Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա.

Նշանթաշի կողմերը Հաճի  Լեւոնի  տան մէջ 
1924-ի Մայիսի տասնին 
Շաբաթ օր մը աշխարհ եկայ

- առաւօտ էր -
Հաւանաբար գիտցայ թէ ինչ

                                     կեանք կը սպասէ

                                                             ինծի - 
Մերժեցի ապրիլ -  շունչ  չառի -

Վերգինիա մեծ մօրաքոյրս հոն էր - զիս 
Հեղ մը տաք հեղ մը պաղ  ջուրի  մէջ խոթեց

-   (Ծնայ չծնայ

                        Տաքը պաղը ճանչցայ) -
Երկու երեք տարի վերջ հայրս մեռաւ

                                                             թոքախտէ

Բ.

Բարեւ մը չկրցանք ըսել իրարու 
Երկու խօսք չկրցանք խօսիլ միատեղ

Իմ հայրս եւ ես 
Ոչ ես գիտցայ ինչ տեսակ մարդ Էր ան 
Ոչ ան տեսաւ ինչ տեսակ եղայ ես 
Հիմա ես իրմէ աւելի տարեց 
Երբեմն կը յիշեմ զինքը

- գորովով

Կարծես մեծ եղբայրն իր ըլլայի ես

Գ.

Ինծի ժառանգ

Նիհար կազմ մը թողուց

Վախ

Օր մը չէ օր մը թոքախտէ մեռնելու 
Չմեռայ - բայց ուշ

Դ.

Բայց որպէսզի ես զիս որբ չզգամ 
Ամէն իրիկուն Տուն գալուն

Հաճի Լեւոնը ինծի խաղալիք կը բերէր

Ամէն իրիկուն

Կը վազէի դուռ

Հարց տալէն - Արդեօ՞ք

Յետոյ ան կ՚երթար ձեռքերը լուալու 
Ես անձեռոցը կու տայի իրեն -

Հաճի Լեւոնը մօրս հայրն էր - բարի

խանութպան -

Տէրտէրի թոռ

Թաղական Սամաթիոյ

- Երբ որ Սամաթիան Պզտիկ Փարիզ էր -

Ե.

Ես գիշերները տեղս  կ՚ընէի  -

Մանկութեան  յուշերէս  հեղ մը այս կայ - մէկ -

Յետոյ

Յետոյ պարապ մը որ անկերպարան

Կու գայ կ’երկարի 
Ու ես զարմացկոտ հարց կու տամ մերթ թէ 
Ինչ բան է կրցեր իր դրոշմը դնել

վրաս - դեռ մանուկ -

Թէ ի՞նչ կար ապրող - այս պարապին տեղ

որ իմս է եղեր

Ուր եղեր եմ ես - յաջողեր ապրիլ 
Գիշերներն առանց տեղս  ընելու

Զ.

Ինծի դպրոցը «աղուէս»  կ՚ըսէին

Ես աղուէսը գիրքէն կը ճանչնայի լոկ

գիտէի թէ ան

խորամանկ  կ՚ըլլայ 
ագռաւին բերնէն պանիր կը գողնայ

կամ թէ - գերդ մուշտակ -

վիզին կը փաթթուի ջոջ տիկիններա -

Ինծի դպրոցը «աղուէս»  կ՚ըսէին 
մինչդեռ ես - այն ատեն - 
ոչ պանիրի գող էի տակաւին ոչ կին երազող

է.

Համալսարանը 
մանրազնին մարդ նշդրակեցինք -

ջիղ ստկեցինք

երակ մաքրեցինք

ու բզիկ բզիկ 
մկան ու ոսկոր տարանջատեցինք

               Սակայն ես - մարդը

կ՚երեւի  ճանչնալ չկրցայ լրիւ

               որ յետ քննութեան - մնացիր - ըսին

Ը.
(ՆԱԽԱԲԱՆԻ   ՏԵՂ)

Այն ինչ որ այստեղ կը գրեմ հիմա 
Այն ինչ որ այլուր գրեր եմ արդէն 
Ու դեռ այն ինչ որ կրնամ դեռ գրել 
Մէկ են իսկութեան մէջ - անբաժան մէկ -
Կեանքը որ իմս է - ու քիչ մըն ալ ձեր - 
Ձեր - քանի որ մենք նոյն օրը կ՚ապրինք 
Ամէնքով - նոյնը - ոչինչով տարբեր -