Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

ՀԵՌԱՒՈՐ

Հեռուէն  տեսայ որ դուն կա գայիր 
Տօնական փայլուն զգեստներ հագած

Հեռուէն  տեսայ որ դուն կու գայիր 
Ոստոստուն ուրախ

Սակայն ճամբուն հետ փոխուեցար դուն ալ 
Ու այն որ ինծի հասաւ դուն չէիր

Ու այն որ ինծի հասաւ թախիծն էր 
Վիշտն էր մօրէ մերկ

Հեռուէն տեսայ որ դուն կա լայիր

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Չար հոգիս դուն– որ

գեդեցկութեամբդ թափանցիկ

կարծել կու տաս                                               

թէ նոյնքան ալ դիւրին է թափանցել

մտերմութեանդ  -

Մի մարեր պահը որ կ՚իյնայ

սեղանին կապոյտ ծածկոցին 
ու մի կշտամբեր լռութիւնը

որ կ՚անճրկի վանկ դառնալու

Հոն ուր ենք սէրը

անխուսափելի է

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Չար հոգիս դուն - - որ 
քովս ես - դո՞ւն իմ

թէ ես քու քովդ -

-  այնքան

մօտ ենք իրարու -

Ինչպէս տարիներ տարիներ առաջ 
թեւդ կ՚երկարես

ու լուսամփոփին  լոյսը  կը մարես 
մենք -  նորէն  -

կ՚ապաւինինք մութին -

-  իրարու -

իմ քու - մեր - վերջին սիրարկածն է աս 
կ՛երկարաձգենք վայելքը

- վախ

                        թէ նման յազում

                        այլեւս երբեք պիտի չունենանք 
վերջ -

կը մեկնինք զատ զատ -
- մեր լուսամփոփին

               լոյսը մարեր է

               - մութ է վաղուան չափ

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

Չար հոգիս դուն - - որ 
կա գաս հեւ ի հեւ

Մտահոգ ես - ո՞ւշ է -

-   ուշ չէ - ալքոլ կայ
շիշին  մէջ տակաւին

Ալքոլը սէր է

եւ թէ պատրուակ է մեղանչելու 
եւ մեգ  փրկելու  հին սխալներէն

Մտահոգ ենք - ո՞ւշ է -

-   ուշ չէ - տակաւին
արեւ կայ մեր մէջ

ու մենք խենդի պէս կը փարինք շողին

-   վախ - թէ կը փախչի

-   վախ - թէ կը փախչինք -

Կ՚երթաս -

չար հոգիս դուն -  -  որ

ալ պիտի չգաս

ՀԻՆԳՇԱԲԹԻ

Չար հոգիս դուն - - որ 
իմ քսանըչորս ժամս ես

կը սահիս կ՚երթաս ափերուս  մէջէն 
ողորկ  ձուկի պէս

Կը սահիս կ՚երթաս -

- ափերուս  մէջէն 
դեռ մուխ - կը մխայ հետքը մարմինիդ - 
հեւքը - որմէ մաս մը հետդ տարիր

եւ որ ետ չի գար

Կու գա՞յ -

սպասումը զէնքն է վերջին

ՈՒՐԲԱԹ

Չար հոգիս դուն - - որ

պիտի տառապիս

սիրելը մոռցած  ըլլալուդ  համար

-  բայց լաւ որ ես կամ -

պիտի տառապիս

ու պիտի դուն քեզ

կեանքէն պարպուած զգաս ու չորցած

-  բայց լաւ որ ես կամ -

Պիտի իմաստ մը տալ փորձես օրիդ 
կեանքդ լեցնել նոր երանգներով -
պիտի շփոթիս -

-  բայց լաւ որ ես կամ -

սիրուելու պատրաստ

ՇԱԲԱԹ

Չար հոգիս դուն - - որ

թէպէտ հին սակայն միշտ նորն ես -

նոր է 
խակ է մեր սէրը

Նորն  ես  ու նոր են մեր ձեռքերն ալ որ

                                     կարծես նոր

                                     կը ճանչնան զիրար 
Նոր - մեր աչքերը որ նոր հարցումներ

կ՚ուղղեն  իրարու  - 
Ո՞ւր ան ժիր տղան - 
կամ թէ - ո՞ւր ճկուն այն աղջիկը - ո՞ւր -

Մենք թէպէտ հին  բայց նոր է մեր սէրը

դեռ չյայտնուած

դեռ չհասունցած

խակ է մեր սէրը եւ այսպէս թաքուն ինչպէս իմ  բոլոր

բոլոր սէրերը -

Դուն նորն  ես  - պիտի

միշտ նորը մնաս

ԿԻՐԱԿԻ

Չար հոգիս դուն - - որ 
քմայքներդ կը թափես

ձայնապնակին

փոսիկներուն մէջ 
- ան դանդաղադարձ 
իմ քու եւ իր - մեր

մեղքերը կ՚երգէ

Յետոյ կը խմենք իրարու կենաց - 
Չենք գիտեր քանի օր -

եւ թէ այդքան օր

կը բաւէ՞ արդեօք

կեանք  ըսուելու  - բայց Նորէն կը խմենք

կենաց

Ձայնապնակը կը դառնայ դանդաղ

ու մենք կը դառնանք մեր հին սէրերուն

վախ - թէ մի գուցէ

զանոնք կը մոռնանք 
նորերը չապրած