Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Քաոսից ստեղծուած պետական կառոյց

Հայաստանի անկախ հանրապետութիւնը սաղմնաւորուեց Կովկասեան Սէյմի կազմալուծումից յետոյ, երբ հայ ժողովուրդը կանգնած էր բացառիկ աղէտալի, ճակատագրական նշանակութիւն ունեցող իրադարձութիւնների առջեւ։ Տիրող մթնոլորտի մէջ հայ քաղաքական կուսակցութիւնները Սոցիալ-դեմոկրատ, Ժողովրդական, Սոցիալ-յեղափոխական, հայ Մենշեւիկ, Հնչակեան, եւ այլն, կամ անկուսակցական անհատ գործիչները պատրաստ չէին աւերից ու քաոսից երկիր ու պետութիւն ստեղծելու գերմարդկային պատասխանատւութիւնը ստանձնել։ Պէտք է ընդունել, որ կովկասեան երեք հանրապետութիւնների մէջ Հայաստանը ամէնից աննպաստ վիճակի մէջ էր գտնւում։ Վրաստանը ժառանգել էր ցարական կառավարութեան ռազմական եւ մթերային պահեստները, ինչպէս նաեւ վարչական ամբողջ կառոյցը, իսկ վրացական հողերի վրայ, կամ աւելի ճիշտ, իբրեւ Վրացական Հանրապետութիւն հռչակուած տարածաշրջանում կենտրոնացած էր աշխարհի վրացիութեան իննսուն տոկոսը։ Ազրբէյջանը նոյնպէս ունէր հարստութիւն քարիւղ եւ ճարտարարուեստ գործող կառոյցներ եւ թաթարների ճնշող մեծամասնութիւն։ Հայաստանը զրկուած էր այս բոլորից։ Երեւանը աննշան մի գիւղաքաղաք էր անտեսուած նոյնիսկ հայ հարուստների եւ մտաւորականութեան կողմից, իսկ Հայաստանին բաժին ընկած հողերի վրայ կիսով չափ քրդեր եւ թուրքեր էին ապրում։ Հայաստանի կառավարութեան ուսերին հսկայ բեռ պիտի ծանրանար։

Սէյմի լուծարման եւ առանձին հանրապետութիւնների կազմաւորման այս անցումային շրջանում, մինչեւ Թիֆլիսում կազմուած Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան Երեւան հասնելը եւ Հայաստանի օրէնսդիր մարմնի կազմաւորումը, Երեւանում աշխոյժ գործունէութիւն էր ծաւալել տեղի Ազգային Խորհուրդը։ Երկրի ղեկը փաստօրէն Արամի ձեռքում էր, որ Դրոյի հետ համագործակցաբար կառավարում էր փոքրիկ հանրապետութիւնը։

Հ. Յ. Դաշնակցութեան առաջարկով եւ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի որոշումով վարչապետութեան էր հրաւիրուած Յովհաննէս Քաջազնունին, որի ջանքերը, միջկուսակցական կառավարութիւն կազմելու, ի դերեւ անցան։ Քաջազնունու դահլիճում համաձայնուեց աշխատել մէկ անկուսակցական միայն, Զօր. Յովհաննէս Հախվերդեանը՝ զինուորական նախարարի պաշտօնում։ Կառավարութեան միւս անդամները դաշնակցականներ էին։ [1]

Աւելի դիւրին ընթացք ունեցաւ Հայաստանի առաջին օրէնսդիր մարմնի՝ Հայաստանի Խորհրդի ստեղծումը։ Խորհուրդը կեանքի կոչուեց միջկուսակցական համաձայնութեամբ, Թիֆլիսի Ազգային Խորհրդի անդամների եռապատկումով եւ թուրքերի, ռուսների ու եզիդիների ներկայացուցիչների յաւելումով։ Հայաստանի Խորհուրդը իր առաջին նիստը գումարեց Օգոստոս 1-ին, ուր եւ նախագահութեան նախագահ ընտրուեց Աւետիք Սահակեանը (դաշնակցական)։ Խորհրդի նախագահութիւնը եւս կազմուել էր միջկուսակցական մասնակցութեամբ։ Այդ կազմի մէջ իբրեւ փոխնախագահներ գործում էին Գրիգոր Տէր-Խաչատրեանը (ժողովրդական) եւ Դաւիթ Զուբեանը (սոցիալ-յեղափոխական), առաջին քարտուղարն էր Պետրոս Զաքարեանը (չէզոք, Սոցիալ-դեմոկրատ կուսակցութեան համակիր), կրտսեր քարտուղար՝ Եփրեմ Սարգսեանը (դաշնակցական)։ [2] Հայաստանի Խորհուրդը, իբրեւ հանրապետութեան գերագոյն մարմին, իր աշխատանքները շարունակեց մինչեւ խորհրդարանի ընտրութիւնները, որ տեղի ունեցան 1919-ի Ապրիլի 27-ին։

Հայաստանի Հանրապետութեան ստեղծման հենց առաջին օրերից շեշտուած հակադրութեան մէջ մտան հայ բոլշեւիկները։ Յիրաւի, դեռ այն ժամանակ, երբ Մոսկուայի կովկասեան քաղաքականութիւնը իր աստիճանական յստակեցումն էր ապրում, մեծ դեր էր կատարում հայ բոլշեւիկների քարոզչութիւնն ու սուր թշնամանքը ընդդէմ նորակազմ Հայաստանի։ Հայկական Գործերի Կոմիսարիատի օրգան «Կոմունիստ» թերթում, 1918-ի Յունիս 30-ին հրատարակուած «Անկախ Հայաստան» յօդուածը հանրապետութեան անկախութիւնը այսպէս էր մեկնաբանում. «Այսօր իրականանում է դաւաճան դաշնակների… դարաւոր «երազը» - Հայաստանը «անկախ» է յայտարարուած, հայ բանուորն ու հայ գիւղացին ոտով գլխով մատնուած են բռնակալ տաճիկ կալուածատէրերի քմահաճոյքին։ Երեսուն արծաթով դաշնակցական բախտախնդիրներն այսօր վաճառում են հայ աշխատաւոր ժողովրդի բախտը գերմանօ-տաճկական իմպերիալիզմին»։ Համակ թոյն, հեգնանք ու թշնամանք ծորող այս յօդուածը, որ միայն մի նմուշն է հայ բոլշեւիկների հակադաշնակցական քարոզչութեան, անկախ Հայաստանը համարում էր «այն գերեզմանը, որ հայ խոշոր ու մանր բուրժուազիան պատրաստում են հայ աշխատաւոր ժողովրդի համար»։ Յօդուածը աւարտւում էր մի շարք լոզունգներով՝ «Կորչին դաշնակցականները։ Կեցցէ՜ կոմունիստական յեղափոխութիւնը։ Կեցցէ՜ խորհրդային իշխանութիւնը Կովկասում… Կռի՜ւ գերմանօ-տաճկական դաշնակցական «անկախ Հայաստանի» դէմ»։ [3]

 



[1] Կառավարութեան միւս անդամներն էին՝ Ալեքսանդր Խատիսեան՝ արտաքին գործերի նախարար, Արամ Մանուկեան՝ ներքին գործերի նախարար, Խաչատուր Կարճիկեան՝ ելեւմտական նախարար։ Կառավարութեան կազմի վրայ յետագային աւելացաւ անկուսակցական Գրիգոր Պետրոսեանը՝ արդարադատութեան նախարարի պաշտօնով։ Այստեղ պէտք է աւելացնել, որ առաջին ամիսների ծանր լուծը կրելու եւ որոշ չափով երկիրը դէպի կայունացում առաջնորդելու կառավարութեան ցուցաբերած ունակութիւնն էր, որ Ժողովրդական կուսակցութեան համոզեց համագործակցութեան մէջ մտնել Դաշնակցութեան հետ, այսինքն՝ կառավարութեան կազմի մէջ մտնել։ Նոյեմբերին Քաջազնունու վերակազմած կառավարութեան մէջ, թէկուզ ժամանակաւոր, մաս կազմեցին նաեւ ժողովրդականները։

[2] Հայաստանի կառավարութեան եւ Խորհրդի սկզբնական շրջանի գործունէութեան մասին, տես՝ Արտաշէս Բաբալեան, «Էջեր Հայաստանի Անկախութեան Պատմութենէն», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 8, Յունիս, 1923։

[3] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 152, էջ 234-235։