Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ասորիների պարապմունքը
       Ջուլամերիկի շրջանի ասորիների գլխաւորապէս պարապում են այգեգործութեամբ, գինեգործութեամբ, մեղուապահութեամբ, խաշնարածութեամբ, եւ մասամբ երկրագործութեամբ։ Պտղատու ծառերի մէջ առաջին տեղը բռնում է ընկուզենին, ապա խընձորենին, տանձենին, կեռասենին, թթենին, դեղձենին եւ նռնենին։ Այս բոլոր տեսակի ծառերին փաթաթուելով բարձրանում է խաղողի որթը, ծառի ճիւղերի եւ պտուղների միջնց քաշ անելով իւր ողկոյզները։ Այսպէս են աճում խաղողի որթերը, որպէսզի առանձին տեղ չբռնեն։
       Գինեգործութիւնն առանձնապէս զարգացած չէ, պատրաստուած գինին չի արտահանւում, այլ սպառւում է հէնց իւր տեղում։
       Մեղուապահութիւնը դեռ եւս կատարւում է հին սիստեմով եւ ոչ Գադանի։ Մեղրը շատ մաքուր է եւ քաղցր ու մեծ հռչակ ունի, մանաւանդ Քօչանիսինը։
       Խաշնարարծութիւնը սաստիկ տարածուած է, պահում են մեծ քանակութեամբ ոչխար եւ շատ քիչ այծ։
       Ընտանի կենդանիներից պատահում են շատ քիչ քանակութեամբ կով, ամեն մի գիւղում 2-3 հատ եզ, ոչ մի ձի, սակաւաթիւ էշ եւ բաւականաչափ ջորիներ։
       Տեղի սակաւութեան պատճառով տնային թռչուններ անգամ չեն պահում, որովհետեւ կարող են անմիջապէս տան առջեւ տարածուող քանքսերը եկ պարտէզները փչացնել։
       Ցանում են գլխաւորապէս սիմինար, ծխախոտ, բրինձ, կանեփ եւ անսիւն նաեւ շատ քիչ քանակութեամբ ցորեն, կորեկ, կարտոֆիլ եւ կաղամբ։ Շնորհիւ այն հանգամանքի, որ չափազանց մեծ խնամքով են մշակում երկիրը՝ բերքը լինում է մէկին հինգ հարիւր, նոյն իսկ հազար։
       Ձմեռը գիւղերում վաստակի ոչ մի գործ չլինելու պատճառով, աշնան վերջին, երբ դեռ եւս ճանապարհները չեն փակուել, գրեթէ բոլոր տղամարդիկ գնում են Մուսուլ, Հալէպ, Ռուսաստան՝ աշխատելու եւ գարնան սկզբին վերադառնում են իրենց ագարակները մշակելու։ Մուսուլում գլխաւորապէս պարապում են կողովագործութեամբ եւ շատերը սեպհական ագարակներ ունեն ուռենիներով ծածկուած։ Միւս տեղերում սրանք գլխաւորապէս պարապում են բեռնակրութեամբ, մանր առեւտրով եւ մասամբ խաչագողութեամբ։
       Գեաւառի եւ Աղբակի շրջանի ասորիները պարապում են գլխաւորապէս երկրագործութեամբ, ցանում են ցորեն եւ կանեփ։