Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Մատենադարանի N 3527 ձեռագիրը քարոզների, դավանաբանական եւ այլ նյութերի ժողովածւու է, որի էջի առաջին կեսում, երեք անկանոն սյունակներում գտնվում է մանր նոտրգրով գրված սույն ժամանակագրությունը, որը ժողովածուի մեջ ընդօրինակել են հետագայում՝ 1749 թ. ։ Այդ երեւում է ժողովածուի էջում միեւնույն ձեռացագրով գրված հետեւյալ հիշատակագրությունից. «. . . Ի յետին ժամանակի գրեցի այս գիրս երաքշաբթի, թվայկանիս մեր Հայկազնի ՌՃՂԸ [= 1749] եւ ամսեանն օգոստոսի ԺԵ [15]-ի։

Ժամանակագրությունն սկսվում է 721 թվականից եւ վերջանում է 1652-ին, Փիլիպոս կաթողիկոսի Կ. Պոլիս գնալու վկայությամբ։ Սակայն ժամանակագրության վկայությունները ժամանակագրական հաջորդականությամբ չեն դասավորված. նույնիսկ սկզբի՝ 721 թ. եւ վերջի՝ 1652 թ. վկայությունները ժամանակագրության ոչ սկզբի եւ ոչ էլ վերջին եզրերն են։ Մինչդեռ սըզբնական եզրը վերաբերում է 611 թ. Մահմետի հանդես գալուն, իսկ վերջին եզրը՝ 1655 թ. Փիլիպոս կաթողիկոսի մահվանը։ Այսպիսով, ընդգրկված է հազար տարուց ավելի մի ժամանակաշրջան։ Սակայն, չնայած այս մեծ սահմանների ընդգրկմանը, ժամանակագրությունը բովանդակում է ոչ թե կարեւոր դեպքերի սիստեմատիկ եւ հաջորդական մի շարադրություն, այլ առանձին դեպքերի, ժամանակագրության հաջորդականությունից դուրս, մի շարադրություն։

Եթե չհաշվենք Փիլիպոս կաթողիկոսին վերաբերող երկու եւ Սսի կաթողիկոսի Ներսեսին վերաբերող մեկ վկայությունները, որոնք կարող էին մուծվել ժամանակագրությունը կազմվելուց տարիներ հետո, ապա ժամանակի տեսակետից վերջին եզրը կդառնա 1585 թվականը, իսկ այս տարեթվի տակ կարդում ենք. «ՌԼԴ [1585] Օսման փաշան իյառ Թարվէզ եւ մեզ զտակ դրինե։

Ինչպես դժվար չէ եզրակացնել, սույն հատվածի հեղինակը եղել է վերոհիշյալ դեպքերին ժամանակակից անձնավորություն եւ եթե վերջինիս էլ վերագրենք ժամանակագրությունը, կնշանակի ժամանակագրությունը կազմվել է XVI դարի վերջին տասնամյակներում։ Սակայն հնարավոր է, որ սույն ժամանակագրությունը կազմվել է XVII դարի երկրորդ կեսում, իսկ 1585 թ. ժամանակակից վկայությունը ժամանակագրության հեղինակը վերցրել է մի որեւէ տեղից եւ նույնությամբ մուծել իր կազմած ժամանակագրության մեջ։

Ինչպիսին էլ լինի ժամանակագրության հեղինակի հարցը, այնուամենայնիվ, եղած վկայությունները մեծ մասամբ վերաբերում են արդեն հայտնի եղելություններին, որոնք վերցված են ոչ անհայտ հեղինակներից։ Սակայն կան առանձին վկայություններ, որոնք որոշ շեղումներ են տալիս մեզ արդեն հայտնի դեպքերից, օրինակ. Պետրոս Գետադարձի մահը համաձայն Մ. Ուռհայեցու, տեղի է ունեցել 1056 թ., իսկ Օրմանյանը գրում է «1058-ին ատեններըե։ Մինչդեռ ներկա ժամանակագրության համաձայն Պետրոս Գետադարձը մահացել է 1057 թվականին։ Հովհ. Սարկավագի մահն ընդունված է համարել 1129 թվականը, սակայն մեր ժամանակագրությունն այդ դեպքը նշանակում է 1130 թվականի տակ եւ այլն։