Էջեր համշինահայ պատմութիւնից

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԷՋԵՐ ՀԱՄՇԻՆԱՀԱՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ

1. Աբխազական Ինքնավար Հանրապետութեան սահմաններում ու ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում՝ առանձին բնակավայրերով, ինչպէս եւ աբխազների, ռուսների ու վրացիների դրկիցութեամբ, շուրջ հարիւր տերի է, ինչ հեստատուել են տասնեակ հազարաւոր հայեր, որոնք ստեղծագործ աշխատանքով խթանում են այդ վայրերի տնտեսական կեանքի ու մշակոյթի զարգացմանը։ Սրանց մեծագոյն մասի նախնիների համշէնցիներ են եղել։ Առ այսօր, սակայն, գոյութիւն ունեցաղ հայկական խոշոր ու կենսունակ այդ գաղթօջախի բնակիչները աղօտ պատկերացում ունեն իրենց անցեալի, մանաւանդ՝ իրենց բնօրրան Համշէնի պատմութեան մասին։

Մեր սոյն յօդուածում, առաջին անգամ լինելով, փորձելու ենք համառօտ մի ակնարկով լուսաբանել համշինահայ պատմութեան դրուագները՝ գիտական շրջանառութեան մէջ դնելով նոր տուեալներ եւ քննաբար օգտագործելով պատմական, տեղագրական ու ազգագրական արդէն յայտնի ցաքուցրիւ նիւթերը։ Եւ եթէ աշխատանքը շարունակուի ուրիշների կողմից եւ առաջիկայում հնարաւոր լինի համատեղ ջանքերով ստեղծել համշինահայութեան կապակցուած ու ամբողջական պատմութիւնը, մենք հասած կլինենք մեր նպատակին։

2. Համշէնի հայկական իշխանութեան հիմնադրման ստոյգթուականը հնարաւոր է լինում որոշել Ղեւոնդ պատմիչի հաղորդած վստահելի տուեալներով։ VIII դ. այդ սկզբնաղբիւրի համաձայն արաբական բռնապետութեան տակ հեծող հայժողովրդի տնտեսական եւ իրաւական վիճակը յատկապէս անտանելի է դառնում 7788-790 թթ. ՝ Օբայդուլլահ իբն ալ-Մահդի ոստիկանի ու սրա կողմից փոխանորդ կարգուած «քան զամենեսին ժանտ եւ չարագործ» Սուլայմանի կառավարչութեան տարիներին [1] ։

Սուլայմանն առաջինն էր արաբ ոստիկաններից, որ Հայաստանի փոխարքայութեան նստավայրը տեղափոխեց Պարտաւ. նա Դուին ուղարկեց ծագումով յոյն հաւատուրաց իր փեսային, որ հարկապահանջներ առաքելով Հայաստանի տարբեր շրջանները «Սաստիկ դժնդակութեամբ խոշտանգէր զբնակիչս աշխարհին»։ Մէկ տարի անց («ի գալ միւսոյ ամին») հարկապահանջութիւնն ու կողոպուտն այնպիսի ծաւալ ստացան, որ պատմիչի խօսքերով՝ «յայնմհետէ ոչ ոք էր տէր ընչից իւրոց» [2] ։ Շատերը, պայքարելու եւ տոկելու ուժ չունենալով այլեւս, լքում էին իրենց հազարամեայ բնակավայրերը եւ, յաղթահարելով տիրողների դիմադրուիւնը, արտագաղթում այլ երկրներ։

Բիւզանդական կայսրութեան հիւսիսարեւելեան Խալդեա (հայկական՝ Խաղտիք) ծայրագաւառում, Հայաստանից կազմակերպուած արտագաղթի հետեւանքով, ստեղծւում է Համշէնի հայկական իշխանութիւնը, որը յարատեւում է երկար դարե եւ զգալի դեր կատարում հայ ժողովրդի քաղաքական ու մշակութային պատմութեան մէջ։

Այդ արտագաղթի մասին խիստ ուշագրաւ են ժամանակակից պատմագիր Ղեւոնդի հաղորդած տուեալները, որ մէջ ենք բերում ստորեւ՝ տողատակում տալով նաեւ աշխարհաբար թարգմանութիւնը։

«Իսկ ապա, իբրեւ այնպէս թափուրք մնային, մերկ ու բոկք եւ սովամահք, եւ ոչ գտանէին ապրուստ անձանց՝ դէմ եդեալ տարադէմ գնացին փախստեայ յաշխարհն Յունաց. զորոց ասեն լինել զթիւ մարդկանն աւելի քան ԺԲՌ (12000) արանց հանդերձ կանամբք եւ մանկտեաւ. որոց առաջնորդք Շապուհ ի տոհմէ Ասատունեաց եւ Համամ որդի նորա եւ այլք ի նախարարաց Հայոց եւ նոցին հեծելոց։ Եւ անօրէն չարաշուք թշնամւոյն հետամուտ եղեալ զօրու իւրով զկնի փախստէիցն՝ հասանէին ի սահմանս Վրաց ի գաւառն Կող։ Ընդ որում մարտ եդեալ՝ փախստական առնէին եւ զոմանս սատակէին. եւ ինքեանք անցանէին ընդ գետն Ակամսիս, որ ի կողմանս Տայոց բղխեալ՝ երթայ զհիւսիոյ արեւմտից, անցանելով ընդ Եգեր՝ մտանէի ի Պոնտոս։ Եւ իբրեւ անցին ընդ գետն՝ վաղվաղակի ազդ եղեւ արքային Յունաց Կոստանդնի։ Եւ կոչեցեալ զնոսա առ ինքն՝ տայր պատիւ նախարարացն եւ նոցին հեծելոցն. եւ զայլ խառնիճաղանճսն բնակեցուցանէր ի բարւոք յարգաւանդ երկրի» [3] ։

Այս անցուդարձերի առիթով, բացի արտագաղթը գլխաւորող Շապուհ եւ Համամ Ամատունի իշխաններից, յիշատակուած են հետեւեալ նշանաւոր դէմքերը. Եսայի Եղիպատրուշեցի կաթողիկոսը (775-788), արաբական ոստիկան Օբայդուլլահն ու նրա փոխանորդ Սուլայմանը (788-790) [4] եւ բիւզանդական կայսր Կոստանդին VI-ը (780-797)։

Վերը նկարագրուած արտագաղթը եւ Համշէնի հայկական իշխանութեան ստեղծումը տեղի է ունեցել Եսայի կաթողիկոսից (մհ. 788) յետոյ, Օբայդուլլահ եւ Սուլայման ոստիկանների կառավարչութեան տարիներին, ուստի՝ 789-790 թթ. ։

Արտագաղթը գլխաւորել, արաբ տիրողների դիմադրութիւնը ջախջախել եւ 12 հազարից աւելի բնակչութեան համար Բիւզանդական կայսրութեան տիրապետութեան ներքոյ ապահով բնօրրան են ստեղծել Շահուհ եւ Համամ Ամատունիները։ Համշէն անունն իսկ կապւում է Համամ Ամատունու անուան հետ։ Ըստ խառնաշփոթ ու ժամանակավրէպ մի աւանդութեան՝ գրանցուած այս դէպքերից շուրջ մէկ-երկու հարիւրամեակ յետոյ, Համամը բնակութիւն է հաստատել սկզբից Տամբուր կոչուող քաղաքում։ Այդ քաղաքը յետագայում գրաւուել է Վաշդեան անունով վրաց իշխանի կողմից, որ նենգելով հայերին ու բիւզանդացիներին գործակցել է պարսիկներին (իմա՛ արաբների) հետ ու օգնական զօրք ստացել նրանցից։ Համամ իշխանը, որ Վաշդեանի քեռորդին էր, մեղադրել է նրան նենգութեան ու դաւաճանութեան մէջ, սակայն ձերբակալուել է ու պատժուել՝ ոտքերի ու ձեռքերի ծայրատումով։ Վաշդեանն այնուհետեւ, ըստ աւանդութեան, «առեալ զպարսիկս, անց ընդ գետն Ճորոխ, եւ գնաց ի քաղաքն Համամայ, որ կոչի Տամբուր, եհար սրով եւ հրով եւ գերեաց զքաղաքն» [5] ։

Այս դէպքերից յետոյ է, որ Համամ իշխանը աւերուած Տամբուրի տեղում կառուցել է մի նոր քաղաք՝ իր անունով կոչելով Համամաշէն [6], որ յետագայումսղուելով հնչուել է ու հնչւում է առ այսօր Համշէն կամ Համշին ձեւերով (հմմտ. Մանաւազակերտ-Մանազկերտ)։

Որքան էլ վիպական կերպարանք ստացած ու գունազարդուած լինեն Յովհան Մամիկոնեանի կողմից գրանցուած կամ նրա անունով մեզ հասած այս տուեալները, նրանցում, անտարակոյս, կան իրական դէպքերի արձագանքներ։ Ուշադրութեան արժանի են յատկապէս Վաշդեան վրաց իշխանի ու Համամի ազգակցութեան ու բախումների մասին առկայ տեղեկութիւնները։ Դրանք հնարաւորութիւն են ընձեռում խորհելու, որ Շապուհ եւ Համամ Ամատունիները իրենց ժողովրդին առաջնորդել են Խաղտիքի անմատոյց շրջանները՝ նախապէս ծանօթ լինելով այդ վայրերին, խնամիական կապեր ունենալով Ճանիքի (Լազիստանի) իշխանների հետ։ Վաշդեանի ու Համամի հակամարտութեան մասին յուշերը, հաւանաբար, արդիւնք են իրական այն պայքարի, որ մղել են գաղթողները տեղացի բնակչութեան դէմ՝ աշխարհագրական այդ միջավայրում հաստատուելու եւ բարգաւաճելու համար։ Ըսհ այդմ՝ պատմական հիմքից զուրկ է համշէնցիների միջավայրում տարածուած թեւաւոր այն խօսքը, որի համաձայն «Համշէնը աշխարհի ստեղծմանէ ի վեր մարդու երես չէր տեսած» [7] ։

3. Ղեւոնդ պատմիչի հաղորդած տուեալները հնարաւորութիւն են ընձեռում ոչ միայն պարզելու Համշէնի հայկական իշխանութեան հիմնադրման ստոյգ ժամանակը՝ 789-790 թթ., այլեւ որոշելու Հայաստանից արտագաղթած ու Համշէնում հաստատուած հայ բնակչութեան բնօրրանը։

Գիտենք արդէն, որ Համշէն արտագաղթած հայերի ղեկավարները հայ ժողովրդի պատմութեան մէջ մեծ դեր կատարած Ամատունեաց նախարարական տան պայազատներ էին։ Պատմագրական ու վիմագրական աղբիւրներում առկայ ակնարկների համադրումով հնարաւոր է լինում յանգել անտարակուսելի այն եզրակացութեան, որ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում Ամատունեաց նախարարութեան կալուածքներն ընկած էին Այրարատեան նահանգի Արագածոտն եւ Կոտայք գաւառներում՝ կենտրոն ունենալով Օշական նշանաւոր աւանը [8] ։ Գիտենք ստոյգ, որ Ամատունիների տիրապետութեան սահմանների մէջ էր գտնւում միջնադարեան Հայաստանի նշանաւոր մշակութային կենտրոն Յովհանավանքը (կոչուած նաեւ՝ Ս. Կարապետ). այդ մասին վկայութիւն է պահպանուել XVII դ. արժէքաւոր մի յիշատակարանում, ուր վանքը կոչուած է «Ամատունեաց սուրբ Կարապետ, որ ի ստորոտս Արագածու եւ ի գաւառս Կարբոյ եւ Յանբերդոյ» [9] ։ VI դ. կառուցուած Պտղնավանքի պատին քանդակուած է մի հեծեալ՝ «Մանուեղ Ամատունեաց տէր» մակագրութեամբ [10] ։ Այդ Մանուէլը, ուսումնասիրողների կարծիքով, վանքի շինողն է, ուստի պէտք է եզրակացնել, որ Կոտայքը, աւելի ճիշտ՝ այդ գաւառի մի մասը (Հրազդանի ձորը) եւս պատկանում էր Ամատունիներին։ Սրանց տիրապետութեան սահմանները որոշելուն նպաստում է եւ այն իրողութիւնը, որ XIII դ. Զաքարեանների կողմից Արագածոտնի իշխաններ կարգուած Վաչուտեանները իրենց համարում էին Ամատունիների սերունդ՝ տիրելով նախկինում Ամատունիներին պատկանած շրջաններին [11] ։

Վերոյիշեալ փաստերը իրաւունք են տալիս աներկբայ յայտարարելու, որ Շապուհ եւ Համամ Ամատունիների գլխաւորութեամբ Համշէն ներգաղթած հայ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը, լինելով Ամատունեաց հպատակ հեծեալներ ու շինականներ, դուրս էին եկել Հայաստանի սրտից՝ Այրարատեան նահանգից [12] ։

Բնականաբար յետագայ դարերում Համշէնի լեռնաշխարհը իր անմատչելի ձորագաւառներում պատսպարուած պէտք է լինի նաեւ Հայաստանի այլ շրջաններից, մասնաւորապէս Համշէնին սահմանակից Բարձր Հայքի գաւառներից արտագաղթած նոր խմբերի, սակայն հայկական Համշէնի հիմնադիրները Շապուհ ու Համամ Ամատունիների գլխաւորութեամբ արաբական լծի դէմ զէնք վերցրած եւ յաղթական պայխարով իրենց համար նոր հայրենիք նուաճած այն հերոսներն էին, որ դուրս էին եկել, ինչպէս ասացինք, Այրարատեան նահանգի Արագածոտն եւ Կոտայք գաւառներից։

4. Անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով արտաքին աշխարհից կտրուած, ինքնամփոփ, մութ ու մառախլապատ մի երկրամաս էր Համշէնը։ Հեթում պատմիչը, որ XIII դ. վերջերին անձամբ եղել է այնտեղ, յայտնում է, թէ «տեղին այն այնչափ մառախլապատ է եւ խաւարչուտ՝ այնպիսի նսեմութեամբ, զի ոչ ոք է՝ որ կարիցէ նշմարել ինչ անդ. եւ ոչ ոք է՝ որ համարձակեսցի մտանել յայն երկիր, զի ոչ ոք գտանէ շաւիղ գնալոյ ընդ այն» [13] ։ Հեթումին լրացնում է իսպանացի դիւանագէտ Ռուի Գոնզալես դէ Կլաւիխոն, որ 1406 թ. սեպտեմբերին տունդարձի ճանապարհին անցել է Համշէնով՝ մեծարժէք իր ուղեգրութեան մէջ գրանցելով կարեւոր տեղեկութիւններ այդ երկրամասի դիրքի, պատմութեան ու ժողովրդի բարքի մասի [14] ։

Համշէնի դիրքի, աշխարհագրական ու կլիմայական պայմանների, հաղորդակցութեան միջոցների եւ յարակից խնդիրների մասին շատ արժէքաւոր տեղեկութիւններ են հաղորդում նաեւ XIX դ. օտարազգի եւ հայ ուղեգիրներ ու տեղեկագիրներ, մասնաւորապէս՝ Կ. Կոխը, Ս. Հայկունին, Պ. Թումանեանցը եւ ուրիշներ։ Թումանեանցն, օրինակ, գրում է. «[Համշինի] ժողովուրդը, այս ամէն չարչարանքը իր երկրին լեռնային դրիցը պատճառով կը կրէ, ուր կառք բանել բնականաբար անհնարին ըլլալէ զատ՝ շատ մը ճանապարհ կոչուած տեղերն անգամ ձի եւ ջորի ալ չ՚կրնար բանիլ, որով շինականը արտէն եւ թէ անտաշէն ի տուն եւ թէ ի քաղաք փոխադրելիք բաները... կը ստիպուի շալակաւ կրել՝ դժուարին եւ վախուոր ճանապարհներով» [15] ։

Թէ ինչ երկրամաս գրաւեց Շապուհ եւ Համամ Ամատունիների գլխաւորութեամբ Այրարատեան նահանգից արտագաղթած 12 հազար բնակչութիւնը սկզբնական շրջանում, չգիտենք։ Միջին դարերից եւս տեղեկութիւններ գրեթէ չեն պահպանուել, եթէ անտեսենք Համշէնի իշխանութեան հարաւից Սպերին սահմանակից լինելու մասին ձեռագրական տուեալը՝ XV դ. (այդ մասին՝ յետոյ)։ Ուստի, կամայ թէ ակամայ, դիմելու ենք XIX դ. ուղեգիրների օգնութեանը։

Գերմանացի գիտական Կարլ Կոխը, որ 1843-1844 թթ. անձամբ անցել է Համշէնով ու գրանցել ճամփորդական ուշագրաւ իր տպաւորութիւնները, նկատում է, թէ Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնուող երկրամասը կիսանկախ էր՝ վոյվոդ կոչուող պաշտօնեայի կառավարութեան ներքոյ [16] ։ Համշէնի սանջակի մէջ, բացի կենտրոնական դիրք գրաւող բուն Համշէնի շրջանից, Կ. Կոխի տուեալներով մտնում էին 3 ձորապետութիւններ (դերեբեայութիւն)։ Դրանիցի մէկի կենտրոնը եղել է Ջեմիլ գիւղը՝ համանուն գետի (Կալապոտամոս գետի ակունքներից), երկրորդի կենտրոնը՝ Օրթաքյոյը՝ Մապաւրա գետի ափին, իսկ երորդինը՝ Մարմանդ գիւղը՝ Աթենա ծովափնեայ գիւղաքաղաքից 2, 5 ժամուայ հեռաւորութեամբ [17] ։

Համշէնի սահմանների մասին աւելի մանրամասն տուեալներ հաղորդում է բազմարդիւն ազգագրագէտ Ս. Հայկունին։ «Համշէնի վիճակը, - գրում է նա, - բռնած է Սպերի եւ Իրիզէի միջավայրն, Սպերից սկսած գետի մը երկու հովիտներն կը գրաւէ, որ հինաւուրց հսկայ անտառներով պատած է, եւ շրջապատուած է նաեւ հսկայ լեռներով։ Խաչավանք սարից Թերեւիթ սարի երեսը անցնելու համար մի լճակի եզրից պիտի անցնենք, որ ձկներով առատ է եւ որի շրջապատը կարելի է կտրել 20 վայրկեանում։ Քյողցեր լեռան վրայ եւս լիճ մի կայ, Այղր կյոլ անունով։ Այս լճերն երկու գետերու սկզբնաւորութիւն են, մեն 6 ժամու ճանապարհ Սպերի կողմ հոսելով Ճորոխի կը խառնուի. որը եւս (իմա՛ միւսը Լ. Խ. ) կը հոսի Սեւ ծով 5 ժամ Իրիզէի արեւմտեան կողմից։ Ճեմել գետն արեւմտեան կողմը հոսելով կիջնայ՝ աջ կողմից Կալապատոմուզի կը խառնուի... բուն Համշէն կը սկսի Եօթը-Փարա գիւղից, որ Իրիզէից 24 ժամ բարձր է։ Եօթը-Փարա գիւղից 8 ժամ բարձր է Համամշէնի գարադերէն, որ Կալապատոմուզի կը խառնուի։ Մափաւրի գետն եւս կը հոսի Սեւ ծովը Իրիզէից 4 ժամ յարեւելս, որն եւս Համշէնի լեռներէն կիջնայ... վերին Կալէ գետակն 2 ժամ ընթացքէ յետոյ՝ արեւելեան եզրից Ֆորթունա (Բուք) գտին կը խառնուի Չաթփոսի մօտ՝ Թերեւեթի հովտէն անցնելով։ Ֆորթունան Խաչվանքի սարից կիջնայ, Արտաշէնից կանցնի, եւ Ատինայէն 2 ժամ յաւելելս Սեւ ծովը կը թափի... » [18] ։

Կ. Կոխի եւ Ս. Հայկունու հաղորդած տեղագրական տուեալները, մեզ մատչելի քարտէզագրական նիւթերի համադրութեամբ, հնարաւորութիւն են ընձեռում ստուգման ու ճշգրտման կարօտ մի քարտէզ ներկայացնելու Համշէնի երկրամասի, որի սահմանները, անշուշտ, դարերի ընթացքում կրել են մեծ փոփոխութիւններ։

 

Մեր խնդրանքով պատմաբան Բ. Յարութիւնեանը կազմել է այդպիսի մի քարտէզ, որ տրւում է ներդիր։

Համշէնի բնական պայմանները՝ լեռնային զանդշաֆտ, անանցանելի ու խիտ անտառներ եւ այլն, հնարաւորութիւն չեն ընձեռում բազմամարդ բնակավայրեր ստեղծելու։ Գիւղերն այստեղ, սովորաբար, կազմուած են լինում 20-30, առաւելն 50 միմեանցից 1-3 եւ աւելի կիլոմետր հեռու ընկած տների խմբերից կամ հատ-հատ տներից [19] ։ «Գիւղացիին բնակարանը երբ նեղ գայ, - գրում է Համշէնի մեծավաստակ ազգագրագէտը, - կամ քանի եղբայրներ միասին բնակելու խոչընդոտներ յառաջ կգան, իրենց տնէն 1-2-3 վերստ հեռու... անտառի յարմարաւոր վայրերը կորոշե տուն շինել, այնպիսի տեղ մի, որ լինի զառիվայր, տան վերեւը իրեն յատուկ անտառը... տանը շուրջը պտղատու ծառներ տնկելու յարմարութիւն ունենայ» եւ այլն [20] ։

Կ. Կոխը նոյնպէս ուշադրութիւն է դարձրել համշէնցիների բնակավայրերի նոյն առանձնայատկութեան վրայ եւ յայտնել, որ Համշէնի ամբողջ տարածքի վրայ, այս ու այն կողմ ցրուած, կայ ընդամէնը 1500 տուն։ Իւրաքանչիւր տան կամ ընտանիքի անդամների թիւը հաշուելով 5, 5 միաւոր՝ նա ենթադրել է, որ Համշէնի ազգբնակչութեան թիւը շուրջ 8 հազարի չափ պէտք է լինի [21] ։

Մշակելի նոր հողամասերի իրացման հետ կապուած գրեթէ անյաղթահարելի դժուարութիւնները, հնագոյն ժամանակներից սկսած, արտագաղթի ու պանդխտութեան պատճառ են հանդիսացել համշէնցիների համար։ Նրանք, քայլ առ քայլ դուրս գալով բուն Համշէնի սահմաններից, տարածուել են գրեթէ բոլոր ուղղութիւններով։

5. Կրկին անդրադառնանք քաղաքական կեանքի պատմութեանը։

Տեղեկութիւններ չկան պարզելու, թէ Համամ Ամատունի իշխանից յետոյ Համշէնը որքան ժամանակ է մնացել նոր տոհմի տիրապետութեան ներքոյ։ Կարող ենք միայն ենթադրել, որ IX-XI դդ. ` Հայաստանի, Վրաստանի եւ Աղուանքի սահմաններում Բագրատունիների հզօրացման եւ աննախընթաց վերելքի այդ ժամանակաշրջանում, Համշէնը նոյնպէս, հարաւից սահմանակից լինելով Բագրատունիների հին բնօրրան Սպերին [22], ընկել է նրանց քաղաքական ազդեցութեան տակ։ Այս մութ ժամանակահատուածի վրայ, կարծես, աղօտլոյսիսի ճառագայթ է նետում համշէնցիների միջավայրում մինչեւ XIX դ. վերջերը պահպանուածաւանդութիւնը թագաւորական ցեղից սերուած Գրիգոր եւ Մարտիրոս իշխանների մասին։ Ըստ այդմ՝ «Մարտիրոս Գրիգորի աղջիկը կուզէ իւր որդոյն՝ Արտաշէսի համար. Գրիգորը չի յօժարիր տալ Մարտիրոս զինու զօրութեամբ Գրիգորի երկիրը կը մատնէ, կը պատերազմի, կը յաղթէ, կառնէ աղջիկը, կը պսակէ Արտաշէնի վրայ, Արտաշէնի Գրիգորի երկրի մէջ, Համշէնի մեծ գետի վերի ակներուն մօտ մի հսկայ բերդ կը կառուցանէ, որ այսօր եւս Արտաշէն կասուի» [23] ։

Այս աւանդութեան մէջ պատմական է, անշուշտ, հայ իշխանների միմեանց դէմ մղած պատերազմների վերյուշը եւ, մանաւանդ, ուշագրաւ այն տուեալը, որ իրար դէմ պատերազմող հայ այդ իշխանները եղել են «թագաւորական ցեղէ»։

 

Պատմա-աշխարհագրական այս միջավայրում «թագաւորական ցեղ» էին առաջին հերթին Բագրատունիները, որոնք զենքի ուժով, խնամիական կապեր հաստատելով եւ այլ ուղիներով քաղաքական իրենց ազդեցութիւնը տարածում էին նորանոր շրջանների վրայ՝ մանաւանդ Տայքի ու Կղարջքի հայազգի տէր Դաւիթ Կիրոպալատի իշխանութեան տարիներին (961-1001), ինչպէս նաեւ յետագայում՝ վրաց Բագրատունիների քաղաքական վերելքի տասնամեակներին։ Այս ժամանակաշրջանից պատմական ստոյգ վկայութիւններ, ցաւօք, չեն պահպանուել։

XIII դ. սկզբներին, խաչակրաց 4-րդ արշաւանքի հետեւանքով մասնատուած ու բզկտուած Բիւզանդական կայսրութեան հիւսիսարեւելեան շրջաններում ստեղծուեց պետական մի նոր կազմակերպութիւն՝ Տրապիզոնի կայսրութիւնը, որը միաւորեց յոյն, հայ ու վրացի ազգութիւններով բնակեցուած մի շարք շրջաններ եւ XIII-XIV դդ. նշանակալից դեր խաղաց միջազգային առեւտրի մէջ։

Համշէնի հայկական իշխանութիւնը, մասն կազմելով բիւզանդական Խալղեա (Խաղտիք) թեմի, կիսանկախ իր գոյութիւնը պահպանեց Տրապիզոնի կայսրութեան կազմի մէջ։ Խաղտիքի դժուարակոխ ճանապարհների ու նրա ռազմատենչ բնակչութեան մասին 1223 թ. ունենք պերճախօս մի վկայութիւն, որը հարեւանցիօրէն վերաբերում է նաեւ Համշէնին ու նրա քաջարի զաւակներին։ Այդ թուականին իրար բախուեցին Իկոնիայի սուլթանութեան ու Տրապիզոնի կայսրութեան զինական ուժերը։ «Պատմութիւն սուրբ Եւգենիոսի հրաշագործութեանց» երկի տուեալներով սուլթանը ճամբար զարկեց Բաբերդից ոչ հեռու մի վայրում եւ շրջակայ բնակչութիւնից տեղեկութիւններ սկսեց քաղել Տրապիզոն տանող ճանապարի մասին. նրան ասացին, որ անհրաժեշտ է շրջանցել Խաղտիքը, քանի որ այդ թեմը ժդուարանցանելի է եւ ունի ռազմատենչ բնակչութիւն [24] ։ Յետագայ դէպքերն եկան հաւաստելու այդ տեղեկութիւնը. «Խաղտիքի եւ Մացուկա կոչուող շրջանի բնակիչները, տրապիզոնցիների յաջող դիմադրութեան մասին լուր ստանալով, ոգեշնչուեցին, եւ ժամանելով գիշերով, հալածեցին պահապաններին, թշնամու բանակատեղից քշեցին-տարան պատերազմական ձիերը, յափշտակեցին ու գերեցին»։ Խիստ ուշագրաւ են, մանաւանդ, սկզբնաղբիւրի հետեւեալ տողերը. «Յոյները գրաւեցին հապճեպ փախուստի հետեւանքով թողնուած ձիարն ու զէնքը։ Իսկ հնարարւո՞ր է, արդեօք, թուարկել, թէ մացուկացիներն ու Խաղտիքի բնակիչները որքան փախստականներ ջարդեցին Տաւրոսի ձորերում» [25] ։ Խաղտիքի բնակիչներն այստեղ խիստ որոշակի տարանջատուած են յոյներից ու մացուկացիներից, անշուշտ, էթնիկապէս տարբեր լինելով։ Հիմք չունենք պնդելու, որ «Խաղտիքի բնակիչ» ասելով՝ սկզբնաղբիւրի հեղինակը նկատի է առել միայն եւ բացառապէս Համշէնի հայերին (այդպէս կարող էր կոչուել Բաբերդից հիւսիս՝ հնում Խաղտոյ ձոր կոչուող շրջանի, ինչպէս եւ Սպերի հայ ազգաբնակչութիւնը), սակայն կարող ենք չտարակուսել, որ Տրապիզոնի կայսրութեան հովանու տակ մտած Համշէնի հայկական իշխանութիւնը իր հարեւանների նման կիսանկախ դիրք ունէր կայսրութեան եւ սուլթանութեան նկատմամբ պահպանել էր ռազմատենչ իր ոգին եւ պատրաստ էր ոչ միայն դիմադրելու թշնամի բանակներին, այլեւ նպաստաւոր իրադարձութիւնից օգտուելով՝ նախայարձակ լինելու։

XIV դ. կէսերից Տրապիզոնի կայսրութիւնը, քայքայման ու մասնատման անկարգ ընթացքի մէջ մտնելով, մէկը միւսի հետեւից կորցնում էր իր ծայրագաւառները՝ փաստական իշխանութիւն պահպանելով միայն Տրապիզոն քաղաքի ու մերձակայքի վրայ։ 1360-ական թթ. արդէն Խաղտիքը կայսրութեան մաս չէր կազմում. որոշակի մի տեղեկութեամբ այդ տարիներին երկրամասը՝ հաւանաբար Համշէնի հետ միասին, գտնւում էր արդէն Բաբերդի էմիրի գերիշխանութեան ներքոյ, որն իր հերթին Ջելաիրեանների, ապա Թեմուրեանների վասալն էր [26] ։

6. Սկզբնաղբիւրների բազմադարեան լռութիւնը Համշէնի հայկական իշխանութեան մասին խզւում է XV դ. սկզբներին, երբ այդ անհիւրընկալ երկրով անցնում է իսպանացի դիւանագէտ Կլաւիխոն։ Այսուհետեւ լեզու են առնում մի քանի հայ յիշատակագիրներ, որոնց հաղորդած չոր ու ցամաք տեղեկութիւններն ի մի բերելով՝ հնարաւոր է լինում ստուերագծել այդ իշխանութեան վերջին հարիւրամեակի պատմութիւնը [27] ։

Սամարղանդից հայրենիք վերադառնելու ճանապարհին, Սեւ ծովի նաւահանգիստներից որեւէ մէկին հասնելու համար, Կլաւիխոն ժամանում է Սպեր, ուր հիւրընկալւում է մահմեդական իշխանից, որին անուանում է Piahacabea: Այնուհետեւ 1406 թ. սեպտեմբերի 13-15-ին նա անցնում է Համշէնով՝ այդ երկրի մասին արձանագրելով կարեւոր տեղեկութիւններ. «Այդ գիշեր նրանք (Կլաւիխոն եւ իր ուղեկիցները Լ. Խ. ) օթեւանեցին լեռան ստորոտում գտնուող մի գիւղում։ Յաջորդ օրը՝ կիրակի (սեպտեմբերի 13-ին) բարձրացան անտառազուրկ բարձր լեռը, որն այնքան զառիվեր էր, որ ե՛ւ մարդիկ, ե՛ւ անասունները շարժւում էին մեծ դժուարութեամբ։ Այդ օրը նրանք դուրս եկան Գորդանիայիցեւմտան Առաքել (Arraquiel) [կոչուող] երկիրը։ Յաջորդ երկուշաբթի նրանք ճաշեցին այդ Առաքելի երկրի մի գիւղում եւ, անմիջապէս մեկնելով, գիշերեցին մի այլ գիւղում։

Ահա պատճառը, որի հետեւանքով այդ մահմեդականը (Piahacabea-ն Լ. Խ. ) իշխում է [միաժամանակ] Սպերին եւ այդ Առաքել [կոչուող] երկրին։ Այդ երկրի բնակիչները դժգոհ էին իրենց իշխանից, որին, ինչպէս եւ երկիրը, կոչում էին Առաքել։ Նրանք ուղեւորուեցին Սպերի վերոյիշեալ իշխանի մօտ՝ ասելով, որ նրան կդարձնեն իրենց իշխան, պայմանով, որ նա պաշտպանի իրենց։ Եւ արեցին այդպէս՝ յանձնուեցին նրա իշխանութեանը։ Նա ընդունեց եւ իր փոխարէն մի մահմեդական նշանակեց այդ երկրի կառավարման համար՝ մի քրիստոնէի ընկերակցութեամբ։

Այդ երկրամասը շատ լեռնոտ է, ունի մի քանի լեռնանցքներ, որոնցով անկարող են անցնել կենդանիները։ Որոշ տեղերում ժայռից ժայռ անցնելու համար փայտէ կամուրջ են կապել։ Բեռնակիր կենդանիներն այդ երկրամասում, ըստ մեծի մասի, անկարող են շարժուել, եւ մարդիկ ստիպուած են ամէն ինչ կրել իրենց ուսերին։ Հացահատիկն այնտեղ քիչ է [աճում]։

Այդ երկրի բնակիչներից դեսպաններին մեծ վտանգ էր սպառնում, որովհետեւ նրանք չնայած հայ քրիստոնեայ էին, բայց, լինելով վատաբարոյ ու չար ազգ, չէին կամենում ճանապարհ տալ դեսպաններին, մինչեւ նրանք իրենց հետ տարածից որոշ բան չտուեցին նրանց։

Այդ լեռներով նրանք շարժւում էին չորս օր, մինչեւ հասան ծովափնեայ մի տուն, որից մինչեւ Տրապիզոն վեց օրուայ ճանապարհ էր։ Այստեղից նրանք վատ ճանապարհով գնացին մինչեւ Սիւրմենէ կոչուող վայրը» [28] ։

Համշէնի պատմութեան համար յոյժ կարեւոր այս տեղեկութիւնները կարօտ են մեկնաբանութեան։ Դժուարակոխ ճանապարհներով Սպերից Սիւրմենէ հասնելու համար Կլաւիխոն, անտարակոյս, անցել է Համշէնով, սակայն այդ երկիրը նախկին իշխանի անունով կոչել է Առաքել։

Որեւէ երկրի անուան փոխարէն նրա իշխողի անունը կամ տիտղոսը օգտագործելու դէպքերը եզակի չեն միջնադարեան մատենագրութեան մէջ։ Պարսկական ու հայկական սկզբնաղբիւրներում, օրինակ, Գոռել է կոչուել Լեհաստանը՝ լեհ թագաւորի Կառոլ տիտղոսից, կամ էլ՝ Ջուվեյնին Գույուկ Խարանի թագադրման հանդէսին ներկայ հիւրերի շարքում յիշատակել է «Թագաւոր երկրի սուլթանին», այսինքն՝ հայերէն թագաւոր բառն ընկալել է որպէս երկրի անուն [29], ճիշտ այնպէս, ինչպէս Կլաւիխոն Համշէնը իշխան Առաքելի անունով է կոչել [30] ։

Խիստ ուշագրաւ է Կլաւիխոյի պատմածն այն մասին, որ Համշէնի բնակիչները, դժգոհ լինելով իրենց Առաքել իշխանից, պատգամաւորութիւն են ուղարկում հարեւան Սպերի իշխանի մօտ եւ, որոշ պայմաններ առաջադրելով, կամովին ընդունում նրա գերիշխանութիւնը։ Այն անուանական է լինում, քանի որ Համշէնը կառավարւում է մէկ մահմեդական ու մէկ քրիստոնեայ պաշտօնեաների համագործակցութեամբ, եւ համշէնցիներն այնքան անկախ դիրք են գրաւում, որ իրենց սիւզերեն Սպերի իշխանի կողմից մեծ պատուով ընդունուած եւ ճանապարհուած դեսպաններին իրենց երկրամասից անցնելու իրաւունք են տալիս միայն համապատասխան տուրք ստանալուց յետոյ։ Համշէնի իշխաններն այնքան ուժ ունէին, որ ի վիճակի էին հրաժարուելու Սպերի տիրոջ խնամակալութիւնից նրա ստանձնած պարտաւորութիւնների թերացման կամ քաղաքական նոր իրադարձութիւնների պայմաններում։ Եւ այդպէս էլ կատարւում է. Կլաւիխոյի նկարագրած իրավիճակը փոխւում է XV դ. սկզբին, երբ Լանկ-Թամուրի մահով ծայր են առնում գահակալական կռիւներ, եւ երկարատեւ պայքարից յետոյ Հայաստանի ու հիւսիսային Իրանի վրայ իրենց տիրապետութիւնն են հաստատում Կարա-կոյունլուները։

Ստոյգ չգիտենք երբ, բայց անտարակոյս 1422 թ. տարիներ առաջ Համշէնի իշխանութիւնն անցնում է կրկին մեզ արդէն ծանօթ Առաքելի կամ նրա գերդաստանից սերած համանուն մի այլ իշխանի ձեռքը։ Այդ մասին տեղեկութիւն է գրանցուած Երուսաղէմի ՀԱյոցպատրիարքութեան գրատան 1617 ձեռագրի մի յիշատակագրութեան մէջ, որի համաձայն ձեռագրի սկզբի մասն ընդօրինակուել է Համշէնի Քոշտենց վանքում 1422 թ. ՝ «Արդ, գրեցաւ գիրքս հոգեշահ եւ պիտանի եւ բան խրատական յաղագս խնդրոյ պարոնաց պարոնին պարոն Առաքելին եւ որդոյ իւրոյ տէր Սարգսին, ի վայելումն անձին իւրոյ եւ որդեկին եւ ամենայն զարմից, զոր Տէր Աստուած ընդ երկայն աւուրս այնէ, եւ փրկէ զինքն յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ, ամէն։ Գրեցաւ գիրքս ի թվին Հայոց ՊՀԱ (1422), նաւասարդի Ա» [31] ։

Երեքտարի անց՝ 1425 թ, Համշէնի պարոն է կոչւում Դաւիթ իշխանը, հաւանաբար նախորդի որդին. այդպէս ենք կարծում, որովհետեւնրա վերաբերեալ տեղեկութիւնը նոյնպէս գրանցուած է Առաքել իշխանին պատկանած վերոյիշեալ ձեռագրի մէջ՝ նրա վերջին մասում. «Գրեցաւ գիրս... յաղագս խնդրոյ պարոնաց պարոն Դաւթի... ի դրան սուրբ Աստուածածնի, որ կոչի Քոշտենց վանք, ի գաւառն ի Համշինու, հայրապետութեանն տէր Պաւղոսի, թագաւորութեանն Սքանդար պակին, պարոնութեանն պարոն Դաւթին» [32] ։

XV դ. առաջին յիսնամեակում՝ Սքանդար Կարա-Կոյունլուի եւ նրա յաջորդ Ջհանշահի իշխանութեան տարիներին, երբ բովանդակ Հայաստանի վրայ իրենց տիրապետութիւնը տարածելու համար յարատեւ բախումների մէջ էին Աղ-կոյունլու եւ Կարա-կոյունլու թուրքմէնական դինաստիաները, վերջիններիս համար փակ էր Երզնկայի վրայով Սեւ ծովի ափերը (Տրապիզոն եւ այլ նաւահանգիստներ) տանող միջազգային առեւտրի մայրուղին։ Այս պայմաններում Կարա-կոյունլուների գերիշխանութիւնը ճանաչուած Համշէնի հայկական իշխանութիւնը, հակառակ իր դժուարակոխ անցուղիներին, որոշակի նշանակութիւն էր ստացել. զգալի չափով Բաբերդի, Սպերի եւ Համշէնի վրայով էր կատարւում ապրանքափոխանակութիւնն ու անցուդարձը իր հոգեվարքն ապրող Տրապիզոնի կայսրութեան եւ Իրանի միջեւ։

Երթեւեկող առեւտրականների համար կեանքի ու գոյքի ապահովութիւն ստեղծելու եւ կայուն մաքսատուրքեր սահմանելու խնդիրը, բնականաբար, մտահոգելու էր Սեւ ծովով կատարուող միջազգային առեւտրի մէջ ներգրաւուած վաճառականներին։ Դրանցից մէկն էր, անշուշտ, խոջայ Շամշադինը, որ 1431 թ. վերակառուցեց Տրապիզոնի ՀԱյոց Չարխափան եկեղեցին, իսկ մէկ տարի յետոյ Ղրիմի տնտեսական կենտրոն, հայաշատ Կաֆա (Թէոդոսիա) քաղաքից ոչ հեռու գտնուող Ս. Անտոնի վանքում գրել տուեց Ներսէս Շնորհալու բանաստեղծութիւնների ձեռագիր մի ժողովածու [33] ։

Եւ ահա, Համշէնի իշխաններ Առաքելին ու Դաւթին պատկանող վերոյիշեալ ձեռագրի մէջ, երջանիկ պատահականութեամբ, գրանցուել է այս խոջայ Շամշադնի՝ Համշէնի տէր պարոն Դաւթին ուղղուած մի նամակը, որը պատմական ուշագրաւ փաստաթուղթ է՝ արժանի մէջբերման առանց սղումների.

«Յանուն Աստուծոյ եւ սուրբ Նիկոլաոսի. պարոն Դաւիթ՝ յառաջն դուն զայս ուխտէ Աստուծոյ, որ ճամփորթ[ի] համար լաւ լինաս ու զճամփորթի ապրանքն հանց պահես որպէս զԱստուծոյ տված հոգիդ, ով որ լինա՝ թէ քրիստոնեա եւ թէ այլազգ, ատ քեզ աւանդ։ Եւ զինչ քեզ ես Շամշադինս աւանդ դնեմ՝ զայն առնուս, այլ աւելի տամահութիւն չլինայ։ Վրայ այս բանիս գրէ մօտ ի Սպերու տէրն, որ բեռն բեռ բռնէ, թամպալիթ՝ թամպալիթ, իլոման՝ իլոմայ, խուրճին՝ խուրճի, պողչան՝ պողչայ [34] ։ Եւ բեռին տալիքն ընդ ամէն խարճ մինչեւ Բասենու սինօռն՝ զան որ պիտառնուն՝ զան յիստակ գրեն որ [թա]մահ եւ ստութիւն չլինայ ի մէջն» [35] ։

Ուշագրաւ այս յանձնարարական-նամակի բովանդակութիւնը կարելի է ամփոփել 2 կէտերով.

1. Խոջայ Շամշադինը յորդորում է Դաւիթ իշխանին Համշէնով անցնող վաճառականներից (ճամփորդ), լինեն նրանք քրիստոնեայ թէ մահմեդական, գանձել չափաւոր մաքս ու պայմաններ ստեղծել, որ նրանց ապրանքներն անկորուստ մնան իր իշխանութեան սահմաններում։

2. Խորհուրդ է տալիս յատուկ գրութեամբ Սպերի տիրոջը եւ յորդորել, որ նա որոշակի դարձնի ճանապարհներով փոխադրուող բեռների փոխադրավարձն ու մաքսատուրքը, որպէսզի «թամահ եւ ստութիւն չլինայ ի մէջն»։

Ըստ ինքեան հետաքրքրական այս նամակը յուշում է մեզ, Դաւիթ իշխանը Սքանդար կարա-կոյունլուի թագաւորութեան տարիներին մեծ հեղինակութիւն վայելող ու զօրաւոր մի աւատատէր է եղել, ի վիճակի նոյնիսկ խրատներ տալու իր հարեւան Սպերի իշխանին։

Դաւիթ Համշէնցու մասին տեղեկութիւն ունենք նաեւ 1440 թ., երբ նա իր դեռաբոյս զաւակ Վարդի հետ շարունակում էր իշխել իր հայրենի երկրին։ Այդ վկայութիւնը պահպանուելէ Մաշտոցի անուան Մատենադարանի 7263 ձեռագրի յիշատակարանում (էջ 228ա). «Արդ, - ասուած է այնտեղ, - ի յանկ եղեալ աւարտեցաւ Մաշդոցս ձեռամբ անիմաստ եւ անարհեստ գրչի Աստուածատուր աբեղի, ի գաւառս որ կոչի Համշէն եւ ի վանքս Խուժկա, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին եւ կենսակիր աստուածընգալ սուրբ նշանացս, ի թուականութեանս յարեգական տումարի ՊՁԹ (1440), հոռի ամսոյ Բ (2), ի պարոնութեանն պարոն Դօթի (իմա՛ Դաւթի Լ. Խ. ) եւ դեռաբոյս զաւակին իւրոյ պարոն Վարդին, զոր Աստուած ընդ երկայն աւուրս արասցէ, ամէն» [36] ։

Երկու տասնամեակ յետոյ Համշէնի հայկական իշխանութիւնը ծանր կացութեան մէջ է ընկնում։ Երուսաղէմի 3701 ձեռագրի մէջ ընդօրինակուած ժամանակագրութեան անծանօթ հեղինակը ՋԹ (=1460) թուականի տակ գրանցել է այսպիսի տողեր. «Եւ յայսմ ամի զՎէքէ մանուկն, զորդի պարոն Վարդին, զտէրն Համշինու ըմբռնեաց Շահալին, եւ ետ ի ձեռն Սօֆուն, որ Շէխ կոչէին» [37] ։

Այստեղեկութեան համաձայն 1440-1460 թթ. ընթացքում վախճանուել են ինչպէսպարոն Դաւիթը, այնպէս էլ 1440 թ. «դեռաբոյս» կոչուած նրա Վարդ որդին։ Ահա այս Վարդի «մանկահասակ» ժառանգ Վեքէ [38] իշխանի մասին է վերոյիշեալ տուեալը. նա 1460 թ., լինելով Համշէնի տէրը, պարտութիւն է կրել Շահալի կոչուող մէկի կողմից, ձերբակալուել ու յանձնուել է «ի ձեռն Սօֆուն, որ Շէխ կոչէին», այսինքն, ամենայն հաւանականութեամբ, Արդաբիլում նստող Ղզլաբ ցեղերի առաջնորդ Սեֆեան շեյխ Հայդարին (1456-1488)։

Վեքէ Համշէնցուն պարտութեան մատնած Շահալին Փոռնակ ցեղից էր, նրա մասին է, հաւանաբար, հետեւեալը. «Վայ ահագին լալի եւ կոծելի աւուրն, որ ի մեղացն Աստուած հաշտեցաւ եւ ետ գերել զՏփխիս ի ձեռն անաւրէն եւ անիրաւ Փոռնակ Շահալին, երկու եղբարն գերեցան... » [39] ։Ըստ երեւոյթին թուրքական այս ցեղն ի նկատի ունի վրաց ժամանակագիրը, երբ XIV դ. սկզբների մասին խօսելիս յայտնում է, թէ 60 հազար անձից բաղկացած վաչկատուն թուրքերի մի բազմութիւն, ձմեռելով Սպերում եւ Բաբերդում, ամառները ողողում էր Պարխարի լեռները եւ ասպատակութիւններ սփռում դէպի Տայք եւ աւելի հեռու շրջաններ [40] ։

Պատանի իշխան Վեքէի գերութեամբ համշէնի հայկական իշխանութիւնը չի դադարում գոյութիւն ունենալուց, նրան յաջորդում է Դաւիթ անունով մի իշխան, որ հաւանաբար եղբայրն էր Վեքէի, որդին Վարդի ու Դաւիթ էր կոչուել իր պապի անունով։

Եօթ հարիւրամեակ գոյատեւած Համշէնի հայկական իշխանութեանը վերջ է տրւում 1489 թ., կամ դրանից մէկ-երկու տապի առաջ։ Ողբերգական այդ դէպքի մասին պահպանուած արժէքաւոր յիշատակարանի հետ. ծանօթանալուց առաջ վերյիշենք, որ 1453 թ. Կոստանդնուպոլսի գրաւումից յետոյ օսմանեան թուրքերը, ամէնուրէք սարսափ տարածելով, նուաճումներ էին կատարում Փոքր Ասիայում ու Եւրոպական մայրցամաքում։ 1458 թ. նրանք գրաւեցին Աթէնական հերցոգութիւնը, 1459 թ. ՝ Սերբիան, 1460 թ. ՝ Մորեան, 1461 թ. հոկտեմբերին՝ Բիւզանդական երբեմնի հզօր կայսրութեան վերջին յիշատակը՝ Տրապիզոնի կայսրութիւնը։ Քիչ անց թուրքերը հաստատւում են նաեւ Լեսբոս կղզում, Բոսնիայում, Ղարամանիայում, իսկ 1475 թ. գրաւում են Ղրիմի թերակղզին, որ մեծաքանակ հայ բնակչութիւն ունենալու պատճառով եւրոպական որոշ աղբիւրներում կոչւում էր «Ծովային Հայաստան»։

Համշէնի հայկական իշխանութեան վախճանի մասին վերոյիշեալ յիշատակարանում գրանցուած են ուշագրաւ տեղեկութիւններ.

«... Զորոյտեսեալ պայծառութիւն Աւետարանիս այս Գրիգոր երէցս եւ ետ գաղափարել զսա ի ձեռն քահանայի՝ անարժան սարկաւագի եւ փանաքի գրչի։ Եւ ժամանակս վերջին, որ էր թուականս հայոց ՋԼԸ (1489), ի վերադիտողութեան ՀԱյոց տեառն Սարգիսի եւ Յովհաննէսի, եւ վերակացութեանն Գրիգոր վարդապետի, եւ իշխանութեանն պարոն Դաւթի, որ էր տէր Համշէնի, զոր եղեւ պանդխտանալ նմա եւ բնակիլ ի յերկիպս Սպերու ի յազգէն չիթախին, զոր շատ քրիստոնեայ իշխանք եւ թագաւորք պանդուխտ եղեն ի յաւտարութիւն ի ձեռացն նոցա, զորոց զսուրս նոցա Աստուած խորտակեսցէ ամենազաւր աջովն իւրով, ամէն։

Զօր եւ ես՝ մեղսամած եւ անիմաստ գրչիս գրեցի զսա ի պանդխտութեան մերում ի երկիրս Սպերու, ի գեւղս Կռընկաց, ընդ հովանեաւ սրբոյն Դաւթի, իշխանութեանն տաճկաց Դատային, եւ սուլթանութեանն Եաղուպին, որ տիրէր տանս Արեւելից» [41] ։

Մեծարժէք այս յիշատակարանի համաձայն, Համշէնի տէր պարոն Դաւիթը, պարտութիւն կրելով թուրքերից, թողել էր հայրենի իր երկիրը եւ պատսպարուել Սպերի գաւառում՝ 1489 թ. առաջ, բայց որոշակի որ թուականին՝ չգիտենք։ Պարզ չէ նաեւ, թէ իր տիրոյթից վտարուած իշխանը, ձեռագիրն ընդօրինակող գրչի նման, հաստատուել էր Սպերի Կռընկանց գիւղու՞մ, թէ՞ մի այլ բնակավայրում (հարկաւ՝ ազգակցական կապ ունենալով տեղի հայ աւատատէրերի հետ կամ էլ որոշ կալուածքներ ստանալով Սպերի կառավարիչ-իշխանից)։ Պէտք չէ մոռանալ, որ Համշէնին հարաւից սահմանակից Սպերի ու Բաբերդի գաւառները մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում, ինչպէս եւ նրանից առաջ ու յետոյ, զուտ հայաբնակ էին։ Յակոբ Կարնեցի տեղագիրը Բաբերդի գաւառը կոչում է «քաղցր եւ համեղ երկիր եւ հայոց բնակարան», իսկ Սպերի մասին գրում՝ «բնակիչք երկրին՝ բովանդակ հայք» [42] ։ Այս գաւառները XV դ. ընթացքում քանիցս պատերազմական գործողութիւնների ասպարէզ դարձան։ Բնակիչները կողոպտուեցին, գերեվարուեցին ու բազում տառապանքներ կրեցին նախ Աղ-կոյունլու Կարա-կոյունլու թուրքմենական ցեղերի յարատեւ բախումների շրջանում, ապա Աղ-կոյունլու փադիշահ Ուզուն-Հասանի (1468-1478) եւ օսմանեան սուլթան Մուհամմադ Բ. Ֆաթիհի (1451-1481), իսկյետագայում նաեւ Օսմանեան եւ Սեֆեան գահակալների միջեւ մղուող արիւնահեղ պատերազմների ժամանակ։

Դաւիթ Համշէնցու տարագրութեան տարիներին Սպերի գաւառը գտնւում էր դեռեւս Աղ-կոյունլուզ Յաղուբ փադիշահի (1478-1490) իշխանութեան ներքոյ, սակայն, թուրքերը իրագործելով իրենց նուաճողական ծրագրերը, քայլ առ քայլ առաջ էին շարժւում՝ նորանոր երկրամասեր կցելով իրենց կայսրութեանը։ Համշէնի հայկական իշխանութիւնը որպէս քաղաքական ինքնուրոյն միաւոր դադարեց գոյութիւն ունենաքուց 1489 թ. մէկ-երկու տարի առաջ՝ գրաւուելով թիւրքերի կողմից, որոնք այդ դէպքն արձանագրող յիշատակագրի կողմից կոչուած են չիթաղ։ XV-XVI դդ. հայկական սկզբնաղբիւրներում բազմիցս հանդիպում ենք այդ (չիթաղ կամ չիթախ) տերմինին՝ օսմանցի թուրք իմաստով [43] ։

Այժմ ի մի բերենք Համշէնի հայ իշխանների յաջորդականութեան մասին XV դ. մեզ հասած տուեալները. դրանց համադրութեամբ ստացւում է հետեւեալ պատկերը.

 

ԱՌԱՔԵԼ

(1406 թ. առաջ վտարուել էր իշխանութիւնից, 1423 թ. կրկին յիշատակւում է որպէս Համշէնի պարոնաց-պարոն)

 

ԴԱՒԻԹ Ա

(յիշւ. 1425-1440 թթ. )

 

ՎԱՐԴ

(յիշւ. 1440 թ. )

 
   

 


ՎԵՔԷ       ԴԱՒԻԹ Բ

(գերուել է 1460 թ. )      (իշխանութիւնց զրկուել է 1489 թ. առաջ)

 

7. Անշուշտ, Համշէնի իշխանական տան պայազատներից էր նաեւ XV դ. երկրորդ յիսնամեակի ականաւոր գիտնական-մանկավարժ Յովհաննէս Համշէնցին։ Նրա գործակիցների ու աշակերների միաբերան վկայութեամբ մշակոյթի այս գործիչը «պարոնորդի» էր՝ սերուած «ի թագաւորական ազգէ», եւ հաւանաբար մանուկ հասակից նուիրուել էր եկեղեցուն՝ ֆեոդալական այդ տիրոյթի հոգեւոր առաջնորդը դառնալու համար։ Յովհաննէս րաբունապետի թագաւորական զագից սերուած լինելու մասին վկայութիւնները առիթ են տալիս կրկին անդրադառնալու Համշէնի իշխանական գերդաստանի տոհմաբանութեան խնդիրն։ Այլ կապակցութեամբ ասել ենք արդէն, որ IX-XI դդ. բովանդակ Անդրկովկասի ու Պատմական Հայաստանի մեծ մասի վրայ տիրապետութիւն հաստատած Բագրատունիները (որոնց հին բնօրրանը Սպերի շրջանն էր), պէտք է որ թափանցած լինէին նաեւ Համշէն կամ էլ ազդեցութեանիրենց ոլորտի մէջ առնէին այդ երկրամասը՝ խնամիական կապեր հաստատելով VIII դ. այնտեղ իշխող Ամատունիների հետ։ Կարելի է, թերեւս, ուշադրութիւն դարձնել եւ այն հանգամանքի վրայ, որ Համշէնի մեզ յայտնի վերոյիշեալ 5 իշխաններից 2-ը կրում են Բագրատունեաց տոհմի համար այնքան բնորոշ ու գերադասելի համարուած Դաւիթ անունը [44] ։

Յովհաննէս րաբունապետ Համշէնցին եղել է Գրիգոր Տաթեւացու սան Դանիէլ վարդապետի աշակերտը, ուստի դաստիարակուել եւ ուսում է ստացել միջնադարեան Հայաստանի ամենանշանաւոր բարձրագոյն հաստատութեան՝ Տաթեւի համալսարանի գիտական աւանդոյթներով։ Վարդապետական գաւազան ստանալուց յետոյ նա հաստատուել է Երզնկայի մօտակայքում գտնուող Աւագ վանքում, որ դարեր շարունակ մեծ դեր է կատարել հայ դպրութեան ու ձեռագրական մշակոյթի զարգացման գործում [45] ։ 1463 թ. տեղեկութիւն ունենք Յովհաննէս Համշէնցու մասին՝ որպէս «առատաշնորհ երջանիկ րաբունապետ», որի շուրջ Հայաստանի տարբեր շրջաններից ու հայկական գաղթավայրերից (Հաղբատ, Տարօն, Դարանաղեաց գաւառ, Սեբաստիա, Տիվրիկ, Տրապիզոն, Ղրիմ) հաւաքուել էին «անձինք Լ (30)՝ արք պարկեշտք եւ գովելիք»։

Չգիտենք, թէ մինչեւ որ թուականն է Յովհաննէս րաբունապետը դասաւանդել Աւագ վանքում։ Ստոյգ է, սակայն, որ 1489 թ. արդէն նրա գլխաւորած համալսարանը տեղափոխուել էր Կապոսի կոչուող Ս. Յակոբի վանքը։ Վերյիշելով, որ հէնց այդ թուականից մէկ-երկու տարի առաջ թուրքերը Համշէնից վռնդեցին Դաւիթ Բ իշխանին՝ ակամայ մտածում ենք, որ այդ տեղափոխութիւնը ինչ-որ ներքին առնչութիւն ունի Դաւիթ Համշէնցու իշխանազուրկ լինելու հետ։ Թերեւս Աւագ վանքի համալսարանի տնտեսական կարիքների մի ասը հոգում էր ինքը՝ Յովհաննէս իշխանազուն-րաբունապետը, իր հարազատների հետ։ Երբ վերջ տրուաց Համշէնի հայկական իշխանութեանը, դադարեց նաեւ տնտեսական այդ օգնութիւնը, որի հետեւանքով էլ, թերեւս, համալսարանը տեղափոխուեց տնտեսական աւելի ապահով Կապոսի վանք։ Համշէնցի վարդապետը կնքեց իր մահականացուն 1497 թ., եւ մինդեւ իր կեանքի վերջին օրերը գլխաւորեց նշանաւոր ուսումնական այդ հաստատութիւնը։ Իր աշակերտների համար նա մեկնաբանում էր աստուածաբանական-իմաստասիրական լուրջ երկեր, որոնց շարքում կարեւոր տեղ էին գրաւում Գրիգոր Նիւսացու, Բարսեղ կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, կեղծ Դիոնիսիոս Արիոպագացու աշխատութիւնների ժողովածուները, «Մեկնութին նուրբ գրեաց» ուշագրաւ բանասիրականն գործը եւ այլ աշխատութիւնները [46] ։

8. Միջնադարեան Համշէնի մշակոյթի ամենաակնառու ներկայացուցիչ Յովհաննէս րաբունապետը գիտա-մանկավարժական իր գործունէութիւնը ծաւալել էր հիմնականում Համշէնից դուրս։ Բուն Համշէնի իշխանութեան սահմաններում եւս XV-XVI դդ. եղել են վանական հաստատութիւններ ու գրչութեան կենտրոններ, որոնցում աշխատող բանիմաց ու գրագէտ գրիչները բազմացրել են արժէքաւոր ձեռագրեր ու աշխատել մշակոյթի այլ բնագաւառներում։

***

Միջնադարեան Հայաստանի վանական հաստատութիւնների պատմութեան վաստակաշատ խուզարկու Հ. Ոսկեանին յայտնի է Համշէնի սահմաններում գտնուող 3 վանք՝ Խաչեքարի կամ Խաչքեարի, Սուրբ Խաչիկ հօր եւ Վարշամակի կամ Վարսամպեկի [47] ։

Ուշադիր բաղդատելով վանական այս հաստատութիւնների մասին առկայ հին ու նոր տուեալները՝ գալիս ենք այն համոզման, որԵղնովիտ գիւղի մօտ գտնուող «Սուրբ Խաչիկ հօրն հոգեւորի» կոչուած վանքը՝ նոյն «Խաչեքարոյ» վանքն է։ Կարծում ենք նաեւ, որ «Խաչիկ հայր» անունն իսկ, ժողովրդական ստուգաբանութեամբ, ծագել է Խաչեքար-խաչքար (ճաներէն՝ Կաշկարի) [48] լեռնագագաթի անունից։ Կովկասի եւ Փոքր Ասիայի 10 վերստանոց ռուսական քարտէզի վրայ Կաչգար են կոչւում Պարխարենա լեռնաշղթայի 2 տարբեր գագաթներ. այն, սկիզբ է առնում Ֆորթունս գետի Կաչգար-սու վտակը, կոչուած է Վարսամբեկ-Կաչգար, իսկ միւսը, որ գտնւում է սրանից շուրջ 28 կմ հիւսիս արեւելք, կոչուած է միայն Կաչգար։ Կարծում ենք ուստի, որ Վարշամակ կամ Վարսամբեկ կոչուած վանքը նոյն խաչեքարի կամ Ս. Խաչիկհօր վանքն է, որ կոչուած է այդպէս Խաչքար (Կաշկարի) լեռնագագաթի Վարսամբեկ անունով։ Քրիստոսի վարշամակի այնտեղ պահուելու առասպելը, որի մասին խօսում է Ղ. Ալիշանը [49], հաւանաբար ստեղծուել է վերոյիշեալ լեռնագագաթի անունից։

Ամփոփելով այս տուեալները՝ յանգում ենք այն եզրակացութեան, որ վերոյիշեալ 3 տարբեր անունների տակ թաքնուած է Համշէնի միջնադարեան մշակոյթի միեւնոյն կենտրոնը՝ Խաչեքարի վանքը, որ յետագայում կոչուել է նաեւ Խաչիկ հօր վանքը, ինչպէս նաեւ Վարսամպեկ-Վարշամակ։ Վանքը գտնուել է Եղնովիտ գիւղի մօտ, «»Ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս եւ սուրբ Սիովնի եւ սուրբ Խաչիկ հօրն հոգեւորի եւ սուրբ Վարդանանցս, որ աստ կան հաւաքեալ ի պահպանութիւն երկրիս եւ գաւառիս մերոյ (Համշինու)»։ այսպէս է գրել Կարապետ երէցը իր ընդօրինակած աղթարական բժշկարանի յիշատակարանում [50] ։

Վերոյիշեալ Կարապետը բազմարդիւն գրիչ է եղել. մեզ են հասել 1499-1528 թթ. ընթացքում՝ նոյն Եղնովիտ գիւղում նրա ընդօրինակած հետեւեալ ձեռագրերը՝ Բժշկարան, տարբեր նիւթերի մի ժողովածու, Տօնացոյց-աւետարանացոյց, Ներսէս Շնորհալու «Յիսուս որդի», 2 Մաշտոց, 3 Շարակնոց։ Մի այլ գրիչ՝ Յովհաննէս Մալազ անունով, 1517 թ. ըրդօրինակել է Բժշկարան, իսկ 1523 թ. ՝ Աւետարան [51] ։

Խաչեքարի վանքը, ըստ երեւոյթին, Համշէնի վանական հաստատութիւններից ամենանշանաւորն էր, բայց ոչ միակը։ XV դ. կէսերին այնտեղ է եղել 2 այլ վանք եւս՝ Քոշտենց եւ Խուժկայ վանքերը, որոնց մասին Հ. Ոսկեանը տեղեկութիւն չւոնի։ Սրանցից առաջինում (Քոշտենց վանքում), ի վայելումն Համշէնի իշխաններ Առաքելի ու Դաւթի, 1422-1425 թթ. Խայչատուր գրիչն ընդօրինակեց մեզ արդէն ծանօթ ձեռագիրը [52] ։ Խուժկայ վանքը յայտնի է 1440 թ., երբ այստեղ Աստուածատուր գրիչն ընդօրինակեց Մաշտոց՝ «Ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին եւ կենսակիր աստուածընկալ սուրբ նշանացս» [53] ։

Չպէտք է տարակուսել, որ Համշէնում ստեղծուել են տասնեակ ու հարիւրաւոր այլ ձեռագրեր ու մշակոյթի արժէքներ, որոնք, սակայն, վերջին հարիւրամեակների ընթացքում ոչնոչցուել են բարբարոս տիրապետողների կողմից կամ դեռեւս յայտնի չեն գիտական աշխարհին [54] ։

Համշէնի հայկական իշխանութեան անձուկ սահմաններից դուրս՝ Պատմական Հայաստանի մշակութային այլ հաստատութիւններում եւս աշխատել ու ստեղծագործել են բազմաթիւ համշէնցիներ։ Առայժմ մեզ յայտնի են դրանցից մի քանիսի անունները, որ նշում ենք ստորեւ

Յովհաննէս եպիսկոպոս Համշէնցի. սա 1401 թ. շարադրել է չափածոյ մի յիշատակարան՝ այսպիսի սկսուածքով.

«Զսակաւ գիրս գրեցի

Եպիսկոպոսըս Համշէնցի.

Այս անպիտանս ամենայնի,

Որ Յովանես անունս կոչի.

Ցաւաւք նեղեղալ յայս աշխարհի՝

Դառն եւ դժնեայ եւ անբարի.

Միտքս փութով ի չար դիմի

Եւ ի բարոյն յոյժ հեռասցի... » [55] ։

Յայտնի է նաեւ Յակոբ Համշէնցի անունով գրիչը, որ 1428 թ. շարադրել է դարձեալ չափածոյ մի այլ յիշատակարան.

«Յակոբ ծառայ անպիտանի,

Որ յիշելոյ չ[եմ արժանի].

Զի եմ բնական ես Համշէնցի,

Որ բնաւ բարութիւն [չունի]... » [56] ։

Այս եւ նախորդ յիշատակագիրները հեղինակել են, անշուշտ, եւ այլ գրուածքներ. մէջբերուած քառեակները վկայում են չափածոյ տողեր յօրինելու նրանց հմտութեան մասին։

Մի այն համշէնցի գրիչ՝ Մովսէս աբեղան, Խաղտեաց գաւառի Բերդակա վանքում XV դ. 70-ական թթ. ընդօրինակել է Աւետարան [57] ։

Համշէնի գրչութեան առանձնայատկութիւնների ուսումնասիրութեան համար որոշակի արժէք ունի նաեւ Մատենադարանի 7056 ձեռագիրը, որ գեղեցիկ մանրանկարներով զարդարուած եւ երաժշտական խաղերով օժտուած մի Շարակնոց է։ Այն ընդօրինակել է 1506 թ. Կողոնիայի շրջանում Հայրապետ կրօնաւորը՝ «ի Համամաշէն գաւառոյ»։

Համշէնի մշակութային գործիչների այս ցանկը, վստահ ենք, լրացուելու է հայերէն հազարաւոր ձեռագրերի այս առումով չուսումնասիրուած յիշատակարաններից քաղուած մի շարք անուններով։

9. Համշէնահայերի մշակոյթին նուիրուած էջը փակելուց առաջ մի երկու խօսքով պէտք է անդրադառնալ նրանց բանաւոր գրականութեանը, որ մեղուաջան բանահաւաքներ Ս. Հայկունու, Գ. Սրուանձտեանցի եւ այլոց ջանքերով համեմատաբար լաւ է ուսումնասիրուած [58] ։

«Երկիր դրից բնական պատճառներով» դարեր շարունակ ինքնամփոփկեանք վարելով՝ համշէնահայերը պահպանել են իրենց բնաշխարհի լեռների ու ձորերի, գիւղերիու շէների հայկական անունները. նրանց գաւառաբարբառում կան տասնեակ ու հարիւրաւոր զուտ հայերէն բառեր կենդանական ու բուսական աշխարհի տարբեր նմուշների մասին։ Համշէնցի հայը, քրիստոնեայ թէ մահմեդական, պահպանել է նաեւ իր հնամենի ժողովրդական երգը, առածներն ու հանելուկները, զուարճալի պատմուածքները անբան ու խելապակաս կանանց ու արանց մասին։ Արժէ յիշատակել, որ Յ. Թումանեանի տաղանդաւոր մշակումով հանրայայտ դարձած «Կիկոսի» ու «Բարեկենդանի» հիմքում ընկած է համշէնահայերի «Հայ Գասպարը» [59] ։

Ուշագրաւ է նաեւ «Կանչէ՛, կռու՛նկ, կանչէ՛» ժողովրդական երգի համշինեան գեղեցիկ փոփոխակը, որի առաջին 6 տողերն են.

«Յօբոր գարուն կու գայ, կուկուն կու կօնչէ,

Ոտքս փուշ պատեցաւ, սիրտս կու խոռչէ։

Կօնչէ, կուկուս, կօնչէ բարձրի լեռներէ,

Էշթամ ղարիբութիւն. վախիմ մեռնելէ։

Կուկուն էլ թառեցաւ ածուքի պատին.

Աստուած հոգիս առնուր մայրիկիս գոգին... » [60] ։

10. Համշէնի հայկական իշխանութիւնը, ինչպէս տեսանք, դիմագրաւեց Օսմանեան կայսրութեանը եւ կարողացաւ պահպանել կիսանկախ իր գոյութիւնը շուրջ 3 տասնամեակ աւելի, քան իր նախկին սիւզերեն Տրապիզոնի յունական կայսրութիւնը։

1489 թ. արդէն Համշէնի վերջին հայ իշխան Դաւիթը, վտարուած իր տիրոյթից, հանգրուանել էր Սպերի շրջանում, որ դեռեւս գտնւում էր Աղ-կոյունլու փադիշահերի գերիշխանութեան ներքոյ։ Պէտք է ենթադրել, սակայն, որ Համշէնի իշխանանիստ գիւղի գրաւումից ու հայ իշխանի փոխարէն թուրք վոյվոդի նշանակումից յետոյ էլ, դեռ երկար ժամանակ, իրենց ինքնաւար վիճակը պահպանեցին անմատչելի ու ինքնամփոփ այդ լեռնագաւառների հայ ձորապետները։ «Այսպիսի դժուարամուտ լերանց մէջ, - յենուելով Կ. Կոխի հեղինակութեան վրայ՝ գրել է Հ. Տաշեանը, - դիւրին էր իշխանաց կէս-անկախ գոյութիւն մը պահել։

  Նաեւ օսմանեան տիրապետութեան տակ երկար տեւած է այս վիճակը, եւ Քոխ գեղեցիկ կնկարագրէ տակաւին իւրուղեւորութեան ատեն (այսինքն՝ XIX դ. 40-ական թթ. ) շարունակուող այս դրութիւնը»։ Կոխը հիւրեղաւ վաղուց ի վեր մահմեդականութիւն ընդունած մի գերդաստանի զաւակ՝ Ջեմիլի շրջանի դերեբեյի (ձորապետի) տանը, եւ նրա արտաքինից դատելով նկատեց, որ «գլխաւորաբար հայ արիւնն էր հոսում նրա երակների մէջ» [61] ։

Իրենց կիսանկախ ու ինքնավար վիճակը պահպանեցին նաեւ բուն Համշէնից դուրս եկած եւ հարեւան շրջաններում ու Սեւ ծովի ափամերձ վայրերում բնակութիւն հաստատած համշէնցիները։ Չարշամպայից ոչ հեռու գտնուող Խուռշունլի աւանի Հայմշէնից գաղթած հայ բնակչութեան մասին, օրինակ, ունենք վկայութիւն XIX դ. սկզբներից, որի համաձայն նրանք՝ ամէնքը «զինուոր գրուած են որդւոց որդի. եւ ունին զօրապետ հայ իշխան, որ զիրենք կը կառաւարէ. մարդէ ահ չունին. միայն տերեպեկիին հետ պատերազմ կերթան, եւ զօրաւոր մարդիկ են» [62] ։

Համշէնի ու շրջակայ գաւառների հայ ազգաբնակչութեան վիճակը էական փոփոխութիւն չկրեց XVI-XVII դդ. ։ Թուրք զաւթիչները կայսրութեան ծայրագաւառներում քրիստոնէութեան դէմ անսանձ հալածանքի ու բռնի մահմեդականացման իրենց քաղաքականութեան իրագործումն սկսեցին XVIII դ. սկզբներից։

11. Համշէնի եւ մերձակայ հայաբնակ շրջանների բռնի մահմեդականացման հետ առնչուող սրտաճմլիկ դէպքերը, անշուշտ, գրանցուել են ժամանակակից ու ականատես յիշատակագիրների կողմից։ Սակայն այդ աղբիւրները, ըստ մեծի մասի, անդարձ կորած են, եւ ուսումնասիրողները անդրադառնելով այդ խնդրին, կամայ թէ ակամայ, հետեւել են ազգագրագէտ-բանահաւաք Ս. Հայկունուն, որը աւանդութիւնների հիման վրայ զարմանալի մանրամասնութիւններով շարադրել է Կարա-դերէի հայութեան մահմեդականացման առասպելախառն պատմութիւնը, որ նրա կարծիքով տեղի է ունեցել 1708-1710 թթ. [63] ։ Ըստ այդմ՝ բուն Համշէնի հաւատափոխութիւնը, կատարուած լինելով տասնամեակներ առաջ, վերաբերելու է XVII դ. ։

Տարակոյս չունենալով, որ ժողովրդական աւանդութիւնները հիւսուած են լինում պատմական անցուդարձերի իրական յենքի վրայ՝ փորփելու ենք, այնուամենայնիւ, աւելի ստոյգ տուեալներ որոնել։

Թուրք զաւթիչների կողմից համշէնցիներին մահմեդականութիւն պարտադրելու փորձերը մասն են կազմում Օսմանեան բովանդակ կայսրութեան եւ մանաւանդ նրա հիւսիսարեւմտեան շրջանների բուն բնակչութեանը՝ քրիստոնեայ յոյներին, հայերին, վրացիներին ու լազերին կրօնափոխ անելու ճանապարհով, ռազմավարական ու տնտեսական մեծ նշանակութիւն ունեցող այդ երկրամասը կայսրութեան հետ ամուր շաղկապելու ծրագրի, որը բուռն թափով ու բռնի միջոցներով գործադրել սկսեցին XVII դ. վերջերից։

Համշինահայութեան վիճակի լաւագոյն ուսումնասիրող յանիրաւի մոռացուած Պ. Թումանեանը 1870 թ. կազմած իր տեղագրութեան մէջ յայտնում է, որ Կարա-դերէի հայերը գաղթել են Սպերից, Բաբերդից եւ, մանաւանդ, Համշէնից՝ «կրօնափոխութենէ ազատելու նպատակով, ասկէ 170 կամ 180 տարի առաջ», այսինքն՝ 1690-1700-ական թթ. ։ «Բաւական տարիներ ետքը, - շարունակում է նա, - երբ Համշէն գաւառը մնացող ժողովուրդը ամբողջը տաճկացուցին եւ հալածանքը Գարա-տերէի վրայ դարձաւ՝ հազարաւոր ընտանիք ամէն բանէ զրկուած փախան Տրապիզոնի, Օրտուի, Յունիայի, Չարշամպայի, Պաֆուայի, Սինոպի եւ մինչեւ Ատապազարի գիւղերն ու քաղաքները» [64] ։

  Պարզ է ուրեմն, որ Համշէնի բուն բնակչութեան «տաճկացումը» (Մահմեդականութիւն ընդունելը) տեղի է ունեցել 1690-1700-ական թթ. «բաւական տարիներ ետքը», բայց աւելի վաղ, քան Կարա-դերէի կամ Սիւրմենէի հայութեան «տաճկացումը»։ Պ. Թումանեանցը Ուզի Սամիրա գիւղում անձամբ տեսել է մի Շարակնոց, որի յիշատակարանում գրանցուած է եղել Կարա-դերէի հայութեան բռնի մահմեդականացման պատմութիւնը։ Ցաւօք, այդ յիշատակարանում գրանցուած է եղել Կարա-դերէիհայութեան բռնի մահմեդականացման պատմութիւնը։ Ցաւօք, այդ յիշատակարանը լրիւ մէջ չի բերուած Թումաեանցի յօդուածում. նրա բովանդակութիւնը վերապատմուած է այսպէս. «Գարա-տերէի ամբողջ տաճկանալը եւ վերջին մաս մը մնացողներու սպաննուել եւ փախչելը՝ Հայոց ՌՄԻԹ (1780) թուին պատահեր է. սակայն հալածումը շատ առաջ սկսեր եւ ոտք-ոտք առաջացեր ու տաճկացած հայոց ձեռքով այլ շատ անօրէնութիւններ ու արիւնահեղութիւններ ըլլալէ յետոյ՝ վերոյիշեալ թուականին Գարա-տէրէի վերին ծայրը Խաղաղ գիւղը վերջացրել է, ուսկից փախեր է գիշերային եւ այլ յիշատակարանը գրող տէր Կարապետ անունով առաքինի քահանան» [65] ։

Մեծ հաւանականութեամբ այս յիշատակարանի մէջ թռուցիկ գրանցուած դէպքերն են հէնց հիմք ծառայել Թորոսլիցի տէր Կարապետ քահանայի վկայաբանութեան, որ բերնէբերան պատմուելով գունազարդուել է այդ ժանրին յատուկ վիպական տարրերով, այդպէս էլ գրանցուել է Ս. Հայկունու կողմից ու դրուել գիտական շրջանառութեան մէջ։ Ճիշտ կլինի, ուստի, մի կողմ դնել այդ վկայաբանութիւնը եւ առաջնորդուել յիշատակարանի տուեալներով, ըստ որի Կարա-դերէի հայութեան մահմեդականացումը, արիւնահեղ պայքարով ու բռնութիւններով, իրագործուեց 1780 թ. ։

Մերձաւորապէս նոյն ժամանակաշրջանում է կատարուել նաեւ Ճորոխի հովտում եւ նրանից հարաւ բնակութիւն հաստատած համշէնցիների («Խոպէ Հեմշին» կոչուածների) մահմեդականացումը։ 1887 թ. հրապարակած իր մի յօդուածում խօսելով սրանց եւ Օլթիի շրջանի մահմեդական հայերի մասին՝ Գ. Արծրունին յայտնում է, որ նրանք «60-100 տարի սրանից առաջ», այսինքն՝ շուրջ 1780-1820-ական թթ. են ընդունել իսլամը [66] ։

Ահա ժամանակագրական վերոյիշեալ տուեալները, որքան էլ թէական լինեն, հնարաւորութիւն են ընձեռում եզրակացնելու, որ համշինահայութիւնը բուն Համշէնում, Կարա-դերէի շրջանում եւ Ճորոխի հովտում մահմեդականութիւն է ընդունել տասնամեակներ տեւած յամառ պայքարից յետոյ, որսկսուելով XVII դ. վերջերից՝ աւարտուել է, հիմնականում, 1780-ական թթ. [67] ։

Այս եզրակացութեան օգտին է խօսում եւ այն փաստը, որ XIX դ. 10-ական թթ. այդ վայրերում շրջագայած Մ. Բժշկեանը, «Պատմութիւն Պոնտոսի» նշանաւոր աշխատութեան մէջ գրում է, թէ «Համշինցիք կէս-կէս (այսինքն՝ կէս քրիստոնեայ, կէս մահմեդական Լ. Խ. ) են, շատը դարձած են, բայց քրիստոնեութեան սովորութիւնը կը պահեն, ժամոց եւ ողորմութիւնը պակաս չեն ընկեր. գրեթէ ամէնքը Վարդավառին եւ Վերափոխման կերթան եկեղեցին մոմ կը վառեն եւ մատաղ կընեն իրենց պապերուն հոգուն համար»։ Նոյնը նաեւ Կարա-դերէի (Սիւրմենէի) հայութեան մասին. «Կան ծերեր, որ գիտեն քրիստոնէութիւն, կը պատուին խաչը եւ ծածուկ ողորմութիւն կուտան ժամերուն» [68] ։

Այսպիսի «կէս-կէս» վիճակի համար շատ բնորոշ են նաեւ մահմեդականի ու քրիստոնէի կրկնակ անունները՝ Ալի-Սարգիս Կարապետ-օղլի, Մահմուդ Յովհաննէս-օղլի, որ վկայուած են այդ հայերի միջավայրում [69] ։

Բնականաբար հին սերնդի հետ վերանալու էին քրիստոնէական ծէսերն ու սովորույթները, մանաւանդ որ դրանց դէմ ծրագրուած պայքար էին մղում պարտադրուող կրօնի պաշտօնեաները։ XIX դ. վերջին տասնամեակներին արդէն այդ շրջաններում մահմեդականութիւնն ըստ ամենայնի յաղթանակել էր։ Պ. Թումաենցն, օրինակ, վկայում է, որ համշինցիները «քրիստոնէութեան ամէն նշան կորուսած են» եւ այդ մեծ գաւառում միայն նշանաւոր Եղնովիտ (Էլեհովիտ) գիւղում է մնացել քրիստոնէութիւնը պահած քսան ընտանիք [70] ։

Միջին դարերում գրեթէ ամէնուրեք, մանաւանդ Օսմանեան կայսրութեան նման թէոկրատիկ-բռնատիրական մի երկրում, էթնիկական որեւէ խմբի ազգային պատկանելութիւնը որոշելու կարեւորագոյն յատկանիշը համարւում էր նրա դաւանած կրօնը։ Իրենց «մուսուլման» եւ «օսմանլի» էին կոչում յոյն, լազ, վրացի, հայ եւ այլ ազգութիւնների մահմեդականութիւն ընդունած ներկայացուցիչները։ Սակայն համշէնահայերը, մահմեդականութիւն ընդունելուց յետոյ էլ, պահպանեցին, եւ ըստ մեծի մասի շարունակում են պահպանել, իրենց լեզուն՝ համշինահայ գաւառաբարբառը, իրենց բնակավայրերից շատերի, գետերի, ձորերի ու լեռների հնամենի հայկական անունները, իրենց աւանդութիւնները, երգերը, բառ ու բանը։

Տեղեկութիւն կայ, որ Անատոլիայի շատ շրջաններում, փաշաների կարգադրութեամբ, կտրել են հայերէն խօսող հպատակների լեզուն՝ պարտադրելով թուրքերէնը։ Ուծացում պարտադրող բարբարոս այս միջոցը կիրաուե՞լ է արդեօք նաեւ համշինահայերի միջավայրում, չգիտենք։ Բայց պէտք չէ տարակուսել, որ թուրք կրօնական ու պետական պաշտօնեաները այստեղ եւս քաջ գիտակցել են, որ մայրենի լեզուն՝ հայերէնը պահող նորաթուխ «օսմանցիները» վաղ թէ ուշ կարող են դառնալ իրենց պապերի հաւատքին եւ մայր ժողովրդի գիրկը։ 1840-ական թթ. [71] իսլամ ընդունած մի քանի ընտանիք վերստին քրիստոնեայ դարձան, այս բանի առաջն առնելու համար մոլլաները ճնշումներ գործադրեցին ու փորձեցին արգելել հայերէնը՝ յայտարարելով, որ «մուսուլմանի համար 7 հայերէն բառը մէկ հայհոյանք է»։ Կանայք, որ թուրքերէն չգիտէին, մի քան գիւղերից դագանակներով քշեցին մոլլաներին, իսկ այր մարդիկ, երկիւղ կրելով կոտորածից, ժողով անելով պայման կապեցին 5 ոչխար տուգանք տալ իրենց աղային՝ ամէն անգամ հայերէն խօսելու համար [72] ։ Սակայն հաշուեյարդարով ու արգելքներով հնարաւոր չեղաւ փոխել համշինահայերի ընտանեկան լեզուն. եւ այսօր էլ նրանք պահպանել են իրենց բարբառը։ Մի քանի տարի սրանից առաջ, 1962 թ., եւրոպացի հայագէտ Գ. Դյումեզիլը Ստամբոլում գրանցել էր Համշէնի բարբառով 3 պատմուածք եւ ուսումնասիրել այդ բարբառը՝ հարցուփորձ անելով համշին մի ուսանողի (Ismet Akbiyik) [73] ։ Սրա պատմածները անառակ իրենց բովանդակութեամբ արժանի չէին գրի առնուելու, բայց նրանք խօսուն փաստեր են այն իրողութեան, որ այսօր իսկ կենսունակ է համշինահայ բարբառը շուրջ 2 դար առաջ հաւատափոխ եղած համշէնցիների նոր սերնդի շրթերին։

Մահմեդական համշէնցիները, ըստ հնարաւորի, պահպանել են նաեւ ընտանեական իրենց կենցաղն ու բնաւորութիւնը. ականատեսների վկայութեամբ նրանք դրականօրէն տարբերւում են իրենց հարեւանութեամբ ապրող մահմեդական յոյներից, լազերից ու վրացիներից. քաջարի են, վեհանձն, անխարդախ ու պարզասիրտ, չեն խնամիանում ուրիշների հետ եւ հարեւաններից տարանջատւում են իրենց «համշին» անուանումով, որ մատնանշում է ոչ այնքան իրենց հայրենի երկրամասը, որքան հայկական ծագումը։

Ստոյգ տուեալներ չունենք հեմշինների թիւը որոշելու։ Անցեալ դարավերջին, մերձաւոր հաշիւներով, նրանք 16 հազար էին. «Համշէնի եւ Սեւ գետ (Կարա-դերէ) գաւառաց մէջ, - գրում էր Ս. Հայկունին, - կան 16000-ի չափ հայեր, որոնք մտած որջացած են այնպիսի վայրեր, գաւառակներ, որոնց յարաբերութիւնը արտաքին գաւառներու հետ խզուած էր երկրի դրից բնական պատճառներով» [74] ։ Հ. Աճառեանը յայտնում է, որ ապրիլեան Եղեռնից առաջ Թիւրքիայում ապրում էին 20 հազար քրիստոնեայ համշէնցիներ. «Նոյնքան կամ աւելի կարելի է դնել մահմեդական հայերին», - ենթադրում է նա։ Այսօր, իհարկէ, բնական աճով նրանք բազմացած պէտք է լինեն եւ ստուգման կարօտ տուեալներով 70 հազարից աւելի են։

Հեմշիններն ապրում են 2 խոշոր զանգուածով. բուն համշէնցիները, որոնք յայտնի են «բաշ հեմշին» անունով, հաստատուած են Ֆորթունա գետի ու նրա վտակների ափերին ու Կարա-դերէ գետի հովտում [75] ։ «Խոպէ հեմշին» կոչուածները բնակւում են Խոպէի շրջանում, որը համանուն գաւառի ծովափնեայ վարչական կենտրոնն է [76] ։ Հեմշինցիների գիւղերն այստեղ հիմնականում ընկած են լազերով բնակեցուած ծովափնեայ շերտից հարաւ, սակայն լազերին պատկանող մի շարք բնակավայրերում կամ նրանց հարեւանութեամբ եւս վաղուց ի վեր ինքնամփոփ կենցաղով բնակւում են հեմշիններ [77] ։

12. Այժմ մի քանի խօսք իրենց պատմական բնօրրանից դուրս եկած ու Սեւ ծովի թուրքական եւ կովկասեան ափերին բնակութիւն հաստատած համշինահայերի մասին։

Բուն Համշէնի բնական ու աշխարհագրական պայմանները անյաղթահարելի դժուարութիւններ էին յարուցում անասնապահութեան ու երկրագործութեան յետագայ ընդարձակման ու զարգացման համար։ Բնակչութեան աճը ստիպում էր համշինահայերին տաժանակիր աշխատանքով մշակելի փոքրիկ հողամասեր կորզել զառիթափ ու խաւարչուտ անտառներից, կամ էլ ապրուստի միջոցներ որոնել հայրենի երկրից դուրս՝ նոր բնակավայրեր հիմնելով հարեւան շրջաններում ու արտագաղթելով հեռաւոր երկրներ։

Կարա-դերէի ու Խոպէի շրջաններում հաստատուած համշէնցիների մասին նախորդ հատուածում արդէն առիթ ունեցանք խօսելու։ Բուն Համշէնին արեւելքից ու արեւմուտքից հարեւան, բնական ու կլիմայական պայմաններով նոյն պատկերն ունեցող այդ շրջանները համշէնցիների ուշադրութիւնը գրաւել են վաղ ժամանակներից, եւ նրանք, քայլ առ քայլ առաջ շարժուելով, ներթափանցել ու հաստատուել են այդ վայրերում, բնականաբար, բախուելով տեղացի հին բնակչութեան՝ յոյների ու լազերի հետ։ Նրանց միջեւ տեղի ունեցած պատերեզմների մասին եղել են աւանդութիւններ, որոք, դժբախտաբար, գրի չեն առնուել [78] ։

Ներթափանցման այդ պրոցեսը մեծ ծաւալ է ընդունել յատկապէս XVIII դ. սկզբներից, երբ բուն Համշէնում սկսուել են բռնադատութիւններ իսլամը տարածելու համար։ Իրենց հաւատքին հաւատարիմ մնացած համշինահայերը կազմկերպուած խմբերով գաղթել են Կարա-դերէ, իսկ մի քանի տասնամեակ յետոյ, երբ հաւատափոխութեան է հարկադրուել նաեւ Կարա-դերէի բնակչութիւնը, քաջաբար մարտնչող հազարաւոր հայեր լքել են իրանց այդ նոր հանգրուանը եւս եւ ազատուել հատապնդումից՝ փախչելով ու հաստատուելով Սեւ ծովի հարաւային ափերին՝ Սինոպից մինչեւ Բաթում։ Այս ողջ տարածքի վրայ համշինահայ բնակավայրեր կային, անշուշտ, մինչեւ այդ տխուր իրադարձութիւնները, բայց նոր գաղթականութեամբ հայ տարրը ստուարանում եւ աւելի կենսունակ է դառնում։

Հ. Աճառեանը «Քննութիւն Համշէնի բարբառի» մեծարժէք ուսումնասիրութեան մէջ վիճակագրական տեղեկութիւններ է հաղորդում Տրապիզոնից մինչեւ Սինոպ ընկած շրջաններիհայ բնակչութեան վերաբերեալ, որոնց գերակշիռ մասը եղել է համշէնցի։ Ստորեւ, առ ի չգոյէ աւելի ստոյգ տուեալների, մէջ ենք բերում այդ վիճակագրութիւնը, որ վերաբերում է առաջին աշխարհամարտին նախորդող ժամանակաշրջանին։

«Վերջին կոտորածներից առաջ 1) Տրապիզոն քաղաքում կար 800 տուն հայ (խօսքը միայն քրիստոնեայ հայերի մասին է Լ. Խ. 2) Գաւաթա կամ Յոմուրա գաւառը, որտարածւում էր Տեյիրմէն-տերէից մինչեւ Յամպոլի գետը, ունէր 2340 շունչ հայ, հայոց գիւղերն էին՝ Զեֆանոս, Սամարուքսա, Կուխլա, Շանա (Ծինկիլա, Կիւշանա), Ճոշարա, Կալաֆկա, Ուզ, Ապիոն, Կռոմիլա։ 3) Սիւրմենէ... ունէր 100 տուն հայ (քրիստոնեայ). հայոց գիւղերն էին՝ Փերուանա, Գատրա, Էլեմոնաս, Վահանցիք, Մախթելա, Քութունոց, Քինոսցոց, Սարէս, Ալչաք-տերէ, Ժուժք, Փիրկի եւ Մանդրալ։ 4) Աղճապատ՝ Տրապիզոնից արեւմուտք, ունէր 4000 շունչ հայ. գլխաւոր կենտրոնն է Փլաթանա. հայոց գիւղերն էին՝ Սաթարիա, Մալա, Անիֆա, Վերանա, Էլեու, Ֆոշ, Ղալինոս։ 5) Տրիպոլի կամ Թերեպոլու, Տրապիզոնից արեւմուտք՝ ընդարձակ նաւահանգիստ, ունէր 40 տուն հայ։ 6) Կիրասոն, Տրիպոլիից արեւմուտք՝ գեղեցիկ նաւահանգիստ. հիմնուել է 1810 թ. ՝ Աւետիք հայ իշխանի ձեռքով. ունէր 400 հայ բնակիչ. շրջակայ հայաբնակ գիւղերն էին՝ Չամալ, Մուսագրըգ, Քելթեփէ, Խոճօղլու, Սոլլար, Խոշկելիր, Պազարսու, Գուշճի, Էօրէն, Ալաճատամ, Սայաճա, Գրմա, Պուլթան, Գատըր, Չաթար Ֆոտանա եւ Թեփեքյոյ. գիւղացոց մեծ մասը Համշէնից էր գաղթած հին կոտորածների ժամանակ։ 7) Սամսոն, Սեւ ծովի վրայ, Օրտուից աւելի արեւմուտք, նշանաւոր նաւահանգիստ. հարեւան Սինոպ նաւահանգստի հետ կազմումեն Ճանիկի վիճակի երկու գլխաւոր քաղաքները։ Սամսոնի եւ Սինոպի հայերը գաղթած են ներքին գաւառներից, իսկ գիւղերը Համշէնի հին կոտորածից փախած հայեր են։ Ամբողջ Ճանիկ վիճակի համշէնցի հայերը 2000 տուն են, որոնք բնակւում են 30 գիւղերում» (թուարկւում են այդ գիւղերը՝ Չարշամպայի շրջանում 17 գիւղ, Յունիէի շրջանում՝ 8, Թերմէի՝ 3 եւ Ֆացայի՝ 2) [79] ։

Սեւ ծովի հարաւի ափամերձ այս շրջաններից բացի, համշինահայերը գաղթօջախներ հիմնեցին նաեւ իրենց հայրենիքից շատ հեռու, օրինակ, Նիկոմեդիայի (Իզմնի) շրջանի Մանիշակ գիւղը [80] ։

Համշինահայութեան այս մեծ գաղթականութիւնը զոհ գնաց վայրագ թուրքերի կազմակերպած ազգսպանութեանը՝ 1915 եւ յետագայ թուականներին։

Պէտք է յուսալ, սակայն, որ նրանց մի մասը, հետեւելով բուն Համշէնի եւ Կարա-դերէի իրենց ազգակիցների օրինակին, մեծ սպանդի օրերին հաւատափոխութեամբ փրկեց իր կեանքը եւ այսօր էլ շարունակում է ապրել տեղ-տեղ, ընտանեկան յարկի տակ՝ պահպանելով իր գաւառաբարբառը եւ ազգային վարք ու բարի որոշ յիշատակներ։

13. Համշինահայութեան համար արտագաղթի կարեւորագոյն վայրեր հանդիսացան Ղրիմն ու Սեւ ծովի կովկասեան ափերը։

Ղրիմի մասին քիչ բան կայ ասելու։ Եւրոպական աղբիւրներում Ծովային Հայաստան յորջորջուած այդ թերակղզին տնտեսական սերտ կապերի մէջ է եղել Սեւ ծովի հարաւի ափամերձ շրջանների եւ, ընդհանրապէս, Փոքր Ասիայի հետ՝ հնագոյն ժամանակներից։

Դեռեւս Կոստանդին Ծիրանածին կայսրը դիտել է, որ խերսոնացիք (այսինքն՝ հարաւային Ղրիմի բնակիչները) անկարող են ապրել «եթէ չճանապարհորդեն Ռոմանիա եւ չվաճառեն պեչենեգներից ձեռք բերած կաշիներն ու մոմը», «Եթէ Ամիսոսից եւ Պափլագոնիայից, Բուկելարներից եւ Արմենիակոնից անասուններ չստանան» [81] ։

Սերտ էին յատկապէս Տրապիզոնից եւ Ղրիմի տնտեսական կապերը. XIII դ. թերակղզու հարաւային շրջանները ենթակայ էին Տրապիզոնի կայսրութեանը՝ քաղաքական մի կազմակերպութիւն, որի կենսունակութիւնը խարսխուած էր յոյն, հայ եւ վրացի աւատատէրերի համագործակցութեան վրայ։ Ղրիմի տարացեղ բնակչութեան կազմում, վաղ ժամանակներից սկսած, հայ տարրը զգալի դեր է կատարել. սակայն թերակղզին, մանաւանդ նրա վաճառաշահ քաղաքները, հայ բնակչութեան նորանոր ու բազմամարդ խմբերը ընդունեցին ու հայաշատ բնակավայրեր դարձան յատկապէս XIV դ. 30-ական թթ. ։

Ղրիմահայ գաղութի ծագման մասին աւանդութիւններ պարունակող XVIII դ. ծանօթ յիշատակարանը, ուշագրաւ լինելով հանդերձ, մեծ վստահութիւն չի ներշնչում։ Բնաւ չմերժելով Անի մայրաքաղաքից հայ բնակչութեան բազմամարդ մի խմբի Ղրիմ (մասնաւորապէս Թէոդոսիա) գաղթած լինելու հնարաւորութիւնը՝ համոզուած ենք, որ ղրիմահայութեան հիմնական զանգուածը բաղկացած է եղել Տրապիզոնի, Համշէնի, Բաբերդի, Սպերի եւ ընդհանրապէս Պատմական Հայաստանի հիւսիսարեւմտեան շրջաններից արտագաղթած ընտանիքներից։ Յատուկ քննութեան արժանի այս խնդրի մանրամասների մէջ չմտնելով՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ուշագրաւ եւ ստոյգ տուեալներ կան Բաբերդից, Երզնկայից ու Բարձր Հայքի այլ շրջաններից Ղրիմ գաղթած հայերի եւ այդ երկրամասի միջեւ մշակութային ու տնտեսական ամենասերտ կապերի գոյութեան մասին։ Վստահ կարելի է յայտարարել, որ XIV դ., գուցէ եւ աւելի վաղ ժամանակներից սկսած, Ղրիմի թերակղզին ծանօթ ու սիրուած է եղել նաեւ համշինահայութեան համար։ Մեր այս ենթադրութիւնը կարող էր հաւաստել նաեւ հայ բարբառագիտութեան ընձեռած տուեալներով, եթէ մենք ծանօթ լինէինք ղրիմահայութեան հին բարբառին, որը անդարձ կորած է գիտութեան համար, քանի որ հին ղրիմահայերը զանգուածային ղփչաղախօս էին դարձել տակաւին XVI-XVI դդ. ։ Ինչ-որ չափով, սակայն, այդ բարբառի հետքերը պահպանուած պէտք է լինեն Նոր-Նախիջեւանի հայոց բարբառի մէջ, որ զարմանալի ընդհանրութիւն ունի համշինահայ բարբառի հետ՝ բաղաձայնային իր համակարգով եւ, մանաւանդ, «ր»-ի տարօրինակ հնչիւափոխութեամբ։ Միայն այդ երկու գաւառաբարբառներով «ր»-ն լեզուաատամնայիններից առաջ դառնում է «շ», ինչպէս, օրինակ, մաշդ//մաշթ (մարդ), եշթալ (երթալ), մօշթի (մորթ) եւ այլն [82] ։

Ղրիմի վրայով համշինահայերը միջին դարերում պէտք է կապուած լինէին նաեւ Ուկրաինայի, մերձբալթեան երկրների ու Ռուսաստանի հետ։ Ակադ. Ն. Մառը Լազիստանում կատարած գիտական իր ճամփորդութեան ընթացքում հանդիպել ու զրուցել է մի հեմշինի հետ, որ Ռեւել (Տալլին) քաղաքում փուռ է ունեցել եւ մէկ ուրիշի, որ 20 տարի ապրել ու աշխատել է Կիեւում։ Մեծ հաւանականութեամբ այդ երթեւեկը համշինահայութեան համար աւանդական էր ու խարսխուած դարաւոր փորձի վրայ։

14. 1860-ական թթ. արդէն, բայց աւելի մեծ ծաւալով 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի յաղթանակից յետոյ, երբ Սեւ ծովի կովկասեան ափերն անցան Ռուսական կայսրութեանը, համշինահայերը սկսեցին գաղթել Աբխազիա ու հաստատուել Սուխում, Սոչի, Մացեստա, Լոռ, Մծարա, Ծեբելդա, Ադլեր, Շափշուկա, Նոր-Աֆոն, Գագրի եւ այլ բնակավայրերում։ Յետագայում ծովեզերքից համշէնցիներն առաջացան դէպի Կուբան ու մի շարք գիւղեր հիմնեցին Մայկոպի եւ Եկատերինոդարի (այժմ Կրասնոդար) շրջակայքում։ Աբխազիայում հաստատուած համշէնցիների մասին ազգագրական ուշագրաւ ուսումնասիրութեան հեղինակ Հ. Մուրադեանը XX դ. շեմին (համշինահայերի ներգաղթից ընդամէնը երկու տասնամեակ յետոյ) այսպէս է բնորոշում նրանց դերը այդ երկրամասի տնտեսական զարգացման գործում. «Կարելի է ասել, թէ կովկասեան ափերի ծաղկելն ու առաջ գնալը սկսւում է հայ գաղթականների գալու օրից։ Այդ հաստատապէս նկատւում է այսօր Սուխումի շրջանում, որ ութսունական թուերի սկզբներին, երբ դեռ նոր էին սկսել հայերը գաղթել այդ կողմերը, մի աննշան, չետ ընկած ամայն ու աւերակ տեղ էր. այնինչ այսօր կովկասեան ափերի ամենածաղկած տեղերիցն է, իսկ թութունի արդիւնաբերութիւնով՝ առաջինն է ամբողջ Ռուսիայում...

Հայերի գալուց յետոյ ամէն տեղ՝ կովկասեան ափերում, շարժում, կենդանութիւն է ընկնում։ Հետզհետէ առաջուան դարաւոր ճահիճներն ու անտառները մաքրուելով՝ նոր-նոր սիրուն արտեր ու պլատտացիաներ են բացւում. հարիւրաւոր դեսյատիններով նոր վարելահողեր եւ աւելանում այդ վայրի ու խիտ անտառներով ծածկուած երկրի մէջ։ Եւ ամենամեծ մասով այդ բոլոր արտերը թուրքահայերի ձեռքովն են փորուել ու բացուել... » [83] ։

Աբխազիայում հաստատուած համշէնցիների տնտեսական շինարար գործունէութեան մասին այս անկեղծ ու հիացած տողերը գրանցուել են շուրջ 7 տասնամեակ առաջ, երբ նրանց թիւը, մօտաւոր հաշիւներով չէր անցնում 15 հազարից։ Առաջին աշխարհամարտի դժնդակ տարիներին եւ դրան յաջորդող շրջանում հիւրընկալ այդ ափերում մշտական բնակութիւն հաստատեցին թուրքական սրից փրկուած համշինահայութեան նոր հատուածներ, որոնք միաւորելով իրենց ջանքերը արդէն տուն ու տեղ ստեղծած իրենց հայրենակիցների ջանքերին՝ նորանոր յաջողութիւններ գրանցեցին երկրամասն տնտեսական կեանքի պատմութեան էջերում։

1944 թ. համշինահայութեան այս հատուածի թիւը շուրջ 60 հազար էր համարւում, իսկ այսօր անտարակոյս, անցել է 100 հազարից։

Աբխազիայում եւ Կրասնոդարի երկրամասում բնակութիւն հաստատած հայերն ունեն իրենց դպրոցներն ու մշակութային հաստատութիւններկ եւ սերտօրէն շաղկապուած են մայր հայրենիքի հետ։ Համշինահայութեան այս հանգրուանի պատմութեան հարցերը, սակայն, արժանի լինելով յատուկ ուսումնասիրութեան, դուրս են մնում մեր յօդուածի ծրագրից։



[1]            Ղեւոնդի շարադրանքից այն տպաւորութիւնն է ստացւում, թէ Օբայդուլլահ ոստիկանը, իբր, յաջորդել է Սուլայմանին («իսկ ապա ի գալ միւսոյ ամին՝ ի գալ Ովբեդլայի, զնոյն վտանգ տարակուսանաց եւ առաւել զօրացուցանէր»), սակայն Հայաստանի արաբ ոստիկանների գիտական ժամանակագրութիւնը վերականգնող Յ. Նալբանդեանը այս երկուսի կառավարչութիւնը դնում է միեւնոյն՝ 788-790 թթ. ՝ Սուլայմանին համարելով Օբայդուլլահի կողմից նշանակուած փոխանորդ (տե՛ս «Պատմութիւն Ղեւոնդեայ մեծի վարդապետի հայոց», Ս. Պետերբուրգ, 1887, էջ 167-169. «Տեղեկագիր», 1956, էջ 144)։

[2]            Ղեւոնդ, գլ. ԽԱ, էջ 167

[3]            Ղեւոնդ, գլ. ԽԲ, էջ 168-169։ «Եւ շատերը, չկարողանալով տանել աղէտների ծանրութիւնը, կամովին թողնում էին իրենց (անասունների) հօտերն ու արտերը. իսկ թշնամիները գերեվարում էին անասուններին եւ աւար առնում նրանց ունեցուածքը։ Իսկ ապա, երբ այդպէս ունեցուածքից զուրկ, մերկ ու բոկ եւ քաղցած մնացին ու չգտան ապրուստի միջոցներ, հեռագնաց ճանապարհ բռնելով փախան գնացին Յունաց աշխարհ, որոնց (փախչողների) թիւը, ասում են, եղել է աւելի քան 12 հազար տղամարդ՝ կանանց ու երեխաների հետ միասին։ Սրանց առաջնորդներն էին Շապուհը՝ Ամատունեաց տոհմից, նրա որդի Համամը եւ ուրիշներ հայ նախարարներից ու նրանց հեծեալներից։ Եւ անօրէն ու ժանտ թշնամին, իր զօրքով հետամուտ լինելով փախչողներին, հասնում է նրանց Վրաստանի սահմանում գտնուող Կող գաւառում, որտեղ ճակատամարտելով փախուստի են մատնում եւ ոմանց էլ սպանում (արաբներից), իսկ իրենք անցնում են Ակամսիս (Ճորոխ) գետը, որ բխելով Տայքի կողմերում՝ հոսում է հիւսիս-արեւմուտքով, անցնելով Եգերով, թափւում է Պոնտոս (Սաւ ծով)։ Եւ երբ անցան գետը, յունաց կայսր Կոստանդինը, շտապ լուր ստանալով, կանչեց նրանց, պատիւներ տուեց նախարարներին ու նրանց հեծեալներին, իսկ հասարակ ժողովրդին բնակեցրեց գեղեցիկ ու արգաւանդ մի երկրում»։

[4]            Յ. Նալբանդեան, Արաբացի ոստիկանները Հայաստանում (տե՛ս «Տեղեկագիր», 1956, 8, էջ 114)։

[5]            Յ. Մամիկոնեան, Պատմութիւն Տարօնոյ, Երեւան, 1941, էջ 284

[6]            Նոյն, էջ 285

[7]            Ս. Հայկունի, Համշէն (տե՛ս «Արարատ», 1895, էջ 297)։

[8]            Ըստ Ն. Ադոնցի՝ Ամատունիների նախնական բնակաբայրը եղել է Արտազի շրջակայքը՝ այժմ Մակուի շրջանը, Իրանում . Адонц, Армения в эпоху Юстиниана, СПб, 1908, էջ 304)։

[9]            ՄՄ ձեռ. 201, էջ 613բ

[10]          Գ. Յովսէփեան, Նիւթար եւ ուսումնասիրութիւններ, պր. Գ, Նիւ Յորք, 1914, էջ 14

[11]          Հ. Ոսկեան, Ուսումնասիրութիւններ հայ նախարարութիւններու մասին, Վիեննա 1925, էջ 117

              [Այժմ ճշգրտուած է, որ Վաչուտեանների տոհմական առնչակցութիւնը Ամատունիներին հիմնուած է Յոյաննավանքի վիմագրի «Այրարատին տէրն» արտայայտութեան վրիպեալ ընթերցման վրա («Այր Ամատունի»), որ առկայ է Զաքարիա Սարկաւագի երկում։ Տե՜ս Հայրապետ Մարգարեան, Վաչուտեանների իշխանական տան պատմութիւնից, «Շողակաթ», 1995, էջ 30-36]։

[12]          Ս. Հայկունին, «որպէս կաւանդեն», անորոշ ձեւով յայտնում է, թէ. «Անւոյ աւերումից յետոյ փախստականաց մէկ մասն ապաստանած է Համշէն» («Արարատ», 1895, էջ 295)։ Համշէնցիներին անեցի ծագումն են վերագրում նաեւ ուրիշներ։ Այս առասպելը, որ տարածուած է համշէնցի հայերի միջավայրում եւ տպագիր խօսքով հրամցւում է երբեմն որպէս իրողութիւն (տե՛ս, օրինակ, «Գրական թերթ», 1968, 21), զուրկ է պատմական հիմքից Անի քաղաքը բնակչութիւնից պարպուել ու որպէս քաղաք դադարել է գոյութիւն ունենալուց ոչ զանգուածային արտագաղթի կամ բնական աղէտի հետեւանքով։ Այն հարցը, թէ որտեղ են բնակչութիւն հաստատել անեցիները մի շարք տասնամեակների ընթացքում՝ խումբ-խումբ կամ անհատապէս լքելով իրենց քաղաքը, կարօտ է մանրակրկիտ ուսումնասիրութեան եւ դուրս է մեր այս յօդուածի ծրագրից, սակայն համշէնցիների ծագման հարցի առնչութեամբ ստիպուած ենք հպանցիկ անդրադառնելու այդ խնդրին։

              Անին ծաղկեց ու բարգաւաճեցորպէս տարանցիկ առեւտրի եւ արհեստագործութեան նշանաւոր կենտրոն՝ գտնուելով միջազգային նշանակութիւն ունեցող բանուկ այն մայրուղու վրայ, որն իր մի ճիւղով կապւում էր Տրապիզոնի (այնուհետեւ ծովով՝ Ղրիմի ու Կ. Պոլսի), միւսով՝ Թաւրիզի (այնուհետեւ Միջին Ասիայի ու Հնդկաստանի), իսկ երրորդով՝ Տփղիսի ու Հիւսիսային Կովկասի հետ։ Ըստ այդմ՝ անեցի վաճառականները վերոյիշեալ ճանապարհների յանգուցակէտերում ստեղծելու էինկայուն յենակէտեր, ուր բնակութիւն էին հաստատելու իրենց ներկայացուցիչներն ու գործակատարները՝ ունենալով պահեստային շէնքեր, կարաւանատներ եւ այլն։ Կան որոշ տուեալներ ու ակնարկներ հաւաստելու, թէ այդպիսիյենակէտեր անեցիների համար եղել են Տփղիսը, Տրապիզոնը, Սուլթանիեան, Կաֆան, թերեւս Աղսարայը (Վոլգայի ափին) եւ այլ քաղաքներ։ Համառօտակի անդրադառնանք այդ տուեալներին՝ նշելով, որ առաջին հերթին ու բնականաբար անեցիների համար գաղթօջախներ պէտք է լինեին հէնց այն վայրերը, որոնք ծանօթ ու հարազատ էին նրանց քաղաքի ծաղկուն ժամանակներից։

              XV դ. 20-ական թթ. Տփղիսում ու Թմոգվիում են գտնւում Անիի եպիսկոպոս Յովհաննէ Ոսկեփորը եւ նրա եղբայրը՝ իշխանաց իշխան պարոն Չալաբին («ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ», Ա, էջ L)։ Այս փաստն ինքնին Վրաստանի սահմաններում, մանաւանդ Տփղիսում ու Թմոգվիում, անեցի բազմաթիւ գերդաստանների բնակութիւն հաստատած լինելու օգտին է խօսում։

              XIV դ. 30-ական թթ. մի խումբ անեցիների ենք հանդիպում իլղանութեան վարչական կենտրոն Սուլթանիա վաճառաշահ քաղաքում։ Դրանցից էր Մխիթար Անեցի նշանաւոր գրիչը («ԺԴ դարի յիշատակարաններ», էջ 307-311) եւ նրա հոգեւոր հայր Գրիգոր երէց Անեցին (Երուսաղէմ, ձեռ. 1941)։

              Տրապիզոնի հայերի հնագոյն մասի անեցի լինելու վերաբերեալ տեղեկութիւններ է հաղորդում այդ քաղաքի լաւագոյն պատմիչ Մ. Բժշկեանը. «Ասոնք, - գրում է նա Տրապիզոնում հաստատուած գիւղացիների մասին, - Համշէնէն եկած են, բայց քաղաքացիք Անի քաղաղէն են, ուստի գիւղացիների լեզուն եւ հնչմունքը շատ տարբեր են քաղաքացիներէն» («Պատմութիւն Պոնտոսի», Վենետիկ, 1819, էջ 82)։

              1357 թ. պահպանուել է ուշագրաւ մի յիշատակարան Անի քաղաքի ու նրա շրջակայքի աւերածութեան ու գերեվարութեան մասին. «Զօրքն տաճկաց, - ասուած է այնտեղ, - բազմացեալ ամբոխիւք հասին գաւառն քաղաքին Անոյ։ Եւ զաղէտս եւ զոր ինչ արարին ի վանս եւ ի գեաւղս եւ ի գաւառս, ո՞ր բերան պատմէ կամ ո՞ր լեզու խօսի... սատակեցին առաջի ծնողաց զտղայս եւ առաջի տղայոց զծնողսն։ Եւ զորս ըմբռնեալ՝ տանէին գերիս՝ բանտից եւ տանջանաց մատնեալ, որոց գլուխ աթապակ եւ մեծ սպասալար Շահնշահ, որ հազիւ կարաց զերծանիլ ի ձեռաց թշնամեացն» (ՄՄ ձեռ. 6764, էջ 264ա)։

              Չոբանեան Մելիք-Աշրաֆի թագաւորութեան այս տարիներին ամայանում ու կործանւում էին Անդրկովկասի եւ Իրանի վաճառաշահ միւս քաղաքները եւս։ Մեծատուն շատ առեւտրականներ լքում էին իրենցհայրենի քաղաքները եւ փախչում այլ երկրներ։ Ոսկէ Հորդան ամենաբարգաւաճ ու ապահով վայրն էր համարւում, ուր Ջանիբեկ խանի թագաւորութեան տարիներին (1342-1357) «Մեիք-Աշրաֆի կեղեքումների հետեւանքով ժամանում էին Թաւրիզից, Սերաբից, Արդաբիլից, Բայլականից, Պարտաւից եւ Նախիջեւանց շատ խոջաներ», - ինչպէս գրում է «Շայխ-Ուվեյսի պատմութեան» հեղինակը )տե՛ս В. Г. Тизенгаузен, Сборник материалов4 щтносящихся к истории Золотой Орды, М. ., 1941, էջ 101)։ Անիի մասին այստեղ յիշատակութիւն չկայ, բայց համոզուած ենք, որ Ջանիբեկի իշխանութեան տակ գտնուող Ղրիմի թերակղզում, մասնաւորապէս՝ Կաֆա քաղաքում անեցիներ հաստատուեցին հէնց այս շրջանում կամքիչ առաջ՝ 1330-ական թթ., եթէ հաւատելու լինենք XVII դ. աւանդութիւնների հիման վրայ շարադրուած այն յիշատակարանին, որն այսօր ոպէս անվիճելի հեղինակութիւն օգտագործւում է շատ բանասէրների կողմից, առանց քննութեան ու քննադատութեան (ՄՄ ձեռ. 7442, էջ 280-283, Մ. Բժշկեան, նշ. աշխ., էջ 335-342)։ Մեծ քանակութեամբ անեցիներ, անտարակոյս, գաղթել են նաեւ Հին Ջուղա, Երեւան եւ ՀԱյաստանի ու հարեւան երկրների այլ քաղաքներ։ Երեւանի մասին կայ ուշագրաւ մի վկայութիւն՝ փորագրուած Կաթողիկէ եկեղեցու պատին։ 1364 թ. ոմն Շապադին, մեծ հաւանականութեամբ 1357 թ. վերոյիշեալ դէպքերի առնչութեամբ, գրում է. «Անու աւիրողն աւրէ»։

[13]          «Հեթում պատմիչ թաթարաց, Վենետիկ», 1842, էջ 15

[14]          Рюи Гонзалес де Клавихо, Дневник путешествия ко двору Тимура в Самарканд в 1403-1406 гг., пер. И. И. Срезневского, СПб, 1881, էջ 382-384

[15]          Պ. Թումաեանց, Պոնտոսի հայերը («Լումայ», 1899, Բ գիրք, էջ 164)

[16]          Յայտնի է, եւ Կ. Կոխն էլ պարզաբանում է, որ վոյվոդ էին կոչւում Օսմանեան կայսրութեան այն սանջակների կառավարիչները, որոնց վստահուած երկրամասի բնակչութիւնը քրիստոնեայ էր, ի տարբերութիւն մութեսելիմ կոչուածների, որոնք իշխում էին հիմնականում մահմեդական բնակչութիւն ունեցող շրջանների վրայ։

[17]          K. Koch, Wanderungen im riente während der Jahr 1843 und 1844, II, Reise im Pontischen Gebirge und Türkisch Armenien, Weimar, 1846, էջ 22-25 եւ հտ.

[18]          Ս. Հայկունի, Համշէն («Արարատ», 1895, էջ 296)

[19]          Ս. Հայկունի, Տրապիզոնի հայ գիւղացոց կեանքը («Արարատ», 1905, էջ 738). Հ. Մուրադեան, Համշէնի հայերը, Թիֆլիս, 1901, էջ 5

[20]          Նոյն, էջ 739

[21]          K. Koch, նշ. աշխ. էջ 22-25։ Ս. Հայկունու հաշիւներով Համշէնի ու Կարա-դերէի բնակչութեան թիւը 16 հազար է («Արարատ», 1895, էջ 239)։ Համշէնին ընկնելու է այդ թուի շուրջ կէսը՝ 8 հազար, այսինքն՝ այնքան, ինչքան նշել էր Կոխը Հայկունուց կէս դար առաջ։

[22]          Յ. Մարկուարտ, Վրկան Բագրատունեաց ծագումը, Վիեննա, 1913, էջ 139

[23]          «Արարատ», 1895, էջ 295-297

[24]          Ф. И. Успенский, Очерки из истории Трапезундской империи, Л., 1929, с. 52

[25]          Նոյն, էջ 56։ Վերը մէջբերուած հատուածները քաղուած են “Сказание скевофилака Лазара о чудесах св. Евгения” երկից, որի ռուսերէն ամբողջական թարգմանութիւնը մէջ է բերել Ֆ. Ուսպենսկին իր վերոյիշեալ աշխատութեան մէջ։

[26]          Տե՛ս նոյն, էջ 115։

[27]          Այդ աշխատանքի նախնական արդիւնքները շարադրել էինք «ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» մեր ժողովածուի Ա մասի առաջաբանում (Երեւան, 1955, էջ XLVIII-L)։ Այժմ ձեռքի տակ ունենք նոր տուեալներ որոնք հնարաւորութիւն են տալիս կատարելու զգալի ճշգրտումներ ու լրացումներ։

[28]          Рюи Гонзалес де Клавихо, Дневник путешествия ко двору Тимура в Самарканд в 1403-1406 гг., пер. И. И. Срезневского, СПб., 1881, էջ 382-384. Յ. Յակոբեան, Ուղեգրութիւններ, հտ. Ա, Երեւան, 1932, էջ 142-143 ( Յակոբեանի թարգմանութիւնը յաջող չէ) ։

[29]          Այս մասին տե՛ս Э. Шюц, Значение слова «Գոռել» по армянским источникам («Լրաբեր» հասարակական գիտութիւնների, 1967, 8, էջ 66 եւ հտ.

[30]          Այդ մասին աներկբայ վկայում է ինքը Կլաւիխոն՝ գրելով. «Այդ երկրի բնակիչները դժգոհ էին իրենց իշխանից, որին, ինչպէս եւ երկիրը, կոչում էին Առաքել»։

 

[31]          «Մայր ցուցակ ձեռագրաց սրբոց Յակոբեանց», հտ. Ե, կազմեց՝ Նորայր եպս. Պողարեան, Երուսաղէմ, 1971, էջ 417. «ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ», մասն Ա, էջ 344։ Այսուհետաւ ԺԵ դարի յիշատակարանների մեր հրատարակած I, II եւ III մասերը վկայակոչում ենք ԺԵ, I, (կամ՝ II, III) համառօտութեամբ։

[32]          ԺԵ, III, 365։ Երուսաղէմի 1617 ձեռագրի Առաքել իշխանի պատուէրով ընդօրինակուած բաժինը (ձեռագրի սկզբի մասը) պարունակում է Գրիգոր Տաթեւացու Քարոզգիրքը, իսկ Դաւիթ իշխանի խնդրանքով ընդօրինակուածը՝ «Վասն թագաւորելոյ Թէոդոսի» խորագրով առասպելախառն մի պատմութիւն։

[33]          Խոջայ Շամշադնի մասին տե՛ս Մ. Բժշկեան, Պատմութիւն Պոնտոսի, էջ 81. Հ. Տաշեան, Ցուցակ, էջ 1016։ Այս աղբիւրներում յիշատակուած Շամշադիններին Հ. Աճառեանը ներկայացրել է որպէս երկու տարբեր անձնաւորութիւններ («Հայոց անձնանունների բառարան», հտ. Դ, էջ 141). մենք նոյնացնում ենք՝ նկատի ունենալով, որ երկու դէպքերում էլ նա յիշատակուած է իր Խաչատուր որդու հետ։ Հաւանաբար այս Շամշադնի ազգականներից է նաեւ խոջայ Ստեփանոսը՝ կոչուած «Շէմսէտլի», որ կառուցել է Տրապիզոնի Հայոց Ամենափրկիչ վանքը ( Մ. Բժշկեան, նոյն տեղ, էջ 82)։

[34]          Այստեղ թուարկուած՝ բեռ, թամպալիթ, իլոմա, խուրճի, պողչա տերմինների տակ պէտք է հասկանալ Համշէնի արահետներով դէպի Սեւ ծով ու հակառակ ուղղութեամբ տրանզիտով տարուող ապրանքների տարբեր չափերը։

[35]          ԺԵ, I, 345

[36]          ԺԵ, I, 510

[37]          Մեծարժէք այս ժամանակագրութեան հեղինակը Սամուէլ Անեցու անանուն շարունակողներից է. հաղորդում է ուշագրաւ շատ տեղեկութիւններ։

[38]          Հաւանաբար Վիգէն (գրւում է նաեւ Վեգէն) անուան աղճատուած ձեւն է։

[39]          «Ցուցակ հայերէն ձեռագրաց Նիկոմիդիոյ եւ շրջակայից», Վենետիկ, 1969, էջ 21

[40]          Brosset, Histoire de la Géorgie ...., Pétersburg, 1858, vol. I, 1, էջ 626-630. հմմտ. Հ. Տաշեան, Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին, Վիեննա, 1921, էջ 46։

[41]          ԺԵ, III, 470 (ՄՄ ձեռ. 7638, էջ 314բ-315ա)

[42]          «Մանր ժամանակագրութիւններ XIII-XVIII դդ. », հտ. II, կազմմեց՝ Վ. Յակոբեան, Երեւան, 1956, էջ 553

[43]          Չիթաղ բառն, օրինակ, գործածուած է ժամանակագրութիւնների ու յիշատակարանների ստորեւ թուարկուող հատուածներում. «Թվին ՋԺ (1461) չիթախն զՏրապիզոն առաւ» («Մանր ժամանակագրութիւններ», I, էջ 163)։ «Եւ ողորմութեամբն Աստուծոյ (ազատեցաւ) աշխարհս մեր ի զօրաց չիթախին... իսկ փատրիահն նոցա, որ խովանդքար կոչի՝ փախեաւ» (ԺԵ, II, 343, յիշատակարանը գրուած է 1473 թ. ). «Ի թագաւորութեան Ուզուն-Հասանին, որ յայսմ 1473 ամի կոխեալ եղեւ ի չիթաղէն» (ԺԵ, II, 344). «Աւախ հարիւր հազար բերան, չիթախն էառ զմեծ Կաֆան» (ԺԵ, II, 62). «Վասն ահին ժանտաբարոյ չիթախին եկաք (1478) իքաղաքս մեր Պաւնտոս» (ԺԵ, II, 433). «Յայս օրերս (1503) էառ չիթախն զԲաբերթ ի Սոֆոյն եւ զՍպերու բերթն» ( Հ. Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, Վիեննա, 1951, էջ 186), «Այսմ (=1509) ամիգնաց Ալիմշայ պարոն՝ ազգաւ չիթախ, ի վերայ Գուրիելին (=Գուրիայի իշխանի)» (ՄՄ ձեռ. 7180, էջ 126բ)։ Այս Սելիմշահի մասին 9335 ձեռագրում ասուած է. «[Գրեցաւ] ի սուլտանութեանն Հոռոմոց. Պայազիդ պակին եւ իր որդուն՝ Սուլիմշահ սուլթանին, որ տիրէր ի Տրապիզոն» (էջ 235բ)։

              Ուշագրաւ է, որ բոլոր այս վկայութիւնները գրուած են պատմա-աշխարհագրական միեւնոյն միջավայրում՝ Բարձր Հայք, Բաբերդ, Տրապիզոն եւ հարեւան շրջաններ։ Ուրեմն այլեւս պարզ է, որ Չիթախ կոչւում է թուրքերի կառավարող դինաստիան։

[44]          Համշէնում իշխող հայ աւատատէրերի թագաւորական ազգից սերուած լինելու մասին տուեալները քննարկելիս պետք է հաշուի առնել եւ հետեւեալը։ Տրապիզոնի կայսրութեան վերջին գահակալները, մանաւանդ Ալեքսեյ III-ը (1349-1390), իրենց կիսակենդան պետութեան կեանքը երկարաձգելու մտահոգութեամբ յաճախ խնամակալական կապեր էին հաստատում հարեւան քրիստոնեայ եւ մահմեդական իշխողների հետ՝ իրենց դուստրերին, քոյրերին եւ այլ ազգականուհիների կնութեան տալով նրանց (տե՛ս Ф. И. Успенский, նշ. աշխ., էջ 81)։ Պէտք չէ անտեսել եւ այն հնարաւորութիւնը, որ Յովհաննէս Համշէնցին սերուած էր համարւում «ի թագաւորական ազգէ», որովհետեւ նրա մայրը, տատը կամ մայրական գծով մերձաւոր նախնիներից որեւէ մէկը Կոմնինների դինասիայի աշխանուհիներից էր։

[45]          Հ. Ոսկեանը (նշ. աշխ., էջ 12) գրում է, որ Յովհաննէս Համշէնցին կոչուել է նաեւ Հունուտցի՞ Եթէ ճիշտ է այդ, պէտք է ենթադրել, որ նա մինչեւ Աւագ վանքում հաստատուելը որոշ ժամանակեղել է Հունուտի վանքում կամ էլ պատանի հասակում ապրել Հունուտում։

[46]          Յովհաննէս Համշէնցու համալսարանի մասին աւելի հանգամանօրէն գրել ենք «ԺԵ դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» ժողովածուի Բ մասի ներածական ուսումնասիրութեան մէջ (LXXXV-LXXXVII)։

[47]          Հ. Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, էջ 183-189, 199

[48]          Н. Я. Марр, Из поездки в Турецкий Лазистан (впечатления и наблюдения), “Известия Императорской Академии наук”, 1910, էջ 608

[49]          Ղ. Ալիշանը գրում է «Համշէն, որ է Պաշ Համշէն, կայ ի ստորոտս Տէմիրտաղ լերին, առ որով եւ Խաչեքար լեառն, յորում մենաստան հին, ուր պահէին նշխարք Վարդանանց, ի գագաթան նորին աւանդի պահել վարշամակին Քրիստոսի, վասն որոյ լեառն Վարշամակ կոչեցաւ եւ ի ռամկաց Վարսամպէկ» («Տեղեկագիր Հայոց Մեծաց», Վենետիկ, 1855, էջ 39)։

[50]          ԺԵ, III 288

[51]          Հ. Ոսկեան, նշ. աշխ., էջ 185-189

[52]          Երուսաղէմ, ձեռ. 1617։ Յիշատակարանում գրուած է. «Գրեցաւ գիրքս... ձեռամբ մեղաւոր եւ անարժան Խաչատուր աբեղի, յաղագս խնդրոյ պարոնաց պարոն Դաւթի... ի դրան սուրբ Աստուածածնի, որ կոչի Քոշտենց վանք, ի գաւառն ի Համշինու» (ԺԵ, III, 365)։

[53]          ԺԵ, I, 510

[54]          Ս. Հայկունին յայտնում է, որ «այս երկիրը (Համշէն) մտնող հայք կը հաւատացնեն, թէ բազմաթիւ տներու մէջ տեսած են եկեղեցական հին անօթներ, որք իբրեւ նուիրական կամ սրբութիւն մի պահած են, այլեւ ուրիշ հնութիւններ՝ ձեռագիրներ եւ այլն, որ ինձ շատ հաւատալի է նորա համար, որ հաւատարիմ անձերէ լսած եմ» («Արարատ», 1895, էջ 297)։

[55]          ԺԵ, I, 18-19

[56]          ԺԵ, III, 368-369

[57]          Հ. Ոսկեան, նշ. աշխ., էջ 171

[58]          Տե՛ս Հ. Աճառեանի «Քննութիւն Համշէնի բարբառի» (Երեւան, 1947) ուսումնասիրութիւնը, որտեղ բերուած է Համշէնի ազգագրութեան եւ բանահիւսութեան մասին հայ պարբերական մամուլի էջերում ցրուած կարեւոր յօդուածների ցանկը։

[59]          Յ. Թումանեանի մշակումը ժողովրդական պատումի հետ համեմատել կարենալու համար ստորեւ բերում ենք 2 հատուած «Հայ Գասպարից»։

              «Վախ գիտի վախ, եիս էշտայի մաշդու, ինձիկի ըլլիր մօնչ մը, օնունը դնեի Գասպար, Գասպար մեծընար, դրկիցներու մօնչերու հիտ խաղեր, հիտրար իդա տեղ գեին, իդա փթած ծառի վրան էլլեին, ծառի ճուղքը փետուիր, Գասպար ըղնիր տակը մեռնիր, հապա իմ բօնը ինցօ՞ կըլլիր, վայ կիտի Գասպար, վայ քեորնար քու մոր աչքեր» («Արարատ», 1895, էջ 397-398։ Հմմտ. Աղբիւրի մօտ Կիկոսի մօր լաց ու կոծի հետ)։

              «Էն գետնի վրա քելեկու, ունի երկու օտք, կընե մեկ, էրկուս մէկ, էրկուս ու կեշտայ, քու ձին ունի չույս ոտք, կընե մէկ, էրկու, իրեք, չույս. ինչաք դուն չույս ընիս, էն մէկ էրկուս կասե ու կոնցնի քեզիկի. ինչիր վեր, ձիդ տուր ինձիկ, դուն էլ էն մաշդու լոմոն մէկ էրկուս երե ու գնա, ժմնե» («Արարատ», 1895, էջ 400։ Հմմտ. «Բարեկենդանի» հերոսի խրատը խելապակաս տղամարդուն, որ ձիով դուրս էր եկել հետապնդելու իր կնոջը խաբած երիտասարդին)։

[60]          Գ. Սրուանձտեանցի գրառումն է (տե՛ս «Մասիս», 1886, 3824, էջ 963. Հ. Աճառեան, նշ. աշխ., էջ 217-218)։

[61]          Յ. Տաշեան, Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին, Վիեննա, 1921, էջ 27

[62]          Մ. Բժշկեան, նշ. աշխ., էջ 49

[63]          Բռնի հաւատափոխութեան առասպելախառն այս պատմութիւնը Ս. Հայկունին հրապարակել է «Կորած եւ մոռացուած հայեր. Սեւ գետացիք» խորագրով իր յօդուածաշարքում («Արարատ». 1895, էջ 239-243, 293-297 եւ յատկապէս՝ էջ 239, 240-242)։ Այնուհետեւ տպագրուել է «Հայոց նոր վկաներ» ժողովածուի մէջ՝ «Տէր Կարապետ քահանայ Թորոսլեցի» վերնագրով (Վաղարշապատ, 1903, էջ 702-709), ինչպէս նաեւ վերապատմուած է Հ. Աճառեանի «Քննութիւն Համշինի բարբառի» աշխատութեան մէջ (էջ 5-8)։ Հ. Աճառեանը այդ դէպքերը կատարուած է համարում 1715 թ. ։

[64]          Պ. Թումաեանցի «Պոնտոսի հայերը» անստորագիր յօդուածը տպագրուած է «Լումայի» 1899 թ. Բ գրքի մէջ (էջ 175)։

[65]          «Լումայի» 1899, գիրք Բ, էջ 176-177

[66]          «Մշակ», 1887, 5

[67]          Աւելորդ չէ այստեղ մէջբերել Համշէնից ոչ շատ հեռու գտնուող Բերդագրակ (Կիսկիմ) գաւառի հայերի մահմեդականացման մասին Կ. Կոխի հաղորդած տուեալները։ Բաղդատելով դրանք համշինահայութեան մասին մեր գիտցածի հետ՝ գալիս ենք այն համոզման, որ ամէնուրեք թուրք իշխանութիւնները նոյն քաղաքականութեամբ էին առաջնորդւում։ Այս գաւառի մահմեդականները, - ասում է Կոխը, - XVIII դ. վերջերին դեռ քրիստոնեայ էին. եւ գաւառի կիսանկախ իշխանը ընկել էր հաւատի համար մղած կռուի մէջ։ Սրա որդին մանուկ հասակում տարուել էր Կ. Պոլիս, կրթուել որպէս մահմեդական ու դարձուել իր հայրենի իշխանութեան։ Ժողովրդի մեծ մասի մահմեդական դառնալու սկզբնաւորութիւնը, ինչպէս ամէնուրեք Մահմեդի վարդապետութեան տարածումը, այստեղ եւս կատարուել է կոտորածով ( K. Koch, նշ. աշխ., էջ 75)։

[68]          Մ. Բժշկեան, նշ. աշխ., էջ 92-93, 96-97

[69]          «Մշակ», 1887, 13։ Լինչը իր «Հայաստան» աշխատութեան մէջ ուշագրաւ տուեալներ է հաղորդում Տրապիզոնից ոչ հեռու գտնուող մի գիւղի բնակիչների մասին, որոնք մահմեդականութիւն ընդունած յոյներ էին, բայց դեռ պահպանել էին քրիստոնէական շատ սովորութիւններ. «Նրանք, - գրում է Լինչը, - կնքում են իրենց զաւակներին, բայց մոլլան նոյնպէս աղօթքներ է կարդում նրանց վրայ, եւ ամէն ոք կրում է ինչպէս քրիստոնէական, նոյնպէս էլ մահմեդական անուն, ինչպէս Ահմեդ-Ապոստոլ» ( Х. Ф. Б. Линч, Армения, путевые очерки и этюды, II, Тифлис, 1910, с. 302):

[70]          «Լումայի» 1899 , գիրք Բ, էջ 156։ Այս Եղնովիտ գիւղը ամենից երկար դիմադրեց մահմեդականներին. 1806թ. միայն գիւղի բնակչութեան կէսը դարձաւ մուսուլման (տե՛ս Հ. Տաշեան, նշ. աշխ., էջ 31)։

[71]          Պ. Թումաեանցի պատմուածով՝ 1858 թ. («12 տարիէ ի վեր», - գրում է նա 1870 թ.

[72]          «Արարատ», 1895, էջ 297. «Լումայ», 1899, գիրք Բ, էջ 175

[73]          G. Dumezil, Trois récits dans le purler des arméniens musulmans de Hemsin (“Revue des Etudes Arméniensnes”, Nouvelle série, t. IV, 1967, p. 19-35)

[74]          «Արարատ», 1895, էջ 239

[75]          Կարա-դերէի կամ Սիւրմենէի շրջանը այսպէս է սահմանազատել Հ. Աճառեանը. «Գովաթայի արեւելեան եւ Համշէնի արեւմտեան կողմը՝ Գայլ գետից սկսած մինչեւ Մահոնա գետը, որ 5 ժամ կտեւի, գտնւում է Սիւրմենէ կոչուած ծովեզերեայ անտառախիտ գաւառը՝ սահմանակից Օֆի։ Այսբ գաւառը Սեւ ծովի եզերքից բռնում է մինչեւ Բաբերդի Թորոսանց լեռը եւ 16 ժամ տարածութիւն ունի։ Գաւառն ունի երեք գետ՝ Յամպոլի, Կարա-տերէ եւ Քիւչուք-տերէ» ( Հ. Աճառեան, էջ 5-6)։

[76]          Տե՛ս “БСЭ”, հտ. 46, էջ 118։ “Хемшины” յօդուածը։ Հեմշինաբնակ 2 գիւղ էլ եղել է Ճորոխի աջ ափին՝ Բաթումի շրջանում։ Անհատի պաշտամունքի տարիներին այդ գիւղերի բնակչութիւնը գաղթեցուել է Ղասախստան։ Նրանք գիտակցում են իրենց հայ ծագումը եւ ցանկութիւն ունեն, հազարամեայ դեգերումներիցյետոյ, վերադառնալու իրենց բնօրրենը։

[77]          910-ական թթ. տուեալներով լազաբնակ Աթինայի կազայի 69 գիւղերից 5-ը հեմշինական գիւղեր էին (Խաչափիթ, Բոգինա, Խոշնիշին, Մելեսսսկուր, մասամբ՝ Սալին-քեոյ), իսկ Խոպէի կազայի ծովամերձ շրջանում հեմշինական 6 գիւղ կար (Ճուքուլիթի, Ծուփա, Պաի, Զուրպիջի կամ Ջուրպիջի, Չաուշլի եւ մասամբ՝ Պիցխելա Սուֆլա)։ Այս մասին տե՛ս Н. Я. Марр, նշ. աշխ., էջ 609-614։

[78]          «Արարատ», 1895, էջ 296

 

[79]          Հ. Աճառեան, նշ. աշխ., էջ 9-10

[80]          Հ. Աճառեան, Հայ բարբառագիտութիւն («Էմինեան ազգ. ժողովածու», հտ. Ը, էջ 184)

[81]          Կ. Ծիրանածին, Կայսրութեան կառավարման մասին, գլ. 53 (հատուածի յունարէնից կատարուած թարգմանութիւնը շնորհակալութեամբ ստացել ենք բիւզանդագէտ Հ. Բարթիկեանից)։

[82]          Հ. Աճառեան, Հայ բարբառագիտութիւն, էջ 186, 264 եւ այլ

[83]          Հ. Մուրադեան, Համշէնցի հայեր (արտատպութիւն «Ազգագրական հանդէսից»), Թիֆլիս, 1901, էջ 3-4