Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Համաձայնութիւնը խանգարող ձեռքեր

Դաշնագրի ստորագրութիւնը օրերի հարց էր թւում, բայց դէպքերի ընթացքը այլ հուն ընտրեց: Յստակ էր, թէ թաքուն ձեռքեր են գործում: Մայիսեան ապստամբութիւնից եւ Հայաստանը խորհրդայնացնելու ձախող փորձից յետոյ Հայաստանից փախուստ տուած եւ Բաքու ապաստանած հայ բոլշեւիկները՝ Կասեան, Միկոյեան, Նուրիջանեան եւ ուրիշներ, փորձում էին խանգարել ռուս-հայկական համաձայնութիւնը: Մոսկուա յղած նրանց չափազանցրած լուրերը խօսում էին Հայաստանում «դաշնակ կառավարութեան» գործադրած վայրագութիւնների, հարիւրաւոր բոլշեւիկ ղեկավարների գնդակահարութեան ու զանգուածային ձերբակալութիւնների մասին: Սրանից աւելի կարեւոր՝ հետզհետէ աճում էր ազգայնական Թուրքիայի գործօնը Միջին Արեւելքում: Մոսկուայում բանակցութիւններ էին գնում ազգայնական Թուրքիայի հետ: Միւս կողմից Կարմիր Ազրբէյջանի ղեկավարութեան, յանձինս՝ Յեղկոմի անդամներ Նարիման Նարիմանովի եւ Միրզա Դաւուդ Հիւսէյնովի, կարծր կեցուածքը Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցում, նրանց շարունակ ճնշումը Մոսկուայի ղեկավարութեան վրայ եւ այդ անհատներին քաջալերող ու թիկունք հանդիսացող Օրջոնիկիձէի թրքանպաստ յանձնարարութիւնները Մոսկուային իրենց ազդեցութիւնն էին գործել Մոսկուայի հայաստանեան քաղաքականութեան վրայ:

Լեւոն Շանթի վկայութեամբ, այս ճնշումներին անսալով է, որ Յունիսի վերջերին Չիչերինը նոր առաջարկներ է ներկայացնում հայ պատգամաւորներին. [1] Ղարաբաղը Ազրբէյջանին զիջել, Զանգեզուրը վիճելի համարել, փոխարէնը ստանալ Նախիջեւանը: Ահա՛ այս հանդիպումի ընթացքին է, որ Չիչերինը բողոքում է մայիսեան ապստամբութիւնների հետեւանքով Հայաստանի կառավարութեան ձեռք առած ծանր միջոցների դէմ, որի մասին ըստ երեւոյթին լուր չունէին անգամ հայ պատուիրակները: Չիչերինը խօսում է հազարաւոր գնդակահարուածների մասին եւ ազդարարում, որ եթէ հալածանքները չդադարեցուեն, խորհրդային իշխանութիւնը կկասեցնի բանակցութիւնները:

Առաջարկուած նոր պայմանների լոյսի տակ պատուիրակութիւնը չի կարողանում որոշում տալ՝ համաձայնուել եւ ստորագրել պայմանագիրը, թէ ոչ: Տէրտէրեանը յիշում է, թէ ինքը եւ Զարաֆեանը համաձայն էին ամէն գնով պայմանագիրը ստորագրել, որ նշանակում էր Խորհրդային Ռուսաստանի ճանաչումը Հայաստանի անկախ հանրապետութեան, իսկ Շանթը առարկել էր, թէ պատուիրակութիւնը լիազօրութիւն չունի նախնական պայմաններից այսքան շեղուած պայմանագրի տակ ստորագրութիւն դնելու: Շանթը հեռագիր է յղում Երեւան՝ կառավարութեան պատասխանը իմանալու համար: Յատկանշական է, որ պատասխանը հասնում է մէկուկէս ամիս յետոյ միայն, երբ արդէն ընդհատուել էին բանակցութիւնները: Այս մասին մտորելով՝ Տէրտէրեանը հարց է տալիս. «արդեօք մե՞ր կառավարութիւնն էր ուշացրել պատասխանը, թէ՞ խորհրդային կառավարութիւնը գիտակցաբար ուշ յանձնեց մեր կառավարութեան պատասխանը»: [2] Տէրտէրեանը իրաւացի էր կասկածելու, քանի որ այդ մէկ ամսուայ ընքացքին, երբ Հայաստանի պատուիրակութիւնը ապարդիւն սպասումի էր դատապարտուած, Մոսկուայում ձեւաւորւում էր Կովկասի ապագան: Դարձեալ Տէրտէրեանի վկայութեամբ, պատուիրակութեանն ընկերակցող երկու ղարաբաղցիները խորհրդային կառավարութիւնից հինգ միլիոն ռուբլի ստանալով՝ առանց լուր տալու մեկնել էին, ինչպէս երեւում է Զանգեզուրի եւ Ղարաբաղի համար կանխորոշուած ծրագիրը ի գործ դնելու: Նոյնն է նաեւ Շանթի տպաւորութիւնը այս երկուսի մասին. սրանք Մոսկուա հասնելով՝ ո՛չ թէ սատարել էին Ղարաբաղը Հայաստանին միացնելու գործին, այլ միացել էին բոլշեւիկեան քարոզչութեան՝ հաւատացնելու Մոսկուայի իշխանութեանը, որ Ղարաբաղի գիւղացիութիւնն ու աշխատաւորութիւնը անհամբեր բոլշեւիկների գալուստին է սպասում: [3]

Թրքական քարոզչութիւնն ու դիւանագիտական յարաբերութիւնների ցանցը ընդլայնւում էին անյապաղ: Բաքուի իր գործիչների միջոցով եւ Ազրբէյջանի Յեղկոմի մասնակցութեամբ անդադար ճնշում էր գործադրւում 11-րդ Կարմիր Բանակի վրայ՝ նրա օգնութեամբ Զանգեզուրի վրայով անցնելու եւ «Նախիջեւանի թուրքերին հայերի յարձակումներից պաշտպանելու» համար: Թուրքերը մանաւանդ օգտագործում էին բոլշեւիկների ապստամբութիւնների դէմ Հայաստանի կառավարութեան միջոցառումները եւ սպանդի ու գնդակահարութեան չափազանցուած պատկերներ ներկայացնում: Այսպէս, թուրքերը եւ Բաքւում ապաստանած հայ բոլշեւիկները փորձում էին կասկածի ենթարկել նաեւ Նախիջեւանը՝ հայեւռուս համաձայնութեան վերջին տարբերակի մէջ նշուած միակ հողատարածքը, որ անվիճելիօրէն Հայաստանին էր պատկանում: Իսկ Կարմիր Բանակը, Ազրբէյջանի յորդորներից ու գանգատներից քաջալերուած, Նախիջեւան թուրքերին հասնելու եւ նրանց փրկելու համար, փորձում էր գրաւել Զանգեզուրը, որ արդէն պայմանագրի մէջ վիճելի էր յայտարարուած: [4]

Դիւանագիտական եւ քարոզչական այս բարդ ձեռնարկութեանց դիմաց շատ խեղճ էր Դաշնակցութեան կամ Հայաստանի կառավարութեան տեղեկատւութեան ու քարոզչական ցանցը Մոսկուայում, թէեւ ազդեցիկ կապեր ունեցող բազմաթիւ դաշնակցականներ ու համակիրներ դեռ շարունակում էին ապրել Խորհրդային Ռուսաստանի մայրաքաղաքում:

Համբարձում Տէրտէրեանը, որ միակ վկայագրողն է պատուիրակութեան Մոսկուայում ունեցած գործունէութեան, յիշում է, թէ Մոսկուայի իշխանութիւնները պատուիրակութեան տրամադրել էին մի ծածկագիր՝ Թիֆլիսի վրայով Մոսկուայից Երեւան կապ հաստատելու համար: Յատկանշական երեւոյթ է, որ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանը դեռ հաղորդակցութեան ուղղակի կապ չունէր Մոսկուայի հետ: Այսքան յետադէմ եւ անկարեւոր էր մնացել Երեւանը ցարական իշխանութեան օրօք:

 


[1] Տես՝ Լեւոն Շանթի նամակները Վրացեանին, նոյն տեղում, էջ 608-615:

[2] Հ. Տէրտէրեան, «Հայրենիք» ամսագիր, 1954, Փետրուար, թիւ 2 (336), էջ 17:

[3] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 455-ի ծանօթագրութիւն. նաեւ՝ Լեւոն Շանթի նամակը Վրացեանին, էջ 612:

[4] Հայ-ռուսական բանակցութիւնների մանրամասները՝ Ր. Յովհաննիսեանի նորագիւտ արխիւային ճոխ նիւթերի լոյսի տակ կատարած բացայայտումների ընդմիջից, տես՝ The Republic of Armenia, vol. IV, էջ 46-62: