Ծիսական կարգերը հայոց մէջ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ . ՅԱՂԹԱԿԱՆԵՐ
      
       Ե . - Ամէն մի յաջողութիւն, ինչ տեսակի եւ լինէր, ինքնըստինքեան կազմում է ինքնաբաւականութեան աղբիւր, եւ այն, ինչ որ ցոյց է տալիս այդ՝ գնահատելի է, որովհետեւ յառաջ է բերում գովասանք, քաջալերութիւն։ Այսպէս՝ Նորսեցի Կարապետ Բադալեան հովիւը դաշտում մի գայլ էր սպանել, շալակել բերել էր գիւղ եւ ցոյց տուել, իսկ հայ որսորդները ցոյց տալու համար իրենց յաջողութիւնը, քաջութիւնը, սպանած եղնիկի եղջիւրները խփում են իրենց տան դռան վերեւ, իրենց սպանած արջի մորթուց մոշտակ են կարում եւ հագնում, ամէն տեղ պատմելով, որ իրենց խփածն է։ Աղէքսանդրապօլցի Աւչի Եղիկը Փամբակի ձորում իւր սպանած վարազի ժանիքները արծաթէ կանթերով կախում էր իւր եւ իւր ձիու կրծքից ։ Հայկական այն դարձուածքը թէ «Ի՞նչ, պոզաւոր է », որ գործ է ածւում երբ ուզում են յայտնել մինի ոյժը, մեծութիւնը, հաւանօրէն մնացորդ է այն սովորութեան, որ երբեմն նաեւ հայերը կրել են իրենց ճակատին իբր յաղթանակ իրենց սպանած եղջիւրաւոր կենդանու եղջիւրը, որը եւ յետոյ դարձել է քաջութեան, իշխանութեան խորհրդանիշ (սինվոլ ) պատկերանալով զօրապետների սաղաւարտների վրայ։
       Եւ որովհետեւ վայրենի եւ կիսավայրենի ժողովուրդների մէջ թշնամի մարդիկ աւելի վտանգաւոր են քան թշնամի - կենդանիները, այս պատճառով եւ առաջինների յաղթելն աւելի է փառաբանւում քան երկրորդներին, հետեւապէս եւ այսպիսի յաղթութեան նշաններն աւելի են գնահատւում։ Քաջ զինուորը կռուի դաշտից վերադառնալով կարող է մեծարանք սպասել միայն այն դէպքում, երբ իւր քաջագործութեան պատմութիւնը կարող է ապացուցանել մի շօշափելի ապացոյցով. եթէ նա իբր ապացոյց կը բերի իւր սպանած մարդու մարմնի մի մասը, մանաւանդ այն, որից դիակի վրայ միայն մի հատ է լինում, այն ժամանակ նրա վարկը ժողովրդի աչքում կը բարձրանայ եւ նրա իշխանութիւնը կը զօրեղանայ։ Պահել յաղթանակները, որպէսզի ամէն մի յարմար դէպքում հնարաւոր լինի պարծիլ նրանով, եւ այսպիսով զօրեղացնել իւր ազդեցութիւնը, դառնում է սովորութիւնը։
       Այժմ տեսնենք, թէ այս յաղթանակները ինչ տեսակի են լինում։
       Զ. - Սպանուածի մարմնի մասերից ամենից աւելի կտրում են գլուխը, երեւի այն պատճառով որ նա ամենից աւելի կարող է անժխտելի ապացոյց ծառայել յաղթութեան։
       Փաւստոս Բիւզանդացին նկարագրելով Պապ թագաւորի պատերազմը Պարսից դէմ՝ ասում է.
       Ո՛չ գոյր չափ գլխանոյն ախոյենիցն՝ զոր բերեալ էր առաջի թագաւորին Հայոց Պապայ զօրավարն Հայոց Մուշեղ։ Սոյն պէս ըստ իւրաքանչիւր չափու ամենայն նախարարքն եւ մեծամեծքն եւ բովանդակ ամենայն զօրքն, եւ եղեւ մեծ յաղթութիւն յերկրին Հայոց ։
       Նոյն Բիւզանդացին պատմելով Աղձնեաց Բակուր բդեշխի Հայոց Խոսրով թագաւորից ապստամբելու մասին, ասում է, որ Հայոց զօրքերը գնացին, յաղթեցին նրան, «սպանին զբդեշխն, եղբարբք եւ որդւովք հանդերձ։ Բայց աղջիկ մի զդուստր նորածին եւ զգլուխն Բագուր բդեշխին բերին առ արքայ ։ Յովհան Մանդակունու ասելով. Իսկ Նիխորճէս, որ զՈրմիզդ եսպան, գումարեալ զզօրս պարսից ութսուն հազար եւ եկն ի վերայ Մուշեղայ։ (Մուշեղ ) բարձեալ զմուրճն ի վեր՝ իջոյց ի վերայ գագաթան Նիխորճիշի, եւ ուղեղն ցնդեալ ընդ քիթսն իջանէր։ Եւ կտրեաց զգլուխն եւ ձգեաց ի մախաղն իւր ։
       Իշանն Արծրունեաց «եկեալ հանդիպեցաւ զի Դեմետր եւ իշխանն Անգեղ տան մարտնչէին ընդ միմեանս։ Եւ նորա ի վերայ յարձակեալ, կտրեաց զաջոյ ուս նորա եւ ի վայր ընկէց, եւ կտրեաց զգլուխ նորա եւ ձգեաց ի մախաղ իւր. եւ դարձաւ ։
       Դաւիթ-բէկի արշաւանքների միջոցին հայերը սպանել են Մխիթար սպարապետին եւ նրա գլուխը տարել թուրքաց փաշային։
       ԺԹ. դարում Աղէքսանդրապօլի հայերը Գող Ղազարին սպանել են, գլուխը կտրել եւ տարել Կարսի փաշային։
       Եւ որպէսզի այս յաղթանակը աւելի նկատելի լինի, ցցի կամ նիզակի վրայ էին անց կացնում եւ պտտեցնում եւ կամ հրապարակի մէջ տնկում, եւ կամ անց էին կացնում սայլի ցցերին, ինչպէս երեւում է հետեւեալ դէպքերից.
       Բիւզանդ պատմում է, որ Պապ թագաւորը իմանալով որ Դղեակ մոգպետը ուզում է իրեն մատնել Պարսից Շապուհ թագաւորին, կանչում է նրան իւր մօտ , իբր թէ կամենում է նրան պատգամաւոր ուղարկել Շապուհի մօտ իւր հպատակութիւնը յայտնելու եւ սպանել է տալիս, «եւ հատին զգլուխ նորա, եւ հանին հարին ի նիզակի, եւ կանգնեցին ի հրապարակին արքունի ։
       Փաւստոս պատմելով Մեհրուժան Արծրունու եւ Մանուէլ Մամիկոնեանի պատերազմները՝ ասում է. «Զ Մերուժանայ զգլուխն ի բաց հատանէին »... Ապա (կանայք ) տեսին զգլուխն Մերուժանայ, զի զցիցն երկայն կախեալ էր ... »։
       Երբեմն գլխները բերում դնում էին ննջեցեալի գերեզմանի վրայ որպէսզի սրանով արժանանան նրա գթութեան։
       Միեւնոյն իմաստն է ունեցել եւ այն սովորութիւնը որ Հայոց զինուորները «յորժամ զինեալ գլխատէին զախոյեանսն ասէին. Արշակայ զոհ լիջիր ։
       Միեւնոյն բանը կատարւում է նաեւ սրբերի վերաբերութեամբ, զոհուած աքաղաղների գլուխները դնում են նրա գերեզմանի, ուխտատեղու վրայ։ Միայն Շուշու Քարին-տակի գիւղի «Ծռտոտ Խաչ » ուխտատեղում ինքս համարել եմ հարիւրից աւելի աքաղաղի գլուխներ՝ միմեանց մօտ շարուած։
       Եկեղեցու առջեւ մատղած աքաղաղների գլուխներն էլ ձգում են նրա կտուրը։
       Է. - Երբեմն սպանուածի ամբողջ գլուխը դժուար է լինում տանել ծանրութեան պատճառով, մանաւանդ երբ ճանապարհն էլ հեռու է լինում, այս դէպքում տանում են կամ ծնոտը, կամ ատամները, կամ ականջները եւ կամ քիթը , այսպէս.
       Եւ Սմբատ առեալ զզօրսն, գնաց ի վերայ քաղաքին Պորպայ ի գիշերի։ Եւ մտեալ զօրացն ի տունսն զորս եւ գտին պարսիկս լեզուաւ սատակէին. եւ զքիթսն կտրեալ իշարի արկանէին եւ բերէին առ Սմբատ։ Եւ համարեալ զքիթսն, գտանէին սպանեալ պարսիկք՝ ընդ այր եւ ընդ կին եւ ընդ մանկտի՝ չորեք հազար ։
       Հայ թրքական ընդհարումների ժամանակ Նախիջեւանի գաւառի Շուռութ գիւղի հայերը Ագուլիսից հարս բերելիս ճանապարհին թուրքերը յարձակւում են սրանց վրայ. բոլոր տղամարդկանց սպանում եւ նորահարսին տանում, բռնաբարում եւ ստիպում թրքանայ եւ երբ նա չի յօժարում եռացրած ջրի մէջ կանգնեցնելով սպանում են։ Սրա վրէժը լուծելու համար նոյն գաւառի Գիւրմրու գիւղոում հաւաքուած հայերը բռնում են այդ գիւղի մոլլին, սպանում եւ նրա ականջները կտրում, տանում Շուռութ եւ Ագուլիս ցոյց տալիս։ Կարսի շրջանում Աղպապա գիւղացի մի թուրք Գոգչեցի Ղազարի հետ միասին, մի քանի ընկերով աւազկութիւն անելիս է եղել։ Մի անգամ թուրք աւազակը Աղէքսանդրապօլի մօտերքը մի հայ քահանայի սպանում է, ունեցածը թալանում եւ տանում իւր ընկերներին ցոյց տալիս։ Երբ հայ աւազակը աւարի մէջ տեսնում է խաչն ու աւետարանը, վրդովւում է, բայց ձայն չի հանում։ Մի քիչ յետոյ հեռւում նկատւում են երկու ձիաւոր. Ղազարն ասում ընկերներին, դուք սպասեցէք ես գնամ տեսնեմ ո՞վքեր են դրանք, գամ։ Գնում տեսնում է, որ մի ախունդ է իւր ծառայի հետ, անմիջապէս յարձակւում է սրանց վրայ, երկուսին էլ սպանում, ախունդի ականջներն ու քիթը կտրում, լցնում նրաապարոշի (սարըխի, գլխի փաթաթան ) մէջ եւ նրանց ունեցածը իրերի հետ բերում աւազակների մոտ եւ ցոյց տալիս։ Ընկերները նեղանում են վերան, թէ ինչի՞ ախունդին սպանեց, նա էլ պատասխանում է, թէ ինչու՞ այն միւս ընկերն էլ քահանային սպանեց։
       Միեւնոյնը պատմւում է եւ հեքեաթների մէջ. Դաւիթ խինգանասուն (յիսուն ) ջանը մէկ մէկ թալեց բերդի էն եանը (կողմը ) ցխեց (սպանեց ) մնաց ջանը, տասի էլ մէ մէ թեւը կըտրեց, մէկ մէկ թողեց, տասի էլ մէկ յաչքը խանեց, մէկ թողեց ։
       Ը . - Մարդակերութեան շրջանում իբր յաղթանակ գործ է ածուել նաեւ սպանուածի մորթին, որ սպանողը հարգել է եւ այդպէս ծառայել պատերազմի աստծուն . Իւկատանում պարտութիւն կրածների դիակները ձգում էին գետնին, կոխկրտում, յետոյ քերթում, քրմերը զգեստաւորւում էին այդ մորթիներով եւ պարում, իսկ մարմինները վառում էին տաճարի գաւթում։ Այս սովորութիւնը հետզհետ փոխուել է եւ փոխանակ մարդկանց հագնելու՝ սկսել են խոտով լցնել եւ ի ցոյց դնել։ Այսպիսի դէպքերի մասին բաւականաչափ յիշատակութիւններ կան մեր մատենագիրների մէջ։
       «Իսկ Մուշեղ, զօրավարն Հայաստանեայց, ասում է Փաւստոս, շրջէր ընդ երկիրն եւ աւերէր զատրուշանս մազդեղանցն, իսկ զմազդեղունսն որ մի անգամ ի բուռն անկան զամենեսեան տայր հրաման սպարապետն Մուշեղ ունել եւ հրով խորովել եւ զբազում պատուաւոր տեարս, որ պատուականք էին առաջի թագաւորին պարսից՝ ունէր ձերբակալս՝ եւ տայր մորթել եւ լնուլ խոտով եւ կանգնել ի վերայ պարսպացն ... ընդ բազում տեղիս զայս առնէր (Մուշեղ ) ի վրէժս հօրն իւրոյ ։
       Մի ուրիշ տեղ էլ Փաւստոսը պատմում է թէ այդպէս խոտով լցնելուց յետ հրամայում է «կանգնել ՚ի վերայ պարսպացն» ։
       Միւեւնոյն սովորութիւնը գոյութիւն է ունեցել նաեւ Պարսկաստանում, որովհետեւ Պարսից Շապուհ թագաւորը նոյնպէս «ետ հրաման մորթել զզօրավարն Հայոց Վասակ եւ զմորթն հանել եւ լնուլ խոտով եւ տանել ընդ նոյն բերդ յԸնդմշն, որ Անյուշն կոչեն ։
       Ժամանակի ընթացքում նկատուել է որ իբր յաղթանակ կարիք չկայ ամբողջ մորթին քերթել, բաւական է միայն գանգը մաշկել, աւանջներից վերեւ մազերի հետ միասին։ Այս սովորութիւնը սաստիկ տարածուած է հիւսիսային Ամերիկայի հնդիկների մէջ։ Հայերի մէջ եւս ըստ երեւութին այս սովորութիւնը տեղի է ունեցել, որովհետեւ սրա մնացորդ կարելի է համարել այն, որ հայերը սովորութիւն են ունեցել սափրելու գլխի մէջ տեղը կլոր ձեւով, ճիշտ այնտեղ, որտեղ սկզբում մաշկելիս են եղել, եւ այս հաստատւում է թէ ձեռագրների մանրանկարներից եւ թէ Բիւզանդի հետեւեալ վկայութիւնից։
       «Եւ էր նա (Արտաւազդ, որդի Վաչէի ) ի տիոց տղայ, եւ ըստ մանկութեան օրինի, ըստ կրօնից Հայոց՝ որպէս օրէն էր՝ զգլուխ մանկտոյն սոյնպէս ի ժամանակին զերծեալ էր զգլուխ մանկանն Արտաւազդայ եւ ցցունս էր թողեալ եւ դէս արձակեալ »։ Այս տեսակ, այսինքն գագաթի կենտրոնը ածելելու սովորութիւնը գոյութիւն է ունեցել եւ Աղէքսանդրապօլում մի կէս դար առաջ, եւ կոչուել է «գլխու վրէն կալ թողնել », որովհետեւ կալի նմանութեամբ կլոր, լերկ տեղ էր գոյանում։ Մազերը իբր յաղթանակ պահելու սովորութիւնը շատ քիչ է տարածուած, որովհետեւ մի մարդու գլուխը կարող է մի քանի մարդու գլխի մազերի յաղթանակ ծառայել, սակայն եւ այնպէս՝ դրանք եւս ծառայել են իբր նշան յաղթութեան, այսպէս մի նագասի վահանը ծածկուած է եղել նրա սպանած թշնամիների մազերով Մի մանդանացի զօրապետի շրջազգեստի ծոփերը կարուած են եղել ծամերից, որ նա ինքը կտրել է իւր թշնամիների գլխներից։
       Թ . - Մարմնի մասերից ձեռքերն ու ոտքերն էլ բաւական յարմար են նկատուել տանելու իբր յաղթանակ, եւ Մեքսիկայի ժողովուրդների մէջ սովորութիւն է եղել կտրել սպանուածների մի մի ձեռը եւ ապա պարել այս յաղթանակների շուրջը։ Կալիֆորնիայի հնդիկներն էլ սովորութիւն են ունեցել կտրել սպանուածի ձեռքը կամ ոտը։ Պարզ է, որ ամէն մի ժողովրդի մէջ ընդունուած է եղել աջ կամ ձախ ձեռքը կամ ոտքը համարել յաղթանակ, որպէսզի միեւնոյն տեսակից երկու յաղթանակ կարելի չլինի կտրել։ Ո՛չ միայն վայրենիների, այլեւ հրէաների մէջ իբր յաղթանակ ծառայել եւ նաեւ սպանուածների ֆալլիւսը (առանանդամը Աստուաշնչի մէջ պատմւում է. «Եւ ասէ Սաւուղ, այսպէս ասասջիք ցԴաւիթ, եթէ ոչ կամի արքայ վարձանս, այլ հարիւր անթլպատութիւն այլազգեաց, առնուլ վրէժ ի թշնամեաց արքայի ... Եւ ... Դաւիթ եհար յայլազգեացն այն հարիւր եւ եբեր զանթլպատութիւնս նոցա եւ ելից զնոսա առաջի արքայի ։
       Միեւնոյնը տեղի է ունեցել եւ հայերիս մէջ, ինչպէս երեւում է Յովհան Մանդակունու հետեւեալ վկայութիւնից Օձ քաղաքում կոտորած զինուորների վերաբերմամբ.
       Եւ հրամայեաց (Գայլ Վահան ) զամենեցուն զքիթսն կտրել եւ զթլփատսն, եւ արկանելն մաղախ ։
       Մի այլ տեղ նոյն Մանդակունին ասում է. «Եւ նորա (Գայլ Վահանայ ) ձգեալ ձեռն իւր ի սուրն՝ որ առաջի կայր, կտրեաց զթլպատն նորա (Միհրանայ զօրավարին Պարսից ) եւ ետ ի բերան նորա ։
       Հայերիս մէջ նոյնանման դէպքեր տեղի են ունենում նոյն իսկ այժմ. Ղարսայ շրջանի Գեատիկ-սաթլմիշ գիւղի մոտ հայ յեղափոխականներն սպանել են Կոստի կոչուած մատնիչին, ֆալլիւսը կտրել , բերանը դրել, ապա տարել ցոյց տուել։
       Աղէքսանդրապօլի Արխվալի գիւղի մոտ աւազակները սպանել էին երեք գիւղացի եւ նրանց ֆալլիւսը կտրել, վայր էին ձգել։ Այն դարձուածքը, որ հասարակ ժողովրդի մէջ գործ է ածւում երբ յոխորտում են մինի դէմ ասելով. «ի՞նչ պիտի էնէ, ֆալլիւսս պիտի կրտէ », արդէն ցոյց է տալիս, որ այս սովորութիւնը տեղի է ունեցել եւ մեր մէջ։
       Ժ. - Յաղթանակներ վերցնելու անմիջական շարժառիթից զատ կայ նաեւ մի ուրիշ, կողմնակի շարժառիթ, որ ամենայն հաւանականութեամբ մեծապէս նպաստում է այս սովորութեան զարգացման։ Նախնական մարդը կարծում է որ իրի յատկութիւնը հաւասարապէս տարածւում է բոլոր մասերի մէջ եւ իւր այս կարծիքը վերագրում է եւ մարդուն։ Այստեղից ծագում է մեռած ազգականների մարմնի մասերը ուտելու, նրանց ոսկորները ջրի մէջ լուծած խմելու սովորութիւնը՝ նրանց առաքինութիւնները ժառանգելու նպատակով սպանուած քաջի արիւնը խմել եւ կամ սիրտը ուտել, որպէսզի ձեռք բերուի նրա քաջութիւնը, կամ նրա աչքը կուլ տալ, որ աւելի հեռուն տեսնի, զգուշանալ միքանի վախկոտ կենդանիների միսն ուտելուց, որպէսզի չվարակուի նրա թուլամորթութեամբ։ Այս կետերի վերաբերմամբ գտնում ենք հայերիս մէջ հետեւեալ դէպքերը եւ սնօտիապաշտական մնացորդները։ Հայ թրքական ընդհարումների ժամանակ հայերը վերցրել էին Զանգեզուրի գաւառի Սիսիան բերդը եւ թուրքերին կոտորել։ Հայերից մինը՝ Գէորգ, դաշոյնով խփել է թուրքերի առաջնորդի ւրծքին, որ հռչակուած է եղել որպէս քաջ մարտիկ, եւ բուռը բռնելով հոսող արեան տակ՝ խմել է։ Սպանուած մարդու սեղանատամը ջրումը սրելով ջուրը խմեցնում են վախեցածին, որպէսզի ատամի տիրոջ քաջութիւնը փոխանցուի վախեցածին եւ սա այլեւս չվախենայ։ Հայոց Արշակ Բ. ժամանակ հայ-պարսկական պատերազմների միջոցին պարսիկները Անի ամրոցում հայ Արշակունի թագաւորների գերեզմանները բանալով, «խաղացուցանէին ի գերութեան զոսկերս թագաւորացն », սակայն հայերը աւելի մեծ եռանդով պատերազմելով՝ «թափէին ի նոցանէն զոսկերս թագաւորացն իւրեանց, զոր պարսիկը խաղացուցեալ տանէին ի գերութիւն յաշխարհն Պարսից։ Զի ասէին ըստ իւրեանց հեթանոսութեան ըստ օրինացն, թէ վասն այսորիկ բարձեալ տանեմք զոսկերս թագաւորացն Հայոց յաշխարհն մեր, զի փառք թագաւորացն եւ բախտքն եւ քաջութիւն աշխարհիս աստի գնացեալ ընդ ոսկերս թագաւորացն յաշխարհն մեր եկեսցեն։ Ապա ... զոսկերս թագաւորացն Հայոց ... հանեալ թաղեցին յամուր ի գիւղն որ Աղձքն անուանի, որ կայն ի խինձս ի գոգս ի ծոցս յանձուկս ի դժուարս լերինն մեծի. զոր Արագածն կոչեն ։
       Գանձակի հայերը ննջեցեալի կրծքին մի հաց են դնում, որը յետոյ չորս կտոր անելով տալիս են ուտելու այն անձերին, որոնք ցանկանում են սրտապինդ լինել եւ ննջեցեալից չվախենալ ։
       Եթէ երեխան վատառողջ է, գողանում են մի քաջառողջ մանուկի շորեր, եւ նրանով բալուլում նրան, որ լաւանայ .
       Հաւի սիրտը հում կուլ են տալիս՝ որ սրտոտ դառնան։
       Աղաւնու սիրտ են ուտում, որ բարի լինին։
       Թշնամիների որդիներին իշի ուղեղ են ուտեղնում, որ յիմարանան։
       Վախեցածներին արջի լեղի են խմացնում, որ սրտապնդուին ։
       Մորթած հաւի քուրնիթները (փորում եղած հաւկիթները ) անպսակները չեն ուտում, որպէսզի հարսանիքի գիշերը չդեղնին ։
       Տան մեծը մեռնիլս ոտը լուանում, ջուրն ածում են սնվացքը, որ տան բարաքաթը մնայ ։
       Ջաւախքում գերդաստանի ծերացած պետը իւր իշխանութիւնը յաջորդին յանձնելիս՝ լուանում է իւր ձեռները նրա ձեռների վրայ, որպէսզի իւր ձեռների բարաքաթը անցնի նրա ձեռներին ։
       Ոգին մարմնի բոլոր մասերի մէջ հաւասարապէս տարածուած լինելու մասին հաւատքից ծագում է եւ հետեւեալ եզրակացութիւնը, եթէ մենք տիրում ենք որեւէ անձի մարմնի մի որոշ մասին, այսպիսով մենք տիրում ենք եւ նրա ոգու միեւնոյն մասին, հետեւապէս եւ իշխանութիւն ենք ստանում նրա ոգու վրայ։ Այստեղից հետեւում է, որ եթէ մենք վնաս հասցնենք դիակի մի որեւէ մասին. այս վնասը կզգայ ոգու դրան համապատասխանող մասը, հետեւապէս եւ կարելի է տանջել ոգին, վատ վարուելով մեռելի մասունքների հետ։ Այստեղից ծագում է կախարդութիւնը այստեղից յառաջանում է այն սովորութիւնը, որ շատ ընդհանրացած է նախնական կախարդների մէջ աղմուկ բարձրացնել մեռելի ոսկորները միմեանց բաղխելով, այստեղից է մեռելների ոսկորի «փոշին », որ գործ են ածում Պերուի կախարդները այստեղից է այն սովորութիւնը, որ մեր կախարդներն էլ գործ էին ածում դիակի մասերը, զանազան յուռութներ կազմելու։
       Գանձակի հայերը երբ տեսնում են, որ մինի մեռնելուց յետոյ միեւնոյն տանից ուրիշներ էլ են մեռնում, հաւատում են, եւ նոյն իսկ երազում տեսնում, որ այդ մեռելի ոգին գալիս տանում է միւսներին էլ եւ սրա առաջն առնելու համար՝ մի քառասուն տարի առաջ այսպիսի մեռելին հանում էին գերեզմանից, մի քանի անգամ հրացան արձակում վերան, քաշ տալիս այս ու այն կողմ եւ նորից թաղում։ Իսկ մի տաս տարի առաջ, բաց էին անում գերեզմանը եւ մեռելի սիրտը հանում, գնում գերեզմանի վրայ վառում, մի կտոր էլ բերում տուն՝ մանրում, լցնում ջրի մէջ եւ խմեցնում հիւանդացողներին ։
       Այսպէս ուրեմն յաղթանակները բացի թշնամու վրայ տարած յաղթութիւնը ցոյց տալուց. ծառայում են նաեւ իբր միջոց ստորագրելու սպանուած թշնամու ոգին։ Եւ որ գոնէ մի քանի դէպքերում, ոգուն տիրելը ենթադրում է նաեւ թշնամուն ստրուկ դարձնելու հնարաւորութիւն, ապացուցւում է շատ զօրեղ փաստերով։ Ամեն տեղ տիրում է այն հաւատքը, որ ննջեցեալի գերեզմանի վրայ սպանուած մարժկանց կենդանիների կրկնակները ուղեկցում են այս ննջեցեալի կրկնակներին եւ ծառայում են նրան հանդերձեալ կեանքում։ Այս հաւատը միտեղ պատճառ է լինում կանանց սպանման, որպէսզի նրանք հանդերձեալ կեանքում կառավարեն ննջեցեալի տունը, այսպէս՝ Մովսէս Խորենացին խօսելով Ներսէս Մեծի բարեկարգութիւնների մասին, ասում է. Եւ նախարարների ազգերից վերցրեց այս երկու բանը - մերձաւորների խնամութիւն ... եւ միւսը, որ մեռածների վրայ սպանութիւններ էին անում հեթանոսական սովորութեամբ ։
       Նոյն հաւատը մի այլ տեղ ստիպում է զոհել ննջեցեալի ձիերը, որոնց նա կարիք ունի հանդերձեալ աշխարհի ճանապարհորդութեան միջոցին, ինչպէս տեսնում ենք Անդրկովկասում կատարուած պեղումների ժամանակ, եւ որի մնացորդը կարելի է համարել այն, որ այժմ ննջեցեալի յետեւից տանում են մինչեւ գերեզմանատուն նրա ձին, միայն հակառակ թամրած։ Բուլանըխում «եթէ մեռնողն անդրանիկ մէկն է, կամ հարստի միակ զաւակը, նրա ձին զարդարած մեռնողի ընտիր հագուստներն ու զէնքերը եւ գլխու քոլոզը ձիու վրայ դրած առջեւից կը քաշեն ։
       Նաեւ Սասունի եւ Տիգրանակերտի գաւառներում եթէ ննջեցեալը անդրանիկ զաւակ է, յուղարկաւորութեան մի ձի են զարդարում, եւ մեռնողի հագուստն ու զէնքերը ձիու վրայ քաշ ձգում ։
       ԺԱ. - Նախնական եւ կիսակիրթ ժողովուրդներ թշնամինյանցաւորից չեն կարողանում տարբերել եւ գործելով րոպէական տրամադրութեան տակ՝ նրանք իրենց ամենամոտիկ յանցաւորի հետ եւս նոյնպիսի խստութեամբ են վարւում եւ յաղթանակ վերցնում ինչպէս եւ թշնամիների հետ։ Այսպէս Աղէքսանդրապօլում Մարգարենց Պետրոսին պատահմամբ սպանեց իւր փեսայ Կարապետը։ Պետրոսի փոքր եղբայր Յովհաննէսը 15 տարի սպասեց, մինչեւ որ Կարապետի որդի Սիմոնը մեցածաւ եւ այն ժամանակ սպանեց նրան եւ արիւնը խմեց։
       Ղարաբաբեցի Ղազարը հայ-թրքական ընդհարումների միջոցին յարդ է ծախել մի թուրքի, դաշնակցական խմբապետը այնպէս սաստկութեամբ ծեծել է նրան, որ մեռելէ։ Ելնի հերս, կտրէ գլոխ, իջնի հերս՝ չգտնի գլոխ, ասում է հայկական առածը։