Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ե. Թխումի մելիքութիւն
       Այս մելիքութեան նախահայր համարւում է մեալիք Շիրինշահ, որ մի խումբ ասորիների հետ Աթուրից եկել է Թխում եւ այստեղ, անտառի մէջ տեսնելով այժմեան եկեղեցին ամայի կանգնած, բնակութիւն է հաստատել շուրջը եւ կազմակերպուելով սկսել է կռուել այս կողմերը տիրող եզիդիների դէմ։
       Մելիք - Շիրին - շահին յաջորդել է Մելիք Մանուն։ Սրա ժամանակ Արտիւշ աշիրաթի քրդերը յարձակուել են Խան գիւղի եւ սրա շրջակայքի եզիդիների վրայ, կոտորել եւ դուրս քշելով տիրել նրանց երկրին։ Ապա ուզեցել են նաեւ ասորիներին կոտորել, որ նոր հաստատուել էին այս կողմերում, սակայն մելիք-Մանուն ընդդիմացել է եւ պահպանել իւր ժողովուրդը։
       Մելիք-Մանուին յաջորդել է մելիք Օրահան։ Սա միացել է Ջուլամէրիկի միր Միրոս Մատէնի հետ եւ յարձակուել Բադինի (Մօսուլի մօտ ) քրդերի վրայ, կոտորել եւ թալանել. ապա դարձեալ նոյն միրի հետ յարձակուել է Պարսկաստանի Բարդասորի քրդերի վրայ եւ նրանց էլ կոտորել ու թալանել։
       Մելիք Օրահանին յաջորդել է մելիք Լաչինը, որ յետ է մղել Չալի քրդերի աղա՝ Միրզա-աղայի յարձակումը եւ կոտորել նրանց՝ Զաբ գետի ափին։
       Սրան յաջորդել է մելիք Դինխանը, որ 3000 զօրքով յարձակուել է Խան գիւղի աշիրաթի քրդերի վրայ եւ կոտորել, թալանել է։
       Սրա յաջորդ Լաչինը միեւնոյն շաւղով է գնացել, դարձեալ յարձակուել է Արտուշի աշիրաթի քրդերի վրայ, սակայն պարտութիւն է կրել։
       Սրան յաջորդել է մելիք Գեօրգին, որ այժմ կենդանի է։ Հետեւելով իւր նախորդներին, սա յարձակուել է Բարվարի Արտիւշ աշիրաթի քրդերի վրայ եւ քշել բերել նրանց ահագին հօտերը։ Խրախուսուած այս յաղթութեամբ, նա յարձակուել է Օրամարի Սիւթու աղայի վրայ, որ եկել, քշել տարել էր այս աշիրաթի 2000 գլուխ ոչխարները եւ կարողացել է գրեթէ նոյնքան ոչխար քրդերից քշել բերել։
       Այս մելիքական հարստութիւնը այժմ հինգ գրեթէ համազօր օջախի, գերդաստանի է բաժանուած, ուստի եւ որոշել են որ մելիքութիւնը ժառանգական չլինի, այլ իւրաքանչիւր երեք տարին հերթով ընտրուի այս հինգ օջախի արժանաւոր մարդկանցից։