ու ընթացքով Պատկանյանը հուզում էր կաթողիկոսի քաղաքականության ու վարչական ողջ ռեժիմի դեմ ուղղված մտքեր: Ներսեսի կենսագրությանը նվիրած իր «Ծաղկաքաղ»-ի մեջ նա քննադատում է Ներսեսի գործունեու/54/թյունը սուր արտահայտություններով. «Ազգի իրավանց հիմը խախտող, ազգավնաս, դավաճան, հավիտենական վնասապարտ, հայոց եկեղեցվո հիմն դղրդող, Արղության Հովսեփ կաթողիկոսին թունավորող, Նեստոր, սատանա, խաբող աշտարակցի, Նուրսուզ (Ներսես անվան բառախաղը, որ թյուրքերեն նշանակում է «լուսազուրկ», Ա. Հ.), հավատադրուժ, «Մատնիչ հայրենյաց» եւ այլն, ահա նրա որակումներըԱրարատ», 1878, եր. 70 եւ հետ»:}:
Փոխադրելով Պատկանյանին Թբիլիսի, Ներսեսը եւ նրա գործակալներ Որ այստեղ եւս հանգիստ չձգեցին նրան: Իր «Հիշատակարան»-ում Պատկանյանը պերճախոս փաստերով նկարագրում է այն հալածանքը, որին ինքը ենթակա է եղել Ներսեսի կողմից Թբիլիսիում, փորձելով քաղցի եւ կարիքի միջոցով հպատակեցնել նրան իր կամքին եւ մեկը մեկի հետեւից սեղդելով նրա կազմակերպած պանսիոնը, նրա եկեղեցական քարոզները եւ նրա գործունեությունը Ներսիսյան դպրոցում: Նույնը վկայում են նաեւ կողմնակի աղբյուրները: Երբ Պատկանյանը «Կովկաս» հայ լրագրի էջերից բանակռվի մտավ ռուս քահանա Բոգոմոլովի հետ, Վորոնցովը տուգանեց հայ քահանային եւ կարգադրեց միաժամանակ դադարեցնել «Կովկաս» լըրագիրը։ Ներսիսյան դպրոցում տեսուչ նշանակելու համար՝ Պատկանյանի համակրողները առաջ քաշեցին նրա թեկնածությունը: Ներսեսը չէր կամենում վստահել նրան այդ պաշտոնը, սակայն ի վերջո, ավելի հարմար մարդ չգտնելով, չառարկեց նրա նշանակման դեմ. այնուամենայնիվ, հրաժարվեց գրավոր հոժարությունից եւ պատասխանատու համարեց իր առաջ միայն դպրոցի հոգաբարձուներին: Պատկանյանը թույլտվություն ստացավ հրատարակելու Թբիլիսիում «Արարատ» անունով շաբաթա| թերթ: Ներսեսն այս դեպքում եւս խոչընդոտներ ստեղծեց քահանայի գործունեության առաջ {Ա. Երիցյան, Պատմություն 75-ամյա գոյության Ներսիսյան Հ. Հ. դպրոցի, Թիֆլիս, 1898, 1, եր. 475 եւ հետ., 486:}: Հինգ տարի Պատկանյանին Թբիլիսիում չարչարելուց եւ նրանից սրտապատառ «մ եղլայականներ» կորզելուց հետո կաթողիկոսն ի վերջո համաձայնություն տվեց, որ նա վերադառնա Նոր-Նախիջեւան: Ներսեսը գրում էր այդ մասին, թե Պատկանյանը կարողացավ գործ դնել այնպիսի հնար, որ նախիջեւանցիներից շատերը դիմելով Խալիբին՝ խնդրել են նրա միջնորդությունը «մշտափորձ յիւրումն» Պատկանյանին վերադարձնել նորից քաղաք ուսուցչություն անելու համար, եւ որ Խալիբը հարկադրված է եղել հարուցել այդ միջնորդությունը {ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Ներսեսի 1852 թ. մայիսի 3-ի գրությունը: Ոմն Խ. Ն. Տ.-ի ստորագրությամբ մեզ հասած մի պարսավագրի մեջ ասված է, թե իբր Պատկանյանին Թբիլիսիից Նախիջեւան ետ բերելու գործը կազմակերպած է եղել Նալբանդյանը «կողմնակի ժողովրդականաց» ստորագրել տալով եւ Խալիբի ձեռքով կաթո ղիկոսին հասցնելով մի դիմում «գիտնական քահանային» Ն.-Նախիջեւան փոխադրելու խնդիրքով (ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 9137, թ. 16ա):}:
/54/ Տարբեր կերպ է նկարագրում իր փոխադրությունը Պատկանյանը: Նրա ասելով, Ներսեսն ինքն էր կազմակերպել այդ փոխադրությունը, կասենալով վերջ տալ Թբիլիսիի նրա գործունեությանը եւ նորից արձակել նրա վրա Խալիբի կարիճներին:
Պատկանյանին չէր վիճակված անխռով եւ տեւական գործունեություն Դոնի ափերին նաեւ այս անգամ: Առհարկի հոժարելու նրա վերադարձին՝ Խալիբը եւ յուրայինները վերանորոգեցին նրա դեւ՝ հին հալածանքը: Նորից բորբոքվեցին քաղաքի ներքին կռիվները, որոնցից այս անգամ եւս Հեռու չմնաց Պատկանյանը: Հակառակորդները կանգ չառան նրա վերաբերմամբ ամենաստոր զրպարտությունների առաջ անգամ: Նրա վզին փաթաթվեց Խալիբի կյանքի դեմ մահափորձ կազմակերպելու սուտ մեղադրանք: 1853 թ. ամբաստանվածը կալանքի տակ առնվեց եւ 7 տարի շարունակ ենթակա էր եկեղեցական-քաղաքական ատյանների հարցաքըննության: 1860 թ. Պատկանյանը կարգազուրկ արվեց, աքսորվելով Վյատկա ու Կոստրոմա {Նախընթաց ծանոթության մեջ հիշատակված պարսավագրի հեղինակը ակնարկում է այն մասին, թե իբր հենց Նալբանդյանն է թելադրած եղել Պատկանյանին հալիբին սպանելու միտքըՏե՛ս նույն տեղը, թ. 17ա: Նման զրպարտությամբ խալիբականները, ըստ երեւույթին, մտադիր էին կալանքի տակ դնել ոչ միայն Պատկանյանին, այլեւ Նալբանդյանին:}:
* * *

Խալիբի եւ յուրայինների դեմ Պատկանյանի վարած պայքարը անշուշտ խոր հետքեր պիտի թողներ պատանի Նալբանդյանի հասարակական տրամադրությունների վրա:
Գ. Պատկանյանին Թբիլիսի քշելուց հետո Նալբանդյանն էր դարձել Ներսեսի եւ Խալիբի դեմ մղված պայքարի շարժիչ ոգին ու փաստական ղեկավարը: 1847 թ. Պատկանյանի հանձնարարությամբ նա քարտուղարի պաշտոն էր ստանձնել նախ՝ Ն.-Նախիջեւանի հոգեւոր կառավարության եւ ապա՝ Քիշնեւի թեմական կոնսիստորիայում: Անընդհատ գործուղումների մեջ լինելով Ղրիմի եւ Հարավային Ռուսաստանի հայաբնակ քաղաքներում, նա լայն հնարավորություն ունեցավ ծանոթանալու ժողովրդական մասսաների կարիքներին ու պահանջներին եւ ասպարեզ գալու ամենուրեք նրանց գործուն ու ազդեցիկ պաշտպանի դերում: Իր աչքաբացությամբ, ճարտար լեզվով ու գրչով նա վեր էր խոյանում էին հարաբերություններրի ու հասկացությունների ցանցում մխրճված տերտերների, տիրացու/54/ների ու ծխականների միջից: Շատերն արտակարգ ակնածությամբ էին նայում բանիմաց ու գործունյա տիրացվի ու գրագրի վրա, նրան հանձնարարում կարեւոր թղթերի խմբագրումը, նրա կարծիքն ու խորհուրդը հարցնում համայնական ու քաղաքային գործերի մասին {Տե՛ս Մ. Տեր-Գրիգորյան, Մ. Նալբանդյանի համառոտ կենսագրությունը, եր. IX եւ հետ:}: Առաջնորդի քարտուղարը հանդես էր գալիս որպես հայ քաղաքային եւ գյուղական մասսաների մեջ կուտակված տրտունջների ու բողոքների ձայնափող: Նրա համակրանքը առեւտրական-կալվածատիրական մագնատների դեմ ըմբոստացած մասսաների կողմն էր անշուշտ: Հատկանշական է, որ Ներսեսին ուղղած մի գրության մեջ Մ. Եկենյանը նրան համարում էր «գլխավոր գործակատար եւ խելամուտ ամենայնի» {ՀՍՍՌ Մատենադարան, Կաթ. դիվան, թղթապ. M 157, վավ. N 473:}:
Նոր-Նախիջեւանում արծարծված պայքարից զատ, սկսում է լայն ծավալ ընդունել այն հակամարտը, որ սրվում էր այս պահին խալիբականների եւ քաղաքամերձ հայ գյուղական մասսաների միջեւ: Այս հակամարտի մեջ Նալբանդյանը հանդես եկավ գյուղացիների շահերը պաշտպանողի դերում:
Ն.-Նախիջեւանի հիմնադրությունից ի վեր ցարական կառավարությունը քաղաքի բնակչությանն ու շրջակա հայ գյուղացիներին հատկացրել էր 67 հազար դեսյատին հողային ֆոնդ: Փաստորեն բնակչությանը հատկացված հողերի նշանավոր մասը իրենց ձեռքն են առնում Խալիբը եւ, նրա հետ մեկտեղ, քաղաքի ուրիշ աղաները: 40-ական թվականներին, մատնանշելով գյուղի բնակչության աճը, գյուղացիները դիմում են մագիստրատին եւ պահանջում խուտորատեր աղաների կողմից ապօրինի յուրացված հողմասերը: Քաղաքագլուխ Խալիրը մերժում է նրանց պահանջը, մեծ խլրտում առաջացնելով գյուղացիների մեջ: Խլրտումը քննության նյութ է դառնում Ն.-Նախիջեւանի դատաստանական ատյանի կողմից: Խալիբի սադրանքով դատարանը բանտ է նստեցնում գյուղացիների ներկայացուցիչներին, իսկ նրանց «դրդիչներից» ոմանց քշում` Սիբիր: Դատական ատյանի վճիռը վրդովմունքի նոր ալիք է բարձրացնում քաղաքի եւ շրջակա հայ գյուղերի մեջ: Նոր-Նախիջեւանի գյուղացիները մինչեւ այսօր իսկ պատմում են, թե ինչպես աղայական դասի արարքների դեմ զայրացած իրենց պետերը այդ պահին այրում էին խուտորների շենքերն ու արտերը:
Մասսայական ըմբոստացման կերպարանք ստացած այս հարցը առիթ տվեց Թայլանի (Տագանրոգի) քաղաքապետին հատուկ պատժախմբեր հղել Նոր-Նախիջեւանի շրջանի Չալթը, Թոփթի, Մեծ Սալա եւ Սուլթան Սալա գյուղերը՝ բողոքավորների «կրամոլան» ճնշելու համար: /54/ Հետագայում Նոր-Նախիջեւանի շրջանի գյուղացիները նկատի ունեին Խալիբի կազմակերպած էկզեկուցիան, երբ պատմում էին Խալիբի բերել տված «կուցի սալդաթների» մասին, որոնք «խամչիներով» ծեծում էին նրանց եւ փախ տալիս «ֆողին վրայեն, որտեղ մենք եզ կարածուցնեինք»: Ի վերջո միջամտում է Նովորոսիսկի նահանգապետը, որը, չնայած Վnրոնցովի կողմից Խալիբի եւ մյուս հափշտակիչների օգտին արած միջնորդության, հարցը վճռում է ի նպաստ գյուղացիների: 1848 թ. հուլիսի 22-ին Պետական խորհուրդը, արդարադատության մինիստր գրաֆ Պանինի առաջադրանքով, ընդունում է վճիռ, որով Ն.-Նախիջեւանի գյուղացիների վրա վերահաստատվում է 67 հազար, Ն.-Նախիջեւան քաղաքի վրա՝ 12 հազար եւ ս. Խաչ վանքի վրա՝ 8 հազար դեսյատին հող
Մեր տրամադրության տակ կա 1849 թ. փետրվարի 25-ին վերը հիշատակված գյուղական համայնքների անունից կազմված մի թուղթ: Շարադրելով վերը բերված փաստերը, թուղթը ստորագրող գյուղացիները դիմում են Ներսես Աշտարակեցուն եւ խնդրում նրա բարեխոսությունը փոխարքա Վորոնցովի առաջ, որպեսզի նա իրենց ճանաչե «իսկապես նեղեալ եւ զրկեալ որդիք եւ ծառայք եւ ազգ անխնամ մնացեալ» {Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 145, վավ. N: 314: Հմմ. նաեւ նույն թղթապանակի N 290 վավերագիրը՝ ստորագրված Խ. Լազարեւի կողմից. վերջինս Ներսես Աշտարակեցուն ուղղված մասնավոր մի գրություն է, ուր Խ. Լազարեւը խնդրում է կաթողիկոսին՝ թույլ չտալ, որ Խալիբի սադրանքով փոխարքան հարց հարուցի Սենատի որոշումը վերանայելու մասին: «Թէեւ չէ մեր տեսեալ զայրն այն Ղալապով կոչեցեալ, սակայն լուեալ է մեր պատմութեամբ այլոց, թէ բազմատեսակ են արարք (նորա) ընդդէմ իրաւանց»,— գրում է 1849 թ. փետր. 7-ին թվագրված այդ թղթում Լազարեւը:}:
Գյուղացիների անունից 1849 թ. կազմված այս թուղթը գրված է Մ. Նալբանդյանի գրչով: Մինչեւ այժմ անտեսված այս վավերագիրը կարեւոր վկայություն է այն մասին, որ քսանամյա Նալբանդյանը անմիջական ու սերտ կապ ուներ Խալիբի եւ նրա արբանյակների դեմ պայքարի ելած Նոր-Նախիջեւանի գյուղացիական մասսաների հետ:
Դժբախտաբար, առայժմ չկան այլ վավերագրեր, որոնք հնարավորություն տային մեզ հետեւելու այս մարզում Նալբանդյանի գործունեությանը: Իր կյանքի պատանեկան շրջանին վերաբերող մինչեւ այժմ ի հայտ բերված նյութերը հիմնականում անդրադարձնում են միայն գործուն այն մասնակցությունը, որ ունեցել էր Նալբանդյանը Ն.-Նախիջեւանի եկեղեցագումարների համար Խալիբի եւ Պատկանյանի շուրջն արծարծված պայքարում:
1847 թ. ստանձնելով Նոր-Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմի հոգեւոր կառավարությունը, Մատթեոս Վեհապետյանը տեղացիների եւ /54/ ամենից առաջ իր մոտ քարտուղարի պաշտոն վարող Նալբանդյանի դըրդումով պահանջում էր Խալիբից եկեղեցական գումարների հաշիվը: Վերջինս իրեն պատասխանատու համարեց միայն կաթողիկոսի առաջ ու հրաժարվում էր հաշվետվությունից եւ բոլոր իր ազդեցությունն ու ուժը ուղղում «խռովարարների» դեմ: Ամենից շատ նրան պիտի հուզեր հիմա Նալբանդյանի «գրգռիչ» գործունեությունը: Ներսեսին ուղղած նամակներում նա անընդհատ վառում էր կաթողիկոսի հիվանդոտ ինքնասիրությունը՝ պահանջելով արժանի պատիժ տալ «ստահակ տիրացվին»: Սակայն, հանձնելով Նալբանդյանին վերագրված նամակների գործը քաղաքային մագիստրատին, Ներսեսը փաստորեն իրեն՝ աղա Խալիբին է վստահում նրա դատաստանը:
Կաթողիկոսի կարգադրությունները հանդիպում էին հակախալիբականների ցասկոտ դիմակայությանը: Վեհապետյան վիճակավորը ոչ միայն անհետեւանք թողեց նրա եւ Սինոդի հրամանը Նալբանդյանի մասին, այլեւ հեռացրեց հոգեւոր կառավարությունից այն անդամներին, որոնք Ներսեսի ձեռն էին հասցրել կեղծ նամակները: Հեռացվածների տեղը Մատթեոսը առաջին ատենակալ էր նշանակել Պատկանյանին, շնորհելով նրան խառափիլոն եւ ուսուցիչ կարգելով նրան «մանկանց եկեղեցականաց եւ ժողովրդականաց, քաղաքացիակ եւ գիւղացւոց»: Այս միջոցարկումներով նա ընդառաջում էր Նալբանդյանի բռնած դիրքին: Նալբանդյանին էր ընդառաջում նա դարձյալ՝ 1849 թ. հեռացնելով պաշտոնից նաեւ Մ. Եկենյանին, որպես զգուշալի մարդու» {Ե. Լ. Ժ., 1, եր. 348:}: Այս ամենը Ներսեսը պիտի ընկալել որպես անհնազանդության ցույց: Անհնազանդության ամենախոշոր ակտ էր մանավանդ, որ վիճակավորը թեմական քարտուղարի պաշտոն էր հանձնարարել Նալբանդյանին, տալով նրան կարեւոր մի դիրք եւ, ինչպես գրում էր Ներսեսը, դարձնում նրան փաստորեն «ղեկավար իւրում վիճակային կառավարութեան» {ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Ներսես Աշտարակեցու 1852 թ. մայիսի 3-ի գրությունը:}:
Մի այլ տեղ Ներսեսը համարում էր Նալբանդյանին վիճակավորի «մտաց եւ գործոց» ղեկավար {ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 8916, թ. 310:}:
Ուշագրավ է, որ Պատկանյանն իսկ Նալբանդյանին էր համարում 50-ական թվականներին Ներսեսից կրած իր հալածանքների սկզբնապատճառը. «Երբ որ Նալբանդյանի դարանակալությամբ,— գրում էր նա,— Մատթեոս արքեպիսկոպոս կամեցավ նորա (Ներսեսի) հայրապետական իշխանությունն նշկահել, այն ժամանակն, նորա արդար բարկությունն ոչ միայն փոխեցավ ի ցասումն, այլ եւ ի մոլեգնությունեւ /60/ կամեցավ ոչ արդարությամբ, այլ անիրավությամբ դատապարտել Տեր-Գաբրիելին» {Տե՛ս Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 746:}: Պատկանյանի այս տողերը հետաքրքրական են, որպես «Հայրապետական իշխանության» սկզբունքային պաշտպան Պատկանյանի եւ Նալբանդյանի հակաեկեղեցական դիրքավորումը բացահայտող վկայություն: Ակներեւ է, որ գեթ 40-ական թվականների վերջերից Նալբանդյանի եւ վաղեմի նրա վարժապետի մարտական դիրքերի միջեւ առկա էր սկզբունքային խոր անջրպետ:
Սինոդի տրամադրության տակ դնելով Մատթեոսի մասին Խալիբից ստացած նամակների պատճենները, 1852 թ. հունվարի 8-ին Սինոդի անունով արձակած կոնդակում Ներսեսը գրում էր. «Տեսցէ այժմ Սինոդն եւ նկատեսցէ թէ յանդուգն ներգործութիւնք Մատթեոս եպիսկոպոսի վիճակավորին Բեսարաբիոյ եւ Հոգեւոր կառավարութեան Նախիջեւանայ յոր աստիճան են բարձրացեալ, զի Տրամանաց ընդհանրական կաթողիկոսին իւրեանց հակառակ են եւ զկամս իւրեանց յառաջ վարեն»: Ներսեսն առաջարկում է Սինոդին «դարձուցանել զիւրն մտադրութիւն առ բարւոք կառավարութիւն եկեղեցեաց եւ արմատախիլ անել զամենայն անկարգութիւնս ի միջոյ հոգեւորականաց ատենական տեղեաց գտանողաց պաշտսլան չարագործութեանց հոգեւորականաց»: Պահանջում էր հրամանագրել Բեսարաբիայի կոնսիստորիային Էջմիածին ուղարկել Նալբանդյանին «վասն անձամբ անձին տալոյ զպատասխանիս Սինոդին Էջմիածնի» {ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Սինոդի ֆոնդ, 1852, N 12, թերթ 12 եւ հետ.:}:
Այս ամենից հետո չէր սխալվում, հիրավի, Ստ. Պալասանյանը, երբ Նալբանդյանի դեմ գրած իր մի հոդվածում ասում էր, թե եկեղեցական գումարների հարցը փողի հարց չէր միայն. «այն ամենայն գժտությանց հիմնական պատճառ,— գրում էր նա, — ոչ այնքան եկեղեցյաց դրամներուն շահը կամ վնասը փնտրելն էր, որքան որ հանգուցյալ Ներսես կաթողիկոսին, վիճակին առաջնորդ Մատթեոս արքեպիսկոպոսին մեջ ելած ցավալի վեճը, եւ ուրիշ տեղական, քաղաքական եւ անձնական հակառակություններ, որոնց պատմությունը հարկավ կելլե ըստ ժամանակին ի խրատ ապագայից» {«Մեղու Հայաստանի», 1859, N 10, եր. 78։}:
Մեր բնութագրած այս ժամանակամիջոցը փորձանքների ու թափառումների շրջան էր Նալբանդյանի համար: 1848 թ. հունիսին վիճակավոր Մատթեոսը մի շարք այլ տիրացուների շարքին ջահնկալության աստիճան էր տվել նրան եւ ներկայացրել Սինոդին նրան հարկից ազատելու վկայականը, նրան հոգեւոր կոչման մեջ հաստատելու համար: Սակայն հենց այդ ժամանակ Նալբանդյանը վարակվում է Քիշնեւում ու /61/ Բեսարաբիայի նահանգում տարածված խոլերայով, որից հետո ընդերկար ենթարկված ինչ-որ «թուլության ախտի»՝ շարունակում էր դեգերել բժիշկների ու դեղավաճառանոցների շեմքերում: Ֆիզիկական տկարությունը անպետք էր դարձրել նրան եկեղեցու սպասարկության համար: Խնամք տանելով նրան՝ Մատթեոսը հանում է նրան Նախիջեւանից եւ քարտուղարի պաշտոնով տանում իր հետ Օդեսա (1848–49 թ.թ.) եւ Քիշնեւ (1849-1853): Տարված խնամքը զուր չի անցնում, հիվանդն ապաքինվում է: Ականջ դնելով «ազգասեր» մարդկանց հորդորներին, 1851 թ. նա նորից է դիմում գրում Էջմիածին Հոգեւոր կոչում ընդունելու մասին: Դիմումը մնում է անհետեւանք, քանի դեռ ավարտված չէր կեղծ նամակների շուրջը լինելիք հարցաքննությունը:
Ներկայացնելով կեղծ նամակների մասին գրավոր բացատրություններ, Նալբանդյանը ջանք էր գործ դնում պաշտպանվելու կաթողիկոսի անիրավ հետապնդումներից: Հայտնում էր, որ 1848 թ. խոլերայի հետեւանքով տկար է տակավին եւ անկարող ուղեւորվելու Էջմիածին բացատրություննը տալու համար: Ճանապարհորդության համար կպահանջվեր, բացի այդ, 400 ռուբլու ծախս, մինչդեռ ինքը, որ քարտուղարի պաշտոն էր վարում Քիշնեւի հայոց կոնսիստորիայում, հազիվ 25 ռուբլի ռոճիկ է ստանում ամսական: Խնդրում է հաստատել իրեն հոգեւոր կոչման մեջ կամ, ակառակ դեպքում, վերադարձնել արձակման վկայագիրը՝ միջոց տալով իրեն մտնելու արքունական ծառայության մեջ կամ կպչելու որեւէ այլ գործի (դեկտ. 1852 թ.): Վեհապետյանի միջնորդությամբ, Սինոդի 1853 թ. մայիսի 15-ի որոշման համաձայն ետ է տրվում նաեւ Նալբանդյանի արձակման թուղթը {Ե. Լ. Ժ., IV, եր. 24 եւ հետ.: «Գիտական նյութերի ժողովածու», 1, 1941, հր. 196 եւ հետ.:}: Այնուամենայնիվ, սրանով դեռ վերջ չառան Ներսեսի ձեռնարկած հալածանքները:
1853 թ. հոկտեմբերին Ներսեսը հայտնում է Սինոդին, թե ոստիկանության միջոցով Նալբանդյանին որոնելու եւ Էջմիածին ուղարկելու համար դիմում է արել փոխարքային {Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Սինոդի ֆոնդ, նույն տեղը, թ. 39:}: Հիրավի, արդեն այդ տարվա մայիսին Քիշնեւի կոնսիստորիայում ստացվել էր Ներսեսի կարգադրությունը նրան ոստիկանությանը հանձնելու: Քաղաքացիական վարչության գծով Քիշնեւի ոստիկանությունը կարգադրություն էր ստացել նրան Էջմիածին հղելու: Նման կարգադրություն ոստիկանական օրգանների կողմից արվել էր նաեւ Նոր-Նախիջեւանի մագիստրատին: Հուլիսի 3-ին Սարգիս Ջալալյանին գրած նամակում Խալիբը հաղորդում էր, որ մագիստրատը հատուկ պահակ է նշանակել Նալբանդյանին ձերբակալելու, հենց որ /62/ երեւա քաղաքում: Միաժամանակ մագիստրատը, Քիշնեւի կոնսիստորիային հաղորդելով Նալբանդյանի մասին եղած կարգադրությունը, խնդրում է ոստիկանական հսկողության տակ նրան հղել Էջմիածին {Տե՛ս Ա. Ինճիկյան, Մ. Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը, Երեւան, 1954, եր. 40:}:
Փոխարքայի՝ միջամտությունն ակներեւ էր դարձնում հայ-լուսավորչական եկեղեցու գերագույն վարչության եւ ռուս ռազմական ոստիկանիսկան ղեկավարող օրգանների ներքին կապը: Միաժամանակ երեւան էր գալիս այն մտերմությունը, որ շաղկապում էր Վորոնցովի մտրակը Աշտարակեցու գավազանի եւ Խալիբի ոսկեպարկի հետ: Ներսեսին ուղղած նամակներում Վորոնցովը հրճվանքով է խոսում իրենց «ընդհանուր բարեկամ Խալիբովի» հետ ունեցած հոգեպարար հանդիպումների մասին: Խալիբը, ըստ փոխարքայի, Նախիջեւանի «գլուխը» չէ միայն, այլեւ նրա «հիմքը» {Տե՛ս А. Эрицов, Патриарх всех армян Нерсес V, князь М.Ц. и княгиня Е.К. Воронцовы в их частной переписке, стр. 48 и сл. стр. 78.}:
Խուսափելով կալանքից, Նալբանդյանը անմիջապես ապավինում է Քիշնեւից Նախիջեւան: Սակայն պարզվում է, որ նրան Էջմիածին հղելու մասին կարգադրություն է ստացված նաեւ Նախիջեւանում, ուր տեղեկանալով նրա ժամանման մասին, Խալիբը, Սարգիս վարդապետ Ջալալյանը եւ Եկենյանը ջանում են նրան որսալ եւ մատնել ոստիկանության ձեռքը: Վարանման մեջ՝ Նալբանդյանը փորձում է թաքնվել Գ. Պատկանյանի բնակարանում: Բայց ոստիկանությունը ընկել էր նրա հետքի վրա, եւ Պատկանյանը, տրամադրելով նրան իր կառքը, միջոց տվեց` նրան խուսափել Ռոստով եւ այդտեղից փոստային կառքով թռչել` Մոսկվա {Տե՛ս Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 409 եւ հետ.: Հմմ. նաեւ Պ. Սիմոնյանի հուշերը, «Լումա», 1901, Ա., եր. 284 եւ հետ.:}:

/63/ ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
ՀԱՆԳՐՎԱՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Նալբանդյանի փախուստը Մոսկվա: Լազարեւների հովանավորությունը։ Աղազադաների ազգատոհմը։ Ըմբոստացած վեքիլները։ Պաշտոնավարություն Ճեմարանում: Վեհազնյա նահանջ։ Կալանք եւ հեռացում Ճեմարանից։ Գրական արձագանքներ:
Նալբանդյանի փախուստն ավելի եւս սաստկացրեց նրա դեմ սկսված Հետապնդումները: Հրեղեն լեզու եւ անողոք գրիչ ունեցող պատանու մեջ նրանք նշմարում էին ճնշվող ու կեղեքվող ժողովրդի առավել մոլեգին պաշտպանին, որ ապահով հեռավորությունից կարող էր նույնիսկ ավելի վտանգավոր դառնալ համայնական հողեր հափշտակող ու հասարակական գումարներ գռփող մեծատունների ու սրանց սպասարկող տերտերների ու աբեղաների համար:
1853 թ. հուլիսին Նալբանդյանի հակառակորդներն արդեն տեղյակ էին նրա Մոսկվա գտնվելու մասին: Այդ երեւում է Սարգիս Ջալալյանի 1853 թ. հուլիսի 18-ին Քիշնեւից Մոսկվա՝ Մսեր մագիստրոս Մսերյանին ուղղած մի նամակից, որ գտանք վերջինիս ընտանեկան արխիվում.
«Միքայէլ դպիր Նալպանդեան,— հաղորդում էր Ջալալյանը,— որ առաքեալ է սրբազան վիճակավորն այդր ի Մոսկով առ ի ստանալ ի ձենջ զուսման վկայական, փախստական է դա ի վեհափառ կաթողիկոսէն … զի վասն յանդուգն եւ ժպիրհ գրութեանց դորա՝ պահանջեցան ի ձեռն փոխարքային Կովկասում, եւ երբ գտանէր դա ի Նախիջեւան՝ եհաս անդ եւ հրաման փոխարքային: Մինչ կամեցաւ ունել եւ առավել ի Տփխիս՝ ի ձեռն պահապանաց՝ փախեաւ անդի ձեռամբ Պատկանեանի, եկն աստ (որպէս գրէ քաղաքական գլուխն տեղւոյն). իսկ երբ հասին աստանօր պահանջմունք մագիստրոսի տեղւոյն՝ զի բռնութեամբ վերադարձուսցեն, աստ եւս փախեաւ այդը. վասնորոյ տամ ձեզ բարեկամական տեղեկութիւն, զի մի յապայն վշտասցի ի ձենջ նորին վեհափառութիւն»:
/64/ Թե ինչ վտանգ էր սպառնում այս պահին Նալբանդյանին, կարելի է կռահել նույն տարվա հուլիսի 17-ին Եկենյանի գրած մի նամակից։ Հաղորդելով Պատկանյանի հետ նրա ունեցած հանդիպման մասին, Եկենյանը հարում էր, թե Խալիբի համոզմունքով իր դեմ պատրաստված մահափորձը չէր կարող վճռված լինել առանց «ստահակ պատանու» դրդման: «Որպես կարծենք,— ավելացնում էր Եկենյանը,— անհնարին է, թե առանց նորա գիտության եւ հաղորդակցության իցե այս ամենայն»: Այդ նամակը Ջալալյանը ուղարկել էր Ներսեսին ի գիտություն {ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 169, վավ. N 118:}: Ակներեւ է, որ թշնամիները Նալբանդյանի համար եւս պատրաստում էին նույն չար հերյուրանքը, որին զոհ էր դարձել Պատկանյանը:
Նալբանդյանին օգնություն ցույց տալու մասին Պատկանյանը նամակներ էր գրել Լազարեւներին եւ Մոսկվայի ու Պետերբուրգի ազդեցիկ աղաներից երկուսին՝ Աղաֆոն Ակիմյանին եւ Ստ. Հովնանյանին: Վերջիններիս մասին Պատկանյանը գրում էր հետագայում, թե նրանք, որպես Ներսեսի կուսակիցներ, Սարգիս Ջալալյանի դրդմամբ Նալբանդյանի առաջ փակ պահեցին ոչ միայն իրենց սրտի, այլեւ իրենց տան դռները {Տե՛ս Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 411:}: Լազարեւներն են միայն, որ պատրաստ եղան օգնելու նրան: Հարկավոր էր միայն, որ, հայոց լեզու դասավանդելու ցենզ ձեռք բերելու համար, նա հարցաքննվեր եւ ուսման վկայական ստանար Մսերից: Բայց Ջալալյանի կողմից նախազգուշացված Մսերը հրաժարվել էր հարցաքննել եւ ուսման վկայական տալ Նալբանդյանին, եւ վերջինս ստիպված եղավ մեկնել Պետերբուրգ, Հայոց լեզվի դասավանդության ցենզ ստանալու համար քննություն բռնելու համալսարանի հայագիտության ամբիոնի առաջ:, Տեղեկացնելով այս մասին Ջալալյանին, Մսերը գրում էր, որ Նալբանդյանի մասին ինքը Ճեմարանի վերատեսուչ Էմինի միջոցով գաղտնաբար հաղորդել է արդեն Ճեմարանի «կառավարչին», թե «ընդունելն զնա ի պաշտօն՝ անպատուութիւն մեծ բերէ ճեմարանին եւ մեր իսկ գլխովին»: իր հերթին այս մասին Ճեմարանի «կառավարիչը» (խոսքը Ճեմարանի դիրեկտոր գնդապետ Զելենոյի մասին է, Ա. Հ.) խորհրդաբար հաղորդել է Պետերբուրգ «որում հարկն էր»,— հարում է Մսերը: Քանի դեռ ուշ չէ, գրում է Մսերը, «ջան դիք փութացուցանել արք յառաջ զպահանջողական գրութիւն Մագիստրատին առ պօլիցայն տեղւոյս կամ առ զինուորական գաւառապետին: Ոչ անօգուտ ինչ լինի, եթե դուք եւս Ձերով գրութեամբ փութասջիք գոնէ վերատեսչի ճեմարանին Մ. Յ. Էմինայ ծանուցանել մանրամասնաբար զանցս իրացն. զի այր խոհեմ է նա եւ /65/ Խորհրդապահ. եւ կարեք անկասկածաբար հաղորդել նմա զՁեր խորհուրդս» {ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 159, վավ. N 139:}
1853 թ. նոյեմբերի 17-ին Ջալալյան վարդապետը գրում էր Մսերին Նոր-Նախիջեւանից. «Տեղւոյս մագիստրատն պահանջեաց ի պօլիցայէն Մոսկուայի առաքել առ ինքն զստահակ Նալբանդեանն եւ զարմանամ՝ թէ զիարդ աղաեանք (խոսքը Լազարեւների մասին է, Ա. Հ.) զսոյն օրինակ անարժանն կացուցանեն վարժապետ մատաղ եւ քնքոյշ մանկանց, որ չգիտէ ի՞նչ առնել, եթէ ոչ ապականել զբարոյականութիւնք սոցին գըլխովին, որ դառն է, քան զմահ»: Կաթողիկոսական դիվանի թղթերից տեղեկանում ենք, որ Ջալալյանը մեղադրում էր Մատթեոս Վեհապետյանին այն բանում, թե նա դյուրություն է տվել Նալբանդյանին մտնելու պետական ծառայության մեջ, առ այս տալով նրան օրինավոր ծննդյան վկայական, մինչդեռ նա «չէ օրինավոր ծնունդ եւ նույնպիսիքն չկարեն մտնել յո եւ իցէ ի կայսերական ծառայութեան» {Նույն տեղը:}:
Փոքր-ինչ հետո, դեկտեմբերի 8-ին, Ջալալյանը, հաղորդելով Մսերին Մոսկվայի ոստիկանության անունով մագիստրատի հղած թղթերի համարը, գրում է նրան. «Ես յուսամ, որպէս դուք, նոյնպէս նորին գերազանցութիւն Ն. Յ. Էմինեան շարժման հոգւով հայրենասիրութեան, փութասջիք հեռացուցանել զդոյնպիսի անձն ի վարժապետական պաշտոնէ, իմանալուլ միանգամայն ի մաքուր եւ յանարատ բարոյականութիւն արդարամատ մարդկանց»: Մսերի «Օրագրություն»-ներից պարզվում է, որ նա անընդհատ արձագանքում էր Ջալալյանի դիմումներին եւ իր հերթին կատաղի աշխատանք տանում Նալբանդյանի դեմ: Ըստ «Օրագրություն»-ների՝ Նալբանդյանի մասին Մսերը գրություններ էր ուղարկել Ջալալյանին 1853 թ. նոյեմբերի 2-ին եւ 23-ին, դեկտեմբերի 21-ին, 1854 թ. հունվարի 14-ին, 25-ին եւ 29-ին, փետրվարի 25-ին, մարտի 1-ին: Երեւում է դարձյալ, որ նույն այդ ժամանակամիջոցին նա նամակներ էր գրել Նալբանդյանի մասին նաեւ Պետերբուրգ՝ Իվ. Լազարեւին, Դելիանովին եւ Ալթունյան վարդապետին, այլեւ Թբիլիսի՝ Կարենյանին, Մովսես Սայաթնյան քահանային եւ Ներսես Աշտարակեցուն: 1854 թ. հունվարի 25-ին Մսերն արձանագրում է, օրինակ, «Առ Սարգիս վ. Ջալալեան ծանուցաք զՆալբանդեանի ըմբռնիլն» … Հունվարի 29-ին՝ «Առ Յովհ. Լազարեան ի ՍՊԲուրգ ազդումն զգուշացուցիչ: Առ Իվան Դավիթիչ Տելիանեանց ի Պ.Բուրգ ի նոյն միտս: Առ Սարգիս վ. Ջալալյան ի Նոր-Նախիջեւան ազդումն զանցից Նալբանդեանի» եւ այլն: Սակայն ավելի լավ գործադրության արժանի այս եռանդը անմիջական արդյունք /66/ չտվեց: Փետրվարի 5 թվակիր նամակում Ջալալյանը գրում է.«Փոյթ չէ, թէ թեթեւամիտն այն պաշտպան է ստահակին եւ բարեկամ նոյնպիսի առաքինազուրկ անարժան պատանւոյ, ուրեմն չէ ինքեան բարեկամ»: «Թեթեւամիտ»-ը, ըստ երեւույթին, Մսերի եւ Ջալալյանի երբեմնի բարեկամ Ստ. Նազարյանցն էր, որ հովանավորելով Ճեմարանում Նալբանդյանին՝ պաշտպանում էր նրան Ներսեսի եւ յուրայինների դաժան հալածանքների դեմ:
Մինչդեռ գնում էին այս գրագրությունները, Նալբանդյանը փայլուն քննություն բռնեց Պետերբուրգում եւ Մատթեոս Վեհապետյանի կողմից Լազարեւներին ուղղված հանձնարարականով 1853 թ. հոկտեմբերին Հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոն ստացավ Ճեմարանում:
1853 թ. օգոստոսի 3-ին Լազարյան ճեմարանի վարչությանը հասցեագրված իր գրության մեջ Ճեմարանի հոգաբարձու Իվան Լազարեւը, Հիմնվելով վիճակավոր Մատթեոս արքեպիսկոպոսի «թախանձագին խնդրանքի» վրա, առաջարկում էր Լազարյան ճեմարանում «անպատբառ» հայոց լեզվի ուսուցչի պաշտոն հատկացնել Նալբանդյանին: Չի կարելի անկատար թողնել այս խնդիրը, հարում էր Լազարեւը, քանի որ … Մատթեոս արքեպիսկոպոսը «մեր տոհմին մատուցել է մեծ ծառայություններ եւ լավ հարաբերության մեջ է մեզ հետ» {С. Г. Арешян, Московский университет и некоторые вопросы формирования мировозрение Налбандяна, Երեւանի համալսարանի «Գիտ. աշխատություններ»-ի 34-րդ հատոր, եր. 197:}:
Վերջին տողերի մեջ մատնանշված է մի հանգամանք, որ կարեւոր՝ է Նալբանդյանի կենսագրության այս էտապի հասարակական հետնախորքը պարզելու համար:
Հայտնի է այն դժգոհությունը, որ անցել էր այդ պահին Լազարեւ եղբայրների եւ Ներսեսի միջեւ, ինչպես նաեւ այն բարեկամությունը, որ հաստատվել էր նույն ժամանակ Լազարեւների եւ Նալբանդյանին հանձնարարող վիճակավորի միջեւ: Խախտելով կանոնական իրավունքը, վերջինս 1852 թ. թույլ էր տվել Խրիստաֆոր Լազարեւի երկու աղջիկների եւ երկու քեռորդիների (Դելիանովի եւ Աբամելիքի) չհաս պսակը, որով կրկին բորբոքել էր իր դեմ Ներսեսի զայրույթը եւ միաժամանակ սրել սրա եւ Լազարեւների հարաբերությունները:
Մսերի հաղորդումների համաձայն, թաքցնելով իր Էջմիածին կանչ» վելու բուն պատճառը, Նալբանդյանը համոզել էր Դելիանովին, թե հալածվում է հենց նրա պսակի պատճառով, որի թույլտվությունն ինքն էր իբր գլուխ հանել: Մսերը հայտնում է, իբր թե, Դելիանովը միջոցների էր դիմել նույնիսկ կոլեժսկի ռեգիստրատորի աստիճան ձեռք բերելու Նալ/67/բանդյանի համար, դրանով միանգամայն անխոցելի դարձնելով նրան: «Եւ զայնոսիկ լսելով ստահակն,- ավելացնում է Մսերը,— առաւել եւս համարձակութիւն առեալ շրջի ի քաղաքիս, եւ որ զգալի եւս ճանաչողաց զպատիւ եւ զանպատուութիւն համազգային՝ յանդգնագոյնս բարբառի զանձնէ, պարծելով եւ հրատարակելով ամենուրեք, թե «ոսոխն իւր Ներսէս չունի իրաւունս եւ ոչ իսկ իշխանութիւն՝ կոչելու զինքն յատեան իւր», եւ թե՝ «ինքը չէ նորա ծառայ, չէ ընդ իշխանութեամբ նորա եւ այլն: Եւ զձէնջ որպէս եւ զմեծարու աղա Յարութիւն Պողոսեան Խալիպեանց՝ անհամեստ ղողանջէ, զերկոսյանը համարելով ղիւր թշնամիս եւ այլն»:
Մսերի թղթերի մեջ կա նաեւ բամբասանքներով լի մի այլ գրություն: Ըստ երեւույթին, դա Դելիանովին ուղղած նրա նամակի սեւագրությունն է: Այստեղ ասված է, որ Նախիջեւանից, Էջմիածնից եւ Թբիլիսիից բազմաթիվ տեղեկություններ են ստացվել Նալբանդյանի մասին, որոնք միաբերան հաստատում են նրա դեմ եղած մեղադրանքները. նա մասնակից եւ խորհրդակից է եղել Խալիբի դեմ կազմակերպված մահափորձին, նախատական նամակներ է գրել կաթողիկոսի դեմ, կաշառք ստացել շատերից այս կամ այն գործը գլուխ բերելու համար, պատճառ եղել կաթողիկոսի եւ թեմակալի, ինչպես նաեւ տերտերների եւ ծխականների միջեւ ծագած խռովություններին, խուսափելով կաթողիկոսի հրավերից փախել է տնից տուն, քաղաքից, քաղաք եւ փոփոխել ընդսմին իր ազգանունը: Թաքցնելով այս հանցանքները, նա ջանք է գործ դնում ճարտարախոսությամբ Հավատացնելու, թե Էջմիածին կանչվելու պատճառը «չհաս» պսակն է եւ այլն: Եթե Նալբանդյանը պահվի Մոսկվայում, մեծ ամոթ է թե՛ Դելիանովի, թե՛ Լազարեւների եւ թե՛ Ճեմարանի համար, եւ կարող է առիթ տալ մեծամեծ խռովությունների, որ պիտի ծագեն «ի պատճառս անզգոյշ շատախոսութեանց, քսութեան եւ խռովասիրութեան նորա, որպէս արդէն իսկ սկսան երեւիլ նշանքն», — գրում է Մսերը:
Աստվածաբան մագիստրոսը բացել էր շաղակրատ իր լեզվի բոլոր փականքները
Հաս ու չհասի վեճը Էջմիածնի եւ Լազարեւների հակամարտության առիթն էր, բայց ոչ պատճառը: Արու ժառանգ չունեցող աղազադաների համար նրանց աղջիկների չհաս պսակը տոհմի փտած արմատից նոր ընձյուղ աճեցնելու եւ իրենց հարստությունը մերձավորների շրջանից դուրս չհանելու միջոց էր: Թույլատրելով չհաս պսակը՝ Մատթեոս Վեհապետյանը ասում էր, թե աչքի առաջ ունի աղազադաների կողմից ազգին մատուցված բարիքները, ինչպես եւ այն հանգամանքը, որ հակառակ դեպքում «մեծագործ օջախ»-ը սպառնում էր իր մտադրությունը գլուխ բերել հունադավան եկեղեցու գմբեթի տակ: Որչափ կային չար լեզուներ, որոնք պնդում էին թե թեմակալ առաջնորդի համար նման բո/68/լոր նկատառումներից առավել համոզիչ էին եղել աղազադաների մատուցած առատ աջահամբույրները, կարող էր թվալ, թե հրապարակ հանելով Վեհապետյանի դեմ եկեղեցական կանոնների սաստիչ հրահանգները, Աշտարակեցին հանդես էր գալիս որպես անեղծ տրադիցիայի պաշտպան: Սակայն ի մոտո դիտելով փաստերը՝ չենք կարող հետեւողական ու անխոցելի համարել նաեւ նրա դիրքը: Վեհապետյանը մատնանշում էր, որ իրենից առաջ անկանոն նման ամուսնություններ թույլատրել է Աշտարակեցին: Բերում է երեք օրինակ, որոնցից մեկը՝ Հենց Լազարեւների մերձավորների նկատմամբ: Հանրահայտ է, որ Խրիստաֆոր Լազարեւի կինը Մանուկ բեյի աղջիկն էր, իսկ Մանուկ բեյի տղան ամուսնացած էր նույն Խրիստաֆոր Լազարեւի քրոջ աղջկա հետ: Աշտարակեցին արդարացրել էր այս թույլտվությունը «շրջանկատ հեռատեսութեամբ յօգուտ ազգի եւ եկեղեցու» {ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 157, վավ. N 514:}:
Ակներեւ է, որ Ներսեսի եւ Լազարեւների բախումն ուներ ավելի խոր արմատներ, քան թվում էր առաջին հայացքից: Այստեղ, մի կողմից, արծարծված էր այն պայքարը, որ տեղի ուներ Ներսեսի եւ Վեհապետյանի գլխավորած խմբակցությունների միջեւ, մյուս կողմից՝ այն անբավականությունները, որ նախընթաց տասնամյակների ընթացքում կուտակվել էին Լազարեւների եւ Էջմիածնի միջեւ:
Լազարեւները ազգի եւ եկեղեցու «վեքիլներն» էին Ռուսաստանում: Նրանցից կախում ունեին Պետերբուրգի եւ Մոսկվայի հայ տերտերներն ու գանձապետները, նրանք էին հովանավորում կամ տապալում թեմի առաջնորդներին, եւ նրանք էին մեծ չափով առաջ քաշում կաթողիկոսացուներ եւ տիրապես ազդում եկեղեցու ընդհանուր քաղաքականության վրա: 18-րդ դարի վերջերին եւ 19-րդի սկզբներին, Արղությանի եւ Եփրեմի սռաջնորդության ժամանակ, նրանք քարտ-բլանշ էին ստանում վիճակավորների ստորագրությամբ եւ եկեղեցու ու ազգի անունից դիմումներ անում ռուս քաղաքական շրջաններին: Եփրեմի եւ, ըստ երեւույթին, նաեւ Կարբեցու կաթողիկոսության օրոք նրանք նույնիսկ «բաց ստորագրեալ կոնդակներ» էին ստանում Էջմիածնի գահակալներից:
Այլ էր դրությունը Ներսեսի ժամանակ: Ներսեսը միանձնորեն էր վարում եկեղեցու գործերն ու հենվում մեծապես կովկասահայ առեւտրա-վաշխառուական բուրժուազիայի վրա: Մոսկվայի եւ Պետերբուրգի «վեքիլներին» նա չտվեց բացառիկ այն իրավունքները, որ բանեցնում էին նրանք այդ անվան տակ նախորդ կաթողիկոսների ժամանակ: Եթե կարիք կար բարձրադիր հենարանի, այդպիսին Ներսեսի համար փոխարքա Վորոնցովն էր, որի ազդեցիկ գործակիցն էր նա եւ որի /69/ շնորհիվ միաժամանակ առաջադրում եւ լուծում էր հաճախ ազգային-եկեղեցական բարդ խնդիրներ: Այստեղից էր հիմնականում ծայր առնում Լազարեւների եւ Ներսեսի հակամարտը, որ շարունակվեց փաստորեն նաեւ նրա հաջորդների՝ Մատթեոսի եւ Գեւորգի օրոք, որոնք, կապված թյուրքահայ ամիրայական դասի ու կոմպրադորական բուրժուազիայի հետ, կարիք չզգացին դարձյալ Լազարեւների մենտորության:
Էջմիածնի այս դիրքավորումը հարվածում էր Լազարեւների «տոհմային շահերին: Սրանք օգտագործում էին մինչ այդ հայ կղերի եւ վաճառականության վրա ունեցած իրենց ազդեցությունը՝ Ռուսաստանում հարստություն, պաշտոն եւ անուն վաստակելու համար, ինչպես եւ, ընդհակառակը, շահարկում իրենց անունը, դիրքն ու հարստությունը՝ ազգը հմայելու եւ նրա գործերի վրա ազդելու նպատակով: Երկծայր մի արտոնություն էր այն, որ սնում էր նաեւ երկծայր մի մտայնություն: Լազարեւները «ազգասեր» էին եւ միաժամանակ նաեւ «օտարասեր»: «Ազգի բարերարների» համբավ ունեին, բայց եւ «դավադրող» ազգի ու եկեղեցու շահերի դեմ:
Իրանից Ռուսաստան ներգաղթած Լազարեւների որդիներն ու թոռները իրանական բաթմանն ու գազը վերածելով ռուսական փութ ու արշինի, հիմնականում կուտակում էին իրենց հարստությունը որպես ճորտատերեր:
Արդեն իսկ 1753 թ. Լազարեւների նախահայր Նազարեթի որդի Աղազարը Մոսկվայի մոտ գտնված Ֆեանովո գյուղում գնում է 500 շունչ ճորտ ունեցող կալված եւ այդտեղ կառուցում կտավի ու կերպասի գործարան: Այդ գործարանում բանում էին Եվրոպայից հրավիրված վարպետներ: Հետագայում նրանք ունեին արդեն 70 հազար դեսյատին կալված Պերմի նահանգում, տասնյակ հազարավոր ճորտեր, կտավի եւ կերպասի ֆաբրիկա: 18-րդ դարի ռուս վիճակագրագետ Շչերբակովի ասելով՝ նրանք մեկն էին Ռուսաստանի յոթ միլիոնատերերից: Հարստությունը սիրելի էր դարձնում սրանց Արեւելքի դռները բախող ցարիզմին: Ազնվական գերբի հետ միատեղ նրանց տալիս էին դիվանագիտական ու ռազմական բարձր աստիճաններ ու հանձնարարություններ: Անդրկովկասի կցման նախօրեին էր այդ, երբ ցարիզմը կապեր էր փընտրում հայ վերնախավերի հետ, եւ երբ վերջիններս օգտակար կարող էին լինել հենց իրենց՝ հայ իշխող խավերի հետ ունեցած սերտ կապերով եւ Հայ ազգային-կուլտուրական իրենց հատկանիշներով: Լազարեւ հայրերը դեռ չէին կորցրել այդ հատկանիշները: Ճիշտ է, նրանց գրագրությունների մեջ Ջուղայի կենդանի բարբառը տեղ էր արել մեռած գրաբարին, բայց հենց գրաբարն էր ազգի պաշտոնական գրագրությունների միջոցն այդ պահին:
/70/ Լազարեւ հայրերը պահպանել էին հայկական բարք ու վարք, ազգային կրոն ու ծես եւ միաժամանակ շահախնդիր էին հայերի քաղաքական եւ կրոնական-եկեղեցական ինքնորոշման հարցում: «Զարմանամ,— գրում էր 1813 թ. հոկտեմբերի 20-ի թվակիր մի նամակում Եկիմ Լազարեւիչը իր որդիներին՝ Իվան եւ Խրիստաֆոր Եկիմիչներին,— որ հայերեն գրութիւն ձեր դարձուցեալ էք ըռուսերեն, ոչ ապաքէն բարւոք է յինէն ձեզ ուաանիլ, որ լինիցէ թե՝ զոր ինչ հայր առնէ, որդին նման սմին գործէ» {Լազարյանների արխիվ, գիրք 107, վավերագիր 13:}:
Ընդառաջելով Ռուսաստանի քաղաքականությանը՝ Լազարեւ հայրերի հիմնադրած Ճեմարանը կարեւոր տեղ էր հատկացնելու նաեւ հայոց լեզվին, հարկավ, տիրող գրաբարի ոգով: Այստեղ է, որ ասպարեզ էին գալու իրենց հայկաբանությամբ կամ կենսագիտությամբ Ալամդարյանը, Սերովբե Կարնեցին ու Սալլանթյանը, ավելի ուշ՝ Էմինը եւ Մսերը: Գրաբարի տիրապետությունը չխանգարեց, սակայն, որ Ճեմարանը դառնար նոր «Հասարակաց լեզվի»՝ աշխարհաբարի, մշակման քուրաներից մեկը: «Շատ տարի էր,— գրում էր Գաբրիել Պատկանյանը,— որ վեհազնյա Լազարյանց ճեմարանը որպես օրենք է հաստատել, որ նորա աշակերտոքն խոսին պարզ Հայերեն լեզվով: Հանգուցյալ վեհազնյա աղա Հովակիմն գոլով աշակերտ գրոց՝ կարելի է համարձակ ասել, թե այն Ռուսաստանյայց գավառի հայերեն լեզվի նահապետն էր. նորա լեզվի եւ արտասանության ձեւերն, եւ հանգուցյալ ալա Մարգարա Խոջենցի պարզ հայերեն խոսակցությունն, այն երկուց մայրաքաղաքաց, եւ մանավանդ այժմյան ճեմարանի մեջ հասարակյալ հայերեն լեզվի հիմն դրին. եւ այն լեզուն կարելի է Արարատյան լեզու անվանել, որ հեռի է կոպիտ աշխարհաբար են եւ շատ մերձավոր գրոց լեզվին, բայց առանց խրթնության, յուրաքանչյուր բառն յուր սահմանավոր նշանակությունն ունենալով, եւ սրա պատճառն այն էր, որ ամենայն երկիրներեն այն ճեմարանը աշակերտք հավաքվեցան: Վարժապետքն ուշադրությամբ ականջ էին դնում աշակերտաց խոսակցությանը, եւ նոցա լեզվեն հեռացվում էին ամենայն խորթ ու անճոռնի գավառական բառերն եւ արտասանություններն, եւ այն, որ ախորժ եւ ըստ կանոնի, այն են թողնում. այս պատճառավ շուտ ժամանակի մեջ աշակերտաց զանազան գավառական պարզ հայերեն խոսակցությունիցն կազմվեցավ մի պարզ հայերեն լեզու, որն այժմ հասկանալի է թե՛ Օսմանցվոց, թե՛ Պարսից, թե՛ Քրդստանի եւ թե՛ Վրաստանի հայոց, եւ յուրյանց հատկությամբն ավելի մերձավոր լինելով Երեւանա հայերեն պարզ լեզվին, արժանապես կասվի Արարատյան լեզու» {«Արարատ», 1850, N 2, եր. 17 եւ հետ.:}:
/71/ Լազարեւ հայրերը ռուսահայ բուրժուական լուսավորությունը կան– խող ազնվական լուսավորության մեկենասներ էին: Շատ բան փոխվեց, սակայն, նրանց հաջորդների՝ Իվան եւ Խրիստափոր Եկիմիչների՝ Լազարեւ թոռների օրոք: Սրանց ժամանակ խունացավ ու թալկացավ տոհմի ազգային նկարագիրը: Եկիմ Լազարեւիչի բազմաթիվ տղաներից հայերեն շատ քիչ գիտեր միայն Խրիստափոր Եկիմիչը: Իվան, Լազար, Արտեմի Եկիմիչները խոսում եւ գրում էին գրեթե միայն ռուսերեն կամ ֆրանսերեն: Սրանց ստորագրությունը կրող հայերեն թղթերը գրում էին ուրիշները: Իվան եւ Լազար Եկիմիչներն ամուսնացան ռուս ազնվականուհիների հետ: Ռուս կամ ռուսացած ազնվականների գնացին Իվան եւ Եկիմ Լազարեւիչների եւ նրանց քրոջ՝ Աննա Լազարեւնայի աղջիկներից շատերը: Ձեռագիր իր «Օրապատում»-ի մեջ, հասնելով 1871 թվականին, կղերամիտ Մսեր Մսերյանն արձանագրում է «աղետալի» երկու անցք: Այդ տարվա հոկտեմբերին, գրում էր նա, Բրյուսելում մեռավ Լաբար Եկիմիչը՝ «ետ ընդունելոյ զսուրբ Հաղորդութիւն ի ռուս քահանայէ»: Իսկ մի երկու ամիս անց, Պետերբուրգում կնքեց իր մահկանացուն Խրիստափոր Եկիմիչը՝ տոհմի արվական վերջին շառավիղը՝ «առանց ընդունելոյ զսուրբ Հաղորդութիւն»: Լազարեւ թոռների եւ նրանց ռուս դա| uակիցների հաշվով՝ համապատասխան էվոլյուցիա պիտի կատարել նաեւ նրանց հիմնած Ճեմարանը: 1873 թ. ցարին ներկայացրած իր հաշվետվության մեջ Բենկենդորֆը՝ ժանդարմական կորպուսի շեֆը` եւ Լազարյան ճեմարանի գլխավոր հսկիչը, բնորոշում էր Ճեմարանը որպես մի այգի, որից վաճառականությունն ու քաղաքականությունը, ընտանեցնելով ասիական ժողովուրդներին, քաղում են իրենց պտուղները: Հայ մանուկները,— զեկուցում է նա,— դաստիարակվելով ճեմարանում, փութով միանում են բնիկ ռուսներինՃեմարանի վարչության գլխավոր հոգսը բարոյական տեսակետից այն է, որ դասատվության ոգին հեռու մնա ամեն տեսակի վնասակար ուղղությունից եւ սաների բարքերը պաշտպանված լինեն վատթար մոլորություններից» {„Собрание высочайших указов и актов относящихся до Моск. Арм. Лаз. института восточных языков“. СПБ, 1839, երջ 70 եւ հետ.:}:
Իրենց դիրքով Լազարեւ թոռները միայն մեծահարուստ ճորտատեր ու ֆաբրիկանտներ չէին, այլեւ պետական ծառայության մեջ գտնվող զինվորականներ ու բարձր պաշտոնյաներ: Արտեմի Եկիմիչը սպանվեց 1813 թ. Լայպցիգի ճակատամարտում որպես սպա: Լազար Եկիմիչը, որ 1828 թ. ղեկավարեց իրանահայերի գաղթն Անդրկովկաս, ուներ գնդապետի աստիճան: Իվան եւ Խրիստափոր Եկիմիչները, Լազարյան ճեմարանի աղազադա հոգաբարձուները, հասան կամերյունկերի եւ իս/72/կական գաղտնի խորհրդականի աստիճանի: Լազարեւների արխիվում պահվել են Սպերանսկու, Արակչեեւի եւ Բենկենդորֆի սրանց գրած մտերմական նամակները: Հայ աղազադաները մասնակցում էին պալատական խնճույքներին ու սարքում բանկետներ ցարի մերձավորների համար: Ազգային բարեբախտություն համարելով փարթամ կերուխումը, նրանք աճապարում էին, զուռնա փչելով, ծանուցում անել այդ մասին բարեհոգի ազգին: Այսպես, 1823 թ. մայիսի 28-ին գրած մի նամակում Իվան եւ Խրիստափոր Եկիմիչներն ավետում էին Ռուսաստանի հայ թեմակալ առաջնորդին, թե վերջին երկու ամսվա ընթացքում իրենց մոտ ճաշել են չորս անգամ Արակչեեւը, գրաֆ Կոչուբեյը, կնյազ Կուրակինը, մինիստր Լոբանովը եւ Գոլիցինը, Սպերանսկին, «որ զկնի կրաֆ Արակճեյովին է առաջին սիրելի եւ աջ բազուկ կայսերն, որ եւ զմեզ սիրեց իբրեւ զհարազատ եղբայրս իւր եւ է զօր հանապազ ընդ մեզ»: Նույն նամակում Իվան եւ Խրիստափոր եղբայրները հայտնում են, թե մտադիր են տնով-տեղով փոխադրվել Մոսկվայից Պետերբուրգ, «քանզի ի լինիլ մեր հուպ առ իշխանս՝ եւս դիւրին եղիցի մեզ ծառայել տէրութեան եւ բարձրանալ յաստիճանէ յաստիճան, օգտակար եւ հոգատար լինել ամենայն գործոց սիրելի հասարակութեան մերոյ եւ մերոյ եկեղեցւոյ սրբոյ, որոց ըստ շաւղաց ծնողաց մերոց նուիրեալ եմք զաւուրս մեր եւ կարողութիւն» {Լազարյանների արխիվ, գիրք 26, վավերագիր 166:}:
Լազարեւ եղբայրները կատարեցին, իրոք, իրենց մտադրությունը, եւ Պետերբուրգի շրջադրությունը նպաստեց նրանց կարիերային պետական ազդեցության բարձր ոլորտներում: Բայց որեւէ բան շահեցի՞ն դրանից «ազգը» կամ «եկեղեցին»: Հատկապես բնորոշ է Լազարեւների ընթացքն Անդրկովկասի գրավումից հետո: Արակչեեւի ու Բենկենդորֆի խնամակալության տակ դրին նրանք ազգի «չքավոր մանուկների» համար հիմնված Ճեմարանը, եւ երբ Էջմիածնի կաթողիկոսները պահանջում էին իրենց իրավասությանը ենթարկել ազգային այդ կրթարանը, Խրիստափոր Եկիմիչը հիմարական դիմումի վրա մակագրեց. «Oткaзано по неудобству и неприличию; соединить светское с духовным армянским заведением вредно. Тем более, что Лазаревский Институт процветает без всякого участия армян и их духовенства» {Նույն տեղը, գիրք 1, վավերագիր 20:}.
Հոգեւոր եւ աշխարհական ճորտատերերի այս հակամարտի մեջ ներհակությունը Ճեմարանի վարչության շուրջը չէր միայն, այլեւ ազգայինեկեղեցական վարչության շուրջը: Խրիստաֆոր Եկիմիչի նամակների մեջ կան բազմաթիվ գրություններ, որոնք ամենասուր քննադատություն/73/ներ են պարունակում Էջմիածնի վարչական եւ տնտեսական սիստեմի մասին: Նա մերկացնում էր հատկապես սրանց նեպոտիզմը եւ եկեղեցական դրամների ու թանկարժեք իրեղենների կողոպուտը: Զայրույթով էր արձանագրում այն փաստը, որ մոռացության տալով իր տոհմի ծառայությունները եւ արհամարհելով իր հարստությունն ու դիրքը, կաթողիկոսներն իրենց շրջապատում են մարդկանցով, որոնցից օգուտ չկա ազգին կամ եկեղեցուն. «ибо бeз пpoсвещения в науках, без средств и без капиталов мало успеешь в одних только обманчивых надеждах и предположениях, когда ни те, ни другие не имеют законных оснований» {Լազարյանների արխիվ, գիրք 1, վավերագիր 20:}.
Խրիստափոր Եկիմիչի կարծիքով՝ կաթողիկոսների վարքագիծն է հենց, որ պատճառ է դարձել եկեղեցու հեղինակության անկմանը, նրա կազմալուծմանը, (օրըստօրե ծավալվող դավանաբանական երկպառակություններին եւ այլն: Սրանով է բացատրում նա կաթոլիկ եւ բողոքական շարժման հաջողությունը Էջմիածնի քթի տակ՝ Շամախում, Շուշիում եւ այլուր {Հմմ. նույն տեղը, վավերագիր 3:}: Սակայն Լազարեւ թոռները չեն սահմանափակվում միայն այս քննադատությամբ: Նրանց զբաղեցնում է նաեւ եկեղեցու դավանաբանության էվոլյուցիան: Տակավին Եկիմ Լազարեւիչն է, որ ստորադրելով եկեղեցին ա զ գ ա յ ն ո ւ թ յ ա ն սկզբունքին, դատապարտում էր դավանաբանական խտրությունները եւ հանձնարարում ազգին հայ-լուսավորչական նեղմտության փոխարեն ազգային-քաղաքական լայնախոհություն: Նրա հրավերով Ճեմարանի ուսուցչական խմբում տեղ գտան հայ-գնչու Հարություն Ալամդարյանը եւ կաթոլիկ եկեղեցու ծոցից ելած Սերոբե Կարնեցի ու Սալլանթյան վարդապետները: Ուսուցչություն ստանձնելու հրավեր հղեց նա կաթոլիկ Հակոբ Շահան-Ջրպետյանին եւ մխիթարյան վանականներին: Վերջիններին ուղղած նամակում, 19-րդ դարի սկզբներին, Եկիմ Լազարեւիչը ազգի եւ կրոնի մասին հայտնում էր հայացքներ, որոնք քաղաքացիություն ստացան հայ կյանքում միայն նույն դարի երկրորդ կեսում:. Բնորոշ է, սակայն, որ նրա զավակների օրոք ազնվական լիբերալիզմը հայ եւ ռուս եկեղեցիները միացնելու մտայնության կերպարանք առավ: Իվան եւ Խրիստափոր Եկիմիչների թղթերում պահվել են մի շարք հայ գործիչների՝ Մ. Կյումուշխանեցու, Սալլանթյանի, Ալ. Խուդաբաշեւի, Կարապետ Շահնազարյանի եւ Ստ. Նազարյանցի՝ Լազարեւների հանձնարարությամբ գրած ընդարձակ տեղեկագրերը, ուր լուսաբանվում են հայ եկեղեցու դավանաբանության խնդիրները եւ շոշափվում առանձնապես հայ եւ հույն եկեղեցիների տարաձայնություններն ու նրանց շփման կետերը։ Ընդառաջելով իր ռուս բարեկամնե/74/րին, Լազարեւները կշռում էին եկեղեցիների միության հնարավորությունները, տնտղում դրա իրագործման միջոցներըՆրանք ելնում էին այն դրույթից, թե հայ եւ պրավոսլավ եկեղեցիների մեջ չկա դավանաբանական որեւէ տարակարծություն. տարակարծություն գոյություն ունի միայն ծեսերի, սովորույթների եւ ձեւերի մեջ {ՀՍՍՌ Մատենադարան, Մսերյանի արխիվ, թղթ. N 202, վավ. N 1627: Հմմ. նաեւ Մատենադարանի N: 4999 ձեռագիրը: Մատթեոս Չուխաճյանի ժամանակ Խ. Լազարեւը գրավոր դիմում ուղարկեց Էջմիածին, պահանջելով համապատասխան փոփոխություններ մտցնել հայ եկեղեցական ծեսերի եւ արարողությունների մեջ: Մեր ձեռքի տակ կա Մատթեոս կաթողիկոսի 1860 թ. մայիսի 20 թվակիր պատասխանը՝ գրված վճռական ու խրոխտ մի տոնով, որ խորապես վիրավորական պիտի լիներ անընդհատ հայ ազգը եւ Հայ եկեղեցին «ապերախտության» մեջ մեղադրող պատվարժան աղայի համար:}:
Լազարեւների եւ Էջմիածնի հարաճուն այս հակամարտն է ահա, որ օգտագործեցին Ներսեսի հակառակորդներն ու Նալբանդյանի բարեկամները՝ Վեհապետյանն ու Ստ. Նազարյանցը, կաթողիկոսի երեսից փախուստի դիմած «հեuտյալ» դպրի համար հանգրվան գտնելու նպատակով: Լազարեւների պաշտպանությունը վերին աստիճանի դժվարացրեց, իսկապես, Ներսեսի եւ արբանյակների վիճակը: Զրպարտություն բարձելով Պատկանյանի պարանոցին, Խալիբը կարողացավ անվտանգ դարձնել եռանդուն իր հակառակորդին: Հրապարակի վրա մնացել էին, սակայն, Վեհապետյանը եւ մանավանդ նրա հրահրիչը՝ «հանդուգն տիրացուն», որին հովանավորում էին Լազարեւները: Խալիբը տեղեկացնում էր Ներսեսին, թե Պատկանյանի «հանցագործությանը» մասնակից է հս մարում նաեւ Վեհապետյանին, բայց ստիպված է լռել, տեղի տալով կաթողիկոսի հրահանգին: «Զկարծիս մեր վասն մասնակցութեան նաեւ վիճակավորին, ի բաց հեռացուցաք ամենեւին ի բերանոյ մերմէ եւ ի մտաց ամենայն ակնածութեամբ սուրբ հրամանաց Ձերումդ վեհափառութեան», — գրում էր Խալիբը Ներսեսին 1853 թ. սեպտեմբերի 18-ին {Օգտվում ենք մեր ձեռքի տակ եղած պատճենից:}, որով հայտնի է դառնում, թե եպիսկոպոսին հասցեագրված սուտ մեղադրանքը երկսայրի սուր էր, որ կարող էր հարված հասցնել նաեւ կղերի Հավաքական շահերին: Նման փափկանկատությունները չքանում էին, հարկավ, եկեղեցու փոքրավորների վերաբերմամբ:
***
Նալբանդյանի պաշտոնավարությունը Լազարյան ճեմարանում խոստանում էր կատարյալ մի շրջադարձ հայոց լեզվի դասավանդության մեջ: Ըստ երեւույթին, այս հողի վրա էր մասնավորապես, որ լարվել էին /75/ նրա ու Նազարյանցի հարաբերությունները Մսերի ու Էմինի հետ: Հայոց լեզվի դասավանդության բնագավառում Ճեմարանում մշակվել էր անասնամյակների տրադիցիա, որի սկիզբը դրել էր Միքայել Սալլանթյանը եւ որի շարունակողը եղան Մսերն ու Էմինը: Դասատվության հիմքը կազմում էր Սալլանթյանի սխոլաստիկական սկզբունքներով կազմված քերականությունը, որից չնչին չափով էր միայն տարբերվում հետագայում Էմինի հրատարակած քերականական ձեռնարկը: Ուսուցման բարձրակետը կազմում էր Սալանթյանի «Ճարտասանություն»-ը կամ Մսերի՝ նույն հիմունքներով գրված «Հրահանգ ճարտասանութեան» դասագիրքը: Ընթերցանության նյութ Ճեմարանի երրորդ եւ չորրորդ դասարանների համար մատակարարում էին Էմինի «Ընտիր հատվածներ»-ը: «Նա առաջինը եղավ,— գրում է Հ. Բերբերյանը,— որ քերականության դասերն սկսեց ավանդել ոչ թե գրքով, այլ տախտակի առաջ, վերլուծման ժամանակ թելադրելով» {«Նոր-Դար», 1891, N 138:}:
Սկսելով իր դասերը, Նալբանդյանը բախվեց իշխող տրադիցիայի հետ: Նրա դեմ պիտի բորբոքվեր հին դասատուների թշնամանքը եւ միաժամանակ ջերմանար մանկահասակ սաների համակրանքը: Տգեղ իր է արտաքինով, նոր դասատուն կաշառող տվյալներ չուներ սրանց սիրտը գրավելու համար: Նրա նիհար մարմինը, թեք պարանոցը, խիստ դիմագծերը, աչքերի շեղ դրվածքն ու ուռած կոպերը ավելի շուտ կարող էին վանել, քան գրավել մանուկների հայացքը: Սակայն նոր դասատուն ուներ ներքին արժանիքներ, որոնք կոնտրաստ էին կազմում նրա արտաքինին: Սրանով է, որ նվաճելու եւ հմայելու էր նա մարդկանց սրտերը նաեւ հետագայում: Հետագայում նախկին լազարիստները պատմում էին անջնջելի այն տպավորությունը, որ թողել էր իրենց վրա «բարակ-բարակ, միջին հասակով» այն ուսուցիչը, որ հայոց լեզվի դասեր էր ստացել Ճեմարանի ստորին դասարաններում: «Նրա ձայնի մեջ,— գրում էր դրանցից մեկը,— անկեղծություն էր, որ շարունակ հնչում էր. յուր գաղափարներն արտահայտելիս այնպես զգացված եւ հմայիչ էր խոսում, որ յուր առաջ կանգնողը, ով էլ որ լիներ, կամա-ակամա ենթարկվում էր նրա հմայքին» {Ա. Ինճիկյան, նույն տեղը, եր. 50:}: «Ճշմարիտը խոստովանած,— պատմում է նրա նախկին աշակերտներից մի ուրիշը,- նրա չոր կազմվածքը, դեմքի խոժոռ գծագրությունը, սափրած ընչացքով ու մորուքով երեսը եւ կարճ ֆրակը առաջին նվագ շատ էլ ախորժելի տպավորություն չարին մեր վերա: Բայց այդ անախորժությունը շարունակվեցավ մինչ տեսչի նորան մեզ ծանոթացնելու պաշտոնական ծիսակատարության վերջանալը, /76/ որովհետեւ, երբ որ տեսուչը գնաց եւ նա ամբիոն բարձրանալով սկսավ յուր առաջին դասը, նա կերպարանափոխվեցավ. նորա առանց այն էլ փայլուն աչքերը կրակով լցվեցան եւ երեսը մի այնպիսի գեղեցիկ ու գրավիչ արտահայտություն ստացավ, որ իսկույն հափշտակեց մեր սիրսը եւ ընդմիշտ կապեց մեզ յուր հետ: Նա խոսում էր ազատ այն ժամանակվա մաքուր աշխարհաբարով, չէր կմկմում, չէր կակազում, նա բառերը հնչում էր մաքուր առոգանությամբ եւ, որ գլխավորն է, նախադասությունները շատ ճարտարությամբ կրկնում էր եւ միտքը հայտնելու համար բառեր ու ոճեր չէր որոնում: «Տղայք, թողնենք գրաբարը, այսուհետեւ մենք աշխարհաբար պետք է սովորենք», — այս խոսքերով նա սկսավ յուր դասախոսությունը: Եվ մենք սկսանք աշխարհաբար սովորել, Էմինի «Ընտիր՝ հատվածներ»-ի գրաբար հոդվածները մենք թարգմանում էինք աշխարհաբար: Խոսում էր ինքը եւ մեզ էլ խոսեցնում: Կարդացածներից պատմական նյութը նա լրացնում էր հայոց պատմությունից ամբողջ գլուխներ պատմելով, շատ անգամ էլ նյութից հեռանալով ուրիշ պատմություններ էր անում, որոնք բոլորը եւս հայկական կյանքին վերաբերելով՝ շարժում էին մեր հետաքրքրությունը եւ մեծ բավականություն տալիս մեզ: Այսպես անցնում էին օրեր ու շաբաթներ, եւ մեր դասերն ավելի նմանում էին ախորժելի եւ հետաքրքիր զրուցատրության, քան թե մեր սովորական դասերին: Մեկ անգամ ես, որ արդեն գրաբարի ճաշակը մասամբ առել էի, հարցրի — «վարժապետ, ապա մենք ե՞րբ պետք է քերականություն, գրաբար ոճեր սովորենք»: «Ոճեր սովորելը մի ապարդյուն աշխատանք է, իսկ քերականությունը միայն միջոց է եւ ոչ նպատակ»,— պատասխանեց նա, եւ սկսավ այդ նյութի վրա երկար խոսել: «Մենք պետք է հայերեն մտածել սովորենքահա մեր ուսմունքի գլխավոր նպատակը»,— ասում էր նա: Մենք, որ մինչեւ այդ ժամանակ հայոց լեզուն միայն գրաբարն էինք համարել, իսկ նորա քերականությունը համարյա նպատակ, հայտնի բան է, այդ ժամանակ չհասկացանք նորա ասածի միտքը. նա էլ ժամանակ չունեցավ մեզ հասկացնելու, որովհետեւ շուտով ստիպված եղավ թողնել ճեմարանի դասերը: Մենք հետո միայն հասկացանք, թե ինչ էր ուզում ասել նա, թե մենք պետք է հայերեն մտածել սովորենք …» {Ե. Շահազիզ, Մ. Ղ. Նալբանդյանց, եր. 48:}:
Երկար չտեւեց Նալբանդյանի ուսուցչությունը Ճեմարանում: Քաղաքապետի կարգադրությամբ տակավին 1854 թ. հունվարի 23-ին քաղաքամասի պետ Դեմիդովը ձերբակալել եւ ոստիկանատուն էր տարել Նալբանդյանին, Նոր-Նախիջեւանի մագիստրատի պահանջի համաձայն Հատուկ պահակախմբով նրան Էջմիածին ուղարկելու համար: Արդյոք /77/ ձերբակալվածի տկարության պատճառո՞վ էր, ինչպես ասված է մի տեղ, թե. Լազարեւների միջնորդության հետեւանքով, ինչպես հետագայում պնդում էին վերջիններս, բոլոր պարագաներում ոստիկանությունը ազատ է արձակում նրան, հենվելով Ստ. Նազարյանցի եւ Ալամխանյան քահանայի երաշխավորության եւ այն փաստի վրա, որ Սինոդի վճռով նա արձակված է հոգեւոր կոչումից, ուստի եւ ենթակա չէր հոգեւոր իշխանության {Հմմ. նաեւ Մ. Նալբանդյանի «Ղազար Փարպեցու թղթի» թարգմանության Մ. Տ. Գրիգորյանի առաջաբանը, եր. XI եւ հետ., եւ Եր. Շահազիզ, Մ. Ղ. Նալբանդյանց, եր. 33 եւ հետո:}: Ջալալյանին ուղղած «թաքուն» մի գրության մեջ Մսերյանը Հայտնում էր, թե Նազարյանցի ջանքերով Նալբանդյանի պաշտպանությունն իր ձեռքն է առել Դելիանովը եւ համապատասխան կերպով ազդել Ճեմարանի հոգաբարձու Իվան Լազարեւի վրա. վերջինս հայտնել է Ներսեսին, թե «Նալբանդյանը տկար է մարմնով, եւ դրանից անկախ, որպես հոգեւոր կոչումից արձակված, ազատ է Սինոդի իրավասությունից»:
Խոսքը Իվ. Լազարեւի 1854 թ. փետրվարի 12-ին Ներսեսին ուղղած նամակի մասին է, ուր նա խնդրում էր հայտնել Նալբանդյանի հանցանքը: «Եթէ յիրաւի՝ վկայեալ յանցաւոր է,— գրում էր Լազարեւը,— արդարապէս ենթարկելի է նա յուղղութիւն ընդ պատժովք. թէ ոչ՝ ըստ խղճի մտաց, ասյօրէն է, ողորմածագոյն տէր, հալածել զնա ի Տփխիս յայժմեան ցրտային եղանակի, եւ առիթ բամբասանաց վիճակի հոգեւորականութեան ազգի մերում: Գրեցէք խնդրեմ Տփխիսկ քաղաքական կառավարութեան, զի նա իւրմէ կողմանէ հաղորդեսցէ Մոսկովու քաղաքական կառավարութեան, առ ի յանձնել զնա ի հաստատեալ դատաստանատեդին, ուր քննել զյանցանսն եւ զգործ յիշեալ Նալպանդեանի, թէ ճշմարտեսցեն ի վերայ նորա զայնոսիկ յանցանս, յայնժամ անշուշտ անկանի ընդ պատժովք, եւ գուցէ ի սալդադութիւն եւս մատնեսցի եւ կաս ի Սիպիր աքսորեսցի գաղթականութեամբ, եւ թէ ոչ, սրբազնագոյն տէր, այսու եղանակաւ որպէս այժմ ընդ ձեռն ներգործութեան նորուն պայծառափայլութեան պահանջելն ձեր զնա անդ ի Տփխիս՝ մերս որդիական հաւատարմութեամբ հաւաստի առնեմք զձեզ՝ համարի իսպառ անպատշաճութիւն եւ անվայելչական կարգի ընթացից հոգեւորական դատողութեան ազգի հայոց, եւս եւ անհամաձայն օրինաց եւ ի վերոյիշեալ հրովարտակի Սենատին» {ՀՍՍՌ Մատենադարան, «Գրական աշխատությունների ժողովածու», N 1, եր. 204 եւ հետ.: Լազարեւի գրած ռուսերեն սկզբնագրում, որից Ալթունյան Եփրեմ վարդաալետը կազմել էր Ներսեսին հղված հայերեն վերսիան, Նալբանդյանի համար նախատեսվում էր Սիբիրոս տաժանակիր աշխատանքի դատապարտվելու հեռանկար (տե՛ս ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1954, N 7, եր. 91):}:
/78/ Այստեղ խոսքն այն մասին է, որ Նալբանդյանը, որպես պետական պաշտոնյա, ենթակա չէ հոգեւոր իշխանության: «Թեպէտ յառաջին կոչում իր էր քաղաքացի,— գրում էր Լազարեւը,— այլ այժմ ըստ կառավարութեան արքունի Սենատին որ ի միջոցիս արձակեալ է զնա յայնմ կոչմանէ եւ Հաստատեալ է յուսումնական առարկայս ի ծառայութեան, ուրեմն՝ արձակեալ գտանի նա այժմ ի քաղաքացի (ասացեալ) կոչմանէ եւ ոչ ենթարէլի ի հոգեւորական դատողութիւն» {ՀՍՍՌ Մատենադարան, «Գրական աշխատությունների ժողովածու», N 1, եր»204 եւ հետո.:}:
Իվան Լազարեւի նամակը խորապես վիրավորել էր Ներսեսին: Այդ երեւում էր Լազարեւի անունով արձակած 1854 թ. օգոստոսի 5-ի նրա կոնդակից: Ըստ կոնդակի՝ Լազարեւը, իբր թե, համարել էր նրան «անծանօթ պարտաւորութեանց ամենից իւրում կողմանաց, հալածիչ, անբարիշտ, անիրաւ, տգէտ օրինաց եւ կանոնաց հաստատելոց իւրում եկելեցական իշխանութեան»: Կաթողիկոսը խնդրում է չփոխանակել իրեն Մատթեոսի պես մի վիճակավորի հետ եւ «անարժան, համարել վասն Միքայէլ Նալբանդեանց անզգամեալ դպրի յանձնեցելոյ դատողութեանց կայսերահրաման ատենի Սինոդի Էջմիածնի պարտաւորիլ ղմեզ խնդրել զգերազօր հովանավորութիւն իւրոյ կայսերական մեծութեան առ պաշտպանութիւն մերում կաթողիկոսական եւ պատրիարքական արժանաւորութեանց, զոր ոչ բնաւ ներեցից ինձ իմով անհոգութեամբ թողնուլ ընդ ոտիւք Մատթեոս եպիսկոպոսի եւ հարազատի նորա Միքայէլ աղճատեալ դպրի, որ ի վեց ամաց հետէ գտանի հանդիսաւոր իւրումն յանդըգ-- նութեանց օժանդակութեամբ յանձնարարողին զնա պաշտպանութեան ձերում գերազանցութեան, զոր եթէ որպէս պաշտպանեալ ըստ ձերում գրութեան, ունեցիք պաշտպանել դարձեալ եւ ոչ բարեհաճեսցիք համաձայն խոստմանցն ձերոց վասն առաքելոյ զնա ի Սիպիր՝ առաքել զնա ի Սինոդն Էջմիածնի» {ՀՍՍՌ Մատենադարան, Սինոդի ֆոնդ, 1852, Дело по pacпop., отд. No 12, թերթ 66:}:
Ակներեւ է, թե որքան խորն էր Ներսեսի սրտում բորբոքված կիրքը, որքան բուռն նրա զայրույթը Վեհապետյանի եւ նրա զինակցի՝ «անզգամ դպրի» դեմ: Իր արժանիքը եւ իրավունքը պաշտպանելու համար կաթողիկոսն սպառնում էր դիմել ուղղակի ցարին, եթե վեհանձնյա աղաղադաները Էջմիածին չհղեն Նալբանդյանին: Խրիստաֆոր Լազարեւի վարը բերված մի գրությունից երեւում է, որ Ներսեսը իրագործել էր մասամբ իր սպառնալիքը՝ դիմում անելով Նալբանդյանի մասին Պետերբուրգ՝ մինիստրությանը: Այդ երեւում է նաեւ Ներսեսի՝ Մսերին գրած մի նամակից: Զարմայր Մսերյանը հավատացնում էր հետագայում, թե Նալբանդ/79/յանը «պիտի մարմնավոր դատի ենթարկվեր, եթե վրա չհասներ կաթողիկոսի մահը» {«Փարոս Հայաստանի», 1881, եր. 14:}: Առայժմ չկան այս պնդումը հավաստող նյութեր: «Քաջափայլ հովանավորվողները շարունակում էին պաշտպանություն ցույց տալ «անզգամ դպրին»: Համոզված, որ Նալբանդյանը չէր Ներսեսի մասին գրված պարսավանքի հեղինակը, 1854 թ. Իվան Լազարեւը անհիմն ու անարդարացի էր համարում նրա դեմ՝ եղած հալածանքը եւ շարունակում էր նյութական միջոցներ հայթայթել նրա ապրուստի համար {С. Г. Арешян, Московский университет и некоторые вопросы формирования мировозрение Налбандяна (Научн. труды Ерев. Госунта, т. XXXIV, стр. 208 и 210).}: Այնուամենայնիվ, Լազարեւները նպատակահարմար գտան արձակել նրան Ճեմարանի ուսուցչության պաշտոնից: Ներսեսից առավել նրանց վրա ազդում էր, ըստ երեւույթին, աղայական-կղերական դասի ճնշումը: Ինչպես պատմում է Ջալալյանին գրած իր նամակում Մսերը, Մոսկվայի ազդեցիկ հայերը հասկացնել էին տալիս աղազադաներին, թե որքան անհարմար է եւ վտանգավոր պաշտպանել կաթողիկոսի դեմ նրա սպասավորին: Ըստ երեւույթին, այս պատճառով է հենց, որ Լազարեւները խոհեմություն համարեցին հեռու պահել Նալբանդյանին Ճեմարանից:
1854 թ. սկզբին տեղի ունեցած ձերբակալությունից հետո վաստապես դադարեց Նալբանդյանի ուսուցչական գործունեությունը: Ջալալյանին ուղղած մի նամակում Մսերը գրում էր այդ առիթով. «Կայ այժմ Նալբանդեանն անգործ եւ անպաշտպան եւ բնակի ի միում ի տանց ճեմարանին՝ ստանալով ամսական ռոճիկս յապրուստ անձին, թէ եւ ինքն եւս ունի ասեն հարստութիւն դրամոց՝ առավել քան վեց հազար ռուբլի»: | Նալբանդյանի «հարստության» մասին արված ակնարկը ստերեոսիպ այն զրույցներից է, որ այնքան հաճախ պտտվում էին թեմական քարտուղարների մասին առհասարակ: Միաժամանակ շարունակվում էր ոստիկանական հալածանքը: Վորոնցովի դիմումով Տագանրոգի քաղաբապետությունը նորից պահանջում էր ձերբակալել եւ Կովկաս ուղարկել նրան: Հրահանգ ստանալով գտնել եւ ձերբակալել Մոսկվայում Նալբանդով հայ «դիակոնին»՝ ոստիկանական ագենտները գնում են հայոց եկեղեցին եւ հարցում անում նրա մասին Կեոկչեյան քահանային: Վերջինս՝ Նալբանդյանի համաքաղաքացին եւ անձնական բարեկամը, խուսափողական պատասխան է տալիս եւ նախազգուշացնելով նրան՝ պատսպարում իր հարկի տակ: Ոստիկանները դիմում են, այնուհեսեեւ, եկեղեցու գանձապետ եւ Ճեմարանի տնտես Եկուլովին: Նալբանդյանն ապրում էր Ճեմարանի շենքում եւ, ինչպես շեշտում էր /80/ Մոսկվայի քաղաքապետը, առանց անցաթղթի — «без всякого письменного вида» — եւ առանց գրանցված լինելու ոստիկանատանը: Ճեմարանի տնտեսը պատասխանատու էր այս զանցառության համար, ուստի եւ շահագրգռված մատնանշելու նրա տեղը: Նրա վրա ազդում էր, բացի այդ, Նալբանդյանի թշնամիների կարծիքը: Մսերի «Օրագրություն»-ների մեջ, 1854 թ. հունվարի 14-ի ներքո, կարդում ենք. «Առ Ս. վ. Ջալալեանց, ի Նոր-Նախիջեւան. պատասխանի գրութեան ի 23-էն դեկտեմբերի, անցեալ ամի: Գրեցի վասն Նալբանդեանին, զի գրեսցի առ Եկուլովն»: Փետրվարի 25-ին Մսերը գրում է. «Առ Ս. վ. Ջալալեանց, որ յ՚Օդեսսա կամ ի Գիշնեւ: Պատասխանի գրութեանցն ի 5-էն ամսոյս: Ծանուցաք զխօսիլն մեր ընդ հոգաբարձուին զկարեւորացն … Եւ սմին եդեալ զգիրն Եկուլովի, խնդրեցաք ծանուցանել զստացմանէ»: Գրելուց հետո, չգիտենք ինչու, Մսերը ջնջել է վերջին նախադասությունը: Պարզ է, համենայն դեպս, որ արդեն որոշ կապ էր ստեղծվել Ջալալյանի եւ Եկուլովի միջեւ:
Այս մանրամասները հետաքրքրական են այն տեսակետից, որ բանալի են ծառայում Նալբանդյանի «Hy, хoрoшо!» երգիծաբանական ոտանավորի համար, որտեղ նա անդրադառնում է իր դեմ եղած մետապնդումների զավեշտական էպիզոդներին: Եկուլովի խորշոմած դունչը, որ նկարագրված է այդ ոտանավորի մեջ, Նալբանդյանին հիշեցնում էր, երեւի, իր հետքերը հոտոտող հնօրյա մի այլ երեցփոխ -պաշտոնյայի մռութը: Եկուլովը, հարկավ, միլիոնատեր չէր, ինչպես վերջինս, բայց եկեղեցու եւ մեծատունների փոխհարաբերությունների մասին ուներ միեւնույն պատկերացումը: Նա մեկն էր Լազարեւների շուրջը վխտացող այն մարդկանցից, որոնք 1848 թ. արեւմտյան փոթորիկներից հետո արհամարՏում էին «ջահելների» հնարած «pecпубликa»-ն, ունենալով այն համոզումը, թե՝ Pecпублика ведь у нас не существует, «վեհանձնյա» խոսքեր, որ դնում է նրա բերանում «Нy, хoрoшо!» գրվածքի հեղինակը: Կես հայերեն, կես ռուսերեն խոսող ծերուկ Եկուլովը աղաների երկյուղած ծառան էր, տիրող կարգերի ու հարաբերությունների հլու սպասավորը: Մսերի պես նա եւս զգացել էր Նալբանդյանի «ճարտասանության», նրա «ածելու ոյես կտրուկ» լեզվի զորությունը: Սակայն Եկուլովը զուրկ էր հակառակորդի կայունությունից: Անձնապես վախկոտ ու գլխապատ՝ նա կցանկա-- նար նույնիսկ բարեկամ երեւալ սրալեզու երիտասարդին եւ ափսոսում էր, որ վերջինս փոխել է իր լավ վերաբերմունքը դեպի ինքը: Հակառակ դեպքում երիտասարդի վեգը ալչու էր կանգնելու աղայի մոտ եւ կռնակ տալով վեհազնյա մեծավորին, կարող էր երկյուղ չունենալ ոչ ոքից {Եկուլովից զատ, ոստիկանական շների դեր էին կատարում, ըստ երեւույթին, նաեւ ոտանավորի մեջ ծաղրված Ճեմարանի ուսուցիչներից եւ վերակացուներից երկուսը՝ Կիստովն ու Ատամանովը: Քանի որ, ինչպես պարզվում է, 1854 թ. օգոստոսին Կիստովը մեռած էր արդեն (տե՛ս С. Г. Арешян, նույն տեղը, եր. 205). պիտի կարծել, որ «Нy, хoрoшо!» ոտանավորը գրված էր արդեն այդ տարվա առաջին կեսում:}:
/81/ Այնուամենայնիվ, Եկուլովը կատարեց այն, ինչ պահանջվում էր իրենից: Նալբանդյանն ընկավ ոստիկանական հսկողության տակ:
1854 թ. մարտին ոստիկանապետը փորձեց կատարել Տագանրոգից հղված պահանջը, բայց հանդիպեց Լազարեւների դիմադրությանը: Սակայն Ճեմարանի ներսում շարունակվում էին բախվել Նալբանդյանին թեր ու դեմ տրամադրությունները: Ձեռքից ձեռք էին անցնում «Нy, хoрoшо!» ոտանավորի ձեռագիր օրինակները, սպառնալով, ինչպես հավատացրել էին Ճեմարանի դիրեկտոր գնդապետ Զելենոյին, նալբանդկանական «խռովության» մասնակից դարձնել Ճեմարանի սաներին: Դիրեկտոր Զելենոյը, Նալբանդյանի թշնամիներից ազդված, Լազարեւներին ուղղած իր գրությունների մեջ առաջարկում էր հեռացնել Նալբանդյանին ոչ միայն Ճեմարանից, այլեւ Մոսկվայի սահմաններից: Տեղի տալով ստեղծված դրությանը՝ Լազարեւները համաձայնություն տվին, որպեսզի փաստապես Նալբանդյանը հեռացվի դասատվի պաշտոնից, թեպետեւ մինչեւ հաջորդ ուսումնական տարվա սկիզբը նա պիտի համարվեր պաշտոնի մեջ եւ ստանար համապատասխան ռոճիկ ու պարեն:
Նալբանդյանը շարունակում էր ապրել Ճեմարանի հանրակացարանում, ուր, ինչպես գրում էր Մ. Վեհապետյանը, նրա վիճակն ավելի լավ չէր, «քան զդրութիւն այնմ, որ փակեալ պահի ընդ յարկաւ բանտի» {Տե՛ս Հայկական ՍՍՌ ԳԱ «Տեղեկագրում», 1954, N 7, եր. 86 եւ 100, տպագրված արխիվային նյութերը:}: Այս պայմաններում Նալբանդյանն ինքն իսկ խնդրում էր Լազարեւներին իրեն ազատ արձակել Ճեմարանից եւ միաժամանակ միջնորդել, որպեսզի իրեն իրավունք տրվի ուսանող գրվել Մոսկվայի համալսարանում: Լազարեւներն ընդառաջեցին այդ խնդրանքին, օժանդակելով, որ նրան ազատ ունկնդրի իրավունք տրվի համալսարանում: Նրանք կարգադրեցին, որ մինչեւ 1855 թ. գարունը Նալբանդյանին որոշ նպաստ տրվի իրենց դրամարկղից:
Մատթեոս արքեպիսկոպոսին 1854 թ. հոկտեմբերի 14-ին հղած իր պատասխանի մեջ Խրիստափոր Եկիմիչը հայտնում է, թե ինքը տնօրինել է Նալբանդյանի գործն այնպես, ինչպես որ դա «առավել օգտակար էր ինքյան»: Կցելով այդ գրությանը Աշտարակեցուն ուղղած իր թղթի պատճենը, նա հաղորում էր, թե ջանացել է պաշտպանել վերջինիս կաթողիկոսի վայրագություններից: Միաժամանակ գրում էր, որ իր կարգադրությամբ Նալբանդյանն արձակված է Ճեմարանից, ապրում է եկեղեցական տոներից դուրս՝ քաղաքամիջում, եւ մտադիր է հիմա մտնել հա/82/մալսարան: Եթե Նալբանդյանը գործել է որեւէ հանցանք, որ արժանի է դատի տալ նրան, ապա «բարեհաճեսցիք զի ի քաղաք անդր ուր կայ, դատեսցի մինչեւ արդարացուսցէ զանձն եւ եթէ ոչ՝ այլ անկարանամք մեք զվախճան իրին նկատել նախատեսութեամբ, զի ըստ որում յոյժ վտանգեսցի ի կենաց, եւ կամ այլ ներհակ հետեւանք յառաջասցեն» {ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 172, վավ. 126 եւ 127:}:
Չորս-հինգ տարի անց, երբ Նալբանդյանի գլխավոր աշխատակցությամբ սկսեց լույս տեսնել «Հյուսիսափայլ»-ը, Խրիստափոր աղան զղջում էր, որ ժամանակին ինքը եւ իր եղբայրը հովանավորել են «վնասակար» հրապարակագրին: 1858 թ. վերջերին, Ներսեսի «սիրելիներից» մեկին՝ բժ. Սողոմոն Տեր-Ղուկասյանցին ուղղած ռուսերեն մի նամակում Խրիստաֆոր աղան «Հյուսիսափայլ»-ի խմբագրի եւ նրա գլխավոր աշխատակցի մասին գրում էր. «Պ. Նազարյանցը գիտուն է, բայց անխոհեմ, աշխատասեր, բայց համառ ու կռվարար. իր իմացածներն օգտաշատ կերպով ցանելու փոխարեն՝ նա նորոգում է խռովություններ, հրահրում տարաձայնություններ ու ատելություն. պ. Մսերի, պ. Էմինի ու մյուսների պես մարդկանց իրեն արժանավոր աշխատակից ընտրելու փոխարեն, գործակցության է հրավիրել վնասակար Նալբանդյանին, մի մարդու, որին Ներսես կաթողիկոսը իշխան Վորոնցովի եւ մինիստրության միջոցով պահանջում էր ոստիկանության ձեռքով ուղարկել Թբիլիսի եւ Էջմիածին, եւ որին մենք հանգուցյալ եղբորս հետ միասին սխալաբար փրկեցինք եւ պաշտպանեցինք՝ տեղի տալով Մատթեոս արքեպիս։ կոպոսի թախանձանքին, խնդրանքներին ու նամակներին»:
Մի տարի անց, 1859 թ. օգոստոսի 10-ին, Մսերյանին ուղղած մի նամակում Խրիստափոր Եկիմիչը գրում էր. «Շատ ցավալի է, որ աշխատասեր եւ գիտուն պրոֆեսոր պ. Նազարյանցը պատանեության կրթությանը օգտաբեր լինելու փոխարեն, վատնում է իր գիտելիքներն ու ունակությունները իրեն եւ ուրիշներին վնասաբեր ձգտումների մեջ: Պիտի ցավել այդ մասին, բայց եւ համբերությամբ ու խելահասորեն տոկալ, քանի որ անհնարին է շտկել այն, ինչ վատ է ու վնասակար, մանավանդ առաջացած տարիքի եւ ասիական համառության դեպքում, որ քարացած վիճակ ունի գրեթե միշտ: Չեմ էլ հիշատակում նրա գործակիցներին. դրանցից ոմանք գիտաբար, մյուսները արատավոր ակնկալություններով, մարզվում են երկպառակությունների մեջ: Այդպիսիներին սլետք է հաղթահարել խորին արհամարհանքով, հեռանալ նրանց ընկերակցությունից, չունենալ հանդիպում նրանց հետ. արատավոր բարոյականությունը փոխել անկարելի է {Նույն տեղը, թղթապ. N 202, վավ. N 1590:}: Խոսելով «արատավոր ակնկալություն/83/ներով» տարվածների մասին, նամակի հեղինակը աչքի առաջ ուներ անշուշտ Նալբանդյանին եւ նրա հետեւորդներին:
Գծագրելով իր դեմ եղած հետապնդումների կոնկրետ մի պատկերը՝ «Нy, хoрoшо!» ոտանավորը ծաղրում է ժամանակի դերակատարներին, երգիծանքի նշտարակ խրում արտոնյալների ու նրանց սպասավորների կարծր մարմնի մեջ: Եվ զուր չէ, որ հեղինակի համախոհներն ու Լազարյան ճեմարանի սաները բերան էին անում ոտանավորը եւ տարածում՝ խայթելով ազգի տերերի ու նրանց ծառաների ինքնասիրությունը: Հասարակական հասունացող զարթոնքի հայաբարբառ առաջին խոսքերից էին դրանք, որոնցից ցայտում էր մարտական շունչ ու կորով, քաղաքացիական արյուն ու թույնԵվ պատահակա՞ն է միթե, որ շուրջ կես դար անցնելուց հետո իսկ ոտանավորի տողերը գրգռում էին ստրկահաճ էսթետների քնքուշ` լսելիքը …։
Այս պայքարի ընթացքում հակառակորդները եւս սկսում էին կռել գրական զենք: Անհայտ մեկը չափական տողերով նշավակում էր «Լազրովների բահով բրչով ազգի համար փոս փորող «չեպիսկոպոս Մատթեոսին» եւ չհաս պսակի խնդրով նրա Պետերբուրգ եւ Մոսկվա արձակած «դեսպանին»՝ Նալբանդյանին: Հատկապես ծաղրված է «Խաչուկ աղան»՝ Խրիստափոր Լազարեւը: Խրախուսելով Մատթեոսի հակականոն ընթացքը՝ նա ասում է.

Մենք կայսերին լավ ծանոթ եմք,
Եվ մեծերին նույնպես մոտ եմ,
Ինչ ձեր կամքն է եւ ցանկություն՝
Նոցա ձեռոք հեշտ կատարեմք:

Եկեղեցյաց եմք հոգաբարձ,
Իշխանք ազգի արժանապարծ,
Եվ Ռուսիո կայսերներից
Ունիմք պես-պես օրդեն ու վարձ:

Եթե Ներսես պատրիարքը
Վեր առնու ձեր վեղար կարգը,
Մենք ձեզ ապրուստ կտամք,
Չըպակսիր ձեր՝ անվան կարգը:

Թե չօրհնե ըզպսակը,
Մենք բաց կանեմք մեր քըսակը,
Ինչ որ ուզեմք՝ կըկատարվի,
Զի մեր կողմն է եւ Վասակը {Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, եր. 317։}:
«Нy, хoрoшо!»-ի նյութը գրական արձագանք գտավ նաեւ հակառակորդների բանակում: Մսերի թղթերում գտնում ենք ոմն Ստեփանյանի /84/ երկու ձեռագիր ոտանավորները, որոնցից մեկն ուղղված էր Նալբանդյանի, մյուսը՝ նրան պաշտպանող Ալամխանյանի եւ Կեոկչեյանի դեմ: Ընտիր հայհոյաբանության անդուռ մի տակառ է Ստեփանյանի գրական թմբուկը: Վատաբանելով անգամ Նալբանդյանի նորաձեւ (լութերական» գլխարկն ու ծնոտի բերքը, հեղինակը մեծարում է նրա հակառակորդներին՝ Ներսեսին ու Մսերին, եւ նշավակում նրան թեւարկողներին ու բարեկամներին՝ սպառնալով նրանց բանտ ու կապանք {Տե՛ս Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, կոմենտարներ, եր. 332 եւ հետ.:}:
Ստեփանյանին արձագանքում էր Քերթող կեղծանվան տակ թաքնված մի հեղինակ, որն ուղղում է իր ծաղրը Նալբանդյանին պաշտպանող Ալամխանյանի դեմ: Եվ դարձյալ՝ նույն բանտի ու կապանքի սպառնանալիքը, եւ ոչ միայն այս կյանքում, այլեւ հանդերձյալում, ուր իսպառ անզոր պիտի լինի Նալբանդյանի օգնությունը։
Թե մի անգամ մըտնուս բանտ,
Հայս աշխարհում եւ կամ անդ,
Թըշվառ լինին քո վիճակ
Եվ ոչ օգնե քեզ Նալբանդ:
«Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետում Նալբանդյանը որակելու էր Ստեփանյանին «փողոցի բանաստեղծ» անունով, ակնարկելով այն մասին, որ նրա գրածները սրբագրում էր ինքը՝ «գրականության դիվապետը», իմա՝ Մսերը {Ե. Լ. Ժ., 1, եր. 216}: Թվում է նաեւ, որ բուլվարային այս կարգի քերթողների գործեր նկատի ուներ Նալբանդյանը, երբ Պետրոպավլովսկի բերդում նստած, 1863 թ. ապրիլի 8-ին գրում էր մի նամակում. «Երեւի Անանիան (խոսքը Անանիա Սուլթանշահի մասին է, Ա. Հ.), մոռացել է հայր Մովսեսին (իմա՝ Ալամխանյանին, Ա. Հ.) հաղորդել իմ շնորհավորանքը՝ նրա հարեւանի գրական ժողովածուն ընդհատվելու առթիվ: Լավ է, որ նրանք դադարեցրել են, թե չէ, իրավ, հայր Մովսեսի բանը վատ կլիներ: Հա՛, հա՛, հա՛ …» {Նույն տեղը, եր. 189:}: Ակնարկը վերաբերում է, երեւի, Մսերյանի «Ճռաքաղ»-ին, որի խմբագրատունը գտնվում էր Ալամյանյանի հարեւանությամբ, Մոսկվայի հայ եկեղեցու բակում, եւ որի հրատարակությունը դադար առավ 1863 թվականին՝ ազատելով, ինչպես կատակով հիշեցնում էր Նալբանդյանը, իր դեմ ուղղված երգիծանքների տպագրվելու վտանգից … {Նալբանդյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի, I, եր. 520 ծանոթագրության մեջ Ստեփանյանի անձնավորությունը նույնացված է Խ. Ստեփանե անունով հայտնի դարձած Ստեփաննոս Ստեփանեի հետ: Դժվար է համաձայնել այս ենթադրությանը: Խ. Ստեփանեն, «Հյուսիսափայլ»-ի աշխատակից իշխան Բագրատունին, ինչպես պատմում են, իր ուսանողական տարիներին սաստիկ գովաբանում էր Նալբանդյանի «Հիշատակարան»-ը եւ իրեն հեռու պահում Նազարյանցից (տե՛ս Քաջբերունու հիշողությունները, «Արարատ», 1910, եր. 718): Եթե Խ. Ստեփանեի գրական-հասարակական հետագա գործունեությունը դժվար է հանգավորվում այս վկայության հետ, միաժամանակ չի հաշտվում՝ դրա հետ նաեւ այն ենթադրությունը, թե նա կարող էր եղած լինել Նալբանդյանի հակառակորդների ձայնատարը:}
/85/ Ժամանակի գրական այս արձագանքների պատմական-կենցաղագրական արժեքն ակներեւ է: Նրանք պարունակում են որոշ մանրամասներ Նալբանդյանի շուրջն արծարծված կռիվների մասին: Շարժը, բամբասանքը, ծխական իդիոտիզմը, խմբակցական կրքերի մոլուցքը իշխող տեղ են բռնում թշնամական վկայությունների մեջ: Գրականության չարախնդաց, հայհոյական ու ախտակիր ոճը ցույց է տալիս, որ Նալբանդյանը չէր հանդիսանում սոսկ հակառակորդների նշանախեցը այլեւ, հակադարձաբար, նեղում, հարվածում էր նրանց: Նա այն մարդը չէր, անշուշտ, որ նստեր հանգիստ եւ քարացած սարսափով սպասեր իր դեմ լարված դավերի իրացմանը: Գիտեր պաշտպանվել, հետեւաբար նաեւ՝ դիմել հակահարձակման, երբ պահանջում էր հարկը: Հակառակորդները հանգիստ չունեին հումորով ու երգիծանքով թրծված նրա սուր, «ածելու պես կտրուկ» լեզվից: Մոսկվայում պատսպարված՝ նա առիթ չէր փախցնում Հասարակական կարծիք հուզել Ներսեսի, Խալիբի, Ջալալյանի, Մսերի ու նրանց համախոհների դեմ: Մսերը, Նալբանդյանի դեմ գործող հակառակորդներից ամենից անմիջականը, Ճեմարանում կրոնի դասատու էր այդ պահին եւ միաժամանակ ավագ ուսուցիչ Հայկական դպրության: Վերը հիշատակված ոտանավորների վկայությամբ, Նալբանդյանը եւ Կեոկչեյանը ջանք էին թափում հեռացնել Ճեմարանից Մսերին եւ իրար մեջ բաշխել նրա դասերը: Այն, ինչ հայտնի է մեզ արդեն Լազարեւների եւ Նալբանդյանի հարաբերությունների մասին, ակներեւ են դարձնում այս մեղադրանքի անպատեհությունը: Սակայն ակներեւ է ոչ միայն փաստի անհեթեթությունը, այլեւ հակառակորդների անհանգստության առիթը:
Մսերի սխոլաստիկ աստվածաբանության եւ հայկաբանության հեղինակավորությունը աղաղադաների համար վեր էր կասկածից: Բայց, ինչպես միաբերան նշում են ժամանակակիցները՝ Քաջբերունին եւ Վ. Բաստամյանը, նա, ինչպես նաեւ Նալբանդյանին Ճեմարանում նախորդած հայերենի ուսուցիչ Ոսկան Հովհաննիսյանը, անպետք էր որպես դասատու եւ հիմք ուներ անհանգստանալու Նալբանդյանի ներկայություննից ու նրա աճող ժողովրդականությունից: Այդ մասին ակնարկներ կան նաեւ Մսերի օրագրությունների մեջ: Մատենադարանի արխիվում գտնվում է 1856 թ. հոկտեմբերի 8-ին Ներսես Աշտարակեցուն ուղղած Մսերի մի գրությունը, որից երեւում է, որ Նալբանդյանի դեմ սրա բռնած թշնամա/86/կան դիրքը բխում էր, մասամբ, ինքնապահովության բնազդից: Արժե կարդալ այդ գրությունը.
«Առանձին: Աղաչելով աղաչեմ եւ խնդրեմ ի ձէնջ, ով բարեգութ հայր իմ եւ տէր, զի եթէ կամիցիք ազատել զիս յանասելի վշտացն, զորս կրեմ հանապազ ի պատճառս որոմնացան դպրին Միքայէլի Ղազարեան Նալբանդեանց, տուք հեռացուցանել ի քաղաքէս, որով եւ իցէ եղանակաւ: Քանզի ցորչափ նա աստ գտանիցէ, անհնարին է ինձ յանդորր ու անխռով անցուցանել կեանս կամ տեսանել օր խաղաղիկ: Բազմակերպեան խարդախութիւնք նորա եւ հնարագիտութիւնք ի պատրել զայլս եւ յարկանել վրդովմունս, թշնամութիւնս եւ ատելութիւնս ի միջի բազմաց, երկարագունից կարօտի պատմութեանց, այլ ես միով բանիւ զբովանդակն յայտնեցից: Է նա միանգամայն յոտից ցգլուխ լեզու նենգաւոր»:
Հետագայում եւս, Նալբանդյանի գրություններից անհանգստացած, Մսերը պաշտպանություն էր որոնում հզոր հովանավորողների կողմից: Այսպես, 1857 թ. ապրիլին, Նալբանդյանի մի նամակից խայթված, նա ապավինում է Դելիանովի եւ Իվան Լազարեւի միջամտությանը: Դրան ի պատասխան վերջինս հրահանգով է Նալբանդյանին՝ չանհանգստացնել արժանահարգ Մսերին: Հակառակ դեպքում սպառնում է միջոցներ ձեռնարկել Նալբանդյանի դեմ՝ հեռացնել տալ նրան Մոսկվայից, իսկ եթե հանդգնի դատի կանչել Մսերին, կմիջամտի դատին եւ օրենքի խստությունը շուռ կտա Նալբանդյանի իսկ դեմ {Ա. Ինճիկյան, նույն տեղը, եր. 76 եւ հետ.:}:
Կասկած չկա, որ գրելով Նալբանդյանին Մոսկվայից «հեռացնելու» մասին եւ սպառնալով դատի կանչել նրան, կղերա-աղայական ռեակցիայի ներկայացուցիչները դարձյալ մտմտում էին նրան Սիբիր քշելու միջոցառման շուրջը:
Նալբանդյանի փախուստը, նրա պաշտոնավարությունն ու արծարծած հայացքները Ճեմարանում, նրա ինքնապաշտպանությունը հակառակորդների դիմաց եւ նրա հակահարձակումը սրանց վրա՝ վրդովել էին նաեւ Մոսկվայի հայ-լուսավորչական ճահճի գորտերին: Մասնավորապես, նրա «նենգավոր լեզուն» հանգիստ չէր տալիս ո՛չ Ճեմարանի սխոլաստիկներին, ո՛չ սրանց տերերին: Սկզբունքային պայքար էր այս, որի մեջ միայն կարճատես ժամանակակիցները կարող էին նշմարել անձնական շահախնդրություն:
/87/ ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԶԻՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Նալբանդյանը Մոսկվայի համալսարանում։ Նոր իդեական մթնոլորտ։ «Յաղագս հայկական դպրութեան ճառ»: Բելինսկու ազդեցության հետքերը «Ճառ»-ում։ Հայոց պատմության եւ գրականության վերագնահատումը։ «Ճառ»-ը որպես մտավոր էվոլյուցիայի հայտարար:

Քսանհինգ տարեկան էր Նալբանդյանը, երբ նրա առաջ փակվեցին Լազարյան ճեմարանի դռները: Ի՞նչ էր սպասում նրան հիմա: Ի՞նչ պիտի լիներ նրա անելիքը: Դժվար էր գուշակել գալիքը, բայց պարզ էր, որ պետք էր պատրաստ լինել նոր փորձությունների ու զինվել նոր ալայքարի համար: Դրա համար չէին պակասում նրան եռանդ ու կամք: Հալածանքն ու պայքարը ոչ թե թուլացրել, այլ կռել-կոփել էին նրա աննահանջ բնավորության մետաղը: Ոչինչ չէր սանձել ու ընկճել նրան: Առաջ շարժվելու համար հարկավոր էր միայն կրթության ավելի բարձր որակ:
Մտավոր վերապատրաստության կարիքը վաղուց էր զգացել Նալբանդյանը, եւ դրան գոհացում տալու համար անընդհատ զբաղվում էր ինքնակրթությամբ: Այդ աշխատանքին նա ձեռնարկել էր, ըստ երեւույթին, Պատկանյանի դպրոցը թողնելուց ի վեր: Հետագայում, այն հարցին, թե որտե՞ղ է սովորել մինչեւ համալսարան մտնելը, նա պատասխանում էր, թե սովորել է տանը եւ համալսարանական զբաղմունքներին պատրաստվել անձնական ջանքերով, առանց կողմնակի ղեկավարիԱնտիպ երկեր», եր. 63:}: Պիտի կարծել, որ փոխադրվելով Մոսկվա՝ նրա միտքը հաճախ հանում էր համալսարան մտնելու խնդրի շուրջը, իսկ Ճեմարանից հեռանալուց հետո նրա հոգսը պիտի դառնար այդ խնդրի լուծումը:
Հիրավի, Մոսկվայի համալսարանը հանդիսացավ իմացության հոր«դառատ այն աղբյուրը, ուր երիտասարդ Նալբանդյանը սկսեց հագեց/88/նել ուսումնառության իր ծարավը եւ խորապես հաղորդակից դառնալ ռուս ժողովրդի առաջավոր կուլտուրային ու գիտությանը:
1854 թ. սեպտեմբերին, հարցաքննվելով համալսարանում, հայտնվեց Նալբանդյանի պատրաստության անբավարար չափը: Պակասավոր էին, մանավանդ, նրա լեզվական եւ մաթեմատիկական գիտելիքները: Համալսարանի վարչությունը մերժեց նրա խնդիրը: Սակայն դրությունը փրկեց Լազարեւների միջնորդությունը: Այդ մասին վկայում է սրանց անունով Նալբանդյանի՝ նույն տարվա հոկտեմբերի 19-ին արած դիմումը. պարզվում է, որ Լազարեւների օժանդակությամբ նա այդ պահին «իբրեւ ազատալուր» արդեն ընդունված էր համալսարանի բժշկական ֆակուլտետը, եւ հիմա խնդրում էր արձակման թուղթ տալ իրեն Ճեմարանում վարած պաշտոնից ազատված լինելու մասին, որպեսզի, ինչպես գրում էր ինքը, «ընկալեալ եղեց ի թիւս օրինաւոր ուսանողաց … աւարսելով միանգամայն եւ զքննութիւնս մտանելոյ անտի, զոր սկսեալ եմ», եւ որ մնաց անկատար, «վասն չունելոյ զարձակուրդ ի ճեմարանէ» {«Անտիպ երկեր», եր. 330 եւ հետ»:}: Համալսարանի միակ ֆակուլտետը, որ այդ պահին համեմատաբար մատչելի էր արտոնյալ դասին չպատկանող «յուրածախս» («своекоштный») կամ «ազատ ունկնդրող» ուսանողների համար՝ բժշկական ֆակուլտետն էր {Հմմ. В. И. Орлов, Студенческое движение Московского университета в XIX столетии, Москва, 1934, եր. 57:}:
Սրանով էլ, գուցե, պիտի բացատրել այն փաստը, որ Նալբանդյանը ուկնդիր գրվեց հենց այդ ֆակուլտետում:
Հաջողվե՞ց արդյոք նրան հետագայում իսկական ուսանող ընդունվել՝ ասել դժվարանում ենք: Համալսարանի արխիվում չգտանք առհասարակ որեւէ վկայություն նրա ուսման եւ անգամ նրա «ազատալուր» լինելու մասին: Մեզ անհասկանալի պատճառով նրա անունը բացակայում է նաեւ համալսարանի 1854–1859 թ.թ. ընթացքում լույս տեսած տարեկան այն հաշվետվությունների մեջ, որոնց կցվում էին ուսանողների եւ ազատ ունկնդիրների անվանական ցուցակները:
Հաշվետվություններից երեւում է, որ, իսկական ուսանողներից եւ ազատ ունկնդիրներից զատ, բժշկական ֆակուլտետում այդ ժամանակամիջոցում կային նաեւ երրորդ տեսակի հաճախորդներ, որոնց տոմս էր տրվում դասախոսություններ լսելու համար («получающие билеты на право слушания лекции»): Կարելի էր առանց վարանումի սրանց թվում ենթադրել նաեւ Նալբանդյանին, եթե նրա ուսանող լինելու մասին չունենայինք կողմնակի տվյալներ:
1854–55 թվականներին Նալբանդյանի անտիպ ոտանավորների /89/ մեջ նյութեր ենք գտնում նրա ուսանողական կյանքի առօրյայից: Դրանցից մեկը՝ նվիրված ուսանող Անանիա Սուլթանշահին, ունի «ֆիզիկայի քննություն» վերնագիրը, մի ուրիշը նվիրված է ուսանող Ամիրյանին, իսկ «Արբատ» ոտանավորի մեջ հեղինակը բարեկամաբար երգիծում էր շուշեցի ուսանող Գասպարյանին (հետագայում հայտնի բժշկապետ): Մի ոտանավորում՝ «Լսարան» վերնագրով, նա մեծարում է համալսարանական ուսումը եւ այլն: Այս կարգի ոտանավորների շարքին է պատկանում նաեւ նրա «Ուսանող եւ մեծատուն» ոտանավորը: Նման գործերի շարքը կարող ենք փակել Նալբանդյանի ծոցատետրում՝ պատված «Հրաժեշտ» իմպրովիզացիայով՝ գրված հավանորեն 1858 թվականի վերջերին կամ երբ նա հարկադրված եղավ թողնել համալսարանն ու Մոսկվան եւ անցնել արտասահման:
1855 թ. փետրվարին եղբորը գրած նամակում Նալբանդյանը խոսում է բժիշկ դառնալու հեռանկարի մասին եւ միաժամանակ հաղորգում իր համալսարանական հասցեն՝ «Его благородию студенту МГУ М. Л. Налбандову» {Ե. Լ. Ժ., IV, եր. 34 եւ 36:}: 1856 թ. մարտի 21-ին Սիմեոն Սուլթանշահին հայտնում է, որ ինքը անկարող է իրավունք ստանալ «Հյուսիսափայլ»-ի հրատարակության համար, քանի որ «Համալսարանում լինելով եւ բժշկությամբ պարապելով», իրավունք չունի բացարձակ զբաղվել նման գործերով {Նույն տեղը, եր. 38:}: Նալբանդյանի Ղազարոս եղբայրը նույն տարվա հունիսի 11-ին գրում է Մոսկվայից Գրիգոր եղբորը. «Մեր սիրելի Մուխալ եղբայրս բարեւ ունի ամենեցունդ, ինքն ալ պետք է քիր քրեր, բայց ենկզամենին կերդար …»: Մի քանի օր անց գրում է դարձյալ. «Միքայել եղբայրս բարեւ կբանե ամենուդ, պետք է գիր գրեր, բայց այս օրերս նիվեռսիտ (sic) մեկ մեծ մը եկավ Բետռպուռքեն ամենը հոն էին, կանչիլ էր» {Երեւանի Գրականության թանգարանի նյութերից: Ա. Ինճիկյանի կարծիքով՝ Նալբանդյանը թույլտվություն պիտի ստացած լինի Մոսկվայի համալսարանում «ազատ ունկընդիր գրվելու միայն 1855 թ. նոյեմբերի 30-ից հետո, երբ ցարի հրամանով որոշ դրություններ էին ստեղծվել համալսարան մտնողների համար» (տե՛ս Ա. Ինճիկյան, նույն տեղը, եր. 315 եւ հետ.): Բայց այդ կարծիքը հակասում է այն փաստին, որ դեռ 1855 թ. փետրվարի 10-ին Նալբանդյանը իր հասցեի մեջ նշում է համալսարանի ուսանող լինելու հանգամանքը: Ըստ երեւույթին, հարգելով Լազարեւների միջնորդությունը, համալսարանի վարչությունը թույլ էր տվել նրան հետեւելու բժշկական ֆակուլտետի դասախոսություններին տակավին 1854-55 ուսման տարում:}:
Պարզ է, կարծես, որ 1854-1857 թ.թ. Նալբանդյանը սերտ կապ ուներ համալսարանի հետ. ոչ միայն լսում էր դասախոսություններ, այլեւ հարցաքննվում լսած առարկաներից:
Համալսարանի հետ ունեցած կապը ոչ միայն թուլացավ, այլեւ /90/ խզվեց 1858 թ., երբ, ինչպես երեւում է Սալթիկյանին գրած նամակներից, մի կողմից՝ նյութական դրությունը եւ մյուս կողմից՝ Նալբանդյանի՝ «Հյուսիսափայլ»-ում կատարած աշխատանքը դժվարացնում էին նրա ուսման ընթացքը: Այնուամենայնիվ, կասկած չկա, որ մինչեւ 1858 թվականը Նալբանդյանը սերտորեն կապված էր համալսարանի հետ: Մոսկվայի համալսարանը նա նկատի ուներ անշուշտ, երբ Կոմս Էմմանուելի «Հիշատակարան»-ում ակնարկում էր, թե «օտարության մեջ, հազարավոր նեղություններ համբերելով, օր խավարեցնելով, ստացել է մարդկության ընդհանուր լույսից մի քանի ճառագայթ» {Ե. Լ. Ժ., 1, եր. 315:}:
Նալբանդյան-ուսանողի գրած նամակները ցույց են տալիս լարված այն աշխատանքը, որ կատարվում էր ուսումնառության այդ տարիներին նրա մտքի քուրայում: «Բժշկությունը,— ասում էր նա,— բերբերություն չէ, որ մեկ ամանով սյուլուկ շալկե ու երթա» {Նույն տեղը, IV, եր. 33:}: Հիրավի, համալսաբանական այն գիտությունը, որ որոճում՝ էր նա այդ տարիներին, այնպես էր հարաբերվում տեր Գաբրիելի վարժատան նրա ուսումնառությանը, ինչպես գիտական հիմքերի վրա դրված բժշկականության արվեստը նոր-նախիջեւանցիների բուժակության արհեստին:
Նալբանդյանի հետ միաժամանակ Մոսկվայի համալսարանում սովորող կրտսեր ընկերներից մեկը՝ Հ. Բերբերյանը, հետագայում վերհիշում էր. «Այս միջոցին նա առանձին ուշադրություն էր դարձնում ինքնակրթության վրա, պարապում էր գրականությամբ եւ ուսումնասիրում լեզուներ: Այստեղ նա իսկական ուսանողական աղմկալի կյանք էր վարում, սակայն չմոռանալով յուր ուսման գործը» {«Նոր-Դար», 1891, N 138:}:
Ուսումնառության տարիները ինտենսիվ մտավոր աշխատանքի տարիներ էին Նալբանդյանի համար: «Առավոտ մինչեւ 2 ժամ,— գրում էր նա եղբորը 1855 թ.,— լինում եմ ամեն օր համալսարանում, հետո նստում եմ տանս իմ գործերով պարապած»: Համալսարանական գիտությունը հարթեց Նալբանդյանի առաջ իդեական սպառազինման լայն ճանապարհ: Մեծ էր եւ արգասավոր այն ազդեցությունը, որ ունեցավ նրա աշխարհայեցության մշակման վրա բնական գիտությունների ուսումնասիրությունը: Բժշկական ֆակուլտետում այդ տարիներին դասախոսում էին ռուս առաջավոր բնագիտության աչքի ընկնող ներկայացուցիչները՝ Գլեբով, Պոլունին, Ինոզեմցեւ, Ռուլյե եւ ուրիշներ {С. Г. Арешян, նույն տեղը, եր. 174 եւ 176:}: Համալսարրանական իր ուսուցիչներից ջերմ խոսքերով էր նշում Նալբանդյանը Նմանավանդ ռուս օդընտելաբանության հիմնադրի՝ Կ. Ռուլյեի անունը. /91/ «Ամեն անգամ,— գրում էր Նալբանդյանը նրա մասին,— երբ ես որեւէ բան եմ լսում վերոհիշյալ օդընտելացման մասին, տխրում եմ, որովհետեւ նա, որ … օդընտելացման առաջին հիմքը դրեց, գրեթե առանց որեւէ օգնության, աղքատիկ միջոցներով հրատարակելով «Becтник ecтecтвенных наук» եւ զբաղվելով կենդանիների, ապա նաեւ բույսերի օդընտելացմամբ … նա այլեւս չկա: Որքան կհրճվեր նա՝ տեսնելով իր անխոնջ ջանքերի այդպիսի հսկայական հաջողությունը: Ինձ թվում է, որ նա գիշեր ու ցերեկ կենդանաբանության այգում կանցկացներում {С. Г. Арешян, նույն տեղը, եր. 214։}:
50—60-ական թվականներին Մոսկվայի եւ Պետերբուրգի համալսարանների բնագիտական եւ բժշկական ֆակուլտետներում ծավալուն աշխատանքներ էին կատարում ռուս առաջավոր գիտության մեր նշած եւ այլ գործիչներ: Գլխավորապես գիտության այդ օջախներից էին դուրս գալիս ժամանակի դրական գիտությունների եւ մատերիալիստական աշխարհայեցողության ականավոր ներկայացուցիչները, մարդիկ, որոնք խու, բայց համառ պայքար էին տանում գիտության ռեակցիոն քուրմերի դեմ եւ մտավոր նպաստավոր մթնոլորտ ստեղծում ցարական-կալվածատիրական իշխող կարգերի դեմ հասարակական եւ մտավոր-քաղաքական շարժում առաջացնելու համար: Ի՛նչ խոսք, որ գիտության այդ աշխատավորների գործունեությունը ամենից արգասավոր արձագանք էր գտնում դեմոկրատական ուսանողության սրտերում: Պատահական չէր բնավ, որ 50-60ական թ.թ. երկրում ծայր առած գյուղացիական շարժումներին յուրովի արձագանքելու էին հենց Մոսկվայի եւ Պետերբուրգի ուսանողները եւ, մանավանդ, բժշկական ֆակուլտետներում սովորողները:
Նալբանդյանի հայացքների կազմավորման վրա ազդում էին ոչ միայն համալսարանական ամբիոնները, այլեւ ռազնոչին ուսանողությունը համակած հասարակական-քաղաքական տրամադրություններն ու մտքերը: Թշնամանք դեպի ճորտատիրական կարգերը, ատելություն դեպի մտքի ու մամուլի վրա ծանրացած ցարիզմի երկաթե բռունցքը եւ բյուրոկրատական ռուտինան, պայքար հանուն ժողովրդի լուսավորության՝ տրամադրությունների ու մտքերի այս մթնոլորտում է, որ հայսունանում ու զարգանում էր ուսանող Նալբանդյանի գիտակցությունը։ Հատկապես զորեղ էր դեմոկրատական ուսանողության հետաքրքրությունը դեպի բնական գիտությունները եւ դրանց հետ սերտորեն կապված բժշկականությունը: Հոգատարություն դեպի մարդը, դեպի նրա բարեկեցությունը, նրա մտավոր-բարոյական զարթոնքը՝ հիսունական թվականների դեմոկրատական ուսանողներին ոգեշնչող այս մղումներով էր տոգորված նաեւ երիտասարդ Նալբանդյանը:
/92/ Զբաղմունքներից ազատ ժամերին հաճախ նա լինում էր ռուս ուսանողների կամ սրտակից ռուս այլ ծանոթների շրջանում: «Շատ օտար մարդիկ մեզ այս օտար աշխարհներում ցույց էին տալիս շատ մարդասիրություն»,— գրում էր նա վերը նշված իր նամակում {Ե. Լ. Ժ., IV, եր. 35:}: Համաերկրացիներից ոմանք, Նալբանդյանի կողմից «հանած վարած» կոչված մարդիկ, բամբասական նամակներով տեղեկացնում էին նախիջեւանցիներին, թե Միքայելի օրերն անցնում են «օտարների» հետ, թե նա խորթացած է իր ազգակիցներից, «հայի վրա սեր չունի» եւ այլն: Բամբասանքները հասնում էին նրա հարազատների ականջներին, երկմտանք առաջացնում նրանց մեջ: Ղազարոս եղբայրը այս առիթով տրտունջ էր հայտնում Միքայելին եւ երեք կանգուննոց ասեղներով ծակում նրա սիրտը». Նալբանդյանը պախարակում է հարազատների դյուրահավատությունը: «Երեւի մեր սերի ուժը այնքան է,— պատասխանում էր նա Ղազարոսին,— որ երկու կամ երեք «շառլատանի» խոսքերով կավերվի» {Նույն տեղը, եր. 32:}: Իր մասին շաղակրատող համաերկրացիների մասին նա դիտում էր, ի դեպ, թե դրանց «գլխուն վերան այնքան մազ չկա, ինչքան ես սովորելու, գրելու եւ կարդալու բաներ ունիմ» {Նույն տեղը, եր. 33:}: Այս տողերը ազդանշում են անշուշտ այն պայքարի մասին, որ տեղի ուներ ազգային նեղմտության պատյանի մեջ ծվարած հայ ուսանողներից շատերի եւ ռուս առաջավոր ուսանողության ու կուլտուրական համադեմոկրատական մթնոլորտում մտավոր սնունդ առնող ուսանող Նալբանդյանի միջեւ: Պայքարի այդ մթնոլորտում Նալբանդյանի միտքը հագենում էր ժամանակի լուսավորական գաղափարներով եւ եռանդ ու լիցք ստանում գրական-հասարակական գալիք մարտերում ղեկավար դեր կատարելու համար:
Որ համալսարանական ուսումնառության այս տարիներին, Նալբանդյանը ոչ միայն խորթացած ու կտրված չէր հայրենի միջավայրից, ինչպես նվում էին նրան բամբասող ազգայնամոլ խխունջները, այլ, ընդհակառակը, համառորեն կենտրոնանում ու կոնկրետանում էր հենց: Հայ ժողովրդին վերաբերող խնդիրների շուրջը, այդ մասին ստույգ գաղափար է տալիս մեզ գրաբար լեզվով շարադրված նրա «Յաղագս հայկական դպրութեան ճառ»-ը, որ առաջին անգամ լույս տեսավ միայն հեղինակի մահից երեսուն տարի հետո: Դա գրողի առաջին արձակ այն խոսքն էր, որ ելման կետ հանդիսացավ հետագա նրա հրապարակախոԱսության համար:
Ե՞րբ էր գրի առնվել «Ճառ»-ը: Ուղղակի տվյալներ չկան այդ մասին: Գրվածքի վերջում եղած մի ակնարկից պարզ է, որ «Ճառ»-ը գրվել էր /93/ այն ժամանակ, երբ հեղինակը սովորում էր համալսարանում. «Մի լիցի մեզ ընդ վայր զժամանակն կորուսանել մինչ կարող էաք ի գործ դնել զայն մատենագրութիւն ի նոր լեզու, մանաւանդ զբնական գիտութիւնս որք աւանդեն մեզ ի կայսերական համալսարանին Մոսկվայու. աւելորդ Համարիմք նույնպէս ասել զվասն էր ճառիս ի լեզու էին լինել, սակայն կարեւոր դատիմք խոստանալ, թե վերջինն լինելոց է այս ի մէնջ ի լեզու առաջանոց հայկազանց» {Ե. Լ. Ժ., II, եր. 60:}: Թվելով «Ճառ»-ի գրության ժամանակ լույս տեսնող պարբերականները՝ հեղինակը հիշատակում է մի շարք հայ հրատարակություններ, որոնք հրապարակի վրա էին 1853 թ., բայց չի անում ոչ մի հիշատակություն այն պարբերականների մասին, որոնք սկսեցին լույս տեսնել 1855 թվականին, ինչպես, օրինակ, Խրիմյանի «Արծվի» կամ Ոսկանյանի «Արեւելք»-ի մասին: Հիշատակվում են Նազարյանցի 1853 թ. հրապարակած աշխատությունները, «ի նորումս լոյս տեսած Երեցփոխյանի ռուս-Հայ բառարանը», որ տպվել էր Թբիլիսիում 1854 թվականին: Հիշատակելով Գաբրիել Այվազովսկու անունը՝ Հեղինակը դնում է նրան մխիթարյան վանականների շարքին: Հայտնի է, որ Այվազովսկին պաշտոնապես միացավ հայ-լուսավորչական եկեղեցուն 1856 թ.: Եզրակացնել պետք է այս ամենից հետո, որ «Ճառ»-ը գրվել է 1854—55 ուսումնական տարում:
Գրվածքն ակներեւ է դարձնում երիտասարդ հեղինակի կրած իդեական ազդեցության աղբյուրները:
Չնայած իդեալիստական իր բնույթին, գրականության մասին արծարծված նրա հայացքը ծառանում էր «ժողովրդի ոգուն» հակադարձ ֆեոդալ-արիստոկրատական գրականության, նրա կլասիցիզմի ու էսթետիկ կական կանոնների դեմ։
«Ժողովրդական ոգու» կամ «ժողովրդական գիտակցության» մասին արծարծված նման հայացքի հանդիպում ենք նաեւ առաջավոր ռուս քննադատության մեջ: «Յուրաքանչյուր ժողովրդի գրականությունը,— ասում էր Բելինսկին,— նրա գիտակցությունն է. նրա մեջ արտացոլվում է այդ ժողովրդի «ոգին», նրա «կյանքը», «պատմությունը»: Գրականության աղբյուրը ժողովրդի աշխարհայեցությունն է: «Նա պիտի լինի` արտահայտություն ազգային ոգու եւ ազգային կյանքի» {В. Г. Белинский, Собрание сочинений, под общ. редгкции Ф. М. Головенченко, M., 1948, Т. I, եր. 703, 707, 735 եւ հետ.:}:
Նույն այս ըմբռնումն ունի գրականության մասին նաեւ երիտասարդ Նալբանդյանը.
«Հոգի, որով կեայ ազգն, շնչավորէ զպատմութիւն, եւ սա զբանաս/94/տեղծութիւն, ուրեմն որպիսի ազգ, այնպիսի եւ պատմութիւն, եւ որպիսի պատմութիւնն ըստ այնմ եւ բանաստեղծութիւն», — գրում էր նա {Ե. Լ. Ժ., II, եր. 57: Հարկ ենք համարում նշել, որ Բելինսկու հոդվածների եւ Նալբանդյանի «Ճառ»-ում, ինչպես եւ սույն աշխատության այլ էջերում նշվելիք նրանց հայացքների զուգադիպությունները առաջին անգամ նշել ենք տակավին 1944 թ. օգոստոսի 4-ին՝ Հայկական ՍՍՌ ԳԱ Գրականության ինստիտուտի գիտխորհրդի նիստոմ` մեր կարդացած զեկուցման մեջ:}:
Ելնելով «ժողովրդական ոգու» տեսությունից՝ Բելինսկին մի ժամանակ ժխտում էր անգամ ռուս գրականության գոյությունը: Ռուս գրականության մեջ, ասում էր նա, տակավին չի տրոփում կյանքի սիրտը, նրա մեջ չի երեւում ռուս ժողովրդի աշխարհայացքը, այդ աշխարհայացքի զարգացումը: Ռուս գրականության մեջ բացակայում է ընդհանուր մարդկային բովանդակությունը՝ արտահայտված ժողովրդական ձեւով: Զուր չէ, որ ռուս ժողովուրդն անտարբեր է դեպի այդ գրականությունը, որի լեզուն իսկ հասկանալի չէր նրան, գեթ մինչեւ Կռիլովի եւ Պուշկինի ժամանակները: Եղել է ռուս բանահյուսություն (словесность), բայց բանահյուսությունը դեռ գրականություն չէ: «Այո,— ասում էր Բելինսկին,— եղել է բանահյուսություն, որ կա ամենուրեք, ուր կա բան, լեզու, բայց որը կազմված էր պատահական, իրար հետ ոչնչով չկապված երկերից եւ որի համար, այդ պատճառով, դեռ չկա պատմություն, այլ գուցե միայն գրացուցակ։ Գրականության մեջ կատարվում է ժողովրդական ոգու զարգացումը. գրականությունը ժողովրդի պատմության կարեւոր կողմն է. բանահյուսական երկերում մենք կարող ենք հետեւել միայն լեզվի, բայց ոչ ժողովրդական ոգու զարգացմանը, որ Հայտնվում է նրա մեջ իր անմիջական, այսպես ասած, անարվեստ երեվույթի կայունության մեջ: Բայց մեր բանահյուսության մեջ չի կարելի անգամ հետեւել լեզվի զարգացմանը, որովհետեւ այն չէր արտահայտվում ժողովրդական կենդանի խոսքով, այլ ինչ-որ գրաբարով (книжным наречием), անշարժ ու մեռած» {В. Г. Белинский, նույն տեղը, I, եր. 703:}: Ի՞նչն է այս ամլության պատճառը, հարցնում էր ռուս քննադատը եւ պատասխանում. «Ներքին կյանքի տկարությունը, կենսական բովանդակության տկարությունը, աշխարհականցքի բացակայությունըահա պատճառըՈւր չկան ներքին, հոգեւոր շահագրգռություններ, կյանքի ներքին թաքնված խաղ ու փոխանցումներ, ուր ամեն ինչ կլանված է արտաքին նյութական կյանքի մեջայնտեղ չկա հող՝ գրականության համար, չկա սնող հյութ. այնտեղ մնում է միայն գրել բարձրադղորդ ներբողներկամգրել միայն էլեգիաներ— հուսախաբության աղիողորմ այդ հեծեծանքը …» {Նույն տեղը, եր. 723:}:
/95/ Բելինսկու այս գնահատականը այլ ինչ չէր, քան հանուն նոր, ազգային, ժողովրդական գրականության հին, հակաժողովրդական, ազնըվապետական գրականության դեմ սկսվող պայքարի ազդանշան:
Արձագանքելով ռուս մեծ քննադատին՝ Նալբանդյանը եւս պայքարի ձեռնոց է նետում հին հայ գրականությանը, փոխաբերելով նույն խոհերը Հայ դպրությանն ու նրա ներկայացուցիչներին:
«Ճառ»-ում եւս պատմության սուբյեկտը «ժողովրդի ոգին» է կամ, է Նալբանդյանի տերմինաբանությամբ, «ազգի հոգին»: «Ըստ ազգին,— գրում է նա,— լինի եւ պատմութիւն նորա, որպէս եւ ի պատմութենէ անտի Հակաբերել հարկիմք զորպիսութիւն, զհոգի որ եւ իցէ ազգի, որպէս մասն ինչ ի բոլորին միայն հասկանալ զօրեմք» {Ե. Լ. Ժ., II, Եր. 41:}:
Բելինսկու ըմբռնմանն էին մոտենում նաեւ «Ճառ»-ի գրական| էսթետիկական այն հայացքները, որոնց համաձայն որեւէ ժողովրդի գրականությունը նույն ժողովրդի պատմական կյանքի մասնավոր երեվույթներից մեկն է: Ըստ այդմ՝ գրականությունը բանաստեղծի երեւակայության ծնունդը չէ, այլ դարձյալ «ժողովրդական ոգու» կամ «ժողովրդական գիտակցության» արտահայտությունը, մեկն այն գործոններից, որոնք պատմական շարժման հունով առաջ են մղում ազգերի ու ժողովուրդների կյանքը:
Վեր հանելով հարազատ ժողովրդի «անպատմականությունը», նրա «նյութականությունը»՝ երիտասարդ հայ քննադատը եւս հանգում էր մռայլ եզրակացության նրա արտադրած մտավոր եւ գեղարվեստական արժեքների մասին: «Ճառ»-ի ճակատին նա դնում էր Խորենացու խոսքը՝ «Այլ ինձ թուի, որպէս այժմ եւ առ հինսն Հայաստանեայց լեալ անսիրելութիւն իմաստութեան եւ երգարանաց բանաւորաց»: Կորցնելով լեզուն, կորցնելով «քաղաքական կենդանությունը», ասում է Նալբանդյանը, հայերը կորցրին բանաստեղծական ոգին, թեպետեւ նույնիսկ իրենց «քաղաքական կենդանության» ժամանակ՝ «մինչ զդրացի թագաւորութիւնս ահաբեկ դղրդեցուցանէին»՝ նրանք զուրկ էին դարձյալ բանաստեղծական քանքարից: Չոքած Իրանի, Հունաստանի եւ այլոց առաջ եւ ենթարկված նրանց քաղաքական ազդու հարվածներին՝ հայերը, նույնիսկ Արշակունիների օրոք, այլ ինչ չէին արտահայտում իրենց բանաստեղծությունների մեջ, քան ողբ ու հառաչ, սուգ ու կական: Անբնական կլիներ մտնել մեռնողի տունը եւ պարել, ինչպես հարսանիքում: Նույնպես եւ մուսաները չեն մոտենում մարդկանց, «եթե ոչ շարժեալ ի հանգամանաց եւ ի զօրութենէ գործոյն» {Նույն տեղը, եր. 57:}:
/96/ Դրվատող ու մեծարական խոսք չուներ քննադատը նաեւ միջնադարյան հայ մատենագրության մասին: Ասես երիտասարդ մի արծիվ զոհի վրա իջած՝ գրական խոսքի սուր մագիլներով նա ծվատում է «Հայկական դպրության» կուրծքը:
Քննադատական այս դիտողությունները, որ անում էր երիտասարդ գրողը, հետագայում հանդիպելու էին նաեւ «Մեռելահարցուկ»-ի էջերում: «Մենք չունինք ազգային երգեր,— գրելու էր նա այդտեղ,— չունինք ազգային երաժշտություն, չունինք բանաստեղծություն, որովհետեւ ապրում ենք միմիայն բուսականաբար եւ շնչականաբար: Հավը կորեկ է տեսնում երազում, իսկ հայը՝ նյութ: Հատ ու կոտոր բաներ, որ այժմ անփորձ մարդիկ ազգային են համարում՝ ժողոված են թյուրքից, թաթարից, պարսկից, հույնից եւ ուրիշներից, որոնց ժամանակ առ ժամանակ հպատակեցան հայք … Նոքա ունին միայն մի պայման է համարում են թե դորա մեջ էր ամեն բաներգիչը հայ է: Բայց հայ է միայն նորանով, որ ծնել է Հայ ծնողներից: նորա երգը չէ եւ չէ հայերեն. երեք բառ թյուրքի, թաթարի եւ չգիտեմ ինչի, իսկ հայի մի երկու աղճատված կամ ճղակոտոր բառ: Երգերի կազմակերպությունքը հետեւած թյուրքի ոտանավորներին, հիմնած միմիայն ոտքերի եւ վերջերի նույնականգության վերա, առանց ամենայն մտքի, բովանդակության, խորհրդի եւ բանականության» {Ե. Լ. Ժ., 1, եր. 282:}: «Մուզայք չեն բնակվում Արարատի վերա, — գրելու էր նաեւ Կոմս Էմմանուելը,— այդ քնքույշ արարածքը յուրյանց, անզգուշությամբ վտանգի մեջ կարող էին ձգել յուրյանց անձը սաստիկ մրսելով եւ ջլային տենդ, ստանալով, որ շատ անգամ պատճառում են Արարատի եւ Արագածի մեջ խաղացած սառն հողմերը: Մեք մուզաների բնակարան ճանաչում ենք Պարնասը, այլեւ գիտենք մեր ազգային ավանդությունը, որ Մասյաց ոտքումը կա մի փոս, դժոխք անվանված, ուր շատ անգամ ընկնում են մարդիկ …» {Նույն տեղը, եր. 315։}: Նալբանդյանն արտահայտում էր նույն միտքը նաեւ «Մուսայից մուսային» ոտանավորի մեջ, երբ գրում էր.
Արարատը սառուցապատ
Զըրկրված է կանաչից
Սոխակները հալածված են
Ագռավների սեւ գնդից:
Ակներեւ է այս տողերի հակակղերական սլաքը: Ակնարկը սոխակներին հալածող աբեղայական խավարամտության մասին է անշուշտ: Ապոլլոնը խուսափում է Արարատի սառույցներից, քանի դեռ հայոց աշխարհը փախչում է լույսից: Բայց հավիտենական չէ այս վիճակը:
/97/ Բանաստեղծը հավատացած էր, որ Արարատի քարանձավներից եւ արեւանդներից պիտի դուրս գան մի օր Արտավազդն ու նրան շրջապատող մուսաները, ահեղ ձայնով ու ազդու ներշնչումներով խոսեցնելու Հայաստանի լեռներում ու ձորերում քարացած սրտերի արձագանքը, վառելու հայ լեռնnրդիների հրատոչոր կուրծքը, հուզելու եւ պրկելու նրանց քնարի առույգ լարերը:
Նալբանդյանի ժամանակ հայ բուրժուական ազգի կազմավորումը նոր էր մտնում իր արբունքի շրջանը: Ցաքուցրիվ, տարավիճակ ու տարակենտրոն հայ ժողովուրդը ոչ միայն զուրկ էր ազգային-քաղաքական «անոթից», այլեւ չուներ ազգային-լուսավորական աշխատանքի համար նյութական ու բարոյական ամուր կռվաններ: Չար մի ոգի, դիտում էր Նալբանդյանը, հոշոտում է ու փեռեկտում նրա մարմինը ներքուստ, ինչպես միջնորմ տարանջատելով նրա անդամները՝ ըստ կայքի, տարազի, մտածության եւ, որ ամենից ողբալին է, ըստ լեզվի: Ազնվական, կղեր, վաճառական, քաղաքացի, ուսումնական եւ ռամիկսրանցից յուրա» քանչյուրն ունի իր առանձնահատուկ վերաբերմունքը դեպի ազգային լուսավորությունն ու նրա խնդիրները: Ծագումով ու աստիճանով կտրված ազգի բազմությունից՝ հայ ազնվականը «չգիտէ թէ որոյ ազգի է զաւակ, եւ գիտել չկամի» {Ե. Լ. Ժ., II, եր. 53:}: Կղերը կրոնական անդուլ մոլուցքով մերժում է ամեն մի գիտություն, որ դուրս է գալիս սաղմոսի ու շարականի, սրբազան պատմության եւ դավանաբանական հրահանգների շրջանից: Ուսումնականները (ակնարկը Մ. Էմինի մասին էր անշուշտ, գիտակցում են ազգի կորստյան անխուսափելիությունը, անկարող են արգելք լինել սրան: Դժբախտության աղբյուրը ժողովրդի տգիտությունն է, որ հնար չէ փարատել, քանի դեռ ազգի հեղինակները շարունակում են խոսել նրա հետ «սինեական հայախոսությամբ»:
Միջնադարյան այն հայացքը, որի համաձայն ամեն մի պատուհաս դիտվում էր որպես արդար հատուցում գործած մեղքերի համար, արդեն իսկ 18-րդ դարի հայ առաջավոր մարդկանց՝ Օրիի, Էմինի, Բաղրամյանի եւ Շահամիրյանների մոտ փոխակերպվում էր այն մըտքին, թե ազգի բոլոր դժբախտությունները արդյունք են նրա անդամների քաղաքացիական անմիաբանության: Այստեղ խոսքը, նախ եւ առաջ, ազգային դասակարգերի հակամարտության մասին չէր անշուշտ, այլ հայերի ազգային մասնատվածության, նրանց տերիտորիալ եւ քաղաքական տարանջատվածության: Հայերի տարանջատվածության՝ վերը նշված գործիչները հակադրում էին նրանց ազգային համախմբման, ազգային կոնսոլիդացման իդեալը: Հայ հասարակական մտքի պրոգրեսիվ այս /98/ շրջադարձը հետեւանք էր այն իրադրության, որ հայ ավատական եւ ծխական-եկեղեցական գավառայնության մեջ սկսում էին ծլել ազգային համակենտրոնացման սերմերը եւ հայ կրոնական-դավանաբանական միտքն ընկրկում էր հետզհետե թանձրացող ազգային-քաղաքական ինքնագիտակցության առաջ: Նալբանդյանի «Ճառ»-ը նոր զարկ էր հաղորդում ազգային ինքնագիտակցության հարաճուն այս ընթացքին:
Բայց, ինչպես տակավին չափական իր երախայրիքի մեջ, «Ճառ»-ում եւս Նալբանդյանը չի ընկալում կազմակերպվող հայ ազգությունը իբրեւ միատարր զանգված: Այստեղ եւս նա նշմարում է հայ ժողովրդի սոցիալլական տարբերակվածությունը: Երիտասարդ քննադատը մոտենում է Հայկական դպրությանը ոչ թե կղերա-ֆեոդալական ավանդապահների, այլ լեզվի եւ բանաստեղծության կենդանի աղբյուր հանդիսացող հայ ժողովրդական մասսաների տեսանկյունից:
Սակայն, ինչպես շատերն անդրանիկ հայ լուսավորիչներից, Նալբանդյանը եւս այս պահին հրավիրում էր մեծատուններին՝ ժողովել եւ գգվել ազգի տառապող այդ բազմությունը «հայրական սիրով», իբրեւ ընդհանուր գերդաստանի միաբան որդիներ, որոնց պիտի տրվի սովորելու, լուսավորվելու հնար: Ազգային անմիաբանության գանգատին նա արձագանքում էր նաեւ 1858 թ. «Երազ» ոտանավորի մեջ.
Մեք երկուքս քույր ենք միմյանց անբաժան,—
… … … … … … … … … …
Նա երեցն է, իսկ ես կրտսեր հարազատ
… … … … … … … … … …
Նա ալեւոր Հայաստանի հոգին է
Իսկ իմ անունն էԱնմիաբանություն,
Մեք շատ դարեր անցուցել ենք խռովով
Եվ շատ մարդիկ փոսն են ընկել իմ ձեռքով:
Նկատենք, որ հեղինակին զբաղեցնողը դասակարգերի համերաշխության հոգսը չէր այստեղ, այլ հայ էթնոսի ազգային վերամիավորման խնդիրը, որ առայժմ ենթադրում էր նա լուծել լեզվի, լուսավորության եւ գրականության զենքով: Պատմականորեն, հարկավ, այդ խնդիրն առաջ էր քաշում նաեւ ազգային-պահպանողական կամ ազգային-լիբերալ բուրժուազիան, որի շահերը պահանջում էին ստեղծել եւ ընդլայնել ազգային ներքին շուկա, հաղթահարելով այն մասնատվածությունը եւ տարանջատվածությունը, որ հատկանշական է նատուրալ տնտեսության վրա հանգչող ֆեոդալական հասարակության համար: Բայց միայն բուրժուազիան չէ, որ շահագրգռված էր ազգության գաղա - փարի հաղթանակով, այլեւ լայնահուն հայ դեմոկրատիան: Եվ հարկավ սոսկ ազգային շուկայի մտահոգությունը չէ, որ ղեկավարում էր /99/ սրան: «Ռեւոլյուցիա կատարող դասակարգը,— գրում էին Մարքսն ու Էնգելսը,— հենց միայն այն պատճառով, որ դիմակայում է դասակարգի եւ սկզբից եւեթ ասպարեզ չի իջնում որպես դասակարգ, այլ որպես ամբողջ հասարակության ներկայացուցիչ, նա ներկայացնում է իրեն որպես հասարակության ամբողջ մասսայի արտահայտիչ՝ միակ տիրող դասակարգին հակակշիռ: Այդ տեղի է ունենում այն պատճառով, որ սկզբնապես նրա շահը իսկապես դեռ կապված է բոլոր մյուս չտիրապետող դասակարգերի շահի հետ, եւ մինչ այդ տիրող հարաբերությունների ճնշման տակ դեռ չի ժամանել զարգանալ որպես առանձին դասակարգի առանձին շահախնդրություն» {К. Маркс и Ф. Энгельс, Сочинения, IV, 38}: Ազգի տիրող խավերը պաշտպանում էին իրենց դասակարգային շահերը եկեղեցու փեշերի տակ: Նոր բուրժուական դեմոկրատիան, ընդհակառակը, հենվելով բոլոր մյուս չտիրապետող դասակարգերի վրա, եկեղեցին ստորագրում էր ազգության գաղափարին, եւ տիրող հասարակախավերին հակադրում՝ ազգության հավաքական շահը:
Ազգային` մասնատվածությունը կամ տարանջատվածությունը հաղթահարելու նպատակով լեզվի, գրականության եւ լուսավորության դերը վեր է հանել ժամանակին նաեւ Բելինսկին. «Մեր հասարակության մեջ գերակշռում է տարանջատման ոգին (дух разъединения),— գրում էր նա,— մեր դասերից յուրաքանչյուրն ունի ամեն ինչ իրենը, առանձնահատուկըի՛ր տարազը, ի՛ր շարժուձեւը, իր կենսակերպը, ի՛ր սովորույթը եւ նույնիսկ ի՛ր լեզուն: Սրան համոզվելու համար արժե միայն անցկացնել մի երեկո, որի ընթացքում միմյանց պատահաբար հանդիպելու լինեին չինովնիկը, զինվորականը, կալվածատերը, վաճառականը, քաղբենին, հավատարմատարը կամ կառավարիչը, հոգեւորականը, ուսանողը, սեմինարիստը, պրոֆեսորը, արվեստագործը. զգալով ձեզ մի u:յդպիսի հասարակության մեջ, դուք կարող եք կարծել, թե ներկա եք լեզուների խառնակմանը: Այնքան մեծ է միեւնույն հասարակության տարբեր ներկայացուցիչների միջեւ իշխող տարանջատումը: Տարանջատման ոգին թշնամի է հասարակության, հասարակությունը միավորում է մարդկանց, կաստան տարանջատում է նրանց» {В. Г. Белинский, նույն տեղը, III, եր. 33:}:
Բելինսկին նշում է նյութական կուլտուրայի՝ հաղորդակցության միջոցների, արդյունաբերության ու առեւտրի եւ դրանց զուգընթաց, կրթության, լուսավորության ու ամենից շատ գրականության միարարող ու հավասարարող դերը: «Գրականությունը,— դիտում էր Բելինսկին,— միավորման հենակետ է հանդիսանում մարդկանց, որոնք բոլոր մյուս /100/ կողմերով տարանջատված են ներքուստԿրթությունը հավասարեցնում է մարդկանց: Եվ մեր ժամանակ հազվադեպ է հանդիպել բարեկամական խմբակցության, ուր կգտնվի ե՛ւ տոհմիկ կալվածատեր, ե՛ւ ռազնոչինեց, ե՛ւ առեւտրական, ե՛ւ մեշչանին,— խմբակցություն, որի անդամները միանգամայն մոռացել են նրանց անջատել արտաքին տարբերանքը եւ փոխադարձաբար հարգում են միմյանց մեջ սոսկ մարդուն: Ահա կիրթ հասարակայնության ճշմարիտ սկզբնավորումը, որի աղբյուրը մեզանում գրականությունն է» {Ե. Լ. Ժ., III, եր. 38 եւ հետ»:}: Նալբանդյանը չի դիտում Ժողովուրդը բացառապես միայն որպես լուսավորության օբյեկտ, այլեւ որպես նրա սուբյեկտ: Այդ ակներեւ է «Ճառ»-ի այն էջերից, ուր նա սուր քննադատության է ենթարկում էին հայ դպրությունը եւ ստվերագծում՝ հայ գրականության գալիք օրվա խնդիրները:
Նալբանդյանի խստաչար դատումները թերագնահատում էին «հայկական դպրության» պատմական նշանակությունը: Չի կարելի ասել, թե նրա ժամանակ հայկական երգերի կամ հայ մատենագրության ուսումնասիրությունը խոպան դաշտ էր տակավին: Հրապարակի վրա կար, օրինակ, Մ. Էմինի «Վէպք հնոյն Հայաստանին» ուսումնասիրությունը, որը լույս էր տեսել 1850 թ. Մոսկվայում, ուր զրվել էր նաեւ Նալբանդյանի եւ «Ճառ»-ը: Երկու տարի անց, Մոսկվայում տպվեցին Սայաթ-Նովայի երզերը՝ Գ. Ախվերդյանի ուսումնասիրությամբ ճոխացած: Նալբանդյանը շատ լավ էր հասկանում, որ դժվար է դատել հին հայ ժողովրդական բանահյուսության մասին, որչափ մեր ձեռքն են հասել միայն դրա աննշան բեկորները: Հարություն Կեոկչեյանին ուղղած իր նամակում 1855 թ. նա գրում էր, որ «եւ այս քչիցը, որ մեր ձեռքը հասած է, եզրակացնում ենք, պիտո է անհամար շատ ունենայինք այսպիսի երգեր մեր քաջերի վերա, որոնք կացած էին նահապետական ժամանակներում. պիտո է, որ ունենայինք եւ մեհենական կամ նվիրական երգեր, որովհետեւ դիցապաշտք, արեւապաշտք եւ կրակապաշտք էինք, իսկ ինքն ինքյան դիցաբանությունը բանաստեղծություն է, եւ ինչ հնար կար, որ առանց նվիրական երգերի կատարվեին նոցա պաշտամունքը» {Նույն տեղը, I, եր. 21:}: Նա գիտեր նաեւ, որ իր ժամանակներում իսկ չորացած չէր հայ ժողովրդական բանահյուսության աղբյուրը. «Ամենայն տեղից,— գրում էր նա նույն նամակում,— լսվում են երգերի ձայներ, տեսնվում են առակներ, բանաստեղծություններ, հատված բաներ, որոնք դարձյալ մի գալոց հսկայամարմին նոր Հայախոսության սաղմն են» {Նույն տեղը:}: «Թափառական հրեա»-ի առաջաբանում Նալբանդյանն արդեն անհամաձայն է նրանց, ովքեր անգրասեր էին հա/101/մարում հայերին. նրանց անգրասիրությունը, ասում է նա, հետեւանք է այն բանի, որ գիրը շարունակում է ծառայել աբեղաների պետքերին:
Սակայն Նալբանդյանը չէր մոտենում «Հայկական դպրության» անցյալին որպես գիտուն-վերծանող կամ որպես էսթետ-քննադատ, այլ որպես ազգային-լուսավորության այժմեական խնդիրներ հուզող հրապափակագիր ու մտածող: Այսպես նաեւ Սայաթ-Նովայի երգերը նա գնահատում էր դարձյալ ոչ որպես վերծանող կամ էսթետ, ինչպես շատերը հանճարեղ աշուղի հիացողներից, այլ որպես հայ գրականության արդիական պահանջների արտահայտիչ. նա քննում էր այդ երգերը բանաստեղծությանն առաջադրվող ազգային-լուսավորական ընթացիկ խնդիրների բարձրակետից: Բնական է, որ մոտենալով աշուղին այդ բարձրակետից, թերագնահատվեր նրա սազ ու խաղի արժեքը:
«Հեգելի դիալեկտիկական փիլիսոփայությունը ռեւոլյուցիայի ալգեբրան է,— ասել է Գերցենը,— այն զարմանալիորեն ազատագրում է մարդուն եւ չի թողնում քարը քարի վրա իրենք իրենց վերապրած քրիստոնեական աշխարհից, ավանդությունների աշխարհից» {А. И. Герцен, Былое и думы, I, гл. XXV.}: Սակայն հաճախ իրենք իրենց վերապրած արժեքներ չէ, որ մերժում էր «ռեւոլյուցիայի ալգեբրան»: Մտավոր գարնան հեղեղ էր դա, որ գետին էր գլորում հաստաբուն ծառեր եւ հիմնավոր շենքեր անգամ:
Փաստերի տրամաբանությունից հաճախ զորեղ է պայքարի տրամաբանությունը: Նույն Գերցենը շատ լավ է բացատրել այս երեւույթի իմաստը. «Եթե ռեւոլյուցիան, ինչպես Սատուռնը, ուտում է իր զավակներին, ապա բացասումը, ինչպես Ներոնը, սպանում է իր մորը, անցյալից ճողոպրվելու համար» {А. И. Герцен, П. С. С. и П., под ред. М. Лемке, V, 415.}: «Անցյալից ճողոպրվելու» այս մղումն էր նաեւ Նալբանդյանի բացասման շարժառիթը: Նրան եւս հատուկ է լուսավորիչների մտածության միակողմանիությունը: Հին հայ դպրության այժմեականության ժխտումը նրա մոտ վերածվում էր այդ դպրության պատմական նշանակության բացասման, անգիտանալով, որ անցյալում կուտակված արժեքների դիալեկտիկական բացասման ելակետը պատմության դրական ժառանգությունն է կամ, ինչպես շարունակ շեշտում էր Էնգելսը, «գաղափարների առկա պաշարը»: Պարզապես, իբրեւ իդեալիստ, Նալբանդյանը դեռ անկարող էր զարգացնել բացասման դիալեկտիկան՝ նոր սինթեզի մեջ միավորել պատմական ժառանգության առաջավոր ու պրոգրեսիվ ավանդը:
Պատմականորեն դատելով, նոր խնդիրներն առաջ են գալիս, երբ առկա են արդեն դրանք լուծելու նախապայմանները: Նալբանդյանի /102/ «Ճառ»-ում հայ նոր գրականության խնդիրները առաջանում էին հենց շնորհիվ այն բանի, որ նոր այդ գրականությունը եթե ոչ ստեղծված, գեթ ստեղծվում էր արդեն: Երբ գրվում էր «Ճառ»-ը, Աբովյանն արդեն դրել էր հայ նոր գրականության հիմքերը: Սակայն հրապարակի վրա դեռ չէին երեւացել նրա երկերը: Շոշափելով նոր գրականության խնդիրները, «Ճառ»-ի հեղինակը ի վիճակի չէր նաեւ զբաղվելու նոր գրականության առաջին հասումների (достижения) դրական գնահատականով: Այդ գնահատականները նա ամփոփելու էր ավելի ուշ, գրականքննադատական վերջին իր գործի՝ «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայի մեջ:
Հետագայում, հասարակական կյանքի աշխուժացմանը զուգընթաց, պիտի փոխվեր նաեւ հրապարակախոսի տրամադրությունը, տեղի տալով եթե ոչ անցյալ կամ առկա իրականության, գեթ դրանց զարգացման ընդհանուր տենդենցների օպտիմիստական ընկալման: Պատմության ընթացքը նա դիտում էր արդեն փաստական նյութի քննական ուսումնասիրության եւ հասարակական զարգացման ոչ թե «բանական», այլ «բնական» օրինաչափության լուսարձակով: Օտար գայիսոնների ոտքերի առաջ գետնատարած կամ Արշակունյաց զենքով միայն արտաքնապես եւ ֆիզիկապես միացած, բայց ներքին շաղկապից զուրկ եւ ամբողջապես «նյութականացած» Հայաստանը գրողի գիտակցության մեջ Հայտնվելու էր արդեն որպես հայրենասիրության քուրայում միաձուլված ու ոգիացած մի ժողովուրդ, որը պայքարել ու պայքարում է ազատ իր գոյության ու զարգացման համար: Ճիշտ է, շարունակելով վաղեմի տուրքը պատմական իդեալիզմին՝ Նալբանդյանն ասում էր, թե որչափ Հայաստանի պատմական կյանքը «չէ ունեցել մի կանոնավոր եւ լոգիկական աճելություն եւ կերպարանագործություն, դժար չէ հասկանալոր թե պատմության հայտնի ժամանակներում, երբ քիչ շատ ձեռք ու ոտք ուներ Հայաստանը, մենք չենք ունեցել մի օրինավոր, եվրոպական հասկացողությամբ բանաստեղծություն, այն առասպելական ժամանակների եղածները պիտի լինեին շատ հասարակ եւ խեղճ բաներ» {«Անտիպ երկեր», եր. 148 եւ հետ.:}: Այնուամենայնիվ, հետագա իր գրվածքներում նա բնակելի էր դարձնում Մասիսը նույնիսկ Պառնասի քնքուշ մուսաների համար: Նա ցուցաբերում էր դրական վերաբերմունք դեպի Հայ ժողովրդական ժամանակակից բանաստեղծությունը, ինչպես նաեւ մշակում նոր հայացք թյուրք կամ թաթար լեզվի, երգերի եւ մոտիվների ազդեցության մասին: Նույն այդ ժամանակ երեւան պիտի գար, մասնավորապես, նաեւ նրա դրական վերաբերմունքը դեպի Սայաթ-Նովայի «պատվական գիրքը»: Դրական տպավորություն էր արել նրա վրա, ըստ երեւույթին, նաեւ Ախվերդյանի՝ /103/ այդ գրքին կցված ուսումնասիրությունը: «Ես շատ հարգում եմ մեր հայրենակցի գիտելիքներն ու տաղանդը»,— գրում էր նա Ախվերդյանի մասին {Ե. Լ. Ժ., IV, եր. 197:}: Մտազուսպ խոսքերով էր անդրադառնում նա հիմա նաեւ հին հայ պատմական գրականությանը: Ազգային լուսավորության, գիտության եւ գրականության նահապետ ու նախաշավիղ Մաշտոցին նա համեմատում էր ժողովուրդների օրենսդիր ու նրանց համար փրկության ճանապարհ նշող Մովսեսի հետ: Հեգնում էր պապական ծթռած այն իմաստակներին, որոնք Մեսրոպից բարձր էին դնում Մխիթարին.
Իբր — «Մեսրովբ պարտական է
Սըվազցի Մխիթարին,
Հացեկացցին սկսել է,
Բայց կատարել սըվազցին:
«Երկու տող»-ի մեջ, հերքելով բարեպաշտ այն լեգենդը, թե հայ եկեղեցին է, որ պահպանել է ազգությունը, Նալբանդյանն անում էր կարեւոր մի վերապահություն՝ «Մեր այս խոսքերը, հոգեւորների ընդդեմ, չէ վերաբերվում մեր տոնելի թարգմանիչներին կամ նոցա հետեւող տիոքրագույն մասին»: «Ինքյանք, այդ սուրբ թարգմանիչքը,— հարում էր նա,— աքսորվեցան եւ հալածվեցան մինչեւ ի մահ ընդհանուր հոգեւորականության ձեռքով» {Նույն տեղը, III, եր. 27:}: Այդ կապակցությամբ հիշատակում է Խորենացու, Փարպեցու եւ Խոսրովիկի կրած հալածանքը: Մի այլ տեղ համեմատում է Փարպեցու գիրքը Տակիտոսի «Տարեգրությանց» հետ «թե իր անխորտակելի ոգու եւ թե ճարտարության մասին»: Այս զուգահեռը «պատմագրության Շեքսպիրի» հետ Նալբանդյանն իրավամբ համարում էր ամենամեծ գովքը, որ կարելի է տալ Փարպեցու պատմությանը՝ «առանց վախենալու եվրոպական գիտության դատաստանից»: Ինչ վերաբերում է Խորենացուն, Նալբանդյանը դասում էր նրան Փարպեցուց էլ վեր: «Մի՛ միայն մարդ կա, որ կարող է Փարպեցուց առնուլ նրա առաջնությունը, եւ այդ մարդն է անզուգական Մովսես Խորենացին», — գրում էր նա {Նույն տեղը, եր. 259 եւ հետ.:}: Հիացմունքի խոսքեր ունի նաեւ Եղիշեի մասին տակավին հայկական դպրության մասին գրած «Ճառ»-ում, համեմատելով Վարդանանց էպոսյեայի պատմագրողին Ոսկեբերանի հետ եւ վեր հանելով առողջ ու կենդանի հայեցության հետ լծորդված նրա զվարթ ու պայծառ ոճը: Նկատեցեք, սակայն, որ մեծարելով «դասական» շրջանի մեծ գրողներին, Նալբանդյանը լռությամբ է անցնում «միջնադարյան» հեղինակների մոտից: Նրա «ընկալումների» եւ «մերժումների» մեջ նկատելի է, այսպիսով, որոշ մեթոդ:
/104/ Հակառակ ազգային ռոմանտիկ այն փողահարներին, որոնց սիրտը թունդ էր ելնում անցյալի հուշերից եւ որոնք ազգի «հնությունն» ու «ազնըվությունը» դարձնում էին միջոց ներկա նրա ամլությունն ու անշարժությունն արդարացնելու համար, Նալբանդյանը ելնում էր ազգի ներկա կայքից ու պահանջներից՝ անցյալը վերագնահատելու եւ նրանից ներկայի վերակառուցման համար դասեր առնելու նպատակով: Նա չէր ցանում իր խոհերը կորդ հողի վրա: Ինչպես արդեն դիտեցինք, հայ դպրության պատմական տեսությունը նա հարակցում էր գրականության այժմեական խնդիրների լուսաբանությանը եւ այդ նպատակով անդրադառնում նաեւ նրա անցյալին: «Ճառ»-ի հեղինակը փորձում էր իմաստավորել հայ կյանքի ու գրականության երեկը, շոշափել այդ կյանքի զար», կերակը՝ նրա տկարությունը որոշելու եւ նրա ապագա զարգացման «բնական», «լոգիկական» շավիղների նշումով լուսավորության եւ գիտության ճանապարհներ հարթելու համար: Այստեղից էր հենց ծայր առնում նրա դատումների խստաբարությունը, նրա մոտ նաեւ հետագայում հանդիպող այն հիպերբոլան, թե «ազգի անդաստանում հինգ հատ ցորենաբույս չկա, բայց փուշ ու որոմ՝ բյուրավոր), կամ նրա այն խոսքը՝ թե ազգի մատենագրության չքավորությունը բարձրացած է մինչ ի «Կոկիսոն հայոց»:
Քննադատելով հին մատենագիրներին, Նալբանդյանն աչքի առաջ ուներ նրանց դափնիների վրա հանգստացող կղերական կամ կղերամիտ հայկաբաններին, որոնք աշխարհայացքի ու մեթոդի տեսակետից հեռու չէին միջնադարյան աբեղաներից: ու վեր հանելով ազգային բանաստեղծության վրա օտար իշխողների, ունեցած քայքայիչ ազդեցությունը, Նալբանդյանի նպատակն էր արծարծել հայ ժողովրդի այն շարժումը, որ պիտի բարձեր ազգի պարանոցից միջնադարյան անցյալի անուրը: Նրա ձգտումն էր՝ վառել ժամանակակիցների սրտում ազգային-քաղաքական անկախության տենչ, բորբոքել նրանց երակներում ստեղծագործական եռանդ: Մերժելով կորագլուխ ու բերանփակ ազգասիրությունը՝ նա հուզում էր անցյալի մռայլ ստվերները ազգի պայծառ ապագան լուսավորելու համար: Քննադատական էլեգիայի «միակողմանության» մեջ հայտնվում էր մարտնչող հրապարակախոսության ստրատեգիան՝ նախ տարանջատել, ապա միավորել: Վերջին հաշվով՝ «Ճառ»-ի գրության շարժառիթն իսկ ծայր էր առնում հեղինակի մարտական պրակտիկայից: Ազգի իշխանավորներից կրած հալածանքն ու նրանց դեմ վարած համառ կռիվն իմաստավորելու համար էր հենց, որ զբաղվում էր նա անցյալի հարցերով: Որչափ ազգի տիրողներն իրենց հեղինակությունը հիմնավորելու համար դիմում էին պատմական եւ տրադիցիայի սանկցիային, փորձելով արդիական մանր /105/ գործերը սքողել անցյալի մեծ ստվերներով, անհրաժեշտ էր անդրադառնալ հենց այդ անցյալին, որոշել նրա արժեքը արդիական տեսանկյունով: Պատահական չէ նաեւ, որ սկսնակ հրապարակագրողը կանգ առավ, նախ եւ առաջ, հայկական դպրության գնահատականի վրա: Չէ՞ որ դա էր հենց մեծ այն ժառանգությունը, որ շահարկում էր հայ կղերը պատմական իր ինքնարդարացման համար:
Ողբերգական իր որոնումների վերջին էտապում, 1846 թ., Աբովյանն ուղղվում էր Մ. Էմինին այսպիսի տողեր. «Սխալ է, որ ազգ մեր ուսումնատեաց համարի՝ ամենայն ուսումն եւ կարգադրութիւն պարտի Համապատասխանիլ վիճակի եւ կարեաց ժողովրդեան» {Մ. Էմին, Երկասիրություններ, Մոսկվա, 1898, հավելված, եր. 246:}:
Նալբանդյանը սկսում էր այն տեղից, ուր վերջակետ էր դրել Աբովյանը: Գրականությունը, ասում է նա, պետք է լինի ոչ միայն ժողովրդի համար, այլեւ նրա միջոցով: Գրողը, լուսավորիչը, անգամ եթե նա պատրաստ է զոհ բերելու իր անձը ժողովրդի լուսավորության գործին, անկարող պիտի լինի հասնել արդյունքի, եթե նրան աջակից եւ լծակից չէ ժողովուրդը, պնդում է «Ճառ»-ի հեղինակը: Այս ոչ միայն նշանակում էր, թե հիմնականում միայն ժողովուրդը կարող է ապահովել գրական գործի եւ ազգային լուսավորության նյութականը, այլեւ այն, որ ե՛ւ հեղինակը, ե՛ւ ժողովուրդն ունենալու են մտահոգության միեւնույն նպատակը՝ ազգային լուսավորությունը։ «Հեղինակն առանց ժողովրդեան եւ ժողովուրդն առանց հեղինակի չզօրեն ինչ առնել, այլ միացեալ ի կամս եւ հոգի՝ բազում ինչ ի լուսավորութիւն համազգեաց» {Ե. Լ. Ժ., II, եր. 59:},— գրում էր նա: Այս կապակցությամբ է հենց, որ Նալբանդյանը դատապարտում էր ժողովրդին անհասկանալի գրաբարագիր գրականությունը եւ ազգության պատկերն աղճատող օտարաձայն բանաստեղծությունը:
Նոր գրականության համար Նալբանդյանը առաջ էր քաշում ռեալիստական էսթետիկայի հիմնական սկզբունքներից մեկը: «Բանաստեղծութիւնն,— ասում էր նա,— հայելի իմն է, յորում ցոլանան շառաւիղք կենդանութեան ազգի» {Նույն տեղը, եր. 57:}: Այստեղ եւս զգացվում է Բելինսկու հզոր շունչը: Նույն ազդեցությունն ենք տեսնում նաեւ «Ճառ»-ի այն տողերի մեջ, ուր մատնանշելով ռուս կլասիկների հմայքը՝ հեղինակը ոչ միայն նրանց լեզվի արդյունք է համարում այդ, այլեւ «նրանց բանաստեղծական գեղեցիկ մտաց»:
Մեջ բերելով անվանի «մի հնասերի» (կարծում ենք՝ ակնարկը վերաբերում էր Մ. Էմինին) իրեն հայտնած կարծիքն այն մասին, թե գրաբար լեզուն հայերի համար ունի նույն քաղցրությունը, որպիսին ռուս լե/106/զուն Ժուկովսկու, Պուշկինի, Լերմոնտովի եւ Գոգոլի ստեղծագործությունների մեջ, Նալբանդյանն արձանագրում է նաեւ այն առարկությունները, որ արել էր այդ հնասերին ինքը: Նախ, ասում է նա, չհասկանալով հին լեզուն՝ հայ ժողովուրդը անկարող էր հրճվել ու զվարճանալ նրա գեղեցկություններով: Եվ ապա, շեշտում է նա, հոգեկան այն զվարճությունը, որ պատճառում է ընթերցողին ռուս մատենագրությունը, առաջանում է ոչ միայն ռուս գրական լեզվի հորդությունից ու ճոխությունից, այլեւ բանաստեղծական գեղեցիկ մտքերից, որոնք բացակայում են մեզ մոտ {Ե. Լ. Ժ., 11, եր. 58:}:
Ժողովրդական կենդանի, բուռն ստեղծագործական շարժում առաջացնելու մտահոգությամբ է, որ մերժում էր Նալբանդյանը հին հայ դպրության՝ ժողովրդին անհասկանալի դարձած լեզուն ու աբեղայական գաղափարախոսությունը, հայկական երգերի ողբ ու հառաչը, սուգ ու վայունները: «Զի ողբք եւ հառաչանք, լաց եւ արտասուք ոչ երբէք կարեն առաջնորդել յանվեհերութիւն եւ ի քաջութիւն, այլ միակ եւ եթ ի կորուստ, այն է ի կնաբարոյ վեհերոտութիւն, որ համարի մահ քաղաքական կենդանութեան», — գրում է «Ճառ»-ի հեղինակը {Նույն տեղը, 57:}: Ընթերցողի առաջ ուրվագծվում է նորից հարազատ ժողովրդին ազգային-քաղաքական ինքնագիտակցության հրահրող Նալբանդյանի դիմաստվերը:
Անհայտ պատճառով Նալբանդյանի գրական-հրապարակախոսական անդրանիկ փորձը չհրապարակվեց ժամանակին եւ, հետեւաբար, չգտավ որեւէ արձագանք: Տարապայման ուշաբարձությամբ քերում-անցնում էին «Ճառ»-ի մոտից նաեւ հետագայում, երբ արդեն լույս էր տեսել այդ գործը: Մինչդեռ գրական այդ հուշարձանը կարեւոր մի նշանաձող էր ոչ միայն հրապարակախոսի կենսագրության, այլեւ հայ հասարակական մտքի պատմության համար: Նշանավոր մի երկ էր այդ, որ նշում էր հայ դեմոկրատական մտքի եւ նրա խիզախ ղեկավարի գժտումը ազգային իշխող մտայնության ու հասկացությունների հետ:
Բելինսկու ներշնչումների դրոշմը կրող իր այդ երկում արծարծելով այն միտքը, թե «կորուստ լեզուին, կորուստ քաղաքական կենդանութեան եղեալ է պատճառ կորստեան բանաստեղծական հոգւոյ առ հայս» {Նույն տեղը, 56:}, Նալբանդյանը կամենում էր, որ աշխարհիկ լեզվով եւ աշխարհիկ ոգով ստեղծվելիք հայ նոր գրականությունը հայ ժողովրդի առաջ ճանապարհ արթի դեպի նրա ազգային-քաղաքական կենդանությունը:
/107/ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏ. ՆԱԶԱՐՅԱՆՑԻ ՀԵՏ
Ծանոթություն եւ համերաշխություն Ստ. Նազարյանցի հետ: Տարաձայնության սաղմեր։ Չափածո եւ արձակ գրչափորձեր նոր գրալեզվով: «Թափառական հրեա»–ի առաջաբանի լուսավորական պրոգրամը: Գրականության աշխարհականացման պահանջ: Հրատարակելիք պարբերականն ու նրա ուղղությունը: Մխիթարյան եւ լուսավորչական ռեակցիայի իդեական ընդհանուր ճակատը:

Համալսարանական ուսումնառությունից եւ ռուս հասարակական առաջավոր մտքի ներշնչումներից զատ «Յաղագս հայկական դպրութեան ճառ»-ում Նալբանդյանը մի հայտնի չափով ընդառաջում էր պրոգրեսիվ այն հայացքներին, որոնք նրանից անմիջապես առաջ մշակել ու արտահայտել էր Ստ. Նազարյանցը:
Տեսանք, որ արդեն 1853 թ., այն տարում, երբ սկսվեց Նալբանդյանի մոսկովյան աղմկածուփ կյանքը, նա եւ Նազարյանցը միացած ճակատով էին դիմադրում Ներսես Աշտարակեցուն ու նրա արբանյակներին: Նույն այդ տարում էլ երեւի տեղի էր ունեցել Նալբանդյանի հանդիպումը Նազարյանցի հետ, որին նա, ինչպես վկայում էր հետագայում, այցի էր գնացել «որպես հայերի մեջ հայտնի գիտնական» {«Անտիպ երկեր», եր. 14:}: Հետագա նրանց հանդիպումները ստացան գործակցության բնույթ, եւ դրան նախապես նպաստեց երկուսի գործունեությունը Լազարյան ճեմարանում, ուր Նազարյանցը վարում էր պարսկերեն լեզվի եւ գրականության պրոֆեսորի պաշտոն:
Երբ տեղի ունեցան Նալբանդյանի եւ Նազարյանցի առաջին հանդիպումները, վերջինս իրոք արդեն հայտնի անուն էր հայերի մեջ: 40-ական թվականների կեսերին Նազարյանցը հրապարակել էր հայ մատենագրության պատմությանը նվիրած ռուսերեն իր աշխատությունները, ուր պատմությունից առավել ուշադրության արժանի էին անցյալի տեսության հետնախորքի վրա նրա քննական խորհրդածությունները /108/ հայ նոր գրական լեզվի եւ հայ նոր գրականության այժմեական հարցերի մասին: Ավելի հանգամանորեն արծարծեց նա այդ հարցերը 1851 թ. հրապարակած գրաբարագիր «Ցաղագս փորձական հոգեբանութեան ճառ»-ի եւ 1853 թ. լույս ընծայած «Վարդապետարան կրոնի» աշխարհաբար գրքի առաջաբաններում: Նույն տարում տպվեց նրա «Առաջին հոգեղեն կերակուր» աշխարհաբար ձեռնարկը մանուկների ուսուցման համար: Որչափ գիտության եւ գրականության ասպարիզում նույն այդ պահին Նալբանդյանը հազիվ էր դեռ անում առաջին իր քայլափոխերը, հասկանալի է, որ անվանի գիտնականը մի առժամանակ կարող էր ստանձնել նրա հանդեպ «հովանավորողի» դեր:
Պիտի կարծել, որ Նալբանդյանը ծանոթ էր Նազարյանցի գրվածքներին նախքան անմիջական հանդիպում ունեցավ նրա հետ: Նազարյանցի 1851-1853 թ.թ. տպագրած գրքերի վրա իբրեւ գրաքննիչ նշված է Նախիջեւանի եւ Բեսարաբիայի ու Քիշնեւի թեմակալ Մատթեոսը: Եթե նկատենք, որ Մատթեոսը շարժվում էր Նալբանդյանի խորհուրդներով, հեռու չի լինի հավանականությունը, որ առաջնորդի քարտուղարը եղել էր ոչ միայն այդ գրքերի առաջին ռեցենզենտը, այլեւ դրանց տպագրության փաստական թույլատրողը: Հնարավոր է, որ այդ կապակցությամբ առաջնորդական քարտուղարի եւ Նազարյանցի միջեւ գրագրություններ էին եղել տակավին 1851-1853 թ.թ.: Թերեւս մասամբ հենց այստեղ էլ Հասկանալի է ջերմ այն պաշտպանությունը, որ վերջինս ցույց տվեց Նալբանդյանին 1854 թ. սկզբներին՝ նրան կալանքից ազատելու գործում։ Իր հերթին, անշուշտ, Նազարյանցին էր արձագանքում Նալբանդյանը, երբ Լազարյան ճեմարանի աշակերտներին տալիս էր «հայերեն մտածելու» հրահանգ: Իր «Փորձական հոգեբանութեան» մեջ Նազարյանցը պաշտպանում էր այն միտքը, թե «Յորոյ ազգի լեզու մտածէ եւ խօսի ոք, ի համարի ասի լինել նորին իսկ ազգի, եւ լեզու է, որ զատանէ ազգ յազգէ, որպէս դարձեալ նա է, որ կապակցէ մարդիկ յազգ» {Ստ. Նազարյանց, Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ, Մոսկվա, 1851, յառաջաբան, եր. Բ: Հմմ., մանավանդ, նույն տեղը, եր. ԺԵ եւ հետ.:}։ Նազարյանցը շեշտում էր լեզվի եւ նրա քերականության մտերիմ կապը` մտածության հետ {Նույն տեղը, եր. 37 եւ հետ.:}:
Նալբանդյանի «Ճառ»-ում մեծարանքով է խոսվում անվանի գիտունի մասին, վեր հանելով նրա լեզվական ու գրական մի քանի հայացքներն ու համակրանքով հիշատակելով նրա հրատարակած հայերեն աշխատությունները, եւ կասկածից դուրս է Նազարյանցի ազդեցությունը: Նալբանդյանի նշանավոր այդ երկի վրա:
Արդեն իսկ այդ աշխատության վերնագիրն էր արձագանքում Նա/109/զարյանցի «Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ»-ին: Սակայն վերնագրից ավելի շոշափելի են Նալբանդյանի «Ճառ»-ի վրա Նազարյանցի գրչի թողած հետքերը:
Տակավին 1895 թ. «Գրական եւ պատմական հանդես»-ում հրապարակելով Նալբանդյանի «Ճառ»-ը, Մ. Բարխուդարյանը արել էր այն դիտողությունը, որ Նալբանդյանի «ձեռագիրը փոփոխվել է հանգուցյալ Ս. Նազարյանը եւ լուսանցքում արել է բազմաթիվ նկատողություններ»: է Նալբանդյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի կոմենտարների մեջ տեքստ կազմողը, առանց համոզիչ փաստարկման, եկել է այն եզրակացության, թե «Ճառ»-ի բնագրի վրա կատարված «ուղղումներից եւ ոչ մեկը, ոչ մի բառ տառացիորեն, չի պատկանում Նազարյանցին»: Դժբախտաբար, «Ճառ»-ի բնագիրը Նազարյանցի ձեռագիրների հետ համեմատելիս մենք հանգեցինք այլ եզրակացության: Ձեռագրի լուսանցքներում եւ հաճախ նաեւ Նալբանդյանի գրած էջերի վրա կատարված բազմաթիվ խմբագրումները կատարված են ոչ թե Նալբանդյանի, այլ Նազարյանցի ձեռքով {Մեզանից անկախ, նույն համոզմանը հանգել է, ինչպես տեղեկացանք, նաեւ «Ճառ»-ի հետազոտությամբ զբաղված ընկ. Մ. Ավդալբեկյանը:}: Նույն եզրակացությանն են բերում մեզ նաեւ այլ կարգի դիտողությունները: Այսպես, օրինակ, «Ճառ»-ի մեջ Նալբանդյանը հիշատակում է Schleiden ազգանունը՝ ռուսերեն արտասանությանը համապատասխանող «Շլեյդեն» տրանսկրիպցիայով: Ձեռագրի վրա փոփոխություններ կատարող գրիչը ջնջել է «Շլեյդեն» անունը եւ դրել դրա տեղը «Շլեյդըն»: Այդպիսի ուղղում կարող էր անել մեկը, որ քաջ ծանոթ էր գերմաներեն լեզվին ու արտասանությանը, որպիսին եւ էր, ինչպես հայտնի է, Նազարյանցը:
Պարզ է, որ հնարավոր չէ. «Ճառ»-ի հիման վրա ճիշտ պատկերացում մշակել Նալբանդյանի եւ Նազարյանցի հայացքների նույնությունների կամ տարբերությունների մասին, եթե նախապես չես վերականգնում այդ երկի նալբանդյանական սկզբնագիրը {Այս հանգամանքի անտեսումը արդեն պատճառ է դարձել գիտական որոշ թյու:րիմացությունների: Նորերս լույս ընծայած իր «Микаел Налбандян и вопросы языка», Ереван, 1955, ընդհանրապես շահեկան աշխատության մեջ բանասեր Խ. Սարգսյանը, ջանալով բացահայտել Նալբանդյանի եւ Նազարյանցի հայացքների բախման ակունքները՝ տակավին «Ճառ»-ի գրության ժամանակներից, երբեմն վերագրում է Նալբանդյանին մտքեր, որոնք փաստորեն ոչ միայն պատկանում են Նազարյանցին, այլեւ արձանագրված են նույն իսկ «Ճառ»-ի էջերում Նազարյանցի գրչով: Պիտի ընդհանրապես դիտենք, որ Նազարյանցի մտցրած «փոփոխությունները» կա՛մ քերականական ու փաստագրական ճշտումների բնույթ ունեն, կա՛մ թե հանդիսանում են այնպիսի դիտողություններ, որոնք միայն լրացնում էին կամ արծարծում Նալբանդյանի հայտնած այս կամ այն միտքը:}:
/110/ Անկախ այս ամենից՝ քննելով Նալբանդյանի «Ճառ»-ը Նազարյանցի գրական-լեզվական հայացքների հետ նրա ունեցած առնչությունների կամ տարբերությունների տեսանկյունից, պիտի դիտենք, նախ, որ Նս:զարյանցի պահանջն էր պաշտպանում Նալբանդյանը, երբ հակադրվելով գրաբարյաններին՝ ասում էր, թե գրական երկը պիտի` գրված լինի այնպես, որ հասկանալի լինի ընթերցողին: «Խօսողին պիտի լսող եւ հասկացող, ուրեմն եւ խօսողն պարտի խօսիլ ի լեզու հասկանալի, այլ թէ ոչ՝ ասողն լիցի խուժ եւ լսողն դուժ» {Ե. Լ. Ժ., II, եր. 42:}, — գրում էր Նալբանդյանը մի ոճով, որ Նազարյանցին է հիշեցնում: Ի դեպ է ասել, որ գրաբարի հունաբան «աղավաղումների»՝ «Ճառ»-ում հանդիպող տեսությունը ամբողջովին։ գրված է Նազարյանցի ձեռքով {Նույն տեղը, եր. 13 եւ 15:}: Արձագանքելով Նազարյանցի այդ տեսությանը, Նալբանդյանն ասում էր, որ հին լեզուն սկսել էր մեռնել արդեն իսկ հինգերորդ դարում, թարգմանչաց ժամանակ: Ներկայիս նա վաղուց արդեն մեռած է եւ դրված գերեզմանի խորքում: Նալբանդյանը եւս պահանջում էր ընթերցողի ձեռքը տալ գրականության գոց դռների բանալին, կիրառել որպես գրական լեզու ժողովրդին հասկանալի աշխարհաբարը: Այդ լեզուն է, շեշտում էր նա, որ պիտի շինվի եւ մշակագործվի հեղինակների ջանքով, դառնա «գործարան ազգային լուսավորութեան» {Նույն տեղը, եր. 45:}: Նազարյանցի պես Նալբանդյանը եւս պահանջում էր, որ աշխարհաբարը գործադրվի միաժամանակ, իբրեւ դպրոցական լեզու, «զի կենդանի բարբառ ուսուցչին այլապէս գիտէ ներգործել ի սիրտ եւ ի հոգի աշակերտին քան թե գրուածքն լոկ» {Նույն տեղը:}: Այս այն սկզբունքն է հենց, որ կիրառում էր Նալբանդյանը Լազարյան ճեմարանում հայոց լեզու դասավանդելիս:
Նազարյանցի «Վարդապետարան կրոնի» աշխատության առաջաբանում արծարծված միտքն էր կրկնում Նալբանդյանը, երբ ասում էր, թե «Քաջ գիտեմք եւ չիք յայսմ տարակոյս, եթէ զկենդանութիւն ազգին պահեն թագաւորութիւն, կրօնն ու լեզուն. առ մեզ կորուսեալ է առաջինն եւ չիք յայժմուս. մնայ ուրեմն ապաստանիլ ի կրօնն եւ ի լեզուն» {Նույն տեղը, եր. 42 եւ հետ.:}:
Մասնավորապես, Նազարյանցի գրչով է արձանագրված «Ճառ»-ում արված այն լրացումը, ուր ասված է, թե «գաւազան իշխանութեան է, որ հովանաւորէ եւ զգիտութիւն եւ զուսումն ազգի. եւ ոչ ուրեք ծաղկեցան իմաստութիւնք առանց ազգային պետութեան» {Նույն տեղը, եր. 14:}: Նազարյանցի հանրածանոթ դրույթին էր արձագանքում Նալբանդյանը, երբ շեշտում էր, թե կորդացած /111/ հայ իրականությունը կարիք ունի շատ եւ շատ մշակութեան «լոյս առեալ առ հասարակ եւրոպականաց փորձութենէ». եւ կամ՝ երբ ասում էր, թե եվրոպական օրինակներով պիտի բեղմնավորվի ազգային լուսավորությունը, պատմագրությունն ու բանաստեղծությունը:
Հավանորեն Նալբանդյանը ոչ միայն ծանոթ էր, այլեւ իր աշխատության մեջ աչքի առաջ ուներ Նազարյանցի ռուսերեն գործերը, երբ հույս էր հայտնում, թե հայ հայրենասերները միջոց կտան «գիտնավոր եւ քան բազումս արժանի» այդ հեղինակին գրել նաեւ հայոց պատմության ձեռնարկ՝ դիմակայելով Չամչյանի «խառնուփնթոր» պատմությանը:
Պիտի դիտենք ի դեպ, որ հին հայ պատմագրության «աբեղայական» ուղղության մասին «Ճառ»-ում ձեւակերպած առավել սուր մտքերը գրված են ամբողջովին Նազարյանցի գրչով:
Սխալ կլիներ, այնուամենայնիվ, կարծել, թե վերը բերված մտքերով՝ Նալբանդյանը համերաշխ էր միայն Նազարյանցի ասածին կամ արածին: Նա հնարավորություն ուներ յուրացնելու գրական նոր լեզվի մասին պրոգրեսիվ հայացք տակավին Պատկանյանին աշակերտելիս: Տեսանք, որ աշխարհաբարը որոշ տեղ էր գրավում Ճեմարանի գործնական կյանքում, նախքան Նազարյանցի ու Նալբանդյանի հանդիպումն ու համատեղ գործունեությունն այդ հիմնարկում։ Նազարյանցի աշխատությունների ու մոքերի անմիջական ներշնչումը կարող էր միայն ընդարձակել երիտասարդ Նալբանդյանի տեսադաշտը, ամրակայել նրա հայացքների տեսական հիմքերը, տալով նրա ձեռքը նոր լեզվի պաշտպանության գիտական արգումենտներ:
Համազգային լեզվի շինարարության պահանջը Նալբանդյանը ժառանգել էր Գ. Պատկանյանից: Նոր գրական լեզուն Գ. Պատկանյանը հսմարում էր «հասարակաց» համազգային լեզու: Նրա աշխարհաբարն իսկ մի խառնուրդ էր գրաբարի եւ արեւելյան ու արեւմտյան գրալեզուների: Ծրագրելով Նոր-Նախիջեւանում բացվելիք դպրոցի դասացուցակը՝ նա պահանջում էր ուսուցանել աշակերտին «աշխարհաբարի գլխավոր ճյուղերը, որ կարող լինի ամեն գավառների հայերու հետ գրավոր կամ բանավոր հաղորդակցություն անել առանց դժվարության, որովհետեւ առեւտըրի մեջ ամեն գավառների համազգյաց հետ կարող է պատահել հարաբերությանց հարկավորություն՝ վաճառականության ամեն կողմը տարածվելու պատճառով: Սակայն, որովհետեւ ազգը սկսել է ցույց տալ յուր ընթերցասիրության սփոփարար առհավատչյայք, հուսալի է, որ զկնի սակավ ժամանակի, ազգի մեջ տիրապետի միայն մեկ պարզ եւ դյուրահասկանալի լեզու» {Վերջը կիմանաք, նույն տեղը, եր. 105:}։
Մանկավարժ չոր լեզվաշինական ռեցեպտը կիրառեց բանաստեղծ /112/ որդին: Գամառ-Քաթիպայի առաջին երգերի բառամթերքն ու ստուգաբանությունը գերազանցորեն գրաբար էին, քերականությունը՝ գրաբար, լեզուն՝ արեւելյան եւ արեւմտյան խառն մի աշխարհաբար {Տե՛ս Գ. Վանցյան, Պատմական քերականություն արեւելահայ լեզվի, Թիֆլիս, 1906, եր. 23:}: «Մենք պետք չէ շինենք լեզուն, — գրում էր Ռ. Պատկանյանը,— լեզուն կա եւ այնքան պատրաստած եւ կոկած է ազգի բերնումը, որ առանց դժվարության կարող է մեր գաղափարները հայտնելուՄենք գրողներս ջանք պիտի դնենք հավաքել ծակուծուկերից ազգային կենդանի, խաղացկուն պարբերությունները եւ նոցանով կամ նոցա կազմության հետեւելով շինել ամբողջ հոդվածներ, գրքեր» {«Մուրճ», 1905, N 2—3, եր. 92։}: Այս միտքը հետեւում էր Ռ. Պատկանյանի ընձեռած կարամզինյան «Գրի՛ր այնպես, ինչպես խոսում ես» սկզբունքից, որով շեշտվում էր գրական լեզվի ժողովրդայնության պահանջը, բայց անտեսվում նրա համազգայնության կարեւորությունը: Գրական լեզվի ժողովրդայնությունը չի նշանակում, թե այն պիտի նատուրալիստորեն ընդօրինակի ժողովրդի խոսակցական լեզուն կամ դառնա ժողովրրդական բարբառների խառնափնթոր պատճեն: Գրական լեզվի խնդիրը լուծելու համար ճիշտ կլիներ ելնել ոչ թե Կարամզինի, այլ Պուշկինի հայեցակետից: Շեշտելով գրական լեզվի առանձնահատկությունը, մեծ պոետը հարցնում էր. «Կարո՞ղ է արդյոք, գրական լեզուն միանգամայն նման լինել խոսակցականին», եւ պատասխանում. «Ոչ, այնպես, ինչպես նաեւ խոսակցականը երբեք չի կարող միանգամայն նման լինել գրականինԳրական լեզուն մերթ ընդ մերթ կենդանանում է խոսակցության մեջ ծնունդ առնող արտահայտություններով, բայց չպիտի հրաժարվի դարերի ընթացքում ձեռք բերածից: Գրել միայն խոսակցական լեզվով, նշանակում է չիմանալ լեզուն»: Ըստ էության, պուշկինյան այդ սկզբունքն է, որ պաշտպանելու էր հայ գրական լեզվի խնդրում նաեւ Նալբանդյանը:
Նալբանդյանի աշխարհաբարը սկզբնապես-ազդված էր գրաբարի քեիրականությունից: Սակայն պաշտպանելով արեւելահայ եւ արեւմտահայ գրական լեզուների միավորման տեսակետը՝ Նալբանդյանը խուսափեց խնդրի պարզունակ լուծումից: Նա սահմանազատվեց Պատկանյաններից թե՛ տեսականորեն եւ թե՛ գործնականապես: Պատկանյանների գրական լեզուն գրաբարի եւ բարբառների մեքենայական խառնուրդ էր, մինչդեռ Նալբանդյանը ձգտում էր աշխարհաբարի մշակմանն ու օրգանական միասնությանը: Գամառ-Քաթիպայի թարգմանած «Ռոբինզոն»-ի քննադատության մեջ Նալբանդյանը մատնանշեց նրա լեզվի բացասական կողմը՝ տարբեր բարբառների ու գրալեզուների խառնափնթոր կիրառու/113/մը, որով խախտվում էր համազգային լեզվի ձեւի եւ բովանդակության միասնությունը: Նալբանդյանի կամեցածը բարբառների կամ գրական լեզվաճյուղերի կամայական միակցում չէր, այլ նրանց բնական սինթեզը: Հիմք ընդունելով բարբառները՝ նա առաջին հերթին ենթադրում էր գրական լեզվի սեփականություն դարձնել լեզվական այն տարրերը, որ հատուկ են հանրահայտ բարբառներին եւ համապատասխան նոր գրալեզվի եւ նոր ժամանակի պահանջներին: Շոշափելով արեւմտահայ եւ արեւելահայ գրական «բարբառների» միավորման հարցը, նա գրում էր հետագայում. «Պիտի կարողանայի՞ն այդ երկու բարբառքը երբեւիցե իսպառ միանալ, այդ չենք համարձակվում պնդել, բայց այսքանը անմերժելի է, որ շատ եւ շատ կարող էին մոտենալ. այսքանը անժխտելի է, որ առանց ընդհանուր միության լեզվի՝ ունայն երազ է հասարակաց ազգի առաջ գնալը» {Ե. Լ. Ժ., III, եր. 338 եւ հետ.:}:
Նկատենք, որ «Արարատ»-ի լեզվին անհավան էր նաեւ Նազարյանցը: Տակավին 1851 թ. էր գրում նա, թե «Աշխարհիկ հայախոսութիւն Արարատ լրագրի զոր հրատարակի ի Տփխիս Հ. Գաբրիէլ Պատկանեանց, չէ այո պարսավելի բայց անկանոն յոյժ եւ խառն ընդ գրոցն ոճոյ, այլ եւ յաղթահարեալ ի տեղական բարբառոյ, թող զչքաւորութիւն բանից բովանդակութեան» {Ստ. Նազարյանց, Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ, յառաջաբան, եր. 7, Գ ծանոթություն:}:
Իր հերթին Ռ. Պատկանյանը կկամենար սրբագրել Նազարյանցի եւ Նալբանդյանի լեզունԷմինի լեզվաբանությամբ: «Ես այժմ մտածում եմ,— գրում էր Ռ. Պատկանյանը,– թե ո՞րքան մշակված եւ ծաղկած պիտի լիներ մեր այժմվա աշխարհաբարը, եթե պ. էմինը ըստ արժանավույն ուշ դարձներ՝ ո՞ւր պիտի երթային արդյոք այն դափնիները, որք ավելի արժանի գլուխներ չի գտնելով, զարդարեցին Նազարյանցների, Նալբանդյանցների գլուխները: Օրհասական սխալ» {Ռ. Պատկանյան, Երկասիրություններ, III, եր16:}:
Մտավոր ազդեցությունից առավել Նազարյանցի եւ Նալբանդյանի ալաշտպանած դրույթների համերաշխության մեջ պիտի նշմարել նրանց այդ ժամանակի գործունեության ընդհանուր պլատֆորմը: Սակայն պայքարի ընդհանուր պլատֆորմն արդեն իսկ այս պահին չէր վերացնում նրանց ելման կետերի կամ նրանց ձգտումների ու նպատակների տարբերանքը։ Հիմնավորելով գրական նոր լեզվի կարիքը, «Ճառ»-ի հեղինակն առաջադրում էր մի նոր խնդիր, որին հավատարիմ պիտի մնար առմիշտ: Նոր Բայախոսություն ասելով, գրում է նա, հասկանում ենք համազգային մշակված մի լեզու, որի մեջ պիտի միաձուլվեն «ըստ քա/114/ղաքաց եւ ըստ աշխարհաց» տարաձայն կերպարանափոխությամբ ապրող ժողովրդական բարբառները: Նա պաշտպանում է այն տեսակետը, թե գրական լեզուն պիտի ձգտի մատչելի եւ գործադրելի դառնալ ի սփյուռս աշխարհի տարածված հայ ժողովրդական մասսաներին: Երիտասարդ Նալբանդյանը դնում էր այսպիսով արեւելահայ եւ արեւմտահայ գրական լեզուների միավորման խնդիրը {Ռ. Պատկանյան, Երկասիրություններ, 111, եր. 16:}: Կարեւոր այս խնդրում երիտասարդ հեղինակը ոչ միայն անկախ էր, այլեւ սկզբունքորեն ներհակ Նազարյանցին, որը կողմնակից էր արեւմտահայ եւ արեւելահայ լեզվի ու գրականության տարանջատ զարգացման: Նազարյանցը ոչինչ վնասակար բան չէր տեսնում այն բանի մեջ, որ հայոց երկնակամարի տակ «մի ծաղկի» տեղ բսնի ու աճի «երկու ծաղիկ» … Այս նշանակում է, թե հայերի լեզվական կոնսոլիդացման հարցում Նազարյանցը կանգնում էր հարցի քննարկման ու լուծման կիսաճանապարհին:
Նալբանդյանը եւ Նազարյանցը տարաձայնում էին համազգային լեզվի հարցում: Անտարբեր թյուրքահայերի քաղաքական բախտի վերաբերմամբ՝ Նազարյանցն անտարբեր պիտի գտնվեր նաեւ հայերենի համազգային կոնսոլիդացման նկատմամբ: Բայց հետամուտ միայն ռուսահայերի լեզվական միության՝ Նազարյանցը հրաժարվում էր նրանց քաղաքական կոնսոլիդացման հեռանկարից, անգամ լեզվական միության շրջանակում: Ազգության անոթ հռչակելով ոչ միայն նրանց կրոնն ու լեզուն, այլեւ նրանց թագավորությունը (իմա՝ նրա քաղաքական կամ պետական միությունը, Ա. Հ.), Նազարյանցը, ինչպես պիտի տեսնենք, հռչակելու էր ռուսահայերին «քաղաքականապես ռուս), որով կտրականապես հրաժարվելու էր ցարական պետականության «օգուտի ու վնասի» հետ չհամատեղվող ազգային-քաղաքական որեւէ նպատակադրությունից: Իր «Ճառ»-ում օգտագործելով Նազարյանցի ազգության թեորիան, Նալբանդյանը դրանից, ըստ երեւույթին, հետեւցնում էր հայերի քաղաքական կոնսոլիդացման պահանջ: Նույն այդ պահանջի հետ էր կապելու նա երեւի նաեւ համազգային լեզվի կազմավորման իր հեռանկարը:
Իր ամբողջ ծավալով կարծիքների այս բախումը պիտի երեւան գար, սքանավանդ, հետագայում: Մինչ այդ Նալբանդյանին եւ Նազարյանցին շաղկապում էին գրական-հրատարակչական համատեղ գործունեության նշանակալից տարիներ:
«Յաղագս հայկական դպրութեան ճառ»-ը Նալբանդյանի վերջին հրաժեշտի խոսքն էր գրաբարագիր գրականությանը: Հետագայում նա կիրառում էր գրաբարը պաշտոնական գրությունների կամ պամֆլետի ու պարոդիայի բնույթ ունեցող գրվածքների մեջ միայն: 1853-55 թվականներ/115/րի ընթացքում նա գրի առավ ինքնուրույն եւ թարգմանական ոտանավորներ բացառապես աշխարհաբար: Չափածո գրչափորձեր էին դրանք նոր գրալեզվով: Ի մի հավաքելով իր այդ փորձերը՝ հեղինակը 1855 թ. հատուկ առաջաբանով հանձնեց դրանք Հարություն Կեոկչեյանի ուշադրությանը: Վերջինս՝ Նալբանդյանի համշիրակը, Ալամդարյանի ձեռնասուններից էր: Ձեռնադրվելով քահանա, ընդունել էր ոչ միայն ուսուցչի անունը, այլեւ հափշտակել եւ մի ժամանակ գործ էր ածում նույնիսկ նրա ազգանունը: Ուսուցչի ազդեցությամբ եւ նրա պես բանաստեղծական ձիրքով օժտված, ձեռնարկել էր եւ գլուխ հանել ռուս առակագիրների՝ Կռիլովի, Դմիտրեւի եւ Խեմնիցերի մի շարք գործերի թարգմանությունը: Թարգմանությունները գրաբար էին, բայց, ինչպես դիտեցին վերջերս, «լավագույնը կարող են Համարվել 19-րդ դարի կռիլովյան բոլոր հայ թարգմանություններից իրենց տեքստային ճշտությամբ եւ տաղաչափության բարձր արվեստով» {Տե՛ս «Սովետական Հայաստան», 1944, N 212, պրոֆ. Գ. Աբովի հոդվածը:}:
Իր գրած առաջաբանում Նալբանդյանը երգերի ձեռագիր ժողովածուն համարում էր նոր լեզվի տղայության հասակի արդյունք: Փոքր-ինչ ուշ, քննադատելով Գամառ-Քաթիպայի երգարանը՝ նա գրում էր նորից. «Պիտի ասել, որ մեր երգերը եւս մի երեւելի բան չեն, բայց ինչ պիտո է առնել, առ այժմ չեղածից լավ են, եւ կարող են գործ դրվել, մինչեւ որ դուրս գսն օրինավոր ազգային բանաստեղծք», որոնց «ուրախություն կամ տրտմությունը հայտնող երգերը լինին ազգի սրտի եւ հոգու բխվածք» {Ե. Լ. Ժ., 1, նր. 273, ծան. 85:}: Նույն այս ժամանակաշրջանում Նալբանդյանը սկսեց փորձել իր ուժերը նաեւ որպես գեղարվեստական արձակի հեղինակ ու թարգմանիչ:
1857 թ. Նալբանդյանն առանձին գրքերով տպագրեց իր «Մինին խոսք, մյուսին հարսն» վեպը եւ միաժամանակ նաեւ Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի թարգմանությունը:
«Մինին խոսք, մյուսին հարս» վեպը Նալբանդյանը գրել էր՝ նպատակ ունենալով «ժողովրդի բարոյական լուսավորությունն ու կրթությունը» {Նույն տեղը, IV, եր. 54:}: Հեղինակը գրել էր այդ երկը՝ նյութ ունենալով Նոր-Նախիջեվանի կյանքը եւ բանեցնելով ժողովրդին հասկանալի լեզու: Եվ նկած տենք, որ այդ վեպը պիտի լույս տեսներ մի ժամանակ, երբ դեռ հրապարսկված չէր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն ու դեռ գրված չէր Պռոշյանի «Սոս եւ Վարդիթեր»-ը:
Վեպի սկզբում հեղինակը զետեղել էր բավականին երկար առաջաբան, ուր խոսում էր «Հին եւ նոր հայկական բարբառի վերա»: Վերջինիս նյութը վերցված էր Նոր-Նախիջեւանի կյանքից եւ գրի առնված կենդանի /116/ աշխարհաբարով: Դժբախտաբար, տպագրվելուց հետո վեպը չհրապարակվեց, եւ դժվար է լիակատար գաղափար տալ նրա բովանդակության ու իդեական կողմնորոշման մասին {1867 թ. գրած իր մի նամակում Ստ. Նազարյանցը այդ վեպի մասին հաղորդում էր, թե «մինչեւ օրս կալած ու կաշկանդած մնացել է տպարանում, որովհետեւ հեղինակը չկամեցավ դորան հրապարակ տալ» (ՀՍՍՌ Գրական թանգարան, Մ. Բարխուդարյանի արխիվ):}:
Ձեռնարկելով «Թափառական հրեա»-ի թարգմանությանը, Նալբանդյանը միաժամանակ գրի առավ նաեւ եզվիտական կարգը դիմակազերծող «Հիսուսյանք» պատմական աշխատությունը, որի նպատակն էր դյուրացնել Էժեն Սյուի գրքի ըմբռնումը եւ նոր գլխավորն է՝ «կոտրել հայ ազգի եզվիտների մեջքը» {«Թափառական հրեա»-ի թարգմանությանը կցված է Նալբանդյանի առաջաբանը: Գրքի տպագիր բնագրում կա ցենզուրական վիզա, որից պարզվում է, որ գրքի ձեռագիրը թույլատրված է տպագրության 1856 թ. հոկտեմբերին: Բնականաբար, ձեռագիրը պատրաստվել է տպագրության դրանից առաջ: Առաջաբանի մեջ հիշատակվում է Պիսարեւսկու 1854 թ. լույս տեսած «Общедоступная физика» գիրքը: Ակներեւ է, առաջաբանը գրվել էր այդ գիրքը լույս տեսնելուց հետո: «Ճառ»-ի գրությունից հետո դա Նալբանդյանի առաջին աշխարհաբարագիր հոդվածն էր՝ գրված հավանորեն 1856 թվականի կեսերին: Ինչ վերաբերում է թարգմանությանը, Նալբանդյանը ձեռնարկել էր դրան երեւի ավելի առաջ:}:
Ֆր. Էնգելսը համարում է «Թափառական հրեա»-ի նյութը համաշխարհային անսպառ ասքերից մեկը: «Ամեն դարաշրջան,— ասում է նա,— կարող է առանց փոխելու դրանց էությունը առինքնել դրանք» {K. Маркc и Ф. Энгельс, Сочинения, I, 29 (ցիտատը վերցնում ենք առաջին հրատարակությունից):}; Ասքի վիպական մշակումը հայ ընթերցողին մատչելի դարձնելու կարիքը Նալբանդյանը զգացել էր անշուշտ շատ վաղուց՝ Ներսեսի եւ Խալիբի դեմ իր տարած պայքարի կապակցությամբ: Ուշագրավ է, որ տակավին Գ. Պատկանյանն էր գիտակցում այդ վեպի այժմեականությունը հայ կյանքի համար: Հանձնարարած լինելով Սյուի վեպը Աշտարակեցի կաթողիկոսին՝ նա միեւնույն ժամանակ նշում էր. «Ապաբախտ էր Եգենիոս Սյու, որ չէր հանդիպել Աշտարակեցի Ռոդենին. նորա մշտաշրջիկ հրեայն ավելի արդյունավոր կլիներ: Մի՞թե փոքրիկ Ռոդեն է Խալիբյան» {Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 344:}: Բացարկված չէ, որ վեպի թարգմանության միտքը Նալբանդյանին ներշնչել էր տակավին Գ. Պատկանյանը:
Նալբանդյանի իդեական զարգացման տեսակետից Սյուի թարգմանությունը, ինչպես եւ դրան իբրեւ ներածական ենթադրված «Հիսուսյանք»-ը եւ, մանավանդ, թարգմանչի առաջաբանը ուշագրավ գործեր են: Առաջաբանի հեղինակը Նազարյանցի «միշտ սիրելի անվանն» է ձոնում գիրքը՝ /117/ «արդարամիտ մեծարանքով»: «Թափառական հրեա»-ն թարգմանչի առաջին խոշոր գործն է՝ կատարված աշխարհաբար: Նալբանդյանը ջանք է թափել, որպեսզի գրվածքը «պարզ լինի եւ հասկանալի եւ որքան կարեւլի է մոտ ժողովրդի կենդանի լեզվին» {Ե. Լ. Ժ., 11, եր. 69:}: Նալբանդյանի աշխարհաբարն արդեն իսկ այդ շրջանում ավելի հստակ էր ու ժողովրդական, քան Նազարյանցի «նոր հայախոսությունը» կոչված ծանրաքայլ հայերենը:
Գրքի առաջաբանը անդրադառնում էր հենց նոր գրական լեզվի եւ այդ լեզվով տարվելիք ժողովրդական լուսավորության խնդրին: Այստեղ ավելի որոշակի են երեւան գալիս Նալբանդյանի եւ Նազարյանցի իրարից տարբերվող տրամադրությունները: Մինչդեռ ժողովրդական դպրոցներից առավել՝ Նազարյանցն առաջ էր քաշում կլասիկական ու համալսարանական կրթության եւ «ազգային ուսումնական դպրոցի» հարցը կամ արծարծում մասնագիտական վաճառականական եւ արհեստագիտական դպրոցներ հիմնելու խնդիրը, Նալբանդյանը մտահոգված էր նախ եւ առաջ ժողովրդական հանրակրթարանի հարցով՝ վաղաժամ եւ անօգուտ համարելով առայժմ մասնագիտական դպրոցների խնդիրը: Երկու-երեք տարի անց, տարաձայնելով Նալբանդյանին, Նազարյանցը գրում էր. «Հայը, իբրեւ Ռուսաստանի հպատակ, ուրեմն քաղաքականապես որպես ռուս, առանց միտ դնելու նորա մասնավոր հարակցությանը դեպի յուր ազգը, կարող է մշակել յուր աստվածատուր քանքարը որեւիցե առանձին գիտության մեջ, նշանավոր կացուցանել յուր անձը, եւ այդպես պատրաստել յուր համար պատվավոր կեցություն, որպես ռուսական պաշտոնավոր՝ տերության ուսումնականների կարգում» {Ստ. Նազարյանց, Երկեր, 1, եր. 67:}: Նազարյանցը մատնանշում էր նաեւ բարձրագույն ուսման մի այլ ուղի. «Նախ եւ առաջ,— ասում էր նա,— հարկավոր էր հայերին կրթել ու դաստիարակել յուրյանց եկեղեցական պաշտոնյայքը, տալ նոցա մի բարոյական, կրոնական եւ աստվածաբանական կրթություն, որի հետ միշտ պիտո է լծակից մնար կրթությունը աշխարհական գիտությունների մեջ» {Նույն տեղը, եր. 94:}: Հետագայում եւս, զարգացնելով իր լուսավորական ծրագիրը՝ Նազարյանցը մտածում էր գլխավորապես «մտահայաց ժողովրդակարգերի» անդամների համար «վերին ազգային դպրոց» եւ «հոգեւոր Ակադեմիա» հիմնելու մասին {Նույն տեղը, եր. 319 եւ 334:}: Ընդսմին բարձր դպրոցը պիտի լիներ «մայր եւ ծննդաբան մյուս դպրոցների»:
Նալբանդյանն ազատ էր «տերության» համար ուսումնական չինովնիկներ կամ «մտահայաց ժողովրդակարգերի» համար լուսավորված /118/ տիրացուներ պատրաստելու հոգսից: Կրթության սիստեմը նա կառուցում էր ոչ թե վերնատնից, այլ հիմքից: Անհրաժեշտ է, ասում էր նա, ապահովել նախապես ժողովրդի «ընդհանուր եւ հասարակ կրթությունը», որպես «պատրաստողական հնար դեպի առավել բարձր կրթությունը»: «Այո,— գրում էր նա,— եթե ունեցել էին պատշաճավոր ուսումնարաններ, եթե գիտության սանդուղքի համար ունեցել էին մի ամուր քարից պատվանդան, որի վերա աներկյուղ կարելի էր սանդուղքը ամրացնել, այն ժամանակ կարելի էր եւ ավելի վեր բարձրանալ. իսկ մեք ոչ եթե օրինավոր պատվանդան, այլեւ առանց մի ոտք կոխելու տեղ ունենալու, կամենում ենք օդի վերա սանդուղք ամրացնել եւ նորա վերայով բարձրանալ: Այսպիսի բաներ երազում միայն կարող են կատարվիլ, իսկ արթնության մեջ, ոչ երբեք» {Ե. Լ. Ժ., II, եր. 63:}: Այս տողերը վերին աստիճանի կարեւոր եւ նշանակալից են ոչ միայն Նալբանդյանի ուրույն դիրքավորման, այլեւ նրա հայացքների հետագա էվոլյուցիայի տեսանկյունից. արդեն իսկ Նալբանդյանի այս գրվածքում սաղմնավորվում են ազգային լուսավորության խնդրում նրա հետագա մատերիալիստական, ռեւոլյուցիոն-դեմոկրատական հայացքները: Նալբանդյանը գիտակցում էր որ ազգային լուսավորության գործը պիտի կապված լինի ժողովրդական կրթության իրական պահանջների հետ, այն պիտի դրված լինի նյութական ամուր պատվանդանի վրա, ժողովրդի բարեկեցության հաստատ հիմքի վրա: Ակներեւ է, որ ազգային լուսավորական իրենց հայացքներում արդեն այս պահին դեմոկրատ Նալբանդյանը եւ լիբերալ Նազարյանցը մեկնում էին քաղաքական ու սոցիալական հակադարձ չուկետներից: Նալբանդյանը նշում էր նաեւ գիտության եւ գրականության ժողովրրդականացման հարցը: «Հեղինակի գրելիքը,— ասում էր նա «Թափառական հրեա»-ի առաջաբանում,— առաջին, պիտո է լինեին նոր հայախոսութենով, երկրորդ, հեղինակությունը պիտո է վերաբերվեր ընդհանուր կրթության, եւ այնպես, որ առանց նախընթաց կարոտության օրինավոր դպրոցների եւ համալսարանի, Հասկանալի լիներ ընթերցողներին եւ միեւնույն ժամանակ գրավոր եւ դաստիարակող ընդհանրապես»:
Մեր ընդգծած տողերը ցույց են տալիս միաժամանակ, որ առաջաբան գրելու պահին, դիմակայելով վանական կամ կլասիցիստական դիրքավորումներին, Նալբանդյանը կամենում էր տալ հայ գրականությանը ժողովրդական, դիդակտիկական, գաղափարական ուղղություն:
«Թափառական հրեա»-ի առաջաբանի հեղինակն անդրադառնում էր հայերի զանգրասիրության» այն խնդրին, որ արծարծել էր «Ճառ»-ում: Հայերի «անգրասիրությունը» նա պատճառաբանում է դարձյալ գրակա/119/նության եւ գիտության մարզում իշխանացած «աբեղայական» ուղղությամբ: Մեզանում, ասում է նա, կա գրականություն, բայց անմատչելի է ժողովրդին իր լեզվով, իր «բարձր նյութով», մնաց որ այդ գրականությունը բովանդակությամբ եւս դարերով ետ է մնում այժմեականությունից: Սուրբ գիրքը կամ հին հայ պատմագիրները, գրում է նա, արժեքավոր ու հետաքրքրական են ըստ բովանդակության, բայց անմատչելի՝ լեզվով: Ժամանակակից գրականությունն անպետք է եւ անմատչելի՝ լեզվով ու բովանդակությամբ: «Ի՞նչ ունինք ժողովրդի մեջ,— հարցնում է նա,— մի քանի աննպատակ եւ անտեղի գրքեր գերապատիվ Մխիթարյանց շնորհքով լույս հանած. հետո, հրահանգ քրիստոնեական վարդապետության, հետո դարձյալ հրահանգ, տասը-քսան անգամ միեւնույն բանը զանազան կերպարանափոխություններով: Ինչի՞ եմ մոռանում քեզ րականությունները, որ զանազանվում են մեկը մյուսից շատ անգամ նրանով, որ մեկը տասը հոլով է ընդունում, մյուսը ինն, մյուսը վեց, իսկ մյուսի հոլովների կարգն այլ է բոլորովին» {Ե. Լ. Ժ., II, եր. 64:}: Կծու ակնարկները վերաբերում են Մսերին, Սալլանթյանին, Էմինին եւ մյուսներին, որոնց Հրահանգներն ու քերականությունները հեղեղում էին ժամանակի գրական շուկան ու վարժատները: Նալբանդյանը չի մոռանում, հարկավ, նաեւ ամենագետ «Էփիմերտե»-ն, ժողովրդականություն վայելող այն գիրքը, որի բնութագրումը խլել է նրա շրթունքներից երկու բառ միայն՝ - «Տխո՜ւր մատենագրություն»: - Ակներեւ է միանգամայն, որ Նալբանդյանը զբաղվում էր ազգային լուսավորության հարցերով՝ մտահոգված, նախ եւ առաջ, հասարակ ժողո - վըրդի կրթության խնդրով: Հայերը մինչեւ այժմ աշխարհական դպրություն չեն ունեցել. լավ ու վատ եղել է եւ կա աբեղայական դպրություն: Գրականության սեկուլյարիզացիա, աշխարհականացում, սա էր ինքնըստինքյան առաջին այն պահանջը, որ պիտի հակադրվի իշխող իրավիճակին: Գրականությունը պետք է լքի վանական միջավայրը, քանի որ «աբեղայական խուցը չէ եւ չէ այն դիտանոցը, որտեղից կարելի լիներ ազատ տեսողութենով նկատել աշխարհի իրողությունքը, եւ նկարագրել այնպես, ինչպես որ կային» {Ե. Լ. Ժ, II, եր. 12: Ի դեպ՝ նույն այս միտքը հանդիպում ենք նաեւ «Յաղագս Հայկական դպրութեան ճառ»-ի բնագրի այն տողերում, որոնք գրի են առնված Ստ. Նազարյանցի գրչով:}: Բավական է աշխարհականացնել գրականությունը, մտածում էր այս պահին Նալբանդյանը, որպեսզի ժողովուրդը նշմարդ աբեղաների մտավոր աղքատությունը: Հրապարակախոսն ուներ տակավին այն համոզումը, թե այդ է հենց ժողովրդի ազատագրման /120/ գլխավոր ուղին: «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետում երգիծելով գրաբարագիր օբսկուրանտներին, նա գնում է նրանցից մեկի բերնում այսպիսի խոսքեր. «Ի խօսելն մեր հասկանալի ոճով, ժողովուրդն ամենայն զչափ առցէ զմերոյ տգիտութեան … Յայնմ հետէ իմաստնացի ժողովուրդը. իսկ յիմաստնանալ նորա, յերկիր կործանին փառք մեր ամենեցուն» {Ե, Լ. Ժ., 1, Եր. 209:}։
Լուսավորիչ Նալբանդյանի ասելով, ճշմարտության ճանաչումն ինքյան արդեն ազատություն է բերում մարդուն: Այս մի համոզմունք է, որ արտահայտում էր նա տակավին «Յաղագս հայկական դպրութեան ճառ»-ի գրության ժամանակ, որին բնաբան էր դրել «Ծանիչիք ճշմարտութիւն եւ ճշմարտութիւն ազատեսցէ զձեզ» ավետարանական խոսքը: Հետագայում, ինչպես պիտի տեսնենք, Նալբանդյանը վերանայելու էր այս հայացքը:
«Թափառական հրեա»-ի թարգմանության նպատակն էր բաց անել ժողովրդի աչքը աբեղայական դասի գործունեության վրա, խլել նրա երեսից բարեպաշտության դիմակը … «Անցան այն ժամանակները, — գրում է Նալբանդյանը,— երբ պապական իշխանությունը կարգում էր խուզարկու ատյան (inguisitio), կատարում էր զարհուրելի տոներ (auto-dafé), զոհելով մարդկության անբավ անդամները: Ժամանակը, աշխարմի լուսավորությունը, ինքյանք կարգել են այժմ պապական գործերի վերա քննության ատյան …» {Նույն տեղը, II, եր. 68:}: Բարեբախտաբար, ավելացնում է հեղինակը, «հայերի համար եւս փոխվել է աշխարհը»:
Անտիպ մնացած կամ տպագրված պատահական ճառերով ու առաջաբաններով դժվար էր, հարկավ, դարձնել ազգային լուսավորության հարցերը մարտնչող հրապարակախոսության նյութ: Ե՛վ Նազարյանցը, ե՛ւ Նալբանդյանը զգում էին, որ անհնարին է լայնորեն արծարծել ազգային լուսավորության եւ դրա հետ կապված մյուս հարցերը, եթե դրական լուծում չստանա ռուսահայ առաջավոր հայ պարբերականի, կամ ինչպես նրանք էին արտահայտվում՝ «օրագրի», հրատարակությունը:
1856 թ. մարտին Ս. Գ. Սուլթանշահին գրած մի նամակում Նալբանդյանը հաղորդում էր, որ ինքը եւ Նազարյանցը «երկար ժամանակ է», ինչ ցանկանում էին հայկական օրագիր հրատարակել: Այդ ցանկությունն արտաքին արգելքների շնորհիվ մնացել էր անհետեւանք: Արգելքների վերացվել են հիմա, քանի որ, գրում է Նալբանդյանը, նույնիսկ չուխոններն իրավունք ստացան օրագիր տպագրել: «Կրկին անգամ,— հայտնում է Նալբանդյանը,— զորացավ մեր սրտի մեջ ցանկությունը եւ սկսեցինք հետեւել այս գործին, որ մեզ եւս թույլտվություն լինի տերությունից՝ /121/ տպել ամենայն ամիս հայկական օրագիր Ռուսաստանի հայերի համար» {Ե. Լ. Ժ., IV, եր. 38 եւ հետ:}:
Արդեն իսկ այս տողերից պարզ է, որ միացյալ ուժերով ամսագիր հրատարակելու մտահղացումը Նազարյանցի եւ Նալբանդյանի մեջ առաջ էր եկել դեռ «Հյուսիսափայլ»-ի հրատարակությունից շատ առաջ, հավանորեն հենց նրանց հանդիպման սկզբնաշրջանում՝ 1853-1854 թվականներին: Բայց եթե այդ մտահղացման իրագործումն էր հանդիպել իր «արտաքին արգելքներին» Ղրիմի պատերազմին նախորդած տարիների հասարակական-քաղաքական մթնոլորտում, դրա իրագործման համար նպաստավոր իրադրություն էր ստեղծվել պատերազմին հաջորդած «լիբերալ էրայի» պայմաններում։ Նազարյանցն ու Նալբանդյանը վճռեցին օգտվել նոր իրադրությունից:
Ծրագրված ամսագիրը, ինչպես երեւում է Նալբանդյանի՝ 1856 թ. մարտի 21-ին Հույն Սուլթանշահին գրած մի նամակից, հրատարակվելու էր աշխարհաբար, «հասարակաց հասկանալի լեզվով», ունենալու էր չորս բաժին՝ ուսումնական, բանասիրական, պատմական եւ բնական:
ն 1857 թ. հունիսին Գր. Սալթիկյանին գրած նամակում Նալբանդյանը պարզաբանում է նոր պարբերականի հրատարակման շարժառիթն ու նպատակը: Ամսագիրը, ասում էր նա, կոչված է խառնելու վենետիկցիների «աղբաթը»: «Հերիք է,— գրում էր նա,— սրբե՛նք մեր վերայից այն ամոթը, թե լուսավորությունը մեր ազգի մեջ պիտո է փթած պապական աբեղաների ձեռքով մտանե, նոցա լույսը խավարից շատ վատ է, վասն որո թող յուրյանց պահեն. հայոց ազգի մեջ կան այժմ մարդիկ, որ կարող էին հազար անգամ լավ գրել լուսավոր, ճշմարիտ եւ մաքուր, քան թե մի վենետիկեցի աբեղա» {Նույն տեղը, եր. 45:}:
Նոր պարբերականը պիտի վերջ դներ միջին դարերից մեզ հասած հայ գրականության կրոնական-դավանաբանական սխոլաստիկ վեճերին {Նույն տեղը, եր. 39 եւ հետ»:}: Այն դիմակայելու էր հայ կյանքին տիրացած կղերական մտքի հեգեմոնիային առհասարակ՝ անկախ կղերի դավանական երանգավորումներից: Օրագիրը հետեւելու էր հակակղերական այն ուղղության, որ նախագծում էր Նալբանդյանը տակավին իր «Ճառ»-ում: Խավարամտության «ջերմեռանդ դաբիրայքը» եւ «վանքերի սաղմոսերգությունքը հանդես չունին ազգային լուսավորության մեջ», — գրում էր նա հետագայում {Նույն տեղը, I, եր. 379 եւ 419:}:
Ելնելով ազգային լուսավորության պահանջներից, մխիթարյաններ/122/րին քննադատում էր տակավին Աբովյանը: Նրանց ուներ նա, անշուշտ, նկատի, երբ «Պարապ վախտի խաղալիք»-ում գրում էր.
Մեկը ունքերը ամպի պես կիտած՝
Աշխարքի բhամ գալն էր եդ պատմում,
Մեկը քիթ ու նոթ քացախացրած՝
Լեզվի դուս գալն էր մեկնում, բաց անում:

Նրանց ուներ դարձյալ Աբովյանը իր աչքի առաջ, երբ ծաղրում էր այն գիտունին, որը մտահոգված էր՝
Թե աշխարքիս վերջն ի՞նչ պետք է ըլի,
էլ չէր հարցնում՝ թե ներկա վախտի՝
Բանն ինչպես կըլի, ու չէր էլ գիտում:

Նալբանդյանը նշավակում էր Մխիթարի շրջադարձը դեպի պապական եկեղեցին եւ մտրակում մանավանդ նրա այն աշակերտներին, որոնք եռանդ էին սպառում նեղմիտ պապականության փարախում, որդեգրելով գիտության միտքը սահմանափակելու ուղին եւ աղճատելով հայ գրականության եւ պատմության մեկնաբանությունն ի փառս Հռոմի: Նա դատապարտում էր Չամչյանի «մեծամարմին» հատորների մեջ տեղ գտած առասպելներն ու զեղծումները: Նա չէր կարող չմերժել Չամչյանի, Ավգերյանի եւ Ինճիճյանի «ապացույցները»՝ հայոց լեզվի առաջնության, աստծո եւ Ադամի միջեւ տեղի ունեցած հայերեն զրույցները եւ նման այլ հեքիաթներ: Մխիթարյանների ստեղծած գրականությունը, նրա համոզմունքով, զուրկ են գիտական արժեքից, որչափ այդտեղ «ազգային կյանքի իրողությունքը չեն գնահատված կրիտիկոսի աչքով»: Այդ գրականությունը կտրված էր ազգի կենսական պահանջներից, նրա ընթացիկ կյանքից ու դրանից բխող պրոգրեսիվ խնդիրներից: Հաճախ այն սպասարկում էր միայն կղերի նեխած մտքերին ու կանխակալ տեսություններին: Մխիթարյան մատենագրությունը, գրում էր հետագայում Նալբանդյանը, «ազգի հոգու բխվածք չէ, այլ մի դիմակավորված անձնավորություն. իսկ այն մատենագրությունը, որ անքակտելի կապված չէ մի ազգի հոգու հետ, այն մատենագրությունը, որի մեջ իբրեւ հայելու մեջ չէ երեւում ազգի կյանքի, նորա ամենանուրբ գծագրությունը, այդպիսի մի մատենագրությունընման է ճիզվիթների կրոնավորությանըայդպիսի մատենագրությունը այնքան դաստիարակիչ կլինի ազգին, որքան մի խորթ մայր օտարի զավակներին» {Ե. Ա. Ժ., 11, եր. 146։}: Հագնելով եզուիտականության դիմակը՝ իրենց իտալական պարսավագրերով, մխիթարյան հայրերը դառնում էին «պապականության մշակներ կամ լավ եւս ասել /123/ արծաթագին ստրուկներ, յուրյանց ազգի մատնիչք եւ պարսավիչք կրոնական կողմից» {Ե. Լ. Ժ., II, եր. 192:}:
Հայ պատմագիրների հրատարակություններով եւ դրա հետ միասին նաեւ իրենց ակադեմիական բառարաններով, քերականական ձեռնարկներով, հնախոսական եւ աշխարհագրական հետազոտություններով, կլասիկ երկերի թարգմանություններով հաճոյանալով ազգին՝ մխիթարյանները մի հայտնի չափով ընդառաջում էին հայերի ազգակազմության պրոցեսին եւ ակամայից նպաստում նրանց ազգային զարթոնքին: Սակայն դավանաբանական եւ աստվածաբանական իրենց երկերով եւ կրոնաքաղաքական այն տենդենցով, որ հաճախ անցնում է նրանց պատմաբանասիրական ուսումնասիրությունների միջով, նրանք գիտակցաբար հաճոյանում էին պապին, մեծապես վնասելով հայ ժողովրդի ազգային շահերին, թմրեցնելով նրա մարտական ոգին եւ թեւատելով նրա ազատաբաղձ միտքը {Հմմ. նույն տեղը, եր. 230:}: Հանձին ժամանակակից մխիթարյանների Նալբանդյանը նշմարում էր ոչ միայն աշխարհիկ լուսավորության կազմակերպված թշնամիների, այլեւ Հռոմի միջոցով Եվրոպայի համար հայ «արծաթագին ստրուկներ» դաստիարակողների եւ եզվիտական իրենց ջանքերով ազգի գոյության դեմ դավեր նյութող պապական գործակալների:
Եթե հակակղերական պայքարի մարզում Նալբանդյանն անհրաժեշտ էր համարում հատուկ ուշադրություն ընծայել մխիթարյաններին, այդ տեղի ուներ, նախ եւ առաջ, այն պատճառով, որ ազգային գիտության եւ գրականության բնագավառում նրանց ձեռքում էր գտնվում իդեոլոգիական գերիշխանության ղեկը: Սակայն ոչ միայն մխիթարյան, այլեւ լուսավորչական կղերին ուներ նա աչքի առաջ, երբ մերժելով ազգի կենդանության ու առաջադիմության հետ անհամատեղելի աբեղայական գիտությունն ու գրականությունը՝ փոքր-ինչ հետո գրում էր, թե «այսուհետեւ հայի պարտականությունն է անխնա հանդիպել հոգեւորներին, որովհետեւ հետախաղացության եւ ռեակցիոյի անպարծանք դրոշները նոցա գլխի Վերա են փողփողում մասնավորապես» {Նույն տեղը, III, եր. 26:}: Անհնարին էր մշակել ճշմարիտ գիտություն, ստեղծել նոր աշխարհիկ ժողովրդական գրականություն, եթե նոր գրականությունն ու գիտությունը եւ դրա հետ միասին ազգի լուսավորության գործը չխլվեին հայ կղերի ձեռքից: 1858 թ. մարտի 27-ին Կ. Հայրապետյանին ուղղած նամակում Նալբանդյանը գրում էր այս մասին. «Մինչեւ այժմ հայ ազգը կարծել է, թե միմիայն Վենետիկը եւ /124/ Վիեննան, կամ թե նորերումս Փարիզը, թե դոքա պիտո է, կամ կարող են միայն ազգը դաստիարակել, բայց մենք ցույց կտանք եւ կապացուցանենք, թե որքան սխալ կարծիք է այդ եւ թե մեր ազգի հարազատ որդիքը ունին կարողություն բարոյապես առնել այդ բաները հազար անգամ լուսավոր գաղափարներով, քան թե պապական մոլակրոն եւ նախապաշարմունքի մեջ փթած մխիթարյանքը» {Ե. Լ. Ժ., II, եր. 49:}: Նալբանդյանը գիտեր, սակայն, որ չամչյանների, ավգերյանների եւ ինճիճյանների թխած ազգասիրական լեգենդները շատ հաճախ հալած յուղի տեղ էին անցնում նաեւ հայ-լուսավորչական գիտունների գրվածքներում, եւ ս. Ղազարի կղզում տպված գրքերի քննադատությունը սրբապղծություն էր համարվում նաեւ սրանց կողմից:
Նալբանդյանի դիտողությունը մխիթարյան գրականության համազգային ազդեցության մասին՝ ճիշտ էր ընդհանրապես: Այսպես, անգամ Հայ-լուսավորչական մոլեռանդ այնպիսի մի մարդ, ինչպիսին Նալբանդյանին ժամանակակից Առ. Արարատյանն էր, կանգնում էր ըստ ամենայնի մխիթարյանների տեսական դիրքերի վրա, երբ զառանցող իր ազգամոլությամբ դիտում էր հայ ազգը որպես «անդրանիկ ազգ Ասիոյ եւ որպէս յաբեթասերունդ աւագապատիվ ժողովուրդ արեւելեան ի սկզբանէ աշխարհի» {Առաքել Արարատյան, Դիմագրավ ընդդէմ սատան յարուցելոց ամենապատուական նախամայր լեզուիս հայոց, Տփխիս, 1858, եր. 5:}: Որդեգրելով հայերի ծագման մխիթարյան այս տեսությունը, Արարատյանը բնականաբար համարում էր հայ լեզուն «նախամարդոյն Ադամա պարգեւ պսակ բանականութեան շնորհեալ ամենաիմաստ արարչապետէն դեռ ի խանձարուրս նորածին կենաց եւ միայն դպրութեամբ կրտսեր ժամանակաւ, այն է զկնի լուսաւորութեան իւրոյ քրիստոնեական լուսով» {Նույն տեղը:}:
Արարատյանը պատահական դեմք չէր «միջնադարյան ուղղությանր» հարող հայ գրականության մեջ, այլ մեկը այդ ուղղության մարտնչող պարագլուխներից: Նա մեկն էր այն մարդկանցից, որոնց համար ազգի անցյալը, ազգի պատմությունը ազգության հիմքն էին, նրա փառքն ու պարծանքը, նրա հայրենասիրական ողբերի հորդառատ աղբյուրը։
Հոգոց հանենք, ոգենք ողբիկ
Յանբաղդ Անին, անտէր, որբիկ
Շէնքը յիշենք, շինողք վայենք,
Ափսոս կանչենք, քանզի հայ ենք,

/125/ գրում էր Արարատյանը, սպառելով այդ տողերի մեջ լալկան «հայրենա.սիրության» ողջ իր պաթոսըՄեղու Հայաստանի», 1859, եր. 32:}: Գրաբարը, նրա ասելով, «բնատուր անզուգական արժանաւորութեամբք, եւ ի հոլովս բազմադարեան ժամանակաց անայլայլ եւ անեղծ մնացեալ» պիտի մնա անայլայլ ու անեղծ նաեւ առաջիկայում եւ որպես գրական իշխող լեզու, «բարձրագլուխ պանծայ ցայսօր եւ շրթունս գրչաց բանիբուն մերոց դպրապետաց» {Ա. Արարատյան, Դիմագրավ, եր. 5:}: Պաշտպանելով գրաբարը՝ Արարատյանը պահանջում էր. «մի աղաւաղել զնա օտարոտի բառիւք, մի աղօտացուցանել զնա եւ ժանգոտել անիրաւ ջատագովութեամբ այլայլաձայն աշխարհաբարին մերոյ, մի շեղիլ ի շաւղաց բանիբուն առաջնորդաց մերոց, եւ մի խախտիլ զհիմունս նորա կարծելով զայլ նոր շինուած հաստատել յօգուտ եւ ի դիւրիմացութիւն հասարակութեան»:
Արարատյանը հիմնավորում էր իր այդ պահանջը ազգային-քաղաքական մի պատճառաբանությամբ, որ բնորոշ էր նաեւ մխիթարյանների համար եւ որով նա ձեւակերպում էր հիմնականում գրաբարյանների ընդհանուր հայեցակետը: «Գրաբարն մեր չէ՛ լեզուն իտալական, դաղմատական եւ գերմանական,— գրում էր Արարատյանը,— զորս Տանթէ, Լութեր եւ Մեծն Պետրոս բարեզարդեալ նորաստեղծ կանոնօք դիւրընկալ ժողովրդեան արարին, կորուսաք զհայրենիս, ցիրուցան տառապեցաք ի չորեսին ծագս աշխարհի: Տապալեցան քաղաքք մեր, յաւար հատան ճոխութիւնք մեր եւ գանձք: Սուր, հուր, ահ եւ մահ մաշեցին եւ բնաջինջ արարին յերեսաց երկրի զքաջասերունդ պայազատսն մեր: Թառամեցան փառք մեր եւ իշխանութիւնք մարմնաւոր, եւ սա միայն անթառամ մնացեալ ընդ քրիստոսահիմն կրօնիս ի մէջ անհնարին թշուառութեանց եւ հալածանաց զանձկալի բարբառ զկենդանութեան իւրոյ մեզ լսելի արար ի ծոցոյ քարանձաւաց եւ մենաստանաց. պաշտպանեալ եւ ճողոպրեալ իբրու մանուշակ պարկեշտ եւ անուշահոտ ի ճանկից ժանտասլաք փշոց բռնակալութեան, եւ սխրալի անեզական պարծանք եւ մխիթար համօրեն Հայաստանեայցս արձանացեալ: Ապա խափանել զգրական լեզուն է խափանել զհայութիւն եւ զանուն նորա եւ թաղել յավիտեան: Պարզախօս լինիլ զի ամենայն ոք հասկասցի կախի զհմտութենէ գրողին, եւ ո՛չ զխրթութեանց լեզուին: Օրինակ քեզ անօրինակ թարգմանութիւն սուրբ գրոց մերոց: Թող ամենայն ոք ըստ այնմ զբանս յօրինեսցէ, եւ յայնժամ կարծեմ ոչ ոք տրտունջ բարձցէ զիւրմէ անհասկացողութենէ» {Ա. Արարատյան, Սխալանք տետրակին կոչեցելոյ Եղերգութիմք ի մահն Աբելի ի զենումն Իսահակայ եւ այլն, ի լոյս ընծայեալ ի Յակովբ վարժապետէ Կարենեանց, ի Տփխիս, 1853, ձեռագիր: — Ի դեպ՝ այս ձեոագրի մասին: Սրա մի օրինակը գտանք Մ. Մսերյանի ընտանեկան արխիվում եւ վերհիշեցինք Նալբանդյանի տողերը, որ հանդիպել էինք «Հանդես նոր հայախոսության»-ը նվիրած նրա «Կրիտիկա»-ում. 1853 թվակ. մի հայ սխոլաստիկ, գրում էր Նալբանդյանը, Թիֆլիս քաղաքից (իմա՝ Արարատյանը, Ա. Հ.) ուղարկել էր «յուր մոսկվացի համախոհ սխոլաստիկին (իմա՝ Մ. Մսերյանին, Ա. Հ.), որպես կրիտիկա մի թիֆլիզբնակ գաղթականպարոնի (իմա՝ Հ. Կարենյանի, Ա. Հ.) գործի վերա», այն խորհրդով, որ ցրե ազգի մեջ այն անճոռնի փիլիսոփայության օրինակները, որպեսզի դրանով «խայտառակվի այն պարոնի գործը»։ Ծանոթության մեջ` Նալբանդյանը հարում էր. «Մոսկվայի հայ սխոլաստիկը եւս խոսում էր ամենայն տեղ այս սխալների վերա եւ պարծենում էր, թե այս ինչ պարոնի աշխատության մեջ այսքան սխալ գտա: Նա թվով էր խոսում, բայց ես մոռացել եմ թիվը»: Ուշագրավ է այս միջադեպը, որպես ժամանակի բարքերը եւ քննադատական «սխոլաստիկ» ուղղությունը բնորոշող փաստ:}:
/125/ Ձեւակերպելով գրաբարյանների ընդհանուր մտքերը, Արարատյանն ան գիտականում էր, որ հին գրական լեզվի հիմքերը վաղուց է, որ խախտված են: Գրոց լեզուն վերականգնելու ջանքն անհնարին էր եւ աննպատակ: Ազգի բազմությունը, որի հայությունն ու անունը «փրկելու» ջանք էր անում Արարատյանը, չէր հասկանում նաեւ սուրբ գրոց թարգմանության այն լեզուն, որի ընթացքով ենթադրում էր նա վարել նաեւ ժամանակակից գրականության նավը: Ժողովրդական կենդանի բարբառների հիմքի վրա ստեղծվող գրական նոր լեզուն է հենց, որ կարող էր ստանձնել ազգային-քաղաքական այն դերը, որպիսին մեր հեղինակը ցանկանում էր վերագրել գրոց լեզվին: