Ամբողջական երկեր հատոր Ա

Հեղինակ
Zahrat  

Բաժին

Թեմա
Fiction  

ԱՂԻՒՍԱԿ

ԶԵՐՕ

Մէկ անգամ մէկ մէկ 
Մէկ անգամ Կիկօ զերօ

Երկու անգամ մէկ երկու 
Երկու անգամ Կիկօ զերօ

Տասն անգամ մէկ տասը 
Տասն անգամ Կիկօ զերօ

Հարիւր անգամ մէկ հարիւր 
Հարիւր անգամ Կիկօ մենք

ՄԷԿ

Ցաւը մէկ չէ - վիշտը մէկ չէ - մէկ չէ զրկանքը - մէկ չէ 
Լաւ որ դպրոցը համրել ենք սորվեր 
Եկուր սիրելիս - սիրտերը մէկ են 
Արհամարհել ենք սորվեր

ԵՐԿՈՒ

Երկնքին մէջտեղ - արեւուն պոչին -
Խոշոր - շատ խոշոր  «Երկու»  մը գծեմ 
Արիւնով գծեմ - քրտինքով գծեմ 
Հոգ չէ - թող խոշոր  «Երկու»  մը գծեմ 
Այս առանձնութեան վերջն եկաւ ըսեմ

ԵՐԵՔ

Երեք աղջիկ նստեր երազ կը հիւսեն
Անոնց պզտիկ պզտիկ կատուներ տուէք 
Ձեզի կատուներու բանակ մը շինեն 
Անոնց հատիկ հատիկ խաղողներ տուէք 
Ձեզի հոյակապ ողկոյզ մը շինեն

Երեք աղջիկ նստեր երազ կը  հիւսէն

Անոնց տարբեր տարբեր երազներ տուէք 
Ձեզի ամպարագիծ տիեզերք կերտեն 
Դուք անոնց ձանձրոյթ ու զրկանք տուէք 
Յղկեն֊ներկեն ձեզի արեգակներ շինեն

Երեք աղջիկ նստեր երազ կը  հիւսեն

ՉՈՐՍ

Չորս ծագերէն չորս տեսակ հով կը փչէ

Ականջ տուէք - գինովցէք 
Ու թողէք - թող արեւն երթայ հորիզոնէն անդին 
- Հորիզոնէն անդին ալ արեւուն սպասողներ կան

 

ՀԻՆԳ

Հինգ  տարու  էր  -  դեռ  խլինքը  քիթէն  կախ 
Տեղը  կ՚ընէր  կը  պտտկէր  Մելինէն 
Տասնըհինգին  նայլոն  գուլպայ  կը  հագուէր 
Թաղին  տղաքն  ախ  քաշեցին  պարապ  տեղ 
Անոր  սիրոյն  իրարու  շատեր  դանակ  քաշեցին 
ՄելինԷին  հոգը  չէր  Մէկ  բան  գիտէր  -  կը  բաւէր 
Գիտէր  թէ  հինգ  տարու  չէր

ՎԵՑ

Վեց երեսով խորանարդ 
Ամէն մարդու զատ երես 
«Ես»ս խորանարդին մէջ 
Խորանարդին դուրսը ես

ԵՕԹ

Եօթը պորտս եօթը գոյնով դէմքիդ սիրահար

օրրանի գօտի

Շատ մի պարծենար

Ես ներսիդիս քեզ պէս հարիւր հատ  ունիմ

ՏԱՍԸ

Տասը տողով տասը մարդու տասը տեսակ վիշտը կ’երգեմ

Տասը տողով տասը մարդու հարիւրներու հազարներու 
Տասը վիշտը հարիւր վիշտը հագար տեսակ վիշտը կ’երգեմ

Հարիւր վիշտը հագար վիշտը հարիւրներու հազարներու

Տասը տողէն ամէն մէկ տող տասնապատիկ վիշտը գիտէ Հազարներու հարիւրներու տասը մարդու կամ մէկ մարդու 
Ու  մէկ մարդէն հազար մարդու տասը տողով վիշտը կ’երգեմ

Տասը տողի մէջ իմ վշտիս տասն Երեսակը թափելով

Հարիւրներու հազարներու վիշտն երգելէն հագար տեսակ

Տասը տողէն վերջին տողին ես իմ վիշտերս ալ կը մոռնամ

ԱՆՀԱՇԻՒ

I

Կիկոն երկնքէն թելով մ՛են կախեր 
Կիկոն ուր - թելին ծայրն ով գիտէ ուր  -
Խելքովը Կիկօ ապրիլ է եկեր 
Կիկոն ուր - թելը խաղցնողը ուր -

Թելին ծայրն արդէն կորսնցուցեր է 
Թելով մը կախուեր Կիկօ երկնքէն

II

Օր մ’ալ երկու թել իրար են եկեր 
Մէկ թելին ծայրը Կիկօ - միւսինն ես -
Այսպէս թել թելի - թել թել սրտերով

Մտերմացեր ենք

III

Օր մ՛ալ անհաշիւ 
Թելեր միացեր իրար են եկեր 
Իրար խառնուեր հանգոյց են շիներ

Ու վերէն երկինքն ու վարէն ալ մենք 
Զուր տեղ հանգոյցը քակել ջանացեր

IV

Այսպէս ես ու դուն մէկ մէկ թելի ծայր 
Թելին ծայրն արդէն կորսնցուցեր ենք